Րաֆֆի՝   Սամվել

Հոր և որդու մեջ տիրում էր մի տեսակ բռնադատյալ լռություն: Երկուսն էլ ցանկանում էին խոսել, բայց դժվարանում էին, թե ի՞նչ խոսեն, թեև շատ բան ունեին միմյանց ասելու: Այդ առաջին անգամն էր, որ նրանք գտնվում էին միասին և այս տեսակ մեկուսացած առանձնության մեջ: Յուրաքանչյուրը ցանկանում էր բաց անել յուր սիրտը: Հայրը փափագում էր մի առ մի բացատրել որդուն յուր բոլոր դիտավորությունները, թե ի՜նչ նպատակներ ունի նրա ապագայի մասին, կամ ո՜րպես մտածում է տնօրինել նրա բախտավորությունը: Բացի դրանից, կամենում էր բացատրել և յուր քաղաքական նպատակները, որ վերաբերում էին առհասարակ Հայոց աշխարհի գործերին: Իսկ որդին նոր բացատրությունների կարոտ չէր: Նա գիտեր և վաղուց հասկացած էր բոլորը: Նա միայն ցանկանում էր հայտնել հորը, թե ա՜յն ամենը, ինչ որ կատարել է նա և կամ ինչ որ տակավին կատարելու դիտավորություն ունի, անտարակույս, կտանեն հայրենի աշխարհը դեպի անդառնալի կորուստ, իսկ որդին չէր ցանկանա յուր հայրենիքի ավերակների մեջ գտնել յուր փառքը:

Մինչ հայր և որդի սույն հոգետանջ լռության մեջ էին, որ ամեն վայրկյան պատրաստ էր պայթելու, պատանի Արտավազդը, կղզու մյուս կողմում հրաշքներ էր գործում: Նրա շները դուրս էին վանել եղեգների միջից մի կատաղի վարազ, որ, ձյունի պես ճերմակ, սրածայր ժանիքները փայլեցնելով, ահարկու կռնչյունով հարձակվում էր այս կողմ ու այն կողմ, և ամեն անգամ շները խմբովին խույս էին տալիս նրանից, որպես մկները կատվից:

Այդ կողմում որսորդները ձիավորված էին, որովհետև ձիերի շարժման համար բավական արձակ էր տեղը: Միայն կղզու ափերի մոտ աճել էին թավ շամբուտներ, որոնց միջից դուրս էին քշել վարազին: Նա դարձյալ աշխատում էր նետվել դեպի յուր մթին դարանը, դեպի շամբուտները, բայց պարսիկ պատանիների երկար շղթան բռնել էր այդ կողմը, և ամեն անգամ, երբ մոտենում էր վարազը, նրանք նիզակներով ետ էին մղում: Ասպարեզը թողել էին պատանի Արտավազդին, որ միայնակ պետք է մաքառեր վտանգավոր որսի հետ:

Արտավազդ, հեռու կա՜ց, այդպես չէ կարելի, — ձայն տվեց Մերուժանը, որ մի առանձին հետաքրքրությամբ դիտում էր պատանու կռիվը կատաղի անասունի հետ:

Դա ի՞նչ բան է, — պատասխանեց նա յուր սովորական պարծենկոտությամբ, — ես մի անգամ Բզնունյաց անտառներում մի ամեհի արջ սպանեցի:

Մերուժանը հավատաց, բայց, այնուամենայնիվ, հրամայեց պարսիկ պատանիներին, որ օգնեն նրան:

Ո՜չ, աղաչում եմ, — խնդրում էր նա սաստիկ բաղձանքվ, — հրամայիր, որ թույլ տան` ես միայնակ վերջացնեմ իմ որսի հետ: Դա իմն է, դրան ես եմ գտել շամբերի միջից:

Մերուժանը հրամայեց չմիջամտել: Պատանին դարձավ դեպի ծերունի Արբակը, խնդրելով.

Տո՜ւր ինձ քո ձին, սիրելի Արբակ, իմը խրտչում է, վստահությամբ չէ մոտենում: Իսկ քո պառավ ձին քեզ նման ծեր է և փորձառու, այդ պատճառով խրտչելու թուլություն չունի:

Ծերունին ցած իջավ ձիուց մրթմրթաչով.

Քո լեզուն եթե չլիներ, գլուխդ ագռավները կտանեին:

Պատանին ուշադրություն չդարձրեց Արբակի կծու հեգնությանը, մի ակնթարթում թռավ նրա ձիու վրա, իսկ յուր ձին տվեց նրան: Այդ միջոցին վարազը, երկաթյա գառագղի մեջ ընկած գազանի նման, կռնչալով, լայն ականջները թափ տալով, վազվզում էր, որ մի ելք գտնե փախչելու, բայց ամեն կոզմից հանդիպում էր պարսիկ պատանիների սաստիկ ընդդիմադրությանը: Արտավազղը միայնակ հետամուտ էր լինում: Իսկ նա, որպես մի խուլ ահավորություն, երբեմն ետ էր դառնում, և յուր բութ, մի զույգ սպիտակ ժանիքներով զինված կնճիթը, ուղղելով դեպի նրա ձին, հարձակում էր գործում, բայց Արտավազդը նիզակի սաստիկ հարվածներով գանակոծում էր նրան: Նա բարկացավ, երբ նկատեց, որ հարվածները լավ չէին ներգործում, և ավելի զայրացավ, երբ լսեց, որ պարսիկ պատանիները արդեն սկսել էին ծիծաղել նրա վրա:

Սիրելի Արբակ, — դարձավ նա դեպի ծերունին մի նոր խնդիրքով, — աղաչում եմ, շտապի՜ր, տո՜ւր ինձ քո նիզակը, իմը շատ թեթև է ու բարակ, վախենում եմ, որ կոտրվի:

Կտամ սիրելի Արտավազդ, — ասաց ծերունին, բարեսրտաբար խնդալով, — կտամ իմ նիզակը, բայց բազուկներս քեզ տալ չեմ կարող:

Մերուժանը բացատրեց ծերունու խուլ հեգնությունը.

Արբակի ծանր նիզակը շարժելու համար` պետք է Արբակի ամուր բազուկները ունենալ, Արտավազդ:

Ախար ես էլ փոքրիկ գազաններից չեմ, — պատասխանեց Արտավազդը մի առանձին ինքնավստահությամբ նայելով Մերուժանի երեսին:

Պատանու պարծենկոտությունը այս անգամ խորին ուրախություն պատճառեց Արբակին, և նա մեծ հոժարությամբ փոխեց նրա հետ յուր նիզակը:

Նիզակը, արդարև, Արտավազդի համար բավական մեծ էր և ծանր, բայց նա այն տեսակ նիզակներ, մանավանդ ձիու վրա, գործածելու ճարտարությունից զուրկ չէր: Նա միացրեց յուր դեռահաս բազուկների զորությունը յուր նժույգի չափազանց ուժի հետ: Առանց ժամանակ կորցնելու, երկար նիզակի բունը առեց աջ թևքի տակ, և նրա սրածայր սվինը դեպի ցած բռնելով, շտապեց ձիուն յուր բոլոր սաստկությամբ քշել դեպի վարազը: Ամեհի նժույգի սրարշավ թափը բավական էր նիզակին այն աստիճան ուժգին զարկ տալու, որով մխվեցավ նա վարազի կողքի մեջ և ծայրը մյուս կողմից դուրս եկավ:

Այդպես հեշտ էր շամփրել գազանին, — ծիծաղելով ձայն տվին պարսիկ պատանիները, — բայց քո քաջությունը նիզակը դուրս քաշելումը պետք է տեսնենք:

Արտավազդը իսկույն ձիու գլուխը շուռ տվեց և ձին, իհարկե, դուրս քաշեց նիզակը, իսկ ահագին վարազը անշարժ մնաց գետնի վրա:

Ամեն կողմից լսվեցան հավանության աղաղակներ: Արտավազդը թողեց որսը, որ իսկույն քարշ տվին ծառաները, իսկ ինքը մոտեցավ հանդիսատեսների խմբին: Նրա պայծառ դեմքը փայլում էր ուրախությունից: Նա կրկին վերադարձրեց ծերունի Արբակին թե՜ նրա ձին և թե՜ նիզակը, ականջին փսփսալով.

Շնորհակալ եմ քո բարության համար, սիրելի Արբակ, եթե ոչ, այդ պարսիկ լակոտները ամոթով պիտի թողնեին ինձ:

Այսպես շարունակվում էր որսորդությունը, երբ Սամվելը հոր հետ դեռ նստած էին կղզու ափի մոտ: Սամվելը լուռ նայում էր Արաքսի կարմրագույն հոսանքին, որ մեղմ ալիքներով զարկվում էր կղզու ավազոտ ափերին և նրա վրա կարմրագույն արյան տպավորություն էր գործում: Հայրը պատմում էր նրան յուր նախամտածությունները և յուր դիտավորությունները, իհարկե, այն չափով միայն, որքան կարող էր հավատալ որդուն: Պատմում էր, թե «երբ աստուծու հաջողությամբ» հայ և հրեա գերիներին կհասցնեն Տիզբոն, և երբ ինքը բախտ կունենա մյուս անգամ վայելելու Շապուհ արքայի ողորմածության շնորհը, այնուհետև պետք է Մերուժանի հետ կրկին վերադառնան Հայաստան: Պատմում էր, թե այն ժամանակ ինքը, իբրև հայոց ընդհանուր սպարապետ, ի՜նչպես պետք է կազմակերպե յուր հրամանի ներքո գտնված հայկական զորքերը: Պատմում էր և Մերուժանի դիտավորությունները, թե նա որպիսի՜ձև պետք է տա յուր նոր հիմնած թագավորությանը Հայաստանում: Խիստ դառնացած կերպով խոսում էր Արշակունիների «չարագործության» և «անբարոյականության» մասին և, ոգևորվելով Մերուժանի կատարած գործերի հաջողություններով, արտահայտում էր յուր խորին ուրախությունը, որ, վերջապես, պիտի կարողանան ազատվել Արշակունիների անտանելի լուծից, և Հայաստանը Մերուժանի հզոր գավազանի ներքո` թե՜ խաղաղություն և թե՜ բախտավորություն պիտի վայելե: Որդին լռությամբ լսում էր, և հոր խոսքերը թունավոր նետերի նման ծակոտում էին նրա վշտացած սիրտը:

Հետո սկսեց պատմել յուր դիտավորությունները որդու վերաբերությամբ: Մի առանձին ուրախությամբ հայտնում էր, թե Շապուհ արքան շատ անգամ լսել է նրա մասին, գիտե նրա քաջությունները, և Տիզբոնի արքունիքում արդեն ծանոթ է նրա անունը: Այժմ մնում է միայն, որ որդին ներկայանա արյաց արքայից արքային, և նա անպատճառ նրան Պարսկաստանում գտնված հայկական հեծելազորի հրամանատար կկարգե: Այդ առիթով որդին կմերձենա թե՜ պարսից Դրանը և թե՜ առհասարակ արքունիքին: Այնուհետև նրա գեղեցկությունը, շնորհքը և բարեկրթությունը` բավական մեծ երաշխավորություն են ներկայացնում, որ արյաց արքայից արքան յուր դուստրներից մեկը նրան կնության կտա, ա՜յն բազմահարուստ օժիտով, որ ստանում է յուրաքանչյուր ոք, որ բախտ է ունենում արյաց արքայական գերդաստանի փեսան լինելու և այլն:

Սամվելը համարյա թե չէր լսում: Նա ուշադրությամբ լսեց հոր պատմածների սկիզբը միայն, իսկ թե ի՞նչ կլիներ վերջավորությունը, — այդ կարող էր և ինքը եզրակացնել: Գլուխը խոնարհեցրած, ամենևին չէր նայում հոր երեսին, և վշտալի աչքերը մեքենաբար հառած էին դեպի մի հաստ, կիսափուտ գերանի կտոր, որ ալիքները դուրս էին նետել ավազների վրա: Իսկ երբեմն նրա ուշադրությունը գրավում էր մի օտարոտի խշրտոց, որ մերթ ընդ մերթ լսելի էր լինում մերձակա թուփերի միջից: Հայրը նկատեց այդ և, կամենալով նրա ուշադրությունը դեպի ինքը գրավել, հանգստացրեց, ասելով.

Այնտեղ, երևի, որսորդներից փախած երեներ են շարժվում:

Ոչ, քամին է շարժում թուփերը, — անփույթ կերպով ասաց Սամվելը և շարունակեց նայել գերանի կտորի վրա:

Երբեմն ամենաանմեղ առարկաներն անգամ մարդու մեջ բավական զբաղեցնող մտքեր են հարուցանում: Գերանի կտորի վրա նայելով, Սամվելը այս էր մտածում. «Եթե այդ հաստ, փտությունից թեթևացած ծառաբունը գլորես ջրի մեջ, արդյոք կարո՞ղ է նա մի փոքրիկ մակույկի ծառայություն մատուցանել... արդյոք կարելի՞ է նրանով անցնել գետի մյուս ափի վրա... »:

Բայց քամին, իրավ, շարժում էր մերձակա թուփերը: Եղանակը, որ առավոտյան այնքան խաղաղ էր, այնքան գեղեցիկ էր, ընդհակառակն, կեսօրից հետո սկսեց փոքր առ փոքր մռայլվիլ: Սովորական քամին բարձրացավ, և պարզ օդը հետզհետե լցվեցավ նուրբ, կարմրագույն փոշիով: Այդ քստմնելի երևույթը, մանավանդ տեղային հանգամանքներին անծանոթ մարդու վրա, խիստ տխուր և ահարկու տպավորություն է գործում: Հանկարծ պայծառ հորիզոնը ներկվում է բոսորային գույնով, և նրան այնպես է թվում, որ երկնքից մանր, փոշետեսակ արյան անձրև է տեղում: Իսկ Սամվելին ձգեց նա մի առանձին մելամաղձության մեջ, որ արտահայտություն էր նրա նույնպես խռովյալ սրտի:

Զարմանալի՛ հատկություններ ունի Արաքսը, — ասաց նա, ինքն յուր հետ խոսելով, — զարմանալի՛ բնավորություն, ունեն և նրա խորհրդավոր շրջակայքը: Պարզ, լուսապայծառ առավոտին հաջորդում է տխուր, վհատական երեկո` յուր կարմրագույն մռայլով, իսկ ուրախ, անհոգ զվարճությանը` խիստ սրտամաշ թախծություն... Տխո՛ւր է, տխո՛ւր... Ես կարծում էի, թե կարող եմ փոքր-ինչ ուրախ լինել, փոքր-ինչ մոռանալ ինձ... Բայց իզո՛ւր... Երանի՛ թե չար լինեի... երանի թե եղեռնագործ լինեի... Գուցե ինձ ևս կվիճակվեր նույն օրհասը, որ վիճակվեցավ բարի Արտաշեսի չար որդուն... Նա կորավ որսորդության միջոցում, նա յուր ձիու հետ խորասույզ եղավ Արաքսի մերձակա անդունդների մեջ... Գետինը չկարողացավ տանել չար արքայազնին, որ չարությամբ պիտի լցներ Հայոց երկիրը... Գետինը բաց արավ յուր ահարկու բերանը և կլանեց նրան...

Հայրը սարսափով լսում էր:

Ինչո՞ւ հիշեցիր այդ տխուր անցքը, — հարցրեց նա, դողդոջուն ձեռքով բռնելով որդու աջը:

Չգիտեմ ինչո՜ւ... երևի նրա համար, որ շատ հեռու չենք այն եղերական վայրերից, ուր պատահեց այդ անցքը: Թշվառ չարագործը կորավ, անհետացավ Արաքսի անդունդների մեջ, բայց հանգստանալ չկարողացավ... Մասիսի քաջքերը տարան, շղթայեցին նրան մի մթին այրի մեջ, ուր մինչև այսօր տանջվում է նա...

Սամվե՛լ, — գոչեց հայրը շփոթված ձայնով: — Ի՞նչ պատահեց քեզ հետ, ի՞նչը ձգեց քեզ այդ մթին ցնորքների մեջ: Դու մահ ես ցանկանում, քեզ համար անտանելի է դարձել կյանքը այն հասակում, երբ դեռ նոր է սկսվում քո երջանկության ծաղկափթիթ գարունքը: Ի՞նչ է պակաս քեզ: Քո հայրը պատրաստ է ծնողական բոլոր սիրով ամեն ինչ լցուցանել: Լսի՜ր, Սամվել, դու չես հասկանում քո անսահման բախտավորությունը, որի մեջն ես, և որը յուր լիառատ բարություններով դեռևս սպասում է քեզ: Հազարավոր իշխանազն երիտասարդներ պիտի նախանձվին քո փառքին, հազարավոր իշխանազն օրիորդներ պիտի փափագեն քո ամուսինը լինելու: Բայց դու կընտրես քեզ չքնաղներից չքնաղագույնը` արյաց արքայից արքայի աննման դուստրը:

Դրանցից և ո՜չ մեկը չէ կարող բուժել այն վերքերը, որ դրած են իմ սրտում, հայր, դրանցից և ոչ մեկը չէ կարող վանել այն վշտերը, որ օր ու գիշեր տանջում են ինձ: Կյանքը, իրավ, անտանելի է դարձել ինձ, հայր, և մահը շատ ցանկալի կլիներ ինձ, եթե գիտենայի, որ մահից հետո մի այլ կյանք չկա: Բայց մարդիկ իրանց վշտերը` իրանց հետ գերեզման են տանում: Դա ավելի անտանելի է, քան հավիտենական տանջանքը դժոխքի խորքում...

Վերջին խոսքերի միջոցին նա յուր գունաթափ դեմքը դարձրեց դեպի հայրը և շարունակեց մի այնպիսի ձայնով, որ արտահայտում էր նրա հուզված սրտի խորին ալեկոծությունը.

Հայր, այստեղ մենք միայնակ ենք, այստեղ մեզ ոչ ոք չի լսի, թույլ տո՜ւր ինձ խոստովանել քեզ իմ բոլոր ցավերը, իմ բոլոր տանջանքները:

Խոսի՜ր, զավակս, բա՜ց արա հորդ առջև լցված սիրտդ, ի՞նչն է այսպես տանջում քեզ: Այն օրից, որ եկել ես դու, ես միշտ նկատում եմ քո մեջ մի տեսակ հոգեկան անհանգստություն, մի տեսակ բարոյական վրդովմունք: Մի՜ թաքցրու ցավերդ, և հավատացած եղիր, որ հայրդ այնքան անչափ սեր ունի դեպի քեզ, որ կարող է քո կարիքներին կարեկից լինել և քո ցավերին` ցավակից:

Ինչպե՞ս չցավել, հայր, ինչպե՞ս չվշտանալ, հայր: Մի սիրտ, որ քարից լիներ կազմված, մի հոգի, որի մեջ մեռած լինեին ամեն մարդկային զգացմունքներ, դարձյալ չէր կարող անզգա մնալ տեսնելով ա՜յն, ինչ որ ես տեսա և ինչ-որ տակավին տեսնելու դժբախտությունը պիտի ունենամ: Այն օրից, որ դուրս եկա մեր ամրոցից, այն օրից, որ թողի Տարոնը, մինչև այստեղ հասնելս ես անցա մի շարք ավերակների, մի շարք բարբարոսությունների միջով: Տեսա մոխիր դարձած քաղաքներ, տեսա անմարդացած գյուղեր, տեսա կործանված վանքեր ու տաճարներ... Ամեն քայլում ես ոտք էի կոխում արյան վրա, և իմ հայրենակիցների արյան վրա... Ո՞վ կատարեց այդ անգթությունները, հա՜յր, և ինչո՞ւ համար...

Հայրը բնավ չէր սպասում, որ որդին մի այսպիսի հարց կառաջարկեր: Նա շփոթվեցավ, պապանձվեցավ, և նրա բոլոր անձնասիրությունը խորտակվեցավ այն դառն հանդիմանության առջև, որով որդին արտահայտեց յուր սրտի վշտերը:

Դու լռում ես, հայր, դու չես պատասխանում: Ես հասկանում եմ քո լռության իմաստը: Բայց հայրենիքի կործանումները և բյուրավոր աչքերի լացն ու արտասուքը` համարձակություն են տալիս դժբախտ որդուդ ասելու քեզ, որ այդ բոլոր անգթությունները կատարվել են երկու անձանց ձեռքով, որոնցից մեկը իմ հայրն է` դո՜ւ, իսկ մյուսը` իմ մոր եղբայրն է` Մերուժան Արծրունին...

Մեծ գործերը մեծ զոհ են պահանջում... — ընդհատեց հայրը որդու խոսքերը:

Ճշմարիտ է, մեծ գործերը մեծ զոհ են պահանջում, — պատասխանեց որդին դառնացած ձայնով, — բայց դու, հայր, արդյոք լավ կշռե՞լ ես գործի մեծության հետ և հանցանքի մեծությունը: Ոչնչացնել հայրենի աշխարհը, ոչնչացնել հայրենի կրոնը, եկեղեցին, և Հայաստանի ավերակների վրա հիմնել մի պարսկական թագավորություն, ահա՛ այս է այն գործը, որ դու, հայր, մեծ ես կոչում:

Ինչո՞ւ պարսկական թագավորություն, — հարցրեց հայրը զայրացած ձայնով: — Միթե Մերուժանը պարսի՞կ է:

Ապա ի՞նչ է: Թե՜դու, հա՜յր, և թե՜ նա ուրացել եք քրիստոնեությունը և ընդունել եք պարսեց Շապուհ արքայի կրոնը: Հայոց եկեղեցիները լցրել եք պարսից մոգերով ու մոգեպետներով: Ամեն տեղ ստիպում եք ուրանալ քրիստոնեությունը: Իմ մայրը արդեն մոխրապաշտ է դարձել և Մամիկոնյանների կրոնասեր տան մեջ պարսից ատրուշան է հիմնել: Իմ եղբայրները այժմ պարսկերեն են խոսում: Հայոց լեզուն հալածված է մեր տնից: Ամեն տեղ ոչնչացնում եք հայոց գրքերը, որպեսզի պարսից լեզու և պարսից դպրություն տարածեք Հայաստանում: Երեկ իմ աչքով տեսա, թե ինչպես Մերուժանի երկնագույն վրանի առջև այրում էին հայոց գրքերը: Այդ բոլորից հետո, երբ կորչում է կրոնը, երբ կորչում է լեզուն, երբ ոչնչանում են ազգային ավանդությունները և երբ, վերջապես, հայը սկսում է պարսից սովորություններով ապրել և պարսից լեզվով աղոթել, այլևս ի՞նչ հայություն կմնա: Եվ ձեր հիմնած թագավորությունը միթե կարո՞ղ է այնուհետև հայկական լինել: Նա, վաղ թե ուշ, կլուծվի, կանհետանա պարսկականի մեջ, և նրա հետ ամեն ազգային սրբություններ կկորչեն, կոչնչանան...

Ինչ որ լինելու է, թո՜ղ լինի, միայն Արշակունիների թագավորություն չպիտի լինի, — պատասխանեց հայրը, ավելի զայրանալով:

Ինչո՞վ էին վատ Արշակունիները:

Դու դեռ հարցնո՞ւմ ես, Սամվել: Դու երեխա չես, դու այնքան տարիք ունես, որ բավական է եթե հիշես քո տեսածը միայն, որ հենց քո հասակում` ո՜րքան չարագործություններ կատարեց Արշակ թագավորը, որ յուր մեղքերի համար` այժմ տանջվում է Անուշ բերդում:

Նա սկսեց մի առ մի թվել Արշակունիների գործերը և ապա ավելացրեց.

Եվ դու, Սամվել, դեռևս ցանկանո՞ւմ ես, որ մի այսպիսի անբարոյական և ապականված թագավորական տուն գոյություն ունենա:

Քո և Մերուժանի վարմունքը ավելի վատթար է, հա՜յր, — ասաց Սամվելը, այժմ այլևս չակնածելով նրա ծնողական պատկառանքին: — Ապականությունը ապականությամբ չեն սրբում և ո՜չ անբարոյականությունը` անբարոյականությամբ: Դրանց մաքրելու համար ուրիշ միջոցներ կան: Արշակունիների մեջ եղել են և այժմ կան այնպիսի պաշտելի անձինք, որոնց առաքինություններով միշտ պիտի պարծենա հայոց ազգը: Իսկ եթե այդ հոյակապ ընտանիքի մեջ վերջին ժամանակներում հայանվեցան մի քանի անբարոյական մարդիկ, դա նրանց մասնավոր մեղքն է, որ իրանք պետք է քավեն: Նրանց մեղքերի համար ինչո՞ւ պետք է պատժվի ամբողջ հայոց ազգը և հայոց հայրենիքը: Այն ևս կասեմ, հա՜յր, որ այդ իսկ անբարոյական համարված Արշակունիները, գոնե մեկ կողմից, այնքան բարոյական գտնվեցան, որ երբեք չդավաճանեցին հայրենի աշխարհին և հայրենի եկեղեցուն: Իսկ դո՞ւքդո՜ւ և Մերուժանը...

Վերջին խոսքերը կայծակի նման շանթեցին հոր սիրտը: Նրա մեջ միանգամից փշրվեցան այն բոլոր երանական հույսերը, այն բոլոր ջերմ բաղձանքները, որ ուներ որդու վերաբերությամբ: Նա փափագում էր, որ որդին ո՜չ միայն յուր կամակիցը լիներ, այլև յուր գործակիցը լիներ: Իսկ այժմ հայտնվեցավ նա որպես հոր անողոք հակառակորդ, — մի հակառակորդ, որի հետ դժվար էր կռվել և որին ավելի ևս դժվար էր տեղիք տալ: Ինչպե՞ս պետք էր վարվել նրա հետ: Ծնողական սերը` և յուր ստանձնած գործի պարտավորությունը` սկսեցին սարսափելի կերպով մաքառել միմյանց հետ: Որի՞ն պետք էր նախապատվություն տալ: Անհնար էր վճռել: Նա սաստիկ ստրջացած էր, որ առիթ տվեց որդուն այս աստիճան բացվել յուր հետ: Բայց արդեն ուշ էր: Հարցը այն կետի վրա էր դրված, որ պետք էր ընտրել երկուսից մեկը` կա՜մ որդուն, կա՜մ սկսած գործը: Բայց զրկվել թե՜ առաջինից, թե՜ երկրորդից` մահվան չափ դառն էր նրա համար: Այդ սոսկալի տագնապի մեջ էր նա, երբ եղանակը ավելի խառնվել էր, կարմիր քամին կատաղությամբ մռնչում էր և յուր կարմիր փոշին անխնա կերպով սփռում էր թշվառ հոր երեսին, իսկ նա ոչինչ չէր զգում:

Դու եկար նախատելո՞ւ քո հորը, Սամվել, — ձայն տվեց նա հոգեկան տանջանքներից հետո:

Ո՜չ, հայր, ես չեկա նախատելու քեզ: Ես եկա ճշմարիտը, արդարը և իրավացին խոսելու քեզ, որը ո՜չ այլ ոք կհամարձակվեր խոսել, բայց միայն որդիդ: Ես եկա իմ սրտի, իմ սիրո բոլոր ցանկությամբ աղաչելու և պաղատելու քեզ, որ դու ետ դառնաս այն ճանապարհից, որ տանում է մեր հայրենիքը դեպի անդառնալի կորուստ, իսկ Մամիկոնյան տոհմի հիշատակը` դեպի հավիտենական անեծք և դատապարտություն...

Հայրը զգացվեցավ այդ խոսքերից և քաղցրությամբ պատասխանեց.

Այդ բոլորը խոսել է տալիս` քեզ քո երիտասարդական վառ զգացմունքը, քո մաքուր սիրտը, Սամվել, և ես չեմ կարող չուրախանալ, որ դու այդպես անարատ ես մնացել: Բայց սրտի և զգացմունքի դատողությունները խիստ հազիվ անգամ լինում են ուղիղ: Դժբախտաբար, ազգերի և ժողովուրդների կենցաղավարության հարաբերական պայմանների մեջ` խիստ նեղ կայան ունի ա՜յն սրբությունը, որ դու կոչում ես առաքինություն, բարոյականություն: Միշտ զորեղը ճնշում է, ոչնչացնում է անզորին: Ի՞նչ պետք է արած, որ երբեմն կյանքի անողոք անհրաժեշտությունները դնում են մեզ այնպիսի ճանապարհի վրա և կատարել են տալիս մեզ այնպիսի գործեր, որոնցից դժոխքն անգամ կսարսափեր: Մեր բոլոր կատարածը անխուսափելի անհրաժեշտության արդյունք է: Մենք հարվեցանք պարսիկներին, որպեսզի ազատվենք նենգավոր հռովմայեցիներից: Պարսիկները մեր դարևոր բարեկամներն են եղել: Վերջին ժամանակներում քրիստոնեությունը բաժանեց մեզ միմյանցից և մեր մեջ կրոնի մեծ անջրպետը դրեց: Դժբախտ հանգամանքները պահանջում են` քանդել այդ անջրպետը և ձեռք մեկնել հին բարեկամին:

Բայց դուք քանդում եք ո՜չ թե անջրպետը, այլ հիմքը, — ընդհատեց Սամվելը:

Բնավ ոչ: Լսի՜ր, Սամվել, երկար բացատրությունների կարոտ կլիներ, եթե ես սկսեի քեզ ապացուցանել, որ մենք Հիսուս Քրիստոսի խաչը թողնելով և մեր հին աստվածներին երկրպագություն տալով` ոչինչ չէինք կորցնի: Ես քեզ կկրկնեմ նույնը, ինչ որ մի քանի րոպե առաջ ասացի, թե մեծ գործերը մեծ զոհ են պահանջում, և մենք ստիպված էինք տալ այդ մեծ զոհը:

Ո՞րն է այդ մեծ գործը, որին դուք զոհում եք կրոնը, եկեղեցին, — հարցրեց Սամվելը, դարձյալ վրդովվելով:

Հին բռնապետության տապալումը, Արշակունիների կործանումը, — պատասխանեց հայրը: Միթե դու փո՞քր գործ ես համարում այդ:

Փոքր գործ չեմ համարում: Բայց ինչո՞ւ համար եք կործանում:

Նրա համար, որ եթե մենք նրան չկործանենք, նա մեզ կկործանե: Միթե դու մոռացե՞լ ես, թե որպիսի՛ կատաղությամբ Արշակ թագավորը և նրա հայրը սկսեցին ոչնչացնել նախարարական իշխանությունները:

Չեմ մոռացել: Բայց ես դարձյալ կասեմ քեզ, որ Արշակունիների կամայականության առաջը առնելու համար` ուրիշ ավելի դյուրին միջոցներ կան:

Ոչինչ միջոցներ չկան, բացի այն, որ արդեն սկսվել է և պետք է շարունակվի: Հայոց նախարարները բաժանվել են երկու մեծ կուսակցության. մեկը, յուր առաջնորդ ունենալով եկեղեցականներին, աշխատում է պահպանել հին դրությունը` Արշակունիների քայքայված գահը, իսկ մյուսը, առաջնորդ ունենալով քո հորը և քո քեռուն, կամենում է ոչնչացնեի հինը և ստեղծել մի նոր իշխանություն: Շատ բնական է, որ այդ ներքին երկպառակությունը պիտի հարուցաներ և ներքին պատերազմ: Մեր հակառակ կուսակցությունը դիմեց հռովմեական օգնության, իսկ մենք դիմեցինք պարսկական օգնության: Սկսվեցավ ներքին կռիվը` ներքին արյունահեղության հետ: Թե ի՜նչով կվերջանա, այդ աստուծո ձեռքումն է, բայց առայժմ հաջողությունը մեր կողմն է:

Գիտեմ ձեր կողմն է: Բայց խաբուսիկ հաջողությունը թող չհրապուրե ձեզ... — Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ և բռնեց հոր աջը ասելով, — Լսի՜ր, հա՜յր, ընդունի՜ր տառապյալ որդուդ աղաչանքը, մի՜ արատավորիր Մամիկոնյանների պայծառ անունը հավիտենական ամոթով: Դեռ ուշ չէ: Դեռ կարելի է վնասի կեսից ետ դառնալ: Ցրվեցե՜ք այդ անիծյալ պարսկական բանակը, որի ներկայությունը պղծում է Հայոց երկիրը: Հեռացրե՜ք պարսիկներին: Ազատություն շնորհեցե՜ք հայոց գերիներին, թո՜ղ գնան իրանց տները և սրբեն ազգայինների արտասուքը: Թո՜ղ չլինի կռիվը, թո՜ղ չլինի պատերազմը, որ այնքան աղետների, որ այնքան թշվառությունների պատճառ դարձավ: Թո՜ղ կրկին վերականգնվի հաշտությունը, և Հայոց աշխարհը վայելե յուր նախկին խաղաղությունը: Ես կգնամ Մերուժանի մոտ, նրանից ևս նույնը կխնդրեմ, կաղաչեմ, կհամբուրեմ նրա ոտները, որ ընդունե իմ խնդիրքը:

Հայրը ոտքի ելավ, դառնացած կերպով ասելով.

Իզուր կանցնի թե՜ քո աղաչանքը և թե՜ քո խնդիրքը, Սամվել: Մերուժանը այն տեսակ մարդիկներից չէ, որ ամեն մի համբակի խոսքը լսե:

Արյունը կատաղի հոսանքով անցավ դեպի Սամվելի գլուխը:

Հա՛յր... — ձայն տվեց նա, և նրա խռովյալ աչքերը վառվեցան բարկության բոցով: — Ե՞ս եմ համբակը:

Այո՜, դու ես, Սամվել: Ես չկարողացա հասկացնել քեզ ո՜չ իմ միտքը և ո՜չ իմ նպատակները: Այժմ մնում է հարցնել քեզ, դու ո՞ր կուսակցության ես պատկանում:

Այն կուսակցությանը, որ հավատարիմ է մնացել հայրենի եկեղեցուն և սիրելի թագավորին:

Ուրեմն, դու իմ որդին չես: Ով որ մեզ հակառակ է, մեզանից չէ: Մենք անխնա պատժել գիտենք այնպիսիին:

Եվ ո՜չ դու իմ հայրն ես:

Սամվե՛լ...

Ի՞նչ է, դավաճա՛ն...

Հայրը ձեռքը տարավ դեպի յուր սուրը: Բայց որդու սուրը արդեն մերկացած էր: Նա շողշողաց և կայծակի նման մխվեցավ հոր սրտի մեջ: Նա ընկավ, հառաչելով.

Հայրասպա՛ն...

Որդին, անշարժ արձանի նման կանգնած, մի քանի րոպե լուռ նայում էր արյան մեջ թավալվող հոր վրա: Հետո սրբեց աչքերի արտասուքը և ձեռքը տարավ դեպի գոտիից քարշ ընկած արծաթյա փոքրիկ փողը, մոտեցրեց դողդոջուն շրթունքներին, և չարագուշակ արծաթը գուժեց սոսկալի գործողությունը:

Կղզու զանազան կողմերից նույնպես լսելի եղան փողերի ձայներ...

Կարմիր քամին խելագարի նման մռնչում էր, փոթորկվում էր, բարձրացնելով օդի մեջ թանձր, ավազախառն փոշի: Մրրկածուփ հորիզոնը պատած էր մույգ աղյուսագույն մռայլով, որ մթնեցնում էր արևի երեկոյան ճառագայթները: Քամու ուժգին հոսանքի ներքո` դալար թուփերը, փշալի մացառները հեծելով, հառաչելով, կպչում էին գետնին և դարձյալ վեր էին բարձրացնում իրանց հողմակոծ գլուխները: Մոլորված, շփոթված ծտերը, հակառակ իրանց կամքի, տարվում էին օդի մեջ, որպես բամբակի փոքրիկ պատառներ: Սրաթռիչ բազեն անգամ յուր ուժեղ թևքերով դժվարանում էր ընդդիմադրել զայրացած տարրի կատաղի ալիքներին: Մրրիկը հետզհետե սաստկանում էր, մարդ և անասուն, սողուն և թռչուն թաքչելու տեղ էին որոնում: Այդ միջոցին զարմացած Արաքսը` խորին վրդովմունքով դուրս էր հարձակվում յուր ափերից տեսնելու, թե ի՞նչ արհավիրք է կատարվում յուր շուրջը: «Իշխանաց կղզին» դողում էր, սարսափում էր ամեհի կոհակներից, որ ամեն րոպե պատրաստ էին կլանելու և անհետացնելու նրան:

Բնության ընդհանուր խռովության միջոցին դադարեց որսորդությունը, սկսվեցավ մի այլ տեսակ որսորդություն:

Սկզբում կարծվում էր, թե որսորդները մրրիկի սաստկությունից շփոթվեցան, կորցրին միմյանց և տարածվեցան դեպի կղզու զանազան կողմերը` ապաստանի տեղ գտնելու: Ոչ ոք չէր երևում: Չէին երևում մանավանդ Սամվելի մարդիկը:

Երևում էր միայն սպիտակ ձիավորըՄերուժանը:

Նա յուր ձին փութով քշում էր դեպի վրանների կողմը: Մեծ եղավ նրա զարմանքը, երբ վրանները տապալված տեսավ և այն տեղ ոչ ոքի չգտավ: Մտածեց` գուցե քամին խորտակել էր վրանները, և մարդիկ շտապել էին փախչել, վախենալով, միգուցե կատաղած Արաքսը այնքան բարձրանար, որ ծածկեր կղզին: «Ո՜չ, այստեղ մի դավադրություն կա... » — ասաց նա և ձեռքը տարավ դեպի կշտից քարշ ընկած գալարափողը, իսկույն հնչեցրեց: Ոչ ոք չհայտնվեցավ: Ձիու գլուխը շուռ տվեց դեպի կամուրջը: Ճանապարհին մի քանի անգամ տեսավ նա խոտերի վրա ընկած դիակներ: Ճանաչեց: Ոմանք Սամվելի մարդիկներից էին, ոմանք իրանց մարդիկներից: Նրա հպարտ դեմքի վրա անցավ մի դառն ծիծաղ: «Մանուկներր մեզ որոգայթի մեջ ձգեցին... » — մտածեց նա և շարունակեց քշել ձին:

Հանկարծ քամու մռնչյունի հետ սուլեց մի այլ ձայն. մի նետ դիպավ նրա կողքին և շառաչելով ցած ընկավ: Նրան հաջորդեց երկրորդը... երրորդը... Վերջինը ցցված մնաց ազդրի վրա:

«Ախ, եթե գիտենայի, որ դու հագուստիդ տակին զրահ ունես հագած... », լսելի եղավ մերձակա մացառների միջից մի սուր ձայն, որ իսկույն խլացավ քամուց:

Մերուժանը շփոթված կերպով նայեց յուր շուրջը: Ձին քշեց դեպի այն կողմը, որտեղից սլացավ նետը: Խիտ մացառները արգելեցին նրա ընթացքը: Այդ միջոցին մի այլ նետ դիպավ նրա գլխին և դարձյալ ցած ընկավ:

«Փո՛ւհ, սատանան տանե ... — լսելի եղավ մի զայրացած ձայն, — խույրի տակում ևս երկաթ է թաքցրած... »:

Մերուժանը ետ դարձավ, և յուր խորին վրդովմունքի մեջ` չգիտեր որ կողմը գնալ: Նա ձեռքը տարավ դեպի նետը, որ տակավին մնացել էր ցցված ազդրի մեջ, բարկությամբ դուրս քարշեց: Արյունն սկսեց վտակի նման հոսիլ: Դարձյալ դառն ծիծաղը երևաց նրա հպարտ դեմքի վրա, և գլուխը շարժելով ասաց. «Առաջ մենք էինք որսում մացառների մեջ թաքնված անասուններին, իսկ այժմ մեզ են որսում մացառների մեջ թաքնված դարանագործները... »:

Դարանագործը ոչ այլ ոք էր, բայց միայն պատանի Արտավազդը: Յուր ընկերների մեջ` նրան էր վիճակվել Մերուժանը: Բայց ոգելից պատանու բաղձանքները մնացին անկատար: Նրա նետերը դիպան Մերուժանի հագուստի ներքո թաքցրած պողովատյա տախտակներին: Նա սողալով ու խարխափելով` սատանայի նման անցավ թուփերի և մացառների միջով, դուրս եկավ կղզու այն կողմը, որտեղ կապած էր նրա ձին: Նստեց և նետվեցավ դեպի յուր ընկերները:

Այդ միջոցին, կղզու մի այլ կողմում, մրրկի թանձր փոշու մեջ, մենամարտում էին երկու հոգի` ծերունի Արբակը և պարսից Կարեն զորապետը: Վերջինը զայրանալով ասաց.

Բավական է, ծեր աղվես, գոնե հիշի՜ր, որ դու մեր հյուրն ես: Ես խնայում եմ հյուրին:

Շնորհակալ եմ մարդավարությանդ համար, — ժպտալով պատասխանեց ծերունին: — Պարսիկը, նեղն ընկած ժամանակ, միշտ մեծահոգի է ձևանում...

Դու սպանեցիր իմ նժույգին և ինձ ոտքի վրա թողեցիր, իսկ ինքդ կռվում ես ինձ հետ` ձիու վրա նստած:

Ես իսկույն ցած կիջնեմ, թող ուժերի հավասարություն լինի:

Արբակը իջավ ցած և յուր ձին հեռացրեց մի կողմ: Այդ միջոցին խորամանկ պարսիկը թռավ նրա ձիու վրա և շտապեց փախչել:

Սամվելը, եղերական գործողությունից հետո, որոնում էր Մերուժանին: Երկար թափառում էր կղզու մեջ և լի ոխակալությամբ` փափագում էր հանդիպել նրան: Բայց Մերուժանի փոխարեն գտավ ծերունի Արբակին, որը, ապշած, շփոթված, նայում էր դեպի այն կողմը, ուր անհետացավ յուր երկչոտ ախոյանը:

Խաբվեցա՛, սարսափելի կերպով խաբվեցա՛, — ասաց նա, դառնալով դեպի Սամվելը: — Եթե տասն նիզակի հարվածք ստանայի, այդքան չէի ցավի:

Նա սկսեց պատմել պարսկի յուր հետ խաղացած խաղը:

Վնաս չունի, — ասաց Սամվելը, մխիթարելով վշտացած ծերունուն: — Անտարակույս, մի այլ անգամ ևս կհանդիպենք նրան: Այժմ հնչեցրո՜ւ փողդ, թող հավաքվեն մեր մարդիկը:

Ծերունին հնչեցրեց փողը:

Սամվելի քառասուն մարդիկներից հայտնվեցան յոթն հոգի միայն: Մնացյալը կա՜մ վիրավոր, կա՜մ սպանված ընկել էին կղզու զանազան կողմերում: Երիտասարդը թախծալի աչքերով նայեց մնացյալների վրա և ասաց.

Յո՛թն հոգի... խորհրդավոր թիվ է:

Իսկ մեր թշնամիներից այդքան էլ չէ մնացել... — հանկարծ լսելի եղավ մի ձայն:

Սամվելը նայեց դեպի այն կողմը: Ժպիտը երեսին, նրա գիրկն ընկավ պատանի Արտավազդը:

Ինձ չհաջողվեցա՛վ... ինձ չհաջողվեցա՛վ... — տրտնջում էր նա: — Ես ծակեցի նրա ազդրը միայն:

Դու չգիտես, որ նա կախարդ է... երկաթը և պողովատը նրա վրա չեն ազդում...

Այգ ես իմ աչքով տեսա: Բայց այժմ գիտեմ, թե ինչո՜ւ չեն ազդում...

Օրը երեկոյացել էր. արեգակը մտնելու մոտ էր:

Next page