Րաֆֆի՝   Խենթը

Նրա մեջ կային զանազան հանձնարարական նամակներ այլև այլ հասցեներով, կային զանազան մարդկանց անունով փոխանագրեր, որոնցմով պարոն Սալմանը կարող էր հարկավորված ժամանակ փող ստանալ, կային զանազան հրահանգներ, ծրագրեր և այլն, կային և մի քանի տետրակներ, որ երիտասարդ պրոպագանդիստը բաժանում էր գյուղացիներին, — մի խոսքով, բացի թղթերից ուրիշ ոչինչ չկար: Էֆենդին խորին ուշադրությամբ քննում էր բոլորը և խորհրդավոր կերպով շարժում էր իր գլուխը:

Եթե իշխանության ձեռքը ընկնելու լինեն, — ասաց նա, — այդ թղթերից մեկը բավական է, որ քեզ, տանուտեր Խաչո, քո որդիների հետ կախաղան բարձրացնեն, իսկ քո բոլոր հարստությունը հարքունիս գրավեն:

Ծերունին քարացած մնաց և ոչինչ պատասխանել չկարողացավ: Վերջին խոսքերը ձգեցին նրան մի տեսակ մտավոր անզգայության մեջ:

Այդ բոլորը պետք է այրել, — ասաց էֆենդին և կրկին թղթերը լցրեց խուրջինի մեջ:

Ես ոչինչ չեմ հասկանում, իմ գլխում խելք չէ մնացել, — պատասխանեց ծերունին դողդոջուն ձայնով, և նրա շիջած աչքերը լցվեցան արտասուքով:

Հանկարծ միտքը փոխեց էֆենդին. «Ի՞նչու այրել, մտածում էր նա. պետք է լավ քննել այդ թղթերը. դրանք ինձ պետք կգան... ի՞նչու ոչնչացնել»:

Նա հարցրեց ծերունուց.

Այս տան մեջ կա՞ մի այնպիսի գաղտնի տեղ, ուր կարելի լիներ առ ժամանակ թաքցնել այդ խուրջինը:

Կա, — պատասխանեց ծերունին:

Նրա տան մեջ կային մի քանի գաղտնի պահարաններ, որոնց մեջ վտանգի ժամանակ թաքցնում էին տան թանկագին իրեղենները: Որովհետև վտանգը այս երկրում միշտ անպակաս էր, այս պատճառով պահարաններից մի քանիսը լիքն էին և մեկը միայն մնացել էր դատարկ, որ կարելի էր ցույց տալ էֆենդուն:

Նրանք վեր առեցին չարագուշակ խուրջինը և դիմեցին ներքնատուն, որ ծառայում էր ձեթ, յուղ, գինի և ուրիշ այսպիսի մթերքներ պահելու համար: Ներքնատան հատակը պատած էր սալերով: Ծերունին մոտեցավ և բարձրացրեց այդ սալերից երկուսը. նրանց տակում հայտնվեցավ երկաթի փոքրիկ դուռ, որ հորիզոնական դիրքով փակում էր գաղտնի պահարանի մուտքը: Ծերունին հանեց իր գրպանից մի բանալի, դրեց իր պատշաճավոր տեղում, մի քանի անգամ պտտցրուց, և երկաթի դուռը ինքն իրան բարձրացավ: Այժմ նրանց առջև բաց էր ստորերկրյա վիրապի բերանը: Նեղ սանդուղքներով նրանք իջան ցած:

Վիրապի մթին դատարկության մեջ ոչինչ չէր կարելի տեսնել: Խոնավ օդը խեղդելու չափ ծանր էր: Խուրջինը դնելով այնտեղ, նրանք շուտով դուրս եկան: Ծերունին կրկին կողպեց երկաթի դուռը, կրկին սալերը դրեց իրանց առաջվա տեղում, և այժմ դժվար էր նկատել, որ նրանց տակում կար մի ստորերկրյա պահարան:

Տուր ինձ բանալին, — ասաց էֆենդին, — ես կպահեմ: Այժմ դու ինձնից ավելի հավատարիմ մարդ չունես:

Ծերունին առանց երկար մտածելու բանալին տվեց նրան: Երկյուղը այն աստիճան պաշարել էր նրան, որ ամեն առաջարկություն էֆենդու կողմից պատրաստ էր ընդունելու:

Ես շատ բաներ ունեմ քեզ հետ խոսելու, տանուտեր Խաչո, բայց ժամանակը կարճ է, գուցե շուտով կհայտնվեն խուզարկուները, — ասաց նա շտապելով: — Առայժմ մի քանի խրատներ կտամ քեզ, լսիր. ոչ ոք չպիտի գիտենա, որ ես քեզ հետ տեսնվել եմ. մեր բոլոր կարգադրությունները պետք է գաղտնի մնան մինչև անգամ քո որդիներից և քո բոլոր տանեցիներից: Երբ կհայտնվեն խուզարկուները, դու աշխատիր, որքան կարելի է, աներկյուղ, անվրդով և միամիտ ձևանալ: Թող որտեղ ուզում են պտռեն, ման գան, վտանգավոր բանը մենք արդեն թաքցրինք, ինքը սատանան էլ չի կարող գտնել: Մի ուրացիր, թե այն «դուդուկ փչողը» քո տանը եղել է, միայն ասա՛, որ դու նրան չես ճանաչում, և նրա ինչ նպատակով այս կողմերում թափառելը ոչ քեզ և ոչ քո որդիներին հայտնի չէ:

Վերջացնելով իր պատվերները, էֆենդին դուրս եկավ ներքնատնից:

Հիմա ցույց տվեցեք ինձ մի ուրիշ ճանապարհ, որ ես հեռանամ, — ասաց նա իր շուրջը նայելով: — Ես պետք է աշխատեմ, որ ինձ չտեսնեն այստեղից դուրս գալու ժամանակ:

Ծերունին տարավ նրան դեպի տան ետևի դուռը, որ ծառայում էր անասունների երթևեկության համար:

Այժմ մնացեք բարյավ, ես կրկին կվերադառնամ, երբ խուզարկուները եկած և իրանց գործողությունները վերջացրած կլինեն: Ես նրանց մի կերպով կհանգստացնեմ, միամիտ կա՛ց:

Էֆենդին հեռացավ: Ճանապարհին նա մի քանի անգամ կրկնեց իր մտքում այդ խոսքերը. «Հիմա հոգիդ իմ ձեռքումս է, տանուտեր Խաչո, ինչ որ ուզեմ կանեմ»...

Կեսօրից մի ժամ անցել էր: Վարդանը, Հայրապետը և Ապոն տակավին չէին վերադարձել: Ծերունու մյուս որդիները դաշտում գործում էին: Կնիկները զբաղված էին իրանց տնտեսությունով, որովհետև դաշտում աշխատողների համար պետք էր ճաշ ուղարկել: Գյուղացիները ըստ մեծի մասին ճաշը ուտում են դրսում և գիշերը ընթրիքի ժամանակ միայն գալիս են տուն: Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչ էր պատահել:

Ծերունի Խաչոն անհամբերությամբ սպասում էր խուզարկուներին, որպես մի դատապարտյալ սպասում է մահվան պատժին, որովհետև գիտե, որ ազատվելու ոչ մի հնար չունի: Նա տանեցիներին եղելության իսկությունը չհայտնեց, չկամենալով նախապես վախեցնել նրանց:

Վերջապես հայտնվեցավ մի հիսնապետ, մի խումբ զափթիաների, կավազների և զինվորների հետ:

Տանեցիները որովհետև տեղեկություն չունեին, թե ինչ էր պատահել, այս պատճառով զինվորների գալուստը սկզբում նրանց շատ չվախեցրեց: Նրանք սովորել էին շատ անգամ ընդունել այսպիսի հյուրեր, որ գալիս էին, օրերով մնում էին, ուտում էին, խմում էին, և հետո գնում: Թուրք զինվորների իջևանելը հայ գյուղացիների տներում, մանավանդ տանուտերի օդայի մեջ, մի սովորական բան էր:

Ինձ հրամայած է այս տան մեջ խուզարկություններ անել, — ասաց հիսնապետը դառնալով ծերունի Խաչոյին:

Իմ տունը ձեր առջևն է, որտեղ կամենում եք, նայեցեք, — պատասխանեց ծերունին, աշխատելով պահպանել իր սրտի խաղաղությունը:

Հիսնապետը տան դռները փակել տվեց, ամեն կողմ պահապաններ կանգնեցրուց և սկսեց խուզարկությունը: Նախ մտավ նա օդան, հետո մյուս սենյակները, ամեն ծակուծուկ նայեց, ամեն իրեղենները աչքից անցկացրեց և ոչ մի կասկածավոր առարկա չգտավ: Կնիկները այս տեսնելով, հասկացան, որ մի անսովոր բան պատահած պետք է լինի, սկսեցին լաց լինել, և աղաղակ բարձրացնել: Ծերունին նրանց սաստեց, որ լռեն, հանգստացնելով, որ վախենալու ոչինչ առիթ չունեն:

Խուզարկությունը վերջացնելուց հետո հիսնապետը սկսեց իր հարցուփորձը:

Այս տանը բնակվում էր մի երիտասարդ Միքայել Դուդուկջյան անունով:

Նա մի քանի գիշեր միայն մնաց այստեղ, — պատասխանեց ծերունին:

Դուք առաջուց ճանաչո՞ւմ էիք նրան:

Առաջին անգամն էր, որ տեսա նրան:

Ուրեմն ինչո՞ւ ընդունեցիք ձեր տնում:

Ես այս գյուղի տանուտերն եմ: Ձեզ հայտնի է մեր երկրի սովորությունը, տանուտերի տունը մի տեսակ քարվանսարա է, մի տեսակ հյուրանոց է, ուր ամեն մի օտարական, ամեն մի անծանոթ մարդ օթևան է գտնում: Ի՞նչ կարող եմ գիտենալ, թե ո՞վ է գալիս կամ ո՞վ է գնում:

Նա չթողեց այստեղ մի բան:

Ոչինչ չթողեց:

Դուք չհասկացաք, թե ի՞նչ դիտավորությամբ էր շրջում նա այս կողմերում:

Նա մեզ ոչինչ չհայտնեց: Այսքանը գիտեմ, որ նա վարժապետ էր:

Դուք չգիտե՞ք թե նա ում հետ էր տեսնվում, կամ ում հետ էր խորհրդակցում:

Վարժապետը ամեն մարդու հետ տեսնվում էր աշակերտներ գտնելու համար:

Այժմ գիտեք, նա ո՞րտեղ է:

Չգիտեմ:

Կալանավորված է:

Ավելի լավ, եթե վատ մարդ էր:

Այդ միջոցին զարկեցին տան դռան մուրճը:

Ոչ ոքի ներս չթողնել, — հրամայեց հիսնապետը:

Ծառան հայտնեց, թե Թոմաս էֆենդին է:

Նա կարող է գալ:

Ներս մտավ էֆենդին, և տեսնելով հիսնապետին իր խումբի հետ, իրան բոլորովին զարմացած ձևացրեց, որպես թե ինքը ամենևին տեղեկություն չունի, թե նրանք ինչու համար են մտել ծերունու տունը:

Բարի լինի, ի՞նչ կա, — հարցրեց նա խորհրդավոր ձայնով:

Հիսնապետը հայտնեց նրան իր պաշտոնի նպատակը: Էֆենդու կոշտ դեմքի վրա անցավ մի կեղծ ժպիտ, և նա բռնելով հիսնապետի ձեռքից, ասաց.

Գլխովս երաշխավոր կլինեմ, եթե տանուտեր Խաչոյի մոտ մի կասկածավոր բան գտնվելու լինի: Դուք չեք ճանաչում, թե նա որքա՜ն բարի և լավ մարդ է:

Նա տարավ հիսնապետին օդան, բայց զափթիաները, կավազները և զինվորները մնացին դրսում, դեռևս պահպանում էին տան մուտքերը:

Տանուտեր, — դարձավ դեպի ծերունին, — այդ մարդիկը քաղցած կլինեն, հրամայեցեք, որ ճաշի պատրաստություն տեսնեն: Արաղը պետք է առատ լինի, հասկանո՞ւմ ես:

Վերջին խոսքը նա ասաց հայերեն լեզվով: Տանուտերը ուրախացած դուրս եկավ օդայից: Նա արդեն վտանգը անցած էր համարում:

Բայց ո՛չ, վտանգը տակավին անցած չէր, թուրքերը այնպես հեշտությամբ ծերունու օձիքը ձեռքից բաց չէին թողնելու. պետք է նրան չարչարեին, պետք է նրան տանջեին, պետք է ամիսներով բանտերում մաշեին նրան: Թեև ծերունու տնում չգտնվեցավ որևիցե կասկածավոր առարկա, որով կարելի լիներ նրան մեղադրել, թեև նրան հանցավոր համարելու հաստատ փաստ չկար, — բայց այդ էլ բավական էր, որ ծերունի Խաչոն հայ էր, և բացի հայ լինելը՝ հարուստ էր... Մի այսպիսի պարարտ որսը թուրք պաշտոնատարի համար խիստ հրապուրիչ բան է:

Թոմաս էֆենդին ինքն էր «եփել այդ ապուրը», նա էր մատնել պարոն Սալմանին նոր եկած զինվորական գործակատարի մոտ: Նա՛ էր թելադրել ծերունու տան մեջ խուզարկություններ անել, և այդ պատճառով նրան հեշտ էր իր լարած որոգայթից ազատել խեղճ ծերունուն: Բայց ոչ, իր սատանայական նպատակին հասնելու համար էֆենդին դեռևս աշխատում էր գործին ավելի բաղադրյալ ձև տալ:

Երբ ծերունին օդայից դուրս գնաց ճաշ պատվիրելու, հիսնապետը հարցրեց Թոմասից.

Էֆենդի, դուք ի՞նչ եք մտածում, ես կարծում եմ, այդ մարդը անմեղ պետք է լինի:

Ձեզ հայտնի է, բեկ, — պատասխանեց խորամանկը, — որ Թոմաս էֆենդին այսպես հեշտ վճիռ տվող մարդերից չէ: Ինձ համար տակավին մթության մեջ է գործը: Ես հավատացած էի, որ այս տան մեջ կգտնվի որևիցե կասկածավոր առարկա, կամ որևիցե պատրաստություն, որոնցմով կարելի կլիներ բացատրել, թե մինչև ո՛ր աստիճան այդ մարդիկը դավակից են կալանավորի (պարոն Սալմանի) մտքերին, բայց զարմանում եմ, որ մեղադրանքի համար տակավին մի հաստատուն փաստ չհայտնվեցավ: Այսուամենայնիմ, մենք հայերս մի ծածուկ բան ունենք, որին կոշում ենք խոստովանություն, ես այդ մարդերին պետք է երկար խոստովանեցնեմ... Ես ավելի կասկած ունեմ ծերունու երկու որդիների և մի օտարականի վրա, որ նույնպես հյուր է այս տան մեջ:

Ի՞նչ օտարական, — հարցրեց հիսնապետը:

Մի ռուսաստանցի երիտասարդ, որ չափազանց վտանգավոր անձնավորություն է և սաստիկ ոխերիմ թշնամի մեր կառավարությանը: Նա այս կողմերում թափառում է վաճառականի պատրվակով, բայց իսկապես ռուսաց լրտես է:

Նրան կալանավորել մի փոքր դժվար է, եթե ռուսաց հպատակ է, — պատասխանեց հիսնապետը:

Պատերազմի ժամանակ լրտեսներին միշտ կարելի է կալանավորել: Ձեզ հայտնի է, որ պատերազմը շուտով հրատարակվելու է:

Ես այդ գիտեմ...

Այդ երիտասարդի մասին ես արդեն խոսացել եմ նորին գերազանցության զինվորական գործակատար՝ փաշա էֆենդու հետ, մի՞թե նա ձեզ ոչինչ չէ պատվիրել:

Փաշա էֆենդին այսքանը միայն պատվիրեց, որ ես կատարեմ ձեր բոլոր կարգադրությունները:

Շատ գեղեցիկ, — խոսեց էֆենդին ուրախ ժպիտով. — ես կկարգադրեմ ինչ որ պետք է: Բայց մի բան էլ կա, ձեզ հետո կասեմ:

Ես շատ անհամբեր եմ, — պատասխանեց թուրք աստիճանավորը, — ես «հետիններին» ազատել չեմ կարող:

Ուրեմն ձեր ականջին կասեմ:

Հիսնապետը մոտեցրեց էֆենդուն իր ականջը, թեև Օդայի մեջ բացի այդ երկուսից մի ուրիշ մարդ չկար, որ նրանց խոսակցությունը լսեր: Էֆենդին ասաց. «Ծերուկը բավական հարուստ է, պետք է նրան կթել»...

Թոմաս էֆենդին բավական ծանոթ լինելով թուրք պաշտոնատարների թուլություններին, նա շատ լավ էր իմանում, որ այդ կաշառակեր գազաններին այնքան չէ հետաքրքրում գործի էությունը, կամ նրա բոլոր մանրամասնությունների ճիշտ քննությունը, — որքան գրավում է նրան այն միտքը, թե ի՞նչ ձև և ի՞նչ ընթացք պետք էր տալ գործին, որ կարելի լիներ մեղադրվածից ավելի փող դուրս բերել: Թոմաս էֆենդին աշխատում էր օգուտ քաղել թուրքերի այդ թուլությունից և իր հորինած մեքենան իր նպատակին համեմատ պտույտ տալ: Այս պատճառով նա շատ ուրախացավ, երբ նկատեց, որ հիսնապետը գրավվելով իր վերջին խոսքերից, հարցրեց.

Ուրեմն ինչպե՞ս եք կամենում, որ կարգադրենք գործը:

Դուք ձեզ հետ բավական մարդիկ ունեք, պարոն հիսնապետ, կհրամայեք հսկողության տակ առնել ծերունուն իր երկու որդիների հետ, որոնցից մեկը կոչվում է Հայրապետ, իսկ մյուսը Ապո: Բացի դրանցից, կհրամայեք կալանավորել ռուսաստանցի լրտեսին, որ կոչվում է Վարդան:

Հիսնապետը նշանակեց Ապոյի, Հայրապետի և Վարդանի անունները:

Ձեր այսօր կատարած պաշտոնը, — շարունակեց էֆենդին, — լոկ խուզարկություն էր, բայց քննությունը տակավին վերջացած չէ:

Ուրեմն դուք պետք է հիշյալ անձինքներին հսկողության տակ առնեք, մինչև քննությունը կկատարվի նորին գերազանցություն փաշա էֆենդու մոտ:

Հասկանում եմ, — պատասխանեց հիսնապետը:

Իսկ ես պետք է միջնորդի դեր կատարեմ, ինձ ձևացնելով ավելի պաշտպան մեղադրվածներին՝ նրանցից գաղտնիքներ որսալու համար: Հասկանո՞ւմ եք:

Հասկանում եմ... — կրկնեց հիսնապետը:

ԻԷ

Մինչ օդայի մեջ Թոմաս էֆենդին և հիսնապետը զբաղված էին իրանց սատանայական կարգադրություններով, դրսում զինվորների մեջ անց էր կենում բոլորովին այլ տեսակ խոսակցություն:

Մահմուդ, — հարցրեց զափթիաներից մեկը իր ընկերից, — այս գիշեր այստեղ մնալու լինենք, դու այդ հայի հարսներից ո՞րին պիտի ընտրես:

Ինձ շատ դուր եկավ այն կարմրաթշիկ պստլիկը, — պատասխանեց Մահմուդը մի առանձին ախորժակով:

Բայց իմ խելքը տարավ այն սև աչքերով սիրունիկը, — խոսեց առաջինը ոչ պակաս ոգևորությամբ:

Զինվորները խուզարկության ժամանակ կանանոցը մտնելիս, երևի, ուշադրություն էին դարձրել ոչ այնքան իրանց խնդրած առարկաների վրա, որքան ծերունի Խաչոյի հարսների վրա: Կին եղած տեղը մահմեդականը ամեն բան մոռանում է:

Մի քանիսի ուշադրությունը գրավել էին ծերունու տան հարուստ իրեղենները:

Իմ կնիկը գլուխս տարավ, — ասում էր մի ծեր զափթիա, — ամեն օր հանգստություն չէ տալիս, միշտ ասում է՝ մի մեծ պղինձ պիտի առնես կաթ տաքացնելու համար: Այստեղ մեկը տեսա, իսկ և իսկ նրա ուզածն է, երբ գնալու լինենք, անպատճառ պիտի հետս վեր առնեմ:

Մի մանկահասակ զինվոր ասաց.

Ես տեսա մի գեղեցիկ խալիչա, շատ լա՜վ է նրա վրա պառկելը կուշտ ուտելուց և խմելուց հետո, և ծխել սիրուն կնոջ ձեռքով պատրաստված նարգիլեն:

Ծեր զափթիան, որ ավելի տնտեսական և կրոնական կետից էր նայում ավարի վրա, թույլ տվեց իրան մի նկատողություն անել մանկահասակ զինվորին:

Այս տեսակ խալիչաները ավելի հարմար է գործ ածել որպես սաջջադա14 նամազի համար:

Մի նախանձով և նախապաշարմունքներով լի զինվորը ասաց.

Զարմացք բան է, «գավուր» լինել և այսպիսի սիրուն կնիկներ ունենալ... «գավուր» լինել և այսպիսի հարուստ տուն ունենալ... Մեր տանը մի փալասի կտոր չկա, որ երեխաներս գիշերը վրան պառկեն: «Գավուրը» պետք է մի քրքրված, բարակ գոտի ունենա կապած մեջքին, որ հազելու ժամանակ տասը տեղից կտրատվի...

Վերջին խոսքը յուրաքանչյուր մահմեդականի բերանի առածն է: Արևելքում գոտիի հաստությունը և նրա շքեղությունը հարստության և փառքի նշան է: Հայը, գավուր լինելով, մահմեդականի կարծիքով, պետք է այն աստիճան աղքատ լինի, որ բոլորովին քրքրված և մաշված գոտի ունենա, որպեսզի հազելու միջոցին չդիմանա և կտրատվի... Հայը սիրուն կնիկներ ունենալու ևս իրավունք չունի, որովհետև «գավուր» է, որովհետև, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ լավ է, պետք է մահմեդականի սեփականություն լինի...

Զինվորներից մի քանիսը մտել էին ծերունու տան գեղեցիկ պարտեզի մեջ, և որպես արջը կամ խոզը բանջարանոցի մեջ, այնպես ոտնակոխ էին անում, տրորում էին խնամքով մշակված գեղեցիկ ծաղիկները, որոնց համար այնքան աշխատել էին տանուտերի հարսները և աղջիկները: Նրանք բռնում էին ծառերի ճյուղերից, քարշ էին տալիս, կոտրատում էին պտուղները քաղելու համար, հասածները ուտում էին, իսկ տհասները գցում էին հողի մեջ և կոխ էին տալիս: Ծերունի Խաչոն այդ տեսավ հեռվից և նրա սիրտը խորին կերպով խոցվեցավ: Նա այնքան էր սիրում իր ծառերին, որքան իր զավակներին: Նա իր խելացի գլուխը շարժեց և նույն րոպեում նրա մտքից անցավ պարսկական վաղեմի առածը, «երբ որ զորապետը խլում է այգեպանից մի խնձոր առանց փողի, այն ժամանակ նրա զորքերը ամբողջ այգին արմատախիլ կանեն»: Այսպիսի բարբարոսության ընդունակ է թուրքը: Ով որ գութ չունի դեպի կենդանի բույսերը, նա չի կարող գութ ունենալ և դեպի կենդանի մարդիկ: Թուրքը ծառի պտուղը կուտե, իսկ ծառը կոչնչացնե: Թուրքը մարդու ձեռքի վաստակը կառնե, իսկ նրան կմահացնե... Թուրքը որպես անխնայորեն սպառեց իր երկրում գտնված անտառները, նույնպես անխնայորեն ոչնչացրեց իր տերության այլազգի ցեղերը...

Ծերունին նույն բարբարոսությունն էր տեսնում իր տան մեջ, բայց լռում էր: Նա մտավ խոհանոցը, ուր կնիկները ճաշ էին պատրաստում: Խե՜ղճ մարդ, նա արդեն կալանավորված էր իր տնում, և իր բանտի մեջ իր պահապաններին ցույց էր տալիս հյուրասիրության սուրբ պարտքը:

Այդ ի՞նչ մարդիկ են, ի՞նչ էին պտռում, ի՞նչու են քանդում մեր տունը, — հարցրեց Սառան արտասվալի աչքերով:

Աստված գիտե... — պատասխանեց ծերունին տխուր կերպով և պատվիրեց, որ ճաշը շուտ տան:

Կնիկները գտնվում էին մի սարսափելի երկյուղի մեջ: Նրանք քաշվել և տուն էին մտել զինվորների աչքից հեռու մնալու համար: Նրանք հասկանում էին, որ մի տարօրինակ բան պետք է պատահած լինի, որ թուրքերը այժմ այնպես անպատկառ կերպով էին վարվում իրանց տան հետ: Մինչև այն օրը նրանք շատ անգամ տեսել էին այսպիսի հյուրեր, բայց միշտ ծերունու տան պատիվը պահպանված էր եղել:

Հայրապետը և Ապոն, որոնք առավոտյան Վարդանի հետ գնացել էին պարոն Սալմանին որոնելու, տակավին չէին վերադարձել: Ծերունու մյուս որդիները, դաշտում լսելով թուրքերի անկարգությունները, իսկույն տուն վազեցին: Նրանք սաստիկ կատաղած էին ոչ թե թուրքերի դեմ, այլ իրանց անմեղ հոր դեմ: Ստրուկները միշտ տկար կողմի վրա են հարձակվում: Նրանք բռնակալի գործած բարբարոսությունները բնական են համարում, բայց մեղադրում են իրանց նման ստրուկներին, թե ի՞նչու նրանք «աղային բարկացրին»... Այս պատճառով ծերունու որդիների իրանց հոր դեմ հայտնած նախատինքներին և հանդիմանություններին չափ չկար: Նրանք դատապարտում էին իրանց հորը, թե ի՞նչու նա թույլ տվեց իր տան մեջ այնպիսի վտանգավոր մարդերին, որպես էին Վարդանը և Սալմանը, և պատրաստ էին գնալ և հայտնել հիսնապետին բոլորը, ինչ որ իրանք գիտեին, կարծելով թե այդ կթեթևացներ իրանց հանցանքը:

Դու քո ձեռքով քո տունը քանդեցիր, — ասում էին նրան որդիները:

Թո՛ղ քանդվի... — պատասխանեց ծերունի հայրը լի վրդովմունքով, — երբ այդ տան մեջ ձեզ նման անարժան որդիք են բնակվում... Անեծքի և ոչնչության արժանի եք դուք, քանի դեռ մեռած է ձեր մեջ անձնասիրության, պատվի և ազատամտության ամեն զգացմունքը: Այն մարդիկը, որոնց դեմ բարկացած եք դուք, նրանք են իմ իսկական որդիներս, և ես շատ չեմ ցավի, եթե նրանց պատճառով կկորցնեմ ամեն ինչ, որ ունեմ...

Ծերունու վերջին խոսքերը վերաբերում էին պարոն Սալմանին և Վարդանին: Որդիները ավելի գրգռվեցան: Խոհեմ հայրը մտածելով մի գուցե որևիցե հիմարություն գործեն կամ մի անզգույշ խոսք դուրս թողնեն իրանց բերանից, հանգստացրեց նրանց, ասելով, որ վախենալու ոչինչ առիթ չունեն, որ թուրք պաշտոնատարների «բերանը միշտ կարելի է ցեխել» մի քանի ոսկիներով և ավելացրեց, որ Թոմաս էֆենդին խոստացել է գործ դնել իր բոլոր ջանքերը և գալոց վտանգի առաջը առնել: Որդիները մի փոքր հանգստացան: Այսպիսիների վրա միշտ մեծ ազդեցություն է գործում խոշոր մարդկանց անունը: Թոմաս էֆենդին խոստացել է, ուրեմն նա ամեն բան կարող է կատարել:

Այդ միջոցին օդայի դռանը հայտնվեցավ Թոմաս էֆենդին և հեռվից ձայն տվեց.

Տանուտեր Խաչո, շուտ արա, այդ կծատողներին պետք է կերակրել:

Պատրաստ է, էֆենդի, — պատասխանեց տանուտերը, — իսկույն կտան ճաշը:

Ծերունու որդիները սկսեցին ճաշի սեղանը պատրաստել և օդայի մեջ առանձին, իսկ դրսում ծառերի հովանու տակ առանձին սեղան ևս զինվորների համար: Այդ վերջինները հետզհետե անտանելի էին դառնում: Այդպիսի դեպքերում, հայի տան մեջ, թուրք զինվորը բավական պահանջող է լինում: Նրա ճաշակը նրբանում է. նրա ախորժակը բացվում է. և նա պահանջում է այն տեսակ կերակուրներ, այն տեսակ խմիչքներ, որոնց անունն է լսել միայն, իսկ իր կյանքում մի անգամ ևս չէ տեսել: Տան տիրոջ յուրաքանչյուր «չկան» պատասխանվում է հայհոյանքներով: Թեև այսպիսի անկարգություններ չպատահեցան, բայց դարձյալ ծերունու որդիները սաստիկ տանջվեցան, մինչև կարողացան իրանց անամոթ հյուրերի այս և այն պահանջներին բավականություն տալ:

Հիսնապետը և Թոմաս էֆենդին ճաշում էին օդայի մեջ երկուսը միասին: Ծերունի տանուտերը նրանց սեղանակիցը չեղավ և սպասավորի նման մնաց ոտքի վրա, դրանով կամենալով ցույց տալ իր հյուրերին մի առանձին պատիվ: Ծերունու որդիները ծառայում էին զինվորների սեղանի շուրջը: Առժամանակ արաղը և տանուտերի խոհանոցի առատ խորտիկները զբաղեցրին նրանց: Այդ դեպքից օգուտ քաղելով, ծերունին մոտեցավ Սառային և ծածուկ ասաց նրան.

Զավակս, ա՛ռ այդ բանալիները և տանը ինչ լավ բան որ կա, բոլորը թաքցրու, դու խո իմանում ես, թե որտեղ պետք է թաքցնել:

Իմանում եմ... — պատասխանեց խեղճ կինը և նրա աչքերը լցվեցան արտասուքով: Այդ նախազգուշությունը արդեն նշան էր, որ սպառնում է մի մեծ վտանգ:

Լսիր, և սիրտդ պինդ պահիր, — շարունակեց ծերունին, — մեր տունը շատ անգամ տեսել է այս տեսակ փորձանքներ: Աստուծով բոլորը կանցնի, միայն պետք է համբերություն ունենալ: Իրեղենները թաքցնելուց հետո հարսներին երեխաների հետ կուղարկես իրանց ծնողների տները, իսկ դու Լալային քեզ հետ վեր առնելով, կգնաս մեր քավոր Զաքոյի տունը, այնտեղ կմնաք, մինչև տեսնենք, թե ինչով կվերջանա այդ փորձանքը:

Ծերունու հարսներից ոմանք Օ... գյուղից էին, իսկ մի քանիսը մերձավոր գյուղերից, այս պատճառով, նրանց առժամանակ իրանց ծնողների հետ պատսպարվելը դժվար չէր: Միայն Սառան հեռու տեղից էր բերված, նրա ծնողները գտնվում էին Բայազեդում, դրա համար ծերունին առաջարկեց նրան քավոր Զաքոյի տունը, որի վրա մեծ հավատարմություն ուներ:

Մի բան էլ կա, լսիր, Սառա, — շարունակեց ծերունին, — Հայրապետը, Ապոն և Վարդանը առավոտյան գնացին պարոն Դուդուկջյանին որոնելու. նրանք, երևի, չգիտեն, թե ինչ է պատահել մեզ հետ, տուն կվերադառնան և իրանք էլ կընկնեն փորձանքի մեջ: Շուտով մի մարդ ուղարկիր, որ գոնե նրանց ասե, որ մի տեղում պահվեին և սպասեն իմ կարգադրություններին:

Վերջին խոսքերը ավելի խոր խոցեցին խեղճ կնոջ սիրտը, ուրեմն իր սիրելի ամուսնուն ևս վտանգ էր սպառնում, մտածեց նա, նա ի՞նչով էր մեղավոր, նա ի՞նչ էր արել... Բայց Սառան այնքան խելացի էր, որ նրանից ծածուկ չէին կարող մնալ իր ամուսնի մի քանի դիտավորությունները, որոնցից նա միշտ ցավալի հետևանքներ էր սպասում:

Ո՞վ կգնա... — հարցրեց կինը վշտալի ձայնով և նրա բազմահոգ աչքերը կրկին լցվեցան արտասուքով:

Սառայի հարցմունքը անտեղի չէր: Վտանգի ժամանակ երբ եղբայրը եղբորը ուրանում է, և մինչև անգամ նրա դեմ թշնամանում էէլ ուրիշների վրա ի՞նչ հույս կարելի է դնել... Սառան իր ականջով լսեց, թե քանի րոպե առաջ Հայրապետի եղբայրները որպիսի բարկությամբ էին խոսում նրա մասին, և որքան գրգռված էին նրա դեմ:

Ծերունին հասկացավ Սառայի արդար դժգոհության պատճառը և տխրությամբ պատասխանեց նրան.

Ես գիտեմ, որ ոչ ոք չի գնա... ես գիտեմ, որ վտանգի ժամանակ բոլորը կհեռանան մեզանից... Բայց Վարդանի երկու ծառաները՝ Սաքոն և Եղոն տանն են. դրանք համարձակ մարդիկ են և հավատարիմ: Շտապիր շուտով հասկացնել նրանց գործի եղելությունը, իսկույն նրանք կգնան, կգտնեն Հայրապետին, Ապոյին և Վարդանին և ինչ որ պետք է՝ կհայտնեն նրանց: Բավական է, որ ասեն թե պարոն Դուդուկջյանը կալանավորված է և մեր տան մեջ խուզարկություն արին, մնացածը նրանք կհասկանան:

Վերջացնելով իր պատվերները, ծերունին դուրս եկավ կանանոցից, համոզված լինելով, որ խոհեմ և խելացի Սառան կկարգադրե իր ցանկության համեմատ:

Բակում ծերունին նկատեց, որ կառավարության, կարգի, օրենքի և արդարության ներկայացուցիչները, — զինվորները, վայելելով գյուղացու սեղանի առատ բարիքները, խմելով նրա գինին և արաղը, այժմ ներկայացնում էին անկարգության մի ամբողջ բաբելոն: Նա աչքերը խփեց և անցավ: Նա չկամեցավ տեսնել բացարձակ լրբություն, որ պատժել չէր կարող:

Թուրք ծառայողները շատ չեն հետևում իրանց կրոնի պատվերներին, այս պատճառով արաղի գործածությունը նրանց մեջ բոլորովին սովորական էր դարձել: Արգելված պտուղը քաղցր է լինում: Մահմեդականը խմելու ժամանակ գազան է դառնում. արբեցության բերկրանքը նրա մեջ փոխվում է կատաղի մոլեգնության: Եթե մի պատճառ կար համարել Մուհամմեդին մարգարեներից ամենամեծը, այդ էլ բավական է, որ նա արգելեց մուսուլմաններին խմել ոգելից ըմպելիներ:

Միևնույն ժամանակ օդայի մեջ խոսակցությունը ոչ սակավ հետաքրքիր էր: Հիսնապետը բավական խմեց, և ճաշից առաջ նրա էֆենդու հետ ունեցած պաշտոնական խոսակցությունը այժմ ավելի մտերմական, ավելի ընկերային ձև էր ստացել:

Քանի՞ կնիկ ունես, — հարցրեց հիսնապետը:

Էֆենդին, մի անսովոր ժպիտ գործելով իր այլանդակ դեմքի վրա, պատասխանեց.

— «Էշից հարցրին քանի՞ կնիկ ունես, նա ցույց տվեց ամբողջ նախիրը»:

Երբ էֆենդին սկսում էր էշերի առածներով արտահայտել իր միտքը, դա արդեն նշան էր, որ նա գտնվում է իր սրտի ամենաուրախ տրամադրության մեջ:

Բայց քրիստոնյաներին, կարծեմ, արգելված է մեկից ավելի ունենալ, — նկատեց հիսնապետը:

Մահմեդականներին նույնպես արգելված է գինի և արաղ խմելը, իսկ դուք ինձանից ավել խմեցիք, — պատասխանեց էֆենդին, ուրախանալով իր հարմար պատասխանի վրա:

Այդ միջոցին ներս մտավ ծերունի Խաչոն, իր ձեռքով բերելով երկու տուփերի մեջ դարսած ռահաթլոխում և Զմյուռնիայի թուզ, և դրեց սեղանի վրա, ասելով.

Ճաշից հետո լավ է լինում բերանը մի բանով քաղցրացնել:

Նա կրկին շտապով դուրս գնաց օդայից:

Բավական բարի մարդ է երևում այդ ծերուկը, — խոսեց հիսնապետը նրա հեռանալուց հետո, — ես զարմանում եմ, թե ի՞նչպես է թողել դա իր տանը այնպիսի մարդերին, որպես ռուսաց լրտեսը, կամ որպես պոլսեցի խռովարարը:

— «Էշի ականջները երկար են լինում, բայց խելքը կարճ», — պատասխանեց էֆենդին իր հատուկ ոճով: — Եթե կան աշխարհումս հիմար մարդիկ, դրանք այդ «բարի» կոչվածներն են: Այդ ծերուկը նույն տեսակներիցն է:

Թուրք հիսնապետը համեմատաբար ավելի ազնիվ զգացմունքի տեր մարդ էր, քան հայ էֆենդին: Նա ասաց ցավակցաբար.

Ես կարծում եմ, որ զինվորական նոր գործակատարը այդ խեղճին լավ կկթե...

Տարակույս չկա... Անխելք պետք է համարել այն մարդուն, որ չի աշխատի մի այսպիսի բարեբեր կռվից օգուտ քաղել...

Դու ճանաչում ես նրան, ի՞նչպես մարդ է, ես առաջին անգամն եմ տեսնում:

Շատ լավ եմ ճանաչում, — պատասխանեց էֆենդին գործագետ մարդու եղանակով. — ես նրան ճանաչում եմ դեռ այն ժամանակից, երբ Տիգրանակերտի գավառում գայմագամ էր: Տասն տարուց ավելի կողոպտեց, հարստացավ, հետո Պոլիս գնաց և այնտեղ փաշա դարձավ:

Ի՞նչպես մարդ է:

— «Սատկած էշ է պտռում նալերը դուրս քաշելու համար»:

Մինչև էֆենդին և հիսնապետը զբաղված էին այս տեսակ խոսակցություններով, մինչև զինվորները արբեցության մոռացության մեջ երգում էին, հռհռում էին և պար էին գալիս, ծերունու տան կնիկները իրանց երեխաների ձեռքից բռնած, տան ետևի դռնով դիմում էին դեպի իրանց ծնողների տները: Արտասուքը հեղեղի նման թափվում էր այդ թշվառների աչքերից, որոնց այնպես էր թվում, թե դեպի գերություն են տարվում, թե պետք է մյուս անգամ չտեսնեն այն տունը, ուր այնքան բախտավոր էին, ուր այնքան սիրված էին:

Այդ միջոցին Եղոն և Սաքոն, երկուսն էլ զինվորված, դուրս եկան նույն դռնից, և նստելով ձիերի վրա, հեռացան: Թոմաս էֆենդին իր բոլոր սատանայական խորամանկությամբ չմտածեց կալանավորել այդ երկու ավազակներին, որոնք Վարդանի թև ու թիկունքն էին, որոնք կարող էին խանգարել նրա չար դիտավորությունները...

ԻԸ

Թոմաս էֆենդին դեռ մասամբ միայն հասած էր համարում իր նպատակին: Նրա գլխավոր նպատակը տակավին մնացել էր անկատար: Ստեփանիկի աղջիկ լինելը նա վաղուց գիտեր: Նրան հայտնել էր մկրտող քահանան, տեր-Մարուքը, որ մի օր էֆենդու մոտ ճաշի հրավիրված լինելով և արբեցության մեջ իրան կորցնելով, հայտնեց գաղտնիքը, որի մասին ուխտել էր միշտ ծածուկ պահել: Այն օրից Թոմաս էֆենդին սիրում էր Լալային:

Բայց ի՞նչ բան էր այդ բարոյապես փչացած մարդու մեջ սերը. — քաղցի և ծարավի բնական զգացմունք: Կերավ, խմեց, կշտացավ, — և ահա՛ կարիքը անցավ: Նա գոհ է, երբ կրքերը հագեցած են լինում: Սիրո հոգեկան և իդեալական կողմերը անմատչելի էին Թոմաս էֆենդուն: Սերը նրա մեջ լոկ անասնական ցանկություն էր: Նա իր կյանքը թուրքերի հետ անցկացնելով, սեփականել էր նրանց բոլոր բարոյական հատկությունները: Գեղեցիկ կինը, սիրուն աղջիկը մահմեդականի համար նույնպիսի գրավիչ առարկաներ են, որպես խաղալիքները երեխաների համար: Երեխան հրապուրվում է, զվարճանում է իր խաղալիքով այնքան ժամանակ միայն, քանի չէ ձանձրացել, երբ ձանձրացավ, ձեռքի ունեցածը կկոտրե, դեն կգցե և մի ուրիշը կուզե:

Կինը Թոմաս էֆենդու համար իր էր, առարկա էր, որ սեփականում էր միայն իր առժամանակյա զվարճության, իր առժամանակյա բավականության համար, — տեսավ նրանից ավելի գեղեցիկը, նա պատրաստ էր թողնել առաջինը և աշխատել երկրորդը ձեռք բերելու համար: Նրա վերջին վիճակը ընկել էր Լալայի վրա: Բայց ի՞նչու այնպիսի անազնիվ և սատանայական ճանապարհներով էր աշխատում հասնել իր նպատակին: Միթե չէ՞ր կարող ուղղակի առաջարկություն անել նրա հորը և խնդրել աղջկա ձեռքը:

Թոմաս էֆենդին հաջորդաբար էր վարվում: Կյանքի բոլոր պետքերի և պահանջների մեջ, նպատակին հասնելու համար, նա իր առանձին գործելու եղանակն ուներ:

Թոմաս էֆենդին հարստահարիչ էր: Հարստահարիչը ուղիղ ճանապարհներով չէ դիմում նպատակին: Նա շրջում է ծուռումուռ շավիղների մեջ: Հարստահարիչը այն տեսակ որսորդներից է, որ որոգայթներ է լարում, ցանցեր է դնում, ծուղակներ է կազմում իր որսը բռնելու համար: Բարոյական հարստահարության մեջ Թոմաս էֆենդին նույն կերպով էր վարվում: Նա աշխատում էր մի անմեղ աղջկա սերը որսալ դիվական խորամանկություններով: Նա աշխատում էր Լալայի հորը մի այնպիսի անելանելի դրության մեջ դնել, որ հակառակ իր կամքին, ստիպված լիներ իր աղջիկը էֆենդուն տալ:

Թոմաս էֆենդին Լալայի վրա նայում էր, որպես իր հոր սեփականության վրա. — որպես նրա մշակության մի բերքի վրա: Նա, իբրև կապալառու, գիտեր, թե ինչ միջոցներ պետք է գործ դնել գյուղացու մշակության բերքը ձեռքիցը խլելու համար: Նա գիտեր, որ մինչև գյուղացուն չես տանջում, չես չարչարում, և նրա բոլոր ընդդիմադրության ուժերը նրանից չես խլում, — նա չէ հոժարվում իր աշխատանքի արդյունքը, իր ստացվածքը ձեռքից բաց թողնել: Այդ մտքով Թոմաս էֆենդին կապեց, կաշկանդեց ծերունի Խաչոյին այնպիսի անլուծանելի հանգույցներով, որ ինքը միայն կարող էր բաց անել:

Next page