Րաֆֆի՝   Խենթը

Ես հարցրի առհասարակ միաբանության տրամադրությունը, — կրկնեց Վարդանը, առանց ուշադրություն դարձնելու հայր սուրբի վերջին խոսքերի վրա:

— «Հոսոսները» միայն բացառություն են կազմում, թե չէ, ամբողջ միաբանությունը թուրքամոլ չէ: Նրանց մեջ կան ազնիվ մարդիկ ազնիվ ցանկություններով, և գուցե պատրաստ կլինեն ամեն զոհաբերություն հանձն առնել Թուրքիայի հայի արտասուքը սրբելու համար, եթե...

Եթե «հոսոսները» թույլ կտան:

Այո՛: Ի՞նչ անեն խեղճերը, նրանք այն աստիճան կաշկանդված են՝ խոսելու անգամ իրավունք չունեն, ուր մնաց գործելու: Այստեղ կա մի Մանկունի, մի կատարյալ հրեշ, որ իր ծանրության ներքո ճնշում է, խեղդում է բոլորին:

Ես դարձյալ չեմ հասկանում, այս ի՞նչ դժոխային քաղաքականություն է՝ տեսնել մի ամբողջ ժողովուրդ Թուրքիայի բռնակալության ներքո ճնշված, որ մոտ է ոչնչանալու, և դարձյալ պաշտպանել ոչնչացնողին:

Ինձ համար էլ կատարյալ հանելուկ է այդ, ես էլ չեմ հասկանում, — պատասխանեց հայր սուրբը շվարած կերպով:

Բայց ի՞նչով են բացատրում ալաշկերտցոց գաղթականությունը կամ Բայազեդի հայերի կոտորածը: Ի՞նչով են բացատրում Վանի հրդեհը:

Թուրքին արդարացնելու համար նրանք միշտ պատրաստի և սերտած բառեր ունեն իրանց բերանում: Մեղքը գցում են հայերի վրա, ասելով, թե հայերը մի անհանգիստ, դժգոհ և անշնորհակալ ժողովուրդ են: Ասում են, «գայլը մեղավոր չէ, երբ գառը նրան բարկացնում է»: Եվ ալաշկերտցոց գաղթականության մեջ տեսնում են ոչ թե թուրքի և քրդի սուրը և հուրը, որ ստիպեցին մի ամբողջ ժողովրդի թողնել իր հայրենիքը, այլ աշխատում են ցույց տալ մի գաղտնի և զորեղ ձեռք, որ դուրս քաշեց թշվառ ժողովրդին իր հայրենիքից: Թե որքան սխալ է այդ, քեզ ավելի պետք է հասկանալի լինի, Վարդան, դու խո սկզբից մինչև վերջը «գործի» միջումն ես եղել...

Այս բոլորից հետո, ինձ դարձյալ անհասկանալի է, թե դու ի՞նչ հույսերով ես այստեղ մնում, հայր սուրբ, ասա՛, խնդրեմ, ի՞նչ պաշտպանություն կամ ի՞նչ օգնություն կարելի է գտնել դրանցից:

Ոչինչ, ես ինքս էլ համոզված եմ, ոչինչ: Բայց ի՞նչ ճար ունեմ, ո՞ւմը դիմեմ, ո՞ւր գնամ, մնացել եմ շվարած:

Դիմեցեք հայ հասարակությանը:

Հայր սուրբը ոչինչ չպատասխանեց և րոպեական մտածությունից հետո ասաց, կարծես, ինքն իր հետ խոսելով.

Այժմ դժվար է բոլորը պարզել... բայց կգա մի օր, երբ ժամանակը կմերկացնե խայտառակ իրականությունը...

Կարծես, արյունի հետ դուրս բխեցան այդ խոսքերը անբախտ աբեղայի սրտից: Նա այն աստիճան հուսահատված էր, այն աստիճան զայրացած էր, որ իրան զսպել չկարողացավ: Եվ ի՞նչ հարկ կար Վարդանի մոտ ծածկամիտ լինել: Վարդանը օտար մարդ չէր նրա համար: Վարդանի հետ նա գործել էր: Վարդանի հետ շատ խորհուրդների մեջ մասնակից էր եղել:

Խոսակցությունը կրկին դարձավ գաղթականների վրա: Ալաշկերտցոց առաջնորդը պատմում էր իր վտարանդի ժորովրդի թշվառությունները, նկարագրում էր, թե որպիսի տառապանքներ են կրում նրանք, առաջարկում էր միջոցներ, որոնցմով կարելի կլիներ պահպանել նրանց կատարելապես ոչնչանալուց:

Ինձ շատ զարմացնում է, որ այդքան ահագին թվով հիվանդներ կան գաղթականների մեջ, — կտրեց երիտասարդը հայր սուրբի խոսքը, — այդ հաշվով կեսից ավելին հիվանդ է: Ընչի՞ց առաջ եկավ այդ:

Եթե լսելու լինես գաղթականության սարսափելի մանրամասնությունները, կզարմանաս, որ այդ թշվառները դեռևս կարողացել են կենդանի մնալ: Դա մի հրաշք է, կատարյալ հրաշք: Բայց ինձ մոտ ոչ այնքան հիշողություն է մնացել և ոչ այնքան լեզվի զորություն, որ կարողանամ բոլորը պատմել քեզ: Ես միայն կտամ մի քանի մասնավոր տեղեկություններ:

Բայազեդի պաշարումից հետո, որի մանրամասնությունները քեզ հայտնի են, գեներալ Տեր-Ղուկասովն ստիպվեցավ ետ քաշել ռուսաց զորքերը: Այդ միջոցին նա կատարեց երկու մեծ քաջագործություններ: Մի կողմից իր փոքրաթիվ գունդերով նա պետք է պատերազմեր թուրքերի բազմաթիվ զորքերի հետ (իհարկե, նահանջման դիրք բռնելով), մյուս կողմից, նա պետք է ազատեր Ալաշկերտի և Բայազեդի գավառների հայ բնակիչներին թուրքերի կոտորածից: Այդ երկուսն էլ ռազմագիտական մեծ ճարպիկությունների կարոտ էին, որոնց մեջ գեներալը ցույց տվեց իր հանճարը: Նա այնքան ժամանակ կարողացավ բռնել թուրք զորքերի սարսափելի հոսանքի առաջը, որ մինչև նրանց հասնելը, հայերը շտապեցին գաղթել: Բայց ժամանակը խիստ նեղ էր և ժողովուրդը բոլորովին անպատրաստ էր գաղթականության համար: Հանկարծ լուր տվեցին, թե ռուսաց զորքերը պետք է թողնեն այդ երկիրը, գաղթեցեք, փախեք այդ երկրից, եթե մնալու լինեք, թուրքերը կկոտորեն ձեզ: Այդ լուրը կայծակի արագությամբ անցավ բոլոր գավառների մեջ: Սարսափը և տագնապը տիրեցին ժողովրդին: Թշնամին կանգնած էր նրա գլխին: Այլևս հեղգալ կամ հապաղել անկարելի էր. պետք էր թողնել սիրելի հայրենիքը: Ինձ դժվար է նկարագրել այն սոսկալի գիշերը, երբ ժողովուրդը բաժանվում էր իր տնային օջախից: Մի զարհուրելի խռովություն, մի աղետալի իրարանցում տիրել էր ամբոխի վրա: Մի գշերվա ընթացքում պետք է գաղթեին: Անասունների մեծ մասը մնացին դաշտումը, տերերը ժամանակ չունեցան բերելու: Հայրը չսպասեց որդուն, որը տնից բացակա էր: Եղբայրը մոռացավ եղբորը: Տների կարասիքը և ծանրությունները կամ մնացին իրանց տեղերում, կամ տերերը կրակ տվեցին և այրեցին: Մայրերը շալակեցին փոքրիկներին, իսկ հայրերը, բեռնավորված մի քանի անհրաժեշտ իրեղեններով, բռնեցին իրանց որդիների ձեռքից և դուրս եկան: Խիստ սակավ ընտանիքներ սայլեր ունեին, որովհետև սայլերը տարել էին պատերազմական մթերքեր տեղափոխելու: Սպասելու ժամանակ չկար, որովհետև թշնամին ետևից հալածում էր: Ով մնաց, զոհվեցավ բարբարոսի անգթությանը: Ով եկավ, կարծեց, թե ազատվեցավ: Բայց այստեղ ևս հանդիպեցան նոր դժբախտությունների, որ ավելի անողորմ են քան թե քուրդը և թուրքը, ինչպես են քաղցածությունը և հիվանդությունը:

Եվ այդ հիվանդությունը հետևանք էր այն դառն չարչարանքների, որ կրեց ժողովուրդը իր գաղթականության ժամանակ: Ամբողջ շաբաթների ճանապարհը նա պիտի անցներ մի քանի օրվա մեջ, առանց հանգստանալու և առանց մի տեղ կանգ առնելու: Կին, աղջիկ, երեխա, ծեր և մանուկ, բոլորը գալիս էին ոտով. խիստ սակավները գրաստ ունեին: Շատերը նվաղեցան, թուլացան և մնացին կես ճանապարհի վրա: Ո՞վ էր ուշադրություն դարձնում ազգականի, բարեկամի մինչև անգամ սիրելի զավակի վրա: Ամենին տիրել էր մի ընդհանուր խռովություն. ամեն մարդ կորցրել էր թե՛ սիրտը և թե՛ զգացմունքը: Ավելացրեք դրա վրա քաղցը, ծարավը և օտար երկրի անսովոր կլիման, և դուք հիվանդությունը շատ բնական կգտնեք: Թշնամուն չհանդիպելու համար մեզ բերեցին այնպիսի սատանայական և լեռնային ճանապարհներով, որ շատ դժվար էր կնիկների և երեխաների համար անցկենալ: Եվ այդ էր պատճառը, որ մի քառորդ մասը գաղթականների մնացին ճանապարհների վրա և բոլորովին ոչնչացան: Կարճ ասած, շահ Ապասի Սպահան տարած հայ գերիների պատմությունը, որը այնքան սարսափելի գույներով նկարագրում են մեր մատենագիրները, այս գաղթականության հետ համեմատելով, մի շատ հասարակ դեպք պետք է համարել:

Հայր սուրբի ցավալի պատմության ժամանակ Վարդանի միտքը զբաղված էր բոլորովին այլ առարկայով. նա համարյա չէր լսում նրան. — նա մտածում էր իր սիրելի Լալայի մասին: Ախար նա էլ այդ գաղթականների մեջ պետք է լիներ: Նա էլ պետք է ենթարկված լիներ նույն աղետներին, թեև Ջավոն պատմել էր նրան, թե քուրդ բեկի կնոջ՝ Խուրշիդի կարգադրությամբ Լալան տարվեցավ ռուսաց երկիրը, բայց նրա ծառաները խո չէին կարող անցնել ռուսաց սահմանից, որովհետև իրանք քուրդ էին և թշնամի պետության հպատակ: Ուրեմն, Լալային իր եղբոր կնոջ Սառայի հետ պետք է թողած լինեին գաղթականների խմբի մեջ: Բայց ի՞նչպես գտնել նրանց, արդյոք կենդանի՞ են, — այդ հարցերը սկսեցին տանջել անբախտ երիտասարդին:

Հայր սուրբ, դու ոչինչ չգիտե՞ս ծերունի Խաչոյի ընտանիքի մասին, — հարցրեց նա, — իմ կարծիքով նրանք ևս պետք է գաղթականների մեջ լինեն, ո՞րտեղ կարելի է գտնել նրանց:

Գտնել փոքր ինչ դժվար է ձեզ համար, որովհետև գաղթականները զանազան տեղերում ցրված են: Բայց նրանց հետ եկել են իրանց քահանաները և տանուտերները, ես հանձնել եմ այս վերջիններին կազմել իրանց ժողովրդի անվանական վիճակագրությունը, թե որքան թվով ո՞րտեղ են բնակվում, որպեսզի նրանց դարմանելու համար հոգածություն լինի: Այս ցուցակներից հեշտ կլինի գտնել, թե գաղթականների ո՞ր խումբի մեջն են գտնվում ծերունի Խաչոյի ընտանիքը:

Ե՞րբ կբերեն ցուցակները:

Գուցե վաղը, կամ մյուս օրը, ճիշտը չգիտեմ:

Այդ «վաղը» կամ «մյուս օրը» մի անսահմանություն էր խեղճ Վարդանի համար, այս պատճառով նա այն գիշեր անցկացրեց անտանելի տանջանքների մեջ:

Խ

Վանքի զանգակների մեղմ և չափավոր հնչյունները ծանուցին առավոտյան ժամը: Ավելի բախտավոր աբեղաները դեռ քնած էին փափուկ սենյակներում, իսկ ավելի անբախտ աբեղաները շտապեցին աստուծո տաճարը աղոթելու համար:

Հովհաննես հայր սուրբը այս առավոտ խիստ վաղ զարթնեց, և թողնելով Վարդանին քնած, ինքը դուրս եկավ կացարանից: Նա չէր գնում աղոթելու, այլ սովորություն ուներ ամեն առավոտ այցելել Վաղարշապատում գտնված գաղթականներին, և տեսնել, թե ինչ դրության մեջ են նրանք: Այս առավոտ տեսած թշվառությունները այն աստիճան սիրտ կտրատող էին, որ նա այլևս ուժ չունեցավ բոլոր անբախտներին այցելություն անելու: Ամեն տեղ նկատում էր սարսափելի տեսարաններ, ամբողջ ընտանիքը հիվանդ, անխնամ, ընկած էին այս և այն ախոռատան անմաքրությունների մեջ, գոնե մեկը առողջ չէր մնացել, որ մյուսներին հոգ տաներ:

Տխուր հուսահատության մեջ դառնում էր նա դեպի վանքը, և մտքին դրած ուներ, այսօր, ինչ հնարքով և լինի, մտնել վեհարանը և մահամերձ ժողովրդի համար շուտափույթ օգնություն խնդրել: Այդ միջոցին անցավ նրա մոտից մի ֆայտոն, նստողը, տեսնելով աբեղային հրամայեց կանգնել:

Լա՜վ խաբար, — ասաց նա մոտենալով. — Երևանի նահանգապետը հաստատեց գաղթականներին օգնելու համար կազմված մասնաժողովը, անդամներ ընտրվեցան բավական հավատարիմ անձինք: Թիֆլիսից նույնպես ուրախալի լուրեր ստացվեցան. այնտեղի մասնաժողովը եռանդով գործում է, խոստանում են շուտով փողեր և բժշկական դարմաններ ուղարկել:

Ուրախալի է, — պատասխանեց աբեղան: — Այստեղ էլ մտածում են հրամաններ գրել հոգևոր իշխանության գործակալներին նվիրատվություններ հավաքելու:

Ո՞րտեղից պիտի գրեն:

Աբեղան ձեռքը պարզեց դեպի վանքը: Երիտասարդը սկսեց ծիծաղել:

Այդ ոչինչ նշանակություն չի կարող ունենալ, — պատասխանեց նա, — նրանց հավաքածը ալաշկերտցու փորը չի մտնի...

Եկվորը Մելիք-Մանսուրն էր:

Դու ինձ ուրախացրիր բերած լուրովդ, — ասաց աբեղան. — ես էլ քեզ պիտի ուրախացնեմ:

Ի՞նչով:

Վարդանը այստեղ է: Իմ սենյակում:

Իրա՞վ, ո՞րտեղից դուրս եկավ այդ սատանան. ես չէի հավատում, որ մյուս աշխարհից մարդիկ կարող են վերադառնալ: Գնանք:

Երկուսն էլ սկսեցին դիմել դեպի վանքը:

Ճանապարհին Մելիք-Մանսուրը հարցրեց աբեղայից.

Դու լավ ճանաչո՞ւմ ես Վարդանին:

Հինգ տարուց ավել կլինի, որ ես նրա հետ ծանոթ եմ: Մեր կողմերում նա հայտնի է որպես մի քաջ կանտրաբանտիստ: Բայց երկար ժամանակ ոչ ոք չկարողացավ հասկանալ, որ նրա պարապմունքը շահասիրական նպատակ չունի: Նա միայն զենքեր էր տեղափոխում և շատ անգամ ձրի բաժանում էր գյուղացիներին, և եթե պատահում էր երբեմն ապրանքներ բերել, այդ անում էր նա իր բուն վաճառքի հետքերը թաքցնելու համար: Նպատակը շատ բարի էր, բայց տխուր հանգամանքները բոլորը ապարդյուն արեցին...

Ես մի քանի անգամ միայն կարողացա տեսնել նրան, — պատասխանեց Մելիք-Մանսուրը, — բայց մինչև այսօր ոչ մի մարդ իմ համակրությունը այն աստիճան չէ գրաված, որպես այդ եռանդոտ երիտասարդը: Ես տեսա, որքան քաջ, որքան անգութ է նա արյունոտ գործերում, այնքան ավելի ազնիվ, բարի և հավատարիմ է բարեկամության մեջ:

Բացի դրանից, Վարդանը նշանավոր է և իր սատանայական խելքով. նա իր կյանքում կատարել է շատ բան, որքան հազիվ կարող էր կատարել մի լավ գործիչ, հարյուր տարվա ընթացքում: Միայն նա խիստ համեստ է իր գործունեության մեջ և սիրում է միշտ ծածկվել հասարակ մարդու կեղևի մեջ:

Վարդանը, առավոտյան զարթնելով գտավ իրան հայր սուրբի սենյակի մեջ մենակ: Արեգակի ճառագայթները ներս էին ծագել խուցի նեղ լուսամուտներից և լցրել էին նրան խիստ պայծառ լույսով: Բայց տաքացած օդը խեղդելու չափ անտանելի էր: Նա մոտեցավ լուսամուտներից մեկին և բաց արեց. դրսի թարմ և հովասուն օդը ախորժ հոսանքով զարկեց նրա բորբոքված երեսին: Բայց մի բան, կարծես, ծանրացել էր նրա սրտի վրա, մի բան դարձյալ խեղդում էր նրան: Մի փոքր սպասեց, մինչև իր հյուրընկալը կվերադառնար: Բայց ուշացավ նա. Վարդանը այժմ խիսա անհամբեր էր դարձել, նա դուրս եկավ մի փոքր ազատ օդ շնչելու: Եվ որովհետև չէր ցանկանում, որ վանքում տեսնեին կամ ճանաչեին նրան, այս պատճառով ետևի դռնից դուրս եկավ դեպի լճի կողմերը: Այնտեղ գտավ մի ծերունի եպիսկոպոս, որին իսկույն ճանաչեց: Դա վանքի նշանավոր հնություններից մեկն էր:

Բարով, պապի:

Ամբողջ միաբանությունը նրան «պապի» էր կոչում: Պապին նստած էր ամառային արեգակի այրող ճառագայթների հանդեպ և տաքացնում էր իր սառած անդամները: Նա նմանում էր հնդկական ֆադիրներին, որոնք չեն լվացվում, չեն սանրվում, եղունգները չեն կտրում և լավ չեն հագնվում, որովհետև մեղք են համարում: Լսելով երիտասարդի ձայնը, նա ձեռքը դրեց ճակատի վրա, որ աչքերից արգելե լույսի ուղիղ ճառագայթները, և վեր նայելով, ասաց.

Ձայնդ ծանոթ է գալիս, որդի, բայց աչքերս չեն ջոկում, թե դու ով ես, որդի:

Ես Վարդանն եմ:

Շատ ապրիս, որդի, եկ, համբուրեմ քեզ. որքա՜ն մեծացել ես, որդի:

Վարդանը թույլ տվեց իրան համբուրել:

Նստի՛ր, որդի՛, այստեղ, ինձ մոտ, ահա այսպես լավ է: Ի՛նչ լավ տղա ես դարձել, որդի: Միտդ գալի՞ս է, որ կատվի նման մտնում էիր իմ խուցը և միրգ էիր գողանում: Այն ժամանակ պստիկ էիր, շատ պստիկ:

Միտս գալիս է, պապի, — պատասխանեց Վարդանը խորին հառաչանքով. — ես գողությունը այստեղ սովորեցա...

Ո՞վ չէ գողանում, հիմա ամենքը գողանում են: Արդարությունը ծիծեռնակի կաթն է դարձել, ոչ մի տեղ չես գտնի: Երկու օր չկա, որ անիծվածները իմ խուցեն գողացան մի քանի հարյուր ռուբլի: Հոգուս համար էի պահել: Ի՞նչպես գտան. ես չեմ հասկանում. սատանան էլ չէր կարող գտնել: Դրել էի առաստաղի տախտակամածի ետևը: Բայց սատանաները դրանցից պետք է դաս առնեն... Ա՜խ, նզովյալներ, նզովյալներ...

Պապիի սենյակից փողեր գողանալը այնպիսի մի սովորական բան էր, որ շատ չէր կարող հետաքրքրել Վարդանին: Այդ մոտ հարյուր տարեկան ծերունին իր ամբողջ կյանքում ոչինչ չէր ծախսել, և ձեռք ընկածը հավաքելու ու պահելու սովորություն ուներ: Երբ նրա գանձը հարյուրների կամ հազարների կհասներ, հանկարծ մի աներևույթ ձեռք կհափշտակեր և կտաներ բոլորը: Բայց վերջին ժամանակներում հաճախ կրկնվող գողությունները պապիին բավական վարպետ շինեցին: Նա իր սենյակում հարյուրավոր ծակուծուկ ուներ, և փողերի ամեն մի մասը մի ծակում էր պահում: Եվ այս պատճառով, երբեք չէր պատահում, որ նրա գանձը մի անգամով հափշտակվեր, թեև ինքը սովորություն ուներ երդվել և հավատացնել, թե բոլորը տարան:

Պապին խիստ տիպական ժլատներից էր, և Վարդանը ճանաչում էր նրան իր մանկության ժամանակից, նրա ժլատությունը միաբանության մեջ լեգենդական նշանակություն էր ստացել: Պապին համարվում էր հարուստ աբեղաներից մեկը, այն զանազանությամբ միայն, որ ուրիշները իրանց հարստությունը դիզել էին ավելի մթին ճանապարհներով, իսկ պապին սաստիկ խնայողությամբ:

Փող շատ ես սիրում, պապի, ի՞նչ պիտի անես այսքան փողը:

Է՜հ, որդի, «աղվես կա, որ ուղտ է կուլ տալիս, բայց գայլի անունն է խայտառակ»: Հիմա ո՞վ չէ սիրում փողը, հիմա փողի բազար է, բոլորը փողի համար են աշխատում:

Նա դողդոջուն ձեռքով ծոցից հանեց քթախոտի տուփը, բաց արավ, տեսավ, որ դատարկ էր: Գուցե հարյուր անգամ նա այսօր բաց էր արել այդ դժբախտ տուփը և ամեն անգամ տեսել էր, որ դատարկ է, բայց դարձյալ չէր հավատում իր աչքերին, և կարծում էր, թե գուցե մի հրաշքով լցված կլինի:

Անիծվի Սիմոն վարժապետը, դու խո ճանաչում ես նրան, քսան կոպեկ տվեցի, թանիքայե ղութիս էլ տվեցի, որ տանե քաղաքից բուռնոթի առնե, տարավ, համ փողը կերավ, համ ղութին: Դու բուռնոթի չունե՞ս, Վարդան:

Ես չեմ գործ ածում, պապի:

Պապիի բախտին փոքր ինչ հեռու ընկած էր մի կիսաքաշ պապիրոս: Նա տեսավ, և վեր կենալով, մոտեցավ, վերառեց պապիրոսի կտորը, և թղթե փաթոթը պատառելով, մի կողմը գցեց, այնուհետև սևացած ծխախոտը փշրեց ափի մեջ, դողդոջուն մատներով մանրեց և կծու փոշին քաշեց պնչածակերի մեջ:

Մի՞թե այդպես են պահում քեզ, պապի, որ բուռնոթու փող էլ չեն տալիս:

Է՜հ, որդի, աշխարհս փոխվել է, ո՞ւր են Ներսես վեհափառի ժամանակները: Այն ժամանակ սեր կար, միաբանություն կար, այն ժամանակ մեծ կար, փոքր կար: Իսկ հիմա ամեն բան տակնուվրա է եղել: Ով որ ճարտար սուտեր խոսել գիտե, ով որ խելացի կերպով խաբել գիտե, նա է առաջ ընկնում: Մեր նմանների ռեխին ո՞վ է նայում: Հիմա նոր հավեր են եկել, ու երկաթե ձվաներ են ածում:

Պապին Ներսեսի ամենաջերմ պաշտողներից մեկն էր. այդ հավիտենական հիշատակի արժանի կաթողիկոսի անունը նրա լեզվում սրբության նշանակություն ուներ: Ամեն մի զեղծում տեսնելու ժամանակ, երբ նրա սիրտը վշտանում էր, նա միշտ սովորություն ուներ հիշել Ներսեսի ժամանակները, որ նրա համար Էջմիածնի ոսկեդարն էր:

Պապին այժմ մի առանձին հոգեզմայլությամբ դարձյալ հիշեց ոսկեդարը: Նա ցույց էր տալիս գեղեցիկ լիճը, բացատրում էր, թե ինչ նպատակի համար էր շինել տվել այն մեծ մարդը այդ գեղեցիկ լիճը: Ցույց էր տալիս լճի մոտ մի ավերակ, որ պետք է թղթի գործարան լիներ, որ վանքը ուրիշ տեղից թուղթ բերել չտար, իսկ այժմ այնտեղ վանքի գյուղացիները իշաներ էին կապում: Ցույց էր տալիս լճի հանդեպ մի ուրիշ ավերակ, որ պետք է մետաքսի գործարան լիներ, որի համար տնկել տվեց վեհափառը անտառի մի ահագին մասը, որ բաղկանում էր թթենիներից: Հիշելով անտառը, նա չկարողացավ իր արտասուքը զսպել, և պատմեց, թե վեհափառը իր տնկել տված ծառերը այնքան էր սիրում, որքան հայրը կսիրե իր զավակներին: Երբ գնում էր անտառը, միշտ մի փոքրիկ կտրոց իր մոտ ուներ և իր ձեռքով կտրատում էր ծառերի ավելորդ ճյուղերը: Եվ նա բոլոր ծառերը ճանաչում էր, և գիտեր, թե տարվա մեջ որը որքան է մեծացել: Այդ տեսնելով վեհափառը ուրախանում էր, որպես հայրը, նայելով իր մանուկի աճող հասակին ուրախանում էր և այլն:

Վարդանը նկատելով, որ այդ պատմությունը շատ երկար կձգվի, կամենում էր հեռանալ:

Ականջդ մոտ բեր, Վարդան, — ասաց պապին:

Վարդանը ականջը մոտ տարավ և լսեց հետևյալ խոսքերը.

— «Շուտ հեռացիր այստեղից, որդի, քեզ վրա խորթ աչքով են նայում»:

Ինձ այստեղ դեռ ոչ ոք չի տեսել, պապի:

Բավական է, որ մեկը տեսել է: Ես վատ բաներ լսեցի քո մասին:

Ձեր ականջները խո լավ չեն լսում, պապի, ի՞նչպես լսեցիք:

Պապիի ականջները այն ժամանակ միայն վատ են լսում, երբ խոսքը իրան ձեռնտու չէ, բայց պետքական խոսքը նա իսկույն լսում է:

Վարդանը ծիծաղեց և հեռացավ:

Պապին նրա ետևից կանչեց.

Լսի՛ր, Վարդան, եթե քաղաքը գնալու լինիս, չմոռանաս ինձ համար մի քիչ բուռնոթի ուղարկել: Դու խո տեսա՞ր, որ տուփս դարդակ էր:

Այդ միջոցին հայտնվեցան Մելիք-Մանսուրը Հովհաննես հայր սուրբի հետ:

Ի՞նչ էիր խոսում պապիի հետ, — հարցրեց վերջինը:

Նա միակ ազնիվ մարդն է այստեղ, — պատասխանեց Վարդանը, և դառնալով Մելիք-Մանսուրին, ասաց.

Ես կցանկանայի ձեզ հետ առանձին խոսել, դուք ունե՞ք այստեղ որևիցե ծանոթ տուն:

Ունեմ:

Վարդանը ոչ թե պապիի խոսքերից կասկածի մեջ ընկավ, այլ առհասարակ աշխատում էր իրան հեռու պահել վանքից: Բացի դրանից, նա անհանգիստ էր Լալայի մասին, պետք էր գտնել նրան, պետք էր մի տեղեկություն ստանալ նրա մասին: Նա խնդրեց Հովհաննես հայր սուրբից, որ նա հաղորդե իրան, թե որևիցե տեղեկություն ստանալու կլինի քահանաներից:

Ես լուր ստացա, որ այսօր մինչև ճաշը կգան քահանաները և ցուցակները կբերեն, — ասաց հայր սուրբը, — անմիջապեա քեզ իմաց կտամ:

Գիտե՞ք մեր տեղը, — հարցրեց Մելիք-Մանսուրը:

Գիտեմ:

Ուրեմն գնանք, Վարդան:

Այդ միջոցին հրապարակի վրա երևաց մի փոքրիկ խումբ, որ դանդաղ կերպով շարժվում էր դեպի գերեզմանատունը: Մի քանի ալաշկերտցիներ տանում էին մի դագաղ: Քահանա չկար, որովհետև քահանային կարող էին պատրաստ գտնել գերեզմանատանը: Նա այնտեղից չէր հեռանում, ի նկատի ունենալով, որ ամեն րոպե նոր դագաղներ կարող էին բերվել: Մի կին, հենած երկու ուրիշ կանանց թևքերի վրա, գնում էին դագաղի հետ: Նա լաց չէր լինում, և ոչ արտասուք էր երևում նրա ցամաքած աչքերում: Նա գտնվում էր մի տեսակ սարսափելի շվարման մեջ, որ հատուկ է հոգու այն տրամադրության, երբ բոլոր զգացմունքները խորտակվում են մի ծանր և անակնկալ հարվածի ներքո: Երևում էր, որ այդ կինը հանգուցյալի մոտ ազգականը պետք է լինի: Նրա փեշերից քարշ էին ընկած երկու փոքրիկ երեխաներ, դրանք լաց էին լինում: Վաղարշապատցիներից ոչ ոք չէր գնում դագաղի հետ, բացի մեզ ծանոթ բժշկապետից, որ որոշվում էր այդ աղքատ կիսամերկ խումբի մեջ:

Վարդանը և Մելիք-Մանսուրը հեռվից տեսան այդ թշվառ հուղարկավորությունը, բայց ուշադրություն չդարձրին: Ամեն օր, ամեն րոպե հանդիպում էին այսպիսի տեսարանների, որոնք արդեն սովորական երևույթների կարգն էին անցել:

ԽԱ

Վարդանը, տեսնելով Մելիք-Մանսուրին, կարծես, առժամանակ մոռացավ դառն ցավը, որ այնքան սաստիկ կերպով մաշում էր նրա սիրտը: Բացի դրանից, Հովհաննես հայր սուրբի տված հույսը, թե գաղթականների հետ եկած քահանաներից և տանուտերներից կարելի է տեղեկանալ ծերունի Խաչոյի ընտանիքի որտեղ լինելու մասին, — այդ ուրախալի հույսը բավական հանգստացրել էր նրան: Նա մտածում էր, թե այդ տեղեկություններով կարող է գտնել Լալային, և իր սիրով կթեթևացնե նրա պանդխտության տառապանքները:

Բայց այդ՝ սիրտ խոցոտող կսկիծների առժամանակյա բթություն էր միայն, երբ վշտերը գուլանում են, և սրտի վերքերին տիրում էր րոպեական թմրություն:

Տունը, ուր տանում էր նրան Մելիք-Մանսուրը, գտնվում էր Վաղարշապատի հին փողոցներից մեկի մեջ: Շինվածքները թեև մանր էին և խիստ աղքատ, բայց որպես առհասարակ Վաղարշապատի տները, ունեին ընդարձակ բակեր, որ հովանավորված էին պտղատու ծառերով:

Դու շատ գոհ չես լինի, — ասաց ճանապարհին Մելիք-Մանսուրը, — եթե գիտենաս, թե որտեղ եմ տանում քեզ:

Ինձ համար միևնույն է, — պատասխանեց Վարդանը անփույթ կերպով: — Ես միայն ցանկանում էի մի քանի տեղեկություններ ստանալ պարոն Սալմանի մասին: Այնտեղ խո մեզ խանգարող չի՞ լինի:

Ոչ ոք:

Փոքրիկ դռան մուրճը զարկեցին, մի պառավ կին բաց արեց դուռը: Նրանք ներս մտան և դուռը կրկին փակվեցավ նրանց ետևից:

Ա՛յ նանի, քեզ համար մի նոր հյուր եմ բերել, — ասաց Մելիք-Մանսուրը:

Պառավը մի խորամանկ հայացք ձգելով Վարդանի երեսին, պատասխանեց.

Աչքիս վրան...

Դե շուտ, նանի, մեզ համար մի շիշ գինի, սաստիկ ծարավ ենք, — ասաց Մելիք-Մանսուրը: Եվ մոտենալով, ավելացրեց. — Հոգիդ կհանեմ, եթե մի ուրիշ մարդ ներս ես թողել:

Պառավը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և հեռացավ:

Երկու երիտասարդները մտան մի փոքրիկ, բայց բավական մաքուր սենյակ, որ կահավորված էր կիսաասիական և կիսաեվրոպական ճաշակով, և նստան փոքրիկ սեղանի մոտ, միմյանց հանդեպ: Քանի րոպեից հետո մի մանկահասակ կին հուշիկ քայլերով ներս մտավ և լռությամբ դրեց սեղանի վրա մի շիշ գինի, երկու բաժակի հետ, և նույնպես լռությամբ հեռացավ: Նրա գլխի հայկական պաճուճանքը բոլորովին քողարկել էր դեմքը, երևում էին միայն զույգ սևորակ աչքերը աղեղնաձև հոնքերի հետ: Բայց ինչ որ երևում էր, այդ էլ բավական էր փոքրիշատե հասկացողություն կազմելու նրա գեղեցկության մասին:

Մելիք-Մանսուրը, բաժակները լցնելով, մեկը ինքը խմելով, մյուսը Վարդանին տալով, ասաց.

Ես միշտ ուրախ եմ, որ մեր վանքերը շինված են ըստ մեծի մասին մարդկային բնակությունից հեռու, լեռների, ձորերի և անապատների մեջ: Ոչ մի տեղ չկան այնքան սրիկա և անբարոյական պատանիներ, որքան Վաղարշապատում: Ոչ մի տեղ չկա այնքան թեթև վարքի տեր կնիկներ, որքան այստեղ: Ահա այդ գեղեցիկ կինը, որ այնպես համեստ և ամոթխած կերպով ներս մտավ և իսկույն հեռացավ, մի աբեղայի սիրուհի է: Վանքը, ես մտածում էի, գոնե պահպանում է կրոնական ջերմեռանդությունը, բայց այստեղ մարդիկ ոչինչի չեն հավատում: Աբեղաների վարքը պատճառում է ժողովրդի մեջ գայթակղություն և թերահավատություն: Այստեղ արդեն սկսվել է բորբոքվել բողոքականությունը: Անցնելով փողոցներից, իհարկե, դու տեսար բավական գեղեցիկ տներ, եթե քննելու լինիս, թե ովքեր են նրանց տերերը, կտեսնես, որ համարյա բոլորը աբեղաների հեռու կամ մերձավոր ազգականներ են, որոնք առաջ աղքատ են եղել և հետո վանքի շնորհիվ հարստացել են: Ես, իրավն ասեմ, տանել չեմ կարողանում, երբ նկատում եմ որ այստեղ հարյուր հազարներ են վատնվում, երբ այժմ մեր ամեն մի կոպեկը մեծ արժեք ունի մեզ համար: Հազար ու մեկ պետքեր ունենք, ամենի համար փող է պահանջվում: Կ. Պոլսում ազգային սնդուկը դատարկ է: Պատրիարքը գրոշ չունի իր ամենաանհրաժեշտ ծախքերը լցուցանելու համար: Բայց նրա վրա այժմ ծանրացած են այնպիսի գործեր, որոնց հապաղումը, որոնց հետաձգությունը հավիտենական կորուստ պիտի համարվի ազգի համար: Այսուամենայնիվ, ես չեմ նկատում Կ. Պոլսի պատրիարքարանի և հայոց Մայր Աթոռի մեջ համերաշխության մի նշույլ անգամ: Մանկունին Կ. Պոլսում քսան և հինգ հազար կորցրեց կոնսուլիտների մեջ, և որպես լսում եմ, երեսուն հազար այս մոտ օրերում ուղարկված է, սատանան գիտե, ինչ դժոխային նպատակների համար, բայց հայոց պատրիարքը, մեր միակ գործունյա մարդը, գրոշ չունի...

Այդ գինին փոքր ինչ թթված է երևում, — ընդմիջեց Վարդանը:

Դու չէի՞ր լսում ինձ, — գոչեց Մելիք-Մանսուրը վշտացած ձայնով:

Լսեցի, պատրիարքը գրոշ չունի...

Այսպես չէ կարելի խոսել...

Ի՞նչ խոսել, ես միայն մի բան գիտեմ, ինչ ազգ, որ հույսը դրել է միայն եկեղեցականների վրա, նրա կործանման սկիզբը մոտ է վախճանին:

Մանկահասակ կինը կրկին ներս մտավ, հուշիկ քայլերով մոտեցավ սեղանին և դրեց նրա վրա մատուցարանի մեջ դարսած նախաճաշիկը: Այս անգամ երեսի քողի ծալքը, որից առաջ երևում էին աչքերը և հոնքերը միայն, այս անգամ բավական ետ էր քաշված, և դուրս էին նայում նրա վարդագույն նուրբ շրթունքը:

Մեզ համար մի ուրիշ շիշ գինի ևս, միայն դրանից չլինի, — ասաց Մելիք-Մանսուրը:

Կինը դարձյա անխոս հեռացավ:

Ես զարմանում եմ, որ դու մի այսպիսի իջևան ընտրեցիր քեզ համար, — հարցրեց Վարդանը:

Եթե ուզում ես լավ ճանաչել աբեղային, բարեկամացիր նրա սիրուհու հետ, — պատասխանեց Մելիք-Մանսուրը ծիծաղելով: — Բացի դրանից, այստեղ ամեն գիշեր հավաքվում է մի հասարակություն, որոնք ինձ բավական հետաքրքրական տեղեկություններ են հաղորդում:

Իհարկե, գլխավորապես վանքի վրա, — ավելացրուց Վարդանը հեգնական կերպով: — Բայց թողնենք առժամանակ վանքը և խոսենք մեր գործի վրա: Ես կցանկանայի քեզանից տեղեկանալ, թե ի՞նչ վախճան ունեցավ պարոն Սալմանը, և ինչեր պատահեցան իմ բացակայության ժամանակ: Ես դեռ ոչինչ չգիտեմ, թեև Հովհաննես հայր սուրբը հաղորդեց շատ բան, բայց ինչ որ պետք էր ինձ, նա ինքն էլ չգիտեր:

Կարծես մի սև թուխպ անցավ Մելիք-Մանսուրի ուրախ դեմքի վրա և նրա կապտագույն շրթունքը սկսեցին դողդողալ, երբ հանկարծ հիշեց տխուր անցյալը, որ առժամանակ մոռացության էր տվել: Նա վեր առավ իր առջև դրած լիքը բաժակը և միանգամով խմեց:

Կպատմեմ, — ասաց նա խռովյալ ձայնով, — քեզ պետք է գիտենալ և բոլորը գիտենալ, թեև այդ չի ուրախացնի քեզ: Պարոն Սալմանը կալանավորվեցավ գիշերը. ես այդ իմացա նույն գիշերվա առավոտը: Մատնիչը գործը այնպես էր սարքել, որ մինչև անգամ տան տերը ոչինչ չէր հասկացել, ուր նա այն գիշեր իջևանել էր: Ինձ հայտնեց երիտասարդի ծանոթներից մեկը, որ պատահմամբ տեսել էր նրան տանելիս: Իմ առաջին հոգսը եղավ հավաքել մեր մտերիմներից մի քանի ձիավորներ և հարձակում գործել: Գուցե կհաջողվեր մեզ ազատել նրան, եթե ճանապարհին կհանդիպեինք: Բայց նրան տարել էին ուրիշ ճանապարհով, որի մասին մենք դժբախտաբար չմտածեցինք: Ինձ հետ կային քսանից ավելի ձիավորներ, որոնք պատրաստ էին ամեն տեսակ գործողության: Երկար հարցուփորձից հետո ես կարողացա գտնել այն գյուղաքաղաքը միայն, ուր այն ժամանակ գտնվում էր զինվորական գործակատար փաշան, որի մոտ տարել էին խեղճ երիտասարդին: Տեղեկացա, որ տարածին պես խեղդել էին: Ինձ չհաջողվեցավ մինչև անգամ գտնել անբախտ երիտասարդի մարմինը: Թե որպիսի բարբարոսությամբ էին վարվել նրա դիակի հետ այդ կարող են անել միայն գազանները: Միայն այդ եղեռնագործությունը լցրեց իմ սիրտը կատաղի վրեժխնդրությամբ և անմեղ զոհի արյունով կնքվեցավ այն ուխտը, որի համար երդվել էինք մենք:

Պարոն Սալմանից հետո, որպես քեզ հայտնի է, կալանավորվեցան ծերունի Խաչոն իր երկու որդիների՝ Հայրապետի և Ապոյի հետ: Դրանց անմիջապես չսպանեցին, այլ պահում էին բանտում, սաստիկ հսկողության ներքո: Որպես երևում է, աշխատում էին հարուստ տանուտերի պահած բոլոր ոսկիները առնել և հետո սպանել: Բայց խեղճերը երկար չկարողացան դիմանալ անտանելի չարչարանքներին, և երեքն էլ մեռան բանտի մեջ:

Այդ բոլորից հետո ես հասկացա, թե ինչ վիճակ էր սպասում Օ... գյուղին և անձամբ դիմեցի Իսմայիլ փաշայի մոտ, որին հանձնված էր Բայազեդի կողմերի զորքերի հրամանատարություննը: Նա բավական խելացի մարդ է, և վստահություն ունեի, թե իմ տեսակցությունը ապարդյուն չի մնա: Ես ամենևին չթաքցրի նրանից այն պատրաստությունները, որ կատարվել էին իմ և իմ ընկերների ձեռքով: Ես հայտնեցի, թե ժողովրդին բաժանված է այո՛, մի նշանավոր քանակությամբ զենքեր: Բայց այդ պատրաստությունը, ասացի, ոչ թե ապստամբության նպատակ ունե, որպես սխալ հասկացրել են ձեզ, այլ-անձնապաշտպանության: Մահմեդական ամբոխի այդ կատաղի մոլեգնության ժամանակ, որ վառել էր նրա մեջ իսլամի հոգևորականությունը, — ասացի նրան, — կարող է բոլորովին զոհ գնալ քրիստոնյա տարրը, եթե նրան միջոց չտրվի պաշտպանվելու: Այդ անհրաժեշտության մասին, ավելացրի, ինքը կառավարությունը պետք է նախապես հոգ տաներ, եթե չէ ցանկանում, որ այստեղ նույնպես կրկնվեին Բոլգարիայի տխուր անցքերը, որոնք Թուրքիային մեծ պատասխանատվության տակ ձգեցին: Ուրեմն, կառավարությունը պետք է շատ գոհ լինի. որ մենք նրա հոգսերը թեթևացրինք, կատարեցինք այն, ինչ որ նրա պարտքն էր անելու, մենք քրիստոնյաների ձեռքը զենք տվեցինք, մահմեդականների մոլեռանդությունից պաշտպանվելու համար:

Next page