Րաֆֆի՝   Սամվել

Հայոց գետերի թագավորը վարվում էր յուր հորինած կղզիների հետ նույն կերպով, որպես հայոց երկրի թագավորը վարվում էր յուր մեջ կղզիացած նախարարությունների հետ:

Եվ, իրավ, Արաքսը ներկայացնում էր յուր աշխարհի քաղաքական դրությունը: Երբ խորամանկ պարսիկը և նենգավոր հռովմայեցին, երկու լեռնային գոտիների նման, միաբանվելով ճնշում էին նրան, այդ միջոցին նրա ճիչն ու բողոքը սահման չուներ: Յուր բոլոր կատաղությունը գործ էր դնում` ազատվելու նրանց ճնշումից: Իսկ երբ երկու դաշնակիցները քանդում էին իրանց միաբանությունը, բաժանվում էին, և նա ազատություն էր գտնում, — այդ միջոցին սկսում էր զբաղվել ներքին երկպառակություններով: Ամենայն անգթությամբ ոչնչացնում էր յուր մեջ ամփոփված նախարարությունները, որպես հրեշավոր Արաքսը լափում, կլանում էր յուր մեջ սեղմված կղզիները:

Այդ կղզիներից մեկի վրա պետք է լիներ այն օր որսորդությունը, որ կոչվում էր «Իշխանաց կղզի», և որի մեջ Սյունյաց իշխաններից մեկը բաց էր թողել վայրենի անասուններ, և այնտեղ ազատ կերպով աճել, բազմացել էին:

Արեգակը դեռ նոր էր ծագել, երբ ուղի ընկավ որսորդների ասպախումբը: Զով ու խաղաղ էր առավոտը: Մինչև անգամ կարմրագույն քամին, որ երբեմն սովորություն ուներ փչել Արաքսի այդ կողմի ափերից, և բերելով յուր հետ նրա եզերքի վրա սփռված կարմրագույն ավազները, գիտեր հաճախ լցնել օդը մի ահռելի, բոսորային մառախուղով, — այդ բոթաբեր քամին անգամ այն առավոտ դադարել էր: Օրը պարզ էր և գեղեցիկ:

Ճանապարհը մինչև Արաքսի եզրը հասնելը պատած էր ճոխ, սիզավետ բուսականությամբ: Կռիվներից առաջ արածում էին այնտեղ Նախճվանի տիրոջ իշխանական նժույգները: Իսկ այժմ արածում էին պարսից բանակի գրաստները: Տեղ-տեղ բարձրանում էին մերկ, սրածայր բլրակներ, որոնք իրանց հրեշավոր գոյությունը պահպանել էին, կարծես, միմիայն նրա համար, որ ցույց տան անցորդներին, թե ի՜նչ անողորմ խաղեր էին խաղացել նրանց հետ վաղեմի ժամանակները: Դարերի անձրևները ողողել էին այդ բլրակների հողային փափուկ մասը, և թողել էին նրանց կազմության կարծր, քարացած կմախքը միայն, որ ներկայացնում էր այլանդակ պատկերներ: Ահա՛ այնտեղ երևում է ուղտերի մի ամբողջ քարավան: Կորաքամակ, ծռավիզ անասունները շարված են միմյանց ետևից և գրեթե կախված են օդի մեջ: Ահա՜ մյուս կողմում` մի քանի աշտարակներ կարգով դրված են միմյանց վրա, բարձրանում են դեպի երկինքը: Աշտարակների ամբողջ շարքը կանգնած էր բարակ, մաշված պատվանդանի վրա, և մարդ կարծում է, եթե փչելու լինի, բոլորը ցած կթափվի: Ահա՜ մի փոքր հեռավորության վրա` նկարված են օդի մեջ մարդկային սոսկալի ուրվագծեր, կարծես, քարացած հսկաների արձաններ լինեն: Ահա՜ մի գալարված վիշապ, հրեշավոր գլուխր վեր է բարձրացրել, և ահարկու բերանը բաց արած, սպառնում է կլանել անցորդին: Մի ժամանակ այդ կողմերում բնակեցրած էին Հայաստան գերի բերված վիշապազունները: Այժմ մնացել էին նրանց վիմային կմախքները միայն:

Մի կախարդված, քարացած աշխարհ էր այդ, որով ծանր ու հանդարտ կերպով ընթանում էր որսորդների ասպախումբը:

Նրանք Հասան Նախճվանի աղմկալի գետակին, որ աղաղակելով և յուր խճավետ հատակին զարկվելով, շտապով վազում էր և խառնվում Արաքսին: Այդ կողմում բնությունը այլ տեսարան էր ներկայացնում: Գետակի ամբողջ երկարությամբ աճել էին վարսավոր ուռենիներ, կարճահասակ թթենիներ և զանազան վայրենի թուփեր, որոնք, միախառնվելով, հորինել էին մի կենդանի ցանկապատ, որ համարյա անանցանելի էր դարձնում ճանապարհը:

Այդ կողմումն էին քաղաքացիների բեղմնավոր այգիները: Կռիվներից առաջ այդ հրաշալի այգիները իրանց գեղեցիկ մշակությամբ բոլորովին արդարացնում էին ամենահին ավանդությունը, թե հայ մարդը ծանոթ էր այգեգործության հետ սկսյալ այն օրից, երբ Նոյը Արարատ լեռան ստորոտում տնկեց աշխարհի առաջին այգին: Գողթնյաց երկրի ընտիր խաղողը ծանր, հյութալի ողկույզներով, վառվում էր Հայոց արեգակի կյանք և քաղցրություն ներշնչող ճառագայթների ներքո: Այդ խաղողն էր պարգևում այն ազնիվ նեկտարը, որ ոգևորում էր Գողթնյաց երգիչներին: Իսկ այժմ տերևաթափ, որթակտոր եղած խաղողը, կարծես թե, ճմլած և ջարդված լիներ մի սարսափելի կարկուտից: Պարսից զինվորի ոտքն էր կատարել այդ սրտատոչոր ապականությունը: Կռիվներից առաջ կարմիր խնձորը, դեռահաս աղջկա կարմիր թշերի նման, ժպտում էր, ծիծաղում էր, իսկ ծանրաբարո տանձը` յուր ծանրությամբ դեպի ցած էր խոնարհեցրել ծառերի սաղարթախիտ ոստերը, որոնք մի այնպիսի հաճոյական տպավորություն էին գործում, կարծես թե, գլուխները ծռելով` ողջունում էին անցորդներին: Այժմ նույնպես կորացած էին ոստերը, այժմ նույնպես դեպի ցած էին կախված թառամած ճյուղերը: Բայց դա պարսից անհագ զինվորի անողորմ ձեռքի գործն էր: Կռիվներից առաջ դեղնագույն դեղձը համեստությամբ թաքնվել էր ծիրանի հսկա ծառերի ետևում, որոնք իրանց լայն, ստվերախիտ հովանավորության ներքո էին առել նրանց: Իսկ այժմ ծարավությունից թոշնած ծիրանիները մերկացրել էին իրանց հարուստ կանաչազարդությունը, և մի այնպիսի նիհար տեսք էին ստացել, կարծես, թե, աշնան վերջը լիներ: Չկար հոգատար այգեպանը, որ զովացներ նրանց ծարավը, որ ազատեր նրանց վաղահաս վախճանից:

Այգիների միջից բարձրանում էին հնձանների կրկնահարկ շենքերը: Շատ անգամ հայոց այգիների հնձանները ապաստան են եղել անմեղ հալածյալների: Հռիփսիմյան կույսերի խումբը երկար պատսպարված էին Վաղարշապատի այգիների հնձաններում: Խաղաղության ժամանակներում այդ հնձանների վերին հարկում, սկսյալ գարնան սկզբից` մինչև ձմեռնամուտը, բնակվում էին այգետեր ընտանիքները: Նրանք խնամք էին տանում այգիներին, հավաքում էին պտուղները և, միևնույն ժամանակ, վայելում էին զվարճալի ծառաստանի մաքուր և հովասուն օդը: Այգիները մի տեսակ ամառանոցներ էին նրանց համար: Իսկ այժմ ոչ ոք չէր երևում: Հնձանները մնացել էին դատարկ և այգիները անխնամ: Պատերազմների աղմուկը ցրեց բոլորին: Ոմանք փախան, ապաստանեցին Վայոց-ձորի մերձակա լեռներում, ոմանք գերի ընկան թշնամու ձեռքը:

Թշնամին այժմ անցնում էր նույն այգիների միջով, որ ավերակ և ամայի էր դարձրել ինքը: Այգիները բռնել էին բավական մեծ տարածություն: Նրանք բաժանված էին միմյանցից կավեղեն ցած պատերով, որոնց ոլոր-մոլոր, ցանցատեսակ փողոցները հորինել էին մի մթին լաբյուրինթոս, ծածկված ծառերի ոստախիտ ստվերի ներքո: Երկար որսորդների ասպախումբը գնում էր նույն փողոցներով, բայց տակավին բավական ժամանակ էր հարկավոր, մինչև դուրս կգային: Շատ անգամ հայոց այգիների այդ ահարկու լաբյուրինթոսը կլանել էր թշնամիների ահագին գունդեր: Բայց Գողթնյաց այգիների ամայի փողոցներից այժմ համարձակ անցնում էր թշնամին:

Սամվելը նայում էր շրջակայքի տխուր տեսարանների վրա, և նրա զգայուն սիրտը խոցվում էր անբուժելի վերքերով: Բայց նրա հայրը ուրախ էր, ոչինչ չէր զգում և միայն ոգևորված էր այն խորին բավականությամբ, որ մի քանի ծանր տարիների անջատումից հետո առաջին անգամ բախտ ուներ սիրելի որդու հետ մասնակից լինել մի հանդիսավոր որսորդության:

Նրանք դուրս եկան այգիների մթին, ոլորապտույտ նրբանցքներից, և նրանց առջև բացվեցավ մշակված անդաստանների ընդարձակ տարածություն: Մի քանի շաբաթ առաջ այդ անդաստանները ներկայացնում էին մի սքանչելի ոսկեղեն ծով, ուր ցորյանի հասունացած արտերը` իրանց լիառատ բեղմնավորությամբ` լցնում էին երկրագործի սիրտը անսահման օրհնությամբ: Իսկ այժմ անքաղ և անխնամ մնալով, արևի կիզող ճառագայթներից չորացել, այրվել էին, և ցամաքած հասկերը ցած էին թափվել անգութ քամուց, որպես մի մեծ կոտորածից: Կորյակի, կտավահատի դեռ կանաչ, չհասունացած արտերը, անջուր մնալով, ծարավությունից թառամել, թարշամել էին և կպել գետնին: Չկար արթուն մշակը, չկար հոգատար խնամողը: Երևում էր միայն արտորայքի սիրահարը` ողբաձայն արտույտը, որ օդի մեջ անդադար ճախրում էր միևնույն կետի վրա և փոքրիկ թևիկները թափահարելով, սարսափած կերպով նայում էր դեպի ոչնչացրած հունձը, և որպես մի սգավոր ոգի, երբեմն դեպի ցած էր նետվում, հառաչանքներ էր արձակում, երբեմն դեպի վեր էր սլանում, և դարձյալ օդի մեջ միևնույն կետի վրա ճախրելով, շարունակում էր յուր տխուր, ողբալի երգը: Երևում էին և թշնամու ջորիների խումբերը, որոնք անպատիժ կերպով ցրիվ էին տալիս հնձած գարիի խուրձերը, և ավելի ոտնակոխ էին անում, քան թե ուտում էին:

Նրանք անցան անդաստանները, անցան մի քանի ավերակ արվարձանների և գյուղերի մոտից: Այժմ սկսվեցան Արաքսի մերձակայքի կանաչազարդ տափարակները, որ վերջանում էին խիտ մացառներով ու վայրենի ծառաստաններով, երբ ավելի մոտենում էին դետի ափերին: Տեղ-տեղ ջուրը լճացել էր, տեղ-տեղ գոյացել էին ճահիճներ: Ձիաների սմբակներից մի այնպիսի խուլ տրոփյուն էր լսվում, կարծես թե, գետնի տակը դատարկ լիներ: Երբեմն այնպես էր թվում, որ առաձգական գետինը կա՜մ բարձրանում և կա՜մ ցած էր իջնում ձիաների ծանրության ներքո: Այդ տեղերում թաքնված էին Արաքսի մթին որոգայթները և նրա ստորերկրյա սոսկալի անդունդները, որ լցված էին բոլորովին թանձր և սև հեղուկով, որի երեսը, սերի նման պնդանալով, կազմել էր այն խաբուսիկ, վտանգավոր ծածկոցը, որի վրայով գնում էին նրանք: Այդ անհատակ անդունդները սովորություն ունեին` երբեմն բաց անել իրանց ահարկու բերանը և, տարտարոսի նման, կլանել անցորդներին: Այս տեսակ անդունդներից մեկի մեջ, յուր ձիու հետ կորավ հայոց Արտավազդ թագավորը, երբ նա որսորդություն էր անում Արաքսի ափերի մոտ:

Արևը բավական բարձրացել էր, և առավոտյան զով օդը հետզհետե լցվում էր խիստ ախորժելի ջերմությամբ: Որսորդների ասպախումբը դեռ շարունակում էր հանդարտ և ուրախ ընթացքով առաջ գնալ:

Սամվելը նստած էր մի գեղեցիկ, ոսկեգույն նժույգի վրա, որ այն առավոտ ընծա էր ստացել յուր հորից: Նրա ետևից գնում էր պատանի Հուսիկը, որ զինակրի պաշտոն էր կատարում: Նա կրում էր յուր իշխանի երկար նիզակը, լայնալիճ աղեղը, նետերով լի կապարճը և մի երկար, կաշյա բարակ ճոպան, որ փաթաթած կախ էր տվել յուր ձիու թամբից: Իսկ ինքը Սամվելը կրում էր մի սուր միայն և մի արծաթյա փոքրիկ փող, որ քարշ էր ընկած նրա ոսկյա կամարից:

Ծերունի Արբակը կարծես բոլորովին մանկացել էր: Նա գտնվում էր կատարյալ զինավառության մեջ: Նա առաջ էր ընկած, և նրա ետևից գալիս էին Սամվելի քառասուն զինված ծառաները: Նրանցից ոմանք ձեռքերի վրա կրում էին որսորդական բազեներ... ոմանք բռնած ունեին անհանգիստ բարակների թոկերի ծայրից, որ կապած էին նրանց երկար պարանոցներին: Ազատ էին թողած միայն փոքրիկ, սորամուտ սկունդներին և ահագին թավամազ գամփռներին, որոնց որսորդների լեզվով կոչում էին «գայլ խեղդողներ»: Այս բոլոր պատրաստությունը Սամվելին ընծայել էր հայրը:

Որսորդական հուշարարները, դեռ արևը չծագած, վաղ առավոտյան գնացել էին դիտելու, հետազոտելու բոլոր վայրերը, որ տեսնեն, թե ո՜րտեղ ի՜նչ երեներ կան:

Սամվելին ուղեկցում էր հայրը, շրջապատված յուր թիկնապահներով: Իսկ փոքր-ինչ հեռու, յուր հայտնի սպիտակ նժույգի վրա նստած, գնում էր Մերուժանը, յուր առանձին խմբով: Նրանց հետ էր և պարսից Կարեն զորապետը` յուր մի քանի սպաներով: Որսորդությանը չմասնակցեց միայն Հայր-Մարդպետը:

Առջևից գնում էին մի խումբ պարսիկ տղաներ, որոնց թվում էր և պատանի Արտավազդը: Այդ մանկահասակ որսորդները` իրանց շքեղ զինավառությամբ` գրավել էին ամենքի հիացքը: Բայց բոլորի մեջ ավելի փայլում էր, ավելի աչքի էր ընկնում պատանի Արտավազդը: Ոգելից մանուկի ուրախությունը չափ չուներ: Յուր աշխույժ նժույգի հետ ներկայացնում էր նա մի մարմնացած զվարճություն: Ձախ կողմից կապած ուներ ուսին` նետերով լի արծաթյա կապարճը, իսկ աջ կողմից` ձգած ուներ լայնալիճ աղեղը, որ նրա համար բավական մեծ էր: Ձեռքում կրում էր մի թեթև նիզակ, իսկ գոտիից քարշ էր ընկած երկսայրի սուրը` արծաթապատ պատյանով:

Սամվելը ընկղմված էր լուռ մտախոհությունների մեջ: Երբեմն միայն հարևանցի կերպով նայում էր յուր շուրջը, նայում էր դեպի հեռուն, շատ հեռուն և, կարծես, աշխատում էր միանգամից ծանոթանալ բոլոր տեղորայքի հետ: Նրա վշտահար դեմքը, որպես միշտ, չէր ցույց տալիս ոչ մի բավականություն, թեև կցանկանար գոնե փոքր-ինչ ուրախ ձևանալ: Իսկ յուր տխրության մեջ անգամ սքանչելի էր նա: Ուրախ էր միայն նրա ամեհի նժույգը, որ անդադար ոստոստում էր և ահագին թռիչքներ էր գործում: Բայց նա վարժ ձեռքով այնպես հեշտությամբ դարձնում էր խստերախ երիվարի սանձը, կարծես, մի հեզ գառնուկ լիներ: Հայրը նայում էր նրա վրա և հիանում էր: Նա սաստիկ փափագում էր, որ որդին բաժանվեր խմբից և մի թեթև ձիախաղ կատարեր այն հարթ տափարակի վրա, որ կանաչ թավիշի նման տարածված էր նրանց առջև: Նա մինչև անգամ ակնարկեց որդուն, բայց Սամվելը հրաժարվեցավ, ասելով.

Անհարմար է, հայր, որոհվետև այդ գեղեցիկ նժույգը, որ այսօր ընծայեցիր ինձ, տակավին վարժված չէ իմ ձևերին, և ոչ ես ծանոթ եմ նրա բնավորության հետ: Կարող ենք չհասկանալ միմյանց:

Ոչ ընդհակառակն, — պատասխանեց հայրը ժպտալով, — նա ո՜րքան դյուրագրգիռ է, ո՜րքան համառ է, ա՜յնքան և խելացի է: Նրան կարելի է մոմի նման դեպի ամեն կողմ շուռ տալ: Դա Շապուհ արքայից արքայի ախոռատան ամենաընտիր նժույգներիցն է, որ ընծա էր ստացել Համավերանի իշխանից: Երբ վերջին անգամ ներկայացա արքայից արքային իմ խոնարհ հրաժեշտը տալու, նա պարգևեց ինձ այդ նժույգը, ասելով. «Գնա՜, Մամիկոնյան տե՜ր, պայծառ Արամազդի օգնությանն եմ հանձնում քեզ, գնա՜ և այդ նժույգով կատարիր քո արշավանքը Հայաստանում, նա անպատճառ բարեբեր ու բարեհաջող ազդեցություն կունենա քո ձեռնարկությունների վրա»:

Վերջին խոսքերի միջոցին` հայրը ձեռքը մեկնեց դեպի Սամվելի նժույգի ճակատը, հարցնելով.

Դու դեռ չե՞ս նկատել այդ սպիտակ աստղը նրա ճակատին: – Նա ցույց տվեց բոլորակ խալը, որ, ճերմակ աստղի նման, բնությունը նկարել էր նժույգի ճակատի մեջտեղում:

Առաջին անգամն եմ տեսնում, — ասաց Սամվելը:

Դա հաջողության նշան է, — կրկնեց հայրը:

Չգիտեմ` որքան այդ աստղը կառաջնորդի ինձ դեպի հաջողություն... — ասաց Սամվելը երկդիմի ժպիտով: — Բայց կարծեմ, մենք ճահիճների մոտով ենք գնում: Այդ կողմերում թաղթաղուկ տեղեր շատ կան: Կարող է պատահել, որ Շապուհ արքայի ընծայած նժույգի աստղը յուր նշանակությունը կորցնե Արաքսի թաղթաղուկների մեջ...

Կարող է պատահել, — ասաց հայրը, թաքցնելով յուր տհաճությունը, որ պատճառեց նրան որդու կծու և հեգնական ակնարկությունը: — Բայց մենք թաղթաղուկներից անցանք արդեն:

Հոր և որդու խոսակցության միջոցին մոտեցավ պատանի Արտավազդը:

Ես թաղթաղուկներից չեմ վախենում, — ասաց նա ուրախ դեմքով: — Իմ ձին թեև հաջողության աստղ չունի, բայց անդունդների վրայից անգամ կարող է թռչել: Սամվելը իզուր նազ է անում: Նա գիտե միշտ այսպես թանկ ծախել յուր շնորհքը: Տեսեք, ես ինչպե՜ս եմ խաղացնում իմ ձիուն:

Առանց սպասելու, որ խնդրեն նրան, պատանին, յուր ձիու սանձը սաստիկ քաշելով, սկսեց մտրակել և զայրացնել նրան, որ ավելի գրգռե: Ձին տաքացավ, բորբոքվեցավ, սկսեց սաստիկ ոստյուններ գործել: Նրա ահագին թռիչքները նայողի վրա սարսափ էին ազդում: Ամեն վայրկյան կարելի էր սպասել, որ զայրացած նժույգը յուր հանդուգն հեծյալին դեպի ցած կնետե: Բայց պատանին նրա հետ ամուր կերպով ձուլվում էր, կարծես, նրա անդամներից մեկը լիներ: Նա այնքան ազատ և համարձակ էր պահում իրան, որ անկարելի էր երևակայել այն աստիճան ինքնավստահություն:

Երբ ձին բոլորովին բորբոքվեցավ, պատանին սկսեց զանազան ճարպիկ շրջաններ գծել տափարակի վրա: Ձին յուր բոլոր թափով պտտվում էր, իսկ ինքը, միևնույն ժամանակ, զարմանալի արագությամբ անցնում էր նրա պարանոցով և կրկին նստում թամբի վրա: Այդ միջոցին նա մի արագաշարժ ճախարակ էր, որ հոլովվում էր յուր առանցքի շուրջը: Նրան հետևեցին մի քանի պարսիկ պատանիներ, որոնց ճարպկություններն ևս ոչ սակավ հետաքրքիր էին: Բայց ամենքը նսեմացան պատանի Արտավազդի գործողություների առջև, մանավանդ, երբ սկսեց նա յուր անհնարին նիզակախաղը կատարել: Զիու սրարշավ փախուստի միջոցին` նետում էր նիզակը, և ամեն անգամ նիզակը շեշտակի կերպով ցցված էր մնում նշանակված կետի վրա, առանց յուր նպատակից վրիպելու: Նա իսկույն կայծակի նման հասնում էր, խլում էր նիզակը և կրկին նետում էր: Իսկ երբ պատահում էր, որ նիզակը յուր ծայրի վրա ցցված չէր մնում, այլ վայր էր ընկնում, այդ դեպքում, նա առանց մի րոպե կորցնելու, շուտով վրա էր հասնում, և, առանց ոտները ասպանդակներից հանելու, թամբի միջից թեքվում էր և բարձրացնում էր ընկած նիզակը:

Երբեմն հետամուտ էր լինում յուր հետ մրցող պարսիկ պատանիներին, որոնք այնպես էին ձևացնում, իբր թե խուսափում են նրանից: Այդ միջոցին մանկահասակ հերոսը, կարծես թե, աճում էր, մեծանում էր նայողի աչքում և ահարկու կերպարանք էր ստանում: Արծվի արագությամբ վրա էր հասնում, և նրա ախոյաններին խիստ սակավ անգամ էր հաջողվում` իրանց վահաններով ետ նահանջել նրա նիզակի զարկը, թեև վնասելու նպատակով չէր հարվածում: Իսկ երբ ինքն էր փախուստ տալիս, ախոյանները նրա ձիու բարձրացրած փոշուն անգամ չէին հասնում:

Մի քանի այլ զինամարզություններ ևս կատարվեցան, մինչև ամեն կողմից լսվեցան հավանության բազմաձայն աղաղակներ, «Շա՛տ ապրի Արտավազդը, շա՛տ ապրի Արտավազդը... »: Պատանին քրտնած, կարմրած, մոտեցավ խմբին: Նրա վառվռուն աչքերը` ուժերի սաստիկ լարվելուց` փայլում էին մանկական ոգևորության բոլոր կյանքով:

Դու քո զարմանալի ճարպկություններով նսեմացրիր մեր պատանիներին, Արտավազդ, — նկատեց պարսից Կարեն զորապետը: — Ասպարեզի փառքը քեզ է պատկանում:

Արտավազդը, որ երբեմն ցուցամոլի անմեղ պարծենկոտությունն ուներ, այս անգամ ինքն ևս հասկանալով յուր գերազանցությունը, համեստությամբ պատասխանեց.

Ո՜չ, տեր զորապետ, ձեր պատանիները, երևի, խնայեցին ինձ, որովհետև ես մի նոր հյուր էի նրանց խմբի մեջ:

Ընդհակառակն, նրանք խիստ անխնա կերպով էին մաքառում քեզ հետ, բայց դու հրաշալի քաջությամբ պաշտպանվում էիր: Այժմյանից քո ճակատի վրա փայլում է ապագա հերոսի աստղը:

Ինչպես Սամվելի նժույգի ճակատի վրա, — ծիծաղելով ավելացրեց զվարճախոս պատանին:

Կատակը մի կողմ, — նկատեց Մերուժանը մի առանձին նախագուշակությամբ: — Դու մի բան կդառնաս, և անպատճառ` լավ բան:

Բավական ժամանակ պատանին խոսակցության առարկա էր դարձել, մինչև հասան Արաքսի ափերին: Այդ կողմերում Արաքսի ափերը ծածկված էին փափուկ, կարմրագույն ավազով: Նույն պարարտ փափկության վրա աճել էին զանազան թուփեր և թավախիտ մացառներ, որ կանաչ ժապավենի նման զարդարում էին նրա գեղեցիկ եզերքը: Ջուրը նույնպես կարմիր գույն էր ստացել: Գետը, անցնելով կարմրագույն լեռների միջով և յուր ընթացքում քերելով նրանց կուրծքը, ստացել էր և նրանց գույնը:

Այդ կողմերում Արաքսի խաղաղ և լուռ ընթացքը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե, ջուրը կանգնած լիներ: Գետի մեջտեղում, գեղեցիկ օազիսի նման, երևում էր «Իշխանաց կղզին», որի վրա պետք է կատարվեր այնօրվա որսորդությունը:

Կղզին գետի ձախ կողմից ավելի մոտ էր ցամաքին, որից բաժանված էր բավական անձուկ նեղուցով: Որսորդության ժամանակ դնում էին նեղուցի վրա տախտակյա շարժական կամուրջ և անցնում էին, իսկ մյուս ժամանակներում վեր էին առնում կամուրջը: Այն օր դրած էր: Նրա մի ծայրը ցամաքի կողմից` հենված էր ամուր ապառաժի վրա, իսկ մյուս ծայրը` կղզու կողմից` դրած էր արհեստական թումբի վրա: Կամուրջի տակից սրընթաց կերպով վազում էր ջուրը, որ բավական խորություն ուներ: Կամուրջը այնքան նեղ էր և երկար, որ ամեն անգամ մի ձիավոր միայն կարող էր անցնել: Այդ էր պատճառը, որ բավական ժամանակ տևեց, մինչև ամենքը անցան:

Դեռ վաղառավոտյան, կղզու մեջ, գեղեցիկ կանաչ տափարակի վրա, կազմել էին մի քանի վրաններ` որսորդների հանգստանալու համար: Այնտեղ Մերուժանի խոհարարները կրակ էին վառել և նախաճաշիկի պատրաստություն էին տեսնում: Ճաշը պետք է պատրաստվեր հետո, որսի մսից:

Երբ հասան վրաններին, ամենքը ձիերից ցած իջան, որ փոքրինչ հանգստանան, մի բան ուտեն և ապա սկսեն որսորդությունը: Պատանի Արտավազդը չսպասեց մինչև նախաճաշիկը տային, իսկույն առեց մի կտոր հաց ու պանիր և, ձեռքում ուտելով, վազեց կղզու մեջ պտտելու: Սամվելը մնաց հոր մոտ: Ծերունի Արբակը Սամվելի ծառաների հետ` նստեցին վրանների մոտ, խոտերի վրա: Իսկ Մերուժանը պարսից Կարեն զորապետի ձեռքից բռնած ճեմում էին վրանների առջևում և ինչ-որ հարցի մասին ջերմ կերպով խոսում էին:

Կղզին բավական ընդարձակ էր և ձվաձև: Գետի ընթացքի երկարությամբ` սեղմվել էր նրա երկու բաժանված ճյուղերի մեջ: Այնտեղ բնակություններ չկային: Երևում էին մի քանի փոքրիկ տաղավարներ միայն, որ այժմ դատարկ էին, և որոնց մեջ բնակվում էին առաջ կզզու պահապանները:

Գեղեցի՛կ էր կախարդական կղզին` յուր վայրենի չքնաղության մեջ: Որքա՛ն սեր, որքա՜ն արտասուք թափվել էր այնտեղ: Գալիս էր երբեմն Սյունյաց իշխանը, յուր հետ բերելով յուր հարճերի և յուր նվագածուների բազմությունը: Նվագարանները հնչում էին, հարճերը պարում էին, գինին զեղվում էր արծաթյա մեծ գավաթներով, և ամբողջ գիշերներ լուսանում էին ուրախ, անհոգ, աղմկալի ուրախության մեջ: Արաքսի ամոթխած հավերժահարսունքն անգամ նախանձում էին, տեսնելով, թե ո՜րպես անսպառ կերպով վայելել գիտե մարդը` կնոջ սերը և նրա գեղեցկությունը:

Այո՜, գեղեցի՛կ էր կախարդական կղզին: Բարձր, ուղղաձիգ եղեգնաբույսերը, իրանց ճերմակ, փնջաձև կատարներով, ծածանվում էին զեփյուռի մեղմ շունչից, արձակելով մի խորհրդավոր սոսափյուն, որ նման էր սիրաբորբոք հեշտախտության: Ուշիմ եղջերուն, երկար ու ճապուկ պարանոցը մեկնած, մի առանձին ախորժակով քաղում էր եղեգների թարմ տերևները: Նա իսկույն անհայտացավ, երբ լսեց կասկածավոր այցելուների ոտնաձայնը: Իսկ այնտեղ, շամբուտների խոնավ մթության մեջ, թավալվում էր ամեհի վարազը և յուր սառն, տղմային անկողնում գոռոզաբար արհամարհում էր արևի կիզող ճառագայթների ներգործությունը: Երկչոտ նապաստակը, երբեմն կանգ առնելով, երբեմն յուր շուրջը նայելով, շտապով վազվզում էր խոտերի մետաքսային փափկության միջով: Իսկ վրդովված այծյամը մամռապատ ժայռի գլխից դեռ շփոթված կերպով դիտում էր, ստուգելու, արդյոք ո՜վքեր են նորեկ հյուրերը:

Հարուստ բուսականությունը` հիացման չափ ճոխ էր և շռայլ: Թարմ, հյութալի կանաչազարդության միջից իրանց փայլուն գլխիկներով վառվում էին ջրածաղկի զանազան տեսակները, որոնք ուրիշ տեղերում` միայն ճահիճների պչրանքն են ներկայացնում: Տեղ-տեղ բարակ ծղոտներով և երկար թրաձև տերևներով` բարձրացել էր վայրենի շուշանը, որ յուր նուրբ անուշահոտությամբ լցրել էր օդը խիստ, ախորժելի բուրմունքով: Տեղ-տեղ քյաֆուր վարդը բաց էր արել յուր շքեղ ծաղիկը, որ ժպտում էր թավիշյա ծիրանեգույն թերթիկներով: Զանազան կողմերում` թուփերը, մացառները այն աստիճան աճել էին, որ մի փոքր հեռավորության վրա` մարդ յուր ընկերին տեսնել չէր կարողանում: Ձիաներով անհնար էր շրջել այնտեղ, որովհետև ամեն քայլում մացառների խիտ հյուսվածքը ծածկում էր հազիվ նշմարվող շավիղները: Ավելի հեշտ էր ոտով:

Երբ վերջացրին նախաճաշիկը, յուրաքանչյուրը առեց յուր զենքերը, և պատրաստվեցան սկսելու որսորդությունը: Արթուն հուշարարները` խուզարկու շների հետ` վաղուց արդեն ներս էին մտել մացառների մեջ և սուրալով խարխափում էին, որ դուրս վանեն անասուններին:

Երբ ճանապարհ ընկան, որսորդները բաժանվեցան մի քանի փոքրիկ խմբերի և տարածվեցան դեպի կղզու զանազան կողմերը: Պատանի Արտավազդը միացավ Մերուժանի խմբի հետ, իսկ Սամվելը յուր հոր խմբի հետ: Վերջինների թվում էր և պարսից Կարեն զորապետը: Ծերունի Արբակը, Սամվելի ծառաների հետ, հետևում էր նրանց: Պարսից միացյալ սպաները առանձին խմբեր կազմեցին և բաժանվեցան մյուսներից:

Սամվելը, երկար, հաստաբուն նիզակը ձեռին, լուռ առաջ էր գնում: Նրա մույգ դեմքը սովորաբար պղնձի գույն էր ստանում, երբ գտնվում էր հոգեկան սաստիկ ալեկոծության մեջ: Այդպես էր այժմ նրա դեմքը: Այդպես լինում էր նա կռվի ջերմ փոթորկի ժամանակ, այդպես լինում էր նա և որսորդության զվարճալի հրապույրների ժամանակ: Բայց դրանցից և ոչ մեկը չէր, որ նույն րոպեներում բորբոքում էր, վրդովեցնում էր երիտասարդական սիրտը: Նրան խռովության մեջ էին դրել բոլորովին այլ մտատանջություններ...

Սամվե՜լ, — նկատեց նրան հայրը մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր ծնողական սրտի բոլոր գորովը, բոլոր ջերմությունը, — զգուշացի՜ր, երբ վարազների կհանդիպես: Այստեղի վարազները սաստիկ կատաղի են:

Կցանկանայի, հայր, վագրների հանդիպել, առյուծների հանդիպել, — պատասխանեց Սամվելը թախծալի ձայնով: — Բայց, ափսո՛ս, որ այստեղ ո՜չ վագրներ կպատահեն և ո՜չ առյուծներ: Կցանկանայի գոնե Արաքսի սոսկալի նհանգներից մեկը` հրեշավոր գլուխը ջրերից վեր բարձրացներ և յուր բոլոր կատաղությամբ հարձակվեր իմ վրա...

Սամվելը պարծենկոտ չէր: Այդ գիտեր հայրը: Ուրեմն ի՞նչը առիթ տվեց նրան այս տեսակ ցնորքների մեջ ընկնել: Նախաճաշիկի ժամանակ նա շատ փոքր խմեց: Այդ տեսավ հայրը: Ուրեմն գինին ևս չէր կարող գրգռել նրա երևակայությունը: Այսուամենայնիվ հայրը հարցրեց.

Երևի նրա համար են այդ գեղեցիկ ցանկությունները, Սամվել, որ ցույց տաս քո քաջությունը: Բայց քո քաջությունը, անտարակույս, այս տեսակ ապացույցների կարոտ չէ:

Ոչ, հայը, դրա համար չէ: Ես հեռու եմ ամեն փառասիրությունից: Միայն կցանկանայի կռվել... ի մա՛հ կռվել...

Հայրը սկսեց տխրել: «Նա ցանկանում էր մահվան համար կռվել... »: «Ի՞նչը ձանձրացրել էր սիրելի որդու լուսապայծառ, ծաղկափթիթ կյանքը...: » Այս մտքերը սկսեցին սարսափեցնել նրան:

Հոր և որդու խոսակցությունը ընդհատեց հուշարարներից մեկի փողի ձայնը: Սամվելը վազեց դեպի այն կողմը, որտեղից լսվեցավ ձայնը: Նրան հետևեցին պատանի Հուսիկը, որ զինակրի պաշտոն էր կատարում, և յուր ծառաներից մի քանիսը:

Հայտնվողը Սամվելի փափագած որսերից և ոչ մեկը չէր: Ուռենիների թավուտներից դուրս հարձակվեցավ մի ահագին եղջերու, ծանր, բազմաճյուղ եղջյուրներով: Անփույթ կերպով նայեց յուր շուրջը և, եղջյուրները դեպի քամակը դարձնելով, փորձում էր փախչել, բայց իսկույն շները շրջապատեցին նրան: Նրանցից ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ: Սուր եղջյուրները ո՜չ միայն վահանի գործ էին կատարում, այլև աշտեի: Դեպի ո՜ր կողմը և դառնում էր նա, շները խմբով փախչում էին նրա առջևից: Սամվելը վրա հասավ: Եղջերուն կատաղի կերպով հարձակում գործեց և անշուշտ սուր եղջյուրներով կթափեր յուր համարձակ ախոյանի փորը, եթե երիտասարդի նիզակը շեշտակի կերպով չմխվեր նրա աջ ուսի մեջ: Նիզակը խոցեց միայն, բայց մահվան չափ ազդել չկարողացավ: Շները դարձյալ շրջապատեցին նրան: Սամվելը կրկնեց նիզակի զարկը: Այս անգամ դիպավ ազդրին: Եղջերուն, ո՜չ թե ստացած հարվածների երկյուղից, այլ ավելի խրտչելով անակնկալ դեպքից, պատառեց շների շղթան և սկսեց փախչել: Ծառաներից ոչ մեկը չկարողացավ նրա առաջը առնել: Սամվելը հետամուտ եղավ: Զարմանալի էր սրարշավ անասունի փախուստը: Բայց նրանից ոչ սակավ արագավազ էր և Սամվելը: Վազելու սովորած էր նա սկսյալ մանկությունից, որ նրա կրթության գլխավոր հրահանգներից մեկն էր եղած: Հայրը, յուր ուղեկիցների հետ կանգնած, անհամբերությամբ նայում էր, որ տեսնե, թե ինչպես կվերջացնե որդին յուր որսի հետ: Այդ միջոցին եղջերվի երկար, ճապուկ ոտները հազիվ-հազ դիպչում էին գետնին, և յուր վազելու սաստկության ժամանակ` ահագին թռիչքներ էր գործում: Սամվելը ետևից անդադար նետեր էր արձակում: Նետերը թեև դիպչում էին, բայց փետուրյա գրիչների նման, ցցված մնում էին նրա մարմնի վրա: Վիրավոր անասունը շարունակում էր փախչել, յուր շավղի վրա թողներվ հոսվող արյան կարմիր հետքերը: Ոչ սակավ զայրացած էին Սամվելի ծառաները: Նրանք շների հետ վազեցին դեպի զանազան կողմեր, և ամեն կողմից կտրելով համառ անասունի ճանապարհը, աշխատում էին պահել նրա առաջը, որպեսզի, միգուցե հասներ կղզու ափին, և նետվելով գետի մեջ, լողալով անցներ մյուս կողմը: Սամվելի ետևից վազում էր միայն նրա զինակիրը` պատանի Հուսիկը:

Տո՜ւր ինձ արկանը, — դարձավ նա դեպի պատանին, — եթե ոչ, այդ անիրավը բոլորովին կհոգնեցնե ինձ:

Պատանին տվեց նրան կաշյա երկար պարանը: Սամվելը արկանի մի ծայրը փաթաթեց ձախ թևքին, իսկ մնացած մասը, կաժի ձևով հավաքելով աջ ձեռքում, յուր որսի սաստիկ փախչելու միջոցին` ձգեց դեպի նրա գլուխը: Արկանը փաթաթվեցավ բազմաճյուղ եղջյուրներին և անցավ նրա պարանոցով: Այժմ ուժ էր հարկավոր պահելու կատաղի անասունին, եթե ոչ, նա յուր ետևից քարշ կտար հանդուգն արկանարկուին: Բայց Սամվելի բազուկների մեջ նրան զսպելու չափ զորություն կար: Նա յուր արկանով այնպես կաշկանդեց ուժեղ անասունին, որպես ճանճը կաշկանդվում է սարդի ոստայնի մեջ: Այդ միջոցին վրա հասավ պատանի Հուսիկը և, նիզակը ուղղելով, կամենում էր խրել նրա կողքի մեջ: Սամվելը արգելեց, ասելով.

Թող տու՜ր, ես դրան պետք է կենդանի տանեմ հորս մոտ:

Հայրը տեսավ և նրա սիրտը լցվեցավ անսպառ ուրախությամբ: Նրա մոտ կանգնած էր պարսից Կարեն զորապետը:

Ինչպե՞ս երևաց քեզ, — դարձավ նա դեպի զորապետը:

Սքանչելի՛ է, պայծառ Արամազդը վկա, սքանչելի՜ է, — բացագանչեց ապշած պարսիկը: — Գիտե՞ս, իշխան, եղջերվի որսը ավելի դժվար է, քան թե առյուծի կամ վագրի որսը, որովհետև, եղջերուն արագավազ ոտներ ունի և փախչում է, բայց առյուծը կամ վագրը ամոթ են համարում փախչելը, նրանք կռվում են: Իսկ կռվողի հետ հեշտ է կռվել, կա՜մ հաղթել, կա՜մ հաղթվել:

Սամվելը, յուր որսը ետևից քարշ տալով, մոտեցավ հորը:

Ես իմ բաժինը վերջացրի, — ասաց նա քրտինքը սրբելով, — մեր ճաշի համար այժմ բավական խորովածացու միս ունենք:

Միթե չե՞ս կամենում շարունակել, — հարցրեց հայրը:

Կցանկանայի մի փոքր հանգստանալ. այդ անիրավը բավական հոգնեցրեց ինձ: – Նա ձեռքը տարավ դեպի եղջերուն:

Ծառաները մոտեցան, տարան որսը: Սամվելը հոր հետ դիմեց դեպի վրանների կողմը: Հուսիկը չբաժանվեցավ յուր իշխանից: Իսկ պարսից Կարեն զորապետը գնաց տեսնելու, թե ինչ են անում մյուս որսորդները:

Երբ հասան վրաններին, հայրը ցույց տվեց նրանցից մեկը ասելով.

Մտնենք այդ վրանը, դա մեզ համար է պատրաստված:

Ես կցանկանայի մի փոքր շրջագայել կղզին և հիանալ նրա գեղեցկությամբ, — պատասխանեց Սամվելը: — Այդ վրանները կատարելապես ձանձրացրին ինձ: Պարզ երկինքը, մետաքսյա կանաչը և Արաքսի սքանչելի ափերը թողած, այժմ մինչև անգամ մեղք կլիներ փակվիլ վրանների մեջ:

Հայրը դարձյալ նկատեց որդու մեջ մելամաղձական դրություն: Ի՞նչն էր անհանգստացնում նրան: Այն օրվա բոլոր պատրաստությունները` միայն նրան զբաղեցնելու և միայն նրան զվարճացնելու համար էին: Իսկ որդին, կարծես, խույս էր տալիս այդ բոլորից: Նա որոնում էր առանձնություն, որոնում էր ամայի վայրերի խլություն, որ յուր սրտի հետ խոսեր, որ յուր հոգու հետ խորհրդակցեր: Հայրը չթողեց նրան միայնակ գնալ, թեև Սամվելը կցանկանար միայնակ լիներ: Հայրը բռնեց նրա ձեռքից, և երկուսը միասին սկսեցին ճեմելով դիմել դեպի կղզու այն կողմը, որ ավելի ազատ էր մացառներից:

Հեռվից լսելի էր լինում որսորդների փողերի ձայնը, լսելի էին լինում և խառնաձայն աղաղակներ: Այդ միջոցին հայր և որդի հանդարտ քայլերով անցնում էին փափուկ խոտերի վրայով, որ, միախառնվելով գույնզգույն ծաղիկների հետ, նախշուն գորգի նման` սփռված էին նրանց առջև: Երկար անխոս գնում էին նրանք, մինչև հասան կղզու ափին: Այնտեղ մի խումբ վարսավոր ուռենիներ հրավիրեցին նրանց` իրանց ախորժելի ստվերի ներքո: Հայր և որդի նստեցին միմյանց մոտ: Գեզեցի՛կ էր փոքրիկ հովանոցը: Այնտեղ ուռենիները իրանց անթափանցիկ գրկում սնուցանում էին խիստ զվարթարար զովություն, չնայելով, որ արեգակի միջօրեական ճառագայթները արդեն սկսել էին այրել:

Հաջորդ էջ