Րաֆֆի՝   Պատմվածքներ

Ներեցեք, Սոֆի Իվանովնաայդպես էր օրիորդի անունըներեցե՜ք, որ այդպես պատահեցավ:

Մեդվեդովսկին խոսք էր տվել նրանց՝ միասին գնալ երեկոյան զբոսանքի:

Նա միշտ խաբել գիտե, — ավելացրեց օրիորդի մայրն ընտանեկան հանդիմանությամբ:

Ներեցե՜ք, Մարիա Վասիլևնա, — դարձավ երիտասարդը դեպի մայրը, — ես այստեղ ուշացա մի ընկերի մոտ:

Նրանք շարունակեցին գնալ:

ՔԱՎԹԱՌ

Ա

1873 թվականն էր:

Չինաստանի Թին-թին-Թվիզ քաղաքի «Սպիտակ-Լուսնի» հյուրանոցը լուսավորված էր բավականին աղոտ լույսով: Երկու զուգահեռաբար գրած սեղանների վրա՝ տեղ-տեղ կարմիր գինով մրկտված սփռոցները, կարգով շարած ամանները՝ ուտելու խոշոր պարագաներով գրգռում էին հաճախորդների մեջ գայլի ախորժակ:

Այդ սեղաններից մինի շուրջը բոլորած էին մի քանի երիտասարդներ, — երիտասարդներ ավարտած, կիսավարտ, երիտասարդներ դատարկ գլխով և մեծ պահանջմունքներով: Դրանք էին նոր սերնդի ներկայացուցիչները, իրանց թարմ ուժերով և նոր մտքերով:

Նրանցից մինը ծույլ կերպով յուր մարմինը վեր էր թողած աթոռի վրա՝ թևքը տված սեղանին, երևի շատ գոհ էր այդ կարասիքներից, որոնք կարողացել էին բռնել նրա թմրած անդամները: Նա հագնված էր բավականին մաքուր կերպով, նրա կուրծքը զարդարված էր ոսկի շղթայով և մատի վրա փայլում էր գոհար մատանի: Նրա հիմար-կովային դեմքը, խնամքով ածելած թշերը, սառն, անխորհուրդ աչքերը, կոկած և յուղած մազերը պատկերացնում էին խիստ ապուշ և մեղկ բնավորություն: Երեսի վրա դուրս փչած կարմիր պզուկներր ցույց էին տալիս, թե պարոնը խիստ սերտ հարաբերություններ ուներ վեներայի հետ:

Երիտասարդը ուսումնական էր: Նա ուսումնական էր, որովհետև ուներ դիպլոմ, որը ստացավ իբրև վկայական յուր՝ Նանկինում մի քանի տարի մոլի և անբարոյական կյանք վարելուց: Նրա անունը թարգմանվում է հայոց խոսքերով Ջուր-ծամող:

Նրա մոտ լուռ նստած էր մի փոքրիկ մարդ, որի ցամաք, որպես շինականի տրեխ դեմքը, կատվանման ռեխը, նեղ ու հուլունքի պես պսպղուն աչքերը բացատրում էին մի ստոր և կեղտոտ հոգու պատկերը: Դժոխքի մուկը միայն յուր ստորաքարշ հատկություններով կարող էր մրցություն անել այդ ծածկամիտ և նենգավոր բնավորության հետ: Նա մի ձեռքով թշնամաբար քաշքշում էր յուր քոսա միրուքի մազերը, միևնույն րոպեին, երևում էր, յուր սրտումը հաշիվ էր տեսնում Սադայելի հետ: Պարոնի անունը հայոց խոսքերով թարգմանվում էր Սատկած-ոջիլ:

Հանկարծ Ջուր-ծամողի կովային երեսը ցնցվեցավ մի թթու Ժպիտով նա գոչեց.

Տրակտիրչի՜կ, բե՜ր մազերդ քաշեմ:

Նա ամենևին չշարժվեցավ յուր տեղից, կարծես շատ գոհ մնաց յուր լեզվից, որ կարողացավ արտասանել այդքան շատ բառեր:

Նրան մոտեցավ պանդոկապետը, մի շիկահեր երիտասարդ, թեթև... ծնոտի վրա, խելացի և ազնիվ դեմքով, որի հպարտ և անձնասեր շարժվածքը ամենևին չէին ցույց տալիս պանդոկապետներին հատուկ ստորաքարշ հայհոյամոլությունը: Երևում էր, որ, հանգամանքներից ստիպված՝ այդ պարոնն ընդունել էր յուր կոչմանը անհարմար մի պաշտոն: Այսուամենայնիվ, լսելով Ջուր-ծամողի հիվանդ ձայնը՝ նրա հետաքրքրությունը շարժվեցավ և մոտ գնաց, հարցնելով.

Հը՛մ, էլի ի՞նչ կա:

Բե՜ր մազերդ քաշեմ, — կրկնեց Ջուր-ծամողը, ձեռքը շարժելով:

Դու կարա՞ս իմ մազերը քաշել, — հարցրեց պանդոկապետը, — դու խոմ մարդ չես, դու Բաղդադի թամբալներիցն ես, որ պառկում են արմավենու տակ, բերանները բաց են անում, գուցե մի բարի բախտով խուրման ինքն իրան ընկնի նրանց բերանը:

Ջուր-ծամողին երևի դուր եկան այդ խոսքերը, որ նկարագրում էին նրա հերոսական բնավորությունը, և նա, յուր ռեխին խիստ հարմար ձև տալով՝ դարձյալ կրկնեց.

Շատ մի՜ հաչեր, բե՜ր մազերդ քաշեմ:

Դե՜, քաշիր, — ասավ պանդոկապետը, բարձրացնելով յուր սարսափելի մուշտին: Ջուր-ծամողը զարհուրելով ետ քաշվեցավ, զրկվելով յուր սովորական զվարճությունից:

Սատկած-ոջիլը, որ բոլոր ժամանակը լուռ նայում էր այդ դրամատիկական հանդեսին ավելի ախորժանքով ձիգ տվեց յուր քոսա միրուքի մազերը և նրա՝ արյունից քամված տզրուկի նման շրթունքների միշից լսելի եղավ խի՛... խի՛... խի՛... մի ծիծաղ, որ ավելի նման էր հոգեվարք կատվի հեծկլտոցին:

Բ

Սույն միջոցին հյուրանոցը ներս մտավ մի պարոն: Դա մի փոքրիկ մարդ էր, կարճլիկ հասակով, ցամաքած մարմնով և տարիքն անցած, որը կամենալով յուր էշն էլ երիտասարդության քարվանին խառնել՝ ձևացնում էր իրան որքան կարելի է մանկահասակ: Նրա կապկանման գորշ դեմքը, նենգավոր աչքերը, խառնիխուռն մազերը, կծկված մորուքը, բացատրում էին կեղծավորություն և խռովարար բնավորություն: Կարծես ստեպ-ստեպ թեքվելուց, խոնարհվելուց և նշանակություն ունեցող պարոնների ոտքերը լիզելուց՝ նրա մեջքը ծովել էր յուր սովորական ուղղությունից և ստացել էր փոքր-ինչ սապատողական ձև: Իսկ հմուտ ֆիզիոլոգները, այդ երևույթը մի այլ անսպասելի պատճառի էին ընծայում...

Այդ մարդը կարծես ներկայացնում էր այն օձը, որ ներս սողաց նախաստեղծ մարդերի անմեղ բնակարանը:

Այսուամենայնիվ, նրա երևալը մի առանձին հաճություն պատճառեց Ջուր-ծամողին, և սա փոխելով յուր նվիրական անշարժությունը՝ դարձավ դեպի նորեկ պարոնը, ասելով.

Հա՜, Քավթա՜ռ, վերջապես եկա՞ր դու:

Պանդոկապետը սկսեց ծիծաղել: Իսկ Քավթառըայդպես էր եկվորի անունըմոտենալով Ջուր-ծամողին՝ ասաց.

Տո՜, մեռած, հալա սա՞ղ ես:

Քեզ պետք է թաղեմ, Քավթառ, դու պառավել ես, ատամներդ թափվել են, բայց ես ջահել եմ, հալա չեմ մեռնի, — պատասխանեց Ջուր-ծամողը:

Իսկ Քավթառը ցույց տալու համար, թե դեռ երիտասարդ է՝ նստեց աթոռի վրա և բաժակը սեղանին զարկելով, կոչեց.

Ըստ կարգին:

Այդ սովորական խոսքի իմաստը վաղուց ծանոթ լինելով պանդոկապետին՝ դրեց նրա առջև մի շիշ գինի, ասելով.

Դե՜, լկիր:

Քավթառը սկսեց խմել և ծխել:

Գ

Այդ րոպեին գնդախաղի դահլիճից դուրս եկավ մի սևուկ երիտասարդ, բարձրահասակ, թուխ, գանգուր մազերով, երկճղի մորուքով, քիթը զինվորած պենսնեով: Նրա սևորակ աչքերը, գիժ մոզու աչքերի նման վառվում էին մի տարապայման կրակով:

Շամշու-ղամար, — կոչեց նա մոտենալով առաջիններին, և միմոսական կերպով կռանալով դեպի Ջուր-ծամողը՝ ասաց,

Տո՜, գուդաուրի, վո՞ւնց ես, — և դառնալով դեպի Քավթառը՝ ասաց.

Տո՜, իշի մամիդա, վո՞ւնց ես, ջեր սա՞ղ ես:

Դա Նոյի ագռավն է, դա չի սատկի, — մեջ մտավ Ջուր-ծամողը:

Հա՛ ... հա՛ ... հա՛... — ծիծաղեց և Սուտ-փրթփրթողըայդպես էր նրա անունըև նստեց առաջինների մոտ:

Ո՞ւր է Իծի-մորուքը, չէ երևում, — հարցրեց նա:

— «Շան անունը տաս, պոչը ժաժ կտատ», ահա՜, — ձեռքը մեկնելով դեպի դուռը՝ ասաց Քավթառը:

Եվ իրավ, ներս մտավ մի երիտասարդ միջակ հասակով, ֆրանտ, մկան պոչի նման բարակ սպանիոլկով ծնոտի վրա, սև կոկած մազերով և թուխ աչքերով: Նրա ամբողջ կերպարանքը արտահայտում էր պճնասիրություն, վավաշոտ թուլություն և չար նախանձ: Կարծես այդ պարոնը խիստ գոհ չէր յուր բախտից, թե ինչո՞ւ աստված նրան տղջիկ չէր ստեղծել, թե ինչո՞ւ ինքը չէր կարող կրինոլին կամ յուբկա հագնել...

Իծի-մորուքըայդպես էր նոր եկվորի անունը, — մոտեցավ առաջիններին, ինչ-որ փսփսաց ականջին, մի քանի խոսք էլ անլսելի կերպով Ջուր-ծամողին ասաց, հետո ինչ-որ «լուի» անուն լսվեցավ, և իսկույն տիրեց րոպեական լռություն:

Սատկած-ոջիլը, որ բոլոր ժամանակը լուռ նստած էր, դարձյալ արձակեց մի այնպիսի ծիծաղխի՛ ... խի ՛ ... խի՛ ...

Բոլորի ուշադրությունը դարձավ դեպի նա, որը հանեց յուր ծոցից մի թերթ թուղթ և ցույց տվեց Քավթառին, մյուսներն էլ ամեն կողմից վրա թափվելով, սկսան նայել թղթի վրա:

Լա՜վ զարբազան ես գրի, — ասաց Սուտ-փրթփրթողը ուրախանալով:

Էս մինը ավելի լավ է, որ ոտանավորով ես գրել, — խոսեց Իծի-մորուքը: Ամենքի երեսի վրա փայլեց ուրախություն:

Գինի՛, — կանչեցին բոլորը ուրախանալով:

Սույն միջոցին նախասենյակից լսելի եղավ մեղեդիի հնչումները, դռները շառաչմամբ ետ գնացին, հպարտ քայլերով ներս մտավ մի այլ երիտասարդ, շագանակի գույն մազերով, վերարկուն անփույթ կերպով ձգած ուսին, և կզակը կապած սպիտակ թաշկինակով:

Ահա՜, Քամի-փչողն էլ, — ձայն տվեցին առաջինները, ցույց տալով եկվորին:

Իսկ Քամի-փչողը մոտեցավ նրանց: — Հը՛մ, Թաթոսնե՜ր, ի՞նչ խաբար, — հարցրեց:

Նրանք ցույց տվեցին նրան Սատկած-ոջիլի ոտանավորը: Քամի-փչողը աչքե անցնելով այն տողերը՝ կրկին արհամարհանքով ետ տվեց, ասելով ինքնաբավական հպարտությամբ.

Քե՜փ արեք, թե այդ գրվածքը չներգործե՝ ես մի «հավելված կու գրիմ»:

Վերջին խոսքերը կարծես ոգի շնչեցին Թաթոսների մեջ (այդ անունով էր կոչվում նրանց խումբը), և նրանք սկսեցին իրանց առաջին կինտոյուբանությունը, — հանաքներ անել, միմյանց լուտանքներ արձակել, ծիծաղել, հռհռալ, ուտել, խմել և այլն:

Երբ բոլորի կատարները տաքացած էին՝ վեր բարձրացավ Քավթառը, որպես Թաթոսական խմբի պատրիարքը և ասաց.

Պարոննե՜ր, այժմ դեպի գործ:

Բոլորը վեր կացան ընթրիքի սեղանից, առանձնացան մի անկյունում, բոլորեցին խաղաթղթի շուրջը և սկսվեցավ գործը...

Աքաղաղները երեք անգամ կանչել էին, տակավին մեր հերոսները գործում էին: Մոտեցավ պանդոկապետը և հրամայեց վերջացնել խաղը, ասելով՝ հյուրանոցի դռները պետք է կողպվին: Նրանք դադարեցան խաղալուց, և մի ամբողջ Ժամ հաշիվների վրա կռվելուց և միմյանց հայհոյելուց հետո թողին հյուրանոցը:

Հյուրանոցի մի անկյունում, սեղանի մոտ, որի վրա գրված էին զանազան լեզուների լրագիրներ, միայնակ նստած էր մի երիտասարդ: Նա մերթ-մերթ ըմպելով յուր մոտ գրած սև գարեջրի գավաթը, ծխում էր և կարդում էր: Այդ պարոնը, — միջակ հասակով, բարեձև կազմվածքով, բավականին պարկեշտ կերպով հագնված մի երիտասարդ էր, որի պատկառելի դեմքը, բարձր և լայն ճակատով, կարճ, խուճուճ մազերով, գանգուր մորուքով, երևի ստեպ-ստեպ պարապմունքից տկարացած աչքերով. — արտափայլում էր խիստ ծանր և խոհեմ բնավորություն: Նրա դեմքը տխուր էր, որպես ամպամած երկինքը, նրա աչքերում նկարված էր սաստիկ արհամարհանք դեպի յուր շրջակայքը:

Նա վերջացնելով գարեջրի գավաթը, կրկին վառեց յուր սիգարը, և ձեռքը ծնոտին դնելով, կրթնեցավ սեղանի վրա և սկսավ նայել Թաթոսների խմբին, թե որպես ճղճղում էին նրանք, որպիսի՜ լուտանքներ էին արձակում մինը մյուսին, և որպիսի՜ կռիվներ էին սարքում խաղի մեջ հաշիվների պատճառով:

Խեղճ երիտասարդի դեմքը ավելի մռայլվեցավ, և նա, խորին հոգոց հանելով, ասաց այդ խոսքերը, «Խմբագրությո՛ւն... և ազգային ուսումնարանի ուսուցիչնե՛ր... ահա մեր լուսավորիչները... խեղճ ազգ, ո՞ւմ ձեռքը հանձնել ես քո ճակատագիրը...»:

Մինչ նա այդ տխուր խորհրդածությանց մեջ էր, նրան մոտեցավ մի մանկահասակ պարոն կարճլիկ հասակով, համեստ, մոխրագույն հագուստով, նրա վսեմ դեմքը յուր արծվի, ցամաք, գունատված այտերով, փոքրիկ մորուքով, խելացի, կրիտիկական աչքերով բացատրում էին հանճար, և երկաթի կամքի հաստատամտություն:

Այդ երիտասարդը կարծես մաշված յուր կյանքի թարմ և զարդագեղ գարունքի մեջ, ներկայացնում էր անձնանվեր զոհաբերության պատկերը, գործի և աշխատության:

Ողջույն, ընկեր, — ասաց նա մի թեթև ժպիտով, մոտենալով առաջինին, — գիտե՞ս, մեղրաճանճերը դարձյալ սկսել են խռովել...

Ինչո՞ւ չեք ասում իշամեղուները, — նրա խոսքը կտրեց առաջինը:

Այս իշամեղուները, — կրկնեց փոքրիկ երիտասարդը, — հարկավոր է միայն Չաքուչին ասել մի փոքր մուխ տա նրանց:

Սույն միջոցին բայր օձի քայլերով մոտեցավ նրանց մի այլ երիտասարդ, ծաղկավեր մետաղի երեսով, սարսափելի, ծաղրական աչքերով, որի դեմքի ամեն մի գծերից արտահայտվում էր թունավոր երգիծաբանական պարսավանք դեպի ամեն մի տգեդ և զզվելի երևույթ, ընդ նմին և ազնիվ անկեղծություն:

Բարով, բարով, Չաքուչ, ո՞ւր էիր, — դարձան դեպի նա առաջին երիտասարդները:

Թափառում էի... լրտեսում էի... սևցնում էի... ջարդում էի... և փշրում էի… — պատասխանեց Չաքուչը ինքնաբավական արհամարհանոք:

Այդ քո պաշտոնն է, — ասաց երիտասարդը՝ արծվի քթով:

Թեև դու լրտեսում ես, պարոն, — ասաց տխրադեմ երիտասարդը, — բայց չես կարողացել նկատել մեր հասարակական գործերի ավելի խոշոր երևույթները:

Որպե՞ս, — աչքերը լայն բացելով հարցրեց Չաքուչը:

Սեպտեմբեր ամիսը եկավ, Ն.... ուսումնարանի ընտրողությունները մոտեցան, մեր լուսավորիչների կյանքի և մահու րոպեն հասավ...: Այդ պարոնները սկսել էին եկեղեցիների շեմքը մաշել... տանից տուն թրև գալ... և նշանակություն ունեցող աղաների և տիկինների շրթունքին մեղր քսեկ...

Իրավունք ունին, — պատասխանեց Չաքուչը, — այստեղ հացի խնդիրն է, նրանք պատերազմում են կյանքի գոյության համար: Հեշտ բան չէ՜ երկար տարիներով լուսավորության մենավաճառը յուր ձեռքին ունենալ, և հանկարծ զրկվել նրանից:

Նայեցեք, նայեցեք, լուսավորիչներին, — ասաց ժպտալով տխրադեմ երիտասարդը, ցույց տալով խաղացող Թաթոսների խմբին:

Չէ՜ կարելի մեղադրել նրանց, պարոններ, — ասաց փոքրիկ երիտասարդը արծվի քթով, — այդպես դատարկությամբ անցուցել են դրանք իրենց բոլոր կյանքը: Ես կճանաչեմ նրանց իրանց ուսանող ժամանակից: Ոչինչ չէին շինի, ոչինչ չէին կարդա, երբեմնապես միայն դասախոսություններ լսելու կերթային, իրանց ժամանակը կվատնեին այլ և այլ զվարճության տեղերում, պատուվաճառուհիների հետ կսիրախոսեին, և մի քանի տարի այսպիսի դատարկ կյանք վարելուց հետո, սատանան է խաբար թե որպես... մի ուսումնական տիտղոս ձեռք ձգելով, դառնում են դեպի իրանց հայրենիքը, դատարկ գլխով և դատարկ գրպաններով,

Իսկ այստե՞ղ, — հարցրեց Չաքուչը:

Այստեղ նրանց պահանջմունքները մեծ են. — Իրանց տգիտությանը բարձր նշանակություն տալ, աշխատել զանազան ինտրիգաներ սարքել, իրանցից բարձր ամենայն ուժեր ստորացնել, և իրանց անձնական եսը դուրս ձգել, այս և այն ազնիվ պարոնի պատվին մուր քսել, որ իրանց տգիտությունը չերևի, ամենատեսակ խորամանկություն, եզվիտություն բանեցնել, աշխատողների և գործողների անունը կոտրել, հասարակական գործերի մենավաճառը յուր ձեռքը ձգել, իրանց գրպանը պարարտացնել, որ կարողանան գիշերներ անցուցանել, ուտել, խմել, խաղալ, լրբանալ... և առավոտյան թուլացած, թմրած, և պատրաստ դասատուն երթալ, հորանջելով շուտ-շուտ ժամացույցին նայել, թե երբ զանգակի ձայն կլսվեր, որ ազատվեին իրանց անտանելի աշխատությունից... այսուամենայնիվ կույր ժողովուրդը ճանաչում է դրանց որպես լուսավորիչներ, ազգասերներ, որպես գործող մարդիկ:

— «Կույր ձին կույր էլ նալբանդ կունենա», — կնքեց Չաքուչը յուր խոսքը:

Երկու երիտասարդները խնդացին, — գնանք, պարոններ, գնանք մի փոքր օդ շնչելու, չարժե այդպիսի մարդերի հետ ժամանակ վարելասաց արծվի քթով երիտասարդը և երկուսն էլ դուրս եկան հյուրանոցից, երբ Քավթառը տասներորդ անգամ կոչում էր ըստ կարգին...

Դ

Ամեն գիշեր «Սպիտակ-Լուսնի» հյուրանոցը պատիվ ուներ այդ պատվական հյուրերն յուր մեջ ընդունելու: Ամեն գիշեր նրանք ուտում, խմում, միմյանց հետ հանաքներ էին անում, թուղթ էին խաղում, կռվում էին, հայհոյում էին և հեռանում հյուրանոցից:

Ովքե՞ր էին այդ պրոնները: — Ազգային լուսավորիչներ: Նրանց ձեռքումն էր ժողովրդի մտավորական և բացառական կրթությանուսումնարանը, մամուլը և երկու ամենազորեղ գործիքները:

Քավթառը տեսուչ էր քաղաքի հոգևոր դպրոցում՝ ուր ուսուցանվում էր Լամայի կրոնքը և Կոնֆուկիմոսի իմաստությունը, ուր պատրաստվում էին բարեպաշտ մանդարիններ: Ջուր-ծամողը տեսուչ էր մի օրիորդաց ուսումնարանի և պատրաստում էր կրթված հայրացուներ: Իսկ մնացածները վարժապետներ էին այդ երկու ուսումնարանների: Նրանք միևնույն ժամանակ խմբովին հրատարակում էին մի լրագիր «Միջատ-Չինաստանի» անունով, որ էր պաշտոնական օրգանը նույն քաղաքի մանդարինների գլխավորին, որի քթին անուշ խունկ էին ծխում և փոխարենը ստանում էին ամեն տարի մի հազար դուկատ կաշառք: Գլխավոր մանդարինը յուր կողմից պաշտպանում էր և հովանավորում նրանց, մտածելով, որ նրանց պրոպագանդայով շուտով մեծ դալայլամայի գահը կստանար: Այս պատճառով այդ մարդիկը փոխադարձաբար ամենասարսափելի կերպով միմյանց օգնում էին:

Գիշերն անցավ:

Թին-թին-Թվիզի մինարեթները դեռ նոր էին սկսել փայլել արևի առաջին ճառագայթներից, դեռ նոր թեյի թփերը վեր էին խնկում իրանց անույշ բուրմունքը:

«Սպիտակ-Լուսնի» գիշերային հյուրերից շատերը դեռ մրափում էին իրանց դահլիճներում և բաքոսի հետ երազներ էին տեսնում: Իսկ մի քանիսը, անքնությունից թմրած և թուլացած՝ զարթեցան, և հակամայից ստիպված, աչքերը ճմռելով սկսան դիմել դեպի իրանց գործը:

Ամենից վաղ Ջուր-ծամողը լվացվեցավ, սանդրվեցավ, կոկվեցավ և դիմեց դեպի օրիորդաց ուսումնարանը: Երբ սա հասավ՝ աղջիկները բոլորը հավաքվել էին և ուսումնարանի բակում խաղ էին անում: Երբ որ տեսան տեսչին՝ սրանցից մի քանի հասուն օրիորդներ վազեցին, նրա առաջը կտրեցին:

Պարոն տեսուչ, պարոն տեսուչ, — ասացին նրանք, — էգուց ձեր անվանակոչության տոնախմբությունն է, մենք պետք է գանք ձեզ մոտ շոկոլադ խմելու:

Շատ լավ, եկե՜ք, կոնֆետներ էլ կառնեմ ձեզ համար, — պատասխանեց տեսուչը ժպտալով:

Հի՛... հի՛... հի՛... — ծիծաղեցին օրիորդները և վազեցին, իրանց ընկերուհիներին պատմեցին նույն ուրախալի խոստմունքը:

Զանգակի ձայնը հնչեց: Աշակերտուհիները սկսան հավաքվել դասատունները:

Տեսուչը նույնպես սկսավ ման գալ դասատունները և նայել կարգերին:

Էդ թանաքամանը ո՞վ է տեղից շարժել, — կոչեց նա ժանգոտ ձայնով:

Աշակերտուհիներից ամեն մինը սկսավ երդվել, որ ինքը չէ արել: Տեսուչը ուղղեց թանաքամանը և մռմռալով անցավ: Նա տեսավ հատակի վրա ընկած մի փոքրիկ կտոր թուղթ:

Էդ ո՞ր անզգամն է ձգել, — գոռաց նա: Աշակերտուհիքը դարձյալ սկսան երդվել և ճիչ բարձրացնել:

Սո՛ւս, սո՛ւս, անպիտաններ, ես չե՞մ ասել, որ դասատունները չպետք է աղտոտեք: Օրիորդ հուրի, էդ քո բանը կլինի, անիծած, դեպի անկյուն:

Խեղճ հուրին գնաց, կանգնեցավ անկյունում, թեև բոլորովին անմեղ էր:

Պ. տեսուչը տեսավ մի աղքատ աշակերտուհու կոշիկը մի փոքր պատռված:

Անպիտա՜ն, — գոռաց նրան, — ես քեզ չպատվիրեցի՞, որ ուսումնարան չգաս մինչև նոր կոշիկներ չհագնիս:

Պարոն տեսուչ, մայրս խոստացավ, որ այսօր արծաթե բադիան գրավ կդնե մեր հարևանի մոտ և ինձ համար կոշիկներ կառնե:

Ամեն ինչ այդպես կարգի դնելուց հետո, պ. տեսուչը դուրս գնաց պատշգամբը, այնտեղ վարժուհիներից մեկը միայնակ ճեմում էր: Մի քանի անգամ նրանք շրջան տվեցին, խոսեցին, հռհռացին և երկար քաղցրաբանություններից հետո, ներս մտան ուսուցչական սենյակը:

Ե

Սատկած-ոջիլը թեև վարժապետություն էր անում, բայց միևնույն ժամանակ նա ծառայում էր արքունի դատարանում: Արևածագից մի քանի ժամ անցած էր, երբ նա մի լայն փողոցով վազում էր դեպի յուր ծառայության տեղը: Ճանապարհին մոտեցավ նրան մի մարդ վշտահար դեմքով:

Աղա՜, — ասաց նա, — ես ձեզանից մի բան խնդրած ունեի:

Մի բա՞ն, — կրկնեց Սատկած-ոջիլը, և ռեխը դեպի վեր ցցելով մտածության մեջ ընկավ:

Էն գործեի մասին էլի՜… — շարունակեց վշտահար մարդը:

Դա՜, դա՜, միտքս ընկավ, — պատասխանեց Սատկած-ոջիլը, — բայց դժվար գլուխ գալու բան է:

Աղա ջան, ես ձեր զահմաթը կքաշեմ, — հառաշ տարավ վշտահարը, և կոխեց Սատկած-ոջլի ձեռքը մի բուռն ոսկի:

Նրա նեղ աչքերը վառվեցան անսովոր ուրախությամբ:

Գնա՜, — ասաց նա, — միամիտ կաց, ինչպես ասել ես այնպես էլ քո բանը կու շինեմ:

Մեր ընթերցողը երևի ոչինչ չհասկացավ այդ խոսակցությունից: Սատկած-ոջիլը, որպես ասացինք, ծառայում էր դատարանում, նրա պաշտոնն այն էր, որ դատարանին տված խնդիրները և գործերը կարգի դներ, հերթ նշանակեր քննության համար: Վշտահար պարոնի վրա մի մարդ գանգատվել էր, և նա հաստատ գիտենալով, որ գործր կկատարվի և պահանջված արծաթը իրանից կառնեն, աշխատում էր, որքան կարելի է, գործի քննությունը ետ ձգել, որպեսզի ինքը կարողանա ժամանակ գտնել մի քանի օր առաջ յուր կայքը թաքցնելու կամ վաճառելու, որ հետո պարտատերը չկարողանա մի բան գտնել, որի վրա կարելի լիներ դարձնել պահանջը: Սատկած-ոջիլը, հնարավոր լինելով այդ խարդախությունը՝ խոստացավ նրա գործը մի ամսով հետաձգել:

Զ

Վաղ առավոտյան Քավթառը մկան նման խլրտվում էր դեպի հոգևոր դպրոցը: Գիշերվա կոնծաբանությունից դեռ Բաքոսը յուր բոլոր խմբով նրա գլխում զուռնա-նաղարա էր ածում: Նա հասավ դպրոցի դուռը, տեսավ աշակերտներից մինը գրքերը թևքի տակին գալիս է:

Ինչո՞ւ ես այդպես ուշ գալիս, — հարցրեց նրան:

Մայրս բազար ուղարկեց, պարոն տեսուչպատասխանեց աշակերտը:

Ուրեմն էդպե՞ս...

Նրանք սկսան վեր բարձրանալ սանդուղքներից:

Դպրոցը տեղավորված էր մի հին շինվածքի մեջ, որ ավելի նման էր թուրքի քարվանսարայի:

Քավթառը վեր բարձրանալով սանդուղքներից՝ անցավ պատշգամբը և լսեց վարժապետների ձայնը, որոնք միմյանց հետ կռվում էին:

Տո՜, ա՜խմախ, փող ես տարվել, տո՜ւր էլի՛, փող չունեիր, ո՞ւր էիր խաղում, — գոռում էր նրանցից մինը:

Ախմախ է՜լ ես, էն ինչ... էլ ես, պարտքս է, կտամ, խոմ չեմ ուրանում, — պատասխանեց մյուսը:

Քանի անգամ էդպես խոստացել ես, հետո ուրացել ու չես տվել:

Ուրացողը դու ես:

Սուտ ասողի հերն ու մերը

Հազար անգամ:

Ի՞նչ խաբար, ի՞նչ խաբար, — վրա հասավ Քավթառը:

Էս գիշեր, դու ինքդ իմանում ես, դա ինձ տարվեցավ հարյուր դուկատ, խոստացավ, թե առավոտը կտամ, հիմա ասում է չունիմ:

Լավ, լավ, մի՜ կռվեք, — ասաց Քավթառը, — ես քո փողը դրա ռոճիկիցը կբռնեմ, եկեք բարիշեք, ես էլ գլխներիդ «պահպանիչ» կկարդամ:

Կռվողները հանգստացան:

Աշակերտները շրջապատած լսում էին վարժապետների զվարճալի խոսակցությունը, բայց նրանց զրկեց այդ ուրախությունից զանգակի ձայնը, և բոլորը վազեցին դեպի դասատունները:

Է

Բարձր դասատան վարժապետը դեռ չէր եկած, երևի դեռ պառկած էր Նոյ նահապետի գրկումը: Այդ դասատան աշակերտներից երկուսը պատշգամբի վրա ման էին գալիս և նրանց մեջ անց էր կենում հետևյալ խոսակցությունը:

Այս տարի մենք կավարտենք, — ասաց նրանցից մինը, — ա՛խ, որքան բախտավոր կլինենք, եթե մեզ բարերարների հաշվով ուղարկեին Նանկինի համալսարանը բարձր ուսում ստանալու:

Մեզ չեն ուղարկի, — պատասխանեց մյուսը տխրությամբ:

Ինչո՞ւ չեն ուղարկի, երբ մենք մեր բոլոր ուսման ընթացքում աշխատասեր աշակերտներ ենք եղած:

Բանը աշխատասիրության վրա չէ՜, եղբայր, Մատակյանցը անընդունակ և ծույլ աշակերտներից մինն էր, նա ոչինչ չէր սովորում, ամբողջ օրը կոնֆետներ էր ուտում, բայց նրան ուղարկեցին:

Ինչո՞ւ:

Նրա համար, որ նա տեսչի բարեկամն էր

Առաջին աշակերտը խորին կերպով հոգոց հանեց, — Մեր ուսումնարանը կատարյալ Սոդոմ է դարձել… — ասաց նա և լռեց:

Ը

Մի քանի օրից հետո Թին-թին-Թվիզի հասարակաց այգում զբոսնում էին երկու մանկահասակ տղամարդիկ:

Ինչպե՞ս է այստեղի հոգևոր դպրոցի դրությունը, — հարցրեց նրանցից մինը, որ նոր էր եկած այն քաղաքը:

Շատ վատ, — պատասխանեց մյուսը, որը մի քանի տարի այն քաղաքումն էր ապրում:

Ի՞նչ է պատճառը:

Տեսուչը և վարդապետները, անբարոյական մարդիկների խումբ, ձեռք են ձգել այդ ուսումնարանի մենավաճառությունը: Նրանք ստանում են շատ յուղալի ռոճիկներ, և որպեսզի այդ անուշ պատառը նրանց բերանից ուրիշները չկարողանան խլել` կազմել են մի ամբողջ եզվիտական դաս, զինվորված նրանց բոլոր խորամանկություններով և խաբեություններով: Զորօրինակ, ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, թե իրանք նվիրված են լուսավորության գործին՝ նրանք օրիորդաց ուսումնարանում ձրի դասատվություն են անում, բայց քննությունների ժամանակ թույլ չեն տալիս ուրիշներին նրանց գործունեությունը հետազոտելու, աշակերտներին հարցեր առաջարկողներին ոստիկանության զինվորներով դուրս են անում ուսումնարանից:

Մի՞թե այդ ուսումնարանները չունին հոգաբարձուներ:

Ունին, ժողովրդից ընտրված տասներկու հոգաբարձուներ, բայց ուսումնարանների կառավարությունը բոլորովին նրանցից կախված չէ, այլ գլխավոր մանդարինից: Դպրոցի տեսուչը, Քավթառը, նրա շատ մտերիմ բարեկամն է, «Մեկն ինչպես ածում է՝ մյուսն էլ այնպես պար է գալիս...»: Բայց թե ի՞նչ գաղտնիք կա այդ երկուսի մեջ՝ այդ աստված գիտե, թեև ժողովրդի մեջ շատ անվայել բաներ են խոսվում...

Եվ հոգաբարձուները լսո՛ւմ են:

Չեն լսում, բայց իրանց հարայ-հրոցով էլ չեն կարողանում մի բան շինել, որովհետև գլխավոր մանդարինը տեսչի կողմն է: Բացի սրանից, այս վերջինը, խորամանկ, որպես օձ, արդեն մտել է հոգաբարձուներից մի քանիսի դամարը, և նրանց մեջ երկպառակություն է ձգել:

Մի՞թե դրանց մեջ օրինավոր մարդիկ չկան:

Դուք կարծում եք օրինավոր մարդիկ կարո՞ղ են նրանց մեջ դիմանալ: Եղել են նրանց մեջ օրինավոր մարդիկ, բայց այդ եզվիտների խումբը ամեն հնարք գործ է դնում նրանց հալածել, հուսահատեցնել և հեռացնել: Եվ, արդարև, փոքրիշատե յուր պատիվը և ազնվությունը պահպանող մարդը հեռանում է նրանցից, և նրանք սկսում են արհամարհական հիշոցներ կարդալ նրա ետքից. «Նա անընդունակ էր ազգային լուսավորության գործին, նա բռնակալ էր, նա եսական էր», և այլն:

Սարսափելի՛ մարդիկ:

Օրինակի համար, դրանց մեջ կա մինը, որին կոչում են Ջուր-ծամող. այդ բառի մեջ պարունակվում է նրա ամբողջ բնավորությունը, որովհետև այնքան ծույլ է, որ ջուրն էլ ծամելով է խմում: Նրա ամբողջ գործունեությունը կայանում է նրանում, որ բամբասանքի և զրպարտության պարկը լցրած, թևքի տակին դրած՝ սկսում է զանազան ընտանիքներ մտնել, սրա և նրա վրա չարախոսություններ անել:

Նա հիմար է ավելի, քան ավանակը, բայց այդ հիմարությունը առիթ է տալիս շատերին հավատալ նրան՝ մտածելով, որ մի այդպիսի ողորմելի արարածը չէ կարող մարդ խաբել:

Սատանան տանե այդպիսի մարդկանց, — կոչեց նրա խոսակիցը:

Նրանց մեջ կա և մի ուրիշը, որին կոչում են Սատկած-ոջիլ: Եթե ինձ հարցնեն ես ավելի հարմար կհամարեի նրա անունը կոչել Սատկած-բաղլիջ, որ ջարդվելուց հետո էլ, անպիտան հոտ է արձակում: Նրա գործն այն է, որ սուտ լուրեր տարածե զանազան նշանավոր գրողների և գործիչների վրա:

Բավական է, բավական, զզվեցան ականջներս, — ասաց եկվորը, և նրանք լռեցին:

Մենք էլ բավական ենք համարում զզվեցնել մեր ընթերցողին:

ԲԻԲԻ-ՇԱՐԱԲԱՆԻ

Թեհրանից դեպի արևելա-հարավային կողմը, մի ոչ այնքան ոտնակոխ եղած ճանապարհ տանում է քաղաքից երկու ֆարսախ հեռավորությամբ մի անապատ, ուր ուղևորին երևան է գալիս մի ընդարձակ տարածություն, շրջապատված բարձր պարիսպներով: Ասիական քաղաքներին սովորած աչքն առաջին անգամից կնկատե, թե տեսնում է մի կախարդական քաղաք, որ կուլ է գնացած յուր պարիսպների մեջ. — մինարեթներ, աշտարակներ և ոչ մի շինության նշան չէ երևում դրսից: Երևում են միայն պարիսպները: Բայց որտեղի՞ց է մուտքը:

Կախարդված քաղաքը դռներ ևս չունի:

Պարսից ծերունիների պատմությունը հիշյալ շինվածքի մասին խիստ առասպելական է: Նոքա ասում են՝ թե այդ ցերեկով լուռ և անբարբառ պարիսպների ներսից գիշերվա ժամանակ լսելի են լինում զարհուրելի ձայներ, թե պարիսպների շուրջը թափառում են բյուրավոր ուրվականների խմբեր, թե նրանք շատ չեն հեռանում, միայն պարիսպների մոտ են գալիս, երգում են, կատարելով իրանց դիվական զվարճությունը...: Իսկ երբ առավոտը մոտ է լինում լուսանալու, ամեն ինչ չքանում է, լռվում է և կրկին անբարբառ շրջապարիսպը նկարվում է անապատի մեջ յուր հսկայական տարածությամբ...:

Պարսիկը, լի նախապաշարմունքներով, երբեք չէ մոտենում հիշյալ շինվածքին, և լույս-ցերեկով այնտեղ տեսանելի չէ ոչ մի մարդկային արարած: Միայն ահագին ուրուրը սավառնում է պարիսպների վրա, գծելով օդի մեջ զանազան շրջաններ, կարծես այն ուրվականների ոգիներից մինը լինի դա...:

Ահա՜ այնտեղ, ավերակներից ոչ այնքան հեռու, բարձրանում է ծուխ: Ծուխը բնակության նշան է, և խիստ հրապուրիչ զորությամբ ձգում է մենավոր ճանապարհորդին դեպի ինքը:

Ծուխը դուրս է հոսում մի գետնափոր խրճիթից, որի տանիքը հավասար է երկրի մակերևույթին: Մի նեղ մուտք առանց դռան տանում է դեպի խրճիթի ներսը: Գերեզմանի պես խոնավ և մթին խորշ է գա: Միայն մի օջախի մեջ, որ փորած է մի անկյունում, թույլ կերպով վառվում են մի քանի կտոր փայտ, կարծես նրա համար միայն, որ այնտեղ պահպանվի կրակը...:

Օջախի մոտ, եղեգնյա փսիաթի վրա, նստած է մի կիսամերկ ծերունի և խորին ուշադրությամբ կարդում է մի գիրք: Նրա արտաքին կերպարանքն ազդում է պատկառանք և ցավակցություն: Դու կարծում ես, թե քո աչքի առջև երևում է մարմնացած խեղճությունը. — մի մարդ, որ աշխարհիս մեջ չուներ ուրիշ մխիթարություն և ապրում է միմիայն աստուծո համար...:

Դա մոգ է:

Նա կարդում է սրբազան գիրքըաստվածային Զենդ-Ավեստան:

Խաղաղություն քեզ, հայր սրբազնություն, — ողջունում եմ նրան:

Ամեն տեղ հալածական, ամեն տեղ անարգված, այս ողորմելի կրոնավորը ամբողջ կես դար անցուցել է յուր տխուր ճգնարանում: Առաջին անգամ է նա լսում մի օտարականի ձայն, որ առանց ահ ու սարսափ գցելու նրա վրա, ոտք է կոխում նրա շեմքի վրա խաղաղասիրական ողջույնով:

Նա խորին ծանրությամբ ծալում է գիրքը, մի կողմ է դնում և կանգնելով, ընդունում է յուր անակնկալ հյուրին:

Զրադաշտյան փիլիսոփայի խոսակցությունը մեղմ է և իմաստալից: Նա ախորժանոք պատմում է ամեն ինչ այն մարդուն, որ նայում է նրա վրա ավելի մարդասիրական աչքով: Ոչինչ նրան այնքան չէ մխիթարում, որքան մարդկանց համակրությունը, որովհետև այդ թշվառը յուր կյանքում երբեք գթություն վայելած չէ մարդո որդիներից...:

Բայց ինձ ավելի հետաքրքրական էր այն միտքը, թե ինչն էր առիթ տվել նրան բնակվիլ այն տխուր և ամայի անապատի մեջ, այն կախարդական շինվածքի մոտակայքում, ուր թափառում էին ուրվականների խմբերը միայն...:

Երբ այս մասին հարցմունք եղավ, մոգը յուր լի ջերմեռանդությամբ աչքերն ուղղեց դեպի երկինք, արտասանեց ինձ անհասկանալի մի քանի խոսքեր, որոնց միջից խիստ լիահնչյուն ձայնով դիպավ իմ ականջին բառս՝ Բիբի-Շարաբանի1:

Ի՞նչ է նշանակում այդ:

Հետևի՜ր ինձ, բարի երիտասարդ, — ասաց նա, ընթանալով յուր խրճիթից դեպի դուրս:

Ես կատարեցի նրա հրամանը: Պարիսպը, որի մոտ տարավ ինձ մոգը, էր նույնը, որ ես առաջուց տեսած էի: Միայն նա մերձեցավ երկայն սանդուղքին, որ թավալված էր պարսպի մոտ, խնդրեց ինձ օգնել իրան վեր բարձրացնելու սանդուղքը:

Ես շուտով կատարեցի նրա ցանկությունը, երբ հասկացա նպատակը: Մոգը կամենում էր սանդուղքը գնել պատի մոտ և ինձ վեր հանել պարսպի գլուխը, իմ ուզածն էլ այդ էր, տեսնել արդյոք ի՞նչ կա այն փակյալ քաղաքի ներսումը:

Նայի՜ր, — ասաց մոգը, — երբ մենք բարձրացանք վերնապարսպի վրա:

Ես երբեք չեմ կարող հեռացնել ինձանից այն անախորժ տպավորոլթյունը, որ թողեց ինձ վրա այն տխուր տեսարանը: Շրջապարսպի ամբողջ տարածությունը ներկայացնում էր մարդկային մարմինների մի անտառ, ուր անշարժ կանգնած էին հազարավոր կմախքներ և դեռ չլուծված դիակներ, մերկ՝ որպես ճշմարտության արձանը:

Ինձ երևաց, թե դա մի դյութական աշխարհ է, որ երևան հանեց իմ աչքերի առջև կախարդ-մոգը: Եվ ես տեսնում էի այն ուրվականների գնդերը, որոնց մասին ինձ պատմել էին շատ և շատ զարմանալիք:

Բայց իմ տեսածը իսկություն էր: Ես պարզ նշմարում էի կմախքները, մինը մյուսի մոտ շարված, և ինձանից այնքան հեռու չէին կանգնած բազմաթիվ մերկ մարմինները, որոնց գլխի վրա կատաղի կռնչյունով պտույտ էին գալիս գիշակեր թռչունները: Նրանք իջնում էին մերկ մարմինների վրա, իրանց սուր կտուցով և մագիլներով մի բան կեղեքում էին այնտեղից և կրկին բարձրանում օդի մեջ, իրանց հետ տանելով հափշտակած ավարը...:

Մոգը պշուցած աչքերով նայում էր այս ոչ այնքան զվարճալի տեսարանի վրա. նրա շրթունքները շարժվում էին, երևում էր, որ նա աղոթում էր:

Ես նկատեցի՝ թե՜ կմախքների և թե դեռ չլուծված դիակների բոլորի երեսները ևս դարձուցած էին դեպի արևելք: Բայց ի՞նչն էր, որ այնպես կանգուն պահում էր մեռած մարմինները բաց օղի մեջ: Այս գաղտնիքը հասկանալի եղավ միայն այն ժամանակ, երբ ես տեսա, որ յուրաքանչյուր կմախքի և դիակի երկու թևերի տակ ամրացած էին փայտյա նեցուկներ, որոնք այնպես հարմարեցրած էին, որ ոչ միայն իրանց մեջտեղում կանգնած մարմինները պահում էին բոլորովին ուղղակի կերպով, այլև նրանց ոտները չէին դիպչում գետնին:

Հաջորդ էջ