Րաֆֆի՝   Սամվել

Դու չե՞ս վախենում, Հասմիկ, — խոսքը փոխեց մելամաղձոտ Շուշանիկը:

Ինչի՞ց պետք է վախենամ:

Ինչպե՞ս ինչից: Եթե պարսիկները գիտենան, որ բերդում մարդ չէ մնացել, և հանկարծ կոտրեն դռները ու ներս մտնեն: Այն ժամանակ ի՞նչ կանես

Այն ժամանակ, — պատասխանեց Հասմիկը ծիծաղելով, — մենք մեր նետերով կկռվենք նրանց հետ և թող չենք տա, որ մեզ մոտենան

Շուշանիկը նույնպես սկսեց ծիծաղել, բայց յուր ընկերուհու պարզամիտ խրոխտանքի վրա: Նա հասակով ավելի մեծ էր, քան ոգելից Հասմիկը:

Մինչ խոհանոցում երկու նաժիշտները այդ խորհրդածությունների մեջ էին, թագուհին վերադարձավ ապարանքը: Նա մտավ յուր առանձնարանը, աշտանակի վրայից առեց միակ ճրագը և իսկույն դուրս եկավ: Հանդարտ, չափավոր քայլերով անցավ նա դատարկ, խավարի մեջ ընկղմված լուռ սրահները և մոտեցավ մի սենյակի դռան: Գրպանից հանեց բանալին, դուռը բաց արավ: Այդ գործողությունը թեև չափազանց զգուշությամբ կատարվեցավ, այնուամենայնիվ, ծանր դռան ճռնչյունը զարթեցրեց մի օրիորդի, որ թախտի վրա պառկած էր:

Ջո՜ւր եմ ուզումծարա՜վ եմ… — եղավ նրա առաջին խոսքերը, երբ քնեած աչքերը բաց անելով, տեսավ յուր մոտ թագուհուն, ճրագը ձեռին: Այդ խոսքերը այնպիսի մի պարզությամբ արտասանեց նա, որպես միամիտ երեխան դիմում է սիրելի մորը, կամ մտերիմ դայակին:

Միթե քեզ մոտ ջուր չե՞ն դրել, — հարցրեց թագուհին մի այնպիսի կարեկցությամբ, որի անկեղծ հնչյունները լսվեցան նրա գթով լի, քաղցր ձայնի մեջ:

Շատ անգամ մոռանում են.,.

Թագուհին ճրագը ցած դրեց, շտապով դուրս վազեց, և մի քանի րոպեից հետո կրկին ներս մտավ, ջրով լի արծաթյա թասը ձեռին: Օրիորդը շնորհակալությամբ առեց թասը, շիջուց յուր ծարավը, ասելով.

Բավական սա՛ռն է

Այդ մանկահասակ աղջիկը Որմիզդուխտ օրիորդն էր` Շապուհ արքայի քույրը, հայոց թագուհու գերին, իսկ Մերուժան Արծրունու հանդերձյալ հարսնացուն: Նա տասնևյոթ տարեկան հազիվ լիներ, բայց, որպես արևելյան տաք երկնքի ծնունդ, վաղօրոք հասունացել և կազմակերպվել էր յուր չքնաղության բոլոր կախարդիչ հրապուրանքով: Գեղեցկության աստվածը, կարծես, նրա վրա թափել էր յուր բոլոր ճիգը` մահկանացուներից անմահ մի էակ ստեղծագործելու: Նրա խոշոր աչքերի անսահման պայծառությունը միայն բավական էր, որ յուր մեջ ընկղմեր Մերուժան Արծրունու բոլոր խելքը, միտքը և հոգին: Նրա մեջ ա՜յն աստիճան քաղցրություն և ա՜յն աստիճան մեղմ քնքշություն կար, որ հայոց թագուհին, չնայելով որ այնքան դառն ատելություն ուներ թե՜ դեպի Շապուհը և թե՜ դեպի առհասարակ պարսից արքայական ազգատոհմը, — այնուամենայնիվ, վերջին օրերում ո՜չ միայն մայրական խնամք էր տանում Շապուհի քրոջ Որմիզդուխտի վրա, այլ սկսել էր մինչև անգամ սիրել նրան: Վերահաս դժբախտությունները, սովը, ժանտախտը` ամրոցի ընդհանուր մահացությունըմոռանալ տվին հայոց թագուհուն այն անողորմ ոխակալությունը, որ բորբոքվում էր նրա մեջ դեպի Շապուհի ընտանիքը: Այո՛, նա սկսեց սիրել Որմիզդուխտին, նա սկսեց փայփայել յուր գերիին, որի կյանքը և մահը յուր ձեռքումն էր: Այդ սիրո մեջ գտնում էր նա յուր հոգու մխիթարությունը այն դժբախտ րոպեներում, որ վերջին օրերում վարում էր նա յուր ամրոցում: Վիճակների համանմանությունը առաջ էր բերել նրանց մեջ մի տեսակ փոխադարձ կարեկցություն: Օրիորդը, իրավ, գերի էր, բայց թագուհին միշտ գերության ենթակա էր յուր պաշարյալ ամրոցի մեջ: Ամեն վայրկյան սպասում էր նրան մի նույնպիսի վիճակ, գուցե ավելի դժնդակ, գուցե ավելի դաժանական, հեռավոր Պարսկաստանում...

Ճարակող ախտի միջոցում բռնվեցավ և նազելի օրիորդը: Այդ օրերում թագուհին հանգստություն չուներ: Ամբողջ գիշերներ լուսացնում էր նրա անկողնի մոտ: Երբ ազատվեցավ, թագուհին մխիթարվեցավ: Այնուհետև պահում էր նրան համարյա փականքի մեջ և թույլ չէր տալիս, որ ապարանքից դուրս դա: Զգուշանում էր, մի գուցե դրսի սարսափելի երևույթների ազդեցությունը կրկին վերադարձներ նրա հիվանդությունը: Օրիորդը սաստիկ վախենում էր մեռելներից. իսկ ամրոցի փողոցները դեռ լի էին դիակներով:

Թագուհու մատուցած սառը ջուրը խմելուց հետո, բոլորովին սթափվեցավ նա քնից և, հանկարծ վեր թռչելով յուր տեղից, գրկեց նրա պարանոցը և երկար բաց չէր թողնում յուր գրկից, համբուրում էր, փայփայում էր և, միևնույն ժամանակ, լսելի էր լինում նրա խուլ հեկեկանքը:

Ինչ է պատահել քեզ հետ, սիրելիս, — հարցրեց թագուհին շփոթվելով:

Ա՛խ, եթե գիտենայիր, որքա՛ն լաց եմ եղել... որքա՛ն լաց եմ եղել.,. — մրմնջաց նա լալագին ձայնով:

Ինչո՞ւ էիր լաց լինում, սիրելիս: Ի՞նչ ունեիր լաց լինելու:

Երազումս էի լաց լինում... բայց հիմա ուրախ եմ... շատ ուրախ եմ... դու դարձյալ կասդու դարձյալ իմ մոտս ես...

Թագուհին հասկացավ, որ տխուր երազներ խռովել էին նրա զգայուն երևակայությունը: Համբուրեց և, սեղմելով յուր կուրծքին, նստացրեց յուր մոտ բազմոցի վրա, և ապա հարցրեց, թե ինչու էր լաց լինում երազում:

Չեմ ասի,., լեզուս չէ բռնում, որ ասեմ

Երկար թախանձելուց հետո, պատմեց նա, թե ման էր գալիս ապարանքի բակում, տեսնում էր այնտեղ ընկած շատ մարդիկ այր, կին, ծեր և երեխա: Ոմանք մեռած էին, ոմանք դեռ մահվան տագնապի մեջ տանջվում էին: Նրանց թվումն գտավ և թագուհուն, ընկավ նրա դիակի վրա և լաց էր լինում, երկար լաց էր լինում, բայց նա ոչինչ չէր զգում...

Մեզ պատահած դժբախտությունների դառն տպավորությանց ներքո այսպիսի տխուր երազ ես տեսել, սիրելի Որմիզդուխտ, — մխիթարեց նրան թագուհին: — Մեծ է աստուծո գթությունը, նա մեզ խնայեց մահից, և կպահպանե այսուհետև: Հանգիստ կաց, սիրելի Որմիզդուխտ, և սիրտդ միշտ ուրախ պահիր:

Տպավորությունները, իրավ, շատ ծանր էին օրիորդի քնքուշ սրտին: Բացի ամրոցի ընդհանուր մահացությունից, որի սոսկալի աղետներին ականատես եղավ, նա ուներ յուր հետ սպասավորների և աղախինների մի ստվար բազմություն, որոնք նույնպես զոհ եղան մահվան և նրանցից ոչ մեկը չմնաց: Այդ կորուստը սաստիկ վշտացնում էր նրան և բնավ մոռանալ չէր կարողանում: Քնի մեջ հաճախ տալիս էր նրանց անունները, և երբ չէին հայտնվում, սկսում էր լաց լինել: Այդ էր պատճառը, որ վերջին օրերում թագուհին հրամայեց, որ նրա անկողինը պատրաստեն յուր մոտ, յուր քնարանում, որպեսզի այդպիսի դեպքերում հանգստացնե նրան:

Հիմա գնանք, սիրելիսասաց նրան թագուհին, ձեռքիցը բռնելով և վեր բարձրացնելով: — Գնանք, տեսնենք, Հասմիկը և Շուշանիկը մեզ համար ի՛նչ են պատրաստել ուտելու:

Օրիորդի արտասուքը այժմ ուրախության փոխվեցավ: Ծիծաղելով վազեց նա, խլեց ճրագը, որ դրած էր պատուհանում և , առաջ ընկնելով, խնդրեց.

Ճրագը ես կտանեմ, թույլ տուր, մայրիկ, որ ես տանեմ:

Դու ինձ ոչ մի գործ անել չես տալիս:

Վերջին օրերում նա թագուհուն «մայրիկ» էր կոչում: Թագուհին բարեսրտությամբ ժպտաց և թույլ տվեց, որ ճրագը նա տանե:

Անցնելով մթին սրահների միջով, նրանք մտան սեղանատունը: Այստեղ երկու նաժիշտները` Հասմիկը ու Շուշանիկը արդեն պատրաստել էին ընթրիքի սեղանը: Թանկագին սփռոցի վրա դրած էին երկու արծաթյա պնակներ: իսկ նրանց մեջ երեք խորոված աղավնիներ: Այլևս ուրիշ ոչինչ չկար: Հայոց թագուհին և պարսից արքայադուստրը մոտեցան այդ աղքատիկ սեղանին և գոհունակությամբ նստեցին: Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում: Տեսնելով երեք աղավնիները, թագուհին դարձավ դեպի նաժիշտները, հարցնելով.

Այսօր քանի՞ հատ որսացիք:

Չորս հատ, — շտապեց պատասխանել Հասմիկը, — երեքը` ես, մեկը` Շուշանիկը:

Դու ամեն գործում այդպես քաջ ես, — ժպտալով նկատեց թագուհին: — Բայց ինչո՞ւ եք այդպես անհավասար կերպով բաժանել երեքը բերել եք մեզ համար, մեկը միայն թողել եք ձեր երկուսի համար:

Մենք այդ մեկով միայն կբավականանանք, — դարձյալ պատասխանեց Հասմիկը: — Եթե մեզ համար քիչ է մնում, այդ մեր մեղքն է, որ շատ չենք որսացել:

Ոչ, ինչ որ աստված տվել է, պետք է հավասար բաժանել, — այդ ասելով նա վեր առեց աղավնիներից մեկը, տվեց նրանց, իսկ երկուսը թողեց յուր և օրիորդի համար, կրկնելով. — մենք չորս հոգի ենք, աստված չորս աղավնի է տվել: Գնացեք, դուք ևս ընթրեցեք:

Երկու նաժիշտները հեռացան, թեև, ըստ սովորության, նրանք պետք է թագահու. սեղանի մոտ սպասեին այնքան ժամանակ, մինչև նա յուր րնթրիքը վերջացներ:

Որմիզդուխտը, որ մի առանձին բավականությամբ լսում էր բարեսիրտ թագուհու խոսքերր, մեջ մտավ և ժպտալով ասաց.

Երբ կերակուրը հավասար ենք բաժանում, պետք է աշխատանքն էլ հավասար բաժանենք, մի օր մենք գնանք որսի, մի օր Շուշանիկն ու Հասմիկը: Այդպես հերթով լավ չի՞ լինի, մայրիկ:

Լավ կլինի: Բայց դու որսալ իմանո՞ւմ ես:

Ինչպե՞ս չէ: Էգուց հերթը մերն է, և դու կտեսնես իմ ձեռքի շնորհքը: Տիզբոնում եղած ժամանակ, երբեմն եղբայրս ինձ տանում էր յուր հետ որսի, և ամեն անգամ ես դատարկաձեռն չէի մնում: Մի օր ես նետահարեցի մի նապաստակ հենց փախչելու միջոցին: Երբ վերադարձանք տուն, ես ստացա եղբորս գովասանքը և մի գեղեցիկ մատանի:

Ինձանից ևս կստանաս մի գեղեցիկ ընծա, եթե էգուց շնորհքդ ցույց կտաս:

Օրիորդը սկսեց երեխայի նման ուրախանալ:

Սեղանի վրա դրած էր մի արծաթյա մեծ սրվակ լի գինով, իսկ նրա մոտ երկու ոսկյա բաժակներ: Ամրոցում ամեն պաշար սպառվելուց հետո մնաց միայն գինին: Այդ ընտիր գինիները, Հայաստանի հատուկ տեղերից բերված, ահագին կարասներով թաղված էին գետնի մեջ, հողի տակ: Նրանցից շատերը մի քանի տասնյակ տարիների հնություն ունեին:

Թագուհին լցրեց անուշահոտ գինին, բաժակներից մեկը դրեց յուր առջև, մյուսը՝ օրիորդի առջև: Նա փոքր առ փոքր խմում էր և անլռելի ձայնով խոսում էր: Խոսում էր Տիզբոնից, խոսում էր յուր վարած կյանքի զանազան արկածներից պարսից արքունիքում: Եվ որքան խմում էր, այնքան հայկական կարմիր նեկտարը վառում էր մանուկ արյունը ուրախության կրակով, և այնքան նրա գունաթափ թշերը փայլում էին պայծառ գունով: Նա այն աստիճան ոգևորվեցավ, որ երգեց մի հին արիական երգ.

Բարձր ապառաժի ահռելի կուրծքին
Կպած էր ամրոց, ամրո՛ց ահագին.
Թռչունն այն տեղից՝ վախում էր անցնել,
Գազանն այն կողմից՝ շտապում էր փախչել:

Միայն քամին էր, քամի՛ն համարձակ,
Որ սլանում էր այն կողմից արագ,
Եվ ամեն անգամ տխո՜ւր, ողբալի՜
Յուր հետ բերում էր ձայներ սոսկալի :

Ո՛ չ քար, ո՛չ աղյուս, ո՛չ փայտն անտառին,
ՉԷր նյութը նորա ահեղ շինվածքին,
Եվ ո՛չ վարպետի ձեռքը իմաստուն
Դրեց հիմքերը նորա հաստատուն:

Լոկ դիակներից, արյամբ շաղախված,
Լոկ կմախքներից, կույտերով դիզված,
Բարձրանում էին պարիսպներ մթին,
Թա՛նձր պարիսպներ` մահացու բերդին:

Եվ հրեշային բուրգ ու աշտարակ
Էին մարդկային կառափունք համակ,
Կառափունք իրար վերա շարեշար
Խիստ քստմնելի կապեին կամար:

3ոթն էին թվով, յոթն եղբայրներ,
Յոթն էլ վիթխարի խոլ-խոլ հսկաներ, —
3ոթն պատուհաս այդ խուլ ամրոցում
Սնուցանում էր Արհիմնն յուր ծոցում:

Ունեին նոքա մի քույր գեղանի,
Աչքերը սև-սև, ինքը նազանի,
Քաղցրությամբ լի ծով էր նա անսահման,
Եվ ողջ աշխարհում չուներ յուր նման:

Կասեր արեգին. «Դու հանգիստ մնա՛,
Երեսիս փայլը երկրին լույս կտա».
Կասեր լուսնյակին. «Այդ թո՛ղ ինձ համար՝
Վանել գիշերի սևաթույր խավար»:

Եվ ամեն կողմից` քաջ-քաջ հսկաներ,
Ահարկու դևեր, մեծ փահլևաններ,
Գալիս էին նորա սերը խնդրում
Եվ իրանց սիրտը նորան զոհ բերում:

Եվ ամեն անգամ` կույսը աննման
Տալիս էր նորանց այդպես պատասխան.
«Եղբայրներիս հետ մենամարտեցե՛ք,
Հաղթության փառքով իմ սերն ստացեք»:

Ճոճվում էր նիզակ, կռվեին քաջեր,
Տրոփում էր ասպար, փայլում էր սուսեր,
Եվ հարվածների շռինդը ուժգին
Դղըրդում էր օդը, թնդում էր գետին:

Գոռում էր մարտը, բերում էր սարսուռ,
Փշրվում էր վահան, զրահ ամրակուռ,
Մինչ աստվածները, իսպառ զարմացած,
Բարձր եթերքից մնային հիացած:

Նայում էր կույսը, կո՛ւյսը աննման
Եվ ուրախության չկար չափ սահման ,
Երբ եղբայրները փառքով հաղթական
Թողնեին դաշտը` կռվի և. արյան:

Այսպես ամեն մի այցելուն դժբախտ,
Այսպես ամեն մի քաջ հերոս, անհաղթ
Թողնում էր այնտեղ յուր ընկած մարմին,
Որ նյութ էր տալիս ամրոցի շենքին:

Այսպես կառուցին հզոր պարիսպներ,
Մինչ զենիթ հասցրին բուրգ, աշտարակներ,
Բայց կույսի սիրտը միշտ մնաց անողոք
Եվ սիրույն արժան չեղավ դեռ ոչ ոք:

Եվ դեռ իշխում էր անգութ թագուհին
Այն դիակառույց արյունոտ բերդին,
Դեռ պահանջում էր զոհեր նորանոր,
Զոհե՛ր սոսկալի, զոհե՛ր բյուրավոր:

Անցան տարիներ, անցան և դարեր,
Երբ հայտնեցան յոթն հսկաներ.
Յոթն արքայի էին թանկ որդիք,
Մինը քան զմյուս` չքնաղ, գեղեցիկ:

Թագուհին տեսավ, սիրտը թուլացավ
Այն քարե սիրտը` մաշվեցհալվեցավ
Որի՞ն րնտրել: Ո՞ր քաջ գեղանին: —
Թողեց որ մարտը վճռե արժանին:

Սկսվեց մարտը: Եղբայրներ յոթունք
Ունեն իրանց դեմ յոթն արքայազունք, —
Ուժեր հավասար, ուժե՛ր սոսկալի
Մարտնչում էին հուսով լի ու լի:

Երկարեց մարտը: Կողմերն աննկուն
Դեռ կռվում էին` եռանդով, տոկուն,
Եվ անգութ բախտը դեռ ոչ մի կողմին
Չէր տալիս կանաչ հաղթության դափնին:

Յոթն արքայազնից վեց հոգի ընկան ,
Վեց պայծառ արև ի սուգ պատեցան.
Մնաց մեկը միայն հուժկու, քաջալանջ,
Կռիվ էր մղում, կռի՛վ աննահանջ:
:
Ամրոցի կույսը այլ չհամբերեց,
Խելագարի պես բարձից ցած վազեց,
Եվ յուր մերկ կուրծքը նրանց դեմ տալով,
Նա եղբայրներին այսպես բարբառեց.

«Վայել չէ՜ ոթնին մեկի հետ կռվել,
Եվ զենք ու զրահարատով պատել.
Դա՛ է իմ ըղձալին, — այս քաջ ախոյան,
Իմ սերը պսակ զորա հաղթության»:

Իսկ եղբայրները զենքը ցած դրին,
Քաջի ճակատին համբույր մատուցին.
«Քե՛զ լինի, — ասացին, — այդ չքնաղ կույսը,
Որ տիեզերքի էր զարդն ու լույսը»:

Օրիորդի քաղցր, լիահնչյուն ձայնը մոտ կոչեց ապարանքում թաքնված դևին, որը դուրս գալով յուր դարանից, կամաց-կամաց մերձեցավ այն սենյակին, որտեղից լսվում էր սքանչելի երգը: Նրա փափուկ, կարմրագույն մուճակները ամենևին ձայն չէին հանում, իսկ տիրող մթությունը նպաստում էր նրան աներևույթ լինել: Նա ուշադրությամբ ականջ էր դնում և միևնույն ժամանակ, չարամտությամբ, խնդում էր

Բայց օրիորդի երգը թագուհու վրա բոլորովին այլ տպավորություն գործեց: Սա այն աստիճան զգացվեցավ, որ ծածկեց յուր արտասուքը, որպեսզի երգիչը չտեսնե: Երգի իմաստը, բովանդակությունը թե՜ յուր և թե՜ այդ անբախտ աղջկա վիճակի հետ` մի զարմանալի համամասնություն ուներ, թեև նա երգեց բոլորովին անգիտակցաբար: Եվ ինքը օրիորդը ապրում էր այդ բերդում կատարյալ անգիտակցության մեջ: Նա չգիտեր, որ ինքն էր այն երկպառակության խնձորը, որի գրավելու համար այնքան մեծ կորուտներ եղան: Արտագերսը լցվեցավ դիակներով: Եվ որպես երգի մեջ նկարագրված ամրոցը, նույնպես և Արտագերսը, ներկայացնում էր հազարավոր զոհերի մի հսկայական գերեզման: Հայաստանը ողողվեցավ արյունով, և դեռևս շարունակվում էր կոտորածը, և պիտի տևեր գուցե շատ երկարՆա չգիտեր, թե այդ բոլորի իսկական շարժառիթը ինքն էր և Մերուժանի խելագար սիրահարությունը, որի բավականությունը պետք է արյունով և զոհերով ստացվերՆա չգիտեր և այն, թե ինքն ի՞նչ նպատակով էր պահված այդ բերդում: Նա հիշում էր այնքանը միայն, թե ինքը գտնվում էր յուր եղբոր կանանոցում, Թավրիզի մոտ թշնամին հարձակվեցավ եղբոր բանակի վրա, այնտեղ կռիվներ եղան, մարդիկ սպանվեցան, և իրան բերեցին այդ բերդը: Բերդի բարեսիրտ թագուհին առեց նրան յուր խնամակալության ներքո, պահում էր յուր զավակի պես: Նա մինչև անգամ չգիտեր, թե ո՜վ էր պաշարել այդ բերդը: Նա կարծում էր, թե դարձյալ միևնույն մարդիկ էին, որ հարձակվեցան յուր եղբոր բանակի վրա: Այդ բոլոր անհասկացողությունները առաջ էին եկել նրանից, որ թագուհին մինչև այն օր միշտ աշխատել էր դառն իսկությունը ծածկել նրանից, որպեսզի նրա քնքուշ սրտին ցավեր չպատճառեր:

Մերուժանի մասին գաղափար անգամ չուներ նա, նրան երբեք չէր տեսել, այլ լսել էր անունը միայն: Նրան չէին ասել, թե ինքը Մերուժանի նշանածն է և մի օր պետք է նրա կինը լինի: Նա չգիտեր, այո, որ այդ բոլոր տառապանքները յուր պատճառով են կատարվում, և թե բերդի անգութ պաշարողը յուր ապագա փեսան է` նույն իսկ Մերուժանը:

Պարսից արքունիքում նա էակ չէր, այլ իր էր` այն գեղեցիկ և թանկագին իրերից մեկը, որոնցով լի էր արքայական գանձարանը: Եվ ինչպես այդ իրեղեններով պարսից արքան սովորություն ուներ վարձատրել յուր ավագների ծառայությունները, նույնպես և յուր քրոջը տալով, խոստացել էր նա վարձատրել Մերուժանի դժնդակ ծառայությունները: Այդ կիմանար օրիորդը այն ժամանակ միայն, երբ նրա ձեռքից կբռնեին և կհանձնեին Մերուժանին:

Թագուհին մինչև այն օր չէր խոսացել օրիորդի հետ Մերուժանի մասին, և խոսելու ցանկություն ևս չէր ունեցել: Բայց լսելով նրա երգը, հարևանցի կերպով հարցրեց.

Գիտե՞ ս, Որմիզդուխտ, ո՜վ է պաշարել մեր բերդը:

Չեմ իմ անում, — պատասխանեց նա:

Եթե թշնամին ասեր` «տվեք ինձ Որմիզդուխտին, ես կթողնեմ և կհեռանամ, — դու կգնայի՞ր»:

Կգնայի:

Ինչո՞ւ կգնայիր:

Որ այդքան մարդիկ չմեռնեին, որ հաց լիներ, դրանք ուտեին, և որպեսզի դու այնքան նեղություն չկրեիր, ահա՜ ինչու համար կգնայի:

Ուրեմն, դու նույնպե՞ս կվարվեիր, ինչպես վարվեց այն ամրոցի աղջիկը, որի երգը երգեցիր:

Ոչ, ես այնպես չէի վարվի: Նա անսիրտ աղջիկ էր. նա յուր գեղեցկության համար զոհեր էր պահանջում, և որքան բազմանում էր զոհերի թիվը, այնքան այդ անգթությունը նրան զվարճություն էր պատճառում: Նա յուր պաշտողների դիակներից և գագաթներից յուր համար ամրոց հիմնեց: Բայց ես այդպես չէի անի, ես թույլ չէի տա, որ մի կաթիլ անգամ արյուն թափվեր, այլ իսկույն դուրս կգայի թշնամու հանդեպ, կուրծքս կդարձնեի դեպի նրա նետերը և կասեի. «Ահաես, եթե ինձ համար է կռիվը, թո՜ղ դադարի նա»: Ես կզոհեի ինձ, բայց կփրկեի այդ բերդը:

Նա խոսում էր յուր հոգու բոլոր անկեղծությամբ: Զոհաբերության այդ գաղափարը կազմվել էր նրա մեջ ո՜չ թե ընդհանուր մարդասիրական զգացմունքից, այլ կրթության այն պայմաններից, որոնցով, սկսյալ մանկությունից, շրջապատված էր եղել նա: Նրա պառավ դայակները լցրել էին նրա գլուխը հարյուրավոր վեպերով ու հեքիաթներով, որոնցով այնքան հարուստ էին պարսկական ավանդությունները, և որոնք ներշնչել էին նրա մեջ մի տեսակ հերոսական ոգի, և վառել էին նրա երևակայությունը անձնազոհության զգացմունքով:

Թագուհին, լսելով օրիորդի ոգևորությամբ լի խոսքերը, խիստ տխուր ձայնով նկատեց.

Բայց այդ բոլորը, սիրելի Որմիզդուխտ, հակառակ քո բարի ցանկության, կատարվեցան արդեն

Օրիորդը գունաթափվեցավ:

Ի՞նչը կատարվեցավ, — հարցրեց նա շփթվելով:

Այն զոհերը... այն արյունը... այն կոտորածը...

Ի՞մ պատճառով...

Այո՜, քո պատճառով

Փոքր էր մնում, որ ուշաթափ լիներ նա: Թագուհին գրկեց նրան, և յուր կուրծքին սեղմելով, ասաց.

Հանգստացի՜ր, սիրելի Որմիզդուխտ, քո պատճառով կատարված դժբախտությունների մեջ դու չես հանցավորը: Դրանք կատարվեցան առանց քո կամքի և հոժարության: Լսի՜ր, ես կպատմեմ քեզ տխուր իրողությունը:

Թագուհին պատմեց օրիորդին գործի իսկությունը, թե նա գերի է այդ բերդում և պահված է իբրև պատանդ: Հասկացրեց, թե բերդի պաշարողը Մերուժան Արծրունին է, և պաշարել է նրան ազատելու համար: Հասկացրեց և այն, թե ինքը` օրիորդը Մերուժանի նշանածն է և ապագայում պետք է նրա կինը լինի: Բացատրեց, թե ի՜նչ քաղաքական հանգամանքներից առաջ եկավ նրա օտարոտի հարսնախոսությունը: Նկարագրեց օրիորդի եղբոր Շապուհ արքայի ներկա հարաբերությունները հայոց հետ, նրա վարած պատերազմների նպատակը, թե որպե՜ս ցանկանում է նա հայոց կրոնը և թագավորությունը ոչնչացնել և Հայաստանը պարսկական մի նահանգ դարձնել և այլն: Այդ բոլորը համառոտ կերպով հաղորդելուց հետո, թագուհին վերջացրեց յուր պատմությունը այս խոսքերով.

Ահա, սիրելի Որմիզդուխտ, քո եղբոր այդ իսկ նպատակը, այսինքն` հայոց կրոնի և թագավորության ոչնչացնելու աշխատությունը` հանձն է առել Մերուժան Արծրունին, և քո եղբայրը, իբրև մի բարձր վարձատրություն, խոստացել է քեզ կնության տալ Մերուժանին:

Այդ երբե՜ք չէ կարող լինել, — ձայն տվեց օրիորդը և նրա խոշոր աչքերը վառվեցան բարկության կրակով: — Ես մի այդպիսի չարագործի կինը չեմ լինի:

Ինչո՞ւ, սիրելի Որմիզդուխտ, եթե Մերուժանին կհաջողվի ոչնչացնել հայոց թագավորությունը, նա ինքը հայոց թագավոր կդառնա, իսկ դու` հայոց թագուհի:

Օրիորդր սկսեց ծիծաղել:

Քո՞ փոխարեն, — հարցրեց նա, շարունակելով յուր ծիծաղը, — ես պետք է հափշտակեմ քո՞ թագըԱյո՛, դա լավ երախտագիտոլթյուն կլիներ իմ կողմից այն բոլոր բարությունների համար, որ դու արել ես ինձ,., Բայց հայերը, կարծեմ, այնքան ծույլ չեն, որ հեշտությամբ տան մեզ իրանց թագավորի և թագահու թագը,,.

Նախասենյակում թաքնված դևը յուր լսելիքը ավելի մոտեցրեց դռանը:

Թագուհին հարցրեց.:

Չէ՞ որ դու ասացիր, որ եթե գիտենաս՝ կռիվը և պատերազմը քո համար է, դու քեզ կձգես թշնամու գիրկը: Այժմ ահա՜ հասկացար, որ Մերուժանը քո պատճառով է պաշարե լ այդ բերդը:

Այո՜, ես ինձ կձգեի թչնամու գիրկը կռվի և պատերազմի սկզբում, երբ դեռ ոչ մի արյուն չէր թափվել, և երբ կգիտենայի, որ ինձանով ամեն ինչ կվերջանար: Բայց այժմ շատ ուշ է... դառն եղելությունները կատարվեցան... և մենք այժմ ապրում ենք դիակների կույտի վրա

Թագուհին դարձյալ գրկեց նրան և սեղմեց յուր բորբոքված կուրծքի վրա: Նրա հարցուփորձը այն նպատակով չէր, որ համոզե օրիորդին կատարելու Մերուժանի բաղձանքները, այլ ցանկանում էր ավելի լավ ծանոթանալ նրա հոգու և սրտի գեղեցիկ հատկությունների հետ, որոնք այնքան մխիթարում էին նրան:

Եթե ա՜յդ է Մերուժանի ցանկությունը, — շարունակեց օրիորդը, — ես կատեմ նրան, թո՜ղ բոլոր բարի և չար աստվածները վկա լինեն, որ հավիտյան կատե՛մ նրան: Ինձ փույթ չէ, որ իմ եղբայրը խոստացել է ինձ կնության տալ նրան, բայց ես ինձ կսպանեմ, և մի այդպիսի անպիտանի կինը չեմ լինի:

Ինչո՞ւ չես լինի:

Նրա համար, եթե նա լավ մարդ լիներ, յուր հայրենիքին, յուր թագավորին և քե՜զ, սիրելի մայրիկ, այդքան վատություն չէր անի:

Բայց նա սիրում է քեզ, և այդ բոլորն արել է քո սիրո համար: Նա ցանկանում է, որ դու անպատճառ հայոց թագուհի դառնաս, իսկ ինքը` հայոց թագավոր...

Այդ խոսքերի մեջոցին օրիորդի մեջ կատարվեցավ մի զարմանալի փոփոխություն. նա վեր թռավ տեղից և, գրկելով թագուհու պարանոցը, յուր բոցավառ շրթունքներով համբուրում էր նրան և անդադար հարցնում էր:

Դու ինձ այն ասա՜, սիրելի մայրիկ, ի՞նչ եղավ Մուշեղըո՞ւր գնաց նա... ա՛խ, որքան լավ մարդ էր նաորքա՛ն ազնիվ էր, որքա՛ն բարի էր... Երբ ինձ բերում էր այստեղ, ճանապարհին որքա՛ն ցանկանում էի խոսել նրա հետ... բայց նա գոնե մի անգամ չխոսեց ինձ հետ:

Նրա հարցմունքները սպարապետի մասին էին:

Ասա, սիրելի մայրիկ, ո՜ւր գնաց նա:

Գնաց Բյուզանդիա, — պատասխանեց թագուհին, հազիվ կարողանալով ազատել իրան նրա բորբոքված գրկից:

Շո՞ւտ կգա:

Ամեն րոպե սպասում եմ նրան:

Ա՛խ, ի՜նչքան կուրախանամ ես, երբ մի անգամ ևս կտեսնեմ նրան...

Օրիորդի մանուկ սրտում թաքնված էր մի կայծ, որ հանկարծ սկսեց վառվիլ: Թագուհին հասկացավ այդ և ժպտալով հարցրեց,

Դու, երևի, սիրում էիր նրան, Որմիզդուխտ, ուղիղն ասա՜, սիրո՞ւմ էիր:

Չեմ թաքցնում, սիրում էիայժմ ևս սիրում եմես կցանկանայի նրա կինը լինել... ա՛խ, որքա՛ն ուրախ, որքա՛ն բախտավոր կլինեի ես,,. Երբ նա այնպես մեծահոգությամբ վերադարձրեց իմ եղբոր կանանոցը Տիզբոն, այն ժամանակ ես հասկացա, որ աշխարհի բոլոր լավ տղամարդերի մեջ նրա նմանը չկա

Հենց այն ժամանակ իմ սիրտը սիրեց նրան

Նախասենյակում թաքնված դևը, լսելով վերջին խոսքերը, մի անսովոր շարժում գործեց, բայց դարձյալ մնաց յուր տեղում, և դռան փականքից անթարթ աչքերով նայում էր երկու խոսակիցների վրա: Օրիորդը հարցրեց.

Ինչո՞ւ գնաց սպարապետը Բյուզանդիա:

Գնաց որդուս բերելու

Ուրեմն նա կգա քո որդու հետ, և մեզ կազատե՞ն չար Մերուժանի պաշարումից:

Ես այդ մասին մեծ հույս ունեմ

Օրիորդը ուրախությունից այժմ ինքը լցրեց ոսկյա բաժակները, մեկը առաջարկեց թագուհուն, իսկ մյուսը ինքը միանգամից խմեց: Գինու ազդեցությունը մի կողմից, վառված զգացմունքները մյուս կողմից, դրել էին նրան մի տեսակ հոգեզվարճ հափշտակության մեջ, և նա անդադար կրկնում էր միևնույն ցանկությունները, թե սպարապետի գալուց հետո,ինչ պիտի անե ինքը, ինչպես պետք է հայտնե յուր սերը սպարապետին, կամ ինչպես երկուսը միասին պետք է պատժեն «չար Մերուժանին» և այլն: Թագուհին լսում էր և բարեսրտությամբ ժպտում էր:

Օրիորդի հուզված ոգևորությունը այն աստիճան զբաղեցրել էր թագուհուն, որ նա ամենևին չէր նկատել, թե գիշերի մեծ մասը արդեն անցել էր: Բայց նրա ոգևորությունը փոքր առ փոքր մեղմացավ, ինչպես մի սաստիկ լարված նվագարան, որի քաղցր հնչյունները հետզհետե սկսում են թուլանալ: Քունը մի կողմից, գինու ազդեցությունը մյուս կողմից, լցրել էին նրա խոշոր աչքերը մի ախորժելի խումարությամբ, որ առանձին հրապուրանք էր տալիս սիրուն դեմքին: Գեղեցիկ գլուխը արդեն օրորվում էր, և վերջին խոսքերը կցկտուր էին, և ըստ մեծի մասին անհասկանալի: Թագուհին բռնեց նրա ձեռքից, տարավ յուր քնարանը, և պառկեցրեց անկողնի մեջ: Երկար նստած էր նրա մոտ, մինչև քունը բոլորովին տարավ: Բայց մերթ ընդ մերթ նրա մարջանի նման կարմիր շրթունքները արտասանում էրն այդ խոսքերը, «Ա՛խ, ո՜րքան ազնիվ էր նաա՛խ , ո՜րքան սիրում էի նրան…»:

Օրիորդի ննջելուց հետո, թագուհին կրկին վերադարձավ առաջին սենյակը: Այս գիշեր, ինչպես ամեն գիշեր, նրա քունը չէր տանում: Մի քանի անգամ լուռ անցավ սենյակի միջով, հետո մոտեցավ բաց լուսամուտին, կանգնեց նրա հանդեպ: Նայում էր դեպի խորին, մահահրավեր լռությունը, նայում էր դեպի մթին, թանձրամած խավարը: Ոչի՜նչ չէր երևում, ոչինչ չէր լսվում: Ամեն ինչ նիրհում էր ծանր, հավիտենական անշարժության մեջ: Միայն երկինքը ցույց էր տալիս փոքր ի շատե կենդանության նշույլ: Աստղերը վառվում էին: Նրա անթարթ աչքերը դարձան դեպի այդ միլիոնավոր արծաթափայլ բծերը: Երկար նայում էր: Ի՞նչ էր որոնում նրանց մեջ, — ինքն էլ չգիտեր: Բայց նայում էր: Ահա՜, հորիզոնը կամարաձև գծելով, անցավ մի շողշողուն ցոլացմունք: Մի աստղ ընկավմի կյանք ևս խավարեց

Նա հեռացավ լուսամուտից, մոտեցավ բազմոցին, նստեց նրա վրա: Ճրագի թախծալի լույսը, ընկնելով գեղեցիկ դեմքի վրա, երևան էր հանում նրա տխուր գծերը: Որքա՛ն մաշվել էր այղ բազմահոգ դեմքը, որքա՛ն գունաթափվել էր: Նրա մեջ չէր երևում ո՜չ նախկին վիսապանծ հպարտությունը, և ո՜չ նրա անողոք խստասրտությունը: Երևում էր միայն` մի մեղմ հեզություն, որ արտահայտություն էր խոնհարյալ սրտի: Կարծես թե, նա հաշտված լիներ հանգամանքների դառնության հետ: Կարծես թե, նա ընտելացած լիներ յուր անմխիթար վիճակի դառնության հետ: Ի՛նչ տանջանքներ չկրեց այդ տառապյալ կինը վերջին օրերում, ի՛նչ թշվառությոլնների ականատես չեղավ նա: Մի ուրիշը նրա տեղում` վաղուց արդեն բոլորովին հալված և հյուծված կլիներ: Բայց նա տակավին պահպանել էր յուր հոգու զորությունը, որ ավելի ամրանում էր այն ջերմ հավատով, որ ուներ նա դեպի նախախնամության անսահման գթությունը:

Նա նստած էր յուր դատարկ մենարանում, բայց նրա տխուր մտածությունները հածում էին երբեմն դեպի արևելք, երբեմն դեպի արևմուտք: Այնտեղ, արևելքում, Անուշ բերդի մթին նկուղների մեջ, աքսորված էր թագավոր ամուսինը: Այնտեղ, արևմուտքում, բյուգանդական պալատի սպանիչ փափկության մեջ, պահված էր թագաժառանգ որդին: Երկուսն էլ օտարության մեջ, երկուսն էլ դժբախտության մեջ: Իսկ ի՞նքը: — Ինքը նույնպես բանտարկված էր յուր անառիկ ամրոցում, որ այժմ յուր գերեզմանն էր դարձել,,.

Սպասում էր որդուն: Բայց չեկավ որդին, ուշացավ որդին: Վաղուց էր, ոչինչ լուր չուներ Բյուզանդիայից: Ի՞նչ էր կատարվում այնտեղ, ի՞նչ էր որդու համեցության պատճառը, — այդ մասին ոչինչ չգիտեր: Միթե թշնամին այնպես անխզելի՞ շղթայով շրջապատել էր յուր բերդը, որ ոչ ոքին թույլ չէին տալիս մոտենալ, որ գոնե մի համբավ բերեր: Ի՞նչ էին շինում յուր նախարարները, ինչո՞ւ օգնության չէին հասնում, որ վանեն թշնամուն, որ խորտակեն պաշարման անխզելի շղթան: Երևի, նրանք մտածում էին, թե բերդում դեռևս այնքան ուժ կա, որ կարող է առանց դրսի օգնության պաշտպանվել: Երևի, նրանք չգիտեին, թե ի՞նչ դժբախտություններ էին պատահել բերդում:

Եվ իրավ չգիտեին:

Այդ մտածությունների մեջ` կրկին վերկացավ նա, սկսեց անցուդարձ անել դատարկ սենյակում: Այդ առաջին գիշերն էր, որ անմարդացած ապարանքի դատարկությունը, մի լայներախ վիշապի նման, ահարկու բերանը բաց արած, սպառնում էր կլանել նրան: Մի առանձին սոսկումով նայում էր յուր շուրջը, և չէր համարձակվում գլուխը բարձրացնել: Նրան այնպես էր թվում, թե բերդի փողոցներում ընկած հազարավոր դիակների ուրվականները պտտվում էին յուր չորս կողմում, վժվժում էին, քրթմնջում էին, և դառն անեծքներ էին թափում յուր վրա... Սարսափելով բռնեց աչքերը և հազիվհազ կարողացավ մոտենալ բազմոցին, և յուր վաստակաբեկ մարմինը թողեց նրա վրա: Երկար, մի սրտատոչոր խռովության մեջ, տանջվում էր նա: Խիղճը հանգիստ չէր: Եվ ո՜րքան մտաբերում էր յուր խելացի և հեռատես սպարապետի նախագուշակությունները, որ խոսեց նա յուր Բյուզանդիա գնալուց առաջ, ա՜յնքան ավելի խղճահարվում էր նա, որպես մի թշվառ հանցավոր, որ յուր համառությամբ պատճառ դարձավ այնքան շատ զոհերի...

Նա երկու ձեռքով բռնեց աչքերը, ընկավ բազմոցի վրա: Երկար ջերմ արտասուքը թանում էր նրա այտերը, երկար անագան ապաշավության կրակը այրում էր նրա սիրտը:

Այդ միջոցին դուռը կամաց բացվեցավ, և նախասենյակում թաքնված դևը ներս մտավ: Խիստ դառն, սպառնական հայացք ձգելով տառապյալ կնոջ վրա անցավ նա դեպի սենյակի մի անկյունը, և ծածկվեցավ մռայլի մեջ: Այնտեղից նայում էր, և նրա թուխ շրթունքները բաբախում էին ներքին ուրախությունից: Ի՜նչ դրության մեջ էր գտնում այն հպարտ, մեծամիտ կնոջը, որի համար երբեք հոգ և արտասուք չկար: Ի՛նչ վիճակի մեջ էր գտնում այն վեհանձն, փառասեր դշխոյին, որ սովոր էր ո՜չ միայն հայոց նախարարներին, այլև թագավոր-ամուսնին յուր լեչակի ազդեցության ներքո պահել: Այժմ, լքված, հուսահատված, ընկած էր նա` յուր շքեղ ապարանքի դատարկության մեջ, շրջապատված վշտերով ու տառապանքներով, և զուրկ ամեն պաշտպանությունից...

«Այդ դրությունը երկար շարունակվել չէ կարող… — ասաց նա գլուխը վեր բարձրացնելով, և արտասվալի աչքերը սրբելով: — Վաղ թե ուշ թշնամին կհասկանա իմ ամրոցի դատարկությունը... Այն ժամանակ Մերուժանի վայրագությունը կանցնի ամեն չափից... Ես տանջանքներից երկյուղ չունեմ... Ես երկյուղ չունեմ և մահիցԲայց ինձ հետ կմեռնի մի մեծ գործ, որի համար այնքան աշխատեցի…»:

Հաջորդ էջ