Րաֆֆի՝   Սամվել

Տիկինը պատմեց այն, ինչ որ արդեն գիտեր Սամվելը, թե Շապուհ արքան շնորհել է յուր ամուսնին հայոց սպարապետությունը, իսկ յուր եղբորը, Մերուժանին, խոստացել է հայոց թագավորությունը, և յուր քույր Որմիզդուխտին արքան կնության է տվել Մերուժանին: Եվ այժմ թե՜ Մերուժանը, և թ՜ե յուր ամուսինը ճանապարհի վրա են, պարսից զորքերով գալիս են, մեկը հայոց թագավոր դառնալու համար, մյուսը` հայոց սպարապետ:

Այդ պատմության բոլոր ժամանակ տիկնոջ դեմքը փայլում էր անսահման ուրախությամբ, իսկ Սամվելը խորին վրդովմունքով լսում էր նրան, ավելի և ավելի պինդ գալարելով յուր ձեռքում մագաղաթի թերթը, որ բերել էր աղետավոր լուրը: Բայց Սամվելը նախապատրաստված էր այդ բոլոր դառն և ամոթալի եղելությունները լսելու, որոնց մեջն էր տեսնում յուր հայրենիքի կործանումը:

Տիկինը յուր ստացած տեղեկությունների մի մասը միայն պատմեց, և նամակի մեջ այնքանը միայն գրված պետք է լիներ: Բայց նա թաքցրեց Սամվելից, թե նրա հայրը և Մերուժանը ուրացել են քրիստոնեությունը, ընդունել են պարսից կրոնը և խոստացել են Շապուհին նույնը մտցնել և Հայաստանում, և այդ մտքով բերում են իրենց հետ մոգերի ահագին բազմություն, որ եկեղեցիների փոխարեն ատրուշաններ հիմնեն, և ամեն տեղ բաց անեն պարսից դպրոցներ, նախարարների և ազնվականների թ՜ե տղաներին, և թ՜ե աղջիկներին պարսկական ոգով և պարսկական կրոնի հրահանգներով կրթություն տալու համար: Նա ծածկեց Սամվելից և նրա հորեղբոր, Վասակի չարաչար մահը Շապուհից, ծածկեց և Արշակ թագավորի աքսորվիլը Անհուշ բերդում: Այդ բոլորը, իհարկե, գիտեր տիկինը, այդ բոլորը, անտարակույս, բերանացի հաղորդած կլիներ նրան նամակը բերող սուրհանդակը:

Տիկինը նկատեց այն վատ տպավորությունը, որ յուր պատմությունը գործեց որդու վրա, բայց իրան չգիտենալ ձևացնելով, գրկեց որդուն և, սեղմելով յուր կրծքի վրա, ասաց.

Դու այժմ կարող ես շնորհավորել ինձ, սիրելի Սամվել, — եղբայրս հայոց թագավոր, իսկ քո հայրը` հայոց սպարապետ...

Սամվելի դրությունը աննախանձելի էր: Նա կամ բացարձակ կերպով պետք է հայտներ յուր զզվանքը հոր և Մերուժանի վարմունքի դեմ, պատմելով բոլորը, ինչ որ ինքը գիտեր նրանց դավաճանությունների մասին, և կամ պետք է լռեր, որ միգուցե յուր անզգուշությամբ գործը փչացներ, և յուր արդեն խորհած, վճռած նպատակները մնային անկատար: Բայց լռել չէր կարող նա, պետք էր մի բան պատասխանել: Այդպիսի դժվարին րոպեներում նրան օգնության էր հասնում յուր սովորական թերահավատությունը մի կողմից, և յուր կծու հեգնությունը, մյուս կողմից:

Այդպես շուտ ուրախանալ, դեռ վաղ է, սիրելի մայր, — ծիծաղելով պատասխանեց նա, դուրս պրծնելով մոր գրկից:

Ինչո՞ւ, — հարցրեց մայրը և նրա ձայնը դողաց սրտի հուզմունքից:

Դեռ հայոց թագավորը կենդանի է...

Տիկինը չկարողացավ իրեն զսպել, հայտնեց այն, ինչ որ ծածկել էր աշխատում.

Հայոց թագավորը աքսորված է Անհուշ բերդում, որտեղից մարդիկ այլևս չեն վերադառնում:

Այդ ես գիտեմ, որ այնտեղից մարդիկ այլևս չեն վերադառնում, բայց հայոց թագաժառանգը Կ. Պոլսումն է, քրիստոնյա կայսրի մոտ...

Նրան ո՞վ կբերե և յուր հոր գահը կնստացնե:

Հունաց զորքերը և հայոց նախարարները...

Մինչև նրանց գալը, հայոց երկիրը գրավված կլինի պարսից զորքերով, իսկ իմ եղբայրը թագավոր:

Հաջողություն եմ ցանկանում...

Դու չես հավատում, Սամվել, բայց շուտով կտեսնես, որ այդ բոլորը կկատարվի, — ասաց մայրը, աշխատելով համոզել որդուն: — Դու ասում ես, որ հայոց թագաժառանգը կայսրի մոտ է, հունաց զորքերով կգա և յուր հոր գահը կժառանգե: Բայց գիտե՞ս ո՜վ է հունաց այժմյան կայսրը: — Հայերի թշնամի Վաղեսը: Նա արդեն հայոց քահանայապետ Ներսեսին, որ գնացել էր Կ. Պոլիս կայսրից օգնություն խնդրելու, ոչ միայն մերժել է յուր երեսից, այլ աքսորել է Միջերկրական Պատմոս կղզում: Այդ դու գիտե՞ս:

Առաջին անգամն եմ լսում...

Բայց նա գիտեր հալածասեր Վաղեսի անիրավ վարմունքը Ներսես Մեծի հետ: Նա ամենայն ուշադրությամբ հետևում էր բոլոր աղետավոր անցքերին, որ այդ ժամանակ կատարվում էին յուր հայրենիքի վերաբերությամբ: Եվ նրա զգայուն սիրտը բազմաթիվ վերքերով խոցված էր կատարվող չարիքներից:

Նա մտածեց կշտամբել մոր համակրությունը դեպի Վաղեսի վարմունքը: Նա մտածեց հայտնել յուր խորին տհաճությունը դեպի յուր հոր և Մերուժանի գործողությունները, բացատրելով, թե որպիսի՜ ազգակործան հետևանքներ կարող էին ունենալ նրանց ձեռնարկությունները և, վերջապես, նա մտածեց խոստովանվել մոր առջև, թե ինքը, որքան կարող է, ամեն հնարներ գործ կդնե` ոչնչացնելու հոր դիտավորությանը: Բայց նա գիտեր յուր մոր անսահման փառասիրությունը: Նա ցանկանում էր հայոց սպարապետի տիկին լինել և հայոց թագավորի քույր: Ամեն մի ապացույց այդ մոլեգին ցանկության առջև կկորցներ յուր ազդեցությունը:

Խոհեմությունը փականք դրեց նրա լեզվին:

Զ

ԵՐԿՈՒ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆԵՐ

Մամիկոնյան նախարարները, վաղեմի ժամանակներից, վայելում էին հայոց սպարապետության արտոնությունը: Այդ բարձր պաշտոնավարության իրավունքը անցնում էր նրանց տոհմի մեջ ժառանգաբար, որդին փոխարինում էր հորը նրա վախճանից հետո: Թեև եղել են բացառություններ, որ հայոց մյուս նախարարական տներից ևս սպարապետներ են ընտրվել, բայց այդ եղել է այն ժամանակ միայն, երբ թագավորի և Մամիկոնյանների մեջ որևէ, թշնամություն է տեղի ունեցել:

Տարոնի ամբողջ գավառը Մամիկոնյանների ժառանգությունն էր: Այստեղ` Գլակա վանքում դրած էին նրանց տոհմային շիրիմները. այստեղ` Ողական ամրոցը ներկայացնում էր նրանց իշխանական ոստանը: Բայց Մամիկոնյաններից մի ճյուղ, բաժանվելով, ապրում էր Տայոց երկրի ամրությունների մեջ և այնտեղ ուներ յուր անմատչելի բերդը, որ կոչվում էր Երախանի:

Բացի սպարապետության պաշտոնից, իբրև քաջ, առաքինի, հայրենասեր և ամեն ազնիվ հատկություններով հայտնի մի տոհմ, գլխավորապես Մամիկոնյաններից էին ընտրվում հայոց թագաժառանգների դաստիարակները և նրանց սնուցանող դայակները: Այնքան մեծ էր այդ տոհմի բարոյական ազդեցությունը, որ հայոց մյուս նախարարները միշտ խորին հարգանքով էին վերաբերվում դեպի Մամիկոնյանները, և ինքը, թագավորն անգամ մի առանձին ակնածություն ուներ նրանցից: Այդ էր պատճառը, որ Հայաստանում, ամեն մի դժվարին դեպքերում, ոչ մի գործ հնարավոր չէր համարվում, եթե Մամիկոնյանները չմասնակցեին: Անձնազոհությունը, բարձր առաքինությունը, հերոսական քաջազնությունը այդ տոհմի հատկանիշն էր:

Արշակ թագավորի օրերում Մամիկոնյաններից հայտնի էին երկու եղբայրներ` Վասակ և Վահան: Վասակը, որ Արշակի մանկության դայակն էր, հետո սպարապետության աստիճան ստացավ, իսկ Վահանը հազարապետի պաշտոն էր վարում:

Այդ երկու եղբայրներից Ողական ամրոցում ոչ մեկը չէր մնացել: Վերջին երկու սուրհանդակները երկու եղբայրների մահվան բոթը բերեցին Տիզբոնից: Վասակը սպանված էր պարսից Շապուհ թագավորից, իսկ Վահանը մահացել էր բարոյապես... Ամրոցում մնացել էին երկու եղբոր որդիները միայն`

Սամվելը` Վահանի որդին և

Մուշեղը` Վասակի որդին:

Գիշեր էր: Ամրոցի այն բաժնում, որտեղ Վասակի ընտանիքն էր բնակվում, բոլոր սենյակների ճրագները մարած էին: Միայն մի սենյակի լուսամուտների թանձր վարագույրների ետևից աղոտ լույս էր երևում: Այստեղ դեռ չէին քնել: Մի տղամարդ, անհանգիստ կերպով, երբեմն անցուդարձ էր անում սենյակի մեջ, երբեմն նստում էր բազմոցի վրա, և նրա անհամբեր աչքերը դառնում էին դեպի դռները: «Այդ ի՜նչ է նշանակում... — մտածում էր նա, — Սամվելը խնդրել է ինձանից գաղտնի տեսություն... ի՞նչ է պատահել, ի՞նչ խոսելիք ունի... մի՞թե դարձյալ վատ լուրեր են ստացվել... եթե մի ուրախալի բան լիներ, ինչո՞ւ էր նա գիշերով գալիս ինձ մոտ»...

Այղ տղամարդը Մամիկոնյան Վասակի որդի Մուշեղն էր: Վեց կամ յոթն տարի միայն մեծ կլիներ Սամվելից: Մի հոյակապ և բարեկազմ տղամարդ, որի ամեն մի գծերից երևում էր լավ պատերազմողի վեհությունը:

Սենյակը, որի մեջ գտնվում էր նա, զուրկ էր առանձին շքեղությունից: Կոշտ մազե օթոցներով ծածկված էր հատակը, և պատերի մոտ դրած էին մի քանի բազմոցներ, որոնք նույնպես պատած էին կոշտ գորգերով: Այստեղ և այնտեղ երևում էին զենքեր, որոնք զուրկ էին հարուստ զարդարանքներից: Դեպի ամեն կողմ, ուր և նայում էիր, աչքի էր զարկում պարզություն և անփառասիրություն: Երևում էր, որ այդ սենյակի բնակիչը, յուր իշխանական տան մեջ անգամ, սիրում էր պահպանել զինվորական կյանքի խստակեցությունը: Նրա հագուստի պարզությունը բոլորովին համապատասխանում էր յուր օթևանի անշքեղությանը: Նրանց մեջ նկատվում էր ավելի ամրություն և դիմացկոտություն, քան թե նրբություն կամ ճաշակ:

Նա մոտեցավ լուսամուտին, ետ քաշեց վարագույրը և բաց արեց փեղկերից մեկը: Երկար, անշարժ կանգնած, նայում էր դեպի դուրս: Ոչինչ չէր երևում, ոչինչ չէր լսվում: Ամեն ինչ նիրհում էր խորին մթության մեջ: Նայում էր դեպի այդ մթությունը, և նրա սրաթռիչ միտքը սլանում էր հեռու և հեռու, դեպի Տիզբոնի արքունիքը: Այնտեղ էր նրա սիրելի հայրը, այնտեղ էր և նրա սիրելի թագավորը: Այն օրից, որ գնացել էին նրանք, ոչինչ տեղեկություն չուներ: Ի՞նչ էր այդ լռության պատճառը... մի՞թե խաբե՛ց Շապուհը... մի՞թե բոլոր ճանապարհները փակվա՛ծ էին... Նա ոչինչ չգիտեր, նրան ոչինչ հայտնի չէր: Եվ նրա տխուր մտածությունները նույնպես խարխափում էին անստուգությունների մեջ, որպես նրա բարկությամբ լի աչքերը խարխափում էին գիշերային խավար մթության մեջ:

Այդ դրության մեջ գտավ նրան Սամվելը, երբ, սենյակի դուռը կամաց բաց անելով, ներս մտավ և, ետևից ձեռքը դնելով նրա ուսի վրա, սթափեցրեց խորին մտահուզությունից: Նա ետ նայեց, ասելով.

Դու բավական տանջեցիր ինձ, Սամվել:

Մորս լրտեսներով շրջապատված է իմ բնակարանը, — պատասխանեց Սամվելը զայրացած կերպով: — Հազիվ կարողացա դուրս պրծնել:

Ուրեմն մի բան կա, որ քո մայրը լրտեսներ է դնում, — ասաց Մուշեղը և նրա թախծալի դեմքը ընդունեց ավելի մռայլ կերպարանք:

Նստենք, կպատմեմ բոլորը:

Երկու եղբորորդիները նստեցին գահավորակի վրա, և Սամվելը մի քանի րոպե տատանվում էր, թե ո՜րտեղից և ի՜նչպես սկսե յուր պատմությունը, որ Մուշեղին մեծ ցավ չպատճառե: Նա սկսեց մի փոքր հառաջաբանով, թե ինքը համոզված է, որ Մուշեղը այնքան կամքի զորություն և սրտի ամրություն ունի, որ սառնությամբ կլսե բոլորը, և միասին կխորհեն աղետավոր պատահարների առաջը առնելու: Բայց Մուշեղը անհամբերությամբ ընդհատեց նրան, ասելով.

Ի սեր աստուծո, առանց այդ ավելորդությունների, պատմի՜ր, ինչ որ ասելու ունես. դու կարող ես վստահ լինել, որ ես կնոջ նման արտասուք չեմ թափի:

Սամվելը պատմեց սուրհանդակի բերած լուրերը, թե ինչպես յուր հայրը և Մերուժանը միաբանվել են, ուրացել են քրիստոնեությունը, ընդունել են պարսից կրոնը, և պարսից մոգերով ու զորքերով գալիս են նվաճելու Հայաստանը: Պատմեց և այն, որ Շապուհը յուր քույր Որմիզդուխտին կնության է տվել Մերուժանին և խոստացել է նրան հայոց թագավորությունը, եթե նա կհաջողացնե հայոց նախարարներին ու նշանավոր եկեղեցականներին կալանավորել և Պարսկաստան ուղարկել, և այնուհետև տարածել հայոց երկրում պարսից կրակապաշտությունը: Պատմեց և այն, որ յուր հայրը ստացել է հայոց սպարապետությունը, իսկ Արշակ թագավորը աքսորված է Անհուշ բերդում:

Իսկ իմ հա՞յրը, — ընդհատեց Մուշեղը:

Սամվելը, շփոթվելով կանգ առեց, և ապա պատասխանեց.

Քո հայրը նույնպես...

Աքսորվա՞ծ է:

Այո՜, աքսորված է...

Թագավորի՞ հետ:

Այո՜, թագավորի հետ...

Սամվելը սուտ չխոսեց: Բայց այնտեղ, Անհուշ բերդում, աքսորված էր, և շղթայակապ թագավորի աչքի առջև դրել էին նրա հարդով լցրած պաճուճապատանքը միայն: Դեռ չտեսնված Մուշեղի հետ, Սամվելը ամբողջ օրը տանջվում էր այն մտքով, թե ի՜նչպես հայտնե նրան հոր չարաչար մահը Շապուհից: Այդ կարող էր սաստիկ ծանր ներգործություն ունենալ նրա հայրասեր սրտի վրա և անմխիթար սուգի մեջ դնել նրան: Վերջը ընտրեց երկու հարվածներից փոքրագույնը, հայտնելով, թե հայրը աքսորված է թագավորի հետ:

Խաբեբա պարսի՛կ, — բացագանչեց նա սրտմտությամբ լի ձայնով, — քեզ համար խոսքի և խոստմունքի սրբություն չկա... Վարազագիր մատանիով աղ կնքեցիր դու, որ քո կրոնի մեջ ամենամեծ երդումն է, և ուղարկեցիր, կոչելով իմ հորը և նրա թագավորին քո մոտ, իբր հաշտության ուխտ դնելու, բայց տարար և վատությամբ աքսորեցիր: Անամո՛թ...

Այդ խոսքերը վերաբերում էին Շապուհ արքային, որ նենգավոր խոստումներով հայոց թագավորին և հայոց սպարապետին Տիզբոն հրավիրեց:

Նա դարձավ դեպի Սամվելը:

Իրավ է, իմ հայրը ամբողջ երեսուն տարի անընդհատ պատերազմեց Շապուհի զորքերի հետ և ամեն անգամ ջարդեց նրանց: Բայց պատերազմեց ազնիվ կերպով: Եթե Շապուհը փոքր ի շատե մարդավարություն ունենար, նա չպիտի մոռանար այն մեծահոգությունը, որ իմ հայրը ցույց տվեց նրան: Երբ նա հաղթված, խորտակված, փախչում էր իմ հոր առջևից, նրա ամբողջ բանակը և ամբողջ կանանոցը գերի ընկավ իմ հոր ձեռքում: Բայց հայրս նրա կանանցը պատվով և ժանվարներով ետ ուղարկեց պարսից արքունիքը: Այդ բոլորը մոռացավ նա: Դավաճանեց յուր երդմանը և խաբեց... Վա՛տ մարդ...

Այսպես, լի մաղձային դառնությամբ թափվում էին խոսքերը վշտացած երիտասարդի շրթունքներից, և նրա սիրտը բորբոքվում էր վրեժխնդրության բոցով: Նա զայրացած դեմքով վեր կացավ և, կանգնելով յուր հորեղբորորդու առջև, ասաց.

Լսի՜ր, Սամվել, մենք մեր հայրերի զավակը չենք լինի, մենք պոռնիկորդի պիտի համարվինք, եթե այդ բոլոր անիրավությունները կմնան անպատիժ: Համբերության բաժակը լցվեցավ. թշնամին մինչև ծայրը հասցրեց յուր վատությունը...

Նա մի քանի քայլ անցավ սենյակի միջով, նկատեց, որ լուսամուտը բաց էր մնացած, փակեց և ցած թողեց վարագույրը: Անհնարին էր նայել այդ մարմնացած սրտմտության վրա, որի խոշոր աչքերից կրակ էր ցայտում, որի շրթունքները դողում էին տենդային տապով: Գունաթափ էր այրական դեմքը, գունաթափ, որպես մարմարիոն: Նա կրկին կանգնեց Սամվելի առջև և, ուղիղ նրա թախծալի աչքերի մեջ նայելով, հարցրեց.

Ինչո՞ւ ես լուռ, ինչո՞ւ չես պատասխանում:

Դու ավելի բախտավոր ես, քան թե ես, Մուշեղ, — ասաց Սամվելը, — քո հայրը մի հերոս էր և հերոսի վախճան ունեցավ... Նա յուր ամբողջ կյանքը անցկացրեց, պատերազմելով հայրենիքի թշնամիների հետ, և վերջը յուր անբախտ թագավորից չբաժանվեցավ... Սուրհանդակը պատմում էր ինձ, թե ինչպես նա յուր բոլոր վեհությամբ կանգնած էր Շապուհի ատյանում և հանդիմանում էր ուխտազանց թագավորի խաբեությունը: Ամբողջ ատյանը և ինքը թագավորը զարմացած էին մնացել նրա համարձակության վրա: Բայց ես անբախտ որդի եմ: Իմ հա՜յրը, արժանավոր հարազատի անարժան եղբայրը դավաճանեց յուր հայրենիքին, դավաճանեց յուր թագավորին: Այժմ, Շապուհի ձեռքում մի անարգ գործիք դարձած, գալիս է ծածկելու հայրենի երկիրը հրով և արյունով... գալիս է ոչնչացնելու այն եկեղեցիները, որոնց մեջ ինքը մկրտված է և որոնցից շատերը յուր նախնիքն են կառուցել... գալիս է մեզ ստիպելու, որ պարսկերեն աղոթենք և պարսից աստվածներին եկրպագենք...

Արտասուքը թույլ չտվեց նրան ավարտել յուր խոսքերը, երկու ձեռքով բռնեց աչքերը և սկսեց դառն կերպով հեկեկալ: Նա չուներ Մուշեղի խստասրտությունը և ոչ նրա ամուր բնավորությունը: Նրա սիրտը այնքան քնքուշ էր և նրա զգացմունքները այնքան նուրբ էին, որ ամենաթեթև պատահարներն անգամ սաստիկ ազդում էին նրա վրա: Բայց Մուշեղը ուշադրություն չդարձրեց նրա արտասուքի վրա և կատաղությամբ գոչեց.

Այո՜, քո հայրը դավաճանեց... և Մամիկոնյանների տոհմի վրա մի մեծ բիծ դրեց... պետք է մաքրե՛լ այդ բիծը...

Նա երեսը շուռ տվեց, և նրա աչքին ընկավ յուր պապի` Վաչեի պատկերը, որ քարշ էր ընկած պատից: Մի քանի րոպե կանգնեց պատկերի առջև, խորին պատկառանքով նայում էր նրա վրա: Հետո դարձավ դեպի Սամվելը և, ձեռքը մեկնելով դեպի պատկերը, խոսեց.

Երբ այդ հերոսը ընկավ պատերազմի դաշտում, այն արյունահեղ կռվի մեջ, որ մղում էր պարսիկների դեմ, այդ ժամանակ հայոց ամբողջ աշխարհը սուգի մեջ մտավ: Լաց էր լինում թագավորը, լաց էր լինում զորքը, լացում էին և շինականները: Նրա թաղման հանդեսում հայոց մեծ քահանայապետ Վրթանեսը, Գրիգոր Լուսավորչի որդին, յուր ճառի մեջ այդ խոսքերով մխիթարեց ժողովրդին.

«Մխիթարվեցե՜ք Քրիստոսով, դա մեռավ, բայց՜ յուր մահվամբ անմահացավ: Որովհետև դա յուր անձը զոհեց մեր աշխարհի, մեր եկեղեցիների և մեր աստվածագործ կրոնի համար: Դա մեռավ, որպեսզի մեր աշխարհը, գերի դառնալով, չքանդվի, որպեսզի սուրբ եկեղեցիների կարգը չխանգարվի և մեր տաճարների սրբությունները անօրենների ձեռքը չընկնեն: Եթե մեր թշնամիները տիրելու լինեին մեր աշխարհին, անշուշտ իրանց անաստված կրոնը կհաստատեին այնտեղ: Իսկ այդ բարեպաշտ նահատակը դրա համար պատերազմեց, որ չարությունը հալածե, հեռացնե մեր աշխարհից, և դրա համար ևս մեռավ, որ մեր աստվածասեր երկրում անօրենությունը մուտք չգործե: Քանի որ կենդանի էր դա, միշտ արդար վաստակով պատերազմեց, իսկ յուր մեռնելու ժամանակ` յուր անձը զոհեց տերի ճշմարտության համար և նրա հոտի փրկության համար: Նա՜, որ յուր հայրենիքի, յուր եղբայրների և յուր սուրբ եկեղեցու համար յուր անձը չխնայեց, նա՜, կրկնում եմ, դասակից կլինի Հիսուս Քրիստոսի նահատակների հետ: Արդ, լաց չլինենք այդ մեծ կորուստով, այլ հարգենք հանգուցյալի անձնազոհությունը, օրենք դնելով մեր աշխարհում, որ դրա քաջության հիշատակը, հավիտենից հավիտյան, Քրիստոսի սուրբ նահատակների հետ, անխափան տոնվի մեր եկեղեցիներում»:

Վերջացնելով այդ ճառը, որ Մամիկոնյանները անգիր գիտեին, որ նրանց ուխտի ավանդական հանգանակն էր, Մուշեղը ավելացրեց.

Հայոց եկեղեցին յուր սուրբ սեղանի վրա, պատարագի ժամանակ, յուր նահատակների թվում հիշում է և մեր պապին. բայց այսուհետև նույն եկեղեցին անեծք կկարդա նրա անարժան թոռան վրա...

Եվ դա իմ հա՛յրն է... — գոչեց Սամվելը ողբալի ձայնով:

Մուշեղը պատասխանեց.

Հայրենիքի թշնամին, հայրենիքի դավաճանը ոչ քո հայրը կարող է համարվել, և ոչ իմ հորեղբայրը: Այսուհետև նա մեզ համար օտար է և ավելի օտար, քան թե մի պարսիկ: Համաձա՞յն ես, Սամվել:

Բոլորովին:

Տո՜ւր ինձ ձեռքդ:

Սամվելը մեկնեց յուր դողդոջուն ձեռքը:

Վճռված է... — ասաց Մուշեղը և նստեց նրա մոտ: — Այժմ խորհենք, թե ի՜նչ պետք է անել:

Երկար երկու կողմից ևս տիրում էր լռություն:

Լսի՜ր, Սամվել, — խոսեց Մուշեղը, — երբեք Հայաստանը այսպիսի ճգնաժամի մեջ չէ գտնվել, որպես այժմ: Թագավորը աքսորված է, հայրապետը աքսորված է, իմ հայրը` սպարապետը աքսորված է: Թշնամիները այդ անտերությունից կարող են ամեն տեսակ օգուտներ քաղել: Ներքին երկպառակությունը ավելի մեծ վտանգ է սպառնում, քան թե արտաքին թշնամին: Իմ ստացած տեղեկությունների համեմատ, մեր նահանգներից, մեր գավառներից շատեր ապստամբվել են, մտածում են թոթափել հայոց թագավորի լուծը: Ապստամբվել է Աղձնյաց բդեշխը և, Ջորո կոչված ահագին պարիսպը կառուցանելով, յոււր աշխարհը բաժանել է մեր երկրից: Ապստամբվել է Նոր-Շիրականի բդեշխը: Ապստամբվել են` Մահկեր տան, Նիհորական, Դասսընտրեի բդեշխները: Ապստամբվել է Գուգարաց բդեշխը: Ապստամբվել են` Ձորոց գավառի տերը, Կողբա գավառի տերը և Գարտմանաձորի տերը: Ապստամբվել են` Արցախի ամուր գավառը, Տմորյաց ամուր գավառը, Կորտրյաց ամուր աշխարհը և Կորդվաց գավառի տերը: Ապստամբվել են` ամբողջ Ատրպատականը, Մարաց ամուր աշխարհը և Կասպից աշխարհը: Ապստամբվել են նաև Անձտյաց և Մեծ Ծոփաց իշխանները: Պարսից սահմանակիցները բռնել են պարսից կողմը, իսկ Հունաց սահմանակիցները բռնել են հունաց կողմը:

Սամվելը, որ խորին վրդովմունքով լսում էր այդ բոլորը, ընդհատեց Մուշեղի տեղեկությունները, բացագանչելով.

Անիրավնե՛ր, նրանք, որ մեր հայրենիքի կողմնակալներն ու սահմանապահներն են, այժմյան ընդհանուր ճգնաժամի ժամանակ, փոխանակ պաշտպանելու երկիրը արտաքին թշնամիներից, նախ իրանք են լինում, որ ապստամբվում են և բարեկամական ձեռք են մեկնում թշնամուն: Այլևս ի՞նչ է մնում մեզ, երբ գլխավոր ուժերը ապստամբվել են...

Մեզ մնում է ժողովուրդը, — պատասխանեց Մուշեղը խրոխտալի ձայնով: — Թշնամին մի մեծ սխալ գործեց, և մենք այդ սխալից կարող ենք օգուտ քաղել: Թշնամին դիպավ ժողովրդի ամենա սրբազան զգացմունքներեննրա եկեղեցուն: Եթե քո հայրը և Մերուժան Արծրունին ճանաչած լինեին հայի սիրտն ու հոգին, նրանք պետք է ձեռնամուխ չլինեին դեպի եկեղեցին, այն ժամանակ, գուցե, կարող էին նվաճել Հայաստանը: Իսկ այդ ձեռնարկության մեջ, ես վստահ եմ, որ նրանք անպատճառ տանուլ կտան:

Բայց ժողովուրդը դեռ ոչինչ չգիտե:

Այդ դեպքում հոգևորականությունը մեր զորեղ դաշնակիցը կլինի: Դու, Սամվել, ավելի մոտ հարաբերություններ ունես Աշտիշատի վանքի հետ, էգուց, առանց ժամանակ կորցնելու, կգնաս այնտեղ և ինչ որ պետք է, կկարգադրես: Իսկ ես իմ կողմից բոլոր վանքերը մարդիկ կուղարկեմ:

Բայց ես չգիտեմ` ինչպե՞ս վարվեմ իմ մոր հետ: Նա բոլորովին կաշկանդել է ինձ:

Քո մայրը, Սամվել, մի սարսափելի կին է. նա կարող է շատ բան փչացնել, եթե նրա հետ զգուշությամբ չվարվես:

Որպեսի՞ զգուշությամբ:

Դու պետք է քեզ այնպես ձևացնես, որ կամակից ես նրա հետ:

Ուրեմն ես պետք է կեղծավորվե՞մ: Դա շատ ծանր կլինի ինձ համար:

Առայժմ ուրիշ ճար չկա:

Է

ՊԱՏՐՎԱԿ

Առավոտյան, չնայելով որ օրից բավական անցել էր, բայց Սամվելը դեռ չէր դուրս եկել յուր քնարանից: Գիշերը նա շատ ուշ վերադարձավ Մուշեղի մոտից և անկողին մտավ համարյա լուսաբացին: Պատանի Հուսիկը արդեն մի քանի անգամ մոտեցել էր նրա քնարանի դռանը, ականջը անհամբերությամբ տարել էր կողպեքի մոտ, և երկար, զգուշությամբ լսել էր յուր տիրոջ շնչառության ծանր հառաչանքները: «Չլինի թե հիվանդ է»... մտածեց նա վերջին անգամ, և բարեսիրտ պատանու պայծառ դեմքը մռայլվեցավ խորին տխրությամբ:

Նրա դուրս գնալուց հետո ընդունարանը ներս մտավ մի ծերունի, չոր ու ցամաք, որպես կմախք: Մորուքի և գլխի ճերմակ մազերի միջից դուրս էր նայում նրա մագաղաթի գույնով սառն դեմքը, որ յուր խոշոր գծերով արտահայտում էր մի ամուր բնավորություն: Թե ինչո՞ւ համար մտավ նա, ինքն էլ չգիտեր, բայց շուտով յուր համար գործ գտավ: Մոտեցավ սենյակի այս և այն առարկային, նայեց, զննեց, մեկը վեր առեց, մյուսի տեղը դրեց, մյուսը առաջինի տեղը դրեց: Մոտեցավ անկյուններում դրած նիզակներին, աշտեներին, մեկը վեր առեց, այս անկյունից այն անկյունը տարավ, այնտեղինը այստեղ բերավ, դրեց, նայեց, տեսավ, որ փոքր-ինչ ծուռն էր կանգնած, ուղղեց, և դարձյալ շարունակեց նայել: Ահա այդ տեղափոխություններով էր զբաղված, երբ պատանի Հուսիկը կրկին ներս մտավ, և նրա ձեռքը բռնելով, ասաց.

Այդ ի՞նչ քո գործն է: Էլի եկար ամեն բան խառնելու:

Սո՛ւս, լակո՛տպատասխանեց ծերունին և ձեռքով այնպես սաստիկ հրեց նրան, որ եթե Հուսիկը կատվի առաձգական ճարպկությունը չունենար, կարող էր ծեփի նման թխվել հատակի վրա:

Կամա՜ց, սիրելի Արբակ, — զգուշացրեց պատանին, — մեր տերը քնած է:

Քնա՛ծ է, — կրկնեց ծերունին ծաղրական ձայնով, — քնած է, կզարթնի, հիմա ո՞վ է քնում:

Եվ իրավ, ընդունարանի աղմուկը զարթեցրեց Սամվելին:

Ծերունի Արբակը Սամվելի դայակն էր. երեխայությունից սնուցել էր նրան յուր բազուկների վրա. այդ էր պատճառը նրա չափազանց ընտանության: Նա մի հին զինվոր էր, զինվորի կոշտ և մաքուր սրտով: Մինչև այդ հասակը նա դեռ պահպանել էր յուր վաղեմի քաջազնական հոգու թարմությունը: Սամվելը հարգում էր այդ մարդուն, հարգում էր նրա ծերությունը, հարգում էր և նրա անծերանալի արիությունը: Այդ հասակում ևս նրա նետը երբեք չէր վրիպում նպատակից. այդ հասակում ևս նա խիստ հաջողակ ձեռք ուներ: Դեռ պատանեկության հասակից կրթում էր նա Սամվելին որսորդության և զանազան զինվորական մարզությունների մեջ. սովորեցնում էր վազել, լայն վիհերի վրայից թռչել, ձիարշավ լինել և խստերախ նժույգներին սանձահարել: Սովորեցնում էր նետաձիգ լինել և նետերով երկաթյա զրահներ պատառել: Այդ փորձերը նա անել էր տալիս պղնձյա տախտակների վրա: Սովորեցնում էր սրի մի հարվածով մարդկանց գլուխը թռցնել, կամ նրանց մեջտեղից կես կիսել: Այդ փորձերը նա անել էր տալիս անասունների վրա: Սովորեցնում էր քաղցի ու ծարավի դիմանալ և գիշերը առանց անկողնի բացօթյա տեղում պառկել: Մի խոսքով սովորեցնում էր այն բոլոր մարզությունները, որ այդ ժամանակ ընդունված էին նախարարների որդիների կրթության համար, և որոնք անհրաժեշտ էին լավ մարդ և լավ զինվոր լինելու համար: Սամվելի դայակի բարոյական կրթության ծրագիրը շատ սահմանափակ էր: Նա բովանդակում էր յուր մեջ մի քանի հիմնական խրատներ միայն. սուտ չխոսել, տված խոստմունքը կատարել, ողորմած լինել դեպի տկարները, հավատարիմ լինել թագավորին և հայրենիքին, սակավապետ լինել և ժուժկալ: Իսկ ավելի ընդարձակ բարոյական և հոգևոր կրթությունը հանձնված էր առանձին վարժապետների, որ միևնույն ժամանակ սովորեցնում էին նրան կրոն, լեզուներ և դպրություն: Այդ վարժապետները հրավիրվում էին ամրոցը մերձակա Աշտիշատի վանքից:

Արբակը շատ համեստ մարդ էր, սիրում էր, որ ուրիշները խոսեին յուր մասին, բայց երբեմն, երբ բարկացնում էին նրան, նա հարևանցի կերպով հիշեցնել գիտեր յուր տոհմային ազնվականությունը, ասելով, «Ինձ խո պատի տակից չեն գտել»... Խիստ հաճախ սովորություն ուներ խոսել այն ճակատամարտի մասին, թե ի՜նչպես պարսիկները կտրեցին Եփրատի նավակամուրջը, արգելեցին Հուլիանոսի անցքը, իսկ իրանք պարսիկներին վանելով, Հուլիանոսի համար ճանապարհ բաց արին: «Ա՛խ, եթե ես գիտենայի որ Հուլիանոսը այնպես վատ մարդ էր»... միշտ այդ խոսքերով էր եվրջացնում յուր պատմությունը:

Պատմիր Արբակին ամեն տեսակ պատերազմական հրաշալիքներ, նա քեզ կպատասխաներ. «Ա՛յ, այն ժամանակ, երբ մենք կռվում էինք Եփրատի մոտ»... և կսկսեր նավակամուրջի պատմությունը: Նա մոռանալ չէր կարող ուրացող կայսրի վարմունքը յուր թագավորի` Տիրանի հետ, որ պատճառ դարձավ հայոց մի հզոր քահանայապետի մահվանը:

Սամվելը դուրս եկավ քնարանից և, տեսնելով այնտեղ Արբակին, ողջունեց, ասելով.

Բարով, Արբակ, ի՞նչ կա:

Քո ողջությունը, — պատասխանեց ծերունին, նստելով հատակի վրա տարածված օթոցի վրա:

Նա չէր սիրում նստել բարձր բազմոցի կամ գահավորակի վրա, համարելով այդ մի ծիծաղելի սովորություն: «Փայտե ձի են նստում, որ երբեք չէ շարժվում» — մի այդպիսի հանելուկի ձև էր ստացել նրա բերանում այդ սովորությունը:

Լավ է, որ եկար, Արբակ, — ասաց Սամվելը. — ես այս առավոտ կամենում եմ որսի գնալ:

Ծերունին ժպտալով պատասխանեց.

Որսի գնացողի՛ն նայեցեք... որսի գնացողը հիմա՞ է վեր կենում... արևը հինգ ջիդայից ավելի բարձրացել է:

Այսինքն` նիզակի հինգ երկարությամբ բարձրացել է հորիզոնի վրա: Նիզակը մի չափ էր Արբակի համար, որ ամեն տարածություն անխտիր նրանով էր չափում:

Դայակի հանդիմանությունը իրավացի էր. նախ, որ Սամվելը երբեք սովորություն չուներ այնպես ուշ վեր կենալու. երկրորդ, որ որսի էին գնում դեռ արևը չծագած:

Նա արդարացրեց իրան, ասելով, որ գիշերը շատ ուշ քնեց, երկար անհանգիստ էր, և լուսաբացին միայն քունը տարավ: Բայց այդ բոլոր պատճառները ոչինչ համոզել Արբակին չկարողացան: Նա մնաց այն կարծիքի մեջ, թե երբ մի երիտասարդ գիշերը քնել չի կարողանում, նա անպատճառ մի որևիցե «սատանայություն» կունենա, և այդ, Արբակի հայացքով, շատ անվայել էր:

Արբակը սովորել էր նայել Սամվելի վրա, որպես մի երեխայի վրա, որը մի ժամանակ մոռանում էր մոր տված թաշկինակով քիթը սրբել: Նա բնավ հաշտվել չէր կարողանում այն մտքի հետ, թե այն երեխան աճել էր, մեծացել էր, և յուր կամքը ու ցանկություններն ուներ: Թեև Սամվելը վաղուց դուրս էր եկել նրա հոգաբարձության տակից, բայց պահպանելով ծերունու պատիվը, երբեմն նրա խորհրդին էր դիմում: Բայց երբ Արբակի խորհրդին էին դիմում, այդ միջոցում նա շատ խստապահանջ էր դառնում:

Վերջապես, զիջանելով յուր սանիկի թախանձանքին, ասաց նա.

Հիմա որ գնում ես, ես կպատվիրեմ կարմիր ձին պատրաստեն:

Ինչո՞ւ կարմիրը, Արբակ, դու գիտես, որ ես ճերմակն եմ սիրում, — հակառակեց Սամվելը:

ճերմակը դեռ նստելու չէ, — պատասխանեց Արբակը գործագետ մարդու եղանակովայդ անիրավը, որպես տեսնում եմ, խելքի գալու միտք չունի. նա մի օր քեզ փորձանքի մեջ կձգի:

Սամվելը ընդունեց ծերունու խորհուրդը, միայն խնդրեց, որ երկու ծառայից և երկու բարակից ավելի չլինի յուր հետ: Այդ ցանկությունը խիստ օտարոտի երևաց Արբակին, որովհետև նա, ինչ որ որսորդության էր վերաբերում, այդ սովորություններին ու կարգերին սաստիկ նախանձախնդիր էր: Ամեն անգամ, երբ Սամվելը որսորդության էր գնում, նրան ուղեկցում էին տասն-քսան ձիավորներ և նույնքան շներ: Մի քանի օր առաջ հարևան ազնվականների որդիները հրավեր էին ստանում մասնակցելու որսորդությանը: Եվ վերջապես, որոշվում էր տեղը, ժամանակը, ուր կանխապես նախապատրաստություններ էին տեսնում: Իսկ այս առավոտ հանկարծ Սամվելի խելքին փչում էր որսի գնալ, այն ևս երկու ձիավորով: Ի՞նչ կմտածեին տեսնողները: Դա անվայել չէ՞ր լինի: Բայց Սամվելը հանգստացրեց ծերունուն, ասելով, թե ավելի մի թեթև զբոսանք կատարելու ցանկություն ունի, քան թե որսորդության, որովհետև իրան վատ է զգում և կամենում է փոքր-ինչ զվարճանալ:

Ամրոցում արդեն գիտեին սպարապետի վերադարձը Տիզբոնից, իհարկե, ոչ այն մանրամասներով, որպիսի լուրեր բերեցին վերջին երկու սուրհանդակները: Սամվելը կամեցավ գիտենալ, թե ի՜նչ տպավորություն էր գործել այդ համբավը ծերունու վրա:

Դու գիտե՞ս, Արբակ, որ հայրս գալիս է, և գալիս է հայոց սպարապետի պաշտոնով:

Ծերունին փոխանակ պատասխանելու, ձեռքը տարավ դեպի գլուխը, ճակատը շփեց, կարծես թե դժվարանում էր պատասխան գտնել:

Ինչո՞ւ չես խոսում:

Այդ բանից լավ հոտ չէ գալիս... — պատասխանեց պարզախոս ծերունին, և այժմ ավելի պինդ կերպով սկսեց շփել յուր ճակատը:

Ինչո՞ւ, Արբակ, այդ ի՞նչ ասելու բան է, — հարցրեց Սամվելը իրան վիրավորված ձևացնելով:

Ծերունին ձեռքը տարավ դեպի ճերմակ մորուքը և բռնելով, ասաց,

Այդ մազերից ամեն մեկը մի փորձանքի մեջ է սպիտակել, Սամվել... ես շատ բան եմ տեսել և շատ բան եմ փորձել...

Նա լռեց, այլևս ոչինչ չասաց, բայց նրա վշտալի դեմքը շատ բան ասաց Սամվելին: Ծերունին, իհարկե, չգիտեր, թե որպիսի՜ չար հանձնարարություններ ստացած ուներ Սամվելի հայրը Շապուհ արքայից, որ պետք է կատարեր յուր հայրենիքում: Բայց նրան անհանգստացնում էր այն աղոտ կասկածանքը, թե ինչու՞ հայոց սպարապետությունը Սամվելի հորը տվեցին, քանի որ այդ պաշտոնը տոհմային օրենքով վայելում էր նրա երեց եղբայրը` Վասակը, կամ ի՞նչ իրավունքով պարսից Շապուհ արքան ձեռնամուխ էր լինում այն կարգագրությունների մեջ, որ հայոց թագավորի իրավունքից միայն կախումն ունեին: Այդ կասկածները արտահայտեց ծերունին, երբ վեր կացավ և, յուր քայլերը ուղղելով դեպի սենյակի դուռը, ասաց դառնացած ձայնով.

Ես շատ ուրախ կլինեի, երբ մեր տերը յուր թագավորի հետ կվերադառնար Տիզբոնից և ոչ թե Մերուժան Արծրունու հետ...

Նա դուռը սաստիկ բախեց յուր ետևից և մրթմրթալով անցավ նախասենյակից:

Արբակի վրդովմունքը սաստիկ ազդեց Սամվելի վրա: «Որպիսի՛ սուգ պետք է տիրե ամրոցում, երբ գործի իսկությունը բոլորովին հայտնի կլինի, — մտածում էր նա, — ոչ ոք, բացի իմ մորից, գոհ չպիտի մնա իմ հոր վարմունքից... Նա կբերե յուր հետ աղմուկ, կռիվ, նախանձ, ատելություն յուր տան մեջ... »:

Next page