Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արմենուհի

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՍԱՄՍՈՆ. Ուրեմն ո՞չ մի հաշտություն, ո՞չ մի պայման:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Մենք կմնանք միևնույն հարկի տակ մեր զավակի համար, բայց կապրենք ինչպես օտարներ:

ՍԱՄՍՈՆ. Ա՞յդ է քո վերջին խոսքը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այս է:

ՍԱՄՍՈՆ. (Քիչ մտածելով): Շատ բարի, թող այդպես լինի, այժմ խոսենք ինչպես օտարներ: (Դեմքն ընդունում է խիստ արտահայտություն): Արդյոք ձեր այդ համառության հիմքը իմ անհավատարմությո՞ւնն է, թե կա մի ուրիշ, ավելի խոշոր պատճառ:

ԱՐՄԵնՈԻՀԻ. (Գլուխը համարձակ բարձրացնելով): Ի՞նչ եք կամենում ասել դրանով:

ՍԱՄՍՈՆ. Այն, որ իմ մայրն ու քույրը չեն սխալվում: Դուք ոչ թե համակրում եք այդ Հմայակին, այլև սիրում եք նրան և սիրում եք... հանցավոր սիրով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Սառը): Ձե՞զ ինչ, մենք օտարներ ենք:

ՍԱՄՍՈՆ. Եվ դուք համարձակվո՞ւմ եք, դո՞ւք, իմ օրինական կինը, իմ զավակի մայրը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իսկ դուք իմ օրինական ամուսինը, իմ զավակի հայրը չէի՞ք, երբ դավաճանում էիք ինձ:

ՍԱՄՍՈՆ. Ես տղամարդ եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Արհամարհում եմ այդ զազրելի արտոնությունը տղամարդու համար, ինչպես մի ստոր ավանդություն:

ՍԱՄՍՈն. (Դառը ծիծաղով): Ահա՜ թե ինչ, ուրեմն դուք ուզում եք տակն ու վրա անել մեր վարք ու բարքերը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Եթե ձեռքիս լիներ, ես նրանց կխորտակեի հիմնովին:

ՍԱՄՍՈՆ. (Հետզհետե կատաղելով): Ձեզ կստիպեն հարգել և խոնարհվել նրանց առջև:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Արհամարհանքով): Ո՞վ, արդյոք:

ՍԱՄՍՈՆ. Ես:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Փորձեցե՛ք:

ՍԱՄՍՈՆ. Ուրեմն չե՞ք հերքում ձեր սերը դեպի այդ մարդը:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Առաջ ես կպատասխանեի ձեր հարցին ամենայն համարձակությամբ, այժմ պարտավոր չեմ: (Շուռ է գալիս գնալու):

ԱԱՄՍՈՆ. (Բարձր ձայնով): Անառա՛կ, ես քո գլուխը կջախջախեմ: (Աթոռը բարձրացնում է Արմենուհու վրա):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Երեսը համարձակ Սամսոնին դարձնելով և գլուխը աներկյուղ բարձրացնելով): Ջախջախեցե՛ք):

ՏԵՍԻԼ 15

ՆՈՒՑՆՔ, ՍՏԵՓԱՆ, ԵՂԻՍԱԲԵԹ ԵՎ ՎԻՐԳԻՆԵ

ՍՏԵՓԱՆ. (Սամսոնի գոռոցին շտապով վազել է ձախ կողմի առաջին դռներով): Ի՞նչ ես անում, խելագա՛ր: (Ընկնում է Սամսոնի և Արմենուհու մեջ):

ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով, Ստեփանից հետո):

ՎԻՐԳԻՆԵ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով, Եղիսաբեթից հետո):

ՍԱՄՍՈն. (Նայել է Արմենուհու համարձակ դեմքին: Աթոռը ցած է իջեցնում):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Քաջություն չունեցաք մի հարվածով վերջ տալու խնդրին:

ԱԱՄՍՈՆ. Ձեզ նմաններին չեն սպանում, այլ խեղդում են շան պես: (Աթոռը շպրտում է մի կողմ):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այդ չէ, ձեր խիղճը բողոքեց: Դուք զգացիք, որ զրպարտում եք ինձ, կարծելով, թե ես նույնն եմ, ինչ որ դուք: Ոչ, եթե ես կամենամ անել ձեր արածը, մի վայրկյան անգամ չեմ մնալ ձեր տանը:

ՍՏԵՓԱՆ. Այդ այնքան ճիշտ է, որքան ինքը ճշմարտությունը, կարող եմ երդվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ինչո՞ւ գազանացաք: Ո՞ւր էիք այն ժամանակ, երբ ես պատրաստ էի կյանքս զոհել մի օր սիրելու և սիրվելու համար: Մի՞թե իմ սիրտը ժամացույցի մեքենա էր պողպատից շինված: Մի՞թե այն չէ՞ր եռում բուռն զգացումներից ձեզ համար, երբ դուք գործերով էիք զբաղված: Միթե ես չէի՞ փափագում իմ երազների մարմնացումը տեսնել ձեր մեջ և միմիայն ձեր մեջ: Մի՞թե ձեր հետևից վազելով ամեն վայրկյան չէի փաթաթվում ձեր պարանոցի՛ն: Ո՞ւր էիք այն ժամանակ: Ինչո՞ւ էիք ինձ հրում: Զբաղված էիք, հա՛, հա՛, հա՛: (Դառը ծիծաղ): Ահ, արժե՞ր միթե ուշադրություն դարձնել ինձ վրա, ինձ, որ ձեր ապարանքի զարդերից մեկն էի:

ՍՏԵՓԱՆ. (Սամսոնին): Լսիր, լսի՛ր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ավելի ոգեևորված): Ա՛հ, դուք մտածում էիք. «Ի՞նչ կա, նա իմ սեփականությունն է, իմ հարստության հրապույրով գնված: Ոչ ոք չի կարող նրան խլել ինձանից: Պահապաններ կան նրա վրա՝ մայրս, քույրս, ազգականներս, հասարակական կարծիքը: Ինչո՞ւ իմ թանկագին զգացումները միայն նրա վրա շռայլեմ: Ես հարուստ եմ, կարող եմ ամենագեղեցիկ կանանց սերը գնել շուկայում, ինչպես գնում եմ իմ ձեռնոցները, իմ կոշիկները: Իսկ նա թող տանը մնա, այնպես ի միջի այլոց»: Եվ գնեցիք, և վայելեցիք: Ի՞նչ եք ուզում այժմ ինձնից: Ես ոչ նախանձում եմ, ոչ բողոքում, ես... զզվում եմ ձեզանից: (Արագ քայլերով գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 16

ՆՈՒՅՆՔ, առանց ԱՐՄԵՆՈՒՀՈՒ

ՍԱՄՍՈՆ. (Կատաղած, շնչասպսա): Մայրի՛կ, այժմ ամեն ինչ վերջացավ: Հրամայիր ծառաներին, որ այդ մարդը գալիս՝ վռնդեն իմ տնից: Թո՛ղ Գարեգինը դուրս գա առաջ և ասի: «Կորեք, պարոն, դուք պատվի գող եք»:

ՎԻՐԳԻՆԵ. Ես քո հրամանը իսկույն կհայտնեմ Գարեգինին: (Ուզում է գնալ):

ՍՏԵՓԱՆ. Բռնելով Վիրգինեին): Կա՛ց, քո գործը չէ:

ՎԻՐԳԻՆԵ. (Ստիպված կանգ է առնում, կատաղությունից ատամները կրճտելով):

ՍԱՄՍՈՆ. (Ստեփանին): Այո՛, ազատամիտ բարեկամ, նայիր ինձ զարմացած: Համարի՛ր ինձ ասիացի, վայրենի, այնուամենայնիվ ես պիտի գործադրեմ իմ իրավունքները: Հիմար չէին մեր հայրերն ու պապերը, որ մտրակով էին խրատում իրանց կանանց:

ՎԻՐԳԻՆԵ. Իհարկե, կապը կտրած կանանց:

ՍՏԵՓԱՆ. Լռելո՞ւ ես, վերջապես, թե չէ:

ՍԱՄՍՈՆ. Օրենքով իմ կինն է, էապես էլ ինձ պիտի պատկանի: Ես անձեռոցիկ չեմ, որ կեղտոտվելուց հետո դեն շպրտի և. մի ուրիշը վերցնի: Գիտեմ ինչ ասել է փոխադարձ համակրանք, գաղափարական ձգտում և այլն: Այսօր հոգով են միացած, վաղը մարմնով կմիանան:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ա՛յ, ես էլ հենց այդ եմ ասում:

ՎԻՐԳԻՆԵ. Վերջապես:

ՍՏԵՓԱՆ. (Անհամբեր): Քիչ գրգռեցեք այդ մարդուն, քիչ գրգռեցեք:

ՍԱՄՍՈՆ. (Սպառնալով դեպի աջ կողմի երկրորդ դռները): Սպասի՛ր, գոռոզ արարած, այժմ ես քեզ ցույց կտամ իմ ատամները: (Գնում է աջ կողմի դռներով):

ՍՏԵՓԱՆ. (Սամսոնի հետևից): Գլորվիր, գլորվիր մինչև անդնդի հատակը: (Դառնալով Եղիսաբեթին և Վիրգինեին): Դուք կզղջաք ձեր վարմունքի համար, բայց ուշ կլինի: (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):

ՎԻՐԳԻՆԵ. Դու ոչինչ չես հասկանում: (Գնում է Օտեփանի հետևից):

ԵՂԻՍԱԲԵԹ. Մենք մեր պարտքն ենք կատարում: (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Առաջին արարվածի տեսարանը, միայն, ճաշի սեղանի փոխարեն դրված են մի թեթև եղեգնյա գահավորակ, մի փոքրիկ սեղան, պարտեզի աթոռներ: Համակի վրա գցած է Արմենուհու շալը և երկար ձեռնափայտը:

ՏԵՍԻԼ 1

ՍՏԵՓԱՆ ԵՎ ՎԻՐԳԻՆԷ

ՍՏԵՓԱՆ. (Նստած է փոքրիկ սեղանի մոտ. ծխում է): Գնանք Վիրգինե, հավատա, այդ լավ կլինի: Բավական է, ինչքան հյուր եղանք այստեղ:

ՎԻՐԳԻՆԵ. Ես չեմ ուզում եղբորս այդ դրության մեջ թողնել ու հեռանայ: (Կանգնած էր նստում է):

ՍՏԵՓԱՆ. Այն ժամանակ ինձ ներիր, ես կերթամ մենակ:

ՎԻՐԳԻՆԵ. Չեմ հասկանում, ինչո՞ւ ես այդպես շտապում:

ՍՏԵՓԱՆ. Շտապում եմ, որովհետև անտանելի է այս ընտանիքի կյանքը: Մայր, որդի ու աղջիկ խոսքը մի եք արել՝ մի ազնիվ էակ հալածելու: Ես չեմ կարող տեսնել անմեղությունը այդ հալածանքի տակ և լռել: (Վեր է կենում):

ՎԻՐԳԻՆԵ. Գետինը մտնի քո անմեղը հա՜, գետինը մտնի:

ՍՏԵՓԱՆ. (Գրգռված): Կեկել ես դու, Վիրգինե, կատարյալ կեկել: Մաղձս է շարժվում, երբ դու խոսո՛ւմ ես այդ եղանակով: (Քայլում է):

ՎԻՐԳԻՆԵ. Կեկել եմ, թե փեփել, բայց քեզ հավատարիմ եմ, նրա նման չեմ:

ՍՏԵՓԱՆ. Իսկ նա հավատարիմ չէ՞:

ՎԻՐԳԻՆԵ. Լսեցի՞ր ինչ ասաց երեկ եղբայրս. «Այսօր հոգով են միացած, վաղը մարմնով կմիանան»: Խե՛ղճ եղրայր, ինչպե՜ս է տանջվում: Ե՛վ ում համար, աստված իմ, ո՞ւմ համար:

ՍՏԵՓԱՆ. (Կանգ առնելով): Ա՛խ, կարճամիտ, կարճամիտ: Եթե դու մի քիչ խելք ունենայիր, հալածելու փոխարեն, կպաշտպանեիր նրան:

ՎԻՐԳԻՆԵ. (Հեգնությամբ): Ահա թե ի՜նչ: Հետաքրքրական է իմանալ, ինչո՞ւ պիտի պաշտպանեի:

ՍՏԵՓԱՆ. Որովհետև նա մի կենդանի բողոք է կնոջ վիրավորական և ստորացուցիչ կացության դեմ: Նա չի ուզում ոչխարի հեզությամբ տանել իր վիճակը: Բայց ես ինչպե՜ս քեզ բան հասկացնեմ: է՜հ, արեք ինչ որ ուզում եք, ես ձեռներս լվանում եմ: (Դիմում է դեպի պատշգամբ):

ՎԻՐԳԻՆԵ. Դու այսօ՞ր ես ուզում գնալ: (Հետևում է Ստեփանին):

ՍՏԵՓԱՆ. Հենց այս րոպեին: (Հեռանում է):

ՏԵՍԻԼ 2

ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է խորքի դռնակով Սողոմ Սողոմյանի հետ): Ես չեմ հասկանում ձեր լեզուն՝ «թեև այդպես է, բայց և այնպես», «հանգամանքների նրբության պատճառով» և այլն և այլն: Խնդրեմ պարզ խոսեք:

ՍՈՂՈՄ. (Գալիս է խորքի դռնակով, միշտ հետևելով Կոստանդինին մի քայլ ետ): Պարոն գնդապետ, իսկապես խնդիրը շատ պարզ է, թեև բացատրելու և լուսաբանելու կողմեր շա՛տ ունի: Բանն այն է, որ

ԿՈՍՏԱՆԴԻն. (Անհամբեր): Բանն ի՞նչ է, ես հենց այդ եմ ուզում իմանալ:

ՍՈՂՈՄ. Բարեկամական և ազգակցական կապերն ինձ հարկադրում են ասել, որ դուք կոչված եք մի ընտանեկան թյուրիմացություն հեռացնելու: Իսկապես ասած, թյուրիմացություն էլ չկա, բայց և այնպես թյուրիմացություն պիտի համարել, քանի որ երկու կողմերն էլ համահավասար իրավացի են:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Մեկուսի): Տե՜ր ողորմած աստված: (Սոդոմ Սողոմյանին): Ասացեք, ի սեր երկնավորի, դուք ի՞նչ հանձնարարություն ունիք իմ վերաբերմամբ:

ՍՈՂՈՄ. Կարելի է հանձնարարություն համարել, կարելի է պարտականություն, նայելով թե խնդրին որ կողմից կբարեհաճեք մոտենալ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հասնելով բեմի կենտրոն, կանգ է առել): Լսեցե՛ք, պարոն: Ես մի պարզ զինվորական եմ, դուք նախկին ուսուցիչ: Մենք դիպլոմատներ չենք, որ տավարը ասեղով մորթենք: Պատասխանեցեք, առանց պատեպատ ընկնելու: Ի՞նչ է հրամայել ձեզ իմ փեսան ինձ ասելու: Գիտե՛ք, ես գրգռվում եմ, ես զգացմունքի մարդ եմ:

ՍՈՂՈՄ. Զգացմունքի մարդ լինելն ազնիվ բան է, թեև վնասակար: Մի փիլիսոփա ասել է. «Կյանքը ողբերգություն է նրանց համար, որոնք զգում են, և կոմեդիա նրանց համար, որոնք մտածում են»: Արդ, դուք զգացող, ես մտածող միանանք և այդպես մոտենանք խնդրին:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ամուր բռնում է Սողոմ Սողոմյանի թևը, թափահարում է): Ասելո՞ւ եք, վերջապես, թե չէ... Ի՞նչ է պահանջում ինձանից ձեր քրոջ որդին, իմ աղջկա ամուսինը:

ՍՈՂՈՄ. (Ցավ գդալով): Պահանջում է, որ...

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Լրացնելով)... Որ ես հեռանամ այս տնից, այնպես չէ՞: Գնամ, կորչեմ... աա՜:

ՍՈՂՈՄ. Թեև կատարելապես այդպես չէ, բայց և այնպես: Սակայն թևս բաց թողեք... ցավեցնում եք: Մի իմաստասեր ասել է. «Ով ուրիշին... ցավում է»…

ԿՈԱՏԱՆԴԻՆ. (Բաց թողնելով նրա թևը): Դե՛, հեռացեք, այժմ հասկացա ձեզ, պարոն դիպլոմատ:

ՍՈՂՈՄ. Ինձ թվում է, որ ավելորդ չէր լինի մի քանի դետալներ բացատրել:

ԿՈԱՏԱՆԴԻՆ. (Բարձր ձայնով): Հեռացե՛ք: (Նստում է վրդովված և մտածում է):

ՍՈՂՈՄ. Չնայելով, որ շատ բարի մարդ եք, բայց և այնպես բարի չեք... Սակայն թեև... Իսկապես ասած... (Հեռանում է պատշգամբով, մի քանի անգամ երկյուղով ետ ու ետ նայելով):

ՏԵՍԻԼ 3

ԿՈՍՏԱՆԴԻՆ և ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գալիս է պատշգամբից: Հագած է ուրիշ ամառային հագուստ: Համեմատաբար զվարթ է արտաքուստ): Ի՞նչ էր ասում մեր պատվելին, հայրիկ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գրգիռը գսպել է): Ասում էր՝ թեև այսօր չորեքշաբթի է, բայց կարող էր և հինգշաբթի լինել: Դու, երևի, ուզում ես տնից դուրս գալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մոտեցել է համակին և շալը վերցրել): Այո՛, հայրիկ, գնում եմ իմ սովորական զբոսանքը կատարելու:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Սպասիր մի քանի րոպե: Խոսք ունիմ քեզ ասելու: (Նստում է):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Շալը ետ դնելով, գալիս է բեմի կենտրոնը): Հրամայի՛ր, հայրիկ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այս երեկո ես հեռանում եմ այստեղից և երբեք ոտ չեմ դնելու այս տունը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Հառաչելով): Հասկանում եմ, հայրիկ: (Նստում է):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ես կարծում էի իմ ներկայությունը կարող է քեզ օգնել, բայց դուրս է գալիս հակառակը: Ինչևէ, խնդիրը ես չեմ: Ասա՛, Արմենուհի, մտադի՞ր ես Սամսոնի հետ հաշտվելու:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Դրական): Ո՛չ:

ԿՈՍՏԱՆԴԻն. Այժմ չեմ ասում, այլ հետո, մի քիչ անցած:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ավելի դրական): Ո՛չ այժմ, ո՛չ հետո, ո՛չ երբեք:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ուրեմն վճռվա՞ծ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Վճռված է:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հը՜ը: (Մտածում է մի փոքր, զսպում է իր դժկամակությունը): Լավ, շատ լավ, վարվիր ինչպես սիրտդ է ուզում: Ես չեմ կարող լինել մեկն այն հայրերից, որոնք հասարակական կարծիքի անունով ճնշում են գործ դնում իրանց զավակների վրա: Իհարկե, ես էլ ունիմ որոշ հայացքներ, բայց ամեն բանից առաջ քո բախտավորությունն է ինձ համար: Մի հարց ևս:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անհանգիստ): Լսում եմ, հայրիկ,

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ասա ինձ, սիրո՞ւմ ես այդ ճարտարապետին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Շփոթվելով): Հայրի՛կ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հանգիստ): Մի՛ շփոթվիր, ասա՛, աղջիկս:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Տատանվում է, մտածում է քիչ, հետո վճռական): Այո՛, սիրում եմ, հայրիկ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ցնցվում է, հետո իսկույն գսպում իրան): Լավ, շատ լավ: Ամուսինդ գիտե՞:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ամուսինս կապ չունի իմ զգացումների հետ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Աղջիկս, դու դեռ նրա տանն ես, նրա անունն ես կրում:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ուրի՞շ, հայրիկ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կկամենայի իմանալ՝ ի՞նչ ես մտածում անելու:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ոչինչ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կարելի է, մտադիր ես բաժանվե՞լ Ալադյանից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ոչ, չեմ ուզում բաժանվել:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հապա ինչպե՞ս, ապրելով մեկի տանը, սիրել…(Հանկարծ կատաղում է, ձեռը ուժգին գարկում է սեղանին, բարձրաձայն): Արմենուհի՜, (Վեր է կենում):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Անփույթ, նայում է հորը խոր հանդիմանությամբ): Հայրի՛կ: (Լռություն):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Նայել է Արմենուհու համարձակ աչքերին: Զսպում է իրան, հանգստանում է): Լավ, լավ, ներիր, մի վայրկյան հիմարացա: Գիտեմ, որ դու այն կանացից չես: Հասկանում եմ, դու չես ուզում թողնել քո զավակին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Այդ չէ գլխավոր պատճառը:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Զարմանալով): Այդ չէ՞, ուրեմն ի՞նչ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ես չեմ ուզում հետևել շատերի օրինակին: Ինձ համար կարևորը սերն է, որին այնքան կարոտում էի: Այժմ ես սիրում եմ և սիրված եմայսքանը բավական է ինձ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Սիրում ես, սիրված ես և պիտի տանջվես հավիտյան: Ինչո՞ւ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Հանուն սիրո, հայրիկ. հանուն այն բարձր զգացման, որ կյանք է ներշնչում կնոջ անգույն գոյությանը:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Չեմ հասկանում, ինձ համար պարզ չէ աչդ: Ասա, խնդրեմ, նա քանի՞ զավակ ունի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Երկուսը:

ԿՈԱՏԱՆԴԻՆ. Դու տեսնվո՞ւմ ես նրա հետ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Երբեմն:

ԿՈՍՏԱՆԴԻն. Կարելի է այժմ էլ տեսակցությա՞ն ես գնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Տանջվելով): Հայրի՛կ: (Վեր է կենում):

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Զղջալով): Լավ, լավ, այլևս ո՛չ մի հարց: Դե՛հ, ես գնում եմ ճանապարհի պատրաստություն տեսնելու: (Վեր է կենում):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Հայրիկ, դու մտքումդ ինձ անիծո՞ւմ ես:

ԿՈԱՏԱՆԴԻՆ. Քա՜վ լիցի: Ընդհակառակը, օրհնում եմ քո անկեղծությունը: Շնորհակալ եմ, զավակս, շատ շնորհակալ եմ, որ բոլորն ասացիր: (Ուզում է գնալ դեպի պատշգամբ, Ստեփանին տեսնելով, կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ և ՍՏԵՓԱՆ

ՍՏԵՓԱՆ. (Գալիս է պատշգամբից վերարկուով, ուսին՝ պայուսակ, ձեռքին մի ճամփարկղ): Մնացե՛ք բարև, բաբեկամներս:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դուք արդեն գնու՞մ եք:

ՍՏԵՓԱՆ. Ինչպես տեսնում եք: (Ձեռք է տալիս Կոսաանդինին: Ճամփարկղը, դնելով գետնի վրա, գլխարկը բարձրացնում է): Արմենուհի՛, թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել ո՛չ ձեր հյուրասիրության, այլ պարզ և անկեղծ վարմունքի Համար: Ինչ որ էլ պատահի, իմացեք, որ ես ձեր կողմն եմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ջերմագին սեղմելով Ստեփանի ձեռը): Օօ՜, շատ շնորհակալ եմ. դուք ինձ համար հավասար եք հարազատ եղբոր, որից զուրկ եմ:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պարոն Ստեփանը Ալադյանների ազգականների մեջ միակ մարդն է, որին ես հարգում եմ: (Ստեփանին): Բայց ինչո՞ւ չեք սպասում մինչև երեկո, միասին կերթայինք:

ՍՏԵՓԱՆ. (Գլխարկը գլխին դնելով, ճամփարկղը վերցնելով): Օօ՜, ոչ, լեզուս շատ անհանգիստ լեզու է: Իսկ այս տանը ճշմարտությունը շատ էլ հարգված կերակուր չէ: Ով գիտե, ի՛նչ կարող եմ ասել, մեկ էլ տեսար ինձ էլ դուրս արին այս տնից, ինչպես ձեզ...

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Զայրանալով): Հայրիկ, ի՜նչ է ասում բժիշկը:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այո՛ զավակս, մի փոքր առաջ ինձ հրամայեցին կորչել այստեղից:

ՍՏԵՓԱՆ. Մի աղվեսի բերանով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Թուլացած նստում է աթոռի վրա): Մի հարված ևս:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դատարկ բան է. մի՛ վրդովվիր:

ՍՏԵՓԱՆ. Մնացեք բարև: (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 5

ԱՐՄԵՆՈՒՀԻ և ԿՈՍՏԱՆԴԻՆ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ուշքը ժողովելով, արագ ոտքի է կանգնում): Հայրիկ, գնա՛, ճանապարհի պատրաստություն տես: Նրանք ամեն բանի ընդունակ են:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այո պետք է գնալ, (Գնում է աջ կողմը):

ՏԵՍԻԼ 6

ԱՐՄԵՆՈՒՀԻ, ԵՂԻՍԱԲԵԹ, հետո ՄԵԼԱՆԻԱ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նայել է հոր հետևից: Մոտենում է համակին, շալը գցում է գլխին, ձեռնափայտը վերցնում է և դիմում է դեպի խորքի դռնակը):

ԵՂԻՍԱԲԵԹ. (Երևում է խորքի դռնակի հետևում: Հագած է դրսի հագուստ, մետաքսյա սև շրջազգեստ, գլխին թասակրավ, ձեռքին հովանոց): Ո՞ւր ես գնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ձեռը հանգիստ բարձրացնելով, ցույց է տալի կանաչազարդ լեռները): Այնտեղ:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Մոտենում է արագ քայլերով սանդուղքին): Մելանիա՜: (Արմենուհուն) : Սպասի՛ր:

ՄԵԼԱՆԻԱ. (Երևում է պատշգամբի վրա): Այստեղ եմ, տիկին:

ԵՂԻՍԱԲԵԹ. Տիրուհուդ հետ գնա, ուր որ նա գնում է,(խորհրդավոր): Իմացա՞ր:

ՄԵԼԱՆԻԱ. (Թույլ): Լավ: (Իջնում է պարտիզակ):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Հուզված): Ամոթ է, ամոթ է, տիկին:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ես էլ գիտեմ ամոթ է, բայց ո՞ւմ համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մելանիային): Հեռացի՛ր: (Սրտմտությունից դողում է, բայց իրան գսպելով, շալը նորից վերցնում է և ձեռնափայտի հետ ձգում համակի վրա):

ՄԵԼԱՆԻԱ. (Հեռանում է պատշգամբով):

ԵՂԻՍԱԲԵԹ. (Ինքնագոհ): Այդպես:

ՏԵՍԻԼ 7

ԱՐՄԵՆՈՒՀԻ, ԵՂԻՍԱԲԵԹ և ՍԱՄՍՈՆ

ՍԱՄՍՈՆ. (Երևում է պատշգամբի վրա. տխուր է, նյարդային):

ԵՂԻՍԱԲԵԹ. Ուզում էր մենակ դուրս գալ, հրամանդ կատարեցի: (Չար ուրախությամբ): Հնազանդվեց:

ՍԱՄՍՈՆ. (Թույլ): Լա՜վ: (Նշան է անում Եղիսաբեթին հեռանալու: Իջնում է պարտիզակ):

ԵՂԻՍԱԲԵԹ. (Հեռանում է պատշգամբով, ետ ու ետ նայելով):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նստել է ձախ կողմի աթոռներից մեկի վրա: Աշխատում է հանգիստ ձևանալ):

ՏԵՍԻԼ 8

ՍԱՄՍՈՆ և ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԱՄՍՈՆ. (Գալիս է բեմի կենտրոնը: Նույնպես աշխատում է հանգիստ ձևանալ): Զգում եմ, դժվար է ազատությունից զրկվելը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Չի նայում Սամսոնին և ոչ էլ որևէ շարժումն է անում):

ՍԱՄՍՈՆ. Ի՛նչ արած, դուք ինքներդ այդպես կամեցաք: Դուք ի չարը գործ դրեցիք իմ բարությունը. այժմ ես ստիպված եմ խիստ վարվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նույն դիրքում): Վարվեցեք, ինչպես կամենաք:

ՍԱՄՍՈՆ. Թույլտվություն չե՞ք խնդրում: Ես կարող եմ դարձյալ ազատություն տալ ձեզ:

ԱՐՄԵՆՈՈՒՀԻ. (Վեր է կենում և դիմում դեպի պատշգամբը):

ՍԱՄՍՈՆ. Ո՞ւր եք գնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իմ երեխային համբուրելու:

ՍԱՄՍՈՆ. Իսկ եթե այդ էլ թույլ չտա՞մ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իմ շրթունքները դեռ արատավորված չեն: (Ուզում է գնալ):

ՍԱՄՍՈՆ. (Արմենուհու ճանապարհը կտրելով): Կանգ առեք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կանգ է առնում):

ՍԱՄՍՈՆ. Ասում են, ձեր սիրահարության լուրն արդեն տարածվել է բոլոր ամառանոցներում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Սառը): Կարելի է:

ՍԱՄՍՈՆ. Ասում են, նրա կինն այնքան է կատաղած, որ մտադիր է ձեզ հրապարակական վիրավորանք հասցնել, եթե համարձակվեք երևալ հասարակության մեջ: Ի՞նչ կասեք սրա դեմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ոչինչ:

ՍԱՄՍՈՆ: Լուրն այսօր-վաղը կանցնի քաղաք, և ես կդառնամ ամբողջ հասարակության ծաղրի և արհամարհանքի առարկան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Կարող է պատահել:

ՍԱՄՍՈՆ. (Ավելի ու ավելի վրդովվելով): Ես, Սամսոն Ալադյանս որ ամենքի հարգանքն եմ վայելում և որ իր շրջանի ամենախելոք մարդն է համարվում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Թույլ հեգնանքով): Այո, համարվում է:

ԱԱՄՍՈՆ. Եվ դուք կարողանում եք այս բոլորը լսել սառնությա՞մբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ամենայն սառնությամբ:

ՍԱՄՍՈՆ. Գոնե ձեր պատվի մասին մտածեցեք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իմ պատիվը ձեզ հետ կապ չունի:

ՍԱՄՍՈՆ. Բայց չէ՞ որ դուք իմ անունն եք կրում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Վերադարձնում եմ ձեզ այդ անունը ամենայն հոժարությամբ:

ՍԱՄՍՈՆ. (Ձայնը բարձրացնելով): Իսկ իմ տո՞ւնը, իմ հա՞ցը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Վռնդեցեք ինձ էլ ձեր տնից, ինչպես վռնդեցիք իմ հորը:

ՍԱՄՍՈՆ. Դուք կորցրել եք ամեն մի մարդկային զգացում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Առաջին անգամ երեսը դարձնելով Սամսոնին): Խոսեցեք ինչի մասին կամենաք, բացի զգացումից:

ՍԱՄՍՈՆ. (Հուսահատ): Դուք բարո յա պես մեռել եք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ինչո՞ւ չեք մեռցնում և մարմնապես:

ՍԱՄՍՈՆ. (Խեղդուկ ձայնով): Բավական է, ես կարող եմ ցնորվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Նորից ուզում է պատշգամբով բարձրանալ):

ՍԱՄՍՈՆ. Սպասեցե՛ք, ես վերջին անգամ եմ ձեզ հետ խոսում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Կանգ է առնում):

ՍԱՄՍՈՆ. Ես փորձեցի ձեզ բացատրություն տալուչընդունեցիք, մեղքս հանձն առա –– չմեղմացաք, ներումն խնդրեցիչներեցիք, աղերսեցի, ստորացաչազդեց: Վճռեցի խստության դիմել, կարծում էի դրանով կկոտրեմ ձեր կամակորությունը: Այժմ տեսնում եմ, որ այդ էլ չի օգնում: Ես սառն եմ վերաբերվել ձեզճիշտ է: Չեմ ճանաչել և գնահատել ձեր հոգինգուցե: Ես դավաճանել եմ ձեզչեմ հերքում: Բայց այս բոլորն անցել է: Ես քավել եմ մեղքերս անքուն գիշերներով, անհուն տանջանքներով: Ես այլևս այն չեմ, ինչ որ էի: Մնում է ձեր արածը: Այդ է նշանավորը, այդ է սարսափելին: Ես թույլ եմ տալիս ինձ հավատալու, որ ձեր շրթունքները դեռ արատավորված չեն, թույլ եմ տալիս հավատալու, որ նա, այդ պարոնը շատ մաքուր, շատ ազնիվ մարդ է: Բայց ո՞վ հաշվի կառնի այդ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Մի ողորմելի հասարակության մեջ ոչ ոք:

ՍԱՄՍՈՆ. Աա՜, զգո՞ւմ եք այդ: Այո՛, բոլորը կբամբասեն, բոլորը կծաղրեն: Եվ մեջտեղը դես ու դեն կշպրտվի իմ պատիվը, ինչպես մի թքված, արհամարհված պատառ: Ճի՞շտ եմ ասում, թե չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ճիշտ եք ասում:

ՍԱՄՍՈՆ. Ուրեմն, լսեցեք: Ես ետ եմ վերցնում իմ խստությունը: Նորից տալիս եմ ձեզ ազատություն: Բայց մի պայմանով: Հեռացրեք ձեզանից այդ մարդուն: Չեմ ասում վիրավորեցեք, այլ ցույց տվեք սառնություն, արհամարհանք: Ես կմոռանամ ձեր վարմունքը, բայց դուք ևս պիտի մոռանաք իմը: Մենք կհաշտվենք և վաղն ևեթ կուղևորվենք արտասահման մի քանի ամսով, կամ ամբողջ տարով: Այս անհրաժեշտ է: Մեր բացակայությամբ հասարակությունը կմոռանա մեզ, և մեր անունը կազատվի բամբասանքից: Ընդունո՞ւմ եք իմ առաջարկությունր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Լսել է ուշադիր, մտածել է): Չգիտեմ:

ՍԱՄՍՈՆ. Հանուն մեր զավակի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Չգիտեմ, չեմ կարող ասել:

ՍԱՄՍՈՆ. Լա՜վ: Ես ձեզ ժամանակ կտամ մտածելու, միայն մինչև երեկո, ոչ ավելի: Կրկնում եմ, այս իմ վերջին խոսքն է: Կընդունեքլավ, չեք ընդունիլխնդիրը կվճռի ահա այս (Ցույց է տալիս ատրճանակը և իսկույն ետ դնում գրպանը): Երեկվանից դես իմ ամբողջ էությունը տակնուվրա է եղել: Այս երեկո ես կսպասեմ ձեր վերջնական պատասխանին: (Գնում է պատշգամբով):

ՏԵՍԻԼ 9

ԱՐՄԵՆՈՒՀԻ, մենակ

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մնալով մենակ, մի րոպեի չափ մտածում է, թեթե շարժումն է անում, բարձրանում է սանդուղքը մի երկու աստիճան: Հանկարծ կանգ է առնում, վճռական շարժումն է անում, իջնում է և նստում առաջին աստիճանի վրա: Գլուխը բռնում է ձեռների մեջ և մտածում):

ՏԵՍԻԼ 10

ԱՐՄԵՆՈՒՀԻ և ՀՄԱՅԱԿ

ՀՄԱՅԱԿ. (Երևում է խորքի դռնակի մեջ: Հուզված է, գունատ, նիհար, բայց ընկճված չէ, այլ վճռական, համարձակ): Տիկի՛ն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գլուխը բարձրացնում է, նայում, ցնցվում, ոտքի կանգնում): Ա՛հ, դո՞ւք, այստե՞ղ: Նա, իսկույն հեռացավ. կարող էլ վերադառնալ:

ՀՄԱՅԱԿ. Չտեսնելով ձեզ սովորական ժամին ժայռի վրա, ինձ թվաց, որ մի դժբախտություն է պատահել և վճռեցի ամեն վտանգ հանձն առնել: Պետք է վերջ տալ այս անտանելի կացությանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Հեռացեք աստված սիրեք, հեռացեք:

ՀՄԱՅԱԿ. Առանց ձեզ մի քայլ անգամ չեմ անիլ այստեղից: Կամ այսօր, կամ երբեք: Ես այլևս տառապելու ուժ չունիմ, պետք է հանգույցը լուծել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Հուսահատ): Դյուրին է ասել, բայց ինչպե՞ս լուծել:

ՀՄԱՅԱԿ. Այնպես, ինչպես պահաւնջում է ամենազոր, ամենահաղթ սերը, որի համար չկա ոչ մի խոչընդոտ: Ատել և խաբել ոչ դուք կարող եք և ոչ ես: Մինչդեռ մեզ արդեն համարում են սովորական խաբեբաներ: Արմենուհի, ապացուցանենք, որ մենք ընդունակ չենք ամոթալի դաշինք կապելու հասարակական հնամաշ ավանդությունների հետ: Մեր սերը չի կարող և չպիտի կերակրվի ամբոխի սեղանի փշրանքներով: Ես վճռեցի զոհել ամեն բան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ամեն բան, հարկավ, բացի զավակներից:

ՀՄԱՅԱԿ. Նույնիսկ զավակներիս:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Բավական անտարբեր): Նույնիսկ զավակներիդ: Շատ չէ՞, արդյոք, այդ ինձ համար:

ՀՄԱՅԱԿ. Արմենուհի, չի կարող լինել իսկական սեր առանց խոշոր զոհաբերության:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Բայց մի այդպիսի զոհ կարող է թունավորել ամեն մի սեր, որքան ևս այն զորավոր լինի:

ՀՄԱՅԱԿ. Ամենագեղեցիկ ծաղիկն ամենասոսկալի թույնն է պարունակում իր մեջ: Անունն է այդ ծաղկի բելադոն: Ես բարվոք եմ համարում նրա բուրմունքով մահ ընդունեի քան անվերջ սողալ բուսական կյանքի ձանձրույթում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Դուք չունիք իրավունք զրկելու այդ անմեղներին իրանց հորից, այդ կլինի ոճիր, եթե անեք:

ՀՄԱՅԱԿ. Բայց միթե ավելի մեծ ոճիր չէ՞ մարդկային ամենավեհ զգացման հետ առևտրական դաշինք կապել: Ես գերադասում եմ իմ զավակներին զրկել իրանց հորից, քան թողնել նրանց առանց ծնողների:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Չեմ հասկանում այդ:

ՀՄԱՅԱԿ. Ա՛հ, տիկին, իմ զավակներն արդեն ծնողներ չունին: Այն օրից, երբ ես հանդիպել եմ ձեզ, նրանց մայրն և ես նրանց թշնամիներն ենք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մեկուսի տանջանքով): Աստվա՜ծ իմ:

ՀՄԱՅԱԿ. Ի՜նչ է այդ ողորմելիների տեսածն ու լսածը մեզնից: Փոխադարձ ատելություն, հալածանք, զզվանք: Արդեն նրանց մանուկ աչքերը հոգնել են մեր ամենօրյա ընդհարումները տեսնելուց, արդեն նրանց քնքուշ լսելիքը աղավաղել է իրանց մոր անզուսպ անեծքներից և հիշոցներից: Երեկ առավոտ կրտսերը հարցնում է ինձ. «Հայրիկ, քո անունը լի՞րբ է»: Ահա ամենաթույլ ածականը, որ տալիս է ինձ նրանց մայրը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Տառապանքով): Եվ մեղավորն ես եմ, ա՜հ:

ՀՄԱՅԱԿ. Կա՞րող է լինել ավելի մեծ ոճիր, քան ամեն օր, ամեն ժամ կաթիլ-կաթիլ թույն ածել մանկական սրտերի մեջ, որոնք սպունգի նման ծծում են: Ասացեք, ո՞րն է ավելի մեծ հանցանք՝ զրկել նրանց հորից, թե պատրաստել նրանց համար մի դժբախտ ապագա և հասարակության համար բարոյական անդամալույծներ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Ընկճված): Չգիտեմ, այդքան հասկանալու ուժ չունիմ:

ՀՄԱՅԱԿ. Թող այժմենից իսկ ընկնի ստի և փարիսեցիության քողը, որով օրորոցից արդեն կապում են մեր աչքերը: Երբ նրանք կհասունանան, կյանքը կճանաչեն, կհասկանան, որ իմ արածը դաժանություն չէր իրանց վերաբերմամբ, այլ մի անխուսափելի տուրք հավիտենական ճշմարտությանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Կհասկանա՞ն, արդյոք: Մայրը նրանց փափուկ սրտերի մեջ կսնուցանի խորին ատելություն դեպի ձեզ, դուք կդառնաք նրանց աչքում մի անսիրտ հրեշ, և նրանք երբեք, երբեք չեն ներիլ ձեզ ձեր արարքը:

ՀՄԱՅԱԿ. Օօ՜, ո՛չ. մայրական կրթությունն այնքան զորավոր չէ, որքան ընդունված է կարծել: Վաղ, թե ուշ նրանց ուղեղը կազատվի կապանքներից և կսկսի գործել ինքնուրույն, ազատ: Ահա այն ժամանակ նրանք կհասկանան ինձ և կներեն: Չէ՞ որ կյանքը նրանց համար ևս դպրոց է դառնալու: Արմենուհի, եթե ամուր է մեր սիրո կապը, եթե առողջ է նրա սաղմը, պետք է բաժանվենք մեր ամուսիններից, պետք է խորտակենք կեղծ կապը և միանանք բնության օրհնված կապով: Այս է պահանջում մեզնից ոչ միայն մեր փոխադարձ երջանկությունը, այլև բոլոր նախապաշարումներից, բոլոր ավանդություններից ազատ ազնվությունը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Իսկ ես կարծում եմ, որքան հեռու լինենք միմյանցից, այնքան հարգած կլինենք սիրո զգացումը և այնքան խոր կզգանք նրա մեծությունը: Տարիներով երազած մի աշխարհ եմ ձեռք բերել: Նա լի է անուշ բուրմունքով և հեռավորության փշերը չեն, որ պիտի արգելեն ինձ վայելել այն:

ՀՄԱՅԱԿ. Դուք դեռ շարունակում եք երազել, տիկին, դուք դեռ չեք հասել այդ աշխարհը, այլապես կշտապեիք վայելել այն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ծառը ուրախ, զվարթ ու գեղեցիկ է իր ծաղիկներով ու կոկոններով, իսկ երբ նա բեռնավորվում է պտուղներով, թեքվում է դեպի երկիր և տառապում: Հեռու լինենք երկրից, հմայակ, և բարձր պահենք մեր զգացումները:

ՀՄԱՅԱԿ. Ա՞յդ է ուրեմն ձեր վերջին խոսքը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Առայժմ, այո՛. ապագայի մասին պատասխանատու չեմ:

ՀՄԱՅԱԿ. Եվ պիտի բաժանվենք, չմիացա՞ծ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Պիտի բաժանվենք, հոգով ավելի ամուր կապվելու համար:

ՀՄԱՅԱԿ. (Տառապանքով): Ա՛հ, որքան միամիտ էի ես, որ երևակայում էի մի նոր կյանք, որքա՜ն խաբված, որ մի կտրված ծաղիկ չի կարելի մի ուրիշ բունի վրա հաստատել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Փաղաքշանքով): Մի՛ վշտանաք, այդ կրկնապատկում է իմ տառապանքը: Մի պահանջեք անկարելին, մենք միայն մեր սեփական կյանքերի վրա ունինք իրավունք և ոչ ուրիշների բախտավորության ու պատվի: Հեռացե՛ք, նա ամեն վայրկյան կարող է գալ: Ես չեմ ուզում ձեզ վտանգի ենթարկել: Նա ատրճանակ ունի իր գրպանում:

ՀՄԱՅԱԿ. Աղավաղում եք ձեր սքանչելի բնույթը, որ այնքան համարձակ է և անկեղծ: Փոքրիկից սարսափելով, դուք ուզում եք գործել մի մեծ հանցանք: Ձեր զավակը կունենա հայր, իմ զավակները կունենան մայր, իսկ մեր սերը կմնա կատարյալ որբ, լքված, անիծված:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ո՛չ, նա միայն կմնա անապական և սուրբ:

ՀՄԱՅԱԿ. Սերը սիրահարների միությամբ երբեք չի կարող ապականվել: Այն միայն կկործանի ձեզ և ինձ, եթե չմիանանք: Մի՛ լինիք երկչոտ, եղեք բարձր ամբոխի բարոյական մակերևույթից: Արծիվը չի կարող և չպիտի ապրե հավաբնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՜խ, դուք ճնշում եք գործ դնում ինձ վրա, այդ լավ չէ, այդ լավ չէ:

ՀՄԱՅԱԿ. Ես ունիմ իրավունք մինչև անգամ բռնանալու, եթե միայն ձեր սերը սեր է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ապագան ցույց կտա, թե որքան ամուր է այն:

ՀՄԱՅԱԿ. Ինձ համար չկա ապագա, առանց ձեզ և ոչ մի օր, ոչ մի ժամ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Երեխա մի լինիք. մտածեցեք:

ՀՄԱՅԱԿ. Ես այրել եմ իմ այն կամուրջը, որով անցել եմ ձեզ հասնելու համար, ինձ համար դարձ չկա: Ահա՛, տեսեք: (Հանում է մատից պսակի մատանին): Այս իմ ստրկական շղթայի վերջին օղակն է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ի՞նչ եք ուզում անել:

ՀՄԱՅԱԿ. Շպրտել դեն: (Ձգում է մատանին ձախ կողմը, հեռու): Ահա այդպես, գնաց, ընկավ ձորը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Խելագա՜ր:

ՀՄԱՅԱԿ. Ես դեն ձգեցի այն բռնակալական կապը, որ կոչվում է ամուսնություն: Բավական է, որքան կրեցի այն՝ իբրև խորին վիրավորանք անհատի ազատության: (Մոտենում է Արմենուհուն): Գնա՛նք, հեռանա՛նք, հեռանա՛նք այս միջավայրից, ուր հինը խառնվել է նորին և կազմել ստով տոգորված մի մթնոլորտ: Այնտեղ, հեռու երկրներում, ուր մեզ չեն ճանաչում, մեզ սպասում է նոր կյանք, անկախ, ազատ, հիմնված բոլորովին այլ սկզբունքների վրա: Մի մոռանաք ձեր կոչումը: Արմենուհի՛, այդ հանցանք է: Դուք գիտեք նվագել սքանչելի, դուք ստեղծված եք ազատ գեղարվեստի, ազատ սիրո համար: (Բռնում է Արմենուհու ձեռը): Լսո՞ւմ եք, ձեզ կանչում է ճշմարտության ձայնը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last