Րաֆֆի՝   Խենթը

Ներս չէ գալիս, ասում է շատ հարկավոր խոսելիք ունեմ, — պատասխանեց աղախինը:

Սառան դուրս գնաց. աղջիկը կանգնած էր դռան մոտ: Դա մի բարձրահասակ աղջիկ էր, ցամաք կազմվածքով և թուխ ու գրավիչ դեմքով:

Մի քիչ հեռու գնանք, տե՛ս, այն ծառերի մոտ, այնտեղ մարդիկ ման չեն գալիս, — ասաց աղջիկը ձեռքը պարզելով դեպի այն կողմը:

Սառան նայելով անծանոթ աղջկա վառվռուն աչքերին, նրա սրտում ձգեց մի ակամա կասկած: Ինչո՞ւ էր այդ վայրենին տանում նրան այն հեռավոր ծառերի մոտ, ուր մարդիկ չէին ման գալիս: Ի՞նչ գործ ուներ իր հետ:

Ներս եկ, — ասաց Սառան, բռնելով նրա ձեռքից, — գնանք մեր տունը, եթե ուզում ես, որ քո խոսքերը ուրիշները չլսեն, մեր տանը ծածուկ տեղեր շատ կան:

Անծանոթը առանց հակառակվելու ընդունեց տանտիկնոջ հրավերը: Սառան տարավ նրան դեպի բակի մի կողմը, որ հովանավորված էր ուռենի ծառերով:

Այստեղ կնստենք, — ասաց նա, — դու երևի ծառեր շատ ես սիրում:

Նրանք նստեցին միմյանց մոտ խոտերի վրա, որ խիտ կերպով աճել էին ածուի եզրում:

Հիմա ասա, իմ սիրունիկ, — հարցրեց Սառան մտերմաբար բռնելով աղջկա ձեռքը, — ի՞նչ ունես ասելու ինձ:

Ջավոյին ուղարկեց քեզ մոտ Խուրշիդ խանումը. դու խո ճանաչո՞ւմ ես Խուրշիդին, նա Ջավոյի տիկինն է: Ջավոն ամեն օր փառք է տալիս աստծուն, որ այնպիսի լավ տիկին ունի: Նա Ջավոյին չէ ծեծում ու ամեն անգամ իր հին շորերը տալիս է, ասում է, հագիր, Ջավո, դու լավ աղջիկ ես: Բայց ո՞վ կասե հին շորեր են, տեսնո՞ւմ ես, բոլորը նոր է, բոլորը տիկինն է տվել: Մի օր հագել է նա, մյուս օրը հին է տիկնոջ համար:

Եվ իրավ, քուրդ աղջիկը բավական մաքուր, և կարելի է ասել, բավական շքեղ կերպով էր հագնված: Բայց նրա անկապ խոսքերից Սառան ոչինչ չհասկացավ: Նա խոսում էր երրորդ դեմքով: Այսքանը իմացավ Սառան, որ աղջկան կոչում են Ջավո, որ նա տիկին Խուրշիդի աղախինն է, որին ինքը առաջուց ճանաչում էր, որովհետև տիկինը իրանց տան բարեկամ Ֆաթթահ-բեկի ամուսինն էր: Բայց թե ի՞նչ բանի համար էր ուղարկել տիկինը այդ կիսախելք աղախնին իր մոտ, — ահա այդ հարցը հետաքրքրում էր նրան: Բայց ծանոթ լինելով գռեհիկ քրդուհիների բնավորությանը, Սառան թույլ տվեց նրան իր ձևով հաղորդել այցելության նպատակը:

Քո անունը Ջավո է, հա՞, ի՜նչ սիրուն անուն է:

Մայրս Ջավահիր էր կանչում, բայց տիկինը Ջավո է կանչում, ասում է Ջավահիր շատ երկար է:

Ես էլ քո տիկնոջ նման կկանչեմ. Ջավո, աղջիկս, ի՞նչ ասաց տիկինը, երբ քեզ ուղարկեց ինձ մոտ:

Բայց աղախինը միշտ շեղվում էր հարցին ուղղակի պատասխանելուց, երևի, նրա գլխում այնքան խառնված էին զանազան տարբեր մտածություններ, որ նա չէր կարողանում դասավորել, և չգիտեր, թե որը պետք է առաջ ասել և որը հետո: Նա պատասխանեց.

Ջավոյի տիկինը այս գիշեր կռվեց աղայի հետ: Դու այդպես մի՛ մտիկ տուր, Ջավոն երեխա չէ, նա շատ սատանա է: Երբ աղան տիկնոջ հետ կռվում էր, Ջավոն վարագույրի ետևում թաքնված բոլորը լսում էր: Ա՜խ, որքան բարկացած էր տիկինը, իր ծամերը փետում էր, շորերը պատառոտում էր: Ափսո՜ս այն շորերը, Ջավոն էլ չէ կարող հագնել...

Նկատելով, որ թեթևամիտ աղջիկը հագուստի շատ սեր ունի Սառան ասաց.

Ջավոն խո կարել իմանում է, կկարկտնե, հետո կհագնե:

Կարե՞լ, ինչպես չէ իմանում: Տեսնում ե՞ ս այդ մատները, — նա ցույց տվեց աջ ձեռքի մատները. — տեսնո՞ւմ ես, ա՜խ, քա՛նի անգամ Ջավոյի մայրը ասեղով ծակծկել է այդ մատները ու ասել. «գետինը մտնես, կար սովորիր»:

Տեսնում եմ, որ շնորհալի աղջիկ ես, հիմա պատմիր, թե ի՞նչու համար էր կռվում աղան տիկնոջ հետ:

Աղան ասում էր՝ պետք է մի նոր կնիկ բերեմ. տիկինը ասում էր՝ չէ՛, չպիտի բերես, ես ինձ կխեղդեմ, ասում էր, երբ նոր կնիկ կբերես: Դա մեղք չէ՞. Խուրշիդի նմանը ո՞րտեղ կա: Էլ ի՞նչ պետք է նոր կնիկը:

Սառայի համար փոքր առ փոքր պարզվում էր մթին հանելուկը:

Խուրշիդի նմանը ոչ մի տեղ չկա, — պատասխանեց նա, — բայց դու այն ա՛սա, Ջավո, ի՞նչ նոր կին է ուզում բերել աղան:

Ջավոյի տիկինը կմեռնի, երբ աղան նոր կին կբերե, և Ջավոն էլ նրանից հետո շատ չի ապրի... — ասաց աղախինը և նրա աչքերը լցվեցին արտասուքով:

Ախար ո՞ւմը պետք է բերե, — կրկին հարցրեց Սառան, համբերությունը հատնելով:

Դու այն հարցրու, թե տիկինը ինչ բանի համար ուղարկեց քեզ մոտ Ջավոյին, այն ժամանակ Ջավոն քեզ կասե, թե ումը կբերե:

Լավ, ի՞նչ բանի համար ուղարկեց:

Երբ գիշերը կռվեցին, առավոտը տիկինը ասաց. Ջավո, կգնաս մեր Խաչո քիրվայի տունը, Սառային շատ բարև կանես, քեֆը կհարցնես ու կասես... (Ա՜խ, ես մոռացա, որ քո քեֆը հարցնեի):

Վնաս չունի: Ի՞նչ ասաց տիկինը:

Տիկինը ասաց. Սառային կկանչես մի ծածուկ տեղ ու կասես... (Դրա համար էի քեզ կանչում այն ծառերի տակը, այնտեղ ձածուկ էր):

Այստեղ էլ ծածուկ է, մեզ ոչ ոք չի լսում: Ի՞նչ ասավ տիկինը:

Տիկինը ասաց, որ դուք Ստեփանիկին շուտով հեռացնեք և մի ուրիշ երկիր տանեք: Թե որ մարդիկ չունեք, ասաց տիկինը, ես մարդիկ կտամ, որ տանեն, և ուր որ ուզում եք, այնտեղ հասցնեն: Առավոտը ջեր չէր լուսացել, այդ խոսքերը ասաց տիկինը: Երդվիր, ասաց, Ջավո, որ բերնումդ կպահես և ուրիշին չես ասի: Ջավոն երդվեցավ:

Հետո աղջիկը պատմեց, թե տիկինը սպառնացավ, որ կսպանե Ջավոյին, եթե մի ուրիշ մարդու հայտնելու լինի այդ գաղտնիքը և ավելացրեց, թե ինքը շատ է վախենում տիկնոջից, որովհետև նա կարող է սպանել, թե ինքը իր աչքով էր տեսել, որպես նա մի օր սպանեց սպասավորներից մեկին, բայց թե ի՞նչ բանի համար էր, Ջավոն այդ չի ասի... Բայց խեղճ Սառան չլսեց վերջին խոսքերից և ոչ մեկը: Ստեփանիկի անունը լսածին պես, կարծես, կայծակով նրան հարվածեցին, նա սարսափեցավ, թուլացավ և ուշաթափ գետին պիտի գլորվեր, եթե քուրդ աղջկա զորեղ ձեռքը չբռներ նրան: Միամիտ աղջկան թեև անհասկանալի էր ողորմելի կնոջ ցավալի խռովությունը, բայց զգաց, որ շատ դառն էր հաղորդած լուրը, և սկսեց մխիթարել նրան:

Թո՛ղ Սառան դարդ չանի. Ջավոյի տիկինը քանի կենդանի է, չի թողնի, որ աղան այս տնից աղջիկ տանե:

Ի՞նչ աղջիկ, — հարցրեց Սառան մի փոքր ուշի գալով, — մեր տանը հասած աղջիկ չկա:

Աղան գիտե, որ Ստեփանիկը աղջիկ է:

Այդ միջոցին Ստեփանիկը բակում կերակրում էր իր այծյամին, որ մի քանի օր առաջ բեկը ընծայել էր նրան: Արևի ճառագայթները ընկել էին պատանու գեղեցիկ դեմքի վրա, և հեռվից նկարվում էր նրա վայելչակազմ հասակը: Սառան ցույց տվեց աղախնին, ասելով.

Տեսնո՞ւմ ես, նա է Ստեփանիկը, լավ մտիկ տուր: Նա աղջի՞կ է: Ո՞վ է ասել աղային մի այդպիսի սուտ բան:

Աղային ասել է ձեր քուրդ աղախիններից մեկը՝ Հիլո հովիվի կինը: Տիկինը ասում էր, ես սպանել կտամ այն անզգամին:

Հիլոյի կինը սուտ է ասել. նա մեր տնից բան գողացավ, մենք նրան դուրս արեցինք. դրա համար սուտ է ասել:

Սառան նկատեց, որ Ջավոն թեև միամիտ աղջիկ էր, բայց այնքան հիմար չէր, որքան ինքը կարծում էր, բացի դրանից, տեսնելով նրա անկեղծ հավատարմությունը դեպի իր տիկինը, որ առհասարակ հատուկ է կիսավայրենի աղախիններին, — պատվիրեց նրան մի քանի խոսքեր, խնդրելով, որ հաղորդե իր տիկնոջը: Նա ասաց, որ Ջավոն իր կողմից փոխադարձապես ողջունի, տիկնոջը և հարցնե նրա քեֆը: Նա խնդրեց, որ Ջավոն հայտնե տիկնոջը Սառայի շնորհակալությունը այն տեղեկությունների համար, որ այսօր ստացավ: Հետո Սառան խնդրեց հայտնել տիկնոջը, որ բոլորովին սխալ է կարծել, թե Ստեփանիկը աղջիկ է, այսուամենայնիվ, քանի որ տիկինը ցանկանում է, որ Ստեփանիկին հեռացնեն այդ երկրից, նրա կամքը կատարված կլինի: Հետո ավելացրեց Սառան, թե ինքը շատ կցանկանար մի անգամ գոնե տեսնվել տիկնոջ հետ, այդ բաների մասին լավ խորհրդակցելու համար, և խնդրում է, որ տիկինը ինքը կարգադրե թե ինչ հնարքով կարող էր կատարվել այդ տեսությունը, որ բոլորովին գաղտնի մնար: Վերջացնելով իր հանձնարարությունները, Սառան հարցրեց.

Իմ խելացի Ջավո, կարո՞ղ ես այդ բոլորը առանց մոռանալու հաղորղել քո տիկնոջը:

Ջավոն սուր միտք ունի, Ջավոն չի մոռանա, — պատասխանեց նա, աշակերտի նման մի առ մի կրկնելով Սառայի ասածները, թեև մի քանի սխալներ արեց, թեև նախադասությունները իր եղանակով ետ ու առաջ դարսեց:

Սառան ուղղեց նրա սխալները և Ջավոն մի քանի անգամ կրկնեց իր դասը:

Հիմա Ջավոն այնպես է ասում, որպես Սառան է ասում, — խոսեց ինքն իրան աղջիկը: — Ճանապարհին Ջավոն միշտ կկրկնե Սառայի խոսքերը, որ չմոռանա:

Կարող են ուրիշները լսել, — նկատեց Սառան:

Ջավոն այնքան անխելք չէ, Ջավոն մտքումը կխոսի:

Աղջիկը նայեց արեգակին, տեսավ, որ բավական թեքվել էր դեպի երեկոյան մուտքը: Նա վեր կացավ, ասելով, որ այլևս ուշանալ կարող չէ, որովհետև բավական երկար ճանապարհ ունի գնալու մինչև աղայի վրանները:

Սպասիր, Ջավո, ես քեզ համար մի բան բերեմ, դու լավ աղջիկ ես:

Սառան դիմեց դեպի սենյակը: Այդ միջոցին Ստեփանիկը, որ դեռևս իր այծյամով էր զբաղված, տենսելով մենակ կանգնած աղջկան, մոտեցավ նրան.

Դու գնո՞ւմ ես, — հարցրեց նրանից:

Տեսնո՞ւմ ես արևը շուտով կմթնի, — պատասխանեց աղջիկը ձեռքը դեպի երկինքը տանելով:

Դու մեր տունը եկար, բայց մի բան չկերար, — ասաց Ստեփանիկը:

Ա՜խ, Ջավոն մոռացավ, որ քաղցած է. Ջավոն այսօր ոչինչ չի կերել:

Ես քեզ համար ուտելու բան կբերեմ:

Քուրդ աղջիկը հափշտակվելով պատանու բարեսրտությամբ, գրկեց նրան և համբուրեց: Ստեփանիկը վազեց դեպի տունը և բերեց նրա համար լավաշների մեջ փաթաթած մեղր և կարագ:

Հիմա նստիր ու կե՛ր:

Ջավոն ճանապարհին ուտելով կգնա:

Նույն միջոցին հայտնվեցավ Սառան, բերելով իր հետ մի գեղեցիկ մետաքսյա քող կարմիր գույնով, որ կազմում էր քուրդ կնոջ գլխի ամենաթանկագին զարդը: Ջավոն տեսնելով՝ ուրախությունից մոռացավ ամեն քաղաքավարություն, և երեխայի նման վրա պրծնելով, խլեց Սառայի ձեռքից գեղեցիկ քողը: Նա սկսեց նույն րոպեում նրանով փաթթել իր գեղեցիկ գլուխը, և որպես հայելու մեջ նայելով, դարձավ դեպի Սառան ու Ստեփանիկը, հարցրեց.

Հիմա սիրո՞ւն է Ջավոն:

Սիրուն է, — պատասխանեցին Սառան և Ստեփանիկը:

Դե՛, համբուրեցե՛ք Ջավոյին:

Սառան գրկեց և համբուրեց նրան:

Դուն էլ, Ստեփանիկ:

Ստեփանիկն էլ հետևեց Սառայի օրինակին:

Հիմա Ջավոն էլ ձեզ կհամբուրե:

Պարզամիտ քուրդ աղջիկը իր անկեղծ համբույրները մատուցանելեն հետո, ճանապարհ ընկավ դեպի բեկի վրանները:

Ժ՛

Ջավոյին ճանապարհ դնելուց հետո, Սառան դեռ նոր զգաց քրդուհու հաղորդած տեղեկությունների ամենասաստիկ զարհուրանքը: Ստեփանիկը տակավին նրա մոտ կանգնած էր, և ամենևին չգիտեր, թե որպիսի վիճակ էր սպասում իրան: Նա իր ձեռքը երեխայի նման դրեց Սառայի ուսին և հարցրեց.

Ինչո՞ւ այդ քրդի աղջիկները այդպես անխելք են լինում:

Նրանք անխելք չեն, զավակս, — պատասխանեց Սառան ծնողական գթով. — միայն կրթվում են ու մեծանում են այնպես, ինչպես սարերում աճում են վայրենի անասունները:

Ինչպես իմ այծյամը, — ավելացրեց Ստեփանիկը: — Այդ քանի օր է ուտեցնում եմ, խմեցնում եմ, շատ անգամ գրկում եմ, համբուրում եմ, բայց էլի չի սիրում ինձ, երբ մոտն եմ գնում, փախչում է ինձանից:

Այդ խոսքերը ասելու միջոցին Սառան մի հայացք ձգեց բարեսիրտ պատանու վրա և նրա աչքերը լցվեցան արտասուքով: Մինչև այսօր նա այնպես քննական աչքով դեռ չէր նայել այդ նազելի դեմքի վրա, այդ քնքուշ կազմվածքի վրա, որ ներկայացնում էր մանկության բոլոր գեղեցկությունները: Նա երեսը շուռ տվեց և սրբեց արտասուքը, որ պատանին չնկատե:

Բայց պատանին դեռ հետաքրքրվում էր քուրդ աղջկանով:

Նա քաղցած էր, Սառա, ասում էր, որ այսօր ոչինչ չէ կերել. ես մի կտոր հաց տվեցի մեղրի ու կարագի հետ, խնդրեցի որ այստեղ նստե և ուտե: Բայց նա վեր առեց հացը, տեսա, ճանապարհին ուտելով գնում էր, երևի, շտապում էր, Սառա, այդպես չէ՞:

Շտապում էր, նա շատ հեռու պիտի գնա:

Մինչև ո՞րտեղ:

Մինչև կապույտ սարերը:

Հիմա խո կմթնի՞, ինչպե՞ս պիտի անցկենա այնքան լեռներ, այն էլ ոտով, մենակ, առանց ընկերի... Սառա, ինչպե՞ս չէ վախենում նա:

Չէ վախենում. նրանք այդպես սովորել են, գայլի ձագը ի՞նչ բանից պիտի վախենա...

Այդ միջոցին կանչեցին Սառային և նրանց խոսակցությունը ընդհատվեցավ:

Խեղճ կինը ամբողջ օրը անցկացրեց դառն մտատանջությունների մեջ: Նա արբած կամ ուշքումիտքը ցրված մարդու նման, չգիտեր թե ինչ էր անում. իր ուզած իրեղենը վեր առնելու տեղ մի ուրիշ բան էր վեր առնում, իր կամեցած կողմը գնալու փոխարեն՝ մի այլ տեղ էր գնում. անդադար սխալվում էր, անդադար հոգվոց էր հանում նա: Ամբողջ օրը անցկացրեց տենդային անհանգստության մեջ: Մորից որբ մնալով Ստեփանիկը, նրա սիրելին էր, նրա կուրծքի վրա և նրա ձեռքի տակ էր մեծացել: Այժմ սպառնում էր նրան մի ցավալի վիճակ: Ո՞ւմը ասեր, ինչպե՞ս հայտներ այն բոլորը, ինչ որ լսեց այսօր քուրդ աղախնից: Նա գիտեր և համոզված էր, որ Ստեփանիկի ծերունի հայրը, լսելով բեկի դիտավորությունները, չպիտի կարողանար դիմանալ այդ ցավին: Ծերունին առանց դրան ևս սրտումը մի անբժշկելի վերք ուներ... Մյուս կողմից, Սառան մտածում էր, որ թաքցնելը անհնարին և մինչև անգամ վնասակար է. պետք էր կանխապես հոգ տանել գալոց անբախտության առաջը առնելու համար: Բայց ո՞ւմը հայտնել:

Այդ մտածություններով նա անցկացրեց ամբողջ օրը և տակավին մի վճռական եզրակացության չհասավ: Երբ գիշերը նա առանձնացավ իր ամուսնի՝ Հայրապետի հետ, վերջինը հարցրեց.

Սառա, դու այսօր ինչ որ մի ուրիշ տեսակ ես երևում ինձ. ի՞նչ է պատահել, խո հիվանդ չես:

Գլուխս մի քիչ ցավում է. այդ ոչինչ, կանցնի, — պատասխանեց կինը, չկամենալով սարսափեցնել իր տղամարդին մի ծանր հարվածով:

Մի քիչ քացախ քսիր ճակատիդ:

Ամեն բան փորձեցի...

Փոքր առ փոքր նախապատրաստելով իր ամուսնին, Սառան մտածում էր հաղորդել նրան իր այնօրվա տեղեկությունները. բայց չգիտեր, թե որպես պետք էր սկսել, մինչև ինքը Հայրապետը առիթ տվեց, հարցնելով.

Այսօր մի քրդի աղջիկ էր եկել մեր տունը, ո՞վ էր նա:

Ֆաթթահ-բեկի կնոջ՝ Խուրշիդի աղախինն էր:

Ամեն անգամ, երբ այդ անիրավը կամ նրա մարդիկը մեր տունն են գալիս, — խոսեց Հայրապետը դառն կերպով, — ես միշտ սպասում եմ մի չար բան: Ա՜խ, ե՞րբ կլինի, որ այդ անպիտանների ոտքը մեր շեմքից կկտրվի...

Բայց մինչև այսօր նրանցից կրած վնասները պետք է աստուծո բարությունը համարել... — պատասխանեց կինը խորհրդավոր ձայնով:

Հայրապետը գունաթափվեցավ: Սառան նկատելով այդ, ասաց.

Բոլոր անբախտությունները մարդու համար են... ինչ ցավ, որ աստված ուղարկում է, մենք պետք է տանենք համբերությունով...

Խեղճ մարդիկ, ամեն մի անբախտության մեջ մխիթարություն են գտնում աստծուն և միայն աստծուն վերաբերելով այն բոլոր տառապանքները, որ կրում են այս աշխարհում: Կարծես թե աստված անբախտությունների հեղինակ լիներ:

Ի՞նչ կա, — հարցրեց Հայրապետը սարսափելով. — ի՞նչ է պատահել:

Սառան սկսեց պատմել ինչ որ լսել էր քուրդ աղախնից: Նրա պատմության ժամանակ խեղճ Հայրապետի դեմքը ամեն տեսակ գույներ և ամեն տեսակ արտահայտություն ընդունեց: Նրա հոգեկան կրքերը փոփոխակի կերպով հաջորդում էին մինը մյուսին, և երեսի վրա կարելի էր նշմարել երբեմն սոսկում, երբեմն դառն ատելություն, երբեմն կատաղի բարկություն և երբեմն տխուր ափսոսանք...

Ես այդ վաղուց սպասում էի... — խոսեց նա առժամանակյա խռովությունից հետո: — Խեղճ հայր, նա կմեռնի, երբ կլսե այդ բոլորը...

Ես ամբողջ օրը դրա վրա էի մտածում, — ասաց Սառան. — նա կմեռնի, անպատճառ կմեռնի:

Երկու ամուսինների մեջ տիրեց լռություն. երկուսն էլ այն խորհրդածության մեջ էին, թե ինչ պետք էր անել:

Հորս հայտնել հարկավոր չէ, — ընդհատեց Հայրապետը տիրող լռությունը:

Բայց եղբայրներիցդ չէ կարելի ծածուկ պահել, — ասաց նրան Սառան:

Եղբայրներիս ես կհայտնեմ:

Ուրեմն ժամանակ կորցնելու չէ, հենց այս գիշեր հայտնիր, — շտապեցնում էր Սառան. — ամեն մի րոպե թանկ է մեզ համար, ինչ որ անելու եք, շուտով արեցեք, ո՞վ գիտե, էգուց ի՞նչ կպատահի:

Հայրապետի եղբայրներից մի քանիսը տանն էին, իսկ մի քանիսը դեռ չէին վերադարձել դաշտից: Նա վեր կացավ, պատվիրեց իր կնոջը, որ հարսներից ծածուկ պահե իր տեղեկությունները, մինչև եղբայրների հետ խորհուրդ կանեին: Նա առեց իր հետ տանը գտնվածներին և միասին դուրս գնացին: Ճանապարհին հայտնեց նրանց, թե մի առանձին խոսելիք ունի, միայն պետք է բոլոր եղբայրները մի տեղ հավաքվեին: Նա ընտրեց խորհրդի համար մի խուլ տեղ, իրանց ջրաղացի փոքրիկ անտառում, որովհետև տանը կարող էին խանգարել նրանց, և գուցե հայրը պատահմամբ կխառնվեր խոսակցության մեջ:

Երբ բոլորը հավաքվեցան, Հայրապետը հայտնեց նրանց ինչ որ լսել էր իր կնոջից: Ինքնըստինքյան հասկանալի է այն դառն տպավորությունը, որ գործեց եղբայրների վրա հաղորդած լուրը: Բոլորը քարացածի նման սառած մնացին իրանց տեղում: Ոչ մեկը չգտավ մի բառ անգամ խոսելու: Նրանց դրությունը նմանում էր այն տեսարանին, երբ ամառային զով երեկոյան պահուն, ճնճղուկների հազարավոր բազմությունը, կուշտ, ուրախ, օրական աշխատանքից հետո հավաքված ծառերի ոստերի վրա, ճլվլում են, չկչկում են և ամբողջ անտառը լցնում են մի կենդանի աղմուկով: Հանկարծ նրանց մոտից սլանում է բազեն և ամբողջ խորը միանգամից լռում է...

Այս տպավորությունը գործեց վեց եղբայրների վրա, երբ նրանք լսեցին Ֆաթթահ-բեկի անունը և նրա չար դիտավորությունը:

Ահա՛ քրդի բարեկամությունը, — խոսեց եղբայրներից մեկը. — բեկը մեր երեխաների կնքահայրն է. նա էլ է մոռանում մեր տնում կերած աղ ու հացը:

Ինչ բարեկամություն կարող է լինել գայլի և ոչխարի մեջ, աղվեսի և հավի մեջ, — խոսեց Հայրապետը զայրացած ձայնով: — Բայց մենք ոչխարից էլ վատ ենք, հավից էլ վատ ենք... ոչխարը գոնե եղջյուրներ ունե, երբեմն նրանցով կռվում է, հավը սուր եղունգներ ունե, երբեմն նրանցով ծվատում է... իսկ մենք մեզ պաշտպանելու համար ոչինչ չունենք... Մենք մարդկության կեղտն ենք, նրա կղկղանքն ենք, որ պետք է մաքրել, ոչնչացնել, որ մարդկությունը չապականվի...

Այդ խոսքերը այնպիսի մի մաղձային դառնությամբ արտասանեց նա, որ եղբայրները սարսափեցան:

Ի՞նչ ենք մենք, — շարունակեց նա առաջին եղանակով. — ժիր և գործունյա մշակնե՜ր... և դրանով պարծենում ենք... բայց էշը, ձին, եզը, գոմեշը մեզանից ավելի ուժեղ են և մեզանից ավելի շատ են բանում... մենք բանվոր անասուններ ենք և ավելի ոչինչ...: Քրդի նիզակը ավելի մեծ գործ է կատարում, քան թե մեր աշխատասեր արորը և գութանը... Մենք վաստակում ենք, նրանք ուտում են... մենք գեղեցիկ աղջիկներ ենք հասցնում, նրանք են վայելում մեր աղջիկների սերը... Ինչ որ գեղեցիկ է, ինչ որ լավ է, մեզ համար չէ... մեզ համար են պահված բոլոր տգեղությունները, որովհետև մի լավ բանի արժանավորություն չունենք...

Քանի օր առաջ, — շարունակեց նա, — մի այսպիսի խոսակցություն ունեի հորս հետ. հայրս աշխատում էր ինձ համոզել, թե մեր դրությունը այնքան աննախանձելի չէ, որքան մենք կարծում ենք, և ցույց էր տալիս մեր օդի մեջ կանգնած հարստությունը, որին բավական են մի խումբ քրդեր, մի արշավանք, և ահա բոլորը ոչնչացավ: Հիմա եկ, դու նրան ասա՛, թե տնիցդ քարշելու, տանելու են քո սիրելի զավակը, և դու աչքերդ բաց-բաց պիտի նայես, և մի խոսք անգամ ասելու համարձակություն չպիտի ունենաս... Ա՞յդ էլ լավ դրություն է: Այդպիսի դրության կարող է համբերել հայը միայն, անամո՜թ, անպատի՛վ հայը միայն... Ե՛կ, դու գնա՛, վագրի որջից դուրս քաշիր նրա ձագը, նա իսկույն քեզ իր բույնի մեջ պատառ-պատառ կանե: Այսպես է և քուրդը: Բայց մենք ի՛նչ ենք... մենք ոչինչ ենք...

Հայրապետի խոսքերը այն աստիճան բարկությամբ վառեցին իր եղբայրներից մի քանիսի սիրտը, որ նրանք միաձայն վճռեցին ընդդիմանալ, մեռնել և չտալ Ստեփանիկին քրդի ձեռքը:

Այդ ոչինչ նպատակի չի հասցնի, — պատասխանեց խոհեմ և բազմափորձ Հայրապետը, — մենք կմեռնենք, բայց Ստեփանիկին դարձյալ կտանեն...

Գոնե մեռնելուց հետո մենք չենք տեսնի մեր քրոջ անպատվությունը և հանգիստ կլինենք մեր գերեզմանում... — մեջ մտավ եղբայրներից մեկը, Ապոն:

Բայց մյուս կողմից հայտնվեցան հակառակորդներ:

Մենք պիտի մեռնենք, այն էլ մի աղջկա համար, ու մեր երեխաներին անտեր պիտի թողնենք, դա ի՞նչ խելք է, — խոսեց եղբայրներից մեկը, որին կոչում էին Օհան... — Ես իմ ձեռները լվանում եմ այդ գործից. մեկ քույր ունենք, թող չլինի, դա մեծ ցավ չէ. ի՞նչու մենք մեր գլուխը պետք է մահի տանք նրա համար:

Եղբայրներից մի ուրիշը, որին կանչում էին Հակո, ավելի շահավոր և ավելի գործնական կետից նայելով Ստեփանիկի վիճակի վրա, սկսեց պաշտպանել Օհանի կարծիքը, ասելով.

Ես դրա մեջ ոչինչ անբախտություն չեմ տեսնում, մի կողմից շատ լավ է, երբ մենք Ֆաթթահ-բեկի նման փեսա կունենանք, այն ժամանակ բոլոր հայերը մեզանից կվախենան: Օրինակ ձեզ, — ավելացրեց նա, — մեր դրացի Մկոն, նա ի՞նչ մարդ է, տանը ուտելու հաց չունի, բայց որովհետև նրա աղջիկը մի քրդի կին է, դրա համար մենք ամենքս Մկոյից վախենում ենք, հետը խոսել չենք կարողանում, հենց որ մի բան ասենք, Մկոն կսովորեցնե քուրդ փեսային և քուրդը մի գիշեր կգա մեզ մեր տանը մեջ կմորթե: Լավ չէ՞ մի այդպիսի փեսա ունենալ:

Այդ խոսքերը գրգռեցին Ապոյի բարկությունը, որ առաջարկում էր ընդդիմանալ, և մինչև անգամ մահ հանձն առնել, և պաշտպանել իրանց քրոջ պատիվը: Նա ասաց.

Հիսուս Քրիստոսը վկա, խելքդ կորցրել ես, Հակո, այդ ինչե՞ր ես խոսում, գիժն էլ այդպես չի խոսի: Մենք պետք է մեր լույս հավատը կորցնենք, մեր քույրը անօրեն և անհավատ քրդի ձեռքը պետք է տանք, նրա համա՞ր միայն, որ հայերը մեզանից կվախենան և մեզ կպատվեն... Թո՛ղ չլինի այսպիսի պատիվը: Բայց գիտե՞ս, որ երեսից կարելի է պատվեն, բայց սրտում ամեն մարդ կանիծե մեզ: Ո՛վ է սիրում Մկոյին, որ աղջիկը քրդի տվավ: Այդ ուրիշ բան է, որ նրանից վախենում են, շնից էլ, գայլից էլ վախենում են...

Եղբայրներից մեկը, որ բոլոր ժամանակը լուռ էր, իր հատուկ կրոնական փիլիսոփայությամբ, սկսեց հակառակել Ապոյին առաջ բերելով այն փաստերը, թե չէ կարելի փոխել աստուծո կարգադրությունները. ինչ որ լինելու է կլինի. թե աստված քուրդին քուրդ է ստեղծել, հային՝ հայ, քրդին զենք է տվել, հային՝ բահ. թե մեկը մյուսի տեղը բռնել չէ կարող, թե այդ բոլոր բաները աստուծո ձեռքումն են և վերջացրեց իր խոսքերը հետևյալ օրինակով.

Ագռավը շատ կցանկանար սիրամարգի փետուրներ ունենալ, բայց ո՞վ կտա: Աստված մեկին այսպես է ստեղծել, մյուսին այնպեյս:

Ապոն պատասխանեց նրան.

Դուն մոռանում ես, եղբայր, որ ագռավը և սիրամարգը զանազան թռչուններ են, բայց քուրդը և հայը երկուսն էլ մարդիկ են: Քուրդը մորից զենքով չէ ծնվում. նա ծնվում է նույնպես մերկ, նույնպես թույլ, որպես հայը: Ինչո՞ւ ես դու ամեն բան աստուծո վզին դնում, մի թե նա է քրդի ձեռքը զենք տվել, որ գա մեզ կոտորե, որ գա մեր աղջիկները մեր տնից քարշե ու տանե. մի՞թե նա է մեզ այդպես խեղճ և վախկոտ շինել: Աստված այդ բաների մեջ չէ խառնվում. նա մեզ խելք է տվել, որ ընտրենք՝ ինչ որ լավ է, ինչ որ օգտավետ է: Եթե դու կգնաս այս րոպեիս քեզ այդ գետը կգցես, աստված երբեք քո ձեռքից չի բռնի, որ արգելե, դու ինքդ ես քեզ կորցնում...

Հայրապետը, երեց եղբայրը, խորին լռությամբ լսում էր վիճաբանությունները: Նա պատրաստ էր վեր կենալ և Ապոյի ճակատը համբուրել, բայց չկամեցավ վիրավորել մյուս եղբայրներին:

Տեսնում եք, — ասաց նա ծանր կերպով. — մենք վեց եղբայրներ ենք հավաքված այստեղ, բայց միմյանց չենք հասկանում և միմյանց հետ չենք միաբանվում: Բայց որքան դժվար է միաբանվել մի ժողովուրդ և մի ամբողջ ազգ... Քանի որ մենք այսպես կլինենք, մեր վիճակը միշտ այսպես կմնա... Մեր գլխին կտան, մեր երեսին կթքեն, մեր կինը, մեր աղջիկը, մեր ապրանքը, մեր հողը մեր ձեռքից կխլեն... և մենք ստիպված կլինենք համբերել ամեն տեսակ անպատվությունների, ամեն տեսակ չարչարանքների, և մի ողորմելի գրաստի նման պետք է մեր թշնամու համար աշխատենք, որ նա գոհ և բախտավոր ապրի: Իսկ մենք պիտի փառք տանք աստծուն, որ գոնե խնայում է մեր կյանքին, գոնե թույլ է տալիս մի չնչին զեռունի նման քարշ գալ երկրի վրա...

Խորին տխրությամբ վերջացնելով իր խոսքերը, Հայրապետը առաջարկեց, որ Ստեփանիկին հեռացնեն իրանց տնից և առժամանակ պահեն ս. Հովհաննու վանքում, մինչև հնար կգտնեն այնտեղից տանել, ռուսաց սահմանը անցկացնել, և այնտեղ ռուսաց հողի վրա նա ազատված կլինի:

Օհանը և Հակոն չհամաձայնվեցան մինչև անգամ այդ առաջարկությանը, ասելով, թե դա կլիներ մի ուրիշ տեսակ ընդդիմադրություն բեկի կամքին: — Թաքցնելով մեր քրոջը, ասացին նրանք, մենք պատճառ կտանք բեկի բարկությանը և հետևապես նրա վրեժխնդրությանը:

Նրանք առաջարկում էին թողնել Ստեփանիկին տանը, դարձյալ կրկնելով միևնույն խոսքերը, թե աստված ինչ որ կամեցել է, այն կլինի, թե աստուծո գրածը մարդ չէ կարող ջնջել և այլն...

Մի քանիսը պահանջում էին հայտնել իրանց հորը, և նա որպես տան մեծը և ընտանիքի գլխավորը, որպես կկամենա, թող այնպես կարգադրե: Այսպես վիճաբանությունը երկարում էր և ոչ մի հետևանքի չէին հասնում:

Հանկարծ խորհրդի մեջ խառնվեցավ բուն, բոթաբեր և զզվելի բուն: Ծառերի միջից լսելի եղավ նրա չարագուշակ ձայնը: Բոլորը սարսափեցան:

Լսեցե՛ք, մենք ուղիղ էինք ասում, — ձայն տվեցին Օհանը և Հակոն, — ահա բուն ևս հաստատում է մեր խոսքը, վերջը վատ կլինի, եթե Ստեփանիկին հեռացնենք տնից:

Միայն Հայրապետն ու Ապոն մնացին հաստատ իրանց համոզմունքի վրա: Խորհուրդը վերջացավ անորոշ կերպով, առանց մի վճռական եզրակացության հասնելու:

ԺԳ

Բայց ի՞նչ հանելուկ էր այդ. Ստեփանիկը առաջ տղա, իսկ այժմ աղջիկ:

Պարզենք այդ հանելուկը: Բայց նրա բանալին թաքնված է մի փոքրիկ և տխուր պատմության մեջ:

Ծերունի Խաչոյի տան բակի մի խուլ կողմում, հովանավորված չորս կաղամախի ծառերով, գտանվում էր մի գերեզման: Ոչ խաչ, ոչ տապանաքար, և ոչ մի տառ անգամ չկար նրա վրա: Դա մի փոքրիկ քառակուսի թումբ էր, ծեփած գաջով, որ փոքր ինչ բարձրացած էր գետնի մակերևույթից: Շատ անգամ գիշերային լռության պահուն, կարելի էր տեսնել ծերունուն, տարածված այդ անշուք հողադամբարանի մոտ, թափում էր իր աչքերից հորդ արտասուքներ: Տանեցիք նույնպես մի առանձին տխրությամբ էին անցկենում այդ գերեզմանի մոտից, որ կարծես թե ամփոփում էր իր մեջ ամբողջ գերդաստանի ուրախությունը: Ո՞վ էր թաղված այնտեղ:

Ծերունի Խաչոն ուներ մի աղջիկ Սոնա անունով. նա իր դեմքով շատ նման էր Ստեփանիկին: Երբ Սոնան տասն և վեց տարեկան դարձավ, ամեն կողմից խնդրում էին նրա ձեռքը, ոչ միայն նրա համար, որ Սոնան մի հարուստ ընտանիքի զավակ էր, այլ առավել այն պատճառով, որ Սոնան շատ սիրուն էր: Հայրը երկար տարուբերվում էր փեսաների ընտրության մեջ, չգիտեր որին տալ: Բայց մի ցավալի անցք վերջ տվեց Սոնայի բախտավորությանը: Մի անգամ գնաց նա դաշտ բանջար քաղելու, այլևս չվերադարձավ: Շատ զրույցներ եղան նրա կորստյան մասին, ոմանք ասում էին, թե գետումը խեղդվել է, ոմանք ասում էին, թե գազանները գիշատել են, և ոմանք սնահավատությամբ հաստատում էին, թե չարքերը գողացել են, և ոմանք ասում էին, թե քրդերը հափշտակել են: — Ո՞րն էր ուղիղ, դժվար էր որոշել: Շատ որոնեցին, շատ այս կողմ այն կողմ ընկան, բայց ոչինչ չօգնեց, և կորած աղջկա մասին ոչինչ տեղեկություն ստանալ չկարողացան, թեև նրա հայրը խոստացել էր լավ վարձատրություն, ով որ ճիշտ լուր կբերե:

Անցան մի քանի շաբաթներ:

Մի օր հայտնվեցավ Խաչոյի տանը մի քուրդ, բերելով իր հետ ջորու վրա բարձած մի դագաղ: Նրա մեջը դրած էր Սոնայի մարմինը:

Քրդի պատմությունից երևաց, որ անբախտ աղջկան դաշտից առևանգել էր մի քուրդ ազնվական, որը թեև իր տոհմով այնքան երևելի չէր, բայց իր ցեղի մեջ հայտնի էր, որպես4 մի նշանավոր եղեռնագործ: Սոնան ուրիշ հնարք չգտնելով այդ ատելի մարդու ձեռքից ազատվելու համար, իր գլխի արախչինի վրա կարած ոսկի դրամներից մի քանիսը տալիս է մի պառավ քրդուհու, խնդրելով իր համար թույն գտնել: Քրդուհին, կաշառված ոսկիներից, կատարում է նրա խնդիրքը: Սոնան մեռնում է թույնից: Քրդերը նրա մարմինը չեն ընդունում իրանց գերեզմանատան մեջ, որովհետև հանգուցյալը մինչև իր վերջին շունչը ասում էր. «Ես քրիստոնյա եմ. ես հավատս չեմ փոխի»: Մարմինը մնում է անթաղ: Այդ հանգամանքից օգուտ է քաղում մի քուրդ, և իմանալով ում աղջիկն է նա, վեր է առնում նրա մարմինը և բերում հոր տունը, հույս ունենալով, որ մի բան կստանա:

Ոչ սակավ մոլեռանդությամբ է վարվում անբախտի դիակի հետ և հայ եկեղեցականությունը: Պատճառ բերելով, թե նա ինքնասպան է եղել, անօրենի ձեռքումն է մեռել, չէ խոստովանվել, չէ հաղորդվել և այլն, տերտերները թույլ չեն տալիս նրան թաղել հայոց գերեզմանատնում5: Ահա այդ էր պատճառը, որ նրա գերեզմանը գտնվում էր հայրական տան մեջ: Այն որ հալածեց իր միջից եկեղեցին, ընդունեց իր մեջ ընտանիքը...

Ինքնըստինքյան հասկանալի է, թե այդ անբախտությունը ինչ դառնություն կբերեր Խաչոյի գերդաստանի վրա: Բայց նա ունեցավ և ուրիշ ցավալի հետևանքներ: Սոնայի մայրը, Ռեհանը, Ստեփանիկի ծնունդից հետո, չկարողանալով տանել իր դստեր այս օրինակ վախճանի դառն կսկիծը, օրըստօրե հալվեցավ, մաշվեցավ և վերջապես մեռավ: Եվ նույնիսկ Ստեփանիկի վիճակի վրա այդ անցքը ունեցավ իր առանձին ազդեցությունը: Ստեփանիկը իսկապես աղջիկ էր, թեև տղայի անունով և տղայի հագուստով պահված: Նրա մկրտության անունը Լալա էր: Բայց ի՞նչ նպատակով նրան այսպես ծպտյալ կերպով էին մեծացնում:

Հաջորդ էջ