Րաֆֆի՝   Խենթը

Է

Ապրիլ ամիսը բերեց իր հետ ավելի տաք և ավելի պայծառ օրեր: Լեռների վրա կարմիր, դեղին և սպիտակ շուշանները վաղուց արդեն ծաղկել էին և քրդերի աղջիկները քաղելով, փունջեր էին կապում, և հայերի գյուղերում մանածելով, փոխում էին մի կտոր հացի հետ: Սունկը, բոխին, ծնեբեկը, մանդիկը, սիբեխը և լեռնային զանազան բանջարեղենները այս տարի այնքան առատ էին, որ մի ավանակի բեռը քրդի կանայք փոխում էին մի քանի ֆունտ ալյուրի հետ:

Ծերունի Խաչոյի որդիները արդեն սկսել էին դաշտում իրանց վարը վարել: Աշխատությունը սկսվել էր ամեն տեղ: Գյուղի մեջ մի անգործ մարդ չէր կարելի գտնել: Ամեն ոք զբաղված էր իր մշակություններով:

Առավոտյան ժամն էր: Ծերունու տանը թոնիրները վառվում էին, մեկի վրա դրած էին պղնձե ահագին կաթսաներ և խեցեղեն մեծ-մեծ պտուկներ, կերակուր էին եփում, մյուսի մեջ հաց էին թխում: Հարսները, աղախինները, հավաքված թոնիրների շուրջը, ընդհանուր շարժողության մեջ էին: Տունը, լցված էր կերակուրների անուշ շոգիով, ներկայացնում էր մի հսկայական խոհանոց, որի մեջ, տեսնողը կմտածեր, թե պատրաստվում է ճաշ մի ամբողջ բանակ կերակրելու համար: Եվ իրավ, բացի ծերունու ահագին գերդաստանից, նրա սեղանից կերակրվում էին բազմաթիվ հովիվներ, մշակներ իրանց ընտանիքներով, որոնք ծառայում էին նրա տանը: Դա մի ամբողջ լեգեոն էր: Ամեն օր վառվում էին նույն թոնիրները, ամեն օր պատրաստվում էր կերակուրների նույն քանակությունը: Եվ ծերունու ժրաջան հարսները մի րոպե հանգստություն չունեին: Պետք էր ամենի մասին հոգ տանել, պետք էր ամենին գոհացնել:

Բացի դրանից, կային տնտեսական և ուրիշ զանազան հոգսեր: Ահա այնտեղ, բակում հարսներից մեկը կովերին և ոչխարներին է կթում. մյուսը փոքրիկ օջախի վրա կաթ է տաքացնում մածուն շինելու համար. երրորդը պանիր է մակարդում, չորրորդը հարում է խնոցին կարագ պատրաստելու համար: Նրանց շուրջը վազվզում են բազմաթիվ երեխաներ և խաղում են նորածին գառների ու հորթերի հետ: Քա՜ղցր է նայել այդ գյուղական բախտավորության վրա: Մանուկ և գառնուկ, երկուսն էլ աճում են միասին, — երկու հարստություններ, որոնցմով ուրախանում է, որոնցմով պարծենում է գյուղացին:

Բակի արևահայաց կողմում, պատի տակ, մինը մյուսի վրա, կարգով շարված են մի քանի հարյուր մեղրի փեթակներ: Ապրիլյան արեգակը թափում է այստեղ իր ջերմ ճառագայթները: Մինչդեռ հարսները մյուս կողմում զբաղված են իրանց գործով, ծերունի Խաչոն այստեղ բաց է անում փեթակների դռնակները: Ճանճերը ուրախ և զվարթ դուրս են թափվում ծակերից, սավառնում են նրա ալևոր գլխի շուրջը, պըզպըզում են, վըժվըժում են, թըռթըռում են և օդը թնդում է միլիոնավոր միջատների ձայնից: Գտնվում են նրանց մեջ և այնպիսի չարաճճիներ, որ կծու համբույրներ են մատուցանում ծերունու խորշոմած երեսին: Բայց նա ամենևին ցավ չէ զգում, միայն ձեռքով քշելով, ասում է. «Ա՜յ, չար սատանա, ի՞նչ վատություն է արել քեզ Խաչոն»:

Նույն ժամուն Ստեփանիկը հեռու կանգնած, հետաքրքրությամբ նայում էր հոր աշխատություններին:

Գնա՛, զավակս , ճանճերը կկծեն քեզ, — զգուշացնում է հայրը:

Ապա ինչո՞ւ քեզ չեն կծում, — հարցնում է որդին:

Կծում են, բայց ինձ այնքան չեն ցավեցնում:

Ինչո՞ւ չեն ցավեցնում:

Իմ մարմինը վաղուց սովորել է նրանց խայթոցներին:

Թող իմն էլ սովորի, — ասում է պատանին ժպտելով:

Ծերունին ծիծաղում է և համբուրում է որդուն:

Նույն միջոցին հայտնվեցավ գյուղի գզիրը և ասաց, որ քուրդ Ֆաթթահ-բեկը մարդ է ուղարկել, թե գալու եմ տանուտերի մոտ հյուր, և ավելացրեց, թե գուցե շուտով կգա նա, որովհետև շատ հեռու չէ գտնվում, այլ մերձակա լեռների վրա որս է անում: Կարծես մի սև թուխպ անցավ ծերունու պարզ ճակատի վրա, և նրա ուրախ դեմքը նսեմացավ տխրությամբ: Բայց նա զսպելով իր ներքին տհաճությունը, պատվիրեց գզիրին, որ դաշտից կանչե իր որդիներից մի քանիսին, որ սպասավորություն անեն, իսկ ինքը խոտի և դարմանի պատրաստություն տեսնե նրանց ձիաների համար:

Ֆաթթահ-բեկի երթևեկությունը այնպիսի մի սովորական բան էր ծերունի Խաչոյի մոտ, որ տանեցիք գիտեին, թե ինչ պատրաստություններ պետք էին նրան հյուրասիրելու համար: Այս պատճառով հենց որ հարսները իմացան, թե նա գալու է, իսկույն մի քանի գառներ մորթել տվին, և սկսեցին մեծ կաթսաներով փլավ պատրաստել, որովհետև իմանում էին, որքան էլ սակավ լիներ, դարձյալ բեկը իր հետ մի քսան կամ երեսուն մարդ կունենար:

Ֆաթթահ-բեկը քրդերի մի ամբողջ ցեղի պետն էր, որոնց ոչխարները արածում էին Օ... գյուղի սահմանակից լեռների վրա: Սակավ չէր պատահում, որ հայ և քուրդ հովիվների մեջ ծագում էին կռիվներ, երբ քրդերը կամ ոչխար էին գողանում, և կամ անցնելով սահմանից, սկսում էին իրանց հոտերը արածացնել հայերի արոտների վրա: Բայց այդ կռիվները միշտ վերջանում էին առանց ծանր հետևանքների, որովհետև քրդերի ցեղապետ Ֆաթթահ-բեկը տանուտեր Խաչոյի ոչ միայն լավ բարեկամն էր, բայց և քիրվան էր: Նա կնքահայր էր դարձել տանուտերի թոռներից մի քանիսին մկրտության խորհրդի ժամանակ, իսկ տանուտերը փոխադարձաբար կնքահայր էր եղել բեկի մի քանի որդիների թլփատության ծեսը կատարելու ժամանակ: Այսպիսով հայ տանուտերի և քուրդ բեկի մեջ կազմվել էր խիստ սերտ հարաբերություն:

Բայց ինչո՞ւ նա տխրեց, երբ լսեց բեկի գալուստը: Խաչոն ժլատ մարդ չէր, որ վախենար նրան իր մի խումբ ծառաների հետ հյուրասիրելուց: Խաչոյի սեղանը հայր Աբրահամի սեղանի նման ամեն մարդու առջև բաց էր: Ամեն օր իրա տանը հաց էին ուտում բազմաթիվ պանդուխտներ և օտարականներ: Խաչոն միշտ մի առանձին բավականությամբ էր արտասանում այն խոսքերը, թե իր կյանքում առանց հյուրի սեղան չէ նստել: «Հացը, ասում էր նա, աստուծո տվածն է և նրան է պատկանում: Աստուծո աղքատները պետք է կերակրվեն նրանից»: Բայց ինչո՞ւ տխրեց նա, երբ լսեց բեկի գալուստը...

Նա լուռ մտածության մեջ դուրս եկավ տանից, այնտեղ դռանը կանգնած, սպասում էր, որ ընդունե հյուրին: Մի քանի գյուղացիներ, տեսնելով տանուտերին, մոտեցան նրան:

Ասացին, բեկը գալիս է, — խոսեց նրանցից մեկը: — Ով գիտե ինչ փորացավ կունենա:

Քուրդը, երբ հայի տունն է գալիս, առանց փորացավի չի լինում, — պատասխանեց տանուտերը ներքին դժգոհությամբ:

Բլուրների ետևից երևացին նիզակների սուր ծայրերը, և մի քանի րոպեից հետո հայտնվեցան մի խումբ ձիավորներ:

Գալիս են, — ասաց գյուղացիներից մեկը:

Տանուտերի աչքերը հեռվից լավ չէին տեսնում, նայեց դեպի այն կողմը և ոչինչ չնկատեց:

Նրանք են, — ձայն տվեց մի ուրիշ գյուղացի:

Տղերք, — ասաց տանուտերը իր մոտ կանգնած գյուղացիներին, — դուք այստեղ մնացեք, նրանց ձիաները բռնեցեք, խոտ և գարի տվեցեք, մինչև մերոնք կգան դաշտից:

Մոտեցավ բեկը մի խումբ զանազան տեսակ որսորդական շներով և քսանից ավելի ձիավորներով, որոնք իր հեռու և մոտ ազգականներն էին, և որոնց թիկնապահների նման իրանից չէր հեռացնում: Նա այսօր նստած էր մի գեղեցիկ կապտագույն արաբական նժույգի վրա, որի բոլոր ասպազենը զարդարված էր արձաթով և փայլուն ակներով: Ինքը բեկը քառասուն տարեկան հասակից անցած մի տղամարդ էր, բայց տեսնողը կմտածեր, թե երեսուն տարեկան երիտասարդ է, վայելչակազմ, հսկայատիպ և այրական դեմքով: Նրա հագուստը ոտքից ցգլուխ բաղկացած էր բեհեզից, թանկագին կերպասից, ասեղնագործած ոսկի թելերով, զենքերը նույնպես զարդարած էին ոսկով և արծաթով:

Տանուտերը, տեսնելով նրան, մի քանի քայլ առաջ գնաց և կանգնեց խրամի մոտ, որ փորած էր ջուր անցկացնելու համար: Խրամի վրա ձգած էր մի կամուրջ, որտեղից պիտի անցկենար բեկը, բայց նա, փոխանակ կամուրջից անցկենալու, խթեց իր ձիու կողքը, ձին փռնչաց, ծտի նման թռավ ահագին խրամից, և մի քանի զարմանալի պտույտներ գործելով, սիգալով կանգնեց տանուտերի մոտ:

Ի՞նչպես է, հավանում ե՞ս, քավոր Խաչո, — հարցրեց բեկը, ձեռքով գգվելով նժույգի սիրուն բաշը, — դու ձիաներ ճանաչում ես, ի՞նչպես է:

Աստված թող հեռու պահի չար աչքից, շատ գեղեցիկ է, ինքը Քորօղլին էլ չէ ունեցել մի այսպիսի ձի, ուղիղ քեզ արժանի է, — պատասխանեց տանուտերը մոտենալով և իր ձեռքը քսելով նժույգի պարանոցին: — Ո՞րտեղից գտար, դու այսպիսի ձի չունեիր:

Նոր ընծա եմ ստացել Արզրումի վալիից, — պատասխանեց ուրախացած բեկը: — Վալին այդ նժույգը իր զույգ աչքերու հետ չէր փոխի, բայց ուղարկեց իր բարեկամին, նա այդ ձին ընծա էր ստացել Հալեբի շեյխից:

Գեղեցիկ ձի է, — կրկնեց տանուտերը:

Բեկը ոգևորված այդ գովաբանություններով, կրկին խթեց, նժույգի կողքը: Նա մի քանի զարմանալի թռիչքներ գործեց, մի քանի ճարպիկ պտույտներ տվեց տանուտերի դռան հրապարակի վրա, և այդ բոլոր գործողությունների մեջ երևում էր ազնիվ երիվարի գեղեցիկ հատկությունները և նրա սանձը կառավարող տղամարդի հմտությունը ամեհի ձիաներ զսպելու մեջ:

Հետո նա ցած իջավ, և սանձը հանձնելով իր ծառաներից մեկի ձեռքը, պատվիրեց, որ ման ածե, որովհետև ձին բավական քրտնած էր:

Տանուտերը իր պատվելի հյուրի ձեռքից բռնած, մտան օդան (հյուրանոցը), որ մինչև նրանց գալը, բավական զարդարած և կարգի էր դրած:

Հատակը սփռած էր պարսական թանկագին գորգերով. պատերի մոտ մինը մյուսի վրա շարած էին փափուկ բարձեր նստելու և թիկն տալու համար, և մի գեղեցիկ օթոց հատկապես պատրաստված էր բեկի բազմոցի համար:

Այժմ տանուտերը, հրավիրելով իր հյուրին նստել, ասաց իրանց երկրում ընդունված քաղաքավարական ոճով:

Իմ տունը ձեր տունն է. աչքիս և գլխիս վրա տեղ ունիք, ես ձեր խոնարհ ծառան եմ. որդիքս ձեր ստրուկներն են, իսկ կանայքս՝ ձեր աղախինները, բարով և հազար բարով եք եկել, ամեն ինչ որ ունեմ, ձեզ «փեշքեշ» է: Հրամեցեք, հրամեցեք, նստեցեք, խնդրեմ:

Բեկը շնորհակալություն հայտնեց, և Խաչոյի որդիներից մեկը մոտենալով ոտներից հանեց նրա կարմիր կոշիկները, և նա առաջացավ, նստեց իր համար պատրաստված բարձի վրա, որ բռնում էր հյուրանոցի պատվավոր կողմը: Նրա մոտ նստեցին որպես մերձավորներ իր հորեղբոր որդիներից երկուսը, և մի քանի ուրիշ ազգականներ: Ծառաների մի մասը մնաց օդայի մեջ, և ձեռքերները իրանց գոտիներում խրած ատրճանակների վրա դրած, խոնարհությամբ կանգնել էին բեկի սպասում: Իսկ ծառաների մյուս մասը դուրս գնաց, հոգ տանելու որսորդական շներին և ձիաներին, որ նույն ժամանակ վայելում էին տանուտերի մարագի բարիքները: Թե՛ բեկը և թե՛ իր ծառաները բոլորը զինվորված էին սրերով, վահաններով, ատրճանակներով, հրացաններով և նիզակներով, որոնց իրանցից չհեռացրին, թեև բարեկամի տուն մտան: Քուրդը թե՛ իր տնում և թե՛ դրսում, թե՛ խաղաղության ժամանակ և թե՛ կռվի ժամանակ զենքերը իր մարմնից չէ հեռացնում: Զենքը քրդի մարմնի անբաժան անդամներից մեկն է:

Խաչոյի որդիներից մի քանիսը, որ այդ ժամանակ դարձել էին դաշտից, անդադար դուրս էին գալիս և ներս մտնում, կատարելով հոր զանազան պատվերները: Բայց նրանց վրա զենքեր չկային: Սկզբում փոքրիկ նախշուն ֆինջանների մեջ մատուցին սուրճ առանց շաքարի:

Ո՞ւր է Ստեփանիկը, չէ երևում, — հարցրեց բեկը, — ես սովորել եմ այստեղ գալու ժամանակ սուրճը միշտ նրա ձեռքից ընդունել:

Տանուտերը, թաքցնելով իր ներքին տհաճությունը, հրամայեց, որ կանչեն Ստեփանիկին:

Ներս մտավ Ստեփանիկը, ուրախության ժպիտը փայլում էր նրա անմեղ դեմքի վրա. նա մոտեցավ բեկին և համբուրեց նրա ձեռքը: (Քրդի ցեղապետները իրանց ձեռքը համբուրել են տալիս): Բեկը շոյելով նրա մետաքսանման մազերը, ասաց.

Դու դիտե՞ս, թե ինչ լավ բան եմ բերել քեզ համար:

Գիտեմ, — պատասխանեց Ստեփանիկը կարմրելով, — մի գեղեցիկ այծյամի ձագ է, տարա խոտ տվեցի, չկերավ:

Տեսնում ե՞ք նա արդեն ստացել է իր ընծան, — ասաց բեկը դառնալով դեպի տանուտերը:

Գիտեի, որ ինձ համար է, — պատասխանեց Ստեփանիկը, — ես էլ տարա:

Դե՛, հիմա գնա՜, խաղա՛ քո այծյամի հետ, — ասաց բեկը:

Պատանին գլուխ տվեց և հեռացավ:

Շատ խելոք տղա է, — խոսեց բեկը Ստեփանիկի գնալուց հետո: — Երևի, նա դժգոհ է մնում, երբ ամեն անգամ ես այստեղ գալու ժամանակ, ինձանից մի ընծա չէ ստանում:

Նա մեղ չունի, դուք եք այդպես սովորացրել, բեկ, — պատասխանեց տանուտերը, ակամա ծիծաղելով:

Ա՜խ, ինչ լավ սարեր են ձեր սարերը, քավոր Խաչո,-փոխեց բեկը իր խոսքը. — ամեն քայլում հանդիպում ես որսի, այծյամներ, եղնիկներ, եղջերուներ խումբերով են ման գալիս. կաքավներին և վայրենի աղավնիներին հաշիվ չկա: Այդ այծյամը, որ ստացավ Ստեփանիկը, բարակները բոլորովին կենդանի բռնեցին: Բայց մի տեսնեիք, ինչ լավ բարակներ ունեմ այժմ. մի զույգ նոր ստացա զելանցիների ցեղապետից. փոխարեն ես մի զույգ ջորի ուղարկեցի: Բայց խոսքը մեր մեջ թող մնա, ջորիները մենք դեռ նոր էինք խլել Մեքքայի պարսիկ ուխտավորներից: Բայց բարակները հրաշալի են, մտքից ավելի արագ են թռչում:

Բեկի խոսակցությունը ամբողջ ժամանակ վերաբերում էր իր շներին, որսորդություններին, ձիերին, ավազակություններին և զանազան տեսակ քաջագործություններին, որոնց մասին մի առանձին բավականությամբ էր խոսում: Տանուտեր Խաչոյին, թեև ձանձրալի էին այդ «հիմարությունները», բայց նա համբերությամբ լսում էր և երբեմն իր կողմից համակրություն էր ցույց տալիս:

Արդեն ճաշի ժամանակ էր: Հատակի վրա տարածեցին սեղանի սփռոցը և նրա վրա շարեցին ահագին ափսեներով փլավ և խորոված ամբողջ գառներ: Մի քանի ամանների մեջ դրած էին զանազան տեսակ քաղցր շերբաթներ, կամ մածունից պատրաստած թանապուր, որ խմում էին մեծ շերեփներով: Ոգելից ըմպելիքներ չկային: Սկսեցին ուտել և խմել:

Դուք ձեր ոչխարները դեռ չե՞ք ուղարկել արոտ, — հարցրեց բեկը տանուտերից:

Դեռ չենք ուղարկել, — պատասխանեց տանուտերը, — դեռ եղանակի վրա հույս չէ կարելի դնել. այդ մեր ապրիլ ամիսը իր վերջին գժություններն ունի, սպասում եմ, մինչև անցկենա:

Ջերմ ու ցուրտը աստուծո ձեռքումն է, քավոր Խաչո, ինչ որ լինելու է, կլինի, — պատասխանեց բեկը: — Մեր ոչխարները մի շաբաթից ավել կլինի, որ տարել են արոտ: Բայց գիտե՞ք այս տարի որքան շուտ սպառվեցավ մեր պաշարը. հովիվները քանի օր է ուտելու հաց չունեն:

Տանուտերը հասկանալով, թե ինչ է ուզում ասել բեկը, պատասխանեց.

Մի՛թե մեր հացը ձերը չէ՞, հրամայեցեք, որքան ալյուր պետք է, ես կուղարկեմ:

Թող շեն ու հաստատ մնա ձեր տունը, — ասաց բեկը, — իհարկե այդպես է. ո՛վ է մեր մեջ ջոկություն դրել: Ինչ որ իմն է՝ քոնն է, ինչ որ քոնն է՝ իմն է: Այդպես չէ՞, քավոր Խաչո:

Աստված էլ գիտե, որ այդպես է... Որքա՞ն ալյուր ուղարկեմ:

Առ այժմ մի տասն եզան բեռն բավական է, երբ սպառվի, էլի կտանենք, ձեր ամբարները խո պրծնելու չեն:

Տանուտերը մի ակամա ժպիտ գործեց իր տխուր դեմքի վրա, և գլուխը շարժեց, որ նշան էր նրա համաձայնությանը:

Ճաշից հետո Ստեփանիկը ձեռքերը լվանալու ջուր բերեց, բոլորը լվացվեցան, և ապա պատանին իր ձեռքով սուրճ տվեց: Բեկը հրամայեց իր սպասում կանգնած ծառաներին, որ գնան դրսում իրանց ընկերների հետ ճաշեն, ուր պատրաստված էր առանձին սեղան, բակի մեջ տարածված կապերտների վրա: Հյուրանոցում մնացին բեկը, իր մի քանի ազգականները և տանուտեր Խաչոն: Այժմ խոսակցության առարկան Արզրումի վալիի ընծայած ձին էր: Բեկը պատմում էր նժույգի ցեղական ազնվությունը և ասում էր, թե նրա տոհմային վկայականները հասնում են մինչև երևելի Անթարի ժամանակներին, թե այդ ձին սերվում էր արաբական ամենաընտիր նժույգների տոհմից և այլն:

Բայց շատ թանկ պիտի նստի իմ վրա այդ գեղեցիկ ընծան, — վերջացրեց բեկը իր պատմությունը:

Ի՞նչպես, — հարցրեց տանուտերը:

Միթե չե՞ս իմանում, ամենափոքրը՝ պետք է հարյուր ոսկի պարգևել վալիի ծառային, որ բերել է այդ ձին:

Տանուտերը այժմ հասկացավ բեկի «փորացավը», թե ինչ մտքով էր եկել իր տունը: Բայց որպես ասում են, «խոսքը կտուր գցելով», պատասխանեց.

Ինչ կա, — ավելացրեց, — հարյուր ոսկին շատ չէ մի այդպիսի ձիու համար:

Քրդին ով է տվել փող, — ասաց բեկը մի փոքր բարկացած ձայնով, — այդ անիծած արծաթը ձեր, հայերիդ մոտ է գտնվում միշտ:

Բեկի մոտ նստած ազգականները, որ բոլոր ժամանակ լուռ էին, խոսակցության մեջ մտան: Նրանցից մեկը ասաց.

Դուք էլ մի՞թե փողի դարդ եք քաշում, բեկ, քավոր Խաչոն ե՞րբ է թողել, որ դուք փողի կարոտություն ունենաք:

Աստված վկա է, որ այդպես է, — ասաց մյուսը:

Քավոր Խաչոն շատ լավ մարդ է, — ավելացրեց երրորդը, — նրա հատը բոլոր հայերի մեջ չկա:

Ծերունի Խաչոն նկատեց, որ հակառակ իր հաճության և կամքին, իր վզին դրեցին հարյուր ոսկին, և կասկածանքի տեղիք չտալով, պատասխանեց.

Ես հազար ոսկու համար ևս բեկի սիրտը չեմ կոտրի:

Շեն մնա ձեր տունը, — ձայն տվեցին քրդերը:

Տանուտերը վեր կացավ, և դուրս գալով օդայից, իր մոտ կանչեց մեծ որդուն և ասաց, որ ծածուկ գնա հարդանոցում թաքցրած ոսկիներից հարյուր հատ բերե:

Ինչի՞ համար է, — հարցրեց որդին:

Դու չե՞ս իմանում, որ անօրենները եկան, կերան, խմեցին, հիմա պետք է մի «դիշքիրասի» էլ տանք, — պատասխանեց հայրը տխուր ձայնով:

Աստված ձեր քոքը (արմատը) կտրե, անիծածներ, — ասաց որդին, և քթոցը վեր առնելով, դիմեց դեպի հարդանոցը, որպես թե գնում է հարդ բերելու:

«Դիշքիրասի» նշանակում է ատամների վարձ, մի այսպիսի վարձ ստանում էին քրդերը մի ժամանակ, երբ շնորհ էին անում հայի հացը ուտել, կամ նրա տանը հյուր լինել: Հյուրընկալը պարտավոր էր վճարել, եթե չտար, գուցե կենթարկվեր իր հյուրի անգութ գանահարությանը: Այժմ թեև այդ սովորությունը մասամբ վերացել էր, բայց ոսկիներ դարձյալ ստացվում էին, միայն ստանալու եղանակը փոխվել էր և ավելի քաղաքավարի ձև էր ստացել: Մինչև ծերունու դառնալը, հյուրանոցում քրդերի մեջ անց էր կենում հետևյալ խոսակցությունը.

Եթե չբերե ծերուկը ոսկիները, ես կհրամայեմ այս րոպեիս նրա տանը կրակ տան, — ասաց բեկը կատաղած կերպով:

Հարկավոր չէ, — հանգստացնում էր նրան ազգականներից մեկը, — Խաչոն բարի հայ է, հարկավոր չէ նրան վշտացնել: Նրա դուռը միշտ բաց է եղել մեր առջև, և ինչ որ կամեցել ենք, տարել ենք: Խաչոն լավ մարդ է, պետք չէ նրա աղ ու հացը մոռանալ:

Նույն միջոցին ներս մտավ ծերունին և ոսկիների քսակը դնելով բեկի առջև, ասաց.

Աստված է վկա, որ հոգուս համար էի պահել, որ Երուսաղեմ ուխտ գնամ և մուղդուսի դառնամ, բայց ձեր խաթրը չկոտրեցի, բեկ:

Սուտ մի՛ խոսիր, քավոր Խաչո, շա՛տ ունես, շա՜տ, այդ ես իմանում եմ, — պատասխանեց բեկը, վեր առնելով քսակը և առանց համբարելու, իր գրպանը դնելով:

Երեկոյան զով ժամանակն էր արդեն: Բեկը հրամայեց ձիաները պատրաստեն, որ ճանապարհ ընկնի: Նա դուրս եկավ օդայից և բակում տանուտերի հետ ման էր գալիս, մինչև ամեն ինչ կպատրաստեին: Նա տեսավ Ստեփանիկին, որ այծյամի հետ խաղում էր: Մոտեցավ նրան:

Լա՞վն է, — հարցրեց նրանից:

Լավն է, բայց այդ մեկ ոտը շները կծել են, վիրավորվել է, այդ ոչինչ, ես կբժշկեմ: Խեղճ անասուն, երևի, ցավում է, դրա համար ոչինչ չէ ուտում, — պատասխանեց պատանին, կապելով այծյամի վերքը:

Ստեփանիկ, ես տեսնում եմ, դու անասուններ սիրում ես, դրա համար ես կուղարկեմ քեզ իմ նորահաս քուռակներից մեկը:

Ձիաներ չեմ սիրում:

Ապա ի՞նչ ես սիրում:

Ահա այսպիսի այծյամներ, եղջերուներ, կաքավներ եմ սիրում:

Շատ լավ, դրանից հետո իմ որսերից որն կենդանի մնացած կլինի, քեզ համար կուղարկեմ:

Ծառաները իմացում տվին, թե ձիաները պատրաստ են:

Բեկը շնորհակալություն հայտնելով տանուտերին, դուրս եկավ նրա տնից, դռան առջև կանգնացրել էին գեղեցիկ նժույգը: Ինքը ծերունի Խաչոն ձիու ասպանդակը բռնելով, նստեցրեց բեկին: Դա պատվի մեծ նշան էր, որով տանուտերը ցույց էր տալիս իր ծառայությունը դեպի պատվելի հյուրը: Նստելով ձիու վրա, քուրդ ցեղապետը շարժեց ձեռքի երկայն նիզակը, խաղացրեց ձին, և մնաք բարով ասելով տանուտերին, հեռացավ: Ծերունին երկար անշարժ կանգնած, նրա ետևից նայում էր: Նա տեսավ, թե որպես բեկը իր ձին կրկին թռցրեց խրամից, արհամարհելով կամուրջը, որի վրայից անց էին կենում, նրա կարծիքով, թույլ և անզոր արարածները միայն: Նա տեսավ, թե որպես հետամուտ եղավ նա թփերի միջից հայտնվող նապաստակին, և արծվի արագությամբ նրա ետևից հասնելով, ցցեց նիզակը խեղճ անասունի կողքին: Այդ բոլորը տեսնում էր նա, միևնույն ժամանակ նրա գլխում անց էին կենում այսպիսի մտածություններ. «Ինչո՞ւ այսպես է երկրի և երկրնքի դատաստանը. քուրդը հաց չունի ուտելու, հայը վարում է, ցանում է և նրա համար պաշար է պատրաստում... քուրդը գեղեցիկ նժույգ ընծա է ստանում, նստում է, զվարճանում է, գետինը դողացնում է իր ոտների տակ, իսկ հայն է տալիս նրա փողը... հայը, որ բացի ավանակից մի ուրիշ անասունի վրա նստելու իրավունք չունի»...

Ը

Նույն ավուր գիշերային պահուն ծերունի Խաչոյի որդիները բոլորը դարձել էին դաշտային աշխատություններից: Սրահի մի անկյունում վառվում էր յուղային ճրագը և նրա բեկբեկվող լույսը տարածում էր իր չորս կողմը աղոտ ճառագայթներ: Տանուտերը իր որդիների հետ բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը, նրանք լուռ ուտում էին. խոսում էր երբեմն ծերունի հայրը միայն: Գարնանային թարմ օդը անուշ զովությամբ թափվում էր սրահի մեջ, և հեռվից լսելի էր լինում ոչխարների բառաչելու ձայնը, որ դառնում էին արոտից: Թոնրատնում հարսները ընթրիք էին պատրաստում հովիվների և մշակների համար: Նրանք դեռ ոչինչ չէին կերել, պետք է բոլորին կերակրեին, հետո իրանք ևս սեղան նստեին աղջիկների հետ: Փոքրիկ մանուկները խաղալուց հոգնած, վաղուց քնած էին, առանց մի բան ուտելու:

Ընթրիքից հետո ծերունի Խաչոյի որդիները գնացին իրանց բանին: Նրանք դեռ շատ գործ ունեին կատարելու, պետք էր անասուններին նայել, պետք էր արտը ջրել, որովհետև այս գիշեր ջրի հերթը նրանց էր պատկանում. պետք էր ջրաղացը գնալ ալյուր աղալու համար, մի խոսքով, հազար ու մեկ գործեր կային:

Սեղանը վեր քաղեցին: Խաչոն դեռ նստած էր, իսկ նրա մեծ որդին, Հայրապետը, որ մնաց հոր մոտ, չիբուխ էր պատրաստում նրա համար: Հոր և որդու մեջ տիրում էր խորին լռություն: Կարծես այս գիշեր տխրության դևը իր սև թևքերով նստած լիներ այդ խաղաղ ընտանիքի սրտի վրա:

Ո՞րքան ալյուր տարան քրդերը, — հարցրեց հայրը չիբուխը փոքր ինչ ծխելուց հետո:

Ուղիղ տասն և երկու բեռն, — պատասխանեց որդին վրդովված ձայնով:

Ինքը բեկը ախար տասն բեռ խնդրեց:

Ջվալները իրանց հետ էին բերել, շատ մեծ էին, մինչև բերանները լցրին, կարծես, փողը նաղդ էին տվել անիծածները:

Ո՞ւմ եզներով տարան:

Մեր եզներով. փառք տվեք աստծուն, երբ գոնե եզները կդարձնեն: Ես վախենում եմ, որ եզներին էլ ալյուրի հետ ուտեն:

Այդպիսի անազնվություն չի անի բեկը:

Քրդին ազնվություն ո՞վ է տվել: Միթե քի՞չ է պատահել, որ բեռն էլ տանող անասունի հետ կուլ են տվել: Ես իրավն ասեմ, այնքան չեմ ցավում այնօրվա հարյուր ոսկու համար և տասներկու բեռ ալյուրի համար, բայց ինձ այն է նեղացնում, որ ձրի հաց ենք տալիս և այդ հացը մեր ձեռքով, մեր անասուններով պետք է տանենք և հասցնենք նրանց տանը, որ վայելեն: Այդ ի՞նչ աստուծո պատիժ է: Ես չեմ իմանում մինչև ե՞րբ այդ քրդերը մեզ թալանեն: Գալիս են, տանում են ու տանում են, և տարածը ետ չես կարող առնել: Միշտ ուզում են, միշտ ուզում են, ոչ ամոթ ունեն և ոչ խղճմտանք: Կարծես, մեզ աստված նրանց համար կերակրող է ստեղծել:

Դու չե՞ս իմանում, որ այդպես է, — պատասխանեց ծերունին, ավելի թունդ կերպով ծխելով իր չիբուխը, կարծես թե աշխատում էր նրա ծխով խեղդել սրտի բարկությունը: — Ի՞նչ կարող ենք անել, որդի, եթե մեր կամքով, մեր ձեռքով չտանք, նրանք զոռով կտանեն: Այդ էլ լավ է, որ խնդրելով և բարեկամության անունով են կողոպտում մեզ:

Մենք ինքներս ենք սովորեցրել նրանց այդ ավազակությունը, — ասաց որդին, — կարող ենք չտալ, այն ժամանակ քուրդը ստիպված կլինի ինքն ցանել, և իր քրտինքով աշխատել իր հացը, բայց մենք սովորեցնում ենք նրանց ծուլություն, սովորեցնում ենք մեր հաշվով ապրել:

Այդ ուղիղ է, — պատասխանեց հայրը տխուր ձայնով. — բայց մեզ դժվար է և շատ դժվար է միանգամով ոչնչացնել այն, ինչ որ մեր պապերը տնօրինեցին մեզ համար: Մենք քաղում ենք նրանց ցանած հիմարությունների դառն պտուղը: Հիմա լսիր, որդի, ես իմանում եմ, որ քո սրտի մեջ եփ է գալիս ատելությունը, ես իմանում եմ, որ ստրկությունը սաստիկ վշտացնում է քեզ. բայց դարձյալ հարցնում եմ, ի՞նչ ճար կա, ի՞նչ կարող ենք անել: Եթե ինչ որ ուզում են, չտանք՝ կթշնամանան մեզ հետ. մեկ էլ տեսար, ոչխարների ամբողջ հոտը սարից հափշտակեցին, տարան: Ո՞ւմը կարող ենք գանգատվել. ո՞վ կլսե մեր ձայնը: Այն մարդիկը, որ նշանակվել են չարությունը բառնալու և արդարությունը պաշտպանելու համար, բոլորը ավազակներ են, սկսյալ վալիից, փաշայից մինչև վերջին մուդիրը և գայմագամը: Մի ավազակ մի ուրիշ ավազակի հետ քույր և եղբայրներ են, և ինչպես ասում են՝ «շունը շնից, երկուսն էլ մի տնից»: Դու ինքդ քո աչքով տեսար, Արզրումի վալին, փոխանակ շղթաներ ուղարկելու, որ մի այսպիսի երևելի ավազակապետին, որպես Ֆաթթահ-բեկն է, տանեն և խեղդեն, փոխանակ այդ անելու, նրա համար մի գեղեցիկ ձի ընծա է ուղարկում, մի եղեռնագործի համար, որ մեր ամբողջ գավառը լցրել է արյունով և արտասուքով: Երբ որ վալին, երկրի նահանգապետը, այսպես է վարվում, էլ ո՞վ է մնում, որ մենք հայտնենք նրան մեր սրտի ցավը, մնում է միայն աստված, բայց աստված էլ մեր ձայնը չի լսում, երևի շատ են մեր մեղքերը...

Որդին ոչինչ չպատասխանեց, հայրը շարունակեց.

Մենք հայ ենք. աստուծո անեծքը գրած է մեր ճակատի վրա. մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք: Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը: Քուրդը մեղավոր չէ: Եթե մեր մեջ միություն լիներ, եթե մեր մեջ սիրտ լիներ, քուրդը, հիմար և ծույլ քուրդը ի՞նչ կարող էր անել:

Նա հրամայեց կրկին վառել չիբուխը, և որդին կատարելով հոր ցանկությունը, խոսեց.

Մենք վեց եղբայրներ ենք, հայր, եթե դու այսօր մի ակնարկություն արած լինեիր, մեր վեցը բավական կլիներ արտաքսելու մեր տնից Ֆաթթահ-բեկի մոտ երեսուն ձիավորներին, և նրանք մյուս անգամ չէին համարձակվի այսպես լրբությամբ ոտք կոխել մեր շեմքի վրա:

Այդ ես իմանում եմ, որդի, բայց ի՞նչ շահ: Դուք կկռվեիք նրանց հետ, գուցե մեկին, երկուսին, շատերին կսպանեիք, բայց էգուց քրդերի ամբողջ ցեղը կթափվեր մեր տան վրա, և մեզ մեր տան հողի հետ հավասար կանեին: Ո՞ր հայը կգար մեզ պաշտպանելու: Ոչ ոք: Կարելի է շատերը կուրախանային: Այդպես է հայը: Բայց քուրդը այդպես չէ: Եթե մի ցեղից մեկին սպանում ես, ամբողջ ցեղը վրեժխնդիր է լինում նրա արյան համար, որովհետև քրդերի մեջ միություն կա, ցեղի մեկ անդամի արյունը ամբողջ ցեղին է պատկանում, կարծես թե բոլորը մի ընտանիքի զավակներ լինեին: Բայց մեր մեջ կա՞ այսպիսի միություն: Ամեն մարդ իր գլխի դարդն է քաշում, ամեն մարդ իր անձի համար է մտածում. ուրիշին ինչ լինում է, թող լինի. նրան ինչ հոգ, երբ ինքը հանգիստ է, երբ իր մազին չեն դիպչում: Բայց չեն իմանում տխմարները, որ «մեկը ամենի համար է, իսկ ամենը մեկի համար»:

Ծերունի Խաչոն կարդացած մարդ չէր, բայց կյանքը, փորձը, աշխարհը շատ բաներ սովորեցրել էին նրան: Բնական խելքը զարգացել էր կյանքի փոթորիկների մեջ, այս պատճառով նրա դատողությունների մեջ երբեմն գտնվում էին այնպիսի ճշմարտություններ, որ միայն կարող էին մատչելի լինել այն տեսակ անձերի, որոնք շատ խորին կերպով իմաստասիրել էին մարդկային կենցաղավարության պայմանները: Նա խոսեց.

Հանգամանքները մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ ուրիշ կերպ գլուխ պահել չենք կարող. ստիպված ենք աշխատել, վաստակել և մեր աշխատանքով մեր թշնամուն կերակրել: Ուրիշ ճար չկա: Մենք պետք է բարեկամություն պահպանենք մեզ կողոպտողի հետ: Ֆաթթահ-բեկը, իրավ է, մեզ կողոպտում է, բայց դարձյալ չենք կարող մերժել նրա բարեկամությունը, որքան էլ կեղծ լիներ:

Ինչո՞ւ, — հարցրեց որդին:

Նրա համար որ, մեծ ավազակի հետ բարեկամ լինելով, մարդ ազատվում է փոքր ավազակների ձեռքից: Դրանք բոլորն միմյանց հետ կապված են: Հիմա օտար քրդերը գիտենալով, որ Ֆաթթահ-բեկը մեզ հետ լավ է, էլ մեր ոչխարներին, անասուններին և վարուցանքին չեն դիպչում, և եթե մի բան գողանում են, նա գտնում է և ետ է դարձնում մեզ:

Դրանից ի՞նչ շահ. հաշիվը միևնույնն է դուրս գալիս, — պատասխանեց որդին,-Ֆաթթահ-բեկը մեզ «մի ձու է տալիս, բայց փոխարենը մի ձի է ստանում»: Նա չէ թողնում, որ մի ուրիշ քուրդ մեր ոչխարը գողանա, բայց ինքը, հարկավորած ժամանակ, հարյուրներով ոսկիներ է առնում մեզանից: Մենք նրա կաթնատու կովն ենք, պահում է, պաշտպանում է նրա համար միայն, որ ինքը վայելե մեր կաթը:

Այդ բոլորը ճշմարիտ է, որդի, ես հասկանում եմ, — պատասխանեց հայրը. — բայց պետք է այն ևս հասկանալ, որ հայր մեր պապերից շատ առաջ սովորել է այդ կերպով իր գլուխը պահել: Ես, իհարկե, չեմ կարդացել, թե ինչ է գրված գրքերի մեջ, բայց մի ժամանակ Ուչքիլիսայի վանքում կար մի վարդապետ, նա ինձ պատմում էր, թե ամեն ժամանակ, երբ մեր երկրի վրա հարձակվել են թշնամիներ, հայերը փոխանակ սրով և կրակով դուրս գալու նրանց առջև, հանդիպել են թշնամուն թանկագին ընծաներով՝ մատուցարանի մեջ լցրած ոսկիներով: Նրանք մեզ սովորեցրին փոխանակ պատժելու, կաշառել մեր թշնամիներին: Նրանք սովորեցրին կայքը տալ գլուխը ազատելու համար:

Next page