Րաֆֆի՝   Սամվել

Սպարապետը, դեռ գլուխը խոնարհեցրած, լուռ մտածության մեջ էր: Տիկինը շարունակեց.

Դու պետք է գնաս որդուս բերելու: Այժմ իմ նախարարները բոլորովին տարակուսյալ դրության մեջ են: Ոմանք վհատությունից փախան դեպի զանազան կողմեր, ոմանք անցան պարսից կողմը, իսկ մնացողները տատանվում են անհաստատ երկբայությունների մեջ: Հարկավոր է մի միավորիչ գլուխ, որ բոլորին ձուլե ի մի մարմին, — և այդ գլուխը պետք է լինի իմ որդին: Պատրաստվի՜ր, սիրելի Մուշեղ, և շուտով ճանապարհ ընկի՜ր: Կայսրին հասցնելու նամակը ես իմ ձեռքով կգրեմ: Մի նամակ ևս կգրեմ հորս, մի նամակ էլ Ներսեսին: Հույս ունեմ, որ մեր հարգելի քահանայապետը, որ այնքան տառապանքներ կրեց յուր թագավորի և յուր հայրենիքի համար, այժմ վերադարձած լինի աքսորանքից: Ես էգուց բաց կանեմ արքայական գանձարանը և կպատրաստեմ ամենաթանկագին ընծաներ նորընտիր կայսրին տանելու համար: Իսկ քո դեսպանախումբը դու ինքդ կկազմես, և մեր նախարարներից, մեր ավագներից որին ցանկանում ես, կտանես քեզ հետ: Ես տարակույս չունեմ, որ դու Բյուզանդիայում փառավոր ընդունելություն կգտնես: Թեոդոսը թե՜ քեզ և թե՜ քո արժանահիշատակ հորը անձամբ ճանաչում է: Նա շատ անգամ լսել է ձեր քաջությունները պարսից դեմ և շատ անգամ ուրախացել է ձեզանով:

Ես պատրաստ եմ, տիկին, — պատասխանեց սպարապետը խորին հոժարությամբ, — և մեծ հույս ունեմ, որ տերը կօգնե ինձ կատարելու քո սրտագին բաղձանքները, որ մեր ամենիս բաղձանքներն են: Բայց չեմ թաքցնում հայտնել քեզ, տիկին, որ ես տակավին մի որոշ եզրակացության չեմ հասել, արդյոք այդ բոլոր փոփոխություններից հետո, թե՜ Պարսկաստանում և թե՜ Բյուգանդական կայսրության մեջ, ի՞նչ դիրք պետք է բռնե Մերուժանը,,.

Ես կարծում եմ, այսուհետև Մերուժանի մասին չարժե մտածել անգամ, որովհետև, Որմիզդախտի մեր ձեռքը գերի ընկնելուց հետո, նա բոլորովին հուսահատված է, և մանավանդ զսպված է երևում: Քանի օր առաջ ներկայացան ինձ նրա պատգամավորները, խնդրում էին, որ եթե Որմիզդուխտին հանձնելու լինենք Մերուժանին, նա պատրաստ է բոլորովին զինաթափ լինել և, գալով իմ ոտքը, զղջալ իր չարագործությունները: Միևնույն ժամանակ սպառնում էր նա, եթե Որմիզդուխտին հանձնելու չլինենք, նա մեր նախարարների բոլոր տիկիններին և օրիորդներին, որոնք յուր ձեռքումն են, կախ կտա նույն ամրոցների աշտարակներից, ուր պահվում են նրանք` պարսիկ բերդակալների հսկողության ներքո: Ես, իհարկե, չհավատացի Մերուժանի ո՜չ ղղջմանը, ո՜չ խոստմունքներին, և խստությամբ պատասխանեցի նրա պատգամավորներին, ասելով, եթե նրա ձեռքում գտնված գերիների գլխից մի մազ անգամ պակասելու լինի, նա Որմիզդուխտի մարմինը Արտագերսի պարիսպներից կախված կտեսնե: Այդ խոսքերը լսեցին պատգամավորները և գնացին: Այնուհետև Մերուժանը լուռ կացավ և ոչինչ չգործեց:

Բայց նրա լռությունը ավելի վտանգավոր է, քան թե նրա գործողությունը

Այդ կթողնենք աստուծո տնօրինությանը, սիրելի Մուշեղ, մեզ հարկավոր է այժմ քո ճանապարհորդության մասին մտածել, որ մեր բոլոր հոգսերից ամենակարևորն է:

Կատարված իրողությունները, իրավ է, խիստ բարեպատեհ էին: Բյուգանդական գահը ժառանգել էր հայոց բարեկամ մի կայսր, որի հետ կարելի էր ամեն տեսակ նպատակահարմար դաշնակցություններ կապել: Իսկ պարսից թագավորը խառնված էր նոր պատերազմներով, որ կարող էին երկար ժամանակ նրա ուշադրությունը հեռացնել Հայաստանից: Բայց Հայաստանում տակավին բույն էր գրել ընտանի օձըՄերուժանըորի գլուխը պետք էր ջախջախել, որպեսզի երկիրը կատարյալ խաղաղություն ստանար: Այդ միտքն էր, որ անհանգստացնում էր Մուշեղին:

Թավրիզի հաղթությունից հետո, նա դիտավորություն ուներ հարձակվել Մերուժանի վրա, և մինչդեռ այդ արշավանքի ծրագրի մասին էր խորհում, հանկարծ թագուհին առարկում էր նրան` գնալ Բյուզանդիա: Նրան խիստ ծանր էր, ներքին թշնամին տան մեջ թողնելով, հեռանալ տնից:

Մերուժանը հեշտ կերպով ընկճվող մարդիկներից չէր: Թե նրա քաջության և թե՜ հաստատամտության մասին մեծ համարում ուներ սպարապետը: Այդ էր պատճառը, որ յուր բացակայության ժամանակ նրա առջև դնելու համար մի հավասարակշռող մարդ չէր գտնում սպարապետը: Նա ուներ, արդարև, հայոց իշխաններից շատ քաջ և անձնանվեր պատերազմողներ, բայց նրան պակաս էին այնպիսիները, որ Արծրունյաց հնարագետ իշխանի ռազմական ճարպկություններն ունենային:

Սամվելին դեռ շատ անփորձ էր համարում նա: Այդ ոգելից երիտասարդին սիրում էր նա որպես մի ազնիվ, փափկասիրտ հերոս, որի մեջ արիական ջերմության հետ միացած էր քնքուշ զգացմունքների կրակը: Նա կարող էր լավ զորապետ լինել, բայց չէր կարող լավ զորավար լինել: Ուրիշ ոչ ոքի վրա վստահություն չուներ նա: Ուրեմն ո՞վ պետք է պահպաներ երկիրը, ո՞վ պետք է մաքառեր ներքին թշնամու հետ:

Այդ հոգսերը, նրա բացակայության միջոցում, յուր վրա էր առնում հայոց թագուհին: Բայց միթե կարելի՞ էր հավատալ այդ, կրքերով լի կնոջը, որի մեջ ամեն հատկություններ անզուսպ ծայրահեղության էին հասնում: Նրա մեծամտությունը և վերին աստիճանի ինքնավստահությունը կարող էին շատ բան փչացնել:

Նա ընդդեմ չէր Բյուզանդիա գնալու խորհրդին, բայց ցանկանում էր, որ յուր երթը կատարվի երկիրը թշնամուց բոլորովին մաքրելուց հետո, որպեսզի, հայոց թագաժառանգը գալուց հետո` նոր խռովությունների չհանդիպի: Եվ նրա կարծիքով` քանի դեռ Մերուժանը կենդանի էր, այդ խռովությունները չէին պակսի, որովհետև պարսից արքայիցարքան նրան էր խոստացել հայոց գահը:

Դեռ այդ տխուր տարակուսանքների մեջ էր սպարապետը, երբ նա, թեև ակամա, հանձն առեց թագուհու առաջարկությունը և վերկացավ: Թագուհին խորին գոհունակությամբ մեկնեց նրան յուր աջը, որը երկու ձեռքով բռնեց նա, նախ սեղմեց յուր շրթունքներին, և ապա տարավ դեպի ճակատը: Դա մի մեծ շնորհ էր տիկնոջ կողմից դեպի յուր հավատարիմ և անձնանվեր սպարպետը:

Դու առավոտյան դարձյալ կգա՞ս ինձ մոտ, — հարցրեց նա մի առանձին սիրելությամբ:

Կգամ, տիկին, — պատասխանեց սպարապետը: — Մենք բոլորովին չվերջացրինք մեր խոսակցությունը:

Մնում է միայն խոսել այն բանի վրա, թե ի՞նչ կարգադրություններ պետք է լինեն քո գնալուց հետո: Այդ կխոսենք առավոտյան:

Սպարապետը գլուխ տվեց և դուրս եկավ սենյակից: Պալատական սպասավորները առաջնորդեցին նրան մինչև ապարանքի դուռը, ուր պահել էին նրա ձին և սպասում էին նրա ծառաները: Նա նստեց , և ծառաները, ետ ու առաջ ընկած, սկսեցին տանել նրան դեպի յուր բնակարանը: Երկու լապտերներ լուսավորում էին նրա ուղին, և լուռ մտախոհության մեջ անցնում էր նա ամրոցի խորդուբորդ փողոցներով, որ ընկղմված էին գիշերային խորին մթության մեջ: Ոչ ոք չէր երևում, բացի անքուն պահակներից, որ երբեմն խումբերով անցնում էին նրա մոտով, և ի պատիվ իրանց նիզակները բարձրացնելով, գնում էին դեպի զանազան կողմեր:

Իբրև սպարապետ, իբրև երկրի ապահովության հոգաբարձու, նվիրված էր նա Հայոց աշխարհին յուր հոգու բոլոր զորությամբ: Բայց, միևնույն ժամանակ, նա րնտանիքի խիստ գթառատ հայր էր: Արտագերս ամրոցումն էին նրա սիրելի զավակները և նրա սիրելի կինը: Ո՞ւմը կարող էր հանձնել նրանց մի այնպիսի խռովալի ժամանակում, երբ Արտագերսը դրած էր մի սոսկալի հրաբուխի վրա, որ ամեն րոպե կսյրող էր բորբոքվել: Այդ բերդին էին ապավինած և հարյուրավոր իշխանազն ընտանիքներ: Այդ բերդին էր ապավինած և ինքը հայոց թագուհին: Ապագան նրան խիստ մթին գույներով էր երևում, և նրա զգայուն սիրտը ալեկոծվում էր նույնպես մթին տարակուսանքներով: Այդ մտատանջությունների մեջ հասավ նա յուր բնակարանը, ցած իջավ ձիուց և ներս մտավ: Նրան հանդիպեց դեռ չքնած կինը, որ անհամբերությամբ սպասում էր ամուսնին:

Ինչո՞ւ այդքան ուշացար, — հարցրեց նա, ուրախությամբ ընդառաջ վազելով:

Դու գիտես, սիրելիս, երբ մարդ Փառանձեմի ձեռքն է ընկնում, հեշտությամբ չի կարող ազատվել, — պատասխանեց սպարապետը գրկելով նրան:

Տիկինը ժպտաց:

Երկու օրից հետո, սպարապետը փառավոր պատրաստություններով և ստվար ազատագունդ համհարզներով ճանապարհ ընկավ դեպի Բյուզանդիա:

Նա րնդունեց թագուհու առաջարկությունը և գնաց: Բայց թագուհին տուժեց...

ԺԲ

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԸ

«Եւ եղեւ յետ չորեքտասաներորդ ամսեանն հարուածոց որ յԱստուծոյ հասին ի վերայ գաղթականիս բեբդնորդացն, զի մահ անկաւ ի վերայ նոցա` որք ի բերդին էին, զի ի Տեառնէ հասին պատուհասք: …Յանկարծակի ի միում ժամու հարիւր այր, եւ ի միւսում երկերիւր, ել էր` զի հինգ հարիւր այր մեռանՑորժամ սկսան , զամիս մի ոչ յերկարեաց զի սատակեցան առ հասարակ` զի էին արք իբրև մետասան հազար, եւ կանայք իբրեւ վեց հազար...

«Բաց մնաց ի բերդին Փառանձեմ տիկին, երկու նաժշտօք: Ապա եկն եմուտ գաղտո ի ներս ի բերդն Հայր Մարդպետ ներքինին, եւ թշնամանեաց զտի կինն մեծապէս... Ել գաղտուկ, եւ փախեաւ: ... Եւ եկին ( զօրականք Պարսից) կալան զտիկինն, եւ իջուցին ի բերդէն: Ելանէին ի բերդն ի վերգերէին զգանձս թագաւորին Հայոց, որ կային ի բերդին,,, Զինն տիլ եւ զինն գիշեր համակ իջուցին զոր գտին յԱրտագերս բերդին, հանդերձ տիկնաւն խւաղացուցին (ի Պարսս) »:

Փաւստոս:

Մուշեղ Մամիկոնյանի Բյուզանդիա գնալուց հետո, թագուհին կարգադրեց, որ յուր մոտ գտնված իշխաններից նրանք, որ գավառատերներ և բերդատերներ էին, գնային իրանց երկիրը պահպանելու, իսկ յուր մոտ թողեց միայն արքունական ազատագունդ զորքերին և յուր ոստանիկներին: Մեկնեցան բերդից Սահակ Պարթևը Մեսրոպ տարոնեցու հետ, մեկնեցավ և Ռշտունյաց օրիորդը` Աշխենը, յուր հետ տանելով յուր քաջ լեռնականներին: Իսկ սպարապետը յուր ընտանիքը տեղափոխեց Մամիկոնյանների սեփական բերդը Երախանի, որ գտնվում էր Տայոց երկրի անտառապատ լեռների մեջ:

Սպարապետի նախագուշակությունները կատարվեցան: Շատ չանցավ, Մերուժան Արծրունին պարսկական զորքերով եկավ և պաշարեց Արտագերսը: Թագուհին այն աստիճան արհամարհանքով էր նայում այդ պաշարման վրա, որ ամեն անգամ, երբ Մերուժանի պատգամավորները ներկայանում էին նրան, առաջարկելով, թե Մերուժանը ամենայն հոժարությամբ պատրաստ կլինի թողնել պաշարումը և հեռանալ, եթե Որմիզդուխտին նրան կհանձնեն, — բայց պատգամավորները միշտ տանում էին թագուհու խիստ պատասխանները: Կատաղած Մերուժանը ավելի ևս սաստկացնում էր պաշարումը, կտրելով բերդի հաղորդակցությունը ամեն կողմից, և աշխատելով, եթե զենքի ուժով անհնար կլինի գրավել, գոնե սովով ստիպե նրանց անձնատուր լինելու:

Բայց բերդը համառությամբ կանգնած էր յուր անսասան ապառաժների վրա, և առ ոչինչ էր համարում թշնամու սպառնալիքները:

Երբ Մերուժանը օրըստօրե ամրացնում էր պաշարումը, միևնույն ժամանակ Վահան Մամիկոնյանը յուր հրամանի ներքո եղած պարսկական մյուս զորքերով փակել էր բոլոր ճանապարհները, որպեսզի թույլ չտա, որ Հայոց նախարարները պաշարյալնե-րին օգնության հասնեն և Մերուժանի զորքերը ցրվեն բերդի շրջակայքից:

Բայց թագուհին դրսից օգնություն անգամ չէր սպասում: Նա սպասում էր միայն յուր որդուն` Պապին: Մի ամիս ևս, երկու ամիս ևս և գուցե շատ ամիսներ նա կարող էր ընդդիմանալ, մինչև կհայտնվեր ըղձալի որդին և յուր հետ կբերեր հռովմեական լեգեոնները,..

Բայց Բյուզանղիայում գործերը դեռ հապաղման մեջ էին: Հայոց պատգամավորները, ժամանելով այնտեղ, նորընտիր կայսրին յուր մայրաքաղաքում չգտան: Նա զբաղված էր գոթաց պատերազմներով: Այդ պատերազմները, իբրև մի աղետալի ժառանգություն, մնացել էին նրա նախորդից` Վաղեսից:

Վաղեսի վերջին օրերում, գազանաբարո գոթերը, ահագին բազմությամբ դուրս գալով իրանց մթին լեռներից, հեղեղեցին կայսրության ընդարձակ գավառները և հասան մինչև Բյուզանդիայի պարիսպները: Վաղեսը կռվեց քաջությամբ և ընկավ քաջությամբ: Պատերազմի դաշտից նրան վիրավորված տարան մի գյուղական խրճիթ: Թշնամին այրեց խրճիթը, նրա մեջ այրվեցավ և դժբախտ կայսրը:

Երբ նրա մահից հետո, Սիրմիոնում Թեոդոսը ընդունեց Գրատիանոսի ձեռքից կայսերական ծիրանին, — նորընտիր կայսրինվիճակվեցավ մի շատ դժվար գործ` նախ մաքրել երկիրը կիսավայրենի գոթերից և ապա գնալ Բյուզանդիա` ժառանգելու իրան հասած գահը: Ամբողջ ինն ամիս տևեց, մինչև կարողացավ նա խաղաղացնել գոթերին, և ամբողջ ինն ամիս հայոց պատգամավորները սպասում էին, մինչև վերադարձավ նա յուր մայրաքաղաքը:

Թեև Մուշեղ Մամիկոնյանը և յուր հետ եղած ավագանին խիստ փառավոր ընդունելության արժանացան Թեոդոսից, բայց դարձյալ նրանց խնդիրքը երկար մնաց անկատար, որովհետև նորընտիր կայսրը ա՜յն աստիճան խառնված էր յուր ներքին գործերով, որ ամենևին ժամանակ չուներ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու, մանավանդ Հայոց գործով, որ պիտի հարուցաներ նրա դեմ, անտարակույս, մի նոր պատերազմ, այն ևս պարսկական ծանր պատերազմ: Այդ էր պատճառը, որ նա միշտ հետաձգում էր Հայոց պատգամավորների գործը:

Նրա նախորդը, հալածասեր Վաղեսը, ուրիշ շատ հոգսերի հետ թողել էր նրան և կրոնական մեծ խնդիրը, որ այդ ժամանակ հռովմեական ամբողջ կայսրությունը ալեկոծման մեջ էր պահել: Թեոդոսը պետք է վերադարձներ Վաղեսի աքսորած բարձրաստիճան հոգևորականներին, և պետք է կռվեր բազմաթիվ աղանդների դեմ, որոնք Վաղեսի պաշտպանությամբ սաստիկ աճել և զորացել էին: Մայրաքաղաքում անդադար ժողովներ էին կազմվում, որոնց երբեմն ինքը կայսրը անձամբ ներկա էր .գտնվում :

Երբ այստեղ զբաղված էին կրոնական ապարդյուն վիճաբանություններով, այնտեղ, Հայաստանում, Մերուժան Արծրունին ավելի և ավելի սաստկացնում էր Արտագերսի պաշարումը: Իսկ Հայոց թագուհին մեծ անհամբերությամբ սպասում էր յուր որդուն և կայսրի լեգեոններին

Կայսրի խոստմունքների համեմատ, Բյուզանդիայից ստեպ սուրհանդակներ էին ուղարկվում, որոնք գալիս էին և, բերդի գաղտնի անցքերով մտնելով, ներկայանում էին թագուհուն, և միշտ միևնույն լուրերն էին բերում, թե, «մի փոքր ևս սպասիր, մի փոքր ևս դիմացիր, և ահա՜ կգա քո որդին, յուր հետ բերելով հռովմեական զորությունները…»:

Եվ թագուհին ամենայն անձկությամբ սպասում էրև ամենայն եռանդով ընդդիմանում էր... Սպասում էր և նրա հետ գտնված բազմությունը,,.

Ամբողջ տասնևերեք ամիս սպասեց նա, ամբողջ տասնևերեք ամիս քաջությամբ ընդդիմացավ նա: Ո՜չ Մերուժանի վայրագությունը և ո՜չ պարսկական զորքերի կատաղությունը չկարողացան ազդել Արտագերսի անմատչելի ամրությունների վրա: Բայց ազդեց երկնքի պատուհասը

Տասնևչորսերորդ ամսում հայտնվեցավ մի նոր և ավելի կատաղի թշնամի, որի հետ այլևս հնար չկար մարտնչելու: Դա էր սոսկալի ժանտախտը: Անողորմ կերպով սկսեց կոտորել պաշարյալներին: Ամեն օր մի քանի հարյուր հոգի մեռնում էին: Մի անգամ թագուհու սեղանի մոտ, ճաշելու միջոցին, մեռան հինգ հարյուր հոգի: Մահվան տագնապը խանգարեց ամրոցի ընդհանուր կարգը: Ամեն ոք յուր կյանքի մասին էր մտածում: Թեև այդ անագորույն ախտի հենց հայտնվելու սկզբում` թագուհին հայտնեց բոլորին, թե ով ցանկանում է, կարող է թողնել և հեռանալ, բայց ոչ ոք չկամեցավ բաժանվել նրանից: Ամենքը ուխտել էին մնալ նրա մոտ, և մեռնել նրա ոտքերի մոտ: Բերդի խորքերում փախուստի համար շատ գաղտնի ճանապարհներ կային, բայց ոչ ոք օգուտ չքաղեց այդ ճանապարհներից: Իրանց սիրելի թագուհուն հավատարիմ մնացած բազմության մեջ` անձնազոհության իղձը ավելի սաստիկ էր, քան թե ճարակող մահվան կատաղությունը: Ժամանակ չէին գտնում դիակները թաղելու: Կենդանի մարդիկ թաղման միջոցում` իրանք ևս րնկնում էին դիակների մոտ: Ամեն ոք կանխապես փորում էր յուր գերեզմանը: Ամեն ոք գիտեր, որ վաղը, և գուցե մի քանի րոպեից հետո, կարող է այլևս չլինել.,.

Բայց բերդի դրսում դեռ չգիտեին, թե նեոսում ի՜նչ է կատարվում: Պաշարյալները և՜ մեռնում էին, և՜ պատրաստվում էին մեռնելու համար, և՜, միևնույն ժամանակ, կռվում էին արտաքին թշնամու հետ:

ժանտախտի հետ համարյա զուգընթաց կերպով սկսվեցավ և սովը: Սովը գերազանցեց ժանտախտին: Սովը մոռանալ տվեց ժանտախտի ահռելիությունը: Հեշտ էր մեռնել, բայց շատ դժվար էր կենդանի մարդուն քաղցի կատաղության հետ մաքառել:

Բերդի պաշարման տասնևերեք ամիսների ընթացքում՝ նրա մեջ խմբված ահագին բազմությունը սպառեց բոլոր ամբարները: Տասնևչորսերորդ ամսում այլևս ոչինչ չէին գտնում ուտելու: Բերդում ո՜չ շուն մնաց, ո՜չ կատու և ո՜չ մի այլ չորքոտանի, — բոլորը կերան: Ազատանի կանայք երկանաքարը առջևում դրած, ոսկորներ էին աղում և բաժանում էին սովյալներին, որոնք փոխնդի նման ուտում էին: Ինքը թագուհին` կոշիկների և տրեխների կաշիներից` յուր ձեռքով ապուր էր եփում, և բաժանում էր սովյալներին: Դրանք ևս սպառվեցան: Սպառվեցան նաև բերդի ապառաժների վրա բուսած մացառները, որ ավելի փութացնում էին մահացությունը, քան թե կշտացնում էին: Օրհասական տագնապը այն աստիճան կատաղության հասավ, որ սովի խելագարության մեջ` ոմանք կերան իրանց զավակներին...

Այդ բոլոր սոսկալի արհավիրքների ժամանակ, երբ մարդկային ամեն հոգեկան և մտավոր զորությունները փշրվում են, խորտակվում են վերահաս փորձանքների հարվածների ներքոերբ մարդը փոքրանում է, ոչնչանում է վտանգի ահավորության առջև, — անսասան մնաց միայն թագուհին: Մինչև յուր վերջին զինվորը կորցնելը` նա պահպանեց յուր հոգու բարձր զորությունը և յուր ամրոցի դռները բաց չարեց թշնամու առջև:

Նա մտավ այդ ամրոցը տասնևմեկ հազար սպառազինված տղամարդիկներով և հինգ հազար իշխանազն տիկիններով: Ամենքը մեռան, ամենքը զոհ եղան հայրենիքի պաշտպանության սիրույն: Կենդանի մնաց միայն թագուհին յուր երկու մանկահասակ նաժիշտների հետ: Կենդանի մնաց և Որմիզդուխտ օրիորդը: Տասնևերեք ամիս անցուցին նրանք անվտանգ: Տասնևչորսեըորդ ամսում միայն` միաժամանակ սկսվեցան սովը և ժանտախտը: Եվ այղ մի ամսում ոչնչացրին ամեն կենդանություն, — այդ մի ամսում տարան տասնևյոթ հազար զոհեր

Տասնևչորսերորղ ամսի վերջին օրն էր վերջին աղետալի օրը:

Երեկոյան արեգակի դողդոջուն ճառագայթները մի քանի րոպե ևս փայլ-փալեցին ամրոցի բարձր աշտարակների կապտագույն ապենկարների վրա, և ապա, մարող կյանքի վերջին նշույլների նման, իսկույն հանգան: Մթությունը սկսեց հետզհետե նսեմացնել ամրոցի պայծառ լուսավորությունը: Տիրում էր ընդհանուր լռություն, ընդհանուր դատարկության հետ: Տեղ-տեղ երևում էին միայն անթաղ դիակներ, որ մնացել էին որպես կերակուր գիշակեր թռչուններին: Սև անգղների անհագ երամը, սև ոգիների նման, պտտվում էր այդ այլանդակված դիակների շուրջը, և երբեմն յուր անախորժ կռնչյունով աղմկում էր օդի մեռելային հանգստությունը:

Այդ միջոցին երկու մանկահասակ օրիորդներ, երկու գեղեցիկ Արտեմիսների նման, շրջում էին ամրոցի ահռելի դատարկության մեջ: Երկուսի ուսին ևս ձգած էր միմի արծաթյա կապարճ լի նետերով, երկուսն էլ ձեռքում կրում էին մի-մի թեթև աղեղ: Որսորդության այդ սիրուն դիցուհիները հագել էին` սասունցի որսորդ կանանց նման` որսորդական կարճ զգեստներ: Գլխների երկայն գիսակները պսակաձև կապած ճակատի վրա, կուրծքները կիսով չափ բաց, բազուկները հոլանի, և մերկ սրունքների վրա կապել էին նախշուն, փետուրի պես թեթև, մույկերր: Դրանք թագուհու երկու նաժիշտներն էին: Մեկին կոչում էին Շուշանիկ, մյուսին` Հասմիկ: Երկուսն էլ շուշանների նման ճերմակ էին, երկուսն էլ հասմիկի նման հոտավետ էին: Նրանք հասան շրջապարսպի աշտարակներից մեկի մոտ: Նայեցին դեպի վերև, հետո լուռ ժպիտով նայեցին միմյանց երեսին:

Թող այս երեկո ես առաջ փորձեմ իմ բախտը, — ասաց Շուշանիկը հազիվ լսելի ձայնով:

Ոչ, առաջ ես, — խնդրեց Հասմիկը:

Այսպես վիճելով, մոտենում էին նրանք մի զույգ աղավնիի, որ նստած էին աշտարակի բարձության վրա, և խորին հրճվանքով գուրգուրում էին միմյանց:

Շուշանիկը զգուշությամբ ձեռքը տարավ դեպի կապարճը, հանեց մի նետ, հարմարեցրեց աղեղին և ուղղեց դեպի երջանիկ թռչունները: Լարը ճայթեց, նետը սլացավԲայց նետումն անցավ անհաջող... Նրան անմիջապես հետևեց Հասմիկի նետը: Աղավնիներից մեկը, թևքերր թափահարելով, գլորվեցավ դեպի ցած: Մյուսը թռավ, և օդի մեջ մի քանի տխուր պտույտներ գործելով յուր սիրելի վարուժանի շուրջը, և ապա անհայտացավ երեկոյան մթության մեջ:

Հասմիկը վեր առեց յուր որսը, սկսեցին առաջ գնալ, և նրանց վառվռուն աչքերր ուշադրությամբ դեգերում էին աշտարակների բարձրության վրա, ուր ամեն երեկո գալիս էին աղավնիներր գիշերային հանգիստ գտնելու: Շուշանիկը տխուր էր, որովհետև այդ առաջին անգամն էր, որ նրա նետը շեղվում էր նպատակից: Իսկ Հասմիկի դեմքը, ընդհակառակն, փայլում էր մի առանձին, ինքնաբավական ուրախությամբ:

Այդպես ամեն երեկո` այդ երկու մանկահասակ աղջիկները հայտնվում էին ամրոցի շրջապարսպի մոտակայքում և թռչուններ էին որսում: Այղ թռչուններից պատրաստում էին իրենց սիրելի թագուհու թե՜ ճաշը և թե՜ ընթրիքը: Այդ թռչուններով կերակրվում էին և իրանք:

Երեկոյան մթությունը սկսեց հետզհետե թանձրանալ, և գիշերային խավարը, վերջապես, ծածկեց այն սոսկալի տեսարանները, որ այդ օրերում պատկերացնում էր Արտագերսը: Այլևս չէին երևում դիակների կույտերը, որ նայողին սարսափ էին ազդում: Այլևս չէին երևում մարդկանց լուծված, այլանդակված կմախքները, որ անթաղ ընկած էին փողոցների վրա: –Երևում էր միայն մի բարձրահասակ կին, որ վառած ջահը ձեռքին` միայնակ շրջում էր այդ դիակների մեջ: Նա նմանում էր այն Արալեզ աստվածուհիներից մեկին, որ մի ժամանակ, կռվից հետո, շրջում էին պատերազմի դաշտում, և հայոց ընկած քաջերին կյանք և անմահություն էին շնորհում: Տխուր, սրտաբեկ հայացքով աչք էր ձգում նա անբախտ զոհերի վրա, և ուշիկ քայլերով անցնում էր: Նրանցից շատերը մի քանի օր առաջ կենդանի էին, նրանցից շատերը նրա սիրելիներն էին: Իսկ այժմ ընկած էին անխնամ, անտեր, զուրկ այն միակ մխիթարությունից, որ վայելում է մահկանացուն, մայր-հողի գրկում հանգիստ գտնելով: Տխո՛ւր էր տեսարանը, մահվան չափ տխո՛ւր էր: Մոր կուրծքին կպած, հանգել էր սիրելի զավակը: Նորափթիթ օրիորդը՝ խամրած, դալկացած, ընկել էր, որպես մի նորափթիթ ծաղիկ, որ յուր արմատից կտրում է, ցած է տապալում հնձավորի անգութ մանգաղը: Սոսկալի՛ էր այդ հունձքը, դա անսիրտ Կրողների անողորմ հունձքն էր..,

Նա՜, ջահը ձեռին, շարունակում էր առաջ գնալ: Նրա գեղեցիկ դեմքը, ջահի պայծառ լուսավորության առջև, արտահայտում էր որդեկորույս մոր անմխիթար թախծությունը: Բայց նա՜, այդ դժբա՛խտ մայրը, կորցրել էր յուր հազարավոր զավակներինՆա կորցրե՛ց բոլորին, բայց չկորցրեց յուր սրտի վեհությունը: Նա զրկվեցավ բոլորից, բայց պահպանեց յուր կամքի երկաթյա ամրությունը

Նա հառաջ էր ընթանում և նրա թեթև զգեստների երկար քղանցքները, քսվելով փողոցների անհարթ սալահատակին, գիշերային լռության մեջ` արձակում էին խիստ մեղմ, մելամաղձական սոսափյուն: Նա դուրս եկավ նեղ, խորդուբորդ փողոցներից, և յուր արագ քայլերը ուղղեց դեպի երկու բարձր աշտարակներ, որ երկու վիթխարի հսկաների նման, կանգնած էին ամրոցի գլխավոր դռան աջ և ահյակ կողմերում: Ներս մտավ աշտարակներից մեկի դռնից, սկսեց ոլորապտույտ սանդուղքներով վեր բարձրանալ: Ջահի լույսը խռովեց չղջիկների գիշերային հանգիստը, որոնք ստվար խումբերով թաքնվել էին այդ հինավուրց շինվածքի մթին խորշերում: Մի ակնթարթում, որպես մի սև թուխպ, փոթորկեցին նրանք աշտարակի դատարկությունը, և նրա խուլ կամարները թնդացին հարյուրավոր մաշկաթևիկների թափահարումից: Մի քանիսն իրանց սառն, անախորժ թևիկներով զարկվեցան նրա գեղեցիկ երեսին: Բայց նա ոչինչ չզգաց, միայն ձեռքով պահպանեց ջահը, որ չհանգցնեն:

Երբ հասավ մինչև աշտարակի կատարը, մի առանձին խնամքով վեր առեց այնտեղ դրած ճրագները, վառեց ջահի լույսով և դրեց իրանց տեղում, նեղ լուսամուտների մոտ: Ավարտելով յուր գործը, շտապով ցած իջավ: Մոտեցավ ամրոցի երկաթյա դռներին: Խորին ուշադրությամբ զննում էր ծանր փականքները, նայում էր ամուր նիգերին և շոշափում էր հաստ սողնակներն ու պարզունակները: Ամեն ինչ յուր տեղումն էր, ամեն ինչ կազմ և պատրաստ էր, միայն պահապաններ չկային: Նա անցավ դեպի մյուս աշտարակները:

Աշտարակների բարձրության վրա` տեղ-տեղ հանդիպում էր նա գիշերապահ զինվորների, որ նիզակը կուրծքին սեղմած, պառկել էին մերկ հատակի վրա: Այդ մշտարթուն պահապանները, որ ամբողջ գիշերը իրանց դիտանոցի գագաթից հսկել գիտեին շրջակայքի վրա, — այժմ քնած էին, և քնած էին մահվան անզգա քնովԴա՛ռն օրհասը ժամանեց նրանց` հենց իրանց պաշտոնավարության րոպեում...

Այսպես ամեն գիշեր, ջահը ձեռին, միայնակ, հայտնվում էր այդ գեղեցիկ, բարձրահասակ կինը, և լուսավորում էր այն բոլոր աշտարակները, որ նայում էին դեպի պաշարող թշնամու բանակը: Այդպես անում էր նա, որ թշնամուն կարծել տա, թե բերդում դեռևս մարդիկ կան, դեռևս ամեն ինչ յուր կարգումն է:

Այդ բարձրահասակ, գիշերաշրջիկ կինը հայոց թագուհին էր գեղաչյա Փառանձեմը: Նա այժմ յուր ամայի և անմարդացած ամրոցի թե՛ տերն էր և թե՛ նրա անքուն պահապանը, և յուր հոգու անսահման մեծությամբ լցնում էր նրա խորին դատարկությունը:

Համարյա միևնույն ժամանակ, երբ թագուհին ջահը ձեռին շրջում էր յուր բերդի ամայության մեջ և յուր սրտի սաստիկ բաբախմունքով զննում էր, վերաստուգում էր նրա յուրաքանչյուր ամրությունները, — այո՜, հենց միևնույն ժամանակ` բերդում հայտնվեցավ մի այլ խուզարկու: Նա եկավ դրսից: Նա ներս մտավ այն գաղտնի անցքերից մեկի միջով, որոնց թե՜ մուտքը և թե՜ ելքը հայտնի էր միայն թագուհուն, և որոնց հարաբերությունը դրսի հետ` պահվում էր որպես խորին գաղտնիք:

Հաղթանդամ էր այդ մարդը, և յուր անհեթեթ հագուստով, որի լայն ծալքերը ալիքավոր խորշերով իջնում էին մինչև ոտները, ներկայանում էր որպես մի մռայլ, հսկայամարմին դև, որ գիշերային մթության մեջ անգամ, յուր մթին կերպավորու-թյամբ որոշվում էր տիրող խավարից: Գոտիից կախ էր ընկած երկար թուրը, որ քարշ էր գալիս գետնով, և նա ձեռքով բռնել էր, որպեսի ձայն չհանե: Իսկ ազդրի վրա, հագուստի ներքո, թաքցրած էր երկսայրի նրանը: Գիշերային խավարը բարեբախտաբար սքողել էր նրա ահռելի, ծաղկահար դեմքը, որի աղյուսագույն կաշին ծակտիքավոր սպունգի նմանություն ուներ: Քոսակ և սաստիկ զարգացած ծնոտների վրա դուրս էին ցցված մի քանի մազեր միայն: Աչքերի մեջ վառվում էր կատաղություն, որ խառն էր նրա ինքնաբավական, դիվական հրճվանքի հետ:

Նա հեռվից տեսավ թագուհուն, ջահը ձեռին, և ճանաչեց: Այդ միջոցին նրա ահռելի դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ, և ուռած շրթունքները արտասանեցին մի նույնպիսի դառն անեծք... նա կանգ առեց, խավարի մեջ սպասեց, մինչև թագուհին հեռացավ: Հետո սկսեց գաղտագողի կերպով հետևել նրան:

Ամրոցի խորին դատարկությունը, դիակների խառնափնթոր կույտերր և շրջակայքի ընդհանուր լռությունը, որ ամեն մի փոքր ի շատե զգացմունք ունեցող մարդուն կարող էին սարսափ և սոսկում ազդել, ընդհակառակն, հարուցանում էին այդ հրեշի մեջ թե՜ ուրախություն և թե՜ զարմացում: Ուրախանում էր, որ այդ թշվառ դրության մեջ էր գտնում ամրոցը, զարմանում էր, որովհետև նրան դեռ պարզ չէ, թե ի՞նչ դժբախտ պատահարներից պետք է առաջ եկած լիներ այդ հանկարծակի ավերմունքը, որը ամենևին չէր սպասում: Նրան այնպես էր թվում, թե վրեժխնդրության աստուծո անողոք բարկությունը մի քանի վայրկյանում ոչնչացրել և մոխիր էր դարձրել ամեն ինչ, թեև դեռ կանգնած էին հզոր պարիսպները, թեև դեռ գիշերային խավարի մեջ աղոտ կերպով նշմարվում էին սպառնալի աշտարակները: Բայց մարդիկ չէր տեսնում, և այդ էր, որ նրա անգութ սիրտը լցնում էր անսահման բավականությամբ:

Չկորցնելով թագուհուն յուր հետախույզ տեսությունից, նա, միևնույն ժամանակ, ուշադրությամբ աչք էր ածում յուր շուրջը: Նրան հանդիպում էին դիակներ միայն: Եվ ամեն անգամ, երբ այդ սառն և անշունչ մարմինները խոչընդոտ էին դառնում նրա զգույշ քայլերին, և երբ խավարի մեջ մատներով շոշափում էր նրանց, մի առանձին զվարճություն էր զգում: Նա այնքան սպասեց, մինչև թագուհին, ավարտելով յուր գործը, դիմեց դեպի արքայական ապարանքը: Այդ միջոցին նա սկսեց շրջել բերդի ամեն կողմերում, որպեսզի լավ ծանոթանա նրա դրության հետ, որը տակավին յուր համար երկբայական էր: Խորին ուշադրությամբ հետազոտում էր մարտկոցները և զինվորանոցները, քննում էր զենքերի մթերանոցները և ամեն ինչ յուր տեղումն էր գտնում: Միայն ո՜չ զինվորներ կային և ո՜չ այլ մարդիկ: Ի՞նչ եղան, ո՞ւր գնացին, միթե ամենքը մեռա՞ն, — այդ հարցերն էին պտտվում նրա խռովյալ գլխում, որ ամբոխված էր մռայլ մտքերով, որոնք նույնքան խավար էին, որոնք նույնքան զարհուրելի էին, որպես գիշերային ընդհանուր խավարը:

Երբ բոլորովին ստուգեց ամրոցի դատարկությունը, նա մոտեցավ արքայական ապարանքին: Երկար դեգերում էր նրա շուրջը, և յուր լսելիքների բոլոր զորությամբ աշխատում էր ըմբռնել, արդյոք չէ՞ լսվում որևէ շշունջ ներսից: Բայց այն ուրախ, մշտածիծաղ ապարանքը լուռ էր, լուռ էր որպես մի խուլ և անշարժ գերեզման: Այդ սիրո և երջանկության պալատը, այղ անլուռ երգերի և նվագածության տաճարը` յուր բոլոր հոգեզվարճ կյանքով ու սովորություններով վաղուց ծանոթ էր նրան: Նա գիտեր, թե օրվա ո՜ր ժամում ի՜նչ էր կատարվում այնտեղ: Նա գիտեր նրա աղմկալի գիշերները, ուր մինչև առավոտ գուսանների հերոսական տաղերգը և պարողների տրոփյունը թնդեցնում էին ընդարձակ սրահները: Իսկ այժմ ամեն ինչ մեռած, ամեն ինչ նիրհում էր խորին, անմռունչ անշարժության մեջ: Այդ անշարժությունը ավելի ծանր տպավորություն էր գործում ապարանքի թանձր մթությամբ, որ ապացույց էր մարդու և բնակիչների բացակայության: Եվ այդ ուրախացնում էր նրան: Այդ ապարանքը սովոր էր ամբողջ գիշերը վառված լինել, բազմաթիվ ճրագների անշեջ պայծառության մեջ: Իսկ այժմ ո՛չ մի սենյակ լուսավորված չէր, և ո՛չ մի լուսամատից ճրագ չէր երևում: Մի սենյակից միայն նշմարվում էր աղոտ լույս, որը մարելու մոտ էր: Դա թագուհու առանձնարանն էր:

Նա մի առանձին անվճռականությամբ ոտք դրեց գլխավոր դռան սյամի վրա, բայց տակավին չէր համարձակվում ներս մտնել: Զգուշանում էր, գուցե ապարանքի բազմաթիվ դրանիկներից և ոստանիկներից ոմանք դեռևս մնացած լինեին: Բայց միևնույն մամանակ նրան խրախուսում էր այն միտքը, որ եթե ապարանքում մարդիկ մնացած լինեին, ուրեմն ինչո՞ւ էր թագուհին այնպես միայնակ շրջում, կամ ինչո՞ւ էր կատարում նա այն ծառայությունը, որ յուր գործը չէր: Նա յուր անվստահ քայլերը փոխեց և ներս մտավ: Նա ներս մտավ, և իսկույն անհայտացավ ապարանքի մթին նրբանցքների մեջ...

Այդ միջոցին Շուշանիկը ու Հասմիկը խոհանոցում զբաղված էին. մեկը փետրահան էր անում աղավնիները, մաքրում էր, մյուսը բորբոքում էր կրակը, որ շուտով խորովեն: Բախտը նպաստեց նրանց և այն երեկո որսացին չորս աղավնիներ, որ խիստ հազիվ անգամ էր պատահում: Իրանք ևս չորս հոգուց ավելի չէին, թագուհին, Որմիզդուխտ օրիորդը և այդ երկու նաժիշտներն էին միայն մնացել բեբդում:

Այս գիշեր ճոխ սեղան կունենանք, — ուրախանալով ասաց Հասմիկը:

Եթե մի կտոր հաց լիներ, — տխրությամբ նկատեց Շուշանիկը: — Ա՛խ, որքան ժամանակ է, որ հացի երես չենք տեսել

Շուշանիկի բաղձանքը նույնպես տխրություն պատճառեց ուրախ Հասմիկին, որը, յուր ընկերուհուն մխիթարելով, ասաց,

Աստված ողորմած է, սիրելի քույրիկ, մենք արդեն սովորել ենք առանց հացի` միայն մսով կերակրվել և աստված ամեն օր ուղարկում է մեզ համար գեղեցիկ աղավնիներ:

Թագուհին նույնպես սովորեց,,, այժմ խորոված որսի միսը մեծ ախորժակով է ուտում, բայց Որմիզդուխտ օրիորդը զզվանքով

Նա էլ կսովորի

Շուշանիկը կրկին ընկավ տարակուսանքների մեջ:

Մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, Հասմիկ, — հարցրեց նա ցավալի ձայնով: — Ամենքր մեռա՛ն և հանգստացան: Մենք միայն մնացինք: Եթե մենք էլ մեռնեինք, կազատվեինք

Ինչո՞ւ մեռնեինք, — վշտանալով պատասխանեց Հասմիկը: — Եթե մենք մեռնեինք, ո՞վ պետք է ծառայեր թագուհուն: Աստված մեզ թողեց նրան ծառայելու համար:

Next page