Րաֆֆի՝   Սամվել

Պատանի Հուսիկը մոտ բերեց յուր իշխանի ձին, նա հեծավ, մյուսները նույնպես ձիավորվեցան և դիմեցին դեպի կամուրջը: Երբ անցան, Սամվելը հրամայեց վեր առնել կամուրջը, ասելով.

Պետք է հանգիստ թողնել կղզու մնացած դիակները: Քանդեցեք կամուրջը, որ գազաններ ներս չմտնեն:

Մի քանի րոպեի մեջ քանդեցին շարժական կամուրջը, ձգեցին գետի մեջ: Ալիքները մի փոքրիկ տաշեղի նման` անհետացրին նրան:

Ամենքը դուրս եկան: Կղզու մեջ մնաց մեկը միայն` Մերուժանը:

Նա եկավ այն ժամանակ, երբ արևը արդեն մտել էր: Երբ տեսավ կամուրջը վեր առած, երկաթյա վանդակի մեջ ընկած գազանի նման` վրդովվեցավ, բայց չվհատվեցավ: Սկսեց զայրացած աչքերով չափել այն տարածությունը, որի վրա դրած էր կամուրջը: Տարածությունը բավական լայն էր, ձին չէր կարող թռչելով անցնել: Նայեց ալեկոծված Արաքսին: Կոհակները փրփրալով բարձրանում էին, գետը ահռելի կերպով որոտում էր: Ձին քշեց դեպի խռովյալ գետը: Սպիտակ ձին պատառեց մրրկածուփ ալիքները և անցավ մյուս կողմը, ցամաքի վրա:

Վիրավոր առյուծը ազատվեցավ Արաքսի որոգայթներից...

Ե

ՄԱՅՐԸ

«Հռաքէլ լայր զորդիս իւր, եւ ոչ կամէր մխիթարել` զի, ոչ էին»:

Մատթէօս:

Փոթորկային գիշերին հաջորդեց խաղաղ, լուսապայծառ առավոտ: Բնությունը սքանչանում էր, փառավորվում էր յուր վաղորդյան հրճվանքով: Թռչունները ուրախաձայն երգերով ողջունում էին տվնջյան լուսատուի հանդիսավոր ելքը: Ամենուրեք շնչում էր անսպառ հաճություն, ամենուրեք տիրում էր անթառամ զվարթություն: Միայն պարսից բանակը պատած էր տխրության մթին մռայլով:

Երեկվա աղետավոր անցքը արդեն հայտնի էր բոլորին: Ամեն մի զինվոր գիտեր, թե ինչ էր պատահել «Իշխանաց կղզում»: Դեռ լույսը նոր էր բացվում, երբ բերեցին Սամվելի հոր` Վահան Մամիկոնյանի` մարմինը և հանգուցին յուր փառավոր, շիկակարմիր վրանում:

Մերուժանի երկնագույն վրանը այս առավոտ ավելի շքեղ տեսք էր ստացել արևի առաջին ճառագայթներից, որ մի առանձին քնքշությամբ շողշողում էին նրա ոսկեզօծ սյուների վրա: Բայց, այսուամենայնիվ, այս մեծափառ վրանը չէր պատկերացնում այն սովորական փայլն ու վայելչությունը, որ հանդիսանում էր ամեն առավոտ, արևի ծագումից հետո: Գալիս էին, ներկայանում էին բանակի բոլոր ավագներն ու աստիճանավորները, ողջունում էին իրանց հզոր հրամանատարի առավոտը, և յուրաքանչյուրը զեկուցում էր տալիս բանակի դրության մասին: Հետո վայելում էին նրա հյուրասիրության ճոխ նախաճաշիկը:

Այս առավոտ ոչ ոք չէր երևում: Վրանի վարագույրները կիսով չափ միայն բարձրացրած էին, և սպասավորները ոտքի մատների վրա էին պտտում նրա շուրջը, որ ձայն չլսվի: Երբեմն ուշիկ քայլերով մոտենում էին զանազան սպաներ և սենեկապետներից հազիվ լսելի ձայնով հարցնում էին իշխանի առողջությունը և դարձյալ լռությամբ հեռանում էին:

Հիվանդ էր իշխանը, պառկած էր իշխանը: Նրա մետաքսյա անկողինը շրջապատել էին մի քանի բժիշկներ միայն, որ մի առանձին հոգածությամբ սպեղանի էին դնում և դարմանում էին նրա ազդրի վերքը:

Դուք ինձ միայն այն ասացեք, — հարցրեց հիվանդը վճռական ձայնով, — ոսկորը խո վնասված չէ՞:

Թո՜ղ հեռու լինեն քեզանից չար Արհմինի չար պատահարները, վսեմաշուք տեր, — պատասխանեցին բժիշկները միաձայն, — ոսկորը այնքան անարատ է մնացել, որպես մեր աչքերի լույսը: Եթե մի որևէ խաթար լիներ, մենք չէինք թաքցնի:

Ապա ինչի՞ց է այս անտանելի ցավը... այս սրտամաշ թուլությունը...:

Վերքը բավական խորն է, վսեմաշուք տեր: Իսկ թուլությունը նրանից է, որ սաստիկ շատ արյուն է կորել: «Իշխանաց կղզուց» մինչև այստեղ փոքր ճանապարհ չէ, այդքան տարածության վրա` բաց վերքից արյունը միշտ հոսել է:

Իսկ այդ ջե՛րմը, որ այրում է ինձ... Ես շատ անգամ վիրավորված եմ եղել, բայց այդքան սաստիկ ջերմ երբեք չեմ զգացել: Չիցե՞ թե նետը թունավորված լիներ:

Թո՜ղ պայծառ Արամազդը փարատություն շնորհե, վսեմաշուք տեր, — դարձյալ պատասխանեցին բժիշկները միաձայն: — Եթե քո վերքի մեջ մի հյուլեի չափ թույնի նշան լինի, թո՜ղ մեր ամբողջ մարմինը վարակվի թույնով: Այդպիսի բան չկա: Ջերմը մրսելուց է առաջ եկել: Արաքսի սառն ալիքները, որ պատառելով անցար դու, և գիշերվա սաստիկ քամին` մրսեցրել են քեզ, որովհետև թրջված ես եղել: Բայց այս բոլորը ամենակարողի օգնությամբ կանցնի, և շուտով կանցնի, վսեմաշուք տեր:

Հիվանդի մոտ դրած էր զովացուցիչ օշարակ, որ անդադար խմում էր նա` սրտի տապն ու կրակը հանգցնելու համար: Բժիշկների հուսադրությունները թեև բոլորովին չհանգստացրին նրան, այնուամենայնիվ, երեսը շուռ տվեց դեպի բարձի մյուս կողմը և լուռ կացավ: Նա վախենում էր թունավորվելուց, եթե ոչ, վերքը այնքան սովորական էր նրան, որ չէր կարող երկյուղ ձգել նրա վրա: Մի գիշերվա մեջ զարմանալի կերպով փոխվել էր նա: Գեղեցիկ դեմքը գունաթափվել էր, թառամել էր, և այրական ճակատը պատած էր խիստ տխուր դալկությամբ, կարծես, թե ամիսներով հիվանդ լիներ:

Սենեկապետներից մեկը հայտնեց, թե բանակի ավագներից մի քանիսը խնդրում են ներկայանալ:

Թող գան, — հրամայեց նա:

Բժիշկները մի կողմ քաշվեցան, երբ ներս մտան` Հայր-Մարդպետը, Կարեն զորապետը և մի քանի այլ աստիճանավորներ: Առաջին երկուսը նստեցին հիվանդի անկողնի աջ և ահյակ կողմերում, իսկ մյուսները` մի փոքր հեռու: Մինչև նրանք կհարցնեին հիվանդի առողջությունը, նա ընդհատեց, ինքը հարցնելով.

Վերադարձա՞ն մարդիկը:

Վերադարձան, — պատասխանեց Հայր-Մարդպետը տխրությամբ: — Մամիկոնյան իշխանին չեն գտել, և նրա մասին դեռ ոչինչ տեղեկություն չկա: Իսկ մյուսների մարմիններն արդեն բերել, հասցրել են բանակը:

Երբ բանակում իմացան «Իշխանաց կղզում» պատահած աղետալի անցքը, հենց գիշերով մի քանի խումբ ճեպընթաց ձիավորներ ուղարկեցին օգնության: Բայց նրանք հասան այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած էր: Լուսաբացին խուզարկեցին ամբողջ կղզին, գտան սպանվածների դիակները և մի քանի կիսամեռ վիրավորյալներ միայն: Սամվելի հոր մարմինը գտան հենց յուր ընկած տեղում և մյուսների հետ բերեցին բանակը: Բայց Հայր-Մարդպետը թաքցրեց հիվանդից, որ նրան ավելի ցավ չպատճառե:

Դա ինձ շատ զարմացնում է, — ասաց հիվանդը: — Եթե որդին, հրապուրելով հորը, նրան մի կողմ տարավ և յուր դավաճան ձեռքը բարձրացրեց հոր վրա (որի մասին ամենևին տարակույս չունեմ), գոնե պետք է գտնվեր նրա մարմինը:

Գործողությունը կատարվել է Արաքսի ափերի մոտ, — նկատեց բժիշկներից մեկը, — ինչո՞ւ չմտածել, որ հայրասպանը կարող էր հոր մարմինը ձգել Արաքսի ալիքների մեջ և անհետացնել:

Այդ աստիճան անգթություն չէր անի Սամվելը, — ասաց հիվանդը: — Նա ընդունակ էր սպանելու, բայց ոչ հոր մարմինը անպատվելու:

Ես էլ նույն կարծիքին եմ, — ասաց Հայր-Մարդպետը: — Երևում է, որ այդ հանդարտ, քաղցրաբարո և մելամաղձոտ երիտասարդը` թե՜ հոր խստությունը և թե՜ նրա մեծահոգությունն ունի: Պարսիկ պատանիներից և ոչ մեկը վնասված չէ: Տղաների հետ չէ կամեցել գործ ունենալ: Ինձ պատմում էին իրանք` պատանիները, ասելով, թե երբ Սամվելի մարդիկը գազանի նման տարածվել էին կղզու զանազան կողմերը և ամեն հանդիպողին խողխողում էին, իսկ մեզ պատահելիս` թույլ էին տալիս փախչել:

Տարակուսականը այն է, որ ձին նույնպես չէ գտնվել, — նկատեց Կարեն զորապետը:

Այստեղ տարակուսելու ոչինչ չկապատասխանեց Հայր-Մարդպետը: — Գուցե Սամվելի մարդիկներից մեկը` ընդհանուր խառնակության միջոցում` նստել ու փախել է:

Շատ հավանական է, — ասաց Կարեն զորապետը, — ինձ հետ ևս միևնույնը պատահեց: Երբեք և ո՜չ մի պատերազմում ես իմ ձին կորցրած չեմ, բայց այդ կղզում կորցրի ձիս: Կարո՞ղ եք երևակայել, թե ինչպես: Ինձ պատահում է Սամվելի դայակը, այն նենգավոր ծերունին, որին Արբակ էին կոչում: Անսպասելի հանդգնությամբ հարձակվում է իմ վրա և նիզակի մի հարվածով ցած է գլորում իմ ձիուն: Ես մնացի ոտքի վրա: Ինձ մնում էր, նույնպես ցած գլորել թշվառականին և օգուտ քաղել նրա ձիուց: Բայց նա այն աստիճան կատաղությամբ մենամարտում էր ինձ հետ, որ մյուս աշխարհը գնալուց հետո միայն` յուր ձին ինձ թողեց:

Նա սկսեց մանրամասնաբար նկարագրել յուր մենամարտությունը, որի մեջ, բացի անամոթ ստախոսությունից, ինքնագովությունը ավելի մեծ տեղ էր բռնում: Թե ի՜նչ խաբեությամբ կարողացավ ստանալ նա ծերունի Արբակի ձին, այդ մենք գիտենք: Բայց նրա ձիով պարսից բանակը վերադառնալը շատ հասկանալի է, որ բավական փաստավոր ապացույց էր` հաստատելու յուր չկատարած քաջագործությունը:

Հիվանդը չէր լսում: Նրա տենդային ջերմությամբ բորբոքված գլուխը նույն րոպեում զբաղված էր Մամիկոնյան իշխանի անհայտանալով, որ նրա մեջ զանազան տարակուսանքներ էր հարուցանում: Հայր-Մարդպետը, թաքցնելով իշխանի սպանվելը և նրա մարմինը արդեն վաղ առավոտյան բանակը բերվիլը, թեև դրանով կամեցավ հիվանդին նոր ցավեր չպատճառել, բայց, այնուամենայնիվ, նրան ավելի ծանր մտատանջությունների մեջ ձգեց: Չիցե՞ թե որդին կարողացավ հրապուրել, խելքից հանել նրան, և երկուսը միասին փախուստ տվին: Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ, եթե ճշմարիտ լիներ այդ: Միթե այդ աստիճան անհավատարիմ կգտնվե՞ր Մամիկոնյան իշխանը, որ այնքան ամուր, անքակտելի ուխտով կապված էր յուր հետ: Կդավաճանե՞ր յուր բարեկամին և գործակցին...

Այս մտածությունների մեջ էր նա, երբ դարձյալ սկսեց խոսել պարսից Կարեն զորապետը, բացատրելով այն միտքը, թե մեծ սխալ գործեցին իրանք, որ բանակից դուրս եկան և որսորդության գնացին, քանի որ մոգերից նախազգուշություն ունեին, թե պետք չէ շարժվել տեղից: Այժմ կատարվեցավ նրանց գուշակությունը, գնացին «Իշխանաց կղզին» և թակարդի մեջ ընկան:

Սխալը միայն դրանում չէ, տե՜ր զորապետ, — ավելացրեց Հայր-Մարդպետը: — Բայց խաբվել մի քանի տղաներից, ահա` այդ է գործի ծիծաղելի կողմը:

Հիվանդը վրդովվեցավ:

Տղաները օտարներ չէին, Հայր-Մարդպետ, տղաները մեր արյունիցն էին, — ասաց նա զայրացած ձայնով: — Դու ինքդ մեծ ուրախությամբ նրանց հետ որսակից կլինեիր, եթե քեզ հրավիրեին: Բայց չկամեցանք քո ներկայությամբ ծանրաբեռնել այլոց զվարճությունը:

Պատասխանը բավական խիստ էր: Եթե մի ուրիշ ժամանակ լիներ, գուցե գոռոզ ներքինին չէր լռի: Բայց այս անգամ նա խնայեց հիվանդին, որը երեսը իսկույն շուռ տվեց, այլևս չէր նայում նրա վրա:

Մինչ Մերուժանի երկնագույն վրանում այս տեսակ սրտաբեկ խոսակցության մեջ էին, ուր ամեն ոք, մոլորվելով տխուր տարակուսանքների մեջ, չգիտեր` արդյոք պե՞տք էր կշտամբել ընկերին, թե մխիթարել նրան, ուր ամենքը գտնվում էին մի տեսակ անորոշ, անհասկանալի վհատության մեջ, — ա՜յո այդ միջոցին, բանակից հեռու, քաղաքի կողմի բարձրավանդակներից մեկի վրա, երկար ձողի գլխին ծածանվում էր մի ինչ-որ գույնզգույն բան, որ դրոշակի նմանություն ուներ: Բանակից դեռ ոչ ոք չէր նկատել այդ հանկարծակի երևույթը, թեև վաղորդյան մռայլը արդեն չքացել էր, արևը բավական բարձրացել էր և շրջակայքր ծփում էր սքանչելի լուսավորության մեջ: Արևի վառ ճառագայթների առջև` ավելի աչքի էր զարկում նա: Իսկ առավոտյան մեղմ հովից փողփողում էր, փռփռում էր և, մի չար ոգու նման, գույնզգույն թևքերը բաց արած, կարծես ձգտում էր սավառնել, ձգտում էր յուր բարձրությունից իջնել բանակի վրա և յո՜ւր բոլոր զարհուրանքով ճնշել, ոչնչացնել նրան: Հիվանդը առաջինը եղավ, որ նկատեց այդ տարօրինակ երևույթը, և երկար նրա անհանգիստ աչքերը հառած էին դեպի այն կողմը: Դրոշակի եզերքը դրած էին սև շրջանակի մեջ, իսկ մեջտեղի նշանը նա իսկույն ճանաչեց և ամբողջ մարմնով ցնցվեցավ: Կայծակի հարվածքը չէր կարող այնքան ազդել նրան, որպես այդ գունավոր կտավի կտորը, որ սարսափելի կերպով շանթեց նրա անվեհեր սիրտը: «Անգութ պառավը տակավին չէ դադարել ինձ հալածելուց...» — մտածեց նա, և նրա գունաթափ դեմքի վրա երևաց նույն դառն ծիծաղը, որ սովորաբար հայտնվում էր տագնապի րոպեներում: Նրա համար արդեն ամեն ինչ պարզ էր: Նրա բոլոր տարակուսանքները փարատվեցան, մանավանդ երբ սենեկապետներից մեկը ներս մտավ, հայտնեց, թե պատգամավորություն է եկել, խնդրում են ներկայանալ:

Թող գան, — ասաց հիվանդը:

Հայր-Մարդպետը այլևս չկարողացավ համբերել, երբ տեսավ հիվանդի անխոհեմությունը, որ առանց հարցնելու, թե ի՜նչ պատգամավորություն է, և առանց կանխապես տեղեկանալու, թե ի՜նչ նպատակով են եկել, թույլ է տալիս յուր մոտ մտնել:

Դու միշտ այդպես անզգույշ ես եղել, Մերուժան, — ասաց նա խրատական եղանակով: — Քո մեծամտությունը ո՜չ սակավ անգամ քեզ վտանգի մեջ է ձգել: Ինչպե՞ս կարելի է ընդունել մի պատգամավորություն, առանց նախապես իմանալու, թե ո՜վքեր են կամ ի՜նչ գործի համար են եկած: Միթե չէ՞ կարող պատահել, որ նրանցից մեկը յուր դաշույնի հարվածով քեզ մի նոր վերք կպատճառե, բայց մահացու վերք, և յուր դիակը` փախչելու միջոցին` կթողնե քո վրանի դռանը: Միթե սակա՞վ են պատահել այսպիսի դեպքեր:

Շա՛տ են պատահել, — ասաց հիվանդը հանդարտ կերպով: — Բայց ես արդեն գիտեմ, թե ի՜նչ պատգամավորություն է:

Որտեղի՞ց գիտես:

Ահա՜ այն տեղից: Նայեցեք դեպի այն բարձրավանդակը: — Նա ձեռքը մեկնեց դեպի ծածանվող դրոշակը:

Ամենքի աչքերը դարձան դեպի այն կողմը:

Դրոշա՛կ է, — ասացին միաձայն:

Գիտե՞ք, ի՛նչ դրոշակ է:

Պարզ չէ երևում, բավական հեռու է:

Սրատեսության մեջ ոչ ոք ինձ հետ կարողացել է մրցել: Ես բոլորովին պարզ տեսնում եմ: Նույնպիսի մի դրոշակ, արծվաթև վեշապի նշանով, այժմ ծածանվում է իմ վրանի գլխին: Դա Արծրունիների տոհմային դրոշակն է: Ինձանից հետո, բացի իմ մորից, ոչ ոք իրավունք չունի պարզել այդ դրոշակը: Հանկարծ նա հայտնվում է մեր հանդեպ` ահա՜ այն բարձրավանդակի վրա: Անշուշտ նրա մոտ` յուր զորքերի բազմությամբ` կանգնած է իմ մայրը: Եվ պատգամավորները, անտարակույս, նրա կողմից են գալիս: Ես պետք է ընդունեմ նրանց:

Ամենքի վրա տիրեց խորին ապշություն, խորին շփոթության հետ:

Հիվանդը սաստիկ բարկությունից, կարծես, նոր ուժ ստացավ: Մի նոր, անսպասելի ցավ վանեց նրա վերքի անտանելի ցավը, ինչպես մի թույն հալածում է մի այլ թույնին: Նա գլուխը բարձրացրեց բարձից, նստեց անկողնու մեջ: Սպասավորներից մեկը ձգեց նրա ուսերի վրա մետաքսյա թեթև վերարկուն: Հետո դարձավ դեպի յուր շրջապատողները այս խոսքերով.

Տեսնո՞ւմ եք, հարգելի տյա՜րք, մի օր բացակա գտնվեցա բանակից, մի գիշեր գլուխս բարձի վրա դրի, և դուք չկարողացաք նկատել, թե ի՜նչ է կատարվում ձեր բանակի շուրջը: Մենք պաշարված ենք թշնամիներով: Իմ ամենամեծ թշնամին իմ մայրն է:

Ներկա եղողները ամոթից գլուխները ցած խոնարհեցրին, խոսք չէին գտնում պատասխանելու: Նա դարձավ դեպի սենեկապետը, կրկնելով.

Ասա՜, թող գան պատգամավորները:

Վրանի մուտքի առջև հայտնվեցան երեք պատկառելի ծերունիներ, հաղթանդամ, թավամազ մորուքներով, և ոտից գլուխ զինված: Նրանք խորին կերպով գլուխ տվին, մնացին ոտքի վրա: Մերուժանը ճանաչեց երեքին ևս: Նրանք Արծրունյաց տան հին զորապետներից էին:

Տեսնելով նրանց, սրտմտությունը սկսեց խեղդել մեծամիտ, անձնասեր իշխանին, որ յուր մոր պատգամավորները գտնում էին նրան վիրավոր և անկողնի մեջ դրած: Բայց, միևնույն ժամանակ, նրա կոշտացած, օտարացած սիրտը զգաց մի ներքին բաբախում, երբ երևան եղան ծանոթ դեմքեր, ծանոթ մարդիկ, որ հարուցին նրա մեջ վաղեմի մոռացված հիշողություններ...

Ներս համեցեք, — ասաց նրանց սիրալի ձայնով: — Նստեցե՜ք:

Ներս մտան, չոքեցին վրանի մուտքի կողմում, հիվանդի անկողնի ստորև:

Հիվանդը ձեռքը տարավ դեպի յուր մոտ դրած սառն օշարակը, լցրեց արծաթյա թասի մեջ, մոտեցրեց դողդոջուն շրթունքներին, և ցամաքած կոկորդը զովացնելուց հետո, դարձավ դեպի եկվորները այս խոսքերով.

Բարով եք եկել: Հույս ունեմ, որ ձեր գալուստը բարի նպատակի համար կլինի:

Ե՜վ բարի, և՜ անբարի, ո՜վ քաջդ Մերուժան, — խոսեց պատգամավորներից մեկը: — Դու, անտարակույս, ճանաչում ես մեզ: Սկսյալ քո մանկությունից` ծառայել ենք այն հոյակապ տանը, որի զավակը լինելու պարծանքն ես վայելում դու: Մեր յուրաքանչյուրի մարմնի վրա հարյուրավոր վերքի նշաններ կան, որ ստացել ենք բազմաթիվ կռիվներում, որ մեր կյանքի ընթացքում մղել ենք այդ տան փառքն ու պատիվը միշտ անարատ պահպանելու համար: Վերջին ժամանակներում մեջ մտավ չար ոգին, խառնեց մեր սիրելի աշխարհի գործերը: Մեր դաշտերը ողողվեցան արյունով, մեր քաղաքները ծածկվեցան մոխրով: Ներքին կռիվը, ներքին պատերազմը, ընդհանրականից դարձավ մասնավոր-ընտանեկան: Որդին ապստամբվեցավ հոր դեմ, հայրը սկսեց խողխողել յուր զավակներին: Մայրը մերժեց որդուն յուր գութն ու սերը, իսկ որդին այլևս պատիվ չդրեց մոր երախտիքներին: Լացն ու կոծը, արտասուքն ու անլռելի հառաչանքը եղավ վիճակը այն թշվառ գերդաստանների, ուր թագավորում էր մշտական սեր և երջանկություն...

Հիվանդը դարձյալ ձեռքը տարավ դեպի սառն օշարակը, զովացրեց բորբոքվող կոկորդը: Ծերունի զինվորը շարունակեց.

Այսպիսի մի երկպառակություն ընկավ և՜ Արծրունյաց խաղաղ գերդաստանի մեջ, ո՜վ քաջդ Մերուժան: Դու, իհարկե, չես մոռացել այն աղետալի ընդունելությունը, որ ցույց տվին քեզ այդ քաղաքացիները, երբ մտար Հադամակերտ և մոտեցար քո նախահարց տան պատկառելի շեմքերին: Քո մայրը քո հոր դռները փակեց քո առջև: Քո կինը երեսը շուռ տվեց քեզանից: Քո զավակները ասացին քեզ` դու մեր հայրը չես: Եվ դու կորագլուխ ետ դարձար ա՜յն հինավուրց տան շեմքից, որի տերն էիր և իշխանը: Քո ընտանիքը նայեց քո ետևից, և արտասվեց... Նա նայեց քո ետևից, որպես սգավոր բարեկամներն ու տոհմայինները նայում են գերեզմանը դրվող դագաղի ետևից... Ածվում է հողը և մթին ղուբը հավիտյան ծածկում է հանգուցյալին յուր սիրելիների աչքերից... Քեզ նույնպես մեռած և թաղված համարեց քո ընտանիքը, ո՜վ քաջդ Մերուժան: Մեռա՛ծ բարոյապես, մեռա՛ծ հոգեպես... Եվ այդ էր այն սգավորության պատճառը, որով ծածկված էր ամբողջ Հադամակերտը: Դռները պատած էին սև պաստառներով, պատերից քարշ էին ընկած սև դրոշակներ: Դու մեռած էիր և քո քաղաքացիների համար: Դու ուրացել էիր ա՜յն սուրբ կրոնը, որ պաշտում էին քո հայրերը: Դու թշնամացել էիր ա՜յն եկեղեցու հետ, որի փրկարար ավազանից ծնունդ էիր առել: Դու դավաճանել էիր ա՜յն հայրենիքին, որի հաստատության համար քո հայրերը արյուն էին թափել: Այո՜, դու կորա՛ծ էիր քո ընտանիքի և քո քաղաքացիների համար: Բայց քեզ չծածկեց նրանց աչքերից ո՜չ հողը և ո՜չ գերեզմանի: մթությունը, այլ այն ամոթը, այն նախատինքը, և այն անջնջելի արատը, որով ծածկված էիր դու, և որով ծածկեցիր Արծրունիների պայծառ անունը...

Նա ձեռքը տարավ դեպի կնճիռներով պատած ճակատը, շփեց թավամազ հոնքերը, որ, կարծես թե, խանգարում էին նրա բոցավառ աչքերի կրակը, և ապա շարունակեց.

Քո ընտանիքի արդար վրդովմունքին, քո քաղաքացիների իրավացի բարկությանը` դու պատասխանեցիր վրեժխնդրության կատաղի անգթություններով, ո՜վ քաջդ Մերուժան: Փոխանակ զղջալու, փոխանակ դարձի գալու, փոխանակ բարությամբ կրկին գրավելու նրանց սերն ու հարգանքը, դու սկսեցիր բռնություն գործ դնել: Անխնա կերպով այրեցիր Վան քաղաքը, որ քեզ և քո հայրերին էր պատկանում: Եվ անողորմ ձեռքով դեպի գերություն վարեցիր քո սեփական հպատակներին: Ի՞նչ էր նրանց հանցանքը, ինչո՞վ էին մեղավոր քո քաղաքացիները: Նրանո՞վ, որ չհնազանդվեցան քեզ, նրանո՞վ, որ չկամեցան ուրացող տեր և իշխան ունենալ:

Նա ձեռքը մեկնեց դեպի բարձրավանդակի գագաթին պարզած դրոշակը, ասելով.

Նայի՜ր, ո՜վ քաջդ Մերուժան, ահա՜ այնտեղ ծածանվում է քո նախահարց դրոշակը: Նրա մոտ կան գնած է քո մայրը` ամբողջ Վասպուրականի տիկինը: Նա դնում է քո առջև երկու բան` յուր մայրական սերը և յուր հավատարիմ հպատակների զենքը: Որը կամենում ես, ընտրի՜ր: Նա, հանուն քրիստոնեության, հանուն ծնողական գթության, պատրաստ է ներել քեզ. պատրաստ է մոռանալ բոլոր աղետալի անցքերը, եթե դու կցրվես պարսից բանակը, կվերադարձնես հայոց գերիներին և հաշտությամբ վերջ կտաս ներքին պատերազմին: Եթե այս բոլորը կատարես դու, այն ժամանակ նա յուր մայրական ձեռքը կմեկնե քեզ համբուրելու, դու դարձյալ կլինես Վասպուրականի տերն ու իշխանը, և քո ժողովուրդը ամենայն հնազանդությամբ կխոնարհվի քեզ: Իսկ եթե ոչ, թո՜ղ կռիվը, թո՜ղ դարձյալ արյունը վճռե աստուծո կամքը:

Բոլոր ներկա գտնվողները բարկությունից իրանց ատամները կրճտացնում էին և զարմանում էին Մերուժանի համբերության վրա: Հայր-Մարդպետը մի առանձին արհամարհանքով հարցրեց.

Շա՞տ զորք է բերել յուր հետ Վասպուրականի տիկինը:

Պատգամավորը խեթ կերպով նայեց նրա երեսին, պատասխանելով.

Նա բերել է յուր հետ Վասպուրականի ամենալավ տղամարդերին, ո՜վ Հայր-Մարդպետ: Նրա հետ են և՜ արագոտն մոկացիք, նրա հետ են և՜ երկայնաղեղ սասունցիք, նրա հետ են և՜ սարսափելի ռշտունցիք: Նրա հետ է և՜ մեր պաշտելի սուրբ խաչի զուրությունը:

Հայր-Մարդպետը խնդաց, նկատելով.

Վասպուրականի տիկինը յուր շուրջն է հավաքել յուր դրացի խառնիճաղանջներին:

Մերուժանին սաստիկ տհաճություն պատճառեց Հայր-Մարդպետի միջամտությունը և մանավանդ նրա արհամարհանքը դեպի յուր մայրը: Մերուժանը մեծ հարգանք ուներ դեպի յուր մայրը, որպես մի թշնամի, որի հետ կարելի էր մաքառել, բայց աններելի էր ատել: Բացի դրանից, Մերուժանը` յուր խստասրտությամբ հանդերձ` գիտեր գնահատել բարձրը, վսեմը և ազնիվը: Այդ էր պատճառը, որ մի առանձին քաղցրությամբ պատասխանեց.

Գովում եմ մորս նախանձախնդրությունը, որ այսպես անձնանվիրաբար պաշտպանում է յուր աշխարհի շահերը: Գովում եմ և քո համարձակախոսությունը, ո՜վ քաջդ Գուրգեն, որ այդքան անկեղծաբար հաղորղեցիր ինձ մորս պատգամները: Հույս ունեմ, որ իմ պատասխանն ևս նույն անկեղծությամբ կհաղորդես մորս: Գնա, ասա՜, եթե նա իմ համառ մայրն է, ես էլ նրա համառ որդին եմ: Առյուծի կաթը ծծողը պետք է որ փոքր ի շատե առյուծի հատկություններ ունենա: Թո՜ղ նա չխլե ինձանից տոհմային հատկությունները: Ես չեմ կամենում պախարակել, թե ո՛րքան նրա վարմունքը ինձ հետ աններելի էր, երբ ես մուտք գործեցի Հադամակերտ, և ոչ պիտի աշխատեմ ջատագովել, թե ո՜րքան իմ բռնած ընթացքը ուղիղ է: Այդ բացատրությունների ժամանակը անցել է արդեն: Միայն այսքանը կասեմ, եթե Արծրունիները մի գովելի կողմ ունեն, դա է նրանց հաստատամտությունը: Թո՜ղ նա չաշխատե խախտել իմ կամքը, չաշխատե ինձ թուլամտության մեջ նետել: Ինչ որ սկսել եմ, պետք է անպատճառ ի կատար ածեմ: Ոչինչ չէ կարող փոխել իմ միտքը: Թո՜ղ, որպես ցանկանում է նա, կռիվը որոշե մեր մեջ, թե ո՜րն է աստուծո տնօրինությունը:

Բայց դու հիվա՛նդ ես, ո՜վ քաջդ Մերուժան:

Իսկ իմ զինվորները բավական առողջ են, ո՜վ քաջդ Գուրգին:

Պատգամավորները ոտքի ելան, ասելով.

Քեզ նույնպես ցանկանում ենք կատարյալ առողջություն:

Նրանք գլուխ տվին և հեռացան:

Չարագուշակ դրոշակը, որ այնքան սարսափ ձգեց պարսից բանակի վրա, պարզած էր այն բլրաձե բարձրավանդակներից մեկի գագաթին, ուր գտնվում էին Մերուժանի ձեռքով հրդեհված Նախճվանի ավերակները: Դժբախտ քաղաքը դեռևս ծխում էր կրակի ու մոխրի մեջ: Իսկ դրոշակը նրա հանդեպ ծածանվում էր, որպես մի արագահաս մխիթարություն: Նա յուր բարձր դիրքից իշխում էր պարսից բանակի վրա: Իսկ ահարկու բանակը բռնել էր տափարակի ամբողջ տարածությունը, որ գտնվում էր բարձրավանդակի ստորոտում:

Դրոշակի մոտ կանգնած էր Վասպուրականի տիկինը և մեծ անհամբերությամբ սպասում էր յուր պատգամավորների պատասխանին: Նա ոտքից գլուխ հագած ուներ սգավորի սև զգեստ: Այս հագուստը կրում էր նա սկսյալ այն օրից, երբ յուր որդու, Մերուժանի ուրացության ողբալի բոթը լսեց: «Նա մեռա՛վ ինձ համար...» — ասաց առաքինի տիկինը խորին հառաչանքով և այն օրից ուխտեց` չմերկենալ այս հագուստը, մինչև որդու կատարելիք չարագործությունները յուր բարությամբ չդարմանե:

Նրան շրջապատել էին յուր հետ եկած լեռնականների նահապետները, որոնց թվումն էին` Սամվելը և ծերունի Արբակը: Պատանի Արտավազդը անհանգիստ կերպով այս կողմ ու այն կողմ էր ընկած և յուր անելիքը ինքն էլ չգիտեր: Տիկնոջ մի կողմում կանգնած էր Ռշտունյաց Գարեգին նահապետը, իսկ մյուս կողմում` Մոկաց Վահրամ և Սասնո Ներսեհ իշխանները:

Զորքը բռնել էր զանազան դիրքեր: Վասպուրականցիք տեղավորված էին այն բարձրությունների վրա, ուր գտնվում էր իրանց տիկինը: Ռշտունցիք թաքնվել էին քաղաքի այգիների մեջ, կտրելով միակ ճանապարհը, որ տանում էր դեպի Երնջակ և Ջուղայի կամուրջը: Սասունցիք փակել էին այն ճանապարհը, որ տանում էր դեպի Արտաշատ: Մոկացիք բարձրացել էին Արաքսի կողմի բլրակների վրա: Եվ այսպես, պարսից բանակը չորեքկողմից պաշարված էր թշնամիներով:

Վերադարձան պատգամավորները, հայտնեցին Վասպուրականի տիկնոջը որդու պատասխանը: Տխրության մթին ամպը անցավ պատկառելի դեմքի վրա, և նրա հեզ աչքերը լցվեցան արտասուքով:

Ես ուրիշ պատասխան չէի սպասում, — ասաց տառապյալ մայրը ցավալի ձայնով: — Հրա՛շք կլիներ, եթե նա դարձի գար: Բայց նա հիվա՛նդ է... նա վիրավո՛ր է...

Վերջին խոսքերի մեջ լսվեցավ մայրական սրտի դառն կսկիծը` յուր բոլոր հրաբորբոք վշտերով: Նա դեռ սիրում էր որդուն, նա դեռ խնայում էր որդուն: Նա պատրաստ էր ամեն ինչ տալ, միայն թե առանց կռվի, առանց արյան` կարողանար հաշտվել յուր խղճի և յուր զգացմունքների հետ: Նա պատրաստ էր` մինչև անգամ թողնել որդուն յուր կամքին, յուր մոլորությունների մեջ, եթե նրա վարմունքը ուրիշ շատ հազարավորների կորստյան պատճառ չդառնար: Բայց նա տանում էր յուր հետ մի ահագին գերություն, տանում էր անհետացնելու նրանց Պարսկաստանի խորքերում: Այդ գերիներից շատերը տիկնոջ հպատակներն էին, որոնք ծառայել էին նրան ամենայն հավատարմությամբ, որոնց սիրում էր նա յուր հարազատ զավակների նման: Ինչպե՞ս կարելի է զրկվել նրանցից: Այս դառն մտածությունների մեջ տարուբերվում էր վշտալի կինը, երբ Ռշտունյաց Գարեգին նահապետը դարձավ դեպի նա, ասելով.

Մենք չպիտի խնայենք նրան, որ չխնայեց յուր հարազատինիմ կնոջը, և նրան կախ տվեց Վանա միջնաբերդի աշտարակից:

Նա հիշեցրեց դժբախտ Համազասպուհու ցավալի վախճանը:

Մենք չպիտի խնայենք նրան, — ավելացրեց Մոկաց Վահրամ իշխանը, — որ այնքան քաղաքներ մոխիր դարձրեց, որ այնքան վանքեր ու եկեղեցիներ կործանեց, որ մեր սիրելի թագավորին և մեր պաշտելի թագուհուն աքսորել տվեց և Հայոց աշխարհը ծածկեց կրակով ու արյունով...

Արյունը պետք է արյունով լվանալ, — ընդհատեց Սասնո Ներսեհ իշխանը:

Եվ չարությունը` չարությամբ, — մեջ մտավ պատանի Արտավազդը:

Սամվելը լուռ լսում էր:

Նրա մոտ կանգնած էր ծերունի Արբակը, որ մի առանձին տհաճությամբ նկատեց.

Շատ էլ որ դուք կամենաք արյունը ջրով լվանալ և չարությունը` բարությամբ, կարծո՞ւմ եք, դրանով կխափանվի չարը:

Ավելի կհաստատվի յուր չարության մեջ, — խոսեց Սամվելը: — Նա հրեշավոր Նեռն է, որ հայտնվել է մեր խաղաղ աշխարհում, յուր հետ բերելով սով, սրածություն, մոլորություն և ավերմունք: Ինչ որ կարող էր կատարել, արդեն կատարել է: Զղջում և ապաշավանք չկա նրա համար: Նա տակավին պիտի շարունակե յուր ապականությունները մեր աշխարհում: Ինչպե՞ս խնայել նրան, որ մի մազի չափ տեղիք չէ թողել, որով կարելի լիներ ներել: Ոչինչ չարիք պակաս չէ մնացել, որ չէ կատարել նա: Միթե կարելի՞ է խնայել նրան:

Ես նույնպես չպիտի խնայեմ նրան, — ասաց սգավոր մայրը և յուր վշտալի աչքերը դարձրեց դեպի զայրացած իշխանները: — Ես հույս ունեի, որ իմ մոլորյալ որդին պատիվ կդներ մոր արտասուքին և կդառնար չար ճանապարհից: Այդ նպատակով ուղարկեցի նրա մոտ իմ պատգամավորներին: Ես հույս ունեի, որ նա գոնե այժմ կզղջար յուր մեղքերը: Բայց, ինչպես երևում է, ամեն զգացմունք` դեպի յուր ծնողը, դեպի յուր ազգն ու հայրենիքը` մեռած է նրա սրտում: Այդ պատճառով նա մեռած է և ինձ համար: Ես կցավեմ նրա վրա, բայց երբեք չեմ ափսոսա: Նա այլևս իմ որդին չէ: Իմ որդիքը, իմ սիրելի զավակներն են այն բազմաթիվ գերիները, որ այժմ շղթայակապ դրած են մեր առջև, պարսից բանակում: Եվ որպես դժբախտ Հռաքելը մի ժամանակ սուգի մեջ էր, մխիթարություն չէր գտնում յուր որդիների կորստյան պատճառով, — նույնպես և ես, իբրև մի որդեկորույս մայր, հանգստություն չպիտի ունենամ, մինչև իմ զավակներին ազատված չտեսնեմ: Այդ գերիները իմ զավաներն են, ձեր զավակներն են և մեր հայրենիքի զավակներն են: Մենք պետք է ազատենք դրանց: Մենք կազատենք ո՜չ միայն մարմիններ, այլև հոգիներ: Եթե դրանց տանելու լինեն Պարսկաստան, այնտեղ պատրաստ են այդ թշվառների համար Շապուհ արքայի դահիճները, որ կստիպեն` կա՜մ արեգակին երկրպագություն տալ, կա՜մ նահատակվիլ: Այն օրից, որ ճանապարհ ընկանք, մենք ուխտեցինք ազատել գերյալներին: Մենք ուխտեցինք նա՜և պատժել թշնամուն մեր երկրի սահմանների վրա: Տերը օգնեց մեզ, և մենք անվտանգ անցանք ամեն փորձանքներից, մինչև հասանք այստեղ: Թշնամին ահա՜ մեր ոտների ներքո է: Այժմ ձեր քաջությունիցն է կախված, ո՜վ իշխաններ, կատարելու մեր ամենի սրտագին բաղձանքը, որ տիրոջ կամքն է:

Թո՜ղ օրհնյա՛լ լինի տիրոջ կամքը, թո՜ղ փառավորվի՛ նրա անունը, — ձայն տվին ոգևորված իշխանները:

Մինչև այստեղ սույն ոգևորության մեջ էին, այնտեղ, պարսից բանակի երկնագույն վրանում, Հայոց աշխարհի ընդհանուր երկպառակության ոգինՄերուժանը դեռ գտնվում էր յուր շքեղ, մետաքսյա անկողնում: Յուր մոր պատգամավորներին ճանապարհ դնելուց հետո, երկար նա տատանվում էր մի տեսակ տենդային տագնապի մեջ, որի նմանը` մինչև այն օր` երբեք չէր ծանրացել նրա ամուր սրտի և անվեհեր հոգու վրա: Յուր բոլոր խաղը պիտի կորցներ մի քանի րոպեում: Նրա հետ պիտի կորցներ և յուր ամբողջ բախտը: Ա՜յն փայլուն վաստակներից հետո, ա՜յն անհնարին հաջողություններից հետո, հանկարծ հաղթված լինել և հաղթված լինել մի պառավից, — այս միտքը սարսափելի կերպով վրդովեցնում էր նրան: Նա երբեք չէր վհատվի, նա երբեք այսպիսի մտատանջությունների մեջ չէր ալեկոծվի, եթե առողջ լիներ: Բայց նա հիվանդ էր և տկար: Հանձնել յուր բախտը և յուր զորքերի բախտը յուր զորապետներին, որոնց վրա կատարյալ վստահություն չուներ, –այս միտքը նա բոլորովին վտանգավոր էր համարում: Գուցե, եթե մնացած լիներ Մամիկոնյան իշխանը, նա այդ հոգսերից ազատ կլիներ: Բայց զրկվեցավ յուր ամենալավ բարեկամից և քաջ գործակցից, որին միայն կարող էր ամենայն վստահությամբ հավատալ: Ուրեմն ի՞նչ պետք էր անել:

Հայր-Մարդպետը, Կարեն զորապետը և պարսից մյուս աստիճանավորները դեռ նստած էին նրա անկողնի մոտ և անհամբերությամբ սպասում էին նրա հրամաններին: Նա դարձավ դեպի յուր աստիճանավորները այս խոսքերով:

Այժմ ես բոլորովին հասկանում եմ Սամվելին` թե՜ բարեկամական պատրվակով գալուստը մեզ մոտ և թե՜ նրա անգութ վարմունքը «Իշխանաց կղզում»: Նա եկավ մեզ մոտ հետազոտելու մեր բանակի դրությունը, կշռելու մեր ուժերը, և նախքան մեր դեմ պատրաստված պատերազմի սկսելը, ոչնչացնելու մեր զորքերի առաջնորդներին, որպեսզի, նրանք, անգլուխ մնալով, ավելի հեշտ լիներ հաղթություն շահել: Ես այժմ ոչինչ տարակույս չունեմ, որ նա սպանել է յուր հորը, և ինքը այս րոպեիս գտնվում է իմ մոր մոտ:

Հաջորդ էջ