Րաֆֆի՝   Սամվել

Հրեղեն տարափը, հրեղեն կարկուտի նման, շարունակում էր տեղալ: Նա հետզհետե աճում էր ավելի փութով, նա հետզհետե ընդարձակվում էր ավելի եռանդով: Երբեմն շրջակայքը դղրդվում էր խառնաձայն աղաղակների խուլ արձագանքներով: Այդ աղաղակները, որպես մի զարհուրելի կատաղություն, լսելի էին լինում հրային սաստիկ ժայթքումներից հետո, որպես զայրացած երկնքի աղաղակը լսելի է լինում կայծակի ահռելի փայլատակումից հետո:

Վանը պաշարված էր:

Այդ կրակը, այդ հուրն ու բոցը թափվում էր դժբախտ քաղաքի վրա: Նրան պաշարել էին վայրենի ռշտունիները իրանց դրացի սասունցիների հետ: Նա պաշարված էր այդ լեռնականներից, որպես մի ժամանակ դժբախտ Տրոյան պաշարված էր հելլենացիներից: Նախանձախնդիր հելլենացին կռվում էր գեղեցիկ Հեղինեի պատվի համար, որին յուր թագավոր ամուսնի հյուրասեր տնից հափշտակեց անամոթ տարփածուն: Իսկ ռշտունիները, կռվում էին իրանց աշխարհի սիրելի տիկնոջ համար, որին անգութ ձեռքով հափշաակեցեղբայրը:

Լեռնականները, տիրելով մերձակա բլուրներին, նրանց բարձրությունից հուր էին ցանում քաղաքի վրա: Նրանց հրանոթներն ապագա հրանոթների նախապապերն էինհասարակ պարսետներ, խիստ պարզ կերպով շինված, բայց, չայրվելու համար, շղթաներից շինված: Դրանց մեջ դնում էին կամ ծծումբով տոգորված շորի փաթոթներ կամ նավթի և այլ դյուրավառ հեղուկների մեջ թաթախված փալասի կտորներ, վառում էին և, պտույտացնելով օդի մեջ, ձգում էին դեպի քաղաքը: Ոմանք նույն պարսետներով նետում էին քարեր:

Շատ չանցավ, քաղաքը նույնպես սկսեց ներսից պատասխանել դրսի կրակներին: Զանազան տեղերից բարձրացան բոցեր: Բայց այդ բոցերը բարձրանում էին և դարձյալ հանգչում էին իրանց տեղում, առանց քաղաքի պարիսպներից դուրս գնալու: — Դրանք ներսի շինվածքների բոցերն էին, որ արդեն սկսել էին այրվիլ:

Քաղաքը պաշտպանող զորքը բաղկացած էր միայն պարսիկներից, որ բերել էին իրանց հետ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: Օրհասական տագնապի մեջ, այդ զորքերը այնքան հոգ չէին տանում դրսի թշնամու հետ մաքառելու, որքան աշխատում էին զսպել ներսի բնակիչներին, որոնք սարսափելի խռովությամբ դուրս էին փախչում իրանց տներից, որտեղ որ հրդեհը արդեն սկսել էր ճարակել: Զորքը վախենում էր, միգուցե քաղաքացիք բաց անեն քաղաքի դռները և թշնամուն ճանապարհ տան ներս մտնելու:

Բայց կրակը ավելի և ավելի տարածվում էր: Նախ այրվեցան ախոռատների կտուրների վրա դիզած խոտերը, հետո մարագներն ու մթերանոցները: Շուկան յուր բոլոր հարստությամբ վառվում էր, որպես մի շորի կտոր: Կրակր սկսվեցավ ատաղձագործների խանութներից և այստեղից անցավ դեպի քաղաքացոց տները: Մարդիկ այլևս հոգ չէին տանում հանգցնելու, այլ շտապում էին փախչելու: Ուր և գնում էին, որ կողմ և վազում էին, նրանց առջևը փակում էր հրեղեն անանցանելի հեղեղը: Սարսափած բնակիչների հուսահատ աղաղակները, միախառնվելով կործանվող շինվածքների դղրդյունի հետ, ավելի սաստկացնում էին ընդհանուր զարհուրանքը:

Հրդեհի սոսկալի լուսավորությունը երևան հանեց մի սոսկալի հրեշ, որ քաղաքի հյուսիսային կողմից, որպես մի քարացած, գալարված վիշապ, բարձրացել էր դեպի երկինքը: Նա հետզհետե աճում էր, հետզհետե ավելի ահռելի կերպարանք էր ստանում, որքան աճում էր տիրող լուսավորությունը: Հպարտ հայացքով նայում էր նա դեպի յուր շուրջը ճարակող հրային ծովը, և կարծես, նրա մռայլ հայացքը արտահայտում էր այդ խոսքերը. «Չնչի՛ն տարր, որքան կամենում ես կատաղի՜ր, որքան կամենում ես հեռու տարածիր քո վայրագությունը, բայց դարձյալ քո ալիքները իմ բարձրությանը չեն հասնի…»:

Դա Վանա միջնաբերդն էրայն վիմային հսկա ամրությունը, որ բնությունը ինքն էր հրաշակերտել: Դա այն անմատչելի ամրոցն էր, որի սքանչելիքները հայոց ավանդությունները Շամիրամին էին ընծայում:

Ավելի մոտից նայելով, նա մի այլանդակ ուղտի նմանություն ուներ, բայց չոքած ուղտի, որը, որպես մի հրեշավոր սփինքս, կիսով չափ թաղվել էր ծովեզերքի ավազների մեջ: Վիթխարի գլուխը տարածել էր դեպի արևելք, իսկ ստվար գավակը դեպի արևմուտք: Նրա կրկնակի սապատները, որ բարձրացել էին մինչև ամպերը, կրում էին իրանց վրա ահագին աշտարակներ և անառիկ, բրգաձև մարտկոցներ: Աշխարհի բոլոր զորությունները անկարող էին ազդել նրա ապառաժային կողքերի վրա, որ պողովատի կարծրություն ունեին: Նրա քարեղեն սրտում փորված էին բազմաթիվ սենյակներ, խորին անձավներ և զանազան սրահներ ու սրահակներ, որոնք նույնքան խորհրդավոր և նույնքան անվերծանելի էին, որպես այդ ծածկամիտ սփինքսը:

Քարակոփ սրահակներից մեկի մեջ, ուր մի ժամանակ նստած էր լինում Շամիրամը, և նրա բարձրությունից նայում էր դեպի Վանա ծովակի կապուտակ հայելին, նայում էր դեպի Վարագա լեռան հրաշալի տեսարանները և հիանում էր հայոց երկրի գեղեցկությամբ, — այժմ նույն սրահակի մեջ գտնվում էր մի այլ իշխանուհի:

Քնած էր նա, այնպիսի մի անուշ և խաղաղ քնով, որ խիստ հազիվ անգամ բարի ոգիները պարգևում են մահկանացուներին: Նա քնած էր առանց հանվելու, յուր շքեղ անկողնի վրա: Գեղեցիկ դեմքը հրդեհի տաքությունից շառագունել էր: Քրտինքի մի քանի մարգարիտներ փայլում էին պարզ ճակատի վրա, որ պսակված էր սև գանգուրներով: Վարդագույն շրթունքներն երբեմն հազիվ նշմարելի կերպով ցնցվում էին, և մի թեթև ժպիտ յուր բոլոր հրապուրանքով վազում էր սիրուն դեմքի վրա: Ծանր շնչառությունը ամեն անգամ բարձրացնում էր նրա հարուստ կուրծքը, որի վրա հանգչում էր պարանոցի գոհարազարդ մանյակը: Երկու ձեռքերի հոլանի բազուկների ոսկյա ապարանջանների հետ կցած էին երկու երկաթյա օղակներ, որ միանում էին մի կարճ շղթայի երկու ծայրերի հետ: Ոտքերից մեկը նույնպես շղթայած էր: Այդ դրության մեջ նմանում էր նա մի բանտարկված հրեշտակի, որի հանցանքը հենց յուր անմեղության մեջն էր կայանում :

Հրդեհի կարմրագույն ճառագայթները, ներս ցոլանալով նրա բանտի լայն պատուհաններից, լուսավորում էին գեղեցիկ սրահակը վառվռուն, շլացուցիչ լուսավորությամբ: Այդ սոսկալի լուսավորության մեջ նա ավելի սքանչելի էր երևում:

Շրջակայքում տիրող աղմուկն ու խռովությունը արթնացրին նրան: Գլուխը վեր բարձրացրեց, ապշած կերպով նայեց յուր շուրջը: Մի քանի րոպե նա իրան երազի մեջ էր զգում: Ոչինչ չէր հասկանում: Նրա ականջներին հասնում էին միայն ոտքերի խուլ տրոփյուններ, խառնաձայն աղաղակներ և հուսահատական դառն հառաչանքներ: Նրան այնպես էր թվում, որ աշխարհի վերջը հասել էր, և տիեզերքը ընդհանուր ալեկոծության մեջ էր գտնվում: Նրա սիրտը սկսեց դողալ: Փորձեց մոտենալ պատուհանին և նայել: Բայց ոտքին կապած շղթան արգելեց: Աղմուկը ավելի սաստկանում էր, և սրահակի մեջ տիրող լուսավորությունը հետզհետե ավելի պայծառ գույն էր ստանում: Նա այժմ սարսափում էր նայելու յուր շուրջը: Երկու ձեռքով բռնեց աչքերը և ողբաձայն աղաղակով բացագանչեց.

Տե՛ր աստված, այդ ի՞նչ խռովություն է

Այդ միջոցին մի անձնավորություն ծանր և հաստատուն քայլերով վեր էր բարձրանում միջնաբերդի քարակոփ սանդուղքներով,որ փորված էին միակտուր ապառաժի մեջ: Երբեմն յուր լուռ հայացքը դարձնում էր նա դեպի շուրջը կատարվող արհավիրքը և եբբեմն նայում էր դեպի յուր առջևի խոտորնակի սանդուղքները, որ ձեռքի լապտերով լուսավորում էր մի սպա, թեև լապտերի ամենևին պետք չկար: Երկար գնում էր նա, մինչև բարձրացավ միջնաբերդի գագաթը և կանգ առեց հիշյալ սրահակի դռան մոտ: Նա գլխով նշան տվեց սպային, որ սպասե դրսում, իսկ ինքը հանեց գրպանից մի ծանր բանալի, բաց արեց երկաթյա դուռը և ներս մտավ:

Ողջո՛ւյն, սիրելի Համազասպուհի, — ասաց նա մոտենալով տիկնոջը: — Ես կարծում էի, որ դու քնած կլինես, երևի դրսի աղմուկը անհանգստացրեց քեզ:

Այդ ի՞նչ աղմուկ է, — հարցրեց տիկինը խռովյալ ձայնով:

Ցնծությա՛ն աղմուկ, սիրելի Համազասպուհի: Այդ դեռ հարսանիքի առաջին գիշերն է, — քո հարսանիքի, սիրելի Համազասպուհի: Տեսնո՞ւմ ես, ինպե՞ս գեղեցիկ լուսավորված է քաղաքը: Ո՜չ, դու չես տեսնում, ես այս րոպեիս քեզ ցույց կտամ

Նա մոտեցավ, բաց արեց տիկնոջ ոտքի շղթան, բռնեց նրա ձեռքից և տարավ, կանգնեցրեց պատուհանի մոտ, ասելով.

Նայի՜ր

Կարծես դժոխքը յուր բոլոր զարհուրանքով բացվեցավ թշվառ տիկնոջ աչքերի առջև: Նա դողդողաց, թուլացավ և ընկավ անգութ այցելուի բազուկների վրա, որը գրկեց նրան և կրկին դրեց յուր անկողնի վրա:

Այցելուն Վահան Մամիկոնյանն էրՍամվելի հայրը և ուշաթափ եղած տիկնոջ հորեղբայրը:

Հսկայատիպ էր նա և ամրակազմ, և, որպես առհասարակ բոլոր Մամիկոնյանները, օժտված էր շատ հաճելի կերպարանքով: Նրա փոքր-ինչ խիստ դեմքը արտահայտում էր հաստատամիտ մարդու թե՜ համառությունը և թե՜ անգթությունը, երբ այդ պետք էր: Կրում էր պարսից նշաններ: Տիկնոջ անակնկալ ուշաթափությունը բավական խռովություն պատճառեց նրան: Նա Համազասպուհիին այս աստիճան թուլասիրտ չէր կարծում, այդ էր պատճառը յուր այնպես անզգույշ վարվելուն նրա հետ: Բայց տիկնոջ ուշագնացությունը երկար չտևեց: Նա բաց արեց յուր լի տրտմտությամբ աչքերը և, դառնալով դեպի յուր հորեղբայրը, ասաց.

Ա՜յդ էիր ցանկանում, ՎահանՄիթե այդ աստիճան քարացա՞ծ են քո մեջ մարդկային զգացմունքները, որ դու ծաղրում ես հազարավոր ընտանիքների լացն ու կոծը, որ դու առ ոչինչ ես համարում այդ թշվառների խորովվիլը իրանց տների ծածքերի ներքո, և նրանց թաղվիլը իրանց բնակարանների մոխրի մեջ

Ինչո՞ւ ես ի՜նձ հանդիմանում, սիրելի Համազասպուհի, — պատասխանեց նա հանդարտ կերպով: — Ա՜յդ քո ամուսինն է, որ կրակ է թափում քաղաքի վրա:

Տիկնոջ զայրացած դեմքը ավելի գունաթափվեցավ:

Իմ ամուսի՛նը, — բացագանչեց նա դողդոջուն ձայնով: – Այդ չէ՜ կարող լինել, Վահան, նա յուր կյանքում մի մրջյունի անգամ չէ վիրավորել: Բաց արա՜ իմ շղթաները, Վահան, ես այս րոպեիս կգնամ, եթե նա է, իմ սրտի բոլոր դառնությունը կթափեմ նրա վրա

Այո՜, նա է , յուր վայրենի լեռնականներով պաշարել է քաղաքը:

Եթե իմ ամուսինն է, անպատճառ ինձ համար է գործում այդ բարբարոսությունը: Ինչո՞ւ բերեցիր ինձ այստեղ, Վահան, ինչո՞ւ խռովեցրիր առաքինի մարդուն: Դու ավերակ դարձրիր մեր ամրոցները, և դրանով ևս չկարողանալով հագեցնել քո անգթությունը, դու քո հարազատին, քո արյունակցին գերի վարեցիր: Ի՞նչ էր իմ հանցանքը: Ինչո՞ւ եմ ես այստեղ, այս շղթաների մեջ, այդ քարեղեն բանտում, ուր ամենաթշվառ եղեռնագործներին են միայ՛ն աքսորում: Ինչո՞ւ համար էր այդ բոլորը: Նրա համար, որ բարի և ողորմած մարդուն գազանության մեջ դնեիր, որ նա գար և այդ դժոխային, այդ դիվական խաղը խաղար դժբախտ քաղաքի հետ

Նա բռնեց աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ: Նրա արտասուքը ազդեց Մամիկոնյան իշխանի վրա, որը, զսպելով սրտի խռովությունը, բռնեց նրա շղթայակապ ձեռքը և խիստ զգացված ձայնով ասաց.

Այդ հարգելի ձեռքերը, որ միշտ սովորած են եղել բարիք գործելու, այո՜, այժմ շղթայի մեջ են, և այդ շղթան դրել է եղբայրը: Բայց մի՜ նախատիր ինձ, սիրելի Համազասպուհի: Կյանքի մեջ, մանավանդ պետությունների կյանքի մեջ, լինում են այնպիսի դառն հանգամանքներ, երբ հայր, մայր, քույր, եղբայր կամ օտարբոլորը հավասար են և հավասար կերպով են պատժվում, երբ խոչընդոտ են դառնում մի մեծ ձեռնարկության իրագործմանը, որի մեջն է հասարակաց բարին, որից կախված է նրա ապագա երջանկությունը: Մենք-թե՜ ես և թե՜ Մերուժանը, — ծառայում ենք այդ գործին

Ո՞րն է այդ գործը, ո՞րն է այդ մեծ ձեռնարկությունը:

Քեզ հայտնի է, սիրելի Համազասպուհի, այլևս ինչո՞ւ ես հարցնում:

Տիկնոջ տխուր աչքերը փայլեցան բարկության բոցով. Նա գոչեց.

Ամո՛թ քեզ, Վահան, որ ամոթալի գործով արատավորում ես Մամիկոնյանների պայծառ հիշատակը... Թո՛ղ այն օրը սև լիներ, երբ դու աշխարհ եկարԹո՜ղ քո մայրը քո փոխարեն մի կտոր քար ծնած լիներ, և ոչ քեզ նման մի պատիժ ու պատուհաս Հայոց երկրի համար

Եշխանը լռեց: Նրա ամբողջ մարմնով անցավ մի ցուրտ սարսուռ, և հանդարտ դեմքի վրա երևացին անորոշ ցնցումներ, որ արտահայտում էին նրա խորին վրդովմունքը:

Դու ինձ անիծում ես, Համազասպուհի:

Ուրիշ խոսքերի արժանի չես դու, Վահան: Նա՜, որ թողնում է մայրենի եկեղեցին, և պարսից հեթանոսական կրոնն է աշխատում տարածել յուր հայրենիքում, — նա՜, որ դավաճանում է յուր թագավորին և պարսից բարբարոսական իշխանությունն է կամենում հաստատել յուր հայրենիքում, — նա՜, որ կրակով և արյունով ոչնչացնում է հայրենի երկիրը, — նա միա՜յն անեծքի է արժանի, Վահան: Կանիծե՛ն քեզ հազարավոր մայրեր, որ պիտի զրկվին իրանց որդիներիցկանիծե՛ն քեզ հազարավոր ամուսիններ, որ պիտի այրի մնան... կանիծե՛ն քեզ հազարավոր քույրեր, որոնց եղբայրները պիտի ընկնին ներքին կռիվներումկանիծե՛ն քեզ հազարավոր մանուկներ, որ պիտի որբ մնանկանիծե՛ քեզ ապագա սերունդը, քանի որ կհիշե չար մարդու գործերը

Այդ խոսքերը կայծակի նման շանթում էին իշխանի սրտին:

Այո՜, — պատասխանեց վշտալի ձայնով, — այդ բոլոր զոհերը պետք է կատարվինև ես շատ ցավում եմ, որ պետք է կատարվին... Բայց առանց այդ զոհերի փրկություն չի լինի... Թո՜ղ ներկա և ապագա սերունդը անիծե ինձ: Բայց իմ խիղճը հանգիստ է: Ես համոզված եմ, որ վատ գործ չեմ կատարում: Ինչո՞ւ ես դու, Համազասպուհի, մոռանում անցյալը, ինչո՞ւ ես դու մոռանում պատմությունըամենամոտ ժամանակների աղետալի պատմությունը: Երբ Տիրանը, մեր այժմյան աքսորյալ թագավորի հայրը, կամենալով իսպառ ջնջել Արծրունի և Ռշտունի նախարարների ամբողջ տոհմերը, երբ բոլորին կոտորել տվեց, առանց խնայելու սեռի և հասակի, — ովքե՞ր էին այն երկու մանուկները, որ միայն ազատ էին մնացել ընդհանուր կոտորածից:

Մեկը Տաճատ Ռշտունին էր-իմ ամուսնի հայրը, մյուսը Շավասպ Արծրունին էրՄերուժանի հայրը:

Այո, այդ երկուսը միայն կենդանի մնացին երկու նախարարական մեծ տոհմերի բազմանդամ գերդաստանից: Բայց երբ այդ երկու մանուկներին ևս դահիճները բերեցին Տիրանի առջև մորթելու, ովքե՞ր էին, որ մերկ սրերը ձեռքում հարձակվեցան արյան հրապարակը և ազատեցին անմեղ մանուկներին:

Մեկը քո հայրն էրԱրտավազդը, մյուսը քո եղբայրն էրՎասակը:

Այո՜, Համազասպուհի, մեկը իմ հայրն էր, մյուսը իմ եղբայրը: Այդ երկու մանուկների պատճառով նրանք թողին Տիրանի ծառայությունը, թողին իրանց հայրենի ժառանգությունըՏարոնը, և ամրացան Տայոց լեռների մեջ: Այնտեղ մանուկներին սնուցին, մեծացրին և իրանց աղջիկներին նրանց կնության տվեցին: Շավասպից ծնվեցավ Մերուժան Արծրունին, Իսկ Տաճատից` Գարեգին Ռշտունինքո ամուսինը: Եվ այսպես կրկին շարունակվեցին երկու բնաջինջ եղած նախարարությունները:

Ես չեմ հասկանում, ինչու համար ես հիշեցնում ինձ այդ բոլորը, — ընդհատեց տիկինը:

Նրա համար, Համազասպուհի, որ Արշակունիների տան վրա արյուն կա, և արյունը պետք է արյունով մաքրվի

Բայց ոչ անմեղ ժողովրդի արյունով:

Եվ անմեղ ժողովրդի արյունով, երբ նա հիմարաբար միջամտություն է գործում և պաշտպան է հանդիսանում Արշակունիների փչացած, անբարոյականացած տանը, որից եթե վաղուց ազատված լինեինք, ավելի բախտավոր կլինեինք, թե՜ մենք և թե՜ մեր աշխարհը:

Ցնորքնե՛ր են պտտվում քո գլխում, Վահան, — ասաց տիկինը զայրացած ձայնով: — Կիրքը, ատելությունը, անզուսպ վրեժխնդրությունը կուրացրել են քեզ և խլել են քեզանից ամեն բան, ինչ որ մարդկային է, ինչ որ աստվածահաճո է: Ասա՜ ինձ, ինչո՞վ է մեղավոր Տիրանի որդի Արշակը, մեր ներկա դժբախտ թագավորը, որ այժմ հեծում է Անուշ բերդի մթին բանտերում, — ինչո՞վ է մեղավոր նա, որ յուր հայրը այսպես կամ այնպես է վարվել:

Նրանով, սիրելի Համազասպուհի, — պատասխանեց իշխանը, դառն կերպով ծիծաղելով, — որ նրա ձեռքերն ևս մաքուր չեն արյունից: Մի փոքր անձնասիրություն ունեցիր, Համազասպուհի: — Ո՞վ սպանել տվեց քո հորը, կամենում եմ ասել և իմ եղբորը:

Արշակ թագավորը:

Ո՞վ կոտորել տվեց մեր փեսա Կամսարականների ցեղը և ագահ ձեռքով հափշտակեց նրանց Երվանդաշատ քաղաքը և Արտագերս ամրոցը:

Արշակ թագավորը: Բայց դրանով ի՞նչ ես կամենում ապացուցանել, Վահան: Քո և Մերուժանի ապստամբությունը Արշակունյաց թագավորների դեմ չէ, այլ թագավորության դեմ է: Հասկանո՞ւմ ես, Վահան: Տիրանը կամ նրա որդի Արշակը կարող էին վատ թագավորներ լինել: Բայց ինչո՞վ են մեղավոր նրանց ժառանգները: Գուցե Արշակի որդի Պապը շատ լավ թագավոր կլինի մեզ համար:

Սխալվում ես, Համազասպուհի, օձից ձուկն չի ծնվի, և ոչ գայլից գառն:

Դու ես սխալվում, Վահան: Ահա՜ քեզանից ծնվել է Սամվելը, որ ամենապատվական երիտասարդ է:

Հազիվ թե ամբողջ աշխարհում կարող էր գտնվիլ մի արարած, որ համարձակվեր այնպես երես առ երես և այնպես կծու կերպով նախատել այդ գոռոզ, անձնասեր իշխանին և ինքը մնար անպատիժ: Բայց Վահանը ո՜չ միայն հարգում էր նրան, այլև սաստիկ սիրում էր: Մամիկոնյան բոլոր աղջիկների մեջ հայտնի էր Համազասպուհին թե՜ յուր բարձր առաքինությամբ և թե՜ յուր խելքով: Այդ էր պատճառը, որ վայելում էր բոլորի սերը: Բայց իշխանը, նկատելով, որ վիճաբանությունը խիստ սուր կերպարանք է ստանում, զանցառության տվեց յուր հարազատից կրած վիրավորանքը, ասելով.

Սամվելը իմ որդին չի լինի, եթե ինձ չի հետևիԲայց այդ թողնենք, մենք հեռանում ենք հարցից, Համազասպուհի: Իմ բերած ապացույցները Տիրանի և Արշակի անկարգ վարմունքների մասին միայն այն նպատակով էր, որ քեզ ցույց տամ, թե ես և թե Մերուժանը իրավացի պատճառներ ունենք Արշակունիներին ատելու: Նույն իրավացի պատճառները ունեիր ավելի դո՜ւ, Համազասպուհի, որովհետև Արշակը քո հայրասպանն է: Նույն իրավացի պատճառներն ուներ և քո ամուսինը, որովհետև Արշակունիները կոտորել տվին նրա ամբողջ ազգատոհմը: Բայց թե դու և թե քո ամուսինը ո՜չ միայն հավատարիմ եք մնացել ձեր նախնիքը կոտորողներին, այլ մինչև անգամ ամենայն համառությամբ պաշտպանում եք նրանց: Ով որ նրանց պաշտպանն է, մեր թշնամին է: Եվ թշնամու հետ մենք կվարվենք թշնամաբար: Այդ էր պատճառը, որ ես և Մերուժանը կործանեցինք ձեր ամրոցները և քեզ այստեղ գերի բերեցինք, Համազասպուհի:

Ինչո՞ւ համար բերեցիք:

Որ քո ամուսինը անձնատուր լինի:

Ահա՜, տեսնո՞ւմ ես, փոխանակ անձնատուր լինելու, նա այրում է Մերուժանի քաղաքը , և մենք այս րոպեիս գտնվում ենք հրեղեն ծովի մեջ: Ձեր վայրենությամբ ի՞նչ շահեցաք, Վահան, — ավելի ոչինչ, քան թե բորբոքեցիք մի ներքին, արյունահեղ պատերազմ: Եվ այդ պատերազմը կշարունակվի և ավելի զարհուրելի կերպարանք կստանա, քանի որ դուք չեք դառնա ձեր չար ճանապարհից: –– Կրկնում եմ, ինչ որ մի քանի րոպե առաջ ասացի, աշխատել ոչնչացնելու քրիստոնեական կրոնը, աշխատել կործանելու հարազատ թագավորության գահըդա միայն դավաճանների և մատնիչնեըի գործն է: Թե՛ ես և թե՜ իմ ամուսինը դավաճաններին աջակից չենք լինի...

Իզուր ես այսպես մտածում, Համազասպուհի: Մենք, կամենում եմ ասել թե՜ ես և թե՜ Մերուժանը, մեծ հանցանք գործած կլինեինք, եթե մեր դիտավորությունը ա՜յն լիներ, որպես դու ես կարծում, ոչնչացնել կրոնը: Մենք աշխատում ենք վերադառնալ մեր հին կրոնին, մեր նախահարց սիրելի աստվածներին: Մեր ժողովրդի մեծ մասը տակավին յուր հին կրոնին է հետևում և խորշելով խորշում է քրիստոնեությունից: Ի՞նչ տվեց մեզ քրիստոնեությունը: — Այդքանը միայն, որ մոտեցրեց մեզ խաբեբա բյուզանդացիներին և հեռացրեց, թշնամացրեց մեզ մեր վաղեմի բարեկամ և դաշնակից պարսիկների հետ:

Միթե կարելի՞ է, Վահան, այդպես քաղաքական նկատառումներով նայել կրոնի վրա և նրան զանազան շահերի խաղալիք դարձնել: Որովհետև պարսիկների հետ բարեկամանալու համար հարկավոր է փոխել կրոնը, ուրեմն պետք է փոխել՞

Ես դեռ չվերջացրի, Համազասպուհի, դու ինձ միշտ ընդհատում ես:

Վերջացրո՜ւ:

Իզուր ես մտածում և ա՜յն, թե մենք աշխատում ենք կործանելու մեր արքայական հարազատ գահը: Միթե Արշակունիները մեր հարազատնե՞րն են: Նրանք մեզ համար խորթ են, անհարազատ են, որովհետև օտար երկրից եկած պարթևներ են: Նրանց միայն համբերում էինք մենք, համբերում էին և պարսիկները, քանի դեռ Պարսկաստանում նույնպես Արշակունյաց տոհմն էր տիրում: Այնտեղ ընկան նրանք, և հիմնվեցավ նոր, Սասանյան պետությունը: Այժմյան Սասանյանները չեն կարող համբերել և չեն համբերում մեր քրիստոնյա Արշակունիներին: Մենք աշխատում ենք այդ գայթակղության քարը մեջտեղից վերցնել: Մենք այսուհետև միայն կունենանք մեր հարազատ թագավորը, որովհետև Շապուհը խոստացել է տալ Մերուժանին հայոց թագավորությունը:

Տիկնոջ դեմքի վրա երևաց մի արհամարհական ժպիտ, և նա, գեղեցիկ գլուխը շարժելով, պատասխանեց.

Թե որքա՞ն կարելի է հավատալ խորամանկ Շապուհի նենգավոր խոստումներին, — այդ դեռ մի երազական ցնորք է, որով խելագար Մերուժանը միայն կարող է հրապուրվել: Այդ թո՜ղ մնա: Բայց եթե այնպես դատելու լինենք, որպես դու ես դատում, Վահան, ասելով, թե Արշակունիները մեր հարազատները չեն, որովհետև օտար երկրից եկած պարթևներ են, — այդպիսով մեզանից ոչ ոք հարազատ չի լինի Հայոց երկրին: Մենք, Մամիկոնյաններս, ճենացիներ ենք, քո սիրելի Մերուժանի նախնիքը ասորեստանցիք են, և այդպես, շատ նախարարական տներ օտար ծագումներից են առաջ եկած: Բայց ժամանակները բոլորին հայացրին. այժմ հայոց լեզվով են խոսում, հայոց կրոնն են պաշտում և արյունով խառնվեցան հայերի հետ: Նույն պայմաններին ենթարկվեցան և Արշակունիները:

Իշխանի համբերությունը հատավ: Նա վեր կացավ և, կանգնելով տիկնոջ մոտ, արտասանեց հետևյալ խոսքերը.

Դու սիրում ես վիճաբանել, Համազասպուհի, դու վիճաբա՜ն էիր և այն ժամանակ, երբ դեռ փոքրիկ էիր և մեր ամրոցի բակում միասին գնդակներ էինք խաղում: Ես կարճ կկտրեմ քեզ հետ: Ահա՜ մեր ուխտը. քրիստոնեությունը պետք է ոչնչանա, Արշակունյաց իշխանությունր պետք է ընկնի, որովհետև այդ է պահանջում մեր երկրի խաղաղությունը: Մերուժանը պետք է հայոց թագավոր դառնա` պարսից գերիշխանության ներքո: Մենք պետք է կրոնով միանանք պարսիկների հետ` մեր բարեկամությունը ավելի ամրապնդելու համար: Մեր և նրանց մեջ կրոնի խտրություն չպիտի լինի:

Թո՜ղ նրանք միանան մեզ հետ, — ընդհատեց տիկինը, — թո՜ղ նրանք ընդունեն քրիստոնեությունը, դարձյալ մեր և նրանց մեջ կրոնի խտրություն չի լինի:

Միշտ տկարները հետևում են հզորներին: Մենք տկար ենք, իսկ նրանք զորավոր:

Քրիստոնեության մեջ ամենափոքրը ամենից մեծն է, ամենատկարը` ամենից զորավորը:

Այդ ցնո՛րք է. տկարը տկար է, զորավորը` զորավոր: Դու միայն այն ասա, Համազասպուհի, համաձա՞յն ես մեզ հետ:

Երբե՜ք:

Ով որ մեզ հետ համաձայն չէ, մեր թշնամին է:

Ես ամենևին ինձ քո բարեկամը չեմ համարում, թեև քո եղբոր աղջիկն եմ:

Ով որ մեզ չի հետևում, նա կպատժվի և անխնա կերպով կպատժվի:

Դրանից ավելի պատիժ այլևս ի՞նչ պետք է լինի:

Նա ցույց տվեց յուր շղթաները:

Դրանից ավելի սարսափելին կա, Համազասպուհի:

Ես պատրաստ եմ, Վահան:

Լավ մտածի՜ր:

Ես բոլորը մտածել և վճռել եմ...

Դրսի աղաղակները լսելի եղան ավելի զարհուրելի հնչյուններով: Փոքրիկ սրահակը, ուր գտնվում էին նրանք, լուսավորվեցավ վառ-արյունագույն լույսով: Վիճաբանությունը ընդհատվեցավ: Տիկինը բռնեց աչքերը, բացագանչելով.

Ահա՜, Վահան, քո սպառնալյաց պատասխանը... ահա՜ ի՜նչ եք ցանկանում դուքայդ կրա՛կը, այդ արյո՛ւնը

Ե

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԳԻՇԵՐՎԱ ԱՌԱՎՈՏԸ

Դեռ մութն էր, դեռ բավական ժամանակ կար մինչև առավոտ:

Մի սպիտակ ձիավոր, շրջապատված մի խումբ թիկնապահներով, անդադար արշավում էր խռովյալ քաղաքի մի փողոցից դեպի մյուսը, որտեղ հուզմունքը ավելի սաստկանում էր: Նա անցնում էր կրակների միջով, նա անցնում էր կործանվող շինվածքների տակով, առանց ամենափոքր երկյուղ կամ վտանգ զգալու: Նրա ծայրահեղ անձնավստահությունը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես, այդ վեհապանծ ձիավորի մարմինը դյութված կամ կախարդված լիներ, որ անմխելի էր դարձել ամեն զորությանց առջև: Եվ իրավ, նրա մասին մի այդպիսի կարծիք կազմվել էր հասարակության մեջ:

Դա Մերուժան Արծրունին էր:

Յուր փառասիրության չափ փառահեղ էր ստեղծել նրան բնությունը, իսկ յուր անզուսպ անգթության չափովսոսկալի: Նրա տոհմային ասորական արյունը խառնվելով հայկականի և Ջայմար ամրոցի վիշապազունների արյան հետ, տվել էին նրա հզոր կազմվածքին վիշապի ահավորություն: Նույն ահավորության մեջ նա գեղեցիկ էր և վայելչակազմ, որքան գեղեցիկ է լինում հոգեառ Սադայելը:

Յուր պղնձյա ամրակուռ զրահավորության մեջ, յուր զենքերի շողշողուն փայլով, հրդեհների վառ ճառագայթների առջև փայլում էր նա յուր անվան համեմատ, որպես մի արեգակ լուսապայծառ, որ աչք էր շլացնում:

Ամեն տեղ, ուր և հայտնվում էր նա, լռում էր աղմուկը, դարդարում էր խռովությունը: Բայց հենց որ անցնում էր, նրա ետևից լսելի էին լինում անեծքի խուլ մրմունջներ: Յուր սեփական քաղաքացիքը նզովում էին նրան: Բայց կար ժամանակ, և այդ ժամանակը շատ հին չէր, երբ նա անցնում էր այդ քաղաքի փողոցներով, մանկահասակ աղջիկները ծաղիկներ էին սփռում նրա սպիտակ նժույգի ոտների ներքո, իսկ կանայքը օրհնության ներբողներ էին երգում

Նա անցավ մեծ հրապարակը, որ գտնվում էր յուր ապարանքի առջև: Գեղեցիկ, սյունազարդ ապարանքը այրվում էր: Բայց նա այրվում էր ո՜չ թե թշնամու կրակներից, այլ քաղաքացիների նետած կրակներից: «Երբ մեր տները հրդեհի կերակուր են դառնում, ա՜յդ ևս թող դառնա», — ասացին նրանք և այրեցին: Նա նայեց յուր նախահարց շքեղ բնակարանի վրա և երեսը սրտմտությամբ շուռ տվեց:

Ապարանքը դատարկ էր, որովհետև նրա ընտանիքը և ազգականները գնացել էին ամառանոց` Արծրունյաց բնիկ Ոստանում: Այստեղ մնացել էին մի քանի ծառաներ և սպասավորներ միայն:

Հրապարակի վրա հավաքված էր մեծ բազմություն: Այրվող տներից փախած կանայք, երեխայք, ազատված կարասիների հետ միասին, խառնափնթոր կերպով դիզված էին միմյանց վրա: Հրդեհի լուսավորության ներքո այդ ապշած, սասանված թշվառների կուտակությունը ներկայացնում էր մի զարհուրելի տեսարան:

Երբ նա մերձեցավ`

Մի՜ մոտենար, Մերուժա՛ն, — ձայն տվին կանայքը:

Հանգցրո՜ւ կրակը, — աղաղակեցին երեխայքը:

Նա ձեռքը տարավ դեպի աչքերը: Ի՞նչ էր, որ սրբեց այնտեղից: Միթե արտասվել կարո՞ղ էր այդ քարեղեն սիրտը: Բայց երեխաների ձայնը փշրե՛ց քարը, խորտակեց ապառաժը

Նա դիմեց դեպի քաղաքադռներից մեկը: Այստեղ ինչ-որ աղմուկ կար մի խումբ քաղաքացիների և դռների վրա հսկող պարսիկ պահապանների մեջ:

Կամենում են բաց անել դռները, — զեկուցում տվին նրան:

Կոտորեցե՜ք, — հրամայեց նա:

Սկսեցին կոտորել նրա սեփական քաղաքացիներին:

Նա անցավ:

Նրան ուղեկցում էր մի նշանավոր պարսիկ աստիճանավոր: Երբ փոքրինչ հեռացան, նկատեց նա

Անհնարին կլինի երկար պաշտպանվել, իշխան:

Ինչո՞ւ:

Որովհետև այս րոպեիս ականատես եղանք, թե որպես քաղաքացիք կամենում էին դռները բաց անել և թշնամուն ներս թողնել:

Դրա համար էլ ես հրամայեցի նրանց կոտորել:

Ո՞ր մեկին կոտորել:

Բոլորին, եթե այնպես կվարվեն:

Այն ժամանակ մեզ անհնարին կլինի կռվել թե՜ քաղաքացիների հետ և թե՜ դրսի թշնամու հետ:

Եթե այդ անհնար կլինի, մեռնելը, կարծեմ, շատ հնարավոր է:

Այդ սպասում է մեզ... Բայց ավելի լավ չէ՞ր լինի քանի դեռևս մութն է օգուտ քաղել գիշերային խավարից և, պատառելով պաշարվող թշնամու շղթան, հեռանալ քաղաքից:

Այդ այնքան հեշտ չէ Ռշտունյաց գազանների շղթան պատառել: Պետք է պաշտպանել քաղաքը մինչև վերջին շունչը: Երբ փոքր-ինչ կլուսանա, այն ժամանակ մենք դուրս կգանք կռվելու:

Պարսիկ աստիճանավորը լռեց: Նրանք դիմեցին դեպի քաղաքի մյուս դռները, որոնք նույնպես սաստիկ հսկողության ներքո էին դրած:

Գիշերը անցավ կրակի և բոցերի դժոխային գործողության մեջ: Իսկ առավոտյան լուսաբացին, մոխիր դարձած քաղաքի ավերակների վրա, սկսվեցավ սոսկալի կոտորածը: Գիշերը կործանվում էին շինվածքներ, իսկ այժմ կործանվում էին մարդիկ

Դեռ վաղորդյան շամանդաղը նոր էր սկսել պարզվիլ, դեռ նոր թռչունները իրանց ուրախ մնչյուններով սկսել էին ավետել տվնջյան լուսատուի ըղձալի ծագումը, երբ քաղաքի դռներից մեկը խորտակվեցավ: Նա խորտակվեցավ թե՜ ներսի բնակիչներից, և թե՜ դրսի պաշարողներից: Ներս խուժեց կատաղի բազմությունը:

«Թո՜ղ մի կողմ ջոկվին քրիստոնյաները…» — որոտացին հազարավոր ձայներ:

Քաղաքի բնակիչները, մոռանալով իրանց կրած ծանր վնասը, միացան իրանց տները այրող, իրանց դժբախտացնող լեռնականների հետ, և սկսեցին կոտորել պարսից զորքերին: Այժմ գործում էր նիզակն ու սուրը: Փայլում էր երկաթը և յուր փայլատակման հետ` լսելի էր լինում երկաթապատ վահանների սաստիկ տրոփյունը: Կռիվը կատարվում էր փողոցներում: Պարսիկ զորքերը օրհասական տագնապի մեջ մարտնչում էին, — մարտնչում էին, որ մեռնելուց առաջ գոնե մի քանիսին իրանց հետ տանեին: Մերուժան Արծրունին սպառել էր յուր լեզվի բոլոր ճարտարությունը նրանց խրախուսելով: Հրամանները այլևս չէին ազդում: Նա կայծակի նման անցնում էր մեկ փողոցից դեպի մյուսը, երբ նկատում էր, որ պարսիկները այն կողմում թուլանում են:

Այդ միջոցին մեկը միջնաբերդի բարձրությունից խոժոռ դեմքով նայում էր, թե ինչ է կատարվում ներքևում: Ո՜րքան նայում էր նա, այնքան նրա դեմքը ավելի տխուր, ավելի հուսահատական արտահայտություն էր ստանում: Մերուժանի քաղաքացիները, միանալով Մերուժանի թշնամիների հետ, կոտորում էին նրա Պարսկաստանից բերած զորքերին: «Որքա՞ն սխալ հասկացողություն ունենք մենք հայ ժողովրդի մասին…» — մտածում էր նա, և նրա զայրացած սիրտը լցվում էր անհնարին դառնությամբ:

Այդ մարդը Վահան Մամիկոնյանն էր, որը տիկին Համազասպուհիի հետ ունեցած անհաջող բանակռվից հետո դուրս էր եկել դիտելու քաղաքի խռովությունը:

Դեռ արևը չէր ծագել: Բայց վաղորդյան մթին աղջամուղջը սկսել էր նոսրանալ, և շրջակայքր հետզհետե տեսանելի էին լինում:

Միջնաբերդի բարձրությունից նկատեց նա, որ լեռնականներից մի ստվար խումբ ուղիղ դիմում էր դեպի յուր կողմը: Նրանց առաջնորդում էր մի հաղթանդամ տղամարդ, որ հազիվ երևում էր յուր զրահավոր և ասպարափակ թիկնապահների միջից: Նա մոտեցավ և, միջնաբերդի ստորոտից դեպի վեր նայելով և տեսնելով այնտեղ կանգնած Մամիկոնյան իշխանին, ձայն տվեց.

Մամիկոնյան տե՜ր, ինչո՞ւ ես այնտեղ՝ երկչոտ աղվեսի նման կանգնել այդ բարձր քարերի գլխին, ցած իջի՜ր, մենամարտենք և մեր կռվով վերջ տանք արյունահեղ կոտորածին: Դու, թեև կորցրիր քո տոհմի առաքինությունը, գոնե մի արատավորիր նրա քաջությունը:

Մեզ համար չէ՜ ազնվության դասը լեռնացիից առնել, Ռշտունյաց տեր, դու, եթե չէիր ցանկանում հազարավոր անմեղների արյան հոսումը, դու, եթե չէիր ցանկանում հազարավոր տների կրակի ճարակ դառնալը, — դու պետք է այդ հրավերը սկզբից անեիր, երբ դեռ ո՜չ մի արյուն չէր թափված: Այն ժամանակ ես պատրաստ կլինեի դուրս գալ քաղաքից և իմ բազուկների ուժը չափել քոնի հետ: Բայց երբ սկսվեցավ կռիվը այդպես տմարդի կերպով, թո՜ղ նույն կերպով և շարունակվի

Լեռնացին այդ տմարդությունը քեզանից սովորեց, Մամիկոնյան տեր: Նա որ գողի նման մտնում է յուր քրոջ անպաշտպան ամրոցը, և հափշտակում է նրան յուր անմատչելի ննջարանից, նա իրավունք չունի խոսք խոսելու մարդավարության մասին...

Մամիկոնյան իշխանը խոսք չգտավ պատասխանելու, յուր փեսայի լուտանքները նետի նման ցցվեցան նրա սրտում: Նա դարձավ դեպի բերդապահ պարսիկ զորքը, հրամայեց, որ պաշտպանեն բերդը:

Իսկ Գարեգին Ռշտունին հրամայեց յուր լեռնականներին հարձակում գործել բերդի վրա:

Next page