Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արմենուհի

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՍԱՄՍՈՆ. Հինգ տարի է ամուսնացած ենք և դեռ հարցնո՞ւմ ես այդ: Մի՞թե չգիտես, որ ինձ նման մի մարդու համար բացի իր օրինական ամուսնուց ոչ մի կին գոյություն ունենալ չի կարող: Այդ կողմից ես նահապետական մարդ եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուրախացած, ինքնամոռացության մեջ հարձակվում է Սամսոնին գրկելու): Ա՜հ, ես այդ էի փափագում քեզանից լսելու:

ՍԱՄՍՈՆ. (Մի քայլ ետ է կանգնում, նայելով դեպի պատշգամբ): Ի՜նչ ես անում, անմիտ, հյուրերի ներկայությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կանգ է առնում: Դառը ծիծաղով): Աա, վախեցա՞ր, բանականությունդ իսկույն բողոքե՞ց: Լավ, մի ամաչիր, կատակ էի անում: (Հեռանում է Սամսոնից): Գիտեմ, չես ուզում, որ քեզ թեթևամիտ մարդ համարեն: Ո՛չ, բարեկամ, այդպես չեն սիրում: Սիրող մարդն այդքան զգույշ չի լինում: Հյուրե՜ր: Ո՞ւր են նրանք: Պատշգամբի ծայրում: Այնքան հեռու, որքան քո սիրտն ինձանից:

Գնա՛, ես քեզ համար կյանքի ընկերուհի չեմ, այլ ուրիշ բան:

ՍԱՄՍՈՆ. Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՜հ, իմ վիշտն էլ այն է, որ չես հասկանում և, երևի, երբեք չես հասկանալ ինձ: Հինգ տարի է քո կինն եմ, և գեթ մի անգամ դու չես կարողացել բաբախել տալ իմ սիրտը: Ես քո հոգու և արյան բաժինը չեմ, այն, ինչ որ երևակայում էի, թե պիտի լինի մի կին իր ամուսնու համար: Քո գլուխը լի է հաշիվներով, քո սիրտը կաշկանդված է քո գործերի ցանցով:

ՍԱՄՍՈՆ. Ճիշտ է, ճիշտ է, հետո՞:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Դրամի սերը դարձել է քեզ համար բռնակալ կիրք և հափշտակել է քեզ իսկական կյանքից: Բայց ի՞նչ եմ անում քո հարստությունը, որ այնքան երեսովս են տալիս քո քույրն ու մայրը: Ինձ սիրտ է հարկավոր, վառվռուն, թրթռուն սիրտ, հարուստ հոգի, կյանք, հասկանո՞ւմ ես, կյա՛նք: Գնա քո գործերի հետևից: Ես այն չեմ, ինչ որ հարկավոր է քեզ նման խելոք մարդու: Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք: Մայրդ ու քույրդ ունին իրավունք ատելու: Ո՞ւմ եմ դիմում ես իմ անմիտ փափագներով, իմ հիմար երազներով: Մտի՛ր առանձնասենյակդ, խորասուզվի՛ր քո հաշիվների մեջ և հետոո՜վ գիտե: Իսկ եսթո՛ղ, որ իմ տխմար երևակայությամբ երջանկության օդային դղյակներ կառուցանեմ: (Շտապ բարձրանում է պատշգամբ և անհետանում):

ՍԱՄՍՈՆ. Կա՜ց, սպասի՜ր: (Մի երկու քայլ է անում Արմենուհու հետևից և կանգ առնելով, մտածում է): Զարմանալի է, տարօրինակ:

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Տեսարանը ներկայացնում է ամառանոցի ներսը:

Մի մեծ սենյակ, թեթև կահավորված: Խորքում երկու լուսամուտներ, մեջտեղ դռներ դեպի այն պատշգամբը, որ Ա. արարվածում կազմում էր բեմի աջ կողմը: Հեռու երևում են պարտեզի ծառերի գագաթները: Ավելի հեռու՝ ժայռեր: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից առաջինը տանում է Սամսոնի սենյակը, երկրորդը Արմենուհու բուդուարը: Ձախ պատի մեջ ևս երկու դռներ, որոնցից առաջինը տանում է մի ընդհանուր մուտքիսկ երկրորդը՝ Եղիսաբեթի սենյակը:

Բեմի խորքում, աջ լուսամուտի առջև դաշնամուր, ձախ լուսամուտի առջև մի կլոր սեղան, վրեն վայրի ծաղիկների մի փունջ: Ջախ պատի առջև, երկու դռների միջև գահավորակ և մի քանի թեթև կիսաբազկաթոռներ: Լուսամուտների վրա սպիտակ վարագույրներ:

Խորքի դռներն ու լուսամատները բաց են:

ՏԵՍԻԼ 1

ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏԵՓԱՆ

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Վերադառնամ է առավոտյան զբոսանքից խորքի դռներով: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Շատ ուրախ եմ, որ դուք վճռել եք մի քանի շաբաթ մնալ: Սամսոնի ազգականների մեջ դուք այս տան միակ անկեղծ բարեկամն եք, իսկ այժմ ձեր ներկայությունն այստեղ մինչև անգամ անհրաժեշտ է:

ՍՏԵՓԱՆ. Ինչո՞ւ է անհրաժեշտ: (Գալիս է Կոստանդինի հետ նույն հագստով է):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հուզվելով): Կասեմ, բժի՛շկ, կասեմ:

ՍՏԵՓԱՆ. Ես նկատում եմ, որ վերջին անգամ քաղաք գնալուց հետո դուք առհասարակ տխուր եք: Կարելի՞ է իմանալ ինչ է պատահել:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պատահել է այն, ինչ որ ես վաղուց կասկածում էի: Բայց մի անգամ էլ պետք է ստուգել: Բժիշկ, տվեք ինձ ազնիվ խոսք, որ իմ մի հարցին կպատասխանեք ամենայն անկեղծությամբ:

ՍՏԵՓԱՆ. Ի՞նչ բանի է վերաբերում ձեր հարցը:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Իմ աղջկա ճակատագրին:

ՍՏԵՓԱՆ (Զարմացած): Ճակատագրի՞ն անգամ: Այդ ի՞նչ կարող է լինել:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Տալի՞ս եք խոսք, որ կպատասխանեք իմ հարցին:

ՍՏԵՓԱՆ. Դուք այնպիսի բան եք պահանջում, որ ես չեմ կարող մերժել: Արմենուհու ճակատագիրն ինձ համար այնքան թանկ է, որքան ձեզ համար: Հարցրեք ինչ կամենում եք:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Դողդոջուն ձայնով): Ի՞նչ եք կարծում, բժիշկ, իմ փեսան, Սամսոն Ալադլանը ազնի՞վ մարդ է:

ՍՏԵՓԱՆ. Ի՞նչ: Ձեր հարցը տարօրինակ է: Չեմ հասկանում:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կհասկացնեմ, բարեկամս, կհասկացնեմ: Ո՞վ է այն անառակ... Բայց, սպասեցե՛ք, կարծեմ գալիս են: Գնանք իմ սենյակը: Այնտեղ կբացատրեմ: Գնա՛նք: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՍՏԵՓԱՆ. (Հետևում է Կոստանդինին):

ՏԵՍԻԼ 2

ԵՂԻՍԱԲԵԹ, ՍԻՐԱՆՈՒՅՇ և ՎԻՐԳԻՆԵ

ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի երկարդ դռներով: Հագնված է այնպոս, ինչպես առաջին արարվածում): Ապրի՛ք, որդի, ապրիք: Հարսը ձեզ պես պիտի լինի: Մի կին, որ փողի հաշիվ չգիտե, պրծավ, քանդվեց նրա մարդու տունը: Նստենք այստեղ: (Նստում են):

ՎԻՐԳԻՆԵ. (Ներս է մտնում ձախ կողմի երկրորդ դռներով Եղիսաբեթից և Սիրանույշից հետո: Հագած է ուրիշ շրջագգեստ, այս անգամ համեմատաբար համեստ): Իհարկե: (Նստում է):

ՍԻՐԱՆՈԻՅՇ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով Եղիսաբեթից հետո, Վիրգինեից առաջ: Բավական գեղեցիկ, բայց ոչ մեղմ դեմքով կին է: Հագնված է շքեղ, գլխին շատ մեծ գլխարկ ահագին փետուրով: Ձեռքում մի թանկագին քսակ և շքեղ հովանոց: Հայրս օժիտս տվել է ինձ, ես շահեցնում եմ: (Նստում է): Ամուսինս իմ հաշիվներին չի խառնվում, և թույլ էլ չեմ տալ, որ խառնվի: Նա անհաշիվ մարդ է:

ԵՂԻՍԱԲԵԹ. Չմոռանամ մի բան հարցնել, Մոսկովումն էլ խոհարարները գողանո՞ւմ են, ինչպես մեզնում:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Այո՛, տիկին, այս վերջին տարին ինը խոհարար եմ փոխել:

ՎԻՐԳԻՆԵ. Ես էլ ամիսը մեկը փոխում եմ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ձերլվացարարնե՞րն ինչպես են:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Հաշվով տալիս եմ լվացքը, հաշվով ընդունում եմ: Մի բան պակասելիս վարձը կտրում եմ:

ՎԻՐԳԻՆԵ. Ես էլ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Երևակայում եմ, որքան է սիրում ձեզ ձեր սկեսուրը:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ես սկեսուր չունիմ: (Մեկուսի): Բարեբախտաբար:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ափսո՛ս: Սկեսուրը ընտանիքի խմորն է: Վերգինեն էլ չունի:

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Բարեբախտաբար: (Սիրանույշին): Սիրո՞ւմ եք ձեր ամուսնուն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ժպտալով): Չգիտեմ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Իսկ նա, իհարկե, սիրում է ձեզ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այդ մասին էլ չեմ մտածում: Ամուսինս է, իհարկե, օրենքով պարտավոր է սիրել: Միայն մեր գաղափարները իրար հակառակ են. երբեմն վիճում ենք: (Ինքնագոհ): Բայց միշտ ես եմ հաղթում:

ՎԻՐԳԻՆԵ. Իսկ և իսկ ինձ նման: Բարի մարդ է, երևի:

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Շատ բարի, բայց դյուրագրգիռ է:

ԵՂԻՍԱԲԵԹ. Լավ պահեցեք, բարի մարդիկ թույլ են լինում: (Խորհրդավոր ժպտում է):

ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ես դրանից իսկի չեմ վախենում: Ոչ ոք չի կարող իմ ամուսնուն ձեռքիցս խլել:

ՎԻՐԳԻՆԵ. (Խորհրդավոր ժպտալով) Ո՞վ գիտե...

ԵՂԻՍԱԲԵԹ. (Տեսնելով Արմենուհուն): Ահա՛, հարսս եկավ:

ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ, ԱՐՄԵՆՈԻՀԻ և ՄԵԼԱՆԻԱ

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով, հագած է ընդունելության բավական շքեղ հագուստ, շատ չաշակով զարդարած: Թանձր մազերը պահպանվում են գեղեցիկ կրյա սանրով: Կոկորդի վրա մի հնաշեն քորոց): Բարև ձեզ, տիկին: (Ձեռ է տալիս Սիրանույշին սիրալիր և նստում է):

ՍԻՐԱՆՈԻՅՇ. (Մի նախանձոտ հայացքով չափել է Արմենուհուն ոտից մինչև գլուխ): Հմայակը բերեց իր կազմած պլանը ձեր ամուսնուն ցույց տալու, ես էլ կամեցա ձեզ հետ մի քիչ զրույց անել:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Շատ ուրախ եմ: (Մինչ Եղիսաբեթն ու Մելանիան խոսում են, ձևերով գրույց է անում Սիրանույշի հետ):

ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է ձախ կողմի աոաջին դռներով: Եղիսաբեթին): Տիկի՛ն, գյուղացիները յուղը բերել են:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Արագ ոտքի կանգնելով): Օ՜յ, տեսեք, որ առանց ինձ չկշռեն: Այդ գյուղացիները խաբեբաներ են: Գնա՛, սուրճ բեր տիկինների համար: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 4

ԱՐՄԵՆՈՒՀԻ, ՍԻՐԱՆՈՒՅՇ և ՎԻՐԳԻՆԵ, մերթ ընդդ մերթ ՄԵԼԱՆԻԱ

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Կարդացի ձեր տված վեպը:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Հավանեցի՞ ք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ես հավանեցի միայն այն առաքինի կնոջը, որին մի խելագար ուզում էր զրկել օրինական ամուսնուց:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իսկ այդ օրիորդին, որին խելագար անվանեցիք, չե՞ք կարեկցում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ամենևին:

ՎԻՐԳԻՆԵ. (Ձանձրույթի նշաններ է անում):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Չէ՞ որ նա անհույս սիրուց իրան ժայռից գցում է իր սիրեցլալի ոտների տակ և կտոր-կտոր լինում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ի՞նչ իրավունք ուներ մի օրիորդ սիրահարվելու ամուսնացած մարդու վրա:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ասում են սերն իրավունքներ չի ճանաչում, տիկին:

ՎԻՐԳԻՆԵ. Անառակ սերը, իհարկե, չի ճանաչիլ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Սիրանույշին): Հավանո՞ւմ եք այստեղի բնությունը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Շատ էլ չէ, զառիվայրեր շատ կան, կառքով զբոսնելը վտանգավոր է:

ՄԵԼԱՆԻՍ. (Երեք գավաթ սուրճ և շաքարահաց է բերում, դնում է սեղանի վրա և գնում է միևնույն, այսինքն՝ ձախ կողմի առաջին դռներով):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իսկ ձեր ամուսինը հիացած է:

ՎԻՐԳԻՆԵ. (Մի բաժակ սուրճ վերցնելով): Ա՛խ, դո՛ւ արդեն խոսե՞լ ես նրա հետ բնության մասին մինչև անգամ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Առանց նայելու Վիրգինեին): Այո՛, ես պարոն Հմայակի հետ խոսել եմ ամեն բանի մասին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Եվ նա հիացած է ձեզանով: Ասում է, առաջին անգամն եմ հանդիպում մի հայ կնոջ, որ գեղեցիկի մասին գաղափար ունի:

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Օհո՜:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Իսկ երեկ նա վերադարձավ խելագարված ձեր դաշնամուր նվագելուց: (Դիտում է Արմենուհու հագուստը):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ես թանկ եմ գնահատում արտիստի կարծիքը:

ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): է՛հ, սիրելիս, այժմ ո՞վ չի դաշնամուր նվագում: Անցեք մեր փողոցներով, յուրաքանչյուր լուսամուտից կլսեք «դի՜նգ-դընգ, դի՜նգ-դընգ»… (Սուրճն է խմում):

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ես էլ օրիորդ ժամանակս շատ էի նվագում, բայց հիմա դաշնամուրս փոշի է պատել: (Արմհնուհուն): Ասացե՛ք, խնդրեմ, ո՞րտեղ եք կարել տվել այդ հագուստը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անփույթ): Թիֆլիսում: (Սուրճն է խմում):

ՍԻՐԱնՈԻՅՇ. Հիանալի՜ է: Երևակայեցե՛ք, գարնանը ես Պարիզում երկու հագուստ պատվիրեցիփչացրին: (Շոշափելով Արմենուհու շրջազգեստը): Եվ ի՜նչ ամուր կտոր է, երկար կդիմանա:

ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): Ես ձեր հագուստն ավելի եմ հավանում: Դուք ճաշակ ունիք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (ՈՒշադրություն չդարձնելով Վիրգինեի խոսքերի վրա, Սիրանույշին): Դուք ասացիք, թե գարնանը Պարիզումն եք եղել անկասկած, տեսել եք այն պիեսը, որ ներկայացնում է Բեթհովենի ողբերգական կյանքը: Ասում են շատ սրտաշարժ է այն տեսարանը, երբ ինը սիմֆոնիաները գալիս են իրենց երկնային ձայնով մխիթարելու հանճարեղ ստեղծագործողին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ձանձրույթով): Չգիտեմ, չեմ հիշում, թատրոններ շատ եմ տեսել: Երկու ամսվա ընթացքում Պարիզում ծախսեցինք Չորս հազար հարյուր քսան ու յոթ ռուբլի:

ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): Դուք ճանաչո՞ւմ եք Մոսկվայում տի՛կին Մարմառյանին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այո:

ՎԻՐԳԻՆԵ. Նա իմ դասընկերն է եղել, ասում են իր մարդուն դավաճանում է, ճի՞շտ է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Չեմ լսել:

ՎԻՐԳԻՆԵ. Իսկ ես լսել եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կամենալով խոսակցության նյութը փոխել, Սիրանույշին): Տիկին, Պարիզում տեսա՞ք Ռոդենի գործերը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Մտածելով): Ռոդեն... Ռոդեն... միտս չէ... այդ ի՞նչ մարդ է:

ՎԻՐԳԻՆԵ. Կար ու ձևի վարպետ կլինի, մոդիստ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՛չ, Վիրգինե, Ռոդենը մեր ժամանակի ամենահանճարեղ արձանագործն է, որին համեմատում են Ֆիդիասի հետ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Արձանների մասին ամուսնուս հետ խոսեցեք: Ախ, այդ ի՞նչ հրաշալի քորոց է: Կարելի՞ է մոտիկից տեսնել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Քորոցն իր օձիքից պոկելով, տալիս է Սիրանույշին): Համեցե՛ք: ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Հիացած դիտելով քորոցը): Ի՞նչ հազվագյուտ քար է, ի՞նչ պայծառ գույն ունի և ի՞նչ աննման գործ է: Թա՞նկ արժե: (Քորոցը տալիս է Արմենուհուն):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Քորոցը իր տեղը կպցնելով): Չգիտեմ, հանգուցյալ մորս հիշատակն է: Կամենա՞ք, տիկին, վաղն ինձ հետ բարձրանալ կարմիր լեռան գագաթը արեգակի ծագումը տեսնելու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Զարմացած): Արեգակի ծագո՞ւմը: Ի՞նչ եք ասում, մի՞թե մարդ կարող է այդպես վաղ զարթնել:

ՎԻՐԳԻՆԵ. (Չարությամբ): Ինչո՜ւ չէ, կաթնավաճառներն ու հացթուխները զարթնում են:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Կհամենա՞ք,

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ո՛չ, սիրելիս, անկարող եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այն ժամանակ այս երեկո բարձրանանք արեգակի մայր մտնելը տեսնելու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Մի՞թե հետաքրքրական է:

ԱՐՄԵնՈՒՀԻ. (Ոգևորված): Օօ՜, տիկին, այդ մի սքանչելի տեսարան է: Մի երազ և այնպիսի երազ, որ միայն մանուկ հասակում կարելի է տեսնել:

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Օհո՜, սկսեց: (Բարձր): Սինեմատոգրաֆումն էլ կարելի է տեսնել:

ԱՐՄԵնՈՒՀԻ. (Ուշադրություն չդարձնելով Վիրգինեի վրա): Ձեր առջև տարածվում է Կովկասյան լեռնաշղթան աջ ու ձախ: Ձյունապատ գագաթները ոսկեզօծված, լայնատարած սառցարանները մանիշակագույն, ինչպես երկինքը ամառային երեկո: Վերը սպիտակ ամպերի վիթխարի քուլաները վարը մթին անդունդները: Լույս և խավար, կյանք և մահ, աստվածային գեղեցկություն և դիվային զորություն: Երանգների աննկարագրելի խառնուրդ: Եվ դուք, նայելով հսկաների վարդագույն գագաթներին ու նրանց հուժկու կրծքերին, սլանամ եք դեպի հեռավոր, անծանոթ աշխարհներ, ուր չկան մանր կրքեր, չնչին հույզեր, նյութամոլություն, նախանձ, զրպարտություն, բանսարկություն, ատելություն: Ա՛հ, այդ սքանչելի է, ինչպես տիեզերքի գոհար... (Վեր է կենում):

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Կիսահեգնական): Կեցցե՛ք, կեցցե՛ք, դու կատարյալ բանաստեղծ եք: (Վեր է կենում):

ՎԻՐԳԻՆԵ. (Բռնի ծիծաղելով): Պակասում է միայն սազը: (Վեր է կենում): Է՛հ, այնքան վեպեր է կարդացել, որ կարող է մի բան անգիր անել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նայում է Վիրգինեին հանգիստ, արհամարհական հայացքով):

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նայելով իր ժամացույցին): Ա՛հ, արդեն տասներկու ժամն է: Հմայակն ուշացավ, ես չեմ կարող նրան սպասել: Դե՜հ, ցտեսություն, սիրելիս, ես լեռներ բարձրանալ չեմ կարող: Տափարակ տեղ էլ կարելի է զվարճանալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուղեկցում է Սիրանույշին մինչև խորքի դռները և ետ է գալիս: Հառաչում է իբրև մի մեծ ձանձրույթից ագատված):

ՎԻՐԳԻՆԵ. Արմենուհի, դու իսկի հյուր զբաղեցնելու շնորհք չունիս:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անփույթ): Ճշմարիտ ես ասում: (Ուզում է գնալ աջ կողմի երկրորդ դռներով, Սամսոնին տեսնելով կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 5

ԱՐՄԵՆՈՒՀԻ, ՍԱՄՍՈՆ և ՎԻՐԳԻՆԵ

ՍԱՄՍՈՆ, (Գալիս է աջ կողմի առաջին դռներով: Հագած է ուրիշ հագուստ, մոխրագույն կոմպլե): Վիրգինե՛, աղախնին հրամայիր երկու գավաթ սուրճ տանել իմ սենյակը:

ՎԻՐԳԻՆԵ. Իսկույն: (Շտապով գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 6

ՍԱՄՍՈՆ և ԱՐՄԵՆՈւՀԻ

ՍԱՄՍՈՆ. (Սպասել է, որ Վիրգինեն հեռանա: Գրգռված): Լսի՛ր: Հայրդ իրան խելոք չի պահում, ես պատասխանատու չեմ իմ մասին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ի՞նչ է պատահել:

ՍԱՄՍՈՆ. Այս րոպեին նա ինձ վիրավորեց օտարի ներկայությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Վիրավորե՞ց, քե՞զ, հա՞յրս. այդ անկարելի բան է:

ՍԱՄՍՈՆ. Ակա՛նջ դիր. նա անցնում էր իմ լուսամուտի առջևով: Ես խնդրեցի նրան մտնել իմ սենյակը մի րոպե. կամենում էի ցույց տալ նրան Վառլամյանի շինած պլանը մեր նոր տան համար: Պատիվ էի ուզում անել: Երևակայի՛ր, նա ինչ պատասխան տվեց. «Թո՛ղ ինձ հանգիստ, ես չեմ ուզում տեսնել քո նոր տունը, որ շինում ես հինը քանդելով»: Ի՞նչ էր ուզում ասել այդ խոսքերով––չհասկացա. միայն նրա ասելու ձևը, դեմքը, ձայնը այնքան կոպիտ էին, որ մնացի ամոթահար Վառլամյանի առջև: Պետք է ասել, որ առհասարակ վերջերս նա իմ դեմ ինչ-որ թշնամական դիրք է բռնել: Ապրելով իմ տանը, նա կրում է իմ դեմ մի անհասկանալի ոխ: Այդ ես համբերել չեմ կարող, լսո՞ւմ ես, չեմ կարող: (Ուզում է գնալ):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Սպասի՛ր: Քո խոսքերն ինձ ապշեցնում են: Իմ հայրը ո՛չ չար մարդ է, ո՛չ անտակտ: Եթե արդարև նա քեզ վիրավորել է, կնշանակի մի պատճառ ունի և, անկասկած, լուրջ պատճառ:

ՍԱՄԱՈՆ. Ես չգիտեմ և չեմ էլ հետաքրքրվում նրա պատճառներով. գիտեմ միայն, որ եթե այդպես շարունակվի, ստիպված կլինեմ… (Զսպում է իրան):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գուշակելով): Դուրս անել նրան քո տնից, այնպես չէ: Շա՛տ լավ, տունը քոնն է, ունիս իրավունք: Բայց լսիր, առանց քո սպառնալիքի էլ իմ հայրը կհեռանա քո տնից: Արդեն նա ինքը վաղուց էր ուզում հեռանալ, ե՛ս չէի թողնում: Վաղը նա այլևս քեզ չի անհանգստացնիլ. բավակա՞ն ես:

ՍԱՄՍՈՆ. Ես չեմ ուզում, որ մարդիկ ասեն, թե Ալադյանն իր աներոջ վերաբերմամբ եղել է անքաղաքավարի: Միայն ինձ թվում է, որ մեր փոխադարձ հարաբերությունների մեջ երրորդ անձի մասնակցությունն ավելորդ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Աա՜, այդպե՞ս է, կեցցե՛ս, կեցցե՛ս: Ես վաղուց էի փափագում լսել այդ քեզանից: Շատ բարի, իմ հայրը կհեռանա քո տնից, և դու երբեք չես տեսնիլ նրա երեսը: Բայց կան և ուրիշ անձնավորություններ, որ ավելի են խառնվում մեր փոխադարձ հարաբերությունների մեջ, քան իմ հայրը: Այդ քո մայրն է և քո քույրը: Դու էլ նրանց հեռացրու, համաձա՞յն ես:

ՍԱՄՍՈՆ. (Զարմացած): Ի՜նչ, ես բաժանվեմ իմ ծնողի՞ց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ինչո՞ւ չէ. չէ՞ որ ես բաժանվում եմ իմ ծնողից:

ՍԱՄՍՈՆ. Դու կին ես, ես այր. դու ես եկել իմ մոր տունը և ոչ նա քո տունը:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ահա՜ թե ինչ: Եվ դու քեզ համարում ես լուսավորված մա՞րդ: Սամսոն, մեր երջանկությունը անկախ հիմքի վրա պիտի դրվի: եթե ուզում ենք վայելել փոխադարձ երջանկություն: Ես կհարգեմ քո մորը բյուր անգամ ավելի, ես սուրբի պես կպաշտեմ նրան, եթե նա հեռու լինի մեզանից, գոնե այնքան հեռու, որ չխառնվի քո և իմ զգացումների մեջ: Ես ավագ քրոջս պես կպատվեմ քո քրոջը, եթե նա ինձ հանգիստ թողնի: Մի փոքր առաջ, նա տիկին Սիրանույշի ներկայությամբ, հինգ անգամ ինձ վիրավորեց կոպիտ ակնարկներով: Ես հազիվ կարողացա ինձ զսպել:

ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով, երկու գավաթ սուրճ ձեռքին և բեմով անցնում է ու գնում աջ կողմի առաջին դռներով):

ՍԱՄՍՈՆ. (Մտածել է Արմենուհու խոսքերի միջոցին): Գուցե դու էլ ունիս իրավունք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ոգևորված): Ա՜խ, այդ իրավունքը տալիս է ինձ իմ սրտի պահանջը, իմ զգացումների անկախությունը, վերջապես, իմ սերը դեպի քեզ: Բաժանվե՛նք մեր մերձավորներից՝ նրանց ավելի հարգելու համար:

ՍԱՄՍՈՆ. (Վճռական): Շա՛տ բարի, ես համաձայն եմ, թող քո ասածը լինի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուրախացած): Ա՛հ, վերջապես: Եթե չեմ սխալվում, այդ առաջին զիջումն է, որ անում ես ինձ: Շնորհակալ եմ:

ՍԱՄՍՈՆ. Բայց ո՛չ իհարկե այժմ: Սպասենք ամառը վերջանա: Քաղաք վերադառնալով, մայրս կերթա Վիրգինեի տանն ապրելու, իսկ մենք կապրենք առանձին: Գո՛հ ես այժմ ինձանից: (Գրկում է Արմենուհուն):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Խանդավառությամբ գրկելով Սամսոնին): Գոհ եմ, անչափ գոհ, որովհետև այդ զոհաբերությունը ցույց է տալիս, որ դու ինձ քիչ թե շատ սիրում ես:

ՍԱՄՍՈՆ. «Քիչ թե շա՜տ». թեթևամի՜տ, մի՞թե կասկածում ես իմ սիրո մասին: (Փաղաքշում է):

ԱՐՄԵնՈՒՀԻ. Օ՜հ, չեմ ուզում կասկածել, երբե՛ք: (Նորից գրկելով Սամսոնին): Ա՜հ, այժմ կարող եմ ասել, որ ես սկսում եմ ապրել, վերջապես...

ՍԱՄՍՈՆ. (Մեղմիկ հեռացնելով Արմենուհուն): Բայց լսիր, ես էլ ունիմ մի պայման:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ասա՛, կանխավ ընդունում եմ քո բոլոր պայմանները:

ՍԱՄՍՈՆ. Քո հայրը ազնիվ մարդ է, խոսք չունեմ: Բայց շատ դյուրահավան է և հափշտակվող: Ինձ թվում է, որ թշնամիներս ինձ զրպարտել են նրա մոտ: Ո՞վ գիտե ինչեր են ասել: Համոզիր նրան, որ փողոցային լուրերի վրա ուշադրություն չդարձնի, և դու էլ մի հավատար նրա լսածներին իմ մասին: Համաձա՞յն ես:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մի քիչ հիասթափված): Այդ ի՞նչ է նշանակում, քո խոսքերը մութն են ինձ համար:

ՍԱՄՍՈՆ. Լա՛վ, լավ, հետո կբացատրեմ: Այնտեղ Վառլամյանը ինձ սպասում է, հետո կառավարիչը պիտի գա: Բայց կես ժամ անցած ես ազատ եմ և կարող եմ գրկել քեզ: (Գնում է աջ կողմի առաջին դռներով):

ԱՐՄԵնՈՒՀԻ. (Խանդագին համբուրելով Սամսոնին): Գնա՛, ես քեզ կսպասեմ ինչպես սիրահար:

ՏԵՍԻԼ 7

ԱՐՄԵՆՈՒՀԻ և ՄԵԼԱՆԻԱ

ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով՝ դատարկ սկուտեղը ձեռքին և ուզում է սեղանի վրա գտնվող դատարկ գավաթները ժողովել):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Մելանիա, տես Արմենակը զարթնե՞լ է: (Մոտենում է դաշնամուրին և մի քանի ուրախ ակորդներ վերցնում):

ՄԵԼԱՆԻԱ. (Սկուտեղը դնելով սեղանի վրա, շտապով անցնում է աջ կողմի երկրորդ դռները և իսկույն ետ է գալիս): Զարթնել է: (Դատարկ գավաթները ժողովում է):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Դայակն այնտե՞ղ է:

ՄԵԼԱՆԻԱ. Այո՛: (Սկուտեղը գավաթների հետ տանում է ձախ կողմի առաջին դռներով):

ԱՐՄԵՆՈՒՀի. (Գնում է աջ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 8

ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏԷՓԱՆ

ՍՏԵՓԱՆ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով): Զարմանալի հայր եք. կարծես, դուք ձեր միակ զավակի թշնամին եք:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է Ստեփանի հետ նույն դռներով: Միշտ հուզված): Դուք դատում եք ինչպես բժիշկ, որ վախենում է հիվանդին հայտնել նրա վտանգավոր կացությունը, բայց ես բժիշկ չեմ, այլ զինվորական, ես սովոր եմ վտանգների դեմ կանգնել ճակատ ճակատի:

ՍՏԵՓԱՆ. Ընտանեկան կյանքը պատերազմի դաշտ չէ, բարեկամ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Գիտեմ, բայց ես էլ Միդաս թագավորի սափրիչը չեմ, որը ճշմարտության լծից ազատվելու համար մի փոս էր Փորել, և ամեն օր, գլուխը նրա մեջ մտցնելով, ասում էր. «Տերս իշի ականջներ ունի»: Ո՛չ, ո՛չ, իմ աղջիկը պետք է լսի ճշմարտությունը:

ՍՏԵՓԱՆ. Եվ դուք կարծում եք դրանով կբարվոքվի՞ նրա վիճակը:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Չգիտեմ, բայց նախ և առաջ ճշմարտությունը: Արմենուհին արդեն կասկածում է և մի քանի անգամ փորձել է ինձնից խոսք քաշել: Այժմ, երբ արդեն համոզված եմ, չեմ թույլ տալ այլևս, որ իմ ազջիկը ամենուրեք ծաղրի առարկա դառնա: Ա՛հ, մի քանի րոպե առաջ քիչ էր մնում լրբին ապտակ տայի լուսամուտիդ՝ Վառլամյանի ներկայությամբ: (Ծխախոտ է վառում):

ՍՏԵՓԱՆ. Փորձանքի եք ենթարկում ձեր աղջկան, գնդապետ, մի՛ արեք:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ա՜ա, մանկությունից է նա սովորել փորձանքներին նայել համարձակ: Հինգ տարեկան էր նա, երբ մի օր կառքով հանգուցյալի հետ Ղուսար էինք գնում: Ավազակները հարձակվեցին մեզ վրա, կառքը պահեցին: Ես հրացանս առա, հանգուցյալը ռևոլվերս, իսկ Արմենուհին ոտքի կանգնեց կառքի մեջ համարձակ: Օհ, պետք է տեսնեիք նրան այդ վայրկյանին: Նրա սիրուն մազերը ցցվել էին ասեղների պես, նրա վառվռուն աչքերից արցունքի փոխարեն կայծեր էին թափվում: Ավազակապետը հիանալով նրա հրեշտակային կատաղությունից, գոռաց իր խմբին. «Թողեք անցնեն, այդ երեխան ինձ հաղթեց»: Եվ Արմենուհին մեզ ազատեց:

ՍՏԵՓԱՆ. Լա՛վ, դո՛ւք գիտեք: Տեսեք միայն, որ հետո չզղջաք:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ճշմարտության կաթովն է նա սնվել, բժիշկ: Նա, չի կարող ապրել ստի և կեղծիքի մեջ: (Հուզվում է): Ա՛հ բարեկամս, դառն է, շատ դառն՝ ունենալ մի հատիկ զավակ և տեսնել նրան դժբախտ (Աչքերը սրբում է թաշկինակով):

ՍՏԵՓԱՆ. Լա՛վ, հանգստացեք: Գնանք պարտեզ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Գնանք, այժմ ես այս տանը խեղդվում եմ: (Գնում է խորքի դռներով):

ՍՏԵՓԱՆ. (Հետևում է Կոստանդինին):

ՏԵՍԻԼ 9

ԱՐՄԵՆՈՒՀԻ և դայակ, երեխային գրկած

ԴԱՅԱԿ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով, շքեղ հագցրած մի տարեկան մի երեխա գրկած):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գալիս է դայակի հետ նույն դռներով): Տարե՛ք անտառ, թող մի փոքր անուշ օդ շնչի եղևնիների տակ: (Համբուրում է երեխային և ուղեկցում մինչև խորքի դռները):

ՏԵՍԻԼ 10

ԱՐՄԵՆՈՒՀԻ, հետո ՀՄԱՅԱԿ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մի քանի վայրկյան լուսամուտով նայում է երեխայի հետևից, ապա դանդաղորեն մոտենամ է դաշնամուրին, նստում: Սկսում է նվագել նախ մի փոթորկալի եղանակ, ապա մի թախծալի ռոմանս):

ՀՄԱՅԱԿ. (Նվագումը սկսելուց բավական անցած գալիս է աջ կողմի առաջին դռներով գլխարկը ձեռին և աննկատելի նստում է մի անկյունում: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում: Ռոմանսի տպավորությամբ տխրում է):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Բավական ժամանակ չի նկատել Հմայակին: Երեսը պատահաբար դարձնելով, տեսնում է նրան): Ա՛հ, դուք այստե՞ղ եք: (Գլուխը երկու անգամ շարժում է ի նշան բարևի, առանց նվագումը ընդհատելու):

ՀՄԱՑԱկ. Ես վերջացրի իմ գործը: Այժմ ձեր ամուսինը զբաղված է իր կառավարչի հետ: Շարունակեցե՛ք, տիկին,շարունակեցե՛ք, խնդրեմ: Անցյալ օրը ես պատիվ ունեցա ծանոթանալ և այցելել ձեր նախկին ուսուցչին: Այդ վառվռուն ծերունին առանց հիացման չի կարողանում խոսել ձեր մասին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իմ սեղանի առաջին զարդը նրա համակրելի լուսանկարն է:

ՀՄԱՅԱկ. Իսկ ձեր լուսանկարը ես տեսա նրա դաշնամուրի վրա: Նա ասում էր հուզված ձայնով. «Պարո՛ն, նա աստվածային ձիրք ունի, զգացում, ճաշակ: Նա տաղանդ ունի և մեծ տաղանդ: Ափսո՜ս,որ այդ տաղանդը թառամում է իր շրջանից դուրս»: Այո՛, տիկին, այլ է ձեր շրջանը. այն արվեստի փշոտ ասպարեզն է, ընտիր հոգիների դրախտավայրը: Նվագեցե՛ք, նվագեցե՛ք. այդ թախծալի հնչյունները մարդու սրտից հառաչանքներ են կորզում: (Լսում է):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մի փոքր ևս լուռ նվագելով, դադարում է և ոտքի կանգնում): Դուք տխրեցի՞ք: Բարև: (Ձեռ է տալիս):

ՀՄԱՅԱԿ. (Ոտքի կանգնելով): Տիկի՛ն, ես ունիմ մի ընկեր, որի կյանքը անձայն, անարյուն ողբերգություն է: Երբ դուք նվագում էիք, իմ առջև կենդանի պատկերացավ այդ կյանքը: Երևակայեցեք, որ նրա դժբախտությունն ունեցել է երջանիկ նախերգանք, և այդ նախերգանքը երգվել է այն ռոմանսով, որ իսկույն նվագեցիք: Կկամենայի՞ք լսել այդ պատմությունը: Նա երկար չէ, այս րոպեին զգում եմ անհաղթելի պահանջ ձեզ պատմելու:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Նստեցե՛ք, խնդրեմ: (Նստում է՝ ցույց տալով իրենից ոչ հեռու մի աթոռ Հմայակին): Ես ձեզ լսում եմ:

ՀՄԱՅԱԿ. (Նստելով): Երեսունևհինգ տարեկան է իմ րնկերը աժմ, ամուսնացած, զավակների հայր, ընտանեկան կյանք կոչված հրեշի ստրուկ:

ԱՐՄԵՆՈՒՀ՜Ի. Տարօրինակ լեզու:

ՀՄԱՅԱԿ. Դա մի հոգի է, ստեղծված սիրելու փափագով և սիրվելու կրակոտ երազով, բայց ստրուկ: Չար ոգրիները նրան ձերբակալել են և շղթայել: Ուղիղ տասներկու տարի սրանից առաջ նա ազատ էր, ինչպես լեռնային զեփյուռը և կարծում էր այդպես պիտի մնա մինչև մահ: Բայց նա հանդիպեց դևին, որ ընդունել էր հրեշտակի կերպարանք, և հափշտակվեց: Դա մի զվարթ, կայտառ էակ էր, ընդունակ ոչ միայն մտածելու, այլև զգալու: Երգում էր, պարում էր, թռչկոտում: Եվ նվագում էր: Լավ էր նվագում, թե վատընկերս չգիտեր, բայց զգացվում էր, որովհետև նրա հոգին ուներ միշտ զգացվելու պահանջ, ինչպես մանուկն ունի լալու պահանջ: Օրիորդը հետաքրքրվում էր բոլորով, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բանաստեղծական է, ինչ որ զատում է մարդուն անասունից, ինչ որ մաքրում, բյուրեղացնում է նրա հոգին: (Հառաչում է): Ընկերս սիրահարվեց: Սիրո բոցավառ խոստովանությունն եղավ օրվա ճիշտ այն միջոցին, երբ օրիօրդը նվագում էր ձեր նվագած ռոմանսը: Դուք ձանձրանո՞ւմ եք:

ԱՐՄԵՆՈՒՀ՜Ի. Շարունակեցե՛ք, ձեր պատմելու ձևը նույնքան հետաքրքրական է, որքան և նյութը:

ՀՄԱՅԱԿ. Օրիորդը չմերժեց, որովհետև իր առջև կանգնած էր մի ոչ տգեղ երիտասարդ, առողջ, կայտառ, որ խոստանում էր փայլուն ապագա... Նրանք ամուսնացան: Եվ այս եղավ իմ թշվառ ընկերոջ դժբախտության սկիզբը: Հազիվ մի տարի անցած՝ դևը դեն ձգեց իր քողը և երևան եկավ իր իսկական պատկերով: Ընկերս նայեց և սարսափեց: Նրա աչքերն այլևս վարագուրված չէին առաջին սիրո վարդագույն մշուշով: Այդ ուրախ, վառվռուն, գեղեցիկով և գաղափարականով ոգևորվող էակը, հենց որ կին դարձավ, հենց որ հորից ստացավ օժիտը, հենց որ ճաշակեց ոսկու թունավոր ժանգը, ազատեց իր հոգին կապանքներից: Նա դարձավ այն, ինչ որ էապես:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Եվ ամուսինների մեջ սկսվեցին ընդհարումներ...

ՀՄԱՅԱԿ. Ա՜, ով չի կրելչի կարող զգալ այն տվայտանքը, որ կոչվում է ընտանեկան կյանք, երբ ամուսինները օտար են միմյանց: Օտար իրանց մտքերով, ճաշակով, օտար հոգու պահանջներով, սրտի զգացումներով: Եվ խորտակվեցին թշվառ ընկերոջս երազները: Նա, որ երևակայում էր պոեզիայով զարդարել առօրյա կյանքի տափակությունը, դատապարտվեց անտանելի պրոզայի: Այդ կնոջ համար գրքերը փոխարինվեցին հորից ստացաձ տոկոսաբեր թղթերով, գաղափարները՝ հաշվի տետրակներով, և նրա ճաշակը, թեթև թռիչքից հետո, գնաց թառ եղավ թանկագին գլխարկների վրա: Նա սկսեց արհամարհել բոլորը, բո՛լորը, ինչ որ կապ չուներ սնոտի պճրանքի, կուշտ որովայնի և հանգիստ քնի հետ: Բայց ամենից դառը, ամենից ողբալին իմ ընկերոջ համար եղավ այն, որ նրա կնոջ դաշնամուրը փոշի պատեց...

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Դաշնամուրը փոշի պատե՞ց… (Նայում է խորը Հմայակին):

ՀՄԱՅԱԿ. Այո, և այն մարդը, որ պաշտում էր երաժշտությունը իբրև երկրորդ աստված ճարտարապետությունից հետո, այլևս բախտ չունեցավ սքանչելի վալսը լսելու:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մեկուսի): Ճարտարապետությունից հետո՞: (Բարձր): Սպասեցե՛ք, ես, կարծեմ, ճանաչեցի ձեր ընկերոջը: (Կանգ է առնում ոտքի):

ՀՄԱՅԱԿ. (Վեր կենալով): Լսեցե՛ք, տիկին, ես դեռ չեմ վերջացրել: Նա գերի է, նա ստրուկ է, նրա ձեռներն ու ոտները շղթայված են այն անողոք շղթայով, որ մարդիկ անվանում են օրինական ամուսնություն: Նրա սրտից արյուն է կաթում, երբ ամեն անգամ նայում է փակ դաշնամուրին: Նա ասում է. «Լավ, ես համաձայն եմ կրելու այս տաժանակիր պատիժը, միայն թե լսեմ այդ հնչյունները»: Սակայն դևն արտաքսել է նրանց: (Հառաչում է, կարճատև, լռում): Անցնում են տարիներ, անգույն, անկրակ գոյության տարիներ, որ տափակ գլուխներն անվանում են խաղաղ ընտանեկան կյանք և որ զգայուն մարդու համար գերեզման է: (Դարձյալ հառաչում է, լռում, ճակատը քորում): Մի օր հանկարծ, ո՛վ գիտե, գուցե նախախնամության կամքով, իմ ընկերը մի հեռավոր երկրում, մի անծանոթ շրջանում հանդիպում է մի ընտիր էակի: Դա է լինում իսկական հրեշտակը, դա է լինում նրա երազների կատարյալ մարմնացումը, վասնզի այդ էակի նյութական կյանքում պահպանված է լինում նրա հոգեկանը: Եվ ընկերոջս շղթան, որ մի ժամանակ պողպատից էր, փոխվում է փշերի:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Շփոթվել է, հուզված): Կա՛նգ առեք, մնացյալը գիտեմ արդեն:

ՀՄԱՅԱԿ. Ո՛չ, տիկին, դեռ չգիտեք էականը: Լսեցե՛ք, ինչ է ասում այսօր թշվառը: Սա ասում է, որ հոգիները մենակ չեն գալիս այս աշխարհ, այլապես նրանց գոյությունը կլիներ հավիտենական մենակյաց բանտարկություն: Նա պնդում է, որ յուրաքանչյուր էակ ունի իր ընկերը, զուգակիցը: Փույթ չէ, թող նրանք բաժանված լինեն իրարից տարածությամբ, ժամանակով, օրենքների դաժանությամբ և ավանդությունների բռնությամբ, նրանք անհանգիստ փնտրում են միմյանց: Եվ երբ մի օր հանդիպում են իրար ու այլևս ոչ ոք և ոչինչ չի կարող նրանց բաժանել... նույնիսկ սուրբ համարված պարտականությունները...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last