Րաֆֆի՝   Խենթը

Թոմաս էֆենդին, իր սովորության համեմատ, շատախոսում էր: Ինչե՞ր ասես չէր պատմում նա իր կյանքից և իր անցյալից: Եվ նրա բոլոր խոսակցությունների մեջ երևում էր, որ Թոմաս էֆենդին մի նշանավոր մարդ է: Ներսես պատրիարքը նրան միշտ «որդի» էր կոչում. Խրիմյանին չէր հավանում, որովհետև շատ հասարակ մարդ է և իրան թույլ է տալիս մշեցի և վանեցի համաշների հետ «մասլահաթներ» անել. Նուբար փաշան իր նամակների մեջ նրան միշտ գրում է «ազնիվ բարեկամ»: Թե Բոսֆորի ափերի վրա նա մի պալատ ունի, որ անգլիացիներին վարձով է տված, թե Երուսաղեմի տաճարին նրա պապերը ընծայել են մի մեծ գումար, որի համար ամեն օր ս. Հակոբա վանքում պատարագ են մատուցանում իրանց ազգատոհմի համար, թե իր և Օտյանի մեջ սառնություն ընկավ, պատճառն այն է, որ նա իր աղջիկը ուզում էր տալ, բայց ինքը չուզեց առնել և այլն, և այլն. հազար ու մեկ այս տեսակ առակներ էր պատմում նա, բայց Վարդանը համարյա չէր լսում, իսկ միամիտ տանուտերը հետաքրքրությամբ լսում էր և զարմանում էր: «Որքա՜ն բախտավոր կլինի իմ Լալան, մտածում էր նա, երբ մի այսպիսի մարդու կինը դառնա, որը Օտյանի աղջիկը չէ առել, որը Ֆոսֆորի ափերի մոտ պալատ ունի»:

Հետո նա սկսեց խոսել պոլիտիկայից: Այդ այն քաղաքական հուզմունքների ժամանակն էր, որ Բալկանյան թերակղզու վրա սլավոնական ժողովուրդը աշխատում էր իր արյունով ազատություն ձեռք բերել. Կ. Պոլսում կոնֆերենցիա էր կազմվել նրանց վիճակը տնօրինելու համար, և Միթհադը, այդ երևելի դիպլոմատիկական ձեռնածուն, հրատարակել էր օսմանլուների սահմանադրությունը: Թոմաս էֆենդին էլ, գյուղական օդայի մեջ նստած, վճռում էր հայոց ազգի ապագան:

Խոսելով սլավոնների «խենթությունների» վրա, որ նրանք համարձակվեցան ապստամբվել մի «բարերար» ազգի դեմ, որպես թուրքն էր, Թոմաս էֆենդին սկսեց սաստիկ հարձակվել հայերի վրա, հայտնելով, թե հայերի մեջ էլ գտնվում են այնպիսի «խենթեր», որոնք թուրքի լուծը ծանր են համարում և քաղաքական ազատության, ինքնավարության վրա են մտածում: Նա հայտնեց, թե առանց թուրքերի հայերը մի կորած ժողովուրդ են, թե հայերը իրանք իրանց կառավարել չեն կարող:

Այդ Ժամանակ միայն Վարդանը չկարողացավ համբերել: Նա ասաց.

Ձեզ նմաններին, որ ծծում եք հայի արյունը թուրք կառավարության անկարգությունների շնորհիվ, ձեզ նման մուլթեզիմներին, կապալառուներին, իհարկե, միշտ օգտակար է թուրքը և նրա անարդար ու անիրավ իշխանությունը: Դուք ջրի պղտորության մեջ ձուկ բռնողներ եք. պարզությունը ատելի է ձեզ: Դուք խավար եք սիրում, որովհետև գողերը ատում են լույսը:

Պարո՛ն, — ձայն տվեց կապալառուն, — մտածի՛ր, որ քեզ մոտ երկու զափթիաներ են նստած:

Այդ զափթիաներով դու վախեցրու այն խեղճ և ողորմելի գյուղացիներին, որոնք այն աստիճան տխմար են, որ հավատում են, թե դու Բոսֆորի վրա պալատներ ունես, թե դու Օտյանի աղջիկը չառեցիր, կամ ս. Հակոբա տաճարում ամեն օր քո հոգու համար պատարագ են մատուցանում... Անե՜ծք, միայն անեծքի արժանի են ձեզպիսիները... Դո՛ւք եք հայի տունը քանդողները սկսյալ գյուղական չնչին մուլթեզիմից, որի ներկայացուցիչն ես դու, մինչև Բարձր Դռան այն խոշոր ամիրաները, որոնք իրանց շահերի համար իրանց ազգի շահերը վաճառում են...

Թոմաս էֆենդին բարկանալ չգիտեր, այսինքն՝ կամենում եմ ասել, որ նա բարկանում էր այն ժամանակ միայն, երբ տեսնում էր, որ իր հակառակորդը իր ատամների հարմար մարդ է, որին կարող է գզգզել, կարող է ուզածին պես միսը ծամել: Բայց նա Վարդանին վաղուց ճանաչում էր, այս պատճառով, իր անզգույշ սխալը ուղղելու համար նա աշխատեց բանին կատակի ձև տալ, ասելով.

Տեսնում եմ, որ գինին շատ թունդ էր. օրհնած, ինչո՞ւ ես այսքան խմում, երբ խմելու շնորհք չունես:

Վարդանը խեթ աչքով նայեց նրա երեսին և ոչինչ չպատասխանեց: Նրա երեսի վրա կարելի էր նշմարել զզվանք միայն դեպի այդ ցած շողոքորթը:

Ծերունին նույնպես լուռ էր. նա զգում էր Վարդանի խոսքերի ճշմարտությունը, բայց միևնույն ժամանակ չէր հավանում նրա համարձակությանը, մտածելով, որ մի պաշտոնական մարդու հետ անվայելուչ էր այսպես խոսել: Այդ պատճառով նա շատ ուրախ եղավ, երբ ճաշը վերջացավ, բայց չէր սպասում, որ մի նոր խռովություն ևս պիտի ծագե:

Ճաշելուց հետո իսկույն ղահվե տվեցին. տեղային սովորության համեմատ, առանց շաքարի: Թոմաս էֆենդին պատվիրած էր, որ ամեն անգամ, երբ ինքը այս տանը ղահվե խմելու լինի, պետք է նրանից հետո ծխելու չիբուխը Ստեփանիկը պատրաստե, «որովհետև Ստեփանիկի ձեռքով պատրաստած չիբուխը ավելի համով է լինում», ասում էր նա: Մի զարմանալի գաղտնիք կար այս խեղճ պատանու ճակատագրի մեջ: Ֆաթթահ-բեկը Խաչոյի տանը հյուր եղած ժամանակը պահանջում էր նրա ձեռքից ղահվե ընդունել, ասելով, թե «շատ համով է լինում», իսկ Թոմաս էֆենդին նույն մտքով չիբուխ էր պատրաստել տալիս: Գոնե քուրդ բեկը գիտեր Ստեփանիկի աղջիկ լինելը և սիրում էր նրան, բայց հայ էֆենդին նույնպես գիտե՞ր այդ գաղտնիքը, նույնպես սիրո՞ւմ էր նրան, որ նրա ձեռքով պատրաստած չիբուխը համով էր լինում...

Երբ Ստեփանիկը տաճկական երկար չիբուխը ներս բերեց, և մոտեցավ, կամենում էր տալ էֆենդուն, Վարդանը բոլորովին գժվեցավ: Նրան հայտնի էր այդ թուրքական սովորության կեղտոտ նշանակությունը, այս պատճառով նա խլեց պատանու ձեռքից չիբուխը, և դուրս ձգելով օդայի պատուհանից, ասաց նրան.

Հեռացի՛ր, Ստեփանիկ:

Պատանին շվարած դուրս գնաց:

Կարծես չիբուխը էֆենդու գլխին զարկեցին. նա կատաղեցավ:

Այդպիսի հանաքներ ես չեմ սիրում, — ասաց նա, — դու անպատվում ես ինձ:

Քեզ նման մարդիկ պատվի վրա խոսելու իրավունք չունեն:

Ե՞ս, ե՞ս, այս ամբողջ գավառի մուլթեզիմը, — գոռաց կապալառուն:

Այո՛, դուն, այս ամբողջ գավառի ավազակը:

Կապալառուն մի քանի շարժումներ գործեց, ցույց տալով, թե ուզում է տեղից վեր կենալ:

Մի՛ շարժվիր, եթե ոչ շան նման կսատկացնեմ, — ասաց Վարդանը, ձեռքը տանելով դեպի իր սուրը:

Զափթիաներից մեկը մեջ մտավ.

Իզուր եք բարկանում, պարոն, էֆենդին ձեզ խո մի վատ բան չասեց:

Վարդանը, առանց նրա վրա ուշադրություն դարձնելու, կրկին դիմեց կապալառուին, ասելով.

Լի՛րբ, սովորել եք թուրքերի նման ամեն հայի տուն մտնել, նրա սեղանը լափել, նրա գինին լակել և նրա հարսին, աղջկան, ջահել տղային անարժան ծառայություններ անել տալ: Լի՛րբ...

Ծերունի տանուտերը մնացել էր քարացած, նրա բերանը փակվել էր, իսկ երբեմն երեսը խաչակնքում էր և աստուծո անունն էր տալիս, որ չարը խափանվի:

Բայց էֆենդին որքան պոռոտախոս էր, որքան պարծենկոտ էր և որքան փքված սպառնալիքներ կարդալ գիտեր, այնքան էլ աղվեսի նման երկչոտ էր: Նկատելով ռուսաստանցի երիտասարդի վայրենի կատաղությունը, հասկացավ, որ նրա հետ չէր կարելի վարվել, որպես վարվում են Ալաշկերտի հայ գյուղացու հետ. նա իր մոտ սուր ուներ և մոսկովների թագավորի հպատակն էր: Այս պատճառով, իր «փասափուսեն» հավաքելով, խիստ մեղմ ձայնով ասաց.

Աստված էլ գիտե, որ ես թուրքերի սովորություններին չեմ հետևում: Դու իզուր զրպարտում ես ինձ, Վարդան:

Վարդանը պատասխանեց առաջվա խռովված ձայնով.

Ե՞ս եմ զրպարտում... քե՞զ, որ թուրքերի մոտ նամազ ես անում, իսկ հայոց եկեղեցու սեղանի վրա պատարագ ես մատուցել տալիս ռամիկների համակրությունը գրավելու համար... քե՞զ, որ բոլոր թուրքերի մոտ ասում ես, թե բոլոր հայերը «գավուրներ» են, իսկ հայերի մոտ հայհոյում ես նրանց... քե՞զ, որ թուրքերի կառավարության առջև մատնում ես ամեն մի ազնիվ և իր ազգի շահերը մտածող հային... քե՞զ, որ ավազակների հետ ընկերանում ես և դատարանների առջև սուտ վկայություն ես տալիս, թե հայերը անիրավացի են բողոքում իրանց հարստահարությունների մասին... քե՞զ, որ տասը տեղ պսակվել ես, կին ես առել, քո կնիկները թողել ես և այստեղ կրկին ուզում ես ամուսնանալ... Դո՞ւ չես հետևում թուրքերի սովորությանը... Բայց ես կասեմ, որ թուրքը հազարապատիկ ազնիվ մարդ է, քան քեզ նման հայը, որովհետև դու ոչ հայ ես և ոչ թուրք...

Վերջին խոսքը, թե էֆենդին տասը տեղ պսակվել է և այստեղ կրկին ուզում է ամուսնանալ, — կայծակի նման հարվածեց խեղճ ծերունի Խաչոյին: Ախար նա իր Լալային ուզում էր տալ այդ մարդուն, որ Կ. Պոլսում ամիրա ազգականներ ուներ, որ Բոսֆորի ափերի մոտ պալատ ուներ, որ Օտյանի աղջիկը չէր առել... «Ոչ, ոչ, մտածեց նա, Վարդանը զրպարտում է նրան. Թոմաս էֆենդին խաբեբա մարդ չէ»...

Վարդանր իր սրտի բոլոր մաղձը դուրս թափելուց հետո դուրս գնաց: Նրա բացակայության ժամանակ էֆենդու լեզուն բացվեցավ.

Ես անպատճառ կգրեմ սուլթանին, — ասաց նա մի առանձին նշանակություն տալով իր խոսքերին, — ես ռուսաց թագավորին էլ կգրեմ, և անպատճառ այդ անպիտանին Սիբիր կորցնել կտամ... Թոմաս էֆենդու հետ այս տեսակ հանաքներ անել չէ կարելի... «էշին մինչև չծեծես, իր չափը չի ճանաչի»...

Թոմաս էֆենդին սովորություն ուներ միշտ մեծ մարդերի անունով սպառնալիքներ կարդալ, և ցույց տալ թե ինքը նրանց հետ հարաբերություններ ունի, և ինչ որ կամենա, կարող է կատարել: Ծերունի Խաչոն, թեև հիմար մարդ չէր, բայց այնքան շատ հարվածներ էր կերել այս տեսակ մանր էֆենդիներից, որ մյուս գյուղացիների նման ինքն էլ հավատում էր, թե նրանք ինչ որ կամենան, կարող են կատարել: Այս պատճառով, լսելով էֆենդու վերջին խոսքերը, թե նա Վարդանին Սիբիր կորցնել կտա, վեր կացավ, և կապալառուի ծնկները գրկելով, արտասուքը աչքերում սկսեց աղաչել.

Ի սեր աստուծո, մի՛ կորցնեք նրան, իմ ալևոր գլխին բաշխեցեք, դուք գիտեք, որ նա խենթ է...

Էֆենդին առժամանակյա մտածությունից հետո պատասխանեց.

Քեզ եմ բաշխում, ծերունի, որովհետև քո տան հացը կերել եմ:

ԺԶ

Փորձանքը խումբերով է գալիս, երբ կամենում է խավարացնել մի խաղաղ ընտանիքի բարօրությունը: Ամեն կողմից դժբախտությունը սկսել էր պաշարել ծերունի Խաչոյի տունը. ամեն կողմից սպառնում էին նրան զանազան տեսակ վտանգներ:

Վարդանի կռիվը Թոմաս էֆենդու հետ ծանր տպավորություն գործեց ամբողջ ընտանիքի վրա: Տանեցիներից ոմանք խոսում էին և ծիծաղում էին էֆենդու երկչոտության վրա և գովասանում էին Վարդանին, իսկ ոմանք մեղադրում էին նրան, ասելով, որ նա խենթ է և իր լեզուն պահել չգիտե: Առավել զայրացած էին Վարդանի դեմ Խաչոյի որդիներից մի քանիսը, Օհանը և Հակոն: Նրանք ասում էին, թե ի՞նչպես կարելի է կառավարության մարդուն այնպես խայտառակել: Կառավարության մարդը ոչ միայն իր պաշտոնակատարության ժամանակ, այլև մասնավոր կյանքի մեջ, նրանց կարծիքով, պաշտոնական նշանակություն ուներ, նրան հակառակել անկարելի էր:

Ոչ սակավ անհանգիստ էր և ծերունի տանուտերը: Նա թեև չէր մեղադրում Վարդանին, բայց որքան էլ իրավացի լիներ նա, այսուամենայնիվ, նրա վարմունքը էֆենդու վերաբերությամբ անպատշաճ էր համարում: Ծերունի Խաչոն լավ էր ճանաչում էֆենդու հոգին. այդ հին չարագործը պիտի աշխատեր վնասել Վարդանին, և եթե վնասել չկարողանար, նրան շատ հեշտ էր իր վրեժխնդրությունը թափել խեղճ ծերունու տան վրա: Կապալառուն օրինավոր պատճառներ ուներ մատնելու տանուտերին կառավարության առջև, նրա համար, որ իր տանը ընդունում էր Վարդանի նման նշանավոր կանտրաբանդիստին:

Մյուս կողմից, ծերունի Խաչոն զրկվում էր մի մեծ հույսից: Նրա մտատանջությանը չափ չկար, սկսյալ այն րոպեից, երբ լսեց Վարդանի բերնից, թե Թոմաս էֆենդին մի քանի անգամ ամուսնացած է եղել և զանազան տեղերում կնիկներ է թողել: Այդ մարդու համար էր նշանակել նա իր Լալային, հիմա նրա բոլոր հույսերը ոչնչացան: Բայց ինչո՞վ և ո՞րպես կարելի էր ստուգել, թե Վարդանը ուղիղ էր ասում: Թեև ծերունին նրան ստախոս չէր համարում, բայց ո՞վ է իմանում, կռվի մեջ հայտնված ամեն ճշմարտություն կասկածավոր է թվում:

Իսկ այդ գարշելի և անամոթ կապալառուի ի՞նչն էր գրավում ծերունի Խաչոյին, որ ցանկանում էր իր սիրելի աղջկա բախտը կապել մի այնպիսի խաբեբայի հետ: Ծերունին գիտեր, որ նա մի անգութ, անխիղճ և ցած հարստահարիչ է, թե նրա համար ոչինչ սուրբ բան չկար, թե նա պատրաստ էր իր շահերին ամեն բան զոհել: Այսուամենայնիվ, ծերունին ամեն բան մոռանում էր, երբ իր առջև տեսնում էր իշխանություն: Նա մի հին նախապաշարմունքով միշտ պատրաստ էր խոնարհվել մուդիրի առջև: Նրա կարծիքով, արքունի մուլթեզիմի, այդ փոքրիկ պաշտոնական մարդու մունդիրի մեջ ծածկվում, անհայտանում և ոչնչանում էին ամեն տեսակ անազնվություններ: Պաշտոնը սրբում էր կեղտերը:

Այս պատճառով ծերունի Խաչոյին խիստ հրապուրիչ էր ունենալ էֆենդու նման մի փեսա, որ բարձր էր հասարակ ամբոխից, որի առջև բոլորը խոնարհվում էին: Ծերունին որքան էլ պարզ և արդարամիտ մարդ լիներ, բայց որպես տանուտեր, որպես մի ամբողջ գյուղի գլխավորը, ուներ իր փոքրիկ փառասիրությունները: Նա դժվար կհամաձայնվեր իր աղջիկը տալ մի հասարակ գյուղացու, մանավանդ երբ այնպիսի խորհրդավոր պայմանների մեջ էր պահել և մեծացրել նրան: Թոմաս էֆենդու ընտրության մեջ նա ուներ մի ուրիշ գործնական նպատակ ևս: Ինքը որպես տանուտեր, անդադար հարաբերություններ ունենալով տեղային կառավարության հետ, էֆենդին կարող էր շատ դժվարությունների մեջ օգնել նրան: Իսկ այժմ նրա հույսերը միանգամով ոչնչացավ...

Այդ բոլորի հետ, եթե նրան հայտնի լիներ, թե ի՞նչ վիճակ է սպասում իր սիրելի Լալային քուրդ Ֆաթթահ-բեկի կողմից, այն ժամանակ գուցե գերեզմանը միայն կարող կլիներ վերջ դնել խեղճ ծերունու ցավերին: Բայց որդիները դեռ նրան ոչինչ չէին հայտնել: Այդ գաղտնիքի կսկիծը ցեցի նման ուտում և մաշում էր նրա որդիների, մանավանդ Հայրապետի և Ապոյի սրտերը միայն, որոնք, իրանց եղբայրների հետ ունեցած անհաջող խորհուրդից հետո, չգիտեին, թե ի՞նչ պետք էր անել իրանց քրոջը կորուստից ազատ պահելու համար: Ի՞նչ կլիներ խեղճ Լալայի վիճակը, երբ քուրդ բեկը կհափշտակեր, կտաներ նրան հոր տնից. կարո՞ղ էր նա մահմեդականի կին լինել, թե իր քույր Սոնայի նման իր կյանքի դառնությունները կվերջացներ անձնասպանությամբ...

Այդ բոլոր մտատանջությունները, այդ բոլոր տխուր թախիծները Լալայի համար էին, բայց նա միայն էր, որ այն ժամանակ իրան ուրախ էր զգում և իրան բախտավոր էր համարում: Իր սիրած տղամարդի ձեռքից խորհրդավոր արկղիկը ընդունելուց հետո, այժմ, կարծես, նրա այրական հագուստը այրում լիներ նրա մարմինը: Նա աղջիկ էր, ցանկանում էր աղջկա նման հագնվել, ցանկանում էր կին լինել... Նա դեռ զգում էր իր շրթունքի վրա Վարդանի ջերմ համբույրները, և նրա ականջներին դեռ զարկում էին երիտասարդի քաղցր խոսքերը: Բայց սկսյալ այն րոպեից, երբ նա իր աչքով տեսավ Վարդանի հաղթությունը էֆենդու դեմ, մի մարդու դեմ, որի առջև դողում էր ամբողջ գավառը, — Վարդանի նշանակությունը ավելի բարձրացավ օրիորդի աչքում: Չգիտեմ ի՞նչու կնիկները սիրում են տղամարդի մեջ տեսնել մեծություն, գերազանցություն և զորության անհամեմատ առավելություն: Նրանք հիանում են, երբ տղամարդի մեջ նկատում են մի հատկություն, որ բարձր էր կանացի ուժից: Վարդանը պաշտելի դարձավ Լալային, երբ իր զորության ներքո ճնշեց, ոչնչացրեց հպարտ կապալառուին, որին Լալան բոլոր սրտով ատում էր: Լալային շատ անգամ պատահել էր համբերել այդ անամոթի լրբություններին, և ամեն անգամ, երբ նա իր հոր տունն էր գալիս, նա միշտ աշխատում էր փախչել և թաքնվել նրանից, բայց հայրը դարձյալ կանչել էր տալիս նրան, որ էֆենդու համար չիբուխ պատրաստե, որովհետև նրա ձեռքով պատրաստված չիբուխը համով էր լինում...

Լալան օդայի մեջ տեսած և լսած բոլոր բաները պատմեց իր երեց եղբորը՝ Հայրապետին, թե որպես վարվեցավ Վարդանը էֆենդու հետ:

Շա՛տ լավ է արել, — պատասխանեց Հայրապետը, — պետք է սատկացներ այդ գարշելիին, սովորե՜լ է խեղճ գյուղացիներին տանջել, կարծում է, թե ամեն մարդ նրանց նման կլինի:

Լալան պատրաստվում էր իր եղբոր պարանոցին փաթաթվել և նրա առջև բաց անել իր սիրտը, բոլորը պատմել նրան, թե ինքը սիրում է, վաղուց սիրում էր Վարդանին, և խնդրել, որ նա այդ մասին խոսե իր հոր հետ: Բայց Հայրապետը շուտով տանից դուրս գնաց, կարծես մի շատ հարկավոր գործ դրսում սպասում էր նրան:

Նրա կինը՝ Սառան այսօր պետք է տեսություն ունենար Ֆաթթահ-բեկի կնոջ՝ Խուրշիդի հետ: Վաղ առավոտյան հայտնվեցավ Ջավոն և ասաց, թե իր տիկինը ուխտագնացության պատրվակով պիտի գա Օ... գյուղին մերձավոր հին մատուռի մեջ մատաղ կտրելու, որովհետև նրա փոքրիկ որդին հազում էր, և նշանակել է այնտեղ տեսություն Սառայի հետ: Այդ մատուռը հավասար կերպով պաշտվում էր թե՛ քրդերից և թե հայերից: Սառան շատ ուրախացավ, երբ տեսավ, որ Խուրշիդը կատարել է նրա ցանկությունը, որովհետև նա ինքը առաջուց Ջավոյի միջոցով խնդրել էր այդ տեսության մասին:

Բաժանվելով Լալայից Հայրապետը շտապում էր գնալ, տեսնել, թե ի՞նչ եղավ տեսության հետևանքը: Նա դուրս եկավ գյուղից և կես ճանապարհի վրա նստած, մի ահագին ժայռի հովանու ներքև անհամբերությամբ սպասում էր Սառային, որ մատուռից պիտի վերադառնար նույն ճանապարհով:

Խիստ հետաքրքիր տեսարան էր ներկայացնում այն տեղը, ուր նստած էր Հայրապետը: Դա մի լեռան ստորոտ էր, որ ծածկված էր ժայռերի բեկորներով, որոնք Ժամանակի խորտակիչ ձեռքով ջարդուփշուր եղել և թափվել էին ցած: Նրա շրջակայքը պատած էր վայրենի մացառներով և զանազան տեսակ թփերով, որոնց միջից տեղ-տեղ բարձրանում էին ծառեր: Հայրապետի ուշադրությունը գրավեց մի խնձորենի. նա տեսավ, որ ժիժքը6 փաթաթվել էր նրա բունին, վեր էր բարձրացել և աճելով դեպի ամեն կողմը տարածել էր իր օձի նման ոլորուն ոստերը: Նա, կարծես, աշխատում էր իր ծանրության ներքո ճնշել, խեղդել, մաշել և միանգամից կլանել խեղճ խնձորենուն, որի վերին ճյուղերը արդեն գոսացել, տերևներից զրկվել և չորացել էին... Լինում են րոպեներ, որ հասարակ մարդն անգամ փիլիսոփա է դառնում: «Ահա՛ մի գեղեցիկ օրինակ, մտածում էր Հայրապետը, ահա մի վայրենի բույս, որ ինքը չէ գործում, չէ աշխատում, մայր հողի մեջ արմատներ չունի, այլ իր ճանկերի մեջ հափշտակելով մի ավելի քաղաքակրթված և պտղատու բույսին, ձրի կերակրվում է նրա հաշվով, ագահությամբ ծծում է նրա հյութը, և վերջապես սպառելով նրա կենսական ուժերը, սպանում է նրան... Միթե այսպես չէ՞ վարվում մեզ հետ քուրդը, միթե նա էլ մի այսպիսի ժիժք չէ՞, որ ապրում է խեղճ հայի հաշվով»:

Հայրապետը զգայուն մարդ էր և բավական պարզ հասկացողություններ ուներ: Ո՞րտեղից նա սեփականեց իրան այդ հասկացողությունները: Իհարկե, եթե նա իր հայրենի աշխարհի հորիզոնից մի անգամ ևս ոտքը դուրս դրած չլիներ, անտարակույս, կմեծանար, կզարգանար նույն սահմանափակ նախապաշարմունքներով, որպես էին նրա հայրենակիցները: Բայց բախտը ուրիշ կերպ տնօրինեց նրա կյանքը: Նա իր երիտասարդությունը անց էր կացրել օտար աշխարհներում: Դեռ պատանի հասակում Հայրապետը, չգիտեմ ինչ պատճառով անբավականություն ունեցավ հոր հետ, և որպես այդ շատ անգամ պատահում է գավառներում, թողեց հոր տունը և սկսեց թափառել երկրե երկիր: Ճակատագիրը նրան ձգեց Կ. Պոլսի մեջ, որ ներկայացնում է Եվրոպայի և Ասիայի հանգույցը: Այստեղ անցավ նա կյանքի զանազան շրջաններից, և թեև մի հիմնավոր բան չսովորեցավ, բայց սեփականեց շատ լուսավոր գաղափարներ, որ ծանոթ չեն հասարակ գյուղացուն:

Հայրապետը երկար նստած այն քարաժայռի հովանու ներքո, սպասում էր կնոջը: Արևը մոտ էր մայր մտնելու և նրա վերջին ճառագայթները գեղեցիկ կերպով լուսավորում էին լեռների գագաթները:

Վերջապես հայտնվեցավ Սառան: Հայրապետը հեռվից նշմարեց նրա պայծառ դեմքը, որով նախագուշակեց, թե կինը բերում էր ուրախալի լուրեր:

Տղա՞ է, թե աղջիկ, — հարցրեց Հայրապետը հեռվից:

Տղա է, — պատասխանեց կինը ժպտալով, և նստեց ամուսնի մոտ, որովհետև շատ հոգնած էր:

Այդ ռամկական հարց ու պատասխանը նշանակում էր, թե ծնունդը որ սեռին է պատկանում, այսինքն՝ տեսության հետևանքը ուրախալի է, թե տխուր, որովհետև գյուղացու հասկացողությամբ տղան ուրախություն է նշանակում, իսկ աղջիկը տխրություն:

Սառան սրբեց ճակատի քրտինքը, մի փոքր շունչ առեց, հանգստացավ, և ապա սկսեց պատմել, թե ինչ խոսեց և ինչ լսեց քուրդ տիկնոջից: Նրա պատմության բովանդակությունը այս էր: — Խուրշիդը հայտնել էր, թե բեկը այժմ շատ չէ մտածում Ստեփանիկի մասին, թե նա զբաղված է այնպիսի ծանր հոգսերով, որ առժամանակ գոնե նրան մոռանալ են տվել Ստեփանիկի սերը: Նա ասել էր, թե բեկը հրահանգներ է ստացել Արզրումի վալիից և այժմ ինչ որ պատրաստություններ է տեսնում, — իր ցեղի տղամարդերի անձնահամարն է հաշվում, նրանց զենքեր է բաժանում, փող է տալիս, որ իրանց համար ձիաներ առնեն, հագուստ պատրաստեն և այլն: — Բայց թե ի՞նչ ձեռնարկության համար են այդ պատրաստությունները, ինքը Խուրշիդը չգիտե: Միայն նա դարձյալ խորհուրդ է տալիս, որ Ստեփանիկին կամ մի հեռու տեղ փախցնեն և կամ շուտով մի մարդու հետ ամուսնացնեն, որովհետև ինքը հաստատ գիտե, որ բեկը վերջ ի վերջո կկատարե իր մտադրությունը խեղճ աղջկա մասին: «Թեև, ավելացրել էր տիկինը, ես այդ մասին խոսել եմ իմ հոր հետ, թեև իմ հայրը խոստացավ սանձ դնել բեկի կրքերին, բայց ինքը, Խուրշիդը, շատ չէ հավատում բեկի խոստմունքներին, և գուցե գործը այն հետևանքը կունենա, որ ինքը ստիպված կլինի թողնել իր ամուսնի տունը և բաժանվել նրանից»:

Հայրապետը խորին ուշադրությամբ լսում էր Սառայի պատմությունը, երբ վերջացրեց, նա ասաց.

Դրանով վտանգը չէ կարելի անցած համարել: Այս բոլոր պատմության մեջ միայն մի ուրախալի բան կա, այն է, որ գործը կհետաձգվի և մենք ժամանակ կվաստակենք Լալայի վիճակը տնօրինելու համար:

Ես էլ այսպես եմ մտածում, — պատասխանեց Սառան:

Ուրեմն ի՞նչ պետք է անել, — հարցրեց Հայրապետը:

Ուրիշ ճար չկա, պետք է Լալային մեկի հետ պսակել:

Այդ բոլորովին չի ազատի նրան: Բեկը կարող է պսակված կինն էլ ամուսնի գրկից դուրս քաշել և տանել:

Պետք է մի այնպիսի մարդու հետ պսակել, որ Լալային այստեղ չպահե, այլ վեր առնե և տանե մի ուրիշ երկիր, — ասաց Սառան:

Շատ գեղեցիկ միտք է, — պատասխանեց Հայրապետը, — բայց ո՞րտեղից կարելի է գտնել մի այսպիսի մարդ: Դու գիտես, որ մեր գյուղացիներից ոչ մեկը չի հանձն առնի մի այսպիսի ամուսնություն, նրա համար, որ կվախենա և կմտածե, եթե Լալային տանելու լինի մի ուրիշ երկիր, այն ժամանակ բեկը տունը կրակ կտա և նրա բոլոր ազգականներին սրից կանցկացնե: Ո՞վ է այն մարդը, որ հանձն առնե այս տեսակ զոհաբերություններ:

Մարդը պատրաստ է, — պատասխանեց Սառան ուրախ ձայնով:

Ո՞վ է:

Վարդանը:

Հայրապետի տխուր դեմքը ընդունեց խիստ ուրախ արտահայտություն, երբ Սառան սկսեց պատմել նրան, իր այն օրվա տեսածը տան պարտեզի ծառերի մեջ, թե ո՛րպես Վարդանը և Լալան գրկախառնվել էին միմյանց հետ, համբուրվում էին և խոստանում էին միմյանց մշտական սեր:

Այդ լավ է, — ասաց Հայրապետը, — Վարդանը, միայն Վարդանը կարող է ազատել Լալային:

Արևը արդեն մայր էր մտել: Երկու ամուսինները վեր կացան և սկսեցին շտապել դեպի տուն: Ճանապարհին Հայրապետը մտածում էր այն բանի վրա, թե ի՞նչ պատրաստություններ է տեսնում բեկը, ի՞նչու համար է նա զենքեր բաժանում: Միթե այդ մի սարսափելի ձեռնարկության նախապատրաստություն չէ՞ր...

ԺԷ

Բոլորովին մութն էր, երբ Հայրապետը և Սառան վերադարձան տուն: Նրանք իմացան, որ Թոմաս էֆենդին Վարդանի հետ ունեցած անբավականությունից հետո դժգոհությամբ հեռացել էր իրանց տնից, և ծերունի Խաչոն այդ մասին շատ անհանգիստ էր վախենալով, մի գուցե կապալառուն իրանց համար մի չար որոգայթ լարե:

Բայց Վարդանը, չնայելով իր դյուրաբորբոք և դյուրագրգիռ բնավորությանը, այնքան անքաղաքավարի չէր, որ իզուր տեղը անպատվեր մեկին: Նա համարում էր էֆենդուն մի գարշելի մարդ, որ թուրք կառավարության ներկայացուցիչների ձեռքում գործիք դարձած, ծծում էր իր համազգիների արյունը, հարստահարում էր և աղքատացնում էր նրանց: Բացի դրանից, նրան հայտնի էր կապալառուի անցյալը: Այդ մոլաշրջիկ խաբեբան միևնույն պաշտոնով եղել էր Հայաստանի շատ կողմերում, և իրավ, շատ տեղերում պսակվել էր, կնիկներին թողել էր և շատ տեղերում խելքից հանել էր անմեղ աղջիկներին: Այժմ միևնույն կեղտոտ նպատակներն ուներ և Լալայի վերաբերությամբ, և օգուտ քաղելով նրա հոր միամտությունից, կամենում էր մի զզվելի դեր խաղալ: Այդ, իհարկե, տանել չէր կարող Վարդանը, մանավանդ մի աղջկա վերաբերությամբ, որին ինքը սիրում էր:

Բայց էֆենդու շուտափույթ կերպով ծերունի Խաչոյի տնից հեռանալու պատճառը միայն այն չէր, որ նա անբավականություն ունեցավ Վարդանի հետ և չկամեցավ մյուս անգամ տեսնել նրա երեսը: Էֆենդին բավական համբերող էր դեպի վիրավորանքները. նա վաղուց սովորել էր լռությամբ տանել դրանից ավելի խիստ անարգանքներ: Բայց նա այսօր մի առանձին սուրհանդակի ձեռքով թուղթ ստացավ, որով հրամայում էին նրան հավաքել իր ձեռքի տակ գտնված արքունի ցորենները և գարիները առանձին ամբարներում, և բնավ չծախել, որովհետև կառավարությանը պետք էին: Կարծես, մի բան գաղտնի կերպով պատրաստվում էր. այստեղ՝ պաշար, իսկ այնտեղ, Ֆաթթահ-բեկի բանակի մեջ՝ զենքեր...

Երբ տանը հյուր կար, ծերունի Խաչոն միշտ օդայի մեջ էր անցկացնում և իր հյուրի մոտից չէր հեռանում: Վարդանին իսկապես հյուրի տեղ չէին դնում. նա տան տղա էր: Բայց Թոմաս էֆենդու գնալուց հետո նրա տանը հայտնվեցավ մի նոր հյուր: Դա մի երիտասարդ էր նիհար և գունաթափ դեմքով, և թույլ, ավելի քնքուշ կազմվածքով, — մի երիտասարդ, որի արտաքին կերպարանքը մտածել էր տալիս, թե երկար տարիներ մաշվել և թառամել էր դպրոցների նստարանի վրա: Ի՞նչ կոչումի և ի՞նչ պարապմունքի մարդ էր դա, հայտնի չէր, միայն այսքանը հայտնի էր, որ պոլսեցի է, հայ է, և ծերունի Խաչոն պարտ էր համարում հարգել մայրաքաղաքից եկած հային: Բացի ճանապարհորդական խուրջինից նա իր հետ ուրիշ ոչինչ չուներ, և կիսամաշ եվրոպական հագուստը ցույց էր տալիս, որ աղքատ մեկը պետք է լինի: Նրա բերող չարվադարը ձգեց նրան գյուղի մեջ և հեռացավ: Նա ման էր գալիս, որ իր համար գիշերելու օթևան գտնե, երբ հանդիպեց Վարդանին: Ասում են սրտերի մեջ մի գաղտնի ճանապարհ կա: Այդ երկու երիտասարդները կարճ խոսակցությունից հետո մտերմացան, և որպես մի գաղտնի աղանդի պատկանող երկու անդամներ, առանց նախապես միմյանց հետ ծանոթ լինելու, եղբայրական ձեռք մեկնեցին միմյանց: Վարդանը նրան վեր առավ և բերեց ծերունի Խաչոյի տունը:

Նոր հյուրը իրան կոչում էր Միքայել Դուդուկջյան: Որպես տաճկաստանցոց բոլոր տոհմանունները առած են լինում հոր կամ պապի արհեստից, պարոնի հայրն էլ դուդուկներ է շինելիս եղել, այսինքն՝ մի տեսակ շվիներ, որ երեխաները ածում են: Իսկապես ծերունի Խաչոյին շատ դուր չեկավ ոչ նրա տոհմանունը, որ դժվարությամբ էր արտասանում, ոչ նրա հիվանդոտ և գունաթափ դեմքը, ոչ նրա անհանգիստ աչքերը իրանց տենդային փայլով և ոչ էլ նրա մթին ու ծածկամիտ բնավորությունը, որ իսկույն կասկած էր հարուցանում: Բայց Վարդանը ծածուկ ասել էր ծերունուն, թե «լավ տղա է, երբ ճանաչես, կսիրես դրան»:

Մտնելով ծերունի Խաչոյի տունը, անծանոթ հյուրը միայն մի բան հարցրեց Վարդանից.

Կարելի՞ է հավատալ դրանց...

Կարելի է... — պատասխանեց Վարդանը:

Երբ օդայի մեջ ճրագը վառվեցավ, գյուղական սովորության համեմատ, իսկույն ընթրիք տվեցին: Այս գիշեր սեղանակից էին ծերունի հոր հետ նրա բոլոր վեց որդիները, որովհետև Թոմաս էֆենդին այնտեղ չէր, և մի ուրիշ բարձրաստիճան հյուր չկար, որի պատճառով որդիները համարձակություն չունենային սեղան նստելու: Վարդանը տան տղա էր համարվում, իսկ նոր հյուրի վրա նայում էին որպես մի մարդու վրա, որ այնքանով ևս գոհ պետք է լիներ, որ այս գիշեր կուշտ փորով հաց էր ուտելու:

Ընթրիքի ժամանակ խիստ տխուր անցավ: Վարդանը և նոր հյուրը համարյա չէին խոսում: Իսկ ծերունին նույնպես խիստ հազիվ անգամ խոսք էր փոխում իր որդիների հետ: Սեղանակիցների սրտերը լցված էին զանազան տեսակ, միմյանցից տարբեր ցավերով:

Ծերունին կապալառուի վրա էր մտածում, թե նա դժգոհությամբ հեռացավ իր տնից: Հայրապետը զբաղված էր քուրդ բեկով և Լալայի վիճակով. նա կրկին միտքն էր բերում Սառայի պատմությունը և մտածում էր, թե ի՞նչ պետք է անել: Ծերունու մյուս որդիները մտածում էին իրանց մշակությունների վրա, թե առավոտյան ով ի՞նչ գործ պետք է կատարե: Վարդանի գլխի մեջ պտտվում էր Լալայի գեղեցիկ ուրվականը: Իսկ նոր հյուրը, աստված գիտե, թե ինչ բանի վրա էր մտածում...

Երբ սեղանը հավաքեցին, Ստեփանիկը բերեց իբրիղը7 և լագանը, իր ձեռքով ջուր ածեց, և տեղային սովորության համեմատ, նրանք լվացին իրենց ձեռքերը, գոհացան և փառք տվին աստծուն: Ծերունին սկսեց ծխել իր երկայն չիբուխը, իսկ պարոն Դուդուկջյանը հանեց իր ծոցից մի գեղեցիկ պորտ սիգար, որ ամենևին չէր համապատասխանում նրա հնամաշ հագուստին, և դուրս բերելով նրա միջից մի թանկագին սիգար, երկար եղունգներովը ծայրը կտրեց, և սկսեց ծխել: Փոքրիկ սենյակը լցվեցավ հավանյան ծխախոտի անուշահոտությամբ: Երևում էր, որ այդ մարդը մի ժամանակ զուրկ չէ եղել կյանքի վայելչություններից, իսկ այժմ հանգամանքները ձգել էին նրան մի տարօրինակ կյանքի մեջ:

Ընթրիքից հետո խոսակցության առարկան Թոմաս էֆենդին էր: Վարդանը մասնավորապես պատմել էր պարոն Դուդուկջյանին այդ մարդու մասին, և այդ պատճառով խոսակցության առարկան նրան բավական ծանոթ էր: Ծերունի Խաչոն խիստ քաղաքավարի կերպով նկատեց Վարդանին, թե նրա այն օրվա վարմունքը էֆենդու հետ անխոհեմ էր:

Ես, — ասաց նա, — դու գիտես, որ քեզ չեմ ջոկում իմ այս յոթն որդիներից, — նա ցույց տվեց վեց որդու վրա, որ նստած էին և Ստեփանիկի վրա, որ կանգնած էր:

Ծերունին սովորություն ուներ միշտ յոթն որդիների անունով խոսել և նրանց անունով երդվել, Ստեփանիկին ևս նրանց հետ հաշվելով, բայց չգիտեր, որ Վարդանին վաղուց հայտնի էր Ստեփանիկի աղջիկ լինելը:

Հաջորդ էջ