Րաֆֆի՝   Սամվել

Նրանցից յուրաքանչյուրը մի-մի իշխանություններ էին, որ ապրում էին իրանց տարբեր կյանքով և տարբեր սովորություններով, որքան տարբերվում էր մի գավառ մյուսից յուր տեղական պայմաններով:

Անշարժությունը, հաղորդակցության դժվարությունը, ինչպես տեսանք վերևում, ավելի ևս զարգացնում էին նրանց մեջ տեղական հատկանիշ առանձնությունները: Երկրի անփոփոխ դրությունը պահպանում էր անփոփոխ սովորություններ: Դրա հետևանքը լինում էր կրթության և հառաջադիմության դանդաղկոտությունը: Մի գավառացի մյուս գավառացու լեզուն չէր հասկանում, թեև երկուքն էլ եղբայրներ էին:

Շահերի տարբերությունը առաջ էր բերել և իշխանության տարբերություններ: Ամեն մի գավառ յուր առանձին կառավարությունը, յուր օրենքներն և ավանդություններն ուներ:

Այդ իշխանությունները կոչվում էին նախարարություն:

Որքան գավառներ կային, այնքան և նախարարություններ կային: Դարերի ընթացքում, զանազան քաղաքական հանգամանքների պատճառով նրանց թիվը կամ ավելանում էր, կամ պակասում էր:

Նախարարությունների ներկայացուցիչները կոչվում էին նախարար:

Ամեն մի նախարար յուր երկրի բացարձակ տերն էր: Նրա իշխանությունը ժառանգաբար անցնում էր սերունդից սերունդ:

Նախարարների հարաբերությունները դեպի Հայաստանի արքան ստորադասական էր: Նրանք վճարում էին արքունի գանձարանին մի որոշյալ հարկ, պարտավորված էին որոշ թվով զորք պահել, պատերազմի ժամանակ օգնել թագավորին, իսկ խաղաղության ժամանակ` պահպանել տերության սահմանները: Յուրաքանչյուր նախարար հսկում էր այն սահմանների վրա, որ մոտ էր յուր իշխանության երկրին:

Արտաշես Բ-ն առաջինը եղավ, որ նախարարությունների սահմանները որոշեց, գծերի վրա քարյա սյուներից նշաններ դրեց և յուրաքանչյուրի ժառանգության չափը արձանագրեց արքունի դիվանագրքերի մեջ: Իսկ Տրդատ Մեծը որոշեց նրանց պարտավոիությունները երկրի սահմանագլուխները պահպանելու վերաբերությամբ:

Առհասարակ Հայաստանի սահմանների մոտ եղած նախարարությունները ավելի ընդարձակ և ավելի զորեղ էին, քան թե կենտրոնում կամ, որպես կոչվում էր, միջնաշխարհում գտնվածները: Սահմանագլխի նախարարներից ոմանք տիրում էին մի քանի գավառների:

Նախարարական տներից շատերը վայելում էին առանձին արտոնություններ` թե՜ կառավարության գործերում և թե՜ թագավորի արքունիքում: Օրինակ, թագավորի երկրորդականը ընտրվում էր Մուրացան նախարարությունից, թագավորի հանդիսավոր թագադրության օրում թագադիր ասպետը ընտրվում էր Բագրատունյաց նախարարությունից, թագավորի պալատի ներքինապետը ընտրվում էր Մարդպետական նախարարությունից, զորքերի ընդհանուր սպարապետր ընտրվում էր Մամիկոնյան նախարարությունից: Կային այլ նախարարություններ ևս, որոնց արտոնական պաշտոններն էին զանազան պալատական ծառայություններ:

Ամեն մի նախարարություն, առանձին վեր առած, մի ամբողջական իշխանություն էր: Իշխում էր տոհմի ավագը, որ կոչվում էր նահապետ կամ տանուտեր: Իսկ նախարարական տան մյուս ժառանգները միայն վայելում էին երկրի հասույթները` կամ թոշակներով և կամ հողային բերքով: Դարերի ընթացքում իշխանական գերդաստանի անդամների թիվը հետզհետե բազմանալով, շատ հասկանալի է, որ երկրի հասույթները անբավարար կլինեին գոհացնելու բոլորին: Այդ դեպքում խիստ հաճախ էր պատահում, որ նախարարները նոր տիրապետություններ էին անում, խլելով իրանց դրացիների հողերը: Ներքին կռիվը և արյունահեղությունը անցնում էր սերունդից սերունդ, որ շատ անգամ պատճառ էր տալիս ամբողջ նախարարական տոհմերի բնաջինջ լինելուն: Տրդատի վախճանվելուց հետո, Բզնունյաց, Մանավազյանց և Որդունյաց նախարարները, միմյանց հետ պատերազմելով, համարյա թե ոչնչացրին միմյանց ցեղերը:

Թագավորը, ըստ կալվածական ժառանգության, համարյա մի մեծ նախարար էր: Նա սեփականել էր իրան ամբողջ Արարատըերկրի սիրտը:

Արարատը, որպես արքայական կալվածք, անբաժանելի էր:

Արարատում բնակվում էր թագավորը և թագաժառանգը միայն: Իսկ արքայական տան մյուս ժառանգներից ոչ ոք իրավունք չուներ Արարատում բնակվելու: Նրանց համար որոշված էին առանձին գավառներ: Դա Արշակունիների մեջ օրենք էր:

Հաշտենից, Աղիովտի և Առբերանի գավառները իրանց բոլոր հասույթներով հատկացրած էին թագավորազների կեցության համար: Այդ երեք գավառներում նրանք այնքան բազմացել էին, որ հողերը մինչև անգամ անբավական էին նրանց վայելչությունները գոհացնելու համար: Այդ պատճառով միշտ բողոքում էին, թե իրանց տեղը նեղ է, և թագավորից նոր հողեր էին խնդրում:

Հայոց պատմության մեջ մի նշմար անգամ չենք տեսնում, որ Արշակունի թադավորազները կառավարության որևէ պաշտոնում ընդունվեին: Նրանց չենք տեսնում և զինվորական ծառայության մեջ: Նրանք դատապարտված էին մշտական անգործության: Նրանց ընծայել էին ընդարձակ գավառներ, տալիս էին գանձարանից առատ ռոճիկներ, որ վայելեն, որսորդություններով և զանազան զվարճություններով զբաղված լինեն և մի այլ փառասիրության չձգտեն: — Այդ` յուր ժամանակի քաղաքականությունն էր, որպեսզի գահին հետամուտ չլինեն: Ապրելով բոլորովին մեղկ և աննպատակ կյանքով, նրանց մեջ սպանվում էին ամեն բարձր և քաջազնական գաղափարներ:

Եվ այդպես, թագավորը սեփականել էր իրան Արարատը և թագաժառանգի հետ բնակվում էր այնտեղ` յուր մայրաքաղաքում: Մյուս թագավորազները իրավունք չունեին Արարատում բնակություն հաստատելու: Նրանց համար նշանակված էին առանձին գավառներ:

Արշակունի թագավորազներից մեկը միայն, Արշակ Բ-ի եղբոր որդի Գնելը համարձակվեցավ բնակություն հաստատել Արարատում (Արագած լեռան ստորոտում) և յուր վարմունքով գրգռեց Արշակի կասկածանքը և նույն կասկածանքին զոհ դարձավ...

Թագավորազների բազմանալը մի կողմից, նախարարությունների բազմությունը մյուս կողմից, գրավել էին երկրի մեծ մասը և սպառում էին նրա արդյունքները ի վնաս արքունի գանձարանի:

Թագավորին մնացել էր մի գավառ միայնԱրարատը:

Մի այսպիսի պետական կազմակերպության մեջ, երբ ուժը հողի ընդարձակության և հողի վրա ապրող բնակիչների բազմութժան չափովն էր չափվում, շատ հասկանալի է, որ նախարարների հավաքական զորությունը ոչ միայն կարող էր ճնշում գործ դնել թագավորի վրա, այլ նրա վիճակը ամեն րոպե կարող էր յուր ձեռքում պահել: Զորք ամեն մի նախարար ուներ, և ոմանց զինվորական ուժը ավելի բարձր էր, քան Արարատյան զինվորությունը:

Մյուս կողմից, այնքան բազմաթիվ նախարարություններ, բաժան-բաժան եղած միմյանցից, որոնց յուրաքանչյուրը կենտրոնացած էր յուր մեջ, ապրում էր յուր տարբեր շահերով, ուներ յուր վաղեմի, ավանդական ինքնակայությունը, — շատ պարզ է, որ այդ մասնատյալ իշխանություններից չէր կարող կազմվիլ մի ամփոփ, ամուր, միահեծան պետություն:

Արշակունյաց վերջին թագավորները զգում էին, թե ինչ բանի մեջն է իրանց տկարությունը, և պետությունը մի ամբողջական և ուժեղ կազմության վերածելու նպատակով սկսեցին փոքր առ փոքր ոչնչացնել նախարարների իշխանությունը:

Գործերի դրությունը, շրջապատող հանգամանքները և իրանցթագավորներիհանապազ ընդհարումները նախարարների հետ, նրանց այդ բնական շավիղի մեջ դրին:

Այդ գաղափարը ծագեց Արշակունի թագավորների մեջ սկսյալ այն օրից, երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստանում: Տրդատը առաջինը եղավ, որ ոչնչացրեց Սլկունյաց զորեղ նախարարությունը և Տարոնը խլեց նրանցից: Բայց մեծ թագավորը, զբաղված լինելով Հայաստանի կրոնական վերանորոգության մեծ գործով, ժամանակ չունեցավ իրագործելու նրա քաղաքական վերանորոգության ավելի ծանր գործը:

Տրդատ մեծի երեք հաջորդները` Խոսրով Բ, Տիրան Բ և Արշակ Բ` ավելի առաջ տարան նրա սկսած գործը:

Տրդատ մեծի որդի Խոսրով փոքրը թեև ոչ հոր հսկայական տիպարն ուներ և ոչ նրա անպարտելի քաջությունը, բայց խելացի մարդ էր: Նախարարների վերաբերությամբ ձեռք առեց նա երկու միջոցներ` խիստ և մեղմ: Խիստ էր նա, երբ Աղձնյաց Բակուր բդեշխին սպանել տվեց, նրա ցեղը ջնջեց և, նրա երկրում շատ կոտորածներ կատարելուց հետո, նրա որդի Հեշային բազմաթիվ գերիների հետ տարագրեց Աղձնիքից: Բայց նրա գործ դրած մեղմ միջոցները ավելի քաղաքագիտական էին և ավելի կորստաբեր կարող էին լինել նախարարների համար, եթե Խոսրովը երկար ապրեր: Նա թագավորեց 9 տարի միայն: Նա մտածեց` ավագ նախարարներին կապել արքունիքի հետ և պալատական զվարճություններով մեղկացնել, տկարացնել նրանց: Այդ նպատակով հրատարակեց մի նոր օրենք, որ հազարից մինչև տասն հազար (մի բյուր) զորք ունեցող նախարարները պետք է միշտ թագավորի մոտ լինեն և նրանից չհեռանան: Եվ որպեսզի նրանց զբաղեցնե, Խոսրովը Երասխի զվարճալի ափերի մոտ հիմնեց Դվին քաղաքը, յուր արքունիքը տեղափոխեց այնտեղ, իսկ քաղաքից ոչ այնքան հեռու, Ազատ գետի ամբողջ հովիտը ծածկեց ձեռատունկ անտառներով, որ կոչեց յուր անունով Խոսրովակերտ: Այդ անտառները լցրեց զանազան տեսակ որսի անասուններով: Այդ անտառների մեջ հիմնեց այն շքեղ աապարանքը, որ կոչվում էր Տիկնունի: Գեղեցիկ տիկինների մի դրախտ էր այդ հրաշալի ապարանքը յուր հովանավոր ծառաստանով և յուր մշտանվագ ցնծություններով: Այնտեղ պատրաստ էր նախարարների համար ամեն տեսակ բավականություն, ամեն տեսակ զվարճություն: Այնտեղ հրապուրանքը, պալատական մեղկությունը մաշում, սպանում էր ամեն տիրապետական զգացմունք: Իսկ այդ երկար չտևեց: Խոսրովի մահից հետո նրա հղացած գաղափարը յուր հետ մեռավ:

Խոսրովի որդի Տիրան Բ-ը հոր խաղաղ քաղաքականությանը չհետևեց: Նա անխնա ձեռքով կոտորել տվեց մի քանի նախարարական ցեղեր և մանավանդ երկու ավագ նախարարությունների տոհմեր, որպիսիք էին Արծրունիները և Ռշտունիները: Կոտորածի միջոցին Մամիկոնյան երկու եղբայրներ, մերկ սրերը ձեռներին, հարձակվեցան դահիճների վրա և կարողացան ազատել երկու տոհմերից երկու մանուկներ միայն` Շավասպ և Տաճատ: Տիրանը այդ ներքին կռիվը ավելի առաջ տանել չկարողացավ, որովհետև նրա թագավորությունն ևս հոր նման, կարճատև եղավ11 տարի: Իսկ յուր վարմունքով առիթ տվեց նա նախարարների իրանից հեռանալուն և յուր լքյալ և անօգնական մնալուն: Այդ անպաշտպան դրության հետևանքը եղավ նրա պարտությունը` նախ հռոմայացիներից և ապա պարսիկներից: Վերջինները զրկեցին նրան թե՜ աչքերից և թե՜ գահից:

Տիրանի որդի Արշակ Բ-ը վճռեց վերջացնել այն, ինչ որ սկսել էին յուր նախորդները: Նա բացարձակ պատերազմ հայտնեց նախարարների դեմ: Բայց նախքան պատերազմը սկսելը նրան հարկավոր էր մի ամուր նեցուկ, որի վրա հենվեր նա, այլ խոսքով, նրան հարկավոր էր մի զորեղ կուսակցություն: Նախարարներից անհնար էր այդ կուսակցությունը ստեղծել, որովհետև բոլոր նախարարներր միաբանված էին նրա դեմ: Իսկ Արարատը միայնակ բոլոր նախարարների հետ մաքառելու չափ ուժ չուներ: Հանճարեղ թագավորը մտածեց յուր կողմը ձգել եթե ոչ ամբողջ ժողովուրդը, գոնե նրա միջի դժգոհներին, — նրանց, որ հալածված և տանջված էին նախարարներից: Այդ նպատակով հիմնեց Մասիս լեռան ստորոտում մի ապաստանի քաղաք, որ յուր անունով կոչեց Արշակավան: Երբ քաղաքը պատրաստ էր, հրաման արձակեց, թե ամեն ոք` եթե այդ քաղաքը մտնելու լինի, կազատվի թե՜ օրենքից և թե՜ դատաստանից: Շուտով քաղաքը և Կոգ գավառի ամբողջ հովիտը, ուր գտնվում էր Արշակավանը, լցվեցավ բազմաթիվ գաղթականներով: Այնտեղ ապաստան գտան նախարարներից հարստահարվածները, նախարարներից նեղվածները: Այնտեղ ապաստան գտան բոլոր դժգոհները, բոլոր բողոքողները: Այնտեղ ապաստան գտան նաև զանազան հանցավորներ, զանազան դատապարտյալներ: Երկրի դառնությունը, երկրի դարևոր վրեժխնդրությունը` բռնության և կոպիտ ուժի դեմ` այնտեղ գումարվեցավ: Այնտեղ գումարվեցավ մեղքը, հանցանքը, որ առաջ էր եկել բռնավորների անզուսպ կամայականությունից: Ամենափոքր ժամանակում քաղաքը ունեցավ մինչև քսան հազար երդ բնակիչներ:

Այդ մարդիկը ամենքն էլ նախարարների հպատակներից էին: Այդ վշտացած և, միևնույն ժամանակ, ծայրահեղ մարդիկը Արշակի ձեռքում մի զորեղ ուժ էին նախարարներին դեմ դնելու համար:

Նախարարները զգացին այդ, մանավանդ երբ տեսնում էին, որ իրանց հպատակներից ոչ միայն դժգոհները, այլ ամեն ոք հաճությամբ կտեղափոխվեր այն ազատ քաղաքը, ուր ոչ հարկ կար և ոչ օրենքի հալածանք, այլ ամեն մարդ վայելում էր կատարյալ ապահովություն:

Թողյալ այդ, նույնիսկ նախարարների երկրում մնացած անշարժ բնակիչները կարող էին հրապուրվել, կարող էին ամեն րոպե ապստամբվել, տեսնելով, որ թագավորը շնորհում է ավելի ազատություն և ավելի անդորրություն, քան թե իրանց իշխանները:

Այստեղից ծագեցին այն արյունահեղ կռիվները նախարարների և Արշակի մեջ:

Գուցե Արշակը հաղթող կհանդիսանար, եթե նախարարները արտաքին օգնության չդիմեին: Նրանք դիմեցին հայոց դարևոր թշնամունպարսկին: Շապուհը օգուտ քաղեց հայոց աշխարհի ներքին երկպառակություններից և ուղարկեց յուր զորքերը: Արշակը անճար մնալով խույս տվեց դեպի Կովկասյան լեռները:

Նրա բացակայության ժամանակ` նախարարների վրեժխնդրությունը անցավ անգթության ամեն չափից: Նրանց ձեռնտվությամբ պարսիկները տիրեցին Անի քաղաքին, կողոպտեցին թագավորական գանձերը և մինչև անգամ Արշակունի թագավորների հանգստարաններին չխնայեցին, քանդեցին շիրիմները և գերի տարան արքաների նշխարները:

Այդ ժամանակ նախարարները իրանց բոլոր ուժով հարձակվեցան Արշակավանի վրա, թե այր և թե կին անխնա կոտորեցին: Ապաստանի քաղաքը լցվեցավ դիակներով. արյունը հորդությամբ հոսում էր փողոցներից: Ողջ մնաց ծծկեր մանուկների մի մասը միայն:

Արշակը վերադարձավ Կովկասից, յուր հետ բերելով վրացի և այլ լեռնական զորքեր: Կրկին բորբոքվեցավ կռիվը նախարարների և թագավորի մեջ: Նախարարները, պարսկին հարուստ ավարով ճանապարհ դնելուց հետո, այս անգամ հույնին կանչեցին իրանց թագավորի դեմ: Վաղեսի լեգեոնները մոտեցան հայոց սահմաններին: Արշակը ունեցավ յուր դեմ երեք հզոր թշնամիներ` հույնը, պարսիկը և յուր նախարարները...

Նա չհուսահատվեցավ, բայց զիջավ, երբ խաղաղության հրեշտակը մեջ մտավ և դադարեցրեց արյունահեղությունը:

Դա Ներսես Մեծն էր:

Մեծ հայրապետը հաշտեցրեց նախարարներին իրանց թագավորի հետ, ուխտ դնելով, որ «այնուհետև թագավորը վարվի նրանց հետ ուղղությամբ, իսկ նրանք ծառայեն հավատարմությամբ»:

Չհաշտվեցան երկու նախարարներ միայն` Մերուժան Արծրունին և Վահան ՄամիկոնյանըՍամվելի հայրը: Նրանք գնացին պարսից Շապուհ արքայի մոտ:

Ահա՜ որտեղից ծագեց թշնամությունը Արշակի և այդ երկու նախարարների մեջ...

II

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ, ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄԱՐՄՆԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Թագավորի լարված հարաբերությունները յուր նախարարների հետ և նրանց մեջ ծագած ներքին երկպառակությունները, որ շատ անգամ առիթ էին տալիս սոսկալի արյունահեղությունների, — այդ բոլորը նկարագրվեցավ նախընթաց գւխի համառոտության մեջ: Մենք այժմ գիտենք նրանց էական պատճառները:

Բայց հայոց պատմությունը ներկայացնում է մի այլ, ավելի տխուր երևույթ ևս, այն է` թագավորի նույնպիսի հարաբերությունները հոգևորականության և նրա բարձր ներկայացուցիչների հետ:

Այն օրից, որ քրիստոնեությունը մուտք է գործում Հայաստանում, նկատվում է մի խուլ, ներքին կռիվ թագավորի և հոգևորականության մեջ, որ հաճախ արտահայտվում է դառն, եղերական վախճանով: Զարմանալին այն է, որ այդ կռիվը սկսվում է իսկ և իսկ այն ժամանակից և նույն թագավորների օրերով, որոնք մաքառում էին իրանց նախարարների հետ: — Դրանք Տրդատ մեծի չորս հաջորդներն են` Խոսրով, Տիրան, Արշակ և Պապ:

Ինքը` Լուսավորիչը հալածվեցավ: Յուր կյանքի վերջին օրերը ծածկեց նա Սեպուհ լեռան այրերի անհայտության մեջ:

Նրա որդիներից` Արիստակեսը սպանվեցավ Արքեղայոս իշխանից, իսկ Վրթանեսը Աշտիշատի վանքում մի հրաշքով միայն կարողացավ յուր կյանքը ազատել խուժանի կատաղությունից:

Վրթանեսի երկու որդիներից մեկը` Գրիգորիսը նահատակվեցավ Վատնյան դաշտում, իսկ մյուսը` Հուսիկը սպանվեցավ եկեղեցում Տիրան թագավորի հրամանով, որի փեսան էր:

Հուսիկի երկու որդիները, Պապ և Աթանագինես մի ժամվա մեջ սպանվեցան Աշտիշատի վանքում:

Պապը յուր սեղանի վրա, ճաշի ժամանակ, թունավորեց Աթանագինեսի որդի Ներսես Մեծին, որի բազմաջան աշխատությամբ, ինքը թագավորական գահն էր բարձրացել:

Մի խոսքով, սկսյալ Լուսավորիչից մինչև նրա վերջին ժառանգը, Սահակ Պարթևը, այդ մեծ հայրապետական տան ներկայացուցիչներից համարյա և ոչ մեկը խաղաղ մահվամբ չվախճանվեցավ, այլ ամենքը զոհ դարձան կամ թագավորի և կամ նախարարների խստասրտությանը:

Զոհ դարձան և այդ ժամանակների նշանավոր եկեղեցականները:

Խոսրովի հրամանով Մանաճիհը Ռշտունին Հակոբ Մծբնա հայրապետի յոթն սարկավագներին Ընձակա լեռան բարձրությունից գահավիժել տվեց Վանա ծովակի մեջ: Ծերունի հայրապետի աղաչանքն ու արտասուքը անզոր եղան ամոքելու խստասիրտ իշխանի անգթությունը:

Տիրանը խեղդել տվեց ծերունի Դանիել քահանային, որ Լուսավորչի նշանավոր աշակերտներից մեկն էր:

Արշակը հրամայեց հրապարակի վրա քարկոծել Արշարունյաց և Բագրևանդի եպիսկոպոս Խադին, որը Ներսես Մեծի աշակերտը և նրա հայրապետական տեղապահն էր Կ. Պոլիս գնացած ժամանակ:

Ի՞նչ էր այդ աղետավոր երևույթների պատճառը: Արդյոք նոր կրոնի մաքառո՞ւմը և նրա սաստիկ հակառակությո՞ւնը հեթանոսական վաղեմի սովորությունների և բարք ու վարքերի հետ:

Այդպես էլ բացատրում են հայոց պատմագիրները:

Տրդատ մեծից հետո, նրա բոլոր հաջորդները, բացի Վռամշապուհից, մինչև Արշակունյաց տան անկումը, նկարագրված են որպես վերին աստիճանի անբարոյական անձինք: Հոգևորականությունը նրանց անկարգ բարք ու վարքը հանդիմանում է, իսկ նրանք զայրանալով` սպանել են տալիս հոգևորականներին: — Դրանով է վերջանում պատմության խոսքը:

Բայց նույն պատմությունը անգիտակցաբար երևան է հանում այնպիսի նշմարներ, որոնք հակառակ վկայություն են տալիս, որոնք ստիպում են կատարված չարիքների արմատը որոնել ավելի խորին, ավելի հիմնավոր պատճառների մեջ:

Ինչո՞ւ Արշակունի թագավորները, քրիստոնեությունը ընդունելուց հետո, փոխանակ լավանալու, փոխանակ բարքով ու վարքով ազնվանալու, ընդհակառակն, ավելի խստասիրտ, ավելի եղեռնագործ դարձան: Քրիստոնեության բարոյական ազդեցությունը չէր կարող այսպիսի հրեշավոր արդյունքներ առաջ բերել: Վերջապես, ինչո՞ւ Արշակունի թագավորները, դեռ քրիստոնեությունը չընդունած, ավելի բարոյական և ավելի ազնիվ էին: Տիգրան Բ, Արտաշես Բ, Խոսրով մեծը մարդասիրության և բարձր առաքինության մի-մի տիպարներ էին: Եվ առհասարակ հայոց հեթանոս թագավորների մեջ` չէ կարելի մեկին ցույց տալ, որ բարոյապես այնպիսի այլանդակ կերպով նկարագրված լիներ, որպես Արշակունյաց վերջին քրիստոնյա թագավորները:

Արդյոք բարբարո՞ս էին նրանք, որ անխնա կոտորում էին հոգևորականներին:

Այդ հարցը լուծելու համար` պետք է նախ ցույց տալ, թե ի՜նչ էր այն ժամանակ հոգևորականությունը և որպիսի՜ կերպարանք էր ստացել հոգևոր իշխանությունը:

Լուսավորիչը և Տրդատը քրիստոնեությունը Հայաստան մտցնելու ժամանակ, նրանց գլխավոր ջանքը եղավ ոչնչացնել հեթանոսական հիշատակարանները և նրանց տեղը քրիստոնեականը հիմնել: Մեհյանները կործանվեցան, հին աստվածների տաճարները խորտակվեցան և նրանց տեղում քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ հիմնվեցան: Եկեղեցիներ հիմնվեցան նաև քաղաքներում, ավաններում և գյուղերում: Վանքերում հաստատվեցան կրոնական միաբանություններ, իսկ եկեղեցիներում` աշխարհական քահանաներ: Հիմնվեցան և դպրոցներ` քուրմերի որդիներից և ուրիշներից եկեղեցականներ պատրաստելու համար:

Պետք էր այդ բոլորի գոյությունը ապահովել:

Նորընծա թագավորը, յուր անսահման քրիստոնեական ջերմեռանդությամբ, չխնայեց նոր հիմնված սրբարանների գոյությունը ապահովելու համար` սեփականացնել նրանց, իբրև մշտական ժառանգություն, բազմաթիվ գյուղեր, ավաններ, ագարակներ և այլ անշարժ կալվածքներ: Այդ սրբարանների վրա մնացին և այն մեհենական կալվածքները, որ վայելում Էէին նրանք հեթանոսական դարերում, այսինքն, երբ տակավին կռապաշտական տաճարներ էին, իսկ հետո քրիստոնեական եկեղեցիների փոխվելով, պահպանեցին իրանց վաղեմի կալվածքները:

Բացի դրանցից, Տրդատը յուր պետության մեջ ընդհանուր օրենք հրատարակեց, որ ագարակ տեղերում (փոքր գյուղերում) «չորս-չորս հող», իսկ ավաններում (մեծ գյուղերում) «յոթն-յոթն հող» լինի սեփականություն եկեղեցու: Ամեն մի «հող» մի վերացական չափ էր, որ ստանում էր մի ծուխ, կամ մի գյուղական ընտանիք: Ուրեմն, եթե յուրաքանչյուր ավանում «յոթն-յոթն հող» տրվում էր եկեղեցուն, այդ կնշանակե` այնքան տարածությամբ հող, որ բավական էր յոթն ընտանիքի համար:

Եվ այդպիսով եկեղեցին դարձավ ամենահարուստ կալվածատերը պետության մեջ:

Հարստացան և վանքերը իրանց կալվածքներով:

Որպեսզի փոքր ի շատե շոշափելի գաղափար ստացվի, թե որքան կալվածքների էին տիրապետում վանքերը, բավական է իբրև օրինակ վեր առնել նրանցից մեկը միայն: Մենք կվերառնենք Տարոնի նահանգում Գլակա կամ Իննակյան կոչված վանքը, որի կալվածքների մասին նրա առաջին վանահայր Զենոբ Գլակը յուր պատմության մեջ թողել է խիստ հետաքրքիր թվանշաններ:

Զենոբ Գլակը, Լուսավորչի նշանավոր գործակիցներից մեկը, և նրա հետ Կեսարիայից եկած, ազգով ասորի, մի շատ եռանդոտ աբեղա էր, որ գրեց Լուսավորչի և հիշյալ վանքի պատմությունը:

Այդ վանքը հեթանոսական դարերում, երբ տակավին կռատուն էր, ուներ 12 մեծ ավաններ: Լուսավորիչը, կործանելով կռատունը, նրա տեղը վանք հիմնեց և նույն 12 ավանները հատկացրեց վանքին: Ահա նրանց անունները իրանց երդահամարով և յուրաքանչյուրի ունեցած զինվորական ուժով.

1. Կուառս, 3012 երդ (ծուխ), 1500 հեծելազոր, 2200 հետևակ:

2. Տում, 900 երդ, հեծելազոր:

3. Խորնի (Մովսես հորենացու ծննդավայրը), 1906 երդ, — 700 հեծելազոր, 1008 հետևակ:

4. Պարեխ, 1680 երդ, 1030 հեծելազոր, 400 հետևակ:

5. Կեղք, 1600 երդ, 800 հեծելազոր, 600 հետևակ:

6. Բազում, 3200 երդ, 1040 հեծելազոր, 840 հետևակ աղեղնավոր, 680 տիգավոր, 280 պարսավոր:

7. Մեղտի, 2080 երդ, 800 հեծելազոր, 1030 հետևակ:

Ափսո՛ս, որ այդ վանքի 12 ավաններից միայն 7-ի անուններն է հիշում Զենոբը, իսկ մնացյալ 5-ից հիշում է միայն Մուշի անունը, այն ևս առանց երդահամարի: Բայց պատմագրի այն խոսքերը, թե «դրանք մեծամեծ ավաններ են, որպես արձանագրված է Մամիկոնյան իշխանների գրքի մեջ», — կարծել են տալիս, որ մնացյալ 5 ավանները թե՜ իրանց ընդարձակությամբ և թե՜ բնակիչների թվով, եթե մյուսներից մեծ չլինեին, փոքր ամենևին չէին լինի, մանավանդ, որ նրանց մեջն է Մուշը, որը երբեմն հիշատակվում է որպես Տարոնի բազմամարդ քաղաքներից մեկը: Բայց և այնպես, վերոհիշյալ 7 ավանների երդահամարի թվանշանները ձեռքում ունենալով, դժվար չէ գտնել մյուս հնգի բնակիչների եթե ոչ ճիշտ, գոնե հավանական թիվը:

Յոթն ավանները միասին ունեն 14 378 երդ կամ ծուխ:

Եթե այդ գումարը բաժանենք յուրաքանչյուրի վրա, ամեն մի ավանը կունենա 2054 երդ:

Եթե մնացյալ հինգ ավանների յուրաքանչյուրին ևս 2054 երդ տալու լինենք, նրանք միասին կունենան 10 270 երդ:

Ուրեմն բոլոր 12 ավանները միասին կունենան 24 648 երդ:

Այն ժամանակվա նահապետական դրության մեջ` յուրաքանչյուր գերդաստան կամ երդ կարող էր մինչև 2030 անդամներից բաղկացած լինել, բայց յուրաքանչյուրը միայն 5 հոգուց բաղկացած համարելով, բոլոր 12 ավանների բնակիչների ընդհանուր թիվը կլինի 123 240 հոգի:

Հետաքրքիր է այդ վանական ավանների զինվորական զորությունը: Հաշիվների նույն եղանակով առաջնորդվելով, գտնենք նրանց ընդհանուր թիվը:

Յոթն ավանները միասին ունեին 13 308 հետևակ և ձիավոր զորք:

Յուրաքանչյուր ավանը կունենա 1901 զինվոր:

Այդ հաշվով մնացյալ 5 ավանները կունենան 9505 զինվոր:

Եվ այդպես, բոլոր 12 ավանների զինվորների ընդհանուր թիվը կլինի 22 813 հոգի:

Մի վանք այդքան ահագին զինվորական ուժ ունենալուց հետո, շատ զարմանալի պետք չէ համարել` քուրմերի ա՜յն կատաղի ընդդիմադրությունը և նրանց արյունահեղ կռիվները, որ տեղի ունեցան, երբ Լուսավորիչը Տրդատի զոքերով մոտեցավ կործանելու այդ վանքը, երբ տակավին կռատուն էր:

Քրիստոնեական տաճարի փոխվելուց հետո Գլակա վանքը թե՜ յուր կալվածքների ընդարձակությամբ և թե՜ յուր զինվորական ուժով ներկայացնում էր մի զորեղ նախարարություն, — բայց հոգևոր նախարարություն:

Եվ այդպես, հենց Լուսավորչի և Տրդատի օրերում վանքերն ու եկեղեցիները գրավեցին հողերի և բնակիչների մի նշանավոր մասը:

Բայց Լուսավորչի եռանդոտ հաջորդները հետամուտ եղան ավելի և ավելի ընդարձակել եկեղեցական կալվածքների քանակությունը այն համեմատական չափով, ինչ չափով որ հետզհետե բազմանում էր վանքերի, եկեղեցիների թիվը:

Լուսավորչի հաջորդների մեջ, վանքերի շինության գործում առաջին տեղն է բռնում Ներսես Մեծը: Նրա հիմնած վանքերի թիվը, ըստ ժամանակակից պատմագրի վկայության, հասնում էր 2040-ի: Այդ թիվը կարելի է մինչև անգամ չափազանց համարել: Բայց սույն չափազանցության մեջ ևս բովանդակվում է ա՜յն չափազանց ճշմարտությունը, որ նա անհամեմատ շատ վանքեր հիմնեց:

Բազմացնելով վանքերի թիվը, Ներսես Մեծը միևնույն ժամանակ բազմացրեց և վանականների թիվը: Նրա օրերում միայն եպիսկոպոսների թիվը հասնում էր 1020-ի, բացի այլ աստիճանի եկեղեցականներից:

Նրա հիմնած վանքերը զանազան նպատակների էին ծառայում: Դրանք այլ և այլ եպիսկոպոսարաններ, կղերանոցներ, եղբայրանոցներ և կուսաստաններ էին, որ սփռված էին հայոց երկրի ամեն կողմերում: Յուրաքանչյուրի մեջ առանձնացած էր աշխարհից անջատված կրոնավորների մի ստվար բազմություն և վայելում էր վանքի անսպառ բարիքները:

Բայց մեծ հայրապետի մեծ գործը, որի մեջ փայլում է նա յուր բարձր մարդասիրական հոգվով, որի մեջ երևում է նա իբրև կատարյալ ժողովրդական մարդ և ժողովրդի բարեկամ, — այդ չէր: Նա կառույց բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, որոնց մեջ խնամք և սնունդ էին գտնում երկրի չքավորները, երկրի տառապյալները: Ավելորդ չէր լինի դրանց մի քանի տեսակները հիշել:

Աղքատանոցներ, որոնց մեջ կերակրվում էին աղքատները և չքավորները: Հիվանդանոցներ, որոնց մեջ դարմանում էին հիվանդներին: Ուրկանոցներ, որոնց մեջ խնամք էին տանում ուրուկներին, այսինքն այնպիսի ախտավորների, որոնց` երկրի սովորությամբ պիղծ համարելով, արտաքսում էին մարդկային բնակությունից, որ չվարակեին մյուսներին, և այդ թշվառները բնակում էին հեռավոր անապատներում կամ մեծ ճանապարհների վրա: Անկելանոցներ, որոնց մեջ սնունդ էին գտնում ծեր և աշխատության անկարող մարդիկ: Որբանոցներ, որոնց մեջ սնուցանում էին որբ և անտերունչ մանուկներին: Այրենոցներ, որոնց մեջ խնամք էին տանում ծերացած այրի կանանց: Հյուրանոցներ կամ օտարատունք, որոնց մեջ պատսպարան էին գտնում պանդուխտները, օտարականները և անցորդները: Պանդոկներ, որոնք շինված էին ճանապարհների վրա, լեռնային անցքերի մոտ, և առհասարակ այնպիսի տեղերում, ուր բնակություն չկար, որպեսզի ճանապարհորդները կարողանային այդ պանդոկներում օթևան գտնել:

Թե որքա՞ն էր այդ հիմնարկությունների թիվը, — հայտնի չէ: Բայց հայտնի է այն, որ դրանք ոչ միայն մի գավառում և մի նահանգում, այլ հայոց երկրի բոլոր կողմերում տարածված էին:

Չկար այդ ժամանակ մի աղքատ, որ փողոցներում մուրացկանությամբ ձանձրացներ հասարակությանը. չկային մոլաշրջիկ թափառականներ, որ քաղցածությունից ստիպված ձեռք մխեին դեպի ուրիշի գրպանը: Ամեն ոք գոհ էր, ամեն ոք սնունդ էր ստանում հասարակաց սեղանից: — «Ներսեսի տարիներում, — ասում է Փավտոս Բյուզանդացին, — Հայոց աշխարհի բոլոր սահմաններում` բնավ ամենևին չէր տեսնվում, որ աղքատները մուրացկանություն անեին, այլ այնտեղ` նրանց հանգստանալու տեղերում (աղքատանոցներում) ամեն մարդիկ մատակարարում էին նրանց պետքերը, և նրանք ամեն բանով լիացած, կարոտություն չունեին ոչ ոքից»:

Նույնը կրկնում է Մեսրոպ երեցը. — «Ներսեսի օրերում Հայոց աշարհում ոչ ոք չէր տեսնում, որ մի մուրացկան երևնար, կամ անկարգ, անիրավ և դատարկաշրջիկ մարդիկ, որ Հայոց երկրում կային շատ ժամանակներից ի վեր, — բոլորին վերջ տվեց սուրբ Ներսեսը»:

Հայոց աշխարհի մեծ բարեկարգիչը ինքը առաքինության կատարյալ տիպարն էր: Գթության, ողորմածության օրինակը նախ ինքն էր տալիս, և ապա հորդորում էր, որ ուրիշներն ևս նույնը անեն իրանց աղքատ և կարոտյալ եղբայրներին:

Բյուզանդացին ասում է.

«Նախ ինքն էր անում և ամենին նույնն էր ուսուցանում. հրամայում էր, որ առհասարակ հայոց բոլոր աշխարհում, գավառներում և զանազան կողմերում... աղքատանոցներ շինեն, և ժողովեն ախտավորներին, ուրուկներին, անդամալույծներին և ամեն ցավագարներին, — նրանց համար հիմնվեցան ուրկանոցներ, դարմանանոցներ, և կարգվեցան ռոճիկներ»... «Այրիներին, որբերին և չքավորներին հանգստություն և սնունդ էր բաշխում (յուր տան մեջ) և աղքատները միշտ նրա հետ էին ուրախ լինում. յուր սեղանը բաց էր և սեղանատունը ամբողջ օրը աղքատների և օտարականների համար մի հյուրանոց էր: Թեև բոլոր գավառներում աղքատանոցներ հիմնեց և նրանց համար ապրուստ կարգեց... բայց յուր չափազանց աղքատասիրության պատճառով յուր սեղանատան դռներն ևս միշտ բաց էին նրանց առջև. կույրերը, կաղերը, խեղանդամները, խուլերը, հաշմանդամները, խեղճերը և կարոտյալները, նրա հետ և նրա շրջանում նստած, կերակրվում էին: Նա ինքը յուր ձեռքովն էր լվանում ամենին, օծում էր և պատում էր (նրանց վերքերը): Նա ինքը անձամբ ուտեցնում էր նրանց ամեն մի կերակուր, և յուր ունեցածը նրանց պետքերի համար էր ծախսում, և ամեն օտարականները նրա հետ, նրա հովանավորության ներքո պատսպարված, հանգստություն էին վայելում»:

Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է այն մեծ ժողովրդականությունը, որ վայելում էր պաշտելի մարդը: Հասարակաց հայր էր կոչվում նա: Ամեն տեղ, ուր և հայտնվում էր, լռում էր աղմուկը, դադարում էր խռովությունը: Խաղաղության հրեշտակ էր նա: Ոչ միայն հայոց թագավորը, և ոչ միայն հայոց նախարարները, այլ հռոմեական կայսրները և մինչև անգամ պարսից արքան ակնածում էին նրանից: Զորավոր ձեռքով դարձնում էր Հայոց աշխարհի կառավարության երասանակը և յուր լայն, ընդարձակ հայացքների համեմատ, ուղղություն էր տալիս:

Այդ ուղղության մասին պետք է խոսվի, որովհետև դրա մեջն էին թաքնված այն խուլ երկպառակության սերմերը, որ հետզհետե աճելով, վերջը աղետալի կռիվների պատճառ դարձան հոգևոր և մարմնավոր իշխանության մեջ:

Արդեն Աշտիշատի ընդհանրական ժողովում, Ներսես Մեծը, ի թիվս այլ բարեկարգությանց, կանոնական սահմանադրությամբ կարգի դրեց վանքերի խնդիրը: Նրա ծրագիրը այդ խնդրի վերաբերությամբ այն աստիճան առաձգական էր, որ կարող էր ամփոփել յուր մեջ նրա մեծ գաղափարը` յուր ընդարձակ բովանդակությամբ:

Ի՞նչ էր կամենում այդ զորավոր հանճարը:

Կազմել Հայոց աշարհից մի մեծ վանք մի ընդհանուր եղբայրություն, ուր տիրեր միայն հավասարությունը, ուր սեփականության տարբերություն չլիներ, ուր աղքատը, չքավորը, տկարը, աշխատության անկարողը կերակրվեր աստուծո սեղանից:

Ժամանակակից պատմագիրը, Փավստոս Բյուզանդացին, ասում է.

«Այն ժամանակում (Աշտիշատի ժողովում) կարգեցին, կազմեցին, կանոնադրեցին, հորինեցին, և Հայոց երկրի բոլոր ժողովուրդը դարձրին որպես համաշխարհի (համաքաղաքացի) վանականների միաբանության մի կարգ» (ուխտ):

Մեսրոպ երեցը ավելացնում է.

«Ներսես Մեծի օրերում ամբողջ Հայաստանը դարձավ իբրև մի կատարյալ անձն, որ գնում էր աստուծո երկյուղի ետևից»:

Որքան մեծ էր ձեռնարկությունը, այնքան և ծա՛նր եղան հետևանքները...

Գուցե բոլորովին քրիստոնեական առաքինության զգացմունքներից դրդված, որոնք այնքան վառ էին նրա մեջ, Ներսես Մեծը Աշտիշատի ժողովում մեջ բերեց և ընդունել տվեց յուր կազմած ծրագիրը: Գուցե ժամանակի անգթությունը, ժողովրդի թշվառությունը, թագավորի, նախարարների, և առհասարակ ազնվականության հարստահարությունները` թելադրեցին նրան եկեղեցու գիրկը դարձնել մի անսահման և ապահով պատսպարան, ուր բոլոր նեղյալները և կարոտյալները կարողանային ապաստան գտնել:

Եվ, վերջապես, գուցե ոչ կանխագիտակ նախամտածությամբ, այլ միայն ողորմածության գաղափարով ոգևորված, մեծ հայրապետը գործի սկզբում նախատեսել չկարողացավ յուր հսկայական ձեռնարկության հետևանքները, որ այլ վախճանի չէին կարող հասցնել, քան թե` ստեղծել Հայոց աշխարհից մի եկեղեցական պետություն, խաչի սրբազան դրոշի ներքո:

Թե այդպես և թե այնպես, հոգևոր-համաքաղաքացիների վանքը հիմնվեցավ: Այդ համաշխարհական վանքի վանահայրը ինքը հայրապետն էրՆերսես Մեծը: Նրա ընդարձակ տնտեսությունը հանձնել էր նա կրոնավորներից ընտրված առանձին վերակացուների, որոնց գլխավորն էր յուր սարկավագըԽադը, որ հետո եպիսկոպոս ձեռնադրվեցավ:

Ի՞նչ արդյունքներով էր կառավարվում այդ վանքը:

Դա յուր ժամանակի ամենածանր տնտեսական խնդիրն էր, որի լուծման մեջն էր կայանում բուն շարժառիթը այն բոլոր կռիվների և այն բոլոր ընդհարումների, որ տեղի ունեցան հոգևոր և մարմնավոր իշխանության մեջ, և որոնք փութացրին Արշակունյաց պետության ցավալի անկումը...

Վերևում հիշվեցավ, որ արդեն Լուսավորչի օրերում, երբ վանքերի հիմնարկության սկիզբը դրվեցավ, նորահավատ Տրդատը, ջերմեռանդ առատաձեռնությամբ, յուր ամբողջ պետության մեջ ընդհանուր օրենք դրեց, որ ագարակներից «չորս-չորս հող», իսկ ավաններից «յոթն-յոթն հող» հատկացվի եկեղեցուն: Բացի այդ հողերից, եկեղեցին ստանում էր առանձին տասանորդ երկրի բոլոր մշակույթներից: Եկեղեցին գրավեց այլև այն մեհենական կալվածքները, որ հեթանոսական դարերում վայելում էին քուրմերը:

Ներսես Մեծի օրերում, երբ վանքերի և զանազան բարեգործական հիմնարկությունների թիվը անհամեմատ կերպով բազմացավ, նույն չափով բազմացրեց նա և եկեղեցական կալվածքների քանակությունը, հատկացնելով նրանց նորանոր ավաններ և նորանոր գյուղեր: Ինչ որ հիմնեց նա, բոլորի գոյությունը ապահովացրեց հաստատուն եկամուտներով:

Բացի հոժարակամ կտակներից, որով ցանկացողները իրանց կայքը թողնում էին եկեղեցուն, առանց կտակի ևս, անժառանգ մեռնողի օրինավոր ժառանգը համարվում էր միայն եկեղեցին, որ գրավում էր հանգուցյալի բոլոր շարժական և անշարժ կայքերը: Եվ այդ ոչ-սակավ ընդարձակում էր եկեղեցու անհուն հարստությունը:

Next page