Րաֆֆի՝   Սամվել

Կեսօր էր: Մերուժանի ընդարձակ, երկնագույն վրանում արդեն հավաքված էին հյուրերը: Բոլորից բարձր նստած էր Հայր-ՄարդպետըԴղակը, որ յուր անհեթեթ հագուստով և վիթխարի մարմնով մի քանի մարդու տեղ էր բռնել: Նրա աջ և ահյակ կողմերում նստած էին մի-մի ճերմակազգեստ մոգեր, երկար, սրածայր գլխարկներով, որ, տաշած շաքարի գլուխների նման, յոթնանկյունի ձև ունեին, և յուրաքանչյուր անկյունի միջոցում գույնզգույն թելերով կարված էին խորհրդավոր նշանագրեր: Մոգերից մեկի մոտ նստած էր Վահան Մամիկոնյանը, մյուսի մոտ` Մերուժանը: Իսկ Մերուժանի մոտ նստած էին Սամվելը և պատանի Արտավազդը: Հետո, իրանց բարձի և աստիճանի համեմատ, կարգով նստած էին զանազան պարսիկ սպաներ, որոնց թվումն էր և նշանավոր Կարեն զորապետը: Հյուրերի մեջ չէր երևում միայն ծերունի Արբակը: Նա բացարձակ կերպով մերժեց Մերուժանի ճաշը և չկամեցավ մասնակցել: Մերուժանը ամենևին չվիրավորվեցավ, որովհետև նրան ևս հայտնի էր համառ ծերունու օտարոտի բնավորությունը:

Մերուժանը զարմանալի նմանություն ուներ յուր քրոջ որդունՍամվելին: Թե՜ դեմքով և թե՜ կազմվածքով նա իսկական Սամվելն էր, միայն հասակը և տարիքը նրան ավելի զարգացած և ավելի այրական տեսք էին տվել: Նա իսկապես շատ գեղեցիկ մարդ էր, ուրախ, քաղցրախոս, և ոչ մելամաղձոտ, ինչպես էր մռայլ Սամվելը: Երկար ժամանակ Տիզբոնի արքունիքում ապրելով, և պարսից ամենաբարձր շրջանների հետ հարաբերություններ ունենալով, նա սեփականել էր իրան այդ ազգի կենցաղավարության ամենանուրբ ձևերը: Ամեն մի հասարակության մեջ նա շատ սիրելի էր և հրապուրիչ: Պարսկական քաղաքավարության հետ` միացրել էր նա և պարսկական խորագիտությունը, որ թաքցրած էր նրա գեղեցիկ, գրավիչ և խաբուսիկ դեմքի ներքո:

Իսկ այդ հրապուրիչ դեմքը, մանավանդ յուր վերջին հաջողություններից հետո, թեև ավելի իրավունք ուներ փայլելու և անսահման ուրախ լինելու, բայց, ընդհակառակն, կրում էր յուր վրա ներքին թախծության խորին դրոշմը, որը նա ամենայն ջանքով աշխատում էր ծածկել: Այն օրից, երբ նա Արտագերս ամրոցում այնպես նախատական կերպով մերժում ստացավ Որմիզդուխտից, այո՜, այն օրից նրա սրտի հետ` փշրվեցան և նրա ամենագեղեցիկ ցնորքները, որոնց մեջ թե՜ յուր փառքը և թե՛ յուր երջանկությունն էր որոնում: Ինչե՛ր չարեց նա, ի՛նչ գործեր չկատարեց նա սիրած աղջկա համար: Նա մեղանչեց խղճի դեմ, նա մեղանչեց պատվի դեմ, նա դավաճանի անարգ անունը ժառանգեց, միայն նրան արժանի լինելու համար: Բայց նա անողորմ ոտքով կոխ տվեց բոլորը և անցավ... Երազում էր պարսից այրքայից արքայի փեսան լինել, իսկ այժմ աշխարհի մեջ ծաղր ու ծանակ դարձավ: Որմիզդուխտը մի հարվածով խորտակեց նրա թե՜ ապագան և թե՛ հույսերը: Եվ այս բոլորը վերաբերում էր նա հայոց թագուհու կախարդիչ ազդեցությանը միամիտ օրիորդի վրա: Գուցե Որմիզդուխտը այնպես չէր վարվի, եթե նա այնքան երկար ժամանակ խորամանկ Փառանձեմի ձեռքում չտգնվեր, — այսպես էր մտածում նա, և ոչինչ վրեժխնդրություն այնքան դառն և այնքան ծանր չէր համարում, քան թե այն, որով հայոց թագուհին պատժեց նրան պաշտած աղջկա բերանով նախատելով նրա թե՜ սերը և թե՜ սնափառությունը, որոնց զոհ դարձան թշվառ հայրենիքի այնքան նվիրական սրբությունները ...

Թեև նա իսպառ վհատած չէր, թեև տակավին հույս ուներ, որ Շապուհը անպատճառ կկատարի յուր խոստմունքները, — բայց ի՞նչ երջանկություն` կնոջ բռնի ամուսին լինել, որը զզվում էր նրանից, և մի երկրի բռնի թագավոր լինել, որը անիծում էր նրան: — Այդ մտքերը վերջին օրերում, թունավոր ուտիճի նման, սկսել էին կրծոտել, սկսել էին մաշել նրա սիրտը...

Սամվելի հանկարծակի հայտնվիլը նրան ճշմարիտ ուրախություն պատճառեց: Նայում էր շնորհալի երիտասարդի վրա և հիանում էր: Նրա մեջ նույն քաղցր զգացմունքներն էին զարթնում յուր քրոջ որդու վերաբերությամբ, ինչ զգացմունքներով որ հրապուրվում էր Սամվելի հայրը: Արդեն երազում էր այն փայլուն դերը, որ պիտի խաղար նա պարսից արքունիքում, և կանխապես հպարտանում էր նրա հաջողություններով: Եվ այդ ցանկալի օրը շատ հեռու չէր համարում նա, որովհետև դիտավորություն ուներ Սամվելին յուր հետ տանել Տիզբոն, թեև այդ մասին նրա կամքը դեռ չէր հարցրել, բայց համոզված էր, որ մեծ հոժարությամբ կընդունե նա:

Խոսում էին հյուրերը, և խոսում էր ըստ մեծի մասին Հայր-Մարդպետը: Նրա ազդու, վարդապետական ձայնը, նրա սառն, ծանրակշիռ խոսքերը յուր վրա էին դարձրել բոլորի ուշադրությանը: Խոսում էր նա այն նշանավոր հարցի մասին, թե երբ կհասնեին Տիզբոն, պետք էր ամենայն ջանքով համոզել Շապուհ արքային, որ անպատճառ հռովմայեցոց նոր կայսրի` Թեոդոսի` հետ խաղաղաթյան դաշն կապե և հաշտվի նրա հետ: Հաշտության արդյունքը նա բոլորովին նպատակահարմար էր համարում հայոց գործերի մասին, որովհետև, նրա կարծիքով, երբ Շապուհը բարեկամական հարաբերությունների մեջ կլիներ Թեոդոսի հետ, այնուհետև կայսրը այլևս հանձն չէր առնի, հակառակ Պարսկաստանի շահերին, հռովմեական զորքերով օգնել հայերին: Եվ հայոց ուխտապահ նախարարները, կայսրի օգնությունից զրկվելով, այնքան զորություն չէին ունենա, որ Արշակունյաց թագաժառանգին Բյուզանդիայից Հայաստան բերեին և յուր հոր թափուր մնացած գահը նստացնեին: Մերուժանը բոլորովին բաժանում էր Հայր-Մարդպետի քաղաքական հայացքները, մտածելով, որ հայոց հարաբերությունները հռովմայեցոց հետ խզվելուց հետո, Հայաստանում ասպարեզը յուր համար միանգամայն բաց կմնար, և այնուհետև ավելի հեշտ կլիներ նպատակի հասնել: Սամվելը ուշադրությամբ լսում էր:

Խոսում էին և երկու մոգերը: Վերջինների խոսակցության առարկան ավելի գործնական էր: Հայտնում էին, թե ե՜րբ ավելի բարեհաջող կլիներ բանակը շարժել յուր տեղից և ճանապարհ ընկնել դեպի Պարսկաստան: Նրանց կարծիքով, դեռևս պետք էր երեք օր սպասել, որովհետև աստղները ուղևորության համար լավ նշաններ չէին ցույց տալիս: Մերուժանը ո՜չ միայն հավատում էր աստղների, այլ հավատում էր մինչև անգամ կախարդության և այս արհեստի մեջ իրան բավական հմուտ էր համարում: Նա նույնպես համաձայն էր մոգերի հետ և պնդում էր, թե անպատճառ պետք էր սպասել, մինչև երեք չարագուշակ օրերը անցնեին: Թե որքան ուղիղ էին նրանց աստղագիտական նկատողությունները, — դա այլ հարց է, միայն Սամվելի համար հիշյալ երեք օրերը շատ և շատ հարկավոր էին: Այդ էր պատճառը, որ նրա տխուր դեմքը սկսեց փոքր առ փոքր փայլել:

Բայց հանկարծ մի աղմուկ հյուրերի ուշադրությունը դարձրեց դեպի վրանի մուտքը:

Ի սե՛ր աստուծռ, թույլ տվեցեք թշվառիս ներկայանալ Մերուժանին, — վշտալի ձայնով աղաչում էր մեկը, բայց ծառաները քաշքշում էին նրան և թույլ չէին տալիս, որ մոտենա:

Լսելով աղաղակը, Մերուժանը հրամայեց սպասավորներից մեկին, որ չարգելեն եկվորին: Հայտնվեցավ մի պատկառելի ալևոր, կրոնավորի զգեստով, որ, խոնարհությամբ գլուխ տալով, հենվեցավ յուր հովվական ցուպի վրա և կանգ առեց վրանի մուտքի առջև: Վշտահար դեմքը արտահայտում էր խորին դառնություն: Աչքերի մեջ վառվում էր սրտմտության կրակը, որ խառն էր անմխիթար հուսահատության հետ: Նա ներկայանում էր, որպես մի սգավոր, որից հափշտակել էին յուր ամենասիրելին, յուր ամենաթանկագինը: Եբրայական երկճղի գանգրամազ մորուքը, որ իջնում էր մինչև նրա մաշկեղեն գոտին, ցույց էր տալիս, որ այդ բարեշուք կրոնավորը հայկական ծագումից չէր: Կանխահաս ծերությունը բոլորովին արծաթաջրել էր գլխի երկար գիսակները, բայց սև մորուքի մեջ դեռ նոր էին նշմարվում ճերմակի հետքերը: Առհասարակ ամբողջ կերպարանքի մեջ փայլում էր մի առանձին վսեմություն, որ խիստ ազդու տպավորություն էր գործում:

Արտաշատից մինչև այստեղ, երեսս գետնին քսելով քո սպասին եմ եկել, Մերուժան, — ասաց նա ողոքավոր, բայց խռովյալ ձայնով: — Եկել եմ իմ աղերսը և իմ աղաչանքը թափելու քո գթության առջև: Մի ամբողջ շաբաթ գտնվում էի քո բանակի մեջ, բայց արգելում էին իմ ձայնը քո բարի ունկնդրությանը հասցնելու: Այժմ լսի՛ր տառապյալ ծերունուս, ո՛վ քաջդ Մերուժան:

Ո՞վ ես դու, — հարցրեց Մերուժանը, ուշադրությամբ նայելով ծերունու վրա, որ արձանացած էր նրա առջև, որպես մի մարմնացած, սպառնական բողոք:

Ես Արտաշատի հրեաների երեցն եմ, ինձ կոչում են Զվիթ. կարգս ընդունել եմ Ներսես Մեծից: Իմ հոտը, Հայաստանի մյուս հրեաների հետ, Տիգրան Բ-ի օրերում, գերի բերվեցավ Հրեաստանից: Հայոց հյուրասեր աշխարհը այնպիսի մարդասիրական ասպնջականություն ցույց տվեց մեզ, որ մոռանանք մեր ուխտյալ հայրենիքը, որը այնքան սուրբ է և այնքան նվիրական է յուրաքանչյուր հրեայի համար, մոռացանք և մեր աստվածավանդ կրոնը, որը ամեն մի հրեայի կյանքի և փրկության ամենաբարձր խորհուրդն է: Մոռացանք և մեր լեզուն, որով Մովսեսը գրեց Եհովայի սուրբ Կտակարանը: Տրդատի օրերում, Լուսավորչի ձեռքով, քրիստոնեություն ընդունեցինք և միացանք հայերի հետ: Այն օրից մենք ապրում էինք Հայոց աշխարհում, որպես բնիկ երկրացիներ, վայելում էինք հավասար իրավունքներ, սիրում էինք այս երկիրը և բնավ չէինք զգում, թե մենք այստեղ օտարներ ենք: Ուրախ էինք լինում նրա ուրախության հետ և մասնակից էինք լինում նրա վշտերին...

Նա փոքր-ինչ շունչ առեց և ապա շարունակեց.

Բախտը և բարօրությունը միշտ ժպտում էր մեզ, և մեր շտեմարանները լցված էին աշխարհի բոլոր բարիքներով: Մեր ձեռքումն էր երկրի վաճառականությունը, մեր ձեռքումն էր արհեստի և ճարտարության բարգավաճումը: Բայց դո՜ւ, Մերուժան, անխնա ձեռքով քանդեցիր մեր նոր բույնը, որը այնքան դարերի մեծ խնամքով կազմել էինք, որը մեզ համար այնքան անդորր էր և ապահով: Դու ավերակ դարձրիր այն մեծափարթամ քաղաքները, որ ամբողջ աշխարհի առջև պարծենում էին իրանց անբավ հարստությամբ: Դու մինչև անգամ չխղճացար քո սեփական Վան քաղաքին, ուր Իսրայելի տարագրյալ որդիները, քո նախահարց օրերում վայելում էին կատարյալ երջանկություն: Այս անգթության դեմ կբողոքեն քո արժանահիշատակ նախնյաց վեհ հոգիները, — բողոքում է և՜ ծերուկի երեցը, որ այժմ յուր դառն արտասուքն ու վշտերը թափում է քո խստասրտության առջև, որպես մի անզգա ապառաժի վրա, ո՜վ քաջդ Մերուժան:

Նա դարձյալ կանգ առեց: Սամվելը անհանգիստ կերպով լսում էր և հազիվ կարողանում էր յուր զգացմունքները զսպել: Մյուսները բարկությամբ նայում էին համարձակ ծերունու վրա և ակնարկում էին Մերուժանին, որ լռեցնե նրա հանդգնությունը: Բայց Մերուժանը թույլ տվեց շարունակել:

Այո՜ մեր նախնիքը գերի բերվեցան Հայոց աշխարհը, բայց բախտավորություն գտան: Իսկ դու վարում ես նրանց դեպի մի նոր գերություն, դեպի մի նոր, անծանոթ աշխարհ: Գերությունը, հալածանքը, իրավ է, միշտ հրեից ճակատագիրն է եղել, սկսյալ այն օրից, երբ նրանք գերի էին Եգիպտոսում, փարավոնների ձեռքում, և ապա գերի գնացին Բաբելոն, տանջվում էին ասորեստանցոց ձեռքում: Երկար, շատ երկար ժամանակ, Եփրատի ափերի մոտ նստած, մեր հայրերը Բաբելոնի ուռիներից քարշ էին տալիս իրանց սուրբ Կտակարանները և ողբում էին կարոտյալ Երուսաղեմը: Այն տաժանական պանդխտության մեջ երկար մաշվում էին նրանք, մինչև Կյուրոսը, պարսից աստվածարյալ արքան ազատեց նրանց գերությունից, և, վերադարձնելով իրանց հայրենիքը, — վերստին Երուսաղեմը յուր փառքն ու պայծառությունն ստացավ: Պարսից արքաների պատմության հետ կապված է այդ մեծ գործը, որի մեջ փայլում է Կյուրոսի թե՜ բարձր առաքինությունը և թե՜ անմոռանալի մեծահոգությունը: Իսկ դո՜ւ, Մերուժան, մի անջնջելի բիծ կդնես պարսից արքաների պայծառ հիշատակի վրա, եթե այդ ազգը կրկին ի գերություն կվարես: Լսում ենք, որ մեզ պետք է տանես հեռավոր Սպահան: Տա՜ր, բայց մենք չենք մոռանա մեր նոր հայրենիքը` Հայաստանը: Մեր երեխաների հետ կնստենք այնտեղ` Զարգա-Րուդի ափերի մոտ և, որպես մի ժամանակ Իսրայելը Բաբելոնում, կախ կտանք Սպահանի ուռիներից մեր սուրբ Ավետարանը և կողբանք Մասիսը` մեր սուրբ Սիոնը, կողբանք Արաքսը` մեր սուրբ Հորդանանը, կողբանք Արտաշատը` մեր սուրբ Երուսաղեմը, — կողբա՛նք և կանիծե՛նք այն մարդուն, որ մեզ տարագրեց մեր սիրելի հայրենիքից...

Վերջին խոսքերը կայծակի պես շանթեցին Մերուժանի քարացած սրտին: Նա սասանվեցավ, շփոթվեցավ և երկար մի բառ անգամ չէր գտնում պատասխանելու: Նրան շրջապատողները անհամբեր լռությամբ միմյանց երեսին էին նայում, և ամեն ոք սպասում էր, որ նա իսկույն կհրամայե` կա՜մ կտրել հանդուգն ծերունու լեզուն, կա՜մ հատանել աներկյուղ համարձակախոսի պարանոցը: Բայց մեծ եղավ բոլորի զարմացքը, երբ Մերուժանը բավական մեղմ կերպով պատասխանեց.

Ես կատարում եմ պարսից արքայից արքայի բարձր հրամանը, հարգելի Զվիթա: Ծառաները պետք է հնազանդ լինեն իրանց տիրոջը, — այդ պատվիրում է այն Ավետարանը, որի անունով խոսում ես դու: Այլևս ինչո՞ւ այսպես անողորմ կերպով նախատում ես ինձ:

Այո՜, Մերուժան, իմ Ավետարանը, որպես մի ժամանակ և քո Ավետարանը, պատվիրում է ծառաներին հնազանդ լինել իրանց տիրոջը: Բայց դու այն ծառաներից ես, Մերուժան, որ վայելում ես քո տիրոջ թե՜ հարգանքը և թե՜ կատարյալ վստահությունը: Եթե դու հրամայես` քո ձեռքում գտնված հրեա գերիներին` վերադառնալ իրանց տեղերը, — այդ մասին Շապուհ արքան երբեք դժգոհ չի լինի քեզանից և, գուցե, շատ շնորհակալ կլինի: Ես եկել եմ խնդրելու քո գթությունը, Մերուժան: Խղճա՜ այդ դժբախտ ժողովրդին, պատիվ դի՜ր Աբրահամի, Իսահակի և Հակոբի սուրբ հիշատակին և լսի՜ր ծերունի երեցին, որ յուր արտասուքն ու աղերսը թափում է քո մեծահոգության առջև: Ազատություն շնորհի՜ր այդ գերիներին, և դո՜ւ, Մերուժան, կլինես մի երկրորդ Կյուրոս, և քո անունը միշտ օրհնությամբ կհիշե Հայաստանի հրեա ժողովուրդը:

Այդ բոլորը շատ գեղեցիկ է, հարգելի Զվիթա, — պատասխանեց Մերուժանը մի առանձին քաղցրությամբ, որի մեջ նշմարվում էր և նրա սրտի խորին դառնությունը: — Ես սիրով կկատարեի քո խնդիրքը, եթե իմ թագավորին հարկավոր չլիներ քո ժողովուրդը: Սպահանը` յուր շրջակա գավառներով` մնացել է դատարկ: Իմ թագավորը ցանկանում է բնակեցնել այդ երկիրը մի ժողովրդով, որի վրա կարող լիներ կատարյալ վստահություն ունենլ: Իսկ հրեաները որքան աշխատասեր, այնքան և հավատարիմ ժողովուրդ են: Կտանենք ձեզ այնտեղ, և դուք Սպահանում նույնքան բախտավոր վիճակի մեջ կլինեք, որքան էիք այստեղ` Հայաստանում: Եվ որպես հայաստանցոց սիրալի ասպնջականությունը ստիպեց ձեզ մոռանալ Հրեաստանը, — այնպես և պարսից սիրալի ասպնջականությունը կստիպի ձեզ մոռանալ ձեր նոր հայրենիքը` Հայաստանը, միայն թե, երբ դուք կընդունեք պարսից կրոնը, որպես այստեղ ընդունեցիք հայոց կրոնը:

Այդ երբե՜ք մի հուսար, Մերուժան, — ասաց ծերունին խորին վրդովմունքով: — Եթե հրեան հավատափոխ է լինում և քրիստոնեություն է ընդունում, դա շատ բնական է. որովհետև նա միշտ սպասում է Քրիստոսինյուր սիրելի Մեսիային: Բայց արեգակ պաշտել և կրակին երկրպագություն տալ` նա երբեք հանձն չառնի:

Երկու մոգերը իրանց նստած տեղում ցնցվեցան, և նրանց թթված երեսների վրա երևաց մի տեսակ զայրույթ, որ պատրաստ էր հարվածելու անձնազոհ ծերունուն, եթե Մերուժանը չընդմիջեր նրանց բարկությունը, պատասխանելով.

Դա ապագայի գործ է, հարգելի Զվիթա, ես այդ մասին այժմ քեզ հետ չեմ վիճի: Միայն չեմ թաքցնում հայտնել ձեզ, որ, որքան և հաճելի լիներ ինձ քո խնդիրքը, այնուամենայնիվ, ես իմ թագավորի երկրի շահերը ավելի բարձր կդասեմ քո արտասուքից: Ես լսել եմ քո համբավը, և ինձ հայտնի է, թե դու ո՜րքան սիրված ես քո ժողովրդից: Ես քեզ ազատություն կշնորհեմ, — միայն քե՜զ, և ո՜չ քո ժողովրդին: Գնա՜, ուր որ քո սրտին հաճելի է, և ոչ ոք այսուհետև բնավ չի համարձակվի նեղություն պատճառել քեզ: Գնա՜, ազատ ես, Զվիթա:

Ես կգնամ իմ գերված ժողովրդի մոտ, Մերուժան, և երբե՜ք չեմ բաժանվի նրանից: Հովիվը պետք է յուր հոտի հետ լինի և յուր անձը դնե նրա պահպանության համար...

Այս եղավ տառապյալ ծերունու վերջին խոսքը և նա, արտասուքը աչքերում, երեսը շուռ տվեց, և հենվելով յուր հովվական ցուպի վրա, սկսեց դանդաղ ու չափավոր քայլերով դուրս գալ բանակից: Հետո բռնեց դեպի Արտաշատ տանող ճանապարհը, սկսեց դիմել դեպի պարսից մյուս բանակը, այնտե՜ղ, ուր Տափերական կամուրջի մյուս կողմում` պահված էր նրա սիրելի ժողվուրդը:

Ծերունու բողոքը, նրա անձնազոհությունը, խիստ ծանր տպավորություն թողեց բոլորի վրա: Նրան ազատություն շնորհեցին, բայց նա մերժեց: Նա չկամեցավ բաժանվել յուր հոտից, այլ ընդունեց նրա հետ միասին լինել և նրա հետ միասին կրել գերության ու պանդխտության տառապանքները: Ոչինչ հարված չէր կարող Մերուժանի սրտին այնքան զգալի լինել, որքան համառ ծերունու արհամարհանքը, որով նա այնպես դառնացած կերպով մերժեց իրան առաջարկած շնորհը: Այդ էր պատճառը, որ նրա հեռանալուց հետո Մերուժանը գտնվում էր մի տեսակ անհանգիստ շփոթության մեջ և, կարծես, նոր էր զգում, որ յուր պատրաստած թունավոր նետերը` հենց գործի սկզբում` ապառաժներին են դիպչում և կրկին դեպի ինքը ետ են դառնում...

Ոչ սակավ վրդովված էին երկու մոգերը, որ այնտեղ նստած էին: Նրանցից մեկը նկատեց.

Ո՜վ քաջդ Մերուժան, դու իզուր ես թույլ տալիս այդ սևազգեստ, այդ սևագլուխ սատանաներին հետևել իրանց ժողովրդին: Դրանք այնտեղ, Պարսկաստանում շատ կդժվարացնեն մեր գործը...

Այո՜, դրանք այնտեղ հանապազ իրանց ժողովրդին մոլորության մեջ կպահեն, — ավելացրեց մյուս մոգը: — Պետք էր կրոնավորներին միանգամայն զատել իրանց հոտից և թողնել այստեղ, որ մեզ Պարսկաստանում չխանգարեին...

Մերուժանը այնքան անձնասիրություն ուներ, որ յու՜ր գործողությունների վերաբերությամբ, որքան և սխալ լինեին, այնուամենայնիվ, ոչինչ նկատողության համբերել չէր կարող: Լսելով մոգերի տրտունջը, պատասխանեց.

Եթե դրանք Պարսկաստանում մեզ կխանգարեն, եթե գրգռելով իրանց ժողովրդին, նրան միշտ քրիստոնեական մոլորության մեջ կպահեն, — դրա համար Շապուհ արքան շատ բանտեր ու դահիճներ ունի: Դժվար չէ` մի քանի րոպեում` բոլորին կենդանի մի գուբի մեջ թաղել և նրանց ձայները լռեցնել: Բայց եթե այստեղ թողնելու լինեինք դրանց, անտարակույս, կդժվարացնեին մեր այստեղի գործերը: Չէ՞ որ, մենք այստեղ ևս պետք է առաջարկենք` թողնել քրիստոնեությունը և ընդունել մազդեզանց սուրբ կրոնը: Այս էր պատճառը, որ ես աշխատեցի, որքան կարելի էր, ձեռք բերել հայոց հոգևորականներին և մեր հսկողության ներքո պահել:

Մերուժանի կարծիքին հավանություն տվին թե՜ Հայր-Մարդպետը և թե՜ Վահան Մամիկոնյանը` Սամվելի հայրը: Դրանք ևս պնդում էին, թե եկեղեցին գրավելու համար` նախ պետք է եկեղեցականներին գրավել, ինչպես հոտը գրավելու համար` նախ պետք է հովվին ձերբակալել:

Ուրեմն ինչո՞ւ դու կամեցար ազատություն շնորհել այն ծերունի երեցին, — հարցրեց Սամվելը, դառնալով դեպի յուր քեռին:

Նա վերին աստիճանի ազդեցություն ունեցող մարդ է, — պատասխանեց Մերուժանը: — Նա պաշտվում է յուր ժողովրդից, որպես մի սրբություն: Նրա ներկայությունը յուր ժողովրդի մեջ՝ կարող էր մշտական զգաստության մեջ պահել յուր ժողովրդին:

Իսկ նրա մահը (եթե հանգամանքները ստիպեին մեզ ոչնչացնել նրան) ավելի ևս պիտի բորբոքեր յուր ժողովրդի հավատը: Նա կդառնար մի քաջ նահատակ, որի անունը երբեք չէր մոռացվի, և նրա հիշատակը միշտ կոգևորեր յուր ժողովրդին: Կան մարդիկ, որոնց մահը ավելի վտանգավոր է լինում, քան թե նրանց կյանքը: Նա այն տեսակ մարդիկներից է:

Սամվելը ոչինչ չպատասխանեց, իսկ Մերուժանը նրա լռությունը համաձայնության տեղ ընդունեց: Բայց վշտալի երիտասարդը յուր մտքում այս էր խորհում. «Որքա՛ն ուսումնասիրել են այդ մարդիկը չարության գործը... որքա՛ն խորն են թափանցել իրանց անիրավությունների մեջ... »:

Խոսակցությունը այլ կերպարանք ստացավ, երբ Հայր-Մարդպետը, դառնալով դեպի Մերուժանը, հարցրեց.

Ցանկալի էր գիտենալ` այժմ որտե՞ղ հասցրած կլինեն հայոց թագուհուն: Դու այդ մասին ո՜րևէ լուր ունե՞ս:

Ունեմ, — պատասխանեց Մերուժանը փոքր-ինչ այլայլված ձայնով և, միևնույն րոպեում, նրա գոհունակ դեմքի վրա անցավ մի տեսակ տխուր մթություն: — Նրանք այժմ պետք է անցած լինեն Եկբատանը. գնում են ավելի կարճ ճանապարհով...

Հայր-Մարդպետը նկատեց Մերուժանի շփոթությունը և իսկույն ստրջացավ: Հիշեցնելով նրան հայոց թագուհուն, հիշեցրեց, միևնույն ժամանակ, և նրա սիրելի Որմիզդուխտին: Երկուսն էլ միասին էին գնում Պարսկաստան, այլ խոսքով, երկուսին ևս միասին էին տանում Պարսկաստան: Նրանց հետ տանում էին և Մերուժանի խորտակված սրտի բեկորները... նրա վիրավորված զգացմունքները...

Մերուժանի թախծությունը նկատեց և Սամվելը, մտածեց փոքր-ինչ զվարճացնել նրան: Նա գիտեր յուր քեռու բնավորությունը, գիտեր, որ նա այն ժամանակ միայն ուրախ էր լինում, երբ նրա հետ խոսում էին յուր զինվորական գործողությունների մասին, մանավանդ երբ գործողությունները բավական հաջող վախճան էին ստացել:

Զարմանում եմ, սիրելի քեռի, — հարցրեց նա: — Ես ձեր գերիների թիվը համեմատաբար ավելի փոքր եմ գտնում, քան թե այն բազմաթիվ ավանների և քաղաքների թիվը, որ ես բոլորովին ավերակ և ամայի տեսա իմ գալու ժամանակ` ճանապարհորդությանս ամբողջ տարածության վրա:

Բոլորովին ուղիղ է քո նկատողությունը, սիրելի Սամվել, — ասաց նա դժգոհ մարդու եղանակով: — Մեր զինվորները սաստիկ դանդաղկոտ շարժվեցան, իսկ մեր զորապետները բավական անվարժ էին հայոց երկրի պայմաններին: Մինչև մեր հասնելը, շատ ավաններ և շատ քաղաքներ միանգամայն դատարկ էինք գտնում մեր առջև: Այրում էինք և անցնում էինք: Բնակիչները, լսելով մեր արշավանքի ձայնը, կանխապես թողած էին լինում իրանց բնակությունը և ամրացված էին լինում անմատչելի լեռների բարձրությունների վրա: Դաշտային տեղերում, տափարակների վրա մենք, իրավ է, մեծ հաջողություն գտանք: Բայց լեռներում մեր զինվորները բոլորովին անընդունակ հայտնվեցան:

Վերջին խոսքերի միջոցին նա նայեց պարսից Կարեն զորապետի երեսին, որ տհաճությամբ լսում էր.

Ուրեմն դուք շատ խոր չթափանցեցի՞ք լեռնային կողմերում, — հարցրեց Սամվելը:

Եվ դժվար էր թափանցել: Ես չկամեցա արքայից արքայի զորքերը իզուր կոտորել տալ: Ինձ համար թանկ է յուրաքանչյուր պարսիկ զինվորի մի կաթիլ արյունը: Հայերը լեռներից կռվում էին մեզ հետ ո՜չ միայն զենքերով, այլև քարերով ու փայտերով: Եվ կռվում էին ո՜չ միայն տղամարդիկը, այլև կանայքը: Այս վերջինների կատաղությունը ավելի շփոթեցնում էր մեզ: Այդ էր պատճառը, որ ես բավականացա ավելի դաշտային երկրներով, և աշխատում էի միշտ խույս տալ լեռներից:

Այժմ գլխավորապես ո՞ր լեռներում ամրացած են փախստական բնակիչները:

Մերուժանին խիստ հաճելի էր յուր քրոջ որդու հետաքրքրությունը, որի մեջ նկատում է նրա առանձին համակրությունը և ուրախանում էր: Նա սկսեց մի առ մի տեղեկություն տալ երկրի դրության մասին, թե ո՜րտեղ ինչ էր կատարվել, կամ ո՜ր կողմերում գլխավորապես կենտրոնացած էին հայոց ուժերը: Նրա խոսքերից երևաց, որ պարսիկները մի քանի տեղերում սաստիկ պարտություն էին կրել, և շատ տեղերում ևս մուտք անգամ գործել չէին կարողացել:

Մենք մեծ հաջողություն գտանք Արարատյան գավառում և առհասարակ այն կողմերում, որ արքունական կալվածքներ էին, — ասաց նա:

«Որովհետև մնացել էին անտեր... որովհետև ո՜չ թագավորը կար և ո՜չ թագուհին... » — յուր մտքում ասաց Սամվելը, և ապա ծիծաղելով նկատեց.

Եվ այրեցի՞ք անպաշտպան քաղաքները...

Պետք էր այրել, սիրելի Սամվել. մի ուրիշ անգամ ես կբացատրեմ քեզ, թե ինչո՜ւ համար պետք էր այրել...

Հասկանում եմ... — ասաց Սամվելը, և նրա ձայնը զգալի կերպով դողաց... — Այո՜, մենք հետո կխոսենք այդ մասին...

Վահան Մամիկոնյանին շատ հաճելի չէր թվում Մերուժանի այս աստիճան մտերմական խոսակցությունը յուր որդու հետ, և եթե հնար լիներ, մի կերպով կզգուշացներ նրան: Բայց ի՞նչպես կասկածավոր ցույց տալ յուր որդուն, որի մասին ինքն ևս հաստատ ոչինչ չգիտեր, և տակավին խարխափում էր մթին անստուգությունների մեջ միայն:

Խոսակցությունը ինքնըստինքյան ընդհատվեցավ, երբ, սպասավորները ներս մտան, սկսեցին ճաշի սեղանը պատրաստել:

Պարսիկ զորապետը չէ զրկում իրան յուր սովորական բավականությունների և ոչ մեկից` մինչև անգամ յուր զինվորական կյանքում: Նա յուր բացօթյա բանակում գիտե շրջապատել իրան այն բոլոր վայելչություններով, որպես սովոր է ապրել յուր տան մեջ: Ժուժկալությունը և ռազմական խստակեցությունը անծանոթ են նրան: Մերուժանը յուր կրթությամբ թեև ճշմարիտ զինվոր և սակավապետ զորավար էր, բայց, հետևելով պարսից սովորություններին, նրանց կեցության միևնույն ձևերը, միևնույն եղանակն էր ընդունել: Եվ այլ կերպ վարվել կարող չէր, որովհետև նրանց հետ հարաբերություններ ուներ:

Մանկահասակ սպասավորների մի ստվար խումբ շքեղ կերպով հագնված ոտքի վրա ծառայում էին: Սեղանի բոլոր անոթները ոսկուց էին և արծաթից: Ո՜րքան հյուրերի ախորժակին բավականություն էին տալիս անուշահամ կերակուրները, ա՜յնքան ավելի նրանց գեղասեր ճաշակին բավականություն էր տալիս սեղանի փայլը, նրա փառավոր հանդերձանքը: Բոլոր պարագաների մեջ նշմարվում էր նրբության և չափազանցության հասցրած շռայլություն:

Հյուրերից յուրաքանչյուրի մոտ կանգնած էր մի-մի ծաղկապսակ պատանի և, մի ձեռքով բռնած գինու արծաթյա խառնարանը, իսկ մյուս ձեռքով` արծաթյա թասը, մատռվակում էին անուշահոտ ըմպելին: Մի խումբ երաժիշտներ, վրանի առջևում կանգնած, ածում էին զանազան նվագարանների վրա և անլռելի ձայնով երգում էին:

Ճաշը տևեց բավական երկար: Պատանի Արտավազդը կարծես թե, ասեղների վրա նստած լիներ, անհամբերությունից սկսեց ձանձրանալ: Նրան չէին գրավում` ո՜չ գուսանների անընդհատ երգերը և ո՜չ նվագարանների քաղցր հնչյունները, — նա բոլորովին ուրիշ ցանկություններ ուներ: Որսորդության գնալու մասին առաջին անգամ նա խոսք նետեց, որովհետև նրան ամեն համարձակություն ներվում էր:

Քեռի, — դարձավ նա դեպի Մերուժանը ժպտալով, — բանակը դեռևս քանի՞ օր պետք է այստեղ մնա:

Երեք օր:

Օ՛հ, դա շատ երկար է, աստված վկա, շատ երկար է... — պատասխանեց նա, գեղեցիկ երեսը անբավականությամբ խոժոռելով: — ինչպե՞ս պետք է անցկացնենք այդ երեք անտանելի օրերը:

Ինչպես որ քո սիրտը կկամենա, — ասաց Մերուժանը, փայփայելով նրա սիրուն գիսակները:

Պատանին շրթունքները մոտեցրեց Մերուժանի ականջին, փսփսաց.

Եթե գիտենաս, թե որքա՛ն ժամանակ է, որ ես որսի չեմ գնացել, բոլորովին կզարմանաս:

Որքա՞ն ժամանակ է, սիրելիս:

Այն օրից, որ մեր տանից դուրս եմ եկել:

Դա փոքր ժամանակ չէ, մանավանդ քեզ համար: Դու կարծեմ որսորդություն սիրում ես, Արտավազդ:

Սաստիկ: Երբ մեր տանն էի, եթե շաբաթը մի քանի անգամ որսի չգնայի, ինձ այնպես կթվար, թե մի լավ բան, շա՜տ լավ բան կորցրել եմ:

Մերուժանը սկսեց բարեսրտությամբ խնդալ:

Երևի, Սամվելն ևս սիրում է, — դարձավ նա դեպի քրոջ որդին:

Որդու փոխարեն պատասխանեց հայրը.

Սամվելը ամենափոքր հասակից սիրում էր որսորդություն: Մեր ամրոցի թռչունները հանգստություն չունեին նրա ձեռքից, երբ դեռ տասն տարեկան տղա էր: Իսկ այժմ չգիտեմ հետևո՞ւմ է յուր հին սովորություններին, թե ոչ:

Ես իմ սովորությունները հեշտությամբ չեմ փոխում, — պատասխանեց Սամվելը, ժպտալով: — Որսորդությունը իմ ամենասրտագին զվարճություններից մեկն է: — Եվ դառնալով դեպի Մերուժանը, հարցրեց, — այդ կողմերում, Արաքսի ափերը, ասում են, խիստ հարուստ են վայրենի երեներով:

Այո՜, հարուստ են , — ասաց Մերուժանը մի առանձին հեգնությամբ: — Արշակունի թագավորները Արարատում բազմացրին վայրենի երեներ միայն: Ճահիճները չէին ցամաքացնում գետեզերքի ինքնորեն բուսած ծառաստանները չէին կտրում, որպեսզի թռչունների և երեների աճելության համար պատսպարաններ լինեին:

Սամվելի հայրը մեծ ցանկություն ուներ, որ որդուն մի որևէ առիթով ներկայացներ պարսիկ զորապետներին և նրա կատարելությունների մասին փոքր-ինչ գաղափար տար նրանց: Իսկ առայժմ, քանի դեռ կռիվների հանդեսներ չկային, որսորդությունը ամենահարմար միջոցներից մեկն էր, որի մեջ Սամվելը կարող էր ցույց տալ յուր քաջությունը:

Սամվելը, հասկանալով հոր փափագները, մտածեց օգուտ քաղել նրա տրամադրությունից: Նա դարձավ դեպի Մերուժանը, հարցնելով.

Դուք վճռել եք անպատճա՞ռ երեք օր բանակը պահել այստեղ:

Անպատճառ: Բացի այն, որ աստղները բարի ճանապարհ չեն գուշակում, մենք դեռ սպասում ենք մի քանի գունդերի, որ ետ են մնացել, և նրանց գոյության մասին ամենևին տեղեկություն չունենք:

Ուրեմն, այդ երեք օրում, ինչպես լավ նկատեց Արտավազդը, անգործունեության մեջ կարելի է բոլորովին ձանձրանալ:

Քեռիդ թույլ չի տա, որ ձանձրանաս, սիրելիս, — մեջ մտավ հայրը: — Նա քեզ համար որսորդության ամենափառավոր հանդեսներ կպատրաստե Արաքսի ափերի մոտ:

Եվ ինձ համար, — ընդմիջեց պատանի Արտավազդը:

Իհարկե, և քեզ համար, — ասաց Մերուժանը ժպտալով: — Առանց քեզ ի՞նչ ուրախություն կունենա մեր որսորդությունը:

Հանաքը մի կողմ, — ասաց նա ինքնավստահ պարծենկոտությամբ: — Ես ուզում եմ այդ պարսիկներին ցույց տալ հայ տղայի քաջությունը: — Վերջին խոսքերը արտասանեց նա հայերեն, յուր վառվռուն աչքերը խորամանկ կերպով դարձնելով դեպի ներկա գտնվող պարսիկ ավագները:

Բայց Մերուժանը ծիծաղելով թարգմանեց նրա ասածը.

Գիտե՞ք ինչ է ասում իմ փոքրիկ ազգականը. նա պարծենում է զարմացնել ձեզ յուր քաջություններով: Եվ ես խոստանում եմ էգուց պատրաստել տալ նրա համար որսորդության հանդես:

Տեսնենք, էգուց կտեսնենք, — ձայն տվին պարսիկ ավագները լուրջ կերպով:

Բայց իմ դեմ դուրս բերեցեք իմ հասակակիցներին:

Իհարկե, այնպես կլինի: Մենք այժմյանից հրաժարվում ենք քեզ հետ մրցելուց: Մեր բանակում քո հասակակից տղաներ շատ կան:

Սամվելը ոչինչ չէր խոսում: Նա արդեն յուր ցանկությանը հասած էր համարում: Մերուժանը հրամայեց, որ մյուս օրվա համար որսորդության պատրաստություններ լինեին Արաքսի ափերի մոտ:

ԱՐԱՔՍԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ

«Ապա որդի մի Վահանայ, անուն Սամուէլ, եհար սատակեաց զՎահան զՀայր իւր»...

Փաւստոս

Հին Արաքսը զարմանալի որոգայթներ ուներ: Նա և՜ զարմանալի քմահաճություններ ուներ: Անհիշելի ժամանակներից համառությամբ կռվում էր յուր անհավասար եզերքի հետ և կարծես դժգոհ էր այն նեղ շավղից, որ գծել էր նրա ընթացքի համար նույնքան քմահաճ բնությունը: Նա սիրում էր ընդարձակություն, սիրում էր ազատություն: Նեղ շավիղը վրդովեցնում էր նրան:

Երբեմն լեռնային երկու զուգահեռական գոտիներ միաբանվում էին և սեղմում էին նրան իրանց անձուկ և, խորին ձորակի մեջ: Այդ միջոցին նրա կատաղությունը չափ չուներ: Ահռելի հորձանքներով զարկվում էր յուր ապառաժոտ ափերին, գոռում էր, գոչում էր, փրփրում էր, և մարդ, կարծես, լսում էր նրա սոսկալի որոտմունքի մեջ այս ճակատագրական խոսքերը, «Նե՛ղ է... նե՛ղ է... խեղդվո՛ւմ եմ... »:

Երբեմն լեռնային գոտիների միաբանությունը խախտվում էր, բաժանվում էին միմյանցից, հեռանում էին միմյանցից, և բաց էին անում նրա առջև լայն, ընդարձակ տարածություն: Այդ միջոցին նրա կամայականությունը չափ չուներ: Ազատվելով յուր նեղ կիրճից, մի չար վիշապի նման, անխնա կերպով ողողում էր, հեղեղում էր յուր հարթ, կանաչազարդ ափերը, — և կամ, մի արբեցած հսկայի նման, երբեմն դեպի աջ էր թեքվում, երբեմն դեպի ահյակ էր խոտորվում, և երբեք ուղիղ ճանապարհով չէր գնում:

Նա յուր ազատությունը խելացի կերպով վայելել չգիտեր: Հանկարծ վիթխարի թևքերը բաց էր անում, խլում էր ցամաքից մի կտոր հող և, ճնշելով յուր զով գրկի մեջ, կղզիացնում էր նրան: Առ ժամանակ երեխայական սիրելութամբ՝ սկսում էր փայփայել և խնամել յուր խաղալիքը: Կղզին աճում էր, կանաչազարդվում էր, աճում էին թուփերը և վառվում էին ծաղիկները: Երկնքի թռչունը հյուսում էր այնտեղ յուր բույնը, վայրի անասունը սնուցանում էր այնտեղ յուր ձագուկներին: Կղզին ներկայացնում էր մի գեղեցիկ փունջ, որով զվարճանում էր նա և, պճնասեր երիտասարդի նման, զարդարում էր յուր հպարտ կուրծքը: Բայց հանկարծ, կարծես, ձանձրանում էր նա, ալիքները փրփրալով բարձրանում էին, կոհակները կատաղաբար մռնչում էին և մի քանի րոպեի մեջ կլանում, ոչնչացնում էին գեղեցիկ զարդը, և նրա հետքն անգամ չէր երևում:

Next page