Րաֆֆի՝   Խենթը

Եվ այսպես, մինը մյուսի ետևից գրված էր մի ահագին պատմություն: Դա իսկապես հաշիվ չէր, այլ տեր հոր քահանայական գործունեության մի քանի տարվա ժամանակագրությունն էր, թեև խառնափնթոր կերպով նկարագրված, բայց բովանդակում էր իր մեջ բավական փաստեր, թե ինչով է զբաղվում գյուղական տերտերը:

Օրինավոր հաշիվ է, — ասաց էֆենդին, ընդհատելով և չկարողանալով համբերել, մինչև տիրացուն կվերջացներ բոլորի «ընթերցանությունը»: — Դուք, տեր հայր, հանձնեցեք այդ թուղթը ինձ, ես բոլորը հավաքել կտամ: Ն... շենի գյուղացիներն էլ վանքի «պտուղը» ուշացնում էին, իր ժամանակին չէին տալիս, վարդապետը մի նամակ գրեց ինձ, ես բոլորը մի օրվա մեջ հավաքել տվեցի, հետո վանքից օրհնության գիր ստացա:

Տերտերը այնքան բնական էր համարում այդ միջոցով իր ապառիկները հավաքելը, որ ոչ միայն համաձայնվեցավ էֆենդու առաջարկության, այլ կրկին շնորհակալություն հայտնեց և կրկին սկսեց օրհնել նրա թանկագին կյանքը:

Բայց ի՞նչու էֆենդին հանձն առեց կատարել այս ծառայությունը: Նա այն տեսակ մարդերից էր, որ առանց նպատակի, առանց իր սեփական շահերի, ոչ ոքին լավություն չէր անի: Այժմ ի՞նչն ստիպեց նրան այնքան բարի լինել, որ մինչև անգամ խոստացավ հավաքած գումարից տասանորդ չվեր առնել, որ սովորաբար ստացվում էր, երբ որևիցե գումար վճարվում էր կառավարության պաշտոնյաների հրամանով:

Հայր Աբրահամի օրհնությունը թող ձեզ վրա լինի, զորանաք, — ասաց քահանան, լսելով էֆենդու վերջին խոստմունքը:

Ապառիկների մի այնպիսի ցուցակ էլ տիրացու Սիմոնի ծոցումն էր պահված, նա էլ իր աշակերտներից ստանալիքներ ուներ, և մտածում էր հաշիվը ներկայացնել էֆենդուն: Բայց տերտերը նրա ականջին ասաց. «Թող իմը հավաքվի, քոնը հետո»:

Տեր-Մարուքի ընտանիքը շատ փոքր էր թվով. նրա միակ որդին վախճանվեցավ, թողնելով իր կինը այրի երկու փոքրիկ երեխաների հետ: Հարսը ամուսնի մահից հետո էլ մարդու չգնաց. մնաց քահանայի տանը և խնամք էր տանում իր որդիներին: Ինքը տեր հայրը վաղուց զրկված էր իր տիրուհուց և բոլորովին ամուրի կյանք էր վարում:

Այս գիշեր հարսը, հյուրերին ընթրիք տալուց հետո, զբաղված էր իր զավակով, որ սաստիկ հիվանդ էր: Նստած նրա մահճի մոտ, ողորմելի կինը խորին տիրությամբ նայում էր հիվանդի երեսին, շոշափում էր նրա ջերմ թաթիկները և լսում էր նրա ծանր շնչառությունը: Այդ զավակի մեջ նա գտնում էր պատկերը այն տղամարդի, որին սիրում էր. այդ զավակի մեջ գտնում էր դժբախտ մայրը իր մխիթարությունը կորցրած ամուսնի մահից հետո: Նա համարյա չէր լսում, և ուշադրություն ևս չէր դարձնում, թե ինչ է խոսվում տան մեջ. այլ միանգամայն գութ և գորով դարձած, աչքի առջև իր հիվանդ մանուկին էր միայն տեսնում:

Բայց տերտերը, ուրախացած էֆենդու խոստմունքներով, կամեցավ իրանց ուրախությունը ավելի կատարյալ անել և հրամայեց հարսին լցնել արաղի շիշը, որ արդեն դատարկված էր, բացի դրանից մազա15 պատրաստել: Թեև ընթրիքը վերջացած էր, բայց տեղային սովորության համեմատ, հարգելի հյուրին մի առանձին պատիվ տրված կլիներ, եթե խմելը կշարունակվեր:

Հարսը այն աստիճան շփոթված էր, որ քահանան երկու անգամ կրկնեց իր հրամանը, մինչև նա կարողացավ հասկանալ, թե ինչ էր ուզում տերտերը: Արաղ կարելի էր գտնել. նա շիշը լցրեց. այդ պաշարը միշտ անպակաս էր լինում տեր հոր տնից: Բայց ինչո՞վ պատրաստել «մազան»: Տանը քաղցրեղեն չկար: Հայտնել այդ մասին՝ մինչև անգամ ամոթ էր: Հայ մարդու տանը հյուրի համար ամեն բան պետք է գտնվի: Նա մտածեց գնալ և հարևանից փոխ առնել:

Դրսում սաստիկ մութն էր և անձրևը հեղեղի նման թափվում էր երկնքից: Խեղճ կինը դուրս եկավ բակը, անցավ ցեխի միջից, բարձրացավ կտուրի վրա, որ այնտեղից իջնե հարևանի տունը: Այդ միջոցում նա լսեց, որ հարևանի դուռը սաստիկ ծեծում էին, և դրսից թուրքերեն լեզվով սպառնալիքներ էին կարդում, հրամայելով, որ բաց անեն. իսկ ներսից երդումներով պատասխանում էին, թե այստեղ չեն պահված նրանք, որոնց պտռում եք... Բայց ո՞ւմն էին պտռում. ի՞նչ թուրքեր էին դրանք, որ գիշերային այդ տարաժամ պահուն աշխատում էին ներս խուժել մի հայ տուն:

Զուլոնայսպես էր տերտերի հարսի անունըլսելով փողոցի աղմուկը, սաստիկ վախեցավ, և երկյուղից ոչ կարողացավ հարևանի տունը գնալ և ոչ իրենց տունը վերադառնալ, այլ շվարած և անշարժ մնաց կտուրի վրա: Նույն րոպեում նրա ականջին հասավ խոսակցության հազիվ լսելի շշնջոց, կարծես, խոսողները բարձրանում էին հարևանի տան սանդուղքներից և չգիտեին որ կողմը պետք էր փախչել:

Կամաց, Ստեփանիկ...

Ո՞ւր գնամ, Սառա...

Զուլոն ճանաչեց նրանց: Նրա երկյուղը փարատվեցավ, նա այժմ բոլորովին այրական սիրտ ստացավ, երբ տեսավ, որ այդ ողորմելիները օգնության կարոտ էին: Նրան արդեն հայտնի էր ծերունի Խաչոյի տան այնօրվա ցավալի անցքը: Նա գիտեր, որ նրա գերդաստանի կնիկները այն գիշեր գյուղի զանազան տներում թաքնվում էին: Իսկ այժմ պտռում էին նրանց, և ի՞նչ նպատակով, — այդ ևս հասկացավ Զուլոն... Ուրեմն փողոցում գտնվող հարևանի դուռը ծեծող թուրքերը, ոչ այլ ոք էին, եթե ոչ ծերունի Խաչոյի որդիներին կալանավորող զինվորներից մի քանիսը:

Սառան և Ստեփանիկը այժմ գտնվում էին տեր հոր կտուրի վրա, և որսորդներից հալածված եղջերուի նման, ամեն կողմից պաշարված, մոլորված, չգիտեին թե դեպի որ կողմը պետք է փախչել: Անձրևը վերևից թափվում էր: Գյուղացիների դռները փակ, և իրանք քնած էին: Գիշերը կեսից վաղուց անցել էր արդեն:

Այդ միջոցին փայլատակեց կայծակը և նրա վայրկենական լուսավորության հաջորդեց որոտման սարսափելի դղրդյունը: Կայծակի լույսով նկարվեցավ կտուրի վրա կանգնած Զուլոյի անորոշ կերպարանքը: Ստեփանիկը, տեսնելով նրան, կարծեց, թե թուրքերից մեկը արդեն բարձրացել է կտուրի վրա: Նա երկյուղից թուլացավ և ընկավ Սառայի կուրծքի վրա: Զուլոն մոտեցավ նրանց:

Ես եմ, մի՛ վախեցեք, — ասաց նա:

Ա՜խ, Զուլո, դո՛ւն ես, — ասաց Սառան դողդողալով. — ի սեր աստուծո, մեզ մի տեղ, հիմա կբռնեն մեզ... հիմա կտանեն մեզ...

Զուլոն մնաց շվարած. ո՞րտեղ տանել նրանց, ո՞րտեղ թաքցնել նրանց. իրանց տանը կասկածավոր հյուրեր կային, և տերտերը հազիվ թե կընդուներ այս տեսակ փախստականներին: Այսուամենայնիվ, մտածում էր Զուլոն, պետք էր օգնել այդ ողորմելիներին: Նրան հայտնի էր բոլոր անպատվությունը, եթե նրանք թուրքերի ձեռքը կընկնեին: Մյուս կողմից, նրան սպառնում էր մի ծանր պատասխանատվություն, եթե ինքը թաքստի տեղ կտար այդ հանցավորներին, որոնց հանցանքը նրա մեջն էր միայն, որ կին էին... Այդ բոլորը իմանում էր Զուլոն: Բայց կարեկցությունը նրա մեջ գերակշռեց երկյուղի և վարանման զգացմունքին, իսկ մոտալուտ վտանգը ծնեց նրա գլխում փրկության մի միջոց:

Գնանք, — ասաց նա, — բռնելով Ստեփանիկի ձեռքից, և Սառային օգնելով, երկուսը միասին գրկեցին խեղճ աղջկան, որ տակավին ուշագնացության մեջ էր:

Նրանք սկսեցին ցած իջնել կտուրից: Այդ միջոցին լսելի եղավ մի սաստիկ շառաչյուն, որ իսկույն խլացավ անձրևի և փոթորկի խռովության մեջ: Դա հարևանի դռան ձայնն էր, որ խորտակեցին թուրքերը:

Տերտերի տանը կից էր մարագը, բակից մի փոքրիկ դուռ բացվում էր նրա մեջ. Զուլոն տարավ փախստականներին այնտեղ: Սառան և Ստեփանիկը թաքնվեցան խոտերի մեջ:

Ես էլի կգամ ձեզ մոտ, — ասաց Զուլոն, — և մարագի դուռը կողպելով, հեռացավ:

Անձրևի ձայնից թե՛ տերտերը և թե՛ նրա հյուրերը չլսեցին, թե ինչ է կատարվում դրսումը: Իսկ Զուլոն վերադառնալով, նրանց ոչինչ չհայտնեց: Նա միայն մոտեցավ տերտերին և նրա ականջին ասաց, թե հարևանի տանը բոլորը քնած էին, և ոչինչ փոխ առնել չկարողացավ «մազա» պատրաստելու համար:

Ես մի բան կգտնեմ, — խոսեց տերտերը, և վեր կենալով, մոտեցավ պահարանին, սկսեց քրքրել այնտեղ դրված իրեղենները:

Էֆենդին օգուտ քաղելով քահանայի բացակայությունից, դարձավ դեպի Զուլոն և կամաց ասաց նրան.

Դու ինքդ «մազա» ես... «մազան» էլ ի՞նչ կանենք...

Տիրացու Սիմոնը այնքան խմած էր, որ ոչինչ չլսեց: Իսկ Զուլոն վշտացած էֆենդու ակնարկությունից, պատասխանեց նրան.

Լի՛րբ...

Հայ կինը ամեն նեղության համբերող է, ամեն վիրավորանքի առջև լուռ է, բայց երբ դիպչում են նրա պատվին, այն ժամանակ նա անհամբեր է դառնում: Զուլոն վրդովված գնաց և նստեց իր հիվանդ զավակի մոտ, որ այժմ զարթել էր քնից: Երեխան հանգիստ էր, և տեսնելով մորը իր մոտ, ասաց նրան.

Մայրիկ, Թորոսին ծեծիր, իմ ճաները խլում է:

Թորոսը հիվանդի մեծ եղբայրն է. երևի երազի մեջ խլել էր նրա ճաները: Մայրը հանգստացրուց, ասելով.

Տե՛ս, աչքիս լույս, Թորոսը ճաներդ տվեց, տե՛ս, այստեղ է:

Մայրը հանեց բարձի տակից երեխայի խաղալիքները և տվեց նրա ձեռքը: Երեխան սկսեց իր թույլ ձեռքերով խաղալ նրանց հետ: Մայրը նայում էր նրա վրա և ուրախանում էր: Նա մոռացավ էֆենդուց կրած վիրավորանքը, նա մոռացավ ամեն բան, որովհետև զավակը այժմ լավ էր զգում իրան: Բայց մի նոր անախորժություն կրկին վշտացրեց խեղճ մորը: Տերտերը երկար պտռելով պահարանի մեջ իր թաքցրած բանը չգտավ և Զուլոյից հարցրեց, թե այնտեղ մի կտոր շաքար ուներ պահած, իսկ այժմ չէ երևում՝: Հարսը պատասխանեց, թե ինքն է վեր առել. քանի օր առաջ նրանով շերբեթ պատրաստեց հիվանդի համար, որովհետև սաստիկ տաքություն ուներ և պետք էր մի զովացուցիչ բան խմացնել:

Թո՛ղ զահրումար խմեր, թող լեղի խմեր... — գոչեց նա բարկացած ձայնով: — Դու չէ՞իր իմանում, որ շաքարը հյուրի համար էր, հիմա ի՞նչ անենք:

Զուլոն ոչինչ չպատասխանեց և լուռ արտասուքը սկսեց թափվել նրա տխուր աչքերից:

Տեր-Մարուքը իսկապես չարամիտ մարդ չէր, նա մինչև անգամ բարի էր, բայց բարությունը տգետների մեջ երբեմն անգիտակցաբար չարության է փոխվում: Բացի դրանից, նրա պաշտոնը նրան փոքր ինչ խստասիրտ էր շինել: Տերտերները, բժիշկները և դահիճները, որոնք խիստ հաճախ գործ ունեն մեռելների հետ, շատ չեն խնայում կյանքին: Այս պատճառով, իր թոռնիկի հիվանդությունը տեր հորն այնքան չէր հետաքրքրում, որքան գրավում էր նրան հյուրասիրության բաղձանքը. էֆենդու նման մի մարդուն գոհացնելը, մանավանդ որ նա խոստանում էր հավաքել տալ տեր հոր բոլոր ապառիկները:

Մայրիկ, ի՞նչու ես լացում, — ասաց հիվանդը կարեկցաբար նրա երեսին նայելով, — մի լաց, ես հիմա լավ եմ:

Մայրը մոռացավ իր բոլոր վիշտը և սրբեց աչքերի արտասուքը: Ոչինչ այնքան մխիթարական չէ, որքան սիրելի զավակի մի քաղցր խոսքը, մի անմեղ թոթովանքը: Այժմ Զուլոն մտածում էր Սառայի և Ստեփանիկի մասին, մտածում էր, ի՞նչ կլինի, եթե թուրքերը հանկարծ ներս կթափվեն, կորոնեն և կգտնեն նրանց: Բայց անտանելի հյուրերը տակավին շարունակում էին իրանց արբեցությունը. նա սպասում էր, որ վերջացնեն, որ քնեն, որպեսզի ինքը կարողանա գնալ Աառայի և Ստեփանիկի մոտ:

Բայց պետք էր գոնե գիտենալ, թե ի՞նչով վերջացավ հարևանի տնում: Զուլոն համբերել չկարողացավ. այդ միտքը սաստիկ անհանգստացնում էր նրան: Նա մի բան պատճառ որոնելով, վեր կացավ, մտավ մի փոքրիկ սենյակ, որին կոչում էին «գաղտիկ» և ծառայում էր որպես պահարան: Այս սենյակից պատի միջով մի նեղ ծակ բացվում էր ուղիղ հարևանի տան մեջ: Այսպիսի ծակեր գյուղի համարյա բոլոր տների մեջ կային և վտանգի Ժամանակ ծառայում էին որպես գաղտնի հաղորդակցության խողովակներ: Հարևանի տանը մի բան պատահելիս, ծակից ձայն էին տալիս և լսում էր մյուս հարևանը: Ավելի մերձավոր կամ բարեկամ տների մեջ այս ծակերը այնքան լայն էին, որ նրանց միջով կարելի էր տալ և տանել փոքրիկ իրեղեններ: Շատ անգամ վառած ճրագ էին տալիս միմյանց, երբ հարևանի տանը լուցկի չկար:

Զուլոն կանգնած էր ծակի առջև, տեսնում էր տան մի մասը և լսում էր հետևյալ ձայները.

Կկոտորենք ձեզ, թե ցույց չտաք... ի՞նչ եղան... մեզ ասացին, որ այստեղ են... դուք թաքցրիք... տվեցեք... շուտ արեք... թե չէ ձեր կնիկները կտանենք... — այս սպառնալիքներն էին կարդում թուրքերը:

Հարևան Զաքոն նրանց ոտքերի առջև ընկած աղաչում էր և պաղատում էր, ասելով.

Աստված, երկինք, գետինք թող վկա լինեն, որ այստեղ չեն... մի սպանեք ինձ... ահա իմ տունը ձեր առջևն է... ինչ որ ուզում եք, արեցեք...

Այս տեսարանը ներկայացնում էր միևնույն անցքը, որ հին ժամանակներում պատահեցավ Սոդոմի մեջ, երբ քաղաքի սրիկաները մոտեցան Ղովտի տանը և պահանջում էին նրանից, որ տա իրանց ձեռքը իր հյուրերին: Իսկ բարեսիրտ նահապետը աղաչում էր նրանց, որ հանգիստ թողնեն իր հյուրերին և առաջարկում էր իր աղջիկներին... Բայց Իսրայելի Եհովան խստասիրտ էր և վրեժխնդիր, նա պատժեց մարդկային չարությունը. կրակով և ծծումբով այրեց այդ անբարոյական քաղաքը: Իսկ Հայաստանի աստվածը տեսնում էր չարությունը, ավելի վատթար, քան թե Սոդոմի մեջ, և անպատիժ էր թողնում չարագործին:

Զուլոն ամբողջ մարմնով դողդողալով, դեռ նայում էր և ականջ էր դնում: Նա լսեց մի շառաչյուն և տեսավ, որ հարևան Զաքոն գլորվեցավ և ընկավ հատակի վրա... ճրագը հանգցրին: Զուլոն այժմ էլ ոչինչ չէր տեսնում, միայն լսում էր խառնաձայն աղաղակներ: «Ամա՜ն... վա՜յ... թո՛ղ, տո՛ւր... մի՛ սպանի՛ր... ես կմեռնեմ... ո՞ւր ես տանում»...

Դրանք հարևան Զաքոյի տան կնիկների և աղջիկների հառաչանքներն էին...

Լռի՛ր, անզգամ... — լինում էր այդ հառաչանքների պատասխանը:

Լ՛

Վերադառնալով իր տեղը, Զուլոն գտավ հյուրերին միևնույն դրության մեջ: Դեռ խմում էին: Տերտերը տաղ էր ասում, իսկ տիրացու Սիմոնը ձայնակցում էր նրան, էֆենդին էլ կամաց-կամաց քթի թակին մռմռում էր: Նրանց ուրախությանը չափ չկար: Ի՞նչ հոգ, թե հարևանի տանը ինչ էր կատարվում: Զուլոն մտածեց հայտնել նրանց, գուցե մի օգնություն կհասցնեին, և մոտենալով տերտերին, նրա ականջին ասաց, թե ի՞նչ տեսավ Զաքոյի տանը: Միայն նա թաքցրեց, թե Սառան և Ստեփանիկը պահված են իրանց տնում: Մի անբացատրելի բնազդական զգացմունք փականք էր դրել Զուլոյի լեզվի վրա՝ լռել այդ մասին:

Նա հայ կնոջ սովորության համեմատ հյուրերի հետ չէր խոսում և տերտերին հաղորդածը այնքան համառոտ և անլսելի ձայնով կատարվեցավ, որ մյուսները ոչինչ չհասկացան: Միայն տեսնելով քահանայի այլայլված դեմքը և այն անհանգստությունը, որ պատճառեց նրա մեջ հարսի խոսակցությունը, հյուրերը անհամբերությամբ հարցրին.

Ի՞նչ է պատահել:

Գազաննե՜ր, գազաննե՜ր... — գոչեց քահանան ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, — տասներկու առաքելոց և երեք հարյուր վաթսուն ու վեց հայրապետաց անեծքը թող ձեզ վրա լինի, նզովից արմատներ...

Ի՞նչ է պատահել, — կրկնեց էֆենդին:

Տերտերը պատմեց ինչ որ հաղորդել էր նրան Զուլոն և խնդրեց էֆենդուց օգնել թշվառներին:

Կան մարդիկ, որոնք վտանգի, դժբախտության և ուրիշներին հասած նեղության ժամանակ, փոխանակ փրկության հնարների վրա մտածելու, փոխանակ շուտափույթ օգնության ձեռք մեկնելու, սկսում են քննադատել դժբախտության պատճառները, և իրանց խիղճը հանգստացրած են համարում, երբ մեղադրանքի մի նշույլ են գտնում: Իհարկե, այդ դատաստանը կատարվում է յուրաքանչյուր մարդու հասկացողության համեմատ: Էֆենդին ոչ միայն անիրավ և անբարոյական չէր համարում պատահած անցքը, այլ արդարացնում էր նրան, որպես հետևանք, որի պատճառը իր կարծիքով դատապարտելի էր: Այս մտքով նա հարցրեց.

Ասացեք, տեր հայր, գիժն էլ այդ բանը կանե՞ր, ինչ որ տանուտեր Խաչոն արեց, իր մոտ պահելով այնպիսի կասկածավոր մարդիկ, որոնք գյուղացիներին խելքից հանելով, զանազան հիմարություններ էին քարոզում:

Հիմարություն է, շատ հիմարություն, — պատասխանեց քահանան, — բայց խեղճ գյուղացիները ի՞նչով են մեղավոր, որ մի քանի խենթերի պատճառով թուրքերը բոլորին էլ կրակի մեջ են գցում: Մեր հարևան Զաքոն շատ ողորմելի մարդ է. նա այնքան երկչոտ է, որ մինչև անգամ իր շվաքիցն էլ վախենում է. նրան ի՞նչու են չարչարում. նրա ընտանիքը ի՞նչու են բռնաբարում, այդ ի՞նչ անգթություն է.

— «Դալար ծառն էլ չորի հետ խառնված այրվում է»... աշխարհի կարգը այդպես է, տեր հայր, ո՞վ է ջոկում թացը չորից... — պատասխանեց էֆենդին, ինքն էլ զարմանալով իր բազմիմաստ խոսքի վրա: — Երբ աստված պատուհաս է ուղարկում մարդերին պատժելու համար, արդար երեխային մեղավոր ծերի հետ գերեզման է տանում, չարն ու բարին խառնվում են միմյանց հետ... Այսպես է լինում և կառավարությունների վրեժխնդրությունը, երբ պետք էր պատժել մի հասարակություն: Գյուղացիներին վնաս կհասնի... ասում եմ ձեզ, տեր հայր, բոլոր գյուղացիներին...

Քահանան պատասխանելու մի խոսք ևս չգտավ: Էֆենդու բերած ապացույցը շատ զորավոր էր: Քոլերայի կամ ժանտախտի ժամանակ, երբ մարդիկ պատժվում են իրանց մեղքերի համար, մի՞թե արդարների և մեղավորների մեջ խտրություն է դրվում, — չորն էլ թացի հետ այրվում է... — այդպես էր մտածում տերտերը: Նա մինչև անգամ մոռացավ հարևան Զաքոյին, և էֆենդու վերջին խոսքերը հիշեցրին նրան մի բան, որ ավելի մոտ էր նրա սրտին: Նա ասաց.

Եթե բոլոր գյուղացիների տները այնպես կթալանեն, որպես այսօր կողոպտում էին ծերունի Խաչոյի տունը, իմ ապառիկները խո կկորչեն...

Այդ մասին դուք անհոգ կացեք, տեր հայր, — պատասխանեց էֆենդին, — ես էգուց բոլորը հավաքել կտամ: Բայց դուք այն ասացեք, տեր հայր, Խաչոն ինքը մեղավոր չէ՞, որ այսպես պատժվում է:

Խաչոյի այն օրվա անցքը իր վրա դարձրեց բոլոր գյուղացիների ուշադրությունը, թեև գործի մանրամասնությունը ոչ ոքին հայտնի չէր. այսուամենայնիվ, բոլորը մեղադրում էին նրան: «Հային ի՞նչ սազ կգա զենքը, — ասում էին նրան, — եթե կրակը տալու լինես երեխայի ձեռքը, առաջ իր մատը կայրե»... Քահանայի կարծիքը շատ չէր տարբերվում այս տեսակ մտածությունից: Նա էֆենդու հարցին պատասխանեց.

Ես մի բան գիտեմ, որդի, երբ ջհուդները սրոք և բրոք եկան տերն մեր Հիսուս Քրիստոսին բռնելու, Պետրոս առաքյալը սուրը քաշեց զարկեց և քահանայապետի ծառա Մաղքոսի ականջը կտրեց: Այն ժամանակ տերն մեր Հիսուս Քրիստոս սաստեց Պետրոսին, ասելով, որ սուրը իր տեղը դնե, որովհետև սուր բանեցնողը սրով կկործանվի: Այս խրատը մենք պետք է չմոռանանք, եթե ուզում ենք քրիստոնեական հավատի դեմ չմեղանչել:

Փառավորիս, տեր հայր, լավ ես հասկացել, — ասաց էֆենդին, — իսկ այն տետրակները կարդացի՞ք:

Կարդացի, մի հատ ընկել էր տիրացու Սիմոնի ձեռքը, բերեց ինձ մոտ, միասին կարդում ենք, կարդում ենք, ոչինչ չենք հասկանում: Ասում եմ, օրհնածներ, գրում եք, օրինավոր բան գրեցեք, որ համ հոգու, որ համ մարմնի շահ լինի, որ մարդ կարդա, իր մեղքերը զղջա, այս տեսակ ծռտի-պռտի բաներից ի՞նչ օգուտ: Տիրացու Սիմոն, դրուստ չե՞մ ասում, դու էլ խո կարդացիր:

Ես չհավանեցի, — պատասխանեց մանկավարժը, որ առիթ ունեցավ իր գիտությունը ցույց տալու, — բոլորը սատանայական բաներ էին: Եթե Այսմավուրքից կամ հարանց վարքից գրեին, ժողովուրդը կկարդար և կխրատվեր: Բայց ես ուրախ եմ, որ Վարդանը պատժվեցավ, շատ հպարտ տղա էր: Մի անգամ մտնում է իմ դպրոցը, ասում է. ի՞նչ ձեր գործն է կրթությունը, դուք երեխաներին փչացնում եք, գնացեք իշաներ արածացրեք: Այդ ասելու խո՞սք է. կարծես, ինքը ինձանից շատ է կարդացել:

— «Էշի քացին ավելի է ցավացնում, քան թե ձիունը», — խոսեց էֆենդին: — Այդ Վարդանը ինձ էլ շատ անգամ վիրավորել է:

Այսպես տերտերը, մանկավարժ տիրացուն և երկրի պաշտոնական մարդը, յուրաքանչյուրը իր դատողություններն էր հայտնում ցավալի անցքերի մասին, և նրանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչ էր կատարվում հարևան Զաքոյի տանը: Նրանցից ոչ ոք չէր ցավակցում, թե ինչ դրության մեջ էր այս գիշեր տանուտեր Խաչոյի ընտանիքը: Այդ մարդը, որի բարերարություններին այնքան պարտական էին գյուղացիները, այժմ բոլորի բարկությանը առարկա դարձավ, որովհետև նրա վարմունքը գյուղացիների կարծիքով դատապարտելի էր: Ամեն մարդ պաշարված էր մի սարսափելի սոսկումով և սպասում էր մի դառն և զարհուրելի վախճանի: Միայն Թոմաս էֆենդին, այդ բոլոր չարագործությունների հեղինակը, ուրախ էր և մի առանձին դիվական հրճվանքով մեծ բավականություն էր գտնում սրտի մեջ, տեսնելով, որ իր ցանած սերմերը խոստանում էին տալ ցանկացած պտուղները:

Կրկնում եմ, — ասաց նա գործի տեղյակ մարդու եղանակով, — որ շատ կվնասվեն գյուղացիները: Ժամանակը վատ է. ամեն տեղ պատերազմի պատրաստություններ են տեսնվում, այդ խառն միջոցներում այդպիսի ցույցերը սաստիկ պատժվում են կառավարությունից:

Պատերազմի անունը լսելիս, տերտերը սարսափելով, ոչ այն պատճառով, որ պատերազմը զանազան նեղություններ և չքավորություններ էր սպառնում գյուղացիներին, այլ նա կրկին մտաբերեց իր ապառիկները:

Եթե պատերազմը սկսվի, — ասաց նա, — գյուղացիներից այնքան տուրքեր կպահանջեն, որ դժվար կլինի հավաքել իմ ապառիկները:

Դուք անհոգ կացեք, տեր հայր, — պատասխանեց էֆենդին, — ես չեմ թողնի, որ ձեր ապառիկները մնան մինչև պատերազմի սկսվելը:

Այդ միջոցին տիրացու Սիմոնը մոտեցավ տեր հոր ականջին և կրկին հիշեց նրան իր աշակերտներից ստանալիք ապառիկների մասին, և կրկին պատասխան ստացավ, որ համբերե: Ում ինչ տեղը ցավում է, նրա վրա էլ խոսում է: Տերտերին և տիրացուին հետաքրքրող հարցը այժմ նրանց ապառիկներն էին:

— «Էշը թեև ինքը մի բան չէ, բայց նրա մազը մախմուր է սրբում»16, — ասաց էֆենդին, — դուք խո իմանում եք, տեր հայր, այդ առածը: Գյուղացին էլ այդպես է: Նա ինքը թեև հագին պատառոտած շորեր ունի, բոբիկ ոտներով է ման գալիս, բայց աղաների հագած մախմուրը նրա քրտինքի գնովն է առնվում: Նա թեև քաղցած է մնում, շատ անգամ պատառ հաց չէ գտնում, բայց աղաների սեղանը նա է զարդարում ամեն տեսակ բարիքներով: Իսկ դուք, տեր հայր, որպես երևում է, չգիտեք գյուղացիներից օգուտ քաղել, եթե գիտենայիք, այսքան ապառիկներ չէիք ունենա, և այս գիշեր մեզ արաղը առանց «մազայի» չէիք խմացնի:

Վերջին խոսքերը ազդեցին քահանայի վրա և նա առանձին դառնասրտությամբ պատասխանեց.

Ի՞նչ ասեմ, էֆենդի, մեր՝ տերտերներիս՝ ձեռքերը կապված են, մեզ` ձեզ նման փայտ չէ տված, որ ծեծենք, որ գյուղացին վախենա: Մեր զենքը շատ թույլ է... Ի՞նչ անեմ... Ուղիղն ասեմ, շատ անգամ սիրտս լցվում է, չեմ համբերում, սկսում եմ անիծել... բայց գյուղացիները այժմ այնքան թերահավատ են դարձել, որ անեծքից էլ չեն վախենում... էլ ուրիշ ինչ զենք ունենք: Բայց նրանք էլ մեղ չունեն. քրդերը նրանց մոտ ի՞նչ են թողել, որ մենք կարողանանք մի բան պահանջել: Ա՜խ, անիծվին այդ քրդերը, եթե նրանք չլինեին, ես այսքան ապառիկներ չէի ունենալ: Հիմա որ պատերազմը սկսվի, քրդերը բոլորովին կկատաղեն...

— «Էշը խո էշ է, բայց ջորին ավելի գեշ է», — պատասխանեց էֆենդին իր սովորական ձևով, — քրդերը ջորու նման չար են, որովհետև անհարազատ են:

Ջորիների համեմատությունը քրդերի հետ, ոչ միայն էֆենդու, այլ առհասարակ հայերի կարծիքով, այն նշանակությունն ունի, որ քրդերը անիրավ և չարագործ են նրա համար միայն, որ ջորու նման անհարազատ և խառնածին են: Անհարազատների վարքի մասին միշտ վատ համարում ունի մեր ժողովուրդը: Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ քրդերը խառնվելով հայերի հետ, թեև մի կողմից կորցրին իրանց ազգային բուն տիպը, բայց մյուս կողմից ստեղծեցին մի նոր և ազնիվ ցեղ: Դարերով ընտրելով հայոց պատանիների և աղջիկների ամենագեղեցիկները և վայելչահասակները (քուրդը բարձրահասակ կինը շատ է սիրում) նրանք գեղեցկացրին իրանց ցեղը: Որի ընդհակառակն, հայերը կորցնելով իրանց միջից ընտիր մասը, հետզհետե տգեղացան, հետզհետե այլանդակվեցան: Ով որ լավ հետազոտել է թուրքաց Հայաստանի քրդերի և հայերի ընդհանուր գծերը, նրանց մեջ մեծ նմանություն կգտնե, որովհետև քրդերը ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ հայերից առաջ եկած մի նոր ցեղ:

Գիշերից բավական անցել էր արդեն: Զուլոն, հեռու նստած էր հիվանդ մանուկի մոտ, տհաճությամբ էր լսում հյուրերի խոսակցությունը, որ նրա համար խիստ ձանձրալի էր: Նա անհամբերությամբ սպասում էր, որ նրանք վերջացնեն, վեր կենան քնեն, որպեսզի ինքը կարողանա գնալ Սառայի և Ստեփանիկի մոտ տեսնելու, թե ի՞նչ դրության մեջ են նրանք:

Բայց էֆենդին դեռևս քնելու նպատակ չուներ. նա տերտերի հետ բավական խոսելիքներ ուներ, միայն տիրացու Սիմոնի ներկայությունը արգելք էր լինում: Այս պատճառով ակնարկեց նա, թե ցանկանում է քնել, որովհետև առավոտյան շուտ պիտի վեր կենա և կարևոր գործեր ունի: Տիրացուն բարի գիշեր մաղթելով, հեռացավ: Նրա գնալուց հետո տերտերը ասաց.

Յոթը վարդապետից ավել գիտե թշվառականը, ափսո՜ս, մի քիչ խմելու հետ սեր ունիտեսա՞ք, ինչպես լավ կարդաց իմ ապառիկների հաշիվը:

Տիրացու Սիմոնի՞ համար եք ասում, — հարցրեց էֆենդին, — այո, շատ լավ կարդաց:

Բայց էֆենդուն չէր հետաքրքրում ո՛չ տիրացու Սիմոնը և ո՛չ էլ նրա ունեցած բարձր գիտությունը: Նա առիթ էր որոնում խոսելու մի առարկայի մասին, որի համար հատկապես այս գիշեր եկել էր տերտերի տունը:

Այդ միջոցին քահանան կամեցավ հանել կիսամաշ վերարկուն, որովհետև մասամբ խմելուց և մասամբ տան տաքությունից բավական շոգ էր զգում: Անզգուշությունից վերարկուի թևքը պատռվեցավ: Էֆենդին ասաց նրան.

Տեր հայր, վերարկուդ շատ է հնացել, ի՞նչու նորը չես կարել տալիս:

Օրհնած, ի՞նչով կարել տամ, դուք խո տեսաք իմ ապառիկները: Այդ վերարկուն էլ լուսահոգի Կարապետ էֆենդունն էր. նա մեռավ, ինձ տվեցին որպես «կողոպուտ». յոթն տարի է, որ հագնում եմ: Նրանից հետո, իմ մեղքից, հարուստներից ոչ ոք չի մեռել, որ վերարկուս նորոգեի...

Ես քեզ համար մի լավը կարել կտամ, դուք լավ քահանա եք, — ասաց էֆենդին, — հագեք և միշտ օրհնեցեք ինձ:

Երեք հարյուր վաթսուն ու վեց հայրապետաց օրհնությունը թող ձեզ վրա լինի, որդի, — ասաց քահանան և սկսեց «պահպանիչ» կարդալ:

Բայց մի ուրիշ խնդիրք էլ ունեմ, էֆենդի, — ավելացրեց նա, — դուք որ կաք, մեր թագն ու պարծանքն եք. մենք ուրախանում ենք և ամեն օր փառք ենք տալիս աստծուն, որ հայերից էլ ձեզ նման աղաներ կան, որոնք մուդիրի, գայմադամի և փաշայի մոտ համարձակ նիստուկաց ունեն և ամեն բան կարող են խոսել: Ի սեր ազգի և ի սեր մեր սուրբ հավատի աղաչում եմ ձեզ, մի թողեք տանուտեր Խաչոյին և ընտանիքը անօրենների ձեռքում. դուք որ կամենաք, կարող եք նրանց ազատել. խեղճ են, հայ քրիստոնյա են, օգնեցեք նրանց: Ինչ էլ որ լինի նրանց հանցանքը, մենք պարտավոր ենք ծածկել, նրա համար որ, մեր մսից և մեր արյունից են: Ես էլ չեմ հավանում նրանց գործածը, բայց «ո՞վ իցե, որ ոչ մեղիցե»:

Քահանայի խոսքերը, թեև մի առանձին տպավորություն չունեցան էֆենդու սրտի վրա, բայց նրան պատճառ տվեցին հայտնելու այն, ինչ որ վաղուց առիթ էր որոնում ասել տերտերին:

Էֆենդին պատասխանեց, թե ինքը պատրաստ է և կարող է ազատել տանուտերի ընտանիքին հասած դժբախտությունից և չի թողնի, որ նրա գլխից մի մազ անգամ պակասի, եթե տանուտերը իր կողմից կկատարե էֆենդու խնդիրքը: Եվ հիշեցնելով քահանային նրա մի տարի առաջ հաղորդած գաղտնիքը Լալայի մասին, էֆենդին ասաց, որ այն օրից սիրում է այդ աղջկան, և կցանկանար, որ նա իր կինը լիներ: Եթե տանուտերը կկատարե այդ ցանկությունը, էֆենդին պատրաստ էր օգնել նրան: Բայց հակառակ դեպքում, նա ստիպված էր թույլ տալ, որ իշխանությունը վարվեր օրենքի և արդարության համեմատ, որ անտարակույս կվերջանար տանուտերի ամբողջ ընտանիքը բնաջինջ լինելով և նրա հարստության հարքունիս գրավվելով: Եվ հիշելով քահանայի, որպես հասարակաց հոր պարտավորությունները, էֆենդին խնդրեց տերտերից, որ նա հանձն առնե դիմել ծերունի Խաչոյին և նրա հետ խոսել այդ մասին, քանի որ դեռ ուշ չէր, քանի որ դեռ կարելի էր գործը ուղղել և գալոց չարիքների առաջը առնել:

Կարգս թող վկա լինի, — ասաց տերտերը մի առանձին ուրախությամբ, — ես էգուց առավոտյան կգնամ տանուտերի մոտ և բոլորը կարգի կդնեմ, որպես ձեր կամքն է: Խաչոն պետք է փառք տա աստծուն և մի քանի մատաղներ թող կտրե սրբերին, երբ ձեզ նման մարդը ցանկանում է նրա փեսան լինել:

Էֆենդու դեմքի վրա երևաց մի խորամանկ ժպիտ, և կատակի ձևով պատասխանեց.

Երբ կկատարեք այդ բոլորը, այն ժամանակ ձեր հին վերարկուն կնորոգվի...

Իսկ իմ ապառիկնե՞րը...

Այդ մասին անհոգ կացեք...

ԼԳ

Դառն և սոսկալի գիշեր անցավ: Առավոտյան ծերունի Խաչոյի տունը նմանում էր այն սգավոր տներին, որտեղից մի քանի մեռելներ միանգամից պետք է դեպի գերեզման տարվեին:

Առաջ դուրս բերին Վարդանին: Նա հանգիստ էր. նրա դեմքը չէր արտահայտում խռովության մի նշույլ անգամ, կարծես նրա հետ ոչինչ չէր պատահել. միայն շրթունքների վրա կարելի էր նկատել մի արհամարհական հեգնություն, որ արտասանում էին՝ «ի՞նչ են ուզում անել այդ հիմարները»... Հինգ զինվորներ պատրաստված էին Վարդանին տանելու փաշա էֆենդու մոտ: Երբ որ նրան նստեցրին ձիու վրա և կամենում էին ոտները ձիու փորի տակով շղթայել, նա առանց ընդդիմադրության թույլ տվեց, թեև դա մի սարսափելի տանջանք էր՝ անշարժ կապված լինել ձիու մեջքի վրա:

Այդ ավելորդ է, — նկատեց նա, — եթե ես ցանկանամ փախչել, ձեր շղթաները չեն օգնի...

Զինվորները ուշադրություն չդարձրին և կապեցին: Դրանով ևս չբավականանալով, կապեցին և թևքերը ետևի կողմից մեջքի վրա, և պարանի ծայրերը երկու ձիավոր զինվորներ բռնած, պատրաստվեցան տանել: Բացի երկու զինվորներից, կարգված էին և երեք պահապաններ:

Թեև ռամիկ ամբոխը հետաքրքրվում է այս տեսակ աեսարաններով, բայց գյուղացիներից ոչ ոք չհայտնվեցավ տեսնելու, թե ինչպես են աքսորում Վարդանին, այն մարդուն, որ այնքան աշխատել էր, որ այնքան գործել էր նրանց համար... Բոլորը այժմ խորշում էին ծերունու տնից, որպես ժանտախտով վարակված մի բնակարանից:

Կանանցից ոչ ոք չէր մնացել տանը. բոլորը թաքնված էին զանազան տեղերում: Հայրապետը և Ապոն բանտումն էին: Վարդանից հետո հերթը հասնելու էր իրանց: Խաչոյի մյուս որդիները, որ ազատ էին, ցույց չտվեցին իրանց: Միայն ծերունի հայրը դուրս եկավ ճանապարհ դնելու Վարդանին: Վերջին դժբախտություններից հետո խեղճ մարդը բոլորովին սպանված էր: Դառն հալածանքը, բռնի անարգությունը և գազանային անգթությունները իսպառ մաշել էին նրան: Նա մոտեցավ, գրկեց Վարդանին և սրտի սաստիկ շարժմունքից մի բառ անգամ չգտավ հայտնելու իր ցավակցությունը: Մի քանի կաթիլ արտասուք ասեցին շատ բան, ինչ որ չէր կարող ասել լեզուն:

Հաջորդ էջ