Րաֆֆի՝   Զահրումար

Քաջալերվելով Քաջբերունու խոսքերից, որ նա խոսեց կծու արհամարհանքով, Դիաչկովն ասաց.

Եղբայրք, ճշմարիտն ասած, դուք խիստ հիմար գաղափարների եք ծառայում, մի խոսքով՝ դուք լոկ օդ եք կուլ տալի, իսկ այդ ձեր փորին սնունդ չի տալ, պետք է ժամանակի հանգամանքների հետ ընտելանալ և արևահայաց ծաղկի նման արևը ո՛ր կողմից ծագե, դեպի այն կողմը պետք է շրջել յուր դեմքը:

Դեպի ամեն կողմ թեքվել, դեպի ամեն կողմ խոնարհվիր. այդ կատարյալ կապկություն է, — խոսեց Արամյանը: — Մինչդեռ պատիվը պահպանելը միշտ եղել է և պիտի լինի սուրբ:

Աղքատը ոչինչ պատիվ չունի, — պատասխանեց Դիաչկովը. — պատիվը արծաթի մեջ է և առանց ձեր ասած կապկության չէ կարելի արծաթ վաստակել:

Ուրեմն ամենայն սուրբ բան պիտի զոհել արծաթին:

Այո՛, որովհետև նա միակ գերագույն սրբազան էակն է տիեզերքում, — վճռական կերպով պատասխանեց Դիաչկովը:

Ահա՛ քեզ լոգիկա, — ծիծաղելով խոսեց Արամյանը:

Եղբայր, դու ուղիղ ես, — դարձավ դեպի Դիաչկովը Քաջբերունին, — կյանքի մեջ դու քո դասը ավելի լավ ես սերտել, քան թե մենք. դու գնում ես մի ճանապարհով, որտեղից խուժանը ստեպ ընթանալով դարձել է հարթ և հավասար, բայց մեր ճանապարհը փշոտ է և շատ էլ բանուկ չէ...: Դու պաշտիր արծաթը, քո աստվածը, մենք էլ ունինք մեր հպարտությունը և գոհ ենք մեր աղքատությամբ:

Դրանք թող մնան, դատարկ խոսքեր են, չարժե խոսել դրանց վրա, — նրա խոսքը կտրեց Դիաչկովը: — Բայց ես, պարոն Քաջբերունի, հատկապես եկա ձեզ մոտ, շնորհակալ լինել քո հիվանդության համար: Բոլորովին ճշմարիտ է առակը, թե «մեկի դժբախտությունը մյուսին բախտավորում է»: Այո՛, քո փառավոր հիվանդությունը պատճառ տվավ քեզ և նախանձավոր ընկերիդ՝ հեռանալ Կոջորից և թողնել այնտեղ ձեր նվիրական կացարանը բոլորովին իմ տիրապետության ներքո, որի մեջ մի անկյուն ինձ տալու դուք զլացաք:

Այդ խոսքերով ի՞նչ ես կամենում ասել, — շտապով հարցրեց Արամյանը:

Այն, — պատասխանեց Դիաչկովը՝ ուղիղ նայելով Արամյանի երեսին, — ինչ որ ես ցանկանում էի, այսինքն՝ իմ դրացությունս առիթ տվավ ինձ ծանոթանալ Հացի-Գելենց, հետևապես նաև օրիորդ Սոֆիի հետ:

Այդ մի մեծ բախտ չէր, Թաթոս Իվանիչ, — պատասխանեց Արամյանը արհամարհական ծիծաղը երեսին, — որի մասին հարկավոր լիներ այդպես հրճվանքով խոսել:

Ի՞նչ բախտ կարող է լինել դրանից մեծ, — պատասխանեց Դիաչկովը ջերմեռանդությամբ: — Օրիորդ Սոֆիի ամեն մի խոսքը, նրա ամեն մի ժպիտը, վերջապես նրա ամեն մի համբույրը... այդ արդեն կյանք է և անմահություն...:

Բոլորովին սուտ ես խոսում, — պատասխանեց Արամյանը, և նրա դեմքը գունատվեցավ ներքին վրդովմունքից:

Երդվում եմ աստուծով:

Չեմ հավատում:

Երդվում եմ պատվովս:

Չեմ հավատում:

Ի՞նչ տեսակ մարդ ես դու:

Ի՞նչ եք վիճում, — նրա խոսքը կտրեց Քաջբերունին: — Ի՞նչ մի զարմանալի բան կա այստեղ դժվար հավատալու:

Արամյանը լռեց: Նրա երեսի գույնը ստեպստեպ փոխվում էր: Դիաչկովը սկսավ պատմել, թե ի՛նչ հնարքով նա ծանոթացավ Հացի-Գելենց հետ, և այնուհետև ի՛նչպես նա տիրեց օրիորդ Սոֆիի սրտին, և նա պատմեց յուր բոլոր սիրաբանությունները օրիորդի հետ:

Թեև քո պատմության մեծ մասը զարդարված է ստախոսութան ներկերով, բայց դարձյալ նրա մեջ կան մի քանի հավատալիքներ, — պատասխանեց Քաջբերունին: — Զարմանալի չէ, որ օրիորդ Սոֆին ունեցել է քեզ հետ սիրաբանություններ, այդ արդեն ինստիտուտական օրիորդի իսկական հատկությունն է: Այդպես են այդ աղջկերքը. դրանցից յուրաքանչյուրը նախ և առաջ կսիրահարվի մի գիմնազիստի վրա, հետո իրան սիրական կընտրե մի որևիցե դերասան, իսկ այնուհետև երբ նա յուր ճաշակը փոքրինչ կրթված համարի, կփաթաթվի ամեն մի ուսանողի շլինքով, որոնք հաճախում եմ նրանց տուն իբրև հյուր. այնուհետև սատանան գիտե, թե ին՛չ է դառնում այդ տեսակ թեթևսոլիկ աղջկերանց վերջը:

Արամյանը տհաճությամբ լսում էր:

Դիաչկովը նույնպես տխրեց, երբ յուր սիրո առարկայի վրա այդպիսի նկատողություններ արին:

Նրանք եկե՞լ են Կոջորից, — հարցրեց Արամյանը Դիաչկովից:

Հապա այս ցրտում ո՞վ կմնա ամառանոցում, — պատասխանեց Դիաչկովը: — Երրորդ օրն է, որ նրանք եկած են. այսօր ես շնորհ ունիմ նրանց մոտ ճաշելու:

Ուրեմն այդպե՞ս... — ուղիղ Դիաչկովի երեսին նայելով խոսեց Արամյանը:

Ի՞նչ կա որ. քո սրտին ինչո՞ւ է դիպչում, — հարցրեց նրան Դիաչկովը:

Ոչինչ..., — պատասխանեց Արամյանը:

Այդ խոսակցությունը տևեց մի քանի րոպե ևս, մինչև Քաջբերունին տաղտկացավ:

Չարժե դրա վրա այդքան խոսել, — ասաց նա: — Պատմի՛ր, ին՞չ նոր լուր գիտես, պարոն Դիաչկով:

Ահա՛ ձեզ նոր լուր. ինձ առաջարկում են միրովոյ սուդիայի պաշտոն նահանգում, բայց ես չեմ ընդունում:

Ինչո՞ւ, Թաթոս:

Նահանգում միրովոյ սուդիա լինելու համար չարժե հեռանալ քաղաքի զվարճություններից. առանց դրան էլ իմ դրությունս այստեղ բոլորովին ապահովված է:

Քանի՞ հազար ես որսացել մինչև հիմա:

Ո՛չ ավելի, քան տասն հազար...

Եվ Դիաչկովը նայեց ժամացույցին, իսկույն կանգնեց, առավ գլխարկը և հեռացավ՝ ասելով.

Ինձ ներեցեք, արդեն ճաշին քառորդ ժամ է մնում, ինձ կսպասեն Հացի-Գելենց տանը:

Ահա՛ այդպիսի հիմարները կարողանում են փառավորապես ապրել այս աշխարհում, որովհետև նրանք տալիս են «կայսերն կայսեր, և աստծույն աստուծո»: Զզվելի՜ կեղծավորություն..., — ասաց Քաջբերունին՝ ներքին վրդովմունքով:

Բայց Արամյանը համարյա չլսեց այգ խոսքերը. նա սաստիկ կերպով խռոված էր: Դիաչկովի խոսքերը Հացի-Գելենց մասին հարուցին նրա սրտում անախորժ զգացմունքներ:

ԼԱ

Օգոստոսը ևս անցավ, յուր հետ տանելով նաև տոթը: Եղանակը օրըստօրե դառնում էր հովասուն: Հասարակաց զբոսարաններում որոշյալ ժամերին զվարճասեր բազմությունը ավելի և ավելի համախմբվում էր. գիշերները թատրոնում սկսեց հնչել իտալական օպերան:

Ամառանոցներից ամենքն էլ վերադարձել էին քաղաք: Օրիորդ Սոֆին յուր մոր հետ նույնպես ամբողջ շաբաթ կլիներ, որ եկել էին Կոշորից:

Օրիորդը քանի օր էր անձկանոք սպասում էր Արամյանին, բայց տակավին նա չէր երևում Հացի-Գելենց մոտ: Վերջին օրերում նա հրամայեց չընդունել Դիաչկովին, երբ քաղաք գնալուց հետո նա իմացավ, որ խաբեբա ստուդենտը ամուրի մարդ չէ եղած, ինչպես նա հավատացրել էր, այլ ունեցել է կին: Բայց վերադառնալով ամառանոցից, նա իրանց տան ներքին հարկի կեցողների թվում գտավ մի նոր մարդ, ազգով ռուս, նորահաս օֆիցեր, բարակ, բարձր հասակով և բավական ախորժելի դեմքով: Մանուկ օֆիցերն առաջին օրից գրավեց օրիորդի ուշադրությունը:

Օրիորդը երկար սպասելով Արամյանին, վերջապես նրա համբերությունը հատավ և ստուգելով, որ նա կենում է գերմանացոց գաղթարանում, մի օր վաղ առավոտյան կառք նստեց և գնաց դեպի այն կողմը: Ճանապարհին նա երևակայում էր այն բոլոր հիացումները, հրճվանքները և սիրախոսական զգացմունքները, որոնցով կարծում էր, թե Արամյանը կհանդիպեր իրան: Նա մտածում էր, թե ինքը կերթա նրա մոտ, նախ և առաջ իրան կձևացնե խռոված, թե ինչո՞ւ Արամյանը այսքան ժամանակ իրան այցելության չեկավ: Այնուհետև Արամյանը կչոքե յուր առջև, ներողություն կխնդրե, ինքը կժպտա և կհամբուրե նրան. էլ ի՜նչ ասես, որ չէր մտածում օրիորդ Սոֆին...

Այդպիսի խորհրդածությունների մեջ նա աննկատելի կերպով անցավ Գոլովինսկի պրոսպեկտը, Աղեքսանդրյան այգին, Վորոնցովի արձանը, գերմանացոց գաղթարանը և հասավ Մուշտայիդ: Այստեղ կառավարը սթափեցրեց նրան յուր մտավոր խռովությունից`հարցնելով.

Ո՞ր կողմ կհրամայեք գնալ:

Օրիորդը նկատելով, որ բավական անցել է Արամյանի կացարանից, հրամայեց ուղղել կառքը դեպի մեր ընթերցողին նախածանոթ գերմանացու տուն, ուր բնակվում էր Քաջբերունին, որ առաջին անգամ ծանոթացանք Արամյանի հետ, երբ նա եկել էր այցելության յուր ընկերոջը:

Օրիորդ Սոֆին ամենևին չհրամայեց իմացում տալ յուր մասին, այլ համարձակ ներս մտավ և գտավ Արամյանին միայնակ նստած գրելիս:

Բարով, Վահե, — ասաց օրիորդը ներս մտնելով՝ ուրախության ծիծաղը երեսին:

Ա՜, օրիորդ Սոֆի, դո՞ւք եք, — կրկնեց Արամյանը թեթև շարժվելով յուր տեղից: — Հրամմեցեք, խնդրեմ:

Արամյանի առոգանությունը, նրա պատկառելի ընդունելության ձևը, որ արտասանեց նա նոր, իրանց մեջ դեռևս անսովոր, հոգնակի ձևով, նրան իսկույն զգալի եղան: Այնինչ նա մտածում էր, թե յուր սիրեկանն իսկույն գրկախառնվելու էր յուր հետ:

Օրիորդը ակամայից նստեց աթոռի վրա, որ ցույց տվավ նրան Արամյանը:

Դու վերջապես ստիպեցիր ինձ գալ քեզ մոտ, այսքան երկար սպասել տալուց հետո, — ասաց նրան օրիորդը: — Երևի լսած չես եղել մեր դարձը:

Ես լսած էի... Միայն Սմբատի առողջությունը այս վերջին օրերում մի փոքր ևս վատացավ, այդ պատճառով չէի կարողանում տանից հեռանալ:

Այժմ ի՞նչպես է նրա առողջությունը:

Վատ չէ՛ :

Ո՞ւր է նա:

Գնացել է զբոսնելու. նա ամեն առավոտ սովորություն ունի քաղաքից հեռանալ մաքուր օդ ծծելու:

Ուրեմն ես կարող եմ հուսալ, թե դու այսուհետև ժամանակ կունենաս մեզ մոտ գալու, այնպես չէ՞:

Չգիտեմ..., — սառնությամբ պատասխանեց Արամյանր:

Օրիորդը զարհուրելով նայեց նրա երեսին:

Ի՞նչ է, դու հիվա՞նդ ես, Վահե, քո դեմքն այնպես գունատվեցավ, — հարցրեց նա:

Այո՛, ես ինձ բոլորովին առողջ չեմ զգում, — պատասխանեց Արամյանը տաղտկանոք, որպես մի մարդ, որ ձանձրանում է յուր խոսակցից:

Օրիորդը մոտեցավ նրան և բռնեց նրա ձեռքը:

Ա՜խ ի՜նչ սառն է քո ձեռքը, — գոչեց նա, — կարծես սառույց լինի:

Այո՛, օրիորդ Սոֆի, ջերմության հուրը մարեցավ ինձնում... և իմ սիրտը ևս այնպես սառն է այժմ, ինչպես իմ ձեռքերը...

Ինչո՞ւ, — հարցրեց օրիորդր ողորմելի կերպով:

Զարմանալի բան է այդ սիրտ կոչվածը, նա շուտով կոտրվում է, նա շուտով սառչում է, նա շուտով մեռնում է...:

Այլևս չէ՞ ողջանում:

Ո՛չ, որպես ապակիի փշրանք չէ կարելի կրկին կցել և ողջացնել, նույնպես է և սիրտը:

Եվ Արամյանի դեմքը մռայլվեցավ: Օրիորդը գրկեց նրան և խորին զգացողությամբ նայելով նրա երեսին` ասաց.

Վահե՛, երբ քո սիրտը այդպես կոտրված լինի, մի այլ սիրտ, որ այնքան ամուր կերպով կապված է քոնի հետ, նույն դրության չէ՞ ենթարկվիլ:

Այո՛, կենթարկվի, եթե՛ կապված լինի, բայց իմ կարծիքով՝ իմ ու ձեր սրտի մեջ եղած հեռագրական թելը վաղուց կտրված է...

Ուրեմն այդպե՞ս է քո կարծիքը, — պատասխանեց օրիորդը և թողեց նրան յուր գրկից և նստավ նրան ավելի մոտ: — Այժմ հասկացա քո տհաճության պատճառը, միայն ուղիղ չէ քո կարծիքն այդ մասին:

Կարծիքը ոչինչ նշանակություն չունի այնտեղ, ուր կան հայտնի փաստեր, — պատասխանեց Արամյանը:

Ի՞նչպիսի փաստեր:

Զորօրինակ Դիաչկովը:

Դիաչկո՞վը, — կրկնեց արհամարհանքով օրիորդը, — ես հրամայեցի անցյալ օրը արտաքսել մեր տանից այն հիմարին:

Այդ արդեն ուշ է...և ձեր կորուստը նրա պատճառով կմնա անդարձ...

Ուղիղն ասած, Վահե, ես չեմ հասկանում քեզ. ի՞նչ կորուստ:

Դրանից ավելի ի՞նչ կորուստ կարող է լինել, որ այժմ այդ փողոցի շառլատանը բոլոր քաղաքում տարածում է մի ամբողջ ռոման յուր և ձեր սիրահարության մասին Կոջորում:

Այն խաբեբան կարող է շատ ստեր խոսել, բայց դրանով ես պիտի կորցնե՞մ իմ համարումը, — պատասխանեց օրիորդը:

Շատ ստերը միշտ հիմնվում են մասնավոր ճշմարտության վրա:

Վերջին խոսքերից բոլորովին հայտնի եղավ օրիորդին, ինչ որ նույն րոպեին աղմկում էր Արամյանի սիրտը: Նա հանկարծ չոքեց մանուկ տղամարդու առջև և գրկեց նրա ծնկները. ասելով.

Վահե՛, դու բարկացել ես ինձ վրա, ներիր, ես մեղավոր եմ քո առջև:

Արամյանը ոչինչ չպատասխանեց, միայն խնդրեց, որ նա բարձրանա գետնից, բայց օրիորդը վեր չկացավ տեղից և անդադար կրկնում էր.

Ների՛ր, ների՛ր ինձ...

Եվ նա սկսեց դառնապես լաց լինել:

Արամյանր դարձյալ աշխատեց բարձրացնել նրան:

Ես չեմ կանգնելու, մինչև չասես, թե ներում ես ինձ:

Արամյանը ասաց, թե ներում է:

Օրիորդը նստեց յուր առաջվա տեղում:

Ես ներում եմ ձեզ, — դարձյալ կրկնեց Արամյանը հոգվոց հանելով, — բայց ես այսուհետե չեմ կարող սիրել ձեզ, որովհետև մեր մեջ ամենայն ինչ վերջացած է արդեն...

Օրիորդը դարձյալ սկսավ լաց լինել:

Սերը, օրիորդ Սոֆի, շատ քնքուշ և շատ մաքուր բան է, մի չնչին բիծ ևս արատավորում է նրան. մինչդեռ նա է և պիտի լինի միշտ սուրբ, որպես եղել է սկզբից:

Ուրեմն ես արատավորեցի՞ մեր սերը, — հարցրեց օրիորդը:

Այդ ձեզ հայտնի է արդեն:

Բայց դու եղիր դարձյալ բարի և խղճա իմ վրա. ես, Վահե, կմեռնեմ հուսահատությունից, երբ դու թողնես ինձ. իմ կորստյան պատճառ մի՛ լինիր, Վահե՛:

Մեր մեջ ամենայն ինչ վերջացած է այսուհետև, օրիորդ Սոֆի, — սառնությամբ պատասխանեց Արամյանը: — Դուք այլևս ոչինչ մի՛ հուսացեք ինձնից, օրիորդ Սոֆի. այս իմ վերջին խոսքերն են ձեզ հետ. լսեցեք իմ բարեկամական խրատներս, ուղղեցեք ձեր վարքը, եթե չեք կամենում բոլորովին ոչնչացնել ձեզ, քանի որ դուք դեռևս մանկահասակ եք, և դեռևս կյանք կա ձեր առջև: Ես չեմ մոռանա այն մի քանի ժամերը, որոնք Կոջորում անցուցել եմ ձեզ հետ, ես մինչև մահ պիտի հիշեմ... և դուք հետո պիտի հասկանաք, թե ես ճշմարիտ սիրում էի ձեզ... Այո՛, իմ սիրտը կոտրվեցավ, սառավ, ինչպես ասացի ձեզ:

Օրիորդ Սոֆին կամեցավ մի քանի խոսք ասել նրան, բայց հանկարծ նախասենյակում լսելի եղավ Քաջբերունու ծանր քայլերի ոտնաձայնը, երբ նա սուլելով անցավ դեպի յուր սենյակը:

Եկավ Սմբատը, — ասաց Արամյանը, — մենք այստեղ ինչոր խոսենք, կարող է լսել նա. գնացե՛ք, խնդրեմ, օրիորդ Սոֆի, թող մեր գաղտնիքը մնա նույնպես ծածուկ, ինչպես եղել է մինչև այսօր:

Դու արտաքսո՞ւմ ես ինձ, Վահե՛, — ասաց ողորմելի ձայնով օրիորդը, — բայց խնդրեմ օգնիր ինձ մինչև դուռը գնալու, իմ մեջ այլևս ուժ չկա...

Արամյանը բռնեց նրա թևից, բարձրացրեց և սկսավ նրան դուրս տանել:

Կանգնելով դռանը՝ օրիորդը բռնեց Արամյանի ձեռքը և խոսեց.

Վահ՛, դու մերժեցիր ինձ, դու բաժանվեցար ինձնից, բայց ես դարձյալ պիտի սիրեմ քեզ. մնաս բարով, իմ բարեկամ, տո՛ւր գոնյա վերջին անգամ համբուրեմ քո ձեռքը:

Եվ նախքան Արամյանը կարգելեր՝ նա նրա ձեռքը սեղմեց յուր երեսի վրա. արտասուքի կաթիլները թրջեցին նրա ձեռքը. Արամյանը օգնեց նրան նստել կառքը: Օրիորդը երեսի շղարշը վայր քաշեց: Կառքը սահեցավ:

ԼԳ

Ժողովուրդը, ամառվա տաք ամիսներում զրկված թատրոնից, խուռն բազմությամբ դիմում էր այնտեղ: Օթյակները, բազկաթոռները և աթոռները, պատշգամբը, բոլորր բռնված էին: Մուզիկան հնչում էր: Բազմությունից ոմանք իրանց դիտակներով նայում էին գեղեցիկ աղջիկներին, և ոմանք իրանց աթոռների վրա նստած՝ անհամբեր սպասում էին, թե ե՛րբ պիտի բարձրանա վարագույրը:

Բազկաթոռների երրորդ կարգի մի անկյունում նստած էր Քաջբերունին և նրա մոտ՝ Արամյանը:

Արամյանը նույն րոպեին խոսում էր յուր ընկերոջ հետ թատերական բեմի վրա, թե հայկական լեզվով ներկայացումները կարող էին բավական օգուտ բերել հայ հասարակությանը:

Ի՞նչ օգուտ պետք է բերեին, երբ այս հիմարները հայերեն չգիտեն, — պատասխանեց Քաջբերունին՝ ակնարկելով թատրոն եկած հայերին:

Մի՞թե սրանք իտալերեն հասկանում են, որ այսպես թափվել են այստեղ, — ասաց Արամյանը:

Դու կարծում ես, թե դրանք եկել են այստեղ բան հասկանալո՞ւ, ո՛չ, նրանք եկել են միևնույն նպատակով, ինչ նպատակով մարդ կերթա բազար: Մայրերը իրանց աղջիկներին զարդարած բերել են վաճառելու, երիտասարդները եկել են գնելու...: Նայիր այն հարուստ հայ երիտասարդներին, որոնք նստած են առաջին կարգում. նրանք շատ անգամ թանկագին ընծաներ են նվիրում երգչուհուն, սակայն նրանք չեն զգում ո՛չ մուզիկայի անուշությունը, ո՛չ բեմական ներկայացումների վսեմությունը:

Ի՛նչ նպատակով ուզում է լինի, զանազանություն չկա. խնդիրն այն է, որ բազմությունը չի հեռանա թատրոնից, երբ այստեղ ներկայացումներ տան և՛ հայերեն լեզվով:

Այո՛, եթե դու ցանկանում ես միմիայն քո նյութական շահի համար, ավելի զանազանություն չկա, բայց դու ի նկատի ունիս հասարակության իրական օգուտը, որ կարող էր բարոյապես կամ իմացականապես շահվել յուր ազգային բարբառով ներկայացումներ տեսնելով:

Իհարկե, բուն նպատակը կլինի այն, ինչ որ ազգության ճշմարիտ բարեկամի ցանկությունն է. իսկ եթե ժողովուրդը այլ հայացքով կնայի դրա վրա, այդ փույթ չէ, մինչև նա ընտելանա գործի էությանը, որովհետև ի՛նչ նպատակով ուզում է լինի, բայց և այնպես մեկը նպաստում է մյուսին:

Քաջբերունին ոչինչ պատասխան չտվավ և համարյա չլսեց էլ թե ի՛նչ խոսեց նա. նա նայում էր դեպի օթյակները:

Ահա՛ Սոֆին, Վահե, — կոչեց նա:

Արամյանը տեսավ Սոֆիին, որ յուր երկու քույրերի և եղբոր հետ ներս մտավ մի օթյակ: Նա յուր անհամեմատ գեղեցկությամբ և պատշաճավոր հագուստով գերազանցում էր բոլորից: Նա նստեց և սկսավ յուր գրավիչ նայվածքը անդադար ձգել դեպի յուր չորս կողմը:

Փարթամ բնավորություն է, — կրկնեց Քաջբերունին:

Արամյանը ոչինչ չպատասխանեց, երեսը շրջեց դեպի մյուս կողմը, բայց նա նկատեց, որ ստվար դիտակներ ուղղվեցան դեպի նրա օթյակը:

Քաջբերունին նշմարեց ներքի կարգում մի օթյակ, որ բոլորովին դատարկ էր մնացել: «Այդ ո՞ր բախտավորին է սպասում», — ասաց նա յուր մտքում և տեսավ, որ մի րոպեից հետո դռնակը բացվեցավ և այնտեղ ներս մտավ մի աղջիկ միջակ հասակով, և նրա հետ մի նորահաս պատանի, որ երևում էր, թե աղջկա եղբայրն է:

Մանկահասակ օրիորդի արտաքին կերպարանքը բոլորովին գրավեցին Քաջբերունու ուշադրությունը: Նրա հագուստը ոտքից ցգլոլխ աչքի էր ընկնում, չնայելով, որ ոչ միայն պատրաստված չէր թատրոնի համար, այլ այնպիսի պարզ հագուստով մինչև անգամ անհարմար էր երևիլ որևիցե հասարակական ժողովում: Նրա սև ձեռնոցները, սպիտակ չթյա հանդերձը, նրա սև թավշյա վերարկուն, որ թեք ձգած էր յուր ուսին, արտահայտում էին նրա անփութությունը դեպի հասարակական ծեսերն ու սովորությունները: Նրա գիսակը ամենևին հարթարած չէր, որպես վայել է թատրոն երթալու համար, այլ նրանք այնպես խառնված էին, կարծես թե նա դեռ նոր էր հեռացել յուր աշխատության գրասեղանի մոտից:

Այդ օրիորդի օթյակը մոտ էր Քաջբերունու բազկաթոռին, և նորահաս երիտասարդը, գրավված նրանով, կարողանում էր որսալ նրա դեմքի ամեն մի արտահայտությունը և նրա ամեն մի շարժմունքը :

Օրիորդը մտնելով յուր օթյակը, մի կողմնակի հայացք ձգեց բազմության վրա և նստեց խորին սառնասրտությամբ: Նրա դեմքը գունատ էր, ինչպես մարմարիոն, բայց երեսի գծագրությունը կանոնավոր էր և ախորժելի: Սև սաթի նման գիսակները, սև հոնքերը և սև, վառվռուն աչքերը ցուցանում էին նրա արևելյան ծագումը: Իսկ մի քանի րսպեից հետո, քանի մի բառեր, որոնք զանգակի հնչյունով հասան Քաջբերունու լսելիքին, ստուգեցին օրիորդի հայազգի լինելը:

Վարագույրը բարձրացավ: Բեմի վրա ներկայացնում էին «Ռիգոլետտո»:

Օրիորդը առանց ուշադրություն դարձնելու յուր չորս կողմը, նայում էր միայն բեմին, որպես թե ինքը միայնակ լիներ թատրոնում: Ռիգոլետտոյի միմոսական ծաղրածությունները չշարժեցին և ոչ մի ժպիտ նրա սառն դեմքի վրա:

«Այդ օրիորդի մեջ մի բան կա», ասաց յուր մտքում Քաջրերունին, չդադարելով հետազոտել նրա ամեն մի շարժողությունը: Քաջբերունին շատ էր ցանկանում իմանալ օրիորդի ով լինելը, բայց չգիտեր ո՛ւմից հարցնե: Նա չուզեց այդ մասին հարցնել նաև Արամյանից, որ նույն ժամուն համարյա ձանձրացրել էր իրան յուր խոսակցությամբ հայկական թատրոնի մասին:

Վարագույրը վայր իջավ: Առաջին գործողությունը վերջացավ:

Հանդիսականներից ոմանք դուրս գնացին ծխելու և ոմանք մնացին օրիորդներին մտիկ անելու: Քաջբերունին տեսավ, որ յուր ուշադրության առարկան նույնպես դուրս գնաց օթյակից: Նա առանց մի բան ասելու յուր ընկերոջը, ինքը նույնպես դուրս գնաց: Նա տեսավ, որ օրիորդը միայնակ ճեմում է նախասենյակում: Վայեյչահասակ օրիորդը ոտքի վրա ավելի գեղեցիկ էր, քան թե օթյակում նստած ժամանակ:

Քաջբերունին սկսավ հետազոտել նրա ընթացքը: Մի քանի պատվավոր մարդիկ բարևեցին նրան, նա թեթև կերպով շարժեց գլխով և ոչ մինի հետ չխոսեց:

Ներսից լսելի եղավ մուզիկայի ձայնը: Օրիորդը վերադարձավ յուր օթյակը:

Քաջբերունին համարյա չէր նկատում, թե ինչ էր ներկայացվում բեմի վրա, նրա բոլոր ուշքն ու միտքը դարձած էր դեպի խորհրդավոր օրիորդը:

Ներկայացման այդ տեսարանում, երբ սպանող Х.... — ը դրեց բեմի վրա անբախտ N... — ի դիակը, Քաջբերունին նշմարեց հայտնի փոփոխություն օրիորդի դեմքի վրա. նրա աչքերը վառվեցան, և նրա երեսի վրա խաղաց թեթև կարմրություն: Կարծես նրա անբարբառ դեմքն ասում էր. «արժանավոր հատուցումն հիմար սերին»:

Երբ վարագույրը վայր իջավ, Քաջբերունին շուտով դուրս գնաց, մտածելով հետևել այն օրիորդին, ուր և գնա նա, և տեսնել, թե ո՛րտեղ է բնակվում: Օրիորդը դուրս եկավ և իսկույն կառք նստեց: Ինքը նույնպես շտապեց կառքով հետևել նրան: Հանկարծ հիշեց, որ մոռացել է վերարկուն վեր առնել: Մինչև դառնալն ու վերարկուն վեր առնելը, օրիորդի կառքն անհետացել էր:

Նա հանդիպեց Արամյանին, որ նրան որոնում էր:

Ո՞ւր մնացիր, — հարցրեց Արամյանը:

Քաջբերունին ոչինչ չպատասխանեց և կրկին նստավ կառք, ակնարկելով յուր ընկերին՝ նույնպես նստել:

Նրանք բոլորովին լուռ և անխոս հասան տուն: Արամյանը նորոգեց յուր խոսակցությունը հայկական թատրոնի մասին:

Դու ավելի լավ կանես առժամանակ թողնես թատրոնի հարցը և հոգաս մի բան ուտելու. քաղցած փորով չի կարելի քնել, — ասաց նրան Քաջբերունին:

Տանտերն այժմ քնած կլինի:

Ինչպես և լինի մի բան գտիր:

Արամյանը գնաց մյուս սենյակը և դարձավ մատուցարանը ձեռքին:

Ճաշից մնացել է կես շիշ գինի, մի փոքր պանիր և մի քանի կտոր հաց, — ասաց նա:

Այդ էլ բավական է:

Նրանք սկսեցին վայելել իրանց աղքատիկ ընթրիքը:

Ճշմարիտ, Սմբատ, այս գիշեր իմ զգացմունքներս մինչ այն աստիճան գրգռված էին, որ ամենևին չեմ քնել. այսօրվանից պիտի սկսեմ մի լավ դրամա գրել հայոց լեզվով, և եթե կարելի չլինի ներկայացնել մեծ թատրոնում, սակայն կարելի կլինի առանձին մասնավոր տներում ներկայացնել:

Գրի՛ր, եթե թույլ կտան ներկայացնել, — ասաց Քաջբերունին:

Եվ Արամյանը երկար մնաց արթուն. նա եռանդով գրում էր...

ԼԴ

Ամբողջ մի ամիս Քաջբերունին որոնում էր, որ մյուս անգամ ես տեսնե այն օրիորդին, բայց նրա բաղձանքն իզուր անցավ: Նա շուտշուտ թատրոն էր գնում և ամեն օր դուրս էր գալիս բուլվարի վրա կամ գնում էր Աղեքսանդրյան այգին, բայց ոչ մի տեղ չհանդիպեց նրան:

Քաջբերունին սիրահարված չէր նրա վրա, որովհետև, որքան մեզ հայտնի է, այդ կիրքը վաղուց սառած էր նրանում: Բայց նրա հետաքրքրությունը շարժում էր այն բանը, որ նա ցանկանում էր գիտենալ, թե ո՛րպիսի գոյություն ուներ այն խորհրդավոր օրիորդը, որի առաջին իսկ երևույթը թողեց յուր վրա այնպես խոր տպավորություն:

Մի օր բուլվարի վրա երկար զբոսանքից հետո նա մտավ մի հայ գրավաճառի խանութ փոքրինչ հանգստանալու: Նա նստած ծխում էր. հանկարծ տեսավ ներս մտավ նույն օրիորդը ոտքից ցգլուխ պատշաճավոր հագնված մթագույն հագուստ: Նա քաղաքավարությամբ մոտեցավ գրավաճառին և բավական մաքուր հայերենով խնդրեց Մ. Միանսարյանցի «Քնար Հայկականը»: Գրավաճառը պատասխանեց, թե այդ գիրքը իրանց մոտ էլ չի մնացել: Օրիորդը հարցրեց, թե ո՞րտեղից կարելի է գտնել: Քաջբերունին պատասխանեց նրան.

Պատվելի օրիորդ, ես ունիմ ձեր խնդրած գիրքը, թե կամենաք` ես կտամ ձեզ կարդալու:

Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, — պատասխանեց օրիորդը` գլուխ տալով նրան:

Ո՞րտեղ կարող եմ ձեզ հասցնել:

Իմ կացարանը շատ հեռու չէ, — պատասխանեց օրիորդը, — ահա՛ իմ հասցեն:

Եվ օրիորդը մոտեցավ գրասեղանին և շատ սիրուն հայերեն գրեց յուր հասցեն և հանձնեց Քաջբերունուն, գլուխ տվավ և շտապ դուրս գնաց:

Նույն օրվա երեկոյան պահուն, Քաջբերունին վեր առնելով բախտավոր գիրքը, որ առիթ տվավ իրան ծանոթանալ յուր խնդրած օրիորդի հետ, սկսավ դիմել դեպի այն նվիրական տունը, ուր բնակվում էր նա:

Նա առանց երկար որոնելու գտավ օրիորդի բնակարանը, զանգը քաշեց և խնդրեց յուր մասին իմացում տալ:

Քաջբերունուն առաջնորդելով մի քանի մաքուր և բավական ճաշակով կահավորված սենյակներով, տարան օրիորդ Աննայի (այդպես էր օրիորդի անունը) առանձնասենյակը: Երիտասարդի ներս մտնելիս օրիորդը նստած կարում էր: Տեսնելով յուր հյուրին, նա կարը մի կողմ դրեց, կանգնեց և խիստ քաղաքավարությամբ ողջունեց նրան՝ ավելացնելով.

Ձեր ազնվասրտությունը, հիրավի, ինձ խիստ զգալի է, ես համարձակվեցա ձեզ նեղություն պատճառել:

Ընդհակառակն, ինձ համար մեծ ուրախություն է, — պատասխանեց Քաջբերունին և տվավ նրան «Քնար Հայկականը»:

Օրիորդն ուրախությամբ առավ գիրքը՝ ասելով.

Ա՜խ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից. դուք չափազանց պարտավորեցրիք ինձ:

Տեսնելով ձեր այդպիսի սերը դեպի հայոց գրականությունը, ես մեծ ուրախությամբ պատրաստ եմ միշտ բերել ձեզ համար ամեն տեսակ հայերեն գրքեր:

Նրանք նստեցան: Օրիորդն սկսեց ուրախուրախ թերթել «Քնար Հայկականը»:

Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, — ասաց նա, — ես բավական հայերեն գրքեր ունիմ, միայն նրանք ըստ մեծի մասին գրաբար լինելով, լավ չեմ հասկանում. իսկ մի քանիսն էլ թեև աշխարհաբար, բայց զանազան բարբառով լինելով, դարձյալ դժվար հասկանալի են. բայց այս գիրքը կարելի է հասկանալ: Ինձ ասացին, թե դրանում հավաքված են մեր նոր և հին գրողների համարյա բոլոր ընտիր երգերը:

Այո՛, — պատասխանեց Քաջբերունին, — մենք մինչ այսօր չենք ունեցել այդպիսի հարուստ երգարան: Առաջին անգա՞մն է, որ տեսնում եք այդ գիրքը:

Առաջին անգամն է, — պատասխանեց օրիորդը, — միայն այս երգերից շատերն ինձ ծանոթ են, որոնք ես կարդացել եմ «Հյուսիսափայլ» — ի, «ԳամառՔաթիպա» — ի և մեր այլ պարբերական հրատարակությունների մեջ, ինչպես են՝ «Արաքսի արտասուքը», «Իտալացի աղջկա երգը» և այլն:

Դուք ստանո՞ւմ էիք «Հյուսիսափայլ», — հարցրեց Քաջբերունին:

Ես շարունակ ստանում էի այդ պատվական ամսագիրը, — պատասխանեց օրիորդը, — ափսոս որ նա դադարեցավ: Ռուսաստանում մենք մինչև ցայժմ չենք ունեցել այնպիսի ազատ և խորհրդավոր հրատարակություն:

Քաջբերունին հիացած էր օրիորդի առողջ դատողության և նրա ազգասիրական եռանդի վրա: Եվ կամենալով ավելի լավ ծանոթանալ նրան, հարցրեց.

Դուք ուրիշ ի՞նչպիսի հրատարակություններ էիք ստանում կամ ի՞նչ գրքեր ունիք:

Ես ստանում էի «Կռունկ», «Ճռաքաղ», թեև նրանցից և ոչ մինը «Հյուսիսափայլ» — ի հետ չէ կարող դասվել: Մի քանի օր առաջ ինձ մոտ էր եկած մի պոլսեցի երիտասարդ. նա պատմում էր, թե Տաճկաստանում լրագիրներն ու ամսագրերը ավելի մեծ կատարելության են հասած: Ես խնդրեցի նրանից, նա բերավ ինձ համար մի քանի համար «Մասիս», «Մամուլ», «Մեղու», «Փունջ»: Ես կարդացի, արդարև տաճկահայերի գործերը ավելի բարձր պիտի դասել գրականության մեջ, քան Ռուսաստանի մերայիններինը:

Ի՞նչն է պատճառ տալիս ձեզ այդպես մտածել, — հարցրեց Քաջբերունին:

Իհարկե, իմ նկատողությունները չեն եղել այնքան կրիտիկաբար, ո՛ւր մնաց որ մի քանի թերթերից չէ կարելի ամբողջ Տաճկաստանի հայոց այժմյան գրականության մասին որոշ կարծիք հայտնե, միայն որքան ես նկատեցի, նրանց մեջ առավել տեսանելի է մտքերի ազատություն և իրական ու բարոյական կյանքի ուսումն:

Ո՞վ էր այն երիտասարդը:

Ուղիղը չգիտեմ, որովհետև նա յուր անձի համար ոչինչ չասաց, միայն որքան երևում էր, ուսյալ ոմն պիտի լիներ:

Քաջբերունին մտածման մեջ ընկավ:

Նա այստե՞ղ է այժմ, — հարցրեց նա:

Ո՛չ չգիտեմ նա ուր գնաց. նա ճանապարհորդում էր զանազան տեղեր:

Ի՞նչպես եղավ, որ դուք ծանոթացաք նրա հետ:

Մի օր Աղեքսանդրյան այգում նստած էի մի անկյունում իմ մի բարեկամ երիտասարդի հետ. խոսում էինք մի կատակերգության մասին, որ այն օրերում ներկայացրին պատանի Nինի տանը: Ես նկատեցի մի օտարական, որ նստած էր նստարանի մյուս ծայրին և ուշադրությամբ լսում էր մեզ. երբ մեր վեճը վերջացավ, մենք սկսանք զբոսնել այգիում, նա դարձյալ չէր հեռանում մեզանից: Խոսակիցս ամենևին ուշադրություն չէր դարձնում, բայց ես գաղտնի հետազոտում էի նրա ընթացքը: Օտարականի խորհրդավոր կերպարանքը շարժեց իմ հետաքրքրությունը: Ինձ ցանկալի էր գիտենալ, թե ինչո՞ւ չէր հեռանում նա մեզանից: Ընկերիս հարկավոր եղավ վառել յուր ծխախոտը նրա ցիգարից, որ նա ծխում էր. այդ փոքրիկ հարաբերությունը առիթ տվավ նրան հաղորդ լինել մեր խոսակցությանը, և ես այդպիսով ծանոթացա այն պարոնի հետ:

Նա ակնոց ունե՞ր, բարձրահասա՞կ էր, գանգուր մազերով, շագանակագույն, մոխրագույն լայնեզրյա եվրոպական գլխարկ, այնպես չէ՞. պայծառ, գրավիչ դեմքով... փոքրիկ շիկավուն մորուքով... այո՞. խոսելու միջոցին սովորություն ունի խաղալ մորուքի մազերի հետ... ուղի՞ղ է:

Իսկ և իսկ, — կրկնեց օրիորդ Աննան, — նույն անձն է: Բայց դուք մի բան մոռացաք. ավելի նշանավոր են նրա աչքերը` մեծմեծ, լիքը, փայլուն և խաժակն...:

Այո՛, — պատասխանեց Քաջբերունին:

Ասացեք խնդրեմ, ո՞վ էր նա:

Ես ևս այնքան գիտեմ, թե ո՛վ է նա, որքան և դուք. միայն այսքանն ինձ հայտնի է, որ նա, ինչպես ասացիք, ուսյալ ոմն է...

Մի քանի րոպե ևս տևեց նրանց մեջ այդ խոսակցությունը անծանոթ անձի մասին, մինչև նրանք դարձյալ սկսեցին խոսել հայոց գրականության մասին:

Հրամմեցեք գնանք իմ մատենադարանը, ուր դուք կտեսնեք, թե ի՛նչ գրքեր ունիմ, — ասաց օրիորդը կանգնելով:

Քաջբերունին նույնպես վեր կացավ: Օրիորդը յուր կարը և կարելու պարագաները դնելով մի զամբյուղում, սկսավ առաջնորդել յուր հյուրին դեպի յուր մատենադարանը, ամենևին ուշադրություն չդարձնելով թափ տալու յուր հագուստին կպած բամբակի և թելի պատառները:

Մեր Սաթենիկը՝ փոքր քույրս, չի բարկանա, որ այսօր ևս չի կարող հագնել յուր շապիկը, — ասաց օրիորդը:

Ուրեմն ես զրկեցի խեղճ երեխային յուր ուրախությունից, — ասաց Քաջբերունին, — արգելք լինելով ձեզ կտրելու:

Ոչ՛, նա այնքան բարի երեխա է, որ չի նեղանա:

Նրանք մտան մատենադարան:

Քաջբերունուն այնպես էր թվում, թե հարյուր անգամ եղել է այդ տանը, և օրիորդի պարզ վարվեցողության մեջ չէր նշմարվում որևիցե մեծարական ցույցեր. նրա բոլոր ընթացքը արտահայտում էր անկեղծություն և բարեսրտություն:

Օրիորդի մատենադարանը մի փոքրիկ սենյակ էր, բավական մաքուր, առանց արտաքին շքեղության, նրա բոլոր զարդարանքն էին մի քանի պատկերներ, որոնց մեջ տեսանելի էր Վարդան Մամիկոնյանի, Ոգի Հայաստանիի, Հայկի պատկերները և մի քանի այլ պատկերներ հայ քաջազունների:

Օրիորդր սկսավ ցույց տալ յուր գրքերը:

Ահա՛ Եղիշե, ահա՛ Խորենացի, Նարեկ, Ագաթանգեղոս, «Վերք Հայաստանի»...:

Բավական գրքեր ուլնիք, — ասաց Քաջբերունին:

Գրքեր ունիմ, միայն ցավում եմ, որ գրաբար են, իսկ ես լավ չեմ հասկանում:

Դուք կարող եք պարապել հին լեզվով, առանց լավ ծանոթանալու հին լեզվի հետ, չէ՛ կարելի խորին տեղեկության ունենալ մեր լեզվին և մեր գրականությանը:

Հաջորդ էջ