Րաֆֆի՝   Սամվել

Լուսավորչի տան անկումից հետո, մինդեռ բարձր հոգևոր իշխանությունը այս տեսակ անկարգության մեջ էր, Հայաստանում լուռ ու մունջ աճում և հետզհետե զորանում էր օտարազգի կրոնավորների տարրըհունականը և ասորականը:

Թեև քրիստոնեության մուտքի սկզբում, բնիկներից պատրաստի անձինք չլինելու պատճառով, նրանց հանձնվեցան մինչև անգամ վիճակային եպիսկոպոսություններ, — բայց որովհետև վիճակային եպիսկոպոսությունը հայոց հոգևոր կառավարության մեջ ներկայացնում էր մի տեսակ ինքնուրույն և ինքնակա իշխանություն, որ, բացի հայնմանե, որ կենտրոնացած էր յուր մեջ, այլ պահպանվում էր միևնույն տոհմի մեջ իբրև ժառանգություն, — այդ պատճառով, այդ պաշտոնը առնվեցավ օտարներից և հետզհետե գրավեցին բնիկներըազգով հայ եկեղեցականները:

Օտարազգի կրոնավորների ձեռքում մնացին վանքերը, վանական միաբանությունները և անապատները:

Թե յուրաքանչյուր վանքում որքա՞ն էր դրանց թիվը, բավական է բերել մի օրինակ, որ երբ սուրբ Եպիփանը թողեց Հայոց երկիրը և վերադարձավ Հունաստան, նա յուր ջանքերով հաստատած շատ կրոնական միաբանություններ թողնելուց հետո, տարավ յուր հետ միայն յուր ձեռնասուն աշակերտներից 500 հոգի:

Այդպես է նկարագրում ժամանակի պատմագիրը այդ անապատականների կյանքը.

...«Բնակվում էին անապատներում, առանձնացած էին երկրի քարանձավներում, ժայռերի այրերում և խոռոչներում: Միայն մեկ հանդերձ ունեին, շրջում էին բոբիկ ոտներով, կերակրվում էին խոտերով, ընդեղեններով և արմատներով: Գազանների նման թափառում էին լեռների մեջ, պատած էին մաշկերով և այծի մորթիներով, և անապատներում մոլորված, աստուծո սիրո համար, խորին նեղության մեջ, տանջվում էին ցրտից, տոթից, քաղցից և ծարավից: Եվ իրանց կյանքի ամբողջ օրերը այսպիսի համբերությամբ էին տանում, բոլորովին ունայն համարելով այս աշխարհը... և թռչունների երամների նման բնակվում Էին ապառաժների խոռոչներում կամ քարանձավների խորքերում, առանց որևէ կայք կամ ստացվածք ունենալու, առանց որևէ խնամք կամ դարման տանելու իրանց մարմնին»:

Օտարազգի կրոնավորները, որոնք լցրել էին հայոց անապատներն ու վանքերը, կամ այս տեսակ ճգնավորներ էին, որոնց կրոնամոլությունը հասնում էր վերին աստիճանի մոլեռանդության, — կամ խիստ ամուր հաստատությամբ կազմակերպված կղերական միաբանություններ էին, որոնք հարստահարում էին երկրի արդյունքները հօգուտ իրանց վանքերի:

Առաջիններըանապատականներըանձնուրացությունը, կյանքից և աշխարհի վայելչություններից հրաժարվիլը ընդունելով իբրև միակ փրկարար հոգևոր գաղափար, իրանց սպանիչ օրինակներով մեռցնում էին ժողովրդի մեջ ամեն կյանք, ամեն աշխույժ և ամեն ձգտումն դեպի հառաջադիմություն: Ժողովրդի մեջ վհատություն և ունայնասիրություն զարգացնելով, կտրում էին նրան թե՜ աշխարհից և թե՜ գործունեությունից: Իզուր չստացան նրանք «խոստաճարակ» անունը, որով մարդը հավասարացրել էին անասունի:

Միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, նրանք սպանում էին ժողովրդի քաջազնական ոգին: Թե ո՜րքան աննպաստ կարող էին լինել այդ տեսակ քարոզները ժողովրդի պահանջներին, այդ մասին բավական է ի նկատի առնել Հայաստանի աշխարհագրական դրությունը, թե որպիսի՜ դրացիներ ուներ նա և որպիսի՜ բարբարոսներով էր շրջապատված նա: Մի ժողովուրդ, որ սուրը ձեռքում ամեն րոպե պետք է հսկեր, թե ո՜ր կողմից է գալիս թշնամին, — նրան ասում էին` սուրդ ցած դի՜ր մտի՜ր քարանձավների մեջ, և քո հոգու համար աղոթի՜ր... աշխարհը չարժե այնքանին, որ մարդ նրա համար մտածեր...

Տրդատ մեծը առաջինը եղավ, որ հետևեց այդ խրատներին և այն սուրը, որ հայոց դրացիների վրա սարսափ էր տարածում, ցած դրեց և մտավ Սեպուհ լեռան այրերի մեջ:

Բայց դրացիներն ավելի լավ էին հասկանում իրանց գործը: Այդ մասին պատմությունը տալիս է մեզ մի շատ ինքնուրույն և ժամանակի բնավորությանը խիստ հատկանիշ օրինակ:

Երբ Լուսավորչի թոռ Գրիգորիս կաթողիկոսը, քրիստոնեություն տարածելով, հայտնվեցավ Աղվանից աշխարհում, և երբ հանդիման եղավ Մազքութների Սանեսան թագավորին, յուր քարոզի մեջ, ի թիվս այլ խրատների, հայտնեց այն միտքը, թե «Ատելի է աստծուն ավարառությունը, հափշտակությունը, սպանությունը, ագահությունը, ուրիշներին զրկելը, այլոց սեփականության աչք դնելը» և այլն: Նրան բարկությամբ պատասխանեցին. «Եթե չհափշտակենք, եթե այլոց ունեցածը ավարի չառնենք, ուրեմն ինչո՞վ պետք է ապրենք մենք և մեր զորքերի բազմությունը»: Հետո թագավորը և ավագանին իրանց մեջ խորհեցին. «Դա եկել է և այդպիսի քարոզներով կամենում է զրկել մեզ մեր կյանքի պետքերը հայթայթելու քաջությունից. եթե դրան լսելու լինենք, և ընդունենք քրիստոնեական օրենքները, այն ժամանակ կխափանվին մեր ապրուստի միջոցները...»: Եվ ավելացրին. «Այդ հայոց թագավորի խորամանկությունն է, դրան ուղարկել է մեզ մոտ, որ այդ ուսմունքով խափանե մեր ասպատակությունները և մեր արշավանքները յուր աշխարհից դադարեցնե. եկեք դրան սպանենք, և հետո արշավենք դեպի Հայաստան և ավարով լցնենք մեր աշխարհը... »:

Այդպես էլ արեցին. աստուծո մարդուն կապեցին մի կատաղի ձիան պոչից և բաց թողին Վատնյան դաշտի տարածության վրա:

Այժմ պարզ է, թե ի՞նչ տեսակ դրացիներ ուներ Հայաստանը: Եվ աղվանները դեռ ամենալավ դրացիներն էին: Իսկ հայերը պետք է քրիստոնեական հեզությամբ այդ բարբարոսների հետ մրցեին...

Օտարազգի կրոնավորների մեծ մասը, որպես հիշվեցավ, վերևում նկարագրած անապատականներն էին, որ իրանց սպանիչ օրինակով մեռցնում էին ամեն կենդանություն: Մնացյալները զանազան կղերական միաբանություններ էին, որ գրավել էին վանքերը: Որքան առաջինները արհամարհում էին կյանքը և աշխարհի վայելչությունները, նույնքան վերջինները ամեն հնար գործ էին դնում հարստացնելու իրանց վանքերը:

Ցավալին այն էր, որ դրանք էին հայոց վարժապետները: Այն բոլոր դպրոցներում, որ հիմնվեցան Լուսավորչի ձեռքով, Տրդատի օրերում, և այն բոլոր դպրոցներում, որ հիմնվեցան Ներսես Մեծի ձեռքով, Արշակ Բ-ի օրերում, — բոլորի մեջ տիրապետում էին հունաց և ասորոց լեզուները, բոլորի մեջ ուսումը ավանդվում էր հունաց և ասորոց գրքերով: Ուսման նպատակը լինելով` ծանոթացնել քրիստոնեության և սուրբ գրքերի հետ, իսկ սուրբ գրքերը գրված լինելով հիշյալ լեզուներով, — այդ պատճառով նրանք դարձան դպրոցական լեզու: Հայոց լեզուն, հայոց գիրն ու դպրությունը արտաքսվեցան հայոց ուսումնարաններից, որովհետև դեռ սուրբ գրքերի թարգմանություններ չէին եղած, և հայկական դպրությունը տակավին մնացել էր յուր հեթանոսական բովանդակության մեջ, և այդ պատճառով արհամարհված էր:

Այդ հունական և ասորական դպրոցները, որ կառավարվում էին հույն և ասորի կղերի ձեռքով, կարող էին ավելի վտանգավոր լինել, եթե դուրս գային վանքերի պարիսպներից և տարածվեին ժողովրդի մեջ: Բայց վանքերի մեջ փակված լինելով, ժողովուրդը, թեև չէր օգտվում նրանցից, բայց գոնե չէր էլ վարակվում: Նրանք պատրաստում էին միայն հոգևորականներասորոց և հունաց լեզուներով կրթված հոգևորականներ:

Այդ օտար, հայի համար խորթ և անհասկանալի լեզուները տիրապետում էին և հայոց եկեղեցիներում: Բոլոր սուրբ գրքերը և բոլոր աղոթքներն ու մաղթանքները այդ լեզուներով էին կատարվում: Ժողովուրդը ոչինչ չէր հասկանում և ոչինչ էլ չէր շահվում եկեղեցուց: Այդ էր պատճառը այն խորին դանդաղկոտության որով քրիստոնեությունը տարածվում էր Հայաստանում:

Հայոց լեզուն մնացել էր հեթանոսական հին երգերի մեջ, որ դեռ երգում էր ժողովուրդը, որ դեռ սիրում էր ժողովուրդը: Հայոց լեզուն մնացել էր հեթանոսական հին արարողությունների մեջ, որոնցից դեռ բոլորովին չէր բաժանվել ժողովուրդը: Հայոց լեզուն մնացել էր նույնիսկ ժողովրդի բերանում, որ հալածում էր օտարազգի կղերը:

Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է, թե ինչ կործանիչ ազդեցություն կարող էին ունենալ այնքան բազմաթիվ վանքերն իրանց օտարազգի կրոնավորներով, երբ ժողովուրդը յուր հոգեվոր և մտավոր կրթությունը պետք է այդ անհարազատ ձեռքերից սպասեր:

Օտարազգի կրոնավորները երկար չմնացին իրանց ճգնավորական կեղևի մեջ: Հարստությունը հետզհետե խլեց այն կեղծ բարեպաշտական դիմակը, որով ծածկված էին նրանք: Աշխարհի փառքն ու վայելչությունները արհամարհող աբեղաները, որոնք առաջ ցնցոտիներով էին ծածկում իրանց մերկությունը, բոբիկ ոտներով էին շրջում, միայն արմատներով ու բույսերով էին կերակրվում, — երբ հարստացան և հարստացրին իրանց վանքերը, սկսեցին ոչ միայն չափազանց շռայլ կյանք վարել, այլ բոլորովին այլ փառասիրությունների ձգտել:

Յուր տեղում հիշվեցավ, որ Արշակունյաց վերջին թագավորները մասամբ ուղղեցին Տրդատի սխալը նրանով, որ օտարազգի կրոնավորներին թույլ չէին տալիս եկեղեցու վարչական պաշտոնների մեջ մտնել, որպիսի էր վիճակային եպիսկոպոսությունը, բայց միայն համբերում էին նրանց վանքերին, որ մի անգամ ձեռք էին ձգել: Բարձր հոգևոր իշխանությունըկաթողիկոսությունըմիայն Լուսավորչի տան ժառանգությունն էր, որ հետո ժամանակավորապես Ալբիանոսի տոհմի ձեռքն անցավ: Իսկ վիճակային եպիսկոպոսությունների պաշտոնը վարում էին նույնպես բնիկները, միայն ազգով հայ եկեղեցականները: Բացառություններ խիստ սակավ էին լինում:

Բայց Արտաշես Գ-ի թագավորության վերջին օրերում` օտարազգի կրոնավորները հետամուտ են լինում ոչ միայն հայոց վիճակների եպիսկոպոսությունները գրավելու, այլ մինչև անգամ հայրապետական աթոռը իրանց ձեռքը ձգելու: Ժամանակի քաղաքական դառն հանգամանքները նպաստեցին նրանց: Արշակունյաց իշխանությունը անկման վիճակի մեջ էր. թագավորի մեջ այլևս զորություն չէր մնացել: Նախարարների մեջ տիրում էր անհաշտ երկպառակություն: Նրանք ապստամբվել էին Արտաշեսի դեմ և ավելի բարվոք էին համարում օտարի ծանր լուծը կրել, քան իրանց թագավորին խոնարհվել: Հայաստանը հոգեվարքի մեջ էր: Մնում էր վերջին հարվածը, որ տար պարսիկը և Արշակունյաց, տան վերջին շառավիղը հանգչեր...

Ահա այդ տագնապի միջոցներում օտարազգի կղերը աշխատեց օգուտ քաղել հանգամանքներից: Նա հայոց կաթողիկոսի ընտրության մեջ, որ վաղեմի ավանդություններով կախված էր միայն հայոց թագավորից, հայոց նախարարներից և հայոց ժողովրդից, խառնեց օտարի նենգավոր ձեռքը: Սուրմակը առաջինը եղավ, որ այդ դավաճանության օրինակը տվեց, և պարսից Վռամ թագավորի հրամանով հայրապետական աթոռը բարձրացավ: Նրան հաջորդեցին Բրքիշո և Շմուել ասորիները, դարձյալ պարսից թագավորից նշանակվելով: Թե որպիսի՜ ագահությամբ այդ մատնիչները սկսեցին այնուհետև վիճակները գրավել և եպիսկոպոսների ժառանգությունները հափշտակել, — այդ մասին պատմությունը թողել է խիստ պախարակելի օրինակներ:

Այդ դավաճանները դարձան պարսից թագավորի ձեռքում մի անարգ գործիք և հայոց ազատ եկեղեցու բոլոր կարգերի մեջ խառնեցին նրա կործանիչ միջամտությունը: Եպիսկոպոսների ձեռնադրությունը և նրանց վիճակներ տալու իրավունքն անգամ` կախումն ստացավ պարսից թագավորից: — Հայոց կաթողիկոսը դարձավ պարսից մարզպանի ընկեր և գործակից, որի կառավարությանը ենթարկվեցավ այդ ժամանակ Հայաստանը:

Այդ բոլոր ցավալի դեպքերը կատարվեցան այն ժամանակ, երբ Լուսավորչի տան վերջին ժառանգը, Սահակ Պարթևը, տակավին կենդանի էր: Թեև ասորին պարսից բռնակալ ձեռքով հափշտակեց նրանից հայրապետական աթոռը, բայց նա արդեն յուր գործը կատարել էրՀայաստանի փրկության մեծ գործը: Նա հեռացավ ասպարեզից, բայց հաղթությունը յուր հետ տարավ: Յուր տոհմի մեջ վերջինը լինելով, նա հասցրեց և վերջին ամենասաստիկ հարվածը, որով խորտակեց օտարազգի կղերի ամբողջ ապագան: Մարգարեական ոգով նախագուշակելով գալոց վտանգները, նա այդ վտանգների դեմ մի ամուր պատնեշ դրեց: Արդարև, Արշակունյաց արքայական գահը ընկավ, հայրապետական աթոռը պարսից վերահսկողությանը ենթարկվեցավ, բայց նա ազատեց եկեղեցին, ազատեց ազգը: Ինչո՞վ:

Մեծ հայրապետը, յուր գործակից Մեսրոպի աջակցությամբ, ստեղծեց հայոց գիրը և նոր դպրությունը: Հայոց լեզուն սկսեց թագավորել թե՜ հայոց դպրոցներում և թե՜ հայոց եկեղեցիներում: Հայը սկսեց յուր լեզվով աղոթել և յուր լեզվով կարդալ: — Եվ դրա մեջն էր օտարազգի կղերի մահը: Մինչ այդ ժամանակ, ինչպես տեսանք, հունաց և ասորոց լեզուներն էին տիրապետում հայոց դպրոցներում. հույները և ասորիներն էին հայոց վարժապետները. նրանց լեզուներն էին տիրապետում և հայոց եկեղեցիներում: Բայց հայկական տառերի գյուտից հետո արտաքսվեցան նրանք: Բոլոր սուրբ գրքերը թարգմանվելով մայրենի լեզվով, թե՜ եկեղեցին և թե՜ դպրոցը դարձավ բուն ազգային և ազատվեցավ օտարազգի կղերի հոգաբարձությունից: Իսկ նրանց դավաճանությամբ հափշտակված կաթողիկոսությունը տևեց խիստ սակավ ժամանակ:

Ահա՜ այդպես, Լուսավորչի տոհմի վերջին Լուսավորիչը, Սահակ Պարթևը, սկիզբը դրեց հայոց վերածնելության «Ոսկյա դարին», որով կրկին կենդանացավ Հայաստանը, և ընկավ խավարի թագավորությունը ...

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ

ՄԵԿԸԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՄՅՈՒՍԸԱՐԵՎԵԼՔՈՒՄ

I

ՊԱՏՄՈՍ

Ծովը լուռ էր: Ալիքները զգուշությամբ զարկվում էին Պատմոս կղզու ապառաժոտ ափերին, վախենալով, միգուցե խանգարեն նրա երեկոյան խաղաղությունը: Արեգակը արդեն սկսել էր թեքվել դեպի յուր հանգստարանը: Նրա վերջին ճառագայթները մի առանձին սիրելությամբ շողշողում էին ափերի մոտ սփռված սպիտակ խճերի և ոստրեների նախշուն խեցիների վրա և, կարծես, դժվարանում էին բաժանվել այդ գեղեցիկ առարկաներից:

Այդ մենավոր կղզին այնպիսի տպավորություն էր գործում, որ կարծես, մի փոքրիկ սունկի նման բուսած լիներ ջրերի տակից: Ծովը վաղուց կրկին կուլ տված կլիներ նրան, եթե նրա վրա բնակվելիս չլիներ մի սրբազան անձնավորություն:

Ջրերով շրջապատված, համարյա թե անջուր էր նա: Ոչ մի գետ, ոչ մի վտակ չէր ոռոգում նրա շռայլ կանաչազարդությունը: Ինքը ծովը, յուր խոնավ և լի գոլորշիներով մթնոլորտով, որպես մի զովարար ջերմանոց, պահում էր նրան մշտական զվարթության մեջ: Նրա անհավասար, կոնաձև մակերևույթի վրա ամեն բույս աճել, ամեն բույս բազմացել էր` յուր անզուսպ վայրենության մեջ: Տեղ-տեղ քմահաճ թզենին յուր մերկ արմատներով քարշ էր ընկած ժայռերի ծերպերից և յուր լայն տերևներով ծածկում էր ապառաժների կուրծքը: Տեղ-տեղ նռնենին ժպտում էր յուր վառ-ծիրանեգույն ծաղիկներով: Տեղ-տեղ հսկա կիպարիսը համբուրվում էր ամպերի հետ: Արեգակի ճառագայթները բոլորովին անզոր էին թափանցելու նրա սաղարթախիտ թանձրության մեջ, ուր պահպանվում էր խիստ ախորժելի, խիստ սրտապարար զովություն: Այնպես էր թվում, որ այդ կղզու ստեղծման օրից մարդկային բարերար ոտքը երբեք չէր շոշափել նրա ամայությունը: Այնտեղ չկային և անասուններ: Երբեմն սպիտակ ճագարը ոստոստալով հայտնվում էր յուր դարանից, երկչոտ կերպով նայում էր յուր շուրջը և դարձյալ անհետանում էր խիտ մացառների մեջ: Թռչուններն անգամ չէին համարձակվում չափել ծովի անհուն տարածությունը և մերձենալ նրա անհյուրընկալ ափերին: Միայն աներես ճնճղուկը, մի քանի տեսակ երգեցիկ ծտերի հետ իրանց անհանգիստ ճիչ ու աղմուկով խռովում էին տիրող լռությունը:

Բայց կղզում բնակիչներ կային, թեև նրանց թիվը երեք հոգուց ավելի չէր:

Ահա՜ այնտեղ, ափի մոտ, մեկը նստած է ավազների վրա և անթարթ աչքերը հառած է դեպի ջուրը: Նրա սուր աչքերը թափանցում են մինչև պարզ ու վճիտ հատակը: Այնտեղ դրած է մի կողով, ձկնորսների ծուղակի նման կազմված մի կողով: Նա նայում է այդ կողովի վրա: Քարերի բեկորներից մի բոլորակ պատնեշ է շինված նրա շուրջը, որ ալիքներն իրանց հետ չտանեն: Այդ բոլորակի մեջ լճացել է ջուրը, որը ծովի հետ հաղորդակցություն ունի արհեստական նեղուցով:

Մի այլ երիտասարդ, առաջինից փոքր-ինչ հեռու, նստած է նույնպես ավազների վրա և ինչ-որ մի բան է շինում: Նրա առջև ածած են ամուր կայծքարի մեծ և փոքր կտորտանք: Նրանցից մեկը բռնած ունի յուր ձեռքում, երբեմն լեսում է, երբեմն հղկում է, մի այլ քարի կտորի վրա քսելով: Իսկ երբեմն մատով փորձում է, թե որքան սրվեցավ նա: Նա նմանում էր այն նախնական մարդիկներին, որ մի ժամանակ քարից իրանց համար զենք էին պատրաստում: Բայց նրա պատրաստածը զենք չէր, թեև տապարի ձև ուներ: Նա գործիք էր շինում, — և տաշելու գործիք: Երբ հոգնեցավ, ձեռքը նեցուկ տվեց գլխին, նայում էր դեպի ծովի մուգ-կապտագույն տարածությունը:

Երկու երիտասարդներն ևս լուռ էին և հազիվ խոսում էին միմյանց հետ: Յուրաքանչյուրը զբաղված էր յուր գործով, յուրաքանչյուրը խորասուզված էր յուր խոկումների մեջ: Նրանց թերմաշ հագուստը, որ կրոնավորի զգեստի պատկառելի ձևն ուներ, բոլորովին կորցրել էր յուր վայելչությունը: Պատառոտած ծվենները, երևի, ասեղի և թելի չքության պատճառով, կապած էին միմյանց հետ զանազան հանգույցներով: Տեղ-տեղ ձկան սրածայր ոսկրը, քորոցի փոխարեն, կցում էր մի պատառը մյուսի հետ: Իսկ այդ ողորմելի հագուստը մի ժամանակ ունեցել էր յուր վայելչությունը, ունեցել էր և յուր շքեղությունը: Այժմ նրանց քրքրված պատառներր կարծես լալով ասում լինեին միմյանց, «Եթե մենք էլ ցած թափվենք, այլևս ինչ կմնա այդ խեղճերի վրա…»:

Այդ թշվառ հագուստի մեջ անգամ դեռ փայլում էր երկու երիտասարդների հարգելիությունը: Գոհ էին նրանց խաղաղ դեմքերը, երկնային մխիթարությամբ վառվում էին նրանց զվարթ աչքերը: Երևում էր, նրանք վաղուց հաշտվել էին իրանց աննախանձելի վիճակի հետ:

Հասակով շատ չէին տարբերվում միմյանցից, երկուսն էլ քսանևհինգ տարեկանից ավելի չէին լինի: Տարբերվում էին միայն կազմվածքով ու դեմքով: Մեկը որքան ամուր էր կազմված, մյուսը նույնքան նրբակազմ էր և թույլ: Մեկը որքան սևուկ էր դեմքով, մյուսը նույնքան ճերմակ էր, և խարտյաշ գիսակները ծածանվում էին ուսերի վրա: Առաջինի անունն էր Տիրանամ, որ կրճատյալ ձևով կոչում էին Տիրե, իսկ երկրորդինը` Ռոստոմ: Այդ վերջինն էր, որ նստած էր ափի մոտ և նայում էր կողովի վրա: Նրա խաժ աչքերը տեսնում էին, թե ինչ է կատարվում ջրի պարզ խորության մեջ:

Որքա՛ն խորամանկ են դարձել այդ անիրավները, — ընդհատեց նա տիրող լռությունը: — Մոտենում են կողովին և կարծես, հոտ են քաշում, պտտվում են նրա շուրջը, և դարձյալ հեռանում են: Ա՛խ, եթե մի կտոր երկաթ լիներ, ես դրանց համար մի կարթ կշինեի

Նրա խոսքը ձկների մասին էր: Նա թողեց յուր բռնած դիրքը, եկավ, նստեց առաջինի մոտ, որին կոչում էին Տիրե:

Բայց իմ գործր այսօր լավ է գնում, պատասխանեց Տիրեն, — եթե այդ էլ վերջացնեմ, երկրորդ տապարը կլինի... դեռ արև շատ կա. նա նայեց դեպի երկինքը, ավելացնելով. — քարը վատ է, շուտ է բթանում, մի օր բանեցնում ես, այլևս ոչինչ չէ կտրում, պետք է միշտ սրել... — Նա սկսեց մատով փորձել տապարի սուր կողմը:

Սրի՛ր, սիրելի Տիրե, — ասաց Ռոստոմը մի առանձին փափագով.— երբ որ բութ է լինում, այդ սաստիկ հոգնեցնում է նրան... Ա՛խ, ո՜րքան աշխատում է նա... Այսօր առավոտյան (դու դեռ քնած էիր, չնկատեցիր) տեսնում եմ դուրս եկավ յուր քարանձավից, ուշիկ քայլերով անցավ մեր մոտով, որ չխանգարե մեր քունը: Հետո դիմեց դեպի աղբյուրը, որ մի հրաշքով բխեցրեց, երբ այդ կղզում խմելու ջուր չէինք գտնում: Այնտեղ լվացվեցավ և, ծունր դնելով ավազների վրա, սկսեց կատարել առավոտյան աղոթքը: Երբ վերջացրեց, վեր առեց տապարը, գնաց անտառը բանելու: Երկար ես լսում էի նրա տապարի ձայնը, որ հնչվում էր մեղմ սաղմոսերգության հետ: Այլևս քնել չկարողացա: Լույսը բացվեցավ, արևը ծագեց, նա դեռ աշխատում էր: Եվ մինչև այժմ, որ արևը մտնելու մոտ է, նա դեռ աշխատում էՉեմ կարողանում առանց արտասուքի նայել նրա վրա, սիրելի Տիրե, որքա՛ն մաշվել է, որքա՛ն ուժաթափ է եղելԻնչո՞ւ է այդքան հոգնեցնում իրան

Շտապում էշա՜տ է շտապում... Գիտե՞ս, սիրելի Ռոստոմ, ո՜րքան ժամանակ է, որ մենք այստեղ բանտարկված ենքՀիմա ի՞նչեր չեն պատահել մեր աշխարհում... Ո՞վ գիտե, թե ի՞նչ է անում թագավորը, ի՞նչ են անում նախարարները, և կամ այլևս ի՞նչ անկարգություններ է հարուցել ՇապուհըԻսկ մենք ոչինչ տեղեկություն չունենք: Հիշո՞ւմ ես, որպիսի՜ խռովյալ դրության մեջ թողեցինք մեր երկիրըՈւրեմն, ինչպե՞ս կարող է համբերել նա: Նրա սիրտը այնտեղ է-հայրենի աշխարհում: Նրա անխոնջ ոգին ձգտում է մի րոպեում անցնել օվկիանոսի անհուն տարածությունը, գնալ, հասնել սիրելի երկիրը, և դարման տանել նրա վերքերին:

Ա՛խ, ե՞րբ պիտի վերջանա այդ նավակը... — ձայն տվեց Ռոստոմը և նրա գեղեցիկ դեմքը մռայլվեցավ խորին թախծությամբ:

Կվերջանա, շուտով կվերջանա… — պատասխանեց Տիրեն մի առանձին վստահությամբ: — Առաջիկա լուսինը մեզ այլևս այստեղ չի տեսնի

Վերջին խոսքերը բավական քաջալերեցին Ռոստոմին և նա, ձեռքը մեկնելով դեպի ընկերը, խնդրեց.

Տո՜ւր ինձ, փոքր-ինչ օգնեմ քեզ:

Դու վեր առ այդ մյուս կտորը:

Նա վեր առեց մի կտոր կայծքար, որ դեռևս հարթած չէր, սկսեց հղկել:

Աշխատանքը նրան այնքան չէ հոգնեցնում, — առաջ տարավ Տիրեն, — նա խիստ փոքր է քնում, համարյա ամենևին չէ քնում: Ես շատ անգամ նկատել եմ, գիշերը վեր է կենում, սկսում է լուռ, մտախոհ կերպով թափառել կղզու շուրջը: Մի քանի տասնյակ անգամ պտույտներ է գործում, հետո նստում է ծովի ափի մոտ և անշարժ նայում էՆայում է դեպի այն կողմը, ուր թողեց յուր կորցրած փառքը... Նայում է դեպի այն կողմը, ուր անտեր մնաց յուր հոտն ու եկեղեցինԵվ երկար այնպես նստած է մնում, մինչև արևը ծագում է, և առաջին ճառագայթները հիշեցնում են նրան, թե ժամանակ է կրկին սկսել աշխատանքը

Ռոստոմի գեղեցիկ դեմքը կրկին մռայլվեցավ: Քարի կտորը ձեռքից ցած դնելով և յուր տխուր աչքերը դարձնելով դեպի ընկերը, պատասխանեց.

Անհանգիստ է... անհանգիստ է սրտով... անհանգիստ է հոգով... Այդ դրության մեջ ինչպե՞ս կարելի է քնել: Նա մեզ մոտ աշխատում է թաքցնել յուր վշտերը, որ մեզ ևս չվշտացնե: Նա մեզ դեռևս այնքան թուլասիրտ է համարում, որ կարծում է, թե չենք կարող ցավակից լինել իրանю: Եվ այդ պատճառով յուր մխիթարությունը որոնում է լուռ սրտամաշության մեջ...

Նա ձեռքը տարավ դեպի ճակատը, մի կողմ տարավ մազերի խիտ հոսանքը, որ այդ րոպեում ծածկեցին նրա երեսը, և ապա շարունակեց.

Այդպես ապրել չէ կարելի, Տիրե՜: Նա խիստ սակավ է ուտում, և համարյա ոչինչ չէ ուտում: Դրանով բոլորովին կտկարացնե իրան: Երեկ ասաց ինձ. «Ռոստոմ, որոնիր անտառը, գուցե սունկ կգտնես»: Ուրախ-ուրախ վազ տվի, որոնեցի և մի քանի հատ գտա: Բայց արդյոք կուտե՞ նա... Մի քանի օր առաջ խոսում էր թուզերի մասին: Մի ծառի վրա թուզ էի տեսել, ամեն օր գնում էի, ներքևից նայում էի, արդյոք հասունացե՞լ են, թե ոչ: Ծառը բարձր էր, մի ապառաժի կուրծքին կպած: Երեկ վաղ-առավոտյան գնացի, անհնարին դժվարությամբ վեր բարձրացա և հասունները քաղեցի: Երբ տերևների վրա դրած տարա, իրան տվի, շատ ուրախացավ և օրհնեց ինձ: Այսօր տեսնում եմ, ինչպես դրած էր, այնպես էլ մնացել էր, մի հատ անգամ չէր կերել:

Երևի, մոռացել էր:

Այո՜, նա այժմ խիստ շուտ է մոռանում:

Այդ հասկանալի է

Երկու երիտասարդների խոսակցությունը երբեմն ընդհատվում էր խուլ տրոփյունով, որ լսելի էր լինում անտառի խորքից: Տրոփյունը պարբերական ծանր հարվածների էր նմանում:

Նա դեռ բանում է:

Այո՜, բանում է:

Ի՞նչ ես կարծում, Տիրե՜, այդ լաստափայտը, որ նա շինում է, կարո՞ղ է մեզ հասցնել ցամաքը: Ես փոքր-ինչ...

Դու փոքր-ինչ կասկածում ես... Գիտե՞ս, Ռոստոմ, եթե նա յուր վերարկուն տարածե ծովի վրա և ասե մեզ՝ «նստեցե՜ք, գնա՛նք», — ես մեծ վստահությամբ կնստեի նրա վրա և կգնայի նրա hետ: Բայց ես մի այլ բան կասեմ քեզ, Ռոսաոմ, մենք այնքան հեռու չենք ցամաքից, որքան դու կարծում ես:

Այդ դու որտեղի՞ ց գիտես:

Նա ինքն ասաց ինձ: Մի անգամ նկատեց մի քանի թռչուններ, որ դիմում էին դեպի մեր կղզին: «Այդ թռչունները ծովային թռչուններ չեն, — ասաց, — դրանք ցամաքիցն են գալիս. ցամաքը շատ հեռու չէ մեզանից»:

Ռոստոմը մտածության մեջ ընկավ:

Այդ բոլորովին ուղիղ նշան է, — ասաց նա, ինքն ևս համոզվելով: — Բայց մեզ ժամանակ չէ՞ խրճիթը գնալու:

Գնանք, կրակ վառենք, ընթրիքի համար մի բան պատրաստենք, մինչև նա կգար, — պատասխանեց Տիրեն և սկսեց հավաքել յուր շինած քարե գործիքները:

Ռոստոմը կրկին դիմեց դեպի յուր կողովը, քաշեց ճապուկ ճյուղերից հյուսած պարանը, որի ծայրին կապած էր նա, և կողովը մոտեցրեց եզրին: Հետո ձեռքը տարավ նրա մեջ, սկսեց դուրս հանել ձկները և լցնել փոքրիկ սապատի մեջ: Երբ դարձյալ ձեռքը ներս տարավ, դուրս հանեց երկու խեցգետիններ: «Դուք ինչպե՛ս մոլորվեցաք, ընկաք այստեղ», — ասաց, և նրանց ևս ձգեց ձկնեոի մոտ: Երբ այն գիշերվա ընթրիքի պաշարը արդեն հավաքել էր, նա կողովը կրկին ետ մղեց յուր տեղը և, սապատը վեր առնելով, հեռացավ ծովեզրից: Երկու ընկերնեը, շարունակելով ընդհատված խոսակցությանը, սկսեցին դիմել դեպի խրճիթը:

Անտառի այն կողմում, որտեղից լսելի էր լինում տրոփյունի ձայնր, գործում էր այն անձը, որի մասին խոսում էին երկու երիտասարդները:

Դա մի բարձրահասակ մարդ էր, պատկառելի դեմքով և խորին, վեհանձնական հայացքով: Փառավոր մորուքը, որի յուրաքանչյուր մազերը փայլում էին սև սաթի նման, ծածկում էր նրա հզոր կուրծքը: Աչքերի մեջ վառվում էր սրբազան կրակ: Գեղեցի՛կ էր եղել նա իբրև երիտասարդ, այժմ տակավին գեղեցիկ էր մնացել յուր այրական հասակում: Բոլոր շարժմունքների մեջ նշմարվում էր եռանդ և վեհություն: Նրա մեջ միացած էր երևում երկնայինը` յուր սրբազնական ազդեցությամբ և երկրայինը` յուր բարձր ազնվապետական վսեմությամբ: Հագուստը, որ կրոնավորի զգեստի տարազն ուներ, համարյա թե մաշված էր: Ոտներին հագել էր ծառի կեղևից պատրաստած սանդալներ: Այդ անշուք զգեստավորության մեջ անգամ նմանում էր նա այն երկնաբնակներից մեկին, որին դժբախտ հանգամանքները դատապարտել էին մի տաժանական կյանքի...

Վարպետ ձեռքով շարժում էր նա քարե ծանր տապարը, և ահագին գերանը թնդում էր նրա հարվածների ներքո: Տապարը ավելի քերթում էր, քան թե տաշում էր: Այսուամենայնիվ, նրա հարվածները, որպես անդուլ և անխոնջ համբերություն, հաստաբուն գերանի վրա գործ էին կատարել:

Այդ գերանը, որ մի վիթխարի կետ ձուկի նմանությամբ տարածված էր նրա առջև, յուր անտառի արքան և նահապետն էր: Դարեր էին անցել, որ նա այնքան աճել ստվարացել էր, մինչև ստացել էր յուր հսկայական ծավալը: Եվ երկար ժամանակներ գործ դրվեցան, մինչև քարե տապարը, թեև ինքը անզոր, բայց անվաստակելի և համբերատար ձեռքում, կարողացավ հատանել նրան յուր արմատից և ցած գլորել յուր բարձրությունից:

Այնուհետև աշխատում էր նա այդ գերանից պատրաստել մի լաստափայտ: Նրա փութաջանությունը այն աստիճան անզուսպ էր, որ եթե յուր եղունգները երկաթից լինեին, ամենևին գործ չէր դնի քարե տապարը: Գործը արդեն մոտեցել էր յուր վախճանին: Լաստափայտի կողքերը հարթած էին. մեջը մեծ մասամբ դուրս էր փորված: Մնում էր մի քանի շաբաթների աշխատանք ևս, որ նա բոլորովին պատրաստ լիներ: Դրանով նա վստահություն ուներ` դուրս գալ յուր արգելանից, որտեղ աքսորված էր ինքը, պատերազմել օվկիանոսի ալիքների հետ և գնալ, հասնել այն աշխարհը, ուր պարտքը և երկրի աղետավոր անցքերը կոչում էին նրան...

Տաշեղների կույտի հետ ընկած էին բազմաթիվ քարե տապարներ, որ բթացել և անպիտանացել էին: Որձաքարը մաշվեցավ, բայց նրա եռանդը, նրա տոկունությունը մնաց անխորտակելի:

Նա արդեն ավարտել էր յուր այսօրվա պարապմունքը: Տապարը դրեց ցած, անցավ դեպի լաստափայտի երկարությունը, ուշադրությամբ զննեց փորվածքի խորությունը և ապա վեր առեց վերարկուն, որ ընկած էր տաշեղների վրա, ձգեց ուսերին և դանդաղ, չափավոր քայլերով սկսեց դիմել դեպի կղզու զառիվերը:

Նեղ շավիղը, որ կազմվել էր այդ միակ մարդու ոտքի հետքերից, անցնում էր թուփերի և մացառների միջով և, ոլորվելով խոնավ, մամռապատ ապառաժների վրայով, կորչում էր ստվերախիտ ծմակի մեջ: Այդ շավիղով գնում էր նա: Երբեմն դժնիկը յուր լրբենի տատասկներով մագլցում էր նրա վերարկուից: Երբեմն արքայական կաղնին յուր խարտոցի պես անհարթ տերևներով զարկվում էր նրա փառահեղ դեմքին: Բայց նա ոչինչ չէր զգում: Մտախոհ կերպով անցավ այդ տարածությունը և մերձեցավ մի քարանձավի: Նրա մուտքի մոտ կազմված էր մի նստարան, հյուսած թարմ ոստերից: Բազմեցավ այդ նստարանի վրա և բազմահոգ դեմքը դարձրեց դեպի հանգչող արեգակը: Նայում էր, և նրա խորախորհուրդ աչքերը, կարծես, ձգտում էին կլանելու այն անհուն տարածությունը, որով անցել էր տիեզերքի լուսատուն, և այժմ գնում էր լուսավորելու մի այլ աշխարհ...

Իսկ ի՞նքը: — Ինքը նույնպես մի ժամանակ մի ամբողջ աշխարհի լուսավորության արեգակն էր... Իսկ ա՞յժմ: Այժմ մի սգավոր աքսորյալ այդ անբնակ կղզում: Անողոք օվկիանոսը անանցանելի պատնեշ էր դրել նրա շուրջը, և ալիքների անընդհատ հարվածները ամեն րոպե հիշեցնում էին նրան, թե դու միշտ բանտարկված կմնաս այստեղ, քանի որ մենք կանք և կլինենք...

Քարանձավը, որի մուտքի առջև նստած էր նա, գուցե շատ խաղաղ բնակարան կարող էր լինել մի ճգնավորի համար, որ աշխարհը ուրացած, կյանքից ձանձրացած, նրա լռության մեջ մխիթարություն կգտներ: Գուցե այնտեղ երջանիկ կապրեր և մի ծովային աստված, որ մերժված աստվածների ակումբից, հալածված Արամազդի շանթերից, յուր վրեժխնդրությունը կգտներ այն զվարճությունների մեջ միայն, որ կկախարդեր, կքարացներ անցնող նավերը, երբ կհամարձակվեին մերձենալ յուր կղզուն և վրդովել նրա խաղաղությունը:

Բայց այստեղ կարո՞ղ էր երջանիկ լինել գործի և գաղափարի մարդը:

Որքա՛ն վիճակների փոփոխություն

Կար ժամանակ, որ այդ մարդը երիտասարդ էր, մի գեղեցիկ, վայելչահասակ երիտասարդ, որի նմանը չկար յուր աշխարհում: Մի արքունիքի զարդն էր նա և ուրախությունը: Ինքը արքայի հոր քեռորդին լինելով, էր, միևնույն ժամանակ, և նրա սենեկապետը: Ոսկեհուռ զգեստներով, գոհարազարդ կամարը մեջքին, ոսկեպատյան սուրը ձեռքում, միշտ կանգնած էր լինում արքայի սնարքում, երբ նա հանդիսավոր ընդունելություններ էր անում: Մոր կողմից թագավորազն, իսկ հոր կողմից մի աշխարհի մեծ քահանայապետի թոռն էր նա: Եղավ, որ այդ աշխարհը զրկվեցավ յուր քահանայապետից: Հավաքվեցավ ավագանին, հավաքվեցավ ազատանին, հավաքվեցան և իշխանները: «Մեզ քահանայապետ տու՜ր», — ասում էին արքային: Արքան յուր ձեռքով հանեց ոսկեհուռ զգեստները, յուր ձեռքով արձակեց գոհարազարդ կամարը, յուր ձեռքով առեց ոսկեպատյան սուրը և, նրան ժողովրդին տալով, ասաց. — «Ահա ձեր քահանայապետի զավակը, թո՜ղ ձեզ քահանայապեա լինի»: Ուրախացավ ավագանին, ուրախացավ ազատանին, ուրախացան և իշխանները: Բայց երիտասարդը հրաժարվում էր, ասելով, թե ինքը արժան չէ այդ սուրբ պաշտոնին: Խնդրում էր ավագանին, խնդրում էր ազատանին, խնդրում էին և իշխանները: Երիտասարդը դարձյալ հրաժարվում էր: Չլսեց արքան, ականջ չդրեց խոսքերին: Կանչեց սափրիչին, հրաման տվեց` կտրել սիրուն գիսակները և գանգրահեր վարսերը, որ զարդարում էին նրա գլուխն ու թիկունքները: Երբ կտրում էին, լաց էր լինում ավագանին, լաց էր լինում ազատանին, լաց էր լինում և արքան: Գեղեցկությունը զրկվեցավ յուր շքեղությունից, պալատական վայելչությունը ծածկվեցավ կրոնավորի սև զգեստի ներքո...

Որպես զինվորական, նա քաջ էր և ազնիվ, որպես պալատական, նա արքունիքի զարդն էր, իսկ որպես հոգևորական, նա եղավ եկեղեցու զարդը: Իբրև մի ջահ լուսապայծառ, լուսավորեց նա աստուծո տունը: Աշխարհը լցվեցավ երջանկությամբ: Քաջ զինվորականը դարձավ քաջ հովիվ և յուր անձը դրեց յուր հոտի վրա: Աղքատը հաց ուներ ուտելու, հիվանդը ապահով պատսպարան: Որբը սնուցանող հայր ուներ, իսկ այրին` խնամող ձեռք: Ամենուրեք թագավորում էր գթությունը, ամենուրեք տիրում էր ողորմածությունը: Նեղյալների հայր եղավ նա և սրբեց թշվառների արտասուքը:

Next page