Րաֆֆի՝   Սամվել

Բանակից դուրս, ավելի ընդարձակ տարածության վրա, զետեղված էին կենդանի ընծաներըգերիները, — որոնց Մերուժանը պետք է տաներ պարգևելու պարսից արքային: Դրանք նույն գերիներն էին, որոնց թիվն ու համարը այնպես նախատական լեզվով հաղորղեց Հայր-Մարդապետը հայոց թագուհուն` Փառանձեմին, երբ գիշերը գաղտագողի կերպով մտավ Արտագերս ամրոցը: Այդ ահագին բազմությունը, իրանց սեռի և հասակի համեմատ, բաժանել էին զանազան խումբերի: Յուրաքանչյուր խումբը բաղկացած էր հիսունական հոգուց: Մի երկար պարան, օղակ-օղակ հանգույցներով, միացնում էր ամեն մի առանձնացած խումբի պարանոցները միմյանց հետ, կազմելով մի կենդանի շղթա: Եվ որպեսզի պարանի հանգույցները բաց անել չկարողանային, նրանց ձեռքերը պինդ կապած էին քամակի վրա: Ո՜չ մի ծեր մարդ, ո՜չ մի պառավ կին չէր երևում այդ թշվառ բազմության մեջ: Չէին երևում և փոքրիկ մանուկներ: Պարսկական անգութ սուրը ծերունիների և մանուկների կյանքին վերջ տվեց հենց իրանց տեղում: Այդ անպետք ծանրությունները իրանց հետ առնել չկամեցան, և ընտրեցին ըստ մեծի մասին երիտասարդներին:

Գերիները պատսպարվելու համար վրաններ չունեին: Նրանք գետնատարած ընկած էին բացօթյա դաշտի վրա: Ցերեկը արևը խորովում էր նրանց: Իսկ գիշերը ցուրտը սառցնում էր: Նրանք բաղկացած էին հայերից և հրեաներից, որոնց մեծ մասը Լուսավորչի օրերում քրիստոնեություն էին ընդունել: Վերջինների թվումն էր և նրանց Զվիթա անունով նշանավոր երեցը, որ ինքնակամ, միացավ յուր հոտի հետ: Այդ հրեաները Տիգրան Բ-ի օրերում Բարզափրան Ռշտունու ձեռքով, գերի բերվեցան Հրեաստանից: Տիգրանի քաջ զորապետը նրանցով լցրեց հայոց քաղաքների դատարկությունը, և բազմամարդ դարձրեց երկիրը մի գործունյա և խելացի ժողովրդով: Իսկ այժմ, Մերուժան Արծրունին, դատարկելով նույն քաղաքները, նրանց վարում էր Պարսկաստան: Հայ գերիների թվում կային շատ եպիսկոպոսներ, վարդապետներ, երեցներ և եկեղեցական այլ պաշտոնյաներ, որոնց թիվը հասնում էր մի քանի հարյուրի: Նրանց շղթայակապ շարել էին միմյանց հետ, և զատել էին մյուս գերիներից:

Հայրը կրկին անգամ մարդ ուղարկեց կոչելու որդուն, բայց որդին դեռ շարունակում էր նայել հոր և յուր քեռու գործերի վրա: Սրտի և հոգու անհնարին ամրություն էր հարկավոր, որ այդ զարհուրելի տեսարաններից հետո մարդ կարողանար սառնասիրտ մնալ: Բայց Սամվելը չուներ այդ ամրությունը: Ճանապարհին, գալու ժամանակ, տեսավ նա այն ավերակ քաղաքներն ու ավանները, որ դեռ ծխում էին կրակի մեջ: Իսկ այժմ տեսնում էր նրանց դժբախտ բնակիչներին: Դրանց պետք է քշեին հեռո՛ւ և հեռու, դեպի Պարսկաստանի խորքերը: Եվ ո՞վքեր: — մեկը յուր հայրը, մյուսը` յուր քեռին, Մերուժանը...

Դարձյալ եկան կոչելու Սամվելին: Այս անգամ գնաց նա, և նրա հետ գնացին իշխանի մոտ ծերունի Արբակն ու պատանի Արտավազդը: Սամվելը աշխատում էր ուրախ ձևանալ, աշխատում էր, որքան կարելի է, սառնասիրտ լինել: Բայց բռնի կեղծավորությունը չէր հաջողվում նրան: Նա գտավ հորը միայնակ յուր վրանում, զբաղված էր նամակագրությամբ, և շատ հավանական էր, որ գրում էր կնոջ նամակի պատասխանը: Տեսնելով որդուն, մագաղաթյա թերթը մի կողմ դրեց, հարցնելով.

Ինչպե՞ս ես այժմ, դու գիշերը շատ անհանգիստ էիր:

Գիշերը բավական հոգնած էի, — պատասխանեց Սամվելը և, մոտենալով, մոտենալով համբուրեց հոր աջը:

Նրա օրինակին հետևեց և պատանի Արտավազդը: Արբակը միայն «բարիլույս» ասաց և նստեց:

Նախաճաշիկը արդեն պատրաստ դրած էր այնտեղ: Իշխանը խնդրեց նրանց ճաշակել, իսկ ինքը շարունակեց վերջացնել նամակը:

Հեռվից հայտնվեցավ մի սպիտակ ձիավոր, որ վեհապանծ կերպով շրջան էր գործում բանակի մեջ: Մի խումբ զինված համհարզներ, գեղեցիկ նժույգների վրա նստած, հետևում էին նրան: Սամվելը տեսավ և չկարողացավ զսպել յուր ծիծաղը: Բայց նրա ծիծաղը ա՜յն աստիճան դառն և ա՜յն աստիճան մաղձոտ էր, որ յուր վրա դարձրեց հոր ուշադրությունը: Նա նամակը մի կողմ դրեց, և հետաքրքրությամբ նայեց որդու երեսին:

Մերուժանը բավական շտապե՛լ է, — ասաց որդին, — դեռ հայոց թագավորը չդարձած, թագավորի ձևեր է բանեցնում...

Ինչպե՞ս, — հարցրեց հայրը փոքրինչ հուզված ձայնով:

Ահա՜ այդպես... նստած է սպիտակ նժույգի վրա... նժույգի բաշն ու ագին ներկել է տվել վարդի գույնով... Չէ՞ որ այդ իրավունքները վայելում էին միայն Արշակունի թագավորներն ու թագավորազները...

Հայրը զարմացած լսում էր: Որդին, ավելի ուշադրությամբ նայելով Մերուժանի վրա, ավելացրեց.

Եվ կարմի՛ր վարտիք ունի հագած... և կարմի՛ր կոշիկներ է կրում... դրանք ևս առանց նշանակության չեն...

Հայրը չգիտեր` ի՜նչպես բացատրել Սամվելի նկատողությունները. արդյոք հեգնությո՞ւն, թե իրավ որդին կանխաժամ էր գտնում Մերուժանի սնափառությունը:

Ինչո՞ւ է այդ զարմացնում քեզ, Սամվել, — պատասխանեց նա համոզիչ եղանակով: — Մերուժանին արդեն կարելի է հայոց թագավոր համարել: Բավական է, որ նա այս բազմաթիվ գերիներին հասցնե Տիզբոն, այն ժամանակ Շապուհ արքան մեծ ուրախությամբ կտա նրան Արշակունիների թագը:

Այդ ինձ բոլորովին չէ զարմացնում, սիրելի հայր, — պատասխանեց Սամվելը կիսահեգնական ձայնով: — Ես համոզված եմ, որ Շապուհ արքան Մերուժանի այդքան մեծ ծառայությունների համար` անպատճառ կտա նրան Արշակունիների թագը...

Կտա՛... — ընդմիջեց ծերունի Արբակը, որ բոլոր ժամանակը խորին վրդովմունքով լսում էր: — Կտա՛ նրան Արշակունիների թագը... Բայց այդ թագը յուր գլխին դնելն է ամենամեծ դժվարությունը...

Իշխանը խեթ կերպով նայեց պարզախոս ծերունու վրա, հարցնելով.

Ինչո՞ւ, Արբա՜կ:

Նրա համար, տե՜ր իշխան, որ այսօր կամ էգուց, հանկարծ կհայտնվի Պապը, Արշակունիների օրինավոր ժառանգը և, հավաքելով յուր շուրջը հայոց ցրիվ եկած նախարարներին, կրկին տեր կդառնա յուր հոր անտեր մնացած գահին... Այս ճերմակ գլուխը շատ բան է տեսել, տե՜ր իշխան, — նա ձեռքը տարավ դեպի ալևոր մազերը, — այդ ևս իմ աչքերով տեսնում եմ... Այո՜, կգա Պապը և տեր կդառնա յուր հոր գահին...

Իշխանը սկսեց արհամարհանքով ծիծաղել:

Գլուխդ, — ասաց նա, — իրավ է, ճերմակացել է, բայց կուրծքիդ մեջ դեռ երեխայի սիրտ ես կրում, Արբակ: Դիցուք թե, հայտնվեցավ դեռ անփորձ, դեռ բոլորովին երիտասարդ Պապը: Դիցուք թե, հավաքեց յուր շուրջր հայոց ցրիվ եկած նախարարներին: Բայց ի՞նչ կարող են անել նրանք: Դու կարծում ես, որ այդ բոլորը չէ՞ նախատեսված: Մերուժանը ապառաժի վրա ցանող մարդիկներից չէ. նա գիտե յուր գործը. նա բավական մեծ խելքի տեր մարդ է:

Ծերունին, գլուխը բացասական կերպով շարժելով, ասաց.

Ես նրա մեջ ո՜չ թե մեծ խելք, այլ մի կորյակի չափ խելք չեմ գտնում, տե՜ր իշխան: Նա կամենում է հայոց թագավոր լինել, բայց միևնույն ժամանակ ավերակ ու անմարդաբնակ է դարձնում այն երկիրը, որի թագավորը պետք է դառնա: Դա ի՞նչ խելք է: Մի՞թե խավարասեր բուի նման` նա ավերակների վրա պետք է թագավորե: Ո՞ւր է տանում այդ գերիներին և ի՞նչի համար:

Ծերունին այն աստիճան հարգված էր Մամիկոնյանների տան մեջ, որ իշխանը չբարկացավ նրա վրա, այլ հարկավոր համարեց բացատրել եղելությունների բուն պատճառները, և ապացուցանել, թե իրավ Մերուժանը մեծ խելքի տեր մարդ է, և գիտե կանխապես նախագուշակել ապագան, և նրա համեմատ տնօբինել յուր գործերը:

Հենց դրա մեջն է Մերուժանի խելքի մեծությունը, սիրելի Արբակ, որ նա դատարկեց Հայոց երկիրը, — պատասխանեց իշխանը ժպտալով: — Երբ կհայտնվի Պապը, նա Հայոց երկրում ո՜չ մի նշանավոր բերդ կամ ամրոց չի գտնի, որի մեջ կարող լինի պատսպարվիլ: Բոլորը կործանեց, բոլորը ոչնչացրեց Մերուժանը: Եվ ինչ ամրություններ ևս որ այժմ մնացել են, գտնվում են մեր բերդապահների հսկողության ներքո: Բոլորի մեջ դրել ենք պարսկական զորքեր: Նրանց մեջ պահված են և՜ դեպի Հունաստան գնացած, և՜ հռովմայեցոց օգնությանը դիմող նախարարների կանայքն ու զավակները: Բավական է, որ այդ նախարարները իրանց բերած հռովմեական զորքերով մի քայլ անեն դեպի մեր գրաված բերդերը, — իսկույն իրանց առջև կգտնեն իրանց կանանց և զավակներին կախ տված բերդերի աշտարակներից: Թո՜ղ այն ժամանակ նրանք իրանց նետերը արձակեն դեպի իրանց զավակների դիակները: Իսկ այն, որ ասում ես դու, թե ինչո՞ւ համար է այդ գերությունը, — պետք է գիտենաս, որ Մերուժանը բնակիչներից դատարկեց այն գավառները միայն, որոնց ժողովուրդը կարող էր ավելի հզոր հենարան լինել Արշակունյաց թագաժառանգին յուր հոր գահը բարձրանալու: Մերուժանը ամայի դարձրեց միայն Արարատը և նրա շրջակա գավառները: Իսկ Արարատը Արշակունյաց գահի ամուր պատվանդանն է: Պետք էր, և անհրաժեշտ էր, խորտակել այդ պատվանդանը, որպեսզի թագաժառանգը` Բյուզանդիայից Հայաստան գալու ժամանակ` յուր ոտքերի տակը դատարկ գտներ և ո՜չ մի հաստատ կռվան չունենար, որի վրա կարող լիներ հենվիլ: Տեսնո՞ւմ ես, սիրելի Արբակ, այդ բոլոր գործողությունների մեջ նպատակ կա, խելք կա...

Բայց եղեռնագործի խե՛լք... — ընդհատեց Սամվելը զայրացած ձայնով:

Հայրը և՜ զարմացած, և՜ բարկացած աչքերով նայեց որդու երեսին: Սամվելը իսկույն զգաց յուր սխալը, զգաց, որ ինքը դուրս եկավ խոհեմության սահմանից: Հայրը նույնպե՛ս զգաց յուր սխալը: Կինը գրել էր նրան, «զգույշ լինել Սամվելից...»: Իսկ նա չափից դուրս բացվեցավ որդու առջև, քան թե հարկավոր էր: Եվ այդ րոպեից հոր և որդու մեջ սկսվեցավ մի տեսակ կեղծ հարաբերություն:

Ամբողջ գիշերը անքուն մնալով, հոր վառ երևակայությունը զբաղեցնում էին այն գեղեցիկ ցնորքները, թե ո՜րպես պետք էր տնօրինել սիրելի որդու ապագան: Նա մի քանի անգամ անհամբերությամբ դուրս եկավ յուր վրանից և, լապտերը ձեռին, մոտեցավ որդու վրանին: Ցանկանում էր ներս մտնել, ցանկանում էր նայել քնած որդու վրա, երկար նայել և հիանալ նրանով: Բայց դարձյալ չկամեցավ խանգարել սիրելի որդու քունը: Ամբողջ գիշերը նրա մասին էր մտածում և նրանով էլ ուրախանում: Ի՛նչ երանելի հույսեր ասես, չէր խոստանում այն վայելչագեղ, շնորհալի երիտասարդը: Նրա մեջ կար ամեն ինչ, որ կարող էին հոր փափագներին լիակատար բավականություն տալ: Ամբողջ գիշերը հրապուրվում էր նա այն փայլուն հաջողակություններով, որ սպասում էին որդուն: Նրա մեջ գտնում էր` թե՜ ապագայի հերոսին և թե՜ ապագայի իշխանին: Պարսկական արքունիքի զարդը պետք է լիներ նա, իսկ Հայաստանի փառքը: Բայց այժմ սարսափեցնում էր նրան այն մտածությունը` մի՞թե որդին հակառակ պիտի գնար յուր սրտագին բաղձանքներին, մի՞թե արդեն կատարված կամ կատարվելու գործերը ընդդեմ էին նրան: Բացատրություն պահանջել այդ մասին` վախենում էր նա, — վախենում էր միանգամից զրկվիլ այս ջերմ փափագներից, որ յուր սրտում սնուցանում էր որդու համար: Նրա մի հակառակ բառը, նրա մի մերժողական խոսքը կարող էր ոչնչացնել ամեն ինչ: Նա գտնվում էր այն ծանր, երկբայական դրության մեջ, որպես մի մարդ, որ սպասում է մահամերձ որդու մասին մի լուր: Ստանում է նամակը, բայց չէ համարձակվում բաց անել: Նամակը կա՜մ պիտի ավետեր որդու առողջությունը, կա՜մ պիտի գուժեր նրա մահը: Ի՞նչ կլիներ յուր դրությունը, եթե այս վերջինը պատահած լիներ: Նա նույնպես չէր համարձակվում բաց անել Սամվելի սիրտը: Բայց եթե որդի՞ն բացվեր: — Այս ընդհարումից խուսափում էր նա, աշխատելով գոնե առ ժամանակ իրան քաղցր հույսերի փայփայման մեջ պահել:

Նա սիրում էր որդուն, սիրում էր հոր սրտի բոլոր ջերմությամբ: Բայց այս սերը նրա մեջ նույնքան եսական էր, որքան եսական էին նրա բաղձանքները որդու վերաբերությամբ: Նա նայում էր որդու վրա ո՜չ թե իբրև մի ազատ, ինքնակամ անհատի վրա, այլ որպես մի հաջողակ միջոցի վրա, որով միայն ինքը պետք է փառավորվեր: Եթե որդին բարձր պաշտոնների կհասներ, եթե նա կփայլեր բարձր շրջաններում, — այդ փայլը իրան էր պատկանում, որովհետև որդին նույնպես իրան էր պատկանում: Եթե մի նժույգ ձիարշավի ժամանակ տանում է մրցանակը, տերն է պարծենում, և ոչ թե նժույգը: — Այս եսական կետից էր նայում նա որդու վրա: Մի այսպիսի հայացք կազմվել էր նրա մեջ ավանդաբար, որ ստացել էր նա յուր ազնվապետական ժառանգության հետ: Ինքը նույնպես ծառայել էր յուր հոր բավականության համար, և յուր որդին ևս պետք է ծառայեր յուր բավականության համար: Նրա ընդդիմադրությունը կզրկեր հորը այն բոլոր երանություններից, որ ապագայում պետք է վայելեր նա: Այդ էր պատճառը, որ նա զգուշանում էր` չհանդիպել որդու ընդդիմադրությանը, և ամենայն ջանքով խուսափում էր հակաճառությունից, սպասելով, մինչև հանգամանքները ինքնըստինքյան կպարզեին յուր մթին կասկածները:

Սամվելի վերջին նկատողությունը Մերուժանի մասին` սաստիկ խիստ էր, բայց հայրը, անուշադրության տալով, դարձավ դեպի որդին այս խոսքերով.

Բայց դու պետք է գնաս քեռուդ տեսնելու, Սամվել, և մորդ ողջույնը մատուցանես նրան: Նա շատ կուրախանա քեզ տեսնելով, նա չափազանց սիրում է քեզ: Այս առավոտ մի քանի անգամ մարդ էր ուղարկել` հարցնելու քո առողջությունը: Դու դեռ քնած էիր:

Ուրեմն գիտե՜, որ ես եկել եմ, — Հարցրեց Սամվելը:

Գիտե, և խնդրել է, որ այսօր ճաշին յուր մոտ լինենք: Այնտեղ կլինեն և պարսից նշանավոր զորապետները: Քեզ հարկավոր է բոլորի հետ ծանոթանալ:

Մերուժանը հեռվից անցավ նրանց առջևից:

Ես հենց այս րոպեիս կգնայի քեռուս մոտ, բայց նա այժմ զբաղված է երևում...

Այո՜, նա դուրս է եկել բանակը դիտելու... և մի քանի կարգադրություններ ունի անելու... որովհետև այս օրերում պետք է չվենք այստեղից...

Իսկ ինձ չէ՞ հրավիրել Մերուժանը, — մեջ մտավ պատանի Արտավազդը:

Հրավիրել է, սիրելիս, առանց քեզ ի՜նչպես կարելի է, — ասաց իշխանը: — Դու էլ կլինես ճաշին, Արբակն էլ կլինի: Մենք միասին կգնանք:

Ես նրա հացը չեմ ուտի, — խոսեց համառ ծերունին, երեսը շուռ տալով:

Իշխանը ծիծաղեց:

Սամվելը նկատեց, որ իրանց ներկայությունը խանգարում էր հորը: Որովհետև առավոտ էր, անդադար մարդիկ էին մտնում, այս և այն գործի մասին նրա հրամանն էին խնդրում, և նա իբրև բարձր պաշտոնական անձն, պետք է բոլորին պատվերներ և հրահանգներ տար: Այդ էր պատճառը, որ նախաճաշիկը վերջանալուց հետո, նա իսկույն վերկացավ, և կամենում էր դուրս գալ հոր վրանից:

Դու կձանձրանաս մինչև ճաշ քո վրանում սպասելով, Սամվել, — ասաց նրան հայրը: — Եթե կամենում ես, կպատվիրեմ` ձիաներ պատրաստեն, գնացեք Արաքսի ափերի մոտ զբոսնելու: Եղանակը զով է, և այնտեղ գեղեցիկ տեսարաններ կան:

Շնորհակալ եմ, սիրելի հայր, — ասաց Սամվելը: — Ես դեռ ոչ բոլորովին կազդուրվել եմ ճանապարհի հոգնածությունից, պետք է գնամ, մի փոքր հանգստանամ:

Գալով յուր վրանը, իրավ, Սամվելը իսկույն ընկողմանեցավ բազմոցի վրա և ծանրացած գլուխը տվեց բարձերին: Նրա գունաթափ դեմքը դարձրած էր դեպի ահռելի բանակը, և տխուր աչքերը հառած էին դեպի այն կողմը: Նա դեռ չէր մոռացել և մոռանալ ևս անկարող էր, թե որպիսի՜ համակրությամբ հայրը նկարագրեց Մերուժանի գործողությունները, որոնց գործակից էր և ինքը: Իսկ գործը ակներև էր, նրա աչքերի առջևն էր: Որքան մտածում էր նա, ոչնչով չէր կարողանում արդարացնել հորը, չէր կարողանում արդարացնել և քեռուն: Երկուսն էլ ներկայանում էին նրա առջև որպես երկու մահացու ոճրագործներ: Բայց նա սիրում էր հորը, սիրում էր և քեռուն: Նա պատրաստ էր տալ յուր կյանքը և ամեն ինչ, որ աշխարհում թանկ էր յուր համար, գեթ այդ երկու մարդիկը ուղղվեին և դառնային իրանց չար ճանապարհից: Բայց եթե իրանց մոլորության մեջ մնայի՞ն: — Այդ միտքն էր, որ ալեկոծում էր նրա խռովյալ սիրտը, այդ միտքն էր, որ սարսափելի կերպով կեղեքում էր նրա հոգին: Որդին նույնն էր մտածում հոր մասին, ինչ որ հայրն էր մտածում որդու մասին: Երկուսն էլ միմյանց կորած էին համարում, երկուսն էլ միմյանց մոլորված էին համարում: Հայրը մի հարմար առիթ էր որոնում բացատրվելու որդու հետ և յուր փափագները արտահայտելու նրան: Որդին նույնպես որոնում էր մի հարմար ժամ մի հարմար րոպե, խոսելու հոր հետ և յուր բոլոր ցավերը թափելու նրա առջև: Նա շտապում էր անել այդ, քանի դեռ բանակը չէր շարժվել յուր տեղից, քանի դեռ ճանապարհ ընկած չէր նա դեպի Պարսկաստան: Երբ յուր դիտավորությունները կուշացներ, երբ նրանք կանցնեին Արաքսը, — այնուհետև ամեն հույս կորած էր համարում...

Սամվելի մոտ նստած էր ծերունի Արբակը և լուռ նայում էր նրա վրա: Խե՛ղճ ծերունի, հասկանում էր անբախտ երիտասարդի դառն վշտերը, հասկանում էր նրա խորտակված սրտի ծանր վերքերը և մի բառ անգամ չէր գտնում մխիթարելու նրան:

Այդ միջոցին պատանի Արտավազդը կանգնած էր դրսում, վրանի մուտքի մոտ և չգիտեր` ինչ անել: Որպես մի անհանգիստ աշխույժ և անհամբերություն, որպես մանուկ հասակի անզուսպ հետաքրքրություն, շատ կցանկանար նա` ծտի նման թռչել, կամ փայլակի նման սլանալ և մի քանի վայրկյանում շրջագայել ամբողջ բանակը, ամեն ինչ տեսնել, ամեն ինչ քննել, — բայց յուր մի այդպիսի հետաքրքրությունը կարող էր անվայել և մինչև անգամ կասկածավոր երևնալ շատերին: Այդ էր, որ նրան զսպում էր:

Նա դեռ կանգնած էր վրանի մուտքի մոտ և այն տեղից ևս խիստ հետաքրքիր բաներ էր տեսնում: Բայց այդ բանակը չէր ներկայացնում սովորական բանակների այն ուրախ, այն զվարճալի կենդանությունը, որով նա յուր ներքին վայելչությունը խառնում է հասարակաց բավականության հետ: Գյուղացի աղջիկը, գյուղացի կինը, վստահ, համարձակ, բերում են իրանց այգիների ամենաընտիր պտուղները այնտեղ վաճառելու: Շինականը յուր տնտեսության ամենալավ բերքերը այնտեղ է տանում: Քաղաքացին յուր բազմատեսակ վաճառքների մթերքը այնտեղ է բաց անում, և բանակը մի կենդանի տոնավաճառի կերպարանք է ստանում: Խմբվում է հարցասեր ամբոխը և լսում է զինվորների քաղցր երաժշտությունը: — Դրանցից և ո՜չ մեկը չէր երևում: Այդ բանակը, որպես մի կործանող և ապականող հրեշ, յուր շուրջը անապատ էր դարձրել և ինքը ապրում էր խորին ամայության մեջ: Ոչ ոք չէր մերձենում նրան, և ամեն ոք փախչում էր նրանից: Նա կերակրվում էր այն անբավ հափշտակություններով, որ ագահ ձեռքով կողոպտել էր շրջակայքից: Նա հարստացել էր այն անհուն ավարներով, որ ավազակաբար հինահարել էր յուր ավերակ դարձրած քաղաքներից: Բայց այս մտածությունները չէին զբաղեցնում պատանի Արտավազդին: Նրա սուր ուշադրությունը գրավել էր մի այլ տեսարան:

Մերուժանի վրանի առջևից դիզված կառափների ահարկու բլրակները արդեն անհետացել էին: Հավաքելով մեծ տոպրակների մեջ, ուղտերի մի ամբողջ կարավանի համար բեռներ էին պատրաստել այն կառափներից: Բայց նրանց տեղում այժմ կառուցանում էին մի այլ բլուր: Մարդիկ եռանդով աշխատում էին այնտեղ, և մի տեսակ աղյուսաձև մույգ-թխագույն նյութեր շտապով կուտակում էին միմյանց վրա: Տարօրինակ ամբարտակը հետզհետե բարձրանում էր և մռայլ կերպարանք էր ստանում: Աղյուսաձև նյութերի հետ, իբրև նեցուկ, դնում էին փայտի և տաշեղի կտորտանքներ: Երբ վերջացրին, ամբարտակը մի ահագին խարույկի ձև ստացավ:

Այդ երևույթը գրավեց և Սամվելի ուշադրությունը, որը ընկողմանած տեղից բարձրացավ և նստեց: Նայում էր, բայց որոշել չէր կարողանում, թե ի՞նչ էր տեսածը: Ծերունի Արբակը նույնպես ոչ սակավ հետաքրքրված էր այդ օտարոտի տեսարանով:

Ո՞վ է իմանում, դարձյալ մի սատանայական բան կլինի... — ասաց նա գլուխը տարակուսական կերպով շարժելով և ձեռքը տարավ դեպի ճաղատ ճակատը` հովանավորելու աչքերը արևե շողքերից, որ արգելում էին նրան տեսնել:

Շատ չանցավ, զինվորները բերեցին մի քանի խումբ շղթայակապ, սևազգեստ գերիներ և կարգով կանգնեցրին խարույկի շուրջը: Դրանք թվով մի քանի հարյուր եպիսկոպոսներ, վարդապետներ և երեցներ էին: Գլուխները քարշ ձգած, խորին տխրությամբ նայում էին սրբազան գերիները խորհրդավոր խարույկի վրա, ուր, մի քանի րոպեից հետո, պիտի այրվեր նրանց սիրտը, նրանց հոգին...

Այնտեղ կանգնած էր և մի այլ անձնավորություն, մի ծանոթ մարդ, յուր երկար` անհեթեթ հագուստով, յուր մռայլ` ծաղկահար դեմքով յուր հաստ` թխագույն շրթունքներով, որ պատրաստ էին անեծք և հայհոյանք թափելու ամեն սրբության վրա: Նա ոխերիմ աչքերով երբեմն նայում էր դեպի սևազգեստ գերիները, երբեմն դեպի պատրաստված խարույկը: Դա Հայր-Մարդպետն էր` սարսափելի Դղակը, — որ գաղտագողի կերպով մտավ Արտագերս ամրոցը և մատնեց հայոց թագուհուն:

Հեռվից հայտնվեցավ սպիտակ թագավորըՄերուժանը, — նստած յուր սպիտակ նժույգի վրա: Երբ մոտեցավ, խարույկը վառեցին: Թանձր, խանձահոտ ծուխը` յուր անախորժ ճենճերային բուրմունքով` տարածվեցավ օդի մեջ. իսկ կանաչագույն բոցերը բարձրացան դեպի երկինք: Այրվում էր մի սոսկալի ողջակեզ, կրոնի և եկեղեցու ողջակեզը...

Այդ միջոցին Սամվելի վրանը ներս մտավ նրա հայրը: Որդին պատկառանքով վերկացավ նստած տեղից:

Այդ ի՞նչ են այրում, — հարցրեց նա վրդովված ձայնով:

Մագաղաթ, — պատասխանեց հայրը անփույթ սառնասրտությամբ: — Դու չե՞ս գա տեսնելու: Ես եկա, որ քեզ տանեմ: Գնա՜նք, շատ հետաքրքիր է:

Ոչ, ես այստեղից ևս տեսնում եմ... — ասաց վշտացած երիտասարդը հրաժարվելով:

Այնտեղից կգնանք Մերուժանի վրանը: Քեզ ասացի, որ այսօր հրավիրված ենք նրա մոտ ճաշելու:

Գիտեմ, բայց դեռ վաղ է... Մերուժանը ահա՜ զբաղված է յուր խարույկով... Թող վերջացնե, ես հետո կգամ... Իմ աչքերի վրա, ուղիղն ասեմ, սաստիկ վատ է ազդում կրակը...

Մանավանդ մագաղաթի՛ կրակը... — ավելացրեց ծերունի Արբակը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով:

Հայրը, նկատելով որդու համառությունը և ծերունու կծու ակնարկությունը, այլևս չստիպեց նրանց, դուրս եկավ և ինքը միայնակ գնաց դեպի խարույկը: Նրա ետևից վազեց պատանի Արտավազդը, որ դեռ կանգնած էր վրանի մուտքի մոտ, ասելով.

Ես կգամ քեզ հետ, սիրելի Վահան, ես չեմ վախենում կրակից... ես մինչև անգամ սիրում եմ կրակը...

Սամվելը և ծերունի Արբակը մնացին վրանում միայնակ:

Մագաղա՛թ են այրում, սիրելի Արբակ, — կրկնեց երիտասարդը, դառնալով դեպի ծերուհին: — Այրո՛ւմ են մեր կործանված տաճարների սուրբ Կտակարանները... Այրում են մեր եկեղեցու գիրն ու դպրությունը, որ մեզ պարսկացնեն... Եվ իմ հայրը գնում է հանդիսատես լինելու, գնում է զվարճանալու մի այդպիսի չարագործությամբ...

Եվ իրավ, վառվող խարույկը ամբողջապես կազմված էր սուրբ գրքերից: Դրանք նույն եկեղեցիներից և նույն վանքերից հափշտակված գրքերն էին, որ կործանեց Մերուժանը, որ հրդեհեց Մերուժանը, և որոնց կրակը դեռևս չէր հանգել: Պարսից արքայից արքայի բաղձանքները կատարելու համար կործանեց նա քրիստոնեական տաճարները, որպեսզի նրանց տեղում ատրուշաններ հիմնե: Պարսից արքայից արքայի բաղձանքները կատարելու համար` այժմ այրում էր, ոչնչացնում էր նա քրիստոնեական մատյանները, որպեսզի, նրանց փոխարեն, հայերի ձեռքը տար պարսից կրոնական գրքերը, որ հայերը պարսկերեն կարդային, պարսկերեն աղոթեին և պարսից լեզվով արտահայտեին իրանց զգացմունքները:

Սամվելը գիտեր այդ բոլոր նախասահմանյալ մեքենայությունները, իսկ այժմ յուր աչքերով տեսնում էր այն անողորմ գործողությունները, որ պիտի հեշտացնեին պարսից արքայից արքայի նենգավոր նպատակները իրագործելու: Դեպի գերություն էին վարում եկեղեցականներին, որ անտեր թողնեն թե՜ եկեղեցին և թե՜ նրա հոտը, որ դյուրությամբ կարողանան կեղեքել քրիստոնյա ժողովուրդը: Այրում էին կրոնական գրքերը, որ ոչնչացնեն կրոնը: Սամվելը այլևս համբերել չկարողացավ, դարձավ դեպի ծերուհին այս խոսքերով.

Սիրելի Արբակ, ինչ որ անելու է, պետք է անել... ժամանակը թանկ է մեզ համար... Իջեցրու վրանի վարագույրները և ինձ միայնակ թող այստեղ: Ով որ հարցնելու լինի, կասես գլուխը ցավում է, քնած է: Իսկ մի ժամից հետո կուղարկես ինձ մոտ Մալխասին:

Ծերունին տխուր մտախոհության մեջ վերկացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լուռ տատանման մեջ: նրա քնքուշ զգացմունքները, նրա վերին աստիճանի բարի սիրտը` բռնանում էին խելքի և սառն մտածության վրա: Մի քանի անգամ վեր առեց մագաղաթի թերթը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած դրեց: Ձեռքը տարավ դեպի ճակատը, որ բորբոքվում էր տենդային կրակով: Աշխատում էր ամփոփել յուր հիշողությունները, աշխատում էր վանել ա՜յն մռայլը, ա՛յն անբացատրելի մթությունը, որ այդ րոպեում պատել էին նրա միտքը: Նա վերկացավ, փոքր-ինչ ետ քաշեց վարագույրի մի եզրը, որ լույս լինի: Նստեց, կրկին առեց մագաղաթյա թերթը և գրիչը: Սկսեց դանդաղ ձեռքով գրել: Նա գրում էր և ամեն մի բառի վրա րոպեներով մտածում էր: Այդ նամակի ճշտությունիցն էր կախված` անվրեպ կերպով նպատակին հասցնել այն սրտագին խորհուրդը, որ վաղուց արդեն խմորվում էր նրա գլխում: Մի սխալ քայլ կարող էր ամեն ինչ ոչնչացնել: Նրա խորհուրդը որքան մեծ էր, նույնքան և վտանգավոր էր: Եվ այդ իսկ խորհրդից էր կախված թե՜ նրա խղճի հանգստությունը և թե՜ նրա հայրենիքի բախտը: Նա գրեց առաջին նամակը և սկսեց երկրորդը:

Նամակները արդեն վերջացրել էր, երբ ներս մտավ Մալխասը: Երիտասարդը դարձավ դեպի նա, հարցնելով.

Դու ծանո՞թ ես Արաքսի աջակողմյան ափերի մոտ տարածվող ճանապարհների հետ:

Ծանոթ եմ, — պատասխանեց մշտապատրաստ փայակը: — Բայց մի քանի ճանապարհներ կան, որի՞ մասին է հարցնում իմ տերը:

Այն ճանապարհի մասին, որ ուղիղ գետի եզերքովն է գնում և հասնում է մինչև Աստղապատի անցքը:

Գիտեմ: Դա ամենավատ ճանապարհն է և վտանգավոր: Երբեմն իջնում է գետի ափերի մոտ, երբեմն ոլորվում է ապառաժների լանջաց վրայով, իսկ երբեմն անցնում է նեղ կիրճերի միջով և երբեք չէ բաժանվում գետի ընթացքից:

Այդ իսկ ճանապարհի մասին է իմ խոսքը: Ա՜ռ այս նամակները: Նախ կբռնես դեպի Երնջակ տանող ճանապարհը: Այնտեղից, Երնջակա գետակի ընթացքով, կմտնես մի նեղ ձոր, որ տանում է դեպի Ջուղայի կամուրջը: Այդ կամուրջով կանցնես Արաքսը: Հետո կգնաս նույն ոլոր-մոլոր ճանապարհով, որի մասին խոսեցինք, և որը Արաքսի աջակողմյան ափերով տանում է դեպի նախավկայի վանքը, որից շատ հեռու չէ Աստղապատի անցքը, ուր կամուրջ չկա, և մարդիկ տկանավերով են անցնում Արաքսը:

Փայակը ուրախությամբ առեց նամակները հարցնելով.

Իմ տերը հենց ա՞յս րոպեիս է հրամայում ճանապարհ ընկնել:

Ոչ: Դու կսպասես մինչև երեկո: Հետո, երբ գիշերային խավարը բոլորովին կպատե, այնպես զգուշությամբ դուրս կգաս բանակից, որ քեզ ոչ ոք չտեսնե:

Սատանան անգամ չի տեսնի, — պատասխանեց փայակը ինքնավստահությամբ: — Բայց ո՞ւր տանել այդ նամակները և ու՞մը հանձնել:

Նախավկայի վանքի մոտ, Մաղարթա լեռան ստորոտում, ժայռի վրա նստած կգտնես մի կրոնավոր: Նամակներից մեկը կհանձնես նրան:

Ո՞ր նամակը: Իմ տիրոջ ծառան կարդալ չգիտե:

Այն նամակը, որ կապած է կարմիր դերձանով:

Իսկ եթե կրոնավորին ժայռի վրա նստած չգտնե՞մ:

Անպատճառ կգտնես, նա այնտեղ, մի սգավոր ոգիի նման, նստած է յուր վանքի մոխիրների վրա, ա՜յն հրաշալի վանքի, որ ավերակ դարձրեց Մերուժանը, և անմխիթար կերպով ողբում է նրա ցավալի կործանումը:

Հետո ինչ պիտի անե իմ տիրոջ ծառան:

Հետո կթողնես վանքը և կշարունակես ճանապարհը դեպի Խրամ քաղաքը: Կգնաս, կգնաս, մինչև քո առջև կհայտնվի մի ծածկված պատգարակ, որը, դագաղակիր պատգարակի նման, պատած կլինի սգավորի սև պաստառներով: Նրան ուղեկցում են լեռնականների մի քանի զինված գունդեր: Այդ մյուս նամակը, որ կապած է կանաչ դերձանով, կհանձնես պատգարակի մեջ գտնվա անձնավորությանը:

Իմ տիրոջ ծառան չպիտի՞ գիտենա, թե ո՜վ է նա:

Ոչ ոք չգիտե, թե ով է նա, բացի յուր զինյալ ուղեկիցներից, որոնք նրա անձնավորությունը պահում են իբրև խորին գաղտնիք: Քեզ համար ևս մի առանձին պետք չկա գիտենալու, թե ով է նա:

Նամակը հանձնելուց հետո ի՞նչ պիտի անե իմ տիրոջ ծառան:

Կշարունակե յուր ճանապարհը: Քեզ կհանդիպի Ռշտունյաց Գարեգին իշխանը յուր զինյալ լեռնաբնակներով: Նրան իմ կողմից կասես մի բառ միայն` «շտապել»:

Իսկ եթե ուրիշ բաներ ևս հարցնելու լինի:

Ինչ որ գիտես, բոլորը կպատմես: Դու, կարծեմ, բավական ծանոթացած պետք է լինես պարսից բանակի այժմյան դրության հետ:

Իմ տիրոջ ծառան ամեն ինչ տեղեկացել է, գիտե պարսիկ զորքերի թիվը, գոտե` ո՜րքանը ձիավորներ են, ո՜րքանը հետևակներ են, գիտե քանի՜ գունդերի են բաժանված և յուրաքանչյուր գունդին ո՜վ է հրամայում:

Այդքանը ևս շատ բավական է: Այժմ կարող ես գնալ: Տեր ընդ քեզ:

Հավատարիմ փայակը, որ մտքի պես արագ էր և դևի պես ճարպիկ, որ հոգով ու սրտով նվիրված էր Սամվելին, որ միշտ ուրախ էր լինում, երբ նրանցից մի նոր հանձնարարություն էր ստանում, — այս անգամ ավելի ևս ուրախացավ, որովհետև նրա սրտի վրա ևս ծանրացած էին տխուր իրողությունների դառն հարվածները, և մխիթարվում էր, որ յուր ծառայություններով գուցե կարող կլիներ փոքր ի շատե օգնել գործին:

Նրա հեռանալուց հետո, ներս մտավ Արբակը:

Բարձրացրո՜ւ վարագույրները, — ասաց նրան Սամվելը: — Նայի՜ր, որ մեր շուրջը օտար մարդիկ չլինին:

Ոչ ոք չկա, ամենքը հավաքվել են խարույկի մոտ տեսնելու, թե ի՜նչպես են այրում աստուծո սուրբ գրքերը:

Ծերունին, վարագույրները բարձրացնելուց հետո, նստեց: Սամվելը հազիվ լսելի ձանյով ասաց նրան:

Ես այսօր կգնամ Մերուժանի մոտ ճաշելու, թեև ինձ համար թույնի չափ անախորժ պիտի լինի նրա ճաշը: Բայց կաշխատեմ օգուտ քաղել այդ ճաշից: ճաշի ժամանակ խոսակցությունը այնպես կտանեմ, որ մյուս օրը, երեկոյան, անպատճառ կարգադրվի որսորդության հանդես Արաքսի ափերի մոտ: Դու պատրաստ կլինիս ինձ հետ գալու և կանխապես կնախապատրաստես իմ մարդիկներին: Հասկանո՞ւմ ես:

Հասկանում եմ... — պատասխանեց ծերունին խորհրդավոր ձայնով և երկյուղած աչքերը դարձրեց դեպի երկինքը, կարծես, ամենակարողի հաջողությունն էր խնդրում: Երիտասարդը շարունակեց.

Իմ մարդիկներից յուրաքանչյուրը պետք է լավ գիտենա յուր դերը, եթե ոչ, մի ամենափոքր սխալ կարող է ամեն ինչ փչացնել: Նրանք պետք է հետևեն պայմանական նշաններին և նույն նշանների համեմատ գործեն: Իցե թե հանգամանքները փոխվին, այդ դեպքերում դու պետք է, հանգամանքների փոփոխության համեմատ, փոխես և նրանց գործելու եղանակը...

Արբակը այդ բոլորը կարգադրել է, դու անհոգ կա՜ց, — պատասխանեց ծերունին և գլխով հասկացրեց` ընդհատել խոսակցությունը, որովհետև նույն միջոցին դեպի որդու վրանը գալիս էր հայրը:

Ներս մտավ հայրը, ասելով.

Այժմ գնանք, սիրելի Սամվել, Մերուժանը սպասելիս կլինի մեզ, նրա հյուրերը արդեն հավաքվել են:

Գ

ԶՎԻԹԱ

«Ասեն զօրագլուխքն Պարսիզ ցԶուիթ երէց քաղաքին Արտաշատու. — Եկեալ ի միջոյ գերւույդ, ե՜րթ գնա` դու յո պետք է քեզ: Եւ ոչ առնոյր զայս յանձն երէցն Զուիթ, այլ ասէր. — Յո զխաշնդ տանիք, եւ զհովիւս տարայք, զի ոչ է մարթ հովուի թողուլ գլխաշն իւր, այլ պարտ ի հովուի դնել զանձն ի վերայ ոչխարին իւրոյ: Եւ զայս ասացեալ եմուտ ի գերութիւնն եւ խաղաց ի գերութիւն ընդ իւրում ժոովրդեանն յերկիրն Պարսից»:

Փաւստոս:

Հաջորդ էջ