Րաֆֆի՝   Սամվել

Պարսից Զիկ անունով զարոպետի:

Երիտասարդը Սամվելն էր: նա գնում էր յուր հոր և յուր քեռու` Մերուժան Արծրունու մոտ:

Հետևի՜ր ինձ, — դարձավ նա դեպի փայակը, յուր ձիու գլուխը շուռ տալով դեպի Նախճվանի ճանապարհը: Նրա հետ ամբողջ ասպախումբը դիմեց դեպի այն կողմը:

Նա որոնում էր հորը, որոնում էր և քեռուն: Որոնում էր այնպիսի սրտով, որպես կյանքից ձանձրացած, բայց դեռ անվճռականության մեջ տատանվող մարդը որոնում է մահադեղ և, միևնույն ժամանակ, ինքն իրան մխիթարում է, երբ չէ գտնում, որ բաղձանքը կատարե: Նույնպիսի մի անվճռականության մեջ տանջվում էր նա, սկսյալ այն օրից, երբ բաժանվեցավ յուր մորից, երբ թողեց Ողական ամրոցը և ճանապարհ ընկավ դեպի հոր բանակը: Այն օրից անցան ամիսներ, անցավ մի տարի, և ավելի: Որքա՛ն ցավալի դեպքեր պատահեցան, որքա՛ն դժբախտ իրողություններ կատարվեցան: Նա ապարդյուն կերպով կորցրեց թե՜ թանկագին ժամանակը և թե՜ այն փառքը, որ յուր դասակիցները ստացան զանազան կռիվներում, իսկ ինքը բոլորովին անմասն մնաց: Այդ բոլորր ավելի սաստկացնում էր նրա վշտերը և ավելի խորին կերպով խոցում էր նրա զգայուն սիրտը:

Բայց նա այդ ժամանակամիջոցում բոլորովին անգործ չէր: Նա դարձյալ պատերազմի մեջ էր, — մի ներքին, բարոյական պատերազմի մեջ, որ կատարվում էր նրա սրտում, և որը ավելի սարսափելի էր, քան զենքի ու զրահի արհավիրքր: Նա կռվում էր յուր խղճի հետ և յուր սրտի հետ. վերք էր տալիս և վերք էր ստանում: Այդ հարվածներին չդիմացավ մանուկ սիրտը, մինչև, վերջապես, նրան հիվանդության մահճի մեջ դրեց: Վանից անցնելու միջոցին, դժբախտ Համազասպուհիի աղետալի վախճանը տեսնելուց հետո, նա այլևս չկարողացավ շարունակել յուր ճանապարհր: Նրան բոլորովին անզգա դրության մեջ տարան Անձավացյաց Հոգվոց վանքը, որ յուր լեռնային անմատչելի դիրքի պատճառով` մեկուսացած էր պատերազմների աղմուկից: Այնտեղ` վանականների խնամատարության ներքո` բժշկվում էր նա: Նրանից չբաժանվեցան յոր հավատարիմ ծառաները, որ ամեն կերպով հոգ էին տանում երիտասարդ իշխանի առողջությունը վերականգնելու համար: Այնուամենայնիվ, մի քանի անգամ նրա մահվան դագաղը պատրաստվեցավ: Այնտեղ մնաց նա բոլորովին անգիտակցության մեջ, և նրա շրջապատողները ամենայն զգուշությամբ աշխատում էին թաքցնել նրանից, թե ի՜նչ էր կատարվում այդ ժամանակ Հայոց աշխարհում: Բայց հիվանդը յուր ջերմության տագնապի մեջ` միշտ Հայոց աշխարհի մասին էր խոսում և միշտ նրա մասին էր հարցնում:

Ո՜չ հայրը և ո՜չ մայրը ամենևին տեղեկություն չունեին նրանից, այդ պատճառով շատ անհանգիստ էին: Անհանգիստ էին և բարեկամները: Ոմանք նրան բոլորովին կորած էին համարում: Այդ տխուր հանգամանքների մեջ` կարելի էր երևակայել Ռշտունյաց Աշխեն օրիորդի վիշտը, որ հոգով և սրտով նվիրված էր յուր սիրելիին: Նա մարդիկ ուղարկեց դեպի ամեն կողմ` որոնելու նրան:

Բայց ճակատագիրը խնայեց մահամերձ հիվանդին, խնայեց մի նշանավոր գործի համար, որ ապագայում օրինակ պիտի դառնար շատերին: Հենց որ նա մի փոքր-ինչ առողջացավ, փոքր-ինչ կազդուրեց յուր սպառված ուժերը, իսկույն թողեց վանքր և ճանապարհ ընկավ դեպի յուր նպատակը: Այդ ժամանակ նրան հայտնի էր ամեն ինչ. այդ ժամանակ նրան արդեն պատմել էին, թե ի՜նչեր կատարվեցան յուր բացակայության միջոցին, կամ ի՜նչ դրության մեջ էին ներկա գործերը: Տեղեկանալով բոլորը, կազմեց նա յուր ամենավստահ ծրագիրը: Առանց ժամանակ կորցնելու, նախ գնաց Հադամակերտ, Արծրունյաց ոստանը, և այնտեղ տեսնվեցավ Վասպուրականի տիկնոջ (Մերուժանի մոր) հետ: Հետո գնաց Ռշտունիք, տեսնվեցավ Գարեգին իշխանի հետ: Այնտեղից անցավ դեպի Մոկաց և Սասնո լեռնաբնակները, տեսնվեցավ և նրանց իշխանների հետ: Թե ի՞նչ խորհուրդ ունեին այդ տեսակցությունները, — արդյունքը կհայտնվի հետո: Նա չմտավ Տարոն, Մամիկոնյանների սեփական երկիրը, զգուշանալով, մի գուցե հանդիպի յուր մորը: Այլ յուր նպատակները կարգադրելուց հետո, ուղիղ ճանապարհ ընկավ դեպի Արարատ, ուր հույս ուներ գտնել թե՜ հորը և թե՜ Մերուժանին: Նրա հետ էր յուր սիրելի դայակը` ծերունի Արբակը, և յուր ազգակիցը` պատանի Արտավազդը: Նրա հետ էին և յուր հավատարիմ ծառաները: Նա անցավ մի շարք ավերակների տխուր հետքերի վրայով, որ թողել էին յուր հայրն ու յուր քեռին: Նա յուր ճանապարհի վրա ականատես եղավ այն բոլոր չարիքներին, որ գործել էին այդ երկու մարդիկը: Բայց մտնելով Արարատյան դաշտը, և տեսնելով նրա թշվառությունները, Սամվելի ցավերը ավելի սաստկացան: Կատարված իրողությունները, ո՜րքան դառն էին, ա՜յնքան ավելի հաստատեցին նրա մեջ այն մթին խորհուրդը, որ վաղուց հղացած էր յուր սրտում: Բայց նա իրան շատ ուշացած էր համարում... Յուր հղացած խորհուրդը խիստ փոքր դարման և փոխարինություն կլիներ այն ահագին վնասներին, որ արդեն կատարվել էին: Այդ էր, որ այնքան անմխիթար ապաշավության մեջ էր դրել նրան, և այնպես անողոք կերպով կեղեքում էր նրա քնքուշ սիրտը:

Երեկոյան արեգակը դեռ մայր չէր մտել, ձիաների ճեպընթաց քայլերով հասավ նա Նախճվան քաղաքը: Գեղեցիկ, բարձրադիր բլրակի վրա, Գողթնյաց աշխարհի զվարճասեր քաղաքը ներկայացնում էր ավերակների մի սոսկալի կույտ, որ հրդեհի անխնա բոցերից հետո` ստացել էր խիստ մռայլ, սևաթույր տեսք: Ամեն շենք կործանել էր կրակը, ամեն շունչ սպառել էր թշնամու սուրը: Կենդանի մնացածները գերված էին:

Քաղաքի արևմտյան ստորոտում, ընդարձակ տափարակի վրա, որ տարածվում էր մինչև Արաքսի ձախակողմյան ափերը, դրած էր պարսից գլխավոր բանակը: Սամվելը թողեց անմարդացած քաղաքը, և յուր ասպախումբով դիմեց դեպի բանակը: Բոլոր վրաններից, որ ծածկել էին տափարակի ամբողջ տարածությունը, ավելի աչքի էին զարկում երկուսը, որոնք գտնվում էին միմյանց հանդեպ, երկու հողաթումբ բարձրությունների վրա: Վրաններից մեկը երկնագույն էր, և գլխին ծածանվում էր մի դրոշակ արծվաթև վիշապի նշանով, իսկ մյուսը շիկակարմիր էր, և գլխին ծածանվում էր մի դրոշակ արծվի նշանով: Սամվելը յուր ձին քշեց դեպի վերջին վրանը:

Դեռ չհասած, երիտասարդի ասպախումբից լսելի եղավ շեփորի ճայն, որին բանակից պատասխանեցին նույն ձայնով: Շատ չանցավ, բանակից դուրս եկավ մի բարձր աստիճանավոր, և մի խումբ սպաների հետ դիմավորեց եկվորներին:

Ես Վահան Մամիկոնյանի որդին եմ, — ասաց Սամվելը: — Ինձ առաջնորդեցեք դեպի իմ հոր վրանը:

Նրան տարան դեպի շիկակարմիր վրանը: Մինչև հասնելը, Սամվելի մեջ սիրտ չմնաց: Նա անցնում էր այն բարբարոսական բանակի միջով, որ մի քանի շաբաթվա ընթացքում ավերակ դարձրեց Հայոց աշխարհի ամենագեղեցիկ մասը: Նա անցնում էր այն թշվառ գերիների միջով, որ մի ժամանակ այդ աշխարհի երջանիկ զավակներն էին: Մահվան չափ դառն էին այն մի քանի րոպեները մինչև հասավ նա հոր վրանը: Ինչպե՞ս հանդիպել նրան, ինչպե՞ս նայել նրա երեսին: — Այդ հարցերը ավելի սարսափեցնում էին նրան, քան թե շրջապատող տխուր երևույթները: Նա հավաքեց յուր բոլոր սառնասրտությունը, ցած իջավ ձիուց, և իսկույն վազեց վրանի ներսը: Նրա մարդիկը մնացին դրսում:

Ա՛խ, Աամվել, սիրելի՛ Սամվել... — բացագանչեց շփոթված հայրը և սեղմեց որդուն յուր կրծքին:

Մի քանի րոպե մնացին նրանք լուռ գրկախառնության մեջ: Հայրը չէր հավատում յուր աչքերին: Որդու անակնկալ հայտնվիլը այն աստիճան հափշտակեց նրան, որ մերթ երեխայի նման հեկեկում էր, մերթ համբուրում էր նրան, և սրտի սաստիկ բաբախմունքից մի բառ անգամ չէր գտնում յուր զգացմունքները արտահայտելու:

Նա բռնեց սիրելի որդու ձեռքից, տարավ, նստացրեց յուր մոտ` փառավոր բազմոցի վրա: Այն օրից, որ հայրը գնացել էր Տիզբոն, չէր տեսել որդուն: Այն օրից անցել էին տարիներ: Որդին աճել էր, գեղեցկացել էր, և բոլորովին այրական դեմք էր ստացել: Հայրը նայում էր նրա վրա և սքանչանում էր:

Սամվե՛լ... թանկագի՛ն Սամվել... — անդադար բացագանչում էր նա, և կրկին ու կրկին անգամ ողջագուրելով, սփռում էր նրա գունաթափ դեմքը բազմաթիվ համբույրներով:

Որդին դեռ գտնվում էր հուզված կրքերի սաստիկ ալեկոծության ներքո, որ նրան մի տեսակ տենդային դրության մեջ էին դրել: Բայց հայրը վերաբերում էր այդ նրա զգացված սրտին, և երկար նրա դողդոջուն ձեռքը բաց չէր թողնում յուր ափերի միջից, և դեռ խորին զմայլմունքով շարունակում էր նայել որդու վրա: Նրա հոգին լցված էր անսահման բերկրությամբ, և իրան երանելի էր համարում, որ այնպիսի սիրուն որդի ունի:

Ա՛խ, եթե քեզ գոնե մի անգամ տեսներ Շապուհ արքան, — ասում էր նա սրտագին բաղձանքներով, — այդ շնորհալի դեմքով, այդ վայելչագեղ հասակով, նա անպատճառ քեզ հայոց ամբողջ հեծելազորի հրամանատար կկարգեր:

Այդ խոսքերը այնպիսի անսպասելի կերպով խոսվեցան, որ Սամվելը իսկույն ուշի եկավ, և մտածեց որոշել յուր դերը, որպեսզի չմատնվի:

Մի այդպիսի բարձր պաշտոն ինձ համար դեռ շատ վաղ է, սիրելի հայր, — պատասխանեց նա բռնի ժպիտով:

Դու շատ համեստ ես, Սամվել: Բայց նայիր քեզ վրա հոր աչքով, և այն ժամանակ շատ վաղ չես համարի: Դու կհիացնես պարսից ամբողջ արքունիքը, եթե գեթ մի անգամ այնտեղ հայտնվելու լինես: Բավական է, որ դու մի ասպախաղ կատարես Տիզբոնի մեծ հրապարակի վրա, և Շապուհ արքան յուր պալատի բարձր պատուհաններից նայե քեզ վրա, — այն ժամանակ քո հոր ամենաջերմ փափագները կատարված կլինեն...

Դու ի՞նչ գիտես, սիրելի հայր, որ ես ասպախաղի մեջ շնորհք ունեմ:

Մայրդ գրում էր ինձ, մի՜շտ գրում էր, սիրելի Սամվել: Գրում էր քո հաջողակությունը նետաձգության մեջ, գրում էր քո քաջությունները զինավարժության մեջ, և հորդ կարոտ սիրտը ուրախացնում էր: Ես մխիթարվում էի իմ պանդխտության մեջ, մտածելով, որ արժանավոր որդու հայր եմ: — Ա՛խ, ես այնքան հափշտակվեցա քեզանով, որ բոլորովին մոռացա հարցնել, թե ովքե՞ր են եկած քեզ հետ:

Սամվելը պատմեց, թե ո՜վքեր են եկած յուր հետ: Հայրը հրամայեց, որ բոլորին տեղավորեն պատշաճավոր վրաններում:

Հետո կրկին դարձավ նա դեպի որդին, հարցնում էր մոր մասին, հարցնում էր քույրերի և եղբայրների մասին, հարցնում էր, թե ի՜նչ «պատրաստություններ» է տեսել մայրը, և մի առանձին հետաքրքրությամբ աշխատում էր տեղեկանալ, թե Տարոնում ինչպե՞ս են նայում «գործերի» վրա, քաղաքացիք ի՞նչ տրամադրության մեջ են, և այլն: Սամվելը հոր հարցասիրությանը բավականություն էր տալիս կա՜մ թեությամբ, կա՜մ անորոշ և երկդիմի ենթադրություններով, որոնք կատարելապես չէին գոհացնում նրա հետաքրքրությունը:

Մայրդ նամակ չտվե՞ց, — հարցրեց նա:

Ի՜նչպես չէ: — Սամվելը հանեց ծոցից մոր նամակը և տվեց հորը:

Հայրը նայեց նամակի թվականի վրա և զարմացավ:

Այդ նամակը հին է, սիրելի հայր, — ասաց Սամվելը, և սկսեց պատմել յուր հետ պատահած արկածները, յուր մահամերձ հիվանդությունը, Անձավացյաց Հոգվոց վանքում երկար ժամանակ մնալը և այլն: Թաքցրեց հորից միայն` յուր առողջանալուց հետո` զանազան տեղեր գնալը և զանազան անձանց հետ տեսնվիլը:

Դա կատարյալ միամտություն է, Սամվել, — նկատեց հայրը վշտանալով: — Դու այդքան ժամանակ հիվանդ ընկած ես լինում մի անհայտ վանքում, ո՜չ քո հորը և ո՜չ քո մորը իմացում չես տալիս:

Ես իմացում տալիս էի... Բայց իմ մարդիկը գնում էին և տեղ չէին հասնում... Գիտե՞ս, հայր, ի՛նչ աղմկալի ժամանակներ էին... Մարդիկների գլուխները ծառի տերևների նման թափվում էին.,,

Սամվելը, իրավ, յուր հիվանդության մասին իմացում էր տվել, բայց ո՜չ հորը և ո՛չ մորը, այլ յուր բարեկամներին, որ այդ միջոցում գտնվում էին Արտագերս ամրոցի մեջ, պաշարված հոր և Մերուժանի զորքերով: Նրա մարդիկը չկարողացան մտնել ամրոցը, և այդ պատճառով նրա հետ պատահած դժբախտությունները մնացին անհայտության մեջ: Հայրը սաստիկ տխրեց այն բոլոր տառապանքների համար, որ կրել էր որդին և, գրկելով նրան, բացագանչեց.

Աստված քեզ կրկին անգամ պարգևեց ինձ, անգին Սամվել, գոհությո՛ւն և փառ՛ք նրա մեծությանը:

Նամակը թեև հին էր, այնուամենայնիվ, հոր համար շատ հետաքրքրական էր. նա իսկույն սկսեց խորին ուշադրությամբ կարդալ, խնդրելով որդուն, որ գնա կից խորանում լվացվի և ճանապարհի փոշին սրբե իրանից: Մի խումբ պատանիներ, շքեղ կերպով հագնված, պատրաստ էին այնտեղ սպասավորելու համար: Նրանք բոլորն էլ ազգով պարսիկներ էին, և չէին ճանաչում Սամվելին: Նրա հայրը այժմ հայ ծառա չէր պահում, և ո՛չ մի հայ նրա մոտ ծառայել չէր ցանկանում: Սամվելը, հորը միայնակ թողնելով, մտավ ցույց տված խորանը, ուր ամեն պարագայք պատրաստ էին լվացվելու համար:

Վրանը, որի մեջ գտնվում էին նրանք, յուր բոլոր հարմարություններով` ներկայացնում էր մի ամբողջ շարժական պալատ: Ժամանակի արհեստը տվել էր նրան` թե՜ վայելուչ ձև և թե՜ շքեղություն: Դրսից, որպես լինում էին ամենաբարձր ազնվականների վրանները, շիկակարմիր գույն ուներ, իսկ ներսից պատած էր բաց-մանիշակագույն աստառով: Զանազան մուտքեր տանում էին դեպի զանազան բաժանմունքներ, որոնք առանձին խորանների ձև ունեին, և պատրաստված էին այլ և այլ պետքերի համար: Դռների փոխարեն ծառայում էին մետաքսյա վարագույրներ, որոնց եզերքը զարդարած էին գույնզգույն ծոպերով: Վարագույրները կախված էին հաստ նարոտների վրա, որոնց ծայրերից քարշ էին ընկած ոսկեթել փունջեր: Այդ ամբողջ կազմվածքը, որ պարսկական շռայլ ճաշակի գործ էր, ամրացած էր փայտյա ոսկեզօծ սյուների վրա, որոնք զարդարած էին ամենանուրբ ծաղկանկարներով: Տասն ջորիներ հազիվ կարողանում էին տանել նրան, երբ լուծվում էր այդ վրանը: Մի ամբողջ օր հազիվ կարողանում էին կանգնել նրան, երբ հարկավոր էր լինում կրկին կազմել: Այդ պատճառով, վրանը միշտ օրով առաջ տարվում էր հետևյալ իջևանը, որ ժամանակ ունենային պատրաստելու:

Նա կազմված էր բավական բարձր հողաթումբի վրա, որ շինված էր ժամանակավորապես վրանը զերծ պահելու համար անձրևային հեղեղներից, որ գարնան եղանակներում խիստ հաճախ էին պատահում այդ կողմերում: Այդ բարձր դիրքից երևում էր ամբողջ բանակը, որ տարածվում էր հեռու, շատ հեռու, մինչև Արաքսի ափերը, և բռնել էր կանաչազարդ տափարակի մեծ մասը: Երեկոյան կիսամռայլի միջից, բանակի մյուս ծայրում, հազիվ երևում էր պարսից Կարեն անունով նշանավոր զորապետի վրանը, որի գմբեթաձև կատարի վրա ծածանվում էին պարսկական դրոշակներ: Իսկ Մամիկոնյան իշխանի վրանի հանդեպ` երևում էր Մերուժանի երկնագույն վրանը, Արծրունյաց արծվաթև վիշապի վառով:

Երբ Սամվելը լվացվեցավ, հագուստը փոխեց և կրկին վերադարձավ հոր մոտ, նա դեռ չէր վերջացրել նամակի ընթերցումը: Նրան չխանգարելու համար, անխոս նստեց մի կողմում, և լուռ նայում էր հոր դեմքի մթին արտահայտությունների վրա որ ոչ բոլորովին մխիթարական էին: Դա նամակ չէր, դա մի ընդարձակ զեկուցում էր, որով Սամվելի աչալուրջ մայրը մանրամասնորեն հաղորդում էր յուր ամուսնին «գործերի» դրության մասին Տարոնում:

Նամակի ընթերցումից հետո` հայրը գտնվում էր մի տեսակ մտահույզ տրամադրության մեջ: Կինը, ի միջի այլոց, զգուշացրել էր նրանշատ չհավատալ Սամվելին»... Կնոջ մի այդպիսի դիտողությունը բոլորովին տարօրինակ էր թվում նրան: Իբրև բարձր ազնվական, մանավանդ իբրև հայր, նա երևակայել անգամ չէր կարող, թե որդին կհամարձակվեր սեփական կամք և սեփական ցանկություններ ունենալ: Նա դեռ նայում էր Սամվելի վրա, որպես նախկին երեխայի վրա, առանց նկատելու, որ երեխան աճել էր, զարգացել էր և սեփական մտածությունների տեր էր դարձել: Նրա մեջ` ազնվապետական կամայականությունը` յուր հպատակներից հետո` անցնում էր և որդու վրա: Այդ էր պատճառը, որ նա յուր գործերի վերաբերությամբ` ոչինչ պատասխանատվություն դեպի որդին չէր զգում: Նա կարծում էր, թե ինչ որ հաճելի է եղել իրան, նույնը, անտարակույս, պետք է հաճելի լինի և որդուն: Նա համոզված էր, թե ինչ որ ինքը արել է, կամ ինչ որ դեռևս դիտավորություն ունի անելու, — բոլորը նույնքան ախորժելի պետք է լինեն որդուն, որքան իրան, որովհետև գործողը հայրն է: Նրա համար բոլորովին խորթ էր այն միտքը, թե որդին ընդունակ էր, կամ իրավունք ուներ քննադատելու հոր գործողությունները: Ուրեմն ինչո՞ւ չհավատալ Սամվելին:

Նա նայում էր կատարված իրողությունների ահավորության վրա յուր անձնական նեղ տեսակետից: Եթե կործանվեցան քաղաքներ և հրդեհվեցան մեծաշեն ավաններ, եթե գերի առնվեցան բազմաթիվ բնակիչներ և արյունով ներկվեցան հայրենի երկրի դաշտերն ու անդաստանները, — չէ՞ որ այդ բոլոր չարիքները չգործվեցան լոկ չարագործության համար, այլ հայտնի, որոշ, և կանխապես վճռված քաղաքական նպատակների համար, որ խոստանում էին փայլուն արդյունքներ: Եվ եթե հայրը կհասներ սպասած արդյունքներին, ո՞ւմ համար էր, եթե ոչ որդու համար, ո՞վ պետք է վայելեր, եթե ոչ որդին: — Ահա այդպես էր մտածում հայրը, այդպես էին փառասեր իշխանի դատողությունները, և այդ պատճառով, նրան բոլորովին տարօրինակ էին թվում կնոջ նախազգուշությունները, թե «շատ պետք չէ հավատալ Սամվելին... » — ինչո՞ւ չհավատալ: Միթե Սամվելը դեռ այնքան տհա՞ս էր, որ հասկանալ չէր կարող հոր բարի ցանկությունները, որ նույնիսկ որդու բախտավորության համար էին...

Բայց որդին այլապես էր մտածում. հայրենիքի կործանման մեջ որոնած փառքը` նա հայրենիքի դեմ դավաճանություն էր համարում: Առանց մոր նամակը կարդացած լինելու, նա արդեն գիտեր բովանդակությունը: Այդ պատճառով, նրան բոլորովին հասկանալի եղավ հոր հուզմունքը, որ նամակի ընթերցումից հետո` նա ամենայն դժվարությամբ աշխատում էր թաքցնել: Բայց որդուն պետք էր համակերպվել հոր հետ, պետք էր գոնե առժամանակ կեղծել, որը նրա համար սաստիկ ծանր էր:

Երեկոյան մթությունը բոլորովին պատել էր բանակը, երբ Մամիկոնյան իշխանի վրանում վառեցին լապտերները: Այդ ժամանակ բանակի մյուս վրաններում ևս հետզհետե սկսեցին երևնալ լույսեր, որ խիստ տխուր տպավորություն էին գործում Սամվելի վրա: Նա կցանկանար, որ բնավ լույս չլիներ, և ամեն ինչ հավիտյան խավարի մեջ մնար, որ չտեսներ այն ատելի բանակը, որ այնպես անխնա կերպով կեղեքում էր նրա սիրտը: Շրջակայքը արդեն ծածկված էին թանձր մթության մեջ, և ամենուրեք տիրում էր գերեզմանական հանգստություն: Միայն ահարկու բանակն էր, որ երեկոյան լռության մեջ` շնչում էր, որպես մի հրեշավոր մահացություն: Ընթրիքի ժամն էր: Նա, անշարժ վիշապի նման, պատրաստվում էր կերակրվել, որ ավելի մեծ կատաղությամբ կատարնե յուր սոսկումները: Զինվորները հավաքված էին բացօթյա խարույկների շուրջը և իրենց համար կերակուր էին պատրաստում: Իսկ զորապետների շրջական խոհանոցները բուրում էին համադամ խորտիկների ախորժելի հոտով:

Միայն ընթրիքի ժամանակ Մամիկոնյան իշխանը հրամայեց կանչել յուր մոտ` Սամվելի հետ եկած մարդիկներից` ծերունի Արբակին և Արտավազդ մանուկին, որը նույնպես Մամիկոնյան տանից էր: Երբ ներս մտան, աշխույժ պատանին ուրախությամբ վազեց, փաթաթվեցավ իշխանի պարանոցին, իսկ ծերունին մնաց ոտքի վրա:

Դու երևի, չէիր սպասում, որ ես կգայի Սամվելի հետ, — ասում էր նա, յուր անհանգիստ ձեռքերով փայփայելով իշխանի ուսերը: — Տեսա՞ր ինչպես եկա:

Դու ամենափոքրիկ հասակումդ ևս միշտ այդպես քաջ էիր, սիրելի Արտավազդ, — պատասխանեց իշխանը, նստացնելով նրան յուր մոտ: — Իսկ այժմ բավական սիրուն և հասած տղա ես դարձել, իհարկե, հիմա ավելի քաջություն կունենաս:

Այս խոսքերը ավելի գրգռեցին Արտավազդի սնափառությունը, և առիթ տվին նրան հարցնելու:

Այդ բանակում պարսիկ պատանիներ կա՞ն:

Կան, ինչո՞ւ համար ես հարցնում:

Ես եկել եմ նրանց հետ մրցելու, որ ցույց տամ, թե հայ պատանիները ո՜րքան ճարպիկ են պարսիկներից:

Այդ դու կանես Տիզբոնում, սիրելի Արտավազդ, Շապուհ արքայի պալատական տղաների հետ:

Դու ինձ կտանե՞ս այնտեղ:

Իհարկե, կտանեմ:

Պատանին սկսեց ուրախանալ:

Կայտառ, կյանքով լի պատանին այն աստիճան հափշտակել էր իշխանին, որ նա նոր նկատեց, որ ծերունին ոտքի վրա էր, և դարձավ դեպի նա, ասելով.

Նստիր, Արբակ, ինչո՞ւ ես կանգնած:

Ծերունին թոնթորալով նստեց: Նա Մամիկոնյան տան ամենահին դայակներից մեկն էր, յուր ձեռքերի վրա սնուցել էր որպես իշխանին, նույնպես և նրա որդի Սամվելին:

Ինչպե՞ս ես, Արբակ, — ժպտալով հարցրեց իշխանը: — Ամենքը փոխվել են, դու միայն մնացել ես միևնույնը, որպես տեսել եմ մի քանի տարի առաջ: Ո՜չ ծերացել ես, և ո՜չ մանկացել:

Արտաքին կեղևը միշտ խաբուսիկ է լինում, տեր իշխան, — պատասխանեց ծերունին յուր սովորական պարզախոսությամբ: — Միայն աստված է իմանում, թե ներսում ի՜նչ կա... Մազերս, իրավ է, շատ չեն ճերմակացել, բայց սրտումս այլևս կյանք չէ մնացել...

Ինչո՞ւ, Արբակ, ի՞նչը կարող էր քեզ այդպես վշտացնել:

Շատ բան, տեր իշխան: Աշխարհս փոխվել է... ամեն ինչ տակնուվրա է եղել... և նրանց հետ տակնուվրա է լինում մարդու սիրտը... Ո՞ւր են հին ժամանակները... գնացի՛ն, այլևս ետ չեն գա...

Իշխանը հասկացավ բարեսիրտ ծերունու վշտերը, և նրա զգացմունքներին ավելի ընթացք չտալու համար, իսկույն ընդհատեց խոսակցությունը, մանավանդ, որ սպասավորները ներս մտան, սկսեցին ընթրիքի սեղանը պատրաստել:

Ճոխ ընթրիքը պարսկական շռայլ խոհանոցի ամենանուրբ արդյունքներից մեկն էր, որ յուր վրա դարձրեց բոլորի թե՜ ախորժակը և թե՜ ուշադրությունը: Մինչև անգամ ծերունի Արբակը, որի համար անսովոր էին այն տեսակ կերակուրներ, մեծ ախորժակով ուտում էր: Արծաթյա մեծ սրվակների մեջ դրած էին զանազան տեսակ օշարակներ և գինիներ: Շքեղ հագնված սպասավորները, ոտքի վրա, ոսկյա մեծ գավաթներով մատռվակում էին անուշ գինին, իսկ սեղանակիցները լուռ ուտում էին և խմում: Ուտում էր և վշտալի Սամվելը:

Քեզ ինչպե՞ս են թվում այս կերակուրները, — հարցրեց հայրը:

Ուտում եմ... — ասաց Սամվելը անփույթ կերպով, — որովհետև բավական ժամանակ է, որ տաք կերակուր չեմ կերել:

Ինչո՞ւ:

Սամվելի փոխարեն պատասխանեց Արտավազդ մանուկը :

Նրա համար, որ ճանապարհին ինչ գյուղ կամ ինչ քաղաք հասնում էինք, տեսնում էինք, որ մարդիկ չկան, տները այրված են, և ամեն ինչ ոչնչացրած: Որտեղի՞ց պետք է կերակուր գտնեինք:

Իշխանը լուռ մնաց: Պատանու պատասխանը կծու էր, քան ամեն հանդիմանություն:

Սամվելը ընթրիքի բոլոր ժամանակը չէր խոսում: Նա մի փոքր կերավ և ապա հեռացավ սեղանից: Հայրը հաճախ դառնում էր դեպի նա, աշխատում էր զբաղեցնել, հարցնում էր թախծության պատճառը, և միշտ միևնույն պատասխանն էր ստանում, թե սաստիկ հոգնած է, շատ գիշերներ չէ քնել, կցանկանար հանգստանալ և այլն:

Երբ հավաքեցին ընթրիքի սեղանը, հայրը հրամայեց, որ յուր ամենալավ վրաններից մեկը հատկացնեն Սամվելի կացության համար և այնտեղ պատրաստեն նրա անկողինը:

Իմ անկողինն էլ թող այնտեղ պատրաստեն, — մեջ մտավ Արտավազդ մանուկը:

Ես քեզ Սամվելից չեմ բաժանի, սիրելի Արտավազդ, — ասաց իշխանը և գրկեց նրան:

Հայրը հատկացրեց Սամվելին առանձին ծառաներ, պատվիրելով, որ միշտ նրա սպասումն լինեն: Բայց որդին հրաժարվեցավ, պատճառ բերելով, թե ինքը ընտելացած է յուր ծառաներին, որովհետև նրանք գիտեն յուր բոլոր սովորությունները:

Քո ծառաների թիվը շատ փոքր է, Սամվել, — նկատեց հայրը: — Պարսից սովորությունների համեմատ, դու պետք է գոնե հարյուր, երկու հարյուր ծառաներ ունենաս, եթե ոչ, անպատշաճ կլինի քեզ մի որևէ տեղ երևնալ: Էգուց պետք է գնաս քեռուդ (Մերուժանին) տեսնելու, այլևս պետք է այցելես մի քանի պարսիկ զորապետների, ինչպե՞ս կարելի է այդքան սակավ ծառաներով գնալ:

Ես ծառաներ շատ ունեի, հայր, — ասաց Սամվելը հարկադրված ծիծաղով, — բայց մեծ մասը ճանապարհին կորցրի: Ես դուրս եկա տանից երեք հարյուր ծառաներով, իսկ այժմ մնացել են քառասուն հոգի միայն:

Ես պակասած թիվը կլրացնեմ, — ասաց հայրր մի առանձին բավականությամբ: — Դու պետք է քո հորը և քո տոհմին վայել նիստ ու կաց ունենաս:

Ես կարող եմ երկու ծառայով ևս գնալ Մերուժանի մոտ, ինձ շատ մարդիկ պետք չեն, — միամտությամբ ընդմիջեց Արտավազդ մանուկը:

Դու կարող ես միայնակ էլ գնալ սիրելիս, — ասաց նրան իշխանը ժպտալով: — Դու դեռ փոքրիկ ես: Երբ կմեծանաս, Սամվելի չափ կդառնաս, այն ժամանակ շատ ծառաներ ման կածես քեզ հետ:

Բանակը արդեն մրափում էր ծանր, խաղաղական քնով. լապտերները մարել էին, և մի քանի զորապետների վրաններում միայն լույս էր երևում: Սամվելը վերկացավ, և հորը «բարի-գիշեր» մաղթելով, դիմեց դեպի յուր համար պատրաստված վրանը: Նրան հետևեց Արտավազդ մանուկը, համբուրելով իշխանի աջը: Ծերունի Արբակի համար պատրաստված էր առանձին վրան, որ մոտ էր Սամվելի վրանին: Այնտեղ զետեղվեցան Սամվելի և մյուս մարդիկը:

Սամվելը իսկույն հանվեցավ, մտավ յուր անկողնի մեջ: Փափուկ անկողինը հրավիրում էր անուշ քուն, բայց երկար քնել չկարողացավ նա: Անդադար շուռ էր գալիս մի կողքից դեպի մյուսը և լուռ հոգվոց էր հանում: Նրա մոտ պառկած էր պատանի Արտավազդը: Նա նույնպես անքուն էր, նա նույնպես անհանգիստ էր:

Դու շատ անզգույշ ես քո խոսքերի մեջ Արտավազդ, — նկատեց նրան Սամվելը:

Այդ ոչինչ, ես իմ բանը գիտեմ... — պատասխանեց խորամանկ պատանին:

Սամվելը դարձյալ լռեց, դարձյալ նրա քունը չէր տանում: Նույն միջոցին անքուն տանջվում էր յուր անկողնում և մի այլ անձն` նրա հայրը...

Բ

ՄԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՂՋԱԿԵԶ

«Սկսան այնուհետեւ (Մերուժանն Արծրունի եւ Վահանն Մամիկոնեան) յերկրին Հայոց աւերել զեկեղեցիս` զտեղիս աղօթից քրիստոնէից յամենայն կողմանս Հայոց` գաւառաց գաւառաց եւ կողմանց կողմանց»:

Փաւստոս:

«Եւ զորս մի անգամ գիրս գտանէր (Մերուժան) այրէր»:

Խորենացի:

Սամվելը ամբողջ գիշերը անցկացրեց տենդագին անհանգստության մեջ, Առավոտյան լուսաբացին միայն նրա քունը տարավ, բայց երկար չտևեց, որովհետև պատանի Արտավազդի շատախոսությունները շուտով զարթեցրին նրան:

Վեր կա՜ց, ի՞նչ քնելու ժամանակ է, — ասաց նա յուր սովորական կատակներով: — Երեկ, երեկոյան կիսամռայլի ժամանակ եկած լինելով, մենք ոչինչ տեսնել չկարողացանք, բայց ահա` արեգակը ծագել է և նկարել է մեր առջև հրաշալի տեսարաններ, որոնց վրա կարելի է նայել, և սարսափե՜լ... — նա արդեն, դեռ արևը չծագած, մի քանի անգամ գլուխը դուրս էր հանել վրանից և նայել էր նրա շուրջը:

Սամվելը քնեած աչքերը բաց արավ, բայց ոչինչ տեսնել չկարողացավ, որովհետև վրանի վարագույրները ցած էին թողած: Ներսում դեռ տիրում էր խորին մթություն: Պատանին վեր ցատկեց յուր անկողնից, բարձրացրեց վարագույրի մի կողմը: Արևի մեղմ ճառագայթները իսկույն լցրին վրանը ախորժելի ջերմությամբ:

Շատ չանցավ, ներս մտավ պատանի Հուսիկը, Սամվելի հավատարիմ սպասավորը, և հավաքեց անկողինները: Այդ ուրախ, անհոգ պատանին անգամ, դեպքերի ու հանգամանքների տխուր տպավորության ներքո, բոլորովին կորցրել էր յուր սովորական զվարթությունը: Ամեն առավոտ, երբ կհայտնվեր նա յուր տիրոջ մոտ, միշտ նրա բերանում պատրաստ էր մի նոր ծիծաղելի համբավ, մի նոր սրախոսություն, որով նա կվաներ յուր տիրոջ թախծությունը: Իսկ այս առավոտ ներս մտավ նա տրտում դեմքով, և միայն յուր վառվռուն աչքերով նայեց Սամվելի երեսին, տեսնելու, թե ինչ տրամադրության մեջ էր սիրելի տերը, և ապա լուռ կերպով սկսեց յուր գործը: «Դարձյալ նրա երեսին գույն չկա... դարձյալ նրա սիրտը հանգիստ չէ»... — մտածում էր նա, և ինքն իրան ավելի տխրում էր: Ավարտելով յուր գործը, կրկին լռությամբ դուրս գնաց նա:

Ներս մտավ ծերունի Արբակը և, «բարի-լույս» ասելով, նստեց մի կողմում: Նրա վշտալի սիրտը այս առավոտ ավելի խռովված էր, քան որևէ այլ ժամանակ:

Սամվելը արդեն լվացվել և հագնվել էր: Ծերունին հայտնեց, թե հայրը մի քանի անգամ մարդիկ է ուղարկել տեղեկանալու, աարդյոք վե՞ր է կացել որդին, թե ոչ:

Այդպես վաղ ինձ հետ ի՞նչ գործ ունի, — հարցրեց Սամվելը:

Նախաճաշիկ ուտելու է հրավիրում, — պատասխանեց ծերունին: — Նրանք զինվորական մարդիկ են, վաղ վեր են կենում, և վաղ էլ ուտում են: Մենք էլ պետք է հարմարվեինք նրանց սովորություններին:

Ավելի լավ կլիներ, եթե մեզ այստեղ մի բան տային ուտելու:

Ոչ, դու պիտի գնաս հորդ մոտ, — խորհուրդ տվեց ծերունին:

Ուղիղ է ասում Արբակը, հարկը պահանջում է, որ մենք գնանք այնտեղ, — հաստատեց և պատանի Արտավազդը ծիծաղելով:

Սամվելը ոչինչ չպատասխանեց: Նա այս առավոտ գտնվում էր բոլորովին սրտամաշ վրդովմունքի մեջ: Սկսեց լուռ կերպով նայել դեպի բանակը:

Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան նրա պայծառ լուսավորության ներքո` երևան էին գալիս ահարկու բանակի ահարկու տեսարանները: Սամվելի աչքերը կանգ առին Մերուժանի երկնագույն վրանի վրա: Նրա առջև բարձրանում էին մի քանի բրգաձև բլրակներ: Այդ բլրակները կազմված էին ո՜չ քարից, ո՜չ աղյուսից, և ո՜չ հողից, այլ մի տարօրինակ նյութից: Սամվելը երկար նայում էր նրանց վրա, բայց որոշել չէր կարողանում, թե ի՞նչ էին նրանք: Արևի ոսկեգույն ճառագայթները փայլում էին այն մույգ-կարմրագույն ներկի վրա, որով օծված էին բլրակները: Այդ ներկը արյո՛ւն էր, մարդկային չորացած, սևացած արյո՛ւն... Սամվելի ամբողջ մարմնով անցավ մի քստմնելի սարսուռ, երբ ավելի ուշադրությամբ սկսեց նայել: — Բլրակները կազմված էին մարդկային կտրված կառափներից, որոնց այլանդակ կուտակությունը սարսափ էր ազդում:

Այդ ի՞նչ կառափներ են, — գոչեց երիտասարդը, աչքերը բռնելով:

Ի՛նչ կառափներ են... — կրկնեց ծերունին, գլուխը շարժելով: — Հայ շինականի, հայ խաշնարածի և հայ երկրագործի կառափներ են: Մերուժանը այդ կառափների յուրաքանչյուրի համար մի-մի ոսկի է վճարել պարսիկ զինվորներին, և նրանք գնացել խեղճերին դաշտերեց որսացել են և գլուխները կտրել են: Դրանք Մերուժանի հայրենիքի ամենաթանկագին ընծաներն են, որ նա պետք է տանե և նվիրե պարսից արքային, պարծենալով, թե հայոց ազնվականների գլուխներ են:

Եվ իրավ, մի խումբ զինվորներ լցնում էին եղեռնական մթերքը մեծ տոպրակների մեջ, որ պետք է բառնային ուղտերի վրա և տանեին Տիզբոն:

Լսելով ծերունու բացատրությունները, Սամվելը իսպառ շվարված մնաց: Նա գիտեր յուր հոր անգթությունը: Նա գիտեր և Մերուժանի վայրագությունը: Բայց երևակայել անգամ չէր կարող` մարդկային բարբարոսությունը այս աստիճան վայրենության հասած: Եվ այս բարբարոսությունը կատարել էր յուր քեռին, որին գործակից էր և յուր հայրը...

Ահա՜ այն անակնկալ պատրաստությունը, որով հայրս վաղ առավոտյան հյուրասիրում է մեզ... — ասաց նա դառնացած ձայնով և աչքերը վառվեցան խորին վրդովմունքով:

Սոսկալի տեսարանը ազդեց և պատանի Արտավազդի վրա, որի պայծառ աչքերում հայտնվեցան արտասուքի խոշոր կաթիլներ:

Այլևս ինչո՞ւ համար են դիզել այնտեղ այդ արյունաներկ գլուխները, — գոչեց նա լալագին ձայնով:

Ցույցի համար, սիրելի Արտավազդ, — պատասխանեց ծերունին: — Մերուժանը սիրում է սարսափ ձգել, և այդ գլուխները դրել է յուր գերիների առջև, որ նրանց զգալ տա, եթե չեն խոնարհվի յուր հրամաններին, այն ժամանակ նրանց գլուխներն ևս կավելանան այդ կտրված գլուխների վրա:

Ի՞նչ հրամաններ, — հարցրեց պատանին զայրանալով:

Նա պիտի առաջարկե յուր գերիներին, որ թողնեն քրիստոնեությունը և ընդունեն պարսից կրոնը:

Չարագո՛րծ, — գոչեց պատանին և մնաց զարմացած:

Next page