Րաֆֆի՝   Զահրումար

Այդպես երկար խոսեց Ճանճուր Իվանիչը, բայց նրա այդ խրատներն այնպես էին գլորվում օրիորդ Սոֆիի գլխից, ինչպես ընկույզը մինարեթի գլխից, և երկար լսելուց հետո օրիորդը պատասխանեց.

Եթե մեր ամառանոց գնալն կծանրաբեռնի ձեզ ավելորդ ծախսերով, ես սիրով կհրաժարվեմ այդ վայելչությունից. միայն իմ կարծիքով ամառանոցը թեթևացնում է ծախսերը, որովհետև այնտեղ ավելի մխսելու առիթներ չկան:

Մենք բոլորեքյանքս չենք կարող գնալ, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը. — գերդաստանը կբաժանվի երկու մասի, այն ժամանակ ծախսը ևս կլինի կրկին` մեկը քաղաքում, իսկ մյուսը՝ ամառանոցում:

Այդ նույնպես փաստ չէ. — խոսեց օրիորդը, — իմ կարծիքով մի ամբողջ, երբ բաժանվում է երկու հավասար մասերի, նրա մասերն ունին նույն չափը, նույն կշիռը և նույն համարումը, ինչ որ ուներ ամբողջը: Դիցուք մեր բոլոր գերդաստանը քաղաքում ունի ամսական հարյուր մանեթ ծախս, իսկ բաժանվելով երկու մասի, հավանական է, որ ամեն մի բաժինը կունենա հիսուն մանեթ:

Մաթեմատիկա ես չգիտեմ, բայց այնքան մանրամասնություններ կան այստեղ թաքնված, որ չէ կարելի մի առ մի համարել, — պատասխանեց գլուխը շարժելով Ճանճուր Իվանիչը: — Բայց թող դրանք մնան. Սոֆի, ես ուրիշ նպատակ ունիմ քեզ համար, այդ պատճառով վախում եմ ամառանոց գնալն արգելք լինի... գիտե՞ս:

Թե դուք ինչ նպատակ ունիք իմ մասին, այդ ես չգիտեմ, միայն մենք այնքան հեռու չենք գնում քաղաքից, որ իմ բացակայությունս արգելք լիներ ձեր նպատակին. մինչև Կոջոր ընդամենը տասնևվեց վերստ է:

Ճանճուր Իվանիչը նկատելով, որ օրիորդ Սոֆին չէ համոզվոսմ՝ ընդունեց փոքրինչ խիստ կերպարանք:

Դու լսիր, ինչ ասում են քեզ. քո հայրը կյանքի փորձերում ավելի հմուտ է, քան թե դու, և գիտես, որ հայրը միշտ յուր զավակների բարին է մտածում, — ասաց նա:

Ես չեմ ընդդիմանում ձեր կամքին, — պատասխանեց օրիորդը դժգոհությամբ, — սակայն առողջությունը ամենագլխավորն է, և ծնողները պիտի մտածեն դեռ իրանց զավակների առողջության համար:

Ճանճուր Իվանիչը ոչինչ չպատասխանեց: Եվ օրիորդը մի քանի րոպեից հետո խորին տրտմությամբ դուրս գնաց հոր սենյակից:

Ճանճուր Իվանիչի խստասրտությունը կայծակի հարված եղավ օրիորդ Սոֆիի սրտին, և այնքան ամառանոցի զվարճությունների ցանկությունը չէր, որքան պատանի Մայիլովի կարոտը, որ սկսավ օրըստօրե մաշել նրան, մինչև նա ուղիղ հիվանդացավ:

Մյուս օր առավոտյան օրիորդը դուրս չեկավ յուր ննջարանից: Տիկին Բարբարեն գնաց նրա մոտ և գտավ նրան վառվելիս ջերմության մեջ: Զարհուրեցավ խղճալի մայրը և իսկույն հրամայեց բժիշկ կանչել:

Հայտնվեցավ բժիշկը, մի փոքրիկ մարդ ալեխառն մազերով և ակնոցներով: Նա նայեց հիվանդին. «թեթև տաքություն է, շուտով կանցնի», ասաց: Եվ գրելով մի դեղատոմս, հիվանդի մասին մի քանի հարկավոր պատվերներ տվավ և հեռացավ:

Երեկոյան տաքությունն ավելի սաստկացավ և նա սկսեց զառանցել. «Նիկոլ թող տուր ինձ» — հաճախ այդպիսի խոսքեր լսելի էին լինում նրա մտավոր ցնորքների մեջ:

Հիվանդի դրությունը վատանում է, — մի քանի օրից հետռ հայտնեց բժիշկը: — Պետք է գործ դնել խիստ հնարներ. եթե շուտով չվերադարձվի նրա առողջությունը, հիվանդը կորած է:

Օրիորդ Սոֆիի հիվանդությունը ցավալի ներգործություն ունեցավ Հացի-Գելենց տան վրա, միայն Ճանճուր Իվանիչն էր, որ սառնասիրտ էր դեպի յուր դոլստրը, որ շատ էլ հեռու չէր գերեզմանից. սակայն տիկին Բարրարեն չէր հեռանում նրա անկողնի մոտից, նույնպես Մաշան՝ ռուս աղախինը, օր ու գիշեր սպասավորում էին նրան:

Լսելով օրիորդի հիվանդությունը՝ Հացի-Գելենց տանը հայտնրվեցավ նաև Մայիլովը: Նա մտավ հիվանդի սենյակը, երբ միայն Մաշան էր նրա մոտ: Փետացած մնաց խղճալի պատանին, երբ տեսավ հիվանդի մաշված և գունատված դեմքը: Նա խելքը կորցրեց և կատաղածի պես ուզեց իսկույն գրկել նրան, բայց աղախինն արգելեց` ասելով.

Նիկոլ, ի սեր աստուծո, մի՛ վրդովեք հիվանդին:

Նա մեռնո՜ւմ է... — գոչեց պատանին՝ ձեռքով զարկելով յուր ճակատին:

Այսօր նրա դրությունն ավելի լավ է, — պատասխանեց Մաշան:

Ո՛չ, նա անզգա է... ես սպանեցի նրան, — բացականչեց պատանին՝ ավելի ես ցավալի կերպով:

ԺԹ

Հացի-Գելենց գերդաստանը ամառանոց գնալուց հետո Ճանճուր Իվանիչի գլխավոր հոգատարությունը եղավ յուր առևտուրը վերջացնել Մախոխի տղի հետ:

«Թե վուր Սամիլ Պետրովիչը կարաց էտ սովդան շինի, խոմ բաննիրս աջ է», — մտածում էր Ճանճուր Իվանիչը: «Մե կուղմեն մուֆթա փեսի տեր կու դառնամ, մեկէլ կուղմեն էտ զահրումար ծախսերեմեն կու պրծնիմ: Ա՜խ, ինչ ղադամի վատ է էլի աթմորթու հալը... Նա պիտի տուն պահե, կնիկ պահե, վուրթիք մինձացնե. դրանք ուզում ին հաց, հագուստ ու ուրիշ ինչե՜ր չին ուզում... ու էտ ամենը փուղ գուզե... ու էնքան դժվարութինով շահիշահի դադած կապեկնիրը պտիս տա հացի. մե սհաթից հետո էլի ուզում ին... պտիս տա հագուստի, որ շուտով մաշվում ոչնչանում է...

Մագրամ, վո՜ւրքան բախտավոր ին մեզմեն ծտիրը, չուրս վուտնանիքը, թեգուզ շնիրը... Նրանց վուրթիքը հաց չին ուզում, ջուր չին ուզում, նրանք մոդա չունին, պարտնոյ չունին... Էնքան էլավ, վուր ծնեցին, մե քանի օրից հետո իրանց գլխեմեն ռադ ին անում իրանց լակոտնիրը, վուր գնում ին իրանց համա ապրում: Դու տեհնում իս բադի ճուտը հենց ձվեմեն դուրս է գալի թե չէ, իրա համա ուտելիք է գթնում, ու թե վուր ջուրը գցիս, լիղ տալն էլ գիդե, ասել է թե, առանց ուստի իրա փեշակը ձվի միջում սորված է ըլում: Համա միր վուրթիքր ծնելեմեն ետքը հենց մե գունդ միս ին ըլում. վուչինչ չին իմանում, հենց լաց ին ըլում ու լաց ին ըլում. ի՞նչ էտվեք ուտինք, տվեք հագնինք, վուր մինձանանք: Էնդումեն դեն՝ դե՛ձիձա ճարե, դե քոծ ու բիճ բռնե, ու չիս գիդի ուրիշ ինչիր չին ուզում քիզմեն... ու էապես տարիներով պահում իս, պահում իս, հենց, վուր մե քիչ մինձացավ, մի բան էլ նուր է լուս ննգնումուսում էլ գուզե, ասում ին: Էտ պատիժն էլ աչքիս վրեն: Վուրթիքդ, ան աղջիկդ մե քանի տարի գնում ին ըշկոլներում թրև ին գալի: Միր պարուննիրը գալիս ին հոր տուն: Ի՞նչ ին բերի ըչկոլեմեն: Սատանան գիդե նրանց գլուխը: Նրանց մեջ մե օրինավոր բան չիս տեհնի: Մագրամ սկսում ին իրանց պապենական ադաթները չհավնիլ, հերն ու մերը ինչ վուր խրատում ին, նրանք ծիծաղում ին, մասխարա ին քցում. լավ ուտիլ, լամ հագնիլ ու քեփ կի սիրում ին: Էտ է ձիր ուսո՞ւմը, թքեմ ես դրա ռեխին: Մագրամ ի՞նչ անիս, վո՞ւր ջուրն ընկնիս, ո՞ւմ հասկացնիս, վուր էտ թավուր դարդակ բանին փուղ մսխիլը մինձ անխելքութին է...»:

Վերջին խոսքերը բավականին զայրացրին Ճանճուր Իվանիչին, և նա սկսավ հայհոյել հասարակության ունեցած կարծիքը ուսման և գիտության վրա և այդպիսով, փոքրինչ զովացնելով յուր սրտի բորբոքը, դարձյալ մտավորապես դարձավ դեպի յուր վիճակը:

«Հորես ես, — շարունակեց նա, — տուն իմ դրի, վուրթիք իմ մինձացրի, օձի նման հազար գամ շապիկ իմ փոխի, ինչկլի մե քանի շահի ձեռք իմ գցի. հիմի իմ կինքիս վերջին օրում ուզում ին ձեռնեմես խլի. դե՛, արի՛ մարդ ըլի ու սրտաճաք չըլի՛... Իմ հոգին գիդենա վուր անասունները միզմեն լավ ին, վուր էս դարդիրը չունին: Երնեկ ես շուն ըլեի ու մարդ չըլեի... Ամա չէ, մե բան կա, — մի նոր գաղափար զղջալ տվեց յուր ասածից. — մի բան կա, — կրկնեց նա, — վուր մինք փուղ ունինք, համա շնիրը չունին, դրանով մարդը մե քիչ լավ է նրանցմեն: Թե վուր էդ չըլեր, վա՜յ քու միղքը, մարդ, էն ժուգը քու օրը ի՞նչ պտի ըլեր, ու ինչո՞վ պտի մխիթարվեիր դուն...»:

Ահա՛ այդպիսի տխուր և տրտում խորհրդածությունների մեջ ընկղմված, Ճանճուր Իվանիչը, միայնակ նստած յուր սենյակում, կարծես թէ մեկին սպասում էր: Հանկարծ դուռը ճռաց, ներս մտավ Սամիլ Պետրովիչը: Ճանճուր Իվանիչը տեսնելով մոցիքուլին, փոխեց յուր դեմքի թթու արտահայտությունը և, ակամա ուրախություն կեղծելով երեսի վրա, ընդունեց շնորհալի կերպարանք: Բայց միևնույն րոպեին գաղտնի կասկածը կրծում էր նրա լերդը, թե ի՛նչ կլինի յուր վիճակը, եթե Սամիլ Պետրովիչի բերած լուրը գոհացուցիչ չլինի: Այդ պատճառով սկզբից նա չուզեց այդ մասին հարցնել, ինչպես մի մարդ, որ չէ կամենում շուտով զարհուրեցնել իրան անհուսալի լուրի կայծակով:

Բարով, բարով, Սամիլ Պետրովիչ, հրամմեցեք, — ասաց նա ակամա ծիծաղելով:

Բարով, — պատասխանեց մոցիքուլը և ձեռք տվավ Ճանճուր Իվանիչին, հետո նստեց նրա առջև աթոռի վրա և, երկու ձեռքով բռնելով յուր հաստ գավազանի գլխից, ծնոտը ամրացրեց նքա վրա և սկսեց աղվեսի նման նայել Ճանճուր Իվանիչի երեսին:

Վո՞ւնց իք, լավ ի՞ք , — հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Փառք աստուծո, լավ ինք, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը:

Ի՞նչ նուր խաբար կա:

Սամիլ Պետրովիչը սկսեց պատմել նրան մի քանի նորություններ, բայց նրանցից ոչ մինը չգրավեց Ճանճուր Իվանիչին, նրա միտքը Մախոխի տղի վրա էր, և նա հարցրեց.

Էն մասին, Սամիլ Պետրովիչ, կարացի՞ք մե բան շինի:

Մախոխի տղի մասին իս ասու՞մ, — հարցրեց Սամիլ Պետրովիչը: — Այ նրա ժանգոտ հերն անիծած, վուր քան չալիշ էկա, չկարացի սովդան գլուխ բերի, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը տհաճությամբ:

Ճանճուր Իվանիչը զարհուրեցավ:

Չըլի՞ ասում է փուղը քիչ է, — հարցրեց նա:

Չէ, փուղի բան չէ՛. թե մենակ փուղի բան ըլեր, գլուխը քարը. մե քիչ ավելով, մե քիչ պակասով կու դրստեի. մագրամ նա ուրիշ ղալաթ է անում:

Ի՞նչ է ասում, իմ աղջկանից լավ աղջիկ պիտի առնի՞, թե ինձմեն լավ մարդու փեսա պիտի դառնա:

Դրուստ է, նա էլ ասում է՝ հոգի ունիմ աստծուն տալու, աղջիկը լավ, սիրուն աղջիկ է, իստակ, իսպահի ու ուսումով, մագրամ ի՞նչ անիս, ուսումը սովդաքար օքմնի խարջ չէ: Ասում է. ես պիտի էնպես կնիկ ուզիմ, վուր իմ կամքին ըլի, իմ երեխեքիս ի՛նչ շուր կհարկավուրի, կարե, տուն պահե, լվացքեմեն ու կարեմեն մուղայիթ կենա, մի խոսքով՝ տանտիկին ըլի: Բայց ես ի՞նչ կոնիմ էնպես աղջիկ, ասում է, վուր գիշիրցիրիկ հալիլի առչևից չհեռանա, իր օրը զուքսիրով կանցկացնի ու թեատրում, վիչերնիրում թրև կուգա, էտպես կնիկը, կոսե, միզ նման քեսիբ մարդու խարջ չէ:

Շուն շանվուրթի, — բարկանալով Մախոխի տղի ասածների վրա, պատասխանեց Ճանճուր Իվանիչը: — Տի՛ս թե ինչ բուխկիր է ուտում, գանա իմ Սոփոն էտենց է՞, վուր հենց իր զուքսի հիդ ըլի՞. աստուծ գիդենա իմ Սոփոն հեստի տանտիկին է, վուր իսկի հատը չկա ու ամեն բան գիդե. կարի ու ձևի մեջ խոմ մատնիրով մարդ կու ստեղծե. չուրս լիզու խոսիլ է իմանում ու մե վարդապետից էլ շատ գիրք է կարդացի. սիրունութինով, շնորքով խոմ հատը չկա:

Ես դրանք ամենը գիդիմ, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը, — ամա դուն արի միր պարոններանց հասկացրու, հենց վուր գլուխը բաց, ան շլապավոր աղջիկ ին տեհնում, սրտաճաք ին ըլում. նրանցն է թասակրավին ու իրենց դերիեքում կոլոլված աղջկերքը:

Ճանճուր Իվանիչը մի փոքր մտածման մեջ ընկավ, հուսահատությունը դժգոհության հետ նկարված էին նրա դեմքի վրա:

Մաշ դու ի՞նչ ասացիր էն հաստագլխին, — հարցրեց նա:

Ի՞նչ միղքս պահիմ, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը սառնասրտությամբ, — սուտիցղորդից շատ բաներ ասացի, էգեբա մե թահրով գլխում նստացնիմ, մագրամ նա էնպես մե ժանգոտ օքմին է, «սատկած էշ է ման գալի, վուր նալիրը հանե»:

Հիմի ի՞նչ պիտինք անի, — տհաճությամբ հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Ախպեր ջան, — փոք-րինչ քաղցրությամբ պատասխանեց Սամիլ Պետրովիչը, — թե ինձ կու հարցնիս, զուր տիղը աղջիկդ՛ մի կորցնի ու էնենց շների ձեռը մի՛ գցի. դրուստն ասիմ, քու աղջիկը սովդաքարի, փեշաքարի, մե խոսքով հայի խարջ չէ՛, դուն լավ կոնիս վուր մե ռսի ղուլլուղի մարդու տաս. համ քիչ փուղ կեհա, համ էլ չինովնիկ փեսա կունենաս:

Է՛տ չիմ կանա անի, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը՝ գլուխը բացասաբար շարժելով:

Էտ չիս կանա անի, հայ չինովնիկի տուր:

Ես չինովնիկի աղջիկ չիմ տա, ի՛նչ ազգեմեն գուզե ըլի:

Լավ, չինովնիկի չիս տա, մաշ բազազը, ան թե սովդաքարը ի՞նչ կոնին ուսում առած աղջիկը. նրանք ուզում ին էնպես կնիկ ունենան, վուր տանտիկին ըլի ու նշանածին հնազանդի, վուր համ իր երեխեքանց շուրը կարե, համ կուխնին մտնի, մողի եդնից թրև չգա, մի դերիա հագնի, էլի էն կտուրը ուրիշ տեսակ փոխե, մաշվելուց հետ էլ կտրե իր երեխեքանց համա կարե, ան թե իր համա յուփկա շինե:

Ցավալի է մտածել անգամ, թե մինչ ո՛ր աստիճան ուսման և կրթության վարկը կոտրած է այստեղ ռամիկ հասարակության աչքում, որոնք ուսումն ու կրթությունը ընդունում են ինչպես միմիայն շռայլության աղբյուր, կարծելով, թե ուսյալ օրիորդը չէ կարող լինել ոչ հմուտ տանտիկին և ոչ հոգատար մայր: Մենք հայտնապես իրավունք չունինք ուսման և կրթության վրա որևիցե մեղ դնել, եթե նրանք լինեին օրինավոր պայմանների մեջ. բայց չեմ կարող չմեղադրել մեր կրթյալ օրիորդներին, ինչպես թյուր կրթության ներկայացուցիչների, որոնք իրանց վարքով տեղիք են տվել այդ կարծիքին ռամիկ հասարակությանը, որ մինչև անգամ Մախոխի տղան էլ խորշում է նրանցից:

Ճանճուր Իվանիչը ընկղմվեցավ դարձյալ տխուր մտածման մեջ:

Վերջապես նա համոզվեցավ Սամիլ Պետրովիչի առաջարկության:

Լա՛վ, ճարե մինը, թող չինովնիկ ըլի, — ասաց նա: — Մագրամ ապելատնիր չունենա, ան դոխտուր ըլի, ան զակոնչիկ ու հայ ըլի:

Դրանցից գտնիլը հեշտ է, — պատասխանեց Սամիլ Պետրովիչըամա դուն ուզում իս մե երկու հարուր, իրեք հարուր թումնով աղջիկ մարդու տաս, բայց դուխտուրը, ան զակոնչիկը հազար, էրկու հազար թումնիը պակաս չին առնի:

Էրկու հազար թումա՞ն, — զարհուրելով կրկնեց Ճանճուր Իվանիչը:

Մաշ ի՞նչ էիր փիքր անում. էրկու հազար թումնից էլ ավել տվողներ կան: Տ...նի տղեն չէ՞ր, վուր իրեք հազար թումնով աղջիկը դոխտուրի էրիտ, Ա ..նի տղեն չէր, վուր չորս հարուր թումնով քվիրը զակոնչիկի էրիտ. էլ ուրիշ վո՞ւրն իս ուզում ասիմ. գանա դուն միր քաղքի բանը չիս գիդի՞:

Հազար թումանները կրկին վախեցին Ճանճուր Իվանիչի համոզմունքը:

Աստուծ ձիր տունը քանդե. էս ինչ փիս ադաթնիր իք դնում միր ազգի մեջ,-ասաց նա: — Չէ՛, Սամիլ Պկտրովիչ, — դարձավ նա դեպի մոցիքուլը, — ես չինովնիկ չիմ ուզում, դու էլի պտռե, բալքա մե փողոցի մարդ գթնիս, ես չինովնիկի դարդը չիմ կանա քաշի, վուր իմ հալալ աշխատանքս տամ տանի իր համա քեփ անի, ու ամեն վուխտ էլ իմ տուն գալիս պիտի նրա առաջ կուչ գամ, ծալապատիկ ըլիմ, ինչ է փեսեն էկիլ է, դե՛ չայը լիմոնով բերեք, դե՛ սուխարի, դե՛ մուրաբեք, դե՛ չիմ գիդի ինչ զահրումար, էլ ինչիր ասիս վուր չին մոգոնելու:

Շատ լավ, ես վուր քան կանամ, չալիշ գուքամ:

Դուն չալիշ արի, Սամիլ Պետրովիչ, քիզ վուր տաս թուման էի խոստացի, քսան էլ կուտամ, ու փեսին ինչկլի իրեք հսյրուր թուման էի ասի, հինգ հարուր էլ կուտամ, թե իմ սրտի ուզած լավ տղա ըլի:

Շատ լավ, — կրկնեց, մոցիքուլը և վեր կացավ. — մա գրամ մե բան ձեռաց տվեք, ես շուտով ձիզ խաբար կու բերիմ:

Ճանճուր Իվանիչը դողդոջուն ձեռքով տվավ նրան տասը մանեթանոց մի թղթադրամ:

Մոցիքուլը հեռացավ:

Սամիլ Պետրովիչի գնալուց հետո Ճանճուր Իվանիչն սկսավ ծանր քայլերով անցուդարձ անել յուր սենյակում և բարկացած խոսել ինքն իրան, «Էս էլ քոլ ուսումը..., ի՞նչ ուսում... զահրումար ուսում.... աղջիկս ղալբ փուղ շինից... հիմի ում վուր տալիս իմ, չին առնում... ես թքեմ էտ հանգի ուսումի մեջ... Իմ հերը անիծած, թե էն մնացած աղջկերանցս թողնիմ այբուբեն էլ սորվին... Քու հերը գոռբագոռ ըլի, բաժինք մոգոնող, ախր էս ի՞նչ կրակ ու ցավ գցեցիր խալխի սրտում... Ախր ես իրեք աղջիկ ունիմ, ես վո՞ւրղանց ամեն մեկին հազար թուման տամ, վուր գլխեմ ես կարենամ ռադ անի.. ա՛խր տարիքս հիմի հիսունեմեն անց է. էլ վուչ հոգի է մնացի, վուչ մարմին, դիփ էլ կորցրիլ իմ, անջաղ մե քանի թուման փուղ իմ հիդ գցի ու էտ էլ վուր մսխիմ աղջկերանցս վրեն, էլ ես ինչո՞վ պտիմ ապրի... Ա՜խ, քու հերն գոռբագոռ ըլի, բաժինք մոգոնաղ, շների ու գելերի բաժին դառնաս, քիզ տեհնիմ, վուր սատանեքանց փայ ըլիս...»:

Դուրս գալով Հացի-Գելենց տնից, Սամիլ Պետրովիչը միայնակ գնում էր բուլվարով. կարծես թե նա հոգնեցավ և՝ բարով, Աղալո Գերասիմիչ ասելով` գնաց նստեց կիսաթախտի վրա, ուր նույն ժամուն նստած էր և մի մանկահասակ տղամարդ, որ թեք ընկած և պապիրոսը բերանին դրած` նայում էր անցուդարձ անողներին:

Երիտասարդի արտաքին կերպարանքը, նրա եվրոպական հագուստը, որ բավական մաքուր և վայելուչ էր, ցույց էին տալիս, թե նա շատ ու քիչ պատվավոր վաճառականների կարգից է:

Սամիլ Պետրովիչը թեև այդ պարոնի հետ մոտ ծանոթ չէր, բայց նա յուր սովորական կեղծավորությամբ կարողացավ նրա հետ խոսակցության մեջ մտնել, որ մի քանի րոպե նրանց մեջ տևելուց հետո այսպիսի կերպարանք ստացավ.

Դուք ի՞նչ իք շինում, Սամիլ Պետրովիչ, — հարցրեց երիտասարդը համակրաբար նրա երեսին նայելով: — Միր առուտուրը,վուր էսպիս վատ է գնում, փոդրաթի խերը դուրս է էկի. պռուսների կռիվը առուտուրը հիդ գցեց. մե խոսքով միր բազարը քեսատ է, ձիրը վո՞ւնց է:

Իմ փեշակը բարի փեշակ է, չի ըլի վուր նա քեսատութին ընկնի, — պատախանեց Սամիլ Պետրովիչը: — Օրինակի համա ասիմ, մե կազյոննի շինվածքի մտիկ անելիս դուք ձիր մտքում ասում իք` նետավի էս տունը քանդվեր, ես փոդրաթով վիր առնեի, էսքան մանեթ աշխատեի. կամ թե ամբարնիրում հաց ունիս, ամեն առուտեհան աղոթք իս անում, վուր սով ըլի, բալքա փութը տասը մանեթով ծախիս: Մագրամ միր փեշակը վուչ թե ձերիցը, բայց տերտերի փեշակեմեն էլ լավ միտք ունե. տերտերը մե մարդու մտիկ անելիս, իլլահքի վուր մե քիչ տարիքը անցած է ըլում, իր մտքում ասում է` «էտ անիծածը ե՞փ պտի մեռնի, վուր դրա շիլա փլավն էլ ուտիմ, շուրերը պլոկիմ», ու էնենց էլ հաքիմը, վուր հարուստին տեհնի, կոսե, «էս շանվուրթին իսկի չէ՛ հիվանդանում», մագրամ, ինչպես ասացի, միր փեշակի միտքը բարի է. մինք չալիշ ինք գալի, վուր ուրիշներր կնկա տեր դառնան, իրանց համա քեփանին, մինք սովդան բարիշացնինք:

Սամիլ Պետրովիչի կիսազվարճալի ոճը շարժեց երիտասարդի ծիծաղը, և նա եռանդով դարձավ դեպի նա՝ ասելով.

Եփ վուր էտենց է, ինչի՞ ինձ համա մե բան չիս շինում:

Քիզ համա՞, — կրկնեց մոցիքուլը ուրախությամբ, — օրհնած, դուն ե՞փ ասացիր, վուր ես չշինեցի:

Հիմի ասում իմ:

Քեզ համա հեստի աղջիկ ունիմ, վուր սաղ քաղքում հատը չկա:

Ո՞վ է, — ախորժանոք հարցրեց երիտասարդը:

Գանա էտպես հիշտութինով կոսի՞մ, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը` կամենալով ավելի արժանավորություն տալ յուր խոսքերին:

Դուն ուզում իս լեզվիդ էլ քրթամ տա՞մ:

Մաշ վո՞ւնց:

Կիրակի օրը մե լավ ղոնաղլի խոսք իմ տալի քիզ:

Սամիլ Պետրովիչը սկսավ ծիծաղել ինքնաբավական զվաքճությամբ:

Լավ թեթև բանով ուզում իս խոսք քաշի ինձմեն, հա՜, — նկատեց նա:

Էտ ջեր հառաջաբանն է, էնդումեն դենը գիդիս վուր ամեն բան կուլի:

Սամիլ Պետրովիչը նկատելով, որ որսը մոտենում է յուր նպատակին, բայց անհարմար համարելով այնտեղ խոսք բաց անել, ուր անցուդարձ անող մարդիկ կարող էին իրանց խանգարել, նա վեր առավ երիտասարդին յուր հետ, և մտան Ալեքսանդրյան այգի, և հեռու մի անկյունում նստեցին մի ծառի հովանու տակ:

Հիմա ասա, — խոսեց երիտասարդը:

Հացի-Գելենց Ճանճուր Իվանիչի աղջիկ Սոֆին վո՞ւնց է, հատը Փարիզում էլ կա՞, մի խոսքով հրեշտակ է, խոմ աթմորթի չէ՜:

Երիտասարդը մի քանի րոպե մտածման մեջ ընկավ, և նրա դեմքի նախկին զվարթությունը մռայլվեցավ որպես մի ձկնորս, որ նկատելով կարթի նշանը և կարծելով, թե բռնել էր որսը, դուրս է քաջում ջրից չանգալը և ձկան փոխարեն օձ է դուրս գալիս:

Հա՛, նա սիրունութինով առաջինն է մեր քաղքում, մագրա՞մ...:

Ի՞նչ մագրամ, — նրա խոսքը ճարպկությամբ կտրեց Սամիլ Պետրովիչը, — վուչինչ փտնելու տիղ չունե, ինչ վուր խոսիս՝ հոգուդ միղք կոնիս:

Չէ՛, Սամիլ Պետրովիչ, դրուստն ասիմ, նրա համա լավ չին խոսում:

Լա՞վ չին խոսում, — կրկնեց Սամիլ Պետրովիչը՝ զարմանք ձևացնելով յուր դեմքի վրա: — Ի՞նչ ին խոսում, գանա դուն միր քաղքի բամբասանքը չիս գիդի՞. վաղվա առակը չըլի, թե «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակ է»:

էտ դրուստ է, մագրամ նա իրա հալի աղջիկ չէ:

Վո՞ւնց:

Ասում ին ջահիլ տղերանց շլինքով փաթթվիլ սիրում է:

Վա՜յ մե, միղք է, էտենց մի՛ խոսի, նա հրեշտակի բնութին ունե:

Ես իմ լսածն իմ ասում, մագրամ աղջկա սիրտը աստուծ գիդե:

Սամիլ Պետրովիչը իրան ձևացրեց փոքրինչ բարկացած:

Ո՛վ վուր. խոսում է, գլուխը քարովն է տալի, — պատասխանեց նա: — Պարուն Ծատուր, դուն օրթում խոմ չիս ուզում վուր ուտիմ, ամա էս «անուն հորը» վկա է, — և նա խաչակնքեց երեսը, — և Քրիստոսի խաչավետարանը ինձ խռով կենան, թե սուտ ըլիմ ասում, նա հրեշտակի պես իստակ է:

Երիտասարդը ոչինչ չպատասխանեց:

Վո՞ւրքան փուղ ունե, — հարցրեց, նա մի քանի րոպեից հետո:

Փուղն ի՞նչ կոնիս, դուն ուզում իս համ լավ նշանած ունենաս, համ փուղ առնի՞ս, — պատասխանեց հանաքով Սամիլ Պետրովիչը:

Էս ժուգում առանց փուղի աղջիկ ո՞վ է առնում միր քաղքում:

Հինգ հարուր թուման էլ փուղ ունե:

Հինգ հարուր թումա՞ն, — ծիծաղելով պատասխանեց երիտասարդը: — Հինգ հարուր թումանը նրա մե տարվա փերչատկի, դուխի ու փայտոնի փուղը չի դուրս բերի:

Լավ իս ասում, — հեգնորեն խոսեց մոցիքուլը, — ամա նա հեստի խազեյկա է, վուր նրա ձեռքի տակից կապեկ չի վիր ննգնի. նա ավել մսխիլ չի սիրում:

Վո՞ւնց չէ՛ սիրում, վուր Ճանճուր Իվանիչը իր կինքումը մե հասարակ սելի վրա նստած չունե, նա կի նրան կառեթ առնիլ էրիտ:

Էտ վուչինչ, քու կնիկ դառնալուց դենը վունց վուր գուզիս, էնպես կու պահիս:

Փուղի բանը յոլա կու գնա, Սամիլ Պձտրովիչ, ես, փառք աստծու, փուղ ունիմ ու աչք չիմ դրի, վուր կնկա փուղով ապրիմ, մագրամ Ճանճուր Իվանրչի աղջիկը իմ խարջը չէ, դուն լավ կոնիս մե էնթավուրը գթնիս, վուր հայի ադաթի ըլի:

Սամիլ Պետիովիչը սկսավ սարսափելի երդումներով հավատացնել նրան, թե օրիորդ Սոֆին հրեշտակ է, սուրբ է, և մինչև անգամ ասաց, որ նա աստվածածնի պես մաքուր է:

Չէ՛, Սամիլ Պետրովիչ, — պատասխանեց երիտասարդը, — էնպես չէ, վուր ես նրան չճանչնամ, քանի անգամ թեատրում, վեչերնիրում, կրուժոկում և ուրիշ շատ տիղ նրան տեհիլ իմ, նա իրա հալին աղջիկ չէ. նա իս սհաթիս ուրիշ տղի վրա սիրահարված է, նա էնպես մարդ կուզի, վուր իրան գերի դառնա, դադածը իրա վրա մսխե, ու ինքը կի ուրիշների հիդ քեփ անե: Կուլի վուր դուն լավ չես իմանում, բայց մինք, վուր աղջիկների մուշտարի ինք, դրանց լավ կու ճանչնանք:

Ուսում առած աղջիկը իսկի էտենց չի ըլի:

Ի՞նչ ուսում, սատանան էլ շատ գիդե, ամա վուր չար բնութին ունե՞, ի՜նչ կոնիմ նրա գիդութինը:

Սամիլ Պետրովիչը երկար աշխատեց զանազան փաստերով հերքել երիտասարդի կարծիքը օրիորդի մասին, բայց հնարք չեղավ, նա դարձյալ սկսավ պնդել յուր համոզմունքը օրիորդի անվայելուչ բարոյականության վրա: Քառորդ ժամ ևս տիրեց նրանց մեջ վեճը, և Սամիլ Պետրովիչը բաժանվեցավ նրանից բոլորովին դժգոհ:

Ի

Հացի-Գելենց կացարանը Կոջորում մի բլրակի գագաթի վրա էր: Նա յուր բարձր դրությամբ կարծես թե իշխում էր յուր գեղեցիկ շրջակայքին: Նրա չորեքկողմում, ուր և նայում էիր, պատկերանում էին հիանալի տեսարաններմի կողմում կանաչազարդ հովիտներ, խոտավետ արոտամարգեր, որոնց մեջ արածող չորքոտանիք հրաշալի երևույթներ էին ձևակերպում, մի այլ կողմում՝ թփապատ բլրակներ, անտառախիտ լեռներ, իրանց գագաթների բարձրությամբ նկարվելով երկնքի կապուտակության մեջ, հանդիսացնում էին սքանչելի պատկերներ: Մի այլ տեղ մշակված դաշտերում երկրագործը, յուր սովորական երգը երգելով, հերկում էր գետինը:

Այդ բոլոր հիանալի տեսարանները, այդպես շքեղաբար միախառնվելով միմյանց հետ, հանդիսանում էին կովկասյան հրաշալի բնության գեղապատկերը:

Փոքրիկ տունը, ուր կենում էին Հացի-Գելենք, հովանավորված էր ծառերի անթափանցիկ ստվերի ետև: Նրա բակի պարտեզը` զարդարված ծաղիկներով և վայրի ծառերով, տալիս էր այդ գեղեցիկ բնակարանին առանձին բանաստեղծական շքեղություն:

Արևի ոսկեզօծը դեռ նոր փողփողում էր լեռների կանաչազարդ կատարների վրա. օդը, արբած գիշերային զովությամբ, բուրում էր անուշահոտություն: Երգող թռչունները բարձր և բարձր հնչեցնում էին իրանց առավոտյան տաղերգություններր:

Գեղեցիկ ամառային առավոտ էր:

Բաց լուսամուտի հանդեպխորին մտահուզության մեջ, նրստած էր օրիորդ Սոֆին և նայում էր դեպի գեղեցկազարդ հեռուն: Նա նայեց, երկար նայեց և բնության այդ գեղարվեստ պատկերները ծնեցին նրա հոգում հազարավոր զվարճալի զգացմունքներ:

Նրա մոտ, բոլորովին զմայլած օրիորդի էշխով, նստած էր Մայիլովը:

Այդ օրը արշալույսն այնպես վարդագեղ ներկելով յուր դեմքը, կարծես թե մրցել էր կամենում օրիորդի թշերի ալ գույնի հետ, որ իբրև գեղեցկության դիցուհի՝ յուր սրբարանից իշխում է բնության վրա:

Տեսնո՞ւմ ես, Նիկոլ, — ասաց նա հրճվելով, — ի՜նչ գեղեցիկ առավոտ է այսօր... Նայիր, տես թե քանի հրապուրանքով ծառերի տերևները, ծաղիկների փնջերը զարդարված առավոտյան ցողի գոհարներով, ժպտում են արևի առաջին ճառագայթների հետ:

Այո՛, հիանալի է, — պատասխանեց պատանին՝ խորին համակրությամբ:

Լսո՞ւմ ես, Նիկոլ, թե ի՛նչպես սոխակը անհոգ և քաղցրաձայն հնչեցնում է յուր երգը: Բնության այդ շքեղությունները, ասես թե, ոգևորում են թռչունների պոետին:

Լսում եմ, — կարճ պատասխանեց Մայիլովը:

Երանի՜ թե մարդ նույնպես ունենար նրա գեղեցկասեր ճաշակը, — խոսեց օրիորդը զգացված:

Օրիորդի վերջին խոսքերը մոգական ազդեցություն ունեցան պատանի Մայիլովի վրա, և նա կարծես թե զվարթացավ յուր մտավար թմրությունից:

Դու կարծում ես մարդը չէ՞ կարող սիրել գեղեցիկը, — հարցրեց նա՝ ուղիղ օրիորդի երեսին նայելով:

Իմ կարծիքով՝ ո՛չ այնքան... որովհետև մարդու զգացմունքները խիստ կոշտ են, — պատասխանեց օրիորդը վհատությամբ և նույն րոպեին երեսը շրջեց և սկսավ նայել դեպի հեռուն:

Բայց ե՞ս...

Քեզ պետք է դեռևս շատ ուսանիլ...

Սերը արվեստական իրողություն չէ, նա ուսում չունի:

Իրավ այդպես է, բայց մի սիրտ, որ չունի զարգացած կրքեր, նա դատարկ թմբուկ է:

Բայց մենք ևս չնախանձենք սոխակին:

Ի՞նչպես, — հարցրեց օրիորդը:

Այնպես որ, եթե դու թույլ տայիր, ես այս րոպեիս կփաթաթվեյ քո պարանոցով և մի քանի համբույր կքաղեի քո թշերից, որպես սոխակը, որ այնպես տարփանքով գրկում է գեղեցիկ ծաղիկները և այնպես բորբոքված ծծում նրանց անուշահոտությունը:

Օրիորդը ժպտեցավ:

Դու ցանկանո՞ւմ ես այդ:

Շա՜տ...

Կարող ես:

Եվ Մայիլովը քնքշությամբ գրկնց նրան, և երկար նրա շրթունքները չէին հեռանում օրիորդի նույն րոպեին բոցավառված թշերից:

Մյուս սենյակից լսելի եղավ ոտքի ձայն:

Բավական է, Նիկոլ:

Ներս մտավ Մաշան:

Այստե՞ղ եք հրամայում բերել ձեզ համար թեյ, — հարցրեց նա:

Մայրս վե՞ր է կացել քնից, — հարցրեց օրիորդ Սոֆին:

Դեռևս ոչ:

Ուրեմն այստեղ:

Աղախինը հեռացավ:

Ներս մտավ Գրիգոլը սուլելով և զվարթ դեմքով: Նա անփույթ կերպով ձեռք տվավ յուր դասընկերին և սկսավ դարձյալ սուլելով պտտիլ սենյակում:

Ո՞ւր էիր, Գրիգոլ, այսպես վաղ առավոտյան, ես մի ժամ ավելի է, սպասում եմ քեզ, — հարցրեց նրանից Մայիլովը:

Ես ամեն առավոտ արևածագից առաջ գնում եմ զբոսանքի, — պատասխանեց գիմնազիստը: — Այսպես չէ՞, Սոֆի: Պատմեմ ձեզ մի նորություն, մինչև այսօր ես ոչ ոքի չէի հանդիպել, որ ինձանից առաջ դուրս եկած լիներ զբոսանքի, բայց այսուհետև չեմ կարող հպարտանալ դրանով, որովհետև այսօր մի պարոն ինձնից առաջ էր դուրս եկել զբոսնելու:

Ի՞նչ պարոն, — հարցրեց օրիորդը:

Մի պարոն, Պետեբբուրգի համալսարանն ավարտած, նա նոր է եկել ամառանոց և մեզ դրացի է:

Մեզ դրացի՞է, — հարցրեց օրիորդը:

Այո՛, մեզ դրացի:

Երիտասա՞րդ է:

Նորահաս, գեղեցիկ երիտասարդ, համարյա՛ քսանևհինգ տարեկան, խիստ վայելուչ կերպով հագնված:

Վերջին խոսքերը գրգռեցին օրիորդի հետաքրքրությունը, և նա շարունակեց յուր հարցուփորձը.

Նա խոսե՞ց քեզ հետ:

Խոսեց:

Ի՞նչ ասավ:

Նա հարցրեց, թե ես որտե՞ղ եմ բնակվում. ես նրան ցույց տվի մեր կացարանը և ասացի, որ մորս և քույրերիս հետ եմ բնակվում:

Նա մի ուրիշ խոսք չասա՞ց:

Նա ասաց, թե ձեր քույրն ա՞յն օրիորդն է, որ այն երեկո բակում ման էր գալիս սպիտակ հագուստով. ես պատասխանեցի՝ այո՛. հետո նա ասաց, թե ես իմ լուսամատից տեսնում էի ձեզ:

Էլ ի՞նչ ասաց, — հարցրեց օիիտրդը՝ չբավականանալով լսած տեղեկություններով:

Էլ ի՞նչ պիտի ասեր, — մի փոքր պինդ ձայնով պատասխանեց Գրիգոլը, — ես արդեն նրա հետ մոտ ծանոթացա:

Ինչպե՞ս, Գրիգոլ, քո հոգուն մատաղ, — դարձյալ հարցրեց օրիորդը:

Մենք զբոսանքից դարձանք միասին, — խոսեց Գրիգոլը, — անցնելով, նրա կացարանի մոտից, նա ինձ հրավիրեց յուր մոտ. մենք միասին թեյ խմեցինք, նա խոստացավ ինձ օգնել դասերս սերտելու: Մի խոսքով՝ նա շատ ազնիվ և բարեսիրտ տղամարդ է:

Մայիլովը լուռ ականջ էր գնում քույր և եղբոր խոսակցությանը, մինչև նա տաղտկացավ լսելուց և դարձավ դեպի յուր դասընկերը՝ հարցնելով.

Գրիգոլը, բերե՞լ ես Լերմոնտովի երրորդ հատորը:

Ո՛չ, մոռացել եմ, տանն եմ թողել, — պատասխանեց Գրիգոլը:

Ես ուզում էի մի անգամ ես աչքի անցնել...

Բայց դու ասա, Գրիգոլ, — նրանց խոսակցությունը ընդհատեց օրիորդը, — ի՞նչպես է նրա ազգանունը:

Նա ասաց յուր անունը և ազգանունը, բայց ես մոռացա, — պատասխանեց Գրիգոլը:

Ի՜նչ մոռացկոտն ես, Գրիգոլ:

Դե ի՞նչ ես շտապում, դու շուտով կծանոթանաս նրա հետ, ես միտք ունիմ այս երեկո հրավիրել նրան մեր տուն թեյ խմելու:

Այո՛, շատ լավ կանես, — ուրախությամբ պատասխանեց օրիորդը: — Բայց դու ասա՛, Գբիգոլ, քանի՞ օր է, ինչ որ նա եկել է քաղաքից.

Այս երկրորդ օրն է:

Ուսյա՞լ մարդ է:

Մեր դիրեկտորը նրա մոտ ինչպես մի աշակերտ:

Հրավիրի՛ր, հրավիր՛»ր, Գրիգոլ, — համարյա հրճվանքով ասաց օրիորդ Սոֆին:

Հաջորդ էջ