Րաֆֆի՝   Խենթը

Սոնայի մահը մի այնպիսի ցավալի տպավորություն թողեց հոր վրա, որ Ստեփանիկի ծնվելուց հետո, նա մի առանձին սնահավատությամբ նախագուշակում էր նույնպիսի մի վախճան և այդ աղջկա համար: Նրա կասկածանքը անտեղի չէր, մանավանդ իր երկրի վերաբերությամբ, ուր իր աչքով տեսել էր հարյուրավոր օրինակներ, ուր կույս աղջիկների հափշտակությունը մահմեդականներից համարյա սովորական էր դարձել: Այդ պատճառով հայրը մտածեց Ստեփանիկին իբրև տղա ներկայացնել և տղայի անունով պահել մինչև նրա չափահաս լինելը: Հոր դիտավորության համաձայն էր և թշվառ մայրը, որ շուտով վախճանվեցավ, և չկարողացավ սնուցանել իր զավակին: Խաչոյի ընտանիքի մեջ այդ խորհուրդը պահվում էր որպես գաղտնիք ամենայն զգուշությամբ: Օտարներից այդ գաղտնիքը գիտեին երեք հոգի միայն` գյուղի քահանան, կնքահայրը և տատմերը, որ վաղուց մեռած էր:

Լալանմենք այսուհետև երբեմն իր իսկական անունով պետք է կոչենք Ստեփանիկինայժմ տասն և վեց տարեկան էր. մի հասակ, որի մեջ մտնելուց հետո գյուղացի աղջկան երկար տանը չեն պահում: Հայրը մտածում էր նրան մարդու տալ: Բայց դժվարությունը նրանումն էր, որ Լալան իբրև տղա ճանաչված լինելով, իհարկե, ոչ ոք չէր խնդրելու նրա ձեռքը: Բացի դրանից, հայրը ցանկանում էր, որ իր փեսան մի օտարերկրացի լինի, որ առնե, տանե և հեռացնե իր աղջկան, որպեսզի իր երկրում, իր ծանոթների մեջ չհայտնվի հոր գործ դրած խորամանկությունը Լալայի պահպանության մասին, թեև այդ երկրում այդ մի սովորական բան էր: Բայց ո՞րտեղից պետք էր գտնել այդ պայմաններին հարմար մի մարդ Լալայի համար:

Հայրը աչք ուներ մի պարոնի վրա, որ իրան կոչում էր Թոմաս էֆենդի, — մի շատախոս, խաբեբա, կարճլիկ, կլորիկ մարդ, որ բացի մարդից ամեն բանի նման էր: Ո՞րտեղացի էր նա, հայտնի չէր. բայց իր ասելով, պոլսեցի էր և այնտեղ ամիրա ազգականներ ուներ: Լալայի եղբայրները սաստիկ ատում էին այդ հրեշին, ոչ թե այն պատճառով, որ նա չափազանց այլանդակ դեմք ուներ, այլ առավել նրա համար, որ սաստիկ ժանտ և անգութ մարդ էր: Նա բոլորովին իրան հեռու էր պահում հայ հասարակությունից, խոսում էր միշտ թուրքերեն, և միշտ ընկած էր մուդիրների, գայմագամների և քուրդ բեկերի մոտ: Նրանց անունով գյուղացի հայերին սպառնալիքներ էր կարդում և նրանց անունով պարծենում էր: Թոմաս էֆենդին արքունի մուլթեզիմ էր, այսինքն՝ արքունի հարկերի և հասույթների կապալառու:

Մուլթեզիմը նույն նշանակությունը ունի գյուղացու համար, որպես հոգեհան հրեշտակը, դևը, սատանան մի անհավատի համար, — և որպես այն բաները, որոնցից դողում է, սարսափում է գյուղացին: Բայց ինչ բանից ավելի վախենում է գյուղացին, նրան ավելի էլ հարգում է: Եթե սատանան հայտնվեր գյուղացիների մեջ, նրան այնքան չէին ատի, կսկսեին շողոքորթել: Մարդը միշտ այսպես վարվել է և վարվում է: Մարդը իր ռամկության հասակում բարի և չար ոգիներին հավասար կերպով էր պաշտում, երկուսին էլ զոհ էր մատուցանում: Զարմանալին այն է, որ չարը համեմատաբար ավելի շատ զոհեր էր ընդունում: Բարին մերն է, մտածում էր ռամիկը, բայց չարին պետք է գոհացնել, որ չարություն չգործե...

Այս դատողությունները ի նկատի առնելով, կարելի է հեշտ բացատրել, թե ինչո՞ւ Թոմաս էֆենդին ընդունված էր ծերունի Խաչոյի ընտանիքի մեջ, որպես այս տան պատվավոր ծանոթներից մեկը: Տանուտեր Խաչոն, որպես ժողովրդից ընտրված գյուղի գլխավորը, որպես պաշտոնական անձն, միշտ հարաբերություններ ուներ կապալառուի հետ, թե՛ տուրքերի, թե՛ հարկերի և թե՛ գյուղացոց մշակությունների տասանորդի պատճառով: Եվ այս առիթով էֆենդին երթևեկություն ուներ Խաչոյի տանը, գալիս էր, շատ անգամ շաբաթներով մնում էր այնտեղ և հավաքում էր իր կապալառության վերաբերյալ արդյունքները: Տանուտերի «օդան» այս տեսակ հյուրերի համար մի կատարյալ պանդոկ է գյուղերում: Գայմագամը, մուդիրը, մուլթեզիմը, «հոգևոր պտուղ» հավաքող վարդապետը, վերջին զափթիան և մինչև անգամ վերջին մուրացկանը, — բոլորը այնտեղ էին վազում: Այդ հասարակությունը իրանց հատկություններով շատ չեն զանազանվում միմյանցից...

Ջրաղացի անտառում, ծերունի Խաչոյի որդիների գիշերային անհաջող խորհրդի առավոտն էր, երբ հայտնվեցավ Թոմաս էֆենդին Օ... գյուղում, իր հետ բերելով երկու զափթիաներ, որոնք միշտ անբաժան էին լինում նրանից: Նա եկել էր ոչխարների և այլ անասունների հարկերը նշանակելու, որովհետև արդեն գարուն էր և գյուղացիները պետք էր իրանց անասունները «յայլաղ» (արոտատեղ) տանեին արածացնելու և ամառվա տոթերից հեռու պահելու համար: Վերջացնելով իր գործը, Թոմաս էֆենդին տանուտեր Խաչոյի հետ դիմում էին դեպի նրա տունը: Սուլթանը երբեք այն հպարտությամբ չէ անցնում Կ. Պոլսի փողոցներով, երբ գնում է Այա-Սոֆիայի մզկիթը իր ուրբաթ ավուր աղոթքը մատուցանելու, որպես այդ փոքրիկ մարդը անց էր կենում Օ... գյուղի փողոցներով: Տմբլիկ փորը դուրս ցցած, քիթը դեպի վեր բարձրացրած, նա անդադար նայում էր այս և այն կողմը, տեսնելու, թե որքան գյուղացիներ գլուխ են տալիս նրան: Նա այսօր հագած ուներ մի տեսակ մունդիր, բազմաթիվ դեղին կոճակներով, և հավատացնում էր, թե վեզիրն է ուղարկել նրա համար:

Մտնելով տանուտերի օդան, նա առանց սպասելու, հրամայեց, որ սուրճ տան, և ինքը կարգադրեց, թե ինչ պետք էր պատրաստել ճաշի համար: Արքունի կապալառուն ինչ տուն որ մտնում է, իրան տան տեր է համարում, եթե տանեցիք չկատարեն նրա հաճույքները, նա խստիվ պահանջել գիտե...

Երբ նստեցին, ծերունի Խաչոն ասաց նրան.

Դուք, էֆենդի, իզուր այսօր ծեծել տվեցիք այն խեղճ գյուղացուն:

Սխալվում եք, տանուտեր, — պատասխանեց նա իր կատվի ձայնով. — գյուղացուն պետք է ծեծել և շատ ծեծել. «էշին մինչև չծեծես, բեռը չի տանի»:

Բայց գյուղացին մեղ չուներ:

Այդ միևնույն է, մեղ ուներ, թե չուներ: Այսօր մեղ չուներ, էգուց կարող է ունենալ: Դու չե՞ս լսել Նասրադին խոջայի առակը. նրա էշերից մեկը կապը կտրեց ու փախավ, նա փոխանակ փախչող էշի ետևից վազելու, որ նրան բռնե և պատժե, եկավ, սկսեց ծեծել մյուս էշին, որ իր կապը չէր կտրել և իր տեղումը հանգիստ կանգնած էր: Նրան ասացին, թե այդ խեղճը ի՞նչ մեղ ունի, որ ծեծում ես: Խոջան պատասխանեց. — դուք չեք իմանում, եթե դա՛ իր կապը կտրելու լինի, ի՞նչպես կփախչի:

Բայց ինձ հայտնի է, որ գյուղացին սուտ չէր խոսում, ես գիտեմ, որ նրա ոչխարների մեծ մասը քրդերը տարան, — ասաց ձերունին, դարձյալ չհամոզվելով, թե հանգիստ և անմեղ էշին պետք էր պատժել հանցավորի փոխարեն:

Այդ ես էլ գիտեմ, տանուտեր, որ նրա ոչխարների մի մասը քրդերը գողացել են, — պատասխանեց կապալառու էֆենդին ծանրությամբ: — Բայց եթե ընդունելու լինեմ այսպիսի հաշիվներ, «ջուրը կգա, ջրաղացը կտանե» և ես այն ժամանակ իմ գրպանից պետք է վճարեմ արքունի հարկը: Անցյալ տարվա ցուցակում այդ գյուղացու անունով 100 հատ ոչխար է գրված, ես հարյուրի հարկը կպահանջեմ. բայց եթե նրանցից մի 50 կամ 60 հատ քրդերը գողացել են, ես ի՞նչով եմ մեղավոր, քրդերը ամեն օր գողանում են, եթե մարդ են, թող թույլ չտան, որ գողանան:

Պետք է խղճմտանքով խոսել, էֆենդի, — պատասխանեց նրան տանուտերը. — դուք իրավունք ունեք պահանջել գյուղացու այն ոչխարների հարկը միայն, որքան նա պատրաստ ունի իր ձեռքում. կորածի, մեռածի և կողոպտվածի համար նա պարտավոր չէ հարկ վճարել:

Ես ի՞նչով կարող եմ ստուգել, թե գողացել են, — պատասխանեց կապալառուն բարկացած նայելով. — գյուղացին կարող է թաքցնել իր ոչխարները և ինձ ասել, կորել են, գողացել են, մեռել են, ինչ գիտեմ, հազար ու մեկ այս տեսակ պատճառներ կարող է բերել:

Տանուտերը ոչինչ չխոսեց:

Բայց դուք չեք տեսել այդ նոր ֆիրմանը, որ սուլթանը ուղարկել է ինձ. եթե գիտենայիք նրա մեջ ինչ է գրված, այսպես չէիք խոսի, տանուտեր:

Եվ նա դուրս բերեց իր ծոցից մի մեծ ծրար, հանեց նրա միջից թղթերի մի փաթոթ, և զգուշությամբ մինը մյուսի ետևից բաց անելով, վերջապես դուրս բերեց մի ահագին կարմիր թերթ, խոշոր և զանազան ձևի տառերով տպված:

Ա՛ռ, կարդա՛, — տվեց նա տանուտերի ձեռքը:

Տանուտերը զարմացած նայում էր խոշոր տառերի վրա (ինչ որ մեծ է, ինչ որ խոշոր է ռամկի համար զարմանալի է) և եթե նա թուրքերեն կարդալ գիտենար, կհասկանար, որ այդ ահագին կարմիր թերթը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ թատրոնական աֆիշա, որ տպված էր մի դերասանուհու բենեֆիսի համար:

Բայց Թոմաս էֆենդին նկատեց նրան.

Տանուտեր, այսպես անքաղաքավարի կերպով չեն վարվում սուլթանի ֆիրմանի հետ, երբ ֆիրմանը ձեռք են առնում, նախ համբուրում են և ապա սկսում են կարդալ:

Ծերունին համբուրեց և խոնարհությամբ ետ տվեց ֆիրմանը:

Հազար անգամ ասում ես գյուղացիներին, թե հիմա հրամանը այսպես է, թե հարկերը ավելացրել են, դարձյալ չեն հասկանում, դարձյալ իրանց գիտցածն են ասում, — խոսեց կապալառուն մի առանձին վրդովմունքով: — Ես էլ մարդ եմ, համբերությունս հասնում է, սկսում եմ ծեծել: Ախար էշը որ էշ է, մի անգամ ցեխումը խրվում է, մյուս անգամ եթե վիզն էլ կտրես, այնտեղից չի անց կենա: Բայց այդ գյուղացիները էշի խելք էլ չունեն: (Թովմաս էֆենդին սովորություն ուներ իր օրինակները և համեմատությունները միշտ էշերի կյանքից վեր առնել): Լսիր, մի բան պատմեմ, տանուտեր Խաչո, դու խո իմանում ես, որ Ալաշկերտի շատ գյուղերը իմ ձեռքումն են. մի անգամ մի գյուղացի հունձը հնձել էր, կալը կալսել էր և ցորենի մաքուր շեղջը կիտել էր կալումը. ինձ կանչեց, որ չափել տամ և տասանորդը վեր առնեմ. ես պահանջեցի, որ տասանորդի փոխարեն զուտ փող տա:

Նա պատասխանեց, թե փող չի կարող տալ, և ավելացրեց, թե դուք ցորյան ստանալու իրավունք ունեք և ձեզ պատկանող ցորյանը ստացեք: (Ես երբեք համբերել կարող չեմ, երբ էշ գյուղացին իրավունքի վրա է խոսում): Մտքումս ասացի, ես քո հերը կանիծեմ և քեզ ցույց կտամ, թե ինչ բան է իրավունքը: Կալի ցորենը չչափեցի և թողեցի այնպես մնաց: Անձրևները եկան և ցորենը խոնավությունից ծլեց, այրվեցավ, փտեց և ոչնչացավ: Այլն ժամանակ գնացի և ասացի, թե ես իրավունքից չեմ անց կենա, տուր ցորենը: Բայց ո՞րտեղից պիտի տար, ցորենը դարձել էր մի բորբոսած մոխրի կույտ: — Հիմա տասանորդի փոխարեն փող տուր, — ասացին նրան: Փող չուներ, մի լավ ծեծ տվեցի, հրամայեցի՝ եզները ծախեցին և փողը ստացա: Հիմա այն գյուղացին այնքան փափկացել էր, որ ձիու բեռը կտանե և մի հատ էլ չի կոտրի: Ինձ տեսնելիս, մի վերստ հեռավորությամբ կանգնում է և գլուխ է խոնարհեցնում: Այսպես պետք է վարվել մարդերի հետ:

Դա խղճմտա՞նք է, — հարցրեց ծերունի Խաչոն այնքան ցած ձայնով, որ կարծես վախենում էր և չէր ուզում, որ իր ձայնը լսվի:

Ի՞նչ ասել է խղճմտանք, — պատասխանեց կապալառուն արհամարհական կերպով. — կառավարությունը ուրիշ բան է, խղճմտանքը ուրիշ բան: Դու թեև քառասուն տարի այս գյուղի կառավարիչն ես, բայց դեռ չես հասկացել, թե որպես պետք է կառավարել: Դու խո լսեցիր Նասրեդին խոջայի առակը էշերի վերաբերությամբ, բայց ես քեզ մի ուրիշ օրինակ էլ կբերեմ: Տեսնում ես, մի փաշա նշանակվել է մի գավառի կառավարիչ. հենց որ նա անցնում է իր պաշտոնի գլուխը, իսկույն բռնել է տալիս մի քանի հանդիպած մարդիկ, որպես հանցավորներ, բանտարկում է և մինչև անգամ գլխատել է տալիս: Գուցե այն մարդիկը ամենևին հանցավոր չէին, բայց փաշային պետք էր մի քանի մարդիկ ոչնչացնել ժողովուրդը վախեցնելու համար: Ահա ի՞նչ է նշանակում կառավարություն: Ժողովուրդը միշտ պետք է երկյուղի մեջ պահել: Եթե ես այն գյուղացու կալի հետ այնպես չվարվեի, եթե նրա ցորենը չոչնչացնեի, մյուս գյուղացիներն էլ ինձ մարդու տեղ չէին դնի, և ես այնուհետև չէի կարող ուզածս առնել:

Թոմաս էֆենդին այնպես հասարակ կերպով էր խոսում իր վարմունքների մասին, որպես քուրդը պարծենալով պատմում է իր գործած ավազակությունները: Ի՞նչ զանազանություն կար այդ հայի և Ֆաթթահ-բեկի մեջ: Այն զանազանությունը միայն, որ մեկը ցած և խորամանկ հարստահարիչ էր, իսկ մյուսըքաջ և մեծահոգի ավազակ:

Ահա այդ երկու անձինքներից մեկի հետ պիտի կապվեր թշվառ Լալայի վիճակը: Բայց նրանից ոչ ոք չէ հարցնում, թե ո՛ւմն է սիրում նա...

ԺԴ

Թոմաս էֆենդին դեռ մի քանի օր մնալու էր ծերունի Խաչոյի տանը. նա իր գործերը Օ... գյուղում բոլորովին չէր վերջացրել:

Ծերունի Խաչոյի տանը ամեն տարի մի քանի անգամ հայտնվում էր մի ուրիշ հյուր ևս. դա մի երիտասարդ էր Արարատա գավառից, որ գնում էր Խաչոյից ոչխարներ, եզներ, բուրդ, պանիր, յուղ և տանում էր Ալեքսանդրոպոլի կամ Երևանի կողմերում ծախելու: Իսկ փոխարենը նա բերում էր այնպիսի վաճառքներ, որ այս կողմերում չկային, օրինակ, հագուստի համար զանազան տեսակ գործվածներ, չիթ, կտավ, մահուդ, թեյ, շաքար, կոֆե և այլ զանազան մանրուքներ: Քաղաքներից հեռու գտնված գյուղերի համար, որպես էր Օ... գյուղը, մեծ կարևորություն ունեն այս տեսակ մանր վաճառականները: Նրանք տալիս են գյուղացուն այն, ինչ որ պետք է նրա համար, և փոխարենը առնում են այն, ինչ որ գյուղացին ինքը հեռու տեղեր տանելու և վաճառելու համար շատ արգելքներ ունի, մանավանդ մի այնպիսի երկրում, ուր քարավանի բանուկ ճանապարհներ չկային, և ավազակների երկյուղից հարաբերությունները համարյա կտրված էին:

Ամեն անգամ, երբ հայտնվում էր այդ երիտասարդը, մեծ ուրախություն էր պատճառում ծերունի Խաչոյի տանը: Նա այն աստիճան ընտանեցած էր, որ բոլորը վարվում էին նրա հետ, որպես իրանց գերդաստանի անդամներից մեկի հետ: Մտնելով Օ... գյուղը, նա իր փոքրիկ քարավանը, որ բաղկացած էր մի քանի բեռնակիր գրաստներից, ուղիղ քշում էր դեպի ծերունու տունը, բեռները ցած էր բերում և այնտեղ շաբաթներով մնում էր, մինչև իր առևտուրը վերկացնելով կրկին ճանապարհ էր ընկնում:

Թոմաս էֆենդու գալուց մի օր հետո հայտնվեցավ երիտասարդը, նա հանդիպեց կապալառուին Խաչոյի տան դռանը, երբ իր բեռները ցած էր բերում ձիաներից:

Ա՜, դու այստեղ ե՞ս, — ասաց երիտասարդը մոտենալով էֆենդուն, և անդադար երեսը խաչակնքելով: — Ախ, սատանայի երես տեսա, էլ այս անգամ իմ գործը չի հաջողվի... հանուն հոր և որդվո...

Էֆենդին խիստ ախորժակով ծիծաղելով, բռնեց երիտասարդի ձեռքը, և ուղիղ նրա երեսին նայելով ասաց.

Խե՜նթ ես, խե՜նթ, ես հազար անգամ ասել եմ, որ դու խենթ ես: Լավ, դու այն ասա՛, ռոմ բերե՞լ ես ինձ համար:

Մի քիչ զահրումար եմ բերել, որ խմես, և այդ խեղճ գյուղացիները քո ձեռքից ազատվեն, — պատասխանեց երիտասարդը նույնպես ծիծաղելով:

Այնտեղ հավաքված էին մի քանի գյուղացիներ, որոնք օգնում էին երիտասարդին բեռները ձիերից ցած բերելով և ներս տանելով: Էֆենդին նկատեց, որ անպատշաճ էր խենթի հետ գյուղացիների առջև այս տեսակ կատակներ անել, շուտով հեռացավ, ասելով, որ գյուղումը գործեր ունի, և ավելացրեց, թե ճաշը միասին կուտեն:

Քեզ հետ հաց ուտելը մեղք է, — ասաց նրան երիտասարդը:

Ախար էշի պոչը ոչ կերկարի և ոչ էլ կկարճանա, քո խելքն էլ այդպես է, — պատասխանեց կապալառուն: — «Էշին Երուսաղեմ էլ տանես, էլի էշ կմնա», երբեք մուղդուսի չի դառնա, — ավելացվեց նա:

Ա՜խ, երբ որ դու սկսեցիր քո էշավարի առակները, էլ վերջ չկա, — ասաց երիտասարդը և երեսը շուռ տվեց:

Էֆենդին հեռացավ:

Արդեն ծերունի Խաչոյի տան մեջ մեծից մինչև փոքրը լսել էին, որ Վարդանը եկել էայսպես էր երիտասարդի անունըև անհամբերությամբ սպասում էին, մինչև նա իր բեռները կբաց աներ: Ո՞վ ասես նրան մի բան չէր պատվիրել բերելու իր համար: Նա բեռները տարավ և դարսեց տան սրահի մեջ, և ահա վրա թափվեցավ Խաչոյի տան ամբողջ բանակը: Մեկը հարցնում էր. «Բերեցի՞ր իմ պատվիրած կոշիկները», մյուսը հարցնում էր. «Բերեցի՞ր իմ պատվիրած գլխարկը» — մի խոսքով, ամեն կողմից մի ձայն էր լսվում, և ամեն կողմից պահանջումներ էին անում, և մինչև անգամ փոքրիկ երեխաները, նրա փեշերից բռնած, զանազան բաներ էին պահանջում և հանգստություն չէին տալիս:

Բերել եմ, բերել եմ, — պատասխանում էր երիտասարդը, — ամենիդ ուզածը բերել եմ:

Դե՛ տուր, դե՛ տուր, — ձայն էին տալիս ամեն կողմից:

Տո սատանի լակոտներ, — ասում էր երիտասարդը, — թողեք մի հանգստանամ, հետո բեռներս բաց կանեմ, ինչ որ ուզում եք կտամ:

Հիմա, հիմա, — կրկնում էին ամեն կողմից:

Տանեցիք այնքան սովորել էին Վարդանին, որ այլևս ուշադրություն չդարձրին նրա վրա, և սկսեցին իրանք բաց անել հակերը: Երբ կապերը և փոթոթները արձակեցին, այնուհետև բոլորը վրա թափված, սկսեցին խլել պահանջած իրեղենները: Երիտասարդը հեռու կանգնած բարեսրտությամբ նայում էր նրանց ուրախության վրա և ծիծաղելով ասում էր.

Ա՜, ձեր տունը չքանդվի, քրդերն էլ այդպես չեն թալանում վաճառականի ապրանքները:

Բայց միայն մեկը, որ մոտ չեկավ նրա հակերին, դա Ստեփանիկը կամ այժմյան Լալան էր: Նա հեռու կանգնած, նայում էր և երբեմն ժպտում էր: Երիտասարդը մոտեցավ նրան և հարցրեց.

Դու ինչո՞ւ մի բան չես վեր առնում:

Ի՞նչ վեր առնեմ... — պատասխանեց նա կարմրելով:

Եվ իրավ, ի՞նչ վեր առներ նա: Նրա կեղծ և ծպտյալ տղայությունը վաղուց արդեն ձանձրացրել էր նրան, իսկ աղջկա պատկանող մի բան նա վեր առնել կարող չէր: Վարդանը հասկացավ նրա միտքը և հազիվ լսելի ձայնով ասաց.

Ես քեզ համար մի լավ բան եմ բերել:

Ի՞նչ բան, — հարցրեց աղջիկը նույնպես մեղմ ձայնով:

Հետո կտամ, բայց ոչ ոք պետք է չտեսնե...

Լալան կրկին ժպտաց և հեռացավ:

Վարդանը քսան և հինգ տարեկան երիտասարդ էր, բարձրահասակ, ամուր կազմվածքով և դեմքի խոշոր գծագրությամբ, որ չէր կարելի ասել, թե գեղեցիկ էր: Նրա մեծ, սևորակ աչքերը ավելի ավազակային արտահայտություն ունեին, իսկ փոքր-ինչ ուռած շրթունքի վրա միշտ կարելի էր նշմարել մի դառն հեգնություն: Նրա շարժվածքի համարձակությունը և ճարպիկությունները գործի մեջ իսկույն ցույց էին տալիս մի չափազանց մարմնական ուժ: Իսկապես որտեղացի՞ էր նա, կամ ի՞նչ տեսակ անցյալ էր ունեցել, — այս կողմերում ոչ ոք չգիտեր: Միայն նրա մասին խոսվում էին շատ բաներ, որ լավ վկայություն չէին տալիս նրա վարքի մասին: Նրան համարում էին մի «թոկից փախած» մարդ, որ կյանքի ամեն մի մթին խորշերում մտել ու դուրս է եկել: Մի ժամանակ նա մի վանքում էր եղել, որպես սարկավագ և միաբան, մի ժամանակ վարժապետ է եղել. բայց թե ի՞նչ պատճառով թողեց վանքը և դպրոցը, — հայտնի չէր: Միայն նրա վանքային և դպրոցական կյանքից պատմվում էին այնպիսի անեկտոդներ, որ հատկանիշ էին մի տարապայման բնավորության:

Բայց ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ Վարդանը հայտնի էր այս կողմերում, որպես մի նշանավոր մաքսախույս (կանտրաբանդիստ): Նա ուներ այդ պարապմունքին հարմար բոլոր պայմանները՝ արիություն, ճարպկություն և սատանայական խելք: Մշտապես վտանգների և արկածների հետ պատերազմելով, նա սեփականել էր իրան երկաթի հաստատամտություն աներկյուղ քաջասրտության հետ:

Կար մի ուրիշ բան ևս: Ոչ միայն Թոմաս էֆենդին Վարդանին խենթ էր համարում, բայց թե՛ Օ... գյուղում և թե՛ նրա շրջակայքում նա ճանաչված էր մականունով «խենթ»: Ի՞նչ բանի մեջ էր նրա խենթությունը: Վարդանը հիմար տղա չէր. նա շատ կարդացել էր, նա շատ բազմակողմանի գիտություններ ուներ: Նա բավական ճանաչում էր կյանքը և գիտեր մարդկանց կենցաղավարության պայմանները: Նա, չնայելով իր երիտասարդ հասակին, շատ փորձված էր և շատ տանջանքներ էր կրել մարդերից: Ուրեմն ի՞նչ բանի մեջ էր նրա խենթությունը. — նրանո՞ւմ միայն, որ Վարդանը կեղծել չգիտեր, նա մարդիկների նախապաշարմունքներին դեմ էր գնում: Վարդանը խիստ բացարձակ սիրտ ուներ, և ամենի երեսին կասեր, ինչ վատ բան նկատելու լիներ: Նա մինչև անգամ չէր թաքցնում իր սեփական սխալները, բոլորը պատմում էր, և մարդիկ այս տեսակներին միշտ խենթ են համարում: Նրանք պահանջում են, որ մարդը դրսից ուրիշ կերպարանք ունենար, իսկ ներսից ուրիշ, և սաստիկ ատում են ճշմարտախոսին:

Հին իմաստասերներից և մարգարեներից շատերը, և մինչև անգամ երևելի Պահլուլը և Նասրադին խոջան խենթեր էին համարվում, թեև նրանց խենթությունների մեջ մի առանձին իմաստություն կար: Բայց Վարդանը ոչ իմաստասեր էր և ոչ մարգարե. միայն նրա դատողությունները, հասկացողությունը, մտածության ձևը և օտարոտի վարմունքը ռամկի աչքում խորթ և խիստ տարապայման էին երևում:

Խոստանալով Լալային, թե «մի լավ բան է բերել նրա համար», և հայտնելով, թե այդ բանը միայն գաղտնապես պետք է հանձնել նրան, — այս դեպքում Վարդանը իր սովորության համեմատ աչքարա լինել չկարողացավ: Կարծես, մի առանձին զգացմունք հարկադրում էր նրան ծածկամիտ լինել. կարծես նրա սրտում թաքնված էր մի նվիրական բան, որ պետք է անմատչելի մնար օտարներից: Նա առիթ էր որոնում հանդիպել Ստեփանիկին և հանդիպել, որքան կարելի է, մի ծածուկ տեղում: Առիթը ինքը իրան տեղի ունեցավ:

Ես բոլորովին մոռացա մի անգամ գոնե նկարագրել ծերունի Խաչոյի տան բակի դիրքը: Նրա ընդարձակության մեծ մասը ծածկված էր խիտ ծառերով և զանազան տեսակ թփերով: Տունկերը այն աստիճան աճել էին, որ մի քանի քայլ հեռավորության վրա մարդուն անկարելի էր տեսնել: Իր ապրանքները որտեղ պետք էր տեղավորելուց հետո, Վարդանը առանձնացավ պարտեզի մեջ: Այնտեղ, այն հովանավոր ծառերի ստվերի ներքո կամենում էր հանգստություն գտնել: Նրա սիրտը սաստիկ տանջվում էր. նրա հոգին գտնվում էր մի քաղցր խռովության մեջ... Այսպիսի րոպեներում, ծառը, ծաղիկը, տերևների շշնջոցը խոսում են սիրահարվածին ավելի մխիթարական խոսքեր, ինչ որ չէր կարող ասել բանավոր մարդու լեզուն: Նա պառկած փափուկ խոտերի վրա, սաղարթախիտ ոստերի միջից երկար անխորհուրդ կերպով նայում էր դեպի կապուտակ երկինքը, հետազոտում էր թե որպես սպիտակ ամպերի պատառները շտապով լողում էին օդի մեջ, միանում էին, կուտակվում էին միմյանց վրա, կազմում էին սև թուխպեր: Դա մրրիկ էր գուշակում... Այսպես էր և Վարդանի սիրտը: Նրա հոգում թաքնված, անորոշ, անկերպարանք կրքերը, կարծես մի անգամից միախառնվեցան և ձևակերպեցին այն սրբազան զգացմունքը, որ հոգեբանների լեզվով կոչվում է սեր...

Վարդանը վաղուց գիտեր, որ Ստեփանիկը աղջիկ է: Նրան հայտնի էին մինչև անգամ այն պատճառները, որ ստիպել էին նրա ծնողներին իրանց զավակին տղայի հագուստով և տղայի անունով մեծացնել: Այդ իսկ հանգամանքները գրավեցան զգայուն երիտասարդի ուշադրությունը դեպի անբախտ աղջիկը, և այդ իսկ հանգամանքները լցրին նրա սիրտը մի հերոսական նախանձով, ազատելու նրան իր անբնական դրությունից: Կարեկցության զգացմունքը տեղի տվեց սիրո զգացմունքին: Բայց մինչև այն օր այդ զգացմունքը լուռ էր Վարդանի սրտի մեջ: Մինչև այն օրը գոնե մի անգամ չէր ունեցել նրա հետ սիրային բացատրություններ, և ոչ որևիցե ցույցով ակնարկել էր նրան, թե իրան հայտնի էր նրա աղջիկ լինելը: Թեև Ստեփանիկը խիստ մտերմաբար էր նրա հետ, թեև երբեմն բնությունը պահանջում էր իրանը և ծպտյալ օրիորդը, չնայելով իր բոլոր զգուշությանը, արտահայտում էր այն խորհրդավոր հատկանիշները, ինչ որ հատուկ են կնոջ, ինչ որ ծածկել չէ կարող հասակ առած աղջիկը...

Վարդանը երկար պառկած էր պարտեզի մեջ, և անհանգստությամբ անդադար մի կողքից մյուսի վրա էր շուռ գալիս: Հանկարծ նրա ականջին դիպավ խշխշոցի ձայն. ետ նայեց, տեսավ, որ Ստեփանիկը գալիս էր իր մոտ: Խեղճ երիտասարդի սիրտը սկսեց դողդողալ. երբեք այնպես չէր բաբախել այն երկաթե սիրտը...

Ստեփանիկը մոտեցավ, և փոքր-ինչ երկչոտ կերպով մի քանի քայլ հեռավորության վրա կանգնելով, ասաց.

Ճաշը պատրաստ է. հայրս կանչում է քեզ:

Էֆենդի՞ն էլ այնտեղ է, — հարցրեց Վարդանը, պառկած տեղից վեր կենալով և նստելով մի թումբի վրա, որ շինած էր որպես հովանոց և շրջապատած էր կանաչ պատատուկներով:

Ստեփանիկը մի արհամարհական խոժոռ գործելով իր սիրուն դեմքի վրա, պատասխանեց.

Է՜հ, գրողը տանե նրան, այնտեղ է:

Դու էլ չե՞ս սիրում էֆենդուն, Ստեփանիկ:

Նրան ո՞վ է սիրում, որ ես սիրեմ:

Վարդանը մտածեց, որ ամենահարմար ժամանակ էր հանձնել Ստեփանիկին նրա համար բերած ընծան: Եվ խնդրեց նրան, որ մի փոքր սպասե պարտեզում, մինչև ինքը կգնար և կբերեր: Նա դիմեց դեպի սրահը, ուր բեռների մեջ դարսված էին նրա ապրանքները և մի քանի րոպեից հետո վերադարձավ, բերելով իր հետ մի կապոց: Նա կրկին մտավ հովանոցի մեջ, հրավիրելով այնտեղ և Ստեփանիկին:

Հայրս սպասում է քեզ, — ասաց Ստեփանիկը:

Շատ չենք ուշանա, նստիր ինձ մոտ, Ստեփանիկ, դեռ ճաշի ժամանակ չէ: Հիմա ես կտամ քեզ այն բանը, որ բերել եմ քեզ համար:

Ստեփանիկը ուրախացած նստեց նրա մոտ, իսկ Վարդանը սկսեց բաց անել կապոցը: Նրա մեջ դրած էր մի փոքրիկ արկղիկ, շինված սև փայտից և զարդարած գեղեցիկ նկարներով: Վարդանը հանեց իր գրպանից բանալին և բաց արեց արկղիկը: Նրա մեջ դարսած էին զանազան կանացի գործիքներ՝ մկրատ, մատնոց, ասղաման և այլն, բոլորը արծաթով շինած և սիրուն կերպով պատրաստած: Մի կողմում ամրացրած էր փոքրիկ հայելի, իսկ արկղի հատակում կար նվագարան, որը երիտասարդի լարելով սկսեց ածել: Ստեփանիկը հիացմունքով նայում էր այդ առարկայի վրա, և նա իր կյանքում առաջին անգամն էր տեսնում մի այդպիսի գեղեցիկ բան:

Լա՞վն է, — հարցրեց Վարդանը, ուղիղ նրա երեսին նայելով, — ա՛ռ. քեզ եմ տալիս:

Ստեփանիկը, որ սկզբում այնքան ուրախացավ Վարդանի ընծայով, հանկարծ տխրեց, կարծես մի բան մտաբերեց նա, կարծես նրան շատ դժվար լիներ այդ ընծայի ընդունելը: Նա հրաժարվեցավ և րոպեական շփոթությունից հետո պատասխանեց.

Ես ի՞նչ կանեմ մկրատը, մատնոցը և ասղամանը... դրանք աղջկա բաներ են... ինձ համար մի ուրիշ բան պետք է բերեիր... ինձ համար տղայի բաներ պետք է բերեիր... ես աղջիկ չեմ:

Այս խոսքերը արտասանեց նա մի այնպիսի դողդոջուն ձայնով, որ կարծես թե այրում էին նրա նուրբ վարդագույն շրթունքը:

Վարդանը չէր սպասում Ստեփանիկի կողմից մինչև այս աստիճան ծածկամտություն. նա բոլորովին շվարած մնաց, և չկարողանալով զսպել իր հոգեկան վրդովմունքը, ասաց.

Դու էլ աղջիկ ես, Լալա...

Ա՜խ, դու իմ անունն էլ իմանում ես... — գոչեց օրիորդը և ընկավ նրա կուրծքի վրա:

Երիտասարդը գրկեց նրան, որ ցած չընկնի: Եվ Լալան իր սրտի սաստիկ խռովության մեջ, մի քանի անգամ մեղմ և արտասվախառն կերպով արտասանեց այդ խոսքերը. «Ես աղջիկ եմ... այո՛, աղջիկ եմ...»: Այդ խոստովանությունը առաջին անգամ դուրս պրծավ նրա այնքան տարի փակված շրթունքներից մի օտար տղամարդի մոտ, որին սիրում էր և իր սերը մինչև այսօր հայտնել չէր համարձակվում...

Բայց երիտասարդը և օրիորդը իրանց քաղցր հափշտակության մեջ ամենևին չէին նկատում, որ մի զույգ աչքեր ծառերի միջից նայում էին նրանց վրա և ուրախանում էին: Դա Սառան էր, որին կոչեց այստեղ նվագարանի ձայնը:

— «Այժմ Լալան ազատված է...», — ասաց նա իր մտքում և հեռացավ:

ԺԵ

Ծերունի Խաչոյի օդայի մեջ արդեն պատրաստ էր ճաշի սեղանը: Տանուտերը և Թոմաս էֆենդին սպասում էին Վարդանին: Այնտեղ նստած էին և կապալառուի երկու զափթիաները, որ կառավարությունից տված էին նրան. — երկու անզգամներ, որ ծառայում էին էֆենդու ամեն տեսակ չարագործությունների մեջ: Բացի դրանցից, օդայի մեջ ոչ ոք չկար, որովհետև Խաչոյի որդիները երբեք չէին համարձակվի սեղանակից լինել, երբ ճաշի էին նստած այնպիսի պատվավոր անձինք:

Հիմա կգա. այնքան կհաչի, որ հացներս հառամ կանե, — ասաց էֆենդին, խոսելով Վարդանի վրա:

Նա թեև երբեմն կծու հանաքներ է անում, բայց խիստ բարի սիրտ ունի, — նկատեց տանուտերը:

Այդ ես էլ գիտեմ, տանուտեր, որ նրա սիրտը չար չէ, բայց բերնումը օձի թույն ունի: Ամեն մարդու հետ չէ կարելի հանաքներ անել: Ես որ հազում եմ, մարդիկ դողում են ինձանից: Պետք է գիտենալ, թե ով է Թոմաս էֆենդին: Դու խո տեսա՞ր սուլթանի ֆիրմանը: Բայց ես քեզ մի ուրիշ բան կասեմ: Արզրումի վալին ինձ միշտ իր ծնկի մոտ էր նստեցնում, տե՛ս եթե չես հավատում, դրանցից հարցրու, — նա ցույց տվեց երկու զափթիաների վրա:

«Աղվեսից վկա ուզեցին, իր պոչը ցույց տվեց»: Այդ երկու խաբեբաները պատրաստի և երդվյալ վկաներ էին էֆենդու ամեն մի ստախոսությունների համար:

Մի՞թե ես չեմ հավատում, — պատասխանեց տանուտերը:

Թոմաս էֆենդին զայրացած էր Վարդանի դեմ ոչ միայն նրա համար, որ երիտասարդի առավոտյան խոսքերը վիրավորեցին նրան, այլ ամեն անգամ, երբ նա պատահում էր կապալառուին, սովորություն ուներ նրան խայտառակել:

Ես, — ասաց կապալառուն, — եթե ուզենամ մի րոպեում աշխարհը տակնուվրա կանեմ, և այդ անպիտանին ցույց կտամ, թե ո՛վ է Թոմաս էֆենդին:

Ջահիլ է, — խոսեց բարեսիրտ ծերունին, — ջահիլի խոսքը կշեռքի մեջ չեն դնում: Բայց ես դարձյալ կասեմ ձեզ, որ նա այնքան վատ տղա չէ. որքան դուք կարծում եք:

Այդ միջոցին ներս մտավ Վարդանը, բոլորովին գունաթափ, մտահույզ և լուռ: Թոմաս էֆենդին, որ րոպե առաջ այնպես բարկացած խոսում էր նրա դեմ, ինչպես ասում են՝ «պոչը քաշեց», և իր հատուկ շողոքորթությամբ, ասաց նրան.

Օրհնած, որքա՞ն սպասել տվեցիր ինձ, դու գիտես, որ առանց քեզ մի պատառ հաց անգամ Թոմաս էֆենդին բերանը չի դնի:

Ես գիտեմ... — պատասխանեց երիտասարդը, և առանց նրա վրա նայելու, գնաց իր տեղը նստեց:

Ճաշի ամբողջ ժամանակը Վարդանը նույնպես շատ քիչ խոսեց, խիստ տխուր էր, և կարելի էր մտածել, թե կամ հիվանդ է և կամ մի տեղը ցավում է: Այդ մշտածիծաղ բնավորությունը այժմ մռայլվել և թխպել էր ամպամած երկնքի նման: Սերը, որ շատերի մեջ ուրախություն էր և բավականություն է ծնեցնում, որ շատերին խելքից հանում է, շատերի սիրտը լեցնում է մի սրբազան զգացմունքով, և քաղցրացնում է նրանց կյանքի դառնությունները, — սերը տխրեցրել էր այդ մարդուն: Նա սեղանի մոտ շատ փոքր կերավ, բայց չափազանց խմեց, կարծես թե, գինու բաժակներով աշխատում էր հանգցնել իր սրտի կրակը:

Next page