Րաֆֆի՝   Խենթը

Վարդանի առաջին հոգսը եղավ ստուգել՝ արդյոք նա մեռա՞ծ էր, թե տակավին կենդանի էր: Ոսկորները մի քանի տեղ ջարդված էին, գլուխը և երեսը քարերին զարկելով, քերթվել, այլանդակվել և արյունով շաղախված էին, բայց շնչառությունը դադարած չէր, երևում էր, որ ուշագնացության մեջ է գտնվում: Այդ չարագործը, որ այնքան վշտեր էր պատճառել Վարդանին, որ հազարավոր տների կործանման և մի ամբողջ գավառի ամայության պատճառ էր դարձել, իր այժմյան ողորմելի դրության մեջ շարժեց Վարդանի գութը: Գուցե ավելի բարեբախտ վիճակի մեջ, եթե էֆենդին նրա ձեռքը ընկնելու լիներ, Վարդանը կսպաներ նրան, բայց այժմ նրա առջև դրված էր մի դիակ, որին պետք էր խղճալ, որը օգնության էր կարոտ:

Վարդանը շատ գործ էր ունեցել վիրավորների հետ. ինքը շատ անգամ վերք էր ստացել, և այդ մասին հարկավորելիք սպեղանիները նա միշտ իր հետ էր ման ածում: Նրա առաջին հոգսը եղավ փաթաթել էֆենդու գլխի և երեսի վերքերը, և դադարեցնել արյան հոսումը: Գիշերային խավարը պատել էր արդեն. երկինքը ծածկված էր սև թուխպերով, սաստիկ քամին և որոտը գուշակում էին մոտալուտ մրրիկ: Վարդանը մտածում էր այժմ մի օթևան գտնել: Նա վեր առեց դիակը, կապեց ձիու վրա, բայց չգիտեր դեպի ո՞ր կողմը դիմել: Մերձակա հայոց բազմաթիվ գյուղերում մի հայ անգամ չէր մնացել:

Վարդանը մտաբերեց, որ այն տեղից ոչ այնքան հեռու պետք է գտնվեր քրդերի մի գյուղ, սկսեց դիմել դեպի այն կողմը, իր ետևից քարշելով ձիու երասանակը, որի վրա կապված էր վիրավորը: Այժմ երիտասարդը աղոտ կերպով հասկանում էր, թե ի՞նչ պետք է հարկադրած լիներ էֆենդուն, որ նա անձնասպանությամբ աշխատում էր հանգստացնել իր խղճի խայթը: Միթե զղջացե՞լ էր նա, որ այնքան արյան, արտասուքի և այնքան ավերմունքների պատճառ դարձավ...

Վարդանի հիշողությունը չխանգարեց նրան. խավարի միջից նշմարեց լույսի նշույլները. գյուղը պետք է այնտեղ լիներ, բայց դեռ բավական հեռու էր: Անձրևը այժմ ավելի սաստիկ սկսեց տեղալ. նա հանեց իր վերարկուն, որի մեջ փաթաթված էր, և նրանով խնամքով ծածկեց էֆենդու մարմինը: Գիշերից բավական անցել էր, երբ նա հասավ գյուղի մոտ: Տները, որպես առհասարակ լինում են քրդերի գյուղերում, գետնափոր խրճիթներ էին: Վարդանը մոտեցավ առաջին հանդիպած տանը, ձեռքը մեկնեց դեպի դուռը, տեսավ, որ բաց էր: — Ահա մի բախտավոր ժողովուրդ, որ գողերից երկյուղ չունի և քնում է առանց իր տան դուռը կողպելու, — մտածեց նա:

Խրճիթում ճրագ չէր երևում, տանեցիք պառկած էին: Վարդանը սկսեց բախել դուռը: Քանի րոպեից հետո ներսից լսելի եղավ կանացի ձայն.

Ո՞վ ես:

Աստուծո հյուր եմ:

Հյուրի անունը բավական էր, որ նրանց ներս թողնեին: Կինը իսկույն ճրագ վառեց և ընդունեց նրանց: Երևում էր, որ նա հանված և քնած էր, որովհետև հագին միայն կարմիր շապիկ ուներ, որ իջնում էր մինչև մերկ սրունքները: Կնիկը օգնեց Վարդանին, երկուսը միասին ներս տարան էֆենդուն և պառկեցրին օթոցի վրա:

Հիվա՞նդ է:

Ոչ, վիրավորված է:

Մանկահասակ կինը իսկույն բերեց մի փոքրիկ արկղիկ, որի մեջ կային զանազան տեսակ սպեղանիներ և մի քանի, կոպիտ կերպով պատրաստված, վիրաբուժական գործիքներ:

Ես մեր տան բժիշկն եմ, — ասաց նա բաց անելով արկղիկը, — երբ ամուսինս կռվի մեջ վերք է ստանում, ես եմ դարմանում նրան: Առաջ սկեսուրս էր բժշկում, հիմա նա պառավել է. ես նրանից սովորեցա:

Վարդանը որքան մեծ հավատ ուներ քրդերի վիրաբուժական հմտությունների մասին, դարձյալ շնորհակալություն հայտնեց, թե ինքն էլ փոքր ինչ հասկանում է այդ արհեստը և առաջուց հոգացել է վիրավորի մասին ինչ որ պե՛տք էր:

Այս պատասխանը թեև փոքր ինչ դիպավ մանկահասակ կնոջ սրտին, որ ցանկանում էր ցույց տալ իր շնորհքը, այսուամենայնիվ, նա հանգստացավ, երբ տեսավ, որ հիվանդի վերքերը փաթաթված էին:

Այժմ պետք է ձեր ձիուն խնամք տանել, խեղճը մնաց դրսում:

Դուք նեղություն մի՛ կրեք, — ասաց երիտասարդը, — միայն ինձ ցույց տվեցեք, թե որտեղ պետք է կապել:

Մանկահասակ կինը առեց ճրագը, առաջնորդեց հյուրին և բակի մեջ ցույց տվեց մի տեղ: Վարդանը նայեց իր շուրջր, տեսավ բակը շրջապատած էր խիստ ցածրիկ ցանկապատով:

Այստեղ երկյուղ չկա՞, — հարցրեց նա:

Ի՞նչ երկյուղ, — պատասխանեց կինը, ծիծաղելով, — գողը գողի տնից բան չի տանի:

Երանի՜ ձեզ, — ասաց Վարդանը իր մտքում:

Վարդանը աչք ածեց իր շուրջը, տեսավ, որ խրճիթի մեջ բացի մանկահասակ կնոջից և մի քանի երեխաներից, որ պառկած էին հատակի վրա, ուրիշ ոչ ոք չկար: Բայց նրանց ոտնաձայնը զարթեցրուց պառավ սկեսուրին, որ մնացել էր աննկատելի: Նա գլուխը բարձրացրեց, նստեց իր անկողնի մեջ, հարցնելով.

Սարո, դո՞ւն ես, եկա՞ր, որդիս:

Սարոն չէ, — պատասխանեց մանկահասակ կինը, մոտենալով, — հյուր է:

Պառավը լսելով, որ որդին չէ, գլուխը կրկին դրեց բարձի վրա և իսկույն քնեց:

Աչքերը չէ ջոկում, կարծում է, որ որդին է վերադարձել-իմ ամուսինը:

Ո՞րտեղ է ձեր ամուսինը, — հարցրեց Վարդանը հետաքրքրվելով:

Բայազեդի մոտ. գնացել է կռվելու, մեր գյուղում մի տղամարդ չես գտնի. բոլորը այնտեղ են: Ես էլ երկու օր է, որ եկել եմ, գնացել էի ավար բերելու:

Շա՞տ բերեցիր:

Քիչ չէր, աստուծո տվածից պետք է գոհ լինել, թե շատ լինի և թե քիչ:

Ազատ դո՜ւստր ազատ ժողովրդի, — մտածեց Վարդանը, — որքա՜ն կյանք, որքա՜ն պարզություն կա քո մեջ: Դու ինչով ես մեղավոր, որ քեզ սովորեցրին նայել ավարի վրա, որպես մի արդար վաստակի վրա: Եթե դու կրթված լինեիր, կյանքի այլ պայմանների մեջ, քո այդ հարուստ ձիրքերով կլինեիր մարդկության հրաշալիքը:

Վարդանը այժմ դարձավ դեպի վիրավոր էֆենդին, մարմինը շոշափեց, բոլորովին տաք էր. շնչառությունը այժմ ավելի կանոնավոր էր. միայն երբեմն արձակում էր խուլ հառաչանքներ: Քրդուհին կրկին սկսեց թախանձել, թե ցանկանում է նայել վիրավորին: Վարդանը թույլ տվեց. նա գիտեր, որ վիրաբուժության արհեստը շատ առաջ է գնացել քրդերի մեջ, որոնց համար վերքը և արյունը սովորական դեպքեր են, և նրանց բժշկությունը կենսական անհրաժեշտություններից մեկն է:

Երկյուղ չկա, — ասաց քրդուհին վերջացնելով իր գործողությունը, — վերքերը աննշան են, բայց ոսկորների մեջ ջարդվածներ կան, երևում է, որ հիվանդը մի տեղից պետք է ցած ընկած լինի:

Վարդանը ոչինչ չպատասխանեց:

Այժմ ձեզ համար պետք է ուտելու մի բան պատրաստել:

Երիտասարդը այժմ միայն զգաց, որ քաղցած է, որ ամբողջ օրը ոչինչ չէր կերել: Բայց լինում են րոպեներ, որ մարդը թեև քաղց է զգում, բայց ուտելու ախորժակ չունի: Նա այդ դրության մեջ էր. վիշտը և սրտի ցավը կշտացրել էին նրան:

Ոչինչ պատրաստություն պետք չէ, — պատասխանեց նա, — ինձ միայն տվեցեք մի կտոր հաց և պանիր:

Վարդանի համեստ պահանջը վիրավորեց քրդուհու հյուրասիրական զգացմունքը, որ ցանկանում էր նրա համար մի տաք կերակուր պատրաստել:

Մի՛ խնդրեցեք մեզ, — ասաց նա ժպտալով, — մենք այժմ այնպես աղքատ չենք, որպես առաջ:

Այո՛, Բայազեդը հարստացրեց ձեզ...

Բացի Բայազեդից, մենք այստեղ հունձ ունեցանք... Անցյալ տարի հիվանդությունը մեր բոլոր անասունները կոտորեց, մնացինք առանց կտոր հացի, բայց այս տարի աստված փոխարենը տվեց: Այստեղի բոլոր հայերը գաղթեցին, գնացին և իրանց հարստության մեծ մասը թողեցին քրդերին:

Ո՞ւր գնացին:

Չեմ իմանում, բայց այնքան շտապով և այնքան հանկարծ եղավ նրանց գաղթականությունը, որ ժամանակ չունեցան ամեն բան իրանց հետ վեր առնել, աշխատում էին շուտով փախչել, որ թուրքերը չկոտորեն նրանց:

Ազատվեցա՞ն:

Մնացածներից շատերին կոտորեցին:

Սարսափելի իրականությունը փոքր առ փոքր պարզվում էր Վարդանի համար: Անշուշտ կատարվել էր հայերի մի ընդհանուր գաղթականություն այս գավառից: Բայց դեպի ո՞ր կողմը և ի՞նչ պատճառով, — քրդուհին նրան որոշ բացատրություններ տալ չկարողացավ: Վարդանը ընկավ դառն մտածությունների մեջ: Նա բոլորովին մոռացավ իր քաղցածությունը, և մինչև անգամ չէր նկատում գեղեցիկ քրդուհուն, որ իսկույն օջախի մեջ կրակ վառեց և սկսեց նրա համար ձվածեղ պատրաստել:

Ուրիշ ժամանակ, սրտի ավելի ուրախ տրամադրության մեջ, որևիցե երիտասարդ չէր կարող առանց հիացմունքի նայել գեղեցիկ կնոջ դալար հասակի վրա, որ իր պարզ շապիկի մեջ դարձյալ սքանչելի էր: Գիշերային անկողնից նոր վերկացած լինելով, գլխին քող չուներ նա, միայն թանձր և թուխ գիսակներ պսակի ձևով կապած ուներ սիրուն ճակատի վրա: Այսպիսի գլուխ այսպիսի հարուստ մազերով, այսպիսի դեմք այսպիսի փայլուն աչքերով, կարող էին ունենալ լեռնային կիսամերկ հավերժահարսունքը միայն, որոնք աղբյուրների հստակության մեջ են տեսնում իրանց գեղեցկությունը:

ԼԶ

Գիշերը անցել էր կեսից: Քրդի փոքրիկ խրճիթի մեջ ճրագը դեռ վառվում էր: Պարզ նահապետական ընտանիքը քնած էր. բոլորը միևնույն հարկի տակ, բոլորը միևնույն չորս պատերի մեջ: Մի կողմում պառավ սկեսուրը իր անկողնի մեջ խռմփում էր. նրա մոտ պառկած էին երեխաները և ցերեկվա անհանգստությունից խառն երազներ էին տեսնում և քնի քաղցրության մեջ անդադար խոսում էին ու ժպտում: Իր զավակների շարքում պառկած էր մայրը: Լեռնային ազատ և պարզամիտ աղջիկը բոլորովին բնական էր համարում անծանոթ հյուրի աչքի առջև անկողին մտնել: Խրճիթի տաքությունից նա վերմակը մի կողմն էր ձգել և կիսով չափ երևում էր նրա գեղագրական կուրծքը, որ սքողած էր գլխի խիտ ծամերով: Նրա քունը հանգիստ էր, որպես անմեղ այծյամի քունը:

Այժմ հասկանում եմ, թե ինչու մարդկության առաջին զույգը բոլորովին մերկ էր ապրում, — մտածում էր Վարդանը, — նրանք սկսեցին ծածկվել այն ժամանակ, երբ զգացին, թե ինչ բան է մեղքը: Այդ ժողովուրդը դեռ չգիտե, թե ինչ բան է մեղքը, և այդ պատճառով նրան անծանոթ է այն գաղափարը, որ աշխարհային լեզվով կոչվում է ամոթ, պատկառանք, և պատշաճավորություն: Ահա մի գեղեցիկ ժողովուրդ իր սկզբնական պարզության մեջ, դրանից կարելի է հրաշալի բան շինել: Վայրենի տունկը, երբ պատվաստվում է մշակված և ավելի քաղաքակրթված տունկի հետ, հիանալի պտուղներ է տալիս: Ի՞նչ կլիներ, եթե այդ առողջ և կենդանի տարրը խառնվեր հայերի հետ...

Բոլորը քնած էին. Վարդանը միայն արթուն էր: Այսպես երկար նստած էր նա, և տխուր ու խառն մտածությունները անկապ կերպով ամբոխվում էին նրա սրտի մեջ: Երբեմն նա իր բորբոքված երևակայության մեջ նկարագրում էր ալաշկերտցոց աղետալի գաղթականությունը: «Փոփոխական ծառը արմատ չէ տարածում մայր հողի մեջ և գոսանում է»: Այդ ազգը իր պատմության ամբողջ ընթացքում մաշվեցավ, գոսացավ և մեծ մասամբ ոչնչացավ իր անմիտ գաղթականության թափառումների մեջ և տակավին խելքի չեկավ: — Ահա մի նոր գաղթականություն ևս: Եվ շատ բնական է: Մի ծառ, որ խորին և հաստատուն կերպով արմատ չէ ձգել մայր հողի մեջ, չէ կարող դիմանալ աշխարհի փոթորիկներին, — փչեց քամին, կատաղի մրրիկը նրան դուրս կխլե արմատից և կձգե կորստյան անդունդի մեջ... Երբեմն նրա երևակայության մեջ պատկերանում էր պարոն Սալմանի եռանդուն դեմքը, կարծես, լսում լիներ ոգելից երիտասարդի գեղեցիկ խոսքերը. նա խոսում էր առանց լռելու, քաղցր և անընդհատ կերպով. թեև երբեմն խակ մտքեր էր հայտնում, բայց բոլորը հաստատ հավատքով, բոլորը ջերմ սրտից բխած: Երբեմն մտաբերում էր նա Մելիք-Մանսուրին, այդ կոշտ, արկածախնդիր մարդուն, որ միշտ մի առանձին բավականություն էր գտնում կյանքի վտանգավոր և փոթորկալից աղմուկների մեջ: Երբեմն նա մտաբերում էր ծերունի Խաչոյին, այդ առաքինի նահապետին, որ ուներ այնքան սեր և գութ դեպի իր կառավարության հանձնված ժողովուրդը, որը պատրաստ էր ընդունել ամեն զոհաբերություն, գեթ մի թշվառի աչքերից արտասուքը սրբված լիներ: Երբեմն մտաբերում էր նրա որդիներին, որոնցից ոմանք ստրկության դառն լծի տակ կորցրել էին ամեն զգացմունք դեպի անհատական ազատությունը և դեպի կյանքի ավելի բարեբախտ պայմանները, իսկ ոմանք բողոք էին հայտնում տիրող անկարգությունների, անարդարության և բռնակալության դեմ: — Այդ բոլոր խորհրդածությունների մեջ նրա միտքը դեգերվում էր, պտտվում էր, և անցնելով անհուն մթությունների միջից, վերջապես կանգ էր առնում մի կետի վրա, որից այն կողմը չէր անցնում. այդ կետը Լալան էր:

Այժմ նրա ուշադրությունը գրավեց էֆենդին: Նրա շնչառաթյունը հետզհետե ծանրանում էր, ձեռքերը անդադար շարժվում էին և սեղմված շրթունքների միջից լսելի էին լինում անորոշ խոսքեր խուլ հառաչանքների հետ: Նա գտնվում էր տենդային զառանցության մեջ: Վարդանը լսում էր նրան, բայց ոչինչ չէր հասկանում: Երևում էր, որ նա տանջվում էր հոգեկան սաստիկ պատերազմի մեջ: Այդ տևեց մի քանի րոպե, հետո փոքր առ փոքր սկսեց հանգստանալ: Այդ միջոցին գլուխը վեր բարձրացրեց, ուղղվեցավ, նստեց անկողնի մեջ, աչքերը բաց արավ, և մի վայրենի հայացք ձգելով իր շուրջը, կրկին գլուխը դրեց բարձի վրա և կրկին փակեց աչքերը:

Ա՜խ, եթե այստեղ մի հայ լիներ... — լսելի եղավ նրա խորին նվաղած ձայնը:

Կա, — պատասխանեց Վարդանը մոտենալով:

Տուր ինձ ձեռքդ:

Վարդանը զզվանքով ետ քաշվեցավ:

Այժմ ո՞րտեղ եմ ես... ո՞վ բերեց ինձ այստեղ... ի՞նչու այսպես շուտ դուրս բերեցին ինձ դժոխքից... այնտեղ լավ էր, այնտեղ շատ լավ էր: Կրակի ալիքների մեջ, որպես մի հրեղեն օվկիանում ծփում էի ես... հազար գլխանի վիշապները իրանց սառը գրկի մեջ ճնշում էին, խեղդում էին ինձ... Հիմա էլ տեսնում եմ նրանց, ահա՛ այնտեղ հեռավոր բոցերի մեջ, գալարվում են, լեռների նման կուտակվում են միմյանց վրա... Ո՜րքան քաղցր է եղեռնագործին այդ հրեշների ճանկերի մեջ տանջվել, գիշատվել, բայց բողոքելու համարձակություն չունենալ, և իրան արժանի համարել ավելի սարսափելի չարչարանքների...

Նա կրկին բաց արեց իր պղտորված աչքերը, նայեց Վարդանի վրա, բայց չճանաչեց, և դառնալով նրան շարունակեց.

Ինձ վիճակված էր, բարեկամ, ամենասոսկալի մասը արդարադատի գեհենի մեջ, և դրանով ես պարծենում եմ... Այս աշխարհում ես չկարողացա բարձր տեղ բռնել, իսկ այնտեղ այդ հաջողվեցավ ինձ... Ոչ ոք ինձ հետ մրցություն անել չկարողացավ: Ես տեսա Վասակին, Մերուժանին, Վեստ Սարգսին, Կայենին և այլ դրանց նման չարագործներին, նրանք նախանձվում էին իմ փառքին... Ա՜խ, որքան մեծ բավականություն է հրեղեն ալիքների մեջ լողալ, զգալ նրա զարհուրելի ջերմությունը, այրվել, խորովել և երբեք մոխիր չդառնալ... Այդ շատ լավ է, որ վախճան չունի, հավիտենականության մեջ ամեն ինչ լավ է...

Թե որպիսի երևակայական ցնորքների արտադրություն էին այդ խոսքերը, Վարդանին դժվար չէր հասկանալ: Բայց նա այդ խոսքերի մեջ նկատում էր զղջացած սրտի ապաշխարանքը: Այդ պատճառով նա մոռացավ իր բոլոր ատելությունը դեպի այդ թշվառ մարդը և բռնելով նրա ձեռքից, ասաց.

Զգաստացեք, էֆենդի, դուք շուտով կառողջանաք, ձեր վերքերը այնքան վտանգավոր չեն:

Ես լսում եմ մի ծանոթ ձայն:

Վարդանի ձայնը:

Նա ամբողջ մարմնով ղողաց, և հեռացնելով իրանից Վարդանի ձեռքը, գոչեց.

Հեռացրեք ինձանից ձեր ձեռքը, ես կարող եմ պղծել նրան, հեռացեք ինձանից, ես կարող եմ թունավորել ձեզ... Վարդան, ես ճանաչում եմ ձեզ, դուք բարի, միևնույն ժամանակ անողորմ սիրտ ունեք: Գործ դրեցեք ձեր բոլոր անգթությունը և հենց այս րոպեում սպանեցեք ինձ. դրանով մեծ բարերարություն արած կլինեք ինձ, ձգեցեք իմ դիակը Ալաշկերտի անապատների մեջ, որ ես ինքս ամայի դարձրի. թող գազանները գիշատեն նրան: Կամ եթե այնքան բարի կլինեք, ձգեցեք իմ դիակը մի փոսի մեջ և ծածկեցեք հողով. այնտեղից ես ճանապարհ կգտնեմ դեպի անդունդը, դեպի անշեջ հրո և տանջանքների հավիտենական կայարանը: Բայց, ոչ, ոչ, ես Հայաստանի հողին արժանի չեմ, իմ գարշելի դիակը կպղծի նրա սրբությունը...

Զգաստացեք, էֆենդի, — կրկնեց Վարդանը, — դուք չեք մեռնի. ես ամեն խնամք գործ կդնեմ, որ դուք կենդանի մնաք:

Ես կարծում էի, թե ինձ հեշտ կլինի մեռնել և աչքերս հավիտյան փակել գործած չարություններս չտեսնելու համար: Բայց ոչ, երկնային վրեժխնդիրը ավելի զորավոր է, քան չնչին մարդը: Նա ինձ թողեց, որ դեռևս երկար տեսնեմ այն երկիրները, որոնց ավերիչներին առաջնորդ դարձա, որ դեռևս երկար տեսնեմ թշվառ շինականների խրճիթները, որ ես դատարկեցի բնակիչներից, տեսնել և տանջվել խղճի դառն խայթից, դա սարսափելի տանջանք է... Ես ամբողջ գավառների սպանման գործիքը դարձա, բայց իմ անձասպանել չկարողացա:

Վերջին խոսքերը արտասանեց նա խորին մաղձային դառնությամբ, որ արտահայտում էր նրա բարոյական տանջանքը, թե որ աստիճան ձանձրացել էր կյանքից և ցանկանում էր հանգստություն գտնել գերեզմանի մոռացության մեջ:

Այդ միջոցին զարթնեց տանտիկինը:

Ձեր հիվանդը անհանգիստ է երևում, — ասաց նա, — չե՞ք ցանկանա մի բան:

Ոչինչ պետք չէ, նա ջերմի մեջ է, կարելի է շուտով կանցնի...

Քրդուհին մոտեցավ հիվանդին, և ուշադրությամբ նայելով նրա վրա, հարցրուց.

Ես ճանաչում եմ այդ մարդուն. դա Թոմաս էֆենդին չէ՞:

Նա ինքն է:

Խե՜ղճ, քանի օր առաջ տեսա բոբիկ, գլուխը բաց և պատառոտած շորերով թափառում էր մեր կողմերում: Երբ մարդիկ մոտենում էին, ճչում էր, աղաղակներ էր բարձրացնում ու փախչում: Ասում էին, ցնորված է:

Վարդանը նոր մտաբերեց, որ էֆենդուն հանդիպեց նույն դրության մեջ, որպես նկարագրում էր նրան քուրդ կինը: Նրա մեջ երևում էին ցնորվածի բոլոր նշանները, դեռ այն ժամանակ, քանի որ նա իրան դեռ ցած չէր գլորել ժայռի բարձրությունից: Բայց ի՞նչու խելագարվեցավ նա. մի՞թե էֆենդու նման մի փչացած բնավորության մեջ կարող էր բարոյական տանջանքը այն աստիճան հարված պատճառել:

Պատմում էին, թե էֆենդին սիրելիս է եղել մի աղջկա, և ալաշկերտցոց գաղթականության ժամանակ կորել է աղջիկը. ասում էին, որ անհայտ մարդիկ գողացել են աղջկան:

Ի՞նչ մարդիկ... ի՞նչ աղջիկ... — գոչեց Վարդանը խռովյալ ձայնով և նրա դեմքը ընդունեց զարհուրելի արտահայտություն:

Չեմ իմանում, այդպես էին ասում:

Վարդանի հարցը ավելորդ էր. նա առաջ եկավ ակամա հետաքրքրությունից, որ պատահում է հուսահատ մարդերի հետ: Վարդանը գիտեր, թե ով էր էֆենդու ցնորքի առարկան, այժմ նրան կորցրել էր... այժմ նրան գողացել էին... — դրանով ոչնչանում էին Վարդանի մնացած հույսի նշույլները, թողնելով նրա հանգած սրտի մեջ տխուր հիշողությունների այրված մոխիրը միայն:

Գիշերը աննկատելի կերպով անցել էր, առավոտյան լույսը սկսել էր բացվել. դրսից լսելի էր լինում թռչունների ուրախ երգը. փոթորկալից և անձրևային գիշերին հաջորդել էր ամառային վարդակարմիր առավոտը:

Հանկարծ խրճիթի դռնից ուրախությամբ ներս վազեց մի աղջիկ. երևում էր, որ հեռու տեղից էր գալիս, որովհետև ոտքիցգլուխ թրջված էր և երկայն հագուստի ստորին մասերը թաթախված էին ցեխի մեջ:

Ջավո՜... — կոչեց տանտիկինը և գրկեց նրան:

Քո՛ւյրս... — կոչեց աղջիկը և իր կարմրած թշերը մոտեցրեց նրա շրթունքին:

Վարդանը, կարծես, առժամանակ մոռացավ իր ցավը և սկսեց նայել երկու քույրերի ջերմ գրկախառնության վրա: Եկվորը մի բարձրահասակ աղջիկ էր ցամաք կազմվածքով և բավական գեղեցիկ դեմքով: Նա կրում էր իր քրոջ սև, վառվռուն աչքերը, որոնք ուրախությունից ավելի անհանգիստ և ավելի շարժուն էին այժմ: Նրա թե՛ դեմքը և թե՛ անունը ծանոթ էին երևում Վարդանին, բայց թե ո՞րտեղ և երբ էր տեսել նրան, — դժվարանում էր հիշել:

Գիտե՞ս ինչ կա, — խոսեց գեղեցիկ աղջիկը, — Ջավոն դրանից հետո քեզ մոտ կմնա, շատ ժամանակ քեզ մոտ կմնա, տիկինը արձակեց Ջավոյին:

Որքան ուրախալի լինեին այդ խոսքերը, որքան քաղցր լիներ երեց քրոջը Ջավոյին երկար ժամանակ իր մոտ տեսնելը, այսուամենայնիվ, նա բոլորովին շփոթվեցավ, երբ լսեց, թե տիկինը արձակել է նրան: Ի՞նչ պատճառով պետք է արձակած լիներ, քանի որ առաջ խիստ դժվարությամբ էր հեռացնում Ջավոյին, երբ նա ցանկանում էր երբեմն իր քրոջը տեսության գնալ:

Ի՞նչ է պատահել:

Մի՛ վախիր, չար՝ ոչինչ չէ պատահել:

Եվ Ջավոն սկսեց պատմել, թե տիկինը առժամանակ միայն արձակեց, որ բնակվի իր քրոջ մոտ մինչև կրկին կանչել կտա: Տիկինը Ջավոյին փող տվեց, հագուստներ բաշխեց, շատ-շատ լավ բաներ ընծայեց, և բոլորը Ջավոն բերեց իր հետ:

Տե՛ս, բոլորը ցույց կտամ քեզ:

Նա սկսեց բաց անել իր հետ բերած կապոցը, որ ցույց տա իր ստացած ընծաները: Բայց երեց քույրը չբավականանալով Ջավոյի տված բացատրություններից, կրկին հարցրուց:

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ արձակեց քեզ:

Ջավոն հետո կպատմի, դա շատ երկար է, այնքան երկար. որքան Լեյլիի և Մաջնունի հեքիաթը: — Հետո նա հայտնեց, թե ինքը խիստ հոգնած է, ամբողջ գիշերը ճանապարհ է եկել, անիծված անձրևը շատ տանջեց նրան, և այժմ սաստիկ քաղց է զգում, խնդրեց քրոջը որ իրան քիչ կաթ տա խմելու: Քույրը շտապով առեց կովկիթը, վազեց փարախը, որ կովը կթե և քրոջ համար թարմ կաթ բերե:

Ջավոն այժմ միայն նկատեց, որ տանը հյուր կա և նրա կրակոտ աչքերը հանդիպեցան Վարդանի հետաքրքրությունով լցված աչքերին:

Նազելի Ջավո, դու Խուրշիդի աղախինն ես, այնպես չէ՞:

Ուղիղ այդպես է:

Ֆաթթահ-բեկի տիկնոջը:

Հենց նրա:

Վարդանը այժմ գտավ խառնաշփոթ թելի ծայրը և դիտմամբ հարցրեց.

Բեկը մի երկրորդ կին էլ ունե՞, այն հայ աղջկան:

Կունենար, եթե Ջավոն սատանայի նման չգողանար նրան:

Հայ աղջկա՞ն:

Հայ աղջկան՝ Լալային, Ստեփանիկին, նա երկու անուն ունի:

Վարդանի սիրտը սկսեց ուրախությունից բաբախել:

Ջավոն ո՞ւր տարավ գողացած աղջկան:

Ջավոն տարավ իր տիկնոջ մոտ և տիկինը ծածուկ ուղարկեց նրանց ռուսաց երկիրը:

Վարդանի դեմքը պայծառացավ մի աննկարագրելի բերկրությամբ, և մոռանալով իրան, գրկեց Ջավոյին և չգիտեր ի՞նչ կերպով հայտնել իր անհուն շնորհակալությունը:

Համբուրիր Ջավոյին, Ջավոն ազատեց նրան:

Ջավոն իմ քույրս է, — ասաց Վարդանը և եղբայրաբար համբուրեց նրան:

Ներս մտավ երեց քույրը, բերելով փրփրադեզ կաթնի ամանը: Ջավոն առեց նրա ձեռքից և միանգամով մինչև կեսը խմեց: Տաք կաթը կազդուրեց նրա հոգնությունը և քաղցը:

Հիմա պատմիր, — ասաց նրան երեց քույրը:

Ջավոն իր հատուկ ձևով սկսեց պատմել, թե իր տիկնոջ ամուսինը՝ Ֆաթթահ-բեկը վաղուց սիրում էր մի հայ աղջկա, որը Օ... գյուղի տանուտեր Խաչոյի աղջիկն էր: (Տանուտերը ծանոթ էր բոլոր հարևան քրդերին): Տիկինը չէր ցանկանում, որ հայ աղջիկը բեկի կինը լինի, որովհետև նա գեղեցիկ էր և կարող էր միանգամայն գրավել բեկի սիրտը: Նախանձից և խանդոտությունից դրդված, տիկինը ամեն կերպով աշխատում էր, որ արգելե այդ ամուսնությունը: Բայց բեկը սաստիկ ընդդիմանում էր նրան: Եվ երբ բեկը դարձավ Բայազեդի կռվից, պատրաստվում էր գնալ բերել հայ աղջկան, այն ժամանակ տիկինը Ջավոյին իր հավատարիմ սպասավորներից երկուսի հետ առաջուց ուղարկեց Օ... գյուղը, որ գնան, և դեռ բեկը այնտեղ չհասած, գողանան և ուրիշ երկիր տանեն Լալային (այսպես էր նրա անունը ): Ջավոն գտավ Լալային նույն գյուղի քահանայի տան մեջ, իր եղբոր կնոջ` Սառայի հետ թաքնված: Սառան վաղուց գիտեր բեկի նպատակը, և երբ Ջավոն պատմեց նրան Խուրշիդի դիտավորությունը, նա ուրախությամբ ընդունեց Լալային վեր առնել և գիշերով մեր սպասավորների հետ փախչել Օ... գյուղից: Նրանք տարան Լալային ռուսաց երկիրը, և բեկը մնաց «վա՜յ կարդալով» և «իր գլխին տալով»: Տիկինը սկսեց ծածուկ ծիծաղել և ուրախանալ, որ խլեց նրանից գեղեցիկ Լալային: Մեր սպասավորները մի քանի օրից հետո դարձան և լուր բերեցին, թե անվտանգ տեղ հասցրին աղջկան: Իսկ Ջավոյին տիկինը ասաց, որ գնա առժամանակ իր քրոջ մոտ մնա, մինչև բեկի բարկությունը անցնի:

Ջավոյի պատմությունը այն աստիճան գրավել էր իր քրոջը և մանավանդ Վարդանին, որ նրանցից ոչ ոք չնկատեց, որ հիվանդը նույնպես ուշադրությամբ լսում էր: Երբ Ջավոն վերջացրեց, լսելի եղավ նրա ձայնը.

Հիմա կարող եմ հանգիստ մեռնել, Լալան ազատված է...

Վարդանը մոտեցավ և բռնեց նրա տատանվող գլուխը, որ դողդողաց և ընկավ բարձի վրա:

— «Սոված էշը գարու հոտն առավ, մինչև գարին բերելը հոգին տվավ»...

Այդ եղավ էֆենդու վերջին խոսքը: Քրդուհին և իր քույրը նույնպես մոտեցան հիվանդին:

Նա մեռավ, — ասաց Վարդանը:

Խե՜ղճ, — կրկնեցին երկու քույրերը:

ԼԷ

Հուլիսի արեգակը սաստիկ այրում էր. կարծես մթնոլորտի ամբողջ տարածությունը լցված լիներ հրեղեն ասեղներով, որոնք կայծերի փոշու նման շողշողում էին, կիզում էին և մեղմ ալիքներով սփռվում էին դեպի ամեն կողմ: Տոթը անտանելի էր: Թռչունները հոգնած, թուլացած, ծածկվել էին ծառերի թավուտներում, որոնց վրա մի տերև անգամ չէր շարժվում մեռած քամուց: Միայն ճանճերը, մոծակները և մանր միկրոսկոպական մժեղները անամոթաբար ասպարեզ էին մտել, և միլիոնավոր խումբերով վժվժում էին, ծվծվում էին, շնչառության հետ մտնում էին մարդու բերանը, քիթը, ականջները, կամ իրանց թունավոր խայթոցներով ավելի էին այրում մարդու մարմնի բաց տեղերը, քան թե արեգակի հրեղեն ճառագայթները:

Ծերունի Վաղարշապատը այդ ժամանակ ներկայացնում էր մի տարօրինակ տեսարան:

Որ կողմը և նայում էիր, ամեն տեղ ամբոխված էր մի սարսափելի բազմություն: Կին և աղջիկ, ծեր և երեխա, — բոլորը կիսամերկ, բոլորը աղքատ, — թափված էին այնտեղ: Փողոցները լի էր մուրացկաններով: Էջմիածնա վանքի պարսպի շուրջը և ներսը, Ներսեսի լճի շրջակա ծառերի հովանու տակ, մինչև Գայանեի վանքը, մինչև նույն կաթողիկոսից տնկարկված անտառի վերջը, ուր կար մի կտոր ստվեր, որ կարող էր պահպանել արևի կիզող ճառագայթներից, — ամեն տեղ կարելի էր տեսնել նույն թշվառ և ողորմելի բազմությունը: — Դրանք ալաշկերտցի գաղթականներն էին:

Երեք հազար ընտանիք, թողնելով իրանց հայրենիքը, թողնելով իրանց տունը, տեղը և բոլոր հարստությունը, թուրքերի սրից և կրակից ազատվելու համար փախել, ապաստան էին գտել այստեղ: Վաղարշապատում չկար մի տուն, ուր 10-20 ընտանիք այդ թշվառներից միմյանց վրա ածված չլինեին: Անասունների ախոռները, մարագները և բակերը լիքն էին նրանցով: Բավական չէր, որ պետք էր կերակրել այդ ահագին բազմությունը, այլ պետք էր և դարմանել, և բժշկել նրանց: Թողնելով Ալաշկերտի հովասուն լեռնադաշտերը, այդ անբախտ ժողովուրդը հուլիսի դժոխային տոթերի ժամանակ հանկարծ ընկել էր Արարատի մեջ, ենթարկվելով զանազան տեսակ հիվանդությունների:

Կեսօր էր. ամառային միջօրեի այն ժամը, երբ գյուղացու աշխատությունը դադարում է դաշտերում, մշակ մարդը և երկրագործական անասունները քաշվում են մի հովանավոր տեղ հանգստանալու համար: Ավելի բախտավոր արարածները առատ ճաշից հետո քնած են լինում իրանց կոկիկ սենյակներում: Օրվա այդ ժամին, բազմաթիվ ալաշկերտցի աղքատների թվում, որ դռնից դուռը ընկած մուրացկանություն էին անում, իր վրա առանձին ուշադրություն էր դարձնում առավելապես մեկը: Դա մի մանկահասակ աղջիկ էր, որի տարիքը 16-ից ավելի չպիտի լինեին: Նիհար և մաշված դեմքը, որ կորցնելով իր բնական գույնը, ստացել էր մի տեսակ դալկային դեղնություն, նայողի վրա այն ազդեցությունն էր անում, որպես թառամած վարդը, որ մոտ էր իր ցավալի վախճանին: Սևորակ աչքերի մեջ նկարված էին խորին տխրություն: Գունատ շրթունքը ցույց էին տալիս, որ նա դեռ ոչ բոլորովին առողջացել էր իրան մաշող հիվանդությունից: Այդ սգավոր դեմքը, որ մի ժամանակ իր գեղեցկությամբ պետք է սքանչելի եղած լիներ, իր այժմյան նիհարության մեջ դարձյալ համակրական և կախարդիչ էր:

Կարծես թշվառության դևը կամեցել էր մի չար կատակ խաղալ այդ նազելի արարածի հետ, և պարուրելով նրան իր քրքրված ցնցոտիների մեջ, աշխատել էր այլանդակել և նսեմացնել գեղեցիկը ու պատկառելին: Բայց դրանով ավելի գրավիչ և ավելի կարեկցության արժանի էր շինել նրան: Հնամաշ և պատառոտած հագուստը հազիվ սքողում էր կիսամերկ մարմինը, երևում էր, որ այդ հագուստի ամեն մի կտորը նա մի բարերար ձեռքից պետք է ստացած լիներ, որովհետև թե՛ իրանց ձևերով և թե՛ գույներով տարբերվում էին միմյանցից. բացի դրանից, մի կտորը լայն էր, մյուսը չափազանց նեղ, մեկը սովորականից կարճ էր, մյուսը շատ երկայն:

Նա դանդաղ դողդոջուն քայլերով գնում էր գյուղի փողոցների մեկի միջով. բոբիկ ոտները դժվարությամբ էր կոխում արեգակի ճառագայթներից տաքացած գետնի վրա, որ շիկացած երկաթի նման այրում էր: Նա իր հետ ման էր ածում երկու փոքրիկ երեխաներ, որոնք երկու հրեշտակների նման քարշ էին ընկած նրա ձեռքերից: Երկար նա գնում էր, և գլուխը ծռած, լուռումունջ կանգնում էր տների դռների մոտ, և առանց համարձակվելու ներս մտնել, ժամերով սպասում էր, մինչև տնեցիներից մեկը նրա վրա ուշադրություն կդարձներ և մի կտոր հաց կտար: Երևում էր, որ նրա հպարտ շրթունքը չէին սովորած ողորմություն խնդրելու, երևում էր, որ նա սնվել և մեծացել էր ավելի բարեբախտ վիճակի մեջ, իսկ այժմ տխուր հանգամանքների պատճառով ընկած էր մի տարօրինակ կյանքի մեջ: Ընկճված անձնասիրությունը, սեփական արժանավորության վիրավորանքը, վաղեմի փառքի կորուստը, բարոյական տանջանքը, — բոլորը միախառնվելով, լցրել էին նրա սիրտը աննկարագրելի դառնությամբ, որ ավելի էր մաշում և տրորում նրան, քան թե այն ցավը, որ արդեն սկսել էր սպանել նրա մարմինը:

Նա դեռ անցնում էր մի դռնից մյուս դուռը, բայց նրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Վերջապես նա զսպելով իր ամոթխածությունը, ոտքը ներս դրեց մի տան շեմքից, և հանդիպելով տանտիկնոջը, երկչոտ ձայնով ասաց.

Մի կտոր հաց...

Այդ ձայնի մեջ կային բոլոր հնչյունները, որ արտահայտում էին վշտալի սրտի դառն և ցավալի զգացմունքները:

Տանտիկինը կոպիտ ձայնով պատասխանեց.

Կոտորվե՛ք դուք, ո՞ր մեկիդ տանք...

Աղջիկը նայեց իր շռւրջը, տեսավ, իրավ, իր նման շատերը լցված էին այնտեղ: Նա պատրաստ էր իսկույն հեռանալ, բայց նրան պահեց մի միտք: Նա իր մասին չէր մտածում, թեև քաղցած էր, բայց մտածում էր այն երկու փոքրիկ երեխաների վրա, որ ոչինչ չէին կերել, մտածում էր նրանց հիվանդ մոր վրա, որ անոթի պառկած էր:

Նա արտասուքը սրբեց և կամենում էր կրկնել իր աղաչանքը: Այդ միջոցին փոքրիկ շնիկը դուրս պրծավ դռան տակից և իր սուր ատամներով քարշ ընկավ խեղճ աղջկա փեշերից: Նա սարսափելով դուրս փախավ, իր հագուստի մի մասը թողնելով շան բերնում: Երկու փոքրիկները ցավալի ճիչ բարձրացրին և փոքր էր մնում, որ սրտաճաք լինեին:

Նա, կապկապելով իր հագուստի ծվենները, այժմ սկսեց դիմել դեպի վանքը: Երկու փոքրիկ երեխաները ուրախությունից մոռացան իրանց լացը և երկյուղը, երբ ճանապարհի վրա ընկած տեսան մի կտոր ձմերուկի կեղև: Երեխաներից մեկը վազեց, վեր առավ կեղևը, և իր փեշերով հողն ու փոշին սրբելով, սկսեց կրծել: Մյուս երեխան աշխատում էր խլել նրա ձեռքից, ասելով. — ինձ էլ տուր, ես էլ քաղցած եմ: Երկուսի մեջ առաջ եկավ մի փոքրիկ կռիվ: Մանկահասակ աղջիկը հանգստացրեց նրանց, և բաժանելով կեղևը, երկուսին էլ հավասար մասը տվեց:

Հաջորդ էջ