Րաֆֆի՝   Սամվել

Երբ Վաչե Մամիկոնյանը Խոսրով Բ-ի հրամանով ջնջեց Մանավազյան և Որդունյաց նախարարների մնացյալ ժառանգներին, այնուհետև այդ երկու նախարարությունները իրանց բոլոր կալվածքներով դարձան եկեղեցու սեփականություն: Մանավազյան նահապետի երկիրը յուր քաղաքներով և գյուղերով ստացավ Ալբիանոս եպիսկոպոսը և հատկացրեց յուր կառավարության ներքո գտնված եկեղեցիներին: Իսկ Որդունյաց նախարարության երկիրը յուր քաղաքներով և գյուղերով գրավեց Բասենու եպիսկոպոսը:

Եվ այդպես, եկեղեցին յուր բազմաթիվ վանքերով, գրավելով հողերի մեծ մասը, հետզհետե դառնում էր պետության մեջ ամենահարուստ կալվածատերը, մինչդեռ թագավորը սեղմված էր Արարատի նեղ սահմանների մեջ, իսկ նախարարությունները այնքան բազմացել էին, որ իրանց գոյությունը պահպանելու համար բավականաչափ հող չունեին:

Եթե վանքերը լինեին լոկ կղերանոցներ, որոնց մեջ անգործ աբեղաների մի ստվար բազմություն միայն սպառում լիներ երկրի հարստությունը, տարակույս չկա, որ այդ դեպքում նրանք բոլորովին անտանելի կդառնային ժողովրդին, մանավանդ, որ քրիստոնեությունը դեռ ոչ այնքան տարածված էր Հայաստանում: Քրիստոնեության մուտք գործելուց անցել էր 7080 տարի միայն: Այդ սուղ միջոցում նոր կրոնը չէր կարող այնքան արմատացած լինել ժողովրդի մեջ, որ եթե ոչ քրիստոնեական ճշմարիտ ջերմեռանդությամբ, գոնե հասարակության մեջ մոլեռանդություն զարգացնելով, կղերը կարողանար ժողովրդին գրավել դեպի եկեղեցին և նրա վաստակը բաժաներ նրա հետ: Բայց հայոց վանքերի կազմակերպությունը, մանավանդ Ներսես Մեծի բարեկարգություններից հետո, հարմարեցրած էր երկրի թե՜ պահանջներին և թե՜ պայմաններին: Այս տեսակ վանքեր կարող էին գոյություն ունենալ մինչև անգամ մի հեթանոս ժողովրդի մեջ: Վանքը միացրել էր յուր գոյության հետ և բարեգործական, և մարդասիրական նպատակ: Ուր տիրում է ստրկությունը, հարստահարությունը, ուր ազատանին ճնշում է անազատին, այնտեղ այս տեսակ հիմնարկությունները ոչ միայն փրկարար ապաստան են դառնում նեղյալների համար, այլ նրանց գրկումն են գտնում թշվառները իրանց ամենամեծ մխիթարությունը: Այդ էր պատճառը, որ վանքը սիրելի էր ժողովրդին:

Արշակ Բ-ն մի ապաստանի քաղաք հիմնեց, և կարճ միջոցում այնտեղ հավաքվեցան Հայոց աշարհի բոլոր դժգոհները: Իսկ Ներսես Մեծը հարյուրավոր վանքեր հիմնեց և յուր կողմը ձգեց ամբողջ Հայաստանը:

Վանքը հաց էր տալիս, կերակրում էր ժողովրդի աղքատներին, դարմանում էր նրա հիվանդներին, սնուցանում էր նրա որբերին և այրիներին, ուսում և կրթություն էր տալիս նրա զավակներին: Նա ստանում էր ժողովրդից և տոկոսներով վերադարձնում էր ժողովրդին: Եվ, վերջապես, ինքը ժողովուրդը այդ վանքի եղբայրության անդամն էր: — Ժողովուրդը գո՜հ էր, ժողովուրդը չէր տրտնջում:

Տրտնջում էր թագավորը, տրտնջում էին և նախարարները:

Թագավորը սարսափելով տեսավ, որ յուր պետության մեջ կազմվեցավ մի այլ պետությունհոգևոր պետություն, որ մեղմ ձեռքով փոքր առ փոքր գրավեց ոչ միայն հողերի մեծ մասը, այլև յուր կողմը ձգեց ժողովրդին: Նա դարձավ ամենաբարձր և ամենասրբազան հեղինակություն, որի առջև ամեն գլուխ խոնարհվում էր:

Թագավորը սոսկաց, թեև շատ ուշ հասկացավ, որ այդ հեղինակությունը արդեն այն աստիճան ուժ և զորություն էր ստացել, որ յուր ձեռքումն էր պահում արքայական գահը:

Գուցե արհավիրքը այնքան շուտ չէր պայթի, գուցե Արշակունի թագավորները ավելի համբերող կլինեին, եթե հոգևոր իշխանությունը յուր նեղ, հոգևոր սահմաններից դուրս չգար: Բայց նրանք սկսեցին համարձակ կերպով միջամտություն գործել և կառավարության գործերի մեջ:

Խոստովանության խորհուրդը մի ընդարձակ դուռ բաց արեց հոգևորականության առջև մտնելու ժողովրդի սրտի մեջ: Խոստովանության միջոցով ծանոթանալով նրա գործերի հետ, հոգևորականությունը սկսեց դատավոր հանդիսանալ նրա հանցանքներին և պատիժներ որոշել: Պատիժները, որ սկզբում սահմանափակվում էին միայն եկեղեցական ապաշխարանքներով, վերջը աշխարհական դատապարտության ձև ստացան: Ավելացրին թե՜ տուգանք և թե՜ գանահարություն (ծեծ):

Գանահարությունից ազատ էր մնում միայն ազատանինազնվականությունը, իսկ տուգանքի ենթարկվում էին ամեն դասակարգի անձինք: Այսպես պատժում էր նա ամեն քրեական հանցավորներին:

Եկեղեցին միջամուխ էր լինում և այնպիսի վեճերի մեջ, որոնք սոսկ քաղաքացիական գործերի բնավորություն ունեին, օրինակ, հողերի բաժանման կամ հափշտակության խնդիրներ և այլն: Եկեղեցին միջամուխ էր լինում և հարկերի բաշխման ու հավաքման գործերում: Այդ բոլորի մեջ ներգործում էր նա ոչ իբրև հաշտարարմիջնորդ, այլ որպես իրավատեր:

Այդ բոլորը ուղղակի հակառակում էին թե՜ թագավորի և թե՜ նրա նախարարների իրավունքներին, որոնք իրա՜նց միայն ճանաչում էին երկրի տերը և դատավորը:

Արշակունի թագավորը սովոր չէր բացի իրանից մի այլ բարձր հեղինակություն ճանաչել: Արշակունի թագավորը ինքը մի սրբազան էակ էր: Նրա անձնավորության մեջ միանում էր թե՜ երկնայինը և թե՜ երկրայինը, — թե՜ հոգևորը և թե՜ մարմնավորը: Հայց քրիստոնեությունը խլեց նրանից այդ սրբազնությունը և տվեց եկեղեցու հայրապետին: Այդ մոռանալ չէր կարող նա:

Եկեղեցու հայրապետը համարում էր իրան կատարյալ հոգաբարձու թե յուր հոտի, և թե՜ պետության: Դժվարին խնդիրներում նա էր բանակցում օտար պետությունների հետ խաղաղության դաշինքներ կռում: Նա էր դատավոր հանդիսանում, երբ թագավորի և յուր նախարարների մեջ երկպառակություններ էին պատահում: Մի խոսքով, ամեն հարաբերությունների մեջ ներկա էր նա, և յուր համարձակ ձեռքը մեկնում էր մինչև թագավորի արքունիքը, մինչև նրա ներքին ընտանեկան կյանքը...

Մի անգամ, տարվա տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ Տիրան թագավորը յուր ավագանիի հետ կամենում էր եկեղեցին մտնել, նրա առջև դուրս եկավ Հուսիկ կաթողիկոսը, աղաղակելով, — «Ինչո՞ւ ես գալիս, դու արժանի չե՛ս, ներս մի՜ մտիր... »: Թագավորը այլևս համբերել չկարողացավ, հրամայեց` բրածեծ անելով սպանեցին կաթողիկոսին:

Արշակունի թագավորը, որ սովոր էր հանդիսավոր զոհաբերությունների ժամանակ` ինքը տաճարի մեջ անձամբ կատարել սրբազան խորհուրդը և հաճեցնել յուր աստվածներին, հանկարծ մի այլ տաճարի դռնից նրան չեն թողնում, որ ներս մտնե, ասելով` «արժանի չես...»: Այստեղ նա այն աստիճան խոնարհվեցավ, որ ընդունեց մինչև անգամ ցած իջնել սուրբ բեմից և հասարակ ժողովրդի կարգում կանգնել: — Այդ տեղին ևս նրան արժան չէին համարում...

Խնդիրը միայն հին և նոր կրոնի համառ մաքառումը չէր: Խնդիրը կատարյալ տնտեսական էր, կատարյալ տիրապետական էր: Այստեղ մրցում էին եկեղեցու և պետության միմյանց հակառակ շահերն: Այստեղ մրցում էին հոգևոր և մարմնավոր իշխանություններն: Այդ պարզ երևում է այն հանգամանքից, որ երբ Պապ թագավորը յուր սեղանի վրա թունավորեց Ներսես Մեծին, նրա մահից հետո խանգարեց այն բոլոր կարգերը և ոչնչացրեց այն բոլոր հիմնարկությունները, որ կառուցել էր մեծ հայրապետը, և որոնց մասին խոսվեցավ վերևում:

Սկսեց հալածել հոգևորականներին և նրանց թիվը, որ անհամեմատ կերպով աճել էր, պակասացրեց: Կուսաստանները փակեց, և բոլոր միանձնուհիներին, որ ուխտել էին աշխարհ չմտնել, հրամայեց, որ ամուսնանան: Բոլոր բարեգործական հիմնարկությունները, ինչպես էին` սրբանոցները, ուրկանոցները, անկելանոցները, աղքատանոցները և այլն, — ոչնչացրեց: Հրաման արձակեց, որ աղքատներին և մուրացկաններին ողորմություն չանեն, ոչինչ չտան: Այդ, նրա կարծիքով, զարգացնում էր ժողովրդի մեջ, մի կողմից, ծուլություն և ձրիակերություն, իսկ մյուս կողմից, բարձրացնում էր եկեղեցու հեղինակությունը, որ իրան հոգաբարձու էր ներկայացնում ձրիակերներին:

Ոչնչացնելով վերոհիշյալ հիմնարկությունները, ոչնչացրեց նաև այն արդյունքների աղբյուրները, որոնցով պահպանվում էին նրանք: Նոր օրենքով արգելեց, որ այն «հոգևոր պտուղը» և «տասանորդները», որ վաղ ժամանակներից հետե յուր նախորդները սահմանել էին տալ եկեղեցուն, — այլևս չտան: Բացի դրանցից, հարքունիս գրավեց եկեղեցական հողերի մեծ մասը: Յուրաքանչյուր գյուղում Տրդատի հրատարակած օրենքով հատկացրած «յոթն հողերից» թողեց եկեղեցուն «երկու հող» միայն, իսկ հինգը հարքունիս գրավեց: Եվ այդ «երկու հողերի» համեմատ, ամեն մի գյուղում թողեց երկու քահանա և երկու սարկավագներ միայն, իսկ մնացյալներին հրամայեց, որ զինվորական ծառայության մեջ մտնեն: Քահանաների և սարկավագների որդիները, եղբայրները, ազգականները, որ մինչև այդ ժամանակ ազատ էին հարկերից, բոլորին հարկատու դարձրեց: Ամուսնական օրենքները թեթևացրեց: Կրոնի ազատություն տվեց, որ ցանկացողները կարող են հեթանոսական հին սովորությունները դարձյալ գործ դնել և մինչև անգամ կուռք պաշտել:

Եվ, անտարակույս, ուրիշ շատ նոր կարգադրություններ կաներ երիտասարդ թագավորը, եթե հռովմեական նենգավոր սուրը նրա այրունը չթափեր հրավերքի սեղանի վրա...

III

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՆԱԶԱՆ ՏԱՐԵՐՔԸ

Խնդիրն այն էր, որ հոգևորականությունը ինքը յուր մեջ մի սերտ և զորեղ միաբանություն կազմել չէր կարող, որովհետև նա բաղկացած էր զանազան միմյանց հակառակ տարերքից: Այդ թեև մի կողմից թուլացնում էր եկեղեցու ուժը, բայց, մյուս կողմից, հնար էր տալիս մարմնավոր իշխանությանը օգուտ քաղել նրանց անհաշտությունից:

Ինչպե՞ս կազմվեցավ այդ զանազան տարերքը:

Լուսավորիչը, քրիստոնեությունը Հայաստանում տարածելու համար, Կեսարիայից բերեց յուր հետ, իբրև օգնականներ, մի խումբ օտարազգի կրոնավորներ: Հետո, գործերի և պահանջների աճելու համեմատ աճեցրեց նաև օտարազգի կրոնավորների թիվը, հետզհետե նորերին հրավիրելով:

Մի նամակի մեջ, ի թիվս այլոց, այդպես էր գրում Լուսավորիչը Տրդատի հետ միասին Նյուստրացոց Եղիազար եպիսկոպոսին և Ազդենացոց Տիմոթեոս եպիսկոպոսին:

«...Մանավանդ գիտեք, որ մեր ամեն գավառների համար եպիսկոպոսներ են պետք և քահանաներ: Եվ թեպետ ոմանք (կրոնավորներ) զանազան կողմերից եկել և հավաքվել են այստեղ, բայց ի՞նչ են դրանք, հայոց վեց հարյուր և քսան գավառների հետ համեմատելով. յուրաքանչյուր գավառին մի-մի կամ երկու քահանա հազիվ թե ընկնի: Իսկ այս երկրի (հայոց ) մանուկները դեռ դպրոցներումն են, և նրանցից դեռ ոչ ոք պատրաստ չէ քահանայության համար... Ուրեմն աղաչում ենք ձեզ, մեզանից մի խորշեք. այլ ամենայն վստահությամբ փութացեք գալ այդ մարդիկների հետ, որ ուղարկեցինք ձեզ մոտ: Եվ եթե կգաք, Հարքա և Եկեղյաց ամբողջ երկիրը ձեր առջև կդնենք. որ վիճակում և բնակվելու կլինիք` այն վիճակը ձերը կլինի, և կժառանգեն նրանք, որ ձեզանից հետո կհաջորդեն»:

Վերջին խոսքերից պարզ է, որ օտարազգի եկեղեցականները, հրավիրվելով Հայաստան, ստանում էին իրանց ցանկացած վիճակը իբրև ժառանգություն և, այնտեղ հոգևոր իշխանություն կամ կրոնական միաբանություններ հիմնելով, թողնում էին նույն վիճակը իրանց հաջորդներին:

Թե որքա՞ն եղավ այդ օտարազգի եկվորների ընդհանուր թիվը, հայտնի չէ, բայց այնքանը բավական հայտնի է, որ Լուսավորիչը դեռ յուր կենդանության ժամանակ կարողացավ Հայաստանի զանազան վիճակներում կարգել մինչև 400 եպիսկոպոսներ, ի բաց առյալ երեցները և վարդապետները:

Այդ մի խոշոր թիվ է: Ագաթանգեղոսի մեզ տված այդ թիվը` եթե չափազանցություն ևս համարվի, բայց այնքանը ճշմարիտ է, որ քրիստոնեությունը յուր հետ բերեց Հայոց աշխարհում օտարազգի եկեղեցականների բավական մեծ հոսանք:

Որպես երևում է վերևի նամակից, Լուսավորչի հիմնած դպրոցները, այնքան սուղ ժամանակում, որ տևեց նրա առաքելական կյանքը, անկարող էին բնիկներից այնքան թվով եկեղեցականներ պատրաստել: Իսկ հիշյալ եպիսկոպոսները կարգվեցան այն ժամանակ, երբ դպրոցները դեռ նոր էին հիմնվում: Ուրեմն, շատ պարզ է, որ այդ հոգևորականները, եթե ոչ բոլորովին, բայց, անտարակույս, մեծ մասամբ օտարազգիներ էին` հույներ և ասորիներ:

Բնիկներից փոքր ի շատե նախապատրաստություն ունեին քուրմերի որդիները: Դրանք սկզբից ուսում ունեին, և հետո, Լուսավորչի նոր հիմնած դպրոցները մտնելով, կարողացան շուտով քրիստոնեական կրթություն ստանալ և եպիսկոպոսական աստիճանի հասնել: Բայց դրանց թիվը այնքան աննշան էր, որ օտարազգիների հետ համեմատելով խիստ զգալի փոքրամասնություն էին կազմում: 12 եպիսկոպոսների անուններ միայն հայտնի են քուրմերի որդիներից, որոնց մեջ նշանավոր եղավ Ալբիանոսը:

Թեև դեռ Լուսավորչից առաջ Հայաստանում թաքնված քրիստոնեություն կար, և կային մինչև անգամ քրիստոնեական վանքեր, բայց այդ վանքերը ի վաղուց հետե սնուցանում էին իրանց նեղ և սահմանափակ շրջանում խստակյաց աբեղաներ և աշխարհից հրաժարված ճգնավորներ միայն, որոնք անընդունակ էին նոր հիմնված եկեղեցու վարչության մեջ ո՜րևէ պաշտոն վարելու: Ասպարեզը դարձյալ մնում էր օտարազգիներին:

Բացի վիճակային եպիսկոպոսություններից, որ վարչական պաշտոն էր, նոր հիմնված վանքերի վանահայրությունն ևս, Լուսավորչի օրերում, հանձնվեցավ օտարազգի կրոնավորներին: Նրանք կազմեցին վանական միաբանություններ, իհարկե, իրանց ազգայիններից, տիրեցին իրանց հանձնված վանքերի կալվածքներին, և այն աստիճան բռնացան, որ դարերից վերջը, երբ հարկավոր եղավ հեռացնել նրանց, մեծ դժվարությամբ կարողացան իրանց տեղից շարժել:

Արևմուտքում հռոմեական կայսրների հալածանքները, իսկ արևելքում դեռ անմեղ երկրի հրապուրանքը գրավեցին օտարազգի բախտախնդիր կրոնավորների մի ամբողջ հեղեղ դեպի Հայաստան, որտեղ երկրի նորահավատ թագավորը քրիստոնեական ոգևորությամբ յուր 620 գավառները նրանց առջևն էր դնում: Մի անգամ ստացած վանքը կամ վիճակը դառնում էր նրանց մշտական ժառանգություն:

Այդ օտարազգի կրոնավորները իրանց ազգակիցների միջոցով, որոնք առաջուց արդեն զետեղված էին հայոց վանքերում, այն աստիճան ճանաչում էին Հայոց երկիրը և նրա հարմարությունները, որ դեռ իրանք չեկած, կանխապես պայմանավորվում էին թագավորի և հայրապետի հետ, թե ո՜ր վիճակը, կամ ո՜ր վանքը կցանկանային ստանալ: Այստեղից շատ պարզ է, որ քրիստոնեությունը տարածելու առաքելական ոգին չէր, որ մղում էր նրանց դեպի Հայաստան, այլ լոկ շահախնդրություն, և կուսական երկրի առատաձեռն պատրաստակամությունը, որ նրանց ապահով պատսպարան էր ընծայում յուր գրկում:

Զենոբ Գլակը, ազգով ասորի, Տարոնի Իննակյան վանքի վանահայրը, յուր թղթի մեջ, որ ուղղված էր ասորոց եպիսկոպոսներին, ի թիվս այլոց այդպես է նկարագրում Հայոց երկիրը, հրավիրելով նրանց գալ Հայաստան:

«...Բայց դուք եթե կամենալով լինեք գալ այս երկիրը, բարություններով լի է այս երկիրը. տեղերը դաշտաձև են, անուշ օդով և բազմաջուր, իսկ չորս կողմում` լեռների վրա շատ ամրոցներ կան: Այս երկիրը բազմարոտ է և մեղրաբուխ. և` որպես մանանան իջնում էր երկնքից այնտեղ` հրեաների մոտ, նույնպես և այստեղ` այդ երկրում` իջնում է անտառների վրա և քաղցր է ավելի քան մեղր, որ կոչում են գազապեն... Այս երկիրը ամեն բարություններով լի է և աջողակ և առողջարար: Իշխանները կրոնավորասեր են և չարիքներ գործելուց մաքուր. աղքատասեր են և որբերի խնամատարներ. սիրում են հոգ տանել եկեղեցիներին և հոգաբարձու լինել նրանց պետքերին»:

Ահա՜ այսպես կազմվեցան կրոնավորների չորս տարբեր տարրեր:

Բնիկներից 1. պարթևական տարրը, այսինքն` Լուսավորչի տոհմը, 2. քրմական տարրը, այսինքն` քուրմերի որդիներից առաջացած հոգևորականությունը:

Իսկ օտարազգիներից 3. հունականը և 4. ասորականը:

Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին:

Լուսավորչի տոհմը ուներ յուր սրբազան անցյալը, որ նվիրագործված էր մեծահրաշ և վսեմ ավանդություններով, որ ժողովրդի սրտին և հավատին շատ մոտ էին, որ նրա համար անմոռանալի էին: Ժողովուրդը պաշտում էր այդ տոհմը և ընդունում էր նրան իբրև ամենաբարձր հոգևոր հեղինակություն: Այդ էր պատճառը, որ Հայաստանը սիրում էր այդ տոհմի մեջ միայն տեսնել յուր եկեղեցու ներկայացուցչին, նրա՜ն միայն արժան էր համարում հայրապետական աթոռը, և միշտ նրա բարերար ձեռքերումն էր փափագում տեսնել յուր ծայրագույն հովվապետի գավազանը: Այդ զգացմունքներից առաջ եկավ այն ժառանգական կաթողիկոսությունը, որ իջնում էր Լուսավորչի տոհմի մեջ որդվոց որդի:

Եվ այդ հայրապետական տունը, յուր գոյության ամբողջ ընթացքում, միշտ արդարացրեց ժողովրդի թե՜ հավատը և թե նրա փափագները: Նա միշտ մնաց անբիծ և անարատ, և ամենայն անձնանվիրությամբ կատարեց յուր հանձն առած բարձր հոգաբարձությունը: Իսկ այդ հոգաբարձությունը որքան սիրելի, որքան հաճելի էր ժողովրդի համար, նույնքան ծանր էր թագավորների համար: Ամենայն անաչառությամբ սանձահարում էր նա թագավորների մոլությունները և նրանց կամայականություններին սահման էր դնում: Նա, իրավ, ճնշում էր գործ դնում թագավորների վրա, բայց երբեք գահին չէր դավաճանում: Հայրենասիրությունը և արքայական թագի պաշտպանության գաղափարը այդ տոհմի գերագույն առաքինություններից մեկն էր:

Լուսավորչի հայրապետական տունը, յուր վեհափառության բարձր դիրքի համեմատ, արքայավայել կացություն ուներ: Ազգ տունը ավելի փայլ ստացավ Ներսես Մեծի օրում: Թագավորը այնտեղ մտնելու ժամանակ իրավունք չուներ նստելու, մինչև հայրապետը տեղ չցույց տար: Բայց հայրապետը թագավորի արքունիքը մտնելու ժամանակ ազատ էր ամեն տեղ նստելու: Ծառայողների և զանազան պաշոնակալների մի ստվար բազմություն միշտ ներկա էր այնտեղ: Տասնևերկու եպիսկոպոսներ հայրապետի անբաժան գործակիցներն էին և խորհրդակիցները: Չորս վարդապետներ և վաթսուն երեցներ միշտ անպակաս էին նրա սպասից: Աշխարհականներից մինչև հինգ հարյուր հոգի ամեն օր սեղան էին նստում: Բացի դրանցից, հայրապետը ուներ յուր այլ և այլ պաշտոնյաները, որպիսիք էին` սենեկապետ, փակակալ, Դրան եպիսկոպոս, դպրապետ, հյուրընկալ, սարկավագապետ, Դրան վարդապետ, Դրան երեց և այլն:

Հայրապետական տունը, Լուսավորչի բոլոր ժառանգների օրերում, փակված չէր այս կամ այն վանքի առանձնության մեջ: Այլ նա աշխարհից չէր անջատված և աշխարհի առջև միշտ բաց էր: Լուսավորչի ժառանգները, Աբրահամի, Իսահակի և Հակոբի նման. միևնույն ժամանակ, թե՜ ժողովրդի հայրեր էին և թե՜ գերդաստանի հայրեր: Նրանք բնակվում էին իրանց ընտանեկան խաղաղ շրջանում:

Մեծ էր փառքը հայրապետի, երբ նա որևէ տեղ էր գնում: Մի ամբողջ բանակ շարժվում էր նրա հետ: Մի քանի հարյուր սպառազինված ձիավորներ, յուր թիկնապահներից, ուղեկցում էին նրան: Մի քանի հարյուր եպիսկոպոսներ, վարդապետներ, երեցներ և այլ եկեղեցականներ, ջորիների վրա նստած, ընթանում էին նրա առջևից և ետևից: Ինքը հայրապետը նստած էր լինում կամ սպիտակ ջորու վրա, կամ կառքի մեջ, որ նույնպես տանում էին երկու սպիտակ ջորիներ, որ միայն թագավորն իրավունք ուներ գործածելու: Ջորիների թամբերը և այլ հանդերձանքը զարդարած էին լինում ոսկով: Հայրապետը սովորաբար երեսը ծածկված էր ունենում սև քողով: Առջևից տանում էին հայրապետական գավազանը և, իբրև սրբազան դրոշ, բարձր խաչվառը:

Կենցաղավարության և արարողությունների այդքան ընդարձակ, այդքան շքեղ կազմությունը շատ հասկանալի է, որ ահագին ծախքերի էր կարոտ: Հայոց թագավորներից հատկացրած 15 գավառների ամբողջ արդյունքները հազիվ կարողանում էին բավականացնել հայրապետական տան ծախքերը: Բացի այդ գավառներից, հայրապետական տունը ուներ յուր սեփական կալվածքները:

Ծագելով բարձր ազնվապետական տոհմից, ինքը Լուսավորիչը բավական կալվածքներ ուներ հայոց երկրում: Նրա հայրը, Անակը, Պարսկաստանից գալով Հայաստան և, անձնատուր լինելով հայոց Խոսրով թագավորին, վերջինս սիրով ընդունեց նրան, և նրա բնակության համար ընծայեց ընդարձակ կալվածքներ: Անակի վարմունքից հետո` այդ կալվածքները հարքունիս գրավվեցան: Բայց Տրդատը կրկին վերադարձրեց Անակի ժառանգներին, որոնց ներկայացուցիչն էր Լուսավորիչը: Այդ կալվածքների թվում էր Արամոնս ավանը, Կոտայքի գավառում, որ ծառայում էր Լուսավորչի տան համար իբրև ձմեռոց, և որը հետո վայելում էին նրա ժառանգները:

Լուսավորիչը ստացավ Տրդատից նաև այն ավաններից և գյուղերից շատերը, որոնք առաջ քուրմերի սեփականություն էին: Այդ գյուղերից մեկն էր Թորդանը, Դարանաղյաց գավառում, որ ծառայում էր հայրապետական տան համար որպես ամառանոց:

Թորդանը նշանավոր էր հեթանոսական դարերում իբրև հայոց նվիրական վայրերից մեկը: Այնտեղ կանգնած էին «Սպիտակափառ դից» տաճարները: Բայց Թորդանը ավելի երանելի դարձավ, երբ նրան վիճակվեցավ լինել հայոց բազմավաստակ Լուսավորչի զբոսավայրը: Այնտեղ էր այն սրբազան այգին, որ յուր ձեռքով մշակել էր հայոց առաքյալը: Այնտեղ անցուցանում էր նա յուր հանգստի ժամերը, և այնտեղ հանգստացան նրա և յուր ժառանգների սուրբ նշխարները:

Սկզբում քրմական կալվածք էր և Թիլ ավանը, Եկեղյաց գավառում: Նա գտնվում էր հռչակավոր Երիզայի հանդեպ: Գայլ գետը, մեջտեղից անցնելով, բաժանում էր հայոց այդ երկու նշանավոր սրբավայրերըԹիլը և Երիզան: Առաջինի մեջ կանգնած էր Արմազդի դստեր` Նանեի արձանը, իսկ երկրորդի մեջ` Անահիտի ոսկյա արձանը: Վերջինը նույն արձանն էր, որի գլխին պսակ չդնելու համար այնքան տանջանքներ կրեց Լուսավորիչը Տրդատից: Իսկ հետո, երբ Տրդատը քրիստոնեություն ընդունեց, հիշյալ երկու տաճարներն ևս կործանեց Լուսավորիչը: Թիլ ավանը ստացավ նա իբրև մշտական ժառանգություն: Այդ ավանում դրվեցան նրա որդիներից մի քանիսի շիրիմները:

Եվ այդպես, հայրապետական տունը, յուր բազմագումար ծախքերը լցուցանելու համար, ստանում էր 15 գավառների ամբողջ արդյունքը, և բացի դրանից, իբրև մշտական ժառանգություն, վայելում էր յուր սեփական գյուղերի և ավանների արդյունքները:

Լուսավորչի տան այդքան շատ կալվածներ գրավելը հետո ոչ սակավ դժգոհությունների պատճառ դարձավ նրա ժառանգների և Արշակունյաց վերջին թագավորների մեջ: Այդ թագավորները, որպես հետամուտ էին լինում նախարարների տիրած հողերը սահմանափակել, կամ բոլորովին նրանց տիրապետական իրավունքները ոչնչացնել, — նույնպես աշխատում էին, եթե ոչ բոլորովին գրավել հայրապետական տան կալվածքները, գոնե նրանց չափը զգալի կերպով փոքրացնել:

Մի անգամ Ներսես Մեծը եկել էր Տարոն յուր կալվածքներին այցելություն գործելու, գտնվում էր Աշտիշատի վանքում: Միևնույն ժամանակ Հայր Մարդպետ իշխանըթագավորի ներքինապետըշրջում էր յուր կալվածքներին այցելություն գործելու: Նրանք հանդիպեցան միմյանց հիշյալ վանքում: Որքան ևս Ներսես Մեծին հաճելի չէր այդ սոսկալի մարդու երեսը տեսնել, այնուամենայնիվ, նրա բարձր աստիճանին վայել ճաշ պատրաստել տվեց: Թագավորի «Հայր» էր կոչվում այդ ներքինին և, տիրելով արքայական կանանոցի վրա, տիրում էր, միևնույն ժամանակ, և արքայի սրտի վրա: Այնքան մեծ էր նրա ազդեցությունը, որ նախարարները և՜ ատում էին նրան, և՜ դողում էին նրանից: Նրա խորհրդովն էր ոչնչացնում Արշակը ամբողջ նախարարական ցեղեր և տիրում էր նրանց կալվածքներին:

Ճաշից առաջ Հայր Մարդպետ իշխանը գոռոզությամբ ճեմում էր գեղեցիկ հրապարակի վրա, որ գտնվում էր վանքի եպիսկոպոսական ապարանքի առջև: Այստեղից լի նախանձով և բարկությամբ նայում էր նա այն սքանչելի վայրերի վրա, որ պատկանում էին Ներսես Մեծին: Նրա սիրտը լցվեցավ անհնարին դառնությամբ: Երբ ճաշի ժամանակ փոքր-ինչ արբեցավ, այլևս չկարողացավ յուր տհաճությունը զսպել: Սկսեց խորին արհամարհանքով նախատել Տրդատին և առհասարակ Արշակունի թագավորներին, ասելով. — «Ինչպե՛ս այսպիսի արդյունավոր տեղեր տվեցին «կանանցահանդերձ» մարդկանց (այսինքն եկեղեցականներին, որ կանանց նման երկար զգեստներ էին հագնում)... Եվ եթե ես, Հայր Մարդպետս, կենդանի կմնամ և թագավորի մոտ կհասնեմ, այն ժամանակ այդ բոլորը, ինչ որ կա այստեղ, փոփոխել կտամ, — ամեն ինչ հարքունիս գրավել կտամ, և այս վանքը թագավորական սենյակներ կդարձնեմ ... »:

Ներքինապետի հանդգնությունը սաստիկ ազդեց Ներսես Մեծի վրա և նա, բնավ չակնածելով նրա ավագությանը, խստությամբ պատասխանեց, — Մեր տեր Հիսուս Քրիստոսը, որ պատվիրեց ամենևին աչքը չդնել ուրիշի ունեցածին, նա թույլ չի տա ագահությամբ հափշտակել յուր նվիրական վայրերը: Եվ բանսարկուն, որ անպատկառ սպառնալիքներ է կարդում, երբեք չի հասնի յուր չար նպատակներին, այլ յուր գործած անթիվ մեղքերը կխափանեն նրա անիրավ դիտավորությունները... »:

Ներքինապետը լռեց:

Սեղանին ներկա էր Շավասպ Արծրունին: Ներքինապետի լրբությունը, որով վիրավորեց մեծ քահանայապետին, սաստիկ զայրացրեց երիտասարդ իշխանին: Բայց նա զսպեց յուր բարկությունը:

Ճաշից հետո, երբ ներքինապետը նստեց յուր կառքը, կամենում էր գնալ, իշխանը տարավ նրան ճանապարհ դնելու: Նրանք ցած իջան Աշտիշատի վանքի բարձրությունից, մտան Եփրատի անտառախիտ ձորը: Այդ միջոցին իշխանը հրապուրեց նրան, ասելով, թե այդ անտառում գեղեցիկ սպիտակ արջեր է տեսել: Ներքինապետը դուրս եկավ կառքից, ձի նստեց, որ գնան որսալու: Երբ փոքր-ինչ հեռացան և մտան անտառի խորքերը, իշխանը ետևից նետով զարկեց ամբարտավանին և դիակը ծածկեց թուփերի մեջ...

Շավասպ Արծրունին ուներ և այլ պատճառներ ներքինապետին սպանելու:

Մինչդեռ Լուսավորչի տոհմը լարված մաքառման մեջ էր մարմնավոր իշխանության հետ, Հայաստանում աճում և հետզհետե ուժ էին ստանում մյուս եկեղեցական տարերքը: Նրանց զորանալուն նպաստում էր ինքը մարմնավոր իշխանությունը, որպեսզի թուլացնե պարթևների ազդեցությունը:

Որքան Լուսավորչի տոհմը սիրելի էր ժողովրդին, նույնքան նա անտանելի էր դարձել թագավորներին: Գուցե այդ ծանրությունը այնքան զգալի չէր լինի, եթե հայրապետական տունը գտնվեր Արարատից դուրս` մի այլ գավառում: Արշակունի թագավորները, որոնք, բացի թագաժառանգից, իրանց տոհմից մի այլ թագավորազնի չէին ներում Արարատում բնակություն ունենալ, — հանկարծ իրանց արքունիքի մոտ գտնում էին մի այլ տուն, մի սրբազան վեհարան, որ ոչ միայն համափառ և համապատիվ էր արքայական պալատին, այլ նրանից ավելի բարձր հարգանք էր վայելում: Թագավորից նեղվածները այնտեղ պաշտպանություն և ապաստան էին գտնում: Եվ այդպիսով, այդ վեհարանը ներկայացնում էր մի հակաթոռ իշխանություն, որ թուլացնում էր արքայական գահի բարձր նշանակությունը:

Այդ անընդհատ ընդհարումները արդեն թագավորին այն մտքին էին հասցրել, որ պետք էր ազատվել Լուսավորչի տոհմի ճնշումներից և ստեղծել մի նոր կաթողիկոսություն, որ ամեն հարաբերությունների մեջ ենթարկվեր թագավորի իրավասությանը: Տիրան Բ-ը առաջինը եղավ, որ ձեռնարկեց իրագործելու այդ նպատակը: Նրան նպաստեցին մի քանի հանգամանքներ:

Երբ Հուսիկ կաթողիկոսը չարաչար մահվամբ սպանվեցավ նույն իսկ Տիրանից, այդ ժամանակ Լուսավորչի տոհմի մեջ չգտնվեցավ մեկը, որ արժան լիներ հայրապետական աթոռին: Որովհետև, սպանված կաթողիկոսի երկու` որդիներըՊապ և Աթանագինեսծնված լինելով նույն Տիրան թագավորի դուստրից և ամուսնացած լինելով նրա երկու քույրերի հետ, արքայական տան հետ այդքան մերձ ազգակցության պատճառով բոլորովին զինվորական կրթություն էին ստացել և կաթողիկոսության վայել վարք չունեին: Իսկ Աթանագինեսի որդի Ներսեսը Կեսարիայյում դեռ ուսում էր առնում:

Ահա այդ հանգամանքներից օգուտ քաղելով, Տիրանը Փառեն կամ Փառներսեհ անունով մեկին կաթողիկոս ձեռնադրել տվեց, որը Աշտիշատի վանքիցն էր: Նա կատարելապես հնազանդվում էր թագավորին, ամեն գործի մեջ նրա կամքի համեմատ էր վարվում, և մինչև անգամ շողոքորթում էր նրան:

Այդ ժամանակ եկեղեցականների ագահությունը չափ և սահման չուներ: Պատմությունը թողել է մի քանի զզվելի օրինակներ թե որպիսի՜ անարգ միջոցներով այդ` աշխարհը ուրացած և կյանքից հրաժարված աբեղաները աշխատում էին հարստանալ, գյուղերի և կալվածքների տեր դառնալ:

Հիշյալ Փառեն կաթողիկոսի որդին էր Հոհան եպիսկոպոսը, որը ներկայանում էր որպես մի օրինակելի ագահություն: Այդ կեղծավորը իրան ցույց էր տալիս վերին աստիճանի ճգնասեր, խստակյաց և անփառասեր: Հագնում էր ցնցոտիներ, ման էր գալիս կիսամերկ, և մինչև անգամ սանդալներ չէր հագնում, այլ ամառը ոտները պատում էր «հեսկով» (ճիլոպով), իսկ ձմեռը «կեմով» (բույսերից հյուսած թոկերով):

Յուր օտարոտի զգեստավորությամբ շատ անգամ հայտնվում էր նա արքունիքը և սկսում էր Տիրան թագավորի առաջ զանազան հիմար խաղեր ու կատակներ անել: Պառկում էր չորս թաթիկների վրա, իրան ձևացնում էր որպես ուղտ, սկսում էր թռչկոտել և ուղտի նման ձայներ հանել, ասելով: «Ես ուղտ եմ... ես ուղտ եմ... թագավորի մեղքերը կտանեմ... դրեք իմ վրա թագավորի մեղքերը, որ ես տանեմ... »:

Իսկ թագավորը, յուր մեղքերի փոխարեն, դնում էր նրա մեջքի վրա գյուղերի և ագարակների պարգևական հրովարտակներ:

Այսպիսով հարստացավ նա և հարստացրեց յուր վանքը:

Որքան Լուսավորչի տոհմը խիստ և անաչառ էր դեպի բարձի մարմնավոր իշխանությունը, դրանք այնքան քսու և հաճոյամոլ դարձան: Որքան Լուսավորչի տոհմը ազնիվ էր և վեհանձն, դրանք այնքան ստորաքարշ դարձան:

Շնորհավաճառությունը այդ խաբեբաների ձեռքում հասել էր ամենավատթար անարգության: Մի անգամ նույնիսկ այդ Հոհան եպիսկոպոսը ճանապարհին հանդիպում է մի լավ հագնված երիտասարդի, որ նստած էր գեղեցիկ նժույգի վրա: Նժույգը հրապուրում է սրբազանին: Նա կանգնեցնում է երիտասարդին, հրամայում է ցած իջնել ձիուց: Երիտասարդը կատարում է նրա հրամանը: «Խոնարհեցրո՜ւ գլուխդ, — ասում է նրան եպիսկոպոսը, — ես պետք է քահանայության ձեռք դնեմ քո վրա»: Զարմացած երիտասարդը պատասխանում է. «Ես մի ավազակ, սպանող և չարագործ մարդ եմ, ես արժան չեմ մի այսպիսի պաշտոնի»: Եվ իրավ, երիտասարդը հենց նույն ժամին վերադառնում էր ասպատակությունից: Բայց եպիսկոպոսը ուշադրություն չէ դարձնում նրա ընդդիմադրությանը, բռնությամբ խլում է նրա վերարկուն, հագցնում է «աղաբողոն» (փարաջա) և ձեռքը գլխին դնելով, ասում է, «Ահա՜ քեզ երեց ձեռնադրեցի, հիմա գնա՜, քո գյուղի քահանան դարձի՜ր»: Հետո նստում է երիտասարդի նժույգի վրա, հեռանում է, ասելով. «Այդ էլ թո՜ղ իմ վարձը լինի... »:

Կաթողիկոսի որդին էր այդ անողը, երիտասարդը ի՜նչ համարձակություն ուներ նրան հակառակելու:

Նա ապշած, շփոթված գնում է յուր տունը, կնոջը պատմում է ճանապարհի վրա պատահած անցքը: Կինը ծիծաղելով հիշեցնում է նրան, թե դու մինչև անգամ մկրտված չես, ինչպե՞ս քահանա ձեռնադրվեցար: Երիտասարդը ստիպված է լինում կրկին գնալ եպիսկոպոսի մոտ և գտնում է նրան յուր վանքում: Երբ հայտնում է, թե ինքը դեռ քրիստոնյա չէ և մկրտություն անգամ չէ ընդունել, — այդ միջոցին եպիսկոպոսը վեր է առնում մի սափորով ջուր, թափում է նրա գլխին, ասելով. «Ահա՜ մկրտվեցար, այժմ կարող ես գնալ... »:

Ոչինչ սրբություն չէր կարողանում սանձահարել այդ ագահների ընչասիրությունը: Արշակ թագավորի Դրան երեցը, Մրջյունիկ անունով, կատարեց մի անօրինակ եղեռնագործություն, որի համար իբրև վարձ ստացավ Գոմկունք գյուղը, Տարոնի գավառում: Նա թագավորի երկրորդ կնոջից, Փառանձեմից կաշառվելով, սուրբ հաղորդության բաժակի մեջ թույն խառնեց և մատույց թագավորի առաջին կնոջը Ոլիմպիադային, որով և մեռավ նա:

Բարձր հոգևորականությունը մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկավ: Ի դեմս Լուսավորչի տոհմի, նա ձգտում էր իշխել և մինչև անգամ բռնանալ թագավորի վրա: Իսկ ի դեմս մյուս կաթողիկոսական տոհմերի, նա ընդունեց հլու կամակատար լինել:

Այդ մյուս տոհմերից ավելի ուժ էր ստացել այն սերունդը, որ մենք կոչեցինք քրմական տարր: Դրանց մեջ նշանավոր էր Ալբիանոսի տոհմը, որ սկսյալ Լուսավորչի և Խոսրով Բ-ի օրերից, պահպանում էր Մանազկերտի անընդհատ, ժառանգական եպիսկոպոսությունը:

Ալբիանոսի տոհմը ուներ յուր խորին անցյալը և յուր վաղեմի ավանդությունները: Առաջ գալով քրմական ծագումից, այդ տոհմի ներկայացուցիչները քրիստոնեական կրոնավորի զգեստի տակ դեռ պահպանում էին այն սովորությունները, որոնք հեթանոսական բնավորություն ունեին, գոնե իրանց հարաբերությունների կողմից դեպի թագավորը: Հին քուրմը, նոր կրոնի քահանայի կերպարանքով, գիտեր, թե ի՜նչպես պետք է վարվել թագավորի հետ: Եվ թագավորները սկսեցին նրանց առաջ քաշել և ուժ տալ:

Այդ տոհմը սկսեց համարձակ կերպով մաքառել Լուսավորչի տան հետ, որ միշտ պահպանել էր յուր անարատությունը, — սկսեց հետամուտ լինել գրավելու հայրապետական աթոռը, որ միայն Լուսավորչի տան ժառանգություն էր: Քսությունը, բանսարկությունը, թագավորի և նախարարների բոլոր հաճույքները կատարելըահա այն գլխավոր զենքերը, որով նրանք մրցում էին Լուսավորչի տան հետ և որով աշխատում էին իրանց նպատակին հասնել: Եվ թագավորին ու նախարարներին այս տեսակ կամակատարներ էին հարկավոր և ոչ Լուսավորչի ժառանգների նման անաչառ, կրոնասեր կաթողիկոսներ, որոնք, մարմնավոր իշխանության հակառակ, միշտ ներկայանում էին մի մեծ, ընդդիմադիր զորություն:

Շողոքորթները տարան հաղթությունը:

Ներսես Մեծի ցավալի վախճանից հետո Լուսավորչի հայրապետական աթոռը գրավեցին Հուսիկը, Զավենը, Շահակը և Ասպուրակեսը: Այդ չորսն էլ, որ մինը մյուսից հետո կաթողիկոսներ դարձան, Աբլիանոսի որդիներից էին և քրմական ծագումից:

Այդ կաթողիկոսները մարմնավոր իշխանության բարձր ներկայացուցիչներին նմանվելու մեջ այնքան հեռու գնացին, որ հոգևոր կաթողիկոսությունը դարձրին մի տեսակ նախարարություն և նախարարների նման էին ապրում: Շրջում էին ոսկեսանձ, ոսկեսարաս նժույգներով, որ հոգևորականներին վայել չէր նստել: (Հոգևորականները սովորաբար ջորիներ էին նստում, կաթողիկոսը սպիտակ գույնով, իսկ նրանից ստոր աստիճան ունեցողները` հասարակ գույներով): Հագնում էին սամուրենի, կընդմենի, որ հոգևորականներին արգելված էր կրել: Հագնում էին գույնզգույն նարոտներով, ժապավեններով և ոսկեհուռ ծոպերով զարդարած հագուստներ: Եվ իրանց պճնասիրությունը այն աստիճան ծայրահեղության հասցրին, որ իրանց անզուսպ հաճույքներին բավականություն տալու համար սկսեցին մինչև անգամ զինվորական զգեստներ հագնել: Զավենը առաջին օրինակը տվեց զինվորական զգեստներ հագնելու, և նրան հետևեցին նրա հաջորդները:

Հաջորդ էջ