Րաֆֆի՝   Խենթը

Այդ միջոցին շտապով անցնում էր նրանց մոտից մի երիտասարդ: Նա տեսնելով աղջկան երկու փոքրիկ երեխաների հետ, ճանաչեց նրանց և մոտեցավ:

Դու դեռ ոչ բոլորովին առողջ ես, — ասաց նա, — ես պատվիրեցի քեզ դուրս չգալ, դու դարձյալ ման ես գալիս:

Աղջիկը շփոթվեցավ և չգիտեր ինչ պատասխանել: Նա իրավ, առողջ չէր, նա այնքան տկար էր, որ հազիվ կարողանում էր իրան ոտքի վրա պահել: Երիտասարդը նկատեց երկու երեխաներին, որոնք դեռ կրծում էին ձմերուկի կեղևը: Նա խլեց կեղևը, և մի կողմ ձգելով ասաց.

Ի՞նչպես կարելի է ուտել այդ:

Երեխաները ավելի համարձակ գտնվեցան, քան շփոթված աղջիկը, և արտասուքը աչքերում պատասխանեցին.

Քաղցած ենք:

Մի՞թե վանքում ձեզ չեն կերակրում, — դարձավ երիտասարդը դեպի աղջկը:

Մանկահասակ աղջիկը փոխանակ հարցին պատասխանելու, իր գեղեցիկ, նվաղած աչքերը դեպի գետին ուղղելով, մեծ դժվարությամբ ասաց.

Եթե կարելի էր, մեզ համար ուրիշ տեղ ճարեիք, և մենք դուրս գայինք վանքից:

Երևի այն անպիտան վարդապետը ձեզ վա՞տ է նայում:

Աղջիկը ոչինչ չպատասխանեց, և շարունակելով նայել դեպի ցած, կարծես, չէր ցանկանում իր բազմիմաստ հայացքը դարձնել դեպի հետաքրքիր երիտասարդը, զգուշանալով, որ նա իր դեմքից չգուշակեր այն, ինչ ինքը ակամա ստիպված էր թաքցնել սրտում:

Հասկանում եմ... — պատասխանեց երիտասարդը խորին վրդովմունքով: — Հիմա գնա, այդ շոգին լավ չէ ման գալ, դու հիվանդ ես, կարող ես բոլորովին տկարացնել քեզ, մեկ ժամից հետո ձեզ մոտ կլինեմ, և ամեն ինչ կկարգադրեմ, որ լավ հոգ տանեն ձեզ: Ի՞նչպես է եղբորդ կինը:

Էլի այնպես է, այս գիշեր ավելի անհանգիստ էր, — պատասխանեց աղջիկը տխուր ձայնով: Եվ այժմ, իր ամոթխած աչքերը դարձնելով դեպի երիտասարդը, հարցրեց.

Դուք մեզ չեք թողնի վանքում, այնպես չէ՞, պարոն:

Լավ, ես ձեզ համար մի ուրիշ բնակարան կճարեմ, — ասաց երիտասարդը և շտապով հեռացավ, իր մտքում կրկնելով. — խեղճ արարած, ի՞նչ շուտ ձանձրացրեց ձեզ վանքը...

Երիտասարդը բժիշկ էր, մի հարուստ վաղարշապատցի կալվածատիրոջ որդի: Նա նոր էր ավարտել իր ուսումը Ս. Պետերբուրգի համալսարանում, և որպես նոր օրդենի մեջ մտած ասպետ, ընկել էր աշխարհ, արկածներ էր որոնում, իր արհեստին վերաբերյալ հերոսությունները ցույց տալու համար: Ալաշկերտցի գաղթականները, իրանց բազմաթիվ հիվանդներով, բաց արին նրա առջև գործունեության մի ընդարձակ ասպարեզ: Թարմ, բարի ցանկություններով լի երիտասարդի անխոնջ եռանդը մեծ բավականություն էր գտնում այդ թշվառներին օգնելու գործում: Նրա մեջ միացած էին արհեստը բժշկի առաքինության հետ: Նա ոչ միայն անվարձ այցելություններ էր անում և ձրի դեղեր էր բաժանում հիվանդներին, այլ հոգ էր տանում և նրանց բնակարանների և լավ կերակրելու մասին: Այդ էր պատճառը, որ մանկահասակ աղջիկը այնպես մտերմաբար դիմեց նրան, աղաչելով, որ իրանց համար մի այլ կացարան տնօրինելու հոգ տանե:

Բժշկի հեռանալուց հետո աղջիկը շարունակեց իր ճանապարհը դեպի վանքը: Օրորվելով, տատանվելով, նա հազիվ կարողանում էր փոխել իր քայլերը: Մի քանի անգամ կանգ առեց, մի քանի տեղ նստեց, մինչև հոգնությունը անցնի: Վանքի հանդեպ գտնվող գինետներից նրան կանչեցին, խոստանալով, թե փող կտան: «Այդ մարդիկը ավելի վատ են, քան թե քրդերը»... — ասաց նա իր մտքում և կանգնելով, շարունակեց իր ճանապարհը:

Նա անցավ պարտեզը, անցավ վանքի գլխավոր մուտքի մոտից, պտույտ տվեց պարսպի արևմտյան կողմով և դուրս եկավ այն դռան մոտ, որ տանում է դեպի լիճը և անտառը: Այս դռնով նա մտավ Ղազարապատ: Վանքի այդ մասը տոն օրերում ծառայում է որպես հյուրանոց բազմաթիվ ուխտավորների համար, իսկ այժմ լցված էր ալաշկերտցի հիվանդներով: Նա մտավ ներքին հարկի խուցերից մեկի մեջ: Այդ խոնավ խորշի մեջ, զրկված օդից և լույսից, կարմիր աղյուսներով պատած հատակի վրա, պառկած էր մի կին: Ոչ մահիճ ուներ նա և ոչ մահճակալ, տակին ձգած ուներ մի խուրձ հարդ, իսկ վրան ծածկած ուներ մի փալասի կտոր: Երկու երեխաները վազեցին և գրկեցին հիվանդ մորը և սկսեցին համբուրել նրա ոսկրացած ձեռքերը: Բայց նա չպատասխանեց սիրելի զավակների գգվանքին, որովհետև այդ րոպեում քնած էր, ավելի ճիշտ ասած, գտնվում էր մի տեսակ անզգայության մեջ:

Մանկահասակ աղջիկը նկատեց երկու փոքրիկ երեխաներին որ չանհանգստացնեն հիվանդ մորը, այլ գնան դուրսը խաղալու: Նրանք հնազանդությամբ դուրս եկան, և նստելով խուցի դռան մոտ, սկսեցին հողով, խճերով և չոփերով իրանց համար փոքրիկ տնակներ շինել և նրանցով զվարճանալ: Իսկ ինքը՝ աղջիկը պառկեց մերկ հատակի վրա, և թևքը բարձի փոխարեն նեցուկ տալով գեղեցիկ գլխին, արտասուքով լի աչքերը դարձրուց դեպի հիվանդը և սկսեց նայել նրա վրա: Նա այնքան հոգնած էր, այնքան թուլացած էր և այնքան հոգեպես տանջված էր, որ ցանկանում էր մի փոքր քնել, մի փոքր հանգստանալ, բայց ակամա արտասուքը խեղդում էր նրան, վշտալի աչքերը փակել կարող չէր: Նա այդ աչքերը կցանկանար հավիտյան փակել և չտեսնել լույս աշխարհը, որ այժմ խավար էր նրա համար: Ի՞նչ դժբախտություններ ասես չկրեց նա, ի՞նչ չարչարանքներ չհամբերեց նա: Նա կորցրեց հայր, եղբայրներ, հարուստ տուն, ազգականներ, — բոլորը, բոլորը ինչ որ թանկ էր նրա համար, ինչ որ սիրելի էր նրան: Իսկ այժմ օտար երկրում, անտեր, անպաշտպան, հանձնված դառն ճակատագրի կամքին, թափառում էր նա դռնից դուռ: Իր միակ նեցուկը, իր միակ պաշտպանը, որի վրա հույս էր դրել նա, այժմ հիվանդ էր. գուցե այսօր, գուցե վաղը կմեռներ նա, ի՞նչ կլիներ այնուհետե իր վիճակը, ո՞վ կպահեր անբախտ մոր անբախտ զավակներին: Գոնե ինքը առողջ լիներ, գոնե կարողանար աշխատել, այն ժամանակ ամեն բան կաներ, ամեն տեսակ ծանր աշխատություն հանձն կառներ և կպահեր որբիկներին: Բայց ինքը նույնպես ուժից ընկած, նույնպես թույլ և տկար, օրըստօրե հալվելով և մաշվելով, սպասում էր իր ըղձալի օրհասին, որ ուշանում էր մոտենալ իրան: — Այս տխուր մտածությունների մեջ ալեկոծվում էր թշվառ աղջիկը և արտասուքի ջերմ կաթիլները գլորվում էին նրա գունաթափ երեսի վրա, երբ դրսից մի ճիչ բարձրացավ և մի կոպիտ ձայն ավելի խռովեց նրա անհանգստությունը:

Երկու երեխաները խուցի դռան մոտ փոքրիկ տնակներ էին շինում և զվարճանում էին: Այդ միջոցին անցավ նրանց մոտից մի հաստափոր աբեղա սև բեղարով, սև փարաջայով և սև դեմքով. — սպիտակ նրա մեջ ոչինչ չկար: — Տեսնելով երկու փոքրիկներին, նա կատաղի կերպով գոռաց.

Նե՛րս կորեք, լակոտներ, ի՞նչու եք փչացնում գետինը:

Երեխաները ուշ շարժվեցան, և աբեղան հարձակվելով նրանց վրա քիչ էր մնում, որ պիտի երկուսին էլ ջարդուփշուր աներ իր ոտների տակ, եթե նրանք աղաղակելով ներս չվազեին խուցը: Զավակների աղաղակը ուշի բերեց անզգայացած մորը: Նա գրկեց երկուսին էլ, սկսեց հանգստացնել, առանց գիտենալու նրանց լացի պատճառը: Այդ միջոցին խուցի շեմքի վրա երևաց աբեղայի դաժան կերպարանքը:

Այս րոպեիս դուրս կորեք այստեղից, — գոչեց նա բարկացոտ ձայնով, — քանի օր է ասում եմ, որ ձեզ համար տեղ ճարեք և հեռանաք այստեղից, դուք էլի մնում եք:

Ո՞ւմն էր ասում այդ խոսքերը, հիվանդ մայրը ոչինչ չէր լսում, նա միայն գրկած ուներ իր զավակներին, որոնց, կարծես, առաջին անգամն էր տեսնում: Երկու ամբողջ օր գտնվում էր նա խորին ուշաթափության մեջ, այժմ սիրելի զավակների ձայնը արթնացրեց նրան: Ո՞ւմ հետ էր խոսում աբեղան: Այս խուցի մեջ ոչ ոք նրան լսել և հասկանալ կարող չէր: Մանկահասակ աղջիկը նրա ձայնից սոսկաց, սարսափեցավ և միանգամայն կորցրեց իրան: Իսկ փոքրիկ երեխաները երկյուղից կծկվել էին անբախտ մոր գրկում և դողդողում էին:

Աբեղայի բարկությունը ընդհատեց մի այլ ձայն.

Այդ ի՞նչ շանթեր ես արձակում, հայր սուրբ:

Բարով, պարոն բժշկապետ, ի՞նչպես եք, լա՞վ եք, ի՞նչպես է ձեր քեֆը, — ասաց աբեղան ժպտալով և ավելի խաղաղ կերպարանք ընդունելով:

Իմ քեֆը հալա թող մի կողմը կենա, — պատասխանեց բժշկապետը ուղիղ հայր սուրբի աչքերի մեջ նայելով, — դու այն ասա՜, էլ ի՞նչ ֆանդեր ունես, հայր սուրբ, ի՞նչու էիր նեղացնում այդ խեղճերին:

Քո արևը վկա, ոչինչ ֆանդեր չկա. ես միայն ասում էի, որ իրանց համար տեղ ճարեն և հեռանան այստեղից: Քեզ հայտնի է, որ կարգադրել են երկու օրից ավել չպահել գաղթականներին վանքում: Ամեն օր նոր գաղթականներ են գալիս. պետք է հները գնան, որ նորերը նրանց տեղը բռնեն:

Ո՞ւր գնան, դու տեսնում ես, որ մեռնում են:

Ես ի՞նչ անեմ, ինձ այսպես է հրամայված:

Հայր սուրբը վանքի հյուրընկալն էր, մի խեղկատակ և շաղակրատ աբեղա, որի հետ ամեն մարդ թույլ էր տալիս իրան հանաքներ անել, առավելապես պարոն բժշկապետը, որ մի առանձին հաճություն ուներ պարսավել կղերին:

Այդ խոսքերով ինձ չես խաբի, — ասաց նա, — դրուստն ասա՛, հայր սուրբ, ի՞նչ փորացավ ունես: Աղջկա աչքերում լույս կա, հա՞:

Է՜հ, թող տուր, հեր օրհնած, ի՞նչպես ես խոսում:

Կոտորվե՛ք դուք, կոտորվե՛ք, — ասաց բժշկապետը և մտավ խուցի մեջ:

Բժշկապետի այցելությունը մի առանձին մխիթարություն ազդեց թշվառ ընտանիքին, երբ նա հարկավորած դեղերը և պատվերները տալուց հետո, հայտնեց, թե ինքը կարգադրել է, որ շուտով նրանց կտեղափոխեն մի առանձին բնակարան, ուր կգտնեն նրանք ամեն հարմարություններ թե՛ կացության և թե՛ ապրուստի համար:

Միայն շուտ, եթե կարելի է, շատ շուտ, — խնդրեց հիվանդ մայրը շնորհակալությամբ լի ձայնով:

Անհոգ կացեք, մի քանի րոպեից հետո կտանեն ձեզ,-պատասխանեց բժշկապետը և դուրս եկավ, վանքի մեջ գտնվող մյուս հիվանդներին նայելու համար:

Լալա՛, տեսնում ե՞ս, զավակս, — դարձավ հիվանդը դեպի մանկահասակ աղջիկը, որ աչքերը բռնած հեկեկում էր, — աստված դժբախտության ամենադառն րոպեներում դարձյալ չի մոռանում թշվառներին և ուղարկում է իր հրեշտակը նրանց մխիթարելու համար: Մի՛ լաց, զավակս, փոթորկալից և խավար գիշերին հաջորդում է լուսապայծառ առավոտը: Կգա մի օր, որ դու կրկին գտնես քո ուրախությունը...

Այդ բոլորից հետո՞, սիրելի Սառա, — պատասխանեց Լալան դառն արտասուքով, — այդ բոլորից հետո ինձ մնում է մեռնել միայն...

Խուցի դռնից ներս մտան երկու մարդ. Սառայի և Լալայի խոսակցությունը ընդհատվեցավ: Եկվորները պարոն բժշկապետի ծառաներն էին, որոնք բերում էին իրանց հետ հաց և կերակուրներ, բացի դրանցից մի կապոցի մեջ նրանք բերել էին կանացի հագուստներ Լալայի և Սառայի համար, այլև երեխաների հագուստներ երկու փոքրիկների համար: Սառան և Լալան չմոտեցան կերակուրներին, նրանք ուտելու ախորժակ չունեին, բայց երկու փոքրիկները վրա պրծան և սկսեցին ագահությամբ ուտել: Ծառաները դրսում սպասեցին, մինչև վերջացավ ճաշը:

Լալան ինքն հագնվեցավ և նույնպես փոխեց Սառայի ցնցոտիները, հագնվեցան և երկու կիսամերկ փոքրիկները, այնուհետև կերպարանափոխված ընտանիքը դուրս եկավ վանքի ապականված մթնոլորտից, և սկսեց դիմել դեպի բժշկապետի պատրաստած բնակարանը:

ԼԸ

«Լուսավորչի քամին» բարձրացավ և ցերեկվա դժոխային տոթը տեղի տվեց երեկոյան զովությանը: Այդ բարերար քամին ոչ միայն Վաղարշապատի, այլ ամբողջ Արարատյան գավառի կենսատու ոգին է, որ ամառային օրերում շարունակ փչում է ամեն երեկո: Եվ զուր չէ ասում ժողովրդական ավանդությունը, որ մեր Լուսավորիչ հայրը նրան սահմանեց իր ժողովուրդը հիվանդությունից ազատ պահելու համար:

Վանքի աբեղաները կեսավուր հանգիստ քնից հետո, դուրս էին եկել որջերից և զույգ-զույգ զբոսնում էին Ներսեսի լճի շուրջը, գեղեցիկ ճեմելիքների մեջ, որ հովանավորված էին ծառերի խիտ կամարների ներքո: Իսկույն աչքի էր զարկում, որ զբոսնող հայրերը չէին կազմում խումբեր, այլ բաժանված էին առանձնացած զույգերի, կամ բոլորովին միայնակ էին ման գալիս: Դրանք նմանում էին այն արարածներին, որոնք իրանց հեռու են պահում ընկերական կյանքից, այն պատճառով միայն, որ վախենում են միմյանց մոտենալ: Կասկածը, անմիաբանությունը, անհավատարմությունը առանձնացրել էին նրանց, — և այդ կոչվում է վանական եղբայրություն:

Լիճը գտնվում էր մի արհեստական բարձրավանդակի վրա, որ կառուցված էր կոփածո քարերից: Նրա ստորոտից մինչև Գայանեի վանքը տարածված էր հին գերեզմանատուն: Մի քանի տեղ փորում էին նոր գերեզմաններ, մի քանի տեղ հողով ծածկում էին արդեն փոսերի մեջ դրած մարմինները: Թիերը և բրիչները գործում էին: Քահանան փրփրթալով, աղոթքներ կարդալով, ճիշտ ասած՝ ոչինչ չկարդալով, մի գերեզմանից դեպի մյուսն էր վազում և կատարում էր թաղման խորհուրդը: Այդ բոլորը գործվում էր խորին լռության մեջ: Ո՛չ բարեկամի լացը, ո՛չ ազգականի արտասուքը չէին առաջնորդում հանգուցյալներին դեպի ոգիների աշխարհը, կարծես նրանք շատ ուրախ էին, որ թշվառ մարդիկ, ազատվելով տաժանական կյանքից, գերեզմանի մեջ վերջապես պետք է հանգստություն գտնեին: Թաղում էին ալաշկերտցի գաղթականներին:

Ո՞րքան շատ մեռնում են, — ասաց աբեղաներից մեկը իր հետ ման եկող ընկերին:

Միևնույն է, — պատասխանեց ընկերը սառնասրտությամբ, — այնտեղ քրդերը և թուրքերը պետք է կոտորեին, այստեղ գոնե իրանց մահով են մեռնում: Բայց մենք հեռացանք հարցից, — շարունակեց նա ընդհատված խոսակցությունը, — կրկնում եմ քեզ, որ նրան պետք չէ հավատալ: Նա մոտենում է մեզ, իրան բարեկամ և մտերիմ է ձևացնում, համակրություն է ցույց տալիս, և ուրիշ հազար ու մեկ օյիններ է հանում, բայց այդ բոլորը կեղծ է, նա այսպիսով աշխատում է մեզանից գաղտնիքներ որսալ և հայտնել ուր որ հարկն է: Նա լրտես է, կատարյալ լրտես: Եվ այդ պատճառով նա այնքան լավ ընդունված է «ի վերին Երուսաղեմի մեջ»: Շատ հավանական է, որպես ինքը հույս ունի, շուտով եպիսկոպոս կդառնա և մի հարուստ թեմի առաջնորդ կլինի:

Բոլորը, ինչ որ ասեցիր, ուղիղ է, բայց վերջին երկուսը չի ստանա: «Չորրորդը» խոստանալու համար խիստ առատաձեռն է, բայց կատարելու մեջ չափազանց ժլատ: Կամենում են միայն առժամանակ այդ տխմարի գլուխը թափ տալ, որքան իրանց պետք է, հետո պոչը կկտրեն և բաց կթողնեն, նրա պաշտոնը ավելի հարմար մեկին հանձնելով: Տես, երկու նոր մեռելներ ևս հիմա բերեցին...

Թող տուր, թե աստված կսիրես, այդ քո մեռելները, բայց նա այն տեսակ աղվեսներից չէ, որ շուտ խաբվի:

— «Խելացի աղվեսը երկու ոտքիցն էլ թալաքի մեջ է ընկնում»:

Կամաց, թող անցնեն...

Ճեմելիքի հակառակ կողմից հայտնվեցան երկու ուրիշ աբեղաներ, որոնք մոտենալով առաջիններին, նույնպես դադարեցրին իրանց խոսակցությունը: Դրանք երկուսն էլ սինոդի անդամներ էին: Երբ փոքր ինչ հեռացան, դարձյալ շարունակեցին խոսակցությունը:

Աճուրդը հիմա պետք է նշանակել տալ. այժմ ամենահարմար ժամանակն է:

Ինչո՞ւ:

Նրա համար, որ մեզ հայտնի է, թե այդ եկեղեցական կալվածքները ովքեր են կապալով վեր առնում: Պարոնները՝ Ն... Մ... և Խ..., որոնք միշտ այդ կալվածների կապալառուներն են եղել, այժմ իրանց առանձին գործերով գնացել են մեկը Ալեքսանդրապոլ, մյուսը՝ Իգդիր, երրորդը՝ սատանան գիտե թե որ ջհաննամը: Դրանց բացակայությունից մենք կարող ենք օգուտ քաղել: Եթե աճուրդը այժմ նշանակել կտանք, շատ պարզ է, որ կապալը կմնա Սաթայելյանի վրա, որը իր անունով կվեր առնի, իհարկե, մեզ հետ գաղտնի ընկերությամբ:

Բայց, որքան ինձ հայտնի է, պարոն Սաթայելյանը այնքան պատրաստի փող չունի, որ կարողանա գրավական ներկայացնել:

Այդ ես էլ գիտեմ, բայց դրանով գործը չի խանգարվի, գրավականը մենք կտանք, նա իր կողմից կներկայացնե:

Դու պատրաստի փող ունե՞ս:

Տոկոսաբեր արժեթղթեր ունեմ:

Միևնույն է: Ուրեմն էգուց ժողովի մեջ աճուրդի հարցը կբարձրացնենք: Բայց ես վախենում եմ, որ «վերևից» կխառնեն գործը:

Չեն կարող, միթե այդ «հոսոսները» իրանք միևնույնը չեն անում, ինչ բանի վրա որ մտածում ենք մենք: Եթե «փոքր դևը» մատը կխառնի, ես նրա ականջին մի բան կասեմ և իսկույն կլռե:

Այսպես ոմանք միաբանության մեջ կատարվող ինտրիգաների վրա էին խոսում, ոմանք իրանց գաղտնի սպեկուլյացիաների վրա էին խոսում, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է կատարվում իր շուրջը, ոչ ոք չէր մտածում այն բանի վրա, թե ինչպես ալաշկերտցին, զրկված բնիկ երկրից, պանդուխտ, անտեր և անխնամ, ճանճերի նման կոտորվում էին: Ոչ ոք չէր հետաքրքրվում այն հարցով, թե ի՞նչ էր եղել այդ թշվառների գաղթականության պատճառը կամ ի՞նչ կլինի նրանց վախճանը մի օտար, անծանոթ երկրում:

Մի քանի աբեղաներ, հավաքված միասին, իրանց ամենօրյա երեկոյան սովորության համեմատ, նստել էին անտառում, գեղեցիկ պարսկական խալիչաների վրա և թեյ էին վայելում: Մանկահասակ փոքրավորները, նրանցից սակավ ինչ հեռու, միմյանց հետ քրթմնջալով, ծիծաղելով և հանաքներ անելով, կարգի էին դնում թեյի ահագին պատրաստությունը: Այնտեղ կար սեր, կարագ, սպիտակ հաց, ռոմ և ամեն ինչ: Երեկոյան զովը և անտառի մաքուր օդը բաց էին արել սուրբ հայրերի ախորժակը: Նրանք խմում էին, ուտում էին, ուրախանում էին, առանց մտածելու, որ նույն անտառի ծառերի տակ, խոնավ գետնի վրա, այժմ ընկած էին հարյուրավոր քաղցած ընտանիքներ:

Այդ ռոմը շատ լավն է, ինչ գեղեցիկ հոտ ունի, ո՞րտեղից ստացաք, հայր սուրբ, — հարցրեց աբեղաներից մեկը խորին զմայլության մեջ ճաշակելով ռոմով խառնած թեյի բաժակը:

Ո՞րտեղից ստացա... — կրկնեց հայր սուրբը, որի խցից բերվել էր անուշահոտ ըմպելին, — դու չե՞ս իմանում, որ իմ խուցը այն ուխտատեղներից է, ուր մատաղը իր ոտքովն է գալիս18...:

Իմանում եմ... լավ է այդպիսի ձգողական զորություն ունենալ:

Արևը մտել էր արդեն: Անտառի մեջ մռայլը հետզհետե թանձրանում էր, թեև ոսկեզօծ ամպերը տակավին վառվում էին արեգակի վերջին ճառագայթներից: «Լուսավորչի քամին» փոքր ինչ մեղմացել էր և ծառերի տերևները հազիվ շարժվում էին մի խուլ, կախարդական սոսափյունով: Անտառի խորին լռությունը երբեմն ընդհատվում էր տխուր հառաչանքներով: Գիշերը մոտենում էր: Խավարի մեջ ավելի շուտ զարթնում են դառն հիշողությունները: Բացօթյա, գետնատարած, մերկ և անոթի ալաշկերտցին, մի սարսափելի երազից սթափված մարդու նման, դեռ նոր սկսել էր զգալ իր վիճակի դառնությունը: Նա մտածում էր, որ հարստություն ուներ, իսկ այժմ ստիպված է մուրացկանությամբ ապրել: Նա մտածում էր, որ տուն և օթևան ուներ, իսկ այժմ բաց երկնքի տակ է ապրում: Նա մտածում էր, որ զավակներ ուներ, իսկ այժմ չկան նրանք, ո՞րտեղ կորան, ո՞վ տարավ, ի՞նչ եղան, ինքն էլ չգիտեր: Բոլորը կորավ մի խառնաշփոթ և սոսկալի խռովության մեջ, երբ մայրը որդուն մոռացել էր, երբ եղբայրը մոռացել էր իր քրոջը, երբ տղամարդը կորցրել էր ամուսնին, երբ ամեն մարդ, հալածված թուրքի սրից և հրից, աշխատում էր իր գլուխը միայն ազատել: Ամեն մարդ սրտումը անդարմանելի վերք ուներ, ամեն մարդ կորցրել էր մի բան, որ նրա համար աշխարհի բոլոր բաներից թանկագին և անփոխարինելի էր: Այս էր պատճառը, որ ամբողջ Վաղարշապատը այս գիշեր թնդում էր գաղթականների հառաչանքներով, որոնք կատարում էին մի ընդհանուր սուգ, սո՛ւգ, որի համար մխիթարություն չկար...

Այդ միջոցին մի պարթևանձնյա տղամարդ, անցնելով անտառի ծառերի միջով, հետաքրքիր աչքերով նայում էր գաղթականների վրա, մոտենում էր նրանց, խոսեցնում էր և դարձյալ շարունակում էր իր ընթացքը: Տխուր, մտահույզ կերպարանքը այդ տղամարդի, երեսի այրական արտահայտությունը, համարձակ և անձնավստահ շարժմունքը ակամա ուշադրություն էին դարձնում իր վրա: Նա դուրս եկավ անտառից, անցավ Գայանեի վանքը և կանգնեց գերեզմանատան մոտ: Այստեղ դեռ աշխատանքը չէր վերջացել... դեռ թաղում էին...

Նրա ականջին զարկեց երգի ձայն.

«Բուլբուլն է հաքեր ի հոտին կոշիկ,
Զվարդն կփնտռե սիրով անուշիկ...»:

Կոտորվե՜ք դուք, — ասաց իր մտքում անծանոթ տղամարդը և շարունակեց ճանապարհը:

Երգի ձայնը լսվում էր անտառի խորքից, ուր այժմ աբեղաները, ռոմից ստացած ոգևորությունից հետո, կատարում էին իրանց գիշերային արշավանքները:

Անծանոթ տղամարդը մոտեցավ լճին: Այստեղ նույնպես մի քանի աբեղաներ սև ուրվականների նման դեռ զբոսնում էին: Բայց մեկը նստած էր անշարժ, միայնակ, որպես առանձնացած սգավոր, որ իր մխիթարությունը գտնում է այն դրության մեջ, երբ ոչ ոք չէ հարցնում նրանից մի բան, և երբ ոչ ոք չէ դիպչում նրա սրտի վերքերին: Արևից այրված, մռայլոտ դեմքը և հնամաշ հագուստը ցույց էին տալիս, որ այդ աբեղան պետք է պանդուխտ և աղքատ լինի: Վանքի քնքուշ և կոկիկ հագնված միաբաններից ոչ ոք չէր մոտենում նրան, կարծես, վախենում էին պղծվել նրա հագուստներից, թեև այդ պարզ հովվական հագուստների մեջ ծածկված էր մի մարմին, որ կրում էր իր մեջ գեղեցիկ և ազնիվ հատկություններ: Անծանոթ տղամարդը կիսախավարի միջից նկատելով անծանոթ աբեղային, մոտեցավ նրան:

Ա՜խ, Հովհաննես հայր սուրբ, դո՞ւք եք:

Ա՜խ, Վարդան, — գոչեց աբեղան և գրկեց նրան:

Աբեղան ս. Հովհաննու վանքի վանահայր և միևնույն ժամանակ Ալաշկերտի առաջնորդն էր, որ գաղթականների հետ եկել էր ռուսաց հողի վրա, չկամենալով բաժանվել իր ժողովրդից:

Վարդապետը և Վարդանը նստեցին մի քարի վրա, որ լճի մոտ ծառայում էր որպես նստարան:

Ե՞րբ եկար, — հարցրեց վարդապետը:

Այսօր, հենց այս ժամիս, — պատասխանեց Վարդանը իր շուրջը նայելով, որ նրան չլսեն:

Ոչ ոքի չտեսա՞ր:

Դեռ ոչ ոքի: Այդ խառնիճաղանճ բազմության մեջ ու՞մը կարելի է գտնել: Ես շատ կցանկանայի տեսնել Մելիք-Մանսուրին, լսեցի, որ նա էլ գաղթականների մեջն է:

Ես նրան տեսա երկու օր առաջ, — պատասխանեց վարդապետը, — այժմ պետք է Երևանում լինի. կարծեմ պետք է տեսնվեր մի քանի պարոնների հետ, որոնք մտածում են մի մասնաժողով կազմել գաղթականների վիճակի համար հոգ տանելու:

Թիֆլիսում արդեն կազմվել է մասնաժողով:

Երևանինը պետք է նրա մի ճյուղը լինի:

Այստեղ ի՞նչպես են գնում գործերը:

Շատ վատ, — պատասխանեց վարդապետը տխուր ձայնով. — մի ամբողջ շաբաթ է, որ այստեղ վեր ընկած եմ. Ղազարապատի մի անկյունում տեղ են տվել. ոչ ոք ինձ վրա չի նայում, ոչ ոք չի էլ ուզում հարցնել, թե ի՞նչ և ո՞րպիսի դառն հանգամանքներ բերեցին մեզ այստեղ: Ինձ խոստացան, թե կտանեն վեհարանը և այնտեղ հարցմունքներ կանեն: Բայց դժբախտաբար այսպես օրերը անցնում են: Ստիպվեցա գրավոր կերպով ներկայացնել թշվառ ժողովրդի գաղթականության բոլոր պատմությունը և հույս ունեի, որ դրանից հետո կկանչեին ինձ և բերանացի բացատրություններ կպահանջեն: Այդ փորձը նույնպես մնաց ապարդյուն: Մի՞թե կարելի է մինչև այս աստիճան սառնասիրտ և մինչև այս աստիճան անգութ լինել: Ես ցուցակ ունեմ, որ 3000 ընտանիքից մինչև այսօր 1500 հոգի մեռել են, որը հիվանդությունից, որը քաղցածությունից: Մնացածները, անտարակույս, նույնպես կմեռնեն, եթե նրանց վիճակը այսպես կշարունակվի:

Վերջին տեղեկությունները որքան և ցավալի լինեին, այսուամենայնիվ, մի առանձին տպավորություն չգործեցին Վարդանի սրտի վրա. նա այդ բոլորը շատ բնական էր համարում. նա առաջուց գիտեր այս տեսակ գաղթականությունների կորստաբեր հետևանքները:

Բոլոր գաղթականները այստե՞ղ՝ Վաղարշապատում են միայն զետեղված, — հարցրեց նա:

Ո՛չ, Իգդիրից եկան Վաղարշապատ և այստեղից տարածվում են ամեն կողմեր: Այժմ Սուրմալու գավառից սկսած, գաղթականները ցրված են մինչև ՆորԲայազեդ, մինչև Հին-Նախիջևան, ամեն տեղ, ամեն գյուղերում կարելի է գտնել նրանց:

Ժողովուրդը ի՞նչպես է վերաբերվում դեպի իր պանդուխտ եղբայրները:

Ժողովուրդը խիստ մարդասիրաբար է վարվում. օթևան է տալիս, կերակրում է, հագուստ է տալիս, և չէ խնայում, ինչ բանով որ կարող է օգնել: Պետք է ասած, որ այստեղի ժողովուրդը ինքն էլ սաստիկ կարոտության մեջ է, պատերազմի պատճառով այժմ ամեն ինչ թանկացել է: Բայց գաղթականներին ավելի բժշկական օգնություններ են հարկավոր, քան թե հաց. զանազան հիվանդություններ անխնա կոտորում են:

Գիշերային մութը բոլորովին պատել էր վանքի շրջակայքը: Աբեղաները քաշվել էին իրանց խուցերը: Բայց խորհրդավոր երգի ձայնը կրկին լսելի եղավ անտառի խորքից:

«Բուլբուլն է հաքել ի հոտին կոշիկ,
Զվարդն կփնտռե սիրով անուշիկ...»:

Դու այժմ ո՞ւր պիտի գնաս, — հարցրեց վարդապետը Վարդանից, ոտքի կանգնելով:

Ինքս էլ չգիտեմ...

Գնանք ինձ մոտ:

Ես չէի ցանկանա, որ այստեղ ինձ տեսնեին:

Վանքում այժմ քեզ ոչ ոք չէ կարող ճանաչել:

ԼԹ

Հովհաննես հայր սուրբի կացարանը գտնվում էր Ղազարապատի վերին հարկի սենյակներից մեկի մեջ: Վարդանը իր ամբողջ մարմնի մեջ մի ցուրտ դող զգաց, երբ մյուս անգամ ոտ կոխեց վանքի շեմքի վրա: Տասն տարուց ավելի կլիներ, որ նա հեռացել էր այստեղից: Այժմ տխուր հանգամանքները կրկին բերեցին նրան այստեղ: Ի՞նչու աշխարհից անջատված և իրանց անձը աղոթքի և ճգնության նվիրած հասարակության այդ մենարանը այնպես անախորժ տպավորություն գործեց անբախտ երիտասարդի վրա: Նա հիշեց իր մանկությունը, այն հիմարություններով լի և դատարկ մանկությունը, որ անցուցել էր այնտեղ: Նա հիշեց այն մթին անցյալը, որի վրա կրկին նայելը զզվանք և սոսկում էր ազդում նրա մեջ:

Վարդանի ակամա խռովությունը չէր կարող չնշմարել Հովհաննես հայր սուրբը, նա կարեկցաբար հարցրեց.

Ի՞նչ կա, ի՞նչու այսպես լուռ ես:

Ոչինչ, երբեմն ինձ հետ պատահում են անտեղի մտահուզություններ...

Փոքրիկ սենյակի մեջ կար մի մահճակալ, որի վրա նստած էին հայր սուրբը իր հյուրի հետ. մյուս կողմում դրած էր մի սեղան հասարակ փայտից, որի վրա վառվում էր ճրագուի մոմը. իսկ նրա մոտ փոքրիկ սամովարը եփ էր գալիս: Հայր սուրբը իր ձեռքով ածեց երկու բաժակ թեյ, մեկը տվեց Վարդանին, մյուսը սկսեց ինքը խմել: Տաք ըմպելին կազդուրեց երիտասարդի գրգռված ջղերը:

Երկար երկու կողմից ևս տիրում էր մի տաղտկալի լռություն: Խոսակցությունը չէր պատվաստվում, մինչև նա դարձավ այն առարկային, որ երկուսի սրտին ևս խիստ մոտ էր:

Այստեղ ի՞նչպես են նայում «գործի» վրա, — հարցրեց Վարդանը:

Մի կարճ պատմությունից դու կարող ես հասկանալ բոլորը, — պատասխանեց հայր սուրբը: — Այստեղ եկած էր մի տաճկաստանցի վարդապետ՝ եպիսկոպոս ձեռնադրվելու համար (նա դեռ այստեղ է, գուցե կհանդիպես նրան): Առաջին օրերում, երբ դեռ նոր էր եկել, խոսելով Թուրքիայի հայերի մասին, ամենասարսափելի գույներով նկարագրում էր նրանց դրությունը, պատմում էր քրդերի բարբարոսությունները, պատմում էր թուրքերի հարստահարությունները և հազար ու մեկ փաստեր էր բերում, թե որպիսի եղեռնագործություններ են կատարում Հայաստանում: Նրա խոսքերին անկարելի էր հավատ չընծայել, որովհետև բոլորը, ինչ որ ասում էր, հաստատում էր անհերքելի ապացույցներով: Բայց հենց որ այդ մարդը տեսնվեցավ «հոսոսների» հետ, այնուհետև լեզուն փոխեց: Այնուհետև սկսեց գովաբանել թուրքերի մարդասիրությունը, պաշտպանել նրանց արդարությունը և հիանալ նրանց ազնվության և մեծահոգության վրա: Ի՞նչ աներ խեղճը, եթե լեզուն չփոխեր: Եթե իր խղճի և համոզմունքի դեմ չջատագովեր այն, որ իր համար գարշելի էր և ատելի, գուցե չէր ստանա ցանկացած եպիսկոպոսությունը: Մի ուրիշ օրինակ ևս. մի այլ տաճկաստանցի վարդապետ, որի վանքը կողոպտված էր քրդերից, եկել էր այստեղ պաշտպանություն խնդրելու: Այդ ողորմելին ավելի ցավալի կերպով նկարագրում էր իր ժողովրդի կրած նեղությունները թե՛ կառավարության պաշտոնյաներից և թե՛ քուրդ դերեբեյիներից: Երբ նրա խոսքերը հասան «հոսոսներին», ոչ միայն ուշադրություն չդարձրին վարդապետի խնդիրքի վրա, որի համար նա եկած էր, այլ հրամայեցին դուրս անել վանքից: Թշվառականը ստիպվեցավ նույնպես փոխել իր լեզուն, և այնուհետև պատվավոր ընդունելություն գտավ, մոռացավ իր վանքը, մոռացավ իր ժողովուրդը և մյուս անգամ չհիշեց քրդերից կրած հարստահարությունները: Ես ավելին կասեմ, այդ վարդապետը ավելի ևս հաճոյանալու համար, մի տոնախմբության օրում, սկսեց խմել սուլթանի կենացը, նույն իսկ ժամանակ, երբ Բայազեդում և Ալաշկերտի մեջ թուրքերը կոտորում էին հայերին: Այդ բոլորից հետո, կարծեմ, շատ պարզ է, թե այստեղ որպես են նայում գործի վրա:

Վարդանը չէր հավատում իր ականջներին, նրան թվում էր, թե այդ բոլորը լսում է երազի մեջ: Նա երևակայել չէր կարող այն աստիճան անգթություն, որ հասնում էր սարսափելի դավաճանության: Ազգի սոսկալի ճգնաժամի րոպեում, երբ նրա կյանքը, երբ նրա ապագան կախված էր մի մազից, որ կարող էր կտրվել, և ձգել նրան հավիտենական անդունդի մեջ, — մի այդպիսի աղետալի րոպեում, երբ ամբողջ ազգի աչքը դարձրած էր դեպի փրկության Արարատը, — նա, ազգը, հանդիպում էր իր ծնողի սառնասրտությանը, և գտնում էր նրան թեքված իր թշնամու, իր սպանողի կողմը...:

Բոլո՞րը միևնույն համոզմունքի են, — հարցրեց Վարդանը խռովյալ ձայնով:

Ոչ, «հոսոսները» միայն: Դրանք թուրքի կառավարության մեջ տեսնում են ամեն ինչ արդար և իրավացի: Եվ եթե հայերը բողոքում են կամ դժգոհություններ են հայտնում, բոլորը սուտ է և զրպարտություն:

Շատ հասկանալի է, դրանք ևս մի տեսակ Թոմաս էֆենդիներ են. թուրքի անկարգությունները միշտ նպաստավոր են Թոմաս էֆենդիներին: Բայց գոնե թող օրինակ առնեին Ներսես պատրիարքից, Խրիմյանից և Նարբեից, որոնք հայոց պատմության մեջ պաշտելի անուն պիտի թողնեն:

Դու խիստ միամտաբար ես խոսում, բարեկամ, — պատասխանեց հայր սուրբը, — հավատացնում եմ քեզ, եթե հնար ունենան, հենց այսօր կոչնչացնեն Ներսեսի բոլոր գործողությունները, գուցե, աշխատում էլ են... Այստեղ ճգնում են հավատացնել, թե Ներսեսը և իր արբանյակները, բոլորը շարլատաններ են, թե նրանք խաբում են ազգին, թե նրանք հայի համար չեն մտածում և (մտածելու էլ առիթ չկա), թե նրանք եվրոպական այլևայլ պետությունների ներկայացուցիչների ձեռքում անարգ գործիքներ են, որ աշխատում են նրանց քաղաքական շահերի համար, որպեսզի խեղճ Թուրքիայի վզին ավելի մեղքեր փաթաթեն: Այստեղ ծիծաղում են հայերի թեթևամտության վրա, որոնք Ներսեսի «ձեռնածություններից» մի լավ բան են սպասում: Այստեղ ասում են, թե թուրքից մի նոր բան պահանջելը կատարյալ լրբություն կլիներ հայերի կողմից, թե թուրքը տվել է հայ ժողովրդին ինչ որ պետք է, որից ավելիին նա արժանի չէ: Եվ եթե մի բան թերի է մնացել, ասում են, թուրքը այնքան բարի է, որ ինքը կբարեհաճի շնորհել, էլ ի՞նչ հարկ կա ձանձրացնել ողորմած կառավարությանը:

Մի՞թե ամբողջ միաբանությունը այդ սոսկալի տրամադրության մեջ է գտնվում, — գոչեց երիտասարդը բարկությամբ:

Հայր սուրբը իսկույն չպատասխանեց, սենյակից դուրս եկավ, նայեց դեպի դրսի խավարի մեջ, և ներս մտնելով, նստեց իր առաջվա տեղը և բավական մեղմ ձայնով ասաց.

Մենք բավական անզգույշ ենք խոսում, այստեղ պատերն էլ ականջ ունեն, վանքի հյուրընկալը կենում է հարևան սենյակում, սատանայի հոտառություն ունի, եթե մի բան լսեց, առավոտյան խաբարը կտանե...

Next page