Րաֆֆի՝   Ոսկե աքաղաղ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Զոկերը բավական կոտրվեցան ղարաբաղցու պատմությունով, բայց դարձյալ աշխատում էին հաստատել, թե իրանց հայրենակցի արածը մի խելոքություն էր, թե էշի հին փալանը ոչինչ արժեք չունի, բայց եթե նրան հաջողվեր բամբակի տեղ անցկացնել, բավական կշահվեր և այլն, և միևնույն ժամանակ պնդում էին, թե էշ մականունը միմիայն ղարաբաղցուն է հատկանիշ, և իբրև փաստ պատմում էին զանազան անեկդոտներ:

Մի անգամ սաստիկ կարկուտի ժամանակ, — ասում էր մի զոկ, — Ղարաբաղում գյուղացիները հավաքվում են, ասելով, թե մեր արտերին ինչ լինում է, թող լինի, գնանք գոնե տանուտերի արտը ազատենք: Եվ ամեն մեկը վեր է առնում իր տնից, որը մի փալաս, որը մի կապերտ, որը մի յորղան, որը իր յափունչին, վազում են դեպի տանուտերի արտը, և փռում են նրա վրա. ցորենի հասկերը գյուղացիների ոտքի տակ ջարդվում են, տրորվում են և գետնին հավասար են դառնում: Այդ էշություն չէ՞, — հարցնում է զոկը, դառնալով դեպի ղարաբաղցին:

Բայց այն մոռացե՞լ եք, — պատասխանում է ղարաբաղցին, — որ զոկը պանիրը դնում է բանկայի մեջ, դրսից հացը քսում է բանկային և ուտում, երևակայելով, թե պանիր է ուտում: Մի անգամ որդին գալիս է տեսնում է դուքնի դուռը փակ է, հացը քսում է դռանը և այնպես ուտում. հայրը վրա է հասնում. — «Ի՞նչ ես անում», — հարցնում է նա: — «Պանիր եմ ուտում, հայր», — պատասխանում է որդին: — «Փչացած, չէի՞ր կարող համբերել, մինչև ես գայի, հիմա բոլոր պանիրը կերած կլինես», — ասում է հայրը և սկսում է որդուն ծեծել:

Հետո պատմում են այն առակը, թե ինչպես ղարաբաղցի գյուղացիները «ղավուրման» ցանել էին արտումը, որ ոչխար բուսներ, և քանի օրից հետո գնացել, տեսել էին, որ մրջիմները հավաքվել են ցանված ղավուրմայի վրա, և ուրախանալով ասել էին. «Հիմա որ պստիկ են այսքան են, երբ մեծանան, ոչխարի սուրուներ կունենանք»:

Նույն միջոցին մի հաշտարխանցի մեջ է մտնում, կամենում է խոսել:

Դու սուս կա՛ց, — ասում են նրան, — հաշտարխանցին հենց որ խոսեց, ղալմաղալ կսարքե. հաշտարխանցին միշտ «պրաշենիան» ծոքումը պատրաստ ունե: Մի անգամ մի հաշտարխանցի գտնում է մի ծրար լիքը թղթադրամով. «Փո՛ւ, — ասում է, — ես կարծում էի կռվի թղթեր են»:

Նոր-Նախիջևանցին կամենում է պաշտպանել հաշտարխանցուն: — Դուք երկուքդ մի հարազատ հոր որդիք եք, — պատասխանում են նրան, — այն զանազանությամբ միայն, որ հաշտարխանցին իստակ ռսացել է, բայց Նոր-Նախիջևանցին դեռ ոչ ռուս է, և ոչ թաթար:

Մեջ է մտնում թիֆլիսեցին:

Նրան ասում են, — վրացին խո խելք չունի, բայց թիֆլիսեցին մի հավի խելք ունի: Մի թիֆլիսեցի Կ.Պոլսում շատ էր ցանկանում կարմիր լոբի ուտել և չէր գտնում. ընկերները նրան ծաղրելու համար առնում են մի քիչ սպիտակ լոբի, ներկում են և տալիս են նրան. լոբին տաք ջրի մեջ իր ներկը կորցնում է և կրկին առաջին գույնն է ստանում: Մյուս օրը թիֆլիսեցին գրում է իր կնոջը. «Այստեղ կարմիր լոբին շատ վատն է, հենց որ ջրի մեջ գցում ես, սպիտակում է»:

Այս տեսակ հիմար կատակներ էին մեր վաճառականների ամենօրյա խոսակցության առարկան, երբ հավաքվում էին բիրժայի առջև կես օրից հետո, այս տեսակ դատարկախոսություններով նրանք մաշում էին իրանց ժամանակը: Մի մարդ, որ չէր երևում նրանց մեջ, դա էր Միքայելը:

Դ

Մոսկվայի հայ վաճառականը առհասարակ իրան հեռու է պահում հայ ուսանողներից, որոնք մեծ բազմությամբ գտնվում են այդ քաղաքում, թեև ուսանողը նրա բարեկամը կամ մոտ ազգականը լիներ: Վաճառականը ատում է ուսանողի ուրախ և վատնող հասարակությունը, որը շատ անգամ նրանից փող է առնում, երբեք վերադարձնելու մասին չմտածելով: Միայն Սիքայելն էր, որ հարաբերություն ուներ ուսանողների հետ և Ստեփանի միջոցով շատերի հետ ծանոթ էր: Ինչպես նրա հորեղբայր Ավետը գյուղացիների մոտ այնքան հարգանք էր վայելում, որ բոլորը նրան «ապեր» էին կոչում, այնպես էլ Միքայելը միևնույն կոչումն էր ստացել ուսանողներից: Հարկավոր էր բարեգործական նպատակով մի ներկայացում տալ, հարկավոր էր մի աղքատ կամ հիվանդ ուսանողի համար հանգանակություն հավաքել, — Դիմենք «ապորը», — ասում էին ուսանողները, — նա վաճառականներից մի բան կգջլե:

Մի գիշեր Միքայելի փոքրիկ սենյակը սովորականից ավելի կենդանացած էր, հավաքված էին մի քանի երիտասարդ վաճառականներ, ծխում էին և խոսում էին: Ճրագի աղոտ շառավիղները հազիվ լուսավորում էին փոքրիկ սենյակի մառախուղը, որ թանձրացած էր ծխից և թեյի մեքենայից բարճրացող շոգիներից, որը եփ էր գալիս սեղանի վրա: Ինքը Միքայելը ածում էր գավաթները և մատուցանում էր իր հյուրերին:

Ինչ որ ուզում ես, ասա, քեզ մոտ միշտ տիուր է լինում, — ասաց Միքայելի հյուրերից մեկը:

Ինչո՞ւ, — հարցրուց նա ժպտալով:

Նրա համար, որ ոչ կարտ կա, ոչ նարդի կա, մի խոսքով՝ խաղալու ոչինչ չկա:

Խաղացեք, ձեզ ո՞վ է արգելում:

Ի՞նչպես խաղանք, երբ դու չես խաղում:

Ես էլ կմասնակցեմ:

Փողով: Մենք առանց փողի չենք խաղում:

Եվ մեծ փողով, — մեջ մտավ հյուրերից մի ուրիշը:

Ինչո՞ ւ անպատճառ մեծ փողով, երբ ժամանակ անցկացնելու համար է, — պատասխանեց Միքայելը:

Ժամանակ անցկացնելը ո՞րն է, — խոսեց առաջինը արհամարհանքով, — մեզ մոտ ամեն գիշեր հազարներ են խաղում:

Դուռը բաց եղավ, խոսակցությունը ընդհատվեցավ: Մի պատանի, կանգնած շեմքի վրա, ձայն տվեց իր ընկերներին.

Մտեք, նրանք շատ են այստեղ... Վերջապես գտանք...

Ներս մտան երեք ուսանողներ: Նրանցից մեկը դրեց սեղանի վրա մի թերթ թուղթ և դառնալով դեպի Միքայելի հյուրերը, խոսեց ճառական եղանակով.

Պարոններ, այդ նվիրատվությունը մի այնպիսի բարի նպատակի համար է, որ ամեն մի հայ, որի սրտումը մնացել է զգացմունքի մի կաթիլ անգամ դեպի տաճկաստանցի մեր եղբայրները, դեպի նրանց կրած հարստահարություններն ու տառապանքը, չպիտի զլանա իր օժանդակությունը, ուստի խնդրում եմ՝ ձեզանից ամեն մեկը, որքան կարող է թող ստորագրե:

Կարծես վաճառականների գլխին սառը ջուր ածեցին:

Է՛հ, զահլա տարան իրանց ստորագրություններով... — ասաց նրանցից մեկը գլուխը մի կողմ շրջելով:

Մենք ո՞ւր... տաճկաստանցին ո՞ւր... — խոսեց մյուսը արհամարհանքով, — մեր երեխեքի դարդը չենք կարողանում քաշել:

Ի՞նչ բանի համար է ստորագրությունը, — հարցրեց մի ուրիշը կասկածավոր կերպով:

Ուսանողները մնացին շվարած:

Միևնույն է ձեզ, թե ինչ բանի համար, — պատասխանեց նրանցից մեկը վշտացած ձայնով. — բայց քանի որ դուք այսպես սառն կերպով ընդունեցիք մեր առաջարկությունը, կարծեմ հարկավոր էլ չէ, որ իմանաք, թե ինչ բանի համար է:

Միքայելը ոչինչ չխոսեց. նրան հայտնի էր իր հյուրերի անտարբերությունը:

Ուսանողները հեռացան: Միքայելը գնաց նրանց ճանապարհ գցելու:

Ահա մեր դրամատերերը՝ մեր նյութական զորությունը. ի՞նչ կարելի է հուսալ այդ անսիրտ դիակներից... — ասաց ուսանողներից մեկը:

Փո՜ւ, գրողը տանե ձեզ...

Նրանք հասան սանդուղքներին, որ ցած էր տանում դեպի տան գլխավոր մուտքը: Այնտեղ Միքայելը հարցրեց.

Ի՞նչ նպատակի համար է ստորագրությունը:

Ուսանողները մտածության մեջ ընկան. և րոպեական լռությունից հետո նրանցից մեկը պատասխանեց.

Դա մի գաղտնիք է... բայց ձեզնից ծածկել պետք չէ... դուք մերն եք... Գիտեք, որ Կ. Պոլսի պատրիարքի նվիրակներից մեկն արդեն գտնվում է Պետերբուրգում, իսկ մյուսը Լոնդոնում, Տաճկաստանի հայոց խնդիրքը մի մազից է կախված. գործելու ժամանակ է. մենք պատրաստում ենք մի երիտասարդ արտասահման ուղարկելու համար, որ այնտեղ պրոպագանդ անե մամուլի միջոցով:

Միքայելի դեմքն ընդունեց խիստ ուրախ արտահայտություն:

Դա շատ գեղեցիկ միտք է, — ասաց նա: — Ո՞վ է գնացողը:

Ձեր բարեկամը, պարոն Ս. Մասիսյանը:

Զարմանում եմ, որ նա այդ մասին ինձ ոչինչ չի հայտնել:

Նա չափազանց ծածկամիտ մարդ է: Նա ցանկանում էր, որ դուք գիտենայիք հետո, երբ ինքը գնացած կլիներ:

Այդ միևնույն է, — խոսեց Միքայելը, — ասեցեք Ստեփանին, թող ինձ մոտ մտնե, ես կկարգադրեմ՝ ինչ որ պետք է նրա ճանապարհորդության համար:

Ուսանողները սեղմեցին Միքայելի ձեռքը և հեռացան: Վերադառնալով իր հյուրերի մոտ, Միքայելը նրանց ոչինչ չհայտնեց. բայց շատ վրդովվեցավ, երբ նկատեց, որ նրանք տակավին ծաղրում էին ուսանողներին և տակավին պախարկում էին նրանց վարմունքը:

Երևի ջիբների խարջլուխը պրծել է, — ասում էր մեկը:

Իրանք քաղցած մեռնում են, բայց տաճկաստանցիների դարդն են քաշում, — ասում էր մյուսը:

Ախար հանգստություն չունենք այդ մուրացկանների ձեռքից, — խոսեց մի ուրիշը. — քանի օր առաջ մոտեցնում են մի թերթ, «ստորագրեցեք մի բան, ասում են, հօգուտ Ալաշկերտի գաղթականների»: Հենց որ լսեցի, իծաներս հավաքվեցան, բերանս բաց արեցի. տո՛ հեռացեք, ասեցի, ձեր էլ... ալաշկերտցու էլ...

Միքայելը այլևս համբերել չկարողացավ:

Չէ կարելի այսպես անգթությամբ վերաբերվել դեպի ազգային գործերը, — ասաց նա վրդովված ձայնով. — ազգի յուրաքանչյուր անդամը պարտավոր է իր կարողության չափով նպաստել ընդհանրությանը. մենք փող ունենք, պետք է փողով օգնենք. նրանք (ուսանողները) խելք ու գիտություն ունեն, պետք է խոսքով օգնեն. մի ուրիշը սիրտ ունի, պետք է զորավոր բազուկներով օգնի. ամեն մի հայ իր ունեցվածքից չպիտի խնայե, և երբ բոլորը այսպես կվարվեն, այն ժամանակ տաճկաստանցի հայը կարող կլինի ազատ շունչ քաշել:

Լավ, լավ, — նրա խոսքը կտրեց հյուրերից մեկը. — ազգային գործերը մի կողմ դրեք, մենք մեր բանի վրա մտածենք: Բերեք կարտերը:

Ես, իրավն ասեմ, այժմ խաղալու ամենևին ախորժակ չունեմ, — պատասխանեց Միքայելը:

Այդ խոսքով կամենում եք ասել, թե վեր կացեք և գնացեք: Մենք այստեղ քարոզներ լսելու համար չենք եկել, — խոսեց հյուրերից մեկը, կանգնելով:

Եթե իմ տունը ձեզ ձանձրացնում է, համեցեք, ձեզ զոռով այստեղ ոչ ոք չի պահում:

Հյուրերը դժգոհությամբ հեռացան. մնացին նրանցից երկուսը միայն: Դրանք երիտասարդ վաճառականներ էին, այն տեսակներից, որոնք թեև մի բան հասկանում են, բայց դեռ նահապետական պատկառանքով համարձակություն չունեն հակառակել իրանցից հասակավորներին, թեև վերջինների հայտնած միտքը բոլորովին սխալ կամ վնասակար լիներ, և այս պատճառով բոլոր խոսակցության ժամանակ նրանք լուռ էին: Բայց երբ մենակ մնացին Միքայելի հետ, լեզուները բացվեցան:

Ա՜խ, որքան մեռած, որքան անկարեկից սրտեր ունեն այդ մարդիկը, — ասաց նրանցից մեկը. — ոչինչ չէ գրավում նրանց, ոչինչով չեն հետաքրքրվում, ինչ որ իրանց շահերի կամ իրանց գործերի սահմանից դուրս է: Ազգ, ազգակից և ընդհանուր մարդկությունը դրանց համար նշանակություն չունեն, երբ նրանցից որևիցե օգուտ չեն սպասում, և ամեն բանի վրա նայում են առևտրական կետից:

Միքայելը, որ նույն րոպեում խիստ գրգռված դրության մեջ էր գտնվում, վեր բարձրացավ դիվանից, որի վրա պառկած էր, և բավական տաք կերպով պատասխանեց.

Գոնե այսքան գիտենային, գոնե օրինավոր առևտրականներ լինեին, բայց հավատացնում եմ ձեզ, որ այդ էլ չգիտեն: Հին սերունդը ավելի լավ էր տանում իր առետրական գործերը, քան թե նորը, որը զանազանվում է այսքանով միայն, որ իր հայրերի ասիական փափախի տեղ կրում է եվրոպական շլյապա, առանց եվրոպացու գլուխը ունենալու: Հին սերունդը թեև տգետ էր, թեև խիստ սահմանափակ տեղեկություններ ուներ վաճառականության մասին, բայց գոնե այնքան հանդուգն չէր, որ առևտուր սկսեր իրանցից ավելի հմուտ ազգերի հետ. նա ընտրում էր այնպիսի ժողովուրդներ, որ իրանից ավելի տգետ էին և կարողանում էր խաբել նրանց: Բայց նոր սերունդը այդ զգուշությունն էլ չունի և չնայելով իր տգիտությանը, սկսել է առևտուր անել ավելի վարժված և ավելի հմտություններ ունեցող ազգերի հետ (և ինչո՞վ կարող է մրցություն անել) և դրա համար էլ միշտ խաբվում է, միշտ կորցնում է: Նա գործ ունի եվրոպացու հետ, առանց նախապես եվրոպացու խորամանկություններին տեղյակ լինելու:

Միքայելի դատողությունները խիստ երևեցան, և նրա երիտասարդ հյուրերից մեկը պատասխանեց.

Այսուամենայնիվ բացառություններ կան:

Բացառությունները շատ աննշան են: Եթե մնացել է մեր հայերի մեջ հարստություն, դա ըստ մեծի մասին հայրերի վաստակածն է. որդիքը չկարողացան պահպանել հայրերից ստացսյծ ժառանգությունը: Ես կարող եմ մատներով համբարել, թե քանի-քանի տներ սնանկացան այս մի քանի տարվա ընթացքում, սնանկությունը այնքան ավելի շուտ էր վրա հասնում, երբ որդիքը առևտուր էին սկսում ավելի քաղաքակրթված ժողովուրդների հետ. օրինակ, համարյա մեր բոլոր վաճառականները ոչնչացան, որոնք գործ սկսեցին Մարսելիայի և Մանչեսթրի հետ, իսկ Ռուսաստանում նրանք դիմանում են, և կարելի է ասել շահվում են, որովհետև ռուս վաճառականի հասկացողության աստիճանը չէ բարձրանում հայերից և մինչև անգամ ստոր է:

Միքայելի խոսակիցները մտածության մեջ ընկան. նրանք լսում էին բոլորովին իրանց համար նոր մտքեր:

Մեր մեջ առհասարակ պակասում է այն բանը, ինչ որ կոչվում է վաճառականական գիտություն, — շարունակեց նա: — Մեր մեջ ամեն մի ձեռնարկություն կատարվում է ոչ թե առաջուց խորհած և կարգադրված պատրաստականությամբ, այլ անգիտակցաբար, մինը մյուսի օրինակին հետևելով: Տեսնում ես, մեկը սկսում է բամբակ գնել, իսկույն մյուսները սկսում են գնել միևնույն մթերքը, առանց որևիցե որոշ հաշիվ աչքի առջև ունենալու: Մեկը սկսում է մետաքս գնել, շուտով մի մեծ բազմություն հետևում է նրա օրինակին: Եթե հարցնելու լինես այդ պարոններից՝ ի՞նչու եք առնում, որտե՞ղ պիտի ուղարկեք, նրանք կպատասխանեն. «Կիրակոսը և Մարտիրոսը առնում են, մենք էլ պետք է առնենք, մենք խո նրանցից պակաս չենք»:

Այդ կատարելապես ուղիղ է:

Մի բան, որ ժառանգեց նոր սերունդը և որ պահպանում է ամենայն ճշտությամբ, դա է հայրերի խաբեբայությունը: Վաճառականությունը ավելի ընկնում է այն ժամանակ, երբ խաբեբայությունը ընդունվում է որպես գլխավոր պայման: Այժմ թե՛ եվրոպական և թե՛ Ռուսաստանի առևտրական հրապարակների վրա մեր երկրի արդյունաբերության անունը կոտրված է, որովհետև բամբակի մեջ, բուրդի մեջ և մինչև անգամ մետաքսի մեջ ինչ ասես խառնում են: Ոչ ոք չէ հավատում մեզ: Մեր մթերքը առանց բաց անելու, առանց բոլորը աչքից անցկացնելու, չեն գնում. մինչդեռ եվրոպացին մի փոքրիկ օրինակ ցույց տալով, հարյուրավոր կապված հակեր է վաճառում, և բոլորը դուրս են գալիս ցույց տված օրինակի համեմատ և միևնույն տեսակից:

Միքայելը երկար խոսում էր վաճառականական խարդախությունների վրա և երևան էր հանում հայ վաճառականի բոլոր կեղտերը, որով ապականված է նա, ավելացնելով, թե այդ կեղտը տարածվում է ամբողջ հայ ազգի վրա, որովհետև օտարազգին մեզ ճանաչում է վաճառականների երեսով, որոնք թափառում են երկրագնդի ամեն կողմերում, և մի քանի անպիտանների պատճառով վատ կարծիք է կազմում ամբողջ ազգի մասին, մինչդեռ նրա մեծամասնությունը, որ բաղկացած է արհեստավորներից և երկրագործներից, խիստ բարի և բարոյական մարդիկ են:

Հիմա տեսեք, ինչ բարիք կարելի է սպասել այդ փչացած և անբարոյականացած հասարակությունից, որի համար ոչինչ բան սուրբ չկա, — ավելացրեց նա, — և մենք զարմանում ենք, վրդովում ենք, երբ տեսնում ենք հայ վաճառականի անկարեկցությունը դեպի տաճկաբնակ իրանց եղբայրների տառապանքները մահմեդական լծի ներքո:

Արդեն կես գիշերից անցել էր, երբ Միքայելի մնացած երկու հյուրերն էլ հեռացան, և նա մնաց մենակ: Նա փորձ փորձեց իսկույն պառկել և քնել, բայց չկարողացավ. մի հոգեկան խռովություն անհանգստացնում էր նրան: Նա սկսեց լուռ անցուդարձ անել իր փոքրիկ սենյակի մեջ: Նրա միտքը զբաղված էր նույն րոպեում Ստեփանով. այդ ոգելից և միշտ ծածկամիտ պատանին այժմ հանձն էր առել մի նպատակահարմար ձեռնարկություն, որին չէր կարելի չհամակրել: Բայց ի՞նչու ծածուկ էր պահել իրանից, մտածում էր Միքայելը, միթե չէ՞ր հավատում իրան, մի՞թե ինքը արժան չէր նրա մտերմությանը: «Ոչ, ոչ, նա ավելի հպարտ է, քան թե կարելի էր, նա խորշում է օգնող ձեռքից, որպես օձից... բայց իմ վերաբերությա՛մբ... դա վիրավորական է»...

Ե

Բնակարանը, որի մեջ կենում էր Միքայելը, բաղկանում էր երկու սենյակներից և մի խոհարանից, որ միևնույն ժամանակ ծառայում էր որպես մառան: Սենյակներից մեկի մեջ ապրում էր մի գերմանացի աղքատ ընտանիք, իսկ մյուսի մեջ՝ Միքայելը: Դա այն թշվառ ընտանիքներից մեկն էր, որ զրկվելով աշխատող ձեռքից՝ տան տղամարդից, ապրուստի հոգսը մնում էր հանգուցյալի կնոջ վրա: Անբախտ այրիին փոքր չէր օգնում նրա չափահաս ադջիկը, աշխատասեր Իդան, որոնք բացի իրանցից պետք է կերակրեին երկու փոքրիկ երեխաներ: Ընտանիքի հայրը դերձակ էր, որի մեռնելուց հետո նրա ամբողջ խանութը վաճառվեցավ պարտքի փոխարեն: Իդան կարեր էր վեր առնում մի ֆրանսիական մոդնի մագազինից և մոր հետ միասին կարում էին: Միքայելի, որպես «տնվորի», կենակցությունը մեծ մասով թեթևացնում էր խեղճ ընտանիքի տնտեսական ծանրությունը, և այս պատճառով նրա վրա լավ խնամք էին տանում, տալով մի առանձին կահավորված սենյակ, կերակուր և սպասավորություն:

Մի առավոտ Միքայելը, գրասեղանի մոտ նստած, շտապով նամակներ էր գրում փոստային հասցնելու համար, Իդան սուրճ ներս բերեց և դնելով նրա մոտ փոքրիկ կլորիկ սեղանի վրա, հարցրեց.

Դուք շուտո՞վ կդուրս գնաք:

Ի՞նչու եք հարցնում:

Ես կամենում էի կարգի դնել ձեր սենյակը: Հետո ժամանակ չեմ ունենա:

Ինձ մնում է դեռ հինգ-վեց նամակներ գրել, — ասաց Միքայելը շարունակելով իր գործը. — դուք կարող եք, ինչ որ ուզում եք անել:

Ես գուցե կխանգարեի ձեր պարապմունքը:

Ընդհակառակն... Ոչ:

Իդան բարձրահասակ և վայելչակազմ մի օրիորդ էր թավախիտ, շիկագույն գիսակներով և պայծառ համակրական դեմքով. նրա ծավի աչքերը կրում էին իրանց մեջ կապուտակ երկնքի և՛ փայլը, և՛ գեղեցկությունը: Նա այն առավոտ սովորականից ավելի ուրախ էր երևում, և չնայելով որ Միքայելը զբաղված էր, անդադար ընդհատում էր նրա պարապմունքը զանազան հարցերով:

Ա՜խ, որքան անփույթ եք դուք, ձեզ մոտ ոչ մի բան իր տեղը չէ մնում, ամեն ինչ թավալվում է հատակի վրա, — խոսում էր մանկահասակ օրիորդը, մաքրելով և կարգի դնելով սենյակի իրեղենները:

Այդ, երևի, ձեզ շատ հոգս է պատճառում, Իդա, ես կաշխատեմ այսուհետև ավելի մաքրասեր լինել, — պատասխանեց Միքայելը ժպտալով:

Ո՛չ, ինձ հոգս չէ պատճառում, միայն ես սիրում եմ ձեր սենյակը միշտ սարքած տեսնել, — ասաց օրիորդը փոքր ինչ շառագունելով:

Դուք շատ բարի եք, Իդա:

Օրիորդը վերջացնելով իր գործը, մոտեցավ Միքայելին և ձեռքը դնելով նրա ուսի վրա, սկսեց նրա ետևից գլուխը կռացրած նայել տողերի ընթացքին, թե որպես գրում էր նա, և որպես նրա գրիչը արագ վազում էր փոստայի սպիտակ թերթի վրա:

Ինչպես ծուռումուռ տառեր են, — ասաց նա իր տեղից շարժվելով և սիրուն գլուխը թեքելով մի արդեն վերջացրած և սեղանի վրա դրած նամակի վրա: — Ամեն օր քանի՞ նամակ եք գրում:

Երբեմն տասն և երբեմն ավելի:

Եվ դրա համար էլ ամբողջ գիշերը չեք քնում:

Դուք ի՞նչ գիտեք:

Ես գիտեմ... ես շատ անգամ նկատում եմ, որ մինչև լույս ձեր սենյակում ճրագը վառվում է և լսելի է լինում ձեր քայլերի ձայնը: Ես էլ խիստ սակավ եմ քնում...

Միքայելը ոչինչ չպատասխանեց: Օրիորդը, երևի, փոշմանեց իր միամիտ նկատողությունից և վեր առնելով նամակներից մեկը ասաց.

Ես ոչինչ չեմ ջոկում, ոչ մի ազգի տառերի նման չեն, բայց գեղեցիկ են: Ես շատ կցանկանայի սովորել այդ տառերը և այն լեզուն, որով գրում եք:

Ձեր ինչի՞ն է պետք:

Գուցե մի օր հարկավոր կլինի... — պատասխանեց օրիորդը ուրախ ժպիտով և դուրս վազեց սենյակից: Նա այլևս ետ չնայեց, կարծես ամաչեց իր ասած խոսքերից և, որպես հանցավոր, աշխատեց շուտ հեռանալ:

Միքայելի գրիչը մի քանի րոպե դադարեց գրելուց. նրան տիրեց մի տեսակ հոգեկան խռովություն. «Խե՜ղճ աղջիկ... — մտածեց նա մի առանձին ցավակցությամբ, — ես ինչո՞վ կարող եմ փարատել քո սրտի դարդը»... Միքայելը վաղուց նկատել էր, որ Իդան հետաքրքրվում է իրանով, որ նա շատ անգամ գիշերներն անքուն է մնում, երբ ինքը իր սենյակում զբաղված էր և շատ անգամ մոտենում է նրա լուսամուտներին, որ տեսնե, արդյոք քնա՞ծ է իրանց տնվորը թե ո՛չ: Այս բոլորը Միքայելը համարում էր մանուկ աղջկա այն հետաքրքրությունը, որ աշխատում է ամեն բան գիտենալ, որպես չի կարող համբերել մինչև չգիտենա, թե իր մոր կողպած պահարանի մեջ ինչ էր թաքցրած: Բայց այսօր նա պարզ հայտնեց իր սրտի գաղտնիքը, որին չէր սպասում Միքայելը: Նա ցանկանում էր սովորել Միքայելի ազգի լեզուն և գրելը, այն մտքով, «գուցե մի օր հարկավոր կլինեին»... Իդան հանաք չէր անում, նա բավական ծանրամիտ աղջիկ էր: Նա մտածում էր սովարել հայի լեզուն և հայի դպրությունը, մի հայ սիրելու համար: Իսկ ո՞վ էր այդ հայը: Իդան սիրում էր Միքայելին, բայց ո՞րպես պետք էր պատասխանել նրա սերին. — ահա այդ միտքն էր, որ սկսեց տանջել Միքայելին:

Միքայելը իր սրտում չէր գտնում ոչ մի համապատասխան զգացմունք դեպի գեղեցիկ օրիորդի սերը: Նա միայն հարգում էր նրան որպես մի պատվասեր օրիորդ, որպես աշխատասեր աղջիկ, որ իր վրա էր առել անբախտ ընտանիքի ապրուստի բոլոր հոգսերը: Միքայելը կարող էր համակրել նրան, բայց սիրե՞լհազիվ թե:

Միքայելը ինքն էլ չհասկացավ, թե որպես վերջացրեց իր նամակները: Նա շտապով ծրարեց, կնքեց և վեր առնելով, կամենում էր դուրս գալ իր սենյակից, հանկարծ ներս մտավ Ստեփանը: Նա սառն ու անխռով կերպով, որպես միշտ, ձեռք տվեց Միքայելին և գնաց նստեց բազկաթոռի վրա, ուր սովորաբար նստում էր, երբ Միքայելի մոտ էր գալիս:

Ես եկա քեզ մոտ մի կարևոր գործի համար, — ասաց նա թույլ ձայնով:

Գիտեմ, — պատասխանեց Միքայելը, — ինձ արդեն հայտնի է քո նպատակը. դու կստանաս ինձանից, որքան պետք է քո արտասահմանի ճանապարհորդության համար:

Այդ չէ, — ասաց Ստեփանը հանգիստ կերպով. — կարդա այդ հեռագիրը:

Միքայելը սկսեց կարդալ մի երկար հեռագրալուր, որ բաղկացած էր ավելի քան քսան տողից: Նա իսկույն գունաթափվեցավ: Հեռագիրը հաղորդված էր Ստեփանի անունով և բովանդակում էր հետևյալ տողերը. «Ձեր հայրը վախճանվեցավ հանկարծակի կաթվածահարությամբ, շտապեցեք, առանց ժամանակ կորցնելու, հասնել այստեղ: Նրա գործերը բոլորովին խառն դրության մեջ են. մեծ կորուստ է սպառնում մեր կայքին, եթե շուտափույթ հոգատարություն չլինի: Ստացեք նախապես Միքայելի հաշիվները և Մոսկվայի առևտրական տունը փակեցեք»... և այլն: Ստորագրված էր «Մարիամ»:

Միքայելը բոլորովին սառած մնաց: Նրան, ավելի քան Ստեփանին, հայտնի էր այդ անբախտության սարսափելի հետևանքները:

Ես պատրաստ եմ այս րոպեիս հանձնել քեզ իմ ձեռքում գտնված գործերի բոլոր հաշիվները: Միայն դու աշխատիր չուշանալ այստեղ, — ասաց նա, դուրս բերելով գրասեղանի պահարանից ահագին հաշվետոմարներ:

Ես պատրաստվում եմ գնալ արտասահման, — պատասխանեց Ստեփանը իր սովորական սառնասրտությամբ: — Ինձ կանչում է այնտեղ մի ավելի մեծ պարտավորություն, քան թե իմ հոր գործերը:

Ես քեզ հետ համաձայն եմ, — խոսեց Միքայելը. — բայց մտածիր, որ դու բոլորովին կանբախտացնես քո մորը, քո քույրերին և քեզ: Հեռագրի միտքը բոլորովին ուղիղ է, որ ձեր ժառանգությանը սպառնում է մեծ կորուստ: Ինձ բավական հայտնի է, թե հանգուցյալը որպես էր վարում իր գործերը: Նա իր բոլոր հաշիվները իր գլխումն ուներ, հիմա որ վախճանվեցավ, բոլորն իր հետ տարավ: Այժմ ամեն ինչ մնացած կլինի ավազակ գործակատարների ձեռքում, շատ հասկանալի է հետևանքը...

Այդ ավազակները նա ինքն է պատրաստել իր համար, — խոսեց Ստեփանը զզվանքով. — «հեղեղի բերածը էլի հեղեղը կտանե»... Ուրիշ կերպ լինել կարող չէր...

Միքայելը չգիտեր ինչ անել: Նրան հայտնի էր Ստեփանի հաստատամտությունը, բայց, մյուս կողմից, տեսնում էր վնասը, որ կարող էր գալ նրա համառությունից: Նա փորձ փորձեց մի կերպ համոզել իր բարեկամին, որ կատարե մոր խնդիրքը, որը այնքան ցավալի սրտով դիմում էր որդու օգնության:

Ավելի լավ չէ՞ր լինի, — ասաց նա, — որ դու հետաձգեիր արտասահմանի ճանապարհորդությունը, մինչև կարգի կդնեիր քո հոր գործերը:

Անկարելի է:

Ուրեմն ի՞նչ պետք է արած:

Ես դրա համար էլ քեզ մոտ եկա, լսիր, Միքայել, ինձ համար ոչինչ նշանակություն չունի իմ մոր կանչելը, երբ լսում եմ հազարավոր մայրերի ձայնը, որոնք Թուրքիայից մեզ ձեռք են մեկնում և օգնություն են խնդրում: Ես պիտի գնամ, պիտի ճանապարհորդեմ ամբողջ Եվրոպա և ինչ կարող եմ, կկատարեմ: Իսկ ինչ որ վերաբերում է իմ հոր գործերին, ես մի այսպիսի կրիտիկական րոպեում չունեմ մի ուրիշ բարեկամ բացի քեզանից: Ես հույս եմ դնում քո բարեսրտության վրա. դու կարող ես ավելի լավ կատարել այն բոլորը, ինչ որ ես կդժվարանայի անել: Դու կստանաս ինձանից կատարյալ հավատարմաթուղթ և շուտով ճանապարհ կընկնես: Համաձա՞յն ես:

Միքայելը տեսնելով, որ ուրիշ ելք չկար, որ իր բարեկամի ժառանգությունը կարող էր բոլորովին ոչնչանալ անհավատարիմ ձեռքում, ընդունեց առաջարկությունը:

Ուրեմն ժամանակ կորցնել պետք չէ, — ասաց Ստեփանը ուրախ դեմքով. — այս րոպեիս գնանք նոտարի մոտ, ես կտամ քեզ հարկավոր թղթերը:

Նույն ավուր գիշերային պահուն Միքայելը պատրաստում էր իր ճանապարհային չեմոդանը և հավաքում էր իր սենյակի իրեղենները: Եվ նույն րոպեում նրան զբաղեցնում էր այն միտքը, թե ինչ պետք էր ասել Իդային, որպես պետք էր հայտնել նրան: Գիտեր, որ խեղճ աղջիկը շատ պիտի տխրի, երբ կլսի նրա գնալը: Եվ իրան, Միքայելին, ոչ սակավ ծանր էր բաժանվելը այդ բարի և խաղաղ ընտանիքից, որի հետ այնքան ընտելացել էր նա, ուր անց էր կացրել այնքան ախորժելի ժամեր և ուր գտել էր այնքան քնքուշ խնամատարություն: Բայց ինչո՞ւ չէր հայտնվում Իդան. ամեն օր այս ժամին նա թեյ էր ներս բերում, իսկ այժմ ո՞րտեղ էր նա:

Ներս մտավ նրա մայրը:

Ո՞ւր մնացիք, պարոն, — ասաց նա հետաքրքիր կերպով աչք ձգելով բաց չեմոդանի վրա. — այսօր ճաշին երկար սպասել տվեցիք մեզ:

Զբաղված էի, — պատասխանեց Միքայելը, — ո՞ւր է Իդան, չէ երևում:

Նա ինչ-որ իր հալումը չէ այսօր, — ասաց պառավը վշտացած կերպով, — առավոտյան գանգատվում էր, թե գլուխս ցավում է, ամբողջ օրը ոչ կերել և ոչ խմել է, հիմա էլ պառկած է: Տեր աստված, ի՛նչ կլինի մեզ հետ, եթե նա հիվանդանա:

Եվ ողորմելի պառավի խորշոմներով պատած աչքերում երևացին արտասուքի կաթիլներ: Միքայելի վրա սաստիկ ներգործություն ունեցան նրա խոսքերը, և մտածեց իսկույն վազել բժիշկ հրավիրելու:

Իսկ դուք պատրաստվում եք, պարոն, երևի մի տե՞ղ ունեք գնալու, — հարցրեց պառավը փոքր ինչ հանգստանալուց հետո:

Այո՛, մայրիկ, ես պատրաստվում եմ գնալ իմ հայրենիքը:

Ե՞րբ:

Էգուց վաղ-առավոտյան:

Խեղճ պառավը բոլորովին սառած մնաց:

Ցավալի է, շատ ցավալի է, — ասաց նա դողդոջուն ձայնով, — մեզ հեշտ չի լինի բաժանվել ձեզանից. մենք այնքան սովորել էինք միմյանց, ինչպես որդի սիրում էինք ձեզ: Հիմա պիտի գնաք...

Ո՞վ գիտե, գուցե շուտով կվերադառնամ, — մխիթարում էր նրան Միքայելը:

Թող աստված հաջողություն տա ձեզ, որդի, գնացեք, ուրախացրեք ձեր ծնողներին:

Պառավը չգիտեր, որ Միքայելը զուրկ է ծնողներից, որ նա որբ է մնացել հենց երեխայության ժամանակից:

Ի՞նչ պետք է անել Իդայի հետ, — հարցրեց նա, — կարելի է նա ծանր հիվանդ է, կարելի է բժիշկի պետք ունի:

Աստված գիտե, որդի, նա ոչինչ չէ ասում, այդ նրա հին սովորությունն է. տեսնում ես, գունատվել, դեղնել է ինչպես աշնան տերև, բայց չէ ասում, թե որտեղն է ցավում և տանում է իր հիվանդությունը միշտ ոտքի վրա և չի էլ դադարում գործելուց:

Կարելի՞ է մտնել նրա մոտ:

Ինչո՞ւ չէ, գնանք:

Միքայելը պառավի հետ ներս մտան կից սենյակը, ուր մանկահասակ օրիորդը առանց հանվելու պառկած էր վարագույրներով առագաստավորված մահճակալի վրա: Մայրը ետ քաշեց վարագույրը, և ճրագի լույսը ընկավ նրա բորբոքված դեմքի վրա, որ վառվում էր տենդային շառագունությամբ, իսկ աչքերի մեջ փայլում էր անբացատրելի կրակ:

Ի՞նչ է պատահել ձեզ հետ, Իդա, — հարցրեց Միքայելը, սաստիկ սարսափ զգալով իր մարմնի վրա:

Ոչինչ, — պատասխանեց օրիորդը թույլ ձայնով, — փոքր ինչ տաքություն եմ զգում, և գլուխս կրկին սկսեց ցավել, բայց կանցնի, այսպես շատ անգամ է պատահում ինձ հետ:

Նա դարձյալ գլուխը դրեց բարձի վրա, կարծես կամենում էր ցույց տալ, թե պետք էր իրան հանգիստ թողնել: Մայրը ձեռքից բաց թողեց վարագույրը, և նա ծածկվեցավ խորհրդավոր առագաստների ետքում:

Նա ծանր հիվանդ է, — դարձավ Միքայելը դեպի շվարած մայրը. — ես իսկույն բժիշկ կհրավիրեմ: Միայն դուք մի հայտնեցեք, թե առավոտյան ես գնալու եմ, — ավելացրեց նա:

Ես գիտեմ... ես բոլորը գիտեմ... — լսելի եղավ վարագույրի ետևից հիվանդի թույլ ձայնը և նրան հետևեց լացի տխուր հեկեկանք:

Միքայելը չլսեց այդ և առանց ժամանակ կորցնելու հեռացավ. իսկ պառավ մայրը մոտեցավ իր դստերը և սկսեց հանգստացնել նրան:

Կես ժամից հետո եկավ բժիշկը. նա հայտնեց, թե օրիորդի հիվանդությունը շատ երկյուղալի չէր, թե դա մի թեթև տաքություն էր, որ շուտով կանցներ, միայն պետք էր անխնամ չթողնել, եթե ոչ, կարող էր սաստկանալ: Նա մի քանի պատվերներ տվեց, դեղեր գրեց և հեռացավ:

Այժմ Միքայելին պետք էր վազել ապտեկը, որովհետև տան մեջ այս ծառայությունը կատարող ուրիշ մեկը չկար:

Գիշերը հիվանդը անցկացրեց տենդային զառանցության մեջ, իսկ առավոտյան լուսաբացին մոտ հանգստացավ և քնեց: Բոլոր ժամանակը հիվանդի մայրը և Միքայելը գտնվում էին նրա մոտ:

Հիմա դուք գնացեք, պարոն, նա քնեց, — ասաց պառավը հազիվ լսելի ձայնով, — շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, գնացեք, պատրաստվեցեք, դուք ճանապարհորդ եք:

Մտնելով իր սենյակը, Միքայելը սկսեց անհանգիստ կերպով անցուդարձ անել, նա գտնվում էր սաստիկ խռովության մեջ: Իր կյանքում նա երբեք մի այդպիսի դժվարին, անհնար և անել դրության չէր հանդիպել: Երկու զգացմունքներ նրա մեջ մաքառում էին միմյանց հետ: Մի կողմից իր ամենասիրելի բարեկամը, Ստեփանը, դրել էր նրա վրա մի ծանր պարտականություն. Մասիսյանների ընտանիքի բախտը և դժբախտությունը այժմ կախված էր նրա կամքից. նա պիտի գնար և պիտի կարգի դներ հանգուցյալ աղայի ավերված գործերը. մի ամենաթեթև անհոգություն կարող էր զրկել նրա ընտանիքը օրական հացից: Իսկ մյուս կողմից, մի նազելի արարած այժմ հիվանդ դրած էր անկողնի մեջ, նրան ձգել անխնամ, նրան թողնել անօգնական, այդ նույնպես դժվարին էր:

Ի՞նչպես պետք էր հաշտեցնել այդ երկու դժվարությունները՝ բարեկամի սերը և կնոջ սերը, ո՞րը պետք էր նախադասել: Բայց մի՞թե Միքայելը սիրում էր նրան: Ամբողջ հինգ տարի նա կենում էր այս տան մեջ, երբեք մի այնպիսի զգացմունք չէր վրդովել նրա սիրտը, և երբեք ինքը՝ օրիորդը սիրո մի ամենաթեթև արտահայտություն չէր ցույց տվել նրան: Բայց այն րոպեից, երբ լսեց, թե նա հիվանդ է, հենց այն գիշեր, երբ լսեց անկողնի վարագույրների ետևից նրա լաց լինելու ձայնը իր գնալու մասին, իսկույն մի խորին, անբացատրելի զգացմունք սկսեց խռովել նրա սիրտը: Ի՞նչ էր այդ, սե՞ր, թե մի խաբուսիկ կիրք կամ թե կարեկցության զգացմունք, որ նա ուներ դեպի ամեն նեղյալները, որոնց պետք էր օգնության ձեռք մեկնել: Այդ չէր կարողանում որոշել Միքայելը, նա այդ հոգեկան մթին և անվերծանելի խնդիրները լուծելու համար խիստ անփորձ էր:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last