Րաֆֆի՝   Զահրումար

Տիկին Բարբարեն մտածեց յուր աղջկան հանդես դուրս բերել, երբ նկատեց, որ նրա վրա ուշադրություն չէին դարձնում: Նա խնդրեց աղջկան, որ մի փոքր նվագե դաշնամուրի վրա: Օրիորդը կատարեց մոր խնդիրը:

Քաջբերունին սկսավ ուշադրություն չդարձնել նրա նվագելուն, երբ հենց առաջին անգամից նշմարեց, որ լավ չէ նվագում: Օրիորդը վերջացրեց նվագելը, իսկ Քաջբերունին հայտնեց յուր նկատողությունները նրա նվագելու մասին, որոնք բոլորովին վշտացրին օրիորդի ինքնասիրությունը: Այսուամենայնիվ մայրը նրան ծածուկ նշանացի արավ զբաղեցնելու հյուրերին:

Օրիորդը նախ սկսավ հարցնել Պետերբուրգից. օրինակ՝ քանի՞ թատրոն կա այնտեղ, կայսրը ո՞ր թատրոնն է գնում. Նևսկի պրոսպեկտը քանի՞ վերստ երկարություն ունի. այնտեղի այգիքը և զբոսարանները գեղեցի՞կ են: Այնուհետև նա խոսքը դարձրեց համալսարանի վրա և հարցրեց ուսանողների կյանքից, հարցրեց, թե կա՞ն այնտեղ աղջիկ ուսանողներ և այդ աղջիկ ուսանողների մեջ կա՞ն նշանավոր և տաղանդավոր օրիորդներ: Այս հարցմունքներից հետո նա խոսակցության մեջ ներս բերավ «կանանց ազատության հարցը»: Լսելով Քաջբերունու գալու մասին, մի քանի օր նա եռանդով կարդում էր Ստուարդ Միլլը և, զինավորելով յուր միտքը մի քանի փաստերով, նա սկսավ տաքությամբ պաշտպանել կանանց լիակատար ազատությունն ու հավասարությունը տղամարդկանց հետ:

Քաջբերունին առաջ չուզեց այդ խնդրի վրա խոսել օրիորդի հետ, մտածելով, որ այդ հարցը բարձր է նրա հասկացողությունից, բայց կամենալով նրան դուրս բերել այդ տեսակ մտավոր մոլորությունից՝ ասաց.

Ավելի լավ է, որ դուք ձեր միտքը գաղափարական երազներով չհրապուրեք, այլ ուսումնասիրեցեք կյանքի իրական կողմերը:

Ներեցեք, պարոն, — պատասխանեց օրիորդը, — մի՞թե գաղափարական երազ կարող է համարվիլ այն, որ ես ասում եմ, թե կանանց դրությունը ստրուկի դրություն է, և նրանց պետք է հավասար իրավունք տալ մարդկային ընկերության մեջ:

Այդ դարձյալ երազ է, — խոսեց Քաջբերունին սառնությամբ, — որովհետև քանի կինը բարոյապես և իմացականապես լավ չի կրթված իբրև մարդ, նա չունի իրավունք պահանջելու ձեր ասածազատությանը կամ հավասաաւթյունը:

Կրթությունը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ նրա համար, երբ նա ճնշված է տղամարդու բռնակալության ներքո:

Կրթությունը կտա նրան իրավունք ներս մտնել հասարակական կյանքը որպես մարդ, յուր կատարյալ ազատությամբ. բայց կանացի սեռը, մանավանդ արևելյան ազգերի մեջ, դեռ շատ անկիրթ է: Պետք է աշխատել կրթել դրանց:

Օրիորդ Սոֆին վշտացավ և կարմրեցավ:

Քաջբերունին նշմարելով նրա վրդովմունքը` խոսեց.

Արդարև, կանանց սեռի հարեմների մեջ փակված դրությունը վաղուց ցույց տվավ լուսավոր աշխարհին դրա վատ հետևանքները: Այսուամենայնիվ ես չեմ կարող համաձայնել, որ կանայք, մանավանդ մեր ազգի մեջ, բոլորովին արձակ և ազատ հանդես դուրս գան իբրև հասարակական ընկերության անդամներ, երբ նրանք այդ մասին ամենևին պատրաստված չեն. նրանք դեռևս շատպետք է ուսանեն:

Օրիորդ Սոֆին ոչինչ չպատասխանեց: Քաջբերունին նշմարեց, որ յուր նկարողությունները վատ տպավորություն գործեցին օրիորդի վրա, նա խոսքը կտրեց և դարձավ դեպի տիկին Բարբարեն:

Նույն միջոցին օրիորդ Սոֆին, հազիվ լսելի ձաչնով, ասաց Արամյանին.

Ձեր ընկերը խիստ անխիղճ է դեպի կանացի սեռը. բայց ցանկալի էր ինձ գիտենալ, թե ի՞նչպես է նայում նա մանուկ օրիորդների վրա:

Դուք արդեն նկատում եք նրա սառնասրտությունը, — պատասխանեց Արամյանը:

Տիկին Բարբարեն, իբրև անուս և հասարակ գերդաստանի աղջիկ, զուրկ էր այն հնարներից, որով մի բարեկիրթ տանտիկին կարող էր զբաղեցնել յուր հյուրերին: Այդ պատճառով նա առավելապես աշխատում էր յուր հյուրերին հքապուրել քաղցրավենիքով, դրա համար նա հրամայեց թեյից հետո մատուցանել թարմ միրգ և զանազան տեսակ մուրաբաներ: Բայց նրանք երկար չնստեցին, այլ մի քանի րոպեից հետո հեռացան: Նրանց ճանապարհ դնելու ժամանակ օրիորդ Սոֆին բռնեց Քաջբերունու ձեռքը և խնդրեց նրանից պատվել իրանց յուր հաճախակի այցելությամբ, ավելացնելով, թե նրա կարծիքներին բոլորովին համակրեց ինքը:

Ի՞նչպես թվեցավ քեզ այդ օրիորդը, — հարցրեց Արամյանը Քաջբերունուց, երբ նրանք հասան իրանց կացարանը:

Մի պաճուճյալ խրծիկ, ուրիշ ոչինչ, — պատասխանեց Քաջբերունին՝ դեմքը խոժոռելով:

Բայց տեսա՞ր ինչքան օժտված է նա բնությունից:

Ուրեմն դու ևս Դիաչկովի նման կոչիր նրան գեղեցկության դիցուհի:

Չի կարելի ուրանալ, թե նա գեղեցիկ է:

Դիցուք գեղեցիկ է, բայց ի՞նչ կարելի է հուսալ նրանից:

Շատ բան, — պատասխանեց Արամյանը:

Այո՛, կարելի է հաստատ հույս ունենալ, թե նա կարող է լինել հրապուրիչ սիրուհի յուր տարփածուի համար, բայց ոչ երբեք ժրագլուխ տանտիկին և հավատարիմ ամուսին:

Նա ի՞նչ մեղավոր է, — կրկնեց Արամյանը:

Ես գիտեմ, որ մեղավոր չէ այդ աստծո գառնուկը, այլ մեղավոր են նրա հիմար ծնողները և յուր կրթությունը, որ այնպես կեղծել են նրան:

Նայելով այդ հանգամանքներին, — ասաց Արամյանը, — դարձյալ թող շատ ապրին մեր Հայաստանի պարզ և չքնաղագեղ օրիորդները. նրանք թեև մի գունդ միս են, նրանք թեև կրթությունից զուրկ են իսպառ, բայց նրանց բարոյականությունը մնացել է անկեղծ և անխարդախ, այդ պատճառով և նրանք լինում են հավատարիմ ամուսիններ և աշխատասեր տանտիկիններ:

Եվ այնուհետև նրանք երկար ու երկար սկսան խոսել կանացի սեռի դաստիարակության վրա:

Բայց բոլորովին այլ խորհրդածության մեջ էր օրիորդ Սոֆին: Նա ոչինչ պակասություն չէր նկատում յուր թե՛ ուսման և թե կրթության մեջ. նա յուր գեղեցկությամբ այնքան հպարտացած էր, որ կարծում էր, թե կիշխե բոլոր տղամարդկանց վրա: Եվ միտ բերելով Քաջբերունու սառնասրտությունը դեպի ինքը և նրա հերքողական պատասխանները յուր կարծիքների դեմ, չէր կարողանում ոչինչ կերպով համոզվել, թե այդպիսի վարմունքը և այդպիսի վեճը կարող էին առողջ դատողության ծնունդ լինել:

Բայց Արամյանի փափուկ բնավորությունը, նրա քաղցր խոսակցությունը և շնորհալի վարմունքը խելագարության չափ հիացրել էին ախտաբորբոք օրիորդին, և նա սպասում էր նրա մեջ գտնել յուր սրտի ցանկալին:

Բոլորովին այլ էր տիկին Բարբարեի մտածությունները. նա շատ ուրախ էր մանուկ տղամարդկանց այցելությամբ, նա շատ գոհ էր յուր դստեր խոսակցությունից նրանց հետ, թեև նրան բոլորովին անհասկանալի էր այդ: Միևնույն ժամանակ նրա գլխի մեջ պտտվում էր մի այսպիսի խորհուրդ՝ պսակել յուր դուստրը մայրաքաղաքի այդ բարեկիրթ ուսանողներից մինի հետ:

ԺԸ

Կոջորի սառն, հովասուն օդը և խոնավ կլիման, փոխանակ ուղղելու Քաջբերունու առողջությունը, խիստ վատ ներգործություն արեցին նրա վրա: Նրա ավերված թոքերը դարձյալ ցավագարվեցան, և նա սկսավ ծանր կերպով հազալ: Նա փակված էր յուր կացարանում և ամենևին դուրս չէր գնում տանից:

Արամյանը խիստ տխուր էր սիրելի ընկերոջ տկարության համար և ամբողջ օրը չէր հեռանում նրա մոտից: Այդ պատճառով մի շաբաթից ավելի էր նա չէր եղած Հացի-Գելենց մոտ:

Մի գիշեր նա երկար նստած Քաջբերունու մահճակալի մոտ, դառն մտածության մեջ էր. հիվանդն անդադար հազում էր և հոգվոց հանում: Արամյանը նշմարելով, որ նա քնեց, հուշիկ, ոտքի մատների վրա հեռացավ նրա քնարանից: Նա դուրս եկավ բակը` մի փոքր թարմ օդ շնչելու:

Հիանալի լուսնկա գիշեր էր: Բոլոր շրջակայքում թրթռում էր ամառային եղանակը տաք, մանկական, ախտաբորբոք կյանքով: Անցնելով Հացի-Գելենց կացարանի մոտից, հանկարծ լսեց նա քնքուշ ձայն.

Պարոն Վահե:

Մին էլ երևան ելավ օրիորդ Սոֆիի վայելչահասակ կերպարանքը, որ նույն րոպեին նմանում էր գիշերային հավերժահարսի:

Օրիորդ Սոֆի, այդ դո՞ւք եք, — մոտեցավ նրան Արամյանը:

Այո՛ , — պատասխանեց նա:

Այս խորին գիշերային պահո՞ւն:

Այնպես, դուրս եկա...ես ինքս չգիտենալով, թե ինչո՞ւ համար...

Արամյանը տեսավ, որ նրա դեմքն այնպես գունատված էր, ինչպես սառն մարմարիոն և նրա գիսակները խառնված էին և աչքերը վառվում էին կատաղի կրակով:

Դուք այլևս չեք երևում, պարոն Վահե, — հարցրեց օրիորդը:

Ընկերիս հիվանդությունը չէ թողնում ինձ տանից հեռանալ, — պատասխանեց Արամյանը:

Այժմ ի՞նչպես է նա:

Լավ չէ՛:

Վա՜յ, ափսոս: Ի՞նչ է նրա հիվանդությունը:

Բարակացավ:

Վաղո՞ւց է:

Այո՛, վաղուց, համալսարանում ևս ուներ:

Օրիորդը մտածմունքի մեջ ընկավ: Կարծես այդ լուրը տխրեցրեց նրան:

Տեսնո՞ւմ եք, պարոն Վահե, ի՜նչ հիանալի գիշեր է, — խոսեց նա րոպեական լռությունից հետո:

Այո՛, հիանալի է, — պատասխանեց Արամյանը:

Պարոն Վահե, բարի եղեք, գնանք մի փոքր շրջելու. չէ՞ որ դուք ևս սիրում եք լուսնկա գիշերը:

Ես սիրում եմ, միայն այժմ խիստ ուշ է. գիտե՞ք, ժամը երկուսն է:

Խնդրում եմ... գնանք. ձեզ ասելու բաներ ունիմ, այստեղից մի քիչ հեռանանք...:

Արամյանը ակամայից համաձայնեցավ:

Դեպի ո՞ւր, — հարցրեց նա:

Դեպի անտառ, — պատասխանեց օրիորդը, — տվե՛ք ինձ թևդ:

Արամյանը տվավ նրան յուր թևը, և նրանք սկսան դիմել դեպի անտառ:

Ամբողջ շաբաթ է, որ դուք չեք եղել մեզ մոտ, — ասաց օրիորդը:

Այո՛, բայց ինձ անկարելի էր գալ, — պատասխանեց Արամյանը:

Ես շատ ցանկանում էի ձեզ տեսնել:

Դուք ինքներդ կարող էիք գալ մեզ մոտ, երբ ցանկանում էիք:

Քանի անգամ ես կամեցա գալ, միայն մտածեցի գուցե կբարկացնեի ընկերոջդ, չէ՞ որ նա այնպես խստասիրտ է:

Ո՛չ, ընդհակառակն` նա խիստ բարի տղա է, նա ուրախ կլիներ, եթե դուք նրա մոտ գայիք:

Ուրեմն առավոտյան ես կգամ նրան տեսնելու: Քաջբերունու հիվանդությունը ինչի՞ց առաջացավ:

Անհանգիստ պարապմունքից և մի քանի դժբախտություններից... նրա կյանքը միշտ կապակից է եղել թշվառությունների հետ:

Ափսո՜ս..., — կրկնեց օրիորդը:

Այդպես տաքացած խոսակցությամբ նրանք բավական հեռացան իրանց բնակությունից, և օրիորդը նկատեց, որ իրանք անտառումն են:

Ես հոգնեցա, Վահե, մի փոքր հանգստանանք այստեղ, — ասաց նա:

Նրանք նստեցին մետաքսանման փափուկ խոտերի վրա: Արամյանը պառկեցավ, իսկ Սոֆին խիստ մոտ նստեց նրա մոտ և յուր թևով կռթնեց նրա կրծքին:

Այս դրության մեջ, անշարժ և լուռ մնացին նրանք մի քանի րոպե, մինչև օրիորդն ասաց.

Վահե, տուր ինձ ձեռքդ:

Արամյանը տվավ նրան յուր ձեռքը:

Օրիորդը բռնեց նրան յուր ափերի մեջ:

Որքա՜ն սառն է քո ձեռքը, — ասաց նա:

Այո՛, սառն է, — պատասխանեց Արամյանը:

Թու՛յլ տուր ես նրան տաքացնեմ ծոցից մեջ:

Կարող ես:

Եվ օրիորդը նրա ձեռքը սեղմեց յուր փափուկ կրծքի վրա, որ նույն րոպեին սաստիկ կերպով զարկում էր ինչպես ալեկոծյալ ծովը:

Այժմ տաքացա՞վ, — հարցրեց օրիորդը:

Ես ոչինչ չեմ զգում, — պատասխանեց նրան Արամյանը:

Այո՛, դու անզգա ես, — պատասխանեց օրիորդը, — բայց շոշափի՛ր կուրծքս:

Արամյանը ձեռքը դրեց նրա սրտի վրա:

Քո սիրտը սաստիկ կերպով զարկում է, — պատասխանեց նա:

Այդտեղ անհանգստություն կա, այնպես չէ՞, — հարցրեց օրիորդը:

Այո՛, դու վրդովված ես:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց. երկու կողմից ևս տիրեց րոպեական լռություն:

Վահե՛, այնպես չէ՞, ես խիստ անհամեստ եմ, — հարցրեց օրիորդը՝ նրա ձեռքը հանելով յուր ծոցից:

Ես այդպիսի կարծիք չունիմ քո մասին, — պատասխանեց Արամյանը:

Դու այդպես ասելով միայն չես կամենում վշտացնել ինձ, բայց ես զգում եմ, որ ոչ միայն անհամեստ եմ, այլև հիմար, ցնորված...:

Արամյանը ոչինչ չպատասխանեց նրան, միայն լսեց նրա դառն հեկեկանքը:

Ինչո՞ւ այդպես, Սոֆի, — նրա ձեռքը բռնելով հարցրեց Արամյանը և նույն րոպեին նստեց պառկած տեղից:

Վահե՛խոսեց նա, — ներիր իմ անհամեստությանը, պատճառը որ դու այնքան բարի ես... իսկ ես`թշվառականս, ամենաչնչին էակ եմ... ես զգում եմ իմ բոլոր ոչնչությունը քո առջև... արդարև, ես արժանի չեմ քեզ... միայն դու ների՛ր ինձ, որ ասեմ, թե «սիրում եմ քեզ»:

Դու ինձ սիրո՞ւմ ես, — հարցրեց նույնպես վրդովմունքով Արամյանը:

Այո՛, — պատասխանեց օրիորդը, չդադարելով լաց լինելուց:

Սրբազան խռովությունը տիրեց Արամյանին, և նա հափշտակվեցավ սքանչելի հոգեզմայլությամբ, երբ նրա ականջներին զարկեցին մոգական խոսքի վերջին հնչյունը` այո՛ :

Դու սիրո՞ւմ ես ինձ... ուրեմն թույլ տուր համբուրեմ քեզ, — ասաց նա ուրախությամբ:

Օրիորդը փարվեց նրա պարանոցով:

Մի քանի րոպե տիրեց խորհրդավոր լռություն...:

Այժմ գնանք, — ասաց օրիորդը, որպես թե սթափվելով յուր մտավոր արբեցությունից:

Գնանք, — կրկնեց Արամյանը և վեր կացավ:

Օրիորդը նրա թևն առավ. նա իրան բավական հոգնած էր զգում. նա գնում էր Արամյանի կողքից թույլ և անհավասար քայլերով:

Ճանապարհին ասաց օրիորդը.

Այժմ կասե՞ս, թե դու ևս սիրում ես ինձ:

Սիրում եմ, — պատասխանեց Արամյանը:

Այժմ ես կարող եմ կոչվել քո կինը, այնպես չէ՞, — կրկնեց օրիորդը:

Խնդրում եմ, Սոֆի, չհիշել ինձ այդ...:

Այդ բոլոր...

Խնդրում եմ, չվրդովել ինձ:

Եվ դու չես խղճալու ինձ:

Ես արդեն ասացի, թե սիրում եմ քեզ. այդ բավական է:

Այդ բավական չէ՛...:

Առայժմ այլ խոսք չեմ կարող քեզ ասել, — պատասխանեց Արամյանը և լռեց:

Դարձյալ արտասուք երևեցավ օրիորդի աչքերում:

Երկար նրանք գնում էին. երկու կողմից ևս տիրում էր խորին լռություն, մինչև նրանք հասան իրանց կացարանին: Երբ կամենում էին բաժանվել, Արամյանը գրկեց նրան և կրկին համբուրելով ասաց.

Իմ կյանքումս ոչ մի օրիորդ չէր լսած իմ բերանից՝ «սիրում եմ քեզ» խոսքը, բայց ես զոհեցի դրան քեզ, այդքան ով մենք երկուքս կարող ենք լինել բախտավոր...:

Օրիորդը նույնպես գրկեց և համբուրեց նրան. նրանք բաժանվեցան:

Առավոտյան աստղը վաղուց շողշողում էր արևելքում, և թռչունները երգում էին իրանց վաղորդյան երգը:

Մտնելով յուր անկողինը, օրիորդը այլևս չկարողացավ քնել: Հազարավոր մտածմունքներ խռովում էին նրան: Նա զգում էր Արամյանի ձեռքի առաջին շոշափումը յուր ծոցի մեջ. նա զգում էր նրա ջերմ համբույրները յուր թշերի վրա և այլևս ուրիշ բան չէր զգում նա...: Մի քանի ժամ այսպես նրա երևակայությունը վառված էր հրապուրիչ երևույթներով, և նա անքուն մնաց, մինչև լուսաբացին տիրեց նրա հոգնած անդամներին քաղցրիկ քունը:

Արամյանը վերադառնալով յուր կացարանը` նախ առանց ձայն հանելու մտավ Քաջբերունու մոտ և նկատեց, որ նա հանգիստ քնած է, հետո դարձավ յուր քնարանը: Նա մտավ անկողին, բայց քունը մոտ չեկավ նրա աչքերին: Մի կիրք, որ ավելի նման էր ամոթանքի և զղջման, չարաչար տանջում էր նրան. «Այս ի՞նչ գործեցի»...ասաց նա, և միևնույն րոպեին զգաց յուր խղճի խայթը:

ԻԹ

Առավոտյան Արամյանը ծուլանում էր վեր կենալ յուր անկողնից, բայց երբ լսեց մյուս սենյակից Քաջբերունու ծանր հազը, իսկույն վեր թռավ անկողնից և գիշերազգեստով մտավ ընկերոջ քնարանը: Նա գտավ նրան վատ դրության մեջ:

Քաջբերունին տեսնելով նրան՝ ասաց.

Վահե, այսօր ինձ համար մի սայլակ վարձիր, ես պիտի քաղաք գնամ. այնտեղ գոնյա երկու բան մոտ կլինի ինձբժիշկ և գերեզմանատուն. բայց այստեղ երկուսից ևս զրկված եմ:

Արամյանը շատ աշխատեց համոզել նրան և հետաձգել նրա գնալը, բայց հնար չեղավ:

Դու արդեն կատարել ես քո հյուրասիրական պարտքը, մեղնիմն է, որ երկար չկարողացա վայելել նրան, — ասաց Քաջբերունին:

Տասը ժամին ճանապարհորդական սայլակը կանգնած էր Արամյանի կացարանի դռանը:

Արամյանը իրանց գնալու պատրաստության հոգացողության մեջ էր: Նա դուրս եկավ, որ մի քանի կարգադրություններ անե և մեկ էլ հանկարծ դռան շեմքի վրա հանդիպեց օրիորդ Սոֆիին: Նա գունաթափված էր որպես մահ:

Ես ուղիղ քեզ մոտ էի գալիս, Վահե, — ասաց նա:

Ինձ մո՞տ, — կրկնեց Արամյանը զարմանալով:

Այո՛:

Հրամեցե՛ք:

Նրանք ներս մտան Արամյանի սենյակը:

Դուք գնում ե՞քհարցրեց օրիորդը նստելով փոքրիկ գահավորակի ծայրին:

Գնում ենք, — պատասխանեց Արամյանը:

Ե՞րբ:

Կարելի է մի ժամից հետո:

Եվ դու գնում էիր առանց ինձ հետ տեսնվելո՞ւ:

Ես առանց քեզ տեսնելու չէի գնա:

Օրիորդը հեզիկ նայեց Արամյանի երեսին:

Ի՞նչ պատճառով եք գնում, — հարցրեց նա:

Սմբատի հիվանդությունը օրըստօրե վատանում է, հարկավոր է քաղաքում լինել:

Մի՞թե առանց քեզ չէ կարող գնալ:

Կարող է, միայն ես չեմ կամենում նրան միայնակ թողնել:

Եվ դու պիտի մնա՞ս նրա մոտ քաղաքում:

Այո՛, պիտի մնամ հոգ տանելու նրա առոզջությանը:

Վերջին խոսքը ծանր ներգործություն ունեցավ օրիորդի վրա:

Եվ դու պիտի թողնես ինձ այստեղ միայնա՞կ, — հարցրեց նա ողորմելի կերպով նայելով Արամյանի երեսին:

Ի՞նչ արած, այդպես պատահեցավ, — պատասխանեց Արամյանը:

Չէ՞ որ դու ասացիր, թե սիրում ես ինձ, և այժմ կամենում ես միայնակ թողնել ինձ... բոլորովին չմտածելով, թե ես տխուր էի առանց քեզ...:

Ես շատ ափսոսում եմ, որ այսպես շուտ բաժանվում եմ քեզանից, միայն համաձայնիր, որ Սմբատն այժմ առավել կարոտ է իմ կարեկցությանը, քան թե դու: Ես նրան նույնպես սիրում եմ, ինչպես իմ գաղափարակից ընկեր, ես չեմ կարող նրանից բաժանվել:

Արամյանի վերջին խոսքերը խիստ զգալի եղան օրիորդին, նա մի քանի րոպե մտածման մեջ ընկավ և ապա պատասխանեց.

Այո՛, Սմբատն այժմ առավելապես կարոտ է քո կարեկցությանը, քան թե ես. Վահե՛, գնա՛, տեր ընդ քեզ, և հո՛գ տար այդ պատվելի տղամարդու առողջության մասին. ես չեմ կամենում բաժանել քեզ քո սիրելի ընկերից:

Արամյանին խիստ ազդեց օրիորդի քնքուշ զգացողությունը և նա մոտեցավ նրան, գրկեց և սեղմեց յուր կրծքի վրա:

Հիմա կարելի՞ է պարոն Սմբատին տեսնել, — հարցրեց օրիորդը:

Ինչո՞ւ չէ կարելի, — պատասխանեց Արամյանը:

Ես կկամենայի նրան տեսնել:

Ուրեմն սպասիր, իմացում տամ:

Արամյանը մտավ Քաջբերունու սենյակը: Քաջբերունին, փաթաթված յուր թանձր մուշտակի մեջ, պառկած էր մահճակալի վրա: — Օրիորդ Սոֆին կամենում է քեզ տեսնել, — ասաց նրան Արամյանը:

Ինձ անախորժ է իմ այժմյան զզվելի կերպարանքով տխրեցնել քնքուշ օրիորդի սիրտը, — պատասխանեց նա, — ասա թե չեմ կարող ընդունել:

Նա խնդրում է, նա քեզ տեսնելու է եկել:

Լա՛վ, թո՛ղ գա:

Արամյանը դուրս գնաց և մի քանի վայրկյանից հետո օրիորդի հետ ներս մտավ հիվանդի սենյակը:

Սոֆին գնաց բռնեց Քաջբերունու ձեռքը և խիստ մոտ նստեց հիվանդի մահճակալին:

Հեռու նստեցեք, օրիորդ Սոֆի, այժմ անախորժ է ինձ մոտենալ:

Բայց Սոֆին ամենևին չշարժվեցավ յուր տեղից և ասաց.

Դուք այժմ ևս այնպես բարի և սիրելի եք, որպես առաջ:

Ո՛չ սիրելիս, հիվանդության հետ կատակ չի կարելի անել, — պատասխանեց Քաջբերունին:

Օրիորդը սկսավ հարցնել նրան հիվանդության մասին, այնուհետև հայտնեց, թե ինքը շատ տխրում է, որ նրանք այնպես շուտ թողնում են ամառանոցը, որովհետև նրանց դրացությունը ախորժելի էր իրանց գերդաստանին: Եվ ավելացրեց մի քանի բարեկամական խոսքեր:

Քաջբերունի կարճ պատասխանեց, թե՝

Մենք շատ հեռու չենք գնում, եթե այս հազը շուտով չիջենե ինձ սառը հողի տակ, մենք դարձյալ կարող ենք միմյանց տեսնել:

Օրիորդը սկսավ նրան մխիթարել, թե չպետք է այդպես շուտ հուսահատվել կյանքից և խորհուրդ տվավ նրան գնալ Նիցցա:

Այո՛, եթե ես փող ունենայի, շատ տեղեր կերթայի, — պատասխանեց նա:

Ապա օրիորդը ասաց, որ ինքը ևս միտք չունի ամառանոցում երկար մնալու, այլ շուտով քաղաք կդառնա, և այնտեղ շուտշուտ կայցելե նրան:

Քաջբերունի հայտնեց յուր շնորհակալությունը:

Օրիորդը, քնքշությամբ սեղմելով հիվանդի ձեռքը, հեռացավ:

Արամյանը նույնպես դուրս եկավ նրան ճանապարհ ձգելու: Օրիորդ Սոֆին հայտնեց, թե նրան մի քանի ասելիք ունի. նրանք մտան դարձյալ Արամյանի սենյակը: Սոֆիի դեմքն արտահայտում էր ներքին վրդովմունք:

Արամյանը նստեց գահավորակի վրա, իսկ օրիորդը, աթոռի վրա նրա առջև նստելով, բռնեց նրա ձեռքը և ասաց.

Իմ այս գիշերվա վերջին հարցը մնաց առանց պատասխանի, այնպես չէ՞, — հարցրեց նա՝ ուղղակի Արամյանի երեսին նայելով:

Այո՛, — պատասխանեց Արամյանը, — բայց ես խնդրեցի, որ դու այդ մասին ոչինչ չհարցնես:

Ինչո՞ւ:

Որովհետև զանազան հանգամանքներ ստիպում են այդ մասին լռել:

Բայց իմ կարծիքով, ուր կա ճշմարիտ սեր, այնտեղ ոչինչ հանգամանքներ տեղ չպետք է ունենան:

Արամյանը դժվար դրության մեջ էր:

Մի՞թե սիրելու համար դու կարծում ես, թե անպատճառ պետք է կոչվել ամուսին, — հարցրեց Արամյանը:

Ես այդպես չեմ կարծում, — պատասխանեց օրիորդը պինդ ձայնով, — ես մինչև անգամ հերքում եմ ամուսնությունը, ես կբավականանամ միմիայն քո սիրով, եթե դու իսկապես խոստովանես, թե սիրում ես ինձ:

Դու կարող ես բոլորովին հավատալ, թե ես սիրում եմ քեզ:

Ուրեմն թո՛ւյլ տուր համբուրեմ քեզ, — ասաց օրիորդը:

Նրանք գրկախառնվեցան... և մի քանի րոպե նրանք չէին բաժանվում միմյանցից...:

Օրիորդը բոլորովին շառագունած դուրս եկավ Արամյանի սենյակից:

Ճանապարհին նրան հանդիպեց Մայիլովը, պատանին գլուխ տվավ նրան, բայց օրիորդը ամենևին չնշմարեց և անցավ:

Գնալով իրանց տուն, օրիորդն ուղղակի ներս մտավ յուր սենյակը. նա բոլորովին գոհ էր յուր վիճակից, նրա դեմքն արտահայտում էր անսպառ ուրախություն, և նա թռչնակի նման հանգիստ չէր կարողանում նստել, այլ երգելով թռչկոտում էր այս կողմը, այն կողմը:

Դիաչկովը լսելով, թե Արամյանն ու Քաջբերունին գնացել են քաղաք, իսկույն վարձեց նրանց կացարանը, և այդպիսով մերձավոր դրացի դարձավ Հացի-Գելենց: Այնուհետև սկսավ հնարքներ բանացնել այդ գերդաստանի հետ ծանոթանալու, և շուտով նա հասավ յուր նպատակին, երբ մի օր տիկին Բարրարեն ինքը հրավիրեց նրան իրանց մոտ ճաշելու:

Դիաչկովը հայտնվեցավ ճիշտ պայմանյալ ժամին: Նա հագնված էր այնպես պճնված, կարծես երևելի տոն էր, և նա նոր էր վերադառնում Նևսկի պրոսպեկտից:

Դիաչկովը՝ հայրական ահագին ժառանգությունը մայրաքաղաքում զոհելով թատրոնների, բալերի, կրուժոկների և այլ շռայլության ու զեխության կուռքերին, ոչինչ բան չէր շահել, այլ միայն ճշմարտությամբ ուսել էր, թե ինչպես պետք է վարվել հասարակական կյանքում, այսինքն՝ ինչպես պետք է հանդիպել մանուկ օրիորդներին կամ մանկահասակ տիկիններին, ինչպես նրանց գլուխ տալ, խոսք կցել, զվաբճախոսել, սեթևեթել. մի խոսքով` նա գիտեր յուր դերը խիստ հմուտ կերպով խաղալ կյանքի ամեն մի հանգամանքում:

Նա խիստ քաղաքավարի կերպով ներկայացավ Հացի-Գելենց գերդաստանին նախ և առաջ մոտեցավ տիկին Բարբարեին և համբուրեց նրա ձեռքը, հետո շնորհալի կերպով դարձավ դեպի օրիորդ Սոֆին «բոն ժուռ, մադմուազել Սոֆի» ասելով, ապա ձեռք տվավ Լիզային և Ելենային, որոնց վրա նրանց առաջին հյուրերը ամենևին ուշադրություն չէին դարձնում:

Դիաչկովի քաղաքավարի վարվեցողությունը առաջին օրից տպավորություն գործեց տիկին Բարբարեի վրա:

Դիաչկովը յուր ընդունելության առաջին խոսքերը սերտած գեղեցկախոսությամբ արտահայտելուց հետո ասաց.

Այժմ ես ձեր դրացությամբ կարող եմ բոլորովին երջանիկ համարվել, մտածելով, թե ես կարող էի այնքան բախտավոր լինել, շահելով ձեր բարի համարումը...: Ա՜խ, ի՞նչ էր իմ առաջին կացարանը. կատարյալ դժոխք. ո՛չ ոք չկար ժամանակ անցկացնելու, թեև ինձ մերձակա էին կենում գեներալ Կ...ի և կնյազ Ն...ի գերդաստանները, բայց ի՞նչ ախորժանք նրանցից... ճշմարիտն ասած, ես սաստիկ ատում եմ այդ ազնվականներին, չնայած որ նրանք ինձ հարգում էին և ո՛չ մի օր առանց ինձ ճաշ և ընթրիք չէին անում: Բայց ի՞նչ նպատակով հաճախել այդպիսի գերդաստանների մոտ. գնում ես, այո՛, քեզ ընդունում են շատ սիրով. նստում ես, և ահա ծերունի գեներալն սկսում է շաղակրատել իր պատերազմական գործունեությունից՝ սկսյալ Պասկևիչից, Աբաս Միրզայից հասնում է Վորոնցովը, առանց ժամանակ տալու յուր աղջիկներին մի բան խոսելու: Նրանք՝ խղճալիքը տհաճությունից տոչորվում են, իրանց մտքի մեջ անիծելով իրանց դատարկաբան հորը: Իսկ կնյազը ավելի հին ժամանակից է սկսում՝ Ախտա Շահից, Հերակլից և գալիս մինչև Շամիլը: Այժմ երևակայեցեք, կարելի՞ է այդպիսի փտած կոճղերի հետ ժամանակ անցկացնել:

Տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին ծիծաղեցին, պատասխանելով, թե բոլորովին ուղիղ է նրա նկատողությունը:

Առհասարակ, — շարունակեց Դիաչկովը, — այստեղ սակավ են կատարյալ քաղաքակրթված ընտանիքներ, ուր կարելի լիներ զգալ ճշմարիտ հյուրասիրության համն ու հոտը. — խնդրեմ իմ նկատմունքը ձեզ վրա չառնեք, որովհետև ձեր ընտանիքը այդ բանում կատարյալ բացառություն է կազմում: Բայց Պետերբուրգում հիանալի գերդաստաններ կան, արժե նրանց հետ ժամանակ անցկացնել:

Եվ մայր ու աղջիկ սկսան հարցնել Դիաչկովից Պետերբուրգի կյանքից:

Դիաչկովը պատմեց երկար ու երկար, առանց լռելու. բառերը, որոնց կամավ տալիս էր նա մի առանձին մուզիկական արտահընչություն, կարծես թե առնելու էին նրա բերանից: Եվ ամեն խոսքի վերջավորությունը բերում էր յուր վրա՝ ցույց տալով, թե ինքը ժամանակով մայրաքաղաքում եղած է հասարակական խոսակցության առարկա:

Բայց երբ նրանից հարցրին, թե այժմ ինչով է պարապո՞ւմ, պատասխանեց.

Ավարտելուց հետո ինձ նշանակեցին Պետերբուրգում մի մեծ թաղի միրովոյ սուդյա, ես ատեցի այդ ստոր պաշտոնը և եկա Կավկազ, գուցե բարձր տեղեր գտնելու: Այստեղ օկրուժնոյ սուդում անդամի տեղ են առաջարկում ինձ, բայց ես դարձյալ չեմ կամենում ստորացնել ինձ... նախագահի պաշտոնը... այն ևս ակամայից, կարելի է համաձայնել... կամ պալատում անդամ... պրոկուրոր և կամ մի այդպիսի բան... թեև ծառայությունն առհասարակ ինձ անտանելի է, որովհետև ես սիրում եմ ազատ կյանք: Այլև իմ գլխավոր նպատակն այն է, որ գնամ Փարիզ, մի քանի տարի մնամ այնտեղ, հետո գնամ Պետերբուրգ իրավաբանական պրոֆեսորի քննություն տամ: Ինձ առավել սիրելի է համալսարանում պրոֆեսորի ամբիոնը, քան պալատում նախագահի աթոռը: Այդ արդեն հիանալի է, երբ մարդ կանգնած ամբիոնի վրա ոգևորված պատմում է, զորօրինակ՝ քաղաքական իրավունքների մասին, և Թեմիդեսի հազարավոր աշակերտներ լուռ, հոգիացած լսում են նրան:

Այդ խոսքերը Դիաչկովն արտասանեց բավական կրքով և խորը հոգվոց հանելով:

Բայց այժմ բոլորովին անգո՞րծ եք, — հարցրին նրանից:

Այժմ ես պարապում եմ խիստ ազատ վաստակով, — պատասխանեց Դիաչկովը: — Արդարև ես մինչև այն աստիճան չեմ կարող ստորացնել ինձ, որ գնամ օկրուժնոյ սուդ կամ պալատ, ատյանում կանգնեմ և պաշտպանեմ որևիցե գործ, որպես անում են այստեղի փաստաբանները. բայց արհեստում չծուլանալու համար, երբեմն մեծ գործերում, երբ լինում են դժվար իրավաբանական հարցեր, ես գրում եմ միմիայն խնդիրներ, թեև խիստ չնչին վարձով, զորօրինակ՝ մի քանի հազար մանեթով:

Բոլորովին սուտ էր խոսում Դիաչկովը. նա ոչ միայն օկրուժնոյ սուդն ու պալատը չէր դնում գործեր պաշտպանելու, ինչպես հավատացնում էր յուր թեթևամիտ ունկնդիրներին, այլ հարյուր մանեթ գործի համար նա միրովոյ սուդերումն էր քարշ գալիս: Միով բանիվ, նա քաղաքիս ամենաստոր փաստաբաններից մեկն էր, որին հանձնում են այն ամենակեղտոտ գործերը, որ յուր պատիվը պահպանող ոչ մի փաստաբան հանձնառու չէ լինում ընդունելու:

Հանկարծ նա նշմարեց անկյունում դրած դաշնամուրը:

Ա՜, այդ ո՞վ է ածում, — հարցրեց նա զարմացք ձևացնելով յուր դեմքի վրա:

Սոֆին, — պատասխանեց տիկին Բարբարեն:

Մադմուազել Սոֆի՞ն, — կրկնեց Դիաչկովը ուրախությամբ: — Ա՜խ, ես Պետերբուրգից դուրս գալուց հետո Կովկասում ոչ մի գերդաստանում չեմ լսած պիանոյի ձայն. ես հուսով եմ, որ օրիորդ Սոֆին այնքան ողորմած կլինի, որ այդ մեծ զվարճությունը կպատճաոի ինձ:

Տիկին Բարբարեն սկսավ թախանձել յուր դստերը, որ նա նվագե:

Օրիորդ Սոֆին մեծ հոժարությամբ մոտեցավ պիանոյին և սկսավ նվագել շատ վատ: Բայց Դիաչկովն անդադար ծափահարելով, դառնում էր դեպի տիկին Բարբարեն՝ ասելով.

Այս արդեն հրաշք է... ա՜խ, որքան հիանալի նվագում է մադըմուազել Սոֆին, Պետերբուրգում սակավ աղջիկներ միայն կարող են այդպես նվագել:

Օրիորդը ոգևորված այդ գովասանքով` նվագեց ամբողջ կես ժամ, նա երգեց և մի ռոմանս, նույն միջոցին Դիաչկովը զմայլմունքից ինքը նույնպես յուր խռպոտ ձայնը խառնեց նրա ձայնի հետ:

Օրիորդը վերջացնելուց հետո, Դիաչկովը մոտեցավ նրան և մինչև գետին խոնարհվելով շնորհակալություն արավ, ավելացնելով, թե այնուհետև չէր ցանկանա լսել Մոցարտին և Բեթհովենին՝ նրա նվագը լսելուց հետո:

Ապա ինքը Դիաչկովը նստավ պիանոյի մոտ և նվագեց երգելով մի սոնետ. նրա անախորժ ձայնը այնպես նման էր կատվի մլավյունի հնչյուններին, որ Գրիգոլի ծիծաղը շարժեց, որ լուռ նստած լսում էր: Բայց Դիաչկովը յուր երգը կիսատ թողնելով հեռացավ պիանոյից՝ հավատացնելով, թե համալսարանում շատ պարապմունքի պատճառով կրծքի հիվանդությունը զրկեց նրան յուր անուշ ձայնից, եթե ոչ, նա մի անգամ Պետերբուրգում գրաֆ Տամբալովսկու տանը մրցության մեջ մտավ իտալացի առաջին երգիչ Կասոնի հետ և ինքը տարավ մրցանակը:

ԼԱ

Քաջբերունին քաղաք գնալուց հետո ամբողջ մի ամիս հիվանդ պառկեցավ, մինչև նրա առողջությունը փոքրինչ ուղղվեցավ. բայց այնուհետև երկու ընկերները չկամեցան ամառանոց գնալ, որովհետև քաղաքում ևս բավական հով էր եղանակը:

Մի օր նրանք նստած էին. Արամյանի դեմքը չէր ցույց տալիս բոլորովին ուրախ արտահայտություն. կարծես թե ներքին թախիծներ վրդովում էին նրա սիրտը, մինչև նա ընդհատեց լռությունը՝ խոսելով.

Սմբատ, մի՞թե միշտ այսպես անպաշտոն և անգործ պիտի մնանք մենք:

Այո՛, — պատասխանեց սառնությամբ Քաջբերունին, — որովհետև նա, ով որ պիտի մեզ պաշտոն տա, ռոճիկ տա, մենք նրա համար անպիտան կարասիներ ենք, այլ խոսքով` մենք նրա գործին անհարմար ենք:

Ի՞նչ պետք է արած, — տհաճությամբ հարցրեց Արամյանը:

Ի՞նչ պետք է արած, — կրկնեց Քաջբերունին, և նրա երեսի վրա երևեցավ թթու արտահայտություն: — Կամենո՞ւմ ես պաշտոն...պրծավ գնաց...

Մի՞թե այդ կարելի է անել:

Ուրեմն գո՛հ եղիր աղքատությամբ:

Բայց ա՞զգը, — հարցրեց Արամյանը:

Ազգը ի՞նչ, — կրկնեց Քաջբերունին:

Նա մեզ հաց չի՞ տա:

Կտա, եթե նրա ոտքերը լիզես և նրա քմացը համար խունկ ծխես:

Նրանց խոսակցությունն ընդհատեցավ, երբ ներս մտավ Դիաչկովը՝ ուրախության ծիծաղը երեսին:

Նա առանց ողջունելու և առանց նրանց ձեռք տալու, գլխարկը վերցրեց և կանգնելով նրանց առչև՝ ասաց.

Շնորհավորեցեք, պարոններ, իմ քաջագործությունը, այսօր ես տարա սուդում մի այնպիսի փառավոր գործ, որ կատարյալ հրաշք է. վասն որո, եղբարք, երեք հազար մանեթ գրպանեցի...

Տո՛, Թաթոս, դու ի՞նչ օրենք գիտես, որ քո տարած գործն ի՛նչ լինի, — ասաց նրան Արամյանը:

Եղբայր, օրենք գիտենալն այս քաղաքում ոչինչ նշանակություն չունի, — պատասխանեց Դիաչկովր կծու կերպով: — Ահա քո ընկերը ևս մագիստրոսի դիպլոմը ծոցում պարապ տանը նստած է. միայն այստեղ գլխավորապես պետք է լինել սիրենա և կարողանալ գրավել օրենքը, դատաստանը և դատավորները:

Քաջբերունի լուռ լսում էր նրանց:

Ինչո՞վ, — հարցրեց Արամյանը:

Ինչո՞վ, — կրկնեց Դիաչկովը. — ծիծաղելի հարց. «տու՛ր կայսերն կայսեր, և աստծույն աստուծո» — ահա՛ թե ինչով:

Մի՞թե կարելի է այդ աստիճան ստորանալ, կեղտոտ գործիք դառնալով անպիտան մարդկանց լումայասիրության, — հարցրեց Արամյանը:

Արդարը միշտ սովից մեռնում է, եղբայր, — պատասխանեց նրան Դիաչկովը:

Արամյանը կամենում էր մի խոսք ևս ասել, բայց նրան ընդհատեց Քաջբերունի՝ ասելով.

Ես բոլորովին համաձայն եմ քեզ հետ, պարոն Դիաչկով. այսօրվա օրում ով չգիտե ստախոսել, հաճոյամոլությամբ կեզծավորել և ուրիշի կամքին ու նպատակներին զոհել յուր ամենաազնիվ և ամենասուրբ զգացմունքները, չէ կարող արծաթ շահել: Որովհետև մեր քաղաքական կյանքը, դժբախտաբար, այնպիսի հանգամանքների մեջ է դրված, որ դրանք անհրաժեշտ պիտույքներ են եղած: Եվ մենք մի քանի րոպե առաջ սույն նյութերի վրա էինք խոսում, դու ընդհատեցիր մեզ:

Հաջորդ էջ