Րաֆֆի՝   Սամվել

Դու կարծում ես, որ Սամվելը քո մոր խորհրդո՞վ էր հնարել յուր դավադրությունը, — հարցրեց Հայր-Մարդպետը:

Ես այդ չեմ կարծում: Իմ մայրն այնքան ազնիվ կին է, որ երբեք խաբուսիկ միջոցներով մարդիկ չէր ուղարկի մեզ դավ դնելու, և ոչ Սամվելը հանձն կառներ մի այսպիսի ստորություն: Բայց, այսուամենայնիվ, ես աներկբա եմ, որ նրա գալուստը մեզ մոտ, եթե ոչ իմ մոր խորհրդով, այլ, անտարակույս, նրա գիտությամբ է եղել: Սամվելը եկավ մեզ մոտ երկու նպատակով. նախ, աշխատել համոզելու յուր հորը և ինձ, որ մենք թողնենք մեր սկսած ձեռնարկությունը և միանանք ուխտապահ նախարարների հետ, որոնք հավատարիմ են մնացել իրանց թագավորին և հին դրությանը: Իսկ եթե չհաջողվի նրան համոզել մեզ, այնուհետև գործ դնել յուր սուրը: Այդպես էլ արավ նա: Նա եկավ մեզ մոտ` որպես նպատակի զոհ, և ես չեմ կարող չնախանձվիլ նրա անձնազոհության եռանդով, որ հատուկ է միայն բարձր, քաջազնական հոգիներին: Եթե ես նրա նման մի քանի մարդիկ ունենայի, շատ բախտավոր կլինեի...

Նա դարձյալ ընկղմվեցավ խորին մտածությունների մեջ: Բայց նրա վերջին խոսքերը վիրավորեցին Հայր-Մարդպետին: Վիրավորվեցան և պարսից աստիճանավո րները:

Հիվանդության ջերմը քեզ տենդային դրության մեջ է դրել, Մերուժան, — ասաց Հայր-Մարդպետը յուր ամուր, խրոխտալի ձայնով: — Դու քո խոսքերը չես կշռում: Միթե մի տհաս, երազամոլ երիտասարդի չափ համարմունք չունե՞նք քո աչքում: Դու հանգիստ կա՜ց քո մետաքսյա փափուկ անկողնում, և թո՜ղ այդ բժիշկները դարմանեն քո վերքը: Մենք կգնանք և քո թշնամիների հետ կվերջացնենք մեր գործը: Մի՞թե պարսից արքայից արքայի քաջ, կրթված զինվորները պիտի դողան մի քանի բուռ վայրենի լեռնականների առջև:

Գնացե՜ք, — պատասխանեց հիվանդը զայրացած ձայնով: — Հրամայեցե՛ք թմբուկները հնչեցնեն, և զորքը պատրաստվի կռվելու:

Հետո դարձավ դեպի յուր սենեկապետը.

Ասա՜, թող պատրաստեն իմ ձին և իմ զենքերը:

Հայր-Մարդպետը սաստիկ ստրջացավ, որ առիթ տվեց հիվանդի վրդովմունքին: Բռնեց նրա ձեռքը, աղաչելով.

Խնայի՜ր քեզ, Մերուժան: Դու հիվանդ ես և բավական տկար: Դու բոլորովին կհյուծվես և իսպառ կենսամաշ կանես քո անձը: Այժմ հանգիստ կաց քո վրանում, և գոնե այսօր զորքի հրամանատարությունը թող մեզ: Դու կատարելապես վիրավորած կլինես քո աստիճանավորներին, եթե այդ ծառայությունից զրկես նրանց:

Պարսիկ աստիճանավորները նույնպես սկսեցին թախանձել, որ նա դուրս չգա յուր վրանից, և յուրաքանչյուրը հայտնում էր յուր գժգոհությունը, թե ինչո՜ւ նա թերահավատությամբ է վերաբերվում դեպի իրանց ծառայությունները:

Շնորհակալ եմ ձեր կարեկցության և մանավանդ ձեր հավատարմության համար, — պատասխանեց հիվանդը: — Բայց ես այժմ բոլորովին առողջ եմ զգում ինձ: Իմ զինվորները այնքան սովորած են ինձ, որ եթե մեռնելու լինեի, դարձյալ կպատվիրեի ձեզ, որ իմ դագաղը տանեիք իմ գունդերի առջևից: Դա անպատճառ կխրախուսեր և քաջալերություն կներշնչեր նրանց:

Եվ իրավ, պարսից բանակը արդեն սաստիկ հուզման և խորին իրարանցման մեջ էր: Ամեն մի զինվոր գիտեր, որ պաշարված է թշնամիներով: Առաջին բոթը գուժեցին զորեպանները և ձիապանները, որ բանակից հեռու գրաստներ էին արածացնում: Նրանք, հենց որ նկատեցին թշնամու մոտենալը, իսկույն հավաքեցին բոլոր անասուններին և սկսեցին փախչել դեպի բանակը: Այդ ժամանակ արևը դեռ չէր ծագել, դեռ բավական մութն էր:

Թշնամու հարձակման բոթը անցել էր և գերիների քարավանի մեջ: Բայց նրանց համար բոթ չէր, այլ փրկության ավետիք էր: Այդ խղճալիների ուրախությունն ու արտասուքը սահման չուներ: Շղթայաբեկ գազանների նման, ցնցում էին երկաթյա կապանքները և, իրանց աղոթավոր հայացքը դեպի երկինք դարձնելով, անհամբերությամբ սպասում էին աստուծո ուղարկած ազատիչներին:

Այդ միջոցին հրապարակի վրա հայտնվեցավ սպիտակ ձիավորը` Մերուժանը: Դարձյալ վեհապանծ շքով, դարձյալ նրա ահարկու զենքն ու զրահը փայլում էին դյուցազնական փառքով: Ամենևին չէր նշմարվում, որ հիվանդ է: Նրա մխիթարական երևույթը ընդհանուր ոգևորություն ներշնչեց բանակի մեջ: Զորքը սիրում էր նրան: Չկար մի զորապետ, որ նրա նման առատաձեռն կերպով վարձատրեր զինվորի քաջությունը: Նա յուր զորքի լավ բարեկամն էր և սոսկալի հրամանատարը:

Զորքը արդեն կազմ ու պատրաստ էր հրապարակի վրա: Նա դարձավ դեպի զինվորները մի քանի քաջալերական խոսքերով: Նրա ձայնը հնչում էր յուր նախկին ամրությամբ, նրա խոսքերը հեղվում էին որպես բոցավառ սրտի ազդու քարոզներ:

Զինվորնե՜ր, — ասաց նա, — դուք մինչև այսօր ամենայն բավարարությամբ արդարացրիք այն բաղձալի հույսերը, որ դրել էր ձեր վրա` մեր ամենիս տերն ու թագավորը` արեգնափայլ արքայից արքան, երբ նա յուր հայրական օրհնությամբ ձեզ ճանապարհ դրեց Տիզբոնից դեպի Հայաստան: Մեր քաջությունների փառավոր արդյունքն է` այն ահարկու բերդերն ու ամրոցները, որ գրավեցինք մենք հայոց երկրում: Ձեր քաջությունների փառավոր արդյունքն է այն հզոր քաղաքները, որ կործանեցինք մենք հայոց երկրում: Ձեր քաջությունների փառավոր արդյունքն է` այն անթիվ գերությունը և այն անբավ ավարն ու հարստությունը, որ մեզ հետ պիտի տանենք Պարսկաստան: Պայծառափայլ Արամազդը օգնեց մեզ, և մենք հրաշալի հաղթություններով պիտի թողնեինք Հայոց երկիրը, որ շուտով մեզ էր պատկանելու: Մեր բանակը դրած էր այդ երկրի սահմանների մոտ, և մի քանի օրից հետո պետք է ճանապարհ ընկնեինք: Բայց հանկարծ անակնկալ թշնամին փակեց մեր ճանապարհը: Մենք այժմ պաշարված ենք կատաղի լեռնականների ահագին բազմությամբ: Մեր բոլոր վաստակը, մեր բոլոր փառքն ու պարծանքը կորած կհամարվի, եթե չպատժենք հանդուգն թշնամուն, եթե չխորտակենք նրա խոլական ամբարտավանությունը: Ես հույս ունեմ, ով քաջ զինվորներ, որ դուք որպես միշտ, նույնպես և այսօր ցույց կտաք ձեր անպարտելի զորությունը: Ես մեծ հույս ունեմ, որ դուք թշնամու դիակների վրայով ձեզ ճանապարհ կհարթեք, որով կստանաք պայծառ Արամազդի օրհնությունը և մեր աստվածափայլ արքայից արքայի շնորհը, որի խոնարհ ծառաներն ենք մենք ամենքս:

Զորքը միաձայն որոտաց.

Թո՜ղ օրհնյա՛լ լինի պայծառ Արամազդը, թո՜ղ փառավորվի՛ արեգնափայլ արքան:

Այնտեղ յուր քաջերին ոգևորում էր մայրը, այստեղ` որդին: Այնտեղ պատրաստվում էին ազատելու գերյալներին, այստեղ պատրաստվում էին ի տար աշխարհ վարելու: Կռիվը մոր և որդոշ մեջ էր: Մայրը առաջնորդում էր Հայոց երկրի անձնանվեր զավակներին: Որդին առաջնորդում էր հայոց երկրի արյունարբու թշնամիներին: Մեկը բարձրացրել էր Հիսուս Քրիստոսի փրկարար խաչը, մյուսը` Զրադաշտի ճաճանչավոր արեգը: Կրոնը մարտնչում էր կրոնի հետ, դյուցազների դյուցազանց հետ:

Թեև Մերուժանը շատ նպաստավոր կարծիք չուներ պարսից բարձր աստիճանավորների մասին, որպիսին էր Կարեն զորապետը, որոնք առաջ էին անցել ավելի տոհմային և արտոնական առավելություններով, քան թե անձնական արժանավորություններով, — բայց, այնուամենայնիվ, պարսից ստորաստիճան սպաների կարգում կային իսկապես քաջ զորագլուխներ և լավ մարդիկ: Դրանց վրա լիահույս համարմունք ուներ Մերուժանը: Միայն գլխավոր դժվարությունը նրանումն էր, որ բանակը դրած էր մի այնպիսի տեղում, որը ավելի ժամանակավորապես օթակայելու իջևանի հարմարություն ուներ, քան թե ռազմական ամրություններ: Դա, իհարկե, չէր կարող վհատեցնել Մերուժանին, եթե նրան չսպառնար մի այլ վտանգ, — ներքին վտանգ: Այդ էր պատճառը, որ երբ պետք էր զորքը ասպարեզ հանել, նա հրամայեց` սկզբում պաշտպանողական դիրք բռնել:

Հայր-Մարդպետը սկսեց սաստիկ հակառակել նրան, պնդելով, թե պետք է ուղղակի հարձակում գործել և ցրվել թշնամուն:

Շատ ամոթ կլիներ, — ասաց նա, — որ մենք մեր վահաններով ծածկվեինք, և համբերությամբ սպասեինք, որ թշնամին յուր նետերը արձակեր մեր վրա: Նրանք մեզ, իրավ է, պաշարման դրության մեջ են դրել, բայց շատ դժվար չէ` իսկույն ևեթ նրանց պաշարման դրության մեջ փակել: Թշնամու ուժերը բաղկացած են ըստ մեծի մասին հետևակներից: Բավական է միայն հրամայել մեր քաջ հեծելազորի բազմությանը` հեռանալ բանակից և շուրջանակի պաշարել նրանց:

Ինչպե՞ս հեռանալ բանակից, Հայր-Մարդպետ, — պատասխանեց Մերուժանը հուզված ձայնով: — Մեր ամենավտանգավոր թշնամին հենց մեր բանակի միջումն է:

Ի՞նչ թշնամի:

Ահա՜ այդ գերիների բազմությունը: Դրանք կդառնան դեպի մեզ...

Ինչո՞վ:

Իրանց շղթաներով կսկսեն ջարդել իրանց պահապանների գլուխները:

Եթե մի այսպիսի ցույց անելու լինեն, մենք կհրամայենք իսկույն կոտորել բոլորին:

Ո՞ր մեկին կոտորել: Նրանց թիվը մեր զինվորներից պակաս չէ:

Հայր-Մարդպետը մտածության մեջ ընկավ: Մերուժանը պնդեց յուր կարծիքը, ասելով.

Մենք երկու գործ ունենք կատարելու, մի կողմից պետք է զսպենք գերիներին, որ նրանք չապստամբվեն մեր դեմ, մյուս կողմից` պետք է կռվենք նորեկ թշնամու հետ: Այդ պատճառով, պաշտպանողական դիրքը, գոնե սկզբում, ավելի նպաստավոր է մեզ:

Հայր-Մարդպետը դարձյալ մնաց յուր համոզման մեջ, բայց չհակառակեց:

Մինչ այստեղ այս վիճաբանությունների մեջ էին, Վասպուրականի տիկնոջ հետ եկած իշխաններն ու նահապետները, առանց խորհրդի, առանց նախամտածության, հանձնեցին իրանց միայն աստուծո կամքին և, Մերուժանի մոր աջը համբուրելով, առին նրա օրհնությունը, հետո յուրաքանչյուրը դիմեց դեպի յուր զորքը: Տիկնոջ մոտ մնացին միայն Արծրունյաց տան դրանիկներն ու ծառաները և մի քանի խումբ զինված հադամակերտցիք, որ չհեռացան նրանից:

Նա նստած էր ճանապարհորդական փոքրիկ թախտի վրա, և չորս սենեկապետներ, չորս ձողերից բռնած, պահել էին նրա գլխի վրա մի փառավոր ամպհովանի, որ զարդարած էր ոսկեթել փունջերով ու ծոպերով: Արեգակը արդեն սկսել էր այրել, և օրվա տոթը, հետզհետե անտանելի էր դառնում:

Հանկարծ տիկնոջ գիրկն ընկավ պատանի Արտավազդը, որ, փաթաթվելով նրա պարանոցին, սկսեց աղաչել.

Թո՜ղ տուր, մայրիկ, ես էլ գնամ նրանց հետ... ես էլ կռվեմ...

Դու հանգիստ կաց, զավակս, — պատասխանեց տիկինը, փայփայելով նրա ոսկեզօծ սաղավարտը: — Դեռևս ի՛նչ քո գործն է կռիվը: Երբ աստուծով կմեծանաս, այն ժամանակ շատ առիթներ կունենաս կռվելու:

Պատանու վառվռուն աչքերում հայտնվեցան արտասուքի կաթիլներ:

Ես ումի՞ց եմ պակաս, — ասաց նա տրտնջալով: — Ինձ միշտ կրկնում են, թե պիտի մեծանա՛ս... Հիմա խո երեխա չեմ... բավական մեծ եմ...

Տիկնոջ վշտալի աչքերում նույնպես հայտնվեցան արտասուքի կաթիլներ: «Անմե՛ղ երեխա, — մտածեց նա, — միթե քե՞զ էլ տանջում է հայրենիքի դժբախտության ցավը, միթե դո՞ւ էլ գգում ես, թե՜ ինչ չարիքներ են կատարվում մեր աշխարհում... »:

Հանգիստ կա՜ց, զավակս, — կրկնեց նա, համբուրելով անզուսպ պատանու գունաթափ երեսը: — Դու մնա ինձ մոտ, սիրելիս, այստեղից կաղոթենք և կնայենք, թե ի՜նչպես են կռվում ուրիշները:

Արտավազդի բարկությունից ուռած շրթունքները դողդողացին: Փոքր էր մնում, որ նա թռցներ բերանից յուր գաղտնիքը, ասելով, թե ինչո՞ւ են իրան միշտ տղայի տեղ դնում, երբ որ նույն իսկ տիկնոջ որդին, պարսից զորքերի հզոր հրամանատարը, որ այժմ վիրավոր է, — դա կատարվել է յուր նետերի շնորհիվ: Բայց նա ծածկեց մանկական սրտի հրաբորբոք վրդովմունքը և մնաց տիկնոջ մոտ:

Տիկնոջ տխուր հայացքը դարձավ դեպի պարսից բանակը, ուր մի քանի ժամից հետո պիտի վճռվեր բյուրավոր գերյալների վիճակը: Դրանք հայր ունեին, մայր ունեին, տուն և զավակներ ունեին: Հազարավոր սրտեր պիտի ուրախանային նրանց ազատությամբ, հազարավոր սգավորներ պիտի մխիթարվեին նրանց վերադարձով: Այդ միտքը լցնում էր առաքինի կնոջ հոգին անսահման երանությամբ, և յուր ալետանջ սրտի ամենաջերմ բաբախմունքով սպասում էր կռվի վախճանին:

Բայց, միևնույն րոպեում, նրա սգավոր աչքերի առջև ներկայանում էր որդին, — հիվանդ, վիրավոր որդին: Հիվա՛նդ էր նա մարմնապես, հիվա՛նդ էր նա և հոգեպես: Ի՞նչը կարող էր բժշկել նրան: Ի՞նչը կարող էր ապառաժ սիրտը փափկացնել և պարսկական ախտերով ու մոլորություններով վարակված հոգին` կրկին դեպի ուղղություն վերածել:

Որդու հիվանդության պատճառների վերաբերությամբ դեռ ստույգ տեղեկություններ չուներ նա: Սամվելը այդ մասին դեռ ոչինչ չէր ասել: Նրան հայտնել էին այսքանը միայն, թե որսորդության միջոցին, փոթորկի ընդհանուր խռովության ժամանակ, սխալմամբ արձակած նետի է հանդիպել: Իսկ Մամիկոնյան իշխանի սպանման մասին դեռ ոչինչ չգիտեր:

Մոր մի կողմում կանգնած էր նույն պատգամավորը, որին ուղարկել էր որդու մոտ: Դարձավ դեպի նա, հարցնելով.

Դու լավ նայեցի՞ր նրա վրա, Գուրգեն:

Ի՜նչպես չէ, տիկին: Համարյա մի ժամ տևեց մեր խոսակցությունը: Բոլոր ժամանակը միշտ նայում էի նրա վրա:

Շա՞տ էր մաշված:

Ոչ այնքան: Միայն բավական գունաթափվել էր:

Նա իմ մասին ոչինչ չհարցրե՞ց:

Ոչինչ: Ամենևին:

Եվ յուր կնո՞ջ և յուր զավակնե՞րի մասին:

Դարձյալ ոչինչ:

Քարասի՛րտ, — բացականչեց տառապյալ մայրը, սգավոր գլուխը շարժելով: — Նա ամեն ինչ մոռացել է... նա ամեն ինչ ուրացել է...

Կրկին դժբախտ կինը ընկղմվեցավ տխուր մտածությունների մեջ, կրկին դառն արտասուքը սկսեց հոսիլ վշտալի աչքերից:

Մյուս անգամ դարձավ նա դեպի հավատարիմ զորապետը, հարցնելով.

Դու ինչո՞ւ չգնացիր կռվելու, Գուրգեն, դու ինչո՞ւ մնացիր այստեղ:

Ես մնացի, որ իմ ձեռքի տակ եղած մարզիկներով պահպանեմ այդ դիրքը, ուր գտնվում ես դու, տիկին, — պատասխանեց ծերունի զորապետը:

Դու կարծում ես, որ նա կհարձակվի և մո՞ր վրա:

Անպատճառ: Նրա առաջին ջանքը կլինի` գրավել այդ բարձրավանդակը և քեզ, տիկին, գերի վերցնել: Ձեռքս կկտրեմ, եթե այդպես չանե:

Ի՞նչ պիտի շահե ինձ գերի վարելով:

Շատ բան, տիկին: Նա քեզ համարում է յուր վտանգավոր ախոյանը և թշնամին:

Մեջ մտավ պատանի Արտավազդը.

Երբ նա կհամարձակվի ոտք դնել այդ բարձրության վրա, ես առաջինը կլինեմ, որ նրա վրա նետեր կարձակեմ:

Տիկինը գրկեց սրբազան վրդովմունքով զայրացած մանկությունը և համբուրեց:

Նախճվանի գետի կողմից, սև, թուխպի նման, առաջ էր մղվում, մի մթին ամբոխմունք, և ո՜րքան մոտենում էր, այնքա՜ն աճում էր, այնքա՜ն ստվարանում էր: Նա դուրս եկավ գետի ափերը ծածկող ծառաստանի միջից, և արագ ընթացքով շարժվում էր դեպի պարսից բանակը: Դա լեռնականների մի բազմություն էր, որ բաղկացած էր թեթև զինված աղեղնավորներից և տիգավորներից: Նրանց առաջնորդում էր Ռշտունյաց Գարեգին նահապետը: Երբ մերձեցան, բանակից բավական հեռավորության վրա կանգ առին, մնացին անշարժ:

Մերուժանի արծվի հայացքը դարձավ դեպի թշնամին: «Սկսեցին... » — մտածեց նա և, դառնալով դեպի յուր մոտ գտնված համհարզներից մեկը, հրամայեց.

Ասա՜ Կարեն զորապետին, որ մի քանի գունդ քաջ աղեղնավորներով և սպարակիր տիգավորներով գնա այդ կողմը:

Հրամանը իսկույն կատարվեցավ:

Միևնույն ժամանակ, որպես մի արագահաս փոթորիկ, որ տարվում է քամու ուժգին հոսանքից, և յուր կատաղի ընթացքի միջոցում` սրբում է, ավելում է ամեն մի հանդիպած խոչընդոտություն, — այսպիսի մի ահավորությամբ հայտնվեցան մի քանի խումբ ձիավորներ: Թմբուկների որոտը, նախընթաց գոռումն ու գոչումը` կարապետում էին հանդուգն արշավանքին: Նա սլացավ և կայծակի արագությամբ ճեղքելով պարսից բանակի մի ծայրը, անցավ: Նա անցավ, ավելի աղմկելով և խռովության մեջ դնելով ընդարձակ բանակը, քան թե ո՜րևէ վնաս պատճառելով, և իսկույն անհետացավ մերձակա բլուրների ետևում:

Մերուժանը նայում էր:

Բավական հաջող կերպով կատարվեցավ խաղը, — ասաց նա ժպտալով: — Կցանկանայի գիտենալ, թե ո՜վ էր այդ համարձակ ձիավորների առաջնորդը:

Սամվելը, — պատասխանեցին նրան:

Սամվե՞լը, — կրկնեց Հայր-Մարդպետը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով: — Վատ չէ՛... Նա յուր հորից ընծա ստացավ պարսից Շապուհ արքայի պարգևած ոսկեգույն նժույգը: Այժմ նույն նժույգով աղմկում է Շապուհ արքայի բանակը... Այդ նժույգը` յուր ճակատի ճերմակ աստղով` հայտնի էր որպես բարեհաջող հատկություններով օժտված մի ձի: Բայց նա հաջողություն շնորհեց ո՜չ թե հորը, այլ որդուն...

Սամվելի երևույթը, իրավ, այն աստիճան ուժգին ցնցում պատճառեց պարսից ծանր, լայնանիստ բանակին, որ ամենքը սաստիկ իրարանցման մեջ ընկան:

Բայց ո՞ւր կորավ նա, — հարցրեց Հայր-Մարդպետը:

Ինչո՞ւ ես շտապում, — պատասխանեց Մերուժանը: — Նա դարձյալ կհայտնվի, և գուցե շուտով կհայտնվի:

Մերուժանը դեռ ամենայն սառնասրտությամբ սպասում էր թշնամուն, սպասում էր, որ նա բավական մոտենա: Նրա արագավազ լրտեսները տարածվել էին դեպի ամեն կողմ, դիտում էին թշնամու շարժումը, և իսկույն լուրեր էին բերում:

Նրա սուր ուշադրությունից չվրիպեցավ, որ Սամվելը ճեղքեց պարսից բանակի ա՜յն ծայրը, որ կողմում գտնվում էր գերիների քարավանը: Դա առանց նպատակի չէր: Նա հասկացավ, և իսկույն կարգադրեց, որ զինվորները ամուր շղթայով շրջապատեն գերիներին, որպեսզի նրանք թշնամու հետ հաղորդակցություն չունենան: Բայց շրջապատող շղթայի մեջ մնաց մի մարդ, որ դանդաղ քայլերով դեգերում էր քարավանի մեջ, և երբեմն գաղտագողի կերպով ակնարկություններ էր անում գերիներին: Ծանոթ աչքը կարող էր այդ ծպտյալ անձնավորության մեջ ճանաչել Սամվելի հայտնի փայակին` Մալխասին:

Կռիվը, բոլորից առաջ, սկսվեցավ դեպի Արտաշատ տանող ճանապարհի կողմից, ուր մանր բլրակների ետևում թաքնված էին սասունցիք: Պարսից զինվորներին առաջնորդում էր Հայր-Մարդպետը: Նրա ամեհի նժույգը դողում էր, ծալվում էր յուր վիթխարի հեծյալի անհեթեթ ծանրության ներքո, որի ամբողջ մարմինը պատած էր պղնձով ու պողովատով: Նրան ախոյան հանդիսացավ Սասնո Ներսեհ իշխանը, որ ձայն արձակեց խորին արհամարհանքով.

Արշակ թագավորի կանանոցի ներքինապետությունը թողնելով, ո՜վ Հայր-Մարդպետ, այժմ պարսից զինվորների առաջնո՞րդ ես դարձել: Դա, իրավ, բավական օտարոտի է թվում ինձ:

Ինչո՞ւ, ո՜վ քաջդ Ներսեհ, — պատասխանեց ներքինին յուր խռպոտ ձայնով: — Դերերի փոփոխությունը երբեմն վատ չէ լինում:

Բայց կանանցաբարո ներքինու գործը` պետք է կանանց հասարակության հետ լինի, ուր տիրում է մեղկ քնքշությունը, և բնավ տեղիք չունի արյունոտ զենքը:

Փորձենք, և դու կհամոզվես, որ կանանցաբարո ներքինին կարող է գործ ունենալ և քաջ սասունցիների հետ:

Վերջին խոսքերի միջոցին, երկու ախոյանները, իրանց ծանր նիզակները ուղղելով, նժույգների բոլոր թափով հարձակվեցան միմյանց վրա: Հայր-Մարդպետի նիզակի ծայրը դիպավ սասնո իշխանի երկաթապատ կողքին, և քերելով անցավ: Իսկ Սասնո իշխանի նիզակը ուղիղ դիպավ Հայր-Մարդպետի պղնձակուռ կուրծքին և, որպես ապառաժի վրա զարկվելով, բոլորովին փշրվեցավ: Զինակիրը իսկույն տվեց նրան մի այլ նիզակ: Նրանք հեռացան միմյանցից, կրկին հարձակում գործելու համար:

Զորքը, երկու կողմից ևս, դեռ անշարժ կանգնած, անհամբերությամբ սպասում էին իրանց առաջնորդների մենամարտության վախճանին:

Երկրորդ հարձակումը կատարվեցավ ավելի սաստիկ կատաղությամբ: Այս անգամ երկուսի նիզակներն ևս հետ նահանջվեցան և, դիպչելով պողովատյա լայն վահաններին, շեղվեցան նպատակից: Բայց նրանց փոխարեն` նժույգների զրահապատ կուրծքերը` ուժգին շառաչմամբ զարկվեցան միմյանց: Հայր-Մարդպետի ձին դղրդվեցավ, ընկրկվեցավ, և ապա ծնկների վրա ցած ընկավ: Այդ միջոցին Սասնո իշխանը ուղղեց յուր նիզակը դեպի ներքինիի կոկորդը: Բայց ձին իսկույն վեր բարձրացավ, և հարվածը մնաց ապարդյուն:

Այսպես երկու հզոր ախոյանները երկար մաքառում էին միմյանց հետ, և երկուսն էլ մնացին անպարտելի, մինչև Սասնո իշխանը ձայն տվեց.

Խոստովանում եմ, ո՜վ Հայր-Մարդպետ, որ Արշակ թագավորի կանանոցի կնամարդին, միևնույն ժամանակ, և՜ քաջ մարտիկ է:

Կռիվը սկսվեցավ երկու կողմի զորքերի մեջ: Պարսից սպարակիրները զարմանալի հարձակումներ էին գործում: Սասունցիք իրանց երկար աղեղներով թափում էին նետերի ամբողջ տարափ: Լեռնցին, բնության քաջությունը, մարտնչում էր կրթված, կանոնավորված արիության հետ: Օդը լցված էր թանձր փոշիով: Զենքերի և զրահների բախումն ու շառաչյունը խլացնում էին ամեն ձայն: Արյունը հոսում էր ջերմ վտակներով...

Մինչ այստեղ կռիվը յուր սարսափելի գործողության մեջ էր, բանակի մյուս կողմում, իրանց Գարեգին նահապետի առաջնորդությամբ, մարտնչում էին ռշտունցիք: Պարսից զորքերին կառավարում էր Կարեն զորապետը:

Այդ միջոցին, Մերուժանը, շրջապատված յուր թիկնապահներով ու համհարզներով, մի արագաշարժ ճախարակի նման, անդադար սլանում էր երբեմն այս, երբեմն այն կողմը, դիտելու կռվի ընթացքը: Դեպի ո՜ր կողմը և գնում էր նա, կարծես, յուր հետ տանում էր արհավիրք և սոսկում: Պարսից զինվորները, նրա ներկայությամբ ոգևորվելով, հրաշքներ էին գործում:

Նա նկատեց, որ Կարեն զորապետի կողմը փոքր առ փոքր նահանջվում էր, և ռշտունցիք արդեն սկսել էին հաղթական աղաղակներ բարձրացնել: Իսկույն սպիտակ նժույգը քշեց դեպի այս կողմը և մտավ նետերի փոթորկի մեջ: Մեծ եղավ նրա թե՜ զարմանքը և թե՜ վրդովմունքը, երբ հեռվից տեսավ ծերունի Արբակին, որ նիզակը ձեռին, բոլորովին առույգ երիտասարդի նման, մաքառում էր մի պարսիկ սպայի հետ: Նա դարձավ դեպի Կարեն զորապետը, ասելով.

Տեսնո՞ւմ ես, Կարեն, քո սպանած ծերունի Արբակը այժմ հարություն է առել:

Կարենը ամոթից շփոթվեցավ, պապանձվեցավ: Մերուժանը հիշեցրեց նրա առավոտյան հայտնած ստախոսությունը, որով պարծենում էր, թե ինքը «Իշխանաց կղզում »սպանեց ծերունի Արբակին:

Կալանավորեցեք այդ խաբեբային, — հրամայեց նա: — Արյաց արքայից արքայի զորապետին` ո՜րքան ներելի չէ երկչոտ լինել, ա՜յնքան ավելի ներելի չէ ստախոս լինել:

Հրամանը իսկույն կատարվեցավ:

Մերուժանի հայտնվիլը նոր ուժ և նոր ոգի ներշնչեց պարսից զինվորներին, որոնք աներևակայելի քաջությամբ սկսեցին հետ մղել կատաղի թշնամուն:

Այդ միջոցին Մերուժանի և Գարեգին նահապետի ոխերիմ աչքերը հանդիպեցին միմյանց:

Մերուժան, — ձայն տվեց Գարեգին նահապետը, — այդ երկրորդ անգամն է, որ մեր աշխարհի դժբախտ հանգամանքները մեզ ընդհարում են միմյանց հետ: Մի անգամ, Վան քաղաքում, իսկ այժմ Նախճվանի ավերակների մոտ: Այն ժամանակ դու առողջ էիր, սպանել տվեցիր իմ կնոջը, և փախար իմ ձեռքից: Այժմ հիվանդ ես, չգիտեմ` ինչպես պիտի վարվես ինձ հետ:

Իսկույն կտեսնես, — պատասխանեց Մերուժանը արհամարհանքով: — Այլևս հարցնելու պետք չկա:

Վերջին խոսքերի հետ` նետվեցավ նա Ռշտունյաց նահապետի վրա, որը մի շարժում անգամ չգործեց, ասելով.

Ես հրաժարվում եմ: Կռվել հիվանդի հետ` միևնույն է, որպես կռվելը դիակի հետ, որքան և արյունապարտ լիներ նա ինձ:

Մերուժանը սաստիկ զայրացավ:

Ո՜վ Ռշտունյաց տեր, — գոչեց նա, — քո մեծահոգությունը ավելի վիրավորական է, քան թե քո նիզակի հարվածը, եթե քեզ հաջողվելու լիներ վայելել այդ փառքը: Այո՜, ճշմարիտ է, իմ հրամանով սպանվեցավ քո կինը, և սրբազան վրեժխնդրությունը պարտք է դնում քեզ վրա` պահանջել ինձանից քո կնոջ արյունը: Եվ հենց այդ իսկ պատճառով, դու պետք է չհրաժարվես ինձ հետ կռվելուց:

Նա կրկին հարձակում գործեց: Բայց մեջ մտան պարսից զինվորները, գոռալով.

Մեր արյունը թո՜ղ սահման դնե քո և Ռշտունյաց նահապետի մեջ: Կռիվը այժմ մեզ է պատկանում:

Մերուժանը հետ քաշվեցավ:

Կրկին սկսվեցավ կռիվը երկու կողմի զինվորների մեջ, կրկին լսելի եղավ զենքերի մահաբեր բաբախմունքը: Ոմանք նիզակներով, ոմանք սուսերամերկ, խողխողում էին միմյանց, Ռշտունյաց լեռնաբնակները պաշտպանվում էին թեթև, քեմխտապատ վահաններով: Իսկ պարսիկները` իրանց ծանր, երկաթապատ ասպարներով:

Մերուժանը, կարգելով Կարեն զորապետի փոխարեն յուր քաջ համհարզներից մեկին, և թողնելով կռիվը յուր սոսկալի բորբոքման մեջ, ինքը դիմեց դեպի Նախճվանի ավերակների կողմը, ուր` մի բլրաձև բարձրավանդակի վրա` գտնվում էր նրա մայրը: Նրան հետևում էին մի քանի գունդ լավ զինված ձիավորներ: Թանձր փոշին, մոխրագույն ամպերի նման, պատել էր այն ճանապարհը, որտեղից անցնում էր նրա ահարկու հեծելազորը: Նա առաջ էր շարժվում ամենայն փութով, առանց կանգ առնելու, և առանց մի տեղ հանգստանալու:

Գուրգենը, Վասպուրականի տիկնոջ ծերունի զորապետը, հեռվից նկատեց Մերուժանի արագընթաց արշավանքը դեպի իրանց բռնած, դիրքը և իսկույն շտապեց տիկնոջ մոտ: Զարմացական ժպիտը երեսին, ալևոր գլուխը շարժելով, ասաց նա.

Տեսնո՞ւմ ես, տիկին, ես չսխալվեցա: Ահա Մերուժանը գալիս է դեպի մեզ: Գալիս է` մոր և յուր սեփական հպատակների հետ կռվելու: Եթե նրան հաջողվի հաղթություն տանել, անտարակույս, կտանե և քեզ, տիկին:

Ո՞ւր կտանե, — հարցրեց տառապյալ կինը վշտալի ձայնով:

Պարսկաստան: Այնտեղ, ուր այժմ Անուշ բերդի մթին նկուղների մեջ հեծում է հայոց թագավորը: Այնտեղ, ուր աքսորվեցավ հայոց թագուհին: Կտանե նրանց մոտ...

Միթե այդ աստիճան անգութ կլինի՞ նա:

Նրա անգթությունը սահման չունի, որպես և սահման չունի նրա մեծամտությունը:

Մայրական գութը և անագորույն որդու պատճառած վիշտը` փոփոխակի կերպով սկսեցին ալեկոծել դժբախտ կնոջ սիրտը: Արտասուքը աչքերում դարձավ նա դեպի ծերունի զորապետը ասելով.

Թո՜ղ օրհնյալ լինի աստուծո կամքը: Ինչ որ տնօրինել է նա, չէ կարող փոխել անզոր մահկանացուն: Թո՜ղ գա ապերախտը: Կռվեցեք նրա զորքերի հետ, բայց յուր վրա բնավ զենք չբարձրացնեք:

Տհաճության մռայլը անցավ ծերունի զորապետի խորշոմած դեմքի վրա, և նրա խորիմաստ աչքերը վառվեցան սրտմտության բոցով: Բայց զսպելով յուր հուզմունքը, բավական մեղմ կերպով նկատեց.

Մենք չէինք ցանկանա, տիկին, տիրասպան լինել, եթե նա սպանած չլիներ ամեն ինչ, որ սուրբ է մեր ամենիս համար: Բայց մարտնչում է մեր գոյության դեմ, մեր կրոնի դեմ և մեր պետության դեմ:

Տիկինը պատասխանեց.

Քրիստոնեական առաքինությունը պարտք է դնում մեր վրա, Գուրգեն, շա՜տ և շա՜տ անգամ ներել մոլորյալին:

Ծերունի զորապետը դժկամությամբ լռեց:

Այնտեղ կագնած էր պատանի Արտավազըր և խորին վրդովմունքով լսում էր տիկնոջ պատվերները: Նա չհամբերեց, ասելով.

Իսկ ես նետեր կարձակեմ նրա վրա: Եվ այժմ գիտեմ, թե ո՜րպես կարձակեմ...

Փոքր էր մնում, որ նա խոստովանվեր յուր առաջվա սխալը, որ կատարվեցավ «Իշխանաց կղզում», երբ տակավին ծանոթ չէր Մերուժանի գաղտնի զրահավորության մասին:

Տիկինը տխրությամբ նայեց զայրացած պատանու վրա և ոչինչ չխոսեց: Նրա մանուկ սրտում եռ էր գալիս մանուկ Հայաստանի վրեժխնդրության ոգին:

Մերուժանը յուր ձիավորների բազմությամբ արդեն մոտ էր այն բարձրավանդակի ստորոտին, որի վրա գտնվում էր նրա մայրը: Նա մի արագ պտույտ տվեց, անցավ դեպի այն կողմը, որտեղից միակ զառիվեր ուղին տանում էր դեպի մոր գտնված տեղը:

Ծերունի Գուրգենը, թողնելով տիկնոջ մոտ մի խումբ թիկնապահներ, առեց յուր հետ մնացյալ վասպուրականցիներին և շտապով դիմեց դեպի թշնամին: Կռիվը տեղի ունեցավ Մերուժանի ձեռքով հրդեհված Նախճվանի ավերակների մոտ: Վասպուրականցիք, մի քանի րոպեում, նրա կործանած քաղաքի քարերից կանգնեցրին նրա դեմ մի ամուր պատնեշ: Թաքնվեցան պատնեշի ետևում, սկսեցին նետեր արձակել: Ոմանք պարսետներով նետում էին քարեր: Նրա ավերակ դարձրած քաղաքի բեկորները նետում էին դեպի նրա գլուխը: Մերուժանը, արհամարհելով այդ բոլորը, յուր ձիավորների խուռն բազմությամբ առաջ էր ընթանում: Նրա ձիավորները զինված էին նիզակներով և սրերով միայն: Իբրև պատսպարան, կրում էին և ասպարներ: Պետք էր շատ մոտ տարածություն, որպեսզի նրանք գործ դնեին իրանց զենքերը: Այդ պատճառով աշխատում էին մերձենալ: Բայց վասպուրականցիք ա՜յն աստիճան կատաղած էին, որ ո՜չ միայն ամեն կողմից գանակոծում էին ձիավորներին, այլ, մոռանալով իրանց տիկնոջ պատվերը, չէին խնայում և նրա որդուն:

Նիզակն ու սուրը, նետն ու տապարը շատ կարելի է մինչև անգամ չազդեին Մերուժանի ամրակուռ, պղնձապատ մարմնի վրա: Նա խիստ վարպետությամբ զրահավորիլ գիտեր: Բայց հազարավոր պարսետներով արձակած քարերը, որ ռումբերի նման տեղում էին նրա վրա, կարող էին մի քանի րոպեում, բոլորովին քարկոծել նրան և ծածկել խճերի կույտի ներքո: Այսուամենայնիվ հրամայեց յուր ձիավորներին` պատռել պատնեշը և առաջ անցնել:

Ձիավորները աներկյուղ հարձակմամբ գրոհ տվին պատնեշի վրա, սկսեցին մի կողմից քանդել, մյուս կողմից կռվել: Ինքը Մերուժանը նետվեցավ կռվի փոթորկի մեջ: Այդ միջոցին մի քար դիպավ նրա ձիու ճակատին: Ձին ցնցվեցավ, դողդողաց, և ուշաթափ լինելով, ցած գլորվեցավ: Նա ընկավ այն կողքի վրա, որ կողմումն էր Մերուժանի վիրավոը ոտքը: Յուր խռովության մեջ, Մերուժանը ամենեին չզգաց, թե ի՞նչ կատարվեցավ յուր վերքի հետ: Փաթոթը թուլացավ, և վերքը սաստիկ շփվելով գետնին, արյունը սկսեց հոսիլ...

Մայրը հեռվից նկատեց որդու ընկնիլը: Ամբողջ աշխարհը մթնեց նրա աչքերի առջև: Ողբալի աղաղակներով ցած իջավ յուր գահավորակից, և կուրծքը կոծելով, սկսեց վազել դեպի որդին: «Անողո՛րմ... անգո՛ւթ մարդիկ...» — ճիչ էր արձակում նա, և դողդոջուն քայլերով շարունակում էր վազել: Նրան մեծ դժվարությամբ կարողացան պահել, հասկացնելով, թե ձին է ընկել և ոչ որդին:

Մայրը հանգստացավ, երբ տեսավ, որ ձին, հուշի գալով, կրկին վեր բարձրացավ, և Մերուժանը դարձյալ նստեց նրա վրա:

Բայց արյունը նրա վերքից մեղմ հոսանքով գնում էր և, թամբից իջնելով, ճերմակ ձիու ճերմակ փորի վրա արդեն գծել էր մի քանի բարակ, ոլորուն վտակներ: Թիկնապահներից մեկը նկատեց այդ, բայց կարծելով, թե ձին ընկնելու միջոցին ինքը վիրավորվեցավ, այդ պատճառով ոչինչ չհայտնեց:

Մերուժանը կանգնելուց հետո, կռիվը ավելի սաստկացավ, նրա ձիավորները արդեն պատառել էին պատնեշի մի մասը և անցել էին մյուս կողմը: Վասպուրականցիք ետ էին քաշվել, դեռ շարունակում էին հեռվից քարեր ու նետեր արձակել: Այդ միջոցին Մերուժանի համհարզներից մեկը նրա ուշադրությունը դարձրեց մի այլ երևույթի վրա ասելով.

Բանակի մեջ խռովություն կա...

Մերուժանը նայեց դեպի այն կողմը:

Այդ ես սպասում էի... — մռնչաց նա և բոլորովին գունաթափվեցավ: — Այնտեղ կռվում են գերիները...

Նա թողեց մորը, շտապեց դեպի գերիները:

Սամվելը, որ առաջին անգամ մի խումբ ձիավորներով ճեղքեց պարսից բանակի այն ծայրը, որտեղ գտնվում էր գերիների քարավանը, երկրորդ անգամին վերադարձավ նա ավելի ստվար խմբով: Զարմանալի արագությամբ, պատառելով գերիներին շրջապատող զինվորների շղթան, շեշտակի կերպով նետվեցավ նրանց քարավանի մեջ:

Հասավ փրկության րոպեն, — աղաղակեց նա: — Ջարդեցե՜ք, փշրեցե՜ք ձեր կապանքները:

Գերիներից յուրաքանչյուրը, որպես մի մարմնացած վրեժխնդրություն, հարձակվեցավ պահապան զինվորների վրա: Ոմանք կռվում էին բռունցքներով, ոմանք իրանց ոտների շղթաներով: Շատերը վազեցին դեպի բանակը, խորտակեցին վրանները, և նրանց սյուները մահակների նման ձեռքներում բռնած, հարձակվեցան զինվորների վրա: Ամբողջ բանակը տակնուվրա եղավ: Խնայեցին միայն Մամիկոնյան իշխանի շիկակարմիր վրանին, ուր դրած էր Սամվելի հոր դագաղը: Ընդհանուր կատաղությունը սահման չուներ: Կռվում էին տղամարդիկը, կռվում էին և կանայքը, կռվում էին և ծերերը, կռվում էին և մանուկները: Նրանց թվում գտնված եկեղեցականներն անգամ խառնվեցան արյան և կոտորածի սոսկալի գործողության մեջ: Բյուրավոր գերյալների բյուրավոր ձեռքերը բարձրացած էին իրանց գերինների վրա:

Սամվելը աներևակայելի քաջությամբ շանթում էր երբեմն այս, երբեմն այն կողմը: Նա այնպիսի սրընթաց թափով անցնում էր հուզված, ալեկոծված քարավանի միջով, որպես հրեղեն կայծակը անցնում է ցամաք շամբուտների միջով: Երբ կոտորածը արդեն հասել էր յուր սարսափելի ահավորությանը, երբ արյունը արդեն հոսում էր հորդ վտակներով, այդ ժամանակ ձայն արձակեց նա.

Բավական է: Սկսեցե՜ք այժմ ձեր շղթաներով կապել ձեր գերիչներին: Աստված դրանց մատնեց մեր ձեռքը: Այժմ մենք գերի կվարենք դրանց դեպի մեր երկիրը:

Մերուժանը վրա հասավ այն ժամանակ, երբ ամբողջ բանակը սոսկալի խռովության մեջ էր, և բոլոր գերիները ապստամբված, կատաղի կերպով մարտնչում էին: Բայց նա չկարողացավ մոտենալ ապստամբներին, որովհետև նրա առաջը կտրեց Մոկաց Վահրամ իշխանը, որ դեռ անշարժ սպասում էր Արաքսի թաղթաղուկների մեջ:

Հաջորդ էջ