Րաֆֆի՝   Խենթը

Այս յոթը որդիներիս արևը թող վկա լինի, եթե սուտ լինեմ ասելու, — շարունակեց նա, — դու էլ իմ որդին ես, իմ տունը քո տունն է, գալիս ես, գնում ես, և որքան սիրտդ ուզում է մնում ես: Իմ դուռը քո առջև միշտ բաց է: Բայց պետք է գիտենալ, որ այստեղ ուրիշ երկիրների նման չէ, այստեղ Թոմաս էֆենդու նման մարդիկը՝ մեծ մարդիկ են, շա՜տ մեծ մարդիկ... նրանք ինչ որ կամենան, կարող են կատարել: Այս պատճառով, նրանց պետք է ակամա հարգել և երբեմն նրանց խոսքերի ու արարմունքների մասին պետք է լռել... Ի՞նչ կարող ենք անել: «Մի չարագործի ձեռք, ասում է առակը, եթե չես կարող կտրել, պետք է համբուրես և գլխիդ վրա դնես»: Էֆենդին, կարելի է, քեզ մի վնաս չկարողանա հասցնել, որովհետև այստեղացի չես, բայց մենք քո փոխարեն պիտի տուժենք նրա հասցրած վնասը: Դու խո լսե՞լ ես թուրքի առածը. «Էշից վախեցավ և սկսեց փալանին ծեծել»...

Ծերունու խոսքերը կրկին հավաքեցին խենթի իծաները8: Նա պատասխանեց.

Թուրքերի վերաբերությամբ մեր կողմի հայերը մի լավ առած ունեն, ասում են՝ «Թուրքին մինչև չծեծես, բարեկամ չի դառնա»: Ես Թոմաս էֆենդուն թուրքերից չեմ զանազանում, և շատ ցավում եմ, թե ի՞նչու նրան մի լավ չծեծեցի, թեև նրա բարեկամությունը ինձ շատ հաճելի չէր կարող լինել:

Ծերունու երեսի խորշոմները ավելի կնճռվեցան, երևում էր պատասխանը նրան դուր չեկավ: Իսկ Ստեփանիկի դեմքի վրա փայլեց մի պայծառ ժպիտ, որը չէր կարող չնկատել Վարդանը: Նա դեռ կանգնած էր ոտքի վրա, և որպես տան փոքրիկը, սպասավորություն էր անում: Վարդանը հիացմունքով նայեց նրա վրա, միևնույն ժամանակ նրա մտքից անցան այս խոսքերը. «Ահա միակ արարածը այս տան մեջ, որ համակրում է ինձ... որովհետև նա միայն է, որ զգացել է այդ գարշելի մարդու լրբությունը»...

Դուք ինքներդ թույլ եք տալիս այս տեսակ ցած, անբարոյական, անիրավ մարդերին բռնանալ ձեզ վրա, — շարունակեց Վարդանը ավելի տաք կերպով. — որովհետև նրանց բոլոր չարագործությունների առջև աչքներդ փակած, համբերում եք: Ես հասկանում եմ, երբ թուրքը, քուրդը հային հարստահարում է, ճնշում է, և նրա կենսական բոլոր ուժերը խլելով նրանից, մահացնում է: Ես այդ հասկանում եմ, և մինչև անգամ բնական եմ համարում, որովհետև նրանք դարերով այսպես վարվել են հայի հետ և նույն կերպով շարունակում են: Այդ դարձել է թուրքի և քուրդի համար մի տեսակ կենսական պահանջ, առանց որին նրանք հազիվ թե կարող են ապրել: Բայց երբ որ հայը վարվում է իր համազգիների հետ ավելի վատթար, քան թե թուրքը և քուրդը, այդ եղեռնագործության դժվար է համբերել: Ես այս խոսքերը էֆենդու երեսին ասեցի, և նա մի բառ ևս չգտավ պատասխանելու:

Ես դրանից վատը կասեի նրան, — խոսակցության մեջ մտավ Հայրապետը, — բայց հայրս միշտ մեզ խրատում է, թե պետք է լուռ մնալ, թե պետք է զգույշ լինել... մի օր ազատություն կլինի մեզ... պետք է համբերել... չգիտեմ, մինչև ե՞րբ պետք է համբերել...

Մինչև Հիսուս Քրիստոսի գալուստը... — հեգնորեն պատասխանեց Վարդանը, — բայց, ափսո՜ս, մինչև այն ժամանակը աշխարհի երեսին մի հայ էլ չի մնա, որ իր ազատությունը տեսնե. բոլոր քուրդ կամ թուրք դարձած կլինեն...

Համբերությունը կյանք է... — խոսեց ծերունին քարոզի ոճով: — Մեր տերտերները, մեր վարդապետները միշտ այդ են քարոզում մեզ: Ախար մի օր կլինի, որ աստված կմտաբերե իր կորուսյալ ոչխարներին... Պետք է համբերել, զավակներս... «համբերությունը կյանք է»...

Համբերությունը մա՛հ է... — պատասխանեց պարոն Դուդուկջյանը, որ մինչև այն ժամանակ չէր խոսում և լուռ լսում էր նրանց վիճաբանությունը: Երիտասարդի գունատ դեմքը այժմ բոլորովին դեղնեց և նրա նուրբ, նույնպես գունաթափ շրթունքը սկսեց դողդողալ:

Համբերությունը մա՜հ է... — կրկնեց նա վրդովված ձայնով, — գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել...: Մի այսպիսի հրեական համբերությունը, որ ունենք մենք, տանում է դեպի անդառնալի կորուստը: Հրեաները շատ համբերեցին, աշխարհի բոլոր հալածանքներին դիմացան, սպասելով, թե կհայտնվի մի Մեսիա, որ կվերանորոգե սուրբ Երուսաղեմը և կվերականգնե Իսրայելի հին փառքը... և մինչև այսօր սպասում են... Բայց մենք մի այսպիսի ակնկալություն ևս չունենք, չգիտեմ, էլ ի՞նչ բանի ենք սպասում...

Մեր տերտերները, մեր վարդապետները համբերություն են քարոզում... — շարունակեց նա առաջվա մաղձոտ ձայնով: — Ախար նրանք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ: Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա: Դժգոհությունը, տրտունջը և իր վիճակից մի ավելի բարեբախտ վիճակի ցանկանալը՝ ահա այն փրկարար շարժառիթները, որ կարող են մեզ ազատել ստրկությունից: Բայց համբերության մեջ խեղդվում են, մահանում են այս տեսակ բարձր ձգտումները...

Ծերունին ոչինչ չպատասխանեց: Վարդանը և Հայրապետը բռնեցին երիտասարդի ձեռքը և բարեկամաբար սեղմեցին: Ծերունու մյուս որդիները ոչինչ չհասկացան և իրանց մտքում ասացինահա մի ուրիշ խենթ ևս...

Ծերունին հրամայեց հյուրերի համար քնելու տեղ պատրաստեն, իսկ ինքը որդիների հետ, բարի գիշեր մաղթելով, հեռացան: Տան հարսներից մեկը, երեսը կալած, եկավ անկողինները պատրաստեց:

Օդայի մեջ ճրագը դեռ վառվում էր: Երկու հյուրերը իրանց անկողիններում երկար անքուն մնացին: Պարոն Դուդուկջյանը կրկին վառեց իր կիսատ մնացած սիգարը և սկսեց ծխել: Վարդանը նկատեց նրան.

Բարեկամ, ձեր լեզուն անհասկանալի է, դուք հազիվ թե կարող կլինեք այստեղ մի գործ շինել... Ժողովրդի հետ խոսելու համար պետք է հարյուրավոր առակներ և առածներ գիտենալ... Քրիստոս իր առակներով ավելի գործ շինեց, քան թե բարձր վերացական քարոզներով:

Այո՛, ես չսովորեցի ժողովրդի լեզուն... — պատասխանեց պարոն Դուդուկջյանը և լռեց:

ԺԸ

Օդայի մեջ յուղային ճրագը դեռ վառվում էր, տարածելով իր շուրջը աղոտ լույսը: Վարդանը երկար մնաց անքուն: Այն գիշերվա խոսակցությունները գրգռել էին նրա ուղեղը: Նա հիշում էր ծերունու որդիների սառնասրտությունը դեպի իր և նորեկ հյուրի «քարոզները»: Նա զարմանում էր, որ այնպես կասկածանքով էին նայում այդ ոգելից և ազնիվ երիտասարդի վրա: Մյուս կողմից, նրա սիրտը խռովում էր երկու սեր, որոնք շատ չէին տարբերվում միմյանցից իրանց բնավորությունով. — մեկը, հարստահարված գյուղացու սերը, մյուսը` Լալայի սերը, որ նույնպես բարոյական հարստահարության ենթակա էր...

Նա աչք ձգեց, տեսավ, որ նորեկ երիտասարդը քնած էր: Ճրագի աղոտ լուսով նկարվում էր նրա գունաթափ և մաշված դեմքը, որի սուր գծերի մեջ արտահայտվում էր մի հաստատուն բնավորություն: Նրա քունը անհանգիստ էր: Տենդային զառանցության մեջ տանջվում էր նա: Երբեմն նրա ցամաք շրթունքը շարժվում էին, և լսելի էին լինում խառն, կցկտուր խոսքեր, ֆրանսերեն և հայերեն լեզվով.

«Գյուղացիներ... հասավ ժամը... ձեր արյունով պիտի գնեք... ձեր ազատությունը... ներկան... ապագան... մեզ է պատկանում... ցույց տվեցեք... քաջե՛ր որ թուրքի... երկաթի գավազանը... բոլորովին չէ մահացրել... ձեր մեջ կյանքը... և... ազատության... զգացմունքը... Կրակի... և... սրի մեջ... պիտի գտնենք մեր... փրկությունը...: Դեպ առա՜ջ... քաջե՛ր...»

Խե՜ղճ, — ասաց Վարդանը գլուխ շարժելով: — Երևի շատ գրքեր է կարդացել... Հայ գյուղացու ողորմելի օդայի մեջ իրան Փարիզի բարիկադների վրա է երևակայում և ճառ է խոսում... խե՜ղճ...

Այդ միջոցին Վարդանի ականջին զարկեց երգի մեղմիկ ձայն, որ տխուր հնչյուններով լսելի էր լինում գիշերային լռության մեջ:

Նա ճանաչեց նազելի ձայնը և դուրս եկավ օդայից:

Ծերունի Խաչոյի տանը մի երկրորդ արարած ևս այն գիշեր արթուն էր, նա իր անկողնի մեջ անհանգիստ կերպով այս. կողմ և այն կողմ էր շուռ գալիս: Նրա շուրջը, սրահի մեջ, այր և կին բոլորը ծանր քնով խռմփում էին: Մշակի հոգնած և վաստակաբեկ անդամները գիշերվա արթնություն չգիտեն:

Միայն Լալան հանգիստ լինել կարող չէր: Նա հագնվեցավ և կամաց դուրս եկավ սրահից: Կատուն այնպես զգույշ, այնպես հեզիկ կերպով չէր կարող փոխել իր քայլերը, որպես այդ մանկահասակ աղջիկը, անցնելով սրահի միջից, հայտնվեցավ բակում: Շունը նրան հեռվից տեսնելով սկսեց հաչել: «Սո՛ւս», — շշնջաց նա հազիվ լսելի ձայնով: Շունը լռեց: Խաղաղ գարնանային գիշեր էր:

Օդի զովությունը մրսեցնելու չափ ցուրտ էր. բայց նա ավելի կազդուրեց օրիորդին, ավելի հովացրեց նրա բորբոքված դեմքը: Նա անցավ դեպի պարտեզ և մտավ ծառերի մեջ: Այստեղ խավարը ավելի թանձր էր. այստեղ նրան չէին տեսնի: Նա նստեց թավիշյա խոտերի վրա, և ձեռքը ծնոտին դրած, սկսեց նայել դեպի երկինքը: Լուսինը չէր երևում. «Որտե՞ղ է նա, մտածում էր օրիորդը, երևի քնած էր»: Նրա շուրջը տիրում էր խորին լռություն: Ծառերի վրա մի տերև անգամ չէր շարժվում: Բոլորը հանգստանում էին, թե քամին, որ շատ անգամ օրորում էր այդ ծառերի ճյուղերը, և թե գետը, որի աղմկալի հոսանքի ձայնը նա միշտ լսել էր գիշերային լռության ժամանակ: Բոլո՜րը հանգստանում էին, միայն ինքը անհանգիստ էր, միայն ինքը արթուն էր:

Նա հիշեց մի երգ, որ սովորել էր պառավ տատից. և բոլորովին ակամա կերպով դուրս թռան նրա սեղմված շրթունքի միջից սիրելի երգի անուշ հնչյունները.

«Քնած է լուսնյակը երկնքի խորքում,
Քնած է թռչնակը իր փափուկ բընում,
Քնած է քամին, տերևը չէ շարժվում,
Քնած է գետը, ձայնը չէ լսվում:

Մայրիկ, ի՞նչու ես քնել չեմ կարում,
Ուզում եմ քնել, աչքս չէ փակվում.
Մայրիկ, այս ի՞նչ է, որ ինձ տանջում է,
Այս ի՞նչ կրակ է, որ սիրտս այրում է»:

Վերջացնելով երգը, նա գլուխը ցած թողեց ծնկների վրա, և երկու ձեռքով բռնելով իր բորբոքված երեսը սկսեց դառն կերպով լաց լինել: Արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա սիրուն աչքերից: Ի՞նչու էր լաց լինում: — Ինքն էլ չգիտեր: Արդյոք նրա համար, որ միտը բերեց իր սիրելի մորը, որին չէր տեսել, որի բերնից մի անուշ խոսք անգամ չէր լսել: Էլ ի՞նչու էր լաց լինում: Այդ ի՞նչ անբացատրելի զգացմունք էր, որ խռովում էր նրա կուսական անմեղ սիրտը:

Բայց արտասուքը փոքր ինչ հանգստացրեց նրան. նա գլուխը վեր բարձրացրեց նայեց իր շուրջը, և նրա աչքը ընկավ չորս կաղամախիների հովանու տակ հանգստացած գերեզմանի վրա, որ շատ հեռու չէր իր նստած տեղից: Դա իր քրոջ՝ Սոնայի գերեզմանն էր, որին թեև չէր տեսել, բայց նրա ցավալի պատմությունը հազար անգամ լսել էր: Հանգուցյալը նահատակի նշանակություն էր ստացել ռամիկ ամբոխի մեջ, և նրա գերեզմանի մոտ շատ անգամ բերում էին հիվանդներ: Ծերունի հոր պատվիրելով, նրա վրա ամեն կյուրակեմուտ գիշեր վառվում էր մի յուղային ճրագ: Այս գիշեր ճրագը տակավին ծխրտում էր, պլպլում էր և լուսավորում էր գերեզմանի գաջով պատած սպիտակ մակերևույթը: Լալան սարսափով նայում էր նրա վրա: Քրոջ ցավալի պատմությունը նրա բորբոքված երևակայության մեջ իրականություն ստացավ: Նա այժմ տեսնում էր գերեզմանի փոխարեն մի քրդի սև չադր, լեռների մի խուլ ձորի մեջ կազմված: Նրա մեջ նստած էր Սոնան զարհուրելի հուսահատ դեմքով: Նա իր ձեռքում բռնած ուներ թույնի բաժակը, մոտեցնում էր շրթունքին և ետ էր տանում: Երկա՜ր նա մաքառում էր կյանքի և մահվան դեմ: Ահա, մոտենում էր չադրին քուրդ ազնվականը՝ Սոնայի հափշտակողը: Սոնան տեսավ նրան, կրկին մոտեցրեց իր շրթունքին թունալից բաժակը, խաչակնքեց և խմեց...

Տեսարանը փոխվեցավ:

Լալայի աչքի առջև դրած էր դարձյալ Սոնայի սպիտակ գերեզմանը:

Այժմ նրա երևակայության մեջ պատկերացավ երկու ուրիշ անձինք: Մեկը, Թոմաս էֆենդին իր խորամանկ և գարշելի դեմքով, մյուսը՝ քուրդ Ֆաթթահ-բեկը իր վայրենի և գազանային դեմքով: Նա բոլոր մարմնով դողաց: Արդյոք գիտե՞ր, արդյոք հայտնի՞ էր նրան, թե ինչ փոս են փորում այդ երկու մարդիկը իր համար: — Նա ոչինչ չգիտեր. նա միայն զգում էր...

Չէ՛, — բացականչեց նա սոսկալի ձայնով, — ես Սոնայի մոտ չեմ գնա... ես վախենում եմ գերեզմանից...

Այդ միջոցին մի ձեռք հեզիկ կերպով դրվեցավ նրա ուսի վրա, և լսելի եղավ նրա անունը:

Լալա...

Օրիորդը ոչինչ չլսեց:

Լալա՛...-կրկնվեցավ ձայնը, — ես չեմ թողնի, որ դու Սոնայի մոտ գնաս... ես կազատեմ քեզ...

Նա ետ նայեց, տեսավ, իր մոտ կանգնած էր Վարդանը:

Հա՛, ազատի՛ր ինձ... — խոսեց նա, դեռ առանց սթափվելու իր առաջին խռովությունից. — ազատի՛ր, տա՛ր մի ուրիշ երկիր, այստեղ վատ է... այստեղ շատ վատ է...

Երիտասարդը նստեց նրա մոտ:

Նրանք մի քանի րոպե մնացին լուռ. խոսք չէին գտնում խոսելու: Լալան տակավին խորին հափշտակության մեջ մտաբերում էր այն սոսկալի տեսիլքը, որ այնքան վախեցրեց նրան: Վարդանը մտածում էր, թե ի՞նչու այդ անմեղ, անփորձ աղջիկը աղաչում էր հեռացնել իրան հայրենի աշխարհից, ուր նա այնքան սիրված էր ընտանիքից. ի՞նչու ցանկանում էր նա մի ուրիշ, հեռու երկիր գնալ: Մի՞թե սերը սիրած տղամարդի սերը ձգել էր նրան այս ցնորքների մեջ: Բայց սերը դեռևս նրա համար մի անորոշ և մթին զգացմունք էր: Երիտասարդը հարցրեց.

Ի՞նչով վատ է այդ երկիրը:

Վա՛տ է, շա՛տ վատ է, — պատասխանեց նա տխրությամբ լի ձայնով. — տեսնում ե՞ս այդ գերեզմանը:

Նա ցույց տվեց Սոնայի գերեզմանը:

Գիտե՞ս ով է դրած նրա մեջ:

Գիտեմ...

Գիտե՞ս ինչպես մեռավ նա:

Գիտեմ...

Ես չեմ ուզում Սոնայի պես մեռնել, Վարդան, ես վախենում եմ թույնից... վախենում եմ գերեզմանից...

Կրկին խեղճ աղջկա աչքերը լցվեցան արտասուքով:

Ինչո՞ւ ես կարծում, Լալա, թե դու էլ Սոնայի պես բախտ կունենաս, — հարցրեց երիտասարդը նրա ձեռքից բռնելով: — Այդ մի ցավալի դեպք էր, որ ամեն աղջկա հետ չէ պատահում: Ի՞նչու ես դու մտածում, որ միևնույնը կարող է և քեզ պատահել:

Ես այդ միշտ մտածում էի... միշտ սպասում էի... հենց այն օրից, երբ սկսեցի հասկանալ թե ի՞նչու են ինձ տղայի հագուստով պահում... Այստեղ աղջիկ լինելը աստուծո պատիժն է... մի հանցանք է... մանավանդ սիրուն աղջիկ լինելը... Լսի՛ր, Վարդան, ես մի ծանոթ աղջիկ ունեի, որին շատ սիրում էի, նա շատ լավ աղջիկ էր և մեր դրացին էր: Մայրը ամեն օր ծեծում էր նրան, թե ի՞նչու նա սիրուն ծնվեց, թե ի՞նչու նա օրըստօրե գեղեցկանում էր: «Դու, ասում էր մայրը, մեր գլխին մի պատուհաս կբերես...» և Նարգիսը լաց էր լինում. այդպես էր նրա անունը: Մայրը չէր թողնում Նարգիսին, որ նա իր երեսը լվանա, որ մազերը սանդրե և միշտ պատառոտած հագուստով էր պահում: Վերջը քրդերը տարան Նարգիսին: Քանի որ առաջ ես տեսա նրան, ա՜խ, որքան տգեղացել էր... այժմ նա սիրուն չէր... Ասում էր, Ստեփանիկ, շատ վատ է քրդին կին լինելը... և լաց էր լինում...

Լալան ինքն էլ սկսեց լաց լինել: Երբ մի փոքր հանգստացավ, հարցրեց.

Վարդան, դու ինձ այստեղից կտանես, այնպես չէ՞:

Կտանեմ, միամիտ կաց:

Շուտ տա՛ր, կուզես, հենց հիմա տար, ես կգամ քեզ հետ, ուր որ տանելու լինես:

Մի քանի օր սպասիր, Լալա, մինչև հորդ հետ կխոսեմ:

Այսպես նստած, նրանք երկար և երկար խոսում էին գիշերային մթության մեջ, մինչև տխրության զգացմունքը տեղի տվեց սիրո բերկրության զգացմունքին:

ԺԹ

Մյուս առավոտ Վարդանը զարթնեց շատ ուշ, որովհետև գիշերը մեծ մասը անց էր կացրել անքուն: Մի գաղտնի ուրախություն փայլում էր նրա փոքր ինչ գունաթափ դեմքի վրա: Նա տեսավ, որ պարոն Դուդուկջյանը օդայում չէ, միայն մի անկյունում դրած էր նրա ճանապարհորդական խուրջինը: Ո՞ւր էր գնացել այդ մարդը: Վարդանը հենց առաջին օրից նկատեց, որ պարոնը մի անփորձ երիտասարդ էր, որին պետք էր պահպանել և աչքից հեռու չթողնել:

Ծերունու տանը ամեն ոք զբաղված էր իր սովորական գործով: Խաչոյի որդիները գնացել էին իրանց դաշտային մշակությունները հոգալու: Ինքը՝ ծերունի հայրը դուրս էր եկել որ տեսնե, թե ինչ են շինում որդիները: Հարսները զբաղված էին տնային տնտեսությունով: Ոչ ոք անգործ չէր: Միայն Հայրապետը մնացել էր տանը: Նա հարմար ժամանակ համարեց մտնել Վարդանի մոտ, մտածելով, գուցե նրանից մի բացատրություն կլսե Լալայի մասին և առիթ կունենա քրոջ մասին խոսելու: Նրա մյուս եղբայրները, բացի Ապոյից, այլևս Լալայի մասին չէին մտածում, և համարյա մոռացել էին, թե ինչ վտանգ է սպառնում նրան քուրդ բեկից: Նրանք թողել էին Լալային իր բախտին, կրկնելով այն ճակատագրական խոսքը, թե ինչ որ աստված կամեցել է այն կլինի: Հայրը դեռ ոչինչ լսած չէր: Նա մտածում էր ստուգել Թոմաս էֆենդու անցյալը, որին համարում էր իր Լալայի ապագա փեսան:

Երբ Հայրապետը մտավ օդան, Վարդանը հարցրեց նրանից.

Ո՞ւր է գնացել իմ նոր ընկերը:

Հայրապետը հասկանալով, որ պարոն Դուդուկջյանի մասին է հարցնում, պատասխանեց.

Զարմանալի մարդ է այդ քո նոր ընկերը, վաղ առավոտյան դեռ արևը չծագած, վեր կացավ, երկայն կոշիկները հագավ, առանց լվացվելու, առանց սանրվելու և առանց նախաճաշիկ ուտելու, իր ծանր գավազանը վեր առեց, և տնից դուրս գնաց: Մենք հարցրինք, ո՞ւր ես գնում, նա ոչինչ չպատասխանեց, գլուխը շարժեց և հեռացավ:

Ո՞ւր գնաց, — հարցրեց Վարդանը անհանգստությամբ:

Չգիտեմ, միայն ես գյուղի մեջ տեսա, նա հանդիպեց մի կիսամերկ և ոտաբոբիկ աղջկա, որ գնում էր գետից ջուր բերելու: «Ի՞նչու ես այսպես հագնվել, հարցրեց նա աղջկանից, քո հասակում անվայելուչ է այսպես հագնվել»: Աղջիկը պատասխանեց, թե իր ծնողները աղքատ մարդիկ են: Նա հանեց իր քսակից մի ոսկի և տվեց աղքատ աղջկան: Ես կարծում եմ, Վարդան, այդ վերջին դրամն էր, որ նա ուներ:

Կարելի էր, — պատասխանեց Վարդանը մտահոգության մեջ, — բայց հետո ո՞ւր գնաց:

Հետո մոտեցավ նա մի խումբ գյուղացիների, որ նոր էին դուրս եկել ժամից, և հավաքված եկեղեցու դռանը խոսում էին հարկերի բաժանման վրա: Նա խոսակցության մեջ մտավ և սկսեց բացատրել գյուղացիներին, թե նրանք վճարում են կառավարությանը ավելի քան պետք է վճարել, բայց նրանց հասարակական գործերի մասին ամենևին հոգ չեն տանում: Խոսում էր աղջկանց և տղայոց դպրոցների մասին, որոնցից զուրկ են մեր գյուղացիները. խոսում էր ինչ-որ ընկերության մասին, որ կարող էր բարվոքել գյուղացու տնտեսական վիճակը, խոսում էր ինչ-որ հասարակաց դրամարկղի մասին, որտեղից գյուղացին կարող էր էժան տոկոսով փող վեր առնել կարոտության ժամանակ, ո՞վ է իմանում, հազար ու մեկ այս տեսակ բաների վրա էր խոսում:

Ի՞նչ պատասխանեցին գյուղացիները, — հարցրեց Վարդանը հետաքրքրվելով:

Գյուղացիները ծիծաղեցին, հռհռացին և ոչինչ չպատասխանեցին: Մեկը նրանցից ասաց իր ընկերին՝ այդ մարդը խենթ է:

Փա՜ռք աստուծո, խենթը մենակ ես չեմ եղել, — ասաց Վարդանը ծիծաղելով, — ես կարծում էի, մենակ ինձ են խենթ համարում: Հետո՞:

Հետո գյուղացիներից մեկը հրավիրեց նրան մտնել իր հետ ղահվետունը մի բաժակ արաղ խմելու: Նա ընդունեց հրավերը: Այնտեղ գտնվում էր բոլորովին հարբած մի բազմություն: Նա ինքը շատ փոքր խմեց, բայց վճարեց բոլորի համար: Այնտեղ ևս սկսեց քարոզները գյուղացու բարօրության մասին և սկսեց բացատրել նրա թշվառության պատճառները: Նա խոսում էր տաք և ոգևորված կերպով: Ես առաջին անգամ զգում էի իմ մեջ, թե ինչ մեծ ներգործություն ունի խոսքի ուժը: Բայց գյուղացիները արհամարհանքով լսում էին նրան: Մեկը հարցրեց նրանցից. թե «ի՞նչ պաշտոն, ի՞նչ աստիճան ունիս», երբ պատասխան ստացավ, թե ծառայության մեջ չէ գտնվում, խիստ լրբաբար ասաց նրան. «էլ ի՞նչ ես դուրս տալիս»...

Այո՛, այդ հասարակության վրա ազդելու համար անպատճառ պետք է կամ մուդիր, կամ գայմագամ և կամ Թոմաս էֆենդու նման մուլթեզիմ լինել: Հասարակ գիտնականը ի՞նչ նշանակություն ունի նրանց աչքում... — խոսեց Վարդանը խորին տխրությամբ: — Պատմիր, Հայրապետ, շատ հետաքրքիր է:

Ես, — շարունակեց Հայրապետը, — բռնեցի նրա ձեռքից և համարյա զոռով դուրս բերեցի ղահվետանից, վախենում էի, որ անկարգություն կպատահի: Դրսում նա ինձ ասաց. «Այսպիսի տեղերում ավելի հեշտ է ճանաչել ժողովրդին. հարբած դրության մեջ նա բացում է իր սիրտը...»: Մենք շարունակեցինք գնալ գյուղի միջով: Նրա ուսից քարշ էր ընկած մի կաշյա պայուսակ, որ լիքն էր զանազան փոքրիկ տետրակներով: Նա այդ տետրակները բաժանում էր հանդիպած գյուղացիներին, ոմանք չէին ընդունում, ասելով, թե կարդալ չգիտեն, իսկ ոմանք ընդունում էին, որոնք նույնպես կարդալ չգիտեին: Այս վերջինների մեկից ես հարցրի, թե ի՞նչ պիտի անես, որ առնում ես: Նա պատասխանեց. «Թուղթ է, կտանեմ տանը պետք կգա, մայրս բռնոթի (քթախոտ) կփաթաթե մեջը»:

Վարդանի դեմքը ավելի տխուր արտահայտություն ընդունեց, կարծես, մի ներքին ցավ սկսեց տանջել նրան:

Դու ունե՞ս այդ տետրակներից, — հարցրեց նա:

Ունեմ, երկու հատ ես վեր առա:

Վարդանը թերթեց տետրակները, մի փոքր կարդաց, և ասաց վրդովված ձայնով.

Այդպիսի տետրակների տարածելը տգետ ժողովրդի մեջ հիմարություն է... Հետո ո՞ւր գնաց նա:

Ինձ հետ միասին դուրս եկավ գյուղից, խնդրեց, որ ես նրան մենակ թողնեմ: Ես բաժանվեցա: Նա բռնեց առաջին հանդիպած ճանապարհը և սկսեց դիմել դեպի մի ուրիշ գյուղ, որ հեռվից երևում էր: Ես երկար կանգնած, նրա ետևից նայում էի, նա այնպես շտապում էր, կարծես, այնտեղ սպասում էին նրան: Ես կարող եմ երդվել, որ նա ինքն էլ չգիտեր, թե ուր է գնում. անդադար մոլորվում էր, անդադար ճանապարհից դուրս էր գալիս:

Վերջին խոսքերը Հայրապետը արտասանեց փոքր ինչ ծաղրական կերպով:

Նա, սիրելի Հայրապետ, — ասաց Վարդանը, — ձեր ձորի ոլոր-մոլոր ճանապարհին կարող է ծանոթ չլինել, բայց կյանքի ճանապարհի մեջ, հավատացնում եմ քեզ, նա մի հմուտ ուղեցույց է:

Ես էլ մի այսպիսի բան նկատում եմ նրա մեջ, — պատասխանեց Հայրապետը զղջալով իր անտեղի ծաղրածության վրա, — երևում է, որ շատ է կարդացել:

Բացի կարդալը նա խիստ բարի և ազնիվ մարդ է:

Հայրապետին այժմ շատ չէր հետաքրքրում անծանոթ երիտասարդը. նա առիթ էր որոնում խոսելու իր քրոջ մասին: Սառայի պատմությունից հետո, թե Վարդանը և Լալան սիրում են միմյանց, նա միշտ սպասում էր, թե Վարդանը վերջապես կհայտնի իր սերը, որովհետև Հայրապետից ավելի մտերիմ մարդ չուներ նա այս տան մեջ: Բայց Վարդանը այժմ, կարծես, մոռացավ Լալային, և լսելով Հայրապետի խոսքերը պարոն Դուդուկջյանի մասին, նա սաստիկ մտատանջության մեջ ընկավ: Նա վեր կացավ, կամենում էր դուրս գալ օդայից:

Ո՞ւր ես գնում, — հարցրեց Հայրապետը:

Գնում եմ պտռելու պարոն Դուդուկջյանին, — ասաց նա, — դու իզուր բաց թողեցիր նրան, Հայրապետ, նա շատ անփորձ տղա է:

Երկուսը միասին դուրս եկան օդայից:

Անցնենք ախոռատունը, — ասաց Վարդանը, — քանի օր է չեմ տեսել իմ ձիերին:

Նրանք սկսեցին դիմել դեպի ախոռատունը: Բակում Վարդանը պատահեց Լալային, որ նստած պարտիզի միջով հոսող վտակի ափի մոտ, լվացվում էր: Երևի նա էլ նոր էր զարթնել քնից:

Բարի լույս, Ստեփանիկ, — գոչեց հեռվից Վարդանը:

Լալան ոչինչ չպատասխանեց, միայն գլխի շարժումով ընդունեց նրա ողջույնը և խորհրդավոր կերպով ժպտեցավ:

Ախոռատան մեջ կապած էին Վարդանի երեք ուժեղ ձիաները, որոնցից մեկը իրանն էր, իսկ մյուս երկուսի վրա նստում էին նրա երկու ծառաները՝ Սաքոն և Եզոն, — երկու հսկա տղամարդիկ, որ միշտ անբաժան ուղեկիցներ էին Վարդանի հետ:

Սաքո, — ասաց նա ծառաներից մեկին, — այսօր ձիաները նալել կտաս և ամեն ինչ կպատրաստես ճանապարհի համար, մենք երկար չենք մնալու այստեղ:

Հետո նա մոտեցավ ձիաներին, ձեռքը քսեց նրանց գեղեցիկ պարանոցի վրա, և լուռ նայում էր, կարծես, կամենալով գիտենար թե բավական հանգստացե՞լ են, կարո՞ղ են մի քանի օրվա ճանապարհը մի գիշերվա մեջ անց կենալ:

Հետո նա հրամայեց ձիաներից մեկը թամքել, որը շուտով պատրաստեցին, նստեց Հայրապետից հարցնելով.

Ո՞ր կողմը գնաց պարոն Դուդուկջյանը:

Հայրապետը ցույց տվեց նրան գնացած տեղը, և Վարդանը քշեց ձին դեպի այն կողմը:

Նրա հեռանալուց հետո Հայրապետը ընկավ տխուր մտածությունների մեջ. «Ի՞նչու է նալել տալիս Վարդանը իր ձիաները, այս ի՞նչ ճանապարհի պատրաստություն է, մի՞թե նա պիտի թողնե և գնա առանց Լալայի մասին մի բան խոսելու, առանց նրան բախտավորացնելու, և վերջապես ի՞նչու նա այնպես սաստիկ հոգածության մեջ ընկավ, երբ լսեց պարոն Դուդուկջյանի «երեխայական» վարմունքը, — այս մտածությունները այն աստիճան պաշարեցին նրան, որ բոլորովին շվարած մնաց:

Վարդանին ճանապարհ դնելուց հետո, երբ Հայրապետը վերադառնում էր տուն, նրան պատահեց իր կինը՝ Սառան, որ կաթի ահագին ամանը ձեռքում, գալիս էր փարախից:

Ոչինչ չասա՞ց քեզ Վարդանը, — հարցրեց Սառան կանգնելով, և կաթի ամանը դնելով գետին:

Չասաց, — պատասխանեց Հայրապետը տխուր ձայնով, — նա այժմ բավական ծածկամիտ է դարձել...

Ես ամեն բան գիտեմ, — խոսեց Սառան ուրախությամբ, — նստիր, կպատմեմ քեզ:

Այր և կին նստեցին մի կամնասայլի վրա, որ ձգված էր բակի մեջ:

Սառան պատմեց, թե Լալան բոլորը խոստովանեց նրան, թե այս գիշեր, երբ տանեցիք քնած էին, նա պարտեզում գաղտնի տեսություն է ունեցել Վարդանի հետ: Լալան չթաքցրեց այդ տեսության և ոչ մի մանրամասնությունը: Վերջը Վարդանը ասել է Լալային, թե կխոսե նրա հոր հետ, եթե հայրը չհամաձայնվի Լալային իրեն տալ, կփախցնե և այնպես կտանե:

Ուրեմն դրա համար հրամայեց ծառաներին պատրաստել ձիաները, — խոսեց Հայրապետը, մատը կծելով:

Ի՞նչ կա, թող փախցնե, թող տանե, ավելի լավ, — պատասխանեց Սառան, — եթե նա չտանե, անօրեն քուրդը խո կտանե:

Ես ընդդեմ չեմ... — պատասխանեց Հայրապետը, — բայց...

Խեղճ մարդիկ ուրիշ ժամանակ իրանց աղջկան կնահատակեին, կսպանեին, եթե գիտենային, որ նա գաղտնի տեսություններ է անում մի տղամարղի հետ, որ դեռ իր ամուսինը չէ: Իսկ այժմ ակամա խոնարհվում էին դառն հանգամանքների առջև...

Ի

Վարդանը ամբողջ օրը ձիով ման եկավ, անցավ մի քանի գյուղեր, ամեն տեղ որոնելով Դուդուկջյանին: Նրա հարցուփորձին պատասխանում էին, թե այո՛, տեսել են մի երիտասարդ երկայն կոշիկներով, եվրոպական հագուստով, լայն եզերյա սև գլխարկով, ահագին գավազանը ձեռին և տետրակներով լի պայուսակը կշտից քարշ գցած: Եվ ամեն բերնից լսվում էր միևնույն կարծիքը, թե նա խենթ էր:

Երեկոյան Վարդանը վերադարձավ ծերունի Խաչոյի տունը առանց գտնելու թափառաշրջիկ երիտասարդին:

Ծերունի Խաչոյի հովիվներից մեկը պատմեց Վարդանին, թե նա տեսավ երիտասարդին հարևան գյուղում, և թուրք գյուղացիք հավաքված, նրան ծեծում էին. ինքը ճանաչեց, որ ծեծվողը իր աղայի հյուրն էր և ազատեց կատաղած գյուղացիների ձեռքից:

— «Ես մի այսպիսի բան սպասում էի»... — ասաց Վարդանը ինքը իրեն, և դառնալով դեպի հովիվը հարցրեց.

Ի՞նչու համար էին ծեծում:

Ես չհասկացա, — պատասխանեց հովիվը, — ուզում էի նրան ավանակի վրա դնել և տուն բերել, բայց չընդունեց, ասաց, ես իմ ոտով կարող եմ գալ: Ի՜նչ կգա, ոսկորների մեջ մի հատ էլ ողջ չի մնացել:

Այդ լուրը շատ տխրեցրեց Վարդանին. նա գիտեր, թե ինչ բան է թուրք գյուղացու մուշտին, մանավանդ երբ գործ է դրվում խեղճ հայի մարմնի վրա:

Ո՞րտեղ թողեցիր նրան, — հարցրեց հովիվից:

Կես ճանապարհի վրա: Օրորվելով գալիս էր:

Դեռ օդայի մեջ ճրագը նոր էին վառել, երբ հայտնվեցավ պարոն Դուդուկջյանը, հոգնած և ոտքից ցգլուխ ցեխոտված: Վարդանը սպասում էր, որ նա իսկույն կսկսե պատմել գյուղացիների կոպիտ վարմունքը իր հետ, բայց այդ մասին նա ոչինչ չխոսեց, միայն նրա դեմքի վրա նկարված էր սաստիկ հուսահատություն դառն ատելության հետ:

Նա անցավ, և թեք ընկնելով պառկեց օդայի մի կողմում, թևքը դնելով բարձի վրա:

Դուք կարո՞ղ եք տալ ինձ մի փոքր ծխախոտ, — խնդրեց նա Վարդանից: — Իմը սպառվել է:

Իսկույն, — պատասխանեց Վարդանը և ծխախոտի տուփը տվեց նրան:

Նա դողդոջուն ձեռքով շինեց մի պապիրոս և սկսեց ծխել:

Կատարյալ սֆինքս է, կատարյալ հանելուկ է այդ ժողովուրդը, — խոսեց նա ինքն իրան, — հա՛ մտածիր, հա՛ քննիր, դարձյալ չես կարող ճանաչել: Նա կամ պատմություն չունի, կամ պատմության մի տգեղ, մի այլանդակ արտադրությունն է...

Նա լռեց, անդադար թողնելով իր բերնից պապիրոսի թանձր ծուխը: Կարծես նրա հետ աշխատում էր ցրվել սրտի վրա ծանրացած թախծությունը:

Վարդանը նույնպես լուռ էր: Եվ խորին կարեկցությամբ նայում էր այդ եռանդով լի երիտասարդի վրա, որ երևում էր նրան, որպես մի անփորձ թիթեռնիկ, որ խաղում է ճրագի հետ և իր անզոր թևիկների շարժումով աշխատում է հանգցնել նրա բոցերը...

Նույն միջոցին ներս մտավ ծերունի Խաչոն և քանի րոպեից հետո, ամեն գիշերվա սովորության համեմատ, հավաքվեցան նրա որդիները: Թեև արևի մտնելուց դեռ մի ժամ էր անցել, բայց ընթրիքը շուտ տվեցին, որովհետև, իբրև մշակ մարդիկ նրանք պետք է շուտ ուտեին, շուտ քնեին և առավոտյան վաղ վեր կենային:

Ընթրիքի ժամանակ պարոն Դուդուկջյանը բավական խմեց և նրա սրտի տխուր տրամադրությունը փոքր ինչ ուրախ կերպարանք ստացավ: Նա մինչև անգամ երգեց «տեր, կեցո՛ դու զհայս» Թաղիադյանցի նշանավոր երգը: Երբ սեղանը հավաքեցին, նա դարձավ ծերունի Խաչոյին, ասելով.

Հրամայեցեք օդայի դռները փակեն և մեզ չխանգարեն, ես մի առանձին խոսելիք ունեմ:

Ծերունին զարմացավ, թե ի՞նչ առանձին խոսելիք պիտի ունենա, և ասաց որդիներից մեկին, որ դռները փակե: Բոլորը լռությամբ սպասում էին նրա խոսքին:

Շուտով կհրատարակվի պատերազմ ռուսների և թուրքերի մեջ: Գիտե՞ք այդ բանը, — հարցրեց նա:

Մենք ոչինչ չենք լսել այդ մասին, — պատասխանեցին նրան ծերունին և իր որդիները:

Ես գիտեմ, — ասաց Վարդանը, — մեր կողմերում ռուսները սաստիկ պատրաստություններ են տեսնում:

Այդ լուրը կայծակի նման հարվածեց խեղճ ծերունուն: Նա իր կյանքում մի քանի անգամ տեսել էր ռուսների և թուրքերի մեջ եղած պատերազմները և դեռ չէր մոռացել նրանց սարսափելի հետևանքները հայերի վերաբերությամբ: Իսկ Հայրապետը այժմ հասկացավ քուրդ տիկնոջ մի քանի օր առաջ Սառային հաղորդած խոսքերի գաղտնիքը, թե ի՞նչ նպատակի համար էր պատրաստում Ֆաթթահ-բեկը իր հեծելազորքը:

Այո՛, պատերազմ կլինի, — խոսեց Վարդանը մի առանձին հեգնությամբ. — «ձին և ջորին պիտի կռվեն, իսկ մեջտեղում էշը կսատկի»...

Հաջորդ էջ