Րաֆֆի՝   Սամվել

Սպարապետը նույնպես ձեռքը դրեց դաշույնի վրա, պատասխանելով.

Այդ ես էլ գիտեմ, Սահա՜կ, ինձ պետք չէ զինվորական օրենքները քեզանից սովորել: Բայց դու մի բան չգիտես, լսի՜ր, Սահակ: Դու չգիտես հայոց տիկնոջ` Փառանձեմի խստասրտությունը: Նրա գեղեցիկ, մեղմ և քնքուշ կեղևի ներքո թաքնված է մի հրեշավոր հոգի: Դու չգիտես, որ եթե տանելու լինենք այդ անմեղ կանանցը նրա մոտ, նա, անպատճառ, բոլորին կախ կտա Արտագերսի աշտարակներից: Նա՜, որ դժբախտ Ոլիմպիադային սպանել տվեց և հափշտակեց նրանից հայոց տիկնանցտիկնությունը, նա՜, որ հայոց արևելյան գնդերի քաջ զորավար Վաղինակին սպանել տվեց և յուր հորը հանձնեց արևելյան գնդերի մեծ զորավարությունը, նա՜, որ յուր հին ոխակալության համար սպանել տվեց յուր ամուսնի եղբոր որդի Տիրիթին, անտարակույս, չի խնայի և Շապուհի կանանցը: Ես, իհարկե, պետք է ընդդիմանամ նրան, և դրանից կծագի մի մեծ հակառակություն իմ և նրա մեջ, որ շատ նպաստավոր չի լինի մեր գործերի այժմյան խառն դրության մեջ: Նա իրավունք կհամարի կոտորել տալ Շապուհի բոլոր կանանցը, որովհետև Շապուհը Բարեհավանի ավերակների մոտ սպանել տվեց նրա մորը: Ուրեմն, թե՜ ազնվությունը և թե՜ խոհեմությունը պահանջում է, որ մենք այդ կանանցը ուղարկենք պարսից արքունիքը: Իսկ ես առանց ոչ ոքին լսելու պետք է անեմ այդ: Եվ եթե մեզ հարկավոր է պատանդ, այդ պատանդը կպահենք մեր ձեռքում : Շապուհի կանանոցում գտնվում է և Շապուհ ի քույրը` ՈրմիզդուխտըՄերուժանի գեղեցիկ նշանածը: Մենք կպահենք այգ օրիորդին, և այդ բավական է: Դու գիտե՞ս, Սահակ, որ մեր պատերազմների սկզբնապատճառը միայն այդ նազելի օրիորդն է եղել: Նրա գեղեցկոլթյունը խելքից հանեց Մերուժանին, և նրան մոլորության մեջ դրեց: Մերուժանը վատ մարդ չէր. նա յուր սիրահարության զոհը դարձավ: Իսկ Շապուհը, օգուտ քաղելով այդ սիրահարությունից, խոստացավ տալ նրան Որմիզդուխտին, և դրանով հաջողացրեց Մերուժանին մի պատուհաս դարձնել Հայոց աշխարհի համար: Այժմ պահելով մեր ձեռքում Մերուժանի սիրած օրիորդին, միևնույն ժամանակ, մենք Մերուժանի թե՜ սանձը և թե՜ սիրտը մեր ձեռքում կունենանք, իսկ Շապուհը, առանց Մերուժանի գործակցության, ոչինչ անել չէ կարող:

Այսպես ջերմ կերպով վիճում էին երկու մեծ տոհմերի երկու հզոր ներկայացուցիչները` հայոց սպարապետի որդին և հայոց քահանայապետի որդին: Բայց վերջինը այլևս ոչինչ չխոսեց, դժգոհությամբ վեր կացավ և դուրս եկավ սպարապետի վրանից: Նրա հետ դուրս եկան Մեսրոպ տարոնեցին և մի քանի այլ իշխանազն երիտասարդներ: Մեծամիտ Պարթևի արհամարհանքը ավելի վրդովեցրեց Մամիկոնյան իշխանին: Նա դարձավ դեպի յուր սենեկապաններից մեկը, հրամայելով,

Գնա՜, արքայական կանանոցի ներքինապետի միջոցով իմացում տուր արյաց դշխոյին, որ ես խնդրում եմ այցելել նրան:

Նա վերկացավ, նրան շրջապատող բոլոր սեպուհները նույնպես ոտքի ելան: Սկսեց դիմել դեպի Շապուհի կանանոցը, յուր հետ առնելով միայն յուր թիկնապահներին:

Շապուհի հարուստ կանանոցը բաղկացած էր առանձինառանձին վրաններից, որոնց յուրաքանչյուրի մեջ զետեղված էր նրա կանանցից մեկը` յուր բազմաթիվ աղախիններով և նաժիշտներով: Ներքինիների մի ստվար բազմություն հսկում էր գեղեցկության և փափկության այդ անմատչելի թանգարանի վրա, որ այժմ գերության մեջ էր ընկած:

Տխուր և արտասվալի աչքերով նստած էր յուր վրանում արյաց տիկնանց-տիկինը, և յուր ոսկու ու գոհարների մեջ` պատկերանում էր որպես մի հուսահատ թախծություն: Նրա փառավոր վրանը հեշտության մի դրախտ էր, որ հորինել էր նրա համար պարսկական պճնասիրությունը: Երբ ներքինապետը ներկայացավ, հայտնեց նրան, թե հայոց սպարապետը կամենում է այցելել, այդ միջոցին նրա գեղեցիկ դեմքը բոլորովին գունաթափվեցավ, և շփոթությունից չգիտեր` ինչ պատասխանել: Բարկությունը և երկյուղը փոփոխակի կերպով սկսեցին վրդովեցնել նրան: Բարկանում էր, որովհետև մի հայ զորավար համարձակվել էր նրան մի այսպիսի լուր տալ: Վախենում էր, որովհետև ինքր նրա գերին էրԲայց, միևնույն ժամանակ, նրան զարմացնում էր այն միտքը, թե, որպես գերի, սպարապետը կարող էր նրան քարշ տալ յուր մոտ, իսկ այդ ի՞նչ բարեհոգություն էր, որ սպարապետը յուր ոտքովն էր գալիս նրա մոտ: Երկար մտատանջությունից հետո, ասաց նա ներքինապետին.

Թող գա

Հետո ավելացրեց.

Խստությամբ կպատվիրես բոլոր ներքինիներին, որ ոչ մի անկարգություն չպատահի...

Եվ իրավ, սպարապետի կողմից սաստիկ անհոգություն էր, որ այնպես անփույթ կերպով, միայնակ, մի խումբ թիկնապահների հետ, պիտի մտներ պարսից արքայից արքայի կանանոցը, ուր ոչ մի օտար արարած մինչև այն օր ոտք չէր դրել: Բոլոր ներքինիները ալեկոծվում էին գազանային կատաղության մեջ: Ո՞վ կարող էր արգելել այդ մոլեռանդներին, ո՞վ կարող էր զսպել նրանց կատաղությունը, թեև ամբողջ կանանոցը շրջապատված էր հայոց զինվորներով: Նրանք հենց կանանոցի շեմքի վրա կխողխողեին հանդուգն այցելուին, որ համարձակվում էր մուտք գործել արքայից արքայի սրբարանը: Բայց ներքինապետի սաստիկ պատվերը հանգստացրեց նրանց: «Հայոց սպարապետը ձեր դիակների վրայով կանցնի և կգնա տիկնանց-տիկնոջ մոտ, եթե դուք ամենափոքր անկարգոլթյուն անելու լինեք», — սպառնացավ նրանց ներքինապետը:

Նա դուրս եկավ դիմավորելու սպարապետին, իսկ մյուս ներքինիները երկու կարգով շարվեցան մինչև դշխոյի վրանի մուտքը: Սպարապետը, շրջապատված յուր թիկնապահներով, անցավ նրանց շարքերի միջով, որ կանգնած էին որպես երկու կենդանի պատեր: Թիկնապահները մնացին վրանի մուտքի աջ և ձախ կողմերում, իսկ ինքը ներքինապետի հետ ներս մտավ:

Վրանում ոչ ոք չերևաց, որովհետև, դեռ սպարապետը ներս չմտած, թագուհին յուր բազմոցի վրայից վերկացավ և անցավ վարագույրի ետևը, որ երկու մասն էր բաժանում վրանը: Ներքինապետը ձեռքով ցույց տվեց, թե այնտեղ է թագուհին, և կարող է սպարապետը խոսել: Որքան սպարապետի համար տարօրինակ էր այդ, այնուամենայնիվ, հարգելով ընդունված սովորությունը, այլևս չնստեց, և ոտքի վրա արտասանեց հետևյալ խոսքերը.

Ողջո՛ւյն և խաղաղությո՛ւն արյաց մեծափառ դշխոյին: Ես շատ ցավում եմ, որ ներկայանում եմ այնպիսի դառն և ցավալի դեպքերից հետո, որ խիստ սակավ բառեր պիտի գտնեմ մխիթարելու քեզ, ո՜վ մեծափառ դշխո: Բայց պետք է հաշտվենք պատերազմի տխուր արկածների հետ: Այդ գործում մենք, հայերս, այնքան հանցավոր չենք, որքան հանցավոր է քո թագավոր-ամուսինը, ո՜վ մեծափառ դշխո: Նա զենքը ձեռին ոտք դրեց մեր երկրի վրա և մեզ ստիպեց նույնպես զենք բարձրացնել նրա դեմ: Բայց ես եկա ավետելու քեզ, ո՛վ մեծավւառ դշխո, որ հայոց նախարարները գիտեն թշնամու վատությունը լավությամբ ջնջել: Դու, իհարկե, ականատես եղար, թե ո՜րպես վարվեցավ քո թագավորամուսինը մեր կանանց հետ` Զարեհավանի ավերակների մոտ: Բայց ես չեմ ցանկանա նրա չարության փոխարեն` չար գործել: Ես քեզ, մեծափառ դշխո, և Շապուհ արքայի բոլոր կանանցը, որ այժմ գերի են իմ ձեռքում, իրանց աղախիններով ու ներքինիներով, կդնեմ ժանվարների մեջ, և էգուց ամենայն պատվով կուղարկեմ Տիզբոն: Ձեզ կուղեկցեն իմ ձիավորների զինված խումբերը, և ապահովությամբ կհասցնեն մինչև Շապուհի արքունիքը: Թո՛ղ Շապուհը տեսնե ձեզ, և գուցե ստրջանա, թե ինքր ո՜րքան անիրավ վարվեցավ...

Դեռ սպարապետը յուր խոսքերո չէր ավարտել, հանկարծ թագուհին վարագույրի ետևից դուրս հայտնվեցավ և, հափշտակված կերպով գրկելով սպարապետի ոտները, բացագանչեց.

Դու մարդ չես, քո լեզվով խոսում է անմահ Որմիզդի ոգին, որ բոլոր բարությանց արարիչն է:

Այդ անակնկալ հայտնությունը այն աստիճան շփոթեցրեց սպարապետին, որ նա հազիվհազ կարողացավ վեր բարձրացնել նրան և նստեցնել յուր բազմոցի վրա: Ոչ սակավ ապշության մեջ էր գտնվում և ներքինապետը, որ ներկա էր այնտեղ: Տիկինը մի քանի րոպե մնաց լուռ խռովության մեջ, և ապա, յուր արտասվալի աչքերը բարձրացնելով, խոսեց.

Քո մեծահոգությունը, ո՜վ քաջ, միշտ անմոռաց կմնա իմ սրտում: Երբ կհասնեմ Տիզբոն, իմ առաջին խոսքը այդ կլինի իմ թագավոր-ամուսնին. «Հայոց սպարապետը յուր ազնվությամբ մի ծանր պարտք դրեց քո վրա, և այդ պարտքը միայն նույնպիսի ազնվությամբ կարող ես վճարել…»:

Տիկինը այժմ միայն նկատեց, որ սպարապետը ոտքի վրա էր, և մի առանձին սիրով խնդրեց նրան.

Նստի՜ր, տե՜ր սպարապետ, քո առաքինությունը այնքան մեծ է, որ դու իրավունք ունես վայելելու իմ ամենախորին հարգանքը:

Սպարապետը, շնորհակալություն հայտնելով, նստեց և, միևնույն ժամանակ, բացատրեց նրան, որ դեռևս տևող պատերազմական հանգամանքները պահանջում են` պարսից արքայական ընտանիքից մեկին, իբրև պատանդ, պահել հայոց տիկնոջ մոտ, և ինքը, սպարապետը, ազնիվ խոսք է տալիս, որ նրա թե՜ պատիվը և թե՜ կյանքը ամեն կերպով ապահովված կլինի:

Որպես հաճո է քեզ, տե՜ր սպարապետ, այնպես արա, — պատասխանեց տիկինը խորին հոժարությամբ: — Մենք ամենքս քո գերին ենք և քեզ ենք պատկանում: Դու միայն շնորհում ես մեզ մեր թագավորին, առանց ո՜րևէ փրկանք պահանջելու: Ընտրի՜ր մեզանից` որին որ քո կամքը կհաճի:

Ես որոշել եմ Որմիզդուխտ օրիորդին:

Շատ գեղեցիկ: Ես կհրամայեմ ներքինապետին, որ Որմիզդուխտ օրիորդին յուր բոլոր աղախիններով ու ներքինիներով քեզ հանձնե:

Սպարապետը վերկացավ: Երբ նա գլուխ տալով և բարի ճանապարհ ցանկանալով կամենում էր հեռանալ, տիկինը կանգնեցրեց նրան, ասելով.

Անմահ աստվածներին է միայն հայտնի, տե՜ր սպարապետ, մարդկանց ճակատագիրը և նրանց գալոցն ու ապագան: Ո՞վ գիտե, թե էգուց ի՛նչեր կարող են պատահել: Մարդկային բախտն ու դժբախտությունը միևնույն սանդուղքներով են ելևէջ անում: Ես թողնում եմ քեզ մոտ մի հիշատակ, որպես առհավատչյա իմ երախտագիտության: Ամեն անգամ, երբ դու ո՜րևէ կարյաց մեջ կգտնվես, ուղարկի՜ր ինձ մոտ այդ նշանը, և արյաց տիկնանցտիկինը ամեն ջանք գործ կդնե, օգնության ձեռք մեկնելու քեզ: – Այդ խոսքերի հետ նա հանեց յուր մատից արքայական մատանին և առաջարկեց յուր ազատողին:

Սպարապետը քաղաքավարությամբ մերժեց, ասելով.

Քո բարեսրտությունը, թագուհի, ինձ համար մեծ առհավատչյա է:

Նա կրկին ու կրկին անգամ գլուխ տվեց և դուրս եկավ թագուհու վրանից:

Ազատության լուրը արդեն տարածվել էր ամբողջ կանանոցում, և Շապուհի գեղեցկուհիների ուրախությունը չափ չուներ: Ամենքը անսահման հրճվանքով օրհնում էին, փառաբանում էին այն մարդու կյանքը, որ նրանց ազատություն շնորհեց: Եթե սովորությունների խստությունը չզսպեր նրանց ոգևորությունը, անպատճառ, խմբովին դուրս կվազեին իրանց փակյալ օթյակներից, արտահայտելու իրանց շնորհակալության խորին զգացմունքները:

Երբ սպարապետը դուրս եկավ թագուհու վրանից և սկսեց գնալ յուր իջևանը, այդ միջոցին զարմացած ներքինիները` խուռն բազմությամբ թավալվում էին նրա ողորմած ոտքերի տակ և համբուրում էին զգեստների դրոշակները: Իսկ կանանց վրանների հետ քաշած վարագույրների ետևից` հարյուրավոր գեղեցիկ աչքեր, լի գոհունակության արտասուքներով, նայում էին վայելչագեղ երիտասարդի վրա, որ յուր քաջության հետ միացրել էր այնքան հոգեկան ազնիվ հատկություններ:

Նա ո՜չ միայն բոլորին ազատություն շնորհեց, այլ չկողոպտեց և կանանոցի անբավ հարստությունը, որ ժամանակի սովորությամբ` յուր սեփականությունն էր համարվում: Նա թողեց կանանոցը յուր ամբողջ պարագաներով անձեռնմխելի, յուր զինվորներին պատվիրելով, մի շյուղ անգամ չհափշտակել, ինչ որ կանանոցին է պատկանում: Նա ավարի առեց միայն Շապուհի արքայական վրանների հարստությունը և նրա բանակը յուր բոլոր ռազմամթերքով: Իսկ կենդանի մնացած զինվորներին գերի վարեց:

Մուշեղի վարմունքը ընղհանուր համակրության և խորին զարմացման արձագանք գտավ Տիզբոնում: Պարսից համար մի տարօրինակ հրաշք էր այդ տեսակ վարմունքը: Շապուհը հրամայեց իսկույն վեր առնել նրա հոր պաճուճապանը, որ Անուշ բերդում դրած էր Արշակ թագավորի առջև, և պահել Տիզբոնի մեծ տաճարում: Իսկ նրա մեծահոգության հիշատակը հավերժացնելու համար, նրա պատկերը, յուր ճերմակ ձիու վրա նստած, նկարել տվեց յուր ոսկյա բաժակի վրա, որով միշտ սովորություն ուներ խմել: Եվ ամեն անգամ, հանդիսավոր տոնախմբությունների ժամանակ, երբ ձեռքն էր առնում այդ բաժակը, հիշում էր ազնիվ հերոսի ազնիվ գործը, և խմում էր կրկնելով. «Ի փառս ճերմակաձիույն», — այսինքն` ճերմակ ձի նստողի փառքի համար:

Այդ` Մամիկոնյան իշխանի բարոյական վեհության արձանն էր, որ քանդակել տվեց պարսից արքայից արքան յուր սրտի և յուր ուրախության բաժակի վրա: Բայց նա ուներ և յուր քաջության արձանը, որ մի ժամանւսկ կանգնեցրին նրա համար ասորիները Միջագետքում, որ կոչվում էր «ԴուռնՀոնի»: Եփրատի ափերի մոտ բարձրանում էր մի ահագին քարաժայռ, որի հարթած ճակատի վրա քանդակած էր մի սպառազինված հերոս, նստած սիգապանծ նժույգի վրա, իսկ նրա ոտների` տակին ընկած էր մի հաղթահարված հսկա: Ձիավորը ներկայացնում էր Մուշեղ Մամիկոնյանին յուր անբաժան ճերմակ նժույգով, իսկ ընկած հսկան ներկայացնում էր այն սոսկալի ելուզակին, որ երկար ժամանակ ասպատակում էր Միջագետքը և Հայաստանի հարավային գավառներր: Մի մենամարտության մեջ Մուշեղը սպանեց նրան և ազատեց երկիրը այդ հրեշի կատարած ավերմունքներից:

Բայց նրա մեծահոգության արձանը ավելի բարձր եղավ քաջության արձանից

ԺԱ

«ԵՐԿՈՒ ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈԻՅՆԸ»

«Ապա յետ այսր ամենայնի Մուշեղ Որդի Վասակայ ժողովեաց զամենայն ազատագունդ մարդկաննեւ չոգաւ հանդերձ նռքօք առ թագալորն յունաց: Եւ եցույց զպաղատանս աշխարհին Հայոց, և զամենայն անցս տառապանաց` որ անցեալ էր ընդ նոսա, և խնդրեաց ի կայսերէն զՊապ զորդի Արշակայ թագաւոր ի վերայ Հայոց աշխարհին»:

Փաւստոս:

Մուշեղ Մամիկոնյանի հաղթական փառքով վերադարձը ընդհանուր ուրախություն պատճառեց թե՜ հայոց տիկնոջը` Փառանձեմին և թե` նրա շուրջը խմբված ավագներին: Մի քանի օր Արտագերսը տոնում էր այդ փայլուն հաղթությունը: Տիկնոջը հաճելի չթվեցավ միայն Շապուհի կանանցը վերադարձնելը, այնուամենայնիվ, թաքցնելով յուր խորին դժկամությունը, հենց առաջին րոպեում, երբ սպարապետը ներկայացավ նրան, նա գրկեց և համբուրեց յուր քաջ հերոսի արժանի ճակատը:

Թշնամուց հափշտակած ավարը տիկինը հրամայեց բաժանել ա՜յն զինվորներին, որոնք մասնակցել էին այդ կռվի մեջ: Ինքը ընդունեց միայն, իբրև թանկագին պարգև, Մուշեղի բերած վեց հարյուր պարսիկ ազնվականների պաճուճապատանները, որոնց մի մասը դրեցին Արտագերսի աշտարակների բարձրության վրա, իսկ մյուս մասնով` հրամայեց նա զարդարել սպարապետի տան ճակատը:

Այդ օրերում սպարապետը խիստ հազիվ անգամ յուր տանից դուրս էր գալիս` բազմության ուրախաձայն խնդակցությանը չհանդիպելու համար, որը սաստիկ ազդում էր նրա անփառասեր համեստության վրա: Ազատանի կանայք և օրիորդներ խումբերով այցելում էին նրա տիկնոջը և «աչքալուսանք» էին տալիս: Քահանան խաչը ձեռին հայտնվում էր և օրհնության մաղթանք էր կարդում:

Այդ բոլորի մեջ` ամեն ինչ ուրախալի էր, ամեն ինչ վերին աստիճանի գոհացուցիչ էր, միայն Մուշեղի և Սահակ Պարթևի մեջ տեղի ունեցած հակառակությունը Շապուհի կանանց վերաբերությամբ, ոչ սակավ հոգսեր պատճառես հայոց թագուհուն: Նրա համար խիստ ծանր էր, գործերի դեռ բոլորովին խառն դրության ժամանակ, հայոց այդ երկու նշանավոր տոհմերի ներկայացուցիչներին` միմյանց հետ անհաշտ հարաբերությունների մեջ տեսնել: Նա մտածեց հաշտեցնել նրանց, բայց, ի նկատի առնելով երկուսի անողոք համառությունն ևս, այդ միտքը թողեց մի ավելի հարմար ժամանակի:

Որքան Մուշեղը, Շապուհի կանանցը վերադարձնելով, շատերին տհաճություն պատճառեց, այնքան Որմիզդուխտին գերի վեր առնելով, մասամբ մեղմացրեց այդ տհաճությունը: Թագուհին որոշեց նրա բնակության համար առանձին բաժին արքայական ապարանքում, և պահում էր խիստ հսկողության ներքո, թեև այնտեղ` նրա կացության համար ամեն արժանավայել բավականություններ պակաս չէին:

Ոչ սակավ ուրախություն պատճառեց թագուհուն յուր եղբայրների և մյուս ազնվականների ազատությունը, որոնց գերի էր տարել Շապուհը Զարեհավանի կոտորածից հետո, և որոնք Մուշեղի հաղթությամբ փրկություն գտան: Այդ գերիների թվում կային շատ իշխանազն կանայք, օրիորդներ, պատանիներ, որոնց պետք է վարեին Պարսկաստան:

Մի քանի շաբաթ անցել էր այն օրից, որ Մուշեղը հաղթական փառքով մտավ Արտագերսի ամրոցը: Գիշեր էր: Բերդի մեջ ամենքը քնած էին, ամեն շարժում դադարել էր: Անքուն էր միայն բերդի թագուհինՓառանձեմը: Արքայական ապարանքի սենյակներից մեկում միայնակ նստած էր նա, իսկ նրա մոտ` խորին մտախոհության մեջ` կանգնած էր Մուշեղ Մամիկոնյանը: Սպարապետի այրական դեմքը այս գիշեր չէր ցույց տալիս այն սովորական զվարթությունը, որ հատուկ էր նրա զինվորական ամուր բնավորությանը: Մտախոհ էր և թագուհին: Նա գտնվում էր յուր գիշերային զգեստի մեջ, որ յուր պարզությամբ մի առանձին վայելչություն էր ընծայում նրա շնորհալի իրանին: Գլուխը հերարձակ էր, առանց որևէ զարդի, հոլանի բազուկները միայն կրում էին մի զույգ ոսկյա ապարանջաններ, որոնց ուրախ փայլը ամենևին չէր համապատասխանում տիկնոջ մռայլված դեմքին: Պղնձյա բարձր աշտանակի վրա վառվում էր արծաթյա ճրագը, և տարածում էր յուր շուրջը խիստ թախծալի լուսավորություն: Թախծալի էր և թագուհին, որը երբեմն վեր էր առնում մի բաց նամակ, նայում էր, և կրկին դնում էր յուր բազմոցի վրա, թեև մի քանի անգամ կարդացել էր այդ նամակը, որ նոր էր ստացել Բյուզանդիայից:

Մեր գործերի այժմյան խառն դրության ժամանակ, Բյուգանդական կայսրության մեջ կատարված այդ փոփոխությունները ես բավական նպաստավոր եմ համարում մեզ համար, Մուշեղ, — դարձավ նա դեպի սպարապետը: — Անիծյալ Վաղեսը մեռել է իրան արժանի չարամահ վախճանով, նրա տեղ այժմ կայսր է դարձել առաքինի Թեոդոսը: Եվ տարակույս չունեմ, որ նա մեզ հետ լավ հարաբերություններ կսկսե:

Ես նույնպես տարակույս չունեմ,.. — պատասխանեց սպարապետը անվճռական ձայնով:

Թագուհին շարունակեց.

Մեզ հարկավոր է հռովմեական դաշնակցություն, Մուշեղ: Մենք մեր սեփական ուժերով, իրավ է, պաշտպանվել կարող ենք, բայց մեր երկիրը թշնամուց իսպառ մաքրել` հագիվ թե: Մենք կարոտ ենք դրսի ուժերի և մի լավ դաշնակցի:

Բայց գիտե՞ս, տիկին, որքա՛ն թանկ է նստում մեզ հռովմեական դաշնակցությունը...

Գիտեմ: Բայց ես ընտրում եմ երկու չարյաց փոքրագույնը: Մեր հարաբերությունները պարսից հետ այն աստիճան թշնամական կերպարանք են ստացել, որ ես ամենևին հույս չունեմ, թե այսուհետև մեր և Շապուհի մեջ որևէ հաշտություն կկայանա, ինչպես հույս չունեմ, որ նա իմ ամուսնին կվերադարձնե Անուշ բերդի աքսորանքից: Մյուս կողմից, իմ որդին գտնվում է Բյուզանդիայում, կայսրի մոտ: Նրան պետք է բերել, և ես ցանկանում եմ,որ նա գա և հոր փոխարեն թագավոր դառնա: Առանց թագավորի Հայաստանը դանդաղկոտությամբ է շարժվում, ինչպես մարմինը առանց գլխի: Իսկ նրան բերել և յուր հոր գահը նստացնել` այդ, իհարկե, առանց նորընտիր կայսրի հաճության և նրա հետ նոր դաշնակցության լինել` չէ կարող: Իմ որդին նրա մոտ պատանդ է, նրա ձեռքումն է.,. Եվ ես ավելի բարվոք եմ համարում քրիստոնյա կայսրի հետ դաշնակցությունը, քան թե անօրեն պարսկի հետ հաշտությունը:

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա գեղեցիկ աչքերում փայլեց բարկության կրակը և նրա ձայնը զգալի կերպով փոխվեցավ: Նա հոլանի ձեռքը տարավ դեպի ճակատը, ետ քաշեց սև գիսակների գանգուրները, որ անգիտակցաբար թափվել էին գունաթափ դեմքի վրա:

Սպարապետը լռությամբ լսում էր, թեև այդ բոլորը գիտեր նա: Լսում էր սրտի դառն զեղմունքը անբախտ տիկնոջ, որ կորուսյալ թագավոր-ամուսին ուներ, և նույնպես կորուսյալ թագաժառանգ-որդի: Անողոք հանգամանքները ձգել էին Հայաստանի այդ երկու հույսերին` մեկին դեպի արևելք, մյուսին դեպի արևմուտք: Թագավորը աքսորված էր Խուժաստանի Անուշ բերդում, իսկ թագաժառանգը պահված էր Բյուզանդիայի հռովմեական արքունիքում

Նստի՜ր, Մուշեղ, — դարձավ նա դեպի սպարապետը, — ես երկար պետք է խոսեմ քեզ հետ:

Սպարապետը նստեց: Տիկինը կրկին վեր առեց նամակը: Այդ նամակը ստացել էր նա յուր հորից` Սյունյաց Անդովկ իշխանից, որ այդ ժամանակ յուր Բաբիկ որդու հետ գտնվում էր Բյուզանդիայում: Նամակի մեջ իշխանը խոսում էր ավելի յուր մասին, քան թե հայոց գործերի մասին: Գրում էր, թե որպես նորընտիր Թեոդոս կայսրը հարգում է իրան, կամ որպես կայսրը շնորհեց իրան «պատրկաց պատրիկի» բարձր աստիճանը, նկարագրում էր յուր որդի Բաբիկի քաջագործությունները կրկեսների մրցությունների մեջ, մեծ ուրախությամբ ավելացնելով, որ թե՜ կայսրը և թե՜ յուր ավագանին բոլորովին հիացած են նրա ճարպկություններով: Նախագուշակում էր որդու համար փայլուն հառաջադիմություններ հռովմայեցոց ծառայության մեջ և այլն:

Ինչպես երևում է, հայրս այդ նամակը շատ շտապով է գրել, — նկատեց տիկինը: — Ոչինչ չէ գրում Ներսեսի մասին, արդյոք վերադարձե՞լ է նա աքսորից, թե տակավին աքսորանքի մեջ է գտնվում:

Տիկնոջ տարակուսանքը հայոց քահանայապետ Ներսես Մեծի մասին էր:

Ես կարծում եմ, որ նորընտիր կայսրը նրան չի թողնի աքսորանքի մեջ, — ասաց սպարապետը: — Թեոդոսը հայտնի է որպես մի բարեպաշտ մարդ: Նա անպատճառ Վաղեսի աքսորած բոլոր հոգևորականներին կազատե իրանց դատապարտությունից: Հարկավ, նրանց հետ և Ներսեսը ազատված կլինի:

Ես էլ նույն կարծիքին եմ, — ասաց տիկինը խորին համոզմունքով, — մանավանդ, որ Թեոդոսը առաջուց ճանաչում է Ներսեսին և սաստիկ հարգում է նրան: Բոլոր պարագաները նպաստավոր են, Մուշեղ: Հայրս այնտեղ է և մեծ փառք է վայելում կայսրի մոտ. եղբայրս այնտեղ է և մեծ հռչակ է ստացել: Այնտեղ է և Ներսեսը, որ վայելում է կայսրի առանձին համակրությունը: Դու պետք է գնաս Բյուզանդիա, Մուշեղ, դու պետք է տանես իմ խնդակցության նամակը կայսրին, նրա գահակալության համար: Եվ այնտեղ, իմ հոր և Ներսեսի հետ, պետք է միջնորդես, որ իմ որդուն ուղարկե` հայոց թափուր մնացած գահը ժառանգելու:

Ես կգնամ, տիկին, և մեծ հույս ունեմ, որ ինձ կհաջողվի ի կատար ածել քո սրտագին բաղձանքները: Բայց ինձ անհանգստացնում է այն միտքը, թե ի՛նչ կլինի իմ բացակայության ժամանակ,..

Սպարապետի հարցմունքը զգալի կերպով վիրավորեց տիկնոջ ինքնասիրությունը, և նա բավական գրգռված ձայնով պատասխանեց.

Դու կարծում ես, Մուշե՜ղ, որ քո բացակայության ժամանակ ես չպիտի՞ կարողանամ պահպանել Հայոց երկիրը:

Ես այդ չեմ կարծում, — ասաց սպարապետը սառն կերպով, — ես մեծ հավատ ունեմ քո խելքի և քո քաջասրտության վրա, տիկին: Բայց մի քանի նոր հանգամանքներ, որոնք, երևի, քեզ հայտնի չեն, պետք է սաստիկ դժվարացնեն մեր աշխարհի գործերը: Որմիզդուխտի մեր ձեռքը գերի ընկնելուց հետո, Մերուժանի կատաղությունը անցել է ամեն չափից: Ես հաստատ տեղեկություններ ունեմ, որ նա, չբավականանալով յուր հրամանի ներքո գտնված պարսկական նշանավոր ուժերով, աշխատել է յուր կողմը ձգել Աղվանից Ուռնայր արքային և Լեկաց Շերգիլ արքային: Պարսից զորքերը յուր ձեռքում ունենալուց հետո, երբ նա կմիանա այդ երկու կիսավայրենի թագավորների հետ, կարող է այնուհետև շատ վնասներ հասցնել մեր աշխարհին: Հեռավոր թշնամին, որպիսին է պարսիկը, այնքան վտանգավոր չէ կարող լինել, որքան դրացին: Իսկ աղվանները և լեկերը մեր ամենամերձավոր դրացիներն են: Եթե ուրիշ ոչինչ գրավիչ պատճառներ ևս չունենան նրանք, ավարառության և հափշտակասիրության փափագը բավական է, որ հրապուրե այդ գազանաբարո լեռնականներին` հեղեղելու մեր երկրի սահմանները:

Տիկնոջ գեղեցիկ աչքերը դարձյալ վառվեցան բարկության բոցով: Նա պատասխանեց սպառնալի ձայնով.

Եթե Մերուժանը կհամարձակվի մի այդպիսի անիրավ քայլ անել, ես իսկույն Որմիզդուխտին կախ կտամ Արտագերսի պարիսպներից:

Դրանով, տիկին, դու ավելի կկատաղեցնես նրան: Որմիզդուխտին, ընդհակառակն, պետք է կենդանի պահել, Մերուժանին միշտ այն երկյուղի մեջ պահելու համար, որ եթե նա չչափավորե յուր վայրագությունը, անպատճառ յուր սիրած օրիորդի կյանքը վտանգի կենթարկե:

Տիկինը ոչինչ չպատասխանեց: Նա սաստիկ զայրանում էր, երբ նրա հետ վիճաբանում էին: Իսկ այժմ, թաքցնելով յուր վրդովմունքը, մի քանի րոպե լուռ նայում էր արծաթյա ճրագի վրա, կարծես, նրա մռայլ լուսավորության մեջն էր որոնում յուր մռայլված և խառնաշփոթ մտածությունների պարզվիլը:

Նա մտածեց փոքր-ինչ զգալ տալ սպարապետին, որ նա շրջապատող հանգամանքների բոլոր կողմերը ճշտիվ կշռել չգիտե, և թե կատարվում են խիստ նշանավոր անցքեր, որոնց մասին տեղեկություն չունի, թեև, իբրև պետական ամենաբարձր անձնավորություն, պետք է նա ամենից առաջ գիտենար:

Ես Մերուժանի կովկասյան լեռնաբնակների և Աղվանից ավազակների հետ միանալուց մեզ համար, գոնե այժմ, մի առանձին վտանգ չեմ տեսնում, Մուշեղ, — ասաց նա գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ սպարապետի վրա նայելով: — Ես ունեմ այլ տեղեկություններ, որ քեզ, երևի, հայտնի չեն: Պարսկաստանում գործերը վատ են: Ինձ հաղորդել են Տիզբոնից, որ Շապուհի այնպես շուտափույթ կերպով մեր երկրից հեռանալու պատճառը քուշանների արշավանքն է, որ այժմ կրկին սկսել են ասպատակել պարսից հյուսիս-արևելյան գավառները: Քուշաններին շուտով խաղաղացնելը` հեշտ բան չէ, նրանք բավական ժամանակ կզբաղեցնեն Շապուհին: Իսկ մենք այդ ժամանակից կարող ենք օգուտ քաղել: Ուրեմն ա՜յն, որ ասում ես դու, թե Մերուժանը յուր կողմն է ձգել Լեկաց և Աղվանից թագավորներին, ես չեմ կարծում, որ նրանք ժամանակ գտնեն մեզ հետ գործ սկսելու: Որովհետև, եթե Շապուհը գնալու է քուշանների դեմ, անպատճառ կկանչե Լեկաց և Աղվանից թագավորներին` մասնակցելու յուր արշավանքին: Այդ նրա սովորությունն է, և. ամեն անգամ այդպես է եղել, երբ նա քուշանների հետ պատերազմ է ունեցել:

Տիկնոջ քաղաքագիտական հմտությունները և, պարագաների համեմատ, նրա դատողությունները ընթացիկ գործերի մասին, որքան և ուրախացնում էին Մամիկոնյան իշխանին, այնուամենայնիվ, լսելով նրա ակնարկությունը յուր անուշադրության վերաբերությամբ, իբր թե յուր սպարապետը չգիտե, թե ինչ է կատարվում Պարսկաստանում, — այդ կծու ակնարկությունը դուրս կոչեց սպարապետի սառն դեմքի վրա մի աննկատելի ժպիտ, որը ամենայն զգուշությամբ ծածկեց նա:

Ո՞վ է հաղորդել քեզ, տիկին, այդ տեղեկությունները Տիզբոնից, — հարցրեց նա մի առանձին հետաքրքրությամբ:

Դրաստամատը, մեր հավատարիմ ներքինին, դու, կարծեմ , ճանաչում ես նրան: Նա ինձ նամակ էր գրել:

Ե՞րբ ստացար այդ նամակը:

Երեք օր կլինի:

Այդ տեղեկությունները ինձ հայտնի են տիկին: Ես քեզանից ավելի վաղ ստացել եմ շատ մանրամասն տեղեկություններ Պարսկաստանի վերջին անցքերի մասին: Իզուր ես մտածում, թե ես չգիտեմ` ի՜նչ է կատարվում մեր շուրջը: Կարդա՜ այդ նամակը: — Նա հանեց յուր ծոցից մի ստվար ծրար, տվեց թագուհուն, և նա սկսեց անհամբերությամբ կարդալ:

Նամակը գրել էր Մանվել Մամիկոնյանը` սպարապետի հարազատ եղբայրը, որ Պարսկաստանում գտնված հայկական հեծելազորքի զորավարն էր: Գրում էր Մուշեղին, թե Շապուհի անձամբ արշավելը Հայաստան իրան ևս սաստիկ հոգսերի մեջ էր դրել. օր ու գիշեր մտածում էր, մի հնար գտնել` այդ գազանին հեռացնելու Հայոց երկրից: Վերջապես, երկար աշխատություններից հետո, կարողացավ հավատարիմ անձանց միջոցով` քուշանների արքային գրգռել պարսից դեմ, հասկացնելով նրան, թե բարեպատեհ ժամանակ է Պարսկաստանի վրա հարձակվելու, որովհետև Շապուհը յուր բոլոր զորքերով գնացել էր Հայաստան, և երկիրը մնացել է անպաշտպան: Այսպիսով հասավ յուր նպատակին: Քուշանները սկսեցին ասպատակել պարսից հյուսիս-արևելյան սահմանները: Այդ լսելով Շապուհը թողեց Հայոց երկիրը և շտապեց դեպի պարսից վաղեմի թշնամին: Այժմ նա գունդեր է կազմում, զորք է հավաքում, որ գնա քուշանների դեմ: Եվ ինքը, Մանվելը, յուր հայկական հեծելազորքով պիտի մասնակցե Շապուհի արշավանքին: Յուր ներկայությունը պարսից բանակի մեջ` միջոց կտա իրան պարբերաբար հաղորդել թշնամուն պարսից բոլոր թույլ կողմերը, և հետևապես, գործը այնպես տանել, որ պարսիկները ամեն ճակատամարտում հաղթված լինեն: Հույս ունի, որ Շապուհի բոլոր զորքերը ջարդել կտա Խորասանի անապատներում և, գուցե, իրան Շապուհին ևս նրանց հետ ի կորուստ կմատնե... Նամակի վերջում ավելացնում էր, թե ինքը ամեն հնար գործ կդնե որքան կարելի է, երկարաձգել պատերազմը, որպեսզի Շապուհը այդ կռիվներում զբաղված լինի, իսկ Հայաստանում ժամանակ գտնեն իրանց գործերը կարգի դնելու: Հետո շնորհակալություն էր հայտնում յուր եղբորը, Մուշեղին, գրելով. «Հայոց տառապանքները որքան քեզ, նույնքան և ինձ համար ցավալի էին, սիրելի եղբայր: Գովում եմ քո սրամտությունը, միևնույն ժամանակ, և քո հեռատեսությունը, որ այդ խորհուրդը տվեցիր ինձ: Ուրիշ ավելի նպատակահարմար միջոց չէր կարելի գտնել` Շապուհի ներգործությունը, գոնե առժամանակ, հեռացնելու մեր աշխարհից, քան թե՜ այդ, որ բոլորովին պիտի կլանե թե՜ նրա ժամանակը և թե նրա ուժերը: Շնորհակալ եմ, Մուշեղ, այդ միտքը քեզ է պատկանում... »:

Ուրեմն դո՞ւ ես տվել Մանվելին այդ միտքը, — հարցրեց տիկինը նամակը կարդալուց հետո:

Այո՜, ես եմ տվել, — պատասխանեց սպարապետը ցած ձայնով:

Ե՞րբ:

Հենց այն ժամանակ, երբ Շապուհը յուր զորքերի բազմությամբ ոտք դրեց մեր հողի վրա:

Ինչո՞ւ մինչև այսօր չես հայտնել ինձ:

Դու գիտես, տիկին, որ ես սովորություն չունեմ` դեռ չկատարած գործերիս մասին կանխապես խոսել: Ես սպասում էի տեսնել, թե ի՜նչ արդյունք կունենա իմ հղացած խորհուրդը:

Արդյունքը անհամեմատ գեղեցի՛կ է, Մուշեղ, — պատասխանեց տիկինը, և նրա թախծալի դեմքը փայլեց անսահման ուրախությամբ: — Մի ավելի, քան թե այդ` նպատակահարմար արդյունք` ավելորդ կլիներ պահանջել: Թե՜ քո, Մուշեղ և թե՜ քո քաջ եղբոր` Մանվելի ջանքերը ամենայն գովության արժանի են:

Սպարապետը համեստությամբ գլուխը խոնարհեցրեց, չէր նայում ոգևորված տիկնոջ վրա, որ այդ րոպեում հրճվում էր խորին, սրտապարար երջանկության մեջ: Դժբա՛խտ եղավ նա որպես ամուսին, դժրա՛խտ եղավ նա որպես մայր: Դեռ պատանեկության հասակում սիրելի որդուն բաժանեցին նրանից և, իբրև պատանդ, տարան բյուզանդական արքունիքը: Իսկ այժմ բախտավոր էր համարում իրան որպես թագուհի, որպես մի տառապյալ երկրի տեր և իշխան, որի մոտալուտ փրկությունը ուրախացնում էր նրան:

Ես այժմ կատարյալ մխիթարված եմ համարում ինձ, սիրելի Մուշեղ, — դարձավ նա դեպի սպարապետը զգացված ձայնով, — ես այժմ բոլորովին հավատում եմ, որ Հայոց աշխարհը անտեր չէ: Բախտավո՛ր է այն աշխարհը, երբ ձեզ նման զավակներ ունի: Քո այդ հաղթությունը, սիրելի Մուշեղ, ես ավելի գերազանց եմ համարում այն փայլուն հաղթությունից, որ դու մի քանի շաբաթ առաջ կատարեցիր Թավրիզի պարիսպների մոտ: Նա սրի և բազկի հաղթություն էր, իսկ դա խելքի և ռազմական հնարագիտության հաղթություն է: Դու առանց զենքի` հեռացրիր վայրագ թշնամուն մեր երկրից, նրա դեմ մի այլ թշնամի դուրս բերելով: Եվ մենք նրա բացակայությունից պետք է օգուտ քաղենք, պետք է շտապենք` շուտով կարգի դնել մեր գործերը: Պարագաները զարմանալի կերպով ներդաշնակվում են միմյանց հետ: Եվ ես ամենակարողի աջն եմ տեսնում այդ բոլորի մեջ: Նույն ժամանակ, երբ Պարսկաստանում Շապուհը զբաղվում է քուշանների պատերազմով, Բյուգանդական կայսրության մեջ մեռնում է անիծյալ Վաղեսը, և մենք միաժամանակ ազատվում ենք մեր երկու անիրավ թշնամիներից: Հանգամանքները ավելի ևս նպաստում են մեզ, և Վաղեսի փոխարեն կայսր է դառնում մեր բարեկամ Թեոդոսը, որի հետ մենք կարող ենք ամեն տեսակ համաձայնություն կայացնել: Կրկնում եմ, սիրելի Մուշեղ, պետք է օգուտ քաղել այդ բարեհաջող հանգամանքներից: Ամեն րոպե թանկ է մեզ համար: Դու պետք է գնաս Բյուզանդիա, և պետք է աշխատես, որքան կարելի է, շուտով գնալ:

Next page