Րաֆֆի՝   Սամվել

Նրա զորեղ ձայնը թուլացավ, գեղեցիկ գլուխը խոնարհեցրեց և, երկու ձեռքերը փակելով, մի քանի րոպե մնաց լուռ ալեկոծության մեջ: Անկյունում թաքնված դևը դեռ անշարժ կանգնած էր, և ոխակալությամբ լի աչքերով նայում էր նրա վրա:

«Երթ առաջին անգամ, — շարունակեց նա, — Շապուհ արքան իմ ամուսնին խաբեությամբ հրավիրեց Տիզբոն, և պատվով պահում էր յուր մոտ իբրև հյուր, — հետո հրավիրեց և ինձ: Բայց ես, հասկանալով նենգավոր պարսկի չար դիտավորությունը, մերժեցի նրա հրավերը և չգնացի: Ես մտածեցի, եթե նա իմ ամուսնին արգելելու լինի Տիզբոնում, գոնե ես մնամ և պաշտպանեմ անտեր երկիրը: Իմ նախատեսության մեջ` չսխալվեցա ես: Նա իմ ամուսնին աքսորեց Խուժաստանի խորքերում, իսկ ինձ յուր ձեռքը ձգելու համար` ուղարկեց Մերուժան Արծրունուն: Աստված օգնեց ինձ, և ես կարողացա քաջությամբ պատերազմել ընտանի թշնամու հետ: Իսկ ա՞յժմ: — Այժմ ինձ շղթաներով կտանեն Շապուհի մոտ, և անիրավ պարսիկը յուր վրեժխնդրության բոլոր թույնը կթափե իմ վրա

Նա դարձյալ լռեց, դարձյալ անմխիթար վշտերը պատեցին նրան:

Այդ իմ հոգը չէ... թո՜ղ ես կորչե՛մ, թո՜ղ ես ոչնչանա՛մ, բայց Հայաստանը մնա... — գոչեց նա ողբալի ձայնով: — Բայց ես տեսնում եմ հայրենիքի անդարձ կորուստը... Իմ աչքի առջևն է նրա սգավոր ապագան... Ա՛խ, գոնե մի կողմից օգնություն լիներ, գոնե շո՜ւտ հասներ որդիս...

Այդ մի՜ հուսար... — ստվերի միջից լսելի եղավ թաքնված դևի ձայնը:

Թագուհին սոսկալով գլուխը բարձրացրեց, նայեց յուր շուրջը: Անակնկալ ձայնը սաստիկ խռովության մեջ դրեց նրան, մի չարագուշակ ձայն, որ կարծես երկնքից լսվեցավ: Երկար նրա շվարյալ աչքերը հածում էին սենյակի շուրջը, բայց ոչինչ չէր տեսնում: Սկսեց երկնչիլ: Փորձեց կանչել նաժիշտներին, բայց ձայնը չէր հնազանդվում նրան:

Այդ ո՞վ է... ո՞վ կա այստեղ... — վերջապես հարցրեց նա:

Գիշերային այցելուն դուրս եկավ յուր դարանից և լուռ կանգնեց նրա առջև: Թագուհին նայեց նրա վրա և ամբողջ մարմնով դողաց: Նրան այնպես էր թվում, որ տեսածը երազ է, կամ չար սատանաներից մեկը այդ ահարկու մարդու կերպարանքով ներկայանում է իրան: Բայց բարկությունը իսկույն փարատեց նրա երկյուղը, երբ ճանաչեց նրան:

Այդ. դո՞ւ ես, Դղակ, — հարցրեց նրանից:

Այո, ես եմ, տիկին, — պատասխանեց նա, ավելի մոտենալով:

Որտեղի՞ց եկարինչո՞ւ եկար… — գոչեց նա զայրացած ձայնով:

Ամրոցի բոլոր գաղտնի անցքերը ինձ հայտնի են, տիկին, — պատասխանեց այցելուն անվրդով կերպով: — Բայց թե ինչո՜ւ համար եկա, մի փոքր համբերություն ունեցիր, տիկին, ես իսկույն կասեմ քեզ:

Հեռացի՛ր այստեղից: Ես միշտ ատելով ատում էի քեզ, և քո գարշելի երեսը տեսնելու ժամանակ, միշտ զզվելով զզվում էի քեզանից, իսկ այժմ` ավելի ևս...

***

Այցելուն սկսեց արհամարհանքով ծիծաղել:

Հեռացի՜ր, ասում եմ քեզ, եթե ոչ...

Թագուհու զայրացած աչքերը դարձան դեպի յուր շուրջը:

Ի՞նչ ես որոնում, տիկին, երևի, մտածում ես կանչել քո սպառազինյալ ոստիկանների բազմությունը... Երևի, կամենում ես կանչել քո արյունախում դահիճների խումբերը... նրանք չկան այժմ... Ես նրանց դիակները տեսա, դրսում... Իսկ քո երկու նաժիշտները, տիկին, պառկած են կից սենյակում..,

Լի՛րբ, դու եկար ծաղրելո՞ւ իմ դժբախտությունը

Ո՜չ, տիկին, ինձ աստված ուղարկեց քեզ մոտ...

Հեռացի՜ր, ասում եմ քեզ...

Մի՜ վրդովիր, տիկին, ես իսկույն կգնամ

Նրա սառնությունը ավելի վիրավորական էր, քան թե հանդգնությունը:

Այդ մարդը Հայր-Մարդպետն էր` Արշակ թագավորի խոշոր ավագներից մեկը, որ միացնում էր յուր անձնավորության մեջ մի քանի բարձր պաշտոններ: Իբրև ներքինի` թագավորի կանանոցի ներքինապետն էր: Իբրև հոգաբարձու` թագավորի «հայր» էր կոչվում նա, պահում էր նրան մի տեսակ որդեգրության ներքո, իշխում էր նրա գործերի և կամքի վրա և, միևնույն ժամանակ, նրա պալատի թե՜ վերակացուն էր և թե՜ կառավարիչն էր: Ամբողջ արքունիքը յուր բոլոր պալատականներովգտնվում էին նրա անմիջական հսկողության ներքո: Իբրև բարձր ազնվական` նա Մարդպետական հարուստ նախարարության տերն և իշխանն էր: Իբրև զինվորական` նրա հրամանի ներքո էին գտնվում Ատրպատականի սահմանապահ զորքերը: Մի խոսքով, պետության մեջ նա այն զորեղ, ազդեցություն ունեցող անձինքներից մեկն էր, որից ո՜չ միայն վախենում էին հայոց նախարարները, այլ երբեմն բռնանում էր մինչև անգամ թագավորի վրա: Նրա իշխանությունը ժառանգական էր: Հայր-Մարդպետը ընտրվում էր միշտ Մարդպետական նախարարությունից, թեև լինում էին երբեմն բացառություններ:

Արշակ թագավորը սկսեց ճնշել նրան, աշխատեց սահմանափակել նրա իրավունքները և դրանով գրգռեց նրա ատելությոլնը ո՜չ միայն յուր անձի դեմ, այլ առհասարակ Արշակունյաց տոհմի դեմ: Երկար ժամանակ սնուցանում էր նա այդ ատելությունը յուր սրտում, և մի հարմար ժամանակի էր սպասում, որ արտահայտե: Այժմ ժամանակը հասած էր համարում:

Նրա նախորդը յուր հանդգնության համար սպանվեցավ Մերուժանի հայր Շավասպ Արծրունուց: Իսկ ինքը` Արշակ թագավորի դեմ յուր ունեցած ատելությանը հագուրդ տալու համար` Մերուժանի գործակից դարձավ, և պարսից Շապուհ արքայի սիրելին:

Ահա այդ դավաճանն էր, որ կանգնած էր Արշակի կնոջ` Փառանձեմ թագուհու հանդեպ: Նրա ահռելի դեմքը ճրագի աղոտ լուսավորության առջև` ավելի սոսկալի արտահայտություն էր ստացել: Դեռ մանկության հասակում ծաղիկը այդ դեմքի վրա մեծ հեղափոխություն էր գործել: Նա այլանդակեց ահագին քիթը, նա այլանդակեց թխագույն շրթունքները, նա թողեց կաշու վրա այն խորին խորշերը, որ ծակտիքավոր չեչաքարի նմանություն ունեին:

Թագուհին դեռ լի վրդովմունքով նստած էր բազմոցի վրա և, գլուխը մտահույզ կերպով դեպի ցած խոնարհած, ամենևին չէր նայում նրա վրա: Նրա անակնկալ հայտնվիլը արդեն բացատրեց, թե ի՜նչ չար նպատակով էր եկած:

Իսկ Մարդպետի ահարկու դեմքը, որ սկզբում ցույց էր տալիս խիստ դառն ծաղր և խիստ մաղձոտ հեգնություն դեպի թագուհու վիճակը, — այդ գոռոզ դեմքը հետզհետե կատաղի կերպարանք էր ստանում, որքան նա լսում էր թագուհու կծու հանդիմանությունները: Բայց թաքցնելով յուր բարկությունը, բաց արեց լայն բերանը, և հաստ, թխագույն շրթունքները արտասանեցին հետևյալ խոսքերը,

ՀայրՄարդպետը կարևոր ասելիքներ ունի, թո՜ղ հայոց տիկինը առժամանակ թողնե յուր գեղեցիկ մտածությունները և բարեհաճի լսել նրան:

Թագուհին գլուխը վեր բարձրացրեց և դարձյալ խորին զզվանքով ասաց նրան.

Ես քեզանից շատ շնորհակալ կլինեի, ՀայրՄարդպետ, եթե հանգիստ կթողնեիր ինձ: Դու արդեն հասար քո նպատակին: Գողի նման մտար իմ ամրոցը, և ինչ որ լրտեսելու էիր, լրտեսեցիր: Այժմ գնա՜, ում որ մատնելու ես, մատնի՜ր իմ ամրոցը: Ես պատրաստ եմ

Քե՞զ հանգիստ թողնելդու տակավին հանգստությա՞ն ես սպասում... հանգստությունը այլևս քեզ համար չէ, տիկին... Այո՜, ախորժելի հանգստություն կլիներ հանգչել հազարավոր զոհերի դիակների վրա, որոնք հիմարացան և քեզ հետ այդ բերդը մտան... Այժմ դու քո երկու նաժիշտներով հանգստությո՞ւն ես որոնում այստեղ... Գիտե՞ս, տիկին, թե ի՜նչ է կատարվում քո շուրջը...

Գիտեմ... — պատասխանեց թագուհին հուզված ձայնով:

Ո՜չ, բոլորը չգիտես: Լսի՜ր, տիկին, ես խիստ հետաքրքիր նորություններ կպատմեմ քեզ: Մերուժանը այժմ զարմանալի հրաշքներ է գործում: Դու խլեցիր նրանից նրա սիրելի Որմիզդուխտին, իսկ նա խլեց քեզանից, հիմա հաշվի՛ր, թե որքա՛ն հոգիներ: Նա մտավ Վան քաղաքը, ավերակ դարձրեց և բնակիչներից գերի վարեց 18 000 հայ և 5 000 հրեա...

Նա չխնայեց և յուր սեփական քաղաքացիների՞ն, — ընդհատեց թագուհին:

Այո՜, չխնայեց, գլխավորապես այն վիրավորանքի համար,որ նրա քաղաքացիքը ցույց տվին նրան` Ռշտունյաց Գարեգին իշխանի հարձակման ժամանակ: Բայց այդ դեռ բոլորը չէ, լսի՜ր, տիկին: Վանից Մերուժանը անցավ Աղիովտի Զարիշատ քաղաքը, գերի վարեց 10 000 հայ և 14 000 հրեա : Այնտեղից անցավ Բագրևանդի Զարեհավան քաղաքը, գերի վարեց 5 000 հայ և 8 000 հրեա: Այնտեղից անցավ Արշարունյաց գավառի Երվանդաշատ քաղաքը, գերի վարեց 20 000 հայ և 30000 հրեա: Այնտեղից անցավ Արարատյան գավառի Վաղարշապատ քաղաքը, գերի վարեց 19000 հայ, կոտորելով չափահասներին և միայն կանանց ու մանուկներին առնելով: Այնտեղից անցավ Արտաշատ քաղաքը, գերի վարեց 40 000 հայ և 9 000 հրեա: Այնտեղից անցավ Գողթնյաց գավառի Նախճվան քաղաքը, գերի վարեց 2 000 հայ և 16000 հրեա: Տեսնո՞ւմ ես, տիկին, այդ բոլորը տարավ նա մեկ հոգու` Որմիզդուխտի փոխարեն:

Ո՞ւր տարավ, — հարցրեց թագուհին զարհուրելով:

Առայժմ գերիների մի մասը հավաքել, պահել են Երասխ գետի աջ ափի մոտ, Արտաշատի հանդեպ, իսկ ամենամեծ մասը՝ Նախճվանի մոտ: Սպասում են միայն քեզ, տիկին, որովհետև Մերուժանի ցանկությունն այն է, որ դու քո ժողովրդի հետ միասին գնաս դեպի Պարսկաստանի խորքերը... Նա շուտով կգա քեզ հրավիրելու...

Եվ այդ ուրախացնո՞ւմ է քեզ, անզգամ: Դրանո՞վ ես փոխարինում այն բոլոր շնորհները, որոնցով իմ թագավոր-ամուսինը քեզ անհայտ դրությունից բարձրացրեց և մեծամեծ պաշտոնների հասցրեց: Ապերա՛խտ: Դու քո հայրենիքի ամենադժվարին տագնապի միջոցում, փոխանակ նրան պաշտպան հանդիսանալու, քո դավաճան ձեռքը մեկնում ես դեպի թշնամին: Քեզ հանձնված էր քո թագավորի տունը, նրա ընտանիքը, և դու, եթե ամենափոքր ազնվություն ունենայիր, պետք է քո անձը դնեիր նրա տան վրա, — բայց այժմ ուրախանում ես այդ տան գերեվարությամբ: Այդ բավական չէ, դու համարձակվում ես քո զազրելի բերանով նախատել ինձ, և նախատել քո բարերար Արշակունիներին: Այո՜, նրանք նախատելի են, որ քեզ նման ցած և ստոր արարածին այնպիսի բարձր պաշտոնների արժանացրին:

Այդ իմ իրավունքն էր, տիկին, այդ իմ ժառանգական արտոնությունն էր, որ հասել էր ինձ իմ պապերից, — պատասխանեց նա սառնությամբ: — Ո՞վ կարող էր ջնջել մարդպետական իշխանությունը:

Իմ թագավոր-ամուսինը:

Այո՜, այդ նպատակին ձգտեց նաՆա աշխատեց ոչնչացնել և բոլոր նախարարությունները... բայց ոչնչացավ ինքըԱյդ թողնենք: Ես չեմ թաքցնում, տիկին, իմ ատելությունը դեպի առհասարակ բոլոր Արշակունիները, ես չեմ թաքցնում և իմ ուրախությունը, որ դու, վերջապես, պիտի պատժվես: Քո համառության արդյունքներն են, տիկին, այդ բոլոր կործանումները: Եթե դու, երբ սկզբում Շապուհ արքան կոչեց քեզ Պարսկաստան, գնայիր, — եթե դու, երբ նրանից հետո Շապուհը պաշարեց այդ բերդը, անձնատուր լինեիր, — դրանցից և ո՜չ մեկը չէր պատահի: Քեզ կտանեին Պարսկաստան, այնտեղ կփակեին Անուշ բերդում քո թագավոր-ամուսնի մոտ, և դրանով ամեն ինչ կվերջանար

Դրանով, դու կարծո՛ւմ ես, ՀայրՄարդպետ, կվերջանար Արշակունյաց թագավորությունը, — ձայն տվեց թագուհին խորին վրդովմունքով:

Այո՜, տիկին: Եվ պետք է, որ վերջանա: Աստուծո արդար վրեժխնդրության բաժակը լցվել է, և նա պետք է թափվի...

Լսելով Հայր-Մարդպետի վերջին խոսքերը, թագուհու զայրացած աչքերը վառվեցան բարկության բոցով, և նա, յուր ծանր, սպառնական հայացքը ձգելով դավաճանի վրա, պատասխանեց խիստ ձայնով.

Այդ թո՜ղ չուրախացնե քեզ, անպիտան, թող չուրախանան և քո գարշելի համախոհները: Մերուժանը իմ մի քանի քաղաքները ավերակ դարձնելով և բնակիչներին դեպի Պարսկաստան գերի վարելով, — դրանով Հայաստանը չի դատարկվի: Իսկ ինձ ևս գերի վարելով և իմ ամուսնի մոտ` Անուշ բերդը աքսորելով, — դրանով Արշակունյաց թագավորությունը չի ընկնի: Ես պատրաստ եմ: Ես գիտեմ, որ դու այստեղից հեռանալուց հետո, պիտի մատնես պարսիկներին իմ ամրոցի դատարկությունը: Գնա՜, հայտնիր: Թող գան և կալանավորեն ինձ: Ես ո՜չ մահից և ո՜չ աքսորից երկյուղ չունեմ: Բայց կգա Արշակունյաց թագաժառանգըիմ որդինայո՜, կգա նա Բյուզանդիայից, և թե՜ հոր և թե՜ մոր վրեժը կառնե չարագործներից...

Մարդպետի սառն դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ:

Այդ հույսերը թող չմխիթարեն քեզ, տիկին, — ասաց նա, գլուխը հեգնորեն շարժելով: — Քո մեջ խոսում է սյունեցու կրակոտ արյունը և Մամիկոնյանների անզուսպ գոռոզությունը: Լսի՜ր, տիկին: Այն անքավելի մեղքերը, որ ծանրացած են քո վրա և քո թագավորամուսնի վրա, երթեք թույլ չեն տա, որ Հայաստանը ձեզանով ազատված լինի, և Արշակունիների գահը վերստին փրկություն գտնե: Կրկնում եմ, աստուծո արդար վրեժխնդրության բաժակը լցված է, և նա պետք է` թափվի... Աստված պահանջում է ձեզանից այն անթիվ զոհերի արյունը, որ թափել եք դուք... Ես օտար չեմ, ինձ հայտնի են այն բոլոր եղեռնագործությունները, որ կատարվում էին ձեր արքունիքում... Ես տեսնում էի, և ոխակալությամբ լռում էի, որովհետև վախենում էի քո ամուսնից... Դու ինքդ, տիկին, արյունով ստացար քո տիկնանց-տիկնությունը... Կարծես, հենց այս րոպեում, իմ աչքերի առջևն է դժբախտ Ոլիմպիադայի դիակը, որին սպանել տվեցիր դու: Նրա մահվամբ նրա թագը հափշտակեցիր... Որքա՛ն այդպիսի դժբախտներ զոհվել են քո չար կրքերին և քո անիրավ փառասիրությանը... Դու ապաստանեցիր այդ ամրոցը, տիկին, և հույս ունեիր, որ այդ ամրոցը կազատե քեզ: Բայց տեսա՞ր աստուծո պատուհասը: Ա՜յն, որ չկարողացավ կոտորել թշնամոր սուրը, — այն բազմությունը, որ այնպես քաջությամբ ընդդիմացավ թշնամուն, — այո, այն ամբողջ բազմությունը ոչնչացրեց աստուծո ուղարկած սովն ու մահը: Այդ ամրոցը պետք է պաշտպաներ քեզ, տիկին: Հիշի՜ր, ո՞ւմն էր պատկանում այդ ամրոցը: Նրա յուրաքանչյուր քարը ներկված է անբախտ Կամսարականների արյունով, որոնց կոտորել տվեց քո ամուսինը, և անիրավությամբ հափշտակեց նրանց տոհմային ժառանգությունը... Նրանց հոգիները մինչև այսօր բողոքում են աստուծո արդարադատության առջև...

Եվ նա շարունակեց մի ըստ միոջե թվել, թե՜ թագուհու և թե՜ նրա ամուսնի կատարած հանցանքները, ավելացնելով.

Ահա՜ Արշակունիների բոլոր առաքինությունները... Պետք է անպատճառ կործանվի՛ այդ անբարոյական տունը, և Հայաստանը այն ժամանակ միայն հանգստություն կվայելե...

Պարսից լծի տա՞կ

Այո՜, պարսից լծի տակ, որ ավելի թեթև է, քան Արշակունիների անտանելի բռնապետությունը...

Կորի՛ր, չարագործ, — գոչեց թագուհին և վեր թռավ նստած տեղից: — Եթե թագավորը և թագուհին արյուն են թափում,այդ հանցանք չէ, ինչպես հանցանք չէ, երբ աստվածներն են մարդիկ կոտորում: Այդ անում են նրանք, դարձյալ մարդկանց բարօրության համար: Վատերին մաքրում են լավերից...

Նրա բարձրահնչյուն խրոխտալի ձայնը ներս կոչեց երկու նաժիշտներին-Շուշանիկին և Հասմիկին, — որոնք, երկու զայրացած հրեշտակների նման, ներս վազեցին և, իրանց աղեղները լարելով, ճչացին.

Թույլ տուր մեզ, տիկին, նետահարել այդ անզգամին

Հայր-Մարդպետը ժպտալով նայեց այդ երկու անմեղ արարածների վրա և հեռացավ...

Դեռ առավոտյան լույսը նոր էր սկսել բացվել, դեռ նոր լսվում էր թռչունների ուրախ տաղերգը: Բայց լսվում էր և մի այլ ձայն, — սաստիկ խառնաշփոթ և ահարկու ձայն: Դա բերդի պարիսպների մոտ որոտացող շեփորների և թմբուկների ձայնն էր: Թագուհին լսեց բոթաբեր ձայները և իսկույն վերկացավ նստած տեղից:

Հայր-Մարդպետի հեռանալուց հետո, նա ամբողջ գիշերը լուսացրեց անքուն: Տխուր մտախոհությունների մեջ նստած էր և, կարծես, սպասում էր: Այժմ հասավ տագնապի և անկման դառն րոպեն...

Բայց նա արդեն պատրաստված էր այդ րոպեի համար: Սիրտը խաղաղ էր և խիղճը հանգիստ: Յուր աշխարհի փրկության համար` նա մաքառեց, որքան կարողացավ: Մնացյալը վերագրում էր նախախնամության կամքին: Հանդարտ քայլերով անցավ նա դեպի սենյակի մի անկյունը և ծունր դրեց հատակի վրա: Արտասվալի աչքերը դեպի երկինք դարձնելով, ձեռքերը կուրծքի վրա փակած,երկար մնաց լուռ հափշտակության մեջ: Աղոթում էր նա, աղոթում էր, որպես մահվան դատապարտյալը` կյանքի վերջին վայրկյաններում՝ փափագում է խոսել աստուծո հետ յուր իղձն ու պաղատանքը թափել նրա գթության առջև:

Աղոթքը բավական կազդուրեց նրան. աղոթքը զովացրեց հրաբորբոք սիրտը: Արտասուքը սրբեց և վերկացավ: Վերջին անգամ թախծալի հայացքը դարձրեց դեպի յուր շքեղազարդ մենարանի շուրջը, նայեց սիրելի առարկաների վրա, որ մի քանի րոպեից հետո պարսկական զինվորների ավարառության նյութ պիտի դառնային:

Նա անցավ քնարանը, որտեղ պառկած էր Որմիզդուխտ օրիորդը: Մոտեցավ նրա անկողնին, բայց դժվարանում էր խանգարել նազելի օրիորդի անուշ քունը: Այնպես, անշարժ կանգնած, լուռ նայում էր նրա վրա: Մտաբերում էր նրա գիշերվա խոսակցությունը, և ուրախանում էր նրանով: Սենյակի տոթի պատճառով՝ թեթև վերմակը կիսով չափ մի կողմ էր ձգված: Երևում էր հարուստ կուրծքը, երևում էր գեղեցիկ դեմքը, որ սքողված էր սիրուն գիսակների թեթև գանգուրների ներքո: Նա մոտեցավ և համբուրեց շառագունած երեսը: Օրիորդը չզարթնեց: Նա դեռ կանգնած, շարունակում էր նայել նրա վրա: Բայց մի մթին զգացմունք հանկարծ սկսեց ալեկոծել արդեն հանդարտած սիրտը: Նրա խոշոր աչքերը վառվեցան և խաղաղ դեմքի վրա երևացին անբացատրելի ցնցումներ: Նա յուր դողդոջուն ձեռքը տարավ դեպի բորբոքված ճակատը, հենվեցավ պատին, որ կարողանա իրան ոտքի վրա պահել: Այդ դրության մեջ մնաց մի քանի րոպե: Կատաղությունը հետզհետե սաստկանում էր և հուզված սիրտը բաբախում էր անհնարին խռովության մեջ: «Դա պետք է այն չարագործի ձեռքը չընկնի՜» ... — մրմնջաց նա, և մի քանի քայլ փոխեց դեպի օրիորդի անկողինը: Բայց իսկույն սոսկալով ետ դարձավ և կրկին հենվեցավ պատին:

«Ո՜չ... ո՜չ... — մտածեց նա երկար տատանմունքներից հետո, — ես այդ արյունից մաքուր կպահեմ իմ ձեռքերը... Այո՜, ես վճռել էի, ես մինչև անգամ երդվել էի, որ նույն րոպեում, երբ Մերուժանը ոտք կդնե իմ ամրոցի շեմքի վրա, նա պետք է յուր առջև կախված տեսնե սիրած աղջկա դիակըԲայց ինչո՞վ է հանցավոր այդ անմեղ աղջիկը... Ոչ, ես դրան կենդանի կթողնեմ, որ ավելի տանջե Մերուժանին... Չէ կարող լինել մի պատիժ այնքան դառն և այնքան դժնդակ, քան թե այն, երբ Մերուժանը, որ հանձն առեց այդ գեղեցիկ աղջկա համար այնքան եղեռնագործություններ, հանկարծ իրան խաբված կգտնե յուր սիրո մեջ, երբ Որմիզդուխտը կսկսե ատել նրան և մերժել նրա սերըՆա ինձ խոստացավ այդ, և համոզված եմ, որ կկատարե...»:

Նա մոտեցավ, արթնացրեց օրիորդին:

Գիտեմ, թե ինչո՜ւ, այդպես վաղ արթնացրիր ինձ, սիրելի մայրիկ, — ասաց նա ուրախանալով: — Գիշերը պայման դրեցինք, որ այսօր մե՜նք գնանք որսի, և ո՜չ Շուշանիկն ու Հասմիկը:

Նա դեռ չէր մոռացել գիշերվա խոսակցությունը:

Ոչ, սիրելի Որմիզդուխտ, — պատասխանեց թագուհին տխուր ձայնով: – Այսօր մեզ պիտի որսանՈրսորդները արդեն եկել, ամրոցի դռանը կանգնել են... Լսո՞ւմ ես փողերի ձայնը

Լսում եմ... — ասաց օրիորդը շփոթվելով: — Ինչո՞ւ համար են այդ ձայները

Թշնամին հասկացել է, որ ամրոցը պաշտպաններ չունի, եկել է, որ գրավի նրան:

Մերուժա՞նը:

Այո՜, Մերուժանը:

Օրիորդը խելագարի նման վեր թռավ անկողնից, շտապեց հագնվել: Նա այնպես հերարձակ, առանց գլուխը կապելու, կամենում էր վազ տալ դեպի ամրոցի դռները: Բայց թագուհին բռնեց նրան, հարցնելով.

Ո՞ւր ես գնում:

Անիծյալ Մերուժանը եկել է գրավելու այդ բերդը իմ եղբոր զորքերով, իմ եղբոր զորքերը չեն կարող չհնազանդվել քրոջ հրամանին. ես գնում եմ նրանց հրամայելու

Ի՞նչ հրամայելու:

Դու իսկույն կտեսնես մայրիկ:

Ամրոցի դրսում աղմուկը և շփոթությունը հետզհետե սաստկանում էին: Խառնաձայն աղաղակները խլացնում էին շրջակայքը: Հազարավոր ձայներ կրկնում էին միևնույն խոսքը. «Բա՜ց արեք... »:

Ես իմ ամրոցի դռները չեմ բաց անի նրանց առջև, — ասաց թագուհին արհամարհանքով: — Նրանք արժանի չեն այդ պատվին: Թող կոտրեն...

Նա դեռ բռնել էր օրիորդի ձեռքից, չէր թողնում, որ գնա:

Իզուր կանցնեն քո ջանքերը, սիրելի Որմիզդուխտ, — ասաց գրկելով նրան: — Մեզ հանձնենք աստուծո կամքին, ինչ որ լինելու է, թող լինի

Աղմուկը արթնացրեց Շուշանիկին և Հասմիկին, նրանք ճչալով այս կողմ և այն կողմ էին վազվազում, և տակավին չգիտեին, թե ինչ էր պատահել:

Շատ չանցավ, արևը ծագեց և յուր լուսապայծառ ճառագայթները տարածեց դեպի ամեն կողմ: Այդ միջոցին ամրոցի երկաթյա դռները խորտակվեցան և կատաղի բազմությունը ներս խուժեց: Նրանք վայրենի աղաղակներով դիմում էին ուղղակի դեպի արքայական ապարանքը: Առջևում վեհապանծ կերպով ընթանում էր Մերուժան Արծրունին, իսկ նրա հետ` մի պարսիկ զորապետ:

Այդ միջոցին թագուհին և օրիորդը դուրս եկան ապարանքի ընդարձակ, շքեղազարդ սրահը:

Ե՜կ, համբուրեմ քեզ, սիրելի Որմիզդուխտ, — ասաց թագուհին վշտալի ձայնով: – Հասավ ժամը, որ անողորմ ճակատագիրը պիտի բաժանե մեզ միմյանցից...

Օրիորդը ընկավ նրա գիրկը, ասելով.

Ոչ, մենք չենք բաժանվի միմյանցից, ուր. որ քեզ տանելու լինեն, ես էլ քեզ հետ կգամ:

Ապարանքի բազմաթիվ սենյակները լցվեցան զինվորներով: Որոնում էին թագուհուն և օրիորդին: Ամբողջ պալատը դղրդվում էր խառնաձայն աղաղակներից: Հանկարծ Շուշանիկը և Հասմիկը սարսափած դեմքով մտան սրահը, ուր գտնվում էին նրանք:

Գնա՜, Հասմիկ, դու ավելի սիրտ ունես, գնա, ասա նրանց, որ մենք այստեղ ենք, — հրամայեց թագուհին:

Ես այդ բանը չեմ ասի, — տիկին, — լալագին ձայնով հրաժարվեցավ նաժիշտը:

Դու գնա՜, Շուշանիկ:

Ես էլ չեմ մատնի իմ տիկնոջը, — հեկեկալով պատասխանեց նա:

Երկու նաժիշտները փարեցան իրանց սիրելի տիկնոջ ոտներին, համբուրում էին, ողջագուրում էին, և ողբաձայն հառաչանքներով լաց էին լինում: «Ա՜խ, քեզ պիտի տանեն... ա՛խ, մեզ պիտի զրկեն քեզանից…» անդադար կրկնում էին նրանք և չէին բաժանվում: Թագուհին հեռացրեց նրանց, երբ նախասենյակում լսվեցին ծանր ոտնաձայներ: Նա մոտեցավ, նստեց բազմոցի վրա, իսկ նրա մոտ նստեց օրիորդը:

Ներս մտան Մերուժան Արծրունին, պարսիկ զորապետը, մի խումբ թիկնապահների հետ: Մերուժանի գոհունակ դեմքը փայլում էր ուրախությունից: Խորին հրճվանքով առաջ ընթացավ նա և, յուր սուրը դնելով օրիորդի ոտների մոտ, արտասանեց հետևյալ խոսքերը:

Այդ բոլորը կատարվեցավ քո ազատության համար, և քո սիրո համար, նազելի Որմիզդուխտ: Հայոց թագուհին քեզ գերի վարեց յուր ամրոցը, իսկ ես, քեզ ազատելու համար, ոչնչացրի նրա ամրոցը` յուր զորքերի ահագին բազմության հետ: Հույս ունեմ, որ դու այսուհետև կհարգես այդ սուրը, որ այնքան անձնանվիրաբար գործեց քո պատվի և քո կյանքի համար:

Օրիորդի խոշոր աչքերը վառվեցան բարկության բոցով: Նա ոչինչ չպատասխանեց և ո՜չ արժանացրեց նայել նրա վրա: Այլ ոտքով սուրը մի կողմ հրեց և, դառնալով դեպի պարսիկ զորապետը հարցրեց.

Ինչպե՞ս է քո անունը:

Ալանաողան, քո ծառան, — պատասխանեց նա գլուխ տալով:

Ո՜վ Ալանաողան, հրամայում եմ քեզ իմ եղբոր արքայից արքայի անունով, հեռացրո՛ւ այստեղից այդ մարդուն, — նա ձեռքը զզվանքով տարավ դեպի Մերուժան Արծրունին: — Նա չպիտի համարձակվի տեսնել իմ երեսը: — Պատրաստել տո՜ւր մեզ համար առանձին պատգարակներ, ես և հայոց թագուհին միասին պիտի գնանք Տիզրոն, իմ եղբոր մոտ:

Զորապետը, ի նշան հնազանդության, կրկին և կրկին անգամ խոնարհեցրեց գլուխը, պատասխանելով,

Այրաց մեծափառ օրիորդի հրամանը կատարված կլինի, որպես նրա բարձր ցանկությունն է:

Կարծես, ամբողջ ապարանքը փուլ եկավ Մերուժանի գլխի վրա, և նա խորտակվեցավ, փշրվեցավ նրա փլատակների ներքո: Հարվածը մեծ էր և վերքը անբուժելի: Նա այն աստիճան շփոթվեցավ, նա այն աստիճան կորցրեց յուր վեհությունը, որ մի բառ անգամ չգտավ պատասխանելու, երբ պարսից զորապետը, որ յուր ստորադրյալն էր, բռնեց նրա ձեռքից, և դուրս հանեց սրահից:

Թագուհին նայեց նրա վրա, և խղճաց

Մյուս օրը թագուհին և օրիորդը, Ալանաողանի հսկողության ներքո, ճանապարհ ընկան դեպի Պարսկաստան: Տարագրյալ թագուհուց չբաժանվեցան և նրա երկու նաժիշտները:

Այնուհետև պարսից զորքերը ամբողջ ինն օր ու գիշեր կրում էին Արշակ թագավորի գանձերը , որ ամբարված էին այդ ամրոցում: Այնտեղ անշարժ մնացել էր և սովից ու ժանտախտից մեռած բազմության հարստությունը: Երբ բոլորովին դատարկեցին, հետո հրդեհեցին գեղեցիկ Արտագերսը

ԵՐՐՈՐԴԳԻՐՔ

Ա

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ

«Իսկ յայսմ ժամանակի (Մերուժանն Արծրունի, եւ Վահանն Մամիկոնեանն) աւերեցին զքաղաքսն, եւ գերեցին զբնակեալսն անդև զայլ գերութիւնս` գաւառաց գաւառաց, կողմանց կողմանց , փորի փորի զաշխարհի աշխարհի, ածին ժողովեցին ի քաղաքն Նախճուան, զի անդ էր զօրաժողով իւրեանց զօրացն»:

Փաւստոս:

Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը:

Արևի առաջին ճառագայթների ներքո` Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով: Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքնաչելի ալեկոծությամբ:

Գեղեցի՛կ էր այդ առավոտը:

Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը: Գույնզգույն թիթեռները, գույնզգույն ծաղիկների նման, ցանված էին օդի մեջ: Սպիտակ արագիլը, կարմիր ոտները հորիզոնական դիրքով ուղիղ մեկնած, լայն թևքերով թափահարում էր, շտապելով դեպի Արաքսի մորուտները: Ձեռնասուն եղջերուները, վայրենի վիթն ու այծյամը, դուրս էին եկել Խոսրովի արքայական անտառներից, և ազատ, համարձակ վազվզում էին շրջակա մարգերի վրա:

Չէր երևում միայն մարդը:

Ամեն առավոտ, արծաթյա փողերի հնչյունը, որսորդական բարակների մռնչյունը, սիգապանծ նժույգների խրխինջը, խռովում էին սորամուտ անասունների վաղորդյան հանգիստը: Ամեհի վարազը սարսափելով նետվում էր մթին շամբուտների մեջ, իսկ թավամազ արջը ապաստանի տեղ էր որոնում: Իսկ այս առավոտ չկային նրանք, — չկային նախարարական իշխանազն պատանիները, որոնց որսորդական ուրախ զվարճությունները մի առանձին կենդանություն էին բաշխում երեաշատ դաշտավայրին:

Ամեն առավոտ թռչունը կարդում էր յուր նախարշալույսյան մեղեդին, և նրա հետ լսելի էր լինում ժրաջան մշակի երգը: Փայլում էր մանգաղը, եռում էր գործը, և ոսկեղեն հունձքը յուր լիառատ բեղմնավորությամբ` պարգևատրում էր վաստակաբեկ շինա-կանի աշխատանքը: Իսկ այս առավոտ չկար հնձվորը, չկար և հերկավարը: Հասունացած արտը մնացել էր կիսաքաղ և անվաստակելի արորը անգործ ընկած էր դեռ չվերջացրած ակոսների մոտ:

Ամեն առավոտ սուրբ տաճարի կոչնակի առաջին հնչման հետ` զարթնում էր հովիվը: Ոչխարների անուշ բառանչը, արջառների ուրախ ձայնարկությունը կենդանացնում էին խոտավետ հովիտները խիստ ախորժելի աղմուկով: Իսկ այս առավոտ չէին երևում ո՜չ հովիվը, ո՜չ նրա հոտերը: Ցիրուցան գառնուկները թափառում էին սար ու ձոր, և հայրակորույս որբիկների նման, կարծես, որոնում էին հովվին:

Ամեն առավոտ, երբ ծագում էր տվընջյան լուսատուն, նրա առաջին ճառագայթները ողջունում էին շինական աղջիկների աշխատանքը: Կարմիր, դեղին, կապույտ հագուստներով, որպես կարմիր, դեղին, կապույտ ծաղիկներ, սփռված էին լինում նրանք այգիներում, բանջարանոցներում և ագարակներում: Երգում էին և գործում էին: Եվ նրանց ուրախությանը ձայնակից էր լինում երգասեր սոխակը: Իսկ այս առավոտ չէին երևում անխոնջ մշակությունների այդ գեղեցիկ զարդերը: Այգիները մնացել էին անխնամ, ագարակները կորցրել էին իրանց սիրելի բանվորներին:

Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան Արարատյան ընդարձակ դաշտավայրը, որպես մի հսկաական բուրվառ, խնկարկում էր յուր վաղորդյան անուշահոտությունը: Ամբողջ հովիտը ծխում էր, գոլորշիանում էր: Ցողազարդ բուսականությունը ետ էր տալիս երկնքին յուր ընդունած մարգարտյա կաթիլները:

Ծխում էին և դաշտավայրի վրա խիտ առ խիտ սփռված գյուղերը: Բայց այդ ծուխը չէր նմանում այն խաղաղ, կապտագույն ծուխին, որ ամեն առավոտ օձապտույտ սյունակներով վեր էր բարձրանում խրճիթների գմբեթաձև երդիկներից: Այդ ծուխը, սև մառախուղի նման, ծածկել էր գյուղերը, և մերթ ընդ մերթ նրա մթին թանձրության միջից փայլատակում էին հրային կայծեր...

Ծխում էին և մեծաշեն քաղաքները: Ծխում էր Դվինը, ծխում էր Արտաշատը, ծխում էր Վաղարշապատը, ծխում էր էջմիածնի վանքը... Եվ թանձր ծուխը նսեմացնում էր Արարատյան դաշտի լուսապայծառ գեղեցկությունը...

Ոչ ոք չէր երևում: Ամենուրեք տիրում էր տխուր, անապատական դատարկություն: Դատարկ էին քաղաքները, դատարկ էին գյուղերը, դատարկ էին և ճանապարհները: Ի՞նչ էր պատահել: Կարծես թե մի մահաբեր շունչ անցել էր այդ սքանչելի դաշտի վրայով, և մարդկային ամեն արարած ոչնչացրել էր...

Բայց ահա՜, դեպի Արտաշատ տանող ճանապարհի վրա փոշի է բարձրանում: Անցնում են մի խումբ ձիավորներ: Ձիաների հարուստ ասպազենքը, հեծյալների թանկագին զենքն ու զրահը` ցույց են տալիս, որ այդ մարդիկը հասարակ ճանապարհորդներ չեն: Մի վայելչագեղ երիտասարդ առաջ է ընկած, մյուսները հետևում են նրան:

Նրանք հասան Արտաշատ քաղաքի կիսափուլ պարիսպների մոտ: Այստեղ երիտասարդը կանգ առեց, մի քանի րոպե յուր տխուր հայացքը դարձրեց դեպի ավերակ և տակավին ծխվող քաղաքը, և ապա ճանապարհը ծռեց դեպի Տափերական կամուրջը: Նա գալիս էր հեռվից, շատ հեռվից, և այսպիսի հրդեհված, անմարդացած քաղաքներ շատ էր տեսել յուր ճանապարհի վրա: Այդ էր պատճառը, որ նրա քնքուշ սիրտը, կարծես թե, ամրացել էր, նրա վառ զգացմունքները կարծես թե սառել էին, և նրա թախծալի աչքերում մի կաթիլ արտասուք անգամ չէր մնացել, որ թափեր դժբախտ Արտաշատի վրա:

Տափերական կամուրջը միակ անցքն էր, որ Արտաշատից տանում էր դեպի Արաքսի աջ ափը: Նա հասավ կամուրջին, բայց չանցավ կամուրջը: Այնտեղ մեկին սպասում էր, և լուռ մտախոհությամբ նայում էր գետի վրա:

Արևը տակավին փայլում էր, ծաղիկները շողշողում էին, թրռչունները դեռ շարունակում էին իրանց առավոտյան տաղերգը: Բնության այդ ընդհանուր սառնասրտության մեջ` վրդովված էր միայն Արաքսը: Որպես մի սգավոր, որդեկորույս մայր, պղտոր հորձանքներով որոտում էր, աղաղակում էր, հառաչում էր նա հեղեղելով յուր կանաչազարդ ափերը: Որպես մի ահարկու վիշապ, փրփուրը բերանում, կատաղի կերպով առաջ էր մղվում, լայնանում էր, ընդարձակվում էր և, կարծես, որոնում էր լափելու, կլանելու այն չարագործին, որ այնպես անխնա ձեռքով այրեց, անապատ դարձրեց գեղեցիկ քաղաքներն ու ավանները, որ զարդարում էին յուր հրաշալի ափերը: Նրա կատաղությունը զսպում էր հսկա կամուրջը, որ սեղմել էր նրան յուր բազմաթիվ կամարների ներքո:

Կամուրջի մյուս կողմում, Արաքսի աջ ափի մոտ, ընդարձակ կանաչազարդ դաշտավայրը ծածկված էր խիտ վրաններով: Ուղտերի, ձիաների, ջորիների և փղերի երամակները արածում էին վրանների շուրջ: Ճոխորեն աճած խոտաբույսերը առատ սնունդ էին մատակարարում այդ անասուններին: Այնտեղ դրած էր մի մեծ բանակ: Երիտասարդը նայում էր դեպի բանակը:

Այդ միջոցին, կամուրջի հակառակ ծայրում, երևաց մի փայակ, որ, երկար նիզակը ձեռին, ուղիղ մոտենում էր երիտասարդի խումբին: Երբ բոլորովին մոտեցավ, խորին կերպով գլուխ տալով, կանգ առեց:

Վերջապես, դու երևացիր, Մալխաս, — դարձավ դեպի նա երիտասարդը: — Ասա՜, ի՞նչ լուր ունես:

Ո՜չ Մամիկոնյան տերը և ո՜չ Մերուժան Արծրունին այդ բանակում չեն, — պատասխանեց փայակը:

Ապա որտե՞ղ են նրանք, — հարցրեց երիտասարդը և, միևնույն ժամանակ, նրա վշտահար դեմքի վրա նշմարվեցան անհամբերության նշաններ:

Նրանք գտնվում են պարսից գլխավոր բանակում, որ այժմ դրած է Նախճվանի մոտ:

Իսկ այդ ի՞նչ բանակ է:

Դա գլխավոր բանակի մի փոքրիկ մասն է: Այստեղ հավաքել են միայն Դվինի և Արտաշատի գերիներին:

Ո՞ւմ հրամանատարության ներքո է գտնվում այդ բանակը:

Հաջորդ էջ