Րաֆֆի՝   Զահրումար

Բայց գիտենալով հոր խստասրտությունը, խղճալի օրիորդը չէր համարձակվում հայտնել յուր ցանկությունները, և այդպես տրտմությամբ անց էր կացնում յուր օրերը, մինչև մի անգամ մայրը, գտնելով նրան միայնակ յուր սենյակում, ընկղմված խորին տխրության մեջ, հարցրեց.

Սոֆի, դու օրեցօր մաշվում ես, քո դեմքը միշտ տխուր է, ասա, սիրեկան, չլինի՞ հիվանդ ես դու:

Ես հիվանդ չեմ, մայրիկ, — պատասխանեց օրիորդը հոգվոց հանելով:

Ապա ի՞նչ է քո սրտի դարդը:

Ոչինչ... — տխրությամբ պատասխանեց օրիորդը:

Մի բան կա, ասա՛, սիրեկան:

Եվ մայրը սկսեց նրան փայփայել:

Իսկ օրիորդ Սոֆին պատասխանեց նրան բավական զգայի եղանակով.

Ինչը՞ կտրող է ինձ ուրախացնել, որ չլինիմ տխուր. ես շրջապատված եմ այնպիսի անհարմարություններով, որ ամաչում եմ մինչև անգամ տեսնվել ընկերուհիներիս հետ:

Ի՞նչպես, — հարցրեց մայրը զարմանալով:

Այնպես, որ ինձ ևս վերջապես պետք է ծանոթանալ արտաքին աշխարհի հետ և ըստ այնմ հարկավոր է բարեկարգել իմ դրությունը, ինչ որ պահանջում են հասարակական կյանքի հարաբերությունները:

Մայրը համարյա ոչինչ չհասկացավ այդ խոսքերից. նա կարծեց, թե յուր աղջիկը ամուսնական ցանկություն ունի յուր սրտում: Այդ պատճառով ասաց.

Այն, որ դու ես ցանկանում, դեռ շուտ է, դրա համար քի՛չ մտածիր, միայն դու միշտ ի նկատի ունեցիր, որ քո մայրը բոլորովին անհոգ չէ քո մասին:

Մայրիկ, դու բոլորովին չհասկացար ինձ, — նրա խոսքը կտրեց կարմրելով օրիորդը: — Ես կամեցա քեզ հայտնել բոլորովին այլ բան:

Ի՞նչ բան:

Այն, որ դու ինքդ էլ նկատում ես, թե մեր սենյակները որքան անհարմար են իմ կացության համար. դու գիտես, որ ես այսուհետև երթևեկներ շատ կունենամ: Իսկ այսպիսի կեղտոտ տեղում չէ կարելի ընդունել մի օրինավոր մարդու: Բացի սորանից, ես տակավին պատշաճավոր հագուստ ևս չունիմ, որ կարողանամ առանց ամաչելու հասարակության մեջ երևալ: Պետք չէ՞ դրանց համար մտածել:

Անպատճառ, իմ սիրելիս, — ասաց նրան մայրը՝ գգվելով: — Այդ բոլորը ինչ որ ցանկանում ես, գրե՛ մի թղթի վրա, որ չմոռանամ, երեկոյան հայրդ երբ փողոցից վերադառնա, ես կխոսեմ նրա հետ և բոլորը կկարգադրեմ:

Ուրախացած մոր հուսադրելով, օրիորդը վեր առավ մի թղթի կտոր և սկսավ գրել յուր ցանկացած իրերի ցուցակը: Նա գրեց և գրեց, թղթի երեսը լքցրեց: Եվ սկսավ կարդալ: «Առաջին անգամ այս շատ կլինի, հարկավոր չէ հորս իսկույն վախեցնել», — ասաց նա յուր մտքի մեջ և սկսավ տեղտեղ ջնջել ցուցակից ամբողջ տողեր: Վերջապես նրանից արտագրեց փոքրիկ թերթի վրա հետևյալները.

1. Տեղափոխել մեր բնակությունը տների վերին հարկը.

2. Ինձ համար առանձին սենյակներ որոշել այնտեղ.

3. Գնել սենյակներիս համար եվրոպական պատշաճավոր կարասիք և մի հատ դաշնամուր.

4. Հոգալ հագուստիս մասին:

Այդ թերթը գրված էր վրացերեն, որ տիկին Բարբարեն ինքը ևս կարող էր կարդա., մայրը առավ թուղթն ու դուրս գնաց, խոստանալով, որ գիշերը անպատճառ կխոսե Ճանճուր Իվանիչի հետ:

Այդ երեկոյան Ճանճուր Իվանիչը խիստ ուշ դարձավ փողոցից, և տուն գնալուց հետո նա չերևեցավ յուր ընտանիքին, այլ իսկույն մտավ յուր սենյակը: Այնտեղ նա սկսել էր քրքրել յուր առևտրական գրքերը, երբ տիկին Բարբարեն ներս մտավ և նստելով նրա մոտ, մի քանի այլևայլ խոսակցություններից հետո հայտնեց իրենց դստեր պիտույքները և կարդաց նրա պահանջած իրերի ցուցակը:

Ճանճուր Իվանիչը խորին տհաճությամբ լսելով կնոջ առաջարկությունները, նրա սարսափելի դեմքի վրա երևացին անախորժ արտահայտություններ:

Գանա առանց էտունք չի կանա յոլա գնա Սոֆի՞ն, — խոսեց նա յուր ռեխը թթվեցնելով:

Վո՜ւյ մե, աբռազովաննի աղջիկը առանց էտունք վու՞նց կանա յոլա գնա, — պատասխանեց տիկին Բարբարեն խորին համոզմունքով:

Ճանճուր Իվանիչը մի քանի րոպե մտածման մեջ ընկավ:

Լավ, հագուստը ջեր ասինք հարկավուր է, չունքի սատանեքը կու խռովին, եփոր աղջկերքը մոդիցը հիդ ննգնին, — ասաց նա հեգնորեն: — Մագրամ էդ մեկել չանչալեքն ի՞նչ զահրումար ին, — կրկնեց նա աչքի տակով նայելով յուր կնոջը:

Գանա դուն չի՞ս գիդի, — պատասխանեց տիկին Բարբարեն՝ գլուխը շարժելով:

Սատանեն է խաբար, ես ի՞նչ գիդենամ, — խոսեց Ճանճուր Իվանիչը պինդ ձայնով:

Է՛լի իծանիրդ մոդ էլա՜ն:

Բաս ի՞նչ անիմ, վուր չգժվիմ:

Էստուրում ի՞նչ գժվելու բան կա, վուր ուզում իս անպատճառ միծ մարաքա սարքիս:

Ախար ես վու՞ր ջուրը ննգնիմ, ձիր վո՞ւր մեկ ասածը կատարիմ. մեկ չէ՛, երկու չէ՛, հարուր չէ՛, հազար չէ՛: Ամեն օր հենց ինձ նուրնուր մսխերի մեջ իք գցում:

Տիկին Բարբարեն նկատելով, որ յուր ամուսնու բարկությունը չափից պիտի անցնի, մտածեց մի փոքր մեղմությամբ խոսել.

Ա՛յ մարդ, բաս դու հիշտ իս իմանում աղջիկ պահի՜լը, վուրդիք մինձացնի՜լը. ինչկլի հիմի նրանց դարդը քաշիլ ինք, էստումեն դենը էլի պիտի քաշինք: Նրանց վրա մսխածը կորած չէ, աստուծ ինքը կու հասցնե:

Դիա՜խ, կու հասցնե... — կնոջ խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը, յուր դեմքի խորշոմներին ծաղրական ձև տալով: — Թե գիտենաս մինք ինչ օրով ինք փուղ դադում, էն վուխտն էհենց չիս խոսի. մագրամ դուք ինչեմեն իք խաբար. տանը դինջ նստիլ իք, հենց ասում իք՝ բերե՛ք ուտինք, բերե՛ք հագեինք...

Տիկին Բարբարեն սկսեց զարմացած կերպով ծիծաղել ամուսնու այդ խոսքերի վրա:

Լավ, էս ինչեմե՞ն է, — խոսքը առաջ տարավ Ճանճուր Իվանիչը, — վուր մինք էսքան տարի ներքի ատեժումը յոլա ինք գնացի, հիմի կի Սոֆին չի կանացի յոլա գնա:

Էնդումեն է, վուր Սոֆին ինձ ու քիզ նման չի սորվի, — պատասխանեց կինը:

Նա աբռազովաննի է, հա՜:

Վու՞նց աբռազովաննի չէ, վուր օխտը տարի կինք է մաշի, ուսում է սորվի, ռսնակ կուզիս, ֆրանցուզնակ կուզիս բուլբուլի պես խոսում է. փորտոպիանը, քանի հավնիս, ածում է, երգ ասելիս՝ հրեշտակի ձեն է հանում. տանցեվատը խոմ աղունիկի պես խաղում է: Դուն վու՞նց գիդիս: Գանա՛ տանցեվատը լեզգինկա է՜, վուր աղջկերքը դիպլիպիտոն ածին, ու նա վեր կենա կտուրի վրեն թռչկոտի: Մագրամ տանցեվատի համա տեղը լեն ու բոլ կուզե, զարդարված զալ, նխշած, մոմած պոլ կուզե...:

Ես ու իմ հոգին, լավ վուտանավուր իս գիդացի, — կատակելով կնոջ խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը:

Չէ, դուն մասխարա գցե, — պատասխանեց տիկին Բարբարեն` վշտանալով:

Ա՛յ կնիկ, ինչի՞ իս խելքդ տանուլ տվի. ես վու՞նց վերի ատեժը գնամ, վուր կենացողեմեն տարեն հիսուն թումնից ավելի փուղ իմ վի կալնում: Էդքան փուղը միր վո՞ւր դարդին դիղ չի անի:

Մաշ Սոփոն էս քոխեքումը վու՞նց պիտի վեչերնիր տա, տղերք ու ազջկերք մեձրե ու բալ սարքե:

Տիկին Բարրարեի վերջին խոսքերը բոլորովին կատաղեցրին Ճանճուր Իվանիչին, որովհետև վեչերն ու բալը մտցնել նրա խաղաղ և չափավոր ընտանեկան կյանքի մեջ՝ միևնույն էր, եթե մինն այնտեղ հրավիրեր ժանտախտ կամ խոլերա:

Միայն Ճանճուր Իվանիչը կամենալով հեռացնել յուր կնոջը, որի ներկայությունն այնքան անտանելի էր թվում իրան, ասաց մի փոքր մեղմությամբ.

Ա՛յ կնիկ, քու հորն օղորմի, ես էդ թավուր բաների գլուխ չունիմ. ի սեր աստուծո, իմ տունս մի՛ քանդի. ես վեչեր, բալ չիմ գիտի:

Հիմի դուն ինձ ի՞նչ պատասխան իս տալի, — վրդովվելով հարցրեց կինը:

Գնա՛, խաթրջամ կաց, ես առուտեհան Սոֆիի համա բազազխանից հագնելու կտուրնիր կու առնիմ ու էս կիրակի էլ կեհամ յարմուկա մե քանի հատ ստոլ, մե քանի հատ էլ սկամի կու առնիմ, հալիլա խոմ ունինք, ղորդ է, կոտրած է, ի՞նչ վնաս, շինիլ կու տամ: Մագրամա, էն վուր ասում ես վերի ատեժումը կենանք, էդ իմ խելքի բան չէ, թե Քրիստոս ինքն ասե, էլի ղաբուլ չիմ անի:

Լսելով այդ խոսքերը, տիկին Բարբարեի դժգոհությունը չափից անցավ: Եվ նա ասաց գլուխն արհամարհական կերպով շարժելով.

Պրծավ գնա՜ց... Սոֆիի աչքը լուս...: Ա՛յ մարդ, էս ժուկումս վու՞ր աբռազովաննի աղջիկը բազազխանի ճոթերին լայեղ կոնե, ու էնենց էլ վո՞ւր յարմուկի ստոլ, սկամի հավան կու կենա:

Էն վուր դուն իս ուզում, մաշ ես պիտի երգնքեմեն դվեր բերիմ. էդ է էլի՜, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը՝ յուր վայրենի աչքերը լայն բանալով կնոջ վրա:

Էհ՜, դու մարաքա իս սարքում, ես քու գլուխը չունիմ:

Մաշ ի՞նչ ասիմ, վուր քեզ դուր գա. Րիշարի ու Բլոտի մաղազեքը ամենը առնիմ, ինձմեն շնորհակալ կուլիս, վու՞նց չէ:

Տիկին Բարբարեն ոչինչ չպատասխանեց, որովհետև նա վաղուց գիտեր յուր ամուսնու խստասրտությունը, միայն մտածել որևիցե կերպով համոզել, որ նա գոնյա կատարեր յուր դստեր մի քանի պահանջմունքները:

Փորտոպիանի համար ի՞նչ իս ասում, — հարցրեց նա:

Էդ ի՞նչ զահրումար է, — երեսը խոժոռելով հարցրեց Ճանճուր Իվանիչը, առաջին անգամ լսելով մի այդպիսի օտարոտի բառ:

Էն վուր ածում ին, — պատասխանեց կինը, որովհետև ինքը նույնպես ստույգ չգիտեր, թե ի՞նչ բան է պիանոն:

էդ էլ ֆրանցուզի ճի անուր կուլի, — կրկնեց ծիծաղելով Ճանճուր Իվանիչը:

Չէ՛, էն վուր մատներով ածում ին:

Բա՛ս ան սազ կուլի, ան թե չէ սանթուր:

Չէ՛, մե մինձ զանդուկի նման բան է:

Դե՛, օխնած, ասա օրղան, էլ ո՞ւր իս դես ու դեն գցում: Լավ, գանա Սոֆին միտք ունե օրղանչի դառնա, հա՞:

Է՜հ, քիզ վուչինչով չի ըլի բան հասկացնիլ, — խոսեց տիկին Բարբարեն վշտանալով:

Ես ի՞նչ մեղավոր իմ, վուր չիս կանացի հասկացնի:

Էն վուր մինձ մարդկերանց տանն ածում ին:

Օհո` ... — բացականչեց Ճանճուր Ւվանիչն աչքերը լայն բանալով, թեև տակավին չհասկացավ, թե ինչ բան էր ֆորտոպիանոն, միայն մինձ բառը լսելով, մտածեց, թե աղջկա խնդրած ածելու գործիքն անշուշտ թանկագին բան պիտի լինի, որ միայն մեծ մարդկանց տներումն է գտնվում: Եվ կամենալով առժամանակ հանգստացնել յուր կնոջն ու աղջկանը այդպիսի, նրա կարծիքով, անպետք ցանկություններից, ասաց.

Դե՛ լավ, կու գրիմ միր Յագորին՝ Մակարիից մե հատ էլ էդ զահրումարից առնե, վուր մինձ մարդկանց տանն ածում ին:

Բայց տիկին Բաբբարեն հասկացավ, որ պիանոյի մասին Յագորին գրելու միակ նպատակն այն է, որ մի քանի ամսով հետաձգե այդ խնդիրը և ապա զանցառության տա. այդ պատճառով խոսեց.

Յագորը վու՞րն է, Մակարիան վու՞րն է, էդ ինչի՞ց իս խոսում: Դուն վուր հիմիկվանից էդպես քիսիդ բերանը ղայիմ հուփ իս տալի, բաս լավ աղջիկ կանաս մարդու տա...:

Ով վուր ուզե իմ փեսա դառնա, թող գա ջեր վուտնիրս լպստե, իժում իմ աղջիկը տանե: Մե քանի հարուր թուման փուղ տուր փեսին ու թքե էրեսին, նա ամեն բանի րազի կուլի, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը հպարտությամբ, վաղուց հասկացած լինելով փողի ամենակարող զորությունը:

Բայց տիկին Բարբարեն ոչինչ չասաց նրան և խռոված դուրս եկավ ամուսնու սենյակից:

Է

Գալով յուր դստեր մոտ, տիկին Բարբարեն ոչինչ չասաց նրան յուր ամուսնու սենյակում անցածի մասին. միայն օրիորդը յուր մոր դեմքի տխուր արտահայտությունից և նրա վրդովմունքից գուշակեց, թե նրա դեսպանախոսությունը յուր ուզածների մասին` անհաջող ընդունելության է հանդիպել: Բայց տեսնելով, որ մայրը ոչին չի հայտնում իրան, ինքը ևս չուզեց բան հարցնել:

Թե՛ տիկին Բարբարեն և թե օրիորդ Սոֆին այն գիշեր խիստ անհանգիստ անցկացրին:

Առավոտյան Քիտեսը հայտնեց յուր տիկնոջը, թե աղան գիշերը հեռագիր է ստացել և այսօր պատրաստվում է գնալ Կավկա, կապալի գործի համար, և իրան հրամայել է, որ ճանապարհագիր հանեմ, և սայլակ վարձեմ:

Այս հանկարծակի լուրն իսկույն փարատեց տխրության սև թախիծը, որ գիշերվանից սկսած կուտակվել էր տիկնոջ դեմքի վրա, և նրա գեղեցիկ աչքերը վառվեցան ուրախությամբ: «Թո՛ղ նա գնա, ես գիտեմ, թե ինչ կանեմ»... — ասաց նա յուր մտքում:

Միայն Ճանճուր Իվանիչը, առանց ոչինչ հայտնելու յուր ընտանիքին Կավկա գնալու մասին, վաղ առավոտյան տանից դուրս եկավ և գնաց փողոց:

Այնտեղ նա ամբողջ օրը հազիվ կարողացավ կարգադրել յուր գործերը: Երեկոյան հարկավոր պատվերները տալով յուր գործակատարներին, նա վերադարձավ տուն, ուր ճանապարհորդական սայլակն սպասում էր դռանը: Նա ուղղակի մտավ յուր սենյակը և իսկույն հրամայեց Քիտեսին՝ տեղավորել սայլակի վրա յուր ուղևորության հարկավոր պիտույքները, իսկ ինքն սկսավ քրքրել յուր թղթերը :

Նա այս գիշե՛ր է կամենում գնալ, — հարցրեց Քիտեսից տիկին Բարբարեն:

Հրամմել եք, աղջիկ պարոն, — պատասխանեց իմերելը:

Տիկին Բարբարեն թեև մի կողմից ուրախ էր յուր ամուսնու հեռանալու համար, բայց մյուս կողմից նրա սրտին տիրեց խիստ ցավեցուցիչ տհաճություն, երբ տեսավ, որ յուր ամուսինն օտար երկիր է դիմում՝ առանց յուր կնոջն ու ընտանիքին հայտնելու յուր գնալու պատճառի և նպատակի մասին:

Նա ասաց Գրիգոլին, որ գնա տեսնե, թե յուր հայրը ո՞ւր է գնում և ինչի՛ համար:

Պատանի գիմնազիստը մտավ հոր սենյակը:

Դեպի ո՞ւր եք պատրաստվում գնալու, հայրիկ, — հարցրեց նա:

Ջհանդամը, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը խորին վրդովմունքով:

Յուր հոր այդ կոշտ պատասխանից Գրիգոլի լեզուն կապվեց, և նա, սիրտը կոտրած, մի քանի րոպե հոր վրա նայելուց հետո դուրս գնաց նրա սենյակից:

Նա ասաց յուր մորը, թե ի՛նչպես պատասխանեց իրան հայրը:

Ճանճուր Իվանիչի մի այդպիսի վրդովմունքը և ջհանդամ բառը պատճառ տվին տիկին Բարբարեին մտածել, թե յուր ամուսնու Կավկայի կապալի գործերը պիտի անհաջողության հանդիպած լինին, և որ նրա մի այդպիսի հանկարծակի ճանապարհորդությունը ոչինչ բարիք չե գուշակում:

Նույն րոպեին Քիտեսը իմացում տվավ, թե աղան պատրաստվում է գնալու:

Տիկին Բարբարեն, օրիորդ Սոֆին և նրանց մյուս զավակները դուրս գնացին նրան ճանապարհ գցելու:

Նա արդեն նստած էր սայլակի մեջ: — Մուղայիթ կացեք, բճերքն ու քոծը բան չգողանան, ու դուք էլ հիռու կացեք անխելք մսխելեմեն, — ասաց նա` յուր վայրենի հայացքը ձգելով ընտանիքի վրա, որ ավելի սարսափելի էր գիշերային մթության մեջ:

Քշե՛, — հրամայեց նա սայլապանին:

Ձիաները առաջ խաղացին, սայլակի զանգակներր հնչեցին, անիվներն սկսան գլորվել փողոցի ողորկ քարահատակի վրա:

Տիկին Բարբարեն և յուր զավակները, երկար կանգնած դռանը՝ նայում էին նրա հետևից, մինչև զանգակների ձայնը լռեց, և սայլակն անհետացավ գիշերային խավարի մեջ:

Նրանք խորին տխրությամբ դարձան տուն:

Նա մինչև անգամ մնաք բարով էլ չասաց մեզ, մայրիկ, — ասաց օրիորդ Սոֆին՝ ողորմելի կերպով նայելով մոր երեսին:

Մայրը ոչինչ չպատասխանեց, միայն աղջիկը տեսավ, որ նրա աչքերից գլորվում էին արտասուքի խոշոր կաթիլներ:

Ահա՛ ի՛նչ է նշանակում հին մարդիկ, — կրկնեց օրիորդ Սոֆին, — նրանց մեջ չկա ո՛չ ծնողական սրտի քնքուշ զգացմունք և ո՛չ մարդավայել քաղաքավարություն...

Օրիորդը մի քանի խոսքերով մխիթարելով յուր մորը՝ գնաց յուր սենյակը:

Այդ գիշեր բոլոր Հացի-Գելենք անցկացրին ցավեցուցիչ տրտմությամբ: Հոր խստասրտությունն առավելապես զգալի եղավ օրիորդ Սոֆիին:

«Այս էլ աշխարհը... արդյոք ի՞նչ վայելչություն կա սրանում»... — ասաց նա հոգվոց հանելով և յուր գեղեցիկ գլուխը թաղեց բարձի մեջ:

Բայց քունը երկար ժամանակ մոտ չեկավ նրա աչքերին:

Ճանճուր Իվանիչի բացակայությունը թեև մի կողմից անախորժ տպավորություն թողեց յուր ընտանիքի վրա, այնուամենայնիվ մյուս կողմից նա պատճառեց տիկին Բարբարեին բավական մեծ հաճություն, որ ազատվեցավ յուր ամուսնու վշտացուցիչ ծանրությունից, և օրիորդ Սոֆիին, որին այնքան ատելի էր հոր ներկայությունը:

Հենց Ճանճուր Իվանիչին ճանապարհ դրած գիշերվա առավոտը տիկին Բարբարեն պատրաստվեցավ օրիորդ Սոֆիի հետ միասին փողոց գնալ՝ նրա խնդրած իրեղենները գնելու: Թեև նա հարկավոր գումարը չուներ պատրաստի, բայց ամբողջ քաղաքի խանութներում ճանաչում էին հարուստ Ճանճուր Իվանիչի կնոջը, և այդ պատճառով նա ամեն տեղ մեծակշիռ վարկ ուներ:

Առավոտյան տասը ժամին նրանք կառք նստեցին և, իրանց հետ առնելով Քիտեսին, դիմեցին դեպի Գոլովինսկի պրոսպեկտ:

Նրանք նախ և առաջ մտան մի ֆրանսիացու մոդնի մագազին. այդտեղ Փարիզի նորեկ մոդայի ձևերով, որ ընդունված էր քաղաքում, պատվեր տվին օրիորդի համար ոտքից գլուխ կարել մի քանի ձեռք հագուստ՝ պարահանդեսի համար առանձին, թատրոնի համար առանձին, հասարակ օրվա, զբոսանքի համար առանձին և տանը հագնելու համար առանձին, բոլորն այլևայլ տարազներով և գներով: Կար անող ֆրանսուհին չափերը վերցրեց, նրանք գրավ տվին և դուրս եկան:

Այնտեղից անցան մի այլ խանութ, ուր գնեցին կոշիկներ, գույնզգույն ձեռնոցներ, զանազան տեսակ գուլպաներ, հովանի, հովհար և այլ այդպիսի կանանց հարկավոր իրեղեններ:

Հետո մտան մի այլ խանութ, ուր վաճառում էին եվրոպական կարասիք. այդտեղ գնեցին աթոռներ, բազկաթոռներ, սոֆա, զանազան տեսակ սեղաններ և այլ տնային կահ-կարասիք:

Այնտեղից էլ անցան մի այլ խանութ, ուր վաճառում էին գրության պիտույքներ և գրասեղանի զարդե., այդտեղ գնեցին թանաքաման յուր պարագաներով, գեղեցիկ աշտանակներ, գրասեղանի ժամացույց, բրոնզից կամ կավճյա փոքրիկ կիսարձաններ, զանազան պատկերներ, մեծ հայելիք և սենյակի այլ զարդեր, ինչ որ օրիորդի գեղասեր ճաշակին դուր եկավ:

Ճանապարհին նրանք մտան մի այլ խանութ, ուր օրիորդը գնեց զանազան նկարներով գրելու թղթեր, զանազան տեսակ նույնպես նախշուն ծրարներ, որոնցով միայն սիրահարական նամակներ են գրում օրիորդները սիրուն տղաներին:

Բայց դաշնամուրի գնելը նրանք թողին մյուս օրվան, որովհետև կեսօրից երկու ժամ արդեն անցել էր:

Նրանք դարձան տուն, մի քանի թեթև բան առնելով իրանց հետ կառքի մեջ, մնացածը թողնելով, որ Քիտեսը տուն բերե:

Օրիորդ Սոֆին գտնվում էր յուր հոգու զվարճալի դրության մեջ:

Գալով տուն, նա գրկեց յուր մորը և շնորհակալություն հայտնեց:

Այսուհետև, մայրիկ, ես այլևս չեմ տխրիլ, — ասաց նա: — Միայն մեր գնած իրեղեններր մեր այժմյան կացարանին ինքդ կվկայես, խիստ անհարմար են:

Այդ մասին դու անհո՛գ կաց, սիրելիս, — պատասխանեց մայրը: — Ես այդ ևս կկարգադրեմ:

Եվ նույն րոպեին տիկին Բարբարեն իրանց տան վերի հարկի կեցողներին մի տոմսակ գրեց, որ նրանք մինչև առաջիկա շաբաթ օրը բոլոր սենյակները դատարկեն, հակառակ դեպքում նրանց դուրս կանեն ոստիկանության միջոցով:

Որովհետև կեցողները պայմանյալ ժամանակով չէին վարձած իրանց կացարանը, այդ պատճառով ընդունեցին տանտիկնոջ պատվերը:

Քիտեսը յուր հետ բերեց բեռնավորված մշակների մի ամբողջ կարավան, և Ճանճուր Իվանիչի տան ներքին սենյակները լցվեցան բազմաթիվ խայտաճամուկ իրեղեններով:

Լիզան յուր սովորական մելամաղձական լռությամբ, իսկ Ելենան յուր բնական մշտազվարճ դեմքով նայում էին նրանց համար խիստ զարմանալի իրեղենների վրա: Օրիորդ Սոֆին ինքն էր տեղավորում նրանց: Տիկին Բարբարեն կանգնած նայում էր յուր դստեր գործունեությանը:

Բայց փոքրիկ Ելենան դիմեց նրան այսպիսի հարցով.

Մայրի՛կ, այդ բոլորը ո՞ւմն են:

Սոֆիինը, — պատասխանեց տիկին Բարբարեն ծիծաղելով:

Հապա ի՞նձ, — հարցրեց վշտանալով աղջիկը:

Դու ի՞նչ ես ուզում:

Մի հատ նոր խրծիկ, — պատասխանեց Ելենան յուր սիրուն գլուխը շարժելով:

Չէ՞որ դու արդեն խրծիկ ունիս:

Չէ՛, մայրիկ, նա լավը չէ, — կրկնեց դժգոհելով փոքրիկ աղջիկը: — Նրա աչքերը կապույտ են, մազերը դեղին, ես չեմ սիրում: Ինձ համար առեք մի այնպիսի խրծիկ, որ Սոֆիի նման սև աչքեր և սև մազեր ունենա:

Չէ՞ որ քո աչքերն էլ կապույտ են և քո մազերը դեղնագույն, — կրկնեց մայրը:

Իմ աչքերը կապույտ են, իրավ է, բայց մեր Թինան ասում է, թե հետո կսևանան, Սոֆիի աչքերի նման կդառնան:

Տիկին Բարբարեն ծիծաղեց փոքրիկ դստեր պարզ մտքի վրա,

Բայց չե՞ս ուզի, որ Լիզի աչքերի պես լինին, — հարցրեց մայրը:

Չէ, չեմ ուզում. ես Լիզի աչքերից վախենում եմ:

Իսկ Լիզան մի կողմնակի հայացք ձգեց քրոջ երեսին, և արդարև նրա աչքերը նույն րոպեին սարսափելի էին:

Մայրը սաստեց յուր երեխին, որ այդպես չխոսի քրոջ վրա և խոստացավ նրա համար գնել մի խրծիկ՝ սև աչքերով և սև մազերով:

Ելենան դուրս վազեց հայտնելու յուր մոր խոստմունքը իրանց դրացու աղջկան փոքրիկ Օլինկային:

Ը

Օրը կյուրակե էր:

Հացի-Գելենց տների վերին հարկում, ընդարձակ, բավական ճաշակով զարդարված դահլիճի մեջ օրիորդ Սոֆին հոտավետ յուղերով օծված՝ կանգնել էր մեծ հայելու առջև. ֆրանսուհի կար անող կինը հագցնում էր և ուղղում նոր զգեստները:

Նրա մայրը և քույրերը ուրախությամբ նայում էին վրա:

Երբ օրիորդը բոլորովին հագնվեցավ, երկու անգամ անցուդարձ արավ դահլիճի մեջ, հրճվելով նայեց յուր վրա հայելու մեջ, և ապա հարցրեց ֆրանսուհուց՝ նրա մայրենի լեզվով.

Ի՞նչպես է:

Խիստ հարմար է, օրիորդ, — պատասխանեց կար անողը:

Խիստ հարմար է, — նույնպես կրկնեց տիկին Բարբարեն:

Օրիորդն այդ լսելով ավելի ուրախացավ, ժպտաց և դարձյալ կանգ առավ հայելու առջև, և մի փոքր ևս յուր հագուստով հրճվելուց հետո, նա մոտեցավ յուր մորը և նրա ձեռքը համբուրեց ու շնորհակալություն հայտնեց:

Մայրը նույնպես գրկեց յուր դստերը, շնորհավորեց նրա հագուստը, «բարով մաշես» ասաց և մաղթեց նրա համար բախտավորություն:

Կար անող կինը հեռացավ:

Ժամը տասն էր:

Օրիորդ Սոֆին խնդրեց մորից՝ կառքով գնալ մի փոքր զբոսնելու:

Նա ցանկանում էր յուր նոր հագուստով այն օրը երևալ քաղաք հասարակությանը:

Քառորդ ժամից հետո փառավոր կառքը կանգնած էր դռանը:

Նրանք նստեցին: Կառքը սահեցավ:

Երկու անգամ նրանք պտույտ արին Գոլովինսկի պրոսպեկտով, հետո դիմեցին դեպի Մուշտայիդ:

Այդ ի՞նչ ապրանք է, — հարցրեց յուր ընկերից ռուսերեն մի հայ երիտասարդ, բուլվարի վրայից ցույց տալով օրիորդ Սոֆիին,

Ապրանքը արդեն հիանալի է... բոլորովին նոր և թարմ... բայց ափսոս որ վաճառողը հրեա է... — պատասխանեց մյուս երիտասարդը նույն լեզվով, մատներով իր նորաբույս ընչացքի հետ խաղալով:

Ո՞վ է այդ:

Հացի-Գելենց Ճանճուր Իվանիչը:

Ափսո՜ս, — կրկնեց առաջինը: — Խանութն անմատչելի է:

Այդ ոչինչ, — պատասխանեց երկրորդը: — Այդ աղջիկն ինքը՛ ճանապարհ կտա հաճախորդներին:

Այո՛, — ասաց առաջինը՝ համոզվելով ընկերի խոսքերից. — դա ևս կընտելանա մեր աշխարհի պիտույքներին, թեև այժմ անհամբույր է նա իբրև վայրենի եղջերու:

Նրանք զբոսանքից դարձան տուն երկու ժամին: Ճանճուր Իվանիչի գնալուց հետո Հացի-Գելենց տանը զարմանալի փոփոխություններ եղան, որոնք խիստ ազդու ներգործություն ունեցան օրիորդ Սոֆիի ներկա և ապագա կյանքի վրա: Նրանց կացարանն ընդունեց կատարյալ գեղաճաշակ կերպարանք: Ճաշի և ընթրիքի սեղանը օրըստօրե ճոխանում էր եվրոպական խոհարարի նուրբ և համադամ խորտիկներով: Ծառաների թվին ավելացավ և մի մանկահասակ սպասավոր, կարճ ֆրակով, սպիտակ ձեռնոցներով և ճռճռան կոշիկներով, յուղած և կոկած գլխի մազերով և բավական ախորժելի դեմքով: Աղախինների թվին ավելացավ և մի մանուկ ռուսուհի օրիորդ, կլորիկ, սպիտակ, շիկահեր, մշտազվարճ դեմքով, Մաշա անունով: Ախոռատան բակում միշտ պատրաստ էր փառավոր տնային կառքը, զույգ կապուտիկ ձիաներով և մանկահասակ կառավարով, հաստլիկ ու կարմիր թշերով, սև մազերով և սև աչեքերով, մի բարձրահասակ տղամարդ, Կազանի թաթարներից:

Զբոսանքները թե՛ կառքով և թեոտքով ամեն օրվա սովորություններ եղան: Գիշերվա խնջույքները, որ նրանք տալիս էին նրբաճաշակ քաղցրավենիքներով և հազվագյուտ մրգեղեններով, հըռչակ ստացան բոլոր քաղաքում: Թատրոնում մի հատուկ լոժա օրիորդ Սոֆիի անվան նվիրական պատիվը ստացավ: Կար անող ֆրանսուհին և վարսահարդար եվրոպացի տիկիններր սկսան շուտշուտ երևալ այնտեղ: Միով բանիվ, Հացի-Գելենց ընտանեկան և տնտեսական կյանքի պարզ աղքատիկ բնավորությունն ընդունեց նրբության և շռայլության բոլոր կործանիչ ձևերը:

Բայց դրանցից և ոչ մեկը չէր բավականացնում օրիորդ Սոֆիի գաղտնի բաղձանքներին: Նրա սիրտը դրանցով դարձյալ գոհ չէր: Նա երբեք ուրախ չէր լինում: Նա, ասես թե, որոնում էր մի այլ բան: Բայց ի՞նչ բան: Նա ինքը որոշակի կերպով չէր կարողանում բացատրել իրան: Միայն հարաժամ թախծալի էր՝ անցկացնելով անքուն գիշերներ:

Նրա օրերը անցնում էին խիստ դատարկությամբ: Առավոտները շատ անգամ մինչև տասը կամ տասներկու ժամը նա չէր դուրս գալիս յուր ննջարանից: Երբ որ դուրս էր գալիս, նրա դեմքը լինում էր խիստ գունատ և դալկացած. նա տաղտկալի էր, և կարծես թե ծուլանում էր շարժվելուց:

Նա լվացվում է, սրբվում և դիմում է դեպի յուր հայելին, ամբողջ ժամերով չի հեռանում նրանից, սանրվում է, օծվում է և հագնվում:

Հետո մտնում է նա դահլիճ, մոտենում է դաշնամուրին, մի քանի րոպե նրա քնքուշ մատները խաղում են ստեղունքների վրա, նա երգում է, ոգևորվում է... բայց հանկարծ, որպես թե նրա սրտի վրա սառը ջուր ածեին, նրա միտքն է ընկնում մի բան, և նա դադարում է երգելուց... և խորասուզվում է խորին մելամաղձական լռության մեջ:

Այնուհետև նա մտնում է յուր առանձնասենյակը, կանգնում է մի պատկերի առաջ, որ դրած էր նրա գրասեղանի վրա, և երկար հիացմամբ նայում է վրան: Նրա մտքից անցնում են հազարավոր մտածմունքներ... նա ժպտում է... նա համբուրում է պատկերը... և ապա թաքցնում յուր խորհրդավոր պահարանի մեջ:

Նա նստում է գրասեղանի հանդեպ, առնում է մի գիրք և կամենում է զբաղվել ընթերցանությամբ: Մի քանի րոպե նրա գեղեցիկ աչքերը վազում են տպած տողերի վրայից: Հանկարծ փողոցից լսվում է մի կառքի ձայն: Նա ձգում է գիրքը և վազում լուսամուտի հանդեպ: Նայում է՝ եթե անցնողը մի ծերունի աստիճանավոր է կամ մի վաճառական յուր յուղոտ ֆուրաշկով և սև կաբայով, ձեռքով մեջքին կնքում է նրա ետևից և երեսի վրա մի քանի արհամարհական ծամածռություններ գործելով, տհաճությամբ վերադառնում է յուր տեղը: Իսկ եթե անց կենողր մանկահասակ երիտասարդ է, փառավոր հագնված և վայելուչ կերպով թեք ընկած կառքի մեջ, յուր վարդագույն շրթունքներով բռնած բարակ պապիրոսը, — նա կանգնում է, նա երկար ու երկար նայում է նրա վրա, մինչև կառքը հեռանալով բոլորովին անհետանում է:

Նա այլևս չէ հեռանում նվիրական լուսամուտից: Նա տեսավ, որ մոր հետ անցնում է մի մանուկ օրիորդ, գեղեցիկ հագնված, երերուն քայլերով, նրա հագուստի՝ ոչխարի դմակի նման ուռուցավոր ձևը հիանալի պճրանք էր տալիս նրա ընթացքին: Օրիորդ Սոֆիին դյուր էր գալիս մի այդպիսի արհեստական ձևը: Նա վազում է դահլիճը, մոտենում է հայելուն, փորձում է ինքը ևս մի այնպիսի ձև տալ յուր իրանին: Նա կորանում է... Մի քանի անգամ անցուդարձ է անում հայելու առջև: Ուրախանում է... ժպտում է նա... «Այսպես լավ է», ասում է նա յուր մտքում, և կարծես թե ինքը յուր վրա սիրահարվում է...:

Նա դարձյալ դիմում է դեպի նվիրական լուսամուտը: Անցնում է մի այլ օրիորդ, որի հագուստի գույնը և ծալվածույքը յուրի նման չեն, նրանք բոլորովին այլ ձև ունին: Հավանում է այդ՝ օրիորդ Սոֆին և հետաքրքրվում է գիտենալ, թե այդ ո՞ր մագազինում է կարված: Եվ միևնույն րոպեին ափսոսում է նա, թե ինչու ինքը ևս այնպես չէ կարել տվել:

Կամ թե տեսնում է նա մի օրիորդ, որի շագանակագույն գիսակը խիստ թանձր է կամ նրա աչքերը բաց երկնագույն են և կամ դեմքը խիստ գունատ է. դրանք նույնպես գրավում են նրան, և նա տխրում է, թե ինչո՞ւ յուր թշերը վարդի գույն ունին, կամ յուր աչքերը սևորակ են, և գլխի գիսակը սև սաթի նման, բայց ոչ այնքան թանձր, որպես այն օրիորդինը, չմտածելով, որ նրա գիսակի մեջ մի բաթման կեղծծամ է դրած:

Եվ այդպես՝ մեր փոփոխամիտ հերոսուհին ոչինչ բանով գոհ չէ: Նա չունի կիրթ ճաշակ դեպի գեղեցիկը, դեպի պատշաճավորը և դեպի վայելուչը: Ամեն մի նոր երևույթ, ամեն մի նոր առարկա ծնեցնում էր նրա սրտի մեջ նորանոր ցանկություններ:

Արդարև, մի այնպիսի սևաթորմիկ գերդաստանի զավակը, մեծացած հասարակ ընտանեկան շրջանի մեջ, որպիսին Հացի-Գելենք էին, երբեք չէր կարող ունենալ կրթված ճաշակ: Իսկ դպրոցի փակված վանդակում նա չէր կարող ծանոթանալ արտաքին աշխարհի հետ: Այգ պատճառով նրա սրտում չկար ոչինչ հիմնավոր բան, այլ ցնորական և երազամոլ երևակայություններ միայն:

Ահա՛ այդպես դատարկությամբ էին անցնում մեր հերոսուհու օրերը:

Թ

Մի օր առավոտ օրիորդ Սոֆիի մոտ եկավ Աննա Եգորովնան:

Մանկահասակ օրիորդը, տեսնելով ընկերուհու կացարանի փառավոր զարդարանքը և նայելով յուր չորս կողմը, ժպտալով նրա ձեռքն առավ և ասաց ռուսերեն.

Այժմ արդեն կարելի է շիկ տալ...:

Օրիորդ Սոֆին նույնպես քաղցր ժպտալով, պատասխանեց նրան.

Այո՛, այժմ կարելի է ասել, թե ապրում ենք...

Նրանք հարցնելով միմյանց առողջությունը, և ընդունելության սովորական ծեսերը կատարելուց հետո, օրիորդ Սոֆին ման ածեց յուր ընկերուհուն բոլոր սենյակները, ցույց տվավ նրան յուր գնած իրեղենները և յուր նոր հագուստների մինչև վերջին թելը, հայտնեց յուր դիտավորությունը՝ նորոգություններ անելու համար:

Աննա Եգորովնայի դեմքը բացատրում էր ուրախություն, օրիորդ Սոֆին նույնպես գտնվում էր յուր հոգվո զվարճալի տրամադրության մեջ:

Այդ արդեն հրա՜շք է, Սոֆի, — ասաց նրան Աննա Եգորովնան: — Դու ի՞նչպես կատարեցիր այս բոլոր հեղափոխությունը առանց պատերազմի և առանց զոհերի:

Աննա Եգորովնայի խոսքը Հացի-Գելենց ընտանեկան կյանքի վերանորոգության համար էր:

Մեր պատերազմը մնացել է հորս վերադարձից հետո, — պսսոասխանեց նա ծիծաղելով:

Այդ ոչինչ... — պատասխանեց Անիչկան, և նրա փափուկ դեմքի վրա երևեցան խիստ ծամածռության նշաններ:

— «Հարսանիքից հետո զուռնա չեն ածում»: Ամեն ինչ արդեն վերջացած է...: Նրանք նստեցին օրիորդ Սոֆիի կաբինետում:

Դու այսօր Ալեքսանդրյան այգո՞ւմն էիր, — հարցրեց նրանից օրիորդ Սոֆին:

Այո՛, — պատասխանեց Անիչկան:

Ասա՛, խնդրեմ, ո՞վ էր այն երիտասարդը՝ բարձր հասակով, սև, գանգուր մազերով, նորաբույս ընչացքներով, գեղեցիկ դեմքով, սև բարխատյա կարճլիկ սերթուկով... փոքրիկ ակնոցներով...:

Եվ նա սկսավ նկարագրել գեղեցիկ երիտասարդին, որ այնքան գրավել էր յուր ուշադրությունը:

Դա՜, այդ դու Շերիմովին ես ասում, — պատասխանեց Անիչկան: — Նա նոր է ավարտել Մոսկվայի համալսարանը:

Ա՜խ, ի՛նչպիսի փառավոր պարոն է նա:

Նա առաջին ֆրանտն է մեր քաղաքում: Դու հավանեցի՞ր նրան:

Ինչպե՞ս չհավանեի:

Ելիսավետն էլ նրա համար խելքից էլած է:

Ո՞րտեղ է բնակվում, — հարցրեց հետաքրքրվելով օրիորդ Սոֆին:

Նա բնակվում է Սոլոլակում:

Նա մի՞շտ լինում է այգում:

Համարյա՛ ամեն օր:

Եվ նրանք երկար խոսեցին Մոսկվայի համալսարանի ուսանողի մասին, մինչև որ օրիորդ Սոֆին ասաց.

Ես վճռել եմ անպատճառ ծանոթանալ նրա հետ:

Այո՛, արժե ծանոթանալ, — կրկնեց Անիչկան խորին հուզմունքով:

Դու լսե՞լ ես նոր համբավ, — խոսքը փոխեց նա:

Ի՞նչ, — հարցրեց օրիորդ Սոֆին հետաքրքրվելով:

Օրիորդ Մահակյանը նշանվել է:

Ասա՛, խնդրեմ, ո՞ւմ վրա, — շտապով հարցրեց օրիորդ Սոֆին:

Տոլմաուտողի տղա Սոսիկոյի վրա, — պատասխանեց Անիչկան ծիծաղելով:

Չէ՛, դու կատակ ես անում, Անիչկա, — զարմանալով կրկնեց օրիորդ Սոֆին:

Ո՛չ, հավատա, ես ղորդ եմ ասում:

Աստված իմ, այդ ի՞նչ հիմարություն է:

Հաջորդ էջ