Րաֆֆի՝   Խենթը

Ուղևորը դեռ իր դարանից դիտում էր: Քրդի արթուն, թե քնած լինելը սաստիկ հետաքրքրում էր նրան: Եթե պառկած մարդու երեսը դեպի իր կողմը դարձած լիներ, նա կարող էր տեսնել, արդյոք աչքերը փակած էին, թե ոչ: Ներքին վրդովմունքը սկսեց խռովել նրան և աչքերի մեջ հայտնվեցավ կատաղի բարկություն: Մտատանջությունը ալեկոծում էր նրան, չգիտեր, թե ինչ պետք էր վճռել: Ինքը անզեն և մերկ գործ պիտի ունենար մի ոտքից ցգլուխ զինված գազանի հետ: Բայց պետք էր վերջացնել... Ժամանակը թռչում էր... Ամեն րոպե թանկ էր նրա համար... Բայց ինչո՞վ և ի՞նչպես վերջացնել...

Մինչ նա այդ մտատանջության մեջ էր, նկատեց, որ քուրդը գլուխը վեր բարձրացրեց, նայեց իր շուրջը, նայեց իր ձիու վրա, և երբ տեսավ, որ նա շատ հեռու չէր գնացել, կրկին գլուխը դրեց իր խուրջինի վրա, որ բարձի տեղ էր ծառայում, և պառկեց: Ուրեմն նա քնած չէր և եթե քնած էր, այժմ զարթեցավ: Խռովության նման մի բան կրկին ցնցեց ուղևորի դեմքը. նրա պնչերը սկսեցին լայնանալ և շրթունքը դողդողալ: Բայց երբ նրա աչքը ընկավ նիզակի վրա, տեսավ, որ նիզակը բավական հեռու ցցած էր գետնի մեջ, և ուղիղ դեպի այն կողմի վրա, որտեղ թաքնված էր ինքը: Այդ առիթը, կարծես, նրան մի փոքր հանգստացրեց, նրա դեմքը այժմ խաղաղ կերպարանք ընդունեց և աչքերի մեջ փայլեց ուրախության նման մի բան: Զե՛նք, — այդ էր հարկավոր նրան իր դիտավորությունը կատարելու համար...: Հանկարծ, որպես մի դարանակալ վագր, նա դուրս թռավ եղեգնաբույսերի միջից, խլեց նիզակը և արձանացավ պառկած քրդի առջևը:

Տուր զենքերդ, — եղավ նրա առաջին խոսքը:

Քուրդը տեսնելով այդ այլանդակ կերպարանքը, զինվորի քրքրված վերարկուի մեջ և իր ծաղրական գլխարկով, մի արհամարհական հայացք ձգեց նրա երեսին, և առանց փոխելու իր պառկած դիրքը, ձեռքը տարավ ատրճանակին, և ուղղելով դեպի խենթը, ասաց,

Ա՛ռ, ահա՛...

Ատրճանակը որոտաց և գնդակը անցավ խենթի կողքի մոտից:

Անիրա՛վ, դու ընդդիմանում ե՞ս, — գոչեց նա և նիզակի ծայրը ուղիղ խրեց քրդի կոկորդի մեջ: Տաք արյունը դուրս ցայտեց վերքից, նրա գլուխը դողդողաց և ընկավ գետին:

Կրկին բարձրացավ քուրդը և մի երկրորդ անօգուտ փորձ փորձեց, ձեռքը տարավ դեպի իր սուրը, կիսով չափ դուրս քաշեց պատենից, բայց ձեռքը թուլացավ և սուրը մնաց իր տեղում:

Շո՛ւն, ինչո՞ւ ես սպանում ինձ... — հարցրեց նա մահվան տագնապի մեջ:

Դու շատ ես սպանել իմ ազգից... դու շատ ես հափշտակել... ես ձեզանից սովրեցա սպանելը... ձեզանից սովրեցա հափշտակելը... ես հեռու ճանապարհ պիտի գնամ... տեսնո՞ւմ ես, ո՛չ հագուստ ունեմ, ո՛չ զենքեր և ո՛չ ձի: Քո հագուստը, քո զենքերը և այդ գեղեցիկ ձին, որ արածում է խոտերի մեջ, ինձ պետք էին... Ես գիտեի, որ քանի շունչդ բերանումդ է, ոչինչ չես տա ինձ, դրա համար էլ քեզ հանգստացրի... Գուցե դու զրկվեցար Բայազեդի կողոպուտից, բայց փույթ չէ, քո եղբայրները այնտեղ եռանդով գործում են...

Քուրդը ոչինչ չլսեց. նրա աչքերը արդեն փակվել էին... և անշունչ դիակը տարածվել էր գետնի վրա:

Այդ բոլորը կատարվեցավ մի քանի րոպեի մեջ: Ուղևորը մերկացրեց իր զոհին. նրա դիակը քաշեց տարավ և թաքցրեց եղեգների մեջ. ծածկեց իր քրքրված վերարկուով և ինքը հագնելով նրա զգեստը, կրելով նրա զենքերը, — թռավ գեղեցիկ ձիու վրա և շարունակեց իր ճանապարհը...

Դ

Այդ անցքից մի օր հետո, մի ձիավոր, քրդի ձևով հագնված ծտի նման սլանալով մտավ Տեր-Ղուկասովի բանակը: Նա հայտնեց, թե գեներալի անունով շատ կարևոր նամակ ունի բերած: Նրան տարան դեպի գեներալի վրանը: Մի օֆիցերի ձեռքով նամակը ներս ուղարկեց նա, իսկ ինքը վրանի դրսումը սպասում էր, հոգ տանելով իր ձիուն, որ շատ քրտնած էր: Մի քանի րոպեից հետո նրան ներս կանչեցին:

Վրանի մեջ նստած էր միջահասակ մի զինվորական, լիքը կազմվածքով և առյուծի խրոխտ դեմքով: Դա ինքը՝ Տեր-Ղուկասովն էր: Նա ալևոր գլուխը թեքած ուներ գրասեղանի վրա, ուր ածած էին շատ նամակներ, որ նոր էին բացված: Նա կրկին վեր առեց նրանցից մեկը, կարդում էր և անդադար ծխում էր: Նրա անհանգիստ դեմքը արտահայտում էր ներքին խռովություն և խորին ցավակցություն: Նա դարձավ դեպի նամակաբերը, հարցնելով.

Դու հա՞յ ես:

Բացի հայ լինելս, տերտերի տղա եմ, — պատասխանեց երիտասարդը:

Գեներալը մի սուր հայացք ձգեց նրա համարձակ դեմքի վրա և շարունակեց իր հարցուփորձը:

Բերդում հա՞ց կար:

Մի քանի օրից հետո կսկսեն մեկմեկու միս ուտել, եթե չէին ցանկանա քաղցած մեռնել:

Ջուրը ինչպե՞ս:

Չկա: Պետք է դրսից բերել տալ. ցերեկով դուրս գալու հնար չկա. իսկ գիշերը երբ մթնում է հերթով տասը քսան մարդ իջեցնում են պարիսպներից, որ գնան ջուր բերեն. քրդերը այդ լավ են իմանում, հեռվից հրացանի են բռնում, և գնացողներից շատ անգամ մեկն էլ չի վերադառնում:

Հրազենների պաշարը ի՞նչպես է, վառոդ, գնդակ ունի՞ն:

Սպառվել էր: Բայց մի հայէլի մեր հայերի երեսը թող սպիտակ լինիգտավ բերդի մեջ թուրքերից թաքցրած բավական զենքեր, վառոդ և գնդակ. հիմա նրանցով յոլա են գնում:

Դու ի՞նչպես կարողացար դուրս գալ բերդից:

Առավոտյան, դեռ արևը չծագած, պարսպից ցած իջա և ուղիղ մտա քրդերի բանակի մեջ: Մի ամբողջ օր նրանց ծիծաղացրի, ուրախացրի, երգեցի, պար եկա և հազար տեսակ օյիններ հանեցի, և այսպես ամեն տեղ մտա, ամեն բան իմացա, հետո մնաք բարով ասելով հեռացա:

Գեներալը զարմացած նայեց երիտասարդի երեսին, հարցնելով.

Դու խե՞նթ ես, ինչ, ա՞, այդ ինչե՞ր ես խոսում:

Այո՛, տեր, — պատասխանեց երիտասարդը հանգիստ կերպով. — ինձ վիճակված է իմ ամբողջ կյանքում խենթի դեր կատարել... Վատ չէ, դա ազատում է շատ փորձանքներից... Ես հենց ինձ խենթի տեղ էի դրել և այնպես մտա քրդերի բանակը:

Եվ նա սկսեց նկարագրել իր հագուստը և այն բոլոր ծաղրական ձևերը, որով հայտնվեցավ քրդերի բանակի մեջ:

Գեներալի սառն դեմքի վրա անցավ մի թեթև ժպիտ, և նա ընկերաբար հարցրեց.

Իսկ այդ հագուստը դու ո՞րտեղից գտար:

Աստված հասցրուց: Ճանապարհին մի քուրդ գտա, այդ հագուստը, այդ զենքերը և այն սիրուն ձին, որ դրսումը կանգնած է, նրանից խլեցի, — պատասխանեց երիտասարդը, իր սովորական եղանակով պատմելով, թե ինչ հնարքով կարողացավ սպանել քրդին:

Դու քաջ տղա ես երևում, — ասաց գեներալը, և կրկին ընդունելով իր առաջվա մտախոհ կերպարանքը, շարունակեց հարցուփորձը:

Շա՞տ են քրդերը:

Ասում են, քսան հազարից ավել են, բայց բոլորը քրդեր չեն, նրանց մեջ խառն են ամեն տեսակ մահմեդական ցեղեր, ով որ մի քանի կտոր զենք է ունեցել և մի ձի, վազ է տվել դեպի Բայազեդ, և այսպես կազմվել է մի ահագին բազմություն: Ես ճանապարհին տեսնում էի, թե ինչպես դիմում են այնտեղ միշտ նոր և նոր խումբեր:

Թնդանոթներ ունե՞ն:

Ունեն:

Ի՞նչ դիտավորություն ունեն:

Շտապում են Բայազեդի բերդը առնել, հետո անցնել Երևան և մի շաբաթից հետո Թիֆլիսում լինել, որովհետև սիրուն վրացուհիները և հայոց աղջիկ-պարոնները սաստիկ հետաքրքրում են նրանց:

Գեներալի դեմքի վրա դարձյալ երևաց ժպտի նման մի բան. և նա արհամարհական կերպով հարցրեց.

Քսան հազարո՞վ պիտի Թիֆլիս գնան: Այդ լինել չէ կարող...

Քսան հազարը քիչ չէ, տեր, երբ առջևում հազար հատ սալդաթ չկա. բացի դրանից, շուտով կմիանան նրանց հետ Սմայիլ փաշայի բոլոր զորքերը: Իսկ մեր կողմերի մահմեդականները գրկերը բացած, անհամբերությամբ սպասում են իրանց կրոնակից հյուրերին:

Կրկին մռայլ տխրությունը սև ամպի նման անցավ գեներալի դեմքի վրա, և նրա սիրտը, որ բախտի ձախողակի փոփոխությունից երբեք խռովել չգիտեր, այժմ սկսեց ալեկոծվել: Նա ձեռքը տարավ դեպի ճակատը, սկսեց անգիտակցաբար շփել նրան, կարծես աշխատում էր վանել նրա վրա դիզված թախծությունը: Եվ րոպեական մտածությունից հետո, ալևոր գլուխը վեր բարձրացրեց, հարցրուց.

Բայազեդի քաղաքը մտա՞ր:

Մտա: Հայ-քրիստոնյայի մի շունչ անգամ չէ մնացել. ծերերին, պառավներին և երեխաներին կոտորեցին, լավ-լավ ջահել կնիկներին, աղջիկներին և պատանիներին գերի տարան, տները այրեցին, և ինչ որ ունեին կողոպտեցին: Մի հարյուրի չափ ընտանիք միայն, որոնք առաջուց գիտեին, թե ինչ վտանգ է սպառնում Բայազեդին, դեռ քրդերը չեկած, փախան գնացին սահմանակից պարսից Մարդու քաղաքը: Բայց դրանք էլ միայն իրանց գլուխը կարողացան ազատել, կայքերը թողեցին թշնամու ձեռքը: Ա՜խ, այդ մահմեդականները ո՜րքան անգութ, ո՜րքան անազնիվ կերպով վարվեցան հայերի հետ...

Ո՞րպես:

Ե՞րբ պատերազմի սկզբներում ռուսները մոտեցան Բայազեդին, տեղային մահմեդականները սաստիկ երկյուղի մեջ էին, կարծում էին, թե ռուսները կգան, և թուրքերի նման նրանց կկողոպտեն, և կայքը կհափշտակեն: Այս մտքով իրանց ունեցածը թաքցրին հարևան հայերի տներում, ասելով, թե «դուք քրիստոնյաներ եք, ռուսները ձեզ չեն դպչի, և մեր կայքը ձեր տներում ապահով կմնա»: Ռուսները եկան, իհարկե, ոչինչ չարեցին, թե՛ մահմեդականի և թե՛ քրիստոնյայի հետ վարվեցան առանց խտրության: Եվ մահմեդականները այդ տեսնելով, հանգստացան, և իրանց պահ տված իրեղենները ամբողջությամբ ետ ստացան հայերից: Հիմա էլ, երբ ձայն դուրս եկավ, թե քրդերը գալիս են, թուրքերը ասացին իրանց հարևան հայերին. «Դուք մեզ լավություն եք արել, մենք էլ պետք է փոխարենը ձեզ անենք. քրդերը գալիս են ձեզ կկողոպտեն, տվեցեք ձեր իրեղենները, մենք կպահենք»: Հայերը հավատացին և ինչ որ ունեին, նրանց պահ տվին, և ոմանք իրանց կնիկներով ու աղջիկներով թաքնվեցան հարևան թուրքերի տներում: Իսկ երբ քրդերը մտան քաղաքը, թուրքերը ասացին հայերին. «Դուրս եկեք մեր տներից. եթե քրդերը կհասկանան, որ մեր տներում հայեր կան պահված, մեզ էլ ձեզ հետ կկոտորեն»: Եվ այսպես, խեղճ հայերին տվեցին թշնամու ձեռքը, և նրանց հարստությանը իրանք տիրացան: Բայց երբ սկսվեցավ կոտորածը, տեղային թուրքերը առաջինը եղան, որ բաց արեցին իրանց տներից կրակը... այն թուրքերը, որ մի և կես ամիս առաջ ձեզ մոտ երդվեցան, գեներալ, հավատարիմ մնալ ռուսաց իշխանությանը... հրացանները արձակում էին ամեն կողմից, արձակում էին մինչև անգամ թուրքերի կնիկները...

Գեներալը լուռ լսում էր: Երիտասարդը շարունակեց.

Ա՜խ, եթե գիտենայիք, տեր, թե որքան լավ տղամարդիկ փչացան այն կռվի մեջ, որ մենք ունեցանք քրդերի հետ նախքան Բայազեդը նրանց ձեռքը տալը: Որպես ձեզ հայտնի է, տեր, բերդի պահպանության համար թողած էին խիստ փոքր թվով ռուս զինվորներ, հայ և թուրք միլիցիայի հետ: Շտոկվիչը, Բայազեդի այդ հերոսը, ռուս զինվորներով պահպանում էր բերդը, իսկ միլիցիան պահպանում էր քաղաքը: Մեզ վաղուց լուրեր էին հասնում, թե ահագին բազմություն քուրդերի, Շեյխ-Ջալալեդդինի և Շեյխ-Իբադուլլահի գլխավորությամբ, դիմում են դեպի Բայազեդ: Այդ լուրերը հաղորդում էին մեզ վանեցի հայերը: Մենք շտապեցինք, պահանջելով, որ վաղօրոք բերդը ամրացնեին, և մեզ մոտ պատրաստվեին բավականաչափ ուժեր թշնամու առաջն առնելու համար: Բայց գտնվեցան այնպիսիները, որ աշխատում էին հավատացնել, թե այդ բոլոր լուրերը սուտ են, թե ոչինչ պաարաստություն պետք չէ: Թե ի՞նչ նպատակով այդ դավաճանները աշխատում էին մեզ անպատրաստ վիճակի մեջ պահել թշնամուն հանդիպելու ժամանակ, այդ ես չեմ կարող ասել, դուք, իհարկե, վերջը կտեղեկանաք, գեներալ, միայն այսքանը կասեմ, որ հայը եղել է միշտ հավատարիմ և կլինի:

Որպես երևում էր, երիտասարդի պատմության մեջ կային այնպիսի կետեր, որ նա դժվարանում էր պարզապես արտահայտել: Գեներալը ընդմիջեց նրա խոսքը, ասելով.

Դու այն պատմիր, թե ինչ արեցիք քրդերի գալուց հետո:

Երբ քրդերը եկան, Շտոկվիչը մի քանի անգամ անհաջող կռիվներից հետո, շտապեց ամրանալ բերդի մեջ, նրան պահպանելու համար: Միլիցիայի մի մասը մնաց դրսում, որովհետև բերդի մեջ ոչ այնքան տեղ կար և ոչ պաշար բոլորի համար: Մեր ընկեր թուրք կամավորներից ոմանք փախան Իգդիր և ոմանք Պարսկաստանի կողմերը: Իսկ մենք, հայերս, վճռեցինք կամ կոտորվել, կամ քաղաքը չտալ թշնամու ձեռքը: Թեև մենք փոքր էինք թվով, բայց քաղաքի հայ բնակիչներից շատերը պատրաստ էին միանալ մեզ հետ: Այդ խեղճերը գիտեին, թե ի՞նչ վիճակ է սպասում իրանց, երբ թուրքերը կրկին կտիրեին Բայազեդին: Ձեզ հայտնի է, գեներալ, թե հայերը ո՞րպիսի ուրախությամբ ընդունեցին ռուսաց հաղթական զորքերին, երբ նրանք առաջին անգամ մտան այդ քաղաքը: Հայերի մի այսպիսի համակրությունը չէին կարող մոռանալ օսմանցիք, և իրանց վրեժխնդրությունը պետք է թափեին այդ ժողովրդի վրա, որ ավելի բարվոք էր համարում հպատակել ռուսաց արծվին, քան օսմանցոց կիսալուսնին...

Դու դարձյալ հեռանում ես հարցից, — երիտասարդի խոսքը կտրեց գեներալը, — դու այն ասա՛, թե ի՞նչպես վերջացավ գործը:

Երիտասարդը զսպելով իր շատախոսությունը, որ հառաջ էր գալիս նրա սրտի վրա ծանրացած, տխուր անցքերի տպավորություններից, շարունակեց.

Գուցե մեզ կհաջողվեր տեղային բոլոր հայերի հետ միանալով, ազատել քաղաքը, եթե առաջուց կտային նրանց բավականաչափ զենքեր: Բայց զենքեր չստացան նրանք: Այնուամենայնիվ, շատերը միացան մեզ հետ: Կռիվը սկզբում, ճշմարիտ ասած, փառավոր էր: Մի փոքրիկ խումբ պատերազմում էր թվով անհամեմատ ուժի դեմ: Մեզ հետ մասնակցում էին կռվում և մի քանի հարյուր թուրք կամավորներ: Բայց հանկարծ տեսանք, որ մեր մահմեդական ընկերները թողեցին կռվի դաշտը և սկսեցին փախչել: Կարծես նրանց շատ ախորժելի չէր գնդակներ արձակել իրանց կրոնակիցների դեմ... Մենք, հայերս, մնացինք մենակ և երկաթ համառությամբ պաշտպանվում էինք: Այդ տևեց մի քանի ժամ, մինչև մեր հրազենների պաշարը սպառվեցավ: Այն ժամանակ սկսվեցավ ձեռնամերձ կռիվը: Շատերը ընկան, շատերը գերի բռնվեցան, և մնացածները, տեսնելով, որ ամեն ջանքեր իզուր են, թողեցին և փախան: Այն ժամանակ թշնամին տիրեց քաղաքին:

Հասկանալի է... — ասաց ինքն իրան գեներալը և վերկենալով մոտեցավ մի փոքրիկ արկղիկի, և նրա միջից դուրս բերելով մի խաչ, իր ձեռքով կախեց երիտասարդի կուրծքի վրա, ասելով.

Դու արժանի ես դրան, ես կառաջարկեմ իշխանությանը, բացի դրանից, քեզ համար աստիճան և ռոճիկ: Դու այսուհետև կմնաս ինձ մոտ, քեզ նման քաջերը պետք են ինձ:

Երիտասարդը շնորհակալությամբ գլուխ տալով, պատասխանեց.

Այդ խաչը բավական է ինձ, գեներալ, դուք մեծ շնորհ արած կլինեիք, եթե հենց այս րոպեիս թույլ տայիք ինձ գնալ, ուր որ ես ցանկանում եմ:

Գեներալը զարմանալով երիտասարդի անփառասիրության վրա, հարցրեց.

Ո՞ւր պետք է գնաս:

Ազատելու մեկի կյանքը, որ ամեն բանից թանկ է ինձ համար...

Դու, երևի, մի գաղտնիք ունես, ընկեր, — հարցրեց գեներալը բարեսրտությամբ:

Այո՛, այդ իմ սրտի գաղտնիքն է...

Ուրեմն, ընդունիր այդ փոքրիկ ընծան, գուցե պետք կլինի քեզ, — ասաց գեներալը, տալով նրան թղթի մեջ փաթաթած ոսկիների մի ծրար:

Ես մեծ պարգև կհամարեի, եթե շուտով կարձակեիք ինձ, — պատասխանեց երիտասարդը հրաժարվելով:

Գնա՛, տերը թող քեզ հետ լինի, — ասաց գեներալը և սեղմեց երիտասարդի ձեռքը:

Նա գլուխ տվեց և հեռացավ:

Ե

Անցնենք պատերազմից մի քանի տարի առաջ:

Բագրևանդի գավառում, Ս. Հովհաննու (Ուչ-Քիլիսայի) վանքից ոչ այնքան հեռու, Եփրատի վերին վտակներից մեկի ափի մոտ, գտնվում էր Օ... հայաբնակ գյուղը: Նա դրված էր մի բավական ընդարձակ հովտի մեջ, ուր բնությունը չէր խնայած այն բոլոր նկարները, ինչ որ պետք էին նրան գեղազարդելու համար: Հովիտը տարածվել էր երկու լեռնաշղթաների մեջ, որոնք ալիքավոր բարձրություններով շուրջանակի սեղմել էին նրան իրանց գրկում, տալով նրա տարածությանը ձվաձև կերպարանք: Մեջտեղից ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր Եփրատի վտակը, որին տեղացիք կոչում էին Աղ-սու, այսինքն՝ սպիտակ ջուր: Նա այնքան մաքուր էր, որ արժանի էր այդ կոչմանը: Հովիտի չորս կողմի սարերը պատած էին ճոխ արոտամարգերով, որոնք առատ սնունդ էին տալիս այնտեղ բազմաթիվ անասունների հոտերին, իսկ տափարակի ամբողջ հարթությունը պատած էր ցորենի, գարու, կտավատի և զանազան ընդեղենների արտերով: Այստեղ երկրագործի աշխատող ձեռքը չէր թողել ոչ մի կտոր հող անմշակ: Հովտի մեջ, մինը մյուսից հեռու, գտնվում էին մի քանի հայաբնակ գյուղեր, որոնք թաքնված էին այգիների և ձեռատունկ ծառերի մեջ, և հեռվից նայողի աչքին ներկայանում էին որպես կանաչազարդ անտառիկներ, որոնք առանձին խումբերով որոշվում էին տափարակի մերկությունից, որ զուրկ էր ծառերից:

Հովիտի բոլորովին ծայրումն էր դրած Օ... գյուղը և գոգավորված ձորակի մեջ: Տանուտեր Խաչոյի բնակարանը, նրա իսկական անունը Խաչատուր էր, այն տներից մեկը, որ թե՛ իր մեծությամբ և թե՛ հարստությամբ որոշվում էր մյուսներից: Այս տնից ամեն առավոտ քշում էին դեպի նախիրը հարյուրի չափ անասուններ: Նրա կովերը, գոմեշները, եզները և ձիաները էին ամենաընտիրները ամբողջ գյուղի մեջ: Այս տանն էին պատկանում հազարի չափ ոչխարներ, որոնք սեփական հովիվների հսկողության ներքո արածում էին մերձակա լեռների վրա: Այդ տանն էր պատկանում այն ահագին ձիթհանը, ձեթ դուրս բերելու գործարանը, որ գտնվում էր գյուղի մեջ: Այս տանն էր պատկանում այն գեղեցիկ ջրաղացը, որ գտանվում էր գյուղից դուրս, որի անիվները տարվա բոլոր եղանակներում անդադար բանում էին: Բայց այն, որ ավելի նշանավոր էր Խաչոյի հարստության մեջ, դրանք էին նրա յոթն որդիները, որոնք մինը մյուսի ետևից հասած, ներկայացնում էին նրա տան հարստության սյուները: Որդիները բոլորը ամուսնացած էին և տունը լցված էր ամեն հասակի երեխաներով: Ամուսնացած էին և նրա թոռներից մի քանիսը. նրանք նույնպես զավակներ ունեին: Եվ ծերունի Խաչոն իր աչքի առջև տեսնում էր մի քանի սերունդ, որ ապրում էին միասին, որ կազմում էին մի փոքրիկ աշխարհ: Գյուղում առակի ձև էր ստացել այն խոսքը, թե «Խաչոն այնքան զավակներ ունի, որքան անասուններ»:

Խաչոյի յոթն որդիներից առանց ամուսնանալու մնացել էր ամենակրտսերը, մանկահասակ Ստեփանիկը, որ դեռ նոր էր մտել իր տասն և վեց տարեկան հասակի մեջ: Բայց նրա դեմքին նայելով, կարելի էր իսկույն նկատել, որ տարիները դեռ չէին տվել նրան այն պատանեկական հասունությունը, որ հատուկ էր այդ հասակին, մանավանդ մի այնպիսի տաք երկրում, ուր պատանիները խիստ վաղ այրանում են: Ստեփանիկի դեմքը դեռ կրում էր իր վրա մանկական նուրբ քնքշություններ իրանց հրապուրիչ թարմությամբ: Նրա երեսը ավելի կանացի էր, քան թե այրացի: Խաչոյի բոլոր որդիները դրսում իրանց առանձին պարապմունքները ունեին, թե՛ հողերի մշակության մեջ և թե՛ անասունների դարմանելու մեջ. և խիստ հազիվ էին տանը գտնվում: Միայն Ստեփանիկն էր, որ շատ փոքր էր մասնակցում նրանց աշխատություններին: Նա Խաչոյի Հովսեփ-գեղեցիկն էր, որին ծերունի նահապետը չէր հեռացնում իր աչքից:

Ստեփանիկի և Հովսեփ-գեղեցիկի մեջ կային շատ նմանություններ, ոչ այն պատճառով միայն, որ նա Իսրայելի որդու պես սիրուն էր, հեղ էր, խելացի էր և համակրական էր, այլև այն պատճառով, որ ինչպես Հովսեփի, այնպես էլ Ստեփանիկի հագուստի և զարդարանքի վրա առանձին ուշադրություն էին դարձնում: Նրա հագին միշտ կարելի էր տեսնել Հալեբի ծաղկավոր բեհեզից գույնզգույն զոլերով կարած պատմուճանը, որի վրա հագած ուներ ծիրանի մահուդից պատրաստած թիկնոցը, որ զարդարած էր ոսկի թելերով: Մեջքը պնդած էր Քիրմանի շալե գոտիով: Լայն շալվարը պատրաստված էր Վանա նուրբ կերպասից: Ոտներին հագած ուներ Արզրումի կարմիր կոշիկներ: Գլխին ծածկած ուներ կարմիր ֆես մետաքսյա սև փունջով, որ փաթաթած էր գունավոր տուրբանով, նույնպես մետաքսյա նուրբ գործվածներից: Ֆեսի տակից հիանալի կերպով թափվել էին նրա շագանակի գույն մազերը, որ սփռվել էին ուսերի վրա: Մի բանով միայն որոշվում էր Հովսեփ-գեղեցիկից, որ Հովսեփի եղբայրները նախանձվում էին հորից սիրված որդու վրա, բայց Ստեփանիկի եղբայրները բոլորը սիրում էին նրան:

Ծերունի Խաչոյի տունը հեռվից բոլորովին հին և նախնական ամրոցի տպավորություն էր գործում: Նա գտնվում էր մի բարձրավանդակի վրա, և թե՛ իր շինվածքով, թե՛ դիրքով ուներ այն բոլոր հարմարությունները, որ պետք էին մի բնակություն ազատ պահելու համար արտաքին թշնամիներից: Այդ ամրոցը պատած էր չորս ահագին պարիսպներով, որոնք քառակուսի ձևով միմյանց հետ միանալով, թողնում էին իրանց միջնավայրում բավական ընդարձակ տարածություն, որի վրա կառուցված էին զանազան շինություններ: Դրսից ոչինչ չէր կարելի տեսնել, բացի չորս բարձր աշտարակներից, որոնք միացնում էին պարիսպների չորս անկյունները: Ամրոցի շրջապատի մեջ զետեղված էին բոլոր բնակությունները, բոլոր ծածկոցները, որ պետք էին մի կանոնավոր տնտեսության համար: Այստեղ էր ոչխարների գետնափոր գոմը, այստեղ էր ձիերի, կովերի և գոմեշների փարախը, որ, անասունների տեսակի համեմատ, առանձին-առանձին բաժանմունքներ ուներ: Այստեղ էր սարայը երկրագործական անոթները պահելու համար. այստեղ էր մարագը, հարդանոցը, խոտանոցը, որոնց մեջ պահվում էր անասունները դարմանելու պաշարը. այստեղ կային զանազան մառաններ, զանազան ամբարներ մշակության բերքերի համար: Այստեղ կային և մի քանի խուզեր, որոնց մեջ բնակվում էին ծերունի Խաչոյի հովիվները և ծառաները իրանց ընտանիքներով. դրանք բոլորն ազգով քուրդ էին, կնիկները ծառայում էին որպես աղախիններ, իսկ տղամարղիկը որպես նախրապաններ, հովիվներ կամ երկրագործական մշակներ: Մի խոսքով, այդ ամրոցի մեջ բովանդակում էր մի փոքրիկ գյուղ, որի միակ տերը և պետը ծերունի Խաչոն էր:

Նրա գերդաստանի համար որոշված բնակարանները իրանց շինվածքով և բաժանումներով այնքան բազմատեսակ և բաղադրյալ չէին, որպես այդ հորինել է մեր նոր և քաղաքակրթված աշխարհը: Այլ դեռևս պահպանել էին այն նախնական պարզությունը և ձևը, երբ մի ամբողջ ընտանիք ապրում էր մի վրանի տակ, այն զանազանությամբ միայն, որ այժմ այդ վրանին փոխարինում էր քարեղեն շինվածքը: Նրա բազմաթիվ որդիների համար, որոնց յուրաքանչյուրը իր զավակներով մի մեծ ընտանիք կարող էր կազմել, առանձին սենյակներ չկային, այլ բոլորը ապրում էին միևնույն հարկի տակ, միևնույն սենյակում, որ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ չորս պատ, ծածկած ահագին գերաններով: Այստեղ վառում էին, այստեղ թխում էին, այստեղ կերակուր էին պատրաստում, այստեղ բոլորը միասին ուտում էին և այստեղ բոլորը միասին պառկում էին: Այստեղ կարելի էր տեսնել նորածին հորթեր, փոքրիկ ուլեր, որոնք խառնված երեխաների հետ, վազվզում էին, թռչկոտում էին, աղաղակում էին և տունը լցնում էին կենդանի աղմուկով: Այստեղ հավերը շատ անգամ ներս էին մտնում և հատակից քաղում էին փշրանքներ կամ ուրիշ այլ տեսակ բաներ, որոնք երեխաների ձեռքից անխնա ցած էին թափվում: Մի խոսքով, դա Նոյի տապանն էր, ուր զետեղված էին ամեն տեսակ կենդանիներ: Այդ բնակարանին կից էր մի երկրորդը: Դա առաջինից զանազանվում էր նրանով միայն, որ առջևի ճակատը բոլորովին բաց էր և նայում էր բակին: Դրան կոչում էին սրահ և ծառայում էր որպես ամառվա բնակարան: Սրահի միջից բացվում էր մի դուռն գլխավոր սենյակի մեջ, և այսպիսով նա ներկայացնում էր բուն բնակարանի նախագավիթը: Դրանց կողքին կար մի առանձին փոքրիկ սենյակ, որին կոչում էին օդա. նրա դռները բացվում էին այն ժամանակ միայն, երբ տանը հյուր էր գալիս և միշտ պահվում էր մաքուր և զարդարված:

Զ

Չնայելով կեցության այդ անշուք և պարզ ձևին, կյանքը այդ նահապետական տան մեջ սահում էր ուրախ և լի ամեն բավականություններով: Աշխատանքը անդադար եռ էր գալիս և աստուծո օրհնությունը թափվում էր այստեղ իր բարություններով: Ծերունի Խաչոյի ամբարները միշտ լիքն էին լինում ցորենով, յուղով, ձեթով և գինիով: Տարվա բոլոր եղանակներից օգուտ էր քաղում նա, թե՛ ցուրտ և թե՛ տաք օրվա համար նա միշտ գործ և պարապմունք ուներ:

Ահա՛ լեռների ձյունը սկսեց հալվել, դաշտերը վաղուց ժպտում են գեղեցիկ կանաչով: Գարուն է: Օդը տոգորված անուշահոտ ջերմությամբ կյանք է սփռում դեպի ամեն կողմ: Ձորերի միջից վազում են հարյուրավոր աղմկալի վտակներ և օձապտույտ ընթացքով տարածվում են հովտի մեջ: Նորեկ ծիծեռնակը հրավիրում է մշակին դեպի գործ: Խաչոյի որդիները արդեն պատրաստել են արորը և գութանը:

Արևը դեռ նոր էր սկսել ծագել, դեռ նոր սարերի ձյունապատ գագաթները վառվում են վարդագույն ճառագայթներով: Ծերունին դառնում է առավոտյան ժամից, աջ և ձախ ամեն հանդիպած մար դուն «ողորմի աստված» ասելով: Նրա որդիները այսօր առաջին անգամ պետք է դուրս բերեն եզներին և գոմեշներին, որոնք ամբողջ ձմեռը ախոռում կերել, գիրացել, հանգստացել են և ամենևին դրսի լույսը չեն տեսել: Մեծ զվարճություն է գյուղացու համար այս տեսարանը, և այս պատճառով նրանցից շատերը հավաքվել էին Խաչոյի տան դռան մոտ, որ տեսնեն, թե ինչպես էին պահվել և խնամվել նրա անասունները:

Աչքդ լույս, տանուտեր Խաչո, — հարցրեց նրան գյուղացիներից մեկը, — այսօր տղերքը ուզում են «խամից հանե՞լ» գոմեշներին:

Հա՛, ժամանակ է, մինչև ե՞րբ ներսումը պահենք. տերտերից հարցրի, ասաց «օրը բարի է». ես էլ կամեցա, որ այսօր դուրս հանեն, — պատասխանեց տանուտերը, մի առանձին նշանակություն տալով քահանայի խոսքերին:

Այս միջոցին ներսից լսվեցան զանգակի ձայներ և բազմությունը ետ քաշվեցավ ճանապարհ բաց անելու համար:

Այդ Չորան է, — լսելի եղավ ամեն կողմից:

Չորա կոչում էին տանուտերի նշանավոր գոմեշներից մեկին, որի ճակատը սպիտակ լուսնաձև պսակ ուներ և որը հռչակված էր իր ուժով և մեծությամբ: Վիթխարի անասունը փռնչալով, մռնչելով, դուրս պրծավ տան դռնից: Գետինը դողդողում էր նրա ոտների տակ: Նա հանկարծ կանգ առեց դռան առջևի հրապարակի վրա և գլուխը վեր բարձրացնելով, սկսեց նայել իր շուրջը: Նույն միջոցին ծերունի տանուտերը զարկեց նրա ճակատին մի ամբողջ անեփ ձու: Ձուն փշրվեցավ և դեղնագույն հեղուկը տարածվեցավ սպիտակ ճակատի վրա: Այդ նրա համար էր, որ չարը խափանվի և նրան «աչք չառնե»: Չորան այդ գործողությունից խրտնեցավ, և եղջյուրները թափ տալով, մի սարսափելի թռիչք գործեց և հարձակվեցավ այնտեղ հավաքված ամբոխի վրա: Նույն միջոցին վրա հասան ծերունու որդիները և ահագին մահակներով աշխատում էին ետ դարձնել ամեհի անասունին: Մարդկային ուժը պատերազմում էր վայրենի ուժի դեմ: Փարախի մթությունից դեպի լույս աշխարհ դուրս գալսվ, Չորայի անսովոր աչքերին ամեն առարկա անորոշ ձևով և մռայլի մեջ էր տեսնվում: Նա այժմ մինչև անգամ չէր ճանաչում իր տերերին, որ ամբողջ ձմեռը նրան կերակրել էին և որոնց ձեռքերը շատ անգամ խոնարհությամբ լիզել էր նա իր հանգստության ժամանակ: Կատաղի մոլեգնության մեջ հարձակվում էր նա այս կողմ և այն կողմ: Ընդիմադրությունը անհնարին էր: Խաչոյի վեց որդիները ամեն կողմից հարվածում էին նրան: Բայց ահագին մահակների հարվածները ընդունում էր նա որպես մի թեթև տաշեղի զարկ: Ծերունի տանուտերը, հեռու կանգնած լի հրճվանքով նայում էր այդ սոսկալի կռվին, որ կարող էր պատիվ բերել ամենանշանավոր հռոմեական կրկեսին: Նրա աչքերի առջև հանդիսանում էին երկու չափազանց ուժեր, մեկը իր քաջ որդիների ուժը, մյուսը իր վիթխարի անասունի ուժը: Երկուսն էլ հավասար նշանակություն ունեին նրա համար: Այդ երկու ուժերից կախումն ունեին նրա տնտեսության բոլոր աշխատությունները: Այժմ կռիվը ավելի սաստկացավ: Որովհետև կտրվեցավ Չորայի վզի հաստ շղթան, որից քաշ էին տված մի ահագին գերանի կտոր, որպեսզի արգելեր նրա համարձակ քայլերը: Գյուղացիները չվաններով վրա վազեցին, որ կաշկանդեն նրան: Բայց ամեհի անասունի ամեն մի շարժումը բավական էր չվանները կտրատելու համար: Նա հարձակվում էր դեպի ամեն կողմ և ամբոխը ճանճերի նման փախչում էր նրա առջևից: Այդ զարհուրելի խռովության միջոցին կատարվեցավ մի հրաշալի քաջություն: Ծերունի տանուտերի միջնակ որդին, որին կոչում էին Ապո, առյուծի ճարպկությամբ վրա վազեց և բռնեց Չորայի պոչից: Կատաղած անասունը, նկատելով այդ արհամարհական հանդգնությունը, շտապեց գլուխը ետ դարձնել, որ իր եղջյուրներով պատժե անզգամին: Գործվեցան մի քանի սաստիկ պտույտներ: Չորան աշխատում էր ետ դառնալ, որ հարվածե իր հակառակորդին, բայց Ապոն նրա պոչից պինդ բռնած, պտույտվում էր նրա հետ: Այդ մենամարտությունը տևեց մի քանի րոպե: Ամեն կողմից լսելի էին լինում զարհուրանքի ձայներ: Զայրացած գազանը մռնչում էր և գետնի մեջ ակոսներ էր ձգում իր ոտների շարժումներով: Թանձր փոշին վեր էր բարձրանում և երկու կռվողները կորած էին հողեղեն ամպի մեջ: Նույն միջոցին վրա հասան Ապոյի եղբայրները և շղթաներով կաշկանդեցին Չորային: Ամեն կողմից այժմ լսելի եղան ուրախության ձայներ:

Ծերունի տանուտերը մոտեցավ Ապոյին, և նրա ճակատը համբուրելով, ասաց.

Աստուծո աչքը թող քո վրա լինի, որդի, դու իմ երեսը սպիտակացրիր:

Այս խոսքերով նա կամեցավ հայտնել, որ Ապոն չթողեց հորը ամաչել ժողովրդի առջև: Հետո նա մոտեցավ Չորային, որպես իր մյուս զավակին, և ձեռքով նրա գլուխը շոյելով, ասաց.

Չարաճճի, ինչո՞ւ էիր այսպիսի գժություն անում:

Բայց Չորան այժմ հանգիստ էր. նրա աչքերի մռայլը փարատվել էր. նա այժմ ճանաչում էր իր տերերին, և, կարծես, փոշմանել էր իր գժության վրա: Նրա պարանոցից կրկին կապեցին հաստ շղթան, կրկին շղթայից քարշ տվեցին ահագին գերանի կտորը, որի մյուս ծայրը հասնում էր գետնին և անցնում էր անասունի առջևի երկու ոտների միջից, և այնուհետև սկսեցին քշել դեպի գետը, որ լվանան, որ զովացնեն նրան սառը ջրի մեջ:

Գյուղացիների բազմությունը դեռ չէր հեռացել ծերունի Խաչոյի տան դռնից, որովհետև Չորայից հետո պետք է դուրս բերեին մյուս գոմեշներին, որոնք մինը մյուսից ավելի ամեհի էին: Բայց այս անգամ ծերունու որդիները ավելի զգուշություններ գործ դրեցին և մի առանձին անկարգություն չպատահեցավ: Նրանք հերթով դուրս էին բերում գեղեցիկ, առողջ, գեր ու պարարտ անասուններին, որոնց յուրաքանչյուրը ամեն մի գյուղատնտեսական հանդիսարանի մեջ կարող էր առաջին մրցանակը ստանալ: Տանուտերը հիացմունքով նայում էր նրանց վրա, և փշրում էր նրանց ճակատին կախարդական ձուն, որ ազատ պահե չար աչքից: Բացի դրանից, նա տերտերին գրել էր տվել մի-մի թիլիսմանական աղոթք, և եռանկյունի ձևով կանաչագույն կաշու մեջ կարելով, քարշ էր տվել իր անասունների պարանոցից: Գյուղացիները տեսնելով, գովում էին Խաչոյի որդիներին, որ կարողացել էին այնպես լավ պահել իրանց անասուններին: Հայրը, լսելով իր որդիների գովասանքը, ուրախանում էր: Այսպես պետք է նրանք ամեն օր դուրս բերեին «խամ պահած» անասուններին, մինչև մի փոքր ընտելանային, մինչև մի փոքր սովորեին դրսի օդին և լույսին, որ այնուհետև սկսեին հերկը հերկել:

Next page