Րաֆֆի՝   Զահրումար

Լավ, ջեր դրանք թող մնան, — նրանց խոսքը կտրեց Սամիլ Պետրովիչը, — մագրամ մարդ պիտի էնպես կամուրջ շինե, վուր ուրիշն էլ կանենա անց կենա: Ասինք թե նրա հերը մե սկուպոյ մարդ էր, վուչ ինքը կուտեր, վուչ ուրիշին կուտացներ, իր կինքումը մե աղքատի կոպեկ տված չկա, ընկերներին կողոպտեց, ուսումնարանի ու էգեղեցու փուղիրը կերավ, էտպեսով մոդ արավ, մոդ արավ, իժում գոռբագոռ էլավ ու վուրթիկերանցը մինձ դովլաթ թողից: Հերը տարիներով մե ղադաքի արխալուղով էր յոլա գնում, հիմի կի տղեն տարենը էրկու հազար մանեթ հենց փերչաթկի փուղ է տալիս: էտպես մուֆթա փուղը հալբաթ էնքան կուտան փեսին: Էն էլ հայ էլեր, գլուխը քարը, հայ էլ չէ՛:

Լավ, ասինք թե նա մուֆթա փուղ ունե (գլուխն ուտե իրա փուղը), այնումը չի գցում ու տալիս է, բաս խիղճ քասիբքուսուբն ի՞նչ անե: Չէ՞ վուր նրանք էլ աղջիկ ունին, նրանք էլ փեսա գուզին, — խոսեց տհաճությամբ Ճանճուր Իվանիչը:

Քեսիբն էլ իրա գորա թող տա, — պատասխանեց տիկին Բարբարեն, — շատ չունե, թող քիչ տա:

Նրանից ո՞վ է հարցնում՝ շատ ունե, թե քիչ, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը: — Նրան կոսին էսքան հարուր թուման կուտաս, աղջիկդ կառնենք, չիս տա չինք առնի, թող մնա ու պառվի... Թող ենդումեն դենը խարազը գնա հենց կաշին կրծե ու օսկերիչը չաքուճ խփե, ինչկլի հարուր թուման դրստե, վուր իր աղջիկը կանենա մարդու տա:

Միր ազգի տունը էն վուխտը քանդվեցավ, — նրանց խոսքը կտրեց Սամիլ Պետրովիչը, — եփոր մինք միր պապենական ադաթնիրը փոխեցինք: Գիդի՞ք ինչպես է էլած միր պապերու վուխտը. ասում ին, թե փեսեն է փուղ տալիս ըլում աղջկա հորը: Հարսանիքի ժամանակ էն փուղը վուր փեսեն տվիլ է, հարսնիրը իրանց մեջ հավաքելիս ին էլի ու փեսին տալիս, էնպես վուր փեսեն էլ մեջտեղում իր հարսանիքի ծախսը մուֆթա էր քցում: Հիմի ջեր ղզլբաշի երկրում ու Հայաստանում էտ ադաթը մնում է:

Էս ռուսոբան միր տունը քանդից, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը. — էտենց լավ է էլած, մաշ վո՞ւնց: Տեհնում իք մե մարդ մե կով է ունենում, ան թե մե էշ է ունենում. եփոր դրանք ուրիշին հարկավոր է ըլում, առանց փուղի չէ' տալիս: Ամա աղջիկը միր քաղքում կովից էլ, էշից էլ վատ է էլած. ինչկլի փուղ չիս տալիս, չին տանում:

Ճանճուր Իվանիչի վերջին խոսքերը վատ ներգործություն ունեցան տիկին Բարբարեի սրտին, և նա խոսեց վրացերեն.

Ծնողների համար ի՞նչ զանազանություն կա զավակների մեջ. նրանց համար թե տղեն, թե աղջիկը մեկ է: Եթե նա ունի հարստություն, ամենին էլ հավասար բաժին պիտի տա. էլ ինչի՞ աղջիկը պիտի զրկված մնա հոր կայքից:

Զանազանություն շատ կա տղի ու աղջկա մեջ, — նրան պատասխանեց Ճանճուր Իվանիչը, — նրա համա, վուր օջախը, հոր անունը տղեն է պահում, քաղաքական հարկերի համա տղեն է պատասխանատու: Ծնողներին վերջում տղեն է պահում: Մե խոսքով տղի ծախսերը շատ ին. չէ կարելի տղի հացր կտրել ու տալ աղջկան, վուր նա տանե ուրիշ տղամարդու հիդ քեֆ անե:

Էտ ո՞ւր իք ասում, — մեջ մտավ Սամիլ Պետրովիչը, — տղամարդու առավելությունը աղջկանից թող հիռու մնա. բայց բանն էնպես է փոխվել, վուր տղամարդը ժառանգության մեջ խիստ ստոր է մնացել աղջկանից, և շատ անգամ եղբայրը ուրախ է գրկվել հոր կայքից, գեթ նրա քույրերը կարողանան մարդու գնալ: Ձիզ մի օրինակ ասիմ. մի հայր ունե երկու հարիր թուման փուղ, երկու աղջիկ, երկու տղա. եթե հավասար բաժին անե նրանց մեջ, ամեն մեկին կու հասնի հիսուն թուման. էտ գումարը բոլորն էլ դնում է աղջիկների վրա, բայց դարձյալ չէ կարողանում մարդու տալ:

Էտ է պատճառը, վուր եփ մարդու տանը մե քանի աղջիկ կա, նա բազարում Էհտիբար (վարկ) էլ չէ ունենում: Էն մարդը, վուր փուղը տալիս է ապրանքի ու գցում է ծովի երեսը, նրան փուղ տալիս ին ու չին վախենում, թե կարելի է նավը ծովակուլ լինի, համա էն մարդուն, վուր աղջիկներ ունե, նրան փուղ չին տալի, nւ էտպիսով մարդիկ ճարահատյալ իրանց աղջիկներր օտար ազգերի ին տալի. պատճառ, վուր հայի տղի համա պաս է էլած անփուղ աղջիկ առնիլը: Ինչպես մինձ պասին՝ բարեկենդանի մնացած կերակուրները չուտելու համա տալիս ին թուրքի, ան աղքատի, վուր չհոտին, — ասաց Ճանճուր Իվանիչը:

Ի՞նչ կորուստ է այդ հայերի համարպատասխանեց տիկին Բարբարեն կրկին վրացերեն, — դիցուք թե մի հայր ունի աղջիկ և նրան տալիս է փող. միևնույն ժամանակ նա ունի տղա, որ յուր նշանածի հետ բերում է փող: Այդպիսով առաջինի կորուստը լրացնում է երկրորդը:

Այդ միևնույն է, եթե մի մարդ թույլ տա իրան կողոպտել, մտածելով, թե փոխարենը ինքը կու կողոպտե ուրիշին, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը:

Վեճը նրանց մեջ այսպես աննկատելի կերպով երկարեց մինչ մերձակա սենյակում ժամը զարկեց տասը: Բայց թե Ճանճուր Իվանիչը, թե Սամիլ Պետրովիչը չկարողացան համոզել տիկին Բարբարին, թե փողով աղջիկ մարդու տալը չարաչար վնասում է հասարակությանը: Նրանք կես ժամ ևս վիճեցին, մինչև ծառան ներս մտավ և հայտնեց, որ ընթրիքը պատրաստ է: Սամիլ Պետրովիչը գդակն առավ և այնպես ձևացրեց, թե կամենում է գնալ, բայց նրան խնդրեցին մնալ իրանց հետ ընթրելու:

ԺԵ

Առաջին օրը Ճանճուր Իվանիչի համար անցավ բավական խաղաղությամբ, որովհետև նա չգիտեր, թե Կավկա գնալուց հետո յուր տան մեջ ինչ ու ինչ փոփոխություններ են եղել: Բայց մյուս օրվա առավոտյան պահուն յուր տան մեջ ամեն մանրամասնություններ քննելուց հետո նա իջավ ներքին հարկի հետնակողմյան բակը, որ առաջ թոնրատունն էր, նայելու հավերին: Նա զարմացավ, երբ տեսավ, որ փոքրիկ դռան տեղ մի ահագին երկփեղկանի դուռ բացվում էր դեպի շուկան, նախկին թոնրատան փոխարեն շինված էր մի նոր ծածկ, որի ներքև կանգնած էր մի փառավոր կառք և նրան կից` ախոռ, մեջը կանգնած մի զույգ սպիտակ, կապույտ պիսակներով, անգլիական ազնիվ ձիեր:

Նա առաջ այնպես կարծեց, թե կարելի է կառքը պատկանում է ներքևի կեցողներին, բայց հետո մտածելով, որ նրանք այնպիսի մարդիկ չեն, որ կարողանային կառք ունենալ, այդ պատճառով չհավատաց յուր կարծիքին: Եվ զարմանալով առաջ գնաց՝ ստուգելու այդ նոր երևույթը:

Մանկահասակ կազանեցի թաթար կառավարը՝ շեկ մազերով, կարմիր շապիկով և կարմիր վարտիքով, կապույտ աչքերով, տեսնելով նրան, գլխարկն առավ և խոնարհությամբ գլուխ տվավ նրան: Ճանճուր Իվանիչր հարցրեց, թե ո՞ւմն է պատկանում կառքը:

Կառքը պատկանում է ձեր բարեծննդությանը, տեր իմ, — պատասխանեց թաթարը:

Ճանճուր Իվանիչը զարհուրանքից փետացավ:

Ի՞նչպես թե դրանք ինձ են պատկանում, — հարցրեց նա կատաղած կերպով:

Այո՛ , տեր իմ, — պատասխանեց թաթարը, — ձեզ են պատկանում:

Աստված իմ, — բացականչեց Ճանճուր Իվանիչը և դուրս եկավ ախոռատնից:

Կհրամայե՞ք լծել կառքը, — հարցթեց թաթարը՝ կարծելով, թե յուր տերը եկել է կառքն ու ձիաները փորձելու:

Բայց Ճանճուր Իվանիչը ոչինչ չպատասխանեց, այլ արջի նման մրթմրթալով գնաց վերև:

Նա մտավ յուր սենյակը: Նա բոլորովին կատաղած էր և չգիտեր, թե ի՛նչ անե: Նա առաջ վճռեց կնոջը կանչել յուր մոտ և աշխարհի բոլոր անեծքներն ու հայհոյանքը թափել նրա գլխին՝ կառքը գնելու համար: Բայց մտածեց, թե այդ չէ կարելի: Հետո յուր մտքում վճռեց յուր դստերը՝ օրիորդ Սոֆիին կանչել և ըստ կարգին հանդիմանել նրան, իբրև այդ բոլոր չարիքների սկզբնապատճառի: Մտածեց, որ այդ նույնպես «չի կարելի»: Հուսահատությունը խեղդում էր նրան: «Ես դրանց հետ (կնոջ և դստեր) չեմ կարող կյանք վարել այսուհետև», — ասաց նա յուր մտքում: «Լավն այն է, որ ես ինքս այս լուասմուտից ներքև ձգվեմ, փշրվիմ քարերի վրա, գուցե ազատվիմ այդ կերպով այս վշտերից»: Վերջին խորհուրդը եղավ նրան բոլորովին հավանական. նա ներսից կողպեց սենյակի դուռը և մոտեցավ լուսամուտին: Նրա բոլոր մարմինը դողում էր բարկությունից: Նրա սարսափելի դեմքը արտահայտում. էր կատտղի խռովություն:

Նա ձեռքը տարավ բաց անելու լուսամուտը:

Հանկարծ նրա միտքն եկան Կավկան, կապալները, Սիմոն Յագորիչը, Կուզմինը և յուր մյուս գործերը: Նրա ձեռքը թուլացավ: Նա դարձավ և նստեց մահճակալի վրա, նրանում զորություն չէր մնացել: Նա պառկեց: Քրտինքը աղբյուրի նման բխում էր նրա մարնից: Նա վառվում էր, կարծես թե կրակի մեջ: Մի տաքություն, որ ավելի նման էր ջերմախտի, տիրեց նրան: Նրա աչքերի առջև սևացավ: Նա մնաց անզգա յուր մահճակալի վրա:

Բոլոր օրը Ճանճուր Իվանիչը մնաց նույն զարհուրելի թմրության մեջ: Ոչ ոք ներս չմտավ նրա սենյակը, որովհետև կարծում էին, թե նա փողոցումն է: Նա սթափվեցավ միայն երեկոյան, տեսավ, որ սենյակը մութն է, ճրագ վառեց և իսկույն հրամայեց կանչել յուր քաղաքի գործակատարին` նրա հաշիվները տեսնելու համար:

Մի ժամից հետո նրա սենյակում հայտնվեցավ մի կարճլիկ և կլորիկ մարդ, երկյուղած դեմքով, թևի տակին մի դավթար: Նա բարի իրիգուն ասաց և նստեց:

Ճանճուր Իվանիչը հրամայեց նրան ցույց տալ բոլոր հաշիվները, որ եղել են յուր բացակայության ժամանակ:

Նրանք նստեցին գրասեղանի մոտ. Ճանճուր Իվանիչը հաշվակալը դրավ յուր առջև, իսկ գործակատարն սկսեց հաշիվները կարդալ:

Բոլոր հաշիվներից հետո գործակատարի վրա մնաց հինգ հազար մանեթ:

Էտ հինգ հարուր թումանն ուր է, — հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Էտ հինգ հարուր թումանն ինձմեն ստացիլ է տիկին Բարբարեն, — պատասխանեց գործակատարը:

Տիկին Բարբարե՞ն, — զարհուրելով հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Հրամմել եք, խոմ սուտ չիմ ասում, էս էլ նրա ռասպիսկեքը, — ասաց գործակատարը՝ հանելով յուր թղթապահի միջից մի քանի ստացական տոմսակներ և տալով Ճանճուր Իվանիչին:

Ճանճուր Իվանիչր միայն նայում էր տոմսակներին:

Էսքան փուղն ի՞նչ է արել էտ անիծածը, — հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Ձիր գնալուց հետո շատ ծախս է էլի:

Հինգ հարուր թուման ծա՞խս, — կոչեց կատաղի կերպով Ճանճուր Իվանիչը: — Էտ ի՞նչ տնաքանդութին է:

Ես ի՞նչ գիդիմ, — պատասխանեց գործակատարը, — փայտոն ին առի, ձիանիր ին առի ու ուրիշ մխսիր ին արի:

Մեկ կոպեկ ինձ ընդունելի չէ, դուն գլուխդ քարովն իս տվի, վուր նրանց էտ ղադա փուղ իս տվի:

Ես ի՞նչ մեղավոր իմ:

Մաշ ո՞վ է մեղավորը, շուն շանորթի, — գոռաց Ճանճուր Իվանիչը: — Ես ե՞փ իմ ասի, վուր դուն էտքան փուղ տաս էն անիծածներին:

Խեղճ գործակատարը մնաց քարացած, երբ Ճանճուր Իվանիչը սկսավ գազանաբար գռռալ նրա վրա: Եվ երբ նա նշմարեց, որ այդ անպատվությունը չափից անցնելու է, վեր կացավ և առանց մի բան խոսելու, դուրս եկավ Ճանճուր Իվանիչի սենյակից:

Գործակատարի գնալուց հետո նա առավել ևս կատաղեցավ, որովհետև քանի նա այնտեղ էր, Ճանճուր Իվանիչը էլի փոքրինչ մխիթարվում էր յուր բարկությամբ, երբ յուր հայհոյանքի առարկան այնպես հնազանդությամբ տանում էր յուր խոշոր հիշոցները, բայց նրա գնալուց հետո այդ բախտից ևս զրկվեցավ Ճանճուր Իվանիչը:

Մի՞թե աշխարհում սակավ բաներ կային, որոնց Ճանճուր Իվանիչը կարող էր հայհոյել և յուր սրտի տապը զովացնել:

Եվ նա սկսավ հայհոյել կառք մոգոնողի (հորինողի) հերն ու մերը, և իրանց երկրում այդ զահրումարն ադաթ գցողին էլ խառնեց նրա հետ: Նա սկսավ հայհոյել թատրոն մոգոնողի օխտը պորտը և հանգուցյալ Թամաշովին էլ մասնավորապես հիշեց, որ, նրա կարծիքով, մի այդպիսի սատանայական բույնը դրեց յուր քարվանսարի կենտրոնում: Հետո մտքով նա ներս մտավ մոդնի մագազինները և հիշեց մոդա դուրս գցողի մեռելն ու կենդանը: Այնտեղից անցավ Ալեքսանդրյան այգի, Մուշտայիդ, բուլվար և ամեն տեղ սկսավ թափել յուր հայհոյանքների կայծակները, և այդ նրա համար, որ այդ զբոսարանները, այդ զվարճության տեղերը այդպես ոխերիմ կերպով զինավորվել էին նրա դեմ և նրա քսակից անիրավաբար քաշում էին արծաթներ: Այնուհետև մակաբերելով, թե բոլոր այդ չարիքների գլխավոր պատճառները կինը, որդիքը, աղջկերքն ու ընտանիքն է, Ճանճուր Իվանիչը յուր հայհոյանքի կայծակների տարափը դարձրեց դեպի ընտանեկան կյանքը, դեպի ամուսնությունը և դեպի... ի՞նչ ասեմ` ավելի սուրբ բաներ...:

Եվ այդպես առատ հայհոյանքով բավական կազդուրելով յուր սրտի թուլացած զորությունը, որ պատճառեց կառավարի հանկարծական լուրը ախոռատան բակում, Ճանճուր Իվանիչը վճռեց, թե նրա ընտանեկան կյանքում այդ մեծ կործանիչ վերանորոգության գլխավոր ռեֆորմատորը ոչ այլ ոք էր, բայց միայն օրիորդ Սոֆին: Եվ եզրակացնելով թե յուր աղջկան դեպի մի այդպիսի չարագործության հարկադրող պատճառներն էին ուսումն ու գիտությունը, Ճանճուր Իվանիչը յուր հայհոյանքի մնացորդ մասը թափեց ուսումնարանների և գրի ու կարդալ մոգոնողների վրա:

Եվ մինչ Ճանճուր Իվանիչը յուր փոքրիկ սենյակի խորքից արձակում էր հայհոյանքի կայծակներ դեպի Աթենասա սրբարանները, հանկարծ ներս մտավ Սամիլ Պետրովիչը: Նա այն գիշեր նախ մտնելով տիկին Բարբարեի մոտ, մասնավորապես տեղեկացել էր, թե այն օրո ինչ էր անցել նրանց տան մեջ, որովհետև նա այնտեղ վրա հասավ, երբ գործակատարը նստած պատմում էր տիկին Բարբարեին բոլոր անցքը, որ անցավ յուր տիրոջ սենյակում: Եվ ջրի պղտորության մեջ ձուկ որսալը Սամիլ Պետրովիչի էական կանոններից մինը լինելով, նա մտածեց օգուտ քաղել այդ խռովությունից:

Մինչև Ճանճուր Իվանիչի սենյակ գալը նա մտածում էր, թե արդեն կատաղած Ճանճուր Իվանիչը իսկույն կսկսե դարձյալ հայհոյել, անիծել, լաց լինել և բողոքել յուր ընտանեկան անկարգությունների դեմ, իսկ ինքը փոքրինչ կխրատե նրան, կհանգստացնե, կմխիթարե, այնուհետև կտանե նրան յուր ընտանիքի մոտ, այնտեղ կբարիշացնե նրան յուր կնոջ և աղջկա հետ: Եվ այդպիսով լինելով միջնորդ հաշտության նրանց միջև ու բավական խորը մտնելով նրանց ընտանեկան գաղտնիքների մեջ, նա կարող է Հացի-Գելենց գերդաստանի շրջանում յուր բարձի համար հիմնավոր տեղ գտնել:

Բայց մտնելով Ճանճուր Իվանիչի սենյակը, Սամիլ Պետրովիչը գտավ նրան ոչ այն, ինչ որ սպասում էր:

Թեև բնականաբար երկու ծայրահեղ իրողություն, զորօրինակ ծնունդ կամ մահ, ծիծաղ կամ լաց, ուրախություն կամ տխրություն միշտ չափազանցորեն գրգռում են ու բորբոքում կրքերը և մարդ այդպիսի րոպեներում միշտ կարոտում է կարեկցի, բայց ընդհակառակը, Ճանճուր Իվանիչի այդ տեսակ կատաղի դրության մեջ Սամիլ Պետրովիչի ներկայանալը յուր նպատակին համաձայն ընդունելություն չգտավ:

Որովհետև Ճանճուր Իվանիչր այն տեսակ մարդկանցից էր, որ գիտեր տիրել յուր կրքերին: Նա գիտեր հազարավոր գույներով կեղծավորել յուր արտաքին կերպարանքը և խիստ խստությամբ պահպանել յուր ընտանեկան հուզմունքների գաղտնիքը արտաքին աշխարհից:

Այդ պատճառով նկատելով բամբասողի գալուստը, նա յուր մի րոպե առաջ վայրենացած դեմքին տվավ ավելի մեղմ արտահայտություն և ծիծտղի պես մի բան, որ ավելի նման էր դիվահարի դեմքի սոսկալի ցնցողության, երևաց նրա անճոռնի երեսի վրա:

Բարով, Սամիլ Պետրովիչ, էտ ո՞ւր իք, քանի օր է չիք երեվում, էնպես շուտշուտ գնացեքեկեք, վուր մեկզմեկու լավ ճանչնանք, — ասաց Ճանճուր Իվանիչը՝ ուրախությամբ ձեռք տալով բամբասողին:

Քանի օր էր մե քիչ քեփ չունեի, տանեմեն դուրս չէի գալի, — պատասխանեց Սամիլ Պետրովիչր տնքալով, որով կամենում էր ցույց տալ, թե տակավին բոլորովին չէ առողջացել:

Բոլորովին սուտ էր խոսում Սամիլ Պետրովիչը, նրա համար, որ թեթև հիվանդությունները չէին կարող հարկադրել նրան տանը մնալ:

Հիմի խոմ, փառք աստուծո, լա՞վ իս, — հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Փառք աստուծո, լավ իմ, դո՞ւք ինչպիս իք:

Է՜հ, կա՛նք էլի՜... աշխրքի հիդ յոլա ինք գնում...

Սամիլ Պետրովիչը նկատելով նրա խորին սառնասրտությունը, ինքը ևս իրան այնպես ձևացրեց, իբրև ոչինչ չէ լսած նրանց տան անցքից:

Նրանք կցեցին իրանց խոսակցությունը:

Սամիլ Պետրովիչը յուր խոսակցության համաձայն, խոսեց քաղաքի մեջ պատահած նոր բաներից և կցեց յուր բամբասանքները: Ապա ավելացրեց մի քանի զվարճախոսություններ. այնուհետև սկսավ խնդալ այլոց անբախտության վրա, թե ով վնասվեց առևտուրում, ո՛վ դատաստանատներում յուր գործը տանել տվավ և այլ այդպիսի չարախնդություններ:

Բայց Ճանճուր Իվանիչը լսում էր այգ բոլորը առանց համակրության, միմիայն բամբասողի սիրտը շահելու համար, որովհետև նա նույն րոպեին մտածում էր մի այլ իրողության վրա:

Ճանճուր Իվանիչի կյանքում ամեն մի երևույթ, թեև լիներ շատ չնչին, դարձյալ ուներ յուր էական պատճառները: Հանկարծ կատաղի բարկությունից մտնել խաբեբա կեղծավորի կերպարանքի մեջ, այդ ևս Ճանճուր Իվանիչի մեջ յուր հարկադրիչ պատճառն ուներ:

Նա մտածում էր Սամիլ Պետրովիչի ներկայությունը շահավետ կացուցանել յուր նպատակներին:

Ճանճուր Իվանիչը տակավին չէր մոռացել Սամիլ Պետրովիչի այս խոսքը, որ նա ասաց օրիորդ Սոֆիի ուսումնարանից իրանց տուն գալու առաջին գիշերը, երբ խոսք բացվեց Օրիորդին մարդու տալու մասին: Ճանճուր Իվանիչը մտածում էր նորոգել նույն խոսակցությունը, որ այնպես անխոհեմաբար առանց ուշադրության թողեց առաջին անգամ: Թեև նա բոլորովին չէր հավատում Սամիլ Պետրովիչի ասածներին, բայց որպես առածն ասում է՝ «խեղդվող մարդը դեպի ծեղն էլ է ձեռք մեկնում»:

Բայց թե ի՛նչպես խոսք բաց աներ այդ մասին, նա դժվարանում էր:

Ճանճուր Իվանիչը գիտեր, որ յուր աղջիկը «ի՛նչ սանրի կտավ է»: Բայց դարձյալ յուր ապրանքը չէր կամենում էժան գնով ծախել:

Այդպիսի բնավորությունը հատուկ էր նրա համաքաղաքացիներին: Ով որ եղել է Թիֆլիսում, նա գիտե, թե թիֆլիզեցին ոչ միայն յուր լավ ապրանքը, այլ յուր ամենավատ ապրանքը ևս փա՛հփա՜հով է ծախում: Եթե մեր ընթերցողը երբեմն անցել է բազազխանի, մրգավաճառների առջևից, նա տեսած կլինի, թե ի՛նչպես մրգավաճառները, հոտած խնձորը կամ տհաս տանձը, ածած թաբախներում, ձայն են տալիս և գոռում` «աբա՛ լավ խնձորը, լավ տանձը, լավ բողկը... պա՛... պա՛... պա՛...», կամ թե Ալյուրի մեյդանով բաղնիք գնալու միջոցներում, իհարկե, նա տեսած կլինի, թե ինչպիսի գովասանքներով են ծախում ծլած բակլան, բորբոսնած ջոնջոլը և հոտած խրամուլին:

Ճշմարիտն ասած, մենք միտք չունինք վատաբանել մեր քաղաքացի ազգայիններին կծու կատակներով իրանց արդար շահասիրության համար, երբ մեր աչքի առաջ ունինք ասիական կյանքի պահանջմունքները: Մենք կբավականանանք մեր պապերի առածով, թե՝ «ոչ ոք յուր թանին թթու չի ասիլ»:

Այնուամենայնիվ չի կարելի սառն աչքով նայել այն հետաքրքրական տեսարանի վրա, որ վաճառքի նյութը՝ բողկը կամ ջոնջոլը և կամ խրամուլի չէ, այլ մեզ նման մարդու մի սիրուն աղջիկ:

Արդարև, զանազան կողմերում մենք տեսել ենք հայաբնակ քաղաքներ և գյուղեր, ուր հայրը վաճառում է յուր դուստրը, որպես յուր տան չորքոտանին, չնչին արծաթի գնով, որ նա ստանում է յուր փեսայի հորից: Բայց այդ քաղաքի աղջիկների առևտուրը լինում է բոլորովին հակառակ մեր տեսածներին: Այստեղ աղջիկը ծախվում է վրադիր փողով, այսինքն` հարսնացուի հայրը վճարում է արծաթ յուր փեսային, որ կարծես թե, ցավալի է ասել, մի մարդ վարձատրում է մշակին, որ տանե և հեռացնե նրա տանից մի անպետք բան:

Ցավալի՜ դրություն. ո՛րքան ոտնակոխ է եղած գեղեցիկ սեռի պատիվն ու իրավունքը: Այստեղ փեսայի աչքում յուր ընտրելու հարսնացվի գեղեցկությունը, սերը և նրա բոլոր արժանավորությունները ոչինչ նշանակություն չունին, եթե նա յուր հետ չի բերում առատ արծաթ: Եվ ընդհակառակը` աղջկա տգեղությունը, բարոյական և հոգեկան արատները բոլորը ծածկվում են փեսայի աչքերից, երբ նա յուր հետ բերում է շատ փող:

Բայց մեր չքնաղագեղ հերոսուհին բախտավոր է այդ կողմից: Նա ունի ոչ միայն գեղեցկություն և ուրիշ արժանավորություններ, այլև փող: Բայց դարձյալ նա կարոտ է դալալի, որ գտնի նրա համար, ինչպես ասացինք, մի մշակ՝ նրան յուր հոր տնից հեռացնելու համար:

Հոգ չկա, մի կարգ մարդիկ պարապում են այդ դալալության արհեստով. դրանք կոչվում են մոցիքուլներ: Թեև մենք խորին կերպով այդ լեզվին տեղյակ չենք, որ հայոց խոսքով բացատրենք այդ վրացերեն բառի նշանակությունը, միայն մեր կարծիքով՝ միեցի փուլի խոսքից է, որ նշանակում է «տո՛ւր փող». այդ արհեստով պարապողների համար խիստ հարմարավոր անուն:

Հրավիրում ենք այսուհետև ծանոթանալ Սամիլ Պետրովիչի` այդ կարգի մարդկանց պատվավոր անդամներից մեկի հետ:

Մեզ հայտնի է, որ Ճանճուր Իվանիչը կյանքի փորձերում եփված մարդ է: Նա և՛ բաղկալի աշկերտ է եղել, և՛ բազազի: Նա գիտե գործ դնել բոլոր փահփահը յուր վաճառելի ապրանքի համար: Բայց դժբախտությունը նրանումն է, որ նա մտածում էր բանն այնպես բերել, որ Սամիլ Պետրովիչն ինքն այդ մասին խոսք բաց անե:

Ճանճուր Իվանիչի այդ իղձը նույնպես կատարվեցավ:

Սամիլ Պետրովիչը վաղուց նկատել էր, թե Հացի-Գելենց տան ընտանեկան անհամաձայնությունների գլխավոր պատճառը տիկին Բարբարեի անտանելի ծախսերն են, որոնք լինում էին օրիորդ Սոֆիի առիթով: Այս իրողությունից նա եզրակացրել էր, թե օրիորդ Սոֆիին տնից հեռացնելը Ճանճուր Իվանիչի գլխավոր ցանկություններից մինն է լինելու: Եվ մտածելով, թե այն օրվա անցքն առավելապես գրգռած պիտի լինի Ճանճուր Իվանիչի մի այդպիսի ցանկությունը, նա հարմար դատեց այդ մասին խոսել նրա հետ, գուցե կարողանար օրիորդի սովդան բարիշացնել մինի հետ և մեջտեղից մի քանի հարյուր մանեթ փող գջլել:

Ջեր դրանք թող մնան, — խոսեց վերջապես Սամիլ Պետրովիչը, — հալա դուն ինձ ասա, տեհնիմ, Ճանճուր Իվանիչ, Սոֆիին ե՞փ պիտիս մարդի տա, վուր մենք էլ մե քանի շահի խերվինք:

Ի՞նչ իս ասում, Սամիլ Պետրովիչ, — պատասխանեց այդ անակնկալ հարցի համար ուրախացած Ճանճուր Իվանիչը: — Սոֆիի ջեր ի՞նչ վուխտն է:

Ինչի՞ վուխտը չէ, թթու իս դրի՞, ինչկլի չքացխի չիս ծախի՞:

Չէ, նա ջեր տասնուչորս տարեկան է:

Արդեն հինգ տարի կլիներ, որ Ճանճուր Իվանիչը հենց ամեն հարցնողին պատասխանում էր, որ «Սոֆին տասնուչորս տարեկան է»:

Տասնուչորս տարեկա՞ն, — կրկնեց Սամիլ Պետրովիչը: — Իմ հոգին գիդենա, հենց լազաթի մարդու տալու վուխտն է:

Չէ, աստուծ գիդենա, Սոֆին ջեր էրեխա է:

Թե ինձ կու հարցնիս, աղջիկը վուրքան չուստ մարդու տաս, չիս փոշմնի, նրա համա վուր աղջիկը պահելու ապրանք չէ:

Ճանճուր Իվանիչը մի քանի րոպե լռեց ու որպես թե դժվարանում էր այդ հարցին պատասխանել:

Լավ ո՞ւմ տանք, ո՞վ է էտպես լավ օքմին, ամեն մարդու էլ խոմ չիս ըլի աղջիկ տալ, — որպես ակամայից համոզվելով՝ խոսեց Ճանճուր Իվանիչը:

Լավ մարդիկ իս ուզո՞ւմ, — հարցրեց Սամիլ Պետրովիչը: — Էգուց էվետ հազարը ճարիմ: Քանի վուխտ է վուր քա՛նիքանի օրինավոր օքմնիր ինձեմեն խնդրում ին Սոֆիի մասին:

Ո՞վքեր:

Եվ Սամիլ Պետրովիչը սկսավ անունները մեկմեկ հիշել՝ ամեն կարգերից և ամեն աստիճաններից: Եվ ապա ավելացրեց.

Հիմի քու կամքն է, դրանցից վուրն ուզում իս՝ ջոգե, չինովնիկ իս ուզում՝ ասա՛, դոխտուր իս ուզում՝ ասա՛, առուտուրական մարդ իս ուզում՝ ասա՛, փեշաքար իս ուզում՝ ասա՛: Ես ամեն ջուռիցն էլ քիզ նշանց տվի, որը գուզիս՝ ջոգե, ամեն մեկին մե մազանդա ունե. դուն էլ գիդիս, վուր չինովնիկի, ան դոխտուրի մազանդան բարձր է. իժում սովդաքարն է, իժում փեշաքարն է, ու էդպես սանդուղքներով դվեր է գալիս:

Ճանճուր Իվանիչը, մի քանի րոպե մտածելուց հետո, պատասխանեց.

Ղուրթ է, իմ Սոփոն թաքավուրի խարջ աղջիկ է, մագրամ ամեն մարդ իր բաբ մարդ պիտի գթնե: Միզ համա ավելի լավ է միր համքրի մարդու հիդ բարեկամութին սարքինք:

Բաս դուն սովդաքար մարդ իս ուզում, էդպես չէ՞:

Հա՜, էտպես, մե հալալ կաթ կերած... փուղ դադող, իմանում ի՞ս...

Աչքիս վրա, ումը վուր մտքումդ ունիս՝ ինձ ասա՛, ես հենց առուտեհան բարիշացնիմ:

Մախոխենց Խեչոն վո՞ւնց է:

Իմ հոգին գիդենա, շատ օրինավոր օքմին է, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը, յուր մտքում զարմանալով Ճանճուր Իվանիչի տարապայման ընտրողության վրա: — Շատ լավ մարդ է, մեկ կտուր հաց ունե, միր քաղաքացի է, ինքը փող դադող. քվիրքը մարդու է տվի, ախպեր չունե, ինքն է ու իր չոր գլուխը ու մեկ էլ իր պառավ տատը:

Նա ի՞նչ բանով ռազի կուլի:

Հիմի վուչինչ չիմ կանա ասի, ինչկլի իրան չտեհնիմ:

Վուրքան կարաս քիչով բանը շինե:

Հալբաթ, քիզմեն խոմ չիմ խլի, վուր նրան տամ. հազար վուր ըլի, էլի քու ղեյրաթը պիտի քաշի, մինք մետի հաց ինք կերի ու ախպերութին ինք արի, մաշ ախպերութինն էլ վո՞ւր օրվա համա է...

Ավելորդ չէր լինի մեր ընթերցողին ծանոթացնել Մախոխենց Խեչոյի՝ Ճանճուր Իվանիչի ընտրած փեսացուի հետ: Դա մի քառասունհինգ տարեկան մարդ էր, ալեխառն մազերով, գորշ և մելամաղձոտ դեմքով, նիհար և ցամաքած կազմվածքով: Ծիծաղ կոչված բանը երբեք չէ տեսնված նրա տխրամած դեմքի վրա, նրա դժգոհ աչքերից խոսում է մամոնայի ժանգոտ ոգին, որ կարծես թե վաղուց բույն է դրել նրա սրտում:

Նրա հայրը աղքատ մարդ էր. քիլան թևի տակ ման ածելով մախոխ էր ծախում Շեյթան փողոցում և մեռավ դառն չքավորության մեջ, միայն յուր արհեստի անունը ժառանգություն թողնելով յուր զավակներին:

Բայց Խեչոն այնքան խելոք տղա էր, որ կարողացավ այնուհետև այնքան փող աշխատել, մինչև մարդու տվավ յուր երեք քույրերը և ինքը այնքան գումարի տեր գարձավ, որ Միջիփողոցում ուներ մի հասարակ խանութ մանրավաճառի, այլև պարապում էր փոքրիկ փոդրաթներով: Բայց որպես և իցե Մախոխենց Խեչոն առևտրականների խիստ ստոր տեսակիցն էր:

Բայց զարմանալու արժան է ՃանճուրԻվանիչի մի այդպիսի ընտրողությունը, թե ի՛նչ նպատակով նա այնքան բազմության միջից որոշեց Մախոխի տղին: Հարցը խիստ պարզ է:

Ճանճուր Իվանիչին դրդողը դեպի մի այդպիսի ընտրողություն, որի մասին ասաց Սամիլ Պետրովիչին, առանձին համակրությունը չէր դեպի իրան համավիճակ և արհեստակից մարդիկ. նա դրանում ուներ յուր գաղտնի նպատակը, որի մեջ թաքուցած էր տնտեսական խնայողությունը: Նա մտածեց, թե մի չնչին գումարով կարելի կլինի մի այդպիսի մարդու գվխին կապել իր աղջիկը:

Այդ պատճառով նա իր փեսայի ընտրողության մեջ վարվում էր այնպես, ինչպես յուր փոդրաթներում, որոնց մեջ նա փորձված էր: Այն նյութերը, որոնցից պիտի կառուցաներ արքունական մի շինություն կամ այն պաշարները, որոնցով պետք է կերակրեր արքունի զորքը, որքան պատրաստվում էին վատ տեսակներից, որքան էժան էին նստում, այնքան առավել շահավոր էին լինում նրա համար:

Բայց արդյոք օրիորդ Սոֆին կընդունե՞ր նրան թե ոչ՝ կամ թե կարո՞ղ էր յուր դուստրը բախտավոր լիներ մի այնպիսի ամուսնու հետ՝ դրանք Ճանճուր Իվանիչի համար մտածելու իրողություններ չէին, քանի որ նա յուր աչքի առաջ ուներ դրամի հաշիվը և հաստատ գիտեր, որ քիչ արծաթով կարելի էր որսալ մի այնպիսի փեսա: Սամիլ Պետրովիչը նույն գիշեր բոլոր պայմանները կապեց Ճանճուր Իվանիչի հետ և խոստացավ երեք օրից հետո նրան վճռական պատասխան բերել: Եվ այդպիսով, հանգստացնելով Ճանճուր Իվանիչին, տարավ նրան կնոջ սենյակը, այնտեղ բոլորը միասին ընթրեցին: Եվ Ճանճուր Իվանիչը չուզեց այնուհետև կառքի կամ մյուս ծախսերի պատճառով խռովել յուր ընտանիքի հանգստությունը, մտածելով, թե օրիորդ Սոֆին մի քանի օրվա հյուր է յուր տան մեջ, նրան ճանապարհ գցելուց հետո ինքը գիտե, թե կառքն ու կառավարը ո՛ր ջհանդամը կկորցնե:

Մոցիքուլն այն գիշեր հեռացավ նրանց տանից տասնևերկու ժամին

ԺԸ

Ճանճուր Իվանիչի սրտմտության այդ փոթորիկը, որ հարուցել էին նրա մեջ յուր կնոջ անկարգ շռայլությունները, նույնպես անցավ բավական լռությամբ` տիկին Բարբարեին դեռևս անհայտ պատճառներով: Եվ Հացի-Գելենց տան խաղաղությունը կրկին վերականգնվեցավ ու ամենայն բան սկսավ գնալ յուր կարգով:

Ճանճուր Իվանիչը ոչինչ չհայտնեց յուր կնոջը Մախոխի տղի մասին՝ մտածելով, որ նա կարգելեր այդ բարի գործը, միայն թե սկսեց խաղաղությամբ վարվել նրա հետ, մինչև յուր նպատակը իրական կերպարանք կստանար:

Իսկ տիկին Բարբարեն զարմանում էր յուր ամուսնու բնավորության մի այդպիսի տարօրինակ փոփոխության վրա և չգիտեր, թե ի՛նչ է պատճառը նրա ներողամտության` գործակատարի հետ այն զարհուրելի խռովությունը բարձրացնելուց հետո. մինչդեռ ինքը սպասում էր նրանից կատաղի հանդիմանություններ, հանկարծ հանդիպում է նրա խաղաղ դեմքին: Այդ պատճառով տիկին Բարբարեն մտածում էր, թե Ճանճուր Իվանիչի այդպիսի վարվեցողության մեջ անտարակույս թաքնված է մի որևէ խորհրդավոր գաղտնիք:

Այնուամենայնիվ, օգուտ քաղելով Ճանճուր Իվանիչի թեև կեղծավոր ներողամտությունից, տիկին Բարբարեն մի օր խնդրեց նրան ամառանոց գնալու մասին: Բայց Ճանճուր Իվանիչը վճռողաբար մերժեց նրա խնդիրը:

Տիկին Բարբարեին անչափ վշտացրեց այդ:

Ճանճուր Իվանիչը ամառանոց գնալն արգելելու մեջ ուներ երկու նպատակ. մին որ՝ նա չուզեց ավելորդ ծախսերի տակ ընկնել, և մեկ էլ որ՝ ամառանոց գնալը, նրա կարծիքով, կհետաձգեր յուր դստեր պսակը Մախոխի տղի հետ:

Բայց կամենալով ջնջել այն վատ տպավորությունը յուր դստեր սրտից, որ ինքը պատճառեց ամառանոց գնալն արգելելով, Ճանճուր Իվանիչը յուր մոտ կանչեց օրիորդ Սոֆիին, խիստ փաղաքշանքով ու կեղծավորությամբ նրա հետ խոսեց վրացերեն.

Սոֆի, իմ սիրեկան, գիտեմ, որ դու քո մոր պես թեթևամիտ չես, նրա համար, որ դու ուսում ունիս, գիտություն ունիս, խելք ռւնիս, ուրեմն հորդ խրատը չի դառնացնիլ քո սիրտը: Սոֆի, ճշմարիտ է, ես արգելեցի ձեր ամառանոց գնալը, բայց եթե դու գիտենաս, թե ինչ էր իմ դիտավորությունը, երբեք չես վշտանա. ես արգելեցի ամառանոց գնալն այն պատճառով, որ ազատվիմ ավելորդ ծախսերից: Դու գիտես, որ առանց դրան էլ այս տարի չափազանց ծախս է եղած: Բայց իմ գործերի այժմյան դրությունն այնքան էլ աջողակ չէ, որ ես կարողանամ տանել այդ խոշոր ծախսերը: Ուրեմն պետք է այնպես ապրենք, որ միշտ կարողանանք ապրել: Թեև օտարները մեզ շատ հարուստ են կարծում, և շատ կարելի է դու էլ ու քո մայրն էլ այնպես եք մտածում, թե Ճանճուր Իվանիչը այն հարուստ ջհուդի (Ռոտշիլդի) չափ փող ունի: Աստված է վկա, որ այդպես չէ. իմ հարուստ կարծվիլս մի դատարկ անուն է, որ նրանով կարողանամ պահպանել իմ վարկը և իմ համարումը մեր հասարակության մեջ: Այլև մտածեցե՛ք, թե ես ի՛նչ դժվարություններով եմ փող աշխատում. մեծ անխղճություն է իմ դառն քրտինքի պտուղներն այդպես անիրավաբար վատնել: Բայց մեր ժամանակը վատ է, ապրուստի հոգսերը բազմացել են, իսկ աշխատանքի դռները փակվել մեզ նման մարդկանց համար և մեր երկրի օգուտները ֆրանցուզն ու նեմեցն է տանում, մենք էլ մեջտեղում զուր չախկ չուխկ ենք անում:

Հաջորդ էջ