Րաֆֆի՝   Սամվել

Սահակ Պարթևը գործով եկած էր Աշտիշատի վանքը և այնտեղ պատահմամբ տեսավ Սամվելին: Սամվելը գիտեր, որ նա անցնելու է Տարոնով, բայց չէր սպասում, որ այսօր կհանդիպեր նրան Աշտիշատի վանքում: Երկու ամիս առաջ, Մեսրոպի հետ, նա դուրս էր եկել այցելություններ անելու յուր հայրենական կալվածներին, որոնք սկսյալ Արարատից, զանազան գավառներում, տարածվում էին մինչև Տարոն: Հայրապետական հարուստ տունը ուներ այնքան շատ կալվածներ, գյուղեր և ավաններ, որքան չուներ մի մեծ նախարար:

Մեսրոպը բնիկ տարոնեցի (մշեցի) էր` Հացիկ կոչված ավանից, Վարդան անունով մի ազնվականի որդի: Նրա հայրենական ավանը կես օրվա ճանապարհով միայն հեռու էր Աշտիշատի վանքից: Այդ աշխույժ, եռանդով լի երիտասարդը, սկսյալ մանկությունից, նվիրել էր իրան ուսման և գիտության. սովորեց հունաց, ասորաց, պարսից լեզուները և այն բոլոր գիտությունները, որ հայտնի էին յուր ժամանակում: Որպես ազնվական, նա վարժված էր և զինվորական կրթության մեջ: Վաղարշապատի արքունիքում նա զանազան պաշտոններ էր կատարել, մի ժամանակ որպես զինվորական, մի ժամանակ որպես դիվանագիր: Իսկ հետո թողեց արքունիքը և Ներսես Մեծի հայրապետանոցում նոտարի պաշտոն էր կատարում:

Նրանք նստած էին այն սենյակում, որի կից սենյակը մի շատ տխուր հիշատակով կապված էր Սահակի տոհմային պատմության հետ...

Սահակը հագնված էր այնպես շքեղ, այնպես թանկագին զարդարանքներով, որպես հագնվում է մի մեծ արքայազն իշխան: Նա նստած էր ծալապատիկ և ոսկյա քամարից քարշ ընկած ոսկեպատյան սուրը դրած ուներ ծնկների վրա: Նրա մոտ նստած էր Սամվելը, իսկ նրանց հանդեպ` Մեսրոպը:

Սամվելն արդեն հայտնել էր նրանց Տիզբոնից ստացված աղետալի տեղեկությունները, հայտնել էր յուր հոր ու Մերուժանի չար դիտավորությունները, — և այդ էր նրանց վիճաբանության առարկան, թե ի՞նչ միջոցներով կարելի էր մոտալուտ վտանգների առաջն առնել: Հայրենիքի վերահաս դժբախտությունը այն աստիճան հուզել էր այդ երեք երիտասարդ սրտերը, որ նրանք մինչև անգամ մոռացել էին ամեն չափ, ամեն պատշաճ, որ վերաբերում էր միմյանց անձնավորությանը:

Վտանգը ավելի մեծ է, քան թե երբեք եղել է, — ընդհատեց Մեսրոպը տիրող լռությունը: — Մենք ճաշակում ենք մեր հին սխալների դառն պտուղները...

Ի՞նչ սխալներ, — հարցրեց Սահակը:

Այն մեծ սխալները, որ գործեցին քո մեծ պապերը, Սահա՜կ...

Վերջին խոսքը այնպիսի մաղձոտ ձաչնով արտասանեց փոքրիկ երիտասարդը, որ նետի նման ցցվեցավ մեծափառ Պարթևի սրտում: Նրա մեջ եփ եկավ քահանայապետական և արքայական արյունը, և խոշոր աչքերի մեջ վառվեցավ բարկության կրակը: Նա մի անսովոր շարժում գործեց: Այդ միջոցին փոքրիկ երիտասարդը ձեռքը տարավ դեպի արծաթյա քամարը, որից քարշ էր ընկած մի կարճ սուսեր:

Սահակը զսպեց յուր վրդովմունքը և զայրացած կերպով հարցրեց (նրա ձայըր խոսելու միջոցին որոտում էր).

Դու՜ այդ իմ պապերի սխա՞լն ես համարում, Մեսրոպ, որ նրանք բարբարոս Հայաստանը հեթանոսական տղմից հանեցին և քրիստոնեական լույսի մեջ դրեցին:

Ես այդ քո պապերի սխալը չեմ համարում, — պատասխանեց Մեսրոպը մի այնպիսի մեղմությամբ, որ ավելի վիրավորական էր: — Բայց ասա՜ ինձ, Սահակ, ի՞նչ էր այդ լույսը առաջ, և ի՞նչ է նա այժմ: Արդյոք նա դուրս եկա՞վ վանքերի շրջապարիսպներից, արդյոք նա մտա՞վ շինականի մռայլ խրճիթը: Եվ չէր էլ կարող մտնել: Ի՞նչ միջոցով կարող էր մտնել: Այն օրից, որ այդ բոլորը բերեցին Հայաստան, անցել է համարյա մի դար: Բայց մինչև այսօր մեր եկեղեցիներում սուրբ գիրքը կարդում են հունաց և ասորաց լեզուներով, մինչև այսօր մեր եկեղեցիներում աղոթում են օտար լեզուներով: Ո՞ր գյուղացին, ո՞ր քաղաքացին, ո՞ր հայը հասկանում է այդ լեզուները: Եվ այդ դրության մեջ` ի՞նչ լույս, ի՞նչ բարոյական կամ հոգևոր ուղղություն կարող էր տալ եկեղեցին ժողովրդին, երբ նա տեսնում է միայն, ծեսեր և լսում է իրան անհասկանալի ձայներ:

Դու կարծում ես, որ ժողովուրդը սակա՞վ օգտվեցավ դրանից, Մեսրոպ:

Օգտվեցանք մենք, և ոչ թե ժողովուրդը: — Դու, ես և այդ նազելի երիտասարդը, որ լուռ նստած է այստեղ, — նա ձեռքը տարավ դեպի Սամվելը, — մենք ամենքս հունական կամ ասորական կրթության արդյունք ենք, այո՜, փչացնո՛ղ և ամեն ազգային զգացմունք սպանո՛ղ բյուզանդականության արդյունք: Բայց ի՞նչ է խեղճ ժողովուրդը: Նա հինը կորցրեց և նորի`մեջ ոչինչ չգտավ...

Շա՜տ բան գտավ, Մեսրոպ:

Ոչինչ չգտավ, Սահակ: Դու մոռացե՞լ ես, երբ քո սուրբ Վրթանես պապը` հենց այդ Աշտիշատի վանքի տաճարի մեջ հունաց լեզվով պատարագ էր մատուցանում, հանկարծ երկու հազար հոգի պաշարեցին վանքը, կամենում էին քարկոծ առնել նրան: Տաճարի ամրությունը հազիվ կարողացավ ազատել նրան կատաղի խուժանի բարկությունից: Դու մոռացե՞լ ես, Սահակ, երբ քո Պապ և Աթանագինես հայրերը` դարձյալ այդ Աշտիշատի վանքում` նստած էին խրախության սեղանի շուրջը, հանկարծ մեկը` հրեշտակի նման` սուրը ձեռին ներս նետվեցավ և երկուսին ևս խողխողեց նստած տեղում: Ամիսներով նրանց դիակները մնացին այնտեղ անթաղ, և ոչ ոք խուժանի երկյուղից չէր համարձակվում մոտենալ: Ահա այդ սենյակում կատարվեցավ հայտնի եղեռնագործությունը...

Նա ձեռքը տարավ դեպի կից դահլիճը, որ վանքի եպիսկոպոսարանն էր, և շարունակեց.

Այդ դժբախտ դեպքից անցել է ընդամենը մոտ երեսուն տարի: Ի՞նչ է փոխվել: ժողովուրդը դեռ նույն բարբարոսն է մնացել:

Երեսուն տարվա մեջ չէր կարելի խլել ժողովրդից այն, ինչ որ կազմվել էր նրա մեջ շատ դարերի ընթացքում, Մեսրոպ:

Այդ ես գիտեմ, Սահակ: Բայց դա դարձյալ չէ հերքում այն միտքը, որ մեր ժողովրդի կրթության գործը բոլորովին սխալ, և թույլ եմ տալիս ինձ ասել, բոլորովին վնասակար հիմքերի վրա դրվեցավ...

Նկատելով, որ վիճաբանությունը հետզհետե ավելի սուր կերպարանք է ստանում, Սամվելը մեջ մտավ, ասելով.

Ի՞նչ օգուտ այդ հակաճառություններից, Մեսրոպ: Ինչ որ եղել է, ինչ որ կատարվել է, մենք այդ բոլորը պետք է անցած համարենք և մտածենք գործերի այժմյան դրության վրա, թե ի՞նչ միջոցով կարող ենք հեռացնել վերահաս վտանգը:

Փոքրիկ երիտասարդի գունաթափ դեմքի վրա երևաց մի դառն ժպիտ: Նա նայում էր Սամվելի վրա, որպես մի պարզամիտ երեխայի վրա:

Դու շտապում ես, սիրելի Սամվել, — ասաց նա փաղաքշական ձայնով: – Չէ՞ որ գործերի այժմյան հիվանդոտ դրությունը բխում է մեր հին մեղքերից: Առանց քննելու այդ մեղքերը, մենք չենք կարող դարման տանել ներկա չարիքներին, որ մեր հայրենիքին մահ է սպառնում... Ես համոզված եմ, որ քո հայրը հիմար մարդ չէ: Ես համոզված եմ, որ քո քեռի Մերուժան Արծրունուն նույնպես չի կարելի խենթերի կարգը դնել: Իսկ ես ավելի համոզված եմ, որ այդ երկու դավաճաններին փայփայող պարսից Շապուհ արքան շատ կրոնասեր մարդ չէ: Նա քո հորը և քո քեռուն ուղարկում է, ոչնչացնելու Հայաստանում քրիստոնեությունը և պարսից մոգերի ձեռքը տալու թե մեր եկեղեցիները, և թե մեր դպրոցները: — Դու կարող ես հավատացած լինել, նազելի Սամվել, որ Շապուհը այդ ձեռնարկության մեջ` ոչ յուր հոգու փրկությունն է որոնում, և ոչ կամենում է հաճոյանալ յուր աստվածներին, — այլ կամենում է ընդմիշտ վճռել մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում է...

Սամվելն ամբողջ մարմնով դողաց. նա համարյա չլսեց վերջին խոսքերը: Նրան ծաղրում էին, նրա երեսին նրա հորը դավաճան էին կոչում, և կոչում էր մի ազնվական, որ բարձով, պատվով իրանից շատ ստոր էր: Նա ձայն տվեց վշտացած կերպով...

Եթե դու՜, Մեսրոպ, քո երկար լեզվի չափը քո կարճ հասակին հավասարեցնեիր, ավելի քաղաքավարի կլինեիր:

Փոքրիկ երիտասարդը վեր կացավ նստած տեղից և, մի քանի անգամ անցնելով սենյակի միջով, կանգնեց Մամիկոնյան իշխանի առջև և անվրդով կերպով ասաց.

Ինչո՞ւ ես վիրավորվում, գեղեցիկ Սամվել, քո հորեղբայր Վասակն էլ կարճահասակ մարդ էր, բայց ավելի մեծ մարդ էր, քան թե քո հսկայատիպ հայրը...

Հոր մեղքը կքավե որդին...

Այն ժամանակ ես ավելի կսիրեմ նրան...

Թողեցեք այդ, — որոտաց Սահակը յուր պարթևական ահարկու ձայնով: — Կատակի և երգիծանքի ժամանակ չէ: Նստի՜ր, Մեսրոպ:

Նա եկավ և նստեց յուր առաջվա տեղում:

«Շապուհը կամենում է ընդմիշտ վճռել մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում է... »:

Փոքրիկ երիտասարդի այս խոսքերի իմաստը լավ ըմբռնելու համար հարկավոր է միայն հիշել Հայաստանի հարյուր տարվա քաղաքական վիճակը, սկսյալ Տրդատից մինչև Արշակ Բ-րդի վերջին օրերը, այսինքն` քրիստոնեության մուտքից մինչև Շապուհի կրոնական հալածանքները:

Նախքան քրիստոնեության մուտքը Հայաստանում` հայերը և պարսիկները ավելի հաշտ էին միմյանց հետ, որովհետև կրոնով շատ նման էին և, բացի դրանից, թե Հայաստանում, և թե Պարսկաստանում թագավորող տները միևնույն պարթևական կամ Արշակունյաց տոհմից էին: Հայ և պարսիկ թագավորների մեջ եղբայրություն կար:

Քրիստոնեության Հայաստանում մուտք գործելու ժամանակներում` թե արևելքում և թե արևմուտքում պատահեցան երկու մեծ փոփոխություններ, որոնք բոլորովին հեղաշրջեցին Հայաստանի քաղաքական դրությունը: Արևմուտքում կազմվեցավ Բյուզանդական կայսրությունը և Կ. Պոլիսը մայրաքաղաք դարձավ, իսկ արևելքում կազմվեցավ Սասանյան պետությունը և Տիզբոնը մայրաքաղաք դարձավ: Պարսից Արշակունիների թագավորությունը վերջացավ: Հայերը զրկվեցան իրանց լավ դաշնակիցներից:

Հայաստանը, որպես գայթակղության քար, մնաց այդ երկու նոր հիմնված, անհաշտ պետությունների մեջտեղում:

Նա այնքան ուժ չուներ, որ ինքնակա դիրք պահպաներ, ստիպված էր հակվիլ կամ մեկի, կամ մյուսի կողմը:

Նույնիսկ Բյուզանդիայի և Տիզբոնի արքունիքների շահերը պահանջում էին գրավել Հայաստանի հակումները, որովհետև այդ երկիրը մի կամուրջ էր, որտեղից պետք է անցնեին նրանք` միմյանց հանդիպելու համար: Իսկ բյուզանդացոց և տիզբոնցոց կռիվները և ընդհարումները վերջ չունեին: Եվ այդպես, Հայաստանի թեկնածությունը մեկի կամ մյուսի կողմը` միշտ հաջող վախճան էր տալիս պատերազմին:

Քրիստոնեությունը հեռացրեց հայերին պարսիկներից և մոտեցրեց նենգավոր բյուզանդացիներին: Այդ օրից պարսիկները թշնամացան հայերի հետ:

Հայաստանը մնաց երկու կրակի մեջտեղում, դեպի որ կողմը որ մոտենում էր, այրվում էր:

Այդ դրությունը առաջ բերեց այն երկդիմի դերը, որ խաղում էին հայոց թագավորները, և իրանց դերի մեջ պատժվողները նախ իրանք էին լինում: Հանգամանքներին նայելով, նրանք իրանց դեմքը դարձնում էին երբեմն դեպի Բյուզանդիա, և երբեմն դեպի Տիզբոն: Դեպի մեկը երեսը շուռ տալու ժամանակ` ետևից մյուսը հարվածում էր...

Տրդատը, հայոց նորընծա քրիստոնյա թագավորը, առաջինը եղավ, որ բարեկամական դաշն կապեց հռոմայեցոց, նույնպես առաջին քրիստոնյա կայսրի` Կոստանդիանոսի հետ: Այդ քաղաքականությանը զոհ եղան Տրդատի բոլոր հաջորդները, և ինքը Տրդատը պատժվեցավ պարսիկներից:

Տրդատի որդի Խոսրով Բ-րդը, Կոստանդ կայսրից թագ և ծիրանի ընդունելու համար, գրգռեց պարսից Շապուհ թագավորի բարկությունը, որը յուր եղբայր Ներսեհին ուղարկեց, որ հայոց թագավորությունը ոչնչացնե և ինքը հայոց թագավոր դառնա:

Խոսրովի որդի Տիրանը Հուլիանոս կայսրին պարսից դեմ օգնելու համար, վերջը Շապուհը նրան խաբեությամբ Պարսկաստան հրավիրեց և, երկու աչքերը խաբելով, կուրացրեց:

Տիրանի որդի Արշակ Բ-րդը, խրատվելով յուր նախորդների սխալներից, թողեց Բյուզանդիան և բարեկամացավ Տիզբոնի արքունիքի հետ: Այդ միջոցին Վալենտիանոս կայսրը Արշակի Տրդատ եղբորը, որ իբրև պատանդ պահված էր Կ. Պոլսում, սպանել տվեց:

Արշակը ստիպվեցավ հաշտվել կայսրի հետ և նրա ազգականներից Ոլիմպիատա անունով օրիորդը կնության առեց: Այդ բարեկամությունը գրգռեց Շապուհի բարկությունը, նա Տիգրանակերտը ավերակ դարձրեց և, Անիի ամրոցին տիրելով, թագավորական գանձերը կողոպտեց և մինչև անգամ Արշակունի թագավորների գերեզմանները քանդելով, ոսկորները գերության տարավ: Իսկ շատ կռիվներից վերջը, երբեմն հաղթելով, և երբեմն հաղթվելով հայերից, Շապուհը, իբր թե հաշտության դաշն կապելու համար, խաբեությամբ հրավիրեց Արշակին Տիզբոն և աքսորեց Անհուշ բերդում:

Ես Շապուհի վարմունքը` թեև անազնիվ, բայց յուր պետության շահերի կետից` շատ խելացի եմ համարում, — խոսեց Մեսրոպը: — Պարսից այդ երկարակյաց թագավորը հայոց չորս թագավորներ է փորձել` — Տրդատին, Խոսրովին, Տիրանին, Արշակին, — և նրա մոտ յոթանասուն տարվա փորձը բավական էր նրան համոզելու համար, որ հայերի Կ. Պոլսի կայսրների հետ ունեցած մտերմության գլխավոր կապը նախ քրիստոնեական կրոնն է և ապա բյուզանդական կրթությունը: Այժմ նա աշխատում է այդ կապը խզել, ոչնչացնելով թե կրոնը, և թե հունաց լեզուն ու դպրությունը, որ տիրապետում են մեր եկեղեցիներում, մեր վանքերում և մեր դպրոցներում: Եվ Հայաստանը յուր պետության հետ ի մի ձուլելու համար, նա ցանկանում է տարածել յուր կրոնը, յուր լեզուն և յուր դպրությունը: Եվ այդ մտքով նա հրահանգ է տվել Մերուժանին` ոչնչացնել հունաց գրքերը, արգելել հունաց լեզվի ուսումը և հայերին ստիպել պարսկերեն սովորելու: Եվ Մերուժանը մեր կրթության համար բերում է յուր հետ մոգերի մի ամբողջ քարավան:

Այդ բոլորը մենք գիտենք, Մեսրոպ, — ընդհատեց Սահակը: — Իզուր ժամավաճառ ես լինում:

Բայց պետք է և այն գիտենալ, որ այդ դժբախտություններից և ոչ մեկը մեզ հետ չէր պատահի, եթե մենք այնքան օտարամոլ չլինեինք, և եթե մենք հետևած չլինեինք ոչ հույնին և ոչ պարսկին: Հետևելով մեկին, մենք մյուսի փակված աչքերը բաց արինք: Նա էլ սկսեց իրանը պահանջել: Մենք այն ժամանակ կատարեցինք ամենամեծ սխալը, երբ մեր կրթության հիմքը դրեցինք օտար, անհարազատ հողի վրա: Պարսիկը կհամբերեր մեզ, եթե մենք մեր մայրենի լեզվով կատարեինք մեր պաշտամունքները, և մեր մայրենի լեզվով կառավարեինք մեր դպրոցները: Բայց նա բյուզանդականին համբերել չէ կարող, որովհետև դա վնասում է նրա քաղաքական շահերին...

Նա կանգ առեց և րոպեական հանգստությունից հետո շարունակեց.

Մեր վարժապետները եղան հույները և ասորիները: Քրիստոնեությունը յուր հետ մտցրեց մեր աշխարհում հույն և ասորի կղերի մի ահագին բազմություն: Այդ բյուզանդական քաղաքակրթության կարապետները իրանց լեզուն և իրանց գրությունը տարածեցին թե մեր եկեղեցիներում և թե մեր դպրոցներում: Նույն դրությունը շարունակվում է մինչև այսօր: Դեռևս մենք սուրբ գրքերի թարգմանությունը չունենք: Դեռևս մենք մեր մայրենի լեզվով աղոթքներ ու շարականներ չունենք: Մենք արհամարհեցինք ինչ որ հին էր, ինչ որ հեթանոսական էր: Մեր երգիչների, մեր վիպասանների գեղեցիկ վաստակները կրակի զոհ դարձրինք: Մենք թողեցինք մեր նախնականը, մեր ազգայինը և սկսեցինք օտարինը սիրել: Եվ մեր քրիստոնեական մոլեռանդությունը այն աստիճանին հասցրինք, որ, իբրև մի պիղծ բան, սկսեցինք մերժել մեր հին գրությունը, մեր մեհենական սրբազան տառերը և ընդունեցինք հունաց ու ասորոց տառեր: Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է, որ մեր մեջ չէր կարող զարգանալ ոչ ազգային կյանք և ոչ բուն ազգային գրականություն: Մյուս կողմից, մենք հրավիրեցինք մեզ վրա պարսիկների ատելությունը: Պարսիկը սկսեց մտածել, քանի որ հայերը, հունաց լեզուն և հունաց դպրությունը սովորելով, սիրում են նրանց և սրտով կապված են Բյուզանդիայի հետ, — ինչո՞ւ չպիտի մտցնեմ և ես իմ լեզուն և իմ դպրությունը, որ նրանք ինձ սիրեն և ինձ հետ դաշնակից լինեն: Այժմ, կարծեմ, պարզ է, որ Շապուհի հալածանքները ամենևին կրոնական բնավորություն չունեն, այդ կատարյալ քաղաքական նպատակով են կատարվում: Հայաստանը, մի ամուր պատնեշի նման, ընկած է Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության մեջ: Նա ցանկանում է խորտակել այդ պատնեշը, որ յուր համար ճանապարհը բաց լինի, — և խորտակել յուր քաղաքակրթության կռանով: Հայաստանը, մի կոշտ ոսկորի նման, մնացել է նրա կոկորդում, նա շխատում է ծամել, փշրել և կլանել այդ ոսկորը, որպեսզի կարողանա ազատ շունչ առնել...

Եթե մարսել կարողանա... — ընդհատեց Սամվելը:

Մարսել կարող է, եթե գործերի այժմյան դրությունը չփոխվի, — պատասխանեց զայրացած Պարթևը: — Այդ թողնենք: Ես կամենում եմ պատասխանել Մեսրոպի մի քանի ծանր ակնարկություններին, որոնցով նա մեղադրանք բարդեց իմ նախահարց վրա:

Նա դարձավ դեպի Մեսրոպը, որ մի առանձին անձկությամբ սպասում էր նրա պատասխանին: Ասաց.

Գովում եմ քո զգոնությունը, գովում եմ և քո լրջմտությունը, Մեսրոպ. բայց չեմ կարող ներել քո ամբաստանություններին: Չափազանց եռանդը թույլ տվեց քեզ անպատշաճությունների մեջ ընկղմվել: Դու մեղադրում ես իմ հայրերին, որ նրանք անխնա խորտակեցին, ոչնչացրին հինը, ավանդականը` նորը նրա տեղ հաստատելու համար: Այդ իրավ է: Բայց ամեն վերանորոգության սկիզբը այդպես է լինում: Մեր տեր Հիսուս Քրիստոսն ևս այդպես վարվեց: Նա ոչ մի քար չթողեց քարի վրա: Դու մեղադրում ես իմ նախահորը, Լուսավորչին, որ նա Հայաստանը լցրեց հույն և ասորի վարդապետներով: Ուրիշ կերպ լինել չէր կարող: Նրան պետք էին պատրաստի մարդիկ, և նա բերեց յուր հետ այդ մարդկանցը Կեսարիայից: Մի վարպետ, երբ ցանկացած շենքը կառուցանելու համար` յուր տեղում մշակներ գտնելու հույս չունի, նա մշակները յուր հետ է տանում: Բայց իմ նախահոր նպատակը երբեք այն չէ եղել, որ օտարների ձեռքը տար հայի հոգևոր և մտավոր կրթությունը: Այդ օտարները ժամանակավոր վարձկաններ էին, որ պետք է պահվեին այնքան ժամանակ, մինչև մեր աշխարհում բնիկներից նոր ուժեր պատրաստվեին: Եվ այդ մտքով նա հիմնեց այդ բազմաթիվ դպրոցները, որոնց մեջ մինչև անգամ քուրմերի որդիները պետք է քրիստոնեական կրթություն ստանային: Բայց եթե այդ դպրոցները ցանկացած արդյունքը չտվեցին, և այդ օտար հյուրերը մեր աշխարհում երկար մնացին, դա պետք է վերաբերել այն դժբախտ հանգամանքներին, որոնց զոհ գնացին իմ հայրերը և որոնք ժամանակ չտվին նրանց լիապես ի կատար ածելու հայոց լուսավորության գործը: Իմ նախահայրը, Մովսեսի նման, ստիպվեցավ խույս տալ ժողովրդի խստասրտությունից, և յուր կյանքի վերջին օրերը թաղեց Սեպուհ լեռան այրերի անհայտության մեջ: Նրա որդի Վրթանեսի համար դու ինքդ ասեցիր, թե որպիսի բարբարոսությամբ կամենում էին սպանել այդ վանքի տաճարի մեջ: Իսկ նրա մյուս որդի Արիստակեսը սպանվեցավ Ծոփաց գավառում Արքեղայոս իշխանից: Արիստակեսը կուսակրոն մնաց, որդի չթողեց, բայց նրա եղբոր, Վրթանեսի երկու որդիներից մեկը, Գրիգորիսը նահատակվեցավ Վատնյան դաշտում. իսկ մյուսը, Հուսիկը սպանվեցավ յուր աներ Տիրան թագավորից: Հուսիկի երկու որդիները, Պապ և Աթանագինես, սպանվեցան մեր սենյակին կից դահլիճում: Աթանագինեսի որդի Ներսեսը, իմ հայրը այժմ աքսորված է մի անբնակ կղզում... Տեսնու՞մ ես, Մեսրոպ, իմ պապերից և ոչ մեկը խաղաղ մահով չվախճանվեցավ: Ամենքը զոհ եղան մեր թագավորների, մեր նախարարների և վայրենի խուժանի վայրագությանը: Սուրը ժամանակ չտվեց նրանց իրագործելու այն մեծ նպատակները, որ ունեին իրանց հայրենիքի համար: Իրանց ամբողջ կյանքում պատերազմեցին նրանք վայրենի նախապաշարմունքների դեմ, և նույն պատերազմի մեջ ընկան իրանք... Եվ այդ բոլորովին չէ վշտացնում ինձ: Նրանց վախճանը պետք է այդպես լիներ, որպեսզի նրանց արյունով ծլեին, աճեին և ծաղկեին այն սրբազան սերմերը, որ ցանեցին հայրենի հողի վրա...

Մեսրոպը լռությամբ լսում էր, իսկ Սամվելի դեմքի վրա նշմարվում էր մի անսովոր անհանգստություն:

Մեծ քահանայապետի վեհազնյա որդին այդ խոսքերով վերջացրեց յուր տխուր բացատրությունները.

Եթե մի օր նախախնամողի կամքը` իմ նախահարց նման` կկոչե ինձ Հայաստանի հայրապետական աթոռի վրա, իմ առաջին հոգսը կլինի` հայոց եկեղեցու ընթերցվածները մայրենի լեզվի վերածել և հայ ժողովրդի կրթության գործը ազգային բուն հիմունքների վրա դնել...

Իսկ իմ գործը կլինի, — ավելացրեց Մեսրրպը, — վերաստեղծել հայոց մոռացված տառերը և ազատել մեր հասարակությունը մեզ համար խորթ` հույն, ասորի և պարսիկ դպրությունից:

Ո՞վ կարող էր մտածել, որ այդ գիշերվա ջերմ վիճաբանություններից քսանևերեք տարի հետո, այդ երկու նշանավոր տաղանդները կկատարեին իրանց ուխտը և սկիզբ կդնեն հայոց մեծ լուսավորության ոսկյա դարին...

Դուռը կամաց բացվեցավ, սենյակում հայտնվեցան երկու աբեղաներ, որոնք, կանգնելով առաջինների առջև, ասացին միաձայն.

Բոլորը լսեցինք: Իսկ մենք պետք է ապացուցենք, որ հույնը և ասորին այնքան վատ չեն, որքան դուք կարծում եք...

Երկուսն էլ վանքի միաբաններից էին, մեկը հույն էր ազգով, մյուսը` ասորի: Առաջինը Եպիփանն էր, երկրորդը` Շալիտան:

ԺԱ

ԽՈՐԹ ՄԱՅՐ

Մյուս օրը Ողական ամրոցը գտնվում էր արտակարգ ուրախության մեջ: Ծառաները սովորականից լավ էին զարդարված, աղախինները վառվում էին գույնզգույն պչրանքներով և մինչև անգամ ներքինի Բագոսը հագել էր յուր խայտաճամուկ պարեգոտը:

Ամբողջ ամրոցը սպասում էր մի հարգելի հյուրիՍահակ Պարթևին:

Սահակ Պարթևը այդ տան մեջ օտար չէր: Մամիկոնյանները նրա քեռիներն էին: Նրա հայրը, Ներսես Մեծը, Մամիկոնյանների փեսան էր: Նրա մայրը, Սանդուխտ տիկինը, Սամվելի հորեղբոր` Վարդանի դուստրն էր: Դեռ ուսանողության ժամանակ Ներսես Մեծը Կեսարիայում ապրում էր յուր կնոջ` Սանդուխտի հետ, որից ծնվեցավ Սահակը: Երեք տարուց հետո նույն քաղաքում վախճանվեցավ Սանդուխտը, որի մարմինը հայրը, Վարդանը, բերեց Հայաստան և թաղեց Թիլ ավանի հայրապետական տան տոհմային գերեզմանատան մեջ: Յուր սիրելի ամուսինը կորցնելուց հետո, Ներսես Մեծը երկար չմնաց Կեսարիայում, այլ յուր ուսումը կատարելագործելու նպատակով գնաց Կ.Պոլիս: Այնտեղ ամուսնացավ Ասպիոնե անունով մի հույն ազնվականի դստեր հետ:

Սամվելը, վաղ առավոտյան վերադառնալով Աշտիշատի վանքից, անմիջապես յուր մորը իմացում էր տվել Սահակի այցելության մասին: Այդ լուրը թեև սկզբում խռովություն պատճառեց տիկնոջը, բայց, ծածկելով յուր տհաճությունը, հրամայեց, որ պատրաստություն տեսնեն: Տիկինը համբերել չէր կարող հայրապետական տան բոլոր անդամներին, մանավանդ Սահակին, որի բարձր ազնվապետական վեհությունը սաստիկ վրդովեցնում էր նրան: Իսկ այսօր հայոց մեծ քահանայապետի որդին հայտնվում էր մի այնպիսի անպատեհ ժամանակ, երբ Մամիկոնյանների տան մեջ եփ էր գալիս մի գաղտնի հակազգային և հակաքրիստոնեական խմորում...

Դեռ մի քանի ժամ մնում էր մինչև ճաշը:

Տիկնոջ դահլիճը արդեն կազմ ու պատրաստ էր: Պատուհանների և դարակների մետաքսյա վարագույրները վեր էին բարձրացրած և նրանց միջից երևում էին բոլոր թանկագին անոթները, որ դրված էին միմյանց մոտ: Ոսկին, արծաթը, պղինձը վառվում էր յուր սքանչելի գեղեցկությամբ: Նրանց մեջ կային զանազան տեսակ գեղաքանդակ պնակներ, ափսեներ, թասեր, բաժակներ, գավաթներ, տարաներ և հայկական սև ու կարմիր կավից շինված նկարակերտ սափորներ: Դրանք` իրանց անշարժ դրության մեջ` ծառայում էին ավելի իբրև զարդ, քան թե սեղանի սպաս:

Ամբողջ դահլիճը բուրում էր վարդի անուշահոտությամբ: Բազմոցները, գորգերը, բարձերը` բոլորը ցողված էին վարդաջրով: Լուսամուտների մեջ, մեծ ծաղկամաններով, դրված էին ամենաթարմ փունջերը:

Տիկինը նստած էր յուր սովորական փափուկ գահավորակի վրա և բաց լուսամուտից նայում էր դեպի յուր առջևը բացվող լայնածավալ հեռաստանը: Այստեղից երևում էր, ծառերի խտության մեջ թաքնված, ճանապարհի մի մասը, որ բերում էր Աշտիշատի վանքից դեպի ամրոցը: Տիկնոջ մտահույզ աչքերը հառած էին այդ ճանապարհի վրա: Նա խորին վրդովմունքով սպասում էր Սահակի գալստյանը, որ պիտի անցներ այն տեղով: Նա երազում էր և այն երջանիկ օրը, երբ այդ ճանապարհով կհայտնվեր սիրելի ամուսինը, յուր հետ բերելով նոր բախտ և մեծություն...

Նրա մոտ նստած էր մի այլ կին, ավելի մանկահասակ, ավելի նազելի: Անմեղությունը և հեզությունը կաթում էր այդ սիրուն կնոջ վարդագույն շրթունքներից: Նրա խոշոր, սևորակ աչքերի մեջ այնքան քաղցրություն կար, որ, կարծես, բարության ծով լինեին: Ճակատի վրա փայլում էր պարսից արքայական նշանըմի կիսարփի ոսկյա ճաճանչներով: Եվ իրավ, նա պարսից արքայական տոհմից` հզոր Շապուհի քույր Որմիզդուխտն էր:

Դա Վահան Մամիկոնյանի երկրորդ կինն էր, իսկ Սամվելի` խորթ մայրը:

Այդ գեղեցիկ կինը գերեց Սամվելի հոր սիրտը, այդ գեղեցիկ կինը կապեց Սամվելի հորը թե պարսից արքունիքի և թե պարսից կրոնի հետ, և, վերջապես, այդ գեղեցիկ կնոջ միջոցով Շապուհը որսաց Մամիկոնյան նախարարներից մի հավատարիմ գործակից...

Բազմակնությունը հայոց նախարարների մեջ սովորական բան էր: Բացի օրինավոր կանանցից, նրանք պահում էին և բազմաթիվ հարճեր:

Սամվելի հայրը ամուսնացավ Որմիզդուխտի հետ այն ժամանակ, երբ Արշակավանի դժբախտ վախճանից հետո Ներսես Մեծը հաշտեցրեց Արշակ թագավորին յուր նախարարների հետ, բայց Սամվելի հայրը և Մերուժան Արծրունին չհաշտվեցան, այլ երկուսն էլ բաժանվեցան նախարարների միաբանությունից և, թողնելով Արշակին, դիմեցին Տիզբոն և պարսից Շապուհ արքային անձնատուր եղան:

Այսօր միևնույն ընտանիքի երկու տանտիկինները նստած էին միասին, մի գահավորակի վրա: ՈրմիզդուխտըՍամվելի խորթ մայրը և ՏաճատուհինՍամվելի հարազատ մայրը: Դրանք երկու անհաշտ ախոյաններ էին: Ախոյաններ, որպես միևնույն ամուսնի սիրույն բաժանորդ` երկու խանդոտ կանայք, ախոյաններ, որպես բարձր ծագումի երկու հզոր ներկայացուցիչներ: Ավելի ճիշտ հաշվով, պետք է Սամվելի մայրը խոնարհվեր, տեղի տար արքայադստեր պահանջներին: Սամվելի մայրը Մերուժան Արծրունու քույրն էր, իսկ Որմիզդուխտը` Շապուհ արքայի քույրը: Բայց, հանգամանքների շնորհիվ, այդ հաշվից բոլորովին հակառակ հետևանք էր դուրս եկել: Սամվելի մայրը, այդ խստասիրտ և գոռոզ Արծրունին, օգուտ քաղելով Որմիզդուխտի մեղմ և դյուրաթեք բնավորությունից, ոչ միայն կարողացել էր պահպանել յուր տիկնանց-տիկնության փառքն ու բարձրությունը, այլ մինչև անգամ հաջողացրել էր Որմիզդուխտին յուր ազդեցության տակ դնել: Այդ էր պատճառը, որ այսօր Որմիզդուխտի ներկայությունը համարյա մոռացված էր Սամվելի մոր համար, որ դեռևս շարունակում էր լուսամուտից նայել դեպի Աշտիշատի ուղին, և նրա վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում:

Նրա ուշադրությունը գրավել էր մի միտք, որ սաստիկ հուզում էր նրան: Սահակի անակնկալ հայտնվիլը Տարոնում` զանազան մթին տարակուսանքների մեջ էր դրել նրան: — «Յուր կալվածքներին տեսություն անելու համար է եկել... — մտածում էր նա, — այդ ի՞նչ է նշանակում: Այդ բախտավոր մարդիկը` առանց սրի և առանց արյունի` այնքան շատ կալվածքներ ունեն, որ չեն էլ մտաբերում, թե որտեղ ունեն, և երբեք նրանց երեսը չեն տեսնում: Անտարակույս, մի այլ նպատակ պետք է թաքնված լինի Սահակի այցելությունների մեջ»...

Որմիզդուխտը արդեն սկսել էր ձանձրանալ: Մի քանի րոպե նրան զբաղեցրեց ուրախ ծիծեռնակը, որ բաց լուսամուտից ներս սլացավ, ճլվլաց, ճթճթաց, մի քանի պտույտներ, մի քանի շրջաններ գծեց ընդարձակ դահլիճի մեջ և ապա նստեց պղնձյա կիսարձանի գլխին, որ դրած էր մարմարիոնի պատվանդանի վրա: Դա Մամիկոնյանների նախահոր, Մամգունի անդրին էր: Մի առանձին հետաքրքրությամբ այդ բարձրությունից նայում էր բնության հարազատը դեպի յուր ճոխ և հարուստ շրջապատը, նայում էր և երկու մտախոհ կանանց վրա: Երբ ոչինչ բավականություն չգտավ, կրկին թռավ նստած տեղից, կրկին մի քանի պտույտներ գործեց և ապա, շարունակելով յուր երգը, դուրս նետվեցավ բաց լուսամուտից:

Որմիզդուխտը այսօր հյուր էր կանչված Սամվելի մոր մոտ: Նա ուներ յուր առանձին բնակարանը: Ամրոցի համարյա քառորդ մասը բռնել էր նա յուր աղախինների, ներքինիների և ծառաների բազմությամբ, որոնք բոլորն էլ պարսիկներ էին: Եղբայրը նրան Հայաստան ճանապարհ դնելու ժամանակ` դրեց նրա հետ, իբրև օժիտ, այլ հարստությանց թվում` և սպասավորների մի ամբողջ քարավան: Իբրև օժիտ ստացավ նա այլև Ասորեստանի սահմանի մոտ, Տիգրիսի աջ ափերի վրա, արդյունաբեր դաստակերտներ, գյուղեր և ավաններ:

Յուր ձանձրությունը փարատելու համար, երբեմն վեր էր առնում նա յուր մոտ դրված գեղեցիկ հովհարը, որ պատրաստված էր սիրամարգի փետուրներից և բռնված էր փղոսկրյա կոթի մեջ, և նրանով զովացնում էր տհաճությունից բորբոքված դեմքը: Այդ գործողության միջոցին նրա հոլանի բազուկների վրա կապված մարջանի կարմիր շարքերը ախորժելի ձայներ էին հանում: Սամվելի մայրը դեռ շարունակում էր նայել լուսամուտից: Որմիզդուխտը յուր ներկայությունը հիշեցնել տալու համար, հարցրեց,

Միայնա՞կ է գալու Սահակը:

Նրա հետ կլինի և յուր հոր քարտուղարը` Մեսրոպը, — պատասխանեց նա, դառնալով դեպի յուր մոռացված հյուրը:

Ես Մեսրոպին չեմ տեսել, — ասաց Որմիզդուխտը:

Շուտով կտեսնես, մի սիրու՜ն, նախշունի՜կ երիտասարդ է:

Վերջին երկու բառերի վրա մի առանձին եղանակով շեշտեց Տաճատուհին: Որմիզդուխտը այլայլվեցավ:

Խոսում էին պարսկերեն:

Սահակը նույնպես սիրուն երիտասարդ էնկատեց նա:

Եվ ավելի սիրուն, քան թե Մեսրոպը, — ավելացրեց Տաճատուհին դառն ժպիտով:

Ներս մտավ Սամվելը:

Բարև, Որմիզդուխտ, բարև, մայր իմ, — ասաց նա և շնորհալի կերպով մոտեցավ, նախ մոր ձեռքը համբուրեց և ապա Որմիզդուխտի:

Սամվելի հայտնվելը փարատեց Որմիզդուխտի ձանձրույթը և նրա սիրուն դեմքի վրա նշմարվեցավ նկատելի ուրախություն:

Ի նչ եղան «քո» հյուրերը, — հարցրեց մայրը մի առանձին հանգով:

Սամվելը մոտեցավ լուսամուտին, այնտեղից նայեց դեպի հանդիպակաց աշտարակը, որի կողքին ագուցած էր արևի քարյա Ժամացույցը, և ասաց.

Փոքր-ինչ ուշացան, երևի, շուտով կգան: Հիմա հասկանում եմ, — խոսքը փոխեց նա, — թե դու ո՜րքան սիրում ես Սահակին:

Ինչպե՞ս, — հարցրեց մայրը թաքցնելով յուր դժկամությունը:

Դահլիճը բոլորովին նոր կերպով ես զարդարել, և այդքան անհամբեր ես Սահակի ուշանալու համար:

Մայրը ծիծաղեց:

Բայց գիտե՞ս, Սամվել, մենք շուտով գուցե ուրիշ հյուրեր ևս կունենանք: Ինչո՞ւ չես նստում:

Սամվելը նստեց Որմիզդուխտի և մոր հանդեպ:

Ի՞նչ հյուրեր, — հարցրեց նա:

Դեռևս հարցնո՞ւմ ես, Սամվել, — ասաց մայրը մի այնպիսի հանդիմանական ձայնով, որով կշտամբել էր կամենում որդու մոռացկոտությունը: — Դու խո գիտես, որ հորդ հետ գալու են պարսից երկու նշանավոր զորապետներ` Զիկ և Կարեն իշխանները. տարակույս չկա, որ Տարոնով անռնելու միջոցին` նրանք մեր ամրոցում հյուր կլինեն:

Այդ ես գիտեմ... սիրելի մայր, — պատասխանեց Սամվելը, վեր առնելով Որմիզդուխտի հովհարը և պտտեցնելով մատների մեջ: — Դեռ վաղ է... դու շտապում ես... պարսից զորապետներն այդպես շուտ չեն գա... մինչև նրանց Տարոնի սահմանի մեջ մտնելը, մենք բավական ժամանակ ունենք այդ գերապատիվ հյուրերի ընդունելության համար արժանավոր պատրաստություններ տեսնելու...

Տիկինը որդու փոխաբերական խոսքերն ընդունելով որպես անկեղծություն, պատասխանեց.

Ես էլ գիտեմ, որ բավական ժամանակ ունենք պատրաստվելու, բայց դու չես իմանում, Սամվել, մեր սպասավորների կոպտությունը: Հազար անգամ պատվիրում ես, դարձյալ մոռանում են, թե ինչ բան որտեղ պետք է դնել, կամ ինչ բան որտեղից պետք է վեր առնել: Եվ ես ամեն անգամ, երբ մի նշանավոր մարդ եմ ընդունում, առանց ամոթի չեմ մնում:

Բայց Սահակը մերն է, սիրելի մայր, նա օտար չէ, որ այդքան խստապահանջ լինի քեզանից...

Դու դարձյալ Սահակի մասին ես խոսում, — ընդհատեց մայրը վրդովվելով: — Սահակի մասին ո՞վ է մտածում...

Հա՜ մոռացա... Զիկ և Կարեն զորապետները...

Այո՜, Զիկ և Կարեն զորապետները: Գիտես, Սամվել, ովքե՞ր են դրանք, որքա՞ն մեծ ազդեցություն ունեն Շապուհի արքունիքում:

Այդ անունները հաճախ կրկնվելով, Որմիզդուխտը միամտությամբ խոսակցության մեջ մտավ.

Նրանք իմ եղբոր հետին ծառաներն են, եթե այստեղ գալու լինեն, համարձակություն չպիտի ունենան իմ մոտ նստելու:

Next page