Րաֆֆի՝   Սամվել

Մկրատի սուր ծայրը նախ տարավ դեպի բաբախող կուրծքը: Բայց մինչև սիրտը մխվելու համար բավական կարճ էր: Հետո բաց արավ և մոտեցրեց յուր կոկորդին...

Այդ միջոցին, կարծես, փրկության հրեշտակը բռնեց նրա ձեռքը: Մկրատը բարկությամբ մի կողմ նետեց, ասելով. «Ո՜չ, նա չա՛րժե, որ ես մեռնեմ նրա համար... Նա, այո՜ դավաճանեց յուր հայրենիքին, բայց դավաճանեց ևի՛նձ...» :

Ի՞նչ զորություն էր, որ այդպես անսպասելի կերպով հեղափոխեց նրա միտքը: Այն զորությունր, որ ամեն կրքերից ավելի սաստիկ բռնանում է կնոջ զգացմունքների վրախանդոտությունը:

«Ես ճանաչում եմ նրան, — շարունակեց դառնացած կերպով, — նա՜ այնքան ցած չէր, որ ուրանար յուր կրոնը, նա՜ այնքան անգութ չէր, որ ոտնակոխ աներ յուր հայրենիքի բախտը, և նա՜ այնքան փառամոլ չէր, որ նրան հրապուրեր Շապուհի խոստացած թագավորությունը... Բայց նա՜ այդ բոլորը հանձն առեց և պարսից արքայի ձեռքում մի անարգ գործիք դարձավ միայն նրա քո՜ւյրը ստանալու համար... Ինձ ասում էին, որ նա սիրահարված է Շապուհի քրոջ վրա, բայց ես չէի հավատում... Այո՜, ես չէի հավատում, որ նա՜ այն աստիճան անհավատարիմ կգտնվի դեպի յուր երկու զավակների մայրը, որ երկրորդ կին կբերե Արծրունյաց տան մեջ... Ի՞նչ կլինի իմ դրությունը այնուհետև... Ես պետք է պարսից արքայադստեր աղախինը դառնամ և նրա մաշիկները շիտկեմ... Իսկ գեղեցիկ Որմիզդուխտը կլինի ո՜չ միայն Վասպուրականի Տիկնանց Տիկինը, այլ ամբողջ Հայաստանի թագուհին... Իսկ ե՞ս... Ո՜չ, ո՜չ, չա՛րժե մեռնել նրա համար... Իսկ նա՜ ի՞նձ համարարդեն մեռած է...»:

Նստեց բազմոցի վրա, երկու ձեռքով ծածկեց երեսը, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվիլ նրա աչքերից: «Ա՛խ, Մերուժա՜ն, Մերուժա՜ն...» — հառաչում էր նա, և դողդոջուն ձայնը խեղդվում էր դառն հեկեկանքների մեջ:

Մի քանի անգամ բախեցին սենյակի դուռը: Վերջապես լսեց նա, վերկացավ, սրբեց աչքերը և տհաճությամբ մոտեցավ, բաց արավ դուռը: Ներս մտավ աղախիններից մեկը:

Ամենքը պատրաստվում են, տիկին, — ասաց նա, — չե՞ս հրամայում` հագցնել քեզ:

Մտիր հանդերձատունը, Սիրանույշ, և դուրս բեր իմ սև զգեստները, — հրամայեց նա:

Ինչո՞ւ սև, տիկին:

Այսօր սո՛ւգի օր է, Սիրանույշ, — պատասխանեց նա վշտալի ձայնով...

Կեսօրից չորս ժամ անցել էր:

Մի խումբ ձիավորներ, փոշու ամպերի մեջ կորած, ամենայն արագությամբ արշավում էին Արևբանոսից դեպի Հադամակերտ տանող ճանապարհով: Որքան մոտենում էին քաղաքին, այնքան ավելի փութացնում էին իրանց երիվարների ընթացքը: Նրանց թիվը շատ չէր. մեկը ձիավարում էր ամենից առաջ, որ ձեռքում տանում էր մի կարմիր դրոշակ, նրա ետևից գնում էր մի սպիտակ ձիավոր, որ բոլորի գլխավորն էր երևում, իսկ հետո ինը ձիավորներ, ընդամենը տասնևմեկ հոգի:

Այդ գնում էր Մերուժան Արծրունին, գնում էր դեպի յուր նախահարց Ոստանըիշխանական մայրաքաղաքըՀադամակերտ:

Այն կենդանի ճանապարհը, որով անցնում էր նրա ասպախումբը և որը ամբողջ օրը լցված էր լինում երթևեկների ուրախ բազմությամբ, այժմ բոլորովին դատարկ էր: Ոչ ոք չէր երևում: Այդ շատ զարմացնում էր Մերուժանին: Նա անհանգիստ կերպով աչք էր ածում յուր շուրջը: Չէր փայլում հնձավորի մանգաղը, որ օրվա այդ զովաբեր ժամուն ավելի եռանդով էր գործում. չէր լսվում հերկավարի երգը, որ կենդանացնում էր գեղեցիկ շրջակայքը, և անհոգ հովվի սրինգն անգամ լռել էր, ոչ ինքն էր երևում և ոչ յուր խաշինները: Նրան այնպես էր թվում, որ անցնում է անապատների միջով, ուր կյանքն ու գործունեությունը վաղուց արդեն դադարել էին:

Բայց նա այլ բան էր սպասում

Նա սպասում էր, որ յուր քաղաքացիք խուռն բազմությամբ կդիմավորեն իրան, այդ ճանապարհի աջ և ահյակ կողմերը ծածկված կլինեն արանց և կանանց խումբերով, և բազմությունը ցնծության աղաղակներով ու նվագարանների հնչյուններով կտանե նրան մինչև յուր իշխանական ապարանքը: Բայց ոչ ոք չհայտնվեցավ: Մինչև անգամ յուր տոհմայիններից ոչ ոք չդիմավորեց նրան: Միթե յուր գալուստը հայտնի չէ՞ր նրանց: Այդ մասին մի օր առաջ իմացում էր տվել յուր մորը: Ուրեմն ի՞նչ էր նշանակում այդ ընդհանուր բացակայությունը մարդիկների, — ա՜յդ անապատը:

Այդ միտքը վրդովեցնում էր նրան և լցնում էր նրա ալեծուփ սիրտը մի խուլ տարակուսանքով, որ հետզհետե կասկածի կերպարանք էր ստանում: Ետ դառնալ` թույլ չէր տալիս նրա անսահման անձնասիրությունը, իսկ առաջ գնալու համար` ոչինչ բարիք չէր սպասում: Գուցե կհանդիպեր յուր քաղաքացիների ապստամբությանը, գուցե զենքերը ձեռքում կդիմավորեին նրան… «Ինչ էլ որ պատահելու լինի, փո՛ւյթ չէ», — մտածեց նա խորին սրտմտությամբ և վճռեց առաջ գնալ:

Վերջապես հասավ նա քաղաքադռներին: Նայեց դռան ճակատին և սոսկաց: Այդ հոյակապ դուռը, որի բարձր կամարները ամեն մի հանդիսավոր մուտքի ժամանակ զարդարած էին լինում ծաղիկներով ու պսակներով, — այժմ ներկայացնում էր մի տխուր տեսարան: Դռան ճակատը պատած էր սև պաստառներով, իսկ վերևվում փողփողում էին երկու սև դրոշակներ: Այդպես անում էին միայն այն ժամանակ, երբ երկրի իշխանի դագաղն էին ներս տանում: Իսկ այժմ ո՞վ էր մեռյալը... ո՞ւմ համար էր այդ սգավորությունը

Սրտի խորին բաբախմունքով ներս մտավ նա:

Առջևից գնացող դրոշակակիր ձիավորը առեց գոտիից քարշ ընկած շեփորը և մի քանի անգամ հնչեցրեց: Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ երեք անգամ լսելի եղավ Մայր եկեղեցու բարձրությունից: Այդ ձայնը, որպես երկնքի սպառնական ձայնը, սարսափ ազդեց «ուրացողի» վրա

Նա շարունակեց առաջ գնալ:

Ուրախ, աղմկալի Հադամակերտը ներկայացնում էր մի մեռյալ քաղաք: Փողոցներում ոչ ոք չէր երևում, չէին երևում և անասուններ: Ո՜չ մի ձայն չէր լսվում, ո՜չ մի շշունջ անգամ չէր խռովում ընդհանուր գերեզմանական լռությունը:

Այն փողոցը, որով գնում էր նա և որը ուղիղ տանում էր դեպի իշխանական ապարանքը, նրա վրա խիստ ծանր և սպանիչ տպավորություն էր գործում: Հատակը ծածկված էր մոխրով: Բոլոր տների դռները փակ էին, իսկ դռների ճակատները նույնպես պատած էին սև պաստառներով:

«Իմ քաղաքացիքը, — մտածում էր նա, — երես են դարձրել ինձանից... նրանք իմ վրա նայել անգամ չեն կամենում... նրանք ինձ մեռած են համարում, այո, բարոյապե՜ս մեռած…»:

Բարկությունը խեղդում էր նրան, երբ մտաբերում էր վաղեմի ժամանակները: Եղել էին օրեր, երջան՛կ օրեր, երբ նա հաղթական փառքով վերադառնում էր պատերազմից, այդ փողոցի հատակը ծածկված էր լինում ծաղիկներով ու կանաչ տերևներով: Իսկ այժմ նրանց փոխարեն մոխիր էր ցանած: Դռների ճակատները զարդարած էին լինում գորգերով, թավիշներով, գույնզգույն կերպասներով և ամենագեղեցիկ գործվածքներով: Իսկ այժմ ամբողջ քաղաքը սուգ էր զգեցել: Կանայք և աղջկունք, ծեր և տղա, տանիքներից ու լուսամուտներից ողջունում էին նրան: Իսկ այժմ ոչ մի ձայն չէր լսվում: Սկսյալ քաղաքադռնից, մինչև յուր ապարանքը հասնելը, ամեն մի քայլում զոհեր էին մատուցանում նրա առջև: Քահանայական դասը յուր ամբողջ սպասով, զգեստավորված ոսկեհուռ զգեստներով, խաչերով ու խաչվառներով առաջնորդում էին նրան և օրհնության շարականներ էին երգում: Ինքը շրջապատված էր լինում յուր ավագներով, իսկ առջևից տանում էին իշխանական տան նժույգները, զարդարած ամենաթանկագին ասպազենքով: Իսկ այժմ դրանցից և ոչ մեկը չկատարվեցավ...

Նա հասավ իշխանական ապարանքը, բայց դռները յուր առջև փակված գտավ: Այդ սարսափեցրեց նրան: «Ուրեմն ինձ մերժում է և իմ տունը, և իմ ընտանիքը... » — մտածեց նա խորին, սրտատոչոր դառնությամբ:

Այստեղ ևս նույն տխուր, նույն հուսահատական տեսարանը ներկայացավ նրա առջև: Իշխանական հոյակապ դռան փառավոր կամարները պատած էին սև պաստառներով, իսկ նրա աջ և ահյակ կողմերում փողփողում էին երկու սև դրոշակներ:

Անհնարին խռովության մեջ կանգնած էր նա հայրենական տան մուտքի առջև և չգիտեր ի՜նչ անել: Այդ ահարկու մարդը,որի համար աշխարհում ոչինչ դժվարություններ, ոչինչ արգելքներ չկային, այժմ գտնվում էր բոլորովին անել և հուսակտուր դրության մեջ: Մտածեց ետ դառնալ: Բայց ինչպե՞ս ետ դառնալ: Ամոթը և նախատինքը խեղդում էին նրան: Մտածեց բախել դուռը: Իսկ եթե բաց չանեի՞ն: Եվ անպատճառ բաց չէին անի: Այդ աստիճան արհամարհանք, այդ աստիճան զզվանք նա չէր սպասում մորից, և մանավանդ, յուր կնոջից: Նրան, որպես անառակ որդու,թողնում էին դրսում : Դա մի ծա՛նր ապտակ էր նրա երեսին, դա մի դա՛ռն պատիժ էր նրա համար... Այդ բոլոր հանդերձանքը, այդ բոլոր ցույցերը ուղղակի ասում էին նրան. «Դո՜ւ արժանի չես ոտք դնելու հայրենական տան շեմքի վրա... «Ուրացողի » ոտքերը կպղծե՛ն նրան…»:

Նրա մարդիկն ևս գտնվում էին բոլորովին շվարյալ դրության մեջ. ոչ ոք նրանցից չէր համարձակվում մի բան ասել:

Դռան բարձրության վրա կար մի սյունազարդ վերնահարկ, բաց երեսով, որ պատշգամբի ձև ուներ: Առջևից ծածկված էր վարագույրներով: Վարագույրները ետ գնացին, վերևում հայտնվեցավ մայրը: Տառապյալ կինը հազիվհազ կարողանում էր իրան ոտքի վրա պահել: Նրա ձախ թևքից բռնել էր աղջիկը` Մերուժանի քույրը, իսկ աջ թևքից բռնել էր հարսը` Մերուժանի ամուսինը: Վերջինի առջևում կանգնած էին Մերուժանի երկու զավակները: Դրանց ետևում կարգով կանգնած էր իշխանական ամբողջ ընտանիքը: Ամենքը սգավորի հագուստով, ամենքը արտասվալի աչքերով: Տեսնելով նրանց, Մերուժանը ամբողջ մարմնով դողաց:

Մա՜յր, — խոսեց նա խռովյալ ձայնով, — իմ քաղաքացիքը ինձանից երես դարձրին, այժմ իմ հայրենական տունն էլ յուր դռները փակում է իմ առջև

Այո՜, Մերուժա՛ն, — պատասխանեց վերևից մայրը դառնացած կերպով. — քո հայրենական տունը յուր դռները փակում է քո առջև, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր թե՜ աստուծո, թե՜ քո հայրենիքի և թե՜ քո խղճի առջև... Ուրացողը, ապստամբը չէ կարող մտնել այդ տունը, Մերուժա՛ն... Այն օրից, որ դու դավաճանեցիր քո եկեղեցուն և քո թագավորին, այն օրից զրկվեցար այդ տան զավակը լինելուց... Դու՜, Մերուժան, այժմ այդ տան համար խորթ ես և օտար, որովհետև դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը... Ուղղությունը միայն կարող է փրկել քեզ, Մերուժան,.. Դարձի՜ր չար ճանապարհից, դարձի՜ր քո մոլորություններից... Լսի՛ր, Մերուժան, մոր ձայնը, որ դեռ սիրում է քեզ, որ յուր դառն արտասուքների հետ այդ խոսքերը թափում է քո առջև... Լսի՜ր Մերուժան, մոր ձայնը, որովհետև նրա բերանով խոսում է ամբողջ Վասպուրականը... Եթե դու կամենում ես կրկին վայելել քո ընտանիքի և քո աշխարհի սերը, պետք է դառնաս չար ճանապարհից... Ահա՜ ուղիղ ճանապարհը, Մերուժան, — նա ձեռքը տարավ դեպի Մայր եկեղեցին և ապա շարունակեց: – Քո հայրերը, երբ հոգնած, վաստակած տուն էին վերադառնում պատերազմներից, նախ գնում էին եկեղեցին, գոհության աղոթք էին մատուցանում և ապա գալիս էին իրանց ընտանիքի սերը վայելելու... Եթե դո՜ւ քո նախահարց հարազատ որդին ես, հետևի՜ր նրանց օրինակին... Այնտեղ, Մայր եկեղեցում, քահանայական դասը և քո քաղաքի ծերերը սպասում են քեզ... Գնա՜, Մերուժան, նախ եկեղեցին, հաշտվի՜ր Հիսուս Քրիստոսի հետ, զղջա՜ քո մեղքերը, խոստովանի՜ր քո հանցանքները աստուծո տաճարի մեջ և ապա վերադարձիր, այն ժամանակ քո տան դռները բաց կգտնես քո առջև...

Այգ երբե՛ք չէ կարող լինել, — մռնչաց նա և երեսը շուռ տվեց:

Մայրի՛կ, մայրի՛կ, — վերևից լսելի եղան երկու երեխաների ձայներ. — ո՞ւր է գնում հայրիկը...

Այդ ձայները խոցոտեցին նրա սիրտը

Է

ԽԱՅԹ

Սոսկալի խռովության մեջ, որպես մի խելագար, դուրս եկավ Մերուժանը Հադամակերտից: Նրա ականջներին դեռ զարկում էին մոր կծու խոսքերը և սուր սլաքների նման թափանցում էին մինչև սրտի խորքը: Նրանից չէին հեռանում կնոջ թախծալի դեմքը և սիրելի զավակների անմեղ ժպիտը,որոնք տեսնելով հորը յուր տան վերնահարկի բարձրությունից , կամենում էին ծտի նման թռչել և թևատարած նրա գիրկն ընկնել: Դեռ նրա առջև էր սգազգեստ քաղաքը յուր բոլոր տխուր և սպանիչ երևույթներով:

Ի՞նչ էր այդ:

Յուր սրտին այնքան մոտ պատկերները յուր համար այնքան թանկագին էակները այժմ, մթին ու մռայլ ուրվականի նման, հետևում էին նրան, հալածում էին նրան և ամենևին դադար ու հանգստություն չէին տալիս:

Այնտե՜ղ, հայրենական խաղաղ օջախի մոտ, ուր հույս ուներ նա մխիթարություն գտնել ,այնտե՜ղ, յուր ընտանիքի ջերմ գրկում, ուր փափագում էր վայելել մոր օրհնությունը, կնոջ գգվանքը և յուր զավակների սերը, — այնտեղից մերժվեց նա, այնտեղից արտաքսվեցավ նա, որպես մի անառակ, որպես մի մոլորյալ որդի:

Կրքերի սաստիկ մաքառումը կատաղության չափ վրդովեցնում էր նրան: Վասպուրականի տերն ու իշխանը այժմ նույն երկրի ապօրին զավակն էր: Նա, որ նայում էր այդ ընդարձակ աշխարհի վրա որպես մի մոմի կտորի վրա, համոզված լինելով, որ նրան ամեն ձև և ամեն կերպարանք կարող էր տալ, — այժմ նույն աշխարհից մերժվեցավ: Այո, մերժվեցավ, կոցնելով յուր նախնիքներից ստացած մեծ ժառանգությունը: Այն, որ թշնամու ահագին զորությունները չէին կարող խլել նրանից, — խլեց մոր մի քանի խոսքը

Ի՞նչ էր այդ: — Այդ հարցը նա անդադար տալիս էր իրան, և նրա վրդովմունքը ավելի ու ավելի սաստկանում էր:

Յուր խռովության մեջ, դուրս գալով քաղաքից, ամենևին նկատել չկարողացավ նա, որ ինքը միայնակ է: Բավական հեռացել էր, երբ ետ նայեց, տեսավ, որ յուր թիկնապահները յուր հետ չեն: «Նրա՛նք ևս թողեցին ինձ»…-մտածեց նա, և մի դառն ծիծաղ անցավ զայրացած դեմքի վրա:

Նրա թիկնապահները հադամակերտցիք էին: Հայրենի քաղաքի տխուր տպավորության ներքո, որոնք այնքան սաստիկ ազդեցին նրանց սրտերի վրա, նրանք մոռացան իրանց իշխանին: Մյուս կողմից, երկար տարիների բացակայությունը և ընտանիքի կարոտությունը ձգեց նրանց դեպի իրանց տները:

Արեգակը վաղուց արդեն մայր էր մտել,երեկոյան թանձր խավարը պատել էր շրջակայքը: Մերուժանը այժմ միայն զգաց յուր բոլորովին լքյալ դրությունը: «Ո՞ւր գնամ…» — այդ միտքը սկսեց տանջել նրան: Երկրի տերը յուր երկրում մի անկյուն չէր գտնում գլուխը դնելու..

Սաստիկ հոգնած էր նա: Վանա դժբախտ անցքերից հետո ամբողջ երեք օր ճանապարհի վրա էր, առանց մի տեղ դադար առնելու: Բացի դրանից, հոգեկանն ծանր տանջանքները բոլորովին վաստակաբեկ էին արել նրան: Որոնում էր մի տեղ փոքր-ինչ հանգստանալու: Գյուղերը մտնել չէր կարող գյուղացոց կոպտությանը չհանդիպելու համար: Ո՞ւր գնար: Ամեն տեղ գիտեն նրա մասին, ամեն տեղից հալածված էր նա: Այդ բոլորը անցնում էր նրա մտքով, և նա, առանց մի որևէ որոշման հասնելու, շարունակում էր քշել յուր ձին ,թեև չգիտեր, թե ուր է գնում : Հոգնած էր և ձին, որ դժվարությամբ էր փոխում քայլերը:

Հոգնածության հետ սկսեց տանջել նրան և քաղցը: Ամբողջ օրը ոչինչ չէր կերել : Նա, իբրև պատերազմական մարդ , սովոր էր բացօթյա կյանքին, կարող էր մի ժայռի, մի ծառի ներքո գլուխը դնել և հանգստանալ: Բայց ի՞նչ անել քաղցի հետ: Բնությունը իրանը պահանջում էր: Մյուս կողմից, մի խուլ կասկած ալեկոծում էր նրան: Այդ վերին աստիճանի աներկյուղ և անձնավստահ մարդը սկսել էր տատանվիլ: «Իսկ եթե հետամուտ լինեն ինձ…»-մտածում էր նա : Յուր քաղաքում մոր երկյուղից ոչ ոք չհամարձակվեցավ նրա վրա քար նետել: Մայրը, իհարկե ամենախիստ պատվեր տված կլիներ այդ մասին: Բայց ո՞վ էր արգելում մի քանի ստահակների` գաղտնի դուրս գալ քաղաքից և նրա ետևից ընկնել: Նա կյանքից երկյուղ չուներ, բայց կյանքը նրա նպատակների համար հարկավոր էր: Այդ մտքով շուռ տվեց ձիու գլուխը և դուրս եկավ ուղիղ ճանապարհից:

Դուրս գալով ուղիղ ճանապարհից, դիտավորություն ուներ` խոտորնակի շավիղներով հասնել մի ամայի տեղ, փոքր-ինչ հանգստանալ ու ձիուն հանգստացնել և ապա շարունակել յուր ուղին: Նա աշխատում էր չկորցնել գիշերային խավարը, այլ մթով դուրս գալ յուր իշխանության սահմանից, որը արևելյան կողմից շատ հեռու չէր: Այստեղ ամեն ոք կարող էր ճանաչել նրան, այստեղ նա վտանգի մեջ էր:

Երկար ձիավարում էր, բայց տակավին մշակության դաշտերի ու անդաստանների միջից չէր դուրս եկել: Մշակությունը նշան էր մարդու ներկայության, որից խորշում էր նա: Որոնում էր անապատ, ամայություն: Տեղորայքը որքան և ծանոթ էին նրան, այնուամենայնիվ, տիրող խավարը արգելում էր որոշել, թե ո՜րտեղ է գտնվում: Նա անցնում էր անգիտակցության և տարակուսանքների միջով: Վերջապես դուրս եկավ մշակված դաշտերից: Այժմ նրա առջև տարածվում էին խոտավետ մարգագետիններ: Այդ արդեն նշան էր, որ մոտենում է լեռների ստորոտներին:

Մի քանի անգամ նրա ականջներին զարկեց շան հաչելու ձայն: Ոչինչ ձայն չէր կարող նրան այնքան ախորժելի լինել, որպես այդ ձայնը: Մտածեց, կամ հովիվների է մոտեցել, կամ որսորդների: Թե՜ առաջինները և թե՜ վերջինները նրա համար անվնաս մարդիկ էին: Ձիու գլուխը դարձրեց այն կողմը, որտեղից լսվում էր ձայնը: Երբ բավական մոտեցավ, մեկ շան տեղ սկսեցին հաչել մի քանիսը: Նա շարունակում էր գնալ, մինչև շները խմբով առաջ վազեցին և նրա ճանապարհը կտրեցին: Անհնար էր ազատվել այդ գազաններից: Նա յուր հետ մի այլ զենք չուներ, բացի դաշույնից: Հասկացավ, որ հովիվների հանգրվանի է մոտեցել: Բայց վիրավորել կամ սպանել հովվի շանը, — այդ նշանակում է` սպանել նրա եղբորը կամ լավ բարեկամին: Այնուհետև պետք է գործ ունենալ ուղղակի հովվի հետ: Նա միայն պաշտպանողական դիրք բռնեց: Կատաղի գազանները ամեն կողմից շրջապատել էին նրան և ամենահանդուգն կերպով հարձակումներ էին գործում: Անտարակույս պատառ-պատառ կանեին, եթե ձին չպտշտպաներ նրան: Որ կողմից որ հարձակվում էին, քաջասիրտ անասունը իսկույն շուռ էր գալիս և աքացի էր տալիս:

Շների աղմուկից, նիզակը ձեռին, մոտ վազեց մի հովիվ, որը խավարի միջից հարցրեց.

Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այստեղ:

Նա պատասխանեց.

Նախ հանգստացրո՜ւ շներիդ, հետո կիմանաս, թե ես ով եմ:

Իմ շները չեն հանգստանա, մինչև դու չասես, թե ով ես:

Նկատելով, որ կոպիտ հովվի հետ վիճելը բոլորովին ապարդյուն կլիներ, ասաց նա.

Ես Որսիրանի սեպուհն եմ, որսորդությանս ժամանակ մութը վրա հասավ, մոլորվեցա և կորցրի իմ մարդիկներին:

Պատասխանը ոչ միայն գոհացուցիչ էր, այլ շատ փաղաքշական էր հովվի համար, որ Որսիրանի բարձրաստիճան սեպուհը, հանգամանքներից ստիպված, նրա տաղավարում գիշերային պատսպարան էր խնդրում: Նա սաստեց, շները լռեցին: Հետո մոտենալով բռնեց ձիու սանձից, ասաց,

Հետևիր ինձ, տե՜ր սեպուհ:

Շները նկատելով, որ իրենց մեծավորը որպիսի բարեսրտությամբ վերաբերվեցավ դեպի նորեկը, իրանք ևս հանգստացան, և յուրաքանչյուրը գնաց յուր տեղը:

Տարաժամ հյուրին հովիվը տարավ յուր տաղավարը, որը այնքան հեռու չէր: Իսկույն լապտերը վառեց և, տարածելով տաղավարի հատակի վրա մի թանձր թաղիք, խնդրեց նստել, իսկ ինքը մնաց ոտքի վրա` նրա սպասում:

Նստիր և դու, բարի հովիվ, — ասաց նրան Մերուժանը, — մի ծածքի տակ հյուրը և հյուրընկալը պետք է հավասար բարձի վրա նստեն: Հանգամանքները ինձ բերեցին քո տաղավարը, և ես շատ ուրախ եմ, որ լավ մարդու հանդիպեցա:

Բայց ինձ պետք է նախ իմ հյուրի հանգստության մասին հոգալ, տե՜ր սեպուհ, — պատասխանեց հովիվը, ոտքի վրա մնալով: — Ճանապարհից եկած մարդը ուտելու պետք կունենա:

Իզուր նեղություն մի՜ կրիր, — ասաց հյուրը: — Ինչ որ աստված տվել է, ինչ որ պատրաստի կա, ես նրանով ևս կգոհանամ: Քեզ մոտ, իհարկե, հաց կամ պանիր կգտնվի, իսկ եթե փոքր-ինչ մածուն ավելացնես, դա ինձ համար ամենապատվական ընթրիք կլինի: Ես իրավ շատ քաղցած եմ:

Տաղավարը մի շարժական քառակուսի սենյակի նմանություն ուներ, որի ստորին մասը կազմված էր բարակ և կլորիկ ձողերից, որոնք միմյանց հետ կապված էին գույնզգույն դերձանների հյուսվածքով, որ զանազան նկարներ էին ձևացնում: Իսկ ձեղունը պատած էր նույնպես գունավոր հաստ կապերտներով, որ տարածված էին գմբեթաձև առաստաղի վրա: Դեպի ամեն կողմ նայելիս, աչքի էր զարկում մի առանձին շքեղություն, որ հասարակ հովվի կացարանի համար բավական շռայլ էր: Այդ դրդեց Մերուժանին հարցնել,

Ո՞ւմ հոտերն են արածում այստեղ:

Տերունի են, — պատասխանեց հովիվը մի առանձին ձայնով, որ արտահայտում էր նրա անմեղ հպարտությունը:

Մերուժանի դեմքի վրա անցավ մի թեթև շփոթություն, և նա երեսը իսկույն շուռ տվեց, որ հյուրընկալը չնկատե յուր խռովությունը: «Տերունի՛», — մտածեց նա, և մնաց շվարած: Նա գտնվում էր յուր սեփական հովիվների տաղավարում: Հոտերը «տերունի» էին, այսինքն պատկանում էին իշխանական տանը: Հովիվը, ինչպես երևում էր, չէր ճանաչում յուր տիրոջը: Բայց միթե չէ՞ր գտնվի նրա ընկերների մեջ մեկը, որ ճանաչեր նրան: Նա քաշվեցավ դեպի տաղավարի մթին անկյունը, ասելով.

Այդ լապտերը փոքր-ինչ հեռացրու, և ավելի լավ կանես, եթե դրսում քարշ տաս: Իմ աչքերր սաստիկ խտըղտվում են լույսի վրա նայելիս: Առանց դրան ևս, շուտով լույս կլինի: Ահա՜, լուսինը դուրս է գալիս:

Հովիվը կատարեց հրամանը և հեռացավ ընթրիք պատվիրելու: Նա յուր ընկերների գլխավորն էր երևում: Իսկույն մի գառն մորթեցին և տաղավարից փոքր-ինչ հեռու կրակ վառեցին` թաժա հաց թխելու համար: Իսկ գլխավորը յուր հյուրին միայնակ չթողնելու համար կրկին վերադարձավ նրա մոտ:

Մերուժանը տակավին գտնվում էր այն մտածության մեջ, թե ինքը որոգայթի մեջ էր ընկած, և թե նախախնամության կամքը մատնեց իրան այդ պարզամիտ հովիվների ձեռքը, որոնք որքան բարի էին, նույնքան ավելի անհամբեր էին դեպի ամեն վատություն: Նրանց համար տերը, իշխանը ոչինչ նշանակություն չուներ, եթե աստուծո ուղիղ ճանապարհով չէր գնում: Բայց Մերուժանը սիրում էր ճակատագրի խաղերը և անհամբերությամբ սպասում էր, թե ինչո՞վ կվերջանա այդ դառն կատակը:

Նստի՜ր, — կրկին դարձավ նա դեպի հովիվը: — Դու քո գործը վերջացրիր, այժմ կարող ես նստել: Ինչպե՞ս է քո անունը:

Հովիվը դարձյալ չհամարձակվեցավ տաղավարի ներսումը նստել, այլ տեղավորվեցավ մուտքի մոտ, դրսումը, և մի առանձին բավականությամբ պատասխանեց.

Դու իմ անո՞ւնն ես հարցնում, տե՜ր սեպուհ: — Տերտերը իմ անունը Մանեճ դրեց, բայց մարդիկ Մանի են կոչում:

Ես էլ Մանի կկոչեմ, այդպես ավելի լավ է: – Ասա՜ ինձ, բարի Մանի, որտե՞ղ է այժմ քո տերը, ի՞նչ լուր ունես Մերուժանից:

Այդ անունը լսելիս` հովվի արևից այրված դեմքը ավելի մռայլվեցավ և, յուր խռովությունը ծածկելով, ասաց,

Ի՞նչ գիտեմ, տե՜ր սեպուհ, այդ դու պետք է լավ գիտենաս, թե որտե՜ղ է նա և ի՜նչ է շինումԱյստեղ, այդ լեռների մթության մեջ, մեզ խիստ սակավ լուրեր են հասնում, և ինչ էլ որ հասնում են, տխո՛ւր են, շատ տխո՛ւրբոլորովին այրում են մարդու սիրտը...

Երևում էր, որ տիրասեր Մանին չէր կամենում Որսիրանի սեպուհի առջև, որպես մի օտար մարդու մոտ, անվայել կերպով վերաբերվել դեպի յուր իշխանը, թեև նրա մասին շատ սակավ բան գիտեր, բայց որքան էլ և գիտեր, յուր համար սաստիկ անմխիթարական էին:

Մոտ վաթսուն տարեկան կլիներ Մանին, բայց տակավին պահպանել էր յուր երիտասարդական ժրությունը: Վասպուրականի լեռների հովիվները դարերով են ապրում և հազիվ են ծերանում: Խոշոր մարդ էր նա` դեմքի նույնպես խոշոր գծագրությամբ, որ արտահայտում էր անկեղծ և ամուր բնավորություն: Աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի թախծություն:

Դու տեսե՞լ ես Մերուժանին, — հարցրեց ծպտյալ սեպուհը:

Տեսել եմ, ինչպես չեմ տեսել, — պատասխանեց նա վշտալի ձայնով: — Բայց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էր, ընչացքները դեռ նոր էին սկսել աճել: Հետո գնաց Պարսկաստան, այնտեղ պարսից անօրեն թագավորը խելքից հանեց նրանԱյնուհետև շատ ժամանակ է, որ չեմ տեսել:

Այդ բոլոր հոտերը Մերուժանի՞ն են պատկանում :

Բոլորը, տե՜ր իմ: Երկնքի աստղերը թիվ և համբարք ունեն, բայց նրա անասունները չունեն: Այստեղ միայն արածում են նրա ոչխարների հոտերը. յուրաքանչյուր հոտը միագույն է և միատեսակ սևը առանձին, ճերմակը առանձին և մյուս գույները իրանց կարգով: Բայց անցի՜ր, տե՛՜ր սեպուհ, այդ լեռան մյուս կողմը, այնտեղ կտեսնես նրա այծերի հոտերը, դարձյալ յուրաքանչյուրը դասավորված իրանց գույների և բուրդերի համեմատ: Մի փոքր հեռու գնա՜, տե՜ր սեպուհ, դեպի Երվանդունիք, այնտեղ կտեսնես նրա ձիաների, ջորիների և ավանակների երամակները և կհիանաս նրանց վրա նայելիս: Այնտեղից անցի՜ր, տե՜ր սեպուհ, դեպի Անձևացյաց կողմերը, այնտեղ կտեսնես նրա արջառները, կովերի և եզների նախիրները: Հետո գնա՜, տե՜ր սեպուհ, դեպի Տիգրիսի ջերմասուն ափունքը, դեպի Ջերմաձոր, այնտեղ ճահճային եղեգնաբույսերի մեջ արածում են նրա գոմեշների գեր ու պարարտ խումբերը: — Մի խոսքով, ինչո՞ւ իզուր գլուխդ ցավացնեմ, տե՜ր սեպուհ, սկսյալ Զարեվանդից մինչև Կորդիք և այնտեղից մինչև Վանա ծովակը, Մերուժանի անասուններն են արածում: Ո՞վ ունի այդքան անչափ հարստություն, որքան նա ունի: Աստված նրան ամեն կողմից լիացրել էր, աստված նրան շա՜տ էր տվել, բայց նա չիմացավ գոհացնել յուր աստծուն...

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին ծերունու ձայնը զգալի կերպով դողդողաց:

Գալի՞ս է յուր անասունները տեսնելու:

Ոչ մի անգամ չի եկել: Նա չգիտե, թե ի՞նչ ունի և որքա՞ն ունի: Նա մանկությունից սկսեց միայն կռիվներով զբաղվել և յուր գործին չնայել: Բայց այդպես չէր հանգուցյալ հայրը: Ամեն տարի, աշնան ժամանակը, կգար: Մենք առաջուց կլվանայինք կմաքրեինք ոչխարները, և սպիտակ, ձյունափայլ հոտերը կհանեինք նրա առջև: Նա կնայեր և փա՛ռք կտար աստծուն: Այդ տաղավարի մեջ շատ անգամ կերակրել եմ նրան: Կնստեր և մեծ բավականությամբ կուտեր հովվի աղքատիկ ճաշը:

Այժմ ո՞վ է նայում այդքան հարստությանը:

Տիկինը: Թո՜ղ աստված նրան երկար կյանք տա և մեր գլխից միշտ անպակաս անե: Նա խելքի և իմաստության մի մեծ ծով է: Հանգուցյալ նահապետի մահից հետո նա է կառավարում բոլոր գործերը: Կգա, կտեսնե, կուրախանա և ամեն բանի մասին հարցուփորձ կանե: Նա ո՜չ միայն ճանաչում է յուր բոլոր հովիվներին` իրանց անուններով և տեղերով, այլ ճանաչում է յուր անասուններից շատերին: Գիտե, որը որքա՜ն է մեծացել, կամ որը քանի՜ ձագ է բերել: Նա էլ ինձ Մանի է կանչում: Ախորժելի է լինում ծառային, երբ տերը նրան ճանաչում է և յուր անունով է կանչում: Բայց այդպես չէ Մերուժանը, եթե մոտիցը անցնելու լինեմ, չի իմանա, թե ես ով եմ, թեև քառասուն տարի ես նրանց անասունների վրա կյանք եմ մաշում: Այդ փոքր ժամանակ չէ՛, տե՜ր սեպուհ

Ի՞նչ են անում այդքան անասունները:

Դեռևս հարցնո՛ւմ ես, տե՜ր սեպուհ, — ասաց նա, և մի զարմացական ժպիտ անցավ նրա բարի դեմքի խորշոմների միջով: — Ամեն շաբաթ հարյուր հատ ամենաընտիր խոյերից ուղարկում եմ իշխանական տան խոհանոցի համար: Գիտե՞ ս, որքա՛ն մարդիկ այնտեղ ճաշ են ուտում: Ամեն օր մի քանի հարյուր հոգի սեղան են նստում: Այնպես էլ յուղը, պանիրը, մածունը, — բոլորը գնում է իշխանական տունը: Հետո, ընծաներ են լինում, աղքատներին են բաժանում, մատաղ են անում, բայց աստված այնքան առատություն է պարգևել, որ այդքան ծախսվում է և երբեք չի սպառվում:

Մինչդեռ անծանոթ տերը և յուր հովիվը այդպիսի մտերմական խոսակցության մեջ էին, լուսինը արդեն բավական բարձրացել էր հորիզոնից, և լուռ ու խաղաղ շրջակայքը հանգչում էր սքանչելի լուսավորության մեջ: Տաղավարի հանդեպ, փոքր-ինչ հեռու, վառվում էր կրակը, և նրա բոցափայլ լույսի միջից երևում էին մյուս հովիվները, որ բոլորել էին կրակի շուրջը: Նրանցից ոմանք փայտյա շամփուրներով գառան միս էին խորովում, ոմանք երկաթյա կասկարայի վրա թաժա հաց էին թխում, բայց, միևնույն ժամանակ, չէին դադարում շատախոսել, ծիծաղել և զանազան դատողություններ անել իրենց որսիրանցի հյուրի մասին:

Որսիրանցիք հայտնի էին իրանց օտարոտի սովորություններով, այդ պատճառով, ժողովրդի բերանում ստեղծված բոլոր ծիծաղելի առակները նրանց էին վերաբերում: Հովիվներից մեկը ասաց.

Երկու որսիրանցիք հյուր եղան մեկ տան մեջ. տանտիկինը սև պողոճն ու սև չամիչը խառնեց միմյանց և դրեց նրանց առջև: Պողոճներն սկսեցին փախչել: Ընկերը ընկերին ասաց, — «Առաջ այդ ոտովներն ուտենք, քանի դեռ անոտներն քնած են»:

Ամենքը ծիծաղեցին, և յուրաքանչյուրը սկսեց յուր լսածն ու իմացածը պատմել: Երկար պատմում էին նրանք և երբեմն առանձին-առանձին մոտենում էին տաղավարին, հեռվից հետաքրքրոթյամբ նայում էին որսիրանցի հյուրի վրա, կարծես, ստուգելու համար, թե ո՜րքան ճշմարիտ էին իրանց պատմածները:

Ընթրիքի սեղանը Մերուժանի սպասածից ավելի ճոխ գտնվեցավ: Փայտյա խանի մեջ դրվեցավ նրա առջև թաժա հաց, պանիր, երկու գլուխ սոխ, իսկ խորովածը շամփուրներով տաք-տաք բերում էին, երբ սպառվում էր, դարձյալ կրկնում էին: Այն մարդը, որ հայոց թագավորի սեղանի մոտ նախապատիվ և առաջնակարգ նախարարի բարձ ուներ, այն մարդը, որ պարսից թագավորի հետ շատ անգամ մեկ թախտի վրա էր ճաշել, երբեք այնպիսի ախորժակով չէր կերել, որպես ուտում էր նա հովվի պարզ սեղանից: Բարեսիրտ Մանիի մոտ գտնվեցավ մինչև անգամ գինի: Երբ սեղանը դրեցին, նա անցավ տաղավարի մի կողմը, մատներով փորեց գետինը և դուրս բերեց մի խեցեղեն փոքրիկ աման, ասելով.

Ես գինին միշտ այդպես թաղում եմ, այդպես ավելի լավ է լինում, տե՜ր սեպուհ, թե՜ սառն կմնա և թե՜ արևի տաքությունից չի քացախի:

Մերուժանը խնդրեց նրան, որ ինքն ևս սեղանակից լինի, որը մեծ դժվարությամբ ընդունեց, ասելով.

Այդ ինձ համար չափազանց մեծ շնորհ է, տե՜ր սեպուհ: Թո՜ղ ծերունի Մանին առիթ ունենա մարդկանց մոտ պարծենալու, որ յուր կյանքում մի անգամ մի սեպուհի հետ հաց է կերել:

Նա նստեց և գինու ամանը դրեց յուր մոտ:

Առաջին թասը Մերուժանր քամեց մինչև վերջին կաթիլը: Այդ տեսնելով, Մանին խրախուսվեցավ և սկսեց թե՜ ինքը խմել և թե՜ ավելի հաճախ մատուցանել թասը յուր հյուրին: Երբ բավական խմել էին, նա դարձավ դեպի հյուրը, հարցնելով.

Ասա՜ ինձ, տե՜ր սեպուհ, դու ի՞նչ համբավ ունես Մերուժանից: Դու աշխարհի մարդ ես, գիտես նրա չարն ու բարին: Մենք կտրված ենք աշխարհից, չգիտենք, թե ո՞րտեղ ի՜նչ է կատարվում, ճշմարի՞տ է ա՜յն, որ խոսում են

Ի՞ նչ են խոսում:

Ի՛նչ ասեմդու ինձանից լավ գիտես, տե՜ր սեպուհլեզուս չի բռնում, որ ասեմ

Ես էլ ուղիղը չգիտեմ, բարի Մանի՜շատ բան են խոսում... ո՞ր մեկին կարելի է հավատալ... Ես միայն այդքանը գիտեմ, որ շուտով կգա Մերուժանը և շատ կարելի է, որ նա հայոց թագավոր դառնա

Հաջորդ էջ