Րաֆֆի՝   Խենթը

Այդպես է, -ասաց ծերունու մեծ որդին՝ Հայրապետը, — մեր կողմերի հայերը կտրորվեն, կոչնչանան պատերազմի փոթորիկի մեջ:

Այդ ես էլ գիտեմ... — պատասխանեց ծերունին և նրա ձայնը խեղդվեցավ սրտի կսկիծից:

Լսեցեք, — ասաց պարոն Դուդուկջյանը: Նա աշխատում էր այս գիշեր իր խոսքերը ավելի ռամկացնել և նրանց ավելի հասկանալի ձև տալ: — Այս պատերազմը մինչև այսօր թուրքերի և ռուսների մեջ եղած մյուս պատերազմների նման չէ, դա բոլորովին ուրիշ միտք և ուրիշ նպատակ ունի: Դուք լրագիրներ չեք կարդում, իհարկե, չեք կարող դիտենալ, թե այժմ ինչ է գործվում աշխարհի մի ուրիշ մասում, որին կոչում են Բալկանյան թերակղզի: Այնտեղ նույնպես կան քրիստոնյա ազգեր, որոնք այստեղի հայերի նման թուրքաց հպատակներ են և որոնք այստեղի հայերի նման գարերով տանջվում էին թուրքերի բարբարոսություններից: Բայց նրանք հայերի նման համբերել չկարողացան, ապստամբվեցան. և ահա մի տարուց ավելի է, որ կռվում են թուրքերի հետ նրանց լծից ազատվելու համար: Հաղթեցին, հաղթվեցան, սարսափելի զոհաբերություններ արեցին, վերջը ռուսները մեջ մտան, և քրիստոնեից ազատության անունով, նրանց պաշտպան հանդիսացան: Կ. Պոլսում եվրոպական պետությունների ներկայացուցիչները ժողով կազմեցին, որ այդ ճնշված քրիստոնյա ազգերին մի քանի արտոնություններ, մի քանի իրավունքներ տային, բայց համաձայնություն չկայացավ և խորհուրդը մնաց առանց հետևանքի: Այժմ ռուսները կամենում են սրի ուժով ընդունել տալ թուրքերին այն, ինչ որ նրանք չհամաձայնվեցան ընդունել իրանց հպատակ քրիստոնյաների ազատության մասին:

Այս անցքերի պատմությունը, թեև այն ժամանակ աշխարհի ամենախուլ անկյուններում անգամ տարածվել էր, բայց հայ գյուղացիների համար բոլորովին նորություն էր. նրանք ոչինչ չէին լսել, և այդ պատճառով զարմացած լսում էին պարոն Դուդուկջյանի խոսքերը: Հայ գյուղացին իր հորիզոնից դուրս, իր գավառի մյուս կողմում չգիտե, թե ինչ է կատարվում: Նրանք այսքան միայն լսել էին, թե թուրքերը ինչ-որ պատերազմ ունեն, բայց թե ո՞ւմ հետ է և ի՞նչ բանի համար է պատերազմը, — այդ մասին տեղեկություն չունեին: Եվ թուրքերի պատերազմ ունենալը հայտնի էր նրանց այն առիթով միայն, որ հարկերը խստությամբ պահանջում էին և ավելի շատ էին առնում քան թե առաջ, անդադար կրկնելով, թե «հիմա տերությունը պատերազմ ունի, պետք է օգնեք»:

Ռուսների այժմյան պատերազմը Թուրքիայի հպատակ քրիստոնյաների ազատության համար է, — շարունակեց պարոն Դուդուկջյանը: — Բայց պետք է գիտենաք, որ Թուրքիայի ավելի տանջված, ավելի հարստահարված քրիստոնյա հպատակը հայն է: Այդ դուք ինքներդ լավ եք իմանում, որովհետև ձեր անձի վրա փորձել եք թուրքի ամեն տեսակ բարբարոսությունները: Ուրեմն ժամանակ է, որ հայերն էլ մտածեն իրանց հանգստության համար:

Մենք ի՞նչ պիտի մտածենք, — պատասխանեց ծերունի Խաչոն, — դուք ինքներդ ասում եք, թե ռուսները պատերազմելու են քրիստոնյաների ազատության համար. աստված հաջողություն տա, նրանք կգան և մեզ էլ կազատեն:

Այդ իրավ է, միայն մի բան կա, — մեջ մտավ Վարդանը, — ասում են, «մինչև տղան լաց չլինի, մայրն էլ ծիծ չի տա»: Հայերը իրանց լռությունով, իրանց համբերությունով և իրանց մեծահույս սպասելով ոչինչ չեն ստանա: Հայերը պետք է բողոքեն:

Այո՛, պետք է բողոքեն, — կրկնեց պարոն Դուդուկջյանը, — և այդ բողոքը պետք է հայտնվի նույն ձևով, որպես հայտնեցին մյուս քրիստոնյա ազգերը:

Ուզում եք ասել, թե հայերն էլ պետք է կռվեն... — նրա խոսքը կտրեց ծերունին:

Այո՛, այդ եմ ուզում ասել: Հիմա աշխարհի կարգն այդպես է, և միշտ այդպես է եղել, ով որ զենք գործածել չգիտե, ով որ արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես: Ուրեմն, եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել պետք է ցույց տան, թե իրանք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրանք ևս սպանել գիտեն: Եվ այժմ ամենահարմար ժամանակն է:

Ծերունին մի դառն ժպիտ գործեց իր խորշոմած դեմքի վրա, պատասխանելով.

Օրհնած, ինչո՞վ պետք է ցույց տան, թե քաջություն ունեն կամ սպանել գիտեն: Թուրքերը հայերի մոտ մի դանակ անգամ չեն թողել, որ հարկավորած ժամանակ մի հավի վիզ կտրեն:

Պարոն Դուդուկջյանը դժվարացավ պատասխանել: Վարդանը ասաց.

Զենքեր, որքան կամենում եք, ես կտամ ձեզ, միայն կռվողներ լինեին: Ձեզ հայտնի է իմ պարապմունքը, ես կանտրաբանտիստ եմ, ինձ ծանոթ են բոլոր անցքերը, բոլոր գաղտնի ճանապարհները այստեղ զենքեր անցկացնելու համար:

Միայն զենքը բավական չէ, — խոսեց խոհեմ ծերունին, — դուք կարո՞ղ եք տալ այստեղի հայերին այն սիրտը, այն քաջությունը, որ ունեն մյուս քրիստոնյա ազգերը, որոնք այժմ պատերազմում են իրանց ազատության համար: Զենքը ի՞նչ գործ կարող է կատարել մի ստրկացած ժողովրդի ձեռքում:

Հեշտ չէ այսպես դատել ժողովրդի վրա, տանուտեր Խաչո, — խոսեց պարոն Դուդուկջյանը, — մեր ժողովուրդը բոլորովին չէ կորցրել ո՛չ իր սիրտը, ո՛չ քաջությունը և ո՛չ ազատության զգացմունքը: Մի շարժառիթ, մի հարմար ժամանակ պետք է, որ դրանք հայտնվեն նրա մեջ: Այժմ ամենահարմար ժամանակն է: Ռուսները պիտի պատերազմեն թուրքերի հետ, թող հայերն էլ մի կողմից գլուխ բարձրացնեն: Ես հավատացած եմ, որ ռուսները ամեն կերպով կօգնեն մեզ:

Ծերունի Խաչոյի որդիները բոլորովին լուռ էին և ոչինչ չէին խոսում: Նրանցից մեկը, որ կոչվում էր Հակո, որն իր եղբայրների հետ մի շաբաթ առաջ ունեցած խորհրդի մեջ հայտնեց այն միտքը, թե լավ է, որ իրանց քույր Լալան քուրդ բեկի կինը լինի, որովհետև դրանով կվայելեն իրանց հզոր փեսայի պաշտպանությունը, — այդ Հակոն, որ խորին տհաճությամբ լսում էր իր հոր և նրա երիտասարդ հյուրերի խոսքերը, դարձավ դեպի պարոն Դուդոկջյանը, ասելով.

Եղբայր, քեզանից արյան հոտ է գալիս, մենք ոչ քո չարն ենք ուզում, ոչ քո բարին. էգուց առավոտյան շուտ վեր կաց, բանը-մանդ հավաքիր, և հեռացիր մեր տնից, թե չէ մեր գլխին մի պատուհաս կբերես...

Ծերունի Խաչոն սաստեց որդուն, որ լռե, և ինքը դառնալով պարոն Դուդուկջյանին ասաց.

Դուք մի նեղացեք իմ որդու խոսքերից. նա չգիտե, թե ի՛նչ է խոսում: Լսեցեք ինձ, ես ոչ կարդացել եմ և ոչ էլ իմանում եմ, թե ուրիշ երկրներում ուրիշ ազգեր ի՛նչ են շինում: Բայց որպես երկրագործ մարդ, ես մի բան գիտեմ. մենք՝ գյուղացիներս մինչև հողը չենք վարում, չենք փափկացնում և չենք պատրաստում, մեր սերմը չենք ցանում, որովհետև գիտենք, որ սերմը չի կանաչի, արմատ չի ձգի. միայն կծլի և ինքը իրան կչորանա: Այս բանը Քրիստոսն էլ է ասում իր սուրբ Ավետարանի մեջ, ես շատ անգամ եմ լսել եկեղեցում: Հիմա, որդի, հողը պատրաստ չէ: Ուզում եմ ասել, ժողովուրդը պատրաստ չէ: Պետք էր քսան, երեսուն և գուցե հիսուն տարի առաջ պատրաստել հողը: Երբ այս նախապատրաստությունները կատարված կլինեին, այժմ ձեր սերմերը բարեբեր երկրի վրա կընկնեին, կբուսնեին, կկանաչեին, կաճեին, կհասունանային և մեկին հարյուր և մեկին հազար պտուղ կտային: Ախար մի օրվա մեջ բան չի դառնա: Ախար մենք գիտենք, որ ցանքի վրայից մի քանի եղանակներ են անցկենում, մի քանի տաք և ցուրտ եղանակներ, մինչև հունձքը հասունանում է: Մենք գիտենք, որ ցանքը համ բերում է եղանակների զանազան տեսակ խստություններին, երբեմն փոթորիկը նրան հանգստություն չէ տալիս, երբեմն կարկուտը ծեծում է և երբեմն ձյունը սառցնում է, իսկ երբեմն արեգակի կենսատու ճառագայթները նրան ջերմացնում են, մի խոսքով, ցանքը հազար ու մեկ փորձանքների միջից անցնելով վերջապես պսակում է երկրագործի բաղձանքը... Այսպես էլ ժողովրդի սրտի մեջ սերմանած ցանքի վրայից պետք է անց կենան ժամանակներ, մի քանի խաղաղ և փոթորկալից ժամանակներ, մինչև հունձը կհասունանար...

Շատ գեղեցիկ օրինակ է, — պատասխանեց պարոն Դուդուկջյանը, — ես բոլորովին համաձայն եմ ձեզ հետ: Բայց մի ուրիշ բան կա, այն ևս պետք է ի նկատի ունենալ: Ես այժմ ձեզ հետ պետք է ձեր ձևով` երկրագործի և անասնապահի լեզվով խոսեմ, այդ լեզուն ավելի հասկանալի կլինի ձեզ: Թողեցեք մի անգամ ձեր ցանքը առանց քաղհան9 անելու, և կտեսնեք, որ վայրենի խոտերը կաճեն, կբազմանան, կխեղդեն նրանց և իրանք կբռնեն նրանց տեղը: Ձեր սերմանած բույսերը կոչնչանան: Դա մի տեսակ կռիվ չէ՞, որով ավելի զորեղը սպանում է անզորին: Բոլոր բույսերի մեջ նկատվում է այդ կռիվը, այդ պատերազմը, որով մինը մյուսին աշխատում է ճնշել, ոչնչացնել, որ կարողանա պահպանել իր գոյությունը: Եվ որն որ կռվելու, մաքառելու և մրցելու ընդունակություն չունի, նա զրկվում է կյանքից: Այդ ընդունակությունը ուրիշ խոսքով կոչվում է անձնապաշտպանություն: Անձնապաշտպանության վարժապետը ինքը բնությունն է: Բնությունը բոլոր էակներին, որոնք աճելու և բազմանալու ունակություն ունեն, տվել է իրանց նմանների հետ կռվելու ընդունակություն մեկին շատ, մյուսին սակավ: Ծառերը, խոտերը, անասունները և մարդիկ ևս ունեն այդ ընդունակությունը: Միայն քարերը, փայտերը, մեռած մարմինները մնում են անշարժ և իրանց անձը պաշտպանել չգիտեն, որովհետև նրանք կյանք չունեն: Բայց ուր կյանք կա, այնտեղ կա և այդ բնական կռիվը: Դա կյանքի կռիվ է, որի մեջ ամեն մի էակ ոչ միայն աշխատում է պահպանել իր գոյությունը, այլ աշխատում է և ոչնչացնել իր թշնամիներին, որպեսզի իր աճելությունը ապահով և անարգել կերպով կատարվի...

Այժմ, կարծեմ, դուք հասկանում եք իմ միտքը,-շարունակեց նա: — Բնության մեջ ինչ որ կատարվում է բույսերի և անասունների կյանքում, նույնը կատարվում է և մարդկային կյանքում: Այստեղ ևս հանդիսանում է նույն կռիվը, միայն ավելի սաստիկ և ավելի բազմատեսակ կերպով: Ազգերի կրթության և ընդունակության համեմատ փոփոխվում են նրանց անձնապաշտպանության զենքերը: (Զենքեր ասելով, ես ի նկատի չունեմ միայն սուրը և հրացանը, արհեստը, գիտությունը նույնպես զենքեր են, որոնցմով մի ժողովուրդը աշխատում է տնտեսապես մրցել մի այլ ժողովրդի հետ): Ավելի անքաղաքակիրթ և վայրենի ազգերի մեջ այդ կռիվը կատարվում է միայն ֆիզիկական ուժով՝ սրով: Այդ զենքերով քրդերը և թուրքերը կռվում են մեզ հետ: Անձնապաշտպանության օրենքները պահանջում են պատասխանել թշնամուն նույն զենքով, ինչ զենքով որ նա ճնշում է և մահացնում է մեզ: Հիմարություն կլիներ իմ կողմից ավելին պահանջել, պահանջել այն, որին ընդունակ չէ մեր ժողովուրդը: Ես ցանկություն չունեմ ասելու, թե մենք պետք է սուր վեր առնենք քրդերին և թուրքերին ոչնչացնելու համար, որ մեր հայրերից մեզ մնացած հողի վրա մենք միայն բնակեինք: Ես ասում եմ, որ պետք է սովորենք անձնապաշտպանություն, որպեսզի քրդերը և թուրքերը մեզ չոչնչացնեն: Այդ երկու մտքերի մեջ մեծ տարբերություն կա:

Ծերունի Խաչոն կտրեց պարոն Դուդուկջյանի խոսքը, ասելով.

Ես հասկանում եմ, բոլորը հասկանում եմ, ինչ որ ասում եք դուք, բայց դարձյալ պիտի կրկնեմ նույն խոսքը, որ մի րոպե առաջ ասացի. միանգամով, մի օրվա մեջ այսպիսի մեծ փոփոխություն չի կարող կատարվել, որ մեր ժողովուրդը մի հրաշքով թողնե իր ստրկական բնավորությունը և հասկանա, թե ի՞նչ բան է անձնապաշտպանությունը: Դուք, պոլսեցիքդ, պետք է վաղ սկսեիք այդ գործը. դուք պետք է շատ տարիներ առաջ մեզ սովորեցնեիք, թե ինչ բան է անձնապաշտպանությունը, և այսօր, քրիստոնյաների այժմյան պատերազմների ժամանակ ձեր ցանած սերմերը ցանկալի պտուղ կտային: Դուք չնախապատրաստեցիք մեզ: Դուք ամբողջ ժամանակներ Պոլսում լուռ նստեցիք, և այսօր եկել մեզ ասում եք, թե սուր վեր առեք քրդի և թուրքի դեմ, ձեր անձը պաշտպանեցեք: Ու՞մ կարող եք հասկացնել, թե դա կարելի բան է:

Դուք իրավ եք ասում, մենք, պոլսեցիքս ծույլ և անհոգ գտնվեցանք, մենք չնախապատրաստեցինք ձեզ, — պատասխանեց պարոն Դուդուկջյանը անխռով կերպով: — Բայց ես չեմ խոսում այն բանի վրա, որ այստեղ հայերը կորցրել են իրանց մարդկային բարձր, ազնիվ և վսեմ ձգտումները, դրանք այնպիսի հատկություններ են, որ պահանջում են մի որոշ չափով կրթություն և զարգացում, և որոնց մատակարարելը մեր պոլսեցիներիս պարտքն էր: Ես խոսում եմ անձնապաշտպանության վրա, դրա համար մեծ ուսում և կրթություն պետք չէ: Անձնապաշտպանության զգացմունքը, որպես քանի րոպե առաջ բացատրեցի, այնքան բնական է, որ հատուկ է մինչև անգամ բույսերին, անասուններին և վայրենի մարդիկներին: Մի՞թե հայը անասուններից էլ ստոր է, մի՞թե նա այն աստիճան մեռած է, որ քարի և փայտի նման ոչինչ զգացմունք չունի...

ԻԱ

Ծերունի Խաչոն իր որդիների հետ հեռանալուց հետո, Վարդանը և պարոն Դուդուկջյանը մնացին օդայի մեջ մենակ:

Իրավ որ հողը պատրաստ չէ... — նկատեց Վարդանը, նայելով պոլսեցու բոլորովին դեղնած և տխրամած դեմքի վրա:

Ո՞վ է մեղավոր, — հարցրեց պարոն Ղուդուկջյանը և նույն րոպեում կարծես, նրա սրտի մի մասը խորտակվեցավ ներքին վրդովմունքից: — Ծերունին շատ խելոք է, և ավելի խելոք, քան թե մեզ նման հիմար թուղթ մրոտողները: Նա բավական ճիշտ նկատեց, թե մեր` պոլսեցիներիս գործն էր վաղօրոք պատրաստել ժողովուրդը: Բայց ի՞նչ արեցինք մենք: Ոչինչ... Մենք ամենևին նախապատրաստության հոգ չտարանք, որովհետև մեզ չէր հետաքրքրում իրական Հայաստանը իր սարսափելի թշվառություններովը: Մենք շլացած էինք պատմական Հայաստանի անցյալ փառքովը միայն: Մենք այժմյան Հայաստանը ամենևին չէինք ճանաչում, և ոչ մտածում էինք ճանաչել: Մենք ճանաչում էինք նրան մի քանի հին պատմագիրներից, և երևակայում էինք, թե տիտանների այդ երկրում տակավին Տիգրաններ, Արամներ, Վահագներ, Վարդաններ և Ներսես Մեծեր են բնակվում: Մենք երևակայում էինք նրա բազմամարդ քաղաքները, որոնց մեջ արհեստը և վաճառականությունը հայ մարդու ձեռքում ծաղկելով, շնորհում էին նրան երկրի նյութական հարստությունը: Մենք երևակայում էինք նրա շեն գյուղերը, նրա մշակված դաշտերը, որ լցնում էին հայ երկրագործի շտեմարանները աստուծո բոլոր բարիքներով: Մենք հավատացած էինք, թե երկրի ազգաբնակության մեծամասնությունը բաղկացած է հայերից, որ ապրում են իրանց հայրենի հողի վրա բախտավոր ու խաղաղ կյանքով: Բայց չգիտեինք, թե ամբողջ հայաբնակ գավառներ դատարկվել են հայերից, կամ չքավորությունից սպառվելով և կամ բռնի մահմեդականություն ընդունելով: Չգիտեինք, որ կենդանի հայ մարդու տեղ կգտնենք կամ շարժուն դիակներ և կամ ընդարձակ գերեզմանատներ: Չգիտեինք, որ կրոնը մեր կարծիքով՝ այդ ազգային հաստատության նեցուկը, խորտակվել է, և նրա տեղ մնացել են հոյակապ վանքերի և եկեղեցիների ավերակներ միայն: Չգիտեինք, որ լեզուն, ազգային այդ սրբազան ժառանգությունը, կորել է հայ մարդու բերանից, և այսօր նա խոսում է կամ քրդերեն և կամ թուրքերեն: Չգիտեինք, որ այժմյան քաջ քրդերի մեծ մասը, որոնք հայի համար աստուծո պատիժ և պատուհաս են դարձել, մի հիսուն կամ հարյուր տարի առաջ մեր արյունակից եղբայրներն էին, մեր լեզվով էին խոսում և մեր եկեղեցում էին աղոթում: Մի խոսքով մենք ոչինչ չգիտեինք, մենք այժմյան Հայաստանի մասին խիստ անորոշ և խիստ մթին տեղեկություններ ունեինք, և տակավին հայտնի չէր մեզ, թե հայերից մնացած այժմյան ցիրուցան փշրանքները, դառն հանգամանքների պատճառով, ստրկության ծանր լծի տակ, այն աստիճան փչացել են, այն աստիճան այլանդակվել են, որ կորցնելով իրանց լավ հատկությունները, սեփականել են մի ցած, փոքրոգի, երկչոտ և նենգամիտ բնավորություն...

Վարդանը հետաքրքրությամբ լսում էր. պարոն Դուդուկջյանը շարունակեց.

Բայց մեր ձեռքումն էին հավաքված բոլոր ուժերը, մենք կարող էինք մեծ գործ կատարել: Մեզ մոտ էր ազգի պատրիարքը, ժողովրդի գլուխը, որ բնավ մարմնի վրա չէր մտածում: Մեզ մոտ էր ազգային երեսփոխանական ժողովը, որ զբաղված էր ինտրիգաներով և չնչին հարցերով: Մեզ մոտ էր ուսյալ երիտասարդությունը, որ թնդեցնում էր Բոսֆորի ափերը ազգային սահմանադրության տարեդարձի երգերով, և բնավ չէր մտածում, որ նույն րոպեում Հայաստանում արյուն և արտասուք էր հոսում: Մեզ մոտ էր տպագրությունը, որ ամենևին ուշադրություն չէր դարձնում, թե ի՞նչ վիճակի մեջ է ապրում հայը հայրենի հողի վրա, և միշտ զբաղված էր օտարների կյանքով: Մեզ մոտ էին դպրոցները, որ չտվեցին Հայաստանին ոչ մի վարժապետ: Մեզ մոտ էր թատրոնը, որ մի անգամ գոնե դուրս չբերեց իր բեմի վրա հայաստանցու թշվառ պատկերը, և կերակրում էր հասարակությունը ֆրանսիական խոհանոցի աղտեղություններով: Մեզ մոտ էին ազգի պետերը, որ շողոքորթում էին Դռան կամայականությունները և իրանց համար փառք էին դիզում: Մեզ մոտ էր նյութական ուժըարծաթը, որ ամիրաների պալատներն էր միայն զարդարում և հայաստանցու բարօրության համար մի փարա անգամ չէր ծախսվում: Մի խոսքով մենք մեր ձեռքում բռնած ունեինք ազգի հառաջադիմության ղեկը, կարծես, մի չար մտքով նրան մոլորեցնելու և դեպի կորուստ տանելու համար...

Ես, — առաջ տարավ նա, — իմ և իմ մի քանի համախոհների դիտավորությունը կատարյալ դոնքիշոտություն եմ համարում: Ի՞նչ կարելի է սպասել: Ամբողջ ժամանակներ նստել Պոլսում բոլորովին անգործ, չհետազոտել Հայաստանի կյանքը, չուսումնասիրել երկիրը, չծանոթանալ ժողովրդի պետքերի և պահանջների հետ, չնախապատրաստել նրան մի լավ ապագայի համար, և հանկարծ հայտնվել նրա մեջ, նրա ձեռքը զենք տալ, որ կռվե իր անձնապաշտպանության համար, դա հազիվ թե կարող էր ընդունելություն գտնել: Այսուամենայնիվ, ես չեմ վհատում, իմ հավատը բնավ չէ խախտվում, ես և գուցե իմ բոլոր համախոհներս կընկնենք, բայց մեր անկումը ճանապարհ կբացանե մեր հետևողների առջև. նրանք կանցնեն մեր դիակների վրայով...

Վերջին խոսքերը լսելու ժամանակ Վարդանը չկարողացավ զսպել իր սրտի զեղմունքը, նա գրկեց պարոն Դուդուկջյանին և համբուրեց նրան, ասելով.

Այսպիսի գործը, այո՛, զոհ է պահանջում... փա՜ռք և պատիվ նրան, ով որ կլինի առաջին զոհը...

Գիշերի կեսից անցել էր արդեն: Օդայի մեջ քնելու անկողինները վաղուց պատրաստ էին: Բայց երկու երիտասարդները երկար մնացին անքուն: Պարոն Դուդուկջյանը կրիտիկական անխնա քննադատությամբ խոսում էր Կ.Պոլսի ցնորամիտ երիտասարդության վրա, խոսում էր եկեղեցականների վրա, ասելով. «Եթե այդ երկրում գտնված վանքերի և եկեղեցիների տասնից մեկ մասի փոխարեն օրինավոր դպրոցներ լինեին, այժմ Հայաստանը փրկված կլիներ»:

Հանկարծ օդայի դուռը մեղմիկ կերպով զարկեցին: Վարդանը գնաց և բաց արեց: Հայտնվեցան Հայրապետը և Ապոն, երկու եղբայրները, որ որոշվում էին ծերունի Խաչոյի և մյուս որիդներից իրանց բոլոր հատկություններով:

Մենք այսպես տարաժամ կերպով եկանք ձեզ մոտ, որ չնկատեն մեզ, — ասաց Հայրապետը իր եղբոր հետ նստելով: — Երևի անհանգստացրինք ձեզ:

Ամենևին, — պատասխանեց Վարդանը, — մենք քնել չկարողացանք, դեռ խոսում էինք: Երևի, ձեր տանը բոլորը քնած են:

Բոլորը, — պատասխանեց Ապոն, — միայն հայրս անքուն էր և իր անկողնի մեջ անդադար հազում էր: Երբ նա հազում է, կնշանակե, մի բանի վրա մտածում է:

Վարդանը և պարոն Դուդուկջյանը իսկույն նկատեցին, որ երկու եղբայրների այդ անագան պահուն իրանց մոտ գալը առանց նպատակի չէր լինելու, և սպասում էին, մինչև նրանք կհայտնեին իրանց խորհուրդը:

Մենք մեր հոր և մյուս եղբայրների մոտ ոչինչ խոսել չկարողացանք, — ասաց Հայրապեսը լուրջ կերպով, — և այս պատճառով շտապեցինք ձեզ հայտնել, որ մենք բոլորովին համակրում ենք ձեր մտքերին և ամեն կերպով պատրաստ ենք ծառայելու ձեր նպատակներին, ինչ գործում որ հարմար կհամարեք:

Պարոն Դուդուկջյանի սառն դեմքի վրա փայլեց ուրախության պայծառ մի նշույլ. դա միսիոնարի ուրախություն էր, երբ երկու հավատացյալ է ձեռք բերում և մտածում է, թե իր հոտը արդեն կազմված է, թե այդ երկուսը սկիզբ կդնեն հազարների:

Բոլորովին սխալ է մտածել,-խոսեց Հայրապետը, — թե այստեղի հայերը հոգվով, սրտով և ամեն բարձր ձգտումներով մեռած են: Բայց մի բան կա, որ հայերի ընդհանուր թերությունն է: Ամեն մի հայ, առանձին վեր առած, զգույշ է, մտածող է, անվստահ է և սեփական կամք չունի: Նա միշտ սպասում է օրինակի, որ ուրիշը սկսե, իսկ ինքն նրան հետևի: Օրինակը, մանավանդ հաջողված գործի օրինակը, նրա վրա մեծ ազդեցություն է գործում: Այս դեպքում հայը մի քանի պայմաններ միշտ աչքի առջև ունի: Նա բնավ չէ հետաքրքրվում, թե ինչպես են ապրում, ինչ եղանակով են գործում օտար երկրներում: Ուզում եմ ասել, որ հայը օտարներից օրինակ չէ վեր առնում, այլ սպասում է, որ օրինակը տար նրան իր նման մի հայ: Ուրեմն մենք առաջին օրինակը կտանք, և ես հավատացած եմ, որ մեզ կհետևեն շատերը: Ես լավ եմ ճանաչում մեր ժողովուրդը. նա այնքան շատ տանջվել է, որ հենց այս րոպեիս պատրաստ է թուրքի, քրդի միսը ուտել և արյունը խմել, եթե մի հնար կգտնե: Նա սրտում սաստիկ ատելություն ունի, միայն այդ ատելությունը թաքնված է:

Վարդանը և պարոն Դուդուկջյանը ուրախությամբ լսում էին Հայրապետի ասածները: Նրա մեջ խոսում էր ժողովրդի ձայնը.

Երջանի՛կ է այն ժողովուրդը, որ ատել գիտե, — բացականչեց պոլսեցի երիտասարդը մի առանձին ոգևորությամբ: — Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից...

Իմ հայրը ասում էր, թե հողը պատրաստ չէ, — խոսեց Հայրապետը: — Նա իսկապես խելացի մարդ է, նրա սրտում կան շատ ծածկված բարի խորհուրդներ: Բայց նրա խելացի խրատները, նրա զգուշավորությունը հասնում է մինչև հանցավորության: Նա իր համբերությամբ թմրեցրել է մեզ և պահել է քարացած անշարժության մեջ: Մեր դրության մեջ, իմ կարծիքով, համարձակությունը, անձնավստահությունը և մինչև խենթության հասած հանդգնությունը ավելի գործ է կատարում, քան թե իմաստունների լուրջ և խոհեմ մտածությունները:

Այո, «մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա»... — պատասխանեց Վարդանը ծիծաղելով:

Այդ շատ ճիշտ է, — նկատեց պարոն Դուդուկջյանը: — Խելացիների խելքը շատ անգամ խաբում է իրանց, և խաբվածները այն ժամանակ միայն հասկանում են՝ թե հիմարվել են, երբ գժերը իրանց գործը արդեն ավարտած են լինում... Մի ժամանակ Կ. Պոլսի մեր խելացիները մտածում էին, թե հայերի համար ավելի նպաստավոր է թուրքաց անկիրթ և անկարգ կառավարությունը, քան թե մի բարեկարգ և քաղաքակրթված կառավարություն: Մտածում էին, թե մի քաղաքակրթված կառավարություն իր կուլտուրական բարձը զգացումով կարող էր կլանել և ոչնչացնել հայերին. մինչդեռ խելացի հայերը, օգուտ քաղելով թուրքի հիմարություններից, գոյության կռվի մեջ կարող էին մրցել նրա հետ, կարող էին հաղթող հանդիսանալ: Այդ ենթադրությունը թեորիայի կետից ուղիղ է: Բայց ամենաճիշտ փիլիսոփայական թեորիան երբեմն կյանքի փորձի մեջ հայտնվում է սխալ: Պատմությունը իր առանձին զարտուղություններն ունի: Եթե մի քաղաքակրթված մեծ ազգություն կարող է կլանել փոքր ազգությունները, նույնը կարող է կատարել և մի անքաղաքակիրթ մեծ ազգաթյուն իր մանր հպատակ ազգությունների վերաբերությամբ: Տարբերությունը միայն գործ դրած միջոցների և հնարների մեջն է, մեկը սպանում է բարբարոսական միջոցներով, մյուսը՝ կուլտուրայի միջոցներով:

Ես ավելի պարզ կխոսեմ, — շարունակեց պարոն Դուդուկջյանը: — Մեզանից ոչ ոք մինչև այսօր չէր հասկացել թուրք կառավարության գաղտնի քաղաքագիտությունը հայերի վերաբերությամբ: Մեզանից ամեն մեկը երեխայական կարճատեսությամբ կրկնում էր, թե «մեր ապագան Թուրքիայումն է»: Մենք նայում էինք կատարվող զեղծումների, անկարգությունների և բարբարոսությունների արտաքին մակերևույթի վրա, բայց թե ո՞րպիսի դժոխային մեքենայություն էր թաքնված նրանց տակին, այդ մենք չինք տեսնում: Մենք միայն տեսնում էինք հարստահարություններ, սպանություններ, բռնի կրոնափոխություններ և զանազան տեսակ չարագործություններ, որ կատարում էին մեր հարևան բարբարոս ցեղերը: Այդ բոլորը մենք առօրյա և պատահական էինք համարում, և չգիտեինք, որ հիշյալ անկարգություններին մի գաղտնի քաջալերող կա, չգիտեինք, որ այդ բոլորը կատարվում է բարձր աստիճանավորների թելադրությամբ: Մենք մեղադրում էինք կառավարությանը այն մտքով միայն, որ նա թույլ է, որ նա անհոգ է, որ նա իր անզգամ հպատակները զսպել չգիտե: Բայց չէինք հասկանում, որ կառավարության պաշտոնյաները իրանք այդ բարբարոսներին գրգռում էին հայերի դեմ, քրիստոնյա տարրը ոչնչացնելու համար: Ինչո՞ւ, կհարցնեք ինձ:

Թուրքիան շատ լավ է հասկացել, եթե նա մի օր կզրկվի իր եվրոպական ու ասիական նահանգներից, այդ կորստի պատճառը լինելու են տեղային քրիստոնյա ազգաբնակությունները: Նա հասկացել է, որ քրիստոնյա հպատակների գոյությունը իր պետության մեջ ամեն անգամ պետք է առիթ տա քրիստոնյա թագավորներին միջամտելու Թուրքիայի գործերի մեջ և բարձրացնել մի նոր արևելյան հարց: Իր նահանգները չկորցնելու համար, քրիստոնյա թագավորների միջամտությունից ազատելու համար, թուրքը ստիպված է ոչնչացնել քրիստոնյաներին: Քրիստոնյաների պատճառով նա իր եվրոպական նահանգներից շատերը կորցրեց և մնացածը կորցնելու վրա է: Իսկ ասիական երկրներից իր ամբողջությունը պահպանել է միայն Փոքր Ասիան: Այստեղ գլխավոր քրիստոնյա ազգությունը, որ սպառնում է պետության այդ մասնի անջատմանըեն հայերը: Ուրեմն եվրոպական տերությունների ձայնը կտրելու համար, պետք է ցույց տալ նրանց, որ Հայաստանում հայ չկա: Այդ սպանության գործի մեջ Թուրքիան ընտրել է ամենահարմար դահիճներ՝ քրդերին և չերքեզներին:

Եթե հավաքելու լինենք վերջին 20-30-50 տարիների ընթացքում կատարված փաստերը, կհամոզվենք, որ այդ բոլորը ճշմարիտ է: Կհամոզվենք, որ հայերի վերաբերությամբ գործված հարստահարությունները, ճնշումները, հալածանքները, հափշտակությունները, մի խոսքով բոլոր բարբարոսությունները պատահական երևույթներ չեն: Կհամոզվենք, որ այդ բոլորի մեջ թաքնված է մի նախապես մտածված, կարգադրված հիմք և նպատակ, որ ծառայում են հայկական տարրը հետզհետե տկարացնելու, սպանելու և վերջապես ոչնչացնելու համար: Ես կհիշեմ մի քանի փաստեր միայն: Հայերին անձնապաշտպանության բոլոր հնարներից զրկելու համար, խլեցին նրանց ձեռքից զենքը, կապեցին, կաշկանդեցին նրանց ձեռքերը, իսկ հայերի թշնամիների ձեռքում զենք տվեցին: Հետո տեսան, որ այդ բավական չէ հայերին տկարացնելու համար, տեսան, որ այդ տարրը, որպես մի աշխատասեր և տնտեսագետ ժողովուրդ, կարողանում է մրցել իր հակառակորդների հետ, կարողանում է իր գոյությունը պահպանել իր նյութական զորությունով՝ իր հարստությունով: Ուրեմն պետք է ամեն հնարք գործ դնել, որ նա աղքատանա, ուրեմն պետք է տնտեսապես մահացնել նրան: Հարկերը ծանրացրին, շրջաբերության մեջ եղած արժեթղթերը ոչնչացրին (առանց նախապես հայտարարելու ժողովրդին), մի խոսքով զանազան տեսակ ֆինանսական խարդախություններ գործ դրեցին, որպեսզի ժողովրդի ձեռքում գտնված դրամը իր արժեքը կորցնի և հարկերը վճարելու անկարող լինի, որպեսզի առիթ ունենան նրա տնտեսության ամենաանհրաժեշտ պարագայքը հարկերի փոխարեն վաճառել տալու, նրան երկրագործության աշխատություններից զրկելու համար: Այդ միջոցները դարձյալ չկարողացան լրացնել Թուրքիայի նպատակը: Ժողովուրդը տոկուն էր. եթե իր հայրենի երկրում վաստակ չէր գտնում, պանդխտանում էր դեպի օտար աշխարհ, այնտեղ փող էր վաստակում և բերում, լցնում էր գանձարանը: Ուրեմն ի՞նչ պետք էր անել: Թուրքիան մտածեց միանգամից ցամաքացնել հայ ժողովրդի ապրուստի աղբյուրները. նա հնարեց իր կալվածական ամենախորամանկ օրենքները, և հայերը զրկվեցան կալվածատերության իրավունքից: Հայերի ձեռքում գտնված հողերը անցան քուրդ դերբեյների, չերքեզների, մուֆթիների, ղադիների և զանազան վայրենի էշիրաթների ձեռքը: Դրանք տեր դարձան, իսկ հայը, աշխատասեր և արդյունաբերող հայը, դարձավ այդ բարբարոսների հողերը մշակող ստրուկը և ճորտը: Հայաստանում հայերի և մահմեդականների մեջ եղած այժմյան անթիվ և անհամար կալվածական վեճերը ու դատերը կամ մնում են կառավարության կողմից առանց ուշադրության, կամ եթե վճռում են, վճիռը կայանում է անպատճառ հօգուտ մահմեդականին: Հազարավոր օրինակներ կան այդ մասին: Եվ այդ վճիռների մեկի քննությունը բավական է ապացուցանելու համար, թե կառավարությունը չէ ցանկանում, որ հայի ձեռքում հող մնա, այլ ցանկանում է, որ նա զրկվի իր պապերի ժառանգությունից, որպեսզի դրանով կարողանա ավելի սաստկացնել հայերի գաղթականությունը, և Հայաստանը դատարկելով հայերից, նրանց տեղը լցնել քրդերով և չերքեզներով:

Այժմ տեսնո՞ւմ եք,-շարունակեց պարոն Դուդուկջյանը, — որ այդ բոլոր չարագործությունների մեջ մի ներքին կապ կա, մի գաղտնի և դժոխային նպատակ կա: Ես ավելորդ եմ համարում խոսել մասնավոր երևույթների վրա և ցույց տալ, որ տեղական իշխանության պաշտոնյաները շատ անգամ աշխատել են արհեստական կերպով սով պատճառել հայաբնակ գավառներում, որպեսզի քրդերի և չերքեզների սրից ազատ մնացած հայերին կոտորեն քաղցածությունով: Դա հրեշավոր մի սպանություն է, որին ընդունակ է անգութ, անողորմ թուրքը միայն: Մաշել ժողովուրդը աղքատությունով, տնտեսապես սնանկացնել նրան, զրկել ապրուստի բոլոր միջոցներից, ահա գլխավոր զենքերը, որոնցմով թուրքը աշխատում է այժմ ոչնչացնել հայ տարրը: Նա գիտեր, որ ուրիշ զենքով դժվար է մահացնել մի ժողովուրդ, որի զորությունը կայանում է իր աշխատասիրության և նյութական կարողության մեջ: Զեյթունի հայերը վարուցանքի տեղ չունեն. նրանց ապրուստի և արդյունաբերության գլխավոր աղբյուրներն են երկաթի հանքերը, որ բովագործում են նրանք, պատրաստում են զանազան տեսակ գործիքներ, կամ այնպես անպատրաստ տանում են մերձավոր գավառները, և վաճառելով, փոխարենը գնում են ինչ որ իրանց պետք է: Թուրքիան մի քանի անգամ փորձ փորձեց խլել զեյթունցիների ձեռքից այդ հանքերը, միայն քաջ լեռնաբնակների սաստիկ ընդդիմադրությունը կարողացավ փրկել իրանց ապրուստի գլխավոր հարստությունը: Վանա հրդեհը այդ տեսակ մեքենայությունների մի ճշգրիտ օրինակ կարող է համարվել: Հայերը այս քաղաքում բավական հարստացած էին. մի գիշերվա մեջ նրանց բոլոր խանութները կրակի մատնեցին: Չնայելով հայերի անդադար բողոքներին, տեղական իշխանությունը մինչև անգամ քննություն սկսել չկամեցավ, որ հայտնվեն չարագործները: Որովհետև ինքն իր վրա քննություն սկսել չէր ցանկանում...

Մեզ մինչև այսօր զարմացնում էր այն միտքը, թե ի՞նչու Թուրքիան այնքան շողոքորթում է քրդերի և չերքեզների ցեղապետներին, շողոքորթում է նրանց հոգևոր գլուխներին կամ շեյխերին, որոնք իրանց անկարգություններով ոչ սակավ հոգսեր են պատճառում կառավարությանը: Դրանք շատ անգամ հարկեր չեն վճարում, շատ անգամ ահագին խումբերով ասպատակում են այս և այն գավառները: Մի՞թե, մտածում էինք մենք, եթե իշխանությունը ցանկանա, չէ կարող զսպել այդ ավազակներին: Հիմա հասկանում ենք, որ Թուրքիային պետք է իր ձեռքում ունենալ այսպիսի գործիքներ: Նպատակը՝ բացահայտ է...

Պարոն Դուդուկջյանը, կարծես, աշխատում էր այս գիշեր դուրս թափել բոլոր դառնությունները, որ ծանրացած էին նրա սրտի վրա: Տառապյալ ժողովրդի ցավը, նրա անբախտ վիճակը, նրա տխուր ապագան, որ նկատվում էր նրա աչքի առջև իր սև գույներով, այդ բոլորը լցրել էին նրա հոգին մի արդար վրդովմունքով:

Հանգամանքները, կյանքի պայմանները, — ասաց նա, — ստիպեցնում են մարդուն իր նմանների հետ վարվել այնպես, որպես վարվում են օտարները իր հետչարին չարով պատասխանել: Ուրիշ հնար չկա: Բոլոր արարածների մեջ մարդը միայն է, որ գազաններից ավելի անգութ և ավելի անիրավ կերպով է վարվում իր նմանների հետ: Գազանը գոնե միանգամից մահացնում է և հանգստացնում է իր զոհին: Բայց մարդը հաջորդաբար է վարվում: Նա տանջում էճնշում է, բարոյապես և մտավորապես մաշում է, և իր զոհի կենսական բոլոր ուժերը սակավ առ սակավ սպառելով, այնպես է սպանում: Դա մի սարսափելի սպանություն է: Այսպիսի սպանություն գործելու ընդունակ է մարդը միայն: Այսպիսի սպանություններ կատարվում են ոչ միայն մասնավոր անհատների վերաբերությամբ, այլ ամբողջ ազգերի վերաբերությամբ ևս: Մի այսպիսի սպանություն սպառնում է մեզ: Մի՞թե սույն նպատակով չեն վարվում մեզ հետ թուրքերը, քրդերը և չերքեզները: Մի՞թե սույն պատճառներից չէ, որ այսօր Հայաստանը մեծ մասամբ դատարկվել է հայերից:

Հաջորդ էջ