Րաֆֆի՝   Ուղտյալ միանձնուհի

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 Հաջորդ Վերջին

«Մայրս, շարունակեց օրիորդը, քարե արձանի նման նայում էր այդ տեսարանին, մայրական սերը կարծես բոլորովին մեռած էր նրա սրտի մեջ: Հայրս ամենևին ուշադրություն չդարձրեց իմ արտասուք ու լացին, նրա մեջ ծնողական թե գութ, թե խիղճբոլորը հանգած էին... Երբ նա տեսավ յուր խրատներով չկարողացավ համոզել ինձ, բացարձակ հրաման արավ — «Քո ժամանակը լրացած է, դու պետք է կուսանոց գնաս»:

«Սարսափելով լսում էի ես օրիորդի խոսքերը և երևակայել չէի կարող մի այդպիսի բարբարոսություն:

«Այժմ ինչ պետք է արած, սիրելի Սոնա, — հարց արի նրանից, երբ նա մի փոքր հանգստացավ յուր խռովությունից, որ պատճառել էր նրան յուր ցավալի պատմությունը:

— «Ես չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ, Օսեփ, ես բոլորովին շփոթված եմ, ես կմեռնեմ, եթե ինձ կուսանոց տանեն, ազատի՜ր ինձ, — ասում էր նա դառն կերպով լաց լինելով:

«Ես էլ չգիտեի, թե ինչ պետք էր անել, գնալ հոր մոտ, հայտնել նրան մեր սերը և աղաչել, որ փոխե մի այդպիսի բարբարոսական վճիռն, անկարելի էր, որովհետև ինձ հայտնի էր նրա խստասրտությունը: Գնալ մոր մոտ և մի կերպով գրավել նրան, որ չանե այդ բանը, դա նույնպես մի հուսալի վախճան չէր խոստանում: Երկար մտատանջությունից հետո ես ասեցի օրիորդին`

— «Ինչ որ առաջարկելու լինեմ, կընդունե՞ս:

— «Կընդունեմ, կընդունեմ, — պատասխանեց նա զգալի կերպով, — միայն ինչ որ ասելու ես, շո՜ւտ ասա, ինչ որ անելու ես, շո՜ւտ արա. ինձ ազատիր, եթե ոչ, երկուշաբթի օրն ես կուսանոցում կլինեմ:

«Ժամանակը խիստ կարճ էր, քանի օր միայն մնում էր մինչև երկուշաբթին: Ես առաջարկեցի օրիորդին նրա ազատության վերջին և ծայրահեղ հնարը:

«Մենք պետք է փախչենք, Սոնա, ուրիշ ճար չկա, — ասացի նրան:

— «Փախչենք, — կրկնեց նա, — ուր որ գնաս, քեզ հետ կգամ, մինչև աշխարհի ծայրը:

«Վերջին խոսքերն այնպիսի մի կրքով արտասանեց նա, որ օրիորդի աչքերում ես նկատեցի վրեժխնդրության բոցեր: Երբեք չէի տեսել ես Սոնային այնպես անձնավստահ և վճռական, որպես այն րոպեին: Կանացի տկարությունները, կարծես, կորուսել էին նրա մեջ իրանց թուլությունները, և նա ոգևորված էր մի վսեմ քաջասրտությունով, փշրելու և ջախջախելու շղթաներն, որոնք բռնաբարում են ընտանեկան ազատությունը և իրավունքը:

«Մեր մեջ ամեն պայման վերջացած էր, մենք որոշեցինք օրը, ժամը, երբ պետք է կատարվեր մեր փախուստը: Լուսաբացին ես հեռացա Սոնայի քնարանից:

«Բայց մենք շատ անփորձ էինք, մեզ չհաջողվեցավ այդ բախտը: Միևնույն գիշերը լրտեսեցին մեր բոլոր գաղտնիքը, և Սոնան նշանակյալ օրը կուսանոց տարվեցավ, իսկ մնացյալը ձեզ արդեն հայտնի է, պարոն բժշկապետ»...:

Ը

Երիտասարդն ավարտեց յուր պատմությունը: Բժշկապետն, որ ցավակցելով լսում էր նրան, բռնեց Արեսյանի ձեռքը, ասելով.

Շնորհակալ եմ, պարոն, ձեր պատմության համար և շատ ցավում եմ, որ այդպես պատահել է: Ինձ տակավին հասկանալի չէ մի բան, թե ինչ էր գլխավոր շարժառիթն, որ ստիպեց օրիորդի ծնողներին նրան կուսանոցը տալ, արդյոք այն ո՞ւխտն էր, որ նրանք ուխտել էին սկզբում, թե այլ պատճառ:

Այո՜, ուխտը: Գիտե՞ք, պարոն բժշկապետ, թե ինչ նշանակություն ունի կրոնական ուխտադրությունն այնպիսի մոլեռանդների համար, որպիսի էին օրիորդ Սոնայի հայրն ու մայրը: Այժմ ձեզ բավականին հայտնի է նրանց կեղտոտ անցյալն, իսկ նրա ներկան դարձյալ ազատ չէ նույն կեղտերից: Այսուամենայնիվ, նրանք համարվում են բարեպաշտ քրիստոնյաներ, նրանց պատվում է ամբոխն, որպես բարեխիղճ մարդերին: Նրանք կողոպտում են, նրանք հափշտակում են, նրանց ամեն մի արծաթը լի է հազարավոր խեղճերի արյունով և արտասուքով, բայց դրանք չեն երևում, այդպիսի չարագործությունները ծածկվում են բարեպաշտական կեղծ քողով: Նրանք խլում են աղքատի վերջին կոպեկը և այդ փողով մոմեր են վառում սուրբ պատկերների առջև: Նրանք հափշտակում են սրբերի պատառ հացը և կերակրում են քահանաներին: Նրանք սուտ երդումներ են անում, շողոքորթում են, բամբասում են, հայհոյում են, անեծքներ են թափում և նույն շրթունքներով աղոթում են աստուծո առջև, առանց զգալու իրանց սրտում խղճի խայթը: — Որովհետև թե առաջինն և թե վերջինն` երկուսն էլ նրանց սովորական բաներ են, կարծես թե, մինը մյուսին չէր արգելում:

Բայց մի՞թե նրանք կարող էին այնպես անխիղճ լինել դեպի իրանց աղջիկը, գազաններն անգամ սիրում են իրանց ձագերին, — կտրեց բժշկապետն Արեսյանի խոսքը:

Նախ, որ հայ ընտանիքներում աղջիկը սեփական կամք, զգացմունք չունի, նրա բոլոր գոյությունը պատկանում է ծնողներին, մանավանդ մի այդպիսի դեպքում, ուր հարցը բոլորովին կրոնական է: Կուսանոցը նվիրել յուր դուստրը, նրա կամքին ընդդեմ, միևնույն է, որպես նրանք իրանց անասուններից մինը նվիրում են այս կամ այն ուխտատեղին զոհվելու համար: Անասունի ողորմելի բառաչմունքն ոչինչ արգելք չէ կարող դնել նրա տիրոջ բարեպաշտական նպատակին, մանավանդ երբ մի այդպիսի վարմունքը շահում էր ամբոխի համակրությունը:

Այժմ բոլորը հասկացա, — պատասխանեց բժշկապետը զարմանքով գլուխը շարժելով, — սարսափելի՜ մի զո՜հ, որ անագորույն հայրն նվիրում է յուր սնահավատությանը...

Դուք բոլորը հասկացաք, պարոն բժշկապետ, — կրկնեց Արեսյանը, — բայց ես աշխարհի բոլոր անբախտներից թշվառագույնը կլինեմ, եթե օրիորդը չապրե:

Այժմ պետք է մտածել նրա համար, — խոսեց բժշկապետը կանգնելով և նայեց ժամացույցին, ասելով. — դեռ տասներկուսը չկա, դուք կարո՞ղ եք ինձ առաջնորդել մինչև հիվանդի հոր տունը, — դարձավ նա դեպի Արեսյանը:

Մեծ ուրախությամբ, — պատասխանեց երիտասարդը:

Ուրեմն գնանք:

Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց մի հոյակապ տան հանդեպ: Բժշկապետը թողեց երիտասարդին կառքի մեջ, ինքը վայր իջավ և սկսավ քաշել դռան զանգակը: Քանի րոպեից հետո բժշկապետը ներս ընդունվեցավ: Շքեղազարդ դահլիճներից անցավ նա մինչև տանտիրոջ առանձնասենյակը: Նա նստած նույն ժամուն քրքրում էր յուր հաշվագրքերը: Տեսնելով յուր հյուրը, նրա վայրենի դեմքն ընդունեց մի կեղծյալ ժպիտ և խիստ քաղաքավարի կերպով խնդրեց նստել:

Մի քանի գծերով կարելի է այդպես նկարել այդ գազանի պատկերը. — նա մի հաստ մսեղեն կոթողի նման մարդ էր: Խնամքով ածիլած ուռած թշերը խոշոր ծալքերով միախառնվել էին դուրս ցցված ծնոտի հետ: Մեծ քիթն, որպես սովորաբար լինում են հայերի քթերն, յուր պատվավոր տեղն էր բռնել, իջանելով մինչև նրա ալեխառն բեղերն, որոնք ծածկել էին նրա գորշ-կապտագույն շրթունքը: Սև աչքերի մեջ վառվում էր վայրենի կրակ: Առհասարակ նրա բոլոր կերպարանքը ներկված էր թուխ-դեղնագույն րանգով, որ տալիս էր նրա դեմքին ավելի սարսափելի բնավորություն: Նենգավորության կնիքը դրած էր նրա ճակատի վրա: Բժշկապետն առանց սպասելու հայտնեց յուր ով լինելն, ասաց, թե որպես նա գտնվել էր կուսանոցում և ինչ դրության մեջ գտել էր նրա աղջկան, մանրամասնաբար պատմեց բոլոր յուր լսածներն Արեսյան երիտասարդից:

Հիվանդի հայրն այդ բոլորը լսում էր, անհնարին սառնասրտությամբ յուր ձեռքերը տրորելով: Միայն երբեմն նրա վայրենի դեմքի վրա երևում էին անախորժ ցնցումներ, որոնք արտահայտում էին ներքին պատերազմը...

Բժշկապետն յուր պատմությունը վերջացրեց այդ խոսքերով. — Ես իբրև բժիշկ սուրբ պարտավորություն եմ համարում հայտնել ձեզ, պատվելի պարոն, որ դուք առանց ժամանակ կորցնելու պետք է հանեք ձեր աղջիկը կուսանոցից և անհապաղ ձեր տուն բերեք, ուր հույս ունեմ, որ կառողջանա նա, այնուհետև նրան յուր սիրած տղամարդուն տաք:

Մի քանի րոպե հիվանդի հայրը մնաց անորոշ դրության մեջ:

Բժշկապետը բոլորովին զարմացած էր նրա քարասրտության վրա: Ոչ մի կաթիլ արտասուք չերևաց նրա աչքերում, ոչ մի ցավակցության նշույլ չերևաց նրա սառը դեմքի վրա, չնայելով, որ բժշկապետը խիստ կարեկցական ձևով նկարագրեց նրա դստեր դրությունը:

Այդ անկարելի է, — վերջապես ասաց նա ողորմելի ձայնով: — նախախնամության կամքին ընդդիմանալ ո՞վ կարող է: Եթե աստված վճռել է իմ աղջկան մեռնել, ո՞վ կարող է արգելք դնել օրհասին, եթե նրա օրը հասած չէ, նա առանց մեր հոգատարության ևս կապրե:

Զարմանալի բան է, որ այդպիսի գազաններն, որոնք իրանց կյանքում երբեք չեն մտածել աստուծո և երկնքի վրա, հանկարծ դառնում են ֆատալիստներ: Հիվանդի հայրն այնպիսի մի ջերմեռանդությամբ արտասանեց յուր խոսքերն, որ ստիպեց նրան մի քանի անգամ խաչակնքել յուր երեսն: Այդ բռնակալների հատկանիշն է` իրանց բարբարոսությունները ծածկել կրոնական քողով և խղճի խայթերը հանգստացնել նախասահմանության տնօրենությամբ...

Այդպիսի տիպերն, որոնց թիվը դժբախտաբար մեզանում խիստ շատ է, վաղուց ծանոթ էին բժշկապետին, և նա չկարողանալով այլևս յուր համբերությունը զսպել, ասաց նրան.

Դուք ուրեմն կամենում եք սպանել ձեր աղջիկը:

Նրա կյանքը և մահն աստուծո ձեռքումն է, — պատասխանեց նա ավելի սառնությամբ:

Գա՜զան, — կոչեց բժշկապետը կանգնելով, — քեզանում մեռած են՝ որպես մարդկային գութը, նույնպես հայրական սերը: Բայց ես իբրև բժիշկ ամենայն իրավունք ունեմ նրան դուրս հանել յուր սպանդանոցից:

Բժշկապետը հեռացավ: Հիվանդի հայրն յուր հոգու բոլորովին անվրդով տրամադրությամբ շարունակեց քրքրել յուր հաշվագրքերը...

Թ

Երբ բժշկապետը դուրս եկավ, Արեսյանն անհամբերությամբ հարցրուց. — արդյոք հաջողվեցա՞վԲայց նկատելով Խորենյանի վրդովված դրությունը էլ չսպասեց պատասխանի: Բժշկապետը հրամայեց քշել կառքը:

Քառորդ ժամից հետո նրանք հասան կուսանոցի դռանն, առանց սպասելու ներս մտան և իսկույն գնացին հիվանդի խուցը: Խիստ աղոտ ճրագով լուսավորված էր այն սենյակը, մի պառավ միանձնուհի նիրհում էր հիվանդի մահճակալի մոտ:

Բժշկապետը մոտեցավ օրիորդին, տաքությունն անցել էր արդեն: Նա դրած էր յուր մահճի մեջ, որպես սառն մարմարիոն: Շնչառությունը թույլ կերպով բարձրացնում էր նրա մաշված կուրծքը: Երիտասարդ Արեսյանը, տեսնելով թառամած և դալկացած գեղեցկությունը, սոսկաց, նրա աչքերի առջև սևացավ, ոտքերը դողացին, — աստված իմ, կոչեց նա, հազիվհազ յուր թուլացած գլուխը վեր թողեց սիրուհու կուրծքի վրա: Երկար այնպես գրկած ուներ նրան: Բժշկապետն աշխատում էր արգելել երիտասարդին, որ նա չվրդովե հիվանդի հանգստությունը, բայց ամենևին չկարողացավ բաժանել նրանից:

Հիվանդը բաց արավ նվաղած աչքերը և ճանաչեց նրան: «Ա՛խ, Օսեփ ջան», կոչեց նա և նրա տկարացած թևքերը կարծես նորից զորություն ստացան, և փաթաթվեցան երիտասարդի վզով: Երկար օրիորդը ճնշած ուներ նրա գլուխն յուր կուրծքի վրա: Կրկին խառնվեցավ նրա երևակայությունը: «Ա՛խ, Օսեփ ջան, — կրկնեց նա, — ազատիր ինձ, տա՜ր ինձ»... Ասում էր նա յուր տենդային ջերմության մեջ:

Կրկին տիրեց լռությունը: Մարած ճրագի վերջին պլպլոցը հանգավ...

Բժշկապետը շոշափեց հիվանդի երակը և ասաց սարսափելով. — Ամեն ինչ վերջացած է...

Նա հեռացրեց անբախտ երիտասարդին անշնչացած դիակից: Հետո առեց Արեսյանին յուր կառքի մեջ: Կառքը սլացավ, երիտասարդը կրկնում էր անդադար` «Սոնա՜ ջան, Սոնա ջա՜ն, փախչենք, գնանք, ես կազատեմ քեզ...»:

Խղճալին ցնորքների մեջ էր:

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 Հաջորդ Վերջին