Րաֆֆի՝   Խենթը

Պարոն Դուդուկջյանի երկար բացատրությունների միջոցին Վարդանը լսում էր խորին համակրությամբ: Նա մի դառն, հեգնական ժպիտով պատասխանեց.

Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է. նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է մի նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում, համաշխարհական դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ. նա չափազանց տոկուն է... Հայը տարավ, հայը համբերեց ամենամեծ մոնղոլների բարբարոսություններին, որոնց համեմատությամբ Թուրքիայի այժմյան մոնղոլական սերունդը պետք է ճանճեր համարել: Հայի երկրի վրայով անցան Մանգուլխանի, Լենկ-Թեմուրի, Չինգիս-խանի, Հուլավունի և դրանց նման մարդկային հրեշների արյունարբու հրոսակները: Նրանք անցան հեղեղների և փոթորիկների նման, ջարդեցին, ջարդվեցան, և վերջապես անհետացան, բայց հայը դարձյալ մնաց: Այժմյան մոնղոլական Թուրքիան, աշխատելով սպանել արդյունաբերող և տերության գանձարանը լցնող հայերին, անգիտակցաբար սպառնում է ինքն իրան: Նրա այժմյան ֆինանսական սնանկությունը այդ սպանության հետևանքն է: Վաղեմի Թուրքիան ավելի լավ է հասկացել հայ տարրի օգտավետությունը իր պետության հաստատության համար: Նա ոչ միայն առանձին հոգ էր տանում աշխատասեր հայ գյուղացու հանգստության համար, այլ պետության գանձային ամբողջ կառավարությունը հանձնել էր հայ դրամատերերի ձեռքը, և մեր սառաֆները ոչ սակավ անգամ ազատում էին պետությունը, ֆինանսական ամենադժվարին ճգնաժամի ժամանակ:

Առավոտը մոտ էր լուսանալու, տակավին խոսում էին մեր տաք գլուխ խորհողները: Հետո նրանք սկսեցին խոսել ինչ-որ պատրաստությունների և կարգադրությունների մասին: Երբ խորհուրդը ավարտված էր, պարոն Դուդուկջյանը հանեց իր ծոցից երեք այցատոմս, և տալով իր բարեկամներին, ասաց.

Ես բոլորովին հավատում եմ ձեզ. այժմ դուք կարող եք գիտենալ իմ ով լինելը և իմ իսկական անունը:

Այցատոմսի վրա ֆրանսիական գեղեցիկ տառերով տպված էր Լ. Սալման:

Պարոն Լևոն Սալմանի հայրը՝ Թորոս Չելեբին10 մահմեդականություն ընդունած հայ կաթոլիկ էր: Թե ինչ հանգամանքների պատճառով նա փոխեց իր կրոնը, դա մի երկար պատմություն է: Մենք այսքանը միայն կասենք, որ Թորոսին մեղադրեցին մի թուրք օրիորդի հետ հարաբերություններ ունենալու մեջ, և նա սպանումից ազատ մնալու համար ստիպվեցավ մահմեդականություն ընդունել և ամուսնանալ գեղեցիկ Ֆաթիմայի հետ, — այսպես էր օրիորդի անունը: Լևոնի ծնունդից հետո Ֆաթիման վախճանվեցավ և փոքրիկ երեխան մնաց հոր խնամատարության ներքո, որին սաստիկ տանջում էր այն միտքը, որ իր զավակը կկրթվի և կմեծանա իրան ատելի դարձած մի օտար կրոնի մեջ: Սալմանը (մահմեդականացած Թորոս Չելեբին) թողեց իր հայրենիքը՝ Անգուրիան և տեղափոխվեցավ Կ. Պոլիս: Այստեղ ոչ ոք չէր ճանաչում նրան: Նա իր զավակին հանձնեց ֆրերների միաբանությանը, իսկ ինքը անհետացավ: Փոքրիկ Լևոնը մեծացավ կաթոլիկների մի կուսանոցի մեջ, և հետո 12 տարեկան հասակում տարվեցավ Իտալիա: Իր սկզբնական ուսումը ստացավ նա կղերի ձեռքից: Նա անցկացրեց մի քանի տարի Վենետիկի ս. Ղազարի վանքում, և այստեղից հեռանալով մտավ Վիեննայի Մխիթարյանների վանքը, բայց ոչ մի տեղ հիմնավոր գիտություն չսովորեցավ: Վերջապես մի կնոջ սերը դուրս քաշեց նրան վանքային ապականված մթնոլորտից և ձգեց Փարիզի քաոսի մեջ: Այստեղ նա սկզբում անց էր կացնում զվարճություններով լի դատարկ կյանք, անդադար անցկենալով մի կուսակցությունից դեպի մյուսը, և մտնելով զանազան ընկերությունների մեջ, միայն խոսելու, բայց ոչ գործ շինելու համար: Իսկ երբ սպառվեցան սիրուհու փողերը, այնուհետև աղքատությունը ստիպեց նրան ձեռք զարկել լուրջ աշխատանքի, գրում էր լրագրական զանազան հոդվածներ արևելքի վերաբերությամբ և նրանով ապրում էր: Բայց երբ հարուցվեցավ վերջին արևելյան հարցը, նա թողեց Փարիզը, թողեց իր սիրուհին և դիմեց դեպի Կ. Պոլիս:

Ի՛

Պարոն Սալմանի Բագրևանդի գավառում հայտնվելուց դեռ մի ամիս առաջ, արզրումցի հաջի Միսաք անունով ջորեպանը բեռնավորեց իր քարվանը և ճանապարհ ընկավ դեպի Արզրում: «Հաջի» մականունը ստացել էր նա այն պատճառով, որ երկու անգամ ս. Երուսաղեմ ուխտ էր գնացել, և եթե աստված արժանի կաներ, մի անգամ ևս գնալու նպատակ ուներ, որ խորհրդական թիվը լրանար: Առհասարակ հաջի Միսաքը, բարի քրիստոնյա էր, և նրա ջերմեռանդությունը հասնում էր մինչև սնահավատության:

Ճանապարհների վրա բոլոր քաղաքներում, բոլոր գյուղերում և բոլոր իջևաններում ճանաչում էին հաջի Միսաքին: Քսան տարուց ավելի կլիներ, որ այդ մարդը իր ջորիներով պտտում էր Փոքր Ասիայի և Հայաստանի մեջ, ու ծանրություններ էր տեղափոխում: Հաջի Միսաքը մի հաստ ու պինդ մարդ էր, միջակ հասակով և սաստիկ արագաշարժ: Նրա դեմքի գծագրությունը անհնարին էր ճշտապես որոշել, որովհետև ամբողջապես ծածկված էր խիտ մազերով, որոնց միջից երևում էր ահագին հայկական քիթը և բոցավառ աչքերը միայն, որոնց խորության մեջ միշտ կարելի էր նկատել նրա բարեսրտության պայծառ արտահայտությունը:

Ամեն տեղից երբ անց էր կենում հաջի Միսաքի քարավանը, միշտ ընդհանուր ուրախություն էր պատճառում: Ո՞վ ասես, նրանից մի բան չէր սպասում ստանալ. վաճառականը ապրանք էր սպասում, կինը իր պանդուխտ ամուսնից նամակ էր սպասում, ճանապարհների վրա գտնվող մանր և խոշոր աստիճանավորները կամ պաշտոնատարները այս և այն իրեղեններն էին սպասում ուտելու, խմելու և հագնելու համար: Շատ անգամ պանդուխտ, հիվանդ, ճանապարհների վրա նվաղած ու ընկած հայ գաղթականը սպասում էր, որ հաջի Միսաքի քարավանը կանցնի, և իրան մարդասիրաբար վեր առնելով, կտանե և ցանկացած տեղը կհասցնե: Հաջի Միսաքի կամակատարությունը և նրա պատրաստականությունը ամեն մարդու օգնելու մեջ, նրան սիրելի էին արել իր բոլոր ծանոթներին: — «Հաջի Միսաք, վերադարձին ինձ համար մի քանի հոխա թամբաքու բեր», — «Հաջի Միսաք, ղահվես պրձել է, ղահվե բեր», — «Հաջի Միսաք, այս զեյթունի յուղը հասցրու մեր տանը», — այսպիսի պատվերներ նա կատարում էր առանց մի փարա ընդունելու և մինչև անգամ իր գրպանից ծախսելով: Այս պատճառով ճանապարհների վարչությունները շատ խիստ չէին վարվում հաջի Միսաքի հետ. մաքսատներից նրա քարավանը անցնում էր ամենայն ապահովությամբ և աստիճանավորները չէին նեղացնում նրան:

Բեռնակիրը, և մանավանդ ճանաչված բեռնակիրը, մեծ հավատարմություն ունի արևելքում: Նրան հանձնում են ամենաթանկագին ապրանքների հակեր, նրան հանձնում են տոպրակներով լի ոսկի և արծաթ, առանց որևիցե թղթերի կամ պաշտոնական գրագրությունների, և նա իր ստացած ավանդները տանում է և անկորուստ հասցնում է պատկանած տեղը:

Ամեն քաղաքում գիտեին, թե երբ կհայտնվի հաջի Միսաքը: Նրա քարավանի ընթացքը այնքան կանոնավոր էր: Եթե մի արտաքո կարգի դեպք պատահելու չլիներ, նա մի ժամ ևս ետ չէր ընկնի սովորական օրից: Բայց այս անգամ հաջի Միսաքի քարավանը բավական դանդաղ էր ընթանում: Չնայելով նրա վեր առած հակերի փոքրիկ ծավալին, նրանք բավական ծանր էին երևում: Հակերի մեծ մասը քառանկյունի, երկայնաձև արկղիկներ էին երկաթի կապանքներով ամրացրած, և որոնց վրա անգլիական տառերով դրոշմված էին «Պերսիա» և «Թեհրան» բառերը: Քարավանը ըստ մեծի մասին ուղևորվում էր գիշերով: Հաջի Միսաքը ասում էր, որ նա չէ ցանկանում ցերեկվա տոթերի ժամանակ իր ջորիներր հոգնեցնել:

Քարվանի մեջ կար մի երկրորդ անձնավորություն ևս, որ իրան կոչում էր Մելիք-Մանսուր, դա վաճառական էր, և իր ասելով պարսկաստանցի հայ:

Վերջին 20-30 տարիների ընթացքում պարսից կառավարությունը, բավական մեծ վերանորոգություններ անելով զենքերի փոփոխության մեջ, և նրանց եվրոպական ձևի վերածելով, հայերի առջև բացվեցավ վաճառականության մի նոր ասպարեզ, որոնք սկսեցին հայթայթել կառավարությանը պահանջված զենքերը: Մելիք-Մանսուրը այս տեսակ վաճառականներից էր և ջորիների կրած ծանր արկղները նրան էին պատկանում: Մաքսատներում առանձին ուշադրություն չէին դարձնում այդ արկղների վրա, որովհետև իբրև տրանզիտ ապրանք, պետք է անցկենային Պարսկաստան: Այս տեսակ ապրանքների փոխադրությունը Տրապիզոնի, Արզրումի և Բայազեդի ճանապարհով դեպի Պարսկաստան մի նոր բան չէր:

Մելիք-Մանսուրը կլիներ 36 տարեկան, նա բավական համակրական դեմք ուներ, նրա միշտ ուրախ, միշտ ծիծաղկոտ բնավորությունը և փոքր ինչ շաղակրատ լեզուն մի առանձին կյանք էին տալիս այդ մարդու անվերջ խոսակցություններին հաջի Միսաքի հետ, մանավանդ երբ նա սկսում էր պատմել իր կյանքի հետաքրքիր արկածները, որ կատարվել էին հեռավոր աշխարհներում: Քարավանի ճանապարհորդության միակերպ ձանձրույթը փարատելու համար այս տեսակ խոսակցությունները անհրաժեշտ են լինում: Ավելի հետաքրքիր էր այդ հայոց «թափառական հրեայի» ձախ ձեռքի երեք մատերի կտրվելու պատմությունը, որ պատահել էր Հնդկաստանում մի կռվի մեջ, որ նա ունեցել էր վայրենիների հետ:

Մելիք-Մանսուրը խոսում էր շատ արևելյան և արևմտյան լեզուներով, և իր ամբողջ կյանքում մարդիկների հետ զարկվելով, գիտեր նրանց բոլոր խորամանկությունները, գիտեր, թե ինչպես պետք է վարվել մարդու հետ: Եվ այս պատճառով, նա ներսից այն չէր, ինչ որ երևում էր դրսից: Այսուամենայնիվ, հաջի Միսաքը մի առանձին հարգանքով էր վերաբերվում դեպի այդ խորհրդավոր անձնավորությունը, ոչ այն պատճառով միայն, որ ինքը իբրև բեռնատար պարտավոր էր պատվել իր վեր առած բեռների տիրոջը, բայց գտնում էր նրա մեջ մի ուրիշ բան, որ իսկապես հարգելի էր:

Ամեն մի խան (քարվանսարա) իջևանելիս պանդոկապետները խիստ գոհ էին մնում Մելիք-Մանսուրից. նա բավական առատաձեռն էր և ոսկին շաղ էր տալիս աջ ու ձախ:

Դուք դրանց փչացնում եք, — նկատում էր հաջի Միսաքը, — մյուս անգամ մեզ անհնար կլինի այդ ավազակներից մի բաժակ ջուր խնդրել:

Վնաս չունի, — պատասխանում էր նա ծիծաղելով, — ոսկու փայլը կուրացնում է մարդկանց աչքերը...

Քարավանը անվտանգ անցավ Արզրումից և մի շաբաթից հետո մտավ Բայազեդի գավառը: Այստեղ Մելիք-Մանսուրի բեռները սկսեցին հետզհետե փոխվել: Արկղները գիշերով անհետանում էրն և նրանց փոխարեն ստացվում էին ուրիշ հակեր, բոլորովին այլ տեսակ մթերքներով: Այդ փոփոխությունները պատահում էին, երբ քարավանը իջևանում էր այս և այն հայաբնակ գյուղի մեջ: Երբեմն հայտնվում էին Մելիք-Մանսուրի մոտ մի տեսակ անծանոթ մարդիկինչ-որ անհասկանալի լեզվով խոսում էին նրա հետ և անհետանում էին:

Վերջապես քարավանը մոտեցավ Տաճկաստանի և Պարսկաստանի սահմանին: Նա անցավ սահմանը և ոտք կոխեց պարսից հողի վրա: Բայց մինչև այստեղ հասնելը և՛ «Պերսիա», և՛ «Թեհրան» մակագրությամբ արկղներից ոչ մեկը չէր մնացել հաջի Միսաքի ջորիների մեջքի վրա, և ինքը՝ Մելիք-Մանսուրը՝ կեղծ վաճառականը անհետացել էր...

ԻԳ

Ծերունի Խաչոյի տան մեջ կյանքի սովորական եղանակը, որ ուներ նա վերջին օրերում, բավական փոփոխություն էր ստացել: Պարոն Սալմանը (տանեցիք դեռ նրան պարոն Դուդուկջյան էին կոչում) շատ անգամ տանը չէր գտնվում: Նա և Վարդանը երբեմն հեռանում էին Օ... գյուղից և օրերով չէին վերադառնում: Հայրապետը և Ապոն այժմ խիստ մտախոհ և ծածկամիտ էին դարձել: Նրանց մյուս եղբայրներին արդեն անտանելի էր դարձել երկու օտարական հյուրերը, որոնց վարմունքը, որոնց «խենթությունները» նրանց հաճելի չէին թվում: Ինքը ծերունի Խաչոն այժմ զբաղված էր գյուղային գործերով, որ օրըստօրե ավելի ծանրանում էին և նրան շատ հոգսեր էին պատճառում: Այս պատճառով տանուտերի օդան համարյա կորցրել էր իր կենդանությունը և նրա մեջ մեծ մասամբ դադարել էին գիշերային խոսակցությունները, վիճաբանությունները և անսովոր դատողությունները, որ լինում էին առաջ:

Միայն անփոփոխ մնացել էր կանանոցի կյանքը: Նա իր միակերպությունը պահպանել էր դարերով ու նույնպես շարունակվում էր: Հայ ընտանիքի այդ կտրված, առանձնացած և տղամարդի հասարակությունից անջատված բաժինը ոչինչ մասնակցություն չունի, թե ինչ են խոսում, ինչ բանի վրա են մտածում տղամարդիկը: Իրանց տնտեսությունից, իրանց տնային հոգսերից դուրս, ոչ մի օտար միտք չէ զբաղեցնում նրանց: Եվ այս պատճառով օդայի մեջ եղած խորհուրդների մասին նրանք ոչինչ չգիտեին: Տանուտերի օդան, այդ գյուղական կլուբը, դեռ մատչելի չէր կանանց հասարակությանը:

Դրանց կանանոցի չորս պատերի մեջ թողնված այդ ուժերին պետք է քաշել գործի մեջ, այն ժամանակ, անտարակույս, հաջողությունը մեր կողմը կլինիե... — ասում էր շատ անգամ պարոն Սալմանը:

Դեռ վաղ է, — պատասխանում էր նրան Վարդանը, — պետք է նախ և առաջ պատրաստել նրանց:

Ոչինչ վերանորոգություն մի ժողովրդի կյանքի մեջ չէ կարելի կատարել առանց կնոջ մասնակցության: Եթե մեր ժողովուրդը մնացել է անշարժ, դրա գլխավոր պատճառը այն է, որ կինը չէ մասնակցում հասարակական գործերի մեջ: Այդ ուժը, այդ կենսատու զորությունը, կանանոցի չորս պատերի մեջ ոչնչանալով, ապարդյուն է դառնում մեզ մոտ: Եթե պետք էր սկսել մեր ժողովրրդի կրթության գործը, սկիզբը դնելու է անպատճառ կանանց կրթությունից: Ես այս անգամ պտտեցա ամբողջ Հայաստանում և ամեն տեղ ուշի-ուշով ուսումնասիրում էի հայ կնոջը: Իմ ստացած տեղեկությունները խիստ մխիթարական հետևանքի են հասցնում: Որքան տղամարդը թուրքերի ազդեցության տակ խարդախված է, փչացած է, որքան նա կորցրել է իր հայկական ինքնուրույնությունը, այնքան կինը պահպանվել է մաքուր, պահպանվել է իր բարք ու վարքի բարոյական անարատության մեջ: Չկա չարիք առանց բարիքի: Կանանոցի չորս պատերի մեջ փակված կինը, թեև դարերով տանջվեցավ, բթացավ և զրկվեցավ հասարակական մարդ լինելուց, բայց մյուս կողմից, նա իր այդ բանտարկության մեջ պահպանեց հայությունը: Դա մեծ գործ է: Որքան տղամարդը դրսում մահմեդական տարրի ազդեցության ներքո կորցնում է իր ազգային առանձնությունները, այնքան կինը կանանոցի մեջ, հեռու մնալով այդ ազդեցությունից, պահպանում էր ազգայնությունը: Այսպիսով անգիտակցաբար պահպանվում էր մի մշտական հավասարակշռություն: Տղամարդի կորստի տեղը լցնում էր կինը: Այդ կարելի է տեսնել ամենահասարակ մանրամասնությունների մեջ անգամ: Կնոջ զզվանքը դեպի մահմեդականությունը հասնում է սարսափելի մոլեռանդության. ամեն ինչ, որ դուրս է գալիս մահմեդականի ձեռքից, նա պիղծ է համարում. նրա մորթած միսը, նրա մակարդած պանիրը, նրա թխած հացը չէ ուտում: Բայց տղամարդիկ այսպիսի խտրություններ չգիտեն: Ես լսել եմ հարյուրավոր պատմություններ, որ մահմեդականներից հափշտակված կինը, աղջիկը կամ վերջապես փախչում է, կամ եթե չէ հաջողվում, անձնասպան է լինում: Բայց տղամարդի վերաբերությամբ այս տեսակ օրինակներ խիստ սակավ են: Կա մի ուրիշ բան ևս, որ ամենագլխավորն է. շատ տեղերում, մանավանդ քաղաքներում, թուրքերեն լեզուն հայ մարդու բերնում բոլորովին սովորական է դարձել, բայց ես չտեսա մի կին, որ թուրքերեն խոսեր, կամ գոնե գիտենար այդ լեզուն: Հայոց լեզուն ընտանիքի մեջ պահպանողը և իր զավակների բերանը դնողը կինն է: Նա իր հեղինակությունը բանեցնում է մինչև անգամ օտարների վերաբերությամբ: Հայերի տներում ծառայող քրդերը և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում: Կինը տվեց մեզ լեզու, ազգություն և պահպանեց հայ ընտանիքի բարոյական հիմունքը: Այժմ նա մի անարատ, չապականված և անմշակ նյութ է մեր ձեռքում, որից կարելի է հրաշալի բան շինել:

Այսպիսի և դրա նման մտածություններ վերջին օրերում պարոն Սալմանի սովորական խոսակցության առարկան էին: Բայց չնայելով, որ նա այնքան լավ կարծիք ուներ հայ կնոջ մասին, ծերունի Խաչոյի տան կնիկները նրան չէին համակրում: Հասկանալի՛ է, որ նրա ներքին, բարոյական և մտավոր արժանավորությունները նրանք ճանաչել կամ գնահատել անկարող էին. բայց պարոն Սալմանը իր արտաքին կեղևի մեջ նույնպես ուներ շատ բան, որ կարող էին գրավել ամեն մի կնոջ ուշադրությունը: Բայց կինը զարգացման զանազան աստիճանի և ժողովրդի զանազան դասերի մեջ տարբեր ճաշակներ ունի տղամարդի արժանավորությունները գնահատելու և նրան սիրելու վերաբերությամբ: Այս պատճառով, շատ զարմանալի չէր, որ ծերունի Խաչոյի հարսները Վարդանին ավելի բարձր էին դասում պարոն Սալմանից:

Մի անգամ, հետ-կեսավուր հանգստի ժամանակ, սրահի մեջ նստած էին հարսները, և յուրաքանչյուրը զբաղված էր իր ձեռագործով. մեկը սանդերքի վրա բուրդ էր գզում, մյուսը իլիկով մանում էր գզած բուրդը, երրորդը ոստայնի վրա գործում էր մի գեղեցիկ գունավոր գորգ, չորրորդը իր երեխաների համար շորեր էր կարում, մի խոսքով, ամեն մեկը իր առանձին գործը ուներ: Խոսակցության առարկան պարոն Սալմանն էր:

Սառա, — հարցրեց նրա տեգերկինը՝ մանկահասակ Փարիշանը, — այդ մարդը մեր գյուղում ի՞նչ պիտի շինե:

Ասում են, ուզում է վարժատուն բաց անել, — պատասխանեց Սառան:

Նա խո տիրացու չէ, — ասաց Փարիշանը, որի կարծիքով վարժապետը պետք է անպատճառ տիրացու լիներ:

Տիրացու է, Ստանպոլի տիրացու է, — կրկնեց Սառան:

Ապա ինչո՞ւ ժամ չէ գնում, շարական չէ ասում:

Սառան ուրիշ պատասխան չգտավ, և առանց մտածելու ասաց.

Դա էլ այդպիսի տիրացու է:

Մեջ մտավ Ապոյի կինը՝ գեղեցիկ Մարոն:

Մարդս ասում էր, որ աղջիկներ էլ պիտի կարդացնե:

Մարոյի խոսքը բարձրացրեց ընդհանուր ծիծաղ:

Աղջիկը ի՞նչ կանե կարդալը, աղջիկը խո տերտեր կամ վարդապետ չի դառնալու, — պատասխանեցին Մարոյին:

Հարսներից մեկը դարձավ դեպի փոքրիկ Նազլուն ասելով.

Լսում ե՞ս, Նազլու, դրանից հետո պիտի գնաս վարժատուն և այբբեն սովորես:

Նազլուն Հայրապետի աղջիկն էր, նա բավական համարձակ կերպով պատասխանեց.

Ի՞նչ կա, կսովորեմ, հետո ժամ կգնամ, ժամի շապիկ կհագնեմ ու տղերքի նման «փոխ» կասեմ:

Հո՜ղը գլխիդ, էդ էր պակաս, — պատասխանեցին խեղճ աղջկան:

Փարիշանը, որ այդ խոսակցությանը առիթ տվեց, մի նոր հարց ևս առաջարկեց.

Տիրացու Սիմոնը կարդացնում է մեր երեխերքին, էլ ի՞նչ կանենք ուրիշ վարժապետը: Այդ մարդը խո նրանից շատ չէ՞ իմանում:

Իհարկե, շատ չէ իմանում, — պատասխանեց Սառան, — տիրացու Սիմոնը շատ է կարդացել, բայց նա մեկ պակասություն ունի, որ հարբում է ու երեխերքին ծեծում է: Հիշում ե՞ս մեր հարևան Կասպարի տղային, այնքան ծեծ էր կերել, որ շալակած տուն բերեցին և խեղճ տղան երկու օրից հետո մեռավ:

Տիրացու Սիմոնը ի՞նչով էր մեղավոր, առանց ծեծի երեխան ի՞նչ կսովորի:

Այս խոսակցությունները առանց պատճառի չէին: Պարոն Սալմանը նույն օրերում բանակցում էր գյուղացիների հետ երկու դպրոցներ բաց անելու, մեկը աղջիկների համար, մյուսը տղաների համար: Նա խոստանում էր, թե ինքը վարժապետներ բերել կտա և նրանց զավակները կսովորեն բոլորովին ձրի և մինչև անգամ գրքերը և այլ ուսումնական պարագայքը կստանան առանց փողի: Բայց ինչ որ ձրի է, գյուղացու համար կասկածավոր է: Այդ պատճառով մեծ աշխատություն պետք էր գյուղացիներին համոզելու համար, որոնց առավելապես բարկացնում էր օրիորդաց դպրոցը: Ժողովուրդը սովորած լինելով կրթությունը տերտերների և տիրացուների ձեռքից ընդունել, ոչ միայն օտարոտի և խորթ էր համարում, այլ մինչև անգամ մեղք էր համարում իր զավակների դաստիարակությունը մի այնպիսի մարդու ձեռք հանձնել, որ ժամ չէր գնում, որ շարական չէր ասում, որ, ինչպես լսում էին, պաս էլ չէր պահում:

Ծերունի Խաչոն, որ մյուս բոլոր խորհուրդների մեջ հակառակ էր պարոն Սալմանին, դպրոցների վերաբերությամբ համաձայնվեցավ նրա հետ: Որպես գյուղի տանուտերը և գլխավորը, նա կարողացավ համոզել գյուղացիներին, և պարոն Սալմանին տվեցին մի կտոր գետին, որի վրա նա հարմար էր համարում դպրոցների շենք կառուցել: Գործը արդեն սկսված էր. հիմքը փորված էր: Հանկարծ մի փոթորիկ բարձրացավ և մի առավոտ տեսան, որ գյուղացիները գիշերով հավաքվել և հիմքը հողով լցրել էին: Այն օրը գյուղացիներից ոչ ոք չեկավ բանելու, չնայելով որ պարոն Սալմանը օրական վարձը ավելացրեց:

Ի՞նչ էր պատահել:

Որպես վերևում կանանց խոսակցությունից նկատեցինք, այդ գյուղում կար Սիմոն անունով մի տիրացու, որը միևնույն ժամանակ վարժապետություն էր անում, այսինքն՝ ձմեռը հավաքում էր երեխաներին մի գոմի մեջ, սաղմոս, ժամագիրք և դրանց նման գրքեր էր կարդացնում, բայց գարունքին, երբ գյուղական աշխատությունները սկսվում էին, իր աշակերտներին արձակում էր, որոնք մինչև աշնան վերջը դպրոցի երես չտեսնելով, ինչ որ սովորել էին, բոլորովին մոռանում էին: Այդ տիրացու Սիմոնը գյուղի ծխատեր քահանայի՝ տեր-Մարուքի փեսան էր, մի հարաժամ արբեցող, բայց միևնույն ժամանակ սաստիկ խռովարար մարդ էր նա: Նոր դպրոցների շինությունը նա իր շահերին վնասակար գտավ և գրգռեց իր աներոջը խափանել գործը:

Մի խոսք բավական էր գյուղացիների մոլեռանդությունը բորբոքելու և գործը խափանելու համար: Քահանան եկեղեցում պարոն Սալմանի մասին, իր քարոզի մեջ, հայտնեց ժողովրդին, որ այդ մարդը «ֆարմասոն» է, հայոց աստծուն չէ պաշտում և բոլոր երեխերքին հավատքից կհանե: Նա ավելացրեց, որ աղջիկներին կարդացնելը մեղք է, որ Սողոմոն իմաստունը և Հովհաննես Մկրտիչը կնիկներին անիծել են, որովհետև մի կին Հովհաննես Մկրտչի գլուխը կտրել տվեց: Հետո սուրբ գրքից շատ փաստեր բերեց, որ Սամսոն մարգարեի (?) մահվան պատճառն էլ մի կին դարձավ: Ադամին էլ Եվան խաբեց և դրախտից դուրս գցել տվավ, մի խոսքով, իր քարոզի մեջ զանազան այս տեսակ վկայություններ բերելով տեր հայրը հաստատեց, որ աղջիկներին կարդացնելը վտանգավոր է, որովհետև նրանք շատ բան կսովորեն և սատանա կդառնան:

Բայց տիրացու Սիմոնը մեծ հեղինակություն ուներ գյուղի կանանց հասարակության մեջ, նրանց համար զանազան կախարդական թղթեր էր գրում, հմայում էր, գուշակություններ էր անում, և այսպիսով գրավել էր նրանց համակրությունը: Կնիկները ավելի գրգռեցին իրանց ամուսիններին, որ տիրացուին օգնեն, որ նրա հացը չկտրվի:

Քահանան և տիրացու Սիմոնը իրանց հարուցած խռովությունների մեջ մեծ օժանդակություն գտան Թոմաս էֆենդուց, որը սաստիկ հակառակ էր դպրոց, դպրություն և ուսում կոչված բաներին: Բացի դրանից, տիրացուն նրա անվարձ գրագիրն էր, գրում էր կապալառուի հաշիվները, և հունձի ժամանակ նրա զափթիաների հետ գյուղից գյուղ ման էր գալիս և հավաքում էր գյուղացիների մշակության բերքի տասնորդները:

Այդ բոլորը մեծ հոգսեր պատճառեցին բարեսիրտ ծերունի Խաչոյին, բայց բնավ չկարողացան խախտել պարոն Սալմանի հաստատամտությունը: Երեկոյան տուն դառնալով, նա ասաց Վարդանին.

Ես այդ անպիտանների հետ միսիոնարի պես պիտի վարվեմ: Միսիոնարը ինչ ժողովրդի մեջ որ մտնում է, նրա առաջին հակառակորդները լինում են կարդացողները և հոգևորականները: Բայց միևնույն ժամանակ նրա առաջին հետևողները դառնում են նույն մարդիկը, որ սկզբում հակառակում էին: Միսիոնարը հանձնում է նրանց զանազան գործեր, լավ ևս է ասել՝ ոչինչ գործ չէ հանձնում, միայն ռոճիկներ է տալիս: Այսպիսով նոր աղանդը հալածող պողոսները դառնում են նրա ամենամոլեռանդ պաշտպանները:

Այդ իրավ է, — պատասխանեց Վարդանը,-ի՞նչ ես ուզում անել:

Պետք է գործնական լինել, — ասաց պարոն Սալմանը մի առանձին անձնավստահությամբ, — պետք է հասկանալ, թե ինչո՞վ են գրավվում մարդիկ: Ինձ հետաքրքիր է գիտենալ, թե այդ հիմար տիրացուն որքան շահ ուներ իր աշակերտներից. ես կառաջարկեմ նրան կրկնապատիկը ստանալ ինձանից և իմ դպրոցներում մի պաշտոն վարել, այսինքն՝ ոչինչ գործ չկատարել: Հավատացած եմ, որ այս առաջարկությունից հետո, առավոտյան ինքն կգա, բահը և բրիչը կվեր առնի և իմ բանվորների հետ կսկսե աշխատել դպրոցների շենքը կառուցանելու համար:

Ես էլ այսպես եմ կարծում, — պատասխանեց Վարդանը, — բայց տերտերի բերանին էլ պետք է մի փոքր յուղ քսել:

Այդ էլ կանեմ:

Չնայելով այնօր պատահած անախորժություններին, պարոն Սալմանը սովորականից ավելի ուրախ էր: Գործի սկզբնավորության անաջողությունները բորբոքել էին նրա եռանդը, իսկ ապագայի պայծառ հույսերը լցրել էին նրա սիրտը մի անսահման բերկրությամբ:

Գիտե՞ս, Վարդան, որքա՛ն բախտավոր, որքա՛ն ընդարձակ ապագա է խոստանում մեզ դպրոցը: Նա կտա մեզ բոլորը ինչ որ մենք ցանկանում ենք: Նա՛, միայն նա՛ կբուժե մեր դարևոր վերքերը և կպատրաստե նոր սերունդ մի առողջ և թարմ կյանքի համար: Մեր նախորդների դարևոր անգործությունը թողեց մեզ համար, իրավ է, շատ աշխատանք: Նրանք կանխապես չհեշտացրին մեր այժմյան հոգսերը, բայց փույթ չէ: Տակավին կարելի է հույս ունենալ, որ ապագան մեզ է պատկանում: Միայն հաստատուն և տոկուն աշխատանք պետք է: Իմ կարծիքով, բավական չէ միայն կրթել միտքը, ազնվացնել հոգին, պետք է կրթել և մարմինը: Դու ինքդ, Վարդան, նկատած կլինես, թե այստեղի մանուկները մինչև որ աստիճան դանդաղկոտ են, մինչև որ աստիճան ծանրաշարժ են: Պետք է ամրացնել նրանց մկանները, պետք է կազդուրել նրանց ջղերը: Այս կետից, մարմնամարզությունը մեր դպրոցների մեջ պետք է ընդունե նպատակահարմար ձև և կերպարանք. նա պետք է քաջություն ազդե մեր մանուկների մեջ և պետք է ամրացնե նրանց թուլացած սրտերը...

Ես քեզ մի ուրախալի բան պիտի պատմեմ, Վարդան, այսօր տեսություն ունեցա մի քանի քրդերի հետ, խոսում էի նրանց դպրոցի և կրթության օգտավետության մասին: Մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրանք ցույց տվին ամեն տեսակ պատրաստակամություն, հայտնելով, թե սիրով կհանձնեն իրանց որդիները հայոց դպրոցներում, երբ ուսումը այդքան լավ բան է: Նրանց խոսակցությունից երևում էր, թե իրանք էլ շատ գոհ չեն, որ իրանց որդիները ավազակներ են լինում: Եվ իրավ, այդ ժողովուրդը ի՞նչով է մեղավոր, որ մնացել է վայրենի, որ իր ապրուստը որոնում է ավազակության և մարդասպանության մեջ: Մեղավորը մենք ենք, որ մինչև այսօր չաշխատեցինք կրթել նրանց: Մեր սեփական շահերը պահանջում են անել այդ: Եթե ցանկանում ենք ազատ մնալ գազանների կատաղությունից, պետք է աշխատենք ընտանեցել, պետք է աշխատենք նրանց վարժեցնել ավելի խաղաղ և ավելի քաղաքակրթված կյանքի: Թուրքիան հոգ չէ տանում քրդերի կրթության մասին, և այդ շատ հասկանալի է, որովհետև քրդի վայրենությունը ավելի նպաստավոր է նրան: Բայց մենք պետք է հոգ տանենք, որովհետև վնասը մեզ է հասնում: Մենք չենք դպչի նրանց կրոնին, մենք միայն կկրթենք նրանց: Այնուհետև «ջուրը իր բնական ճանապարհը կգտնե»...

ԻԴ

Թուրքաց կառավարության կողմից պատերազմական պատրաստությունների նշանները արդեն նկատելի կերպով երևում էին: Եվ այդ կարելի էր տեսնել առավելապես Բագրևանդի գավառում, որ շատ հեռու չէր ռուսաց սահմանից: Գյուղացիներից խստությամբ հավաքում էին ոչ միայն ներկա տարվա հարկերը, այլև պահանջում էին ապառիկներ և մի քանի ապագա տարիների հարկերը միասին: Ժողովրդի հառաչանքներին և դժգոհությանը չափ չկար: Ով որ փողով վճարել չէր կարողանում, բռնությամբ վաճառել էին տալիս նրա տան կայքը, անասունները, և մինչև անգամ չէին խնայում եզներին ու գոմեշներին, որոնք անհրաժեշտ էին գյուղացու երկրագործությանը, որոնք ծառայում էին նրա վարը վարելու և ծանրությունները տեղափոխելու համար: Այդ բավական չէր, գյուղացիների վրա պարտք էին դնում պատրաստել այսքան հազար հոխա բաքսիմատ, և կամ խլում էին տներից իրանց ուտեստի համար պատրաստած բոլոր պաշարեղենները, որպես էին՝ ձավար, կորկոտ, րիշթա11, յուղ պանիր, բրինձ և այլն: Գյուղացիների բոլոր արտասուքի, լացի և աղաղակների պատասխանը լինում էր այն, թե «տերությունը պատերազմ ունի»...

Հիշյալ անկարգությունները բաց արին Թոմաս էֆենդու առջև գործունեության մի նոր և ընդարձակ ասպարեզ: Որպես արքունի մուլթեզիմ, նա հանձն էր առել հավաքել հարկերը և հայթայթել զորքերի համար պատրաստվելիք պաշարի մի մասը: Թոմաս էֆենդու առջևը դրած էր մի լայնատարած հունձք, ուր նրա սուր մանգաղը եռանդով գործում էր... Այժմ փոխանակ երկու զափթիաների, նա ստացել էր իշխանությունից բույրուլթու (открытый лист) պահելու իր մոտ որքան պետք լինի զափթիաներ:

Եվ այդ բոլոր զրկողությունները հասնում էին հայերին միայն, որովհետև մահմեդականները պատրաստվում էին մասնակցել պատերազմին և նրանցից ուրիշ ոչինչ չէր պահանջվում:

Բացի նրանից, որ հայ գյուղացիները կողոպտվում էին և իրանց 10-20 տարիների ընթացքում ձեռք բերած կայքերից միանգամայն զրկվում էին, — բացի այդ դառն չքավորությունից, նրանց տիրել էր ընդհանուր սարսափ, նրանց սպառնում էր մի ընդհանուր և ավելի սոսկալի անբախտություն: Մահմեդական տարրի մեջ նկատվում էր մի գազանային կատաղություն դեպի քրիստոնյաները, դեպի բոլոր «գավուրները»: Ամենի բերնից լսելի էր լինում այն դժոխային բառը՝ «ջհաթ»: Մոլլաները, մուփթիները, ղադիները և շեյխերը բորբոքում էին խառնիճաղանճ ամբոխի մոլեռանդությունը, գրգռում էին նրան, քարոզելով, թե պատերազմը կրոնական է, թե Ստամբոլումը շուտով պիտի բարձրացնեն «սանջակ շերիֆը» և շուտով կհրատարակվի սրբազան պատերազմը, և ամբողջ իսլամը պետք է սուր բարձրացնե քրիստոնյաների դեմ...

Այդ բոլորը մեծ հոգսեր պատճառեցին պարոն Սալմանին, որին լավ հայտնի էր այդ կատաղի շարժումների նշանակությունը և նրանց սարսափելի հետևանքը տեղային հայերի վերաբերությամբ:

Շուտով կկրկնվեն այստեղ Բոլգարիայի կոտորածները, — ասաց նա մի առավոտ Վարդանին, — պետք է շտապենք նախապատրաստել ժողովուրդը անձնապաշտպանության համար:

Ես էլ մի այսպիսի բարբարոսության հոտը զգում եմ... — պատասխանեց Վարդանը:

Այսպես խոսելով, նրանք դուրս եկան ծերունի Խաչոյի տնից և դիմում էին դեպի տեր-Մարուքի տունը, որի հետ միտք ունեին վերջացնել դպրոցների վերաբերությամբ մի քանի օր առաջ կարգադրված խորհուրդը, այսինքն՝ որպես Վարդանը ասաց, ուզում էին տերտերի «բերնին մի փոքր յուղ քսել», որ նա լռե, նրա փեսա տիրացու Սիմոնին փորձել այժմ որպես հսկող բանվորների վրա, իսկ ապագայի համար խոստանալ մի պաշտոն նոր բացվելիք դպրոցների մեջ:

Նրանց ականջին զարկեց մի ձայն, գյուղի միջով անց էր կենում մի անծանոթ չարչի, և իր վաճառքների անունները մի առ մի կարդալով, գնողներ էր հրավիրում:

Սիրուն աղջիկներ, կարմիր հարսներ, ինձ բերեցեք ձեր փարաները, ես կտամ ձեզ լավ ասեղներ, գույն-գույն թելեր, ոսկի մատնոցներ:

Չարչին մի վիթխարի մարդ էր, ոտքից ցգլուխ հագնված ցնցոտիների մեջ: Նրա վաճառքների ահագին արկղը, որ կրած ուներ թիկունքի վրա, համեմատելով նրա մարմնի մեծությանը, նույն տպավորությունն էր գործում, որպես մի փոքրիկ մաղ քարշ ընկած լիներ ուղտի կողքից: Չարչին ձախ ոտքից սաստիկ կաղում էր. և ամեն անգամ, երբ օրորվում էր նա դեպի ձախ կողմը, կարելի էր մտածել, որ իսկույն ցած կգլորվի այդ Գոլիաթը, բայց ձեռքի ահագին գավազանը նեցուկ տալով, պահպանում էր իր իրանի հավասարակշռությունը:

Պարոն Սալմանը, լսելով նրա ձայնը, կարծես մի էլեկտրական ցնցում զգաց իր սրտի մեջ, կարծես աշխարհի բոլոր բերկրությունները միանգամից լցրել էին նրա հոգին: Ի՞նչ կապ կար որ Սալմանի և այդ թափառականի մեջ: Չարչին դեռ շարունակում էր եղանակել իր վաճառքների անունները և ծանր անհավասար քայլերով անցնում էր գյուղի նեղ փողոցների միջով: Պարոն Սալմանը անցավ նրա մոտից և երկու օտարականների հայացքները հանդիպեցին միմյանց: Նրանց մեջ ամենևին խոսակցություն չեղավ, բայց հաղորդեցին միմյանց շատ բան... Վարդանը ոչինչ չնկատեց:

Next page