Րաֆֆի՝   Սամվել

Հայոց երկիրը, յուր լեռնային և քարքարոտ դիրքի համեմատ, յուր զորքերի թվում ստեղծել էր առանձին գունդեր, որ կոչվում էին «քարագնացներ»: Դրանք վարժված էին անհնարին ապառաժների վրա մագլցել, այդ պատճառով դրանց գործ էին ածում բերդերի և ամրոցների գրավման համար, որոնք Հայասաանում ըստ մեծի մասին շինված էին բարձր և անմատչելի ժայռերի գագաթին:

Բայց Ռշտունյաց և Մոկաց լեռնականները, քարերի հետ ապրելով և քարերի հետ սնվելով, երեխայությունից ի վեր սովորած էին մողեսի նման վազել ապառաժների վրա: Դրանք պատրաստի «քարագնացներ» էին: Իսկ այժմ նրանց առջև ներկայանում էր մի հսկա, ուղղաձիգ քարաբլուր, որի հետ հեշտ չէր գործ ունենալ: Այդ քարաբլուրի գլխին կանգնած էր հզոր միջնաբերդը, և նույն բերդի մեջ պահված էր նրանց սիրելի տիկինը: ՜

Հարձակումը գործեցին բերդի արևմտյան կողմից, որ նայում էր դեպի ծովը: Այդ կողմիցն էր միակ մուտքը, որ բարձրանում էր սանդխտաձև աստիճանների վրայով, որ փորված էին ապառաժի մեջ: Ուր բնությունը թերի էր թողել յուր ամրությունը, այնտեղ արհեստը լրացրել էր առանձին պարիսպներով և մարտկոցներով, որոնք կարգ-կարգ բարձրանում էին մինչև քարաբլուրի գագաթը:

Ռշտունյաց «քարագնացներ» սկսեցին վեր բարձրանալ: Նրանք զինված էին երկաթյա ճանկերով, որոնցով մագլցում էին միապաղաղ ապառաժների կուրծքի վրա: Այդ հանդուգն, աներկյուղ շահատակներին վերևից գանակոծում էին նետերի անթիվ հարվածներով: Բայց «քարագնացները» պաշտպանված էին կաշյա լայն վահաններով, որ մեծ ամպհովանիի ձև ունեին, և կապել էին իրանց ուսերի վրա: Նետերը դիպչում էին այդ անմխելի ասպարներին և անզոր փետուրների նման ցած էին թափվում:

Քարեր նետեց ե՛ք, — հրամայեց Մամիկոնյան իշխանը:

Սկսվեցավ սարսափելի քարեկարկուտը: Հարյուրավոր ձեռքեր, ծանր քարե գնդակները պարսատիկների մեջ դրած, պտույտացնում էին օդի մեջ և նետում էին դեպի ցած: «Քարագնացների» կաշյա վահանները այժմ անզոր էին այդ վիմային ռմբակոծության դեմ պաշտպանելու նրանց: Քարը դիպչում էր և յուր ծանրությամբ գլորում էր նրանց դեպի ցած:

Այդ միջոցին միջնաբերդի հյուսիսային կողմում կատարվում էր բոլորովին այլ գործողություն:

Ավելի քան երկու հարյուր ձեռքեր առաջ էին մղում մի փայտեղեն այլանդակ հրեշ, որ յուր վիթխարի ծանրությամբ հազիվհազ շարժվում էր թանձր անիվների վրա: Նա այն տափակ սայլակների նմանությունն ուներ, որ գործ են ածում հայ շինականները: Զանազանությունը նրանումն էր միայն, որ շինականի սայլակը ձգում են առջևից լծած անասունները, իսկ նրա անիվները տակից շարժում էին մարդիկ, որ թաքնված էին ամրակուռ տախտակամածի ներքո և ամենևին էին երևում:

Բազմաթիվ ձեռքեր բահերով ու բրիչներով հարթում էին նրա ուղին, և հրեշը, որպես մի մարմնացած ահավորություն, դանդաղ կերպով առաջ էր ընթանում: Նրա մռայլ, սպառնական երևույթը սարսափ ձգեց բերդապահների վրա: Ամենքը իրանց ուժերը դարձրին դեպի նրա կողմը: Վերևից սկսեցին պարսատիկներով քարե գնդակներ նետել: Գնդակները դիպչում էին նրա թանձր կազմվածքին և ոստոստելով մի կողմ էին ընկնում: Հրեշը ոչինչ չէր զգում, այլ որպես մի խուլ զարհուրանք շարունակում էր յուր ուղին:

Դա սոսկալի «փիլիկվանն» էր, — բերդերի և ամրոցների հիմքը փորող հսկա խլուրդը:

Միջնաբերդը, որ երեք կողմից բարձրաբերձ, ուղղաձիգ և անմատչելի դիրք ուներ, այդ կողմից միայն նրա ապառաժային կողքը փոքրինչ թեքված էր և այդ պատճառով ամրացրել էին հաստահիմն պարիսպներով և աշտարակներով:

Հրեշը մոտեցավ և, յուր ահարկու գլուխը հպարտությամբ վեր բարձրացնելով, հենվեցավ պարսպի վրա, որպես փափուկ բարձի վրա: Նրա կազմվածքի գաղտնածածուկ խորշերում թաքնված էին բազմաթիվ մարդիկ, որոնք զինված էին բահերով, բրիչներով և մուրճերով: Սկսեցին փորել պարսպի հիմքը: Կրակը միայն կարող էր ազատել բերդը այդ վիթխարի թշնամուց: Վերևից սկսեցին հրային գնդակներ նետել: Նա ոչինչ չէր զգում: Նրա տախտակամածը պատած էր թանձր թաղիքներով, որ թրջված էին ջրով: Հրային գնդակները ընկնում էին նրա վրա, թշշում էին և իսկույն հանգչում էին, թողնելով օդի մեջ անախորժ խանձահոտություն:

Հրեշի ներքո պատսպարված մարդիկ շարունակում էին եռանդով փորել պարսպի հաստահիմն ստորոտը: Արդեն բացվել էր մի մեծ ծակ, բայց ծակի առաջը փակում էր պարսպի ետևի ապառաժը: Երկար բրիչներն ու մուրճերը մաքառում էին այդ ժայռի հետ, բայց արդյունավոր հետևանքի չէին հասնում: Մտածեցին բարձրացնել քանդակի լայնությունը դեպի վեր, գուցե կարելի լիներ ազատվել ապառաժից:

Այդ գործողության միջոցին վերևից նայում էր Մամիկոնյան իշխանը: Նրա սառն դեմքը արտահայտում էր և՜ տխրություն, և՜ ծիծաղ: «Հիմարնե՛ր, — մտածում էր նա, — Ի՞նչ պիտի շահեք, եթե խորտակելու լինեք այդ պարիսպը…»: Եվ, իրավ, ոչինչ չպիտի շահեին, որովհետև, տիրելով այդ պարսպին, նրանց առջև դուրս կգար երկրորդը, երրորդը... որոնք կարգ-կարգ և աստիճան առ աստիճան բարձրանում էին միմյանց ետևից, որքան բարձրանում էր քարաբլուրը, որի գագաթին կանգնած էր հզոր միջնաբերդը:

Բայց իշխանին տանջում էր այն միտքը, թե լեռնականները այդ պատրաստությունները չէին կարող ունենալ, անտարակույս, նրանք վեր էին առել քաղաքից, ուրեմն, նրանք կատարելապես տիրապետել էին քաղաքին: Ի՞նչ եղավ Մերուժանը, ի՞նչ եղան պարսիկ զորքերը, որ պահպանում էին քաղաքը: — Այդ հարցը սաստիկ վրդովեցնում էր նրան: Մերուժանին կորցնելով, նա իսպառ կորած և սպանված էր համարում այն գաղափարը, որը յուր համար այնքան մեծ նշանակություն ուներ, և որի իրագործման համար նա զոհել էր ամեն ինչ

Ոչ սակավ խռովության մեջ էր գտնվում և պարսիկ բերդապահ զորքը: Նրանք պարզ տեսնում էին, որ քաղաքը գրավված էր, իսկ իրենք մնացել էին քարի գլխին, պաշարված անթիվ թշնամիներով: Նրանց գլխավորը մոտեցավ իշխանին և շնչասպառ ձայնով ասաց.

Տագնապը մե՛ծ է, տե՜ր իմ:

Տեսնում եմ:

Պետք է անձնատուր լինել, տե՜ր իմ:

Երբե՜ք:

Մի քանի րոպեից հետո ներս կխուժե վայրենի բազմությունը:

Անկարելի է: Դու, ուրեմն, այդ բերդր չես ճանաչում:

Եթե բերդի ամրությունը կարողանա պաշտպանել մեզ դրսի թշնամուց, հետո ինչո՞վ կարող ենք պաշտպանվել մենք ներսի թշնամու դեմ` քաղցի և ծարավի: Նրանք, պաշարման մեջ պահելով մեզ, բոլորիս սովամահ կանեն:

Ավելի լավ: Կմեռնեք և կազատվեք...

Ինչո՞ւ իզուր տեղը մեռնել:

Որ չարատավորվի արքայից արքայի դրոշի փառքը: Որ չասեն, թե պարսիկ զինվորը երկչոտ է:

Սպան լռեց և գլուխ տալով հեռացավ:

«Անպիտաննե՛ր, — ասաց նրա ետևից զայրացած իշխանը, — դուք քաջ եք այն ժամանակ միայն, երբ թշնամին ձեր առջևից փախչում է…»:

Միևնույնը պատահեց ներքևում, քաղաքի մեջ: Երբ լեռնականները, խորտակելով քաղաքի դռները, ներս մտան, այդ ժամանակ պարսիկները բոլորովին վհատության մեջ ընկան: Մերուժանի բոլոր ջանքերը քաջալերելու նրանցմնացին ապարդյուն: Մի հուսահատական ընդդիմադրությունից հետո պարսիկների մի մասը անձնատուր եղավ, իսկ մնացածները, քաղաքի մյուս դռներից դուրս գալով, փախան:

Մերուժանը մնաց միայնակ, լքված յուր քաղաքացիներից, և լքված պարսիկներից, որոնց վրա մեծ հույսեր ուներ: Նա վերջին անգամ յուր վշտալի հայացքը դարձրեց դեպի մոխիր դարձած քաղաքը, ուր ապրել էին, ուր իշխել էին նրա նախնիքը, և, օգուտ քաղելով ընդհանուր խռովությունից, յուր թիկնապահների փոքրիկ խումբով դուրս եկավ քաղաքից և անհայտացավ վաղորդյան մթության մեջ...

Իսկ այժմ վաղորդյան մթությունը բոլորովին չքացել էր, տեղի տալով նախաարփյան ախորժելի լուսավորության: Արշալույսը սկսել էր շառագունիլ, ներկելով հորիզոնը ոսկերանգ ծիրանիներով: Շատ չանցավ, արևի առաջին արյունագույն ճառագայթները հանդիպեցան մի արյունոտ գործի...

Առաջին պարսպի քանդակը այն աստիճան լայնացել էր, որ լեռնականները ներս էին մտել և այժմ սկսել էին փորել երկրորդ պարսպի ստորոտը: Հրեշը մնացել էր դրսում, նա յուր վիթխարի մարմնով այդ բացված քանդակից անցնել չէր կարող: Միջնաբերդից համարյա ընդդիմադրություն չէին գործում: Պարսիկները այժմ իրանց փրկությունը միայն անձնատուր լինելու մեջ էին գտնում, թեև պաշտպանվելու ամեն միջոցներ ունեին: Մամիկոնյան իշխանը վաղուց հասկացած լինելով այն ճշմարտությունը, թե վտանգի ժամանակ պարսիկ զինվորի վրա հույս չի կարելի դսել, — նրանց թողել էր իրանց կամքին:

Մյուս կողմից, «քարագնացները» մեծ հառաջադիմություն էին գործել: Նրանցից մեկը արդեն մագլցելով հասել էր մինչև բերդի մուտքը, և յուր դաշույնի ծայրը ցցել էր երկաթապատ դռան վրա:

Բա՜ց արեք, — աղաղակում էր նա, — եթե չեք ցանկանում, որ իմ հազարավոր ընկերների դաշույնները այսպես ցցվեն ձեր է սրտում:

Դռներր բացվեցան: Վերևում բարձրացրին անձնատուր լինելու նշանը: Իսկ ներքևում տիրեց ընդհանուր ցնծություն բոլոր լեռնականների մեջ:

Այժմ Ռշտոլնյաց նահապետը, շրջապատված յուր ավագներով, հանդիսավոր կերպով մոտեցավ բերդի ստորոտին: Նույն միջոցին վերևից ցած իջավ բերդապահների պարսիկ գլխավորը և, առաջարկելով նրան բերդի բանալիները, ասաց.

Հաղթված Մերուժանի բերդը հանձնում եմ հաղթողների ամենափառավորյալին: Ընդունիր այդ բանալիները, Ռշտունյաց տե՜ր: Այժմ թե՜ նվաստիս, թե՜ իմ հրամանի ներքո գտնված բերդապահների գլուխները խոնարհվում են ձեր սրերի և ձեր մեծահոգության առջև:

Լսելի եղան հաղթական ընդհանուր աղաղակներ, որ կրկնվեցան մի քանի անգամ:

Ռշտունյաց նահապետը ընդունեց բանալիները, պատասխանելով.

Ձեր գլուխները ազատված կլինեն մեր սրերից, և թե՜ դու և թե՜ քո հրամանի ներքո գտնված բերդապահները` կվայելեք իմ կատարյալ մեծահոգությունը, եթե ցույց կտաք, թե որտեղ է պահված Ռշտունյաց տիկինը:

Իսկույն ցո՛ւյց կտան… — միջնաբերդի բարձրությունից լսելի եղավ մի ձայն, որ խլացավ ընդհանուր աղաղակների մեջ:

Դա Վահան Մամիկոնյանի ձայնն էր: Դեռ միայնակ կանգնած էր նա վերևում և լի դառնությամբ դիտում էր, թե ինչ է կատարվում ներքևում: Երբ նկատեց բանալիների հանձնվելը, այնուհետև ամեն հույս կորած համարելով, նա դարձավ դեպի յուր մարդիկը և մի ինչ-որ խորհրդավոր նշան տվեց և ինքը հեռացավ

Այդ միջոցին միջնաբերդի արևմտյան կողմի աշտարակներից մեկի բարձրությունից քարշ ընկավ մի սպիտակ մարմին, որ ձյունի պես փայլում էր արևի առաջին ճառագայթների առջև: Ամենքը նայեցին նրա վրա և սարսափեցան...

Չսարսափեցավ միայն Մամիկոնյան իշխանը: Բայց նա վշտացավ: Յուր տխուր հայացքը դարձրեց դեպի սպիտակ մարմինը, սրտի բոլոր բաբախմունքով նայեց նրա վրա, հետո սրբեց աչքերի արտասուքը, և յուր դողդոջուն քայլերը ուղղեց դեպի միջնաբերդի հյուսիսային կողմը: Ամբողջ տիեզերքը խավարած էր նրա համար: Նա գնում էր, բայց չգիտեր, թե ո՜ւր է գնում: Համարյա բնազդմամբ մոտեցավ նա այն քարակոփ անձավներից մեկին, որի մուտքը փակված էր երկաթյա դռնով: Գրպանից հանեց մի փոքրիկ բանալի բաց արեց դուռը: Ներս մտավ և դուռը յուր ետևից կրկին կողպեց: Անձավի մի խորշում, քարյա հատակի մեջ, ագուցած էր մի քառանկյունի սալ, որ յուր գույնով ամենևին չէր որոշվում հատակից: Նա ոտքը դրեց սալի մի անկյունի վրա, և նրա ճնշումից խուփը ինքն իրան բարձրացավ: Տակից հայտնվեցավ մի վիրապի նեղ բերանը, որից մի մարդ հազիվ կարող էր անցնել: Նա երկու ձեռքերը դրեց նրա բերանի երկու շրթունքների վրա, և անհայտացավ վիրապի մեջ: Բերանը դարձյալ փակվեցավ:

Դա մի ստորերկրյա գաղտնի անցք էր, որ ծառայում էր որպես փախուստի ճանապարհ:

Համարյա միևնույն ժամանակ, երբ հայրը մտավ գաղտնի վիրապի մեջ, Վանա մեծ քաղաքադռներին հասավ որդինՍամվելը:

Առաջինը, որ գրավեց երիտասարդի ուշադրությունը, երկու թևավոր վիշապներն էին, որ հսկում էին այդ դռան աջ և ձախ կողմերում: Արհեստի այդ սքանչելի արդյունքները այժմ փշրված, խորտակված էին: Նա ներս մտավ: Մոխիր դարձած քաղաքը տակավին մխում էր դեռ չհանգած կրակների մեջ:

Նրա աչքին ընկավ աշտարակի բարձրությունից կախ ընկած սպիտակ մարմինը, որ դեռ ձյունի նման փայլում էր արևի առաջին ճառագայթներից:

Այդ ի՞նչ է, — հարցրեց նա սոսկալով:

Ռշտունյաց տիկնոջ մարմինն է, — պատասխանեցին նրան:

Ո՞վ կախաղան հանեց:

Վահան Մամիկոնյանը:

Կայե՛ն,... — բացագանչեց խեղճ երիտասարդը, աչքերը բռնելով: — Նա սպանեց եղբորը, իսկ դու-քո քրոջը...

Զ

ՈԻՐԱՑՈՂԸ ՅՈՒՐ ՏԱՆ ՇԵՄՔԻ ՎՐԱ

Հադամակերտի մայր եկեղեցում սուրբ պատարագը դեռ շարունակվում էր կատարվել: Չնայելով, որ այսօր ոչ տոն էր և ոչ կյուրակի, բայց եկեղեցին լիքն էր բազմությամբ:

Բեմի հանդեպ, եկեղեցու աջակողմյան անկյունում չորս մարմարյա սյուների վրա բարձրանում էր մի վերնատուն: Նրա դեպի սեղանը նայող կողմը կտրված էր ոսկեզօծ վանդակապատով: Բեհեզյա ծանր վարագույրները միջից ծածկում էին վանդակապատը և բոլորովին անտեսանելի էին կացուցանում վերնատան ներսը: Այդ դրության մեջ վերնատունը մի փակված, առանձնացած մատուռի ձև ուներ:

Նրա հատակը ծածկված էր թանկագին օթոցներով, իսկ մի կողմում դրած էր փառավոր բազմոց: Մի տիկին, սուրբ պատարագի խորհրդի համեմատ, երբեմն ծունր էր դնում և աղոթում էր, երբեմն կանգնում էր և երկրպագություն էր տալիս, երբեմն նստում էր բազմոցի վրա և խորին ուշադրությամբ լսում էր: Նա ներկայացնում էր մի մարմնացած ջերմեռանդություն, որ հոգվով և սրտով հափշտակված էր սուրբ պատարագի արարողություններով:

Ոչ մի ժամանակ նրա կրոնական զգացմունքները այնքան վառված չէին եղել, և ոչ մի ժամանակ նա յուր աղերսն ու պաղատանքը այնպես սրտագին փափագներով չէր մատուցել սուրբ սեղանի առջև, որպես այսօր: Տխո՛ւր էր նա, որպես մի սգավոր, և ջերմ արտասուքը հեղեղի նման թանում էր նրա վշտալի դեմքը:

Դա Վասպուրականի տիկինն էրՄերուժանի մայրը: Մատուռը, որի մեջ առանձնացած էր նա, Արծրունիների տոհմային աղոթարանն էր: Արծրունիները, կառուցանելով Մայր եկեղեցին, այդ մատուռը հատկացրին իշխանական տանը:

Նա վեր կացավ, երբ սուրբ խորհուրդը ավարտվելուց հետո ներս մտավ պատարագիչ քահանան և մատույց նրան սուրբ սեղանի նշխարքը: Նա ընդունեց, համբուրելով տեր հոր աջը: Այժմ նրա վշտահար դեմքը և այն հեզ աչքերը, որոնց մեջ փայլում էր անհուն բարություն, ստացան ավելի խաղաղ և ավելի մխիթարական արտահայտություն, որ միայն պատկառանք էին ազդում: Այդ հարգելի անձնավորությունը միացնում էր յուր մեջ բարձր ազնվականի բարձր հատկությունները բարեպաշտ քրիստոնյայի առաքինությունների հետ:

Ինչպե՞ս է, տեր հայր, քո դստեր առողջությունը, — հարցրեց նա, — ինձ ասացին, որ շատ հիվանդ է:

Այժմ բավական լավ է, տիկին, — պատասխանեց քահանան: — Վտանգը անցավ: Իմ դուստրը յուր կյանքով պարտական է քեզ, տիկին: Եթե Դրան բժիշկը այնպես շուտ ուղարկած չլինեիր, գուցե ես կզրկվեի իմ միակ զավակից: Աստված քեզ երկար կյանք տա, տիկին, որ այլոց կյանքի համար այդքան հոգ ես տանում:

Այդ իմ պարտավորությունն է, տեր հայր, բոլորը իմ զավակներն են, — ասաց նա: — Ցավում եմ, որ այս օրերում այնքան զբաղված պետք է լինեմ, որ չպիտի կարողանամ անձամբ այցելել հիվանդին:

Նա շատ կուրախանա, տիկին: Քո բարի ոտքը բոլորովին կփարատե նրա ցավերը:

Քահանան հեռացավ, երբ ներս մտան երկու նաժիշտներ, որոնք սպասում էին մատուռի նախագավիթում: Նրանք, բռնելով տիկնոջ աջ և ձախ թևքերից, սկսեցին ցած իջեցնել վերնատան քարյա սանդուղքներից:

Պատարագից հետո ժամավորները դարձյալ մնացին եկեղեցում, որովհետև Դրան ավագ երեցը պետք է քարոզ կարդար: Բայց տիկինը չսպասեց և առանձին դռնով դուրս եկավ եկեղեցուց:

Փողոցում սպասում էր մի փառավոր պատգարակ, յուր երկու նաժիշտների հետ մտավ նրա մեջ, և սպիտակ ջորիները սկսեցին հանդարտ քայլերով տանել: Պատգարակի առջևից ոտով գնում էին երկու զինված շաթրներ կարմիր զգեստներով, իսկ ետևից` մի խումբ դրանիկներ, նույնպես ոտով: Եկեղեցու դռնից սկսած, դեպի փողոցի երկարությունը, ձգվել էին երկու շարք աղքատներ, որոնք խորին փափագով սպասում էին այդ բարեխնամ պատգարակին: Տիկնոջ հազարապետը քսակը ձեռքին մոտեցավ նրանց և առատաձեռն ողորմածությամբ բաժանեց չքավորների սովորական պարենը:

Խորին հարգանքով անցնում էր պատգարակը քաղաքի փողոցներով, և ամեն ոք` մեծ, թե փոքր, հասակավոր, թե երեխա, կանգնում էին, գլուխ էին տալիս և ամենայն սիրով ողջունում էին: Անցնում էր հասարակաց մայրը և երկրի տիկինը: Նա, պատգարակի դռնակից գլուխը մեկնելով, բոլորի ողջույնը ամենայն բարեսրտությամբ ընդունում էր:

Պատգարակը կանգ առեց իշխանական հոյակապ ապարանքի հանդեպ, որի մուտքի աջ և ձախ կողմերում հսկում էին երկու թևավոր վիշապներ: Դա Արծրունիների հատուկ նշանն էր, որ դրված էր լինում նրանց բոլոր քաղաքների և պալատների դռների մոտ: Տիկինը ցած իջավ և, շրջապատված յուր սպասավորներով, ներս մտավ: Նա անցավ փառավոր, կանաչազարդ բակերի ճեմելիքներով, որ հովանավորված էին դարևոր ծառերով, և մտավ յուր սենյակը: Սպասավորները հեռացան, նրա մոտ մնացին նաժիշտները միայն, որոնք փոքր-ինչ սպասելով և տեսնելով, որ իրանց տիկինը առանձին հրաման չունի, իրանք ևս հեռացան:

Առաջինը, որ ներս մտավ տիկնոջ օրհնությունն առնելու, նրա հարսն էրՄերուժանի կինը: Մոր երկու ձեռքերից քարշ էին ընկած նրա երկու փոքրիկ երեխաները: Նրանք մոտեցան, համբուրեցին տիկնոջ աջը: Ամեն օր այդ սովորությունն ունեին, երբ նա վերադառնում էր եկեղեցուց: Տիկինը հանեց յուր բերած նշխարքը, բաժանեց, և տվեց թե՜ երկու երեխաներին և թե՜ նրանց մորը: Երեխաները, որոնցից մեկը տղա էր, իսկ մյուսը աղջիկ, իրանց գողտրիկ ձեռիկները դրեցին տիկնոջ ծնկների վրա և, իրանց փայլուն, հարցասեր աչքերը դարձնելով դեպի նա, հարցրին.

Ինչո՞ւ տերտերի հացը այդպես քաղցր է լինում, մամիկ:

Դա աստուծո հացն է, զավակներս, դրա համար այդպես քաղցր է լինում, — պատասխանեց տիկինը, փայփայելով նրանց գանգրահեր գլուխները:

Նրանց մայրը ոտքի վրա կանգնած էր յուր սկեսրոջ մոտ և համարձակություն չուներ նստելու: Նազելի մի կին էր նա, չափազանց նրբակազմ և քնքուշ: Նա այնպիսի տպավորություն էր գործում, կարծես, ասելիս լիներ` մի՜ դիպեք ինձ, կփշրվեմ ես: Նա խոսում էր այն ժամանակ միայն, երբ սկեսուրը խոսեցնում էր, և ամեն անգամ նրա սպիտակ այտերի վրա նշմարվում էր մի թեթև կարմրություն: Նա դեռ անմեղ օրիորդի ամոթխածությունն ուներ, իսկ հնազանդ հարսի` պատկառանքը:

Վասպուրականի տիկինը այրի էր: Նրա ամուսինը, Շավասպ Արծրունին շատ ժամանակ չէր, որ վախճանվել էր: Այդ պատճառով նա դեռ կրում էր յուր գլխին սգավորության քողը: Զրկվելով սիրելի ամուսնից, նա փոխարինում էր նրան` յուր տան մեջ իբրև մի պատրիարք, որի հեղինակությանը ամենքը խոնարհվում էին, իսկ երկրի կառավարության մեջ` իբրև մի նահապետ:

Տիկինը Վահան Մամիկոնյանի (Սամվելի հոր) քույրն էր: Մամիկոնյան տոհմիցն էր և նրա հարսըՄերուժանի կինը: Մոտ խնամությունները այդ ժամանակ սովորական էին հայոց մեջ, մանավանդ նախարարների տների մեջ: Եվ առավելապես Մամիկոնյան տան աղջիկները, իբրև մի շղթա, կապում էին միմյանց հետ ոչ միայն ավագ նախարարների տոհմերը, այլև թագավորի տունը, այլև հայրապետական տունը: Այդ տոհմի աղջիկներն էին, որ իրանց առաքինություններով զարդարում էին թե՜ նախարարների պալատները, թե՜ թագավորի արքունիքը և թե՜ հայրապետի վեհարանը:

Նախաճաշիկդ պատրաստ է, — ասաց հարսը: — Ինչպե՞ս կհրամայեիր, այստե՞ղ տան, թե սեղանատանը:

Ուտելու բնավ ախորժակ չունեմ, սիրելի Վահանդուխտ, — պատասխանեց տիկինը: — Գիշերը շատ անհանգիստ էի, քնել չկարողացա: Իսկ այժմ հիվանդի պես եմ զգում ինձ. ականջներիս մեջ մի բան մրմնջում է, և ինձ այնպես է թվում, կարծես գլուխս յուր տեղումը չլինի:

Հանգստացիր մի փոքր. դու առավոտյան շատ վաղ վեր կացար:

Ինչպե՛ս հանգստանամ... միթե կարո՛ղ եմ հանգստանալ

Նա նայեց հարսի գունաթափ երեսին և սարսափեց: Մի գիշերվա մեջ խեղճ կինը բոլորովին հալվել ու մաշվել էր: Երևի, նա ևս չէր քնել, երևի, նա ևս անհանգիստ էր... Ի՞նչ էր պատահել:

Այդ հոյակապ տունը, ուր միշտ ուրախ, ուր միշտ երջանիկ լինելու համար ոչինչ թերություն չկար, այսօր այնպիսի տխուր տպավորություն էր գործում, որպես թե սգավորի տուն լիներ: Բոլորի դեմքերի վրա նկարված էր մի անբացատրելի տրտմություն: Ամենքը լուռ էին, ամենքը խորշում էին միմյանց հետ խոսելուց: Կարծես, կար մի բան, որից վախենում էին, միգուցե մինը մյուսին հիշեցնելով ավելի ևս սաստկացնե նրա սրտի ցավերը...

Երեկ լուր ստացվեցավ, որ Մերուժանը գալիս է: Այսօր ճաշից հետո նա պետք է մտներ յուր իշխանության Ոստանը: Թե՛ մոր համար և թե՛ ամուսնի համար ի՞նչ ավետիս, ի՞նչ բարի համբավ կարող էր այնքան ուրախալի լինել, քան թե այդ, որ նրանց սիրելին, երկար բացակայությունից հետո, վերադառնում էր յուր տունը: Բայց նրանք, փոխանակ ուրախանալու, տխուր էին:

Նա վերադառնում էր որպես ուրացող, որպես դավաճան: Եվ մայրն ու ամուսինը պետք է գրկեին նրան, պետք է սրբեին նրա ճակատից ճանապարհի փոշին: — Այդ ծա՛նր էր, մահվան չափ ծա՛նր էր թե՛ մոր և թե՛ ամուսնի համար: Նրանց արդեն հայտնի էին Վանա աղետալի անցքերը և իրանց արյունակցիդժբախտ Համազասպուհիի ցավալի նահատակությունը: Նրանք գիտեին և ա՛յն, թե այլևս ինչե՛ր պիտի աներ Մերուժանը

Մայրը վաղուց լսած էր որդու չար դիտավորությունները, բայց նա ամենայն զգուշությամբ ծածկում էր յուր հարսից, վախենալով, որ խեղճ կինը, որն առանց դրանց ևս շատ տկար էր յուր առողջությամբ, չպիտի կարողանար դիմանալ այդ հարվածներին: Բայց երկար գաղտնիք պահել անկարելի էր, որովհետև այսօր պետք է գար նրա ամուսինը: Այդ էր պատճառը, որ նրան փոքր-ինչ նախապատրաստելու համար երեկ երեկոյան կանչեց յուր մոտ և հայտնեց բոլորը:

Վանա ցավալի կործանումից հետո, որպես հայտնի է, Մերուժանը միայն յուր թիկնապահների փոքրիկ խմբով կարողացավ ազատվել յուր քաղաքացիների վրեժխնդրությունից: Եվ մտածելով, միգուցե յուր Ոստանը մտնելու ժամանակ նույն վտանգներին հանդիպի, — նա շտապեց կես ճանապարհից հառաջագույն մի մարդ ուղարկել յուր մոր մոտ, որպեսզի նախապատրաստվի որդուն ընդունելու: Այստեղ, յուր տան մեջ, դիտավորություն ուներ փոքր-ինչ դադար առնել, հանգստանալ մինչև կհասնեին պարսկական նոր զորքերը, որոնց մեծ անհամբերությամբ սպասում էր նա:

Ես հրամայել էի` ինձ մոտ կանչել քաղաքապետին, — ասաց տիկինը: — Ցանկանում էի իմանալ, արդյոք ի՞նչ կարգադրություններ է արել նա:

Նա այստեղ է, — պատասխանեց հարսը: — Դեռ դու եկեղեցուց չէիր վերադարձել, նա շատ վաղ եկել, սպասում էր: Ի՞նչ կարգադրություններ պետք է աներ նա:

Հարցը մնաց առանց պատասխանի: Այդ միջոցին ներս վազեց մի ուրախ, վառվռուն օրիորդ, որը, անդադար յուր վրա նայելով, մոտեցավ, կանգնեց տիկնոջ առջև և, յուր լի բերկրությամբ աչքերը դարձրեց դեպի նա, հարցրեց.

Նայի՜ր, մայրիկ, այդ հագուստով լա՞վ է:

Դա Մերուժանի քույրն էր, զարդարվել էր, պատրաստվել էր եղբորը հանդիպելու համար: Տան մեջ ամենքը տխուր էին, նա միայն ուրախ էր: Մայրը նայեց նրա վրա, աչքերը լցվեցան արտասուքով: Նա խոսք չգտավ պատասխանելու յուր դստերը: Ի՞նչ ասեր, ինչպե՞ս վշտացներ նրա մեջ այն ջերմ սերը, որ ուներ նա դեպի եղբայրը: Կարո՞ղ էր բացատրել նրան, թե կյանքի մեջ կան այնպիսի հանգամանքներ, որ բաժանում են քրոջը եղբորից, մորը` որդուց: Օրիորդը թեև մեծ աղջիկ էր, բայց այդ մասին շատ փոքր հասկացողություն ուներ: Նա լսել էր շատ բան, նրան ասել էին բոլորը, բայց դեռ նա սիրում էր եղբորը: Դա այն աղջիկն էր, որին Սամվելի մայրը նշանել էր յուր որդու համար, չնայելով, որ Սամվելի սիրտը պատկանում էր Ռշտունյաց օրիորդինԱշխենին:

Շավասպուհին, — այսպես էր նրա անունը, — նկատելով մոր տխրամած դեմքը, ընկավ նրա ծնկների վրա և, նրա դողդոջուն ձեռքերը սեղմելով յուր բոցավառ շրթունքների վրա, բացագանչեց.

Մայրի՛կ, սիրելի՛ մայրիկ, ինչո՞ւ ես լաց լինում, եթե դու լաց լինես, ես էլ լաց կլինեմ...

Մենք էլ լաց կլինենք, — ձայն տվեցին երկու երեխաները, որոնք ապշած կերպով նայում էին այդ սրտաշարժ տեսարանի վրա:

Երեխաների մայրը առեց նրանց և այրված սրտով դուրս եկավ դահլիճից:

Տիկինը համբուրեց յուր դստերը, փայփայելով վեր բարձրացրեց, և ասաց նրան.

Գնա՜, սիրելի զավակս, ասա՜, որ քաղաքապետին իմ մոտ կանչեն: Ես նրա հետ շատ կարևոր խոսելիքներ ունեմ: Պատվիրի՜ր սպասավորներին, որ ոչ ոքի չեմ ընդունում: Իսկ եթե տեր հայրը գալու լինի, նրան իմ մոտ թողնեն:

Օրիորդը կրկին անգամ համբուրեց մոր ձեռքերը և հեռացավ:

Դահլիճում մնաց միայն տիկինը: Ոչ մի ժամանակ նրա պայծառ խելքը այնպես մռայլված չէր եղել, որպես այս առավոտ: Ոչ մի ժամանակ նա այնպես անճարացած և այնպես կաշկանդված չէր եղել անհնարին դժվարությունների մեջ, որպես այս առավոտ: Որքան մտածում էր, մի որևէ ելք չէր գտնում: Մոր զգացմունքները մաքառում էին նրա մեջ: Ինչպե՞ս ընդունել որդունմոլորյալ որդուն, բայց ևսիրելի որդուն: Դիցուք թե ինքն հանձն առներ հաշտվել նրա հետ այն հուսով, որ յուր ազդեցությամբ կարող կլիներ ուղղել նրան, դարձնել նրան չար ճանապարհից: Բայց կարո՞ղ էր հաշտվել նրա հետ ժողովուրդը: Նա՜, որ հայտնի պատերազմ էր սկսել ժողովրդի դեմ կամ հնազանդեցնելու նրան յուր չար կամքին և կամ սրի ճարակ տալու նրան, — կարո՞ղ էր հաշտվել նրա հետ ժողովուրդը: Այդ դա՛ռն, այդ ցավալի մտքերն էին ալեկոծում նրան, երբ ներս մտավ քաղաքապետը և, հեռվից մի քանի անգամ գլուխ տալով, մոտեցավ, և լուռ, շվարյալ դեմքով կանգնեց տիկնոջ բազմոցի մոտ:

Չնայելով տիկնոջ մի քանի անգամ կրկնած խնդիրքին, որ նստե, և չնայելով յուր հասակին, այդ զառամյալ ծերունին դարձյալ կանգնած մնաց ոտքի վրա, պահպանելով ավանդական մեծարանքը դեպի հարգելի տիկինը:

Ի՞նչ արեցիր, Գուրգեն, — հարցրեց տիկինը:

Ամեն ինչ կարգադրված է, տիկին, — պատասխանեց ծերունին տխուր ձայնով: — Ամեն ինչ այնպես կկատարվի, որպես դու հրամայեցիր:

Նա սկսեց մի առ մի պատմել, թե ընդունելությունը, ի՜նչ կերպով կկատարվի, կամ ի՜նչ կարգադրություններ են եղած:

Դու կարծում ես, Գուրգեն, որ անկարգություններ չե՞ն պատահի, — հարցրեց տիկինը, դեռևս ոչ բոլորովին հանգստանալով ծերունու տված տեղեկու-թյուններով:

Ես ո՜չ միայն կարծում եմ, այլ հավատացած եմ, տիկին, որ ոչ մի անկարգություն չի պատահի: Իրավ է, մեր քաղաքացիք սաստի՛կ զայրացած են, բայց նրանք կզայրանան, իսկ երբեք տիրասպան չեն լինի: Այդ ես գիտեմ, տիկին, հաստատ գիտեմ.,..

Վերջին խոսքերի միջոցին նա յուր գլուխը մի քանի անգամ դրական կերպով շարժեց և ապա շարունակեց.

Ի՞նչ եղավ տեր հայրը, ուշացավ տեր հայրր: Նրա քարոզը թեև փոքր-ինչ երկար տևեց, բայց բոլորովին հանգստացրեց ժողովրդին: Ավետարանից, մարգարեներից, առաքյալներից շատ օրինակներ բերեց: Եկեղեցուց դուրս գալուց հետո բազմությունը չէր հեռանում, խմբված էին բակում, դեռ տաքացած կերպով վիճում էին: Տեր հայրը մոտենում էր այս և այն խմբին, խոսում էր, խրատում էր և հանգստացնում էր: Այն ուրիշ բան կլիներ, տիկին, եթե իշխանը պարսից զորքերով մտներ յուր քաղաքը, այն ժամանակ անհնար կլիներ բնակիչներին զսպել: Իսկ այժմ զալիս է մի քանի մարդիկներով միայն, — և հայ մարդիկներով:

Բայց հայությունը ուրացած մարդիկներով…-ընդհատեց տիկինը դառնացած կերպով:

Ներս մտավ Դրան երեցը:

Ահա՜ և տեր հայրը, — ձայն տվեց ծերունին:

Այդ ալևոր քահանան, որ դեռ պահպանել էր յուր առույգ հասակի թե՜ եռանդը և թե՜ կենդանությունը, իշխանական տան երեցն էր: Նա մոտեցավ, ողջունեց և կանգնեց տիկնոջ մոտ:

-Նստի՜ր, տե՜ր հայր, — ասաց նրան տիկինը:

Նա նստեց և սկսեց հաղորդել յուր արած կարգադրությունները:

Վահանդուխտ տիկինը, յուր երկու երեխաների հետ դուրս գալով դահլիճից, ուղիղ դիմեց յուր սենյակը: Երկու երեխաներից մեծը տղա էր, իսկ փոքրը` աղջիկ: Տղան հասկանում էր, որ այն օր գալու էր հայրը, և դեռ հիշում էր նրան, երբ նա գնաց Պարսկաստան: Երբ նստեցին`

Մայրի՜կ, — հարցրեց տղան, յուր փոքրիկ թևիկներով քարշ ընկնելով նրա պարանոցից, — հայրիկը այսօր կբերե՞ ձին:

Ի՞նչ ձի, — ասաց մայրը տխուր ձայնով:

Չե՞ս իմանում, երբ հայրիկը գնում էր, ասացի` ինձ համար մի ձի բեր, պստիկ ձի, նա պաչ արավ, ասաց` կբերեմ, շատ պստիկ ձի կբերեմ, ա՜յ, էսքան: — Նա ձեռքը բարձրացրեց ձիու մեծությունը ցույց տալու համար:

Մենք ձիաներ շատ ունենք, զավակս, — պատասխանեց նրան մայրը:

Մերոնքը մեծ են, շատ մեծ են, ես պստիկ ձի եմ ուզում,որ ինքս հեծնեմ:

Ծառանեըը կնստացնեն քեզ:

Ես խո Նուշիկը չեմ, որ ծառաները բռնեն ու դնեն ձիու վրա, ես ուզում եմ ինքս նստել:

Նուշիկ փաղաքշական ձևով կոչում էին նրա քրոջը, որի իսկական անունը Միհրանույշ էր:

Եղբոր նկատողությունը, երևի, վիրավորեց փոքրիկ Նուշիկին, որը ծտի նման թռավ գահավորակի կողքում դրած բարձերից մեկի վրա և, կլորիկ ոտիկները շարժելով, ասաց,

Տեսնո՞ւմ ես, ինչպե՞ս հեծա:

Մայրը երկուսին ևս գրկեց, համբուրեց, հետո հանձնեց դայակներին, որ տանեն, դրսում ման ածեն, որպեսզի իրան չխանգարեն: Ինքը մնաց միայնակ:

Դժբա՛խտ հանգամանքների դժբա՛խտ ամուսինՈրդիքը ուրախ էին հոր գալուստով, իսկ ինքը ուրախանալ չէր կարող: Նա սիրում էր յուր ամուսնին, նա յուր մխիթարությունը միշտ նրա մեջ էր գտել: Իսկ այժմ որպե՞ս սիրել «ուրացողին», որպե՞ս սիրել չարագործին: Այդ միտքը կատաղության չափ ալեկոծում էր նրան, ալեկոծում էր, որովհետև սիրտը և միտքը չէին հաշտվում միմյանց հետ:

Յուր զավակներին հեռացնելուց հետո, նա գտնվում էր հոգեկան խորին տագնապի մեջ: Ներքին կռիվը, զգացմունքների սաստիկ մաքառումը դրել էին նրան տենդային հրաբորբոք դրության մեջ: Ահա՜ մի ժամ ևսահա՜ երկու ժամ ևսքաղաքի մունետիկը պիտի քարոզեր բոթաբեր գալուստը, և ամեն ինչ պիտի վճռվեր նրա համար

Նրա դրությունը նմանում էր դատապարտյալի վերջին րոպեներին, որ օրհասական հուզմունքների մեջ սպասում է. ահա՜ բանտի դռները բաց կլինեն, դահիճները կմտնեն և նրան կտանեն դեպի կախաղանի ոտքըԻնքը այդպես պետք է դիմեր այն մարդու գիրկը, որին ամբողջ աշխարհը մերժում էր: Եվ նա պետք է ողջագուրեր յուր ամուսնին, այն ձեռքերով, որ շաղախված էին յուր հարազատների անմեղ արյունով: Միթե նա չէ՞ր լինի հայոց կանանցից ամենաթշվառը: Բայց նա սիրո՛ւմ էրայո՜, սիրո՛ւմ էր:

Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, սեղմեց բորբոքված սիրտը, որ փոքր-ինչ հանգստություն տա ներքին վրդովմունքներին: Արտասուքը հեղեղի նման թափվում էր տառապյալ աչքերից, բայց սրտի կրակը շիջուցանել չէր կարողանում: Երկար այդ դրության մեջ տանջվում էր նա:

Հանկարծ վեր թռավ և, որպես մի խելագար, պղտոր աչքերը դարձրեց դեպի յուր սենյակի շուրջը: Ապշած կերպով նայում էր այս կողմ ու այն կողմ և յուր անշարժ հայացքով, կարծես մի բան որոնում էր: Մի քանի քայլ փոխեց դեպի դուռը, բայց իսկույն կանգ առեց: Դարձյալ, որպես մի աներևույթ զորությունից առաջ մղվելով, փոխեց քայլերը, մոտեցավ և, դողդոջուն ձեռքը մեկնելով, կողպեց դուռը: Սկսեց գիշերաշրջիկ լուսնոտի նման` դեգերել դեպի այս, դեպի այն անկյունները: Մոտեցավ լուսամուտներին, ցած թողեց վարագույրները: Կրկին մոտեցավ դռանը ստուգելու, արդյոք փակվա՞ծ էր, թե ոչ: Նրա դեմքը այժմ խաղաղ էր. նա արդեն գտել էր մի միջոց, որ կարող էր հանգստացնել իրան: Սկսեց նայել պատուհանները, սկսեց քրքրել բոլոր դարակները, որոնց մեջ պահված էին յուր իրեղենները: Բայց որոնածը չգտավ: Նրա աչքին ընկավ մի գեղեցիկ արկղիկ, որի մեջ պահված էին յուր կարելու պարագայքը: Ուրախացավ նա, որպես մի մարդ, որ հանկարծ մի անսպասելի գանձ է գտնում: Վազեց դեպի արկղիկը, բաց արեց և նրա միջից դուրս հանեց մի փոքրիկ մկրատ: Մի քանի րոպե, այդ փայլուն գործիքը ձեռքում բռնած, հիացած կերպով նայում էր նրա վրա: Նա գտավ ցանկալի առարկան: Դա կհանգստացներ նրան և կվճռեր նրա սրտում անվճիռ մնացած տարակուսանքրնրա զգացմունքների անհաշտ երկբայությունը

Next page