Րաֆֆի՝   Խենթը

Սիրտդ պինդ պահիր, ծերունի հայր, — պատասխանեց նրան Վարդանը անխռով ձայնով, — ով որ ջրի մեջն է մտնում, թրջվելուց երկյուղ չպիտի ունենա... Մնացեք բարյավ:

Զինվորները ոչինչ չհասկացան, և Վարդանի ձին իրանց առջևը գցած, սկսեցին տանել: Ծերունին երկար նայում էր նրանց ետևից, մինչև այնքան հեռացան, որ բոլորովին անհայտացան:

Նա խորասուզված տխուր մտածությունների մեջ, վերադարձավ տուն: Ինչո՞ւ Վարդանին միայն տարան, ի՞նչու Հայրապետին և Ապոյին թողեցին, ի՞նչու իրան ևս չէին կալանավորում, այլ պահում էին ազատ, թեև հսկողության ներքո, դրանց մեջ ի՞նչ գաղտնիք կար: Այդ հարցերը անհանգստացնում էին նրան: Ծերունուն դեռ հայտնի չէր Թոմաս էֆենդու ծրագրի բուն բովանդակությունը: Նա այնպես էր կարգադրել գործը, եթե ծերունին չընդուներ նրա առաջարկությունը Լալայի վերաբերությամբ, այն ժամանակ միայն իր վրեժխնդրության լիակատար դառնությունը պիտի թափեր խեղճ ծերունու ընտանիքի վրա: Նա Վարդանին աքսորել տվեց, նա պարոն Սալմանին մատնեց, որովհետև դրանց վտանգավոր էր համարում իր պաշտած թուրք կառավարությանը: Բայց ծերունի Խաչոյի և նրա որդիների մասին այս տեսակ կասկած չուներ. նրանց խառնեց մեղադրության գործի մեջ այն մտքով միայն, որ մի մեծ և ծանր դժվարության մեջ դնելով նրանց, առիթ ունենա ինքը պաշտպան և ազատիչ հանդիսանալ, և դրանով պարտավորացնելով նրանց, հետո իրավունք ունենա որպես վարձատրություն՝ փոխարենը խնդրել Լալայի ձեռքը: Ահա որպիսի վաճառականական մտախոհություններ դրդեցին էֆենդուն գործել մի մեծ չարություն, որի թշվառ հետևանքը իր բոլոր սատանայական խելքով նախատեսել չկարողացավ:

Բայց Թոմաս էֆենդին այս առավոտ չհայտնվեցավ: Ծերունին ցանկանում էր տեսնել նրան, ցանկանում էր լսել նրա վճռական խոսքը, թե ինչով կվերջանա այս բոլորը: Նա դեռ հավատում էր էֆենդու խոստմունքներին, նա դեռ հիշում էր այն խոսքը՝ «տանուտեր Խաչո, չեմ թողնի, որ քո գլխից մի մազ անգամ պակսի»...

Էֆենդու փոխարեն հայտնվեցավ տեր-Մարուքընրա պատգամավորը, որ խոստացել էր առավոտյան գնալ տանուտերի մոտ և խոսել Լալայի մասին: Դժբախտության րոպեներում քահանայի ներկայությունը թեև մխիթարություն է պատճառում՝, բայց ծերունու վրա խիստ անախորժ տպավորություն գործեց: Նա քահանաների մասին մի առանձին նախապաշարմունք ուներ և նրանց երեսը տեսնել միշտ համարում էր մի անաջողության նախազգացություն: Բայց տեր հայրը զգուշությամբ մի կողմը տարավ նրան, հայտնելով, թե կարևոր խոսելիք ունի, և այդ փոքր ինչ հանգստացրեց ծերունուն: Երկուսը միասին նստեցին պարտեզի մի խուլ կողմում, ծառերի հովանու տակ:

Տեր հոր դեսպանության հառաջաբանը եղավ մի շարք մխիթարական խոսքեր, մի շարք խրատներ, որ իր ձևով քարոզում էր նա և հաստատում էր սուրբ գրքից բերած օրինակներով: Նա Հոբ Երանելիի չարչարանքները հիշելով, ասում էր, թե աստված շատ անգամ իր ծառաների հավատը փորձելու համար, գցում է նրանց զանազան տեսակ նեղությունների մեջ, միայն պետք է համբերող լինել, պետք է չհուսահատվել, որովհետև նա վերջը կփրկե իր հավատացյալներին անօրենի չարությունից և հավիտենական փառքի կարժանացնե և այլն:

Վերջացնելով իր խրատները, տեր հայրը մոտեցավ բուն առարկային, որի մասին խոսելու համար եկած էր: Եվ հարսնախոսության մեջ բանակցող միջնորդների սովորական եղանակով, նա նույնպես իր առաջարկությունը սկսեց մի առակով:

Մի թագավորի որդի, — ասաց նա, — գնացել էր որսի. գիշերը վեր հասնելով, չկարողացավ վերադառնալ և մնաց անտառի մեջ մի հովիվի խրճիթում: Հովիվի հյուրասիրությունից շատ գոհ մնաց նա, բայց առավել գրավեց նրա սիրտը հովիվի գեղեցիկ աղջիկը: Մյուս օրը թագավորի որդին դարձավ իր պալատը, հայտնեց հորը, թե ցանկանում է հովիվի դստեր հետ ամուսնանալ: Հայրը խենթի տեղ դրեց որդուն և սաստիկ բարկացավ նրա վրա: Բայց երկար ընդդիմությունից հետո երբ տեսավ, որ անկարելի էր որդուն համոզել, իր նախարարներից մեկին ուղարկեց, որ գնա հովիվի հետ հարսնախոսություն անե: Նախարարը ետ դարձավ, պատասխան բերեց, թե հովիվը չընդունեց իր աղջիկը թագավորի որդուն տալ: Թագավորը զարմացավ և ուղարկեց մի այլ նախարար ավելի բարձր աստիճանով, քան թե առաջինը: Նա էլ նույն պատասխանը բերավ: Հետո թագավորը ուղարկեց իր առաջին վեզիրին, նա էլ մերժում ստացավ: Վերջապես թագավորը ճարահատվելով, ինքը անձամբ գնաց և մյուսների նման դատարկ վերադարձավ. հովիվը նրան ևս մերժեց: Թագավորը զարմացավ, կանչեց իր մեծամեծներին, նրանց հետ խորհուրդ արավ: Սրանցից մեկը, որ ավելի փորձված և խելացի մարդ էր, խորհուրդ տվեց թագավորին ուղարկել հովիվի մոտ իր նման մի հովիվ, ասելով, թե հովիվը կհասկանա հովիվի լեզուն և կարող կլինի համոզել նրան: Ընտրեցին թագավորի հովիվներից մեկին և ուղարկեցին: Հովիվը առանց պատրաստության, առանց փառավոր շքեղության, առեց իր հովվական ցուպը և ոտքով սկսեց դիմել դեպի աղջկա հոր խրճիթը: Հայրը սիրով ընդունեց նրան, միասին ճաշեցին, կերան, խմեցին, ուրախացան, վերջը հովիվը հայտնեց թագավորի խնդիրքը, ասելով. — Ի՞նչու դու չուզեցիր աղջիկդ տալ թագավորի որդուն: Հայրը պատասխանեց. — Օրհնած, ես էլ մի մարդ եմ, իմ անձնասիրությունը ունեմ, թագավորը ե՞րբ ուղարկեց ինձ մոտ քեզ նման մի օրինավոր մարդ, որ ես իմ աղջիկը նրա որդուն կնության տայի:

Վերջացնելով իր առակը, տեր հայրը ավելացրեց.

Ես էլ հովիվ եմ, դու էլ հովիվ ես, տանուտեր Խաչո, որովհետև մենք երկուսս էլ ոչխարների փոխարեն ժողովուրդ ենք կառավարում: Ես գյուղի քահանան եմ, դու գյուղի տանուտերը, և եկել եմ քեզ մոտ նույնպիսի մի առաջարկությունով, որպես հովիվը հովիվի մոտ:

Ի՞նչ առաջարկություն, — հարցրեց ծերունին տհաճությամբ, որին խիստ ծանր էր իր սրտի մի այնպիսի տխուր տրամադրության ժամանակ լսել քահանայի անտեղի խոսքերը:

Տեր հայրը պատասխանեց, թե աստված կամեցել է ծերունու այժմյան նեղության մեջ մխիթարել նրան և փրկության դուռը բաց անել նրա առջև: Թոմաս էֆենդին խնդրում է Լալայի ձեռքը և խոստանում է ազատել ծերունուն իր տան վրա հասած փորձանքից: — Պետք է փառք տալ աստծուն, որ էֆենդու նման մարդը բարեկամության և օգնության ձեռք է մեկնում:

Քահանան որքան ճարպիկ կերպով տարավ իր բանախոսությունը, այսուամենայնիվ սպասած աջողությանը չհասավ: Գուցե մի ուրիշ ժամանակ և ուրիշ հանգամանքների մեջ նրա խոսքերը համակրություն կգտնեին, որովհետև ինքը ծերունի Խաչոն վաղուց մտածում էր իր աղջիկը էֆենդուն տալ: Բայց այժմ հանգամանքները տարբեր կերպարանք էին ստացել: — Այժմ, երբ նրա երկու որդիները բանտի մեջ էին, երբ ինքը պահապանների հսկողության ներքո էր, երբ նրա տան կնիկները անպաշտպան թաքնվաձ էին օտարների մոտ, երբ իր երկու բարեկամները՝ Վարդանը և պարոն Սալմանը մատնվեցան իշխանության ձեռքը, երբ իր տան կայքը իր աչքի առջև թալանում էին, — մի այսպիսի ժամանակ նրան հայտնում էին չարագործի առաջարկությունը, որ ինքն էր պատրաստել հիշյալ դժբախտությունները: Ծերունու մինչև այն րոպեն փակված աչքերը միանգամից բացվեցան: Նա տեսավ իր առջև անդունդը, որ փորել էր էֆենդու խորամանկ ձեռքը: Նա հիշեց Վարդանի խոսքերը, որ էֆենդին զանազան տեղերում խաբեությամբ ամուսնացել է և թողել է իր կնիկները: Մի՞թե նույն խաբեությունները նա գործ չէր դնում և Լալայի վերաբերությամբ: Նա մտաբերեց էֆենդու վարմունքը, որ սկզբից մինչև վերջ ուներ մի ներքին գաղտնի կապ, որ ներկայացնում էր մի շարք խորամանկ գործողություններ, որոնք բոլորը թեքվում էին դեպի այն նպատակը, որ նա հնար գտնե Լալային որսալու: Էֆենդին առաջինը եղավ, որ հայտնեց նրան պարոն Սալմանի կալանավորվելը: Ո՞րտեղից գիտեր նա: Մինչդեռ այդ կատարվել էր ծածուկ, գիշերային մթության մեջ, և ամբողջ գավառում գյուղացիներից ոչ ոքին հայտնի չէր: Էֆենդին առաջինը եղավ, որ լուր տվեց, թե նրա տանը խուզարկություն պետք է լինի, և իրան բարեկամ ու մտերիմ ձևացնելով, կարողացավ խաբել ծերունուն. կարողացավ պարոն Սալմանի թղթերը ձեռք բերել, և փակելով ծերունու տան գաղտնի պահարանի մեջ, բանալին պահեց իր մոտը: Ի՞նչ մտքով: Մի՞թե նա չէր կարող թղթերը իր հետ տանել և ոչնչացնել: Բայց թողեց ծերունու տան մեջ, որ հարկավորած ժամանակ բաց անե գաղտնի պահարանը և թղթերը ոստիկանության ձեռքը տալով, ասե. ահա՛ ձեզ ապացույց այդ մարդիկների դավակցության: Ամբողջ անցյալը մի առ մի պատկերացավ ծերունու աչքի առջև, և նա սարսափելով նկատեց, որ ինքը խաբված է: Եվ այս պատճառով բավական դառնությամբ պատասխանեց քահանային.

Տեր հայր, ձեր առակը բավական անհարմար էր ձեր ընդունած միջնորդության, բայց Թոմաս էֆենդին եթե իսկապես թագավոր լիներ, դարձյալ այդ շանը աղջիկ չէի տալ: Թող ինչ լինելու է՝ լինի: Ես իմ տան քանդվելը և իմ ամբողջ ընտանիքի կոտորածը ավելի բարվոք կհամարեմ, քան թե ազատություն գտնել այն չարագործի ձեռքով, որ բոլորը ինքը պատրաստեց մեզ համար: Ես այդ հասկանում եմ... ես բոլորը հասկանում եմ... նա խաբեց ինձ... բայց դրանից հետո այլևս խաբել չի կարող...

Քահանային անհասկանալի էին թվում տանուտերի թե՛ բարկությունը և թե՛ նրա մթին խոսքերը, որովհետև բուն իրողությունից տեղեկություն չուներ: Եվ տանուտերը հարկավոր չհամարեց նրա հետ երկար բացատրությունների մեջ մտնել, մանավանդ երբ մտածեց, որ նա Ստեփանիկի կնքահայրն էր և նրա աղջիկ լինելը, բացի քահանայից մի օտար մարդ չգիտեր, ուրեմն ո՞վ պետք է հայտնած լիներ էֆենդուն այդ գաղտնիքը, եթե ոչ ինքը քահանան:

Նա համարյա դժգոհությամբ հեռացավ ծերունու տնից, իր մտքում ասելով. «Աստված առաջ մարդու խելքը գլխից կառնե, հետո հարստությունը»...

Էֆենդին տերտերի տան մեջ անհամբերությամբ սպասում էր նրան: Երբ վերադարձավ քահանան, նա իսկույն հարցրեց.

Ի՞նչ լուր բերեցիք:

Չգիտեմ, ինչ անեմ, — պատասխանեց քահանան շվարած կերպով. — այդ մարդը ցնորված է:

Մերժե՞ց:

Այո՛:

Ես այդ սպասում էի...

Կարծես ամբողջ երկինքը փուլ եկավ էֆենդու գլխի վրա և ճնշեց նրան իր սարսափելի ծանրության ներքո: Նրա աչքերի առջևը սևացավ, դողդողաց, և ընկավ գետին: Երկար այնպես անմռունչ ընկած էր, և երբեմն անգիտակցաբար ձեռքը տանում էր դեպի ճակատը, ծեծում էր գլուխը և փետում էր իր մազերը, ասելով. ի՞նչ անեմ... ա՜խ, ի՞նչ անեմ...

Ամբողջ տիեզերքի մեջ չկա մի բան, որ այնպես խոնարհեցներ մարդերին, որպես սերը: Մարդկության ամենասարսափելի հրեշները, որ դղրդում են աշխարհները, որ ներկում են արյունով երկիրները, որ ահուդողի մեջ են պահում ազգերը, — խոնարհվում են, ծունկ են չոքում սիրած կնոջ առջև. այստեղ միայն նրանք մարդ են և հանդիսանում են մարդկային բոլոր թուլություններով: Թոմաս էֆենդին այժմ սիրում էր Լալային, սիրում էր ճշմարիտ և ջերմ սիրով: Նրա բոլոր վայրենի և գազանային անգթությունները հալվում, մաշվում և ոչնչանում էին այդ սիրո առջև: Դևը երբ սիրում է, հրեշտակ է դառնում: Իսկ էֆենդին սիրելով, սկսեց զղջալ:

Նա իր կյանքում երբեք չէր սիրել. և դրանով կարելի է բացատրել նրա բնավորության այն սև կողմերը, որ կյանքի մեջ ոչինչ սուրբ բան չկար նրա համար: Աշխարհային գործերի մեջ որքան խորամիտ էր նա, որքան ճիշտ հաշվվող էր, և նպատակին հասնելու համար որքան սատանայական վարպետություն ուներ, — այնքան հոգեկան շարժումների մեջ անզգա էր նա: Լալայի սերը վառեց հանգած սիրտը, և կաթեցրեց այնտեղ այն հրեղեն շողը, որ խավար մտքի մեջ լույս է փայլեցնում: Նա նայեց իր գործողությունների վրա և սոսկաց: «Այդ ի՞նչ արեցի ես»... մրմնջում էր նա, և դարձյալ փետում էր իր մազերը:

Մինչև այն րոպեն նա չէր հասկանում իր եղեռնագործության ահավորությունը, մինչև այն րոպեն նա կարծում էր, թե նպատակի համար ամեն միջոց կարելի է գործ դնել: Բայց այժմ զգում էր, թե ինչ մեծ չարիք գործեց ինքը: Սկզբում նա մտածեց մի փոքրիկ խաղ խաղալ ծերունու հետ և երեխայի նման առնելով իր ձեռքը կրակի մի փոքր կայծ, դրանով կամենում էր վախեցնել նրան, որ կատարե ինչ որ ինքը կպահանջե: Հանկարծ այդ կայծից առաջ եկավ մի ահագին հրդեհ, որ հանգցնել ինքը անկարող էր: — «Ա՜խ, այդ ի՞նչ արեցի ես»... — դարձյալ բացականչեց նա:

Քահանան ահուդողով նայում էր էֆենդու տանջանքների վրա և կարծում էր, թե նա հոգեվարքի մեջ է գտնվում: Եվ իրավ, նա թուլացած, ընկած էր, և մարմնի վրա երբեմն երևում էին տենդային ցնցումներ, իսկ շրթունքը սարսափելի կերպով դողդողում էին: Երկար այդ դրության մեջ չարչարվում էր նա, մինչև աչքերը բաց արեց, և դառնալով քահանային, ասաց.

Ինչ որ ասաց ծերունի Խաչոն, բոլորը ճշմարիտ է, տեր հայր. ես անարժան եմ նրա աղջկան: Ի՞նչ կապ կարող է լինել մի ինձ նման եղեռնագործի և մի անմեղ հրեշտակի մեջ: Անիծիր ինձ, տեր հայր, ես անեծքի եմ միայն արժանի...

Նա դարձյալ ընկավ ուշագնացության մեջ: Քահանան կարծեց, թե մեռավ նա:

Ա՜խ, իմ ապառիկները... – կոչեց նա, — կորա՛ն իմ ապառիկները...

ԼԴ

Դառնանք դեպի մեր պատմության սկիզբը:

Այժմ ընթերցողը, կարծեմ, ճանաչում է, թե ով էր այն երիտասարդը, որ Բայազեդի բերդի սարսափելի պաշարման ժամանակ ընդունեց բերդապահ Շտոկվիչի ձեռքից նամակը, և իրան խենթ ձևացնելով, մտավ պաշարող քուրդերի մեջ, անվտանգ անցավ թշնամու բանակից, և մի քանի օրից հետո նամակը հասցրուց գեներալ Տեր-Ղուկասովին: Ընթերցողը նույնպես հիշում է, որ երիտասարդը, չընդունելով գեներալի առաջարկությունը՝ մնալ իր մոտ, թիկնապահի պաշտոն վարել, փառքի և աստիճանի տեր լինել, — թողեց ռուսաց բանակը և շտապեց մեկի կյանքը վտանգից ազատելու համար:

Այդ երիտասարդը Վարդանն էր: Տեսնենք ուր գնաց նա:

Հեծնելով իր ձին, որ խլել էր մի քրդից, որին սպանեց ձորի մեջ, Վարդանը սկսեց դիմել ուղիղ դեպի Ալաշկերտի գավառը: Այնտեղ գտնվում էին նրա հոգու ամենամոտ առարկաները: Այնտեղ էր ծերունի Խաչոյի ընտանիքը, որի մեջ անցուցել էր այնքան շատ բախտավոր ժամանակներ, այնտեղ էր գեղեցիկ Լալան, որին տվել էր իր ամբողջ սիրտը, այնտեղ էին իր սիրելի ընկերները, որոնց հետ ուխտել էր անձնազոհություն մի սուրբ գործի համար, — բոլորը այնտեղ էին, ինչ որ Վարդանի համար պաշտելի էր, ինչ որ նրա համար նվիրական էր...

Բայց ի՞նչ վիճակի մեջ թողեց Վարդանը այդ բոլորին, երբ ինքը շղթայակապ տարվեցավ թուրքաց զինվորական գործակատարի մոտ: — Ծերունի Խաչոն իր որդիների հետ բանտարկված էին. նրա ընտանիքը ցրիվ էր եկած և յուրաքանչյուրը մի տեղում թաքնված էր. Լալայի բախտը կախված էր երկու որսորդների՝ Թոմաս էֆենդու և քուրդ բեկի գազանային մրցությունից. պարոն Սալմանը կալանավորված էր. Մելիք-Մանսուրը իր խումբով գնաց նրան ազատելու. հաջողվեցա՞վ արդյոք, թե ոչ, այդ մասին ոչինչ չգիտեր Վարդանը:

Բոլորին թողեց նա մի թշվառ, օրհասական դրության մեջ: Այն օրից անցել էր մի և կես ամիս, և նրանց մասին ոչինչ տեղեկություն չուներ: Այդ մի և կես ամսվա մեջ ո՜րքան փոփոխություններ եղան, ո՜րքան անցքեր անցան: Ռուսները պատերազմ հրատարակեցին թուրքերի դեմ: Գեներալ Տեր-Ղուկասովի հաղթական զորքերը տիրեցին Բայազեդի և Ալաշկերտի ամբողջ գավառները և մոտեցան Էրզրումին: Ճնշված, հարստահարված հայ ժողովուրդը, անցնելով ռուսաց իշխանության ներքո, սկսեց ազատ շունչ քաշել: Հանկարծ պատերազմի բախտը փոխվեցավ: Գեներալ Տեր-Ղուկասովը ստիպվեցավ թողնել իր տիրած երկիրները և վերադառնալ ռուսաց սահմանի վրա: Եվ նրա ապրիլի 18-ին տիրած Բայազեդը հունիսի 27-ին կրկին անցավ թուրքերի ձեռքը:

Վերջին անցքերից Վարդանը տեղեկություն չուներ: Նա չգիտեր, թե գեներալ Տեր-Ղուկասովի զորքերի տեղատվության ժամանակ ի՞նչեր պատահեցան: Նա չգիտեր ալաշկերտցոց թշվառ գաղթականությունը և այդ գաղթականությունը առաջ բերող տխուր պատճառները:

Անցքերը ամենակարճ ժամանակի մեջ զարմանալի փոփոխություն ստացան:

Վարդանը, երկու և կես ամիս առաջ, շղթայակապ, թուրք զինվորներով շրջապատված, ծերունի Խաչոյի տնից տարվեցավ թուրքաց զինվորական գործակատարի մոտ: Դեռ չհասցրած, ճանապարհին վրա հասան Վարդանի երկու ծառաները՝ Սաքոն ու Եղոն էլ մի հանդուգն կռվից հետո կարողացան ազատել իրանց տիրոջը: Նույն կռվի մեջ վերք ստացավ Վարդանը և համարյա իր ծառաների ձեռքի վրա տարվեցավ ռուսաց հողի վրա, Սուրմալու գավառը հայոց մի գյուղի մեջ: Հազիվ մի փոքր առողջացել էր նա, որպես կամավոր մտավ հայոց միլիցիայի մեջ: Նույն ծառայությունը առեցին և նրա երկու ծառաները՝ Սաքոն և Եղոն: Դրանք Բայազեդի պաշարման ժամանակ երկուսն էլ սպանվեցան: Բայց ի՞նչ հնարքով դուրս եկավ Վարդանը բերդից, — այդ մենք գիտենք:

Այժմ տխուր և միայնակ մտավ նա այն հովիտը, ուր գտնվում էր Օ... գյուղը: Ի՜նչ տեսարան էր ներկայացնում այդ հովիտը մի քանի շաբաթ առաջ: Ո՜րքան կենդանի և գեղեցիկ էին այնտեղի դաշտերը, ձորերը և կանաչապատ լեռները: Հովտի ամբողջ տարածությունը, պատած հասունացած հունձքի արտերով, ծփում էր, ալեկոծվում էր ոսկեղեն ծովի նման: Լեռների կուրծքի վրա, մրջիմի նման ցրված, արածում էին անասունների հոտերը: Անուշ և քաղցր մեղեդիներով լսելի էր լինում անհոգ հովիվի սրինգի ձայնը: Հարուստ բնությունը և աշախատասեր մարդը, ձեռք ձեռքի տված, արտադրում էին երկրի հրաշալիքը: Իսկ ա՞յժմ, — այժմ ամեն ինչ փոխվել էր: Այժմ հովտի ամբողջ տարածությունը ներկայացնում էր մի սգավոր անապատ: Կրակը հրդեհել էր և լափել էր հունձքի բոլոր արտերը, ծածկելով դաշտերի անհուն մակերևույթը սև մոխիրով: Ո՞վ էր գործել այդ չարությունը, ո՞վ էր ոչնչացրել մշակ մարդու արդյունաբերությունը, որի վրա թափվել էր այնքան շատ քրտինք և աշխատություն: Վարդանը դժվարանում էր հասկանալ: Նա աչք էր դարձնում մի ժամանակ գեղեցիկ և մարդաշատ գյուղերի վրա. դրանք նույնպես ներկայացնում էին մի-մի մոխրի կույտեր, այստեղ ևս կրակը և հրդեհը թողել էին իրանց կործանիչ հետքերը: Կյանքը դադարել էր ամեն տեղ. դաշտերից չէր լսվում երկրագործի ուրախ երգը. արոտամարգերի վրա անասուններ չէին արածում. ամեն ինչ լռել էր, ամեն ինչ գտնվում էր խուլ մեռելության մեջ: Կարծես ապականության կործանիչ դևը դեռ նոր անցել էր այդ թշվառ երկրի վրայով, ոչնչացրել էր բոլորը, ինչ որ ստեղծել էր մարդու աշխատասեր ձեռքը: Ի՞նչ էր պատահել...

Հուլիսի արեգակը սաստիկ այրում էր: Կեսօրից բավական անցել էր, երբ Վարդանը մտավ Օ... գյուղը: Նա նմանում էր այն լեգենդական բնակություններին, որ չար կախարդի անեծքով միանգամից ավերակ էին դարձել: Տները, ուր մի ժամանակ կյանք էր շնչում, ուր մարդիկ էին ապրում, այժմ դարձել էին նրանց գերեզմանը: Ամեն ինչ թաղված էր տխուր և այլանդակ փլատակների տակ: Վարդանը ուշակորույս խելագարի նման անցնում էր իր ծանոթ փողոցներով: Տեղ-տեղ նա տեսնում էր մարդկային մարմնի մնացորդներ: Անշուշտ այստեղ կատարվել էր մի սարսափելի կատաստրոֆա, մի աղետալի անցք: Նա անցավ եկեղեցու մոտից. աստուծո տունը ոչինչով չէր որոշվում իր շուրջը գտնված ավերակներից:

Նա մոտեցավ ծերունի Խաչոյի ամրոցին: Շրջապատի պատերն էին մնացել միայն, այն ևս տեղ-տեղ քանդված: Ներս մտավ: Նրա առջև բացվեցավ մի ցավալի տեսարան: Տան պարտեզը բոլորովին մերկացել էր ծառերից, այն գեղեցիկ և ստվերախիտ ծառերից, որոնց հովանու տակ անցուցել էր նա այնքան քաղցրիկ ժամեր նազելի Լալայի հետ: Այժմ ո՞րտեղ էր նա... նրա համար էր եկած Վարդանը... նրան էր որոնում այդ տխուր ավերակների մեջ... Մի՞թե հափշտակեց, տարա՞վ նրան քուրդ բեկը... թե ընկավ նա տաճիկ զինվորի ձեռքը... Վարդանին տիրեց մի տեսակ սոսկում, մի տեսակ քարացնող սարսուռ, երբ հանկարծ բացվեցավ նրա առջև սարսափելի իրականությունը: Երկաթի մարդը, կարծես միանգամից փշրվեցավ մի դառն և ամենածանր հարվածի ներքո: Արյունը սաստիկ հոսանքով զարկեց նրա գլխին, և լուսավոր աշխարհը մթնեց նրա առջև: Նա այլևս ոչինչ չէր տեսնում. նա այլևս ոչինչ չէր զգում: Նա իր մարմինը մեքենաբար ցած թողեց մի թումբի վրա և երկար գլուխը երկու ձեռքով բռնած, գտնվում էր խորին-տենդային ապշության մեջ: Հանկարծ նրան երևութացավ նազելի պատկերը, նույնպես տխուր, նույնպես հուսահատ և նույնպես արտասվալից աչքերով, որպես տեսել էր նրան այն վերջին գիշերում, պարտեզի լռության մեջ, երբ նա իր աղաչավոր թևքերը փաթաթած սիրած երիտասարդի պարանոցին, ասում էր նրան. «Տա՛ր ինձ... հեռացրո՛ւ այդ երկրից... ես վախենում եմ քրդերից»... Ի՞նչու չտարավ նրան Վարդանը, ի՞նչու թողեց նրան Վարդանը... Վարդանը այժմ այդ խորհել չէր կարող. շվարման մեջ կաշկանդվում է, դադարում է միտքը:

Բայց ո՜րքան դառն հիշողություններ զարթեցնում էին նրա մեջ այդ տխուր ավերակները: Շատ ժամանակ չէր անցել, որ նրանք շեն ու հաստատ էին, շատ ժամանակ չէր անցել, որ նրանց մեջ բնակվում էր մի հոյակապ ընտանիք լի և խաղաղական կյանքով: Ի՞նչ եղավ, ո՞ւր էր այժմ այդ ընտանիքը: Նա աչք ձգեց կանանոցի վրա, որի ծխից և մուխից մրոտած չորս պատերն էին միայն մնացել. առաստաղը իջած էր: Այստեղ ծերունու բազմաթիվ հարսները, աղջիկները և թոռները, ամբողջ օրը մի կենդանի շարժողության մեջ, վժվժում էին, գործում էին, աշխատում էին, և միշտ ուրախ էին, որովհետև ապրուստի կարոտություն չունեին: Այժմ այլևս չէր լսվում ո՛չ երեխաների աղմուկը և ո՛չ էլ հոգատար մայրերի զգուշավոր ձայնը: Նա իր հայացքը դարձրեց ծերունի Խաչոյի օդայի վրա, որ բոլորովին կործանված էր: Նա հիշեց այն աղմկալի գիշերները, երբ ինքը պարոն Սալմանի, տանուտերի և նրա որդիների հետ, այդ օդայի մեջ, ջերմ ոգևորությամբ վիճում էին, խորհում էին, և հարյուրավոր ծրագիրներ էին պատրաստում թշվառ ժողովրդին իր ներկա տառապանքներից ազատելու, և նրան մի բախտավոր կյանք ստեղծելու համար: Իսկ այժմ բոլորը ոչնչացած էր տեսնում, թե՛ խորհողներին և թե՛ խորհուրդը...

Ահա այնտեղից մարդիկ են երևում: Մինչև այն րոպեն ամբողջ գավառում ոչ մի մարդկային արարած չտեսավ Վարդանը: Ավերակների մեջ մարդիկ էին երևում: Այդ բավական ուրախացրեց Վարդանին: Նա մոտեցավ: Մի քանի ողորմելի քրդեր, բրիչները ձեռք առած, փորում էին տան փլատակների հողակույտերը: Վարդանը ճանաչեց նրանց: Դրանք ծերունի Խաչոյի հովիվներն էին իրանց կնիկների և երեխաների հետ: Տղամարդիկը փորում էին հողը, իսկ կնիկները նրանց մեջ իրեղեններ էին որոնում: Հրդեհից կործանված տան մեջ դեռ շատ բաներ մնացել էին հողի տակ առանց այրվելու:

Աստված ուժ տա, — ասաց Վարդանը ողջունելով այն ձևով, որպես ողջունում են բանվորներին:

Բարով եկար, — պատասխանեցին նրան:

Ի՞նչ եք պտռում:

Ձեր բարի աչքով տեսնում եք, — պատասխանեցին քրդերը, շարունակելով իրանց գործը:

Վարդանը դառնալով քրդերից մեկին, հարցրեց.

Ճանաչո՞ւմ ես ինձ, Խլո:

Ի՞նչպես չճանաչել քեզ, աղա, դու մեր տիրոջ՝ տանուտեր Խաչոյի բարեկամն էիր, շատ անգամ այս տանը ապրանք էիր բերում ծախելու, և ամեն անգամ չէիր մոռանում քո ծառա Խլոյի երեխաներին մի բան բաշխել: Տե՛ս, այդ էլ քո տվածն է, — նա ցույց տվեց իր կնոջ հագուստը, որ կարված էր կարմիր զոլավոր չթից:

Վարդանը սկսեց հարցնել, թե ի՞նչ պատահեց այս տանը հետ, ի՞նչու այս գյուղը այսպես ավերակ դարձավ, ի՞նչ եղան նրա բնակիչները:

Հովիվը բրիչը դրեց գետնին, սրբեց ճակատի քրտինքը և նստեց, կարծես, նրա պատմության համար բավական հանգստություն պետք էր:

Թո՛ղ մեր թշնամիներին էլ չպատահի այն, ինչ որ պատահեցավ այս տան հետ, — ասաց նա ցավալի ձայնով: — Մենք, իրավն ասեմ, չգիտենք բոլորը. մենք այստեղ չէինք. մենք ոչխարները տարել էինք սարը արածացնելու: Երբ մութը պատեց, հոտը քշում էինք դեպի գյուղը (այն գիշեր իմ կինը մի վատ երազ էր տեսել, ես միշտ սպասում էի, որ մի չար բան պիտի պատահի): Դեռ գյուղին չհասած, հանկարծ հարձակվեցան մի խումբ քրդեր և սկսեցին թալանել հոտը: Ես իմ ընկերների հետ վազեցինք դեպի գյուղը օգնություն կանչելու: Տեսանք կրակը բռնել էր բոլոր գյուղը և ամեն կողմից վառվում էր: Տեսանք՝ քրդերով լցված էր ամեն տեղ: Շտապեցինք դեպի այդ տունը, տեսանք, նույնպես վառվում էր. ոչ մի կողմից հնար չկար ներս մտնելու:

Ի՞նչ եղան տանեցիք:

Թող մեր որդիների գլխին գա, եթե նրանց մի բան պատահած լինի: Տանուտեր Խաչոն Հայրապետի և Ապոյի հետ տանը չէին: Նրանց դեռ շատ օրեր առաջ տարել էին դատավորի մոտ: Ասում են, որ բանտումն էին: Կնիկներից նույնպես տանը ոչ ոք չկար: Տանը մնացել էին ծերունու մյուս որդիները. նրանց հետ ինչ պատահեց՝ մեզ հայտնի չէ: Մենք եկանք և տունը կրակի մեջ տեսանք:

Մեր տերը՝ ծերունի Խաչոն բարի մարդ էր, — շարունակեց հովիվը,-նա այնքան վախենում էր աստծուց, որ մրջիմ էլ կոխ չէր տա: Ամենքը այս տան մեջ բարի էին, ճանճերին էլ չէին վշտացնում: Մեզ պահում էին իրանց որդիների պես: Բայց թո՛ղ անիծվեն էշիրաթները17. ամեն ինչ տակնուվրա արեցին... ամեն բան փչացրին...

Ի՞նչ պատահեց գյուղացիների հետ:

Գյուղացիների մեկ մասը կոտորեցին, մեկը մասը գերի տարան, շատերն էլ փախան և ազատվեցան:

«Ջրի մեջ խեղդվող մարդուն չոփից բռնվելն էլ մեծ մխիթարություն է»: Հովիվի պատմությունը որքան ցավալի և որքան դառն լիներ, այսուամենայնիվ, ազդեց Վարդանի մեջ հույսի մի փոքրիկ նշույլ: — Դեռ ամեն ինչ կորած չէ... — մտածեց նա: Վարդանին հայտնի էր, որ ծերունի Խաչոն իր երկու որդիների՝ Հայրապետի և Ապոյի հետ պետք է բանտարկված լինեն. բանտը կարող էր պատսպարան լինել նրանց քրդերի բարբարոսությունից զերծ մնալու, եթե նույնիսկ բանտի մեջ նրանց սպանած չլինեին: Նրան հայտնի էր նույնպես, երբ խուզարկուները հսկողության ներքո առին ծերունի Խաչոյի տունը, նա հեռացրեց իր տնից կանանց սեռը, որոնք անշուշտ պետք է ծածկված լինեին բարեկամների և ազգականների մոտ, և Լալային անտարակույս իրանց հետ տարած կլինեին, և այսպիսով ազատ կմնային ծերունու տանը հասած՝ աղետալի դժբախտությունից: Բայց ի՞նչ կլիներ նրանց վիճակը, եթե միևնույն դժբախտությունը պատահած լիներ և այն տների հետ, ուր պատսպարված էին նրանք...

Հովիվի խոսքերի մեջ մի մխիթարական կետ ևս կար. «Գյուղացիների մեկ մասը կոտորեցին, մեկ մասը գերի տարան, շատերն էլ փախան և ազատվեցան», — ասաց նա: Գուցե այդ փախչողների թվում լիներ Խաչոյի ընտանիքը, — մտածում էր Վարդանը, — գուցե Լալան ևս նրանց մեջ լիներ: Բայց ո՞ւր գնացին, ո՞րտեղ փախան, այդ հարցերը սկսեցին տանջել Վարդանին: Հովիվները մի որոշ բացատրություն տալ չկարողացան: Անցքերը պատահել էին գիշերով և այնքան հանկարծակի կերպով, որ ամեն ինչ թաքնված էր խավարի և մթության մեջ: Բայց Վարդանը իր գալու ժամանակ նկատեց, որ Ալաշկերտի ամբողջ գավառը դատարկված էր հայերից: Անկարելի էր, որ բոլորին կոտորած կամ գերի տարած լինեին, ուրեմն, պետք է տեղի ունեցած լիներ մի սարսափելի գաղթականություն, — դեպի ո՞ր կողմը, դեպի ո՞ր երկիրը...

ԼԵ

Հեռանալով ծերունի Խաչոյի տան ավերակներից, Վարդանը չգիտեր ուր գնալ: Հովիվներից ստացած տեղեկությունները այն աստիճան անորոշ և մթին էին, որ նա դժվարանում էր մի վճռական քայլ անել:

Երեկոյան ժամն էր արդեն.արևը թեքվում էր դեպի իր գիշերային մուտքը: Վարդանի աչքի առջև դրած էին միևնույն տխուր և տրտում տեսարանները. — ավերակ, անմարդաբնակ գյուղեր, մշակությունից զրկված դաշտեր, և ավելի ոչինչ: Մի՞թե այդ ամբողջ գավառում մի հատ հայ չէ՞ մնացել, — մտածում էր նա: Հանկարծ դատարկ անապատի մեջ երևաց մի մարդկային կերպարանք: Նա դանդաղ և անհավասար շարժումներով բարձրանում էր դեպի լեռան զառիվերը, երբեմն կանգ առնելով, երբեմն իր շուրջը նայելով և երբեմն քարերից բռնելով, որ ցած չգլորվի: Այսպես հասավ նա մինչև սեպացած քարաժայռի գագաթը, որ կախ էր ընկած անդունդի վրա: Արևի վերջալույսով նկարված էր նրա փոքրիկ մարմնի գծագրությունը, որ անշարժ արձանի նման, քարաժայռի գագաթից նայում էր դեպի լայնատարած հովիտը, ուր մի քանի օրվա մեջ կատարվել էին այնքան շատ եղեռնագործություններ, այնքան շատ ավերումներ: Երկար այնպես նայում էր նա, և կարծես, մտածում էր մի բան վճռել, որը խիստ ծանր էր նրան: Վարդանի ուշադրությունը չէր կարող չգրավել այդ երևույթը, որ նախագուշակում էր մի տարօրինակ վախճան: Նա իր ձիու սանձը քաշեց և սկսեց հեռվից նայել:

Վարդանը տեսավ, որ քարաժայռի գլխին արձանացած մարմինը մի քանի հուսահատական շարժումներ գործեց, կրկին նայեց դեպի լայնատարած հովտի ավերակները, հետո աչքերը ձեռքերով բռնելով, իրան ցած գցեց քարաժայռի բարձրությունից դեպի իր առջև բացված անդունդը: Փոքրիկ մարմինը գնդակի նման գլորվելով, երբեմն քարերին զարկվելով, արագությամբ պտույտվում էր մի տեղ կանգ առնելու: Վարդանը ձին առաջ քշեց, մի րոպեում հասավ լեռան ստորոտը, օգնություն հասնելու: Մարմինը դեռ գլորվում էր, բայց նա բոլորովին չհասավ մինչև անդունդը: Ժայռերի պատռվածքից բուսած թուփերը բռնեցին նրան: Վարդանը այժմ ուրախ էր: Նա հույս ուներ ազատել անձնասպանի կյանքը: — Նա վեր նայեց, տեսավ, որ մարմինը գտնվում էր ավելի քան հիսուն ոտնաչափ բարձրության վրա, և անշարժ բռնված էր թուփերի մեջ: Ի՞նչպես ցած բերել նրան, — այդ եղավ երիտասարդի հոգածության առարկան:

Նա ցած իջավ ձիուց և սկսեց հետազոտել պարսպի նման վեր բարձրացած քարաժայռի մակերևույթը, որոնելով մի ճանապարհ, որ մատչելի լիներ թուփերին: Ոչ մի կողմից ելք չկար: Մարմինը տակավին անշարժ գտնվում էր իր տեղում, առանց կենդանության մի նշույլ անգամ ցույց տալու: Արդյոք ի՞նչն էր ստիպել այդ թշվառին անձնասպանություն գործել: Վարդանի տխուր շրջապատը այժմ այն աստիճան խորհրդավոր նշանակություն էր ստացել նրա համար, որ յուրաքանչյուր չնչին առարկայի մեջ անգամ գաղտնիքներ էր տեսնում:

Նա նկատեց, որ առանց իր կյանքը վտանգի ենթարկելու անկարելի էր ազատել թշվառին, որը գուցե դեռ մեռած չէր, որին գուցե դեռ կարելի կլիներ օգնել: Կարեկցության զգացմունքը նրան մոռանալ տվեց իր անձը և հանձն առեց մի վտանգավոր ձեռնարկություն: Նա նկատեց, որ ժայռի կուրծքի վրա բուսած թփերից, կամ ցցված քարերից բռնելով, կարելի էր վեր բարձրանալ, եթե նրանք այնքան ամուր էին, որ կարողանային պահել իր մարմնի ծանրությունը: Վարդանը օձի դյուրաթեքություն և կատվի արագաշարժություն ուներ: Նա ձեռքը տարավ, բռնեց առաջին սեպացած քարից, և ճանկռտելով սկսեց վեր բարձրանալ: Մի քանի արշին հազիվ էր բարձրացել գետնի մակերևույթից, հանկարծ ձեռքի բռնած քարի կտորը պոկվեցավ և ինքը ցած գլորվեցավ: «Այստեղից հարմար չէ», — մտածեց նա, առանց ուշադրություն դարձնելու իր ձեռքերի վրա, որոնք քսվելով քարերի սուր ժանիքներին, քերթվեցան և արյունը դուրս ցայտեց վերքերից:

Վարդանը այն տեսակ բնավորություններից էր, որ դժվարությունները ավելի բորբոքում էին նրա եռանդը, և կարծես, վիրավորում էին նրա անձնասիրությունը, թե ի՞նչու հաղթել չէր կարողանում: Նա շտապում էր: Արեգակը մտնելու վրա էր: Մի քանի րոպեից հետո խավարը կթանձրանար և արգելք կդներ նրա հաջողությանը: Նրա գլխում ծագեց մի միտք: Նա առեց երկայն պարանը, որ կապած ուներ ձիու թամբին: Դա նրա զենքերից մեկն էր և ծայրին կապված էր կապարյա մի ձվաչափ գնդակ: Նա գնդակը վեր նետեց և պարանի ծայրը ամուր կերպով փաթաթվեցավ մի ծառի կոճղից, որ հեռու չէր անձնասպանի ընկած տեղից: Բռնելով պարանի մյուս ծայրից, նա սկսեց սարդի արագությամբ վեր բարձրանալ, և մի քանի վայրկյանի մեջ գտնվում էր անշնչացած դիակի մոտ: Նա գրկեց դիակը, և որքա՜ն մեծ եղավ նրա զարհուրանքը, երբ նկատեց, որ իր գրկում գտնվում էր Թոմաս էֆենդին: Մի րոպեում բարկությունը, զզվանքը, ատելությունը և վրեժխնդրության կատաղի զգացմունքը փոփոխակի կերպով պաշարեցին նրա սիրտը: Նա պատրաստ էր այդ գարշելի մարմինը կրկին ցած գլորել ժայռի բարձրությունից անդունդի մեջ, որ մնացած ոսկորներն էլ ջախջախվեին, որ նա գազանների ու գիշակեր թռչունների կերակուր դառնար: Բայց մի՞թե կարելի էր այսպես անգթությամբ վարվել անշնչացած մարմնի հետ. — այդ հեռու էր Վարդանի մեծահոգությունից: Նա զգուշությամբ դիակը պարանով ցած թողեց և ինքն էլ նրա ետևից վայր իջավ:

Next page