Րաֆֆի՝   Սամվել

Բոլոր խոսակցության ժամանակ Հուսիկը, ոտքի վրա կանգնած, լսում էր: Նա ոչ Արբակի ճերմակ մորուքն ուներ և ոչ նրա փորձերը: Բայց նա ևս մի բան զգում էր, թեև բացատրել չէր կարողանում, թե ինչո՞ւ յուր տերը, հոր գալուստը լսելով, փոխանակ ուրախանալու, միշտ տխուր էր:

Այս առավոտ, կարծես, կորցրել էր նա յուր սովորական զվարթությունը և գտնվում էր մի տեսակ մելամաղձության մեջ: Սամվելը նկատեց այդ և կարեկցությամբ հարցրեց...

Ի՞նչ կա, Հուսիկ, ինչո՞ւ ես այդպես լուռ:

Պատանին զգուշությամբ նայեց յուր շուրջը և, մի քանի քայլ մոտենալով Սամվելին, հազիվ լսելի ձայնով ասաց...

Գիտե՞ս, տեր իմ, ինչ իմացա...

Ի՞նչ իմացար, — հետաքրքրությամբ հարցրեց Սամվելը:

Այն մարդը այս գիշեր դարձյալ եկել էր տիկնոջ մոտ:

Ո՞ր մարդը:

Սուրհանդակը, որ մեծ տերից նամակ էր բերել:

Քեզ ո՞վ ասաց:

— «Նա» ասաց:

Նվա՞րդը:

Այո՜, Նվարդը: Ասաց, որ գիշերից բավական անցել էր, երբ ներքինի Բագոսը բերեց նրան տիկնոջ սենյակը: Մինչև այդ ժամանակ տիկինը նստած սպասում էր: Հետո սենյակի դռները կողպեցին, առանձնացան, սկսեցին երկար ու երկար խոսել:

Ի՞նչ խոսեցին:

Նվարդը բոլորը լսել չէր կարողացել. ասում էր, որ շատ կամաց էին խոսում, միայն դռան ճեղքից տեսել էր, որ տիկինը հանձնում էր նրան զանազան նամակներ: Նա պետք է շատ տեղեր գնար, շատ երկրներից անցներ, շատ մարդկանց հետ տեսնվեր, և այն նամակները պետք է հասցներ նրանց:

Այն տեղերի կամ այն մարդկանց անունները Նվարդը չասա՞ց քեզ:

Ես հարցրի, Նվարդը չէր հիշում, ասում էր, որ անծանոթ անուններ էին, չկարողացա մտքումս պահել: Միայն այսքանը լսել է, որ տիկինը խստիվ պատվիրում էր սուրհանդակին, որ առանց մի րոպե կորցնելու, աշխատե երկու շաբաթվա ընթացքում բոլոր տեղերից անցնել և բոլոր նշանակած մարդկանց հետ տեսնվել:

Այդ մարդկանց և ո՞չ մեկի անունը չէր հիշում:

Հա՜, մոռացա, մեկի անունը հիշում էր: Նա ասաց, որ տիկինը պատվիրեց, որ սուրհանդակը գնա ամենից առաջ «արևորդիների» քրմապետ Վարազդատի մոտ:

Այդ անունը լսելով, Սամվելը իսպառ գունաթափվեցավ: Միայն այդ անունը բավական էր Սամվելին գաղափար տալու յուր մոր վտանգավոր ձեռնարկությունների մասին: Տարոնում մինչև այդ ժամանակ դեռ գոյություն ուներ հին արևապաշտությունը: Նրա հետևողներին նոր անունով կոչում էին «արևորդիք»: Նրանք ազգով հայ էին, բայց քրիստոնյա հայերի հալածանքից վախենալով, թեև առերես իրանց քրիստոնյա էին ձևացնում, բայց գաղտնի կերպով պաշտում էին հին կրոնը, և որպես նեղված ու հալածված մի հասարակություն, միշտ մի հարմար առիթի էին սպասում ապստամբվելու: Իսկ այժմ առիթը ներկայանում էր: Մամիկոնյան տիկինը, Տարոնի տիրուհին, ավետիս էր ուղարկում նրանց քրմապետին և հրավիրում էր աջակցել իրան: Եվ ովքե՞ր, եթե ոչ «արևորդիները», ցույց կտային ամեն պատրաստակամություն ընդունելու տիկնոջ հրավերը: Նրա ամուսինը, Տարոնի տերը. գալիս էր Տիզբոնից ոչնչացնելու քրիստոնեությունը և բերում էր յուր հետ պարսից արևապաշտությունը: Եվ ովքե՞ր, եթե ոչ «արևորդիները», գրկաբաց կընդունեին նրան: Իսկ «արևորդիների» թիվը Տարոնում, մանավանդ Միջագետի սահմաններում, փոքր չէր: Ուրեմն, հողը պատրաստ էր, որի վրա Սամվելի մայրը արդեն սկսել էր սերմանել ներքին երկպառակության սերմերը:

Այդ բոլորը պարզ էր Սամվելի համար:

Այդ առավոտ մոր սուրհանդակը ճանապարհ ընկավ դեպի «արևորդիների» քրմապետը: Իսկ ինքը, որսորդության պատրվակով, պատրաստվում էր ճանապարհ ընկնել դեպի Աշտիշատի վանքը` Հայաստանի Մայր եկեղեցին: Այնտեղ էին կենտրոնացած քրիստոնեության նշանավոր ուժերը: Գնում էր ազդարարելու տեղային հոգևորականությանը գալոց վտանգի մասին, գնում էր հորդորելու նրանց, որ նրանք ևս իրանց կողմից պատրաստվին հուզելու քրիստոնյա ժողովուրդը: Երկու համացեղ, համազգի հայ հասարակությունների կրոնական ներկայացուցիչները պետք է մրցեին, պետք է մաքառեին միմյանց հետ: Մեկի նախաձեռնությունը տալիս էր մայրը, մյուսինըորդին:

Ընդունարանից մի դուռ բացվում էր դեպի հանդերձատունը, որ այլ անունով կոչվում էր «պատմուճանաց տուն»: Այնտեղ պատուհաններում, մեծ և փոքր կապոցների մեջ, դրած էին Սամվելի զգեստները: Իսկ սամույրի մուշտակները և զանազան վերարկուները, հարմարացրած տարվա եղանակներին, քարշ էին տված ավելի ընդարձակ պատուհաններում և ծածկված էին վարագույրներով: Առանձին տեղ էին բռնում նրա զինվորական և որսորդական հագուստները: Բոլորը թանկագին, բոլորը զարդարած ոսկով ու արծաթով: Սամվելը մտավ այնտեղ և հագավ յուր որսորդական կարճ ու թեթև զգեստը: Այդ զգեստի մեջ նրա գեղակազմ իրանը ներկայանում էր յուր բոլոր շքեղությամբ:

Իսկ Հուսիկը այդ միջոցում զբաղված էր մի այլ սենյակում, որի դուռը բացվում էր հանդերձատան միջից: Այդ սենյակը իշխանի գանձարանն էր: Այստեղ պահվում էին նրա` թե յուր անձնական, և թե յուր ձիաների` թանկագին զարդերը: Բայց Հուսիկը ընտրեց ձիաների ասպազենքից ամենահասարակը միայն, որովհետև յուր տերը որսորդության էր գնում: Ավելի փառավորները պահված էին հանդիսավոր օրերի համար:

Երբ Սամվելը պատրաստ էր, Հուսիկը վեր առեց ասպազենքը և յուր տիրոջ ետևից գնալով, երկուսը միասին դիմեցին դեպի իշխանական ասպաստանը (ախոռատունը):

Ասպաստանը գտնվում էր ամրոցից դուրս, մի առանձին շինվածքի մեջ, որը յուր գեղեցկությամբ համարյա մի ապարանք էր, միայն նժույգների ապարանք: Այնտեղ ապրում էր և իշխանական շների բազմությունը: Այնտեղ պահվում էին և որսորդական բազեների զանազան տեսակները: Երբ իշխանը ներս մտավ ասպաստանի ընդարձակ, քառակուսի բակի մեծ դռնից, ծառաները հեռվից նկատեցին նրա գալուստը և շտապեցին ախոռապետին իմացում տալու: Իսկույն հայտնվեցավ նա և, ընդառաջ գալով մինչև մոտենալը, մի քանի տեղ կանգ առեց և հեռվից խորին կերպով գլուխ տվեց:

Բարով, Զավեն, — ողջունեց իշխանը:

Ախոռապետը կրկին լռությամբ գլուխ տվեց:

Բակում արդեն դուրս էին բերել կարմիր նժույգը, ծածկված գեղեցիկ չուլով, որի եզերքը զարդարած էին գույնզգույն, բրդեղեն ծոպերով: Մի ուժեղ ձիապան բռնած ուներ սանձից, բայց անհանգիստ, աշխուժով լի նժույգը չէր դադարում զանազան կատակներ անել յուր դարմանողի հետ. խրխնջում էր, հռհռում էր և, առջևի ոտները բարձրացնելով, ետեւի ոտների վրա ծառանալով, կարծես կամենում էր փշրել յուր սանձահարողին սմբակների սաստիկ հարվածքի տակ: Բայց նա զորավոր ձեռքով զսպում էր ամեհի անասունին: Ձիապանների խումբը, շրջապատած ուրախ դեմքերով նայում էին այդ վտանգավոր մարզության վրա: Իսկ ծերունի Արբակը երբեմն մոտենում էր և, ձեռքով փայփայելով նժույգի գեղեցիկ պարանոցը, հայրական խրատներ էր կարդում, ասելով,

Հանգի՛ստ, Եղնիկ, ինչո՞ւ խելոք չես կենում:

Սամվելը մոտեցավ և, նայելով նժույգի խաղերին, դարձավ դեպի Արբակը, ասելով.

Դու արգելեցիր ինձ այսօր ճերմակը նստել, բայց Եղնիկը նրանից շատ խելացի չէ:

Ուրախությունիցն է այդպես անում, — պատասխանեց ծերունին և հրամայեց, որ ձեռքով փոքր-ինչ ման ածեն, մինչև հանգստանա, որ հետո թամբեն:

Ասպաստանը բաժանված էր զանազան մասների. մի մասնում զետեղված էին իշխանական ջորիները, մյուս մասնում` ավանակները: Մի այլ տեղ` հասարակ ձիաները, իսկ այդ մասնում` ընտիր նժույգները: Սամվելը գնաց նժույգներին այցելելու: Ախոռապետը առաջնորդում էր նրան: Նրանք մտան երկար ասպաստանի մեջ, որի վերջը հազիվ էր երևում: Մսուրների վրա շարքով կապած էին նժույգները, մաքուր, առողջ, մինը մյուսից ավելի գեղեցիկ: Հարյուրից ավելի կլինեին նրանք: Նրանց զսպելու համար, մսուրների երկու կողմերի վրա ամրացրած երկաթյա հաստ օղակներից կապել էին յուրաքանչյուր նժույգի երասանակի երկճղի ծայրերը: Չբավականանալով այդ զգուշությամբ, ավելի չար, ավելի անհանգիստ նժույգների ետևի ոտները շղթայել էին, որ չհարվածեն միմյանց, թեև յուրաքանչյուրը բաժանված էր յուր ընկերից փայտյա ամուր վանդակապատով:

Սամվելը անցնում էր նրանց ետևից և մի առ մի զննում էր: Նրան միշտ մեծ բավականություն էր պատճառում, երբ մտնում էր այդ հարուստ ասպաստանը: Նա գիտեր բոլոր նժույգների անունները, ծագումը, տարիքը, և ծանոթ էր յուրաքանչյուրի բնավորության հետ: Ախոռապետը մի առանձին հաճությամբ պատասխանում էր յուր տիրոջ նկատողություններին, որ արտահայտում էին նրա խորին գոհունակությունը: Մի քանի նժույգների մոտեցավ նա և ձեռքով փայփայեց նրանց գլուխը: Այդ ավելի ուրախացրեց ախոռապետին, որպես ուրախանում է մի գթոտ մայր, երբ նրա աչքի առջև գովում ես նրա սիրուն, կայտառ զավակներին:

Ժամանակ է, կարծեմ, Զավեն, «խամից հանել» ձիաները, — ասաց Սամվելը: — Գուցե շուտով հարկավոր կլինեն...

Հասկանում եմ, տեր իմ, — պատասխանեց ախոռապետը և նրա մազոտ դեմքի վրա երևաց մի բարեսիրտ ժպրտ: — Մեծ իշխանը գալիս է, երևի, ընդառաջ պիտի գնաք:

Այո՜, և մեծ խումբով...

Այդ ես գիտեի, և դրա համար հենց այսօրից սկսեցինք ձիաները «խամից հանել»: Այսուհետև ամեն օր կտանեն և մի քանի ժամ կմանածեն:

Դուրս գալով ասպաստանից, Սամվելը գտավ յուր ձին թամբած, պատրաստած, նստեց և ճանապարհ ընկավ:

Ը

ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Կապարճը թիկունքին, աղեղը ուսին, երկար նիզակը ձեռին, նստած յուր սիրուն կարմիրի վրա, գնում էր Սամվելը այն ճանապարհով, որ տանում էր Ողական ամրոցից դեպի Աշտիշատի վանքը: Ուրախ նժույգը խաղում էր, ոստյուններ էր գործում, կրծոտում էր յուր սանձը, և մի քանի րոպեում նրա բերանը պատվեցավ սպիտակ փրփուրով: Բայց շուտով մեղմացավ նա, կարծես մի առանձին տխրությամբ զգալով, թե ինչո՜ւ յուր տերը չէ պատասխանում յուր զվարճություններին: Ամեն անգամ, երբ պատահում էր նրան` յուր տիրոջ հետ որսորդության գնալ, նա հազարումեկ փաղաքշանքով խրախուսում էր, քաջալերում էր նրան: Բայց այսօր ինչո՞ւ նա այնպես լուռ էր, ինչո՞ւ ոչինչ չէր խոսում: Այդ էր, որ տխրացրեց խելացի անասունին:

Նրա պչրանքից ոչինչ պակաս չէր, որ պատճառ տար վշտանալու նրան: Գլուխը զարդարած էր փոքրիկ, վարդագույն փունջերով, որ բռնված էին արծաթյա, զանգակաձև կոճակների մեջ: Պարանոցին կպած ուներ նույնպես արծաթյա փողապատը (ռաշմա), որի փոքրիկ փուլիկները, գլխի ամեն մի շարժման միջոցին, ախորժելի ձայներ էին հանում: Իսկ պարանոցի ներքին մասը զարդարած էր գույնզգույն հուլունքներով շարած մանյակով, որ վերջանում էր եռանկյունաձև թալիսմանով, որ ընկած էր ուղիղ լայն կուրծքի վրա: Այդ ապահովացնում էր նրա կյանքը չար աչքից կամ չար պատահարից: Ասպանդակները և թամբի ղաշը շինված էին զուտ արծաթից, իսկ ամբողջ թամբը պատած էր ընձու մորթով:

Երկու միագույն բարակներ, թանկագին վզկապներով, վազում էին իշխանի առջևից, իսկ ետևից գալիս էին երկու զինակիրներ, որոնց յուրաքանչյուրի ձեռքի վրա նստած էր մի մի բազե:

Զինակիրները նույնպես զարմանում էին իշխանի լռության վրա, նկատելով, որ նա խորին ինքնամոռացության մեջ քշում էր յուր ձին, առանց հետաքրքրվելու յուր շրջակայքով, առանց հետաքրքրվելու և զանազան երեներով, որ ճանապարհին հաճախ հանդիպում էին նրանց: Ճանապարհը գնում էր մի ձորի միջով, որի աջ ու ձախ կողմերի լեռները պատած էին խիտ անտառով: Արևի պայծառ ճառագայթնեըը չէին թափանցում ծառերի սաղարթախիտ ոստերի միջով, որոնք, ճանապարհի երկու կողմից մոտենալով, գրկվել էին, հյուսվել էին միմյանց հետ և կազմել էին մի կենդանի, կանաչազարդ կամար: Տեղ-տեղ լայնանում էր ձորը և նրանց առջև բացվում էին կանաչ, թավիշապատ մարգեր, սփռված գույնզգույն ծաղիկներով:

Քա՛ղցր էր թռչունների վաղորդյան աղմուկը, քա՛ղցր էր տերևների մեղմ սոսափյունը, և ավելի քաղցր մրմնջում էր լեռնային գետակը, որ շտապով վազում էր թփապատ ափերի միջով: Ամեն ինչ ազդում էր բերկրություն, ամեն ինչ շնչում էր կյանք և ուրախություն, միայն Սամվելի սիրտը ալեկոծվում էր խորին դառնությամբ: Քանի որ մտաբերում էր նա գալոց աղետները, չարիքը յուր բոլոր ընդարձակությամբ մեծանում էր նրա աչքում: «Ո՜վ գիտե, — մտածում էր նա, — գուցե շուտով կհասնի այն օրը, որ այդ գեղեցիկ անտառների խաղաղությունը կվրդովվի անհնարին խռովությամբ, մահվան հոտ կբուրե այդ սիրուն ծաղիկների անուշհոտության փոխարեն, և հարազատը հարազատի արյունով կներկե այդ կանաչազարդ հովիտները... »:

Կարծես երեներն ևս հասկանում էին, որ Սամվելը այսօր իրանց հետ գործ չպիտի ունենա, և ազատ, համարձակ անցնում էին նրա աչքերի առջևից: Ահա՜ խորամանկ վիթը կայծակի արագությամբ դուրս պրծավ գետեզերքի թուփերի միջից, կտրեց ճանապարհը և, մտնելով ծառերի մեջ, ցատկեց մամռապատ ապառաժի գլխին և այնտեղից հեգնական հայացքով սկսեց նայել իշխանի վրա: Բարակները նկատեցին նրա հանդգնությունը և հարցական դեմքով դարձան դեպի իրանց տերը: Երբ ոչինչ հրահանգ չստացան, վշտացած կերպով շարունակեցին իրանց թեթև գնացքը: Ահա՜ կաքավների աղմկալի երամը սրաթռիչ թևքերով խռովեց տիրող լռությունը: Մույգ-կապտագույն փոթորկի նման, շատ մոտից անցավ նաև մի ակնթարթում անհետացավ մերձակա ժայռերի մեջ: Բազեները, որ մինչև այդ րոպեն խաղաղ թառած էին զինակիրների ձեռքի վրա, տեսնելով այդ կարմրակտուց և կարմրոտիկ թռչունների համարձակությունը, իրանց լայն, սրածայր թևքերը թափահարեցին և, խիստ զայրագին թռիչք գործելով, կամենում էին իսկույն հետամուտ լինել: Բայց նրանց ոտքերից կապած մետաքսյա նարոտը թույլ չտվեց հարձակում գործել:

Արևը բավական բարձրացել էր. անտառի մեջ տիրում էր ախորժելի ջերմություն: Նախորդ օրվա հորդ անձրևից ծառերը լվացվել էին, մաքրվել էին և սքանչելի պչրանքով` փայլում էին իրանց կոկիկ տերևներով: Խոտերը ավելի կենդանի գույն էին ստացել, իսկ կանաչ մամուռը ավելի աճել էր և, փափուկ գորգի նման, ծածկում էր ծառերի, ժայռերի մերկությունը:

Անձրևը այդ անտառներում սաստիկ բարկացնում էր շինական կանանց: Նա լվանում էր տերևներից շաքարը, որ բնությունը դնում էր նրանց վրա: Նա ոչնչացնում էր երկնքի աստվածապարգև մանանան: Բայց այս անգամ նրանք վաղօրոք հավաքած ունեին իրանց պաշարը: Ահա այստեղ և այնտեղ ծառերի միջից երևում են փոքրիկ, ժամանակավոր տաղավարներ, հյուսած թարմ ոստերից: Նրանց մոտ մուխ է բարձրանում և դանդաղ, համրընթաց ամպիկներով տարածվում է օդի մեջ: Գեղջկուհի կարմրաշապիկ աղջիկները, կարմրաքող հարսիկները, նախշուն թիթեռների նման, ժիր կերպով պտտվում են կրակի շուրջը: Կրակի վրա եփ է գալիս մի մեծ կաթսա: Նրա մեջ լցնում են շաքարապատ տերևները, շաքարը լուծվում է ջրի մեջ, հետո տերևները դուրս են ածում, իսկ մնացած ջուրը եփ տալով` թանձրացնում են, և այդպես պատրաստում են բուսական մեղր կամ ռուփ: Բայց ավելի քնքուշ տերևները, որոնց վրա շաքարն ավելի հաստ խավ է կապել, ընտրում են, և այնպես դարսում են միմյանց վրա, հուպ են տալիս, պատրաստելով այն անուշահամ և անուշահոտ քաղցրավենիքը, որ կոչվում է գազպեն: Այդ առատությունները շինականներին խիստ բարերար կերակուր են մատակարարում, մանավանդ ձմեռային պահոց օրերում:

Սամվելն անցավ այդ տաղավարներից մեկի մոտով: Նկատելով իշխանին, մոտ վազեց մի մանկահասակ աղջիկ: Եթե այդ անտառների անմահ պարիկները նրա նման կարմիր շապիկ հագնեին, եթե նրա նման ծիածանի գույներով գոտի կապեին, և եթե իրանց գլխի երկար հյուսերը նրա նման պսակաձև կապեին ճակատի վրա, դարձյալ չէին կարող այնքան սիրուն և այնքան գրավիչ լինել, որպես այդ անմեղ գեղջկուհին: Տեսնելով նրան, Սամվելը ձիու գլուխը պահեց: Աղջիկը ամոթխած դեմքով մոտեցավ և ձեռքը մեկնելով, ասաց.

Թող իմ տերը քաղցրացնե յուր բերանը:

Սամվելը ընդունեց գեղջկուհու ձեռքից գազպեի պլիթը, որ բոլորակ կարկանդակի ձև ուներ, և ճաշակեց հարցնելով.

Այդ քո՞ պատրաստածն է:

Պատասխանի փոխարեն մանուկ աղջկա դեմքի վրա փայլեց մի քաղցր ժպիտ:

Սամվելը ընծայեց նրան մի քանի արծաթյա դրամներ, ասելով.

Որովհետև դու այդպիսի շնորհալի աղջիկ ես և այդպես լավ գազպե ես պատրաստում, ահա՜ քեզ:

Աղջիկը դժվարությամբ ընդունեց նվերը և, գլուխ տալով, վազեց յուր ընկերուհիների մոտ:

Տեղային սովորության համեմատ, այդ հյուրասիրությունը նրանք ցույց էին տալիս ամեն մի ճանապարհորդի, որոնց պատահում էր անցնել նրանց տաղավարի մոտով:

Սամվելը բաժանեց ստացած նվերը յուր զինակիրներին:

Որքան արևը բարձրանում էր, այնքան ճանապարհի անցուդարձը ավելի կենդանություն էր ստանում, այնքան հաճախ պատահում էին քաղաքացիք, շինականներ, որոնք գնում էին դեպի զանազան կողմեր: Քաղաքացիք նստած էին ձիաների կամ ջորիների վրա, իսկ գյուղացիք գնում էին ոտով: Ոտով գնացողները, հենց որ տեսնում էին իշխանին, քաշվում էին ճանապարհի մի եզրում, կանգնում էին և, երբ նա մոտենում էր, խոնարհությամբ գլուխ էին տալիս, և այնքան սպասում էին, մինչև անցնում էր: Սամվելը բոլորի համար խոսք ուներ, բոլորին ողջունում էր և բոլորի առողջությունը հարցնում էր: Իսկ ձիաների կամ ջորիների վրա նստածները ցած էին իջնում երիվարներից, նույնպես դուրս էին գալիս ճանապարհից և խոնարհ դեմքով կանգնում էին իրանց գրաստների կողքին, երբ նա մոտենում էր, գլուխ էին տալիս: Այդ սովորությունը սաստիկ ատում էր Սամվելը, և այդ էր պատճառը, որ նա հեռվից ձեռքով նշան էր տալիս, որ չանհանգստացնեն իրանց: Բայց նրանք չէին դադարում արժանավոր հարգանքը մատուցանել իրանց երիտասարդ իշխանին:

Սամվելը շատ սիրված էր ժողովրդից: Նրա քաղցր ու մեղմ բնավորությունը, նրա անսահման գութն ու բարությունը` թե դեպի շինականը և թե դեպի քաղաքացին` նրա անձը պաշտելի էին կացուցել: Նա չուներ ուրիշ նախարարական տների մեծամիտ երիտասարդների ոչ անգթությունը, և ոչ արհամարհանքը, որոնց աչքում իրանց ազնվարյուն նժույգը, շունը, բազեն ավելի արժանավորություն ունեին, քան թե ռամիկը: Այդ էր պատճառը, որ շինականների մեջ մի տեսակ օտարոտի կարծիք էր կազմվել Սամվելի մասին. «Կարծես իշխան չլինի: — ասում էին նրանք, — ոչ ծեծում է և ոչ հայհոյում է»:

Դուրս գալով ձորից, ճանապարհը թեքվեցավ դեպի լեռնային զառիվայրը, և այստեղից բացվեցավ Սամվելի առջև Մուշի լայնածավալ դաշտը: Ներքևում, մթին, նվիրական ծառաստանի միջից, հազիվ երևում էին Աշտիշատի վանքի բարձր գմբեթները, իսկ վանքի մոտ տարածվում էր համանուն ավանը, որ ավելի մի փոքրիկ քաղաքի տպավորություն էր գործում: Այդ ավանը Մամիկոնյանների սեփականությունն էր:

Մի մարդ, երկար գերանդին ուսին դրած, դանդաղ քայլերով առջևից գնում էր դեպի ավանը: Նա եղանակում էր մի երգ, որի բառերը կլանվում էին զգացմունքի և ուրախ հնչյունների խորին հոսանքի մեջ: Նա այն աստիճան գրավված էր յուր երգով, որ բնավ չէր լսում յուր ետևից տրոփող սմբակների ձայնը, մինչև Սամվելը կոչեց նրան.

Մալխա՜ս ...

Գյուղացին ետ նայեց և, տեսնելով իշխանին, ուրախ դեմքով մոտեցավ, մտերմաբար բռնեց նժույգի սանձից և կանգնեց նրա մոտ: Նրա այրական դեմքը, ամուր ազմվածքը արտահայտում էին մի անվաստակելի բնավորություն:

Դու ինձ պետք ես, Մալխաս, — ասաց Սամվելը:

Քո ծառան ահա յուր տիրոջ սպասումն է, — պատասխանեց գյուղացին:

Այժմ ոչ, էգուց երեկոյան կգաս ամրոցը, ուղիղ ինձ մոտ:

Գյուղացին ի նշան յուր խոնարհության, գլուխը շարժեց:

Սամվելը անցավ: Գյուղացին դարձյալ շարունակեց յուր երգը:

Որսորդության պատրվակով դուրս գալով ամրոցից, այսօր թեև Սամվելը ոչինչ չորսաց, բայց նա պատահմամբ որսաց մի մարդ, որ իրան հարկավոր էր:

Թ

ԱՇՏԻՇԱՏԻ ՎԱՆՔԸ

Տարո՛ն, սրբավայր կրոնի և աստվածապաշտության: Տարո՛ն, բնագավառ հայոց աստվածների և աստվածուհիների: Ահա՜ կրկին երևաց վեհափառ Արածանինհայոց սրբազան Գանգեսը: Յոթանասուն տարի առաջ այդ գետի ափերի մոտ դեռ ազատ, համարձակ արածում էին սպիտակ արջառները, որ նվիրված էին Անահտա տաճարին: Յոթանասուն տարի առաջ այդ գետի ափերի մոտ դեռ զբոսնում էին հայոց դիցուհու եղջերուները, որոնց պարանոցները զարդարած էին ոսկյա օղամանյակներով: Այդ գետի ափերի մոտ մի ժամանակ տեսավ նրանց Լուկուլլոս հռովմայեցին և սքանչացավ:

Սամվելի աչքի առջևն էր այդ գետը: Սամվելն անցնում էր Քարքեի վրայով: Դեռ վաղեմի դիցանվեր անտառները հովանավորում էին այդ լեռան գեղեցիկ բարձրավանդակները: Եվ Սամվելի տխուր հիշողությունները թռչում էին դեպի անցյալը, դեպի ոչ այնքան հեռավոր անցյալը: Այդ անտառների մթության մեջ, այդ սքանչելի բարձրավանդակների վրա, կանգնած էին հայոց Հաշտից տաճարները: Այնտեղ Հայաստանը հաշտության զոհեր էր մատուցանում յուր աստվածներին: Կարծես, Սամվելը հենց այդ րոպեում տեսնում էր «Վիշապաքաղ» Վահագնի տաճարըքաջության աստծո տաճարը, որ լցված էր հայոց թագավորների գանձերով: Նրա մոտ բարձրանում էր «Վահագնի սենյակը», որի մեջ կանգնած էր հայոց անպարտելի դյուցազնի գեղեցկուհին — «ոսկեձույլ» Աստղիկը: Տեսնում էր և «ոսկեմայր-ոսկեծին» Անահտի տաճարը, որի մայրական խնամակալության ներքո Հայաստանը մի ժամանակ վայելում էր փառք և կենդանություն:

Այդ երեք մեծագանձ տաճարների խումբը ներկայացնում էր հայոց «Հաշտից տեղերը»:

Այնտեղ, հայոց տարեմուտին, Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր ընդհանրական աշխարհախումբ տոնակատարությունը: Հայտնվում էր հայոց արքան, հայտնվում էր հայոց մեծ քրմապետը, հայտնվում էին և հայոց նախարարները: Արքան յուր ձեռքով բաց էր անում զոհաբերության մեծ հանդեսը, հարյուր սպիտակ ցուլ, ոսկեզօծ եղջյուրներով, զոհ մատուցանելով յուր աստվածներին: Նրա օրինակին հետևում էին բոլոր մեծամեծները:

Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք: Հայաստանը այդ տոնախմբության ժամանակ պետք է ցույց տար յուր աստվածներին յուր անցյալ տարվա հառաջադիմության պտուղները: Վահագնը քաջություն էր պահանջում, Անահիտը` արհեստ, իսկ Աստղիկը` սեր և բանաստեղծություն:

Կատարվում էին հանճարի և քաջության մրցություններ: Բանաստեղծը յուր հորինած երգն էր երգում, երաժիշտը ածում էր յուր բամբիռի վրա, ըմբիշը յուր բազուկների ուժն էր ցույց տալիս, իսկ վարպետը` յուր գեղարվեստի արդյունքը: Լինում էին զինախաղեր, լինում էին մենամարտություններ, քաջը քաջի հետ և մարդը` կատաղի ցուլի կամ գազանի հետ: Լինում էին արշավանքներ` ձիաներով, կառքերով, կամ ոտով` արագավազ եղջերուների հետ: Հաղթողը ստանում էր այն վարդյա պսակներից մեկը, որոնցով զարդարված էր լինում Աստղկա վարդերով վառված տաճարը: Այդ պատճառով այդ տոնախմբությունը կոչվում էր Վարդավառի տոնախմբություն:

Նոր տարին բերում էր յուրր հետ և նոր կյանք: Հին տարին անցնում էր: Պետք էր քավել հին մեղքերը և նորոգված մաքրությամբ մտնել նոր կյանքի մեջ: Կատարվում էր ընդհանրական մկրտությանը: Մեծ քրմապետը առնում էր Արածանիի ալիքներից սուրբ ջուրը և ոսկյա ցնցուղով սրսկում էր բազմության վրա: Նրա օրինակին հետևում էին բոլոր ուխտավորները, ամենքը միմյանց վրա ջուր էին սրսկում: Այդ միջոցին օդը լցվում էր միլիոնավոր սպիտակ աղավնիների բազմությամբ: Յուրաքանչյուր ուխտավոր մի-մի աղավնի էր թռցնում: Եվ սիրո աստվածուհու (Աստղկա) նվիրական թռչունները, մաքուր, անբիծ, որպես սիրո անարատ ոգիներ, սավառնում էին, սլանում էին, ճախր էին առնում նրա սպիտակ մարմարիոնյա տաճարի շուրջը:

Զո՛հ, ջո՛ւր և աղավնի՛. որքան մեծ խորհուրդ կա ձեր մեջ: — Հաշտության, քավության և սիրո սուրբ խորհուրդը:

Ամեն տարեմուտի սկզբում, Նավասարդ ամսում, Վարդավառի տոնախմբության ժամանակ, Հայաստանը այդ հաշտությունը կատարում էր յուր «Հաշտից տեղերում», Քարքեի բարձրությունների վրա, յուր աշխարհախումբ զոհաբերության արյունով: Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր այդ քավությունը, մկրտվելով Արածանիի սուրբ ջրով: Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր և սիրո այդ սուրբ խորհուրդը, Աստղկա տաճարին աղավնիներ ձոնելով:

Բայց այդ ավանդությունը շատ հին էր, և ավելի հին, քան թե ժամանակների սկիզբը:

Երբ աստված մաքրեց մեղավոր երկիրը ջրհեղեղով, — այդ համաշխարհական մկրտությունից հետո հայոց Նոյ նահապետը առաջինը եղավ, որ Նավասարդի սկզբում Արարատ լեռան գագաթից թռցրեց աստվածային սիրո ավետաբեր աղավնին: Հետո, դուրս գալով տապանից, նույն լեռան ստորոտում մատույց հաշտության առաջին զոհը: Ծերունի նահապետի ավանդապահ որդին, Սեմը, Արարատից գալով Տարոն և բնակվելով Սիմ լեռան ստորոտում նվիրագործեց խորհրդավոր ավանդությունը:

Անցան դարեր, անթվելի շատ դարեր, այդ ավանդությունը կատարվում էր հայոց աշխարհում, մինչև նույն աղավնին հայտնվեցավ Հորդանանի ջրերի վրա:

Նույն ավանդությունը սրբագործեց հեթանոս Հայաստանը Վարդավառի տոնախմբությամբ: Նույն ավանդությունը սրբագործեց և քրիստոնյա Հայաստանը դարձյալ Վարդավառի տոնախմբությամբ:

Այդ բոլորը գիտեր Սամվելը, այդ բոլորն անցնում էր նրա մտքից, որպես ազգային անմոռանալի հիշողություն:

Այն օրից, երբ Սամվելը գնում էր Աշտիշատի վանքը, յոթանասուն տարի առաջ, երկու սպիտակ ջորիներ Տարոնի միջով տանում էին մի ծածկված կառք: Հայոց երկրի վեց նշանավոր իշխաններ, ձիաների վրա նստած, շրջապատել էին այդ կառքը: Դրանք էին` Հաշտենից իշխանը, Արծրունյաց իշխանը, Անձևացյաց իշխանը, Անգեղ տան իշխանը, Սյունյաց իշխանը և Մոգաց իշխանը: Կառքի ճակատին, որպես սրբազան դրոշակ, փայլում էր մի արծաթյա խաչ: Նրա առջևից գնում էր Հայաստանի Լուսավորիչը, երեսը սև և անթափանցիկ քողով ծածկած: Իսկ ետևից գալիս էին վեց իշխանների զորքերը` թվով 5080 հոգի: Այդ քրիստոնեական հոգևոր զինվորությունը` խորին սրբազան ոգևորությամբ անցնում էր Տարոնի միջով, և որտեղից անցնում էր, թողնում էր հեթանոս շրջակայքի վրա ահ և սարսափ: Կառքը տանում էր յուր մեջ այն սրբությունները, որ Լուսավորիչը բերել էր յուր հետ Կեսարիայից:

Դեռ առավոտը նոր էր լուսանում, երբ կառքը անցավ Արածանին և մոտեցավ Քարքեի բարձրություններին: Այստեղ երկու սպիտակ ջորիները կանգ առին և այլևս առաջ չգնացին:

Բայց կառքի մերձենալը ահեղ սոսկումով ազդեց լեռների վրա և դիցանվեր անտառի խաղաղությունը վրդովվեցավ: Հայոց տոհմային աստվածները զազրացան և կատաղած քուրմերը խումբերով դուրս վազեցին տաճարներից: Մի քանի ժամվա մեջ Արձան քրմապետի, նրա որդի Դեմետրեի և Մեսակես քրմապետի դրոշի տակ հավաքվեցան 6946 հոգի, որոնք բոլորը քուրմեր և մեհյանների պաշտոնյաներ էին: Սկսվեցավ արյունահեղ կռիվըքրիստոնեության և հեթանոսության կռիվը:

Սրբազան անտառի խորքերից, որպես մի հսկայական մրջնանոցի միջից, դուրս խուժեց թաքնված զորությունը և բռնեց լեռների բոլոր անցքերը ու բոլոր բարձր դիրքերը: Արձան քրմապետը զինված էր, զինված էր և նրա որդին: Հայր և որդի դա՜ռն և նախատական խոսքերով մենամարտության էին հրավիրում հայոց իշխաններին, որ կռվում էին հայրենի աստվածների դեմ: Շուտով քուրմերն այնպիսի նեղ դրության մեջ դրեցին հայոց իշխաններին, որ Մոգաց իշխանը ստիպված եղավ Լուսավորչին փախցնել Մամիկոնյանների Ողական ամրոցը, որ թշնամու ձեռքը չընկնի: Փախչելու միջոցին Լուսավորիչը յուր Կեսարիայից բերած սրբությունները թաքցրեց անտառի մեջ, մի անհայտ տեղում:

Կռիվը տևեց մի քանի օր և մի քանի շաբաթ, մինչև հայոց իշխանները նոր զորություն ստացան: Հաղթությունը մնաց քրիստոնեության կողմը: Արձան քրմապետը, նրա որդի Դեմետրեն և Մեսակես քրմապետը ընկան պատերազմի դաշտում, սուրը ձեռքում, հերոսի պես: Ընկան քուրմերից և 1038 քաջեր: Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան... Հայոց արհեստի և ճարտարության գեղեցիկ գործը ոչնչացավ... Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ:

Ոսկին, արծաթը, մարմարիոնը հեշտ էր կործանել, բայց այն զգացմունքը, որ միացած էր ժողովրդի սրտի և հոգու հետ, այն հավատը, որ նա ուներ դեպի յուր հայրենական աստվածներըդրանք դեռ մնում էին և մնացին շատ դարեր այդ կործանումից հետո: Սուրը և հուրը չկարողացան ոչնչացնել նրանց: Կրոնը փոխվեցավ, բայց ժողովրդի վաղեմի սովորությունները մնացին:

Դրանք այն տաճարներն էին, որտեղ Նավասարդի սկզբում կատարվում էր Վարդավառի աշխարհախումբ տոնախմբությունը: Այդ տոնախմբությունը հեթանոսական դարերում կատարվում էր տարվա մեջ յոթն անգամ, և ամեն անգամին թե թագավորը, և թե մեծ քրմապետը ներկա էին գտնվում:

Լուսավորիչը նույն տաճարների տեղում հիմնեց առաջին սրբության սեղանը և Հայաստանի առաջին Մայր եկեղեցին, որ, պահպանելով յուր հին անունը, կոչվում էր Աշտիշատի վանք: Վարդավառի տոնախմբությունը փոխեց Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնախմբությունով: Բայց «Վարդավառի» նախնական սովորությունները մնացին: Դարձյալ տարին յոթն անգամ հայտնվում էր այնտեղ հայոց քրիստոնյա թագավորը յուր նախարարների և հայոց մեծ քահանայապետի հետ և բաց էին անում Աշտիշատի վանքի աշխարհախումբ տոնախմբության հանդեսը: Դարձյալ զոհեր էին մատուցանում, աղավնիներ էին թռցնում և ջուր էին սրսկում միմյանց վրա: Դարձյալ կատարվում էին նույն խաղերը, նույն մրցությունները և նույն պարգևաբաշխությունները, որ լինում էին հեթանոսական դարերում: Դարձյալ նույն վարդերը, որ մի ժամանակ զարդարում էին Աստղկա տաճարը, հետո նույնպես զարդարում էին Աշտիշատի վանքի սուրբ սեղանը: Եվ այդ տոնը դարձյալ կատարվում էր նավասարդ ամսի սկզբում և կոչվում էր Վարդավառի տոնախմբություն:

Այդ բոլորը գիտեր Սամվելը, այդ բոլոր հանդեսներին մասնակցել էր նա: Ոչ սակավ անգամ` խաղերի կամ մրցությունների ժամանակ` ստացել էր նա առաջին մրցանակը: Ոչ սակավ անգամ հայոց թագավորը համբուրել էր նրա ճակատը, կատարած քաջությունը տեսնելով:

Իսկ այժմ ներկայանում էր մի նոր կրոնական պատերազմ: Արդյոք ինչպե ս կմասնակցեր այդ պատերազմին ժողովուրդը, այն, ժողովուրդը, որ տակավին մնացել էր յուր հին, ավանդական նախապաշարմունքների մեջ: Այդ միտքը սարսափեցնում էր Սամվելին, երբ նա ցած իջավ ձիուց և ոտք դրեց Աշտիշատի վանքի սյամի վրա:

Ժ

ԵՐԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒԺԵՐ

Աշտիշատի վանքի խուցերից մեկում, գիշերային այն պահուն, երբ բոլոր միաբանները քնած էին, ընդարձակ թախտի վրա նստել էին երեք երիտասարդներ: Պղնձյա աշտանակի վրա վառվում էր ձիթային ճրագը և յուր գունաթափ լուսով լուսավորում էր այդ երեք բազմահոգ դեմքերը: Երեքն էլ լուռ էին, յուրաքանչյուրը խորասուզված էր յուր մեջ: Երեքի դեմքերից ևս երևում էր, որ այդ լռությունը մի տեսակ զինադուլ էր, որ փոքր-ինչ շունչ առնեն, հանգստանան, որպեսզի նորից շարունակեն ընդհատված վիճաբանությունը:

Երիտասարդներից մեկը` հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ դեմքով մի տղամարդ էր, որի կերպարանքի մեջ մեծությունը այն աստիճան սերտ ներդաշնակություն էր կազմում վայելչության հետ, որ ներկայացնում էր գեղեցկությունը յուր վսեմ, այրական ձևի մեջ: Երկրորդը, ընդհակառակն, ավելի կարճահասակ կարելի էր համարել, քան թե միջահասակ, և ավելի նրբակազմ, քան թե հաղթանդամ: Իսկ այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը, կարծես, սխալմամբ դրել էր մի շնորհալի գլուխ, որին մի հարուստ, հոյակապ մարմին ավելի պատշաճ կլիներ: Կրակոտ աչքերի մեջ նշմարվում էր եռանդ և դյուրաբորբոք բնավորություն:

Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը` Մեսրոպ Մաշտոցը: Իսկ երրորդը` Սամվելը:

Սահակ Պարթևը Հայաստանի հզոր քահանայապետի` Ներսես Մեծի որդին էր: Մանկության հասակում, վերջացնելով յուր ուսումը Կեսարիայում և ,,ծանոթանալով հույն և ասորի լեզուների հետ, հետո գնաց Կ. Պոլիս, այնտեղ ավելի կատարելագործվեցավ հելլենական կրթության մեջ, սովորելով փիլիսոփայություն, երաժշտություն, և ծանոթանալով հույն բանաստեղծների հետ Կ. Պոլսում ամուսնացավ նա: Վերադառնալով յուր հայրենիքը, որպես երիտասարդական հասակում նրա հայրը, այնպես էլ և ինքը զանազան զինվորական պաշտոններ էր վարում, բնավ չմտածելով, թե մի օր հայոց հայրապետական աթոռի ժառանգորդը պետք է լինի: Սկսյալ այն օրից, երբ հայոց հայրապետական տունը սկսեց խնամություն անել արքունիքի և մեծ նախարարությանց տների հետ, նա յուր որդիների հոգևոր կրթության հետ միացրեց և զինվորական կրթությունը: Եվ այդ անհրաժեշտ էր, որովհետև Հայաստանի քահանայապետը ներկայացնում էր` միևնույն ժամանակ և Հայաստանի ամենաբարձր պետական անձը: Նա տիրոջ սուրբ սեղանի վրա պատարագ էր մատուցանում, բայց հարկը պահանջած ժամանակ առաջնորդում էր զորքին դեպի պատերազմ: Նա եկեղեցու բեմից քարոզում էր յուր ժողովրդին աստուծո խոսքը, բայց հարկը պահանջած ժամանակ` թագավորների հետ բանակցություններ էր անում յուր հայրենիքի գործերի վերաբերությամբ:

Հաջորդ էջ