Րաֆֆի՝   Սամվել

Աչքերը դարձյալ փակեց նա, ասելով,

Խոսի՜ր, Հումայի, մի բան պատմի՜ր, որ քունս տանե...

Շվարած պառավը ձեռքը տարավ դեպի նրա կուրծքը, որ սաստիկ զարկում էր:

Այնտեղ կրակ կա, Հումայի, այնտեղ մի բան այրում է ինձ... — մրմնջաց նա և դարձյալ աչքերը բաց արեց:

Պառավը այժմ սկսեց վախենալ:

Ե

Դու չես խոսում, Հումայի, դու լուռ ես... ես կխոսեմ... ես ուզում եմ խոսել... շա՜տ խոսել...

Պառավը այժմ սկսեց մրթմրթալ: Նա աղոթում էր:

Տիկինը յուր տաք ձեռքերով բռնեց պառավի ցամաք ձեռքը և հարցրեց.

Հիշո՞ւմ ես, Հումայի, այն տարին, Աշտիշատի տոնախմբության օրը. այդ վերջին հանդիսավոր տոնախմբությունն էր, որ կատարվեցավ: Մենք նստած էինք հայոց տիկնոջ (թագուհու) ծիրանի վրանում, այնտեղից նայում էինք հանդեսի վրա: Թագավորը մեծ քահանայապետի և գլխավոր նախարարների հետ նստած էին առանձին վրանում, մեզանից փոքր-ինչ հեռու, և դիտում էին կատարվող մրցությունները, կատարվող խաղերը: Հիշո՞ւմ ես այդ օրը:

Հիշո՞ւմ եմ, — պատասխանեց ապշած պառավը:

Հիշում ես և այն, երբ սկսվեցավ մականախաղը, երբ նախարարների երկաթապատ որդիները երկու հակառակ խումբերի բաժանվեցան, և երբ շառաչում էին մականները և փայտյա խոշոր գնդակները փոթորկի նման մի կողմից դեպի մյուս կողմ էին տարվում, այդ ջերմ մրցության միջոցին հայտնվեցավ մի օրիորդ, ոսկեգույն նժույգի վրա նստած: Հիշո՞ւմ ես այդ օրիորդին:

Հիշում եմ, — պատասխանեց պառավը:

Հազարավոր ձայներ` խուռն ծափահարությամբ` ողջունեցին նրա հայտնվիլը: Թագավորը երկար ճոճում էր յուր թաշկինակը: Նա հայտնվեցավ, ինչպես մի դիցուհի, և յուր հայտնվելով նոր ուժ, նոր ջերմություն ներշնչեց խաղին: Գեզեցի՛կ էր այդ մանկահասակ օրիորդը յուր սքանչելի զրահավորության մեջ: Կուրծքը պատած էր պողպատյա ոսկենկար լանջապանով. պղնձյա փոքրիկ սաղավարտը շողշողում էր արևի ճառագայթներից, շողշողում էին և նրա ոսկեգույն գիսակները, որ ծածանվում էին երկաթի մեջ սեղմված թիկունքի վրա: Նախշուն երեսակալի նեղ ճեղքից հազիվ երևում էին նրա լուսափայլ աչքերը և սևորակ, աղեղնաձև հոնքերը: Հնչում էր փողը, որոտում էին թմբուկները և երկար, ծանր մականը նրա վարժ ձեռքում պտտվում էր, ինչպես մի թեթև փետուր: Գեղեցիկ նժույգը, որպես մի օդագնաց թռչուն, ճախրում էր, ահագին ոստյուններ էր գործում, և քաջազնա օրիորդի մականի ճարպիկ հարվածներով գնդակը սլանում էր մինչև ասպարեզի վերջը... Հիշո՞ւմ ես, թե ո՜ւմ հետ էր մրցում նա:

Սամվելի հետ:

Այո՜, Սամվելի հետ... Երբ վերջացավ խաղը, հայոց տիկինը (թագուհին) հրավիրեց նրան մեզ մոտ, մեր նստած վրանում: Յուր ձեռքով նվիրեց նրան առաջին մրցանակըմի ոսկեղեն գեղաքանդակ թաս: Նա մնաց մեզ մոտ, ճաշեց մեզ հետ և ճաշի ժամանակ երգեց մի երգ: Հիշո ւմ ես այդ երգը:

Հիշում եմ:

Այդ մի լեռնական երգ էր, Հումայի: Լեռնցի օրիորդը երգում էր յուր լեռների, յուր ձորերի երգը: Նրա անուշիկ ձայնը հնչում էր, ինչպես լեռնային զեփյուռը, որ զարկվում է ապառաժներին, զարկվում է դարևոր եղևնիներին, սաստկանում է, սաստկանում և ապա փոքր առ փոքր մեղմանալով, վերջը խուլ, տխրաձայն հնչյուններով հանգչում է ձորերի հեռավոր խորության մեջ... Կարծես, և այս րոպեում զարկում է իմ ականջներին կախարդիչ երգի թախծալի մեղեդին, կարծես, և այժմ նայում եմ ես հափշտակված օրիորդի վառված աչքերի մեջ, ուր այնքան կրակ կար, ուր այնքան հրապուրանք կար, ուր այնքան սեր կար... Հիշո՞ւմ ես, Լումայի, թե ով էր այդ օրիորդը:

Ասում էին, որ Ռշտունյաց իշխանի դուստրն է:

Այո՜, Ռշտունյաց իշխանի դուստրն էրահարկու լեռների և մթին անտառների բախտավոր դուստրը... Նա յուր հետ բերել էր յուր լեռների քաջերին: Քա՛ղցր էր նայել այդ հովիվ ժողովրդի պարզ և անպաճույճ զրահավորության վրա, որ հայտնվել էին հանդեսում իրանց` այծերի մազից գործած` թեթև ասպարներով, իրանց ոչխարների բուրդից պատրաստած կաճյա զրահներով ու սաղավարտներով և իրանց նույնպես մազից հյուսած թանձր տրեխներով: Ոտքից գլուխ մազով ու մորթով էին պատած նրանք, բայց երկաթի ամրություն ուներ այդ կոշտ-կոպիտ հանդերձանքը: Կոշտ-կոպիտ էին և իրանքլեռնականները, — բայց բոլոր հանդիսականները սարսափում էին նրանց աղեղներից, որ երեք կանգուն տարածություն ունեին, և նրանց նետերից, որ մի նիզակի չափ երկարություն ունեին: Խրոխտ էին այդ քաջերը և դյուրագրգիռ, իսկ նրանց թագուհին փայլում էր բոլոր հանդիսականների մեջ, որպես մի լեռնային դիցուհի...

Վերջին խոսքերի միջոցին նա յուր աչքերը փակած ուներ, կարծես, խոսում էր քնի կամ երազի մեջ:

Այդ քաջերը, — շարունակեց նա, — հրեղեն աչքերով և թավամազ դեմքով, թավամազ առյուծների նման, հսկում էին իրանց իշխանուհու վրա: Մահը մի ակնթարթում վճռված կլիներ այս ազատանի երիտասարդի, որ կհամարձակվեր մի փոքր ծուռն աչքով նայել նրա վրա: — Նա տարավ այդ տոնախմբության մրցությունների ժամանակ երկու փայլուն մրցանակներ. մեկը` ոսկեղեն թասը, որ ընդունեց հայոց տիկնոջ ձեռքից, մյուսըՍամվելի սիրտը...

Նա լռեց, այլևս ոչինչ չխոսեց:

Երկյուղած պառավը սարսափով նայում էր նրա գունաթափ դեմքի վրա, որ երբեմն թրթռում էր տենդային ցնցումներով: Թրթռում էին և նրա կարմիր շրթունքները, որ ամուր սեղմված էին միմյանց հետ: Նա դեռ շարունակում էր խոսել, բայց խոսում էր, ո՜վ գիտե, ում հետ, խոսում էր երազների հափշտակության մեջ, և նրա ձայնը չէր լսվում...

Պառավը ծածկեց նրան և մինչև լույս անքուն նստած, նայում էր յուր սնուցած սանիկի վրա, որ վառվում էր տապի և քրտինքի մեջ: Եվ խեղճ կնոջ շիջած աչքերից արտասուքը մեղմ կաթիլներով գլորվում էր ցամաք երեսի վրա...

ԺԶ

ԻՆՔՆԱԿՈՉՆԵՐԸ

Գիշերից բավական անցել էր: Մուշեղ իշխանի ապարանքում, միևնույն սենյակում, որ նրա ընդունարանն էր, հայոց չորս երիտասարդ մտածողները դեռ խորհրդի մեջ էին: Սենյակի վարագույրները խնամքով իջեցրած էին, դռները ներսից կողպած էին, իսկ դրսում` երկու զինված պահակներ կանգնած էին նախասենյակի դռան աջ և ձախ կողմերում:

Մեսրոպը, ճրագի հանդեպ նստած, խորասուզվել էր յուր առջև դիզված թղթերի մեջ: Կարդում էր, ինչ-որ հաշիվներ էր անում, դարձյալ կարդում էր և երբեմն ձեռքը տանում էր դեպի յուղված ճակատը յուր տարակուսանքները փարատելու համար: Այդ թղթերի թվում գտնվում էր և այն նամակը, որ Որմիզդուխտը հանձնեց Սամվելին:

Սամվելը ոտքի վրա անցուդարձ էր անում և մի-մի անգամ մոտենում, կանգնում էր և ետևից լուռ նայում էր Մեսրոպի աշխատությունների վրա:

Մուշեղը մատներով անհանգիստ կերպով քրքրում էր յուր փոքրիկ մորուքը, որ, թավիշյա սև շրջանակի նման, բոլորում էր նրա այրական դեմքը: Նրա սեգ աչքերի մեջ նշմարվում էր անհամբերության և խորին վրդովմունք:

Սահակ Պարթևը երբեմն վեր էր առնում յուր մոտ դրած գինու թասը և նրանով թրջում էր սրտի տապից ցամաքած շրթունքները:

Ամենքը սպասում էին Մեսրոպին:

Նա թղթերը տհաճությամբ մի կողմ նետեց և, դառնալով դեպի մյուսները, ասաց.

Բոլորովին ապարդյուն է քրքրել այդ թղթերը և նրանցից որևէ եզրակացության հասնել: Մեր այժմյան դրության մեջ` հաշիվը ոչ միայն կսխալեցնե, այլև կմոլորեցնե մեզ: Մեր գործերը հենց սկզբից անհաշիվ են տարվել: Այնպես էլ պետք է շարունակել: Այսինքն` կամենում եմ ասել, որ ժամանակը այնքան նեղ է և պահանջները այնքան ստիպողական են, որ մենք միջոց չունենք հինը ուղղելու և նոր կարգադրություններ անելու: Մեզ պետք է այժմ անել մի վճռական քայլ, թեև այդ քայլը մինչև անգամ հակառակ լիներ խոհուն և խելացի ձեռնարկության:

Բոլորովին ճիշտ է, — ասաց Սամվելը, որ դեռևս ոտքի վրա էր:

Սահակ Պարթևը ոչինչ չխոսեց:

Այսուամենայնիվ, մենք պետք է չափենք մեր ուժերը, — նկատեց Մուշեղը:

Մենք չափել կամ կշռել չենք կարող այն, ինչ որ դեռևս գոյություն չունի, — պատասխանեց Մեսրոպը: — Մեր ուժերի չափը կախված կլինի այն հանգամանքներից, թե որքան հաջողությամբ առաջ կտանենք գործը: ,

Հաջողությունը կամ անհաջողությունը հենց այժմյանից ես կարելի է նախագուշակել, — ասաց Մուշեղը:

Միայն հավանականության վրա հիմնվելով, — պատասխանեց Մեսրոպը: — Մենք, կրկնում եմ, անձնավստահությունը պետք է ընտրենք մեզ որպես առաջնորդ, իսկ հաջողությունը թողնենք բախտի կամքին:

Սահակ Պարթևը ընդհատեց վիճաբանությունը, հարցնելով,

Այդ «մենք»-ը մի քանի անդամ կրկնվեցավ: Բայց նախքան որևէ քայլ անելը, ես կարծում եմ, պետք է որոշել, թե ո՜վ ենք մենք:

Տիրեց ընդհանուր լռություն: Հարցը բավական կարևոր էր: Սամվելը առաջ անցավ, խնդրելով.

Թույլ տվեցեք ինձ խոսել:

Խոսի՜ր, — ասաց Պարթևը:

Նա խորին ոգևորությամբ կանգնեց յուր խորհրդակիցների առջև և, յուր բոցավառ աչքերը դարձնելով դեպի նրանց, խոսեց,

Ով ենք «մենք», — այդ հարցը, իրավ, մի շատ դժվարին հարց է, և նրա վճռելը պետք է լինի գործի սկիզբըՈ՞վ ենք «մենք»: Մենք ամեն ինչ ենք: Իմ պատասխանը գուցե չափազանց հանդուգն կթվի ձեզ, բայց ես կաշխատեմ պարզել իմ միտքը: Մեր աշխարհի կառավարության մեջ երեք բարձրագույն անձինք առաջնակարգ դեր էին խաղում. — թագավորը, քահանայապետը և սպարապետը: Այդ երեք գլխավորները այժմ չկան: Թագավորը աքսորված է Խուժիստանի Անհուշ բերդը, սպարապետը աքսորված է դարձյալ նույն բերդը, իսկ քահանայապետը աքսորված է Միջերկրականի Պատմոս կղզին: Մեր աշխարհը մնացել է զուրկ այդ երեք մեծ կառավարիչներից, որ վտանգի ժամանակ կարող էին թշնամուն դեմ դնել: Իսկ թշնամին մեր դռանը կանգնած է, ներս մտնելու վրա է: Ո՞վ պետք է ընդդիմանա նրան: Ո՞վ պետք է պաշտպանե հայրենիքը կրակից և արյունից: Ո՞վ պետք է մաքրե պարսկական պղծությունը, որ ապառնում է արատավորել մեր բոլոր սրբությունները: Արքայական գահը վտանգի մեջ է. եկեղեցին վտանգի մեջ է, մեր լեզուն, մեր դպրությունը, մեր ավանդությունները, մեր ազգային բոլոր նվիրական ժառանգությունները վտանգի մեջ են: Ո՞վ պետք է պաշտպանե: Կրկնում եմ, թագավորը չկա, քահանայապետը չկա, սպարապետը չկա: Բայց կան նրանց ներկայացուցիչները, որոնցից երկուսը հենց այստեղ լսում են ինձ:

Նա ձեռքը տարավ դեպի Սահակ Պարթևը և դեպի Մուշեղը և շարունակեց,

Դո՜ւ, Սահակ, քահանայապետի որդին ես և կարող ես փոխարինել քո հորը: Իսկ դու, Մուշեղ, սպարապետի որդին ես և կարող ես փոխարինել քո հորը: Թե քահանայապետությունը և թե սպարապետությունը մեր աշխարհի սովորությամբ ժառանգական են: Մեկը սեփական է Լուսավորչի տանը, մյուսը Մամիկոնյանների տանը: Դրան ոչ ոք կարող է հակառակել: Մնում է թագավորի ներկայացուցիչը: Թագաժառանգը այստեղ չէ, նա պահված է Բյուզանդիայում: Բայց հայոց տիկինըթագուհին մեր ձեռքումն է: Նրա անունով կարող ենք ամեն տեսակ հրամաններ տալ: Կազմե՜նք մի ժամանակավոր կառավարություն, անցնե՜նք գործերի գլուխը և սկսենք դեմ դնել թշնամուն: Ես հավատացած եմ, որ ժողովուրդը կգա մեր ետևից: Նա սիրում է միայն հրամաններ լսել, իսկ երկար չէ մտածում, թե որտեղից է գալիս հրամանը: Այժմ, կարծեմ, բավական պարզ է, թե ո՜վ ենք «մենք»...

Մենք ազատ ժողովուրդ չունենք, — նկատեց Մեսրոպը. — մենք ունենք նախարարներ միայն, որոնց հետ կապված են ժողովրդի զանազան մասները:

Բոլորովին ճիշտ է, — պատասխանեց Սամվելը: — Բայց իմ ձեզ ներկայացրած նամակից երևում է, որ խստիվ պատվիրված է` կալանավորել բոլոր նախարարներին և վարել նրանց Տիզբոն, իսկ նրանց կանանցը, զավակներին, որպես գրավական, պահել առանձին բերդերում, սաստիկ հսկողության ներքո: Այդ խստություններից կարող ենք մենք օգուտ քաղել: Որովհետև այդ կստիպե նախարարներին, եթե ոչ հայրենիքի պաշտպանության համար, գոնե իրանց անձանց և ընտանիքների պաշտպանության համար, միանալ մեզ հետ և դեմ դնել թշնամուն:

Շատ հավանական է, — ասաց Մեսրոպը: — Բայց մեր նախարարներից ոմանք այնքան երկչոտ են, բավական է, որ լսեն Շապուհի պատվերը իրանց մասին, նրանք իսկույն կառնեն իրանց ընտանիքները, կփախչեն դեպի հունաց կողմը, ապահովություն գտնելու համար:

Այդ կարող է պատահել, — պատասխանեց Սամվելը: — Թշնամին վճիռ է դրել` չխնայել ոչ ոքի, ով որ կընդդիմանա: Իսկ մենք պետք է վճիռ դնենք` չխնայել ոչ ոքի, ով որ խույս կտա: Եթե մեր նախարարներից ոմանք այնքան վատ կլինեն, որ ընդհանուր վտանգի ժամանակ, միայն իրանց անձը և ընտանիքը պահպանելու համար, կփախչեն դեպի օտար երկիր, այդ դեպքում մենք առաջինը կլինենք, որ նրանց կմորթենք իրանց ամրոցների սյամի վրա...

Սահակ Պարթևը և Մուշեղը լուռ լսում էին: Նրանք մի առանձին հրճվանքով էին նայում ոգևորված երիտասարդի վրա, որ ներկայանում էր նրանց առջև որպես մի մարմնացած վրեժխնդրություն: Սամվելը առհասարակ մելամաղձոտ և սակավախոս բնավորություններից էր, բայց երբ սկսում էր խոսել, խոսում էր երկար և բավական գեղեցիկ: Նա շարունակեց.

Ուշադրություն դարձրեք, սիրելիք, իմ ձեզ ներկայացրած նամակի մի այլ կետի վրա, որտեղ հրամայված է` կալանավորել հայոց տիկնոջը և ուղարկել Պարսկաստան: Մեր առաջին ջանքը պետք է լինի` ապահովել տիկնոջ անձը: Կորցնելով նրան, մենք շատ բան կկորցնենք: Նրա անունով պետք է գործենք մենք, նրա անունով պետք է շարժենք ժողովրդին: Ես հավատացած եմ, որ տատանվող գահի վտանգը, թագավոր-ամուսնի կորուստը, թագաժառանգ-որդուց զրկվիլը, այդ բոլոր դժբախտ արկածները, ավելի քան մեզանից ամեն մեկին, պետք է դրդեն տիկնոջը` այժմյան տագնապի մեջ` պաշտպան հանդիսանալ Արշակունյաց կործանվող գահին: Եվ նա այնքան քաջություն ունի, որ կանե այդ:

Մեսրոպը կրկին վեր առեց Որմիզդուխտի Սամվելին հանձնած նամակը, սկսեց լուռ կարդալ:

Նույն սենյակում պատից քարշ էր ընկած Մամիկոնյան Վաչեի պատկերը: Իսկ պատկերի ներքև քարշ էր ընկած այդ հերոսի սուրը: Սամվելը, վերջացնելով յուր փոքրիկ ճառը, մի առանձին պատկառանքով մոտեցավ պատկերին, վեր առեց սուրը և, դնելով Սահակ Պարթևի առջև, ասաց.

Այդ սուրը այն քաջի սուրն է, որի արթուն հոգին ուշադրությամբ նայում է մեզ վրա, — նա ձեռքը տարավ դեպի պատկերը: — Քառասուն տարի հազիվ անցել է այն օրից, երբ պարսից հետ մղած արյունահեղ կռվի մեջ ընկավ այդ քաջը և յուր մահվամբ ամբողջ Հայաստանը սուգի մեջ դրեց: Մամիկոնյան տոհմից ոչ ոք մնաց, որ ժառանգեր հայոց սպարապետության պաշտոնը: Ամենքը ընկան նույն կռվի մեջ: Մնաց միայն հանգուցյալի որդի Արտավազդը, որը դեռ մանուկ էր և երեխա: Թագավորը (Խոսրով Բ) և քո պապ Վրթանես հայրապետը, Սահա՜կ, բերել տվին մանուկ Արտավազդին թագավորական արքունիքը: Այնտեղ էին հայոց նախարարները, այնտեղ էր և հայոց բարձր ազատանին: Թագավորը գրկեց մանուկին, իսկ մեծ հայրապետը վեր առեց հոր սպարապետական պատվանշանը և հանդիսավոր կերպով կապեց որդու գլխին, վեր առեց և հոր սուրը, օրհնելով, կապեց որդու մեջքին: Հետո հանձնեցին մանուկին Շիրակա իշխան Արշավիր Կամսարականի և Սյունյաց Անդովկ իշխանի (որոնք երկուքն էլ Մամիկոնյանների փեսաներն էին) հոգաբարձությանը, որ խնամք տանեն, մինչև մեծանա և հոր սպարապետությունը ժառանգե: Ահա՜ նույն սուրը դրած է քո առջև: Սահակ, քո պապի բերանով օրհնյալ սուրը: Քե՜զ է վայելում, Սահակ, որպես հայոց հայրապետական տան սրբազան ժառանգին, վեր առնել այդ սուրը և հանձնել իմ հորեղբոր որդի Մուշեղին, հրատարակելով նրան հայոց սպարապետ:

Վերջին առաջարկությունը խիստ սրտաշարժ էր: Վեհազնյա Պարթևը չկարողացավ զսպել յուր արտասուքը: Պատմության տխուր կրկնողությունը նույնն էր, ինչ որ քառասուն տարի առաջ: Մամիկոնյան Վաչեն սպանվեցավ պարսից դեմ մղած կռվի մեջ, և Սահակի պապըՎրթանես հայրապետը նրա անչափահաս որդուն սպարապետ հրատարակեց: Մուշեղի հայրըՎասակ սպարապետընույնպես սպանված էր պարսից Շապուհ արքայից: Բայց Մուշեղը դեռ չգիտեր այդ: Նա յուր հորը դեռ կենդանի էր համարում և աքսորված յուր թագավորի հետ: Այժմ ինչպե՞ս պետք էր հայտնել նրան հոր ցավալի մահը և նրա, առանց դրան ևս, վշտերով ծանրացած սրտի վրա մի նոր և անմխիթար վիշտ ավելացնել: Այդ էր, որ շարժեց Սահակի սիրտը: Բայց նա բարվոք համարեց լռել այդ մասին: Խորին, ցավակցական զգացմունքներով վերառեց սուրը, արտասանելով հետևյալ խոսքերը.

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ այդ հանդիսավոր րոպեում, երբ մեր հայրենիքի բախտն է վճռվում, ինձ է վիճակվում այդ սուրը հանձնել քեզ, Մուշեղ: Դա քո նախահարց փառքն է, իսկ նրանց արժանավոր ժառանգների` պարծանքը: Այո՜, Մամիկոնյան տոհմը իրավունք ունի պարծենալու այդ սրով, որ մեր աշխարհի ամեն մի ճգնաժամի ժամանակ պաշտպան է հանդիսացել հայրենիքին: Տրդատի օրերում այդ սուրը ջնջեց Սլկունիների քաջ ցեղը, որոնք, ապստամբվելով իրանց թագավորի դեմ, անցան թշնամու կողմը: Տրդատի որդի Խոսրովի օրերում այդ սուրը փշրեց մեր դարևոր թշնամի պարսից զորությունը: Խոսրովի որդի Տիրանի օրերում այդ սուրը մերկացավ բնիկ թագավորի դեմ, երբ նա սկսեց անխնա կոտորել հայոց նախարարների անչափահաս զավակներին: Իսկ Տիրանի որդի Արշակի օրերում, որ մեր այժմյան դժբախտ թագավորն է, այդ սուրը, Մուշեղ, քո հոր ձեռքում, ոչ սակավ անգամ. խորտակեց Շապուհի ահագին զորությունները: Նա մնաց միշտ անարատ և երբեք վատությունը, երկչոտությունը բիծ չդրեց նրա վրա: Դրա մեջն է Մամիկոնյանների մեծությունը: Միշտ անաչառ է եղել այդ սուրը թե՜ դեպի օտարները և թե՜ դեպի յուր հարազատները: Քո հայրը, Մուշե՜ղ, այդ սրով սպանեց յուր եղբայր Վարդանին, երբ նա դավաճանեց հայրենիքին: Արդարությունը, իրավունքը, նեղյալի և տառապյալի պաշտպանությունը միշտ եղել են այդ սրի բարձր, քաջազնական գաղափարը: Քո հայրը, Մուշե՜ղ, զոհ եղավ յուր անսահման հայրենասիրությանը... Քո հորը պատահած ցավալի անցքից հետո, քե՜զ, երանելի հոր արժանավոր որդուն, քե՜զ միայն վայել է կրել այդ սուրը և անցնել հայոց զորքերի գլուխը: Վտանգը մոտ է և տառապյալ հայրենիքի տխուր հառաչանքները կոչում են քեզ, Մուշեղ, ընդունել այդ զենքը, որի մեջ պետք է գտնե նա յուր փրկությունը: Եվ դու այնքան քաջ ես և անձնանվեր, որ կարդարացնես նրա սրտագին հույսերը...

Խորին տխրությամբ ընդունեց քաջազնյա երիտասարդը նախահարց սուրը, ասելով.

Ես իմ տոհմի մեջ ամենադժբախտն եմ համարում ինձ, ընդունելով այդ սուրը: Իմ նախնիքը ավելի բախտավոր գտնվեցան, նրանք այդ սրով պատերազմեցին օտարների հետ, իսկ ես պետք է պատերազմեմ իմ հարազատի հետ... Թշնամու զորքերին առաջնորդում է իմ հորեղբայրը... Թո՜ղ օրհնյալ լինի նախախնամողի կամքը, թո՜ղ նա զորություն տա իմ բազուկներին, այդ սրով մաքրել այն արատը, որ իմ հարազատը պետք է դնե մեր տոհմի վրա...

Սամվելի դեմքը մինչև այդ րոպեն փայլում էր ուրախությունից, բայց լսելով վերջին խոսքերը, մռայլվեցավ նա: Մուշեղի ակնարկությունները վերաբերում էին նրա հորը: Սահակը նկատեց դժբախտ երիտասարդի հուզմունքը և, դառնալով դեպի նա, հարցրեց.

Դու միևնույնը չէի ր անի, ի՞նչ որ ասաց Մուշեղը:

Ես ավելին կանեի... և կանե՛մ.,. — պատասխանեց Սամվելը դառնությամբ լի ձայնով:

Ուրեմն ամեն ինչ վերջացած է: Խոսենք գործի վրա:

Վեհազնյա Պարթևը աչք ածեց դեպի յուր խորհրդակիցները և շարունակեց.

Սամվելը յուր գեղեցիկ ճառի մեջ շատ ճիշտ նկատեց, որ մենք պետք է գործենք հայոց տիկնոջ անունով և պետք է նրա հրամանով շարժենք թե՜ նախարարներին, և թե՜ ժողովրդին: Այդ անհրաժեշտությունը կարևոր համարելով, ես նախքան Տարոն գալը Վաղարշապատում տեսնվեցա տիկնոջ հետ: Նա ավելի քան մեզանից յուրաքանչյուրը` ոգևորված է մեր աշխարհի փրկության գործով: Նա դրեց մեր իրավունքի ներքո արքայական ամբողջ գանձը և, բացի դրանից, յուր սեփական հարստությունը և մինչև անգամ յուր զարդերը: Նա հանձնեց ինձ յուր մատանին, իրավունք տալով, ամեն տեսակ հրամաններ կնքել նրանով:

Նա դուրս բերեց յուր ծոցից տիկնոջ մատանին և դրեց սեղանի վրա, ասելով.

ժամանակավոր բարձրագույն կառավարությունը, որ առաջարկեց Սամվելը և որի հետ մենք ամենքս համաձայն ենք, պետք է հենց այս րոպեից կազմված համարել: Թո՛ղ Տրդատի և մեր լուսավորչի հոր աստվածը զորացնե մեր ձեռնարկությունը: Կրոնի, ազգի, հայրենիքի փրկությունը և նրանց պաշտպանության համար ամեն զոհաբերություն հանձն առնելը` կլինի մեր կռիվների նշանաբանը: Ես մեծ հույսեր ունեմ, որ եթե չհաղթենք, գոնե պատվով կմեռնենք...

Նա կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց.

Ես առավոտյան պետք է մեկնեմ այստեղից, ինձ. հետ պետք է տանեմ և Մեսրոպին: Գիշերը դեռ բոլորովին չէ անցել, դեռ բավական ժամանակ ունենք: Թող Մեսրոպը սկսե գրել հարկավոր հրամանները, որ պետք է հղել նշանավոր նախարարներին: Այդ հրովարտակների վրա կդրվին` նախ տիկնոջ կնիքը և ապա մեր յուրաքանչյուրի կնիքները: Իսկ թե որտե՞ղ պետք է կենտրոնանան մեր գլխավոր ուժերը, այդ քո մտածելու խնդիրն է, Մուշեղ. դու ավելի հմուտ ես պատերազմի գործերում:

Արտագերս ամրոցում, — պատասխանեց նա:

Ես էլ նույն կարծիքին եմ, — ասաց Պարթևը: — Արարատը, որ մեր աշխարհի սիրտն է, պետք է պաշտպանվի: Կորցնելով սիրտը, կկորցնենք և կյանքը...

Սկսի՜ր գրել, Մեսրոպ, — դարձավ նա դեպի քարտուղարը, տալով նրան մի քանի առաջնակարգ նախարարների անուններ:

Մեսրոպը վեր առեց գրիչը և մագաղաթը:

Այդ միջոցին ամրոցում մի այլ տեղ նույնպես քնած չէին: Յուր առանձնասենյակում, բարձր բազմոցի վրա, նստած էր Սամվելի մայրը, իսկ նրա ներքևը, հատակի վրա, կուչ էր եկած մի փոքրիկ մարդ: Նա յուր ծնկան վրա դրած ուներ մագաղաթի թերթը, նույնպես գրում էր և երբեմն յուր նիհար դեմքը, նեղ աչքերով, դարձնում էր դեպի տիկինը, հարցնելով.

Էլ ի՞նչ գրեմ ...

Երբ վերջացրեց, երկու նամակներ դրեց տիկնոջ առջև, ասելով.

Այդ մեկը իշխան Մերուժանի նամակն է, իսկ մյուսը իմ տիրոջ Վահան իշխանի նամակն է:

Տիկինը յուր ձեռքով ծրարեց ամուսնի նամակը:

ԺԷ

ԿՆՈՋ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մյուս օրը, չնայելով անձրևային խոնավ եղանակին, Սահակ Պարթևը և Մեսրոպը վաղ առավոտյան ներկայացան տիկին Մամիկոնյանին և, «մնաք բարյավ» ասելով, հեռացան Ողական ամրոցից: Տիկնոջ թախանձանքը, մինչև անգամ արտասուքը, անզոր եղան գոնե մի օրով ավելի պահելու յուր համառ հյուրերին, որպեսզի ինքը փոքր ի շատե միջոց ունենար ապացուցանելու յուր «բարեկամության և հյուրասիրության խորին մեծարանքը»:

Սամվելը գնաց նրանց ճանապարհ դնելու մինչև մերձակա իջևանը: Նա պետք է վերադառնար երեկոյան:

Սահակի և Մեսրոպի գնալուց հետո, իշխան Մուշեղը մտածում էր փոքր ի շատե կարգի դնել յուր ընտանեկան գործերը, որովհետև նա ևս մի քանի օրից հետո պետք է թողներ Ողական ամրոցը: Բոլոր ժամանակը նա յուր խելքով, յուր մտքով և յուր հոգու ամբողջ եռանդով հափշտակված լինելով միայն հայրենիքի գործերով, բոլորովին մոռացել էր յուր տունը: Այժմ միայն ներկայացավ նրան մի նոր հոգս և մի նոր զբաղմունք: Սպարապետի և զորավարի ինքնազոհությունը մաքառում էր նրա մեջ` ամուսնի և ընտանիքի հոր զգացմունքների հետ: Նա պետք է գնար: Ո՞վ գիտե, գուցե այլևս չվերադառնար... Բայց ի՞նչ կլիներ յուր բացակայության ժամանակ անպաշտպան ընտանիքի դրությունը: Ո՞ւմ հանձներ, ո՞ւմ խնամակալության ապավիներ: Նա պետք է գնար թշնամու հետ զարկվելու: Բայց գլխավոր թշնամին հենց յուր տան մեջն էր: Նա տարակույս չուներ, որ երբ կսկսվեր պատերազմի փոթորիկը, հենց ինքը, Սամվելի մայրը, կհանձներ նրա զավակներին, նրա կնոջը պարսից զինվորների ձեռքը, և նրանց կտանեին և, իբրև գրավական, կպահեին, հորը զինաթափ անելու համար:

Ապագան յուր բոլոր սարսափանքով ներկայանում էր նրա աչքում: Նրան շատ հասկանալի էր պարսից արքունիքի խորամանկ կարգադրությունը, որով խստիվ պատվիրված էր` կալանավորել հայոց նշանավոր նախարարների ընտանիքները և պահել առանձին բերդերում: Եվ այդ պետք է իրագործվեր Մերուժանի և Սամվելի հոր ձեռքով: Նպատակը պարզ էր: Նրանք լավ հաշվել էին, թե հայրերը բանակում կլինեն, իսկ ընտանիքները տանը թողած: Կալանավորելով ընտանիքներ, նրանց երկյուղով կսանձահարեն ծնողներին, զգալ տալով, թե ամեն մի հակառակ քայլ կարող էր նրանց զավակների և կանանց կյանքը վտանգի ենթարկել:

Որքա՞ն ավելի ուշադրություն պետք է դարձնեին Մուշեղի, որպես հայոց սպարապետի, ընտանիքի վրա: Այդ մտատանջությունների մեջ տատանվում էր նա, երբ սենյակի դռները բացվեցան, ներս մտավ մի մանկահասակ կին, իսկ նրա ետևից աղախինը, որ գրկում բռնած ուներ մի կլորիկ երեխա:

— «Այո՛ւ»... «այո՛ւ»... լսելի եղավ երեխայի թոթովանքը և նա, հեռվից փոքրիկ ձեռիկները վեր բարձրացնելով, ողջունեց հոր առավոտը:

Հայրը մոտեցավ, աղախնի գրկից առեց զավակին, սեղմեց յուր կուրծքի վրա:

Ամբողջ գիշերը անցկացրած լինելով Սահակի, Մեսրոպի և Սամվելի հետ, նա յուր կնոջը չէր տեսել: Կինր եկել էր տեսնելու ամուսնին:

Երեխան գրկում իշխանը եկավ, նստեց բազմոցի վրա, իսկ կինը կանգնած մնաց նրանց հանդեպ և, խորին զմայլմունքով, նայում էր հոր խաղերին յուր զավակի հետ: Նա երբեմն մատը դիպցնում էր ուրախ մանուկի լիքը թշերին, և ամեն անգամ կանչվռտում էր, ծիծաղում էր նա, և այդ հրեշտակային ծիծաղի միջոցին նրա փոքրիկ բերանը թաքչում էր գիրգ թշերի ալիքների մեջ:

Երեկվանից դարձյալ մի նոր բան է սովորել, — հաղորդեց մայրը ուրախությամբ:

Իմ գառնուկը մի՛շտ նոր բան է սովորում, մի՛շտ նոր բան է սովորում, — ձայն տվեց հայրը և փայփայեց նրա խարտյաշ գանգուրները: — Ի՞նչ է սովորել:

Մայրը դարձավ դեպի աղախինը, որը մոտեցավ, չոքեց փոքրիկ Մուշեղի առջև, ցույց տալու նրա նոր օյինբազությունը: Նա ձեռքը դրեց երեսին, գլուխը մի կողմ թեքեց և, աչքերը խփելով, ասաց.

Մուշեղ, նա՛ նե՛նք:

Երեխան նույնպես աչքերը խփեց, գլուխը դրեց հոր կուրծքի վրա և ձևացրեց, իբր թե քնում է: Բայց երկար համբերել չկարողացավ, շուտով սկսեց ծիծաղել և աչքերը բաց արավ:

Ա՜յ, սատանա, — նկատեց հայրը, սեղմելով նրան յուր գրկի մեջ, — նա քեզ է խաբում, դու նրան ես խաբում:

Երեխան, կարծես վիրավորվելով հոր նկատողությունից, մի ճարպիկ ոստյուն գործեց նրա գրկում և երկու ձեռիկները մեկնեց դեպի մայրը:

Մայրը առեց նրան գիրկը, հեգնելով.

Դու երեխային գրավելու շնորհք չունես:

Ձանձրացավ ինձանից... — ասաց հայրը և նրա ուրախ դեմքի վրա անցավ տխրության մթին մռայլը:

Կինը նկատեց այդ:

Բայց զվարճասեր երեխան մոր գրկում ևս ձանձրացավ, սկսեց թռչկոտել դեպի աղախինը և նրան դեպի ինքը հրապուրելու ցույցեր անել: Աղախինը մոտեցավ: Մայրը երեխային հանձնեց նրան, ասելով.

Դուրս տար դրան:

Այժմ հանգիստ էր նա, այժմ յուր ընտելացած գրկումն էր: Նախասենյակից լսելի եղավ նրա վերջին «այո՛ւ»-«այո՛ւն» — նրա մանկական մնաք բարյավը, որ շարժեց հոր բոլոր սրտագին զգացմունքները: Նրա դեմքը ավելի մռայլվեցավ:

Երբ երկու ամուսինները մնացին միայնակ, կինը մի առանձին կարեկցությամբ նայեց յուր սիրելիի երեսին, հարցնելով,

Դու այս առավոտ սաստիկ գունաթափ ես, երևի ամբողջ գիշերը չես քնել:

Ի նչ գիտես, որ չեմ քնել, — հարցրեց իշխանը:

Գիշերը մի քանի անգամ դուրս եկա, նայեցի լուսամուտներին, ճրագը դեռ վառվում էր: Դու սովորություն չունես քնելու ժամանակ ճրագը վառ թողնել:

Ուրեմն դո՞ւ էլ չես քնել:

Մի քաղցր ժպիտ եղավ Մուշեղի պատասխանը: Այդ ժպիտը այրեց նրա սիրտը: Մի գիշեր միայն նա միայնակ էր թողել սիրելի կնոջը, և նա անհանգիստ էր եղել, չէր կարողացել քնել: Բայց եթե երկար, շատ երկար բաժանվելո՞ւ լիներ նրանից...

Տիկինը նստեց նրա մոտ և ձեռքը առեց յուր ափերի մեջ: Նա դարձյալ դիմեց ամուսնին առաջին հարցով, որի մասին բավականացուցիչ պատասխան չստացավ:

Ի՞նչ է պատահել քեզ հետ, ինչո՞ւ հանկարծ տխրեցիր:

Ինչպե՞ս բացատրել, թե ի՜նչ էր պատահել: Շատ բան էր պատահել: Եվ շատ բաներ ևս պատահելու էին... Արդյոք կնոջ քնքուշ սիրտը այնքան ամրություն կունենա՞ր բոլորը լսելու:

Մուշեղը սկսեց ավելի մեղմ կերպով.

Տեսնո՞ւմ ես, Սաթենի՜կ, մի գիշեր միայն բաժանվեցա քեզանից և դու անհանգիստ եղար, բայց եթե պատահեր երկա՞ր բաժանվել քեզանից:

Ես ավելի երկար կտանջվեի, — պատասխանեց կինը:

Եվ դու կհամբերեի՞ր մեր անջատմանը:

Կսովորեի համբերել, եթե այդ անհրաժեշտ լիներ:

Ի՞նչ դեպքերում դու անհրաժեշտ կհամարեիր:

Այն դեպքերում, որ շատ անգամ պատահել է, օրինակ, եթե դու կռվելու գնայիր:

Շուտով գնալու եմ...

Կինը չէր սպասում մի այդպիսի պատասխանի: Նա պատրաստ էր ետ առնել յուր խոսքը, բայց արդեն ուշ էր: Նա յուր համաձայնությունը հայտնեց, առանց կանխապես իմանալու ամուսնի դիտավորությունը: Եվ մի մեծ բան կորցնողի նման, գլուխը խոնարհեցրած, արտասվալի աչքերով հածում էր հատակի նախշուն գորգերի վրա, թեև յուր կորցրածը գտնելու հույսից շատ հեռու էր: Կնոջ այդ մոլորված, շվարված դրությունը սաստիկ ազդեց Մուշեղի վրա, որին առաջին անգամ էր պատահում փորձել դեռահաս ամուսնի սրտի քաջությունը: Նա դարձավ դեպի յուր սիրելին, ասելով,

Սաթենի՜կ, շուտով կոտրվեցար, ես քեզ այդ աստիճան թուլասիրտ չէի համարում:

Ես թուլասիրտ չեմ, — պատասխանեց նա հեկեկալով: — Բայց ի՛նչ անեմ... երեք տարին դեռ չէ լրացել, որ մենք ամուսնացել ենք, և այն օրից, որ ես այս տունն եմ մտել, քեզ մի օր անգամ հանգիստ չեմ տեսել... Դու միշտ քո նետերով ես սրբել քո ճակատի քրտինքը... Մի՛շտ կռիվ... մի՛շտ արյուն... մի՛շտ կոտորած... Ե՞րբ պետք է վերջ դրվի այդ արյունհեղություններին...

Երբե՜ք, — պատասխանեց այրը զգալի ձայնով, — քանի որ մարդկային իրավունքը միայն սրով կչափվի...

Կինը ոչինչ չխոսեց: Նա գլուխը դեռևս խոնարհեցրած ուներ և, կարծես, սարսափում էր նայել ամուսնի զայրացած աչքերի մեջ:

Նա շարունակեց ավելի մեղմ ձայնով.

Ի՞նչ կանեիր դու, նազելի Սաթենիկ, երբ մի առավոտ, քո փափուկ անկողնում, քո խաղաղ քունը կխռովեցներ կատաղի խուժանի վայրենի աղմուկը, և դու գեղեցիկ աչքերդ բաց կանեիր, կտեսնեիր քո անարատ առագաստը շրջապատված գազաններով... Քո սիրելի Մուշեղին, որի յուրաքանչյուր ժպիտը այնքան քաղցր է քեզ համար, որի յուրաքանչյուր մնչյունը անսահման ուրախություն է պատճառում քեզ, — քո սրտի հատորին կխլեին օրորոցից և կզարկեին գետնին... Քո փառավոր սենյակը կմերկացնեին յուր զարդերից, և քեզ ոտաբոբիկ ու հերարձակ կվարեին դեպի Պարսկաստան... Այնտե՜ղ, այն ստրուկների և թշվառների աշխարհում, ամեն օր վաղ առավոտյան, անգութ վերակացուի երկաթյա մտրակը կքշեր քեզ` ուրիշ գերիների խումբերի հետ` դեպի արևակեզ Սուզայի դաշտերը: Եվ դու քո քնքուշ մատներով քաղահան կանեիր պարսիկների մեկոնի (աֆիոնի) մշակությունները, որի թույնը նրանց հրապուրանք և զվարճություն է պատճառում: Կանցնեի՛ն տարիներ, հայրենիքի փափագը, սիրելյաց կարոտը, տաժանակիր աշխատանքը հալումաշ կանեին քո մարմինն ու հոգին, և մի օր մենավոր ճանապարհորդը կանցներ քո մոտով և ուշադրություն կդարձներ թշվառ կնոջ վրա: Այդ ժամանակ քո գոռոզ վերակացուն, մատը դեպի քեզ մեկնելով, կասեր ուղևորին, «Դա հայոց սպարապետի կինն է և Մոկաց իշխանի աղջիկը»... Լսո՞ւմ ես, Սաթենիկ, թե ինչո՞ւ համար է կռիվը կամ ինչո՞ւ համար է արյունը, որ դրանք չլինեին:

Next page