Րաֆֆի՝   Խենթը

Մատնելով նրան իր որդիների հետ որպես քաղաքական հանցավորներ, որպես մի խռովարար մարդու դավակիցներ, որպես իրանց տնում պատերազմի ժամանակ լրտես պահողներ, — Թոմաս էֆենդին մի երկրորդ նպատակ ևս ուներ, այն է, դրանով ցույց տալ թուրք կառավարությանը իր հավատարմությունը և մատուցած մեծ ծառայությունը: Մյուս կողմից, ասել ծերանի Խաչոյին՝ «Տե՛ս, եթե Լալային ինձ չտաս, դու և քո որդիներդ կախաղան կբարձրանաք, քո տունը կրակով կայրեն և քո հարստությունը կգրավեն... Ես միայն կարող եմ փրկել ձեզ և իմ վարձատրությունը պետք է լինի գեղեցիկ Լալան...»:

Այդ բոլորը կարող էր կատարել չարագործը: Նա իր ձեռքում ուներ մի փաստ, որ ամենապարզ ապացույցն էր նրա մատնությունների համար. — դա էր ծերունի Խաչոյի տան պահարանի մեջ թաքցրած խուրջինը, որի մեջ պահված էին պարոն Սալմանի թղթերը: Իսկ պահարանի երկաթի դռան բանալին էֆենդին իր գրպանումն ուներ:

Բայց նա դեռ չէր ցանկանում չարությունը իր ծայրահեղությանը հասցնել: Նա համոզված էր, որ Լալայի հոր հոժարությունը ստանալ դյուրին էր: Բայց նա տեսնում էր իր առջև մի ավելի հզոր ախոյանՎարդանին: Սկսյալ այն օրից, երբ օդայի մեջ Վարդանը խլեց Ստեփանիկի ձեռքից էֆենդուն մատուցանելու չիբուխը և բարկությամբ դուրս ձգեց լուսամատից, — սկսյալ այն օրից, երբ Վարդանը Ստեփանիկի պատճառով այնպես կատաղի կերպով հարձակվեցավ էֆենդու վրա, — այս վերջինը հավատացած էր, որ Վարդանի և Ստեփանիկի մեջ կա մի ներքին կապ, թե այդ երկուսը սիրում են միմյանց: Բացի դրանից, նա գիտեր, որ Վարդանը մեծ համակրություն է վայելում ծերունու ընտանիքի մեջ, և նրանք մեծ ուրախությամբ իրանց աղջիկը նրան կնության կտային: Իսկ եթե չհոժարվեին տալ, բավական էր, որ աղջիկը սիրում էր, և Վարդանը, իբրև կանտրաբանտիստ, կվարվեր նրա հետ, որպես մի արգելված ապրանքի հետ, այսինքն, մի գիշեր կվեր առներ և կփախցներ: Եվ այդ կատարելու համար Վարդանը բավական քաջություն և համարձակություն ուներ: — Այդ բոլորը մտածում էր էֆենդին: Ուրեմն ի՞նչ պետք էր անել երիտասարդի դիտավորությունները խափանելու համար: — Պետք էր նրան մի կերպով այս երկրից հեռացնել, և հեռացնել կառավարության զինվորների հսկողության ներքո, որ նա չկարողանա Լալային իր հետ տանել: Այդ էր պատճառը, որ Թոմաս էֆենդին մատնեց Վարդանին որպես ռուսաց լրտես:

Բայց ի՞նչու նա պատվիրեց կալանավորել Խաչոյի որդիներից երկուսին միայն՝ Հայրապետին և Ապոյին: Մի՞թե նրան հայտնի էր, թե այդ երկուսը միաբանվում էին պարոն Սալմանի հետ: Մի այսպիսի կասկած նա չէր կարող ունենալ, թե հայ գյուղացին ընդունակ է մտածելու իր ազատության համար: Նա միայն մի բան գիտեր, որ ծերունու մյուս որդիները հլու «ավանակներ» էին, իսկ եթե կային նրանց մեջ այնպիսիները, որ կարող էին հակառակել Լալային իրան կնության տալու ցանկությանը, — դրանք պետք է լինեին Հայրապետը և Ապոն: Որովհետև էֆենդին վաղուց նկատած էր այդ երկու եղբայրների մեջ մի սաստիկ հակակրություն դեպի ինքը, այդ պատճառով պատվիրեց նրանց ևս կալանավորել, որ ձայները կտրեն...

Ահա՛ այդ անորոշ դրության մեջ էր Լալայի վիճակը: Երեք հոգի սիրում էին նրան: Երեքն էլ իրանց հատուկ հնարքներով մտածում էին նրան ձեռք բերել: Քուրդ Ֆաթթահ-բեկը, որպես աներկյուղ և հայտնի ավազակ, կամենում էր բացարձակ կերպով հափշտակել իր որսը, որպես համարձակ արծիվը սլանում է ամպերի միջից և հափշտակում է ժայռերի վրա արածող եղջերուի ձագը: Իսկ հայ կապալառուն, Թոմաս էֆենդին, որպես հարստահարիչ, բռա օձի նման, մտածում էր գալարել իր թեփուկների մեջ իր զոհին, և ճնշել ու խեղդել նրան, որ կարողանա վերջը կուլ տալ: Բայց Վարղանը, այդ անձնավստահ և հանդուգն կանտրաբանտիստը, ինչպես ասացինք, մտածում էր փախցնել նրան, եթե հոժարությամբ տալու կամք չունենային: Իսկ որի՞ն էր սիրում Լալան, — այդ մենք գիտենք:

Բայց քուրդ բեկը այժմ զբաղված էր իր զինվորական պատրաստություններով, շատ չէր մտածում Լալայի վրա: Վարդանը զբաղված էր պարոն Սալմանով: Միայն Թոմաս էֆենդին այնպես էր սարքել գործը, որ նրան շատ հաջողություն էր խոստանում:

Ճաշելուց հետո հիսնապետը, չափազանց խմած լինելով, անմիջապես քնեց: Նրա զինվորները դեռ բռնած էին իրանց պահնորդական դիրքը: Ծերունու որդիներից Հայրապետը և Ապոն տակավին չէին վերադարձել տուն: Թոմաս էֆենդին ամենահարմար ժամանակը համարեց խոսել Լալայի մասին նրա հոր հետ: Նա թողեց քնած հիսնապետին օդայի մեջ, ինքը դուրս եկավ: «Սկսեցի, պետք է վերջացնել, — մտածում էր նա, — էշի վրա նստելը մեկ ամոթ է, բայց վեր ընկնելը երկու ամոթ»...

Նա գտավ ծերունուն տխուր և հոգնած. միայնակ նստած էր բակի պատի մոտ, և հետ-միջօրեի արեգակով ջերմացնում էր իր սառած անդամները: Նրա աչքի առջև զինվորները լրբաբար հռհռում էին, ծիծաղում էին, զզվելի հանաքներ էին անում: Նրանք քաշում էին մոտից անցնող քուրդ աղախինների փեշից և ստիպում էին, որ իրանց հետ խոսեն, որ իրանց հետ հանաքներ անեն, կամ ծեծում էին ծառաներին, որ այս և այն հրամանները կատարեն: Ծերունի նահապետը տեսնում էր անամոթությունը այն տան մեջ, ուր միշտ պահված էր եղել ընտանեկան սրբությունը, — ուր օտար տղամարդի մի անհամեստ ժպիտն անգամ երբեք անպատիժ չէր մնացել: Իսկ այժմ տեսնում էր իր աչքի առջև մի խումբ անառակներ, որոնք, որպես սեփական տան մեջ, զանազան պատվերներ էին տալիս... «Ի՞նչ վիճակ է այդ, — մտածում էր ծերունին, — ի՞նչու համար ենք ապրում... ի՞նչու գետինը չէ պատռվում և մեզ կուլ չէ տալիս... ի՞նչու երկինքը չէ փուլ գալիս ու մեզ տակովը չէ անում... այդ ի՞նչ կյանք է... տեսնել իր աչքի առջև անպատվությունը և լուռ մնալ... էլ ո՞ւմ համար է պատրաստել աստված դժոխքի կրակը... էլ ո՞ւմ համար են երկնքի կայծակները... ի՞նչու չեն պատժում անզգամին»... Այսպես հառաչում էր նա և իր արտասուքով լի աչքերը դարձնում էր դեպի երկինքը: Բայց երկնքից ոչինչ պատասխան չէր լսում...

Նա տեսավ զինվորներից մի քանիսը տնից դուրս էին բերում զանազան իրեղեններ: Իսկ Սառան, որ մյուս հարսներին ճանապարհ դնելուց հետո, դեռ մնացել էր տանը, աշխատում էր խլել զափթիայի ձեռքից ահագին պղնձե կաթսան: Բայց նա զարկեց բռունցքով խեղճ կնոջ կուրծքին, և կինը ընկավ գետին... «Իմ տան կայքը իմ աչքի առջև բաժանում են, առանց տիրոջ կամքը հարցնելու... Եվ ի՞նչու համար, ի՞նչով եմ ես մեղավոր: Նրանով, որ ընդունել եմ իմ տան մեջ մի հյուր, որը բողոքում էր, թե գյուղացու աշխատանքը, գյուղացու սեփականությունը պետք է ապահովված լինի: Ինձ պատժում են, թե ինչո՞ւ ես օթևան տվեցի մի այսպիսի մարդուն, որ բռնության, անխիղճ հարստահարության և գազանային անգթության հակառակն էր խոսում: Որ քարոզում էր մեզ, թե պետք է աշխատենք մեր պապերից մնացած հողի տերը լինել, թե մենք ինքներս պետք է կառավարենք մեր գործերը, թե պետք է աշխատենք թոթափել օտարի լուծը... Ով է մտցնում մեր մեջ այդ մտածությունները, եթե ոչ ինքը՝ բռնությունը: Եթե մեզ հանգիստ թողնեին, եթե մեր ընտանիքը չանպատվեին, եթե մեր վաստակը մեր ձեռքից չխլեին, եթե մեզ հետ մարդու նման վարվեին և անասունի պես չտանջեին, այն ժամանակ մենք գոհ կլինեինք: «Ազատասիրության հայրը, — ասում էր երիտասարդը,-բռնությունն է, իսկ մայրը՝ անիրավությունը»: Ես հիմա եմ հասկանում այդ խոսքերի միտքը: Բռնակալը ինքն է պատրաստում իր համար թշնամիներ... Եթե թուրքը այսպես չվարվեր մեզ հետ, մենք մինչև անգամ կսիրեինք նրան, թո՛ղ նա մեր մսից և արյունից չլիներ»:

Այսպես մտածում էր ծերունին և նրա սիրտը ծովի ալեկոծության նման տակնուվրա էր լինում: Բայց ի՞նչ կարող էր անել ուժաթափ առյուծը այնքան գայլերին: Նա զգում էր իր վիճակի դառնությունը և հնարների մասին հոգալու համարձակություն չուներ: «Մի ձեռքը ծափ չէ տալիս», — կրկնում էր նա հայտնի առածը: — Եթե մեր բոլոր գյուղացիները այսպես մտածեին, այն ժամանակ մեզ մի ճար կլիներ:

Այս հոգեկան խռովության մեջ գտավ ծերունուն Թոմաս էֆենդին, և լիրբը կամենալով նրա սիրտը ավելի խոր խոցել, հեռվից ասաց.

Բանը վատ է գնում, շա՛տ վատ, տանուտեր Խաչո. «էշը այնպես չի խրվել, որ կարելի լիներ ցեխիցը հանել»...

Ծերունին չլսեց նրա խոսքերը, միայն հեռվից տեսնելով, կանգնեց ոտքի վրա:

Նստիր, — ասաց էֆենդին, ձեռքը բարեկամաբար նրա ուսի վրա դնելով, — ես էլ քեզ մոտ կնստեմ, դրանից լավ տեղ չենք գտնի խոսելու համար: — Նրանք նստեցին միմյանց մոտ մի կտոր կապերտի վրա, որ ծառայում էր որպես օթոց:

Այդ մարդիկը ե՞րբ պիտի գնան, — հարցրեց ծերունին, ձեռքը պարզելով դեպի զինվորները, որոնք դեռ չէին դադարել իրանց անիրավ վարմունքից:

— «Գժին տարան հարսանիք, ասաց այստեղ մեր տանից լավ է»: Ո՞ւր պիտի գնան և ի՞նչու են գնում, ուտելներն է պակաս, թե խմելները, — պատասխանեց էֆենդին անհոգ ծիծաղով:

Այս ծիծաղը ավելի վիրավորեց ծերունու առանց դրան ևս վշտացած սիրտը: Էֆենդին նկատելով այդ, փոխեց իր խոսքը:

Դարդ մի արա, տանուտեր Խաչո, քանի որ Թոմաս էֆենդին կենդանի է, չի թողնի, որ քո գլխից մի մազ պակսի:

Էլ ի՞նչպես չի պակսի... — պատասխանեց ծերունին մի փոքր զայրացած ձայնով, — չե՞ս տեսնում, իմ տունը իմ աչքի առջև քանդում են... իմ կայքը իմ աչքի առջև բաժանում են.. և ես արգելելու իրավունք չունեմ...

Նա կրկին ցույց տվեց զինվորներին:

Այդ նրանց սովորությունն է: «Շունը, երբ ղասաբխանան կմտնե, մի ոսկոր կվեր առնե»: Դու ինքդ լավ գիտես, տանուտեր Խաչո, երբ թուրքը հայի տունն է մտնում, ձեռքը դատարկ չէ դուրս գալիս: Բայց բանը դրանումը չէ: Պետք է փառք տաք աստծուն, երբ վնասը հասնում է մարդու ապրանքին և ոչ կյանքին...

Ծերունին ամբողջ մարմնով դողաց: Նա այժմ այնքան զգայուն էր դարձել, որ յուրաքանչյուր խոսք սաստիկ ներգործում էր նրա վրա:

Ի՞նչ կա, ի՞նչ, — բացականչեց նա համբերությունից դուրս գալով, — եթե կա մի ուրիշ բան, ասա՛, էլ ի՞նչ ես տանջում ինձ, եթե մեռնելու եմ, թող շուտ մեռնեմ:

Կասեմ, բոլորը կասեմ, տանուտեր Խաչո, համբերություն ունեցիր, — պատասխանեց էֆենդին, այժմ ավելի հանգիստ և ավելի լուրջ կերպարանք ընդունելով:

Եվ նա սկսեց պատմել (դարձյալ էշերի կյանքից մի նոր առածի վրա հիմնելով իր միտքը), թե «էշը չպիտի քացի տա խթանի դեմ», եթե չէ ցանկանում իր ոտը վիրավորել... Եվ այս առածից այն եզրակացությունը դուրս բերեց, թե հայերը պետք է զգուշ լինեն և չհակառակեն թուրքերին, մանավանդ այդ պատերազմական օրերում: Եվ օրինակ բերելով Վանի հրդեհը, նա սկսեց ապացուցանել, թե մեծ «խենթություն» է թուրքերին անհավատարիմ լինելը: Նա բացատրեց, թե ինչու Վանում թուրքերը այրեցին մի քանի հազար հայոց խանութներ և կողոպտեցին նրանց ապրանքները: — Որովհետև, ասաց նա, այնտեղ հայերը ռուսների համար լրտեսություն էին անում: Այդ բոլորից հետո, ավելացրեց նա, թե այս պատերազմից հայերը ռուսներից ոչինչ օգուտ չպիտի սպասեն: Եվ կրկին դառնալով դեպի հավատարմության միտքը, նա ասաց, թե թուրքերը այնքան վատ չեն որքան մենք կարծում ենք, թե հայերի վիճակը կապված է թուրքերի հետ, և այս պատճառով ամեն մի ապստամբական խորհուրդ պետք է «խենթություն» համարեր: Եվ դրա համար էֆենդին պարոն Սալմանի վարմունքը խելագարություն է համարում, և ամենևին չի վշտանալ, եթե նա սաստիկ կպատժվի, միայն ցավում է, որ նրա պատճառով մի քանի մարդիկ ևս պետք է պատժի ենթարկվեն...

Ի՞նչ մարդիկ, — կտրեց ծերունին նրա խոսքը, գունաթափվելով:

Դու և քո երկու որդիները՝ Հայրապետը և Ապոն, և քո մյուս հյուրըՎարդանը, — պատասխանեց էֆենդին:

Հարվածը սաստիկ էր, և կարող էր միանգամից անդամալուծել ողորմելի ծերունուն: Բայց տանջանքներով լի կյանքը, մշտական վտանգը և տառապանքները այն աստիճան մխել էին նրա սիրտը, որ կարողացավ դիմանալ էֆենդու բոթալից խոսքերին, և պահպանելով իր հանգստությունը, հարցրեց.

Մենք ի՞նչով ենք մեղավոր:

Օրհնած, այնպիսի միամիտ հարցմունք ես անում, որ երեխան էլ չի անի: Կարծես, ինքդ չգիտես, թե ի՛նչով եք մեղավոր, — պատասխանեց էֆենդին դառն հեգնությամբ: — Մի բոլորովին առողջ մարդ ի՞նչով է մեղավոր, որ նրան հիվանդի տեղ են դնում, նրա համար միայն, որ նա դուրս էր եկել ժանտախտով կամ քոլերայով վարակված մի հասարակության միջից և կամենում էր մի օտար երկիր գնալ, որ ազատվեր այդ ախտերից: Բայց նրան սահմանի վրա բռնում են, կոխում են մի ծակի մեջ և այնքան ծուխ ու մուխ են տալիս, որ հոգին դուրս է գալիս...

Ուրեմն մե՞զ էլ պետք է ծակը կոխեն, — հարցրեց ծերունին և նրա դեմքի խորշոմների մեջ երևացին սարսափելի ցնցումներ, որ նշան էին սաստիկ բարկության:

Այո՛, — պատասխանեց էֆենդին սառնասրտությամբ:

Բայց նա եկել էր Լալայի մասին առաջարկություն անելու, նրա ձեռքը խնդրելու և իր սերը հայտնելու: Ի՞նչու բոլորը մոռացավ նա, ի՞նչու այսպես տանջում էր ողորմելի հորը: Թոմաս էֆենդին, ինչպես վերևը ասացինք, աշխատում էր ծերունի տանուտերին այնպիսի մի անելանելի դրության մեջ դնել և այնպիսի մի համոզման բերել, որ ստիպված լինի մտածել, թե իրանց փրկությունը միայն էֆենդիով կլինի և Լալան պետք է զոհվի այդ փրկության համար: Որովհետև էֆենդին գիտեր, որ ծերունին հեշտությամբ չի հոժարվի աղջիկը իրան կնության տալ, մանավանդ այն խոսքերից հետո, որ նա լսեց Վարդանից, թե էֆենդին զանազան երկրներում կնիկներ է թողել, և ինքը անկարող եղավ հերքելու այդ ճշմարտությունը:

Բայց էֆենդին նկատելով, որ ինքը չափը անցավ, պետք չէր այս աստիճան հուսահատեցնել ծերունուն, սկսեց նրան մխիթարել ասելով.

Ձեզ մի քանի օր բանտարկված կպահեն, իրավ է, բայց այդ միայն ձևի համար կլինի: Թոմաս էֆենդին գործը այնպես է սարքել, որ ձեզ վնաս չի հասնի:

Ծերունին ոչինչ չպատասխանեց: Նա տեսնում էր մեծ զանազանություն էֆենդու առավոտյան և այժմյան խոսակցության մեջ: Նրա սրտում ծագեց մի մթին կասկած...

ԻԹ

Վարդանը, Հայրապետը և Ապոն, առավոտյան տնից դուրս գալուց հետո, ամենևին տեղեկություն չունեին, թե իրանց բացակայության ժամանակ ինչ էր պատահել այնտեղ: Նրանք դեռ չգիտեին ո՛չ Թոմաս էֆենդու կատարած սատանայական կարգադրությունները, ո՛չ հիսնապետի խուզարկությունները և ո՛չ էլ զինվորների արած անկարգությունները:

Նրանք անցան մի քանի գյուղեր, որոնում էին պարոն Սալմահին, ամեն տեղ հարցուփորձ էին անում նրա մասին, և, վերջապես, մտան այն գյուղը, գտան այն տունը, ուր նա անց էր կացրել վերջին գիշերը: Տան տերը բարի մարդ էր երևում, նա պատմեց, որ ինքը չգիտե, թե ինչ է պատահել խեղճ երիտասարդի հետ, միայն մինչև կես գիշեր, նա նստած գյուղի «ջահիլների» հետ, ինչ որ բաների վրա խոսում էր: Երբ «ջահիլները» հեռացան, նա մնաց մենակ. նրան հաց տվեցին, անկողին տվեցին, նա պառկեց օդայի մեջ: Վաղ առավոտյան տեսան, որ երիտասարդը այնտեղ չկար, ո՞ւր էր գնացել, չգիտեն:

Վարդանը իր ընկերների հետ մտան այն սենյակը, ուր գիշերել էր երիտասարդը: Այնտեղ գտան, հատակի վրա ձգած մի թղթի կտոր, որի վրա մատիտով շտապ ձեռքով գրած էր մի տող, միայն՝ «Ես կալանավորվեցա» և երկու գլխատառեր՝ Լ.Ս.:

Վարդանը կարդաց, և թուղթը տալով Հայրապետին, ասաց.

Ես այդ սպասում էի...:

Երեքն էլ մնացին քարացած: Անցքը սարսափելի տպավորություն գործեց նրանց վրա: Երկու մեծ կորուստ իսկույն պատկերացավ նրանց աչքի առջև. մեկը, որ բարի ցանկություններով լի մի երիտասարդ զոհ գնաց իր անփորձություններին, մյուսը, որ նրա կալանավորությունը գուցե երևան կհաներ և կոչնչացներ այն խորհուրդը, որի իրագործելու համար նրանք ուխտել էին ամեն տեսակ զոհաբերություն:

Տան տերը զարմացած նայում էր այդ երեք մարդու վրա, թե ի՞նչու այն թղթի կտորը այնքան տխրություն պատճառեց նրանց: Նրանք ոչինչ չհայտնեցին և դուրս եկան:

Արդեն երեկո էր: Անասունների նախիրը, բառանչելով, թռչկոտելով, դառնում էր արոտից, բարձրացնելով փոշու թանձր մառախուղ: Գյուղացիները նույնպես ուրախ, ծիծաղելով, միմյանց հետ հանաքներ անելով, տուն էին դառնում դաշտային աշխատություններից: Նրանցից ոչ ոք չէր հետաքրքրվում, ոչ ոք չէր մտածում այն բանի վրա, թե այս գյուղի մեջ, նախընթաց գիշերում կատարվել էին երկու չարագործություններ, — մի երիտասարդ կալանավորված էր և մի աղջիկ անպատված էր... երկուսն էլ միևնույն մարդու ձեռքով, որ հայ անուն է կրում, և հայոց ամբոխից հարգանք է վայելում...

Գյուղացին, — ասաց Վարդանը իր ընկերներին, — մի տեսակ երեխա է, միայն հասակը առած: Տեսնում ես, երեխան գլորվում է, ընկնում է գետին, գլուխը դիպչում է պատին, նա այնքան ժամանակ լաց է լինում, որքան զգում է ցավը, իսկ երբ ցավը անցավ, նա բոլորը մոռանում է, որպես թե ոչինչ չէր պատահել, և կրկին սկսում է խաղը, կրկին սկսում է իր ծիծաղը...

Շատ դժվար է այսպիսի մեծ երեխաների հետ գործ ունենալը... — ավելացրեց նա: — Դարերով միևնույն հարվածներն են ուտում, միևնույն պատին են դիպցնում իրանց գլուխները, միևնույն ցեխի մեջ են գլորվում, բայց ոչինչ չեն զգում, այսօրվա պատահածը վաղը մոռանում են... Դարձյալ ուրախ, դարձյալ անհոգ գործում են, աշխատում են, ամենևին չմտածելով, թե ո՞ւմ համար են աշխատում, կամ ուրախ լինելու ի՞նչ բան ունեն:

Թոմաս էֆենդին, — առաջ տարավ նա, — շատ լավ է ճանաչել այդ ժողովրդին, կոչելով նրան «էշեր», իսկ նրանց մասին մտածողներին — «խենթեր»... Ե՛կ դու պատմիր այդ գյուղացիներին, թե այն երիտասարդը, որ գիշերը ձեզ այնքան խելացի խոսքերով բացատրում էր մարդու անհատական իրավունքը, խոսում էր, թե ի՞նչ բան է աշխատանքը և ի՞նչով կարող է ապահովված լինելայժմ այն երիտասարդը կալանավորված է, գուցե էգուց կախաղան կբարձրացնենև դու բոլորից կլսես միևնույն խոսքերը, թե «նա խենթ էր»...

Բայց ես մի բան եմ մտածում, — փոխեց Վարդանը իր խոսքը, — պարոն Սալմանի մատնության մեջ պետք է խառն լինի Թոմաս էֆենդու մատը:

Ես էլ այսպես եմ մտածում, — պատասխանեց Հայրապետը:

Պետք է ստուգել, — ասաց Վարդանը:

Արդեն սկսել էր մթնել: Ծերունիները և պառավները դուրս էին գալիս երեկոյան ժամից: Վարդանը իր ընկերների հետ շտապում էին հեռանալ այդ գյուղից:

Լա՛վ ասեղներ... գույն-գույն թելեր... սիրուն հալուններ... — լսելի եղավ կաղ չարչու ծանոթ ձայնը:

Նա գալիս էր փողոցի հակառակ կողմից, նույնպես օրորվելով, նույնպես կաղալով, որպես տեսել էր Վարդանը մի քանի օր առաջ և ուսի վրա շալակած ուներ ահագին արկղը, իսկ ձեռքին բռնած ուներ հաստ մահակը, որ Հերքուլեսի լախտի նմանությունն ուներ: Տեսնելով Վարդանին իր ընկերների հետ, նա ասաց.

Լավ պարոններ, մի բան գնեցեք, երեկոյան ժամն է, էժան կտամ:

Ի՞նչ ունես, — հարցրեց Վարդանը մոտենալով նրան:

Ամեն բան ունեմ... — պատասխանեց չարչին և արկղը դրեց գետին:

Վարդանը, իբր թե նայում էր նրա իրեղենները, աննկատելի կերպով սողացրուց չարչու ձեռքը այն թղթի կտորը, որ գրել էր պարոն Սալմանը, և որ քանի րոպե առաջ գտնվեցավ գյուղացու օդայի մեջ, ուր կալանավորել էին նրան: Չարչին խիստ ճարպիկ կերպով նայեց թղթի վրա, և հազիվ լսելի ձայնով պատասխանեց.

Այդ ես գիտեմ...

Ի՞նչ պետք է արած...

Կտեսնվենք և կխոսենք...

Ո՞րտեղ...

Հեռացե՛ք, ես ձեզ կգտնեմ...

Խոսակցությունը անցավ բոլորովին աննկատելի կերպով: Հայրապետը և Ապոն, որ այնտեղ կանգնած էին, ոչինչ չլսեցին:

Չարչին կրկին շալակեց իր արկղը և սկսեց դիմել դեպի մի գյուղացու տուն, ինքն իրան խոսելով. — Այսօր բավական վաճառեցի, այժմ պետք է հանգստանալ...

Վարդանը իր ընկերների հետ շարունակեցին իրանց ճանապարհը: Գյուղական խրճիթներում արդեն սկսել էին ճրագներ երևալ:

Նրանք անցան արհեստավոր Պետրոսի դռնից, այնտեղ կանգնած էր դրացի Օհոն: Հայ գյուղացիները, երբ նկատում էին երեկոյան տարաժամ պահուն մի օտարական անցնում էր իրանց դռնից, թե՛ ծանոթ լիներ և թե՛ անծանոթ, սովորություն ունեն հրավիրել նրան, ասելով. «հյուր եղեք»: Այդ հրավերը նրանք շատ գյուղացիներից լսեցին, և «շնորհակալ ենք» ասելով, հեռացան: Բայց վարպետ Պետրոսի դռան առջև նրանք կանգնեցին ոչ այն պատճառով որ դրացի Օհոն հրավիրեց նրանց հյուր լինել, այլ արհեստավորի տնից լսեցին մի օտարոտի ձայն, կարծես, մեկը օգնություն էր կանչում: Նրանք իսկույն ներս մտան: Ձայնը լսվում էր անասունների ախոռատնից, ուր բոլորովին մութն էր: Ապոն շտապով խլեց ճրագը, որ վառվում էր խրճիթում, և երեքն էլ մտան ախոռատունը: Նրանց աչքի առջև հանդիսացավ մի այսպիսի պատկեր. մի մանկահասակ աղջիկ, թոկի ծայրը վզովն անցկացրած կախված էր ախոռի առաստաղից. մի կին նրա ոտները գրկած, վեր էր բարձրացնում աղջկան, որ թոկը չխեղդե: «Թո՛ղ տուր, թո՛ղ տուր»... — կրկնում էր աղջիկը նվաղած ձայնով: — «Վառվառե»... — կոչում էր կինը ցավալի ձայնով:

Նրանք շուտով կտրեցին թոկը և կիսաշունչ աղջկան ցած բերեցին իր ձեռքով պատրաստած կախաղանից: Եթե մի րոպե ուշացել էին, ամեն բան վերջացած կլիներ, որովհետև կնոջ ձեռքերը արդեն սկսել էին թուլանալ և նրա մեջ այնքան ուժ չէր մնացել, որ կարողանար աղջկան ազատել:

Վառվառեին գրկած բերեցին խրճիթը: Նա տակավին ուշքի չէր եկել: Նա պառկած էր անկողնի մեջ, որ իսկույն պատրաստեցին նրա համար: Նրա փոքր ինչ կապտած դեմքի վրա երբեմն երևում էին ցնցումներ, և նրա սեղմված շրթունքից լսելի էին լինում միևնույն խոսքերը «թո՛ղ տուր»... Սուսանը լաց էր լինում և անիծում էր մեկին, որի անունը չէր հիշում: Խեղճ կինը մի քանի անգամ մոտեցավ աղջկան, գրկեց նրա գեղեցիկ գլուխը, ասելով. «Վառվառե ջան, դու ի՜նչու էիր սպանում քեզ... դու ի՞նչով էիր մեղավոր... թող աստված պատժե անզգամին»...

Վարդանը իր ընկերների հետ հասկացան, որ մանկահասակ աղջկա վարմունքի մեջ թաքնված էր մի գաղտնիք: Բայց գաղտնիքը լուծել դժվար եղավ, որովհետև Սուսանը ոչինչ չհայտնեց նրանց, և տան մեջ, բացի նրանցից և երկու փոքրիկ երեխաներից, ուրիշ ոչ ոք չկար: Հայրապետը ծանոթ էր այդ ընտանիքի տղամարդի հետ: Սուսանի ամուսինը՝ վարպետ Պետրոսը շատ անգամ գալիս էր ծերունի Խաչոյի տունը և նորոգում էր նրա երկրագործական անոթները: Բայց նրա կնոջը Հայրապետը առաջին անգամն էր տեսնում: Եվ եթե շատ անգամ ևս տեսած լիներ, և մինչև անգամ ծանոթ լիներ, դարձյալ գյուղացու կինը օտար մարդու հետ համարձակ չէր խոսում: Նա միայն օրհնեց և շնորհակալություն հայտնեց, որ օգնեցին իրան, և խնդրեց, որ իր ամուսնին կանչել տան:

Ո՞րտեղ է նա, — հարցրեց Հայրապետը:

Այս մոտիկ գյուղում, — պատասխանեց կինը, — գնացել է բանելու:

Նրանք կամենում էին դուրս գալ, որ մի մարդ գտնեն, ուղարկեն վարպետ Պետրոսին կանչելու: Նույն միջոցին Վառվառեն աչքերը բաց արավ և ջուր խնդրեց: Սուսանը իսկույն ջուր տվեց, որից բավական խմեց նա: Աղջկա կապտագույն դեմքը այժմ գունաթափվել էր և աչքերի մեջ երևում էր կարմրություն, որը առաջ էր եկել արյան բորբոքումից: Նա կրկին իր գլուխը դրեց բարձի վրա և վերմակը քաշեց երեսին: Վերմակի տակից լսելի էր լինում նրա խուլ հեկեկանքը... Լացի այդ տխուր և դառն ձայնը, որքան և սրտաճմլիկ լիներ, այսուամենայնիվ, ուրախացրեց Վարդանին և նրա ընկերներին: Նրանք այժմ մտածում էին, որ աղջկա կյանքը ազատված է:

Դրսում նրանք գտան մի տղա, որին մի քանի սև փող տալով, ուղարկեցին վարպետ Պետրոսին կանչելու: Դրացի Օհոն դեռ կանգնած էր իր դռան մոտ: Նա կրկին հրավիրեց Վարդանին իր ընկերների հետ, որ հյուր լինեն, ասելով.

Հեր օրհնածներ, ո՞ւր եք գնում այդ մութ դիշերին: Ա՜խ, թե գիտենայիք, երեկ գիշեր ի՛նչ քեֆ ունեինք, — ավելացրեց նա, — այս գիշեր էլ մի բան կսարքենք:

Ի՞նչ քեֆ, — հարցրեց Հայրապետը:

Դրացի Օհոն խիստ ոգևորված սկսեց պատմել, թե Թոմաս էֆենդին հյուր էր վարպետ Պետրոսի տանը, ինքն ևս այնտեղ կանչված էր. «չալկիները» ածում էին, աղջիկները պար էին գալիս, շատ կերան, շատ խմեցին և շատ ուրախություններ արեցին, և վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով:

Աստված վկա, շատ լավ մարդ է այդ Թոմաս էֆենդին, այնքան արաղ բերել տվեց, որ կարելի էր լողանալ մեջը:

Եվ ձեր ամենիդ հարբեցրուց, այնպես չէ՞, — հարցրեց Վարդանը:

Հեր օրհնած, այնքան խմելուց հետո ո՞վ չի հարբի, — պատասխանեց Օհոն ծիծաղելով, — քեֆն էլ հարբելու մեջն է:

Տան տերը տա՞նն էր:

Ես էի տան տիրոջ տեղը բռնել:

Բայց դու հարբելուց հետո էֆենդին բռնեց քո տեղը... այնպես չէ՞:

Ես ոչինչ չհասկացա, ինձ շալակած մեր տունն էին բերել:

Թողնելով Օհոյին, նրանք հեռացան:

Ճանապարհին Վարդանը ասաց Հայրապետին.

Ես այժմ հասկանում եմ, թե այն խեղճ աղջիկը ի՞նչ պատճառով էր իրան խեղդում...

Իսկ ես իմանում եմ, թե ո՛վ պետք է մատնած լինի պարոն Սալմանին...-խոսեց Հայրապետը:

Կասկած չկա, — խոսեց Վարդանը, — որ Թոմաս էֆենդին մատնած կլինի: Նա այն աստիճան խորամանկ մարդ է, որ անկարելի է նկատած չլիներ պարոն Սալմանի դիտավորությունները, և թուրք կառավարությանը մի ծառայություն անելու մտքով, նրան մատնած չլիներ: Եվ գիշերը ինքն ևս այս գյուղում գտնվելով, շատ հասկանալի է որ նրան բռնել տված կլիներ: Եթե մենք ճանաչում ենք էֆենդու հոգին, այս բոլորը այնպիսի ճշմարտություններ են, որ տարակուսելու պատճառ չկա:

Երեք ընկերների մեջ տիրեց լռություն: Նրանք բավական դանդաղ քայլերով շարունակում էին ճանապարհը: Յուրաքանչյուրը կենտրոնացած էր իր մեջ և մտածում էր, թե ինչ հնարքով կարելի էր երիտասարդի կյանքը ազատել:

Բոլորը ինչ որ ասացիր ուղիղ է, Վարդան, — ընդհատեց Հայրապետը տիրող լռությունը, — հիմա ի՞նչ պետք է անել:

Ես բավական ծանոթ եմ թուրք աստիճանավորների թույլ կողմերի հետ, թե որքան անհոգ են, որքան անճիշտ են, և որքան զանցառու են իրանց պարտականությունների մեջ, — պատասխանեց Վարդանը: — Եվ այս պատճառով, մտածում եմ, որ ինձ շատ հեշտ կլինի ազատել պարոն Սալմանին: Ես ունեմ երկու ծառաներ, որոնց քաջությունը ձեզ լավ հայտնի է, մեր ձիաները պատրաստ են. հենց այս գիշեր կնստենք և կգնանք. ուր և տարած լինեն, մենք կարող ենք գտնել նրան. և եթե ուրիշ միջոցով հնար չլինի ազատել, գործ կդնենք մեր ուժը, թուրք պահապանների երկչոտությունը ինձ վաղուց հայտնի է:

Մենք էլ պատրաստ ենք քեզ հետ գալ, — պատասխանեցին Հայրապետը և Ապոն: — Մենք չենք թողնի, որ դու մենակ գնաս:

Ձեր ինձ հետ գալը ոչ միայն ավելորդ է, այլ մինչև անգամ վտանգավոր է, — պատասխանեց Վարդանը: Եվ հիշելով չարչու խոսքերը, մտածեց փոքր ինչ սպասել նրան, և ասաց իր ընկերներին. — Նստենք այստեղ, այսպես շտապ գնալով, դժվար է խոսել կամ մտածել:

Կարծես, նա հոգնած էր, կարծես, վիշտը և տխրությունը ճնշել էին նրան իրանց ծանրության ներքո: Եվ նրա սրտի մեջ հուզվում էր մի տեսակ ալեկոծություն, որ սկսել էր փոքր առ փոքր սաստկանալ...

Նրանք դուրս եկան ճանապարհից, քաշվեցան մի կողմը և նստեցին մի տաղավարի մեջ, որ շինված էր սեխանոցի մոտ: Մշակներից ոչ ոք այնտեղ չէր մնացել սեխանոցը պահպանելու համար, որովհետև դեռ պտուղը հասած չէր և գողերից երկյուղ չկար: Երկրագործի տաղավարը մի լավ մենարան է հոգնած ճանապարհորդի համար. այնտեղ, կգտնե նա պատսպարան թե՛ ցերեկվա տոթի դեմ և թե՛ հորդ անձրևների դեմ, որ այս կողմերում շատ են պատահում:

Գիշերը բավական պարզ էր, թեև լուսին չկար: Հեռվից նշմարվում էին Օ... գյուղի խրճիթների ճրագները և երբեմն լսելի էին լինում շների խուլ, զգուշարար ձայները:

Վարդանը շարունակեց ընդհատված խոսակցությունը: Նա կրկնեց, թե պետք է ամեն հնարք գործ դնել պարոն Սալմանին իր կալանավորությունից ազատելու համար, որ անպատճառ կվերջանա մահվան պատիժով: Բայց ինքը Հայրապետի և Ապոյի այս գործում մասնակցելը վտանգավոր է համարում գլխավորապես այն պատճառով, որ մի այսպիսի ձեռնարկություն կարող էր կամ հաջողվել և կամ չհաջողվել. — երկու դեպքում ևս Հայրապետը և Ապոն ազատ չէին մնալու թուրքերի վրեժխնդրությունից: Որովհետև այս գործը, ասաց նա, գուցե առանց արյան և առանց կռվի չի վերջանա, գուցե սպանություններ կլինեն, և եթե Հայրապետը և Ապոն մասնակցեն այն ժամանակ որպես տեղացիներ, անպատիժ չեն մնա, և բացի իրանցից, կպատժվեն այլև նրանց ազգականները ու ծերունի Խաչոյի ամբողջ ընտանիքը: Բայց իր, Վարդանի համար այսպիսի երկյուղներ չկան: Ինքը, որպես ուրիշ տերության հպատակ, որպես օտարական, կարող է իր դիտավորությունները կատարել և այնուհետև թողնել ու հեռանալ այս երկրից. նրան ոչ ոք չէ կարող գտնել, մանավանդ պատերազմական այդ խառն ժամանակներում:

Լսելով Վարդանի, որպես զանազան հանդուգն ձեռնարկությունների մեջ փորձված մարդու, երկար բացատրությունները, Հայրապետը և Ապոն պատասխանեցին.

Մենք մեր հագուստները կփոխենք և ոչ ոք չէ կարող ճանաչել մեզ:

Միևնույն է, ինչ որ անելու լինեք, դարձյալ կհայտնվի: Այստեղ պակաս չեն Թոմաս էֆենդու նման մարդիկ, որ ձեզ մատնեն: Այստեղի հայերը, եթե մի առիթով կարող են շահել թուրքի համակրությունը, չեն խնայի, թեև նրանով վնասելու ևս լինեն իրանց՝ ազգայիններին: Հայը, ավելի քան օտարները, ինքն է իր թշնամին...

Վերջին խոսքերը արտասանեց նա խորին վրդովմունքով: Այն օրվա անցքերի տխուր տպավորությունները սաստիկ գրգռել էին նրա ջղերը: Մի կողմից իր հարգած երիտասարդի կալանավորությունը, մյուս կողմից ժողովրդի անտարբեր սառնասրտությունը, մի կողմից թշվառ Վառվառեի անցքը, մյուս կողմից Թոմաս էֆենդու չարագործությունները, սաստիկ զայրացրել էին նրա սիրտը, թեև այդ գարշելի մարդու ծերունի Խաչոյի տան մեջ կատարած վերջին ավուր բանսարկությունները նրան դեռ հայտնի չէին: Այդ մտատանջությունների և հուզմունքի մեջ նա համարյա մոռացել էր Լալային, այն նազելի էակին, որ նրա սրտում առաջին տեղն էր բռնում: Հանկարծ աղջկա տխուր և աղաչավոր պատկերը երևեցավ նրան, և կարծես, ասում լիներ, «Ո՞ւր ես գնում. ինձ ի՞նչու ես թողնում. գնում ես ազատելո՞ւ քո սիրած ընկերի կյանքը. ես էլ քո սիրելին եմ. ախար դու ինձ խոսք տվեցիր, որ կտանես, կհեռացնես այս երկրից. ախար այստեղ վատ է. ես վախենում եմ, շատ եմ վախենում քրդերից...»

Վարդանի սրտում ծագեց զգացմունքների մի սաստիկ պատերազմը: Երկու էակներ կանգնած էին նրա առջև. մեկը՝ սիրած աղջիկը, մյուսը՝ սիրած ընկերը: Երկուսն էլ կարոտ էին օգնության, երկուսի կյանքն էլ վտանգի մեջ էր:

Հաջորդ էջ