Րաֆֆի՝   Խենթը

Քուրդ բեկից Լալային սպառնացող դժբախտությունը դեռ Վարդանին պարզապես հայտնի չէր: Բայց նա գիտեր, թե Թոմաս էֆենդին որպիսի թակարդներ է լարում նրա առջև: Նա գիտեր, որ այդ անբարոյական նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն դնել սովոր չէ:

Փոքրիկ տաղավարի մեջ տիրեց առժամանակյա լռություն: Նույնպիսի մի մտածություն այն րոպեում զբաղեցնում էր Հայրապետին: Նրան հայտնի էր Լալայի և Վարդանի սերը. նա իր քույրը նշանակել էր այդ երիտասարդի համար: Այժմ Վարդանը գնում էր, գնում էր իր ընկերին ազատելու համար: Կամ կսպանվեր և կամ կխլեր նրան թուրքերի ձեռքից: Երկու դեպքում ևս նա կկորցներ Լալային: Գուցե մինչև նրա վերադարձը քուրդ բեկը հափշտակած և տարած կլիներ Լալային: Եվ Վարդանը, երևի, չգիտեր այդ. և չէր էլ կարող գիտենալ, որովհետև նրան դեռ չէին հայտնել քուրդ բեկի դիտավորությունները: Ի՞նչու այդ բոլորը չասել Վարդանին: Բայց ի՞նչպես ասել: Վարդանը մինչև այն օրը ծերունի Խաչոյի ընտանիքից ոչ ոքի դեռ չէր հայտնել, թե սիրում է Լալային և ցանկանում է, որ նա իր կինը լինի: Այդ գաղտնիքը գիտեր Սառան միայն, այն ևս պատահմամբ: Իրերի հանկարծակի մինը մյուսի ետևից փոփոխությունը ժամանակ չտվեց Վարդանին իր սիրտը բաց անելու: Այժմ մի նոր և վտանգավոր ձեռնարկություն բոլորովին բաժանում էր նրան Լալայից: Այժմ միանգամից ոչնչանում էին Հայրապետի հույսերը, թե Վարդանը կազատեր իր քրոջը և կվերառներ, կտաներ մի հեռու երկիր, ուր քուրդ բռնակալի ձեռքը այլևս չէր հասնի:

Մյուս կողմից, պարոն Սալմանի կորուստը ոչ սակավ տանջում էր Հայրապետին: Նա այդ անձնվեր երիտասարդին սիրեց, համակրեց ավելի քան թե Վարդանը: Այժմ թողնել նրան թուրքերի ձեռքում, որ բանտերի խավարի մեջ մաշեն, տրորեն և սպանեն նրան, — այդ նույնպես անգթություն կլիներ: Եվ այդ անգթությունը ավելի խիստ և ավելի դառն էր թվում Հայրապետին, գլխավորապես այն պատճառով, որ ինքը պետք է առիթ տար Վարդանին ետ մնալու իր ձեռնարկությունից, որ ինքը պետք է խափաներ նրա բարի նպատակը պարոն Սալմանին ազատելու համար, երբ հայտնելու լիներ, թե որպիսի վիճակ է սպասում իր քրոջը քուրդ բեկի կողմից:

Իրերի այսպիսի խճճված և խառնաշփոթ դրությունը ձգել էր թե՛ Վարդանին և թե՛ Հայրապետին նույնպիսի խառն մտածությունների մեջ: Թե՛ Լալան և թե՛ կալանավորված երիտասարդը շուտափույթ օգնություն էին պահանջում: Բայց դեպի ո՞րը պետք էր դիմել առաջ, — այդ հարցը դժվարացնում էր նրանց:

Բայց ի՞նչ էր մտածում այն րոպեում Ապոն, այդ շինական ընտանիքի չփչացած և քաջասիրտ որդին: — Նա իսկապես ոչինչ չէր մտածում: Նա այն տեսակ մարդերից էր, որին դեպի որ կողմը քաշելու լինեին, այն կողմը կգնար, այն պայմանով միայն, որ դեպի վատ կողմը գնալու հակամտություն չուներ: Ապոն մի լավ և հաջողակ գործիք էր կրակի միջից բաներ դուրս հանելու համար. գործածությունը կախված էր տիրոջ հմտությունից:

Վարդանի խոստովանությամբ փոքր ինչ պարզվեցավ գործը: Վարդանը, առանց մի կետ թաքցնելու, հայտնեց երկու եղբայրներին իր սերը դեպի նրանց քույրը: Հայտնեց, թե ինքը խոսք է տվել Լալային, որ կփախցնե նրան և ստացել է աղջկա հոժարությունը: Ասաց, թե ինքը մի այդպիսի օտարոտի դիտավորությունը ստիպված է կատարել նրա համար միայն, որ հույս չունի, թե Լալայի հայրը կհամաձայնվեր աղջիկը իրան կնության տալու. որովհետև նա նկատել է և համոզված է, որ ծերունի Խաչոն աչք ունի Թոմաս էֆենդու վրա, և մտածում է նրան փեսայացնել:

Այդ մարդու մասին ավելորդ է խոսել, — շարունակեց նա, — որովհետև դուք երկուսդ էլ նրան բավական ճանաչում եք, և ճանաչեցիք առավելապես այսօր: Թոմաս էֆենդուն աղջիկ տալը միևնույն է, որպես գցել նրան գայլի կամ շան բերանը:

Բայց ինձ տանջում է մեկ միտք, — հառաջ տարավ նա, — ես, որպես ձեզ հայտնեցի, պետք է գնամ պարոն Սալմանի ետևից, այդ ձեռնարկությունից ետ կանգնել ամենևին չեմ կարող: Ցավակցությունը դեպի մի այսպիսի բարեկամը և ընկերը ծանր պարտք է դնում ինձ վրա: Բացի դրանից, ես ինձ մասամբ պատճառ եմ համարում, որ նա ընկավ այդ փորձանքի մեջ. ես նրան խրախուսեցի, ես նրան հորդորեցի, ես ավելի վառեցի այն կրակը, որ բորբոքված էր նրա սրտի մեջ: Դրանցով ես շտապեցրի նրա անկումը, ուրեմն պետք է աշխատեմ ազատել նրան:

Մյուս կողմից, — հառաջ տարավ նա, — իմ առջև դրված է մի ահագին արգելք. չգիտեմ, թե ի՞նչ պետք է անել, արդյոք կարող եմ թողնել Լալային: Գուցե այսօր կամ էգուց էֆենդին բանը այնպես կսարքե, որ Լալան այդ հրեշի կինը կլինի: Ի՞նչ կլինի այնուհետև խեղճ Լալայի վիճակը:

Հայրապետը պատասխանեց, թե Լալան բոլորը պատմել էր իր կնոջը՝ Սառային և կինը հաղորդել էր իրան, և ինքը վաղուց գիտեր նրանց հոգեկան հարաբերությունները: Եվ ինքը, և գուցե իր բոլոր եղբայրները շատ ուրախ կլինեին, եթե Վարդանը կշտապեր օր առաջ փախցնել և տանել Լալային:

Ոչ թե էֆենդու պատճառով, — ավելացրեց նա, — բայց կա մի ուրիշ և ավելի անհրաժեշտ պատճառ, որ ստիպում է շուտով հեռացնել Լալային մեր երկրից...

Ուրիշ ի՞նչ պատճառ կա, — հարցրեց Վարդանը, և նրա աչքերը վառվեցան սրտի բարկությունից:

Հայրապետը մանրամասնորեն պատմեց քուրդ բեկի դիտավորությունը, պատմեց նրա տիկնոջ Խուրշիդի ընդդիմադրությունը իր ամուսնի կյանքի դեմ, պատմեց, թե ի՞նչ միջոցով Խուրշիդը հայտնեց Սառային բեկի նպատակը և խորհուրդ տվեց հեռացնել Լալային այդ երկրից, — մի խոսքով, Հայրապետը ասաց այն ամենը, ինչ որ մինչև այնօր կատարվել էր Լալայի վերաբերությամբ, և ինչ որ դեռ Վարդանին անհայտ էր:

Խորին դառնությամբ լսում էր Վարդանը Հայրապետի պատմությունը և նրա խոսքերը թունավոր նետերի նման ծակոտում էին խեղճ երիտասարդի սիրտը:

Եվ դուք այդ ամենը գիտեի՞ք և ծածկում էիք ինձանից, — ասաց նա սաստիկ վրդովմունքով, — և դուք սպասում էիք, մինչև քուրդը գա, և օր-ցերեկով ձեր քույրը հոր տնից հափշտակե ու տանե, և դուք աչքերդ բաց-բաց մտիկ տայիք, թե ո՞րպես են անպատվում ձեզ...

Այժմ Վարդանը հասկանում էր Լալայի այն տխուր և հուսահատական խոսքերի իմաստը, որ մինչև այն օր մնացել էր իր համար առանց բացատրության, հասկանում էր, թե ի՞նչու Լալան այն մութ գիշերային պահուն, երբ առաջին անգամ հանդիպեցավ իր հետ իր հոր տան պարտեզի մեջ, երբ պետք էր համբույրներով քաղցրացնել առանձնության ժամերը, երբ պետք էր սիրո և անսահման երջանկության վրա խոսել, — նա իր գեղեցիկ աչքերից արտասուք էր թափում, և օրհասական խռովության մեջ ասում էր այդ խոսքերը. «Ես Սոնայի մոտ չեմ գնա... ես վախենում եմ գերեզմանից... վախենում եմ քրդերից... ազատիր ինձ և տար մի ուրիշ երկիր»... Ուրեմն նա գիտեր, թե ինչ դառն վիճակ է սպասում իրան, և խորին ցավակցությամբ պատմում էր իր ընկերուհու՝ Նարգիսի անցքը, թե որպես հափշտակեցին, թե որպես տարան նրան քրդերը, որպես անբախտ ու տխուր էր այժմ Նարգիսը...

Լինում են րոպեներ, որ մարդը թշվառության, վտանգի և դառն պատահմունքների ամենասաստիկ հարվածների տակ ավելի քաջանում է, ավելի տոկուն, անխորտակելի սիրտ է ստանում և ավելի հանգստանում է: Նա սկսում է այնուհետև արհամարհել չար բախտի հարվածները, երբ նրանք հասնում են մի հայտնի աստիճանի, որից ավելին սպասել չէր կարելի:

Նույն դրության մեջն էր գտնվում այժմ Վարդանը: Նա այլևս չէր մաքառում մտքերի, զգացմունքների և հոգեկան տանջանքի խռովության հետ: Նա այժմ հանգիստ էր: Ամեն ինչ միանգամով վճռվեցավ նրա մեջ: Այժմ նա գիտեր, թե ինչ պետք էր անել: — Ընկերի սերը հաղթեց կնոջ սերին: — Ընկերի կորստյան մեջ սպանվում է գաղափարը, հարստահարված և թշվառ գյուղացու ազատության գաղափարը, որի մեջ բովանդակվում էր ոչ միայն Լալայի, այլ շատ հազարավոր կնիկների պատիվը և փրկությունը: Ի՞նչու միայն Լալայի համար հոգալ, ի՞նչու թողնել ընդհանուրը և մասնավորի ետևից ընկնել... — մտածում էր նա:

Այս բոլորից հետո, — խոսեց Վարդանը, — ես պետք է կրկնեմ ձեզ միևնույնը, ինչ որ ասացի մի քանի րոպե առաջ: Ես պետք է գնամ պարոն Սալմանի ետևից, և պետք է աշխատեմ, ինչ հնարքով և լինի, ազատել նրա կյանքը: Իսկ Լալային, իհարկե, նույնպես անոգ թողնելու չէ. նրա մասին ևս պետք է մի կարգադրություն անել: Ահա իմ խորհուրդը, լսեցեք...

Ոչինչ կարգադրություն պետք չէ... — լսելի եղավ մի ձայն և տաղավարի ետևից հայտնվեցավ կաղ չարչու հսկայական կերպարանքը:

Վարդանը, տեսնելով նրան, մի առանձին ուրախություն զգաց, բայց Հայրապետի և Ապոյի վրա խիստ անախորժ տպավորություն գործեց, երբ տեսավ, որ այդ թափառականը գաղտնի լսում էր իրանց խոսակցությունը: Այդ օտարոտի մարդու մասին նրանք դեռ ոչինչ չգիտեին, բայց երբ նկատեցին, որ Վարդանը խիստ մտերմաբար բռնեց նրա ձեռքից և նստեցրուց իր մոտ, այն ժամանակ երկու եղբայրները փոքր ինչ հանգստացան, մանավանդ երբ Վարդանը հայտնեց նրանց, ասելով՝ մի՛ կասկածեք, մեզանից է...

Բայց Մելիք-Մանսուրը այժմ այն չէր, որպես տեսել էին նրան մի քանի ժամ առաջ թափառական չարչու ցնցոտիների մեջ: Ինքը՝ Վարդանը հազիվ կարողացավ ճանաչել նրան իր այժմյան նոր կերպաբանափոխության մեջ: Նա կրում էր լազերի ազգային համազգեստ և կատարելապես զինված էր:

Ես ձեզ մոտ երկար մնալ չեմ կարող, — ասաց նա շտապելով, — ձեզ հայտնի է, որ մեր «դուդուկջին» ընկավ ծուղակի մեջ, պետք է ազատել նրան:

Մենք էլ հենց այդ մասին էինք խոսում, — պատասխանեց Վարդանը:

Դուք նրա մասին միամիտ կացեք, նա էգուց կամ մյուս օրը ազատված կլինի, — ասաց նա կանգնելով: — Դուք միայն շարունակեցեք մեր ընդհանուր գործը: Առայժմ բարի գիշեր:

Դուք մենա՞կ եք գնում:

Ոչ, իմ ընկերները այնտեղ սպասում են:

Նա ձեռքը պարզեց դեպի լեռան կողմը, ուր գիշերային խավարի միջից աղոտ կերպով երևում էին մի խումբ ձիավորներ:

Ո՞վքեր են նրանք, — հարցրեց Վարդանը:

Մի քանի լեռնցի երիտասարդներ: Ցտեսություն:

Վարդանը կամենում էր մի քանի բաներ ևս հարցնել, բայց նա հեռացել էր արդեն:

Հայրապետը և Ապոն բոլորովին ապշած մնացին: Նրանք դեռ չգիտեին այդ գաղտնածածուկ անձնավորության ով կամ ինչ տեսակ մարդ լինելը: Վարդանը հաղորդեց ինչ տեղեկություններ որ ուներ նրա մասին, և երկու եղբայրները այժմ համոզված էին, որ այդ հնարագետ մարդը կարող էր ազատել պարոն Սալմանին:

Նրանք վեր կացան և սկսեցին դիմել դեպի տուն: Բայց Սաքոն և Եղոն՝ Վարդանի երկու ծառաները, որոնք ծերունի Խաչոյի խորհրդով ուղարկված էին, որ Վարդանին և իր որդիներին զգուշացնեն, որպեսզի նրանք տուն չվերադառնան, — Վարդանի այդ հավատարիմ արբանյակները, թեև ամբողջ օրը որոնեցին նրանց, բայց գտնել չկարողացան, որ հայտնեին, թե ի՞նչ էր սպասում նրանց ծերունի Խաչոյի տան մեջ:

Եղո, — ասաց նրան իր ընկեր Սաքոն, — բանը վատ է, մենք պետք է աշխատենք չբռնվել, որ եթե աղային մի բան պատահելու լինի, կարողանանք վրա տալ:

Ես էլ այսպես եմ մտածում, — պատասխանեց Եղոն:

Երկու ընկերները վճռեցին հեռվից հսկել Վարդանի վրա և իրանց հեռու պահել ծերունու տնից:

Լ

Գիշերը բավական անցել էր, երբ Վարդանը, Հայրապետը և Ապոն վերադարձան տուն: Նրանք դեռ չգիտեին, թե իրանց բացակայության ժամանակ ինչ էր պատահել տան մեջ: Բոլորովին անկասկած կերպով ներս մտան և իսկույն նրանց ետևից դուռը փակվեցավ: Երկու պահապան զինվորներ կանգնած էին այնտեղ: Հիսնապետը իր անկարգ խումբով օդայի մեջն էր: Մի քանի անզգամ զափթիաներ թափառում էին տան բակում, և որսորդական շների նման, հոտ քաշելով որոնում էին մի բան ձեռք ձգել:

Տան հարսիներին տարել էին դրացիների և ծնողների մոտ: Այսպիսի դեպքերումերբ մի տան վրա մեղադրանք է դրվում և նա գտնվում է զինվորների հսկողության ներքո, կնիկներին հեռացնում են տնից:

Տեսնելով այդ բոլորը, Վարդանը իր ընկերների հետ դարձյալ առաջին անգամից չհասկացան, թե ինչ էր նշանակում այդ խառնիճաղանճ ամբոխը: Որովհետև տանուտերի օդայում, որպես ամեն մի հայ գյուղացու տան մեջ, զինվորների խումբերով օթևանելը՝ այդ երկրում մի սովորական բան էր: Եվ ամեն անգամ, երբ գյուղացին այս տեսակ հյուրեր է ընդունում, միշտ ստիպված է իր հարսին, կնոջը և աղջկան, իր հյուրի կրքերից ազատ պահելու համար, գիշերը դրացու տունը ուղարկել, եթե հյուրը այնքան բարի կլիներ, և իր սուրը տան տիրոջ կոկորդի վրա դնելով, չէր բռնադատի նրան, որ կնոջը տանը պահե իրան հյուրասիրելու և ծառայություն անելու համար:

Հայրապետի եղբայրներից մեկը, հանդիպելով նրան, զայրացած կերպով ասաց.

Տեսա՞ր այն «պամպուլիկը» ի՞նչ օյին բերեց մեր գլխին... հիմա եկ, դիվանի պատասխանը տուր... Ես հենց առաջին օրը, այն լակոտի վզակոթին տալով, դուրս կանեի մեր տնից, բայց դու սատանայի նման հակառակ եղար, և չթողեցիր... Հիմա եկ, պատասխան տուր...

Հայրապետը ոչինչ չխոսեց, նա հասկացավ, որ եղբոր հայհոյանքները վերաբերում են պարոն Սալմանին: Նա հասկացավ տխուր եղելությունը...

Մեր տղա, մենք էլ ընկանք ծուղակի մեջ... — ասաց նրան Վարդանը ծիծաղելով: — Այդ էր պակաս...

Իսկույն մի քանի զափթիաներ մոտեցան, և նրանց բռնելով, տարան օդան, հիսնապետի մոտ: Թոմաս էֆենդին այնտեղ չէր: Նա իր կարգադրությունները կատարելուց հետո, հեռացել էր, և այս գիշեր, որպես հյուր, գտնվում էր գյուղի քահանայի տանը: Օդայի մեջ, բացի ծերունի Խաչոյից և հիսնապետից, ուրիշ մարդ չկար միայն մի քանի զինվորներ կանգնած էին դռանը: Վարդանը, ներս մտնելով անցավ և նստեց տանուտերի մոտ, առանց սպասելու, որ թուրք աստիճանավորը նրան թույլ տար նստելու: Հայրապետը և Ապոն մնացին ոտի վրա:

Վարդանի վարմունքը հիսնապետին ծանր երևեցավ և նա բավական արհամարհական կերպով հարցրեց նրանից.

Դուք ո՞րտեղացի եք, հայ:

«Հայ» բառը գործ դրեց նախատական մտքով:

Ռուսաստանցի, — պատասխանեց Վարդանը զսպելով իր վրդովմունքը:

Ի՞նչ գործով եք եկել այստեղ:

Առևտուր եմ անում այս կողմերում:

Անցագիր ունե՞ք:

Ունեի, բայց կորցրել եմ:

Այդ հեշտ է ստուգել, դուք միայն ասացեք, թե սահմանագլխի ո՞ր մաքսատնից և երբ անցաք, մենք կհարցնենք, այնտեղ ձեր անցագրի համարը և անունը գրված կլինի:

Ես կանտրաբանտիստ եմ, այս արհեստով պարապող մարդիկ մաքսատան չեն մոտենում: Այն էլ կասեմ, որ ես հենց առաջուց անցագիր չունեի:

Այդ գուցե ձեզ կներվեր, եթե դուք միայն կանտրաբանտիստ լինեիք, բայց դուք մեղադրվում եք մի ուրիշ հանցանքով ևս:

Ի՞նչով:

Դուք լրտես եք:

Ուղիղ է... երևի, Թոմաս էֆենդին է հաղորդել ձեզ... իսկապես նա շատ ճշմարտախոս մարդ է... — ասաց Վարդանը հեգնական եղանակով:

Այդ միևնույն է, թե ով է հաղորդել, — պատասխանեց հիսնապետը, պահպանելով պաշտոնական մարդու սառնասրտությունը. — կասկածավոր մարդիկ, մանավանդ այս պատերազմական ժամանակներում, մենք մեր երկրում չենք թողնում: Ձեզ այս գիշեր կպահեն այստեղ և առավոտյան կտանեն զինվորական գործակատարի մոտ: Նա կկարգադրե ձեր վիճակը:

Ուրեմն ի՞նչ հարկ կար այդ բոլոր հարցուփորձերը անելու, երբ իմ վիճակը զինվորական գործակատարի մոտ պետք է վճռվի: Դուք կարող էիք հենց սկզբից կալանավորել ինձ և ավելի ոչինչ: Բայց ձեր սովորությունն է: Այստեղ վերջին զափթիան անգամ, երբ ուղարկվում է մի հանցավորի ետևից, նա կատարում է այն բոլորը, ինչ որ պետք է աներ բարձր դատարանը:

Հիսնապետը թեև վիրավորվեցավ, բայց ոչինչ չպատասխանեց: Նա կանչեց չորս զափթիաներ և հրամայեց, որ տանեն և պահեն Վարդանին: Նա ամենևին ընդդիմադրություն գործ չդրեց և թույլ տվեց, որ կալանավորեն իրան:

Վարդանին տանելուց հետո հիսնապետը դարձավ դեպի Հայրապետը և Ապոն:

Դրանցից ոչինչ հարցնել պետք չէ, — հրամայեց նա, — դրանց հանցանքը հայտնի է, տարեք, զգուշությամբ պահեցեք:

Ծերունի Խաչոն խորին թմրության մեջ, որպես մի կիսաքուն և կիսարթուն մարդ, կարծես, երազի մեջ տեսնում էր այդ բոլորը: Ինչո՞ւ էֆենդին խաբեց իրան: Մի՞թե այդ բոլորը ձևի համար էր կատարվում, որպես հավատացնում էր էֆենդին:

Վարդանին, Հայրապետին և Ապոյին տարան և կողպեցին մի շինվածքի մեջ, որ ծառայում էր որպես ցորենի ամբար: Նրա հատակը և պատերը կառուցված էին քարից: Կրով ամուր կպցրած միմյանց հետ, որ մկները չկարողանան ծակել և ցորենը փչացնել. լուսամուտները նեղ էին և պատած ցանցատեսակ երկաթով, որ արգելում էին թռչունների ներս մտնելը: Այս շինվածքը ամեն հարմարություն ուներ այս գիշեր բավական ամուր բանտի փոխարեն ծառայելու: Մի անկյունում վառվում էր յուղային ճրագ և տարածում էր իր լույսը ամբարի խավար կամարների մեջ:

Հայրապետը և Ապոն լուռ էին. նրանց դեմքի վրա նկարված էր խորին հուսահատական տխրություն դառն զարհուրանքի հետ: Նրանց հայտնի էր թուրք աստիճանավորների անգթությունը, որ մի ամենաչնչին հանցանքը պատճառ բռնելով և շատ անգամ մեղադրությունները իրանք հեղինակելով, և արդարին հանցանքի մեջ զրպարտելով, — միշտ պատրաստ էին կեղեքել, մաշել և ոչնչացնել անմեղներին, մանավանդ երբ նրանք հայ էին և փոքրիշատե ունևոր մարդիկ էին: Իսկ այժմ հանցավոր համարվելու համար բավական ապացույցներ կային: Բայց ո՞րպես հայտնվեցան, ո՞վ պետք է մատնած լիներ: — Այդ մասին նրանք մի որոշ կարծիք կազմել չէին կարողանում:

Վարդանը, կարծես, հանգիստ էր: Նրա հանգստությունը նմանում էր մրրկածուփ ծովի խաղաղությանը, որ տիրում է ալեկոծությունից հետո:

Ես ձեզ մի առակով կբացատրեմ բոլորը, — ասաց նա իր բանտակիցներին. — անտառի ծառերը լուր տարան իրանց թագավորին, ասելով, թե հայտնվել է մի գործիք, որ մեզ անխնա կոտորում է: — «Ի՞նչպես է կոչվում այդ գործիքը», — հարցրեց թագավորը: — «Տապար», — պատասխանեցին ծառերը: — «Ի՞նչպես է կազմված նա», — հարցրեց թագավորը: — «Գլուխը երկաթից է, բայց կոթը փայտից», — պատասխանեցին ծառերը: — «Դա շատ վտանգավոր գործիք է, — պատասխանեց թագավորը, — երբ կոթը մեզանից է...»:

Կո՛թը մեզանից է... — կրկնեց Վարդանը շեշտելով առաջին բառը: — Մեզ հարստահարող, մեզ տանջող, մեզ ստրկացնող, մեզ ոչնչացնող, և մեր տունը քանդող գործիքի կոթը մեզանից՝ հայերիցս է: Թոմաս էֆենդիները, սկսյալ գյուղական մուլթեզիմից մինչև Բարձր Դռան հայ ամիրան, այս տեսակ կոթեր են մեր թշնամիների ձեռքում: Հայոց պատմության մեջ երբեք պակաս չեն եղել այս չար և վնասակար կոթերը: Ուր կտեսնեք հայրենիքը և ազգը օտարի ձեռքը մատնելըայնտեղ խառն է եղել հայի մատը: Ուր կտեսնեք հայ թագավորի գահընկեցությունը և նրա գավազանը օտարի ձեռքը հանձնելըայնտեղ խառն է եղել հայի մատը: Ուր կտեսնեք հայ թագավորի դեպի աքսոր մատնություն և նրա մայրաքաղաքի դռները թշնամու առջև բաց անելը, — այնտեղ խառն է եղել հայի մատը: Ուր կտեսնեք հայրենի հողը հայի արյունով ներկված, նրա բնակությունները կրակով ոչնչացրած և նրա զավակները գերի տարված, — այնտեղ խառն է եղել հայի մատը: Ուր կտեսնեք կրոնի, ազգության և սուրբ եկեղեցու դավաճանություն, — այնտեղ խառն է եղել հայի մատը: Մի խոսքով, ամեն թշվառությունների մեջ, ամեն հալածանքների մեջ, և մեր թշնամիներից կրած ամեն տեսակ եղեռնագործությունների և բարբարոսությունների մեջ միշտ գործել է հայի տապարը: Հայը ինքն է փորել իր ազգային շինվածքի հիմքը և ինքն իր ձեռքով է կործանել իր սուրբ և նվիրական հաստատությունները... Ի՞նչու ենք մեղադրում օտարներին:

Ապոն և Հայրապետը խորին տխրությամբ լսում էին Վարդանի խոսքերը, վերջինը հարցրեց.

Ուրեմն մեր բոլոր հույսերը ոչնչացան... ուրեմն մեր շինվածքը դեռ իր հիմքի մեջ, դեռ կատար չհասած, կործանվեցավ...

Ես, կարծես, մարգարեի հոգով նախագուշակում էի, որ այսպես կվերջանա, և մի ուրիշ վախճան սպասելը՝ հիմարություն կլիներ, — պատասխանեց Վարդանը: -Ինքը՝ պարոն Սալմանը նույնպես երկբայության մեջ էր, և հազիվ հավատում էր իր սկսած գործին: Ես բառ առ բառ հիշում եմ նրա հուսահատական խոսքերը, երբ մի անգամ այդ եռանդով լի երիտասարդը ասում էր ինձ. — «Երբ որևիցե ժողովրդական շարժման գաղափարը մի քանի անհատների երևակայության ցնորք է միայն, և տակավին չէ ընդհանրացել, չէ տարրացել ամբոխի գոնե մի մասի մեջմի հարվածով կարելի է ոչնչացնել բոլորը, երբ առաջնորդող անձինքը ոչնչացրած կլինեն: Բայց ամբոխը ուրիշ բան է. ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է»:

— «Մենք, — ասում էր նա, — այժմ միայն սերմնացանի պաշտոն պիտի կատարենք, բայց ոչ հնձողի: Հունձքը պիտի թողնենք ապագա սերունդին»: Եվ այդ էր պատճառը, որ վերջին օրերում նա ձեռնարկեց կառուցանել ավելի հաստատուն, ավելի նպատակահարմար հիմնարկություններ, որպես էին դպրոցները: Պարոն Սալմանի գործունեությունը ապստամբական նպատակ չուներ: Նա կրում էր ավելի հեղափոխական բնավորություն, որ հետո ստացավ բոլորովին նախապատրաստական կերպարանք: Մի անգամ դիմեց նա ինձ մի առանձին ուրախ ժպիտով, որ երբեք չէի նկատել նրա միշտ սառն դեմքի վրա: «Վարդան, — ասաց նա, — մենք որ հանձն ենք առել ժողովուրդ կրթելու գործը, դեռևս ինքներս անկիրթ ենք, դեռևս շատ բան պիտի սովորենք նույն իսկ ժողովրդից: Ժողովուրդը մի մեծ վարժապետ է: Նրա մի հատիկ առածի մեջ անհուն փիլիսոփայություն կա: Լսիր, — ասաց նա, — թե ինչպես է ժողովուրդը արտահայտում իր հարաբերության պայմանները թուրքերի հետ. «Շան հետ հաշտ եղիր, բայց փայտը ձեռքիցդ բաց մի՛ թող»: Եվ արդարև, այդ առածի մեջ բովանդակվում են գլխավոր պայմանները, թե որպես պետք էր վարվել մահմեդականների հետ: Նրանք կծոտողներ են, նրանց ատամներից չվիրավորվելու համար, պետք է միշտ փայտը ձեռքում պատրաստ ունենալ: Եվ այդ էր պատճառը, որ պարոն Սալմանը աշխատում էր զինվորել ժողովուրդը և նրան պաշտպանողական դիրքի մեջ դնել:

Հայրապետը և Ապոն խորին ուշադրությամբ լսում էին: Նրանք, կարծես, մոռացել էին իրանց սեփական ցավը, մոռացել էին այն դառն վիճակը, որ առավոտյան սպասում էր իրանց, և այժմ մտածում էին մի ընդհանուր ցավի վրա: Նրանք շատ անգամ լսել էին պարոն Սալմանից նույնպիսի մտքեր, բայց մինչև այսօր այնպես պարզ չէին ըմբռնում նրանց իմաստը, որպես այժմ:

Բանտը, կարծես, ոգևորել էր Վարդանին: Նա խոսում էր առանց լռելու: Նա իր կյանքում շատ անգամ բանտ էր մտել և դուրս եկել, բայց բանտը միշտ տխուր տպավորություն էր թողել նրա վրա: Իսկ այժմ զգում էր մի տեսակ բավականություն: Նա նմանում էր մի դատապարտյալի, որ մահվան սյունի վրա, խորին արհամարհանքով նայում է դեպի անարդար աշխարհը և ծիծաղում է չար մարդերի թեթևամտության վրա, իր մտքի մեջ ասելով. «Ահա՛ ձեր բոլոր ուժը, դրանից ավելի էլ ի՞նչ կարող եք անել... դուք սպանում եք իմ մարմինը, բայց չեք կարող սպանել իմ սերմանած մտքերը...»:

— «Շան հետ հաշտ եղի՛ր, բայց փայտը ձեռքիցդ բաց մի՛ թող»... — հառաջ տարավ Վարդանը: — Այդ ուղիղ է: Կենսական պայմանների այդ դրությունը ծնում է հրեշներ՝ ինձ նման հրեշներ... Դուք, բարեկամներ, երևի, դեռ այնքան չեք ճանաչել ինձ, որպես եմ ես իսկապես: Բայց որովհետև, գուցե այդ վերջին գիշերը կլինի, որ կարող եմ խոսել ձեզ հետ, ուրեմն լսեցեք: Ես այն մարդերից եմ, որ շատ վաղ սովորեցի չարը չարով վճարել: Իմ ձեռքերը շատ անգամ շաղախված են եղել արյունով, բայց ոչ երբեք մի անմեղ արյունով: Ես մի ժամանակ կրոնավոր էի և հին կտակարանից այսքանը միայն սովորեցա «ակն ընդ ական»: Երբ կարդացի, որ Մովսեսը, Եհովայի մարգարեն, ազգասիրությունից դրդված սպանեց հրեային հալածող եգիպտացուն և նրա մարմինը ծածկեց Նեղոսի ավազների մեջ, իմ սիրտը լցվեցավ մի անսահման ատելությամբ դեպի այն ազգերը, որ նույնպես հալածում են հայերին: Երբ կարդացի, որ Մովսեսը, Եհովայի մարգարեն, ամբողջ ցեղեր ոչնչացրեց, մինչև կարողացավ ուխտյալ երկիրը մաքրել օտարներից և Իսրայելի որդիներին բնակեցնել նրանց տեղը, ես մտածեցի, թե նույնպես պետք է վարվել թուրքերի, քրդերի և չերքեզների հետ, որոնք բռնացել են մեր հայրերից մեզ մնացած ժառանգության վրա: Դա բնության միևնույն օրենքն է, որ պարոն Սալմանը բացատրում էր բույսերի օրինակով: Բույսերի մի տեսակը ճնշում է, խեղդում է, ոչնչացնում է մի ուրիշ տեսակին, և ինքը բռնում է նրա տեղը: Եթե չենք ցանկանում, որ գոյության այդ կռվի մեջ ոչնչանանք, պետք է ընդդիմադրության ուժ և ընդունակություն ունենանք. և այդ հատկությունը կոչվում է անձնապաշտպանություն: Պարոն Սալմանի գլխավոր նպատակը այն էր, որ ժողովրդի մեջ զարգացնի այդ հատկությունը:

Ես վաղօրոք սեփականեցի այդ հատկությունը: Գուցե բարոյագետը կանվանե ինձ անբարոյական, եղեռնագործ, գազան, գուցե քահանան մեղավոր կհամարե ինձ, բայց փույթ չէ, ես պետք է վարվեմ այնպես, ինչ որ պահանջում է կյանքը: Իսկ երբ մարդիկ կդադարեն չար լինելուց, երբ խաղաղությունը և քրիստոնեական եղբայրասիրությունը կթագավորեն աշխարհի վրա, ես պատրաստ եմ լինել ամենաբարին և համբուրվել իմ թշնամիների հետ...

Այսպես դեռ երկար խոսում էին նրանք, մինչև ճրագի մեջ վառված եղը սպառվեցավ, մի քանի րոպե պլպլաց, ծխրտաց և ապա հանգավ: Բանտի մեջ տիրեց մթին խավարը:

ԼԱ

Միևնույն գիշերը, երբ Վարդանը, Հայրապետը և Ապոն բանտի մեջ փիլիսոփայություններ էին անում, խորհում էին դժբախտ հայրենիքի դժբախտ ժողովրդի մասին, — Թոմաս էֆենդին գտրնվում էր գյուղի քահանայի՝ տեր-Մարուքի տան մեջ, և ընթրիքից հետո ուրախ, զվարթ, շատախոսում էր և հանաքներ էր անում տերտերի հետ:

Դա միևնույն տերտերն էր, որ այնքան հոգսեր պատճառեց պարոն Սալմանին, իսկ այժմ լսելով նրա կորուստը, ցավում էր, ոչ այն պատճառով, որ ասպարեզից պիտի անհետանար մի նշանավոր գործիչ, այլ առհասարակ հայի կորուստը ցավալի էր նրա համար: Տեր հայրը չար մարդ չէր, և եթե նա ընդդիմություն էր գործում, կամենում էր խանգարել պարոն Սալմանի դպրոցների գործը, — այդ դարձյալ նրա բարի ցանկություններիցն էր առաջ գալիս, որովհետև վնասակար էր համարում:

Նա մի ժամանակ հասարակ գյուղացի էր, փոքրիշատե գրել-կարդալ սովորել էր իր մանկության ժամանակ ս. Հովհաննու վանքում: Գյուղատնտեսության մեջ նրան չհաջողվեցավ, աղքատացավ և գնաց օտար երկիր բախտ որոնելու: Պանդխտության մեջ նույնպես չհաջողվեցավ նրան. մի ժամանակ Վան քաղաքում ղահվեջի էր, գործերը վատ գնացին, վնասվեցավ, և առանց մի փարա վաստակելու, վերադարձավ իր հայրենիքը: Այստեղ ապրուստի մի ուրիշ միջոց չգտնելով, տերտեր դարձավ:

Այն գիշեր քահանայի տանը հրավիրված էր և գյուղի մանկավարժը, երևելի տիրացու Սիմոնը, որ տեր հոր փեսան էր: Այդ մարդը մեծ կարծիք ուներ իր գիտության վրա (գյուղացիներն ևս նույն կարծիքն ունեին նրա մասին) և առավելապես հպարտանում էր նրանով, որ տեր հոր փեսան էր:

Խոսակցության առարկան այն օր ծերունի Խաչոյի տան մեջ պատահած անցքերն էին, որ մեծ սարսափ էին գցել բոլոր գյուղացիների վրա, առավելապես անհանգստացնում էին տեր հորը:

— «էշը կդատի, ձին կուտի», տեր հայր, — շարունակեց էֆենդին ընդհատված խոսակցությունը, — աշխարհի կարգը միշտ այդպես է եղել և այդպես էլ կշարունակվի: Այն որ աստված է կարգադրել, մարդը չի կարող փոխել: Աստված մեկին աղա է ստեղծել, մյուսին մշակ: Մեկը կդատե, մյուսը կուտե: Հայը սովորել է աշխատանքին, քուրդը և թուրքը սովորել են ուտելուն: Եթե աշխատողը չլինի, ուտողը չէ կարող ապրել: Եթե ուտողը չլինի, աշխատողը չէ կարող ապրել: Թուրքերը մեզ պահում են իրանց սրով, մենք էլ պետք է պահենք նրանց մեր աշխատանքով: Աստված թուրքի ձեռքում սուր է տվել, իսկ հայի ձեռքումբահ: Մեկը մյուսի տեղը չի կարող բռնել:

Այդ իրավ է, — պատասխանեց քահանան, երեսը խաչակնքելով, — տերն մեր Հիսուս Քրիստոս սուրբ Ավետարանի մեջ հենց այդպես է ասում, որ առանց աստուծո կամքին տերևն էլ ծառից ցած չէ ընկնում. առանց նրա կամքին մի մազ էլ մարդու գլխի վրա չէ սպիտակում. բոլորը նրա ձեռքումն է:

Այդպես է, ճշմարիտ է... — հաստատեց և տիրացու Սիմոնը, նույնպես երեսը խաչակնքելով:

Հետո նրանք սկսեցին խոսել գյուղացիների, պատերազմի պատճառով ավելի սաստկացած, հարստահարությունների վրա: Տերտերը, բոլորին իր անձնական շահերի կետից նայելով կատարվող հափշտակությունների վրա, գանգատվում էր, ասելով, թե կառավարության հարկերը այն աստիճան ծանրացել են, որ բոլորովին սպառում են գյուղացիների արդյունաբերությունը, և եթե մի բան մնում է, այն էլ քրդերն են տանում, այդ պատճառով ինքը շատ վատ է վարձատրվում, շատ անգամ պսակ, մկրտություն և թաղում է կատարում, առանց մի փարա ստանալու: Գյուղացիները խոստանում են, թե հետո կվճարեն, բայց կամ չեն կարողանում տալ, կամ խաբում են, և դրա համար տերտերը այժմ գյուղի մեջ շատ ապառիկներ ունի, և վճռել է այսուհետև չկնքել, չպսակել և չթաղել, մինչև վարձը սկզբում վճարելու չլինեն, որովհետև ինքն էլ մարդ է և ապրել է ուզում:

Տեր հայր, — պատասխանեց էֆենդին գործագետ մարդու եղանակով, — գյուղացուն դուք այնքան չեք ճանաչում, որքան ես եմ ճանաչում: «Աստված գյուղացուն մի հոգի է տվել, այն էլ չի կարողանում առնել», բայց երբ հոգեհան հրեշտակը սուրը ձեռին կանգնում է նրա գլխին, այն Ժամանակն է տալիս հոգին: Դրանից պետք է մենք օրինակ վեր առնենք: Գյուղացին առանց այն «օրհնյալ փայտը» տեսնելու, փող չի տա: Դուք ձեր ապառիկների հաշիվը պատրաստեցեք, թուղթը հանձնեցեք ինձ, ես կտամ իմ զափթիաներից մեկին, նա կհավաքե: Ես չեմ թողնի, որ ձեր մի փարան էլ կորչի:

Օրհնյալ եղերուք, աստված ձեզ երկար կյանս պարգևեսցե, — պատասխանեց քահանան, — հաշիվը այժմս էլ պատրաստ է:

Կարդացեք, տեսնեմ որքան է:

Տերտերը դուրս բերավ ծոցից մի թերթ թուղթ, կեղտոտ, յուղոտած, դեղնած, և երկար տարիներ նրա ծոցում պահվելով բոլորովին քրքրված և իր վաղեմի գույնը կորցրած: Դա նրա հաշիվագիրքն էր: Թերթի չորս երեսների վրա, խոշոր տառերով, ծուռումուռ տողերով գրված էին տեր հոր ապառիկները: Նա թուղթը մոտեցրուց աչքերին, փորձ փորձեց կարդալ, բայց կարդալ չկարողանալով, թերթը տվեց վարժապետին, ասելով.

Ա՛ռ, տիրացու Սիմոն, դու կարդա, իմ աչքերը չեն ջոկում:

Տիրացու Սիմոնը առեց հաշիվը, մի քանի անգամ հազաց, ծոծրակը քորեց, ուղղվեցավ, և թերթը մոտեցնելով աչքերին սկսեց կարդալ այնպիսի մի ճառական եղանակով, որ կարծես, կոնդակ էր կարդում:

— «Չոլախ Մկոյի աղջիկը կնքեցի, փողը մնաց 5 ղուրուշ, աղջիկը մեկ շաբաթից հետո մեռավ, թաղեցի, փողը մնաց 7 ղուրուշ: Խլոյի տղան պսակեցի, փողը մնաց 10 ղուրուշ. ստացա 30 խուրձ խոտ. փողը կանե 3 ղուրուշ: Փանոյի կնիկը հիվանդ էր, գնացի նրա տունը, երեք գլուխ բժշկական ավետարան կարդացի, փողը մնաց 3 ղուրուշ: Սագոյի տղան խաչը ջրից հանեց. Բարսոն 30 ղուրուշ էր տալիս, որ ինքը հանե. ես Սագոյին խաթր արեցի, 20 ղուրուշով բարիշեցա, փողը մնաց 20 ղուրուշ. ասաց կալի ժամանակը ցորեն կտամ, գնացի, ուզեցի, չտվեց, գզիրն էլ վկա է»...

Հաջորդ էջ