Րաֆֆի՝   Ոսկե աքաղաղ

Երկար նա անքուն անցուդարձ էր անում իր փոքրիկ բնակարանի մեջ, երկար ծանր մտածություններ զբաղեցնում էին նրա բորբոքված երևակայությունը, մինչև ժամատներից լսելի եղավ առավոտյան զանգակի ձայնը: Գիշերը աննկատելի կերպով անցել էր: Հանկարծ նրա աչքը ընկավ կապված և բոլորովին պատրաստ չեմոդանի վրա: Այդ անշունչ և խուլ առարկան կարծես, սկսեց խոսել նրա հետ, կարծես ազդեց նրա վրա, ցույց տալով մի անհրաժեշտություն, որից փախչելը անհնարին էր: Դա միևնույն չեմոդանն էր, որ առաջին անգամ դրած ճանապարհային սայլակի վրա նա հեռացավ Մասիսյանների տնից. դա հիշեցրեց նրան այն փունջ ծաղիկը, որ երկու աղջիկները աղայի տան կտուրից ձգեցին նրա սայլակի մեջ... և իսկույն Գայանեի և Հռիփսիմեի նազելի դեմքերը պատկերացան նրա երևակայության մեջ...

Նույն միջոցին փողոցից լսելի եղավ կառքի դղրդոցը, և քանի րոպեից հետո Միքայելի սենյակի շեմքի վրա հայտնվեցավ կառապանը:

Պարոն, — ասաց նա գլուխ տալով. — դուք հրամայեցիք առավոտյան շուտ գալ, ներեցեք, որ մի քիչ ուշացա:

Լավ, վեր առ այդ չեմոդանը, դուրս տար, մի փոքր սպասիր, ես շատ չեմ ուշանա, — ասաց Միքայելը րոպեական մտածությունից հետո:

Դա նույն կառապանն էր, որին վարձել էր Միքայելը գիշերը բժշկի մոտ գնալու ժամանակ և որին պատվիրել էր վաղ-առավոտյան գալ և իրան տանել երկաթուղու կայարանը:

Հասել էր վճռական ժամը: Միքայելը մի քանի րոպե ևս վարանեցավ, հետո մոտեցավ գրասեղանին, վեր առեց մի կտոր թուղթ և գրեց հետևյալ տողերը.

«Մնաք բարյավ, Իդա, ընդունեցեք այդ փոքրիկ նվերը, որպես եղբայրական սիրո մի նշան: Դա պետք կգա ձեզ կարոտության ժամերում, երբ դուք կպատրաստվեք տնօրինել ձեր բախտը և ապագան...»

Նա ստորագրեց նամակը և դնելով նրա հետ թղթադրամների մի հաստ ծալք, կնքեց և դուրս եկավ: Մտնելով հիվանդի սենյակը, նա գտավ պառավին դեռ նստած իր դստեր անկողնի մոտ:

Ես եկա ձեզ մնաս բարյավ ասելու, տիկին:

Դուք արդեն գնում եք, — ձայն տվեց պառավը շփոթվելով: — Կամենո՞ւմ եք, զարթեցնեմ Իդային:

Մի անհանգստացնեք, այդ կարող է վնասել նրան:

Ա՜խ, նա որքան կտխրի, երբ կզարթնի և կտեսնի, որ դուք գնացել եք:

Իդան շատ բարի է, նա կներե իմ անքաղաքավարությունը, — ասաց Միքայելը ձեռքը տանելով դեպի ծոցը և դուրս բերելով հաստ ծրարը. — խնդրեմ, հանձնեցեք նրան այս նամակը:

Միքայելը վերջին անգամ մոտեցավ հիվանդին, երբ նա դեռ քնած էր: Ոչինչ այնքան հափշտակիչ և կախարդապես հրապուրող չէր կարող լինել, որպես այն քնքուշ և սքանչելի մարմինը, որ դրած էր անկողնի մեջ: Հարուստ և թավախիտ գիսակները կիսով չափ ծածկել էին նրա գունաթափ դեմքը, իսկ նուրբ, կիսաբաց շրթունքը, կարծես թե շշնջում էին հազարավոր գեղեցիկ խոսքեր... Նույն միջոցին նրա մերկ ձեռքը ընկած էր վերմակից դուրս, որպես մի բարեկամական ձեռք, որ պատրաստ էր անջատման ողջույնը ընդունելու: Միքայելը զգուշությամբ բարձրացրեց այդ ձեռքը, սեղմեց իր շրթունքին, և, վերջին անգամ հայացք ձգելով նազելի դեմքի վրա, հեռացավ:

Պառավը եկավ նրա հետ մինչև տան դուռը և օրհնելով ճանապարհ դրեց:

Նույն ավուր առավոտ մի ուրիշ երիտասարդ ևս, շրջապատված մի քանի ուսանողներով, ճանապարհ ընկավ դեպի Անգլիա: Ուսանողները համբուրվեցին նրա հետ և ճանապարհ դրին այս խոսքերով. «Գնա՛, հայրենիքի զավա՛կ, թող Վարդանի և Ներսեսի ոգին օգնե քեզ...»

Զ

Պետրոս Մասիսյանի հանկարծահաս մահը խիստ ցավալի ներգործություն ունեցավ նրա անբախտ ընտանիքի վրա: Տիկին Մարիամը շվարած, խելքը կորցրած, չգիտեր, թե ինչ պետք էր անել: Ընտանիքը ոչ մի օրինավոր բարեկամ չուներ: Հանգուցյալի մերժող, բացասող և եսական բնավորությունը նրան այն աստիճան առանձնացրել էր, որ մեռնելուց հետո մի մարդ չգտնվեցավ, որ նրա անփորձ, անտեղյակ ժառանգներին բարի խորհուրդներ տար անտեր մնացած կայքի մասին: Ինքը, տիկին Մարիամ, թեև խելացի և հասկացող կին էր, բայց տղամարդի խստությունը նրան այն վիճակի մեջ էր դրել, որ ամբողջ իր ամուսնական կյանքում, տան չորս պատերից դուրս, չգիտեր թե իր տղամարդը ինչով է զբաղված կամ նրա գործերը ինչ դրության մեջ են: Եվ այս պատճառով, երբ վախճանվեցավ նա, որ ամեն բանի վրա իշխում էր, որ ամեն ինչ կենտրոնացրել էր իր ձեռքում, որ, բացի իրանից, մի ուրիշ տեր չէր ճանաչում, որի կինը, որդին, զավակներն անգամ իր համար օտարներ էին, երբ վախճանվեցավ այդ բռնակալ միապետը, այնուհետև սկսեցին տիրել այն մարդիկը, որոնք հանգուցյալի ձեռքի հաջողակ գործիքներն էին, որոնք կրթված, վարժված և կատարելագործված էին նրա դաստիարակության համեմատ, — գողության և խաբեության մեջ...

Մասիսյանի տան միակ բարեկամը մնացել էր Սիմոն Յագորիչը, աղայի մահից հետո ասպարեզը բացվեցավ այդ պոլիցիական հին ավազակի առջևը. նա, որ առաջ աղայի փաստաբանն էր և վարում էր նրա դատաստանական գործերը, այժմ դարձել էր տիկին Մարիամի գլխավոր խորհրդատուն:

Մի գիշեր տիկին Մարիամը և իր երկու աղջիկները՝ Գայանեն և Հռիփսիմեն, բոլորն էլ սև հագած, հավաքվել էին իրանց սենյակում: Սիմոն Յագորիչը նստած էր ճրագի մոտ և ահագին ակնոցները հագցրած ահագին քթի վրա, ձեռքումը բռնած ուներ մի կտոր թուղթ, որը երբեմն մոտեցնում էր աչքերին, երբեմն հեռացնում էր և երբեմն ծնկի վրա դնելով թուղթը, խորին մտածության մեջ էր ընկնում: Նա նմանում էր մի հնագետի, որ նստած լուռ, կիսամաշ արձանագրության առջև, աշխատում է կարդալ անվերծանելի հիերոգլիֆները: Դա մի հեռագիր էր: Տիկին Մարիամը և նրա աղջիկները անհամբերությամբ սպասում էին Սիմոն Յագորիչի բացատրությանը, որովհետև, այդ հեռագրիցն էր կախված նրանց թե՛ ուրախությունը և թե՛ տրտմությունը:

Հեռագրի բովանդակությունը խիստ պարզ էր և բաղկանում էր մի քանի տողերից միայն. «Իմ գալը անկարելի է, ես ճանապարհ դրեցի Միքայելին, նա կկարգադրե բոլոր գործերը, որպես հարկն է»: Ստորագրված էր՝ «Ստեփան Մասիսյան»:

Հեռագրի սառն, կարճ և լակոնական բովանդակությունը անբավականացուցիչ էր տիկին Մարիամին. մոր հետաքրքրությունը չէր կարող գոհանալ այս մի քանի անսիրտ խոսքերով. «իմ գալը անկարելի է», — հաղորդում էր որդին. ինչո՞ւ համար անկարելի է, ի՞նչ էր պատահել, — ահա այս հարցերը սկսեցին տանջել մորը: Մայրը մի ուրիշ պատճառի մասին մտածել չէր կարող, բացի նրանից, թե որդին հիվանդ պետք է լիներ, որ չէր կարողացել կատարել նրա խնդիրքը:

Ա՜խ, ինչ կլինի պատահած, — ասում էր նա ցավալի ձայնով Ստեփանս բարի էր, շատ բարի, նա ինձ մենակ չէր թողնի. ա՜խ, տեր աստված, ի՞նչ կլինի պատահած...

Սիմոն Յագորիչը հանգստացնում էր նրան:

Օրհնած, հալբաթ մի բան կլինի պատահած, որ չի կարողացել գալ:

Գայանեն և Հռիփսիմեն թեև նույնպես տխրեցին իրանց եղբոր մասին, բայց սրտով ուրախ էին, որ մյուս անգամ կտեսնեն Միքայելին: Մի քանի տարվա ընթացքում նրա մասին լսել էին այնքան շատ բաներ, որ Միքայելը դարձել էր նրանց համար մի տեսակ առասպելական արարած:

Բայց Սիմոն Յագորիչի վրդովմունքին չափ չկար. նա հույս ուներ, եթե Ստեփանը գալ չկարողանար, անպատճառ իրան կնշանակե գլխավոր հավատարմատար: Այժմ նրա ծրագիրը փոխվեցավ: Նա ավելի շահավետ էր համարում գործ ունենալ անփորձ և անփույթ Ստեփանի հետ, քան թե հմուտ Միքայելի հետ, որի «սատանայությունները» վաղուց հայտնի էին նրան: Այդ հին գայլը մտքումը դրած ուներ մի մեծ ճարակ ստանալ հանգուցյալ աղայի կայքից, որից ամեն մարդ իր կողմն էր քաշում:

Նա մտքով դարձավ դեպի հանգուցյալի հիշատակը և այսպես դուրս թափեց իր տհաճությունը Միքայելի մասին.

Հոգիդ թող լուսի մեջ լինի, Պետրոս աղա, — ձայն արձակեց նա երեսը խաչակնքելով, — դու էիր իմանում, թե Սիմոն Յագորիչը ինչ մարդ է... ամեն բանի մեջ նրա հետ մասլահաթ էիր անում, վեքսիլները տալիս էիր և ասում, Սիմոն Յագորիչ, ինչպես խելքդ կկտրե, էնպես արա, տանում էի, մի քանի օրվա մեջ փողերը սաղացնում էի. բայց հիմա իմ երեսին էլ չեն ուզում մտիկ տալ... աստված միայն գիտե, թե ո՜րքան եմ չարչարվել ես այս տան շահերի համար...

Սիմոն Ցագորիչ, դու էլի մերն ես, — պատասխանեց նրան տիկինը, սիրտ տալով: — Դու էլի կմնաս քո գործին և ամեն բան քո խորհուրդովը կկատարվի:

Ծերունի փաստաբանը ընդունեց խիստ միամիտ կերպարանք և կարեկցությամբ հայտնեց.

Աստված է վկա, որ իմ սիրտը ցավում է. ես իմ օրը անց եմ կացրել, այսօր կամ էգուց կարելի է մեռնեմ, հիմա փողն ու հողը ինձ համար դիփ մեկ են. աշխարհիցս ի՞նչ եմ տանելու. մի պատանք ինձ համար բավական է... Բայց իմ սիրտը, տես, դրանց համար է ցավում (նա ցույց տվեց Գայանեի և Հռիփսիմեի վրա), դրանց համար եմ աշխատում... Ստեփանը, ոնց որ լինի, տղա է, իր գլուխը կպահե, բայց դրանք աղջիկներ են...

Տիկին Մարիամը զարմացած լսում էր ծերունի խաբեբայի խոսքերը. նա հասկանալ չէր կարողանում, թե ինչ է նրա միտքը:

Հիմա եթե հանգուցյալ աղան գերեզմանից աչքերը բաց աներ և տեսներ այս բոլորը, խեղճ մարդու սիրտը կտրաքեր բարկությունից: Ա՜խ, աստված, ո՞վքեր են կանգնած նրա գործերի գլխին, մի ծծկեր տղա, որը սևը սպիտակից ջոկել չէ իմանում... (Նա ակնարկում էր Միքայելին): Ես Սիմոն Յագորիչն եմ, ողջ քաղաքը ինձ ճանաչում է. 22 տարի պոլիցիայում գրագրություն եմ արել, 15 տարի Թ... մովրովի մոտ եմ եղել. մազերս սպիտակել են սուդերումը ման գալով, ամեն զակոնները «հայր մերի» նման իմանում եմ. բայց ինձ էլ բանի տեղ չեն դնում...

Սիմոն Յագորիչը, ինչպես ամեն խորամանկ մարդիկ, սովորություն ուներ միշտ իր «ետևի միտքը» լեզվի տակին պահել, պարզ չխոսել: Բայց տիկին Մարիամը նկատում էր, որ նա մի բան ասել էր ուզում, միայն կամ չէր վստահանում, կամ թողնում էր, որ տիկինը ինքը հասկանա և առաջարկե նրան:

Ի՞նչ եք կամենում, Սիմոն Յագորիչ, — հարցրեց նա համբերությունը հատնելով:

Ծերունին, մի բուռն ծխախոտի փոշի վեր քաշելով իր քթի պնչածակերից, ոգևորվեցավ, սիրտ առեց և մի քանի անգամ հազալով, կրկին վեր առեց հեռագիրը, և նորից սկսեց բացատրել նրա իմաստը:

Գիտեք ի՞նչ կա, տիկին, այս հեռագրով Ստեփանը իմացում է տալիս ձեզ, որ իր փոխարեն ուղարկում է Միքայելին հոր գործերը կարգի դնելու համար. կնշանակե, նա իր կողմից տվել է Միքայելին մի թուղթ, որին ասում են դավերնոստ: Բայց օրենքով նա իրավունք չուներ իր մոր կամ քույրերի կողմից տալ մի այսպիսի թուղթ. նա կարող էր միայն իր կողմից տալ: Եվ այսպես էլ կլինի: Հիմա մնում է, որ դուք ձեր կողմից և ձեր աղջիկների կողմից մի այսպիսի թուղթ տաք ինձ, այն ժամանակ կտեսնեք Սիմոն Յագորիչը ինչեր կանե ձեզ համար և ոնց ամեն բանը տեղնի տեղը կսարքե...

Տիկին Մարիամը մտածության մեջ ընկավ և րոպեական լռությունից հետո պատասխանեց.

Տեսնենք... թող Միքայելը գա, կմտածենք...

Չէ՛, դուք չեք իմանում, տիկին, մտածեցեք, լավ մտածեցեք, — նրա խոսքը կտրեց ծերունի խաբեբան ծանր եղանակով. — այնտեղ, փողոցում ձեր մարդու խանութները «փեչատել» են, դուք տանը հանգիստ նստած եք: Մարդ կուզե, որ եղած-չեղածը ազատե... Իմանում ե՞ք:

Հանգուցյալ աղայի խանութները կնքելը մի լոկ օրինական ձև էր, մի լոկ կառավարչական նախազգուշություն էր, մինչև նրա ժառանգները հայտնվեին, բայց Սիմոն Յագորիչը մի այնպիսի նշանակություն տվեց, որ անտեղյակ տիկին Մարիամին բոլորովին սարսափի մեջ գցեց: Տիկինը խանութի կնքվելը հասկանում էր այն մտքով միայն, երբ պետք էր նրա միջի կայքը աճուրդով ծախել կամ գրավել: Եվ այս պատճառով նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ Սիմոն Յագորիչի այն խոսքը, թե «մարդ պետք է, որ եղած-չեղածը ազատե» և այդ մարդը ինքն էր:

Ի՞նչպիսի թուղթ պետք է, Սիմոն Յագորիչ, — հարցրեց նա:

Դրա «զակոնը» ես եմ իմանում, իմ բանն է, — պատասխանեց նա հպարտությամբ, — առավոտյան կգնանք նոտարիուսի մոտ, ես այնտեղ գրել կտամ և բանը կվերջացնեմ:

Հետո խանութների «փեչատը» կվերցնեն, այնպես չէ՞:

Մեկ օրումը վերցնել կտամ, դուք ջեր Սիմոն Յագորիչին չեք ճանաչում:

Տիկինը համաձայնվեցավ, որ նրան կտա բոլոր հարկավորած թղթերը, միայն թե «իր երեխեքի հացը չկտրեին», և Սիմոն Յագորիչը ուրախ, ինքնաբավական դեմքով վեր կացավ և կամենում էր հեռանալ, ասելով.

Ես էգուց առավոտյան կգամ և ձեզ կտանեմ նոտարիուսի մոտ:

Սպասիր, Սիմոն Յագորիչ, — կանգնեցրեց նրան տիկինը. — դուք մի բան չխմեցիք:

Դե բերեք, օրհնած, բերանս էլ թրջեմ, էնքան խոսեցի, որ բողազս չորացավ:

Հռիփսիմե, — դարձավ տիկինը դեպի աղջիկը, — Սիմոն Յագորիչին մի բաժակ արաղ համեցեք արեք:

Հռիփսիմեն կատարեց մոր հրամանը, և պոլիցիական հին արբեցողը, խմելով իր սիրած ըմպելին, օրհնեց և հեռացավ:

Դրսումը սաստիկ մութն էր, այնպես, որ ինչպես ասում են, եթե մատդ կոխեիր մեկի աչքը, չէր տեսնի: Սիմոն Յագորիչին խավարի միջից մոտեցան մի քանի հոգի, որոնք, կարծես, նրան սպասում էին: Նրանց մեջ սկսվեցավ մի այսպիսի գաղտնի խոսակցություն:

Եթե պոլիցիան ուշադրություն կդարձնե, այն ժամանակ մենք կորած ենք...

Մեզ կարող են մատնել ևս...

Ավելի լավ կլիներ, որ խանութի ետևի անհայտ դուռը նույնպես կնքեին, որպես մյուսները...

Այժմ նա ոչինչ բանի չէ ծառայում... ամեն բան վերջացած է...

Դուք գնացեք, անհոգ կացեք, — պատասխանեց Սիմոն Յագորիչը իր խոսակիցներին: — Ես ամեն բան սարքել եմ, ինչ որ պետք է...

Խոսող խումբը իրանց սև մտածությունների հետ անհետացան գիշերային մթության մեջ: Դրանք հանգուցյալ աղայի խանութի գործակատարներն էին...

Սիմոն Յագորիչի գնալուց հետո տիկին Մարիամի սենյակը մտան երկու կին դրացիներից, որոնք եկել էին նրան մխիթարելու համար: Նրանցից մեկը պառավ էր, մյուսը մանկահասակ, որ բավական թարմ և սիրուն դեմք ուներ:

Սովորական խոսակցություններից հետո, որ առհասարակ գործ են դնում սգավորներին մխիթարելու համար, հյուրերից մեկը, պառավը, դարձավ դեպի տիկին Մարիամը այս հարցով.

Ախար պատմիր, մեկ տեսնեմ, ինչպես պատահեց այդ ցավալի դեպքը:

Պառավի հարցմունքը հանգուցյալ աղայի վախճանի մասին էր. տիկին Մարիամը հարյուր անգամ պատմել էր նրա հրաշալի մահվան պատմությունը, այժմ ստիպվեցավ լցուցանել և իր նոր հյուրերի հետաքրքրությունը:

Գիշերից բավական անցել էր, — ասաց նա, — Գայանեն և Հռիփսիմեն վաղուց քնած էին, աղայի սենյակում ճրագ չէր երևում. նա էլ քնած էր. ես միայն մնացել էի անքուն, կարծես մի բան, որը ինքս էլ չեմ իմանում թե ինչ էր, խռովեցնում էր ինձ և անհանգիստ էր անում: Աքաղաղները վաղուց սկսել էին կանչել. ես տակավին նստած էի ճրագի մոտ և կարկատում էի նրա (աղայի) գուլպաները: Հանկարծ լսում եմ նրա սենյակից մի խուլ ձայն, որ կրկնվեցավ մի քանի անգամ: Սիրտս սկսեց դողդողալ, և իսկույն վազեցի նրա մոտ: Տեսնում եմ, խեղճը իր քնած տեղից դուրս է եկել և ընկել է թախտի վրա: Նա սարսափելի խռովության մեջ էր: Երբ ինձ տեսավ, վեր կացավ, նստեց: Ես զարհուրեցա, երբ նկատեցի նրա դեմքը. բոլորովին փոխվել էր, այլանդակվել էր և մահվան գույն էր ստացել, իսկ աչքերի մեջ վառվում էր սոսկալի կրակ:

Տունս քանդվեցավ... — ձայն տվեց նա ողորմելի կերպով:

Ի՞նչ է պատահել, — հարցրի ես սարսափելով և մոտեցա նրա ձեռքերը բռնեցի, որոնցով անխնա ծեծում էր իր գլուխը և փետում էր մազերը:

Ես մտածեցի, թե նա ցնորված պետք է լինի. նրա բոլոր շարժմունքները, խոսքերը ցույց էին տալիս, թե այլևս չի իշխում իր վրա: Բայց շուտով հանգստացավ և դարձյալ կրկնեց միևնույն խոսքերը.

Մեր տունը քանդվեցավ... մենք կորած ենք... — աչքերը ծածկեց ձեռքով, սկսեց լաց լինել:

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, — մյուս անգամ հարցնում եմ ես:

Էլ ինչ պետք է լինի, «ոսկի աքաղաղը» մեռավ... — պատասխանեց նա խորին տխրությամբ:

Ի՞նչպես թե մեռավ:

Մեռավ... իմ աչքով տեսա:

Ես դարձյալ մտածեցի, թե խելքից գնացած պետք է լինի, որովհետև այսպիսի ցնորքներ վերջին տարիներում շատ անգամ պատահում էին նրա հետ:

Ես փոքր ինչ հանգստացրի նրան և խնդրեցի, որ պատմե, թե ե՞րբ տեսավ կամ ի՞նչպես մեռավ «ոսկի աքաղաղը»:

Նա պատմեց, թե տեսավ, որ «ոսկի աքաղաղը» երևեցավ նրան իր ոսկի հավի հետ, իրանց ոսկի ճտերով. նրանք պտտում էին տան պարտեզի մեջ, թրթռում էին և զվարճանում: Հանկարծ օդի միջից վրա հասան մի քանի ուրուրներ: Խեղճ հավը իր աքաղաղի հետ երկար պատերազմում էին ուրուրների հետ, որ ազատեն իրանց ճտերը նրանց ճանկերից, բայց ազատել չկարողացան. բոլորին հափշտակեցին, տարան, և ոսկի հավը «ոսկի աքաղաղի» հետ պատառ-պատառ անելով, թողեցին թռան և կրկին անհետացան ուրուրները օդի մեջ:

Դու, երևի, երազ ես տեսել, — պատասխանեցի ես, աշխատելով մխիթարել նրան:

Երա՞զ... երազը ո՞րն է... ես իմ աչքով տեսա... և «ոսկի աքաղաղից» մնաց ինձ մի փետուր միայն... տե՛ս, տես, ինչպես արյունոտ է... դեռ արյունը չէ ցամաքել...

Եվ նա ձեռը մեկնեց դեպի ինձ, որպես թե ցույց էր տալիս այն ոսկի փետուրը, որ մնացել էր նրան «ոսկի աքաղաղից», բայց ես նրա ձեռքում ոչինչ չտեսա: Նույն միջոցին կրկին տիրեց նրան սարսափելի խռովություն, կրկին նա ալեկոծության մեջ ընկավ: Հետո փոքր առ փոքր հանգստացավ: Հանկարծ դողդողաց ամբողջ մարմնով, երեսը կծկվեցավ, աչքերը փակեց, «մեր տունը քանդվեցավ»... — գոչեց վերջին անգամ, թուլացավ և ընկավ գետնի վրա...

Տիկին Մարիամի պատմությունը սարսափ գցեց լսողների վրա, Գայանեն և Հռիփսիմեն լաց էին լինում, և նրա հյուրերը նույնպես չկարողացան զսպել իրանց արտասուքը:

Ի՞նչ էր այդ «ոսկի աքաղաղը», — հարցրեց նրանցից մեկը:

Նա մեր տան բախտն էր, մեր բոլոր հարստությունը նրանից էր կախված, — պատասխանեց տիկին Մարիամը:

Տիկինը ոչ սակավ սնահավատ էր, քան թե հանգուցյալ աղան. առհասարակ Մասիսյանների ամբողջ ընտանիքը հավատում էր «ոսկի աքաղաղի» բարերար ազդեցությանը, բացի Ստեփանից:

Այդ իրավ է, — հաստատեց տիկնոջ խոսքը կնիկներից մեկը. — ամեն տան բախտը մի-մի բանի վրա հիմնված է լինում. երբ նա անհետանում է, բախտավորությունն էլ իր հետ է տանում: Ես ճանաչում եմ մեր քաղաքացիներից մեկին, որի համար պատմում էին, թե նրա տան մեջ բնակվում էր մի օձ, որ ամեն գիշեր ածում էր իր բույնի առջև սխտորի կճեպներ. տանեցիքը հավաքում էին, պահում և առավոտյան տեսնում էին, որ բոլոր կճեպները զուտ ոսկի էին դարձել: Մի անգամ տանեցիներից մեկը, որ հիմար էր, խփեց, կտրեց օձի ձագերից մեկի պոչը, օձը բարկացավ, էլ այնուհետև չերևեցավ, նրանք զրկվեցան ոսկուց և սկսեցին հետզհետե աղքատանալ:

Տիկին Մարիամը և իր հյուրերը երկար խոսում էին այս տեսակ սնահավատությունների վրա, և գիշերը աննկատելի կերպով անցնում էր: Հետո նրանք կրկին դարձան դեպի աղայի խորհոդավոր մահը:

Բայց ի՞նչ ասաց բժիշկը, երբ մյուս օրը եկավ մարմինը քննեց, — հարցրեց կնիկներից մեկը:

Նա պատասխանեց, թե կաթվածք է ստացել, — պատասխանեց տիկին Մարիամը:

Հո՜ղը նրանց գլխին, նրանք ի՛նչ են հասկանում այս տեսակ բաները...

Է

Միքայելը, ավելի քան հինգ տարի բացակա լինելով Մասիսյանների տնից, վերջապես վերադարձավ այնտեղ: Այս հինգ տարվա ընթացքում նա գլխավորապես բնակվել էր Մոսկվայում, ամեն տարի ներկա էր գտնվել Նիժնի-Նովգորոդի տոնավաճառին և մի քանի անգամ գնացել էր Մարսելիա, որտեղից ճանապարհորդել էր զանազան եվրոպական քաղաքներ:

Նրա կրկին հայտնվելը Մասիսյանների տանը նույնպիսի հետաքրքրություն շարժեց, որպես եղավ նրա առաջին հայտնվելու ժամանակ, երբ դեռ նոր էր բերված գյուղից: Առաջ գյուղից նա եկավ այստեղ գյուղական կոշտությամբ, որի ամեն մի խոսքը, ամեն մի շարժմունքը ծաղրածության առարկա էր դառնում ամբողջ ընտանիքի համար, իսկ այժմ նա վերադառնալով, բոլորովին ուրիշ մարդ էր դարձել, կրթված, տաշված և կոկված, այժմ նրա ամեն մի վարմունքը, ամեն մի խոսքը հրավիրում էր իր վրա պատկառանք և համակրություն:

Այս հինգ տարվա ընթացքում Մասիսյանների տան մեջ շատ բան փոխվել էր, ինչպես փոխվել էր և ինքը՝ Միքայելը: Տիկին Մարիամը բավական ծերացել էր. հոգսը, տխրությունը և տանջանքը բոլորովին մաշել էին նրան: Գայանեն այժմ նմանում էր կուսանոցի պառավ ապաշխարողի, որին պակաս էին «տերողորմյան» և սև հագուստը: Իսկ Հռիփսիմեն ավելի ձևակերպվել էր, ավելի վայելչակազմ հասակ էր ստացել և ավելի գեղեցկացել էր: Նրա մանկական համառ կամապաշտությունը այժմ տեղի էր տվել խիստ նազելի և փափուկ քնքշության: Նա գտնվում էր այժմ այն բախտավոր հասակում, որին կարելի էր սիրել և որից կարելի էր սիրվել:

Տան մեջ ոչինչ չէր փոխվել, ամեն ինչ գտանվում էր իր հին ձևի մեջ, ամեն ինչ իր տեղն էր միայն մի բան պակաս էր, և դա էրաղան:

Մի շաբաթ անցել էր, ինչ որ Միքայելը հասել էր Ե... քաղաքը, և այս մի շաբաթում Մասիսյանների համար նա համարյա աննկատելի մնաց: Ամբողջ օրը զբաղված էր հանգուցյալ աղայի գործերով: Առավոտյան վաղ դուրս էր գնում և վերադառնում էր գիշերը շատ ուշ, բոլորովին հոգնած, և երբեմն այն աստիճան վրդովված, որ անկարելի էր նրա հետ խոսել կամ տեսնվել: Նրա համար պատրաստել էին այն սենյակը, ուր մի ժամանակ բնակվում էր Ստեփանը: Ամեն անգամ, երբ տուն էր դառնում նա, տիկին Մարիամը անհամբերությամբ մտնում էր նրա մոտ և հարցնում.

Ի՞նչ շինեցիք:

Դեռ ոչինչ... — լինում էր Միքայելի սովորական պատասխանը:

Մի գիշեր գրում էր նա այս երկար նամակը Ստեփանին.

«Ես գտա ձեր հոր գործերը այն դրության մեջ, որպես նախագուշակում էի: Խանութները համարյա դատարկված էին, և այն ապրանքները, որոնք փոքրիշատե արժեք ունեին, հափշտակված էին: Գիտեք ո՞ւմ ձեռքով. ձեր հոր հավատարիմների, գործակատարների ձեռքով: Աղայի հանկարծակի մահը հնար էր տվել այդ ավազակներին կատարել իրանց փափագը, իսկ տեղական վարչության անհոգությունը ավելի դյուրություն էր ընծայել հափշտակության գործին:

Ես ոչ ոքի չեմ մեղադրում: «Խելացի մարդը կգողանա» — ասում էր ինձ հաճախ հանգուցյալ աղան և գողությունը ընդունում էր որպես գլխավոր պայման կյանքի մեջ: Եվ այս մտքով պատրաստեց իր ձեռքի տակ եղող մարդերից կատարյալ գողեր, վարժված և փորձված գողեր, բայց չէր հասկանում ողորմելին, որ այն զենքը, որ նա պատրաստում էր օտարների համար, մի օր ավելի սարսափելի կերպով կդառնար դեպի ինքը...

Ես պետք է հանդիպեի շատ արգելքների, մինչև կարողանայի ուղղել և կարգի դնել ձեր հոր ավերված գործերը: Ամեն ինչ այնպես խճճված է, ամեն բանի մեջ այնպիսի անլուծանելի հանգույցներ են գցել, որ հազիվ թե կարելի էր բաց անել: Եվ դժվարինն այն է, որ այս բոլորի հետ կապված են այնպիսի քրեական հանցանքներ, որ եթե պարզվելու լինեին կատարված չարագործությունները, շատերը պետք է ճանապարհ դրվեին դեպի Սիբիր, որը, կարծեմ, ոչ ձեզ և ոչ ինձ հաճելի կլիներ:

Երևակայեցեք մի այսպիսի խաբեություն. ձեր հայրը իր կենդանության ժամանակ ուներ մի փաստաբան (դուք չեք ճանաչում այդ անպիտանին), մի մարդ, ինչպես ասում են, որ ամեն ծակ մտել և դուրս էր եկել, մի «չաթուքեսան», որ իր կյանքի մեծ մասը փտեցրել ու մաշել էր ստոր ծառայությունների մեջ, ուր հաճախ գործվում են անիրավություններ, ուր ծառայողը, որքան էլ ազնիվ լիներ, չէր կարող չսովորել զանազան տեսակ խաբեություններ: Այդ մարդը ձեր հոր փաստաբանն էր, որ անխղճաբար կողոպտում էր նրա պարտականներին, իսկ աղայի մահից հետո, խելքից հանելով ձեր միամիտ մորը, դառնում է նրա և ձեր քույրերի կողմից հավատարմատար, այլև խնամակալ անչափահաս աղջիկների վրա: Ոչխարի հոտը հանձնվում է գայլի ձեռքը: Այնուհետև այս ավազակը, միանալով գործակատարների հետ, կատարում է ձեր հոր կայքի վերաբերությամբ աննկարագրելի անիրավություններ:

Մի փոքրիկ գաղափար տալու համար գործված չարությունների մասին, բավական է հիշել մի քանի փաստեր. շատ մարդկանց ձեռքում երևում են կեղծ պարտամուրհակներ, իբր թե ձեր հորից տված, որոնցով պարտավորվում է նա վճարել բավական խոշոր գումարներ այս և այն անձանց: Ինձ հայտնի է, որ հանգուցյալ աղան փողի կարոտություն չուներ և ոչ ոքից պարտքով փող չէր առնում: Բայց ո՞րտեղից հայտնվեցավ այդ պարտամուրհակները: Այդ բոլորը շինել և սարքել էին գործակատարները. նրանցից ամեն մեկը գիտեր իր ձեռագիրը ձեր հոր ստորագրությանը նմանացնել: Մեզ հայտնի է, որ հանգուցյալ աղան անգրագետ մարդ էր և, բացի իր անունը ստորագրելուց, ուրիշ ոչինչ չգիտեր, իսկ անգրագետ մարդու ստորագրությանը նմանացնելը շատ հեշտ է: Բանն այն է, որ հիշյալ պարտամուրհակները ներկայացրել են դատարանը պահանջման համար, և որբերի խնամակալը, միևնույն ժամանակ ձեր մոր փաստաբանն ու հավատարմատարը հաստատել է կեղծ պարտամուրհակների վավերականությունը:

Քրքրել այս բոլորը և երևան հանել գործված անիրավությունները, որքան դժվար են, այնքան էլ հեշտ են, միայն, որպես հիշեցի վերևում, գործերի հետ կապված են մեծ քրեական հանցանքներ, որ շատերի կորստյան պատճառ կլինեն: Ես թողում եմ ձեր վճռին և կսպասեմ ձեր հրահանգներին:

Ես դեռ հիշում եմ այն խոսքերը, որ ինձ ասեցիք Մոսկվայում, «հեղեղի բերածը էլի հեղեղը կտանե»... Այսպես էլ եղել է: Հանգուցյալը իր հարստությունը այնպիսի անհաստատ և խարխուլ հիմքերի վրա էր դրած, որ ուրիշ կերպ սպասել չէր կարելի. պետք է նրա մահից հետո ամեն ինչ ոչնչանար, և ամեն ինչ ցնդվեր օդի մեջ... Ձեր մայրը ոչ մի գործից տեղեկություն չունի. նա, որ իր ամուսնի մահից հետո պետք է տեր լիներ և պետք է պահպաներ նրա թողած ժառանգությունը, իր անփորձությունից, իր տգիտությունից մատնել է բոլորը գազանների բերանը: Եվ ինչո՞վ է մեղավոր նա: Կինը, որ իր ամուսնի կենդանության ժամանակ նրա ընկերը և գործակիցը չէ համարվում, որին փակում են տան չորս պատերի մեջ, որը չգիտե, թե ինչ է շինում իր մարդը դրսում, երբ հասնում է վերջինի մահը, շատ հասկանալի է, որ ամեն ինչ կմնա օտարների ձեռքում: Ձեր հայրը ինքն էր պատրաստել իր կործանումը... Գոնե մնացած լինեին օրինավոր հաշվետոմարներ, այդ էլ չկա. և եղածները մեջտեղից առնված են...»:

Հետո նկարագրում էր աղայի մահը և նրա տեսիլքը «ոսկի աքաղաղի» մասին, և թե այդ բախտավորության և հարստության աներևույթ պաշտպանից մնացել էր աղայի ձեռքում մի ոսկի փետուր միայն...

Եվ համեմատելով այդ տեսիլքի երազական ալեգորիան իրականության հետ, նամակագիրը ավելացնում էր. — «Ոսկի աքաղաղից» մնաց ձեր հոր ձեռքում մի ոսկի փետուր միայն... այնպես էլ «ոսկի աքաղաղի» արտադրած հարստությունից կմնա նրա ժառանգների ձեռքում մի փոքրիկ մասը միայն... Բայց ի՞նչ էր իսկապես այդ «ոսկի աքաղաղը», որ իշխում էր ձեր ընտանիքի բախտավորության վրա, որ իր բարերար ազդեցությամբ հաջողեցնում էր ձեր հոր գործերը, ուրիշ ոչինչ, բայց միայն խաբեությունը, խորամանկությունը, խարդախությունը, անազնվությունը և այլ անբարոյական հատկություններ, որոնք մարմնացած և մի աներևույթ ոգու կերպարանք ստացած, տիրում էին գործերի վրա... Մեռավ հմուտ գործադրողը. նրա հետ և մեռավ «ոսկի աքաղաղը»... ես այսպես եմ բացատրում ձեր տոհմային հին ավանդության իմաստը, թող սնահավատները այլապես մտածեն»:

Իր նամակի վերջում Միքայելը տեղեկություն էր տալիս Ստեփանի մոր և քույրերի մասին և երկար խոսում էր Հռիփսիմեի մասին, թե որքան գեղեցկացել էր նա և որքան շնորհալի աղջիկ էր դարձել և այլն:

Նամակը կնքում էր նա, երբ ներս մտավ տիկին Մարիամը. նա տխուր դեմքով եկավ, նստեց Միքայելի մոտ:

Գրեցի՞ք Ստեփանին, որ շուտ գա, չուշանա, — հարցրեց նա:

Իմ գրելը ավելորդ էր, նա կգա, երբ իր գործերը կվերջացնե, — պատասխանեց Միքայելը:

Ա՜խ, ի՞նչ կլինի մեր վերջը մինչև նրա գալը...

Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի. Ստեփանը ինքը ձեզ համար մի մեծ հարստություն է, ուրիշ ի՞նչ եք ուզում. բախտավորություն է այնպիսի որդի ունենալ:

Ես ձեր խոսքերին հավատում եմ, — պատասխանեց տիկինը մի փոքր մխիթարվելով. — ես կցանկանայի աղքատ լինել, օրական հացի կարոտ լինել, միայն նա ինձ մոտ գտնվեր... ես վախենում եմ մեռնել առանց նրան տեսնելու...

Կտեսնեք, շուտով կտեսնեք, տիկին, նա ձեզ կարոտ չի թողնի:

Մեր մասին ի՞նչ գրեցիք...

Շատ բան գրեցի... ամեն ինչ գրեցի...

Գրեցի՞ք, որ «ոսկի աքաղաղը» մեռավ:

Գրեցի...

Ա՜խ, այդ ինչ դժբախտություն է... — հառաչելով գոչեց և թաշկինակը սեղմեց աչքերին:

Բայց Ստեփանը մի նոր բախտ, մի նոր «ոսկի աքաղաղ» կստեղծի ձեզ համար, որը այն չի լինի, ինչ որ էր առաջ... — պատասխանեց Միքայելը:

Տիկինը ուրախացած դուրս գնաց:

Այն օրից, որ եկել էր Միքայելը, Գայանեն և Հռիփսիմեն մի անգամ ևս առիթ չէին ունեցել տեսնվելու և խոսելու նրա հետ. երբեմն հեռվից միայն տեսնում էին, բայց հենց որ նա մոտենում էր, նրանք փախչում, մտնում էին իրանց սենյակը: Միքայելը չէր զարմանում այդ օտարոտի վարմունքի վրա, որովհետև իր երկրի սովորությունն իրան վաղուց հայտնի էր: Տարիներով միասին ապրած, միասին մեծացած, երկու քույրերն և ընտանեցած Միքայելը այժմ այն աստիճան խորթացել և օտարացել էին, որ չէին կամենում ճանաչել միմյանց: Իսկ այդ խորթությունը առաջ չէր գալիս Միքայելի մի քանի տարվա բացակայությունից, այլ նրանից, որ նա այժմ բավական աճել և չափահաս էր դարձել, և երկու աղջիկներն ևս գտնվում էին այն հասակում, որ նրանց այժմ անպատշաճ էր թողնել օտար տղամարդի մոտ: Եվ այս պատճառով, հենց առաջին օրը, երբ եկավ Միքայելը, նրանց մայրը պատվիրեց աղջիկներին.

Գիտե՞ք ինչ կա, թեև Միքայելը ձեր եղբոր տեղն է, բայց հիմա դուք մեծ աղջիկներ եք դարձել, ձեր հասակում ամոթ է, որ աղջիկը մեծ տղի հետ խոսե:

Երկու քույրերը մի քանի օր պահեցին հիշյալ պատվերը, բայց հետո նրանց մեջ սկսվեցավ մի այսպիսի խոսակցություն, որ շատ նման էր բողոքի:

Գիտե՞ս, Գայանե, այսօր Միքայելը գալիս էր դրսից, ես կանգնած էի փողոցի դռան մոտ, դուռը զարկեց, ես բաց արի, «բարով, Հռիփսիմե», ասաց ինձ ժպտալով, բայց ես ոչինչ չպատասխանեցի: Նա գլուխը քարշ գցեց և անցկեցավ, գնաց իր սենյակը: Հետո ես ա՛յնքան ամաչեցի, ա՛յնքան ամաչեցի... ա՜խ, հիմա ի՞նչ կմտածե նա. չի՞ ասի՝ այս աղջիկը իստակ հիմար է:

Հաջորդ էջ