Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Next Last

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՆԱՐԿՆԵՐ

ԼՈՌՎԱ ՁՈՐԵՐՈՒՄ

1

Արևն արդեն թեքվել էր դեպի իր մուտքը, երբ մենք անցանք Գուգարաց աշխարհի արյունահեղ անցքերի վրա Դեբեդա գետը:

Օգոստոսի վերջն է, եղանակը խաղաղ, օդը զով, մաքուր: Մենք գնում ենք բարձր, անմատչելի ժայռերի միջով, որ աջ և ահյակ սեղմում են գետը, որպես երկու հսկայական պատնեշներ: Ուղին նեղ է, քարքարոտ, զառիվայր. մեր ձիաները հազիվ կարողանում են ընթանալ:

Դեպի ձախ սփռված են դարեր և տարիներ առաջ ժայռերի կրծքից պոկված ահագին բեկորներ: Մուգ կանաչագույն, թանձր մամուռը ծածկել էր նրանց մակերեսը և ծառերի տակից երևում են որպես թավշյա վերմակների տակ հանգչող վիթխարիներ:

Աջ կողմում ընթանում է պատմական գետը, որ դարերի ընթացքում զանազան անուններ է ստացել, Ստրաբոնի ասելով «Սանդոբանե», հայ մատենագիրների խոսքով Սևորդյաց գետ, Ձորոց գետ, Լոռվո գետ, Վախուշտի լեզվով Դեբեդա, իսկ ժողովրդի բարբառով Մեծ-ջուր: Մերթ նա մացառների հետևում անհետանում է մեր աչքից և մերթ երևան է գալիս իր օձապտույտ ընթացքով: Տեղ-տեղ հոսում է նա խաղաղ, անձայն, իսկ տեղ-տեղ, ուր ժայռերից պոկված քարերը խանգարում են նրա ընթացքը, հուզվում է, փրփրում է և բարձրաձայն գոռում:

Արևի վերջին ճառագայթները մեր առջև, գետի մյուս կողմում լուսավորում են մի բարձր լեռան գագաթը: Ինչպես Կովկասյան շատ լեռներ, բլուրներ, ավերակ բերդեր, ժողովրդի երևակայությունը այս լեռը ևս նվիրել է Քյոռ-Օղլուն և պատմում է նրա մասին պես-պես առասպելներ:

Ավելի մոտ` դեպի գետը, շարեշար կանգնած են ուղղահայաց ժայռեր: Եվ այս ժայռերի լերկ կրծքի վրա երևում են ինչ-որ սև կետեր:

Ի՞նչ է այդ, — հարցնում է մեզանից մեկը իր ձիապանին:

Գյուղացին, որ ոտով շտապում է իր ձիու հետևից, քրտինքը սրբում է ճակատից, նայում է, հառաչում և պատասխանում.

Այրեր:

Ահա որտեղ են հայի նախահայրերը ապաստան գտել թշնամու հալածանքից, ահա որտեղ են նրանք մոնղոլների, լեզգիների, պարսիկների անողոք սրից ազատել իրենց կանանց ու զավակներին:

Բիրտ ու կոպիտ ժայռի սիրտն ավելի կակուղ է եղել, քան թե մարդինը` մարդի համար:

Եթե վկա չլինեին մարդկային ձեռքի անջնջելի հետքերը, անհավատալի պիտի թվար նույնիսկ պատմության խոսքը, թե երբևիցե այս խորշերը և այրերը բնակատեղիներ են եղել, — այնքան նրանք բարձր են երկրից և այնքան ցած` ժայռերի գագաթից:

Բայց ահա արևը բոլորովին թաքնվեց, մութը պատեց, գետը, ծառերը, սարերը, այրերը հետզհետե անհետանում են մեր աչքից, թողնելով մեր սրտում երկյուղ և հարգանք դեպի իրենց անցյալը:

Բնությունը հանգչում է, ոչ մի ձայն չի լսվում, չի լսվում և Դեբեդայի մռնչյունը: Մենք արդեն հեռացել ենք նրանից, նա թաղվում է անդունդի մեջ: Մեղմիկ սոսափում են աջ ու ձախ մեր ուղին զարդարող ծառերի տերևները: Մենք անցնում ենք վարելահողի մի փոքրիկ տարածություն, սարերը հեռանում են մեզանից, հետո կրկին մոտենում են, և մենք մտնում ենք Խրամաձորը:

Պատմական է այս անունը, նրա հետ կապված են շատ տխուր հիշատակներ: Նա գտնվում է Հաղբատից դեպի արևելա-հյուսիս, մոտ երեք վերստաչափ հեռու այն հռչակավոր վանքից, որի տեսությանը պիտի արժանանանք մի ժամից հետո:

Նա լեցուն է բերդերի, շենքերի և գերեզմանների ավերակներով. բայց մութն է, մենք ոչինչ չենք տեսնում: Անցնում ենք վեր ու վեր, նեղ կիրճերով և փապարներով, աջ ու ձախ խիտ անտառ է:

Երկինքը պարզ է, մուգ կանաչագույն, վեցօրյա լուսին. երևում է դեպի ձախ, երեք սրագագաթ, անտառապատ սարերի գլխից: Նրա լույսը այնքան թույլ է, որ տակավին անկարող է սքողել պայծառ աստղերին. մերթ նա թաքնվում է լեռնագագաթի ծառերի հետևում, մերթ երևան է գալիս, չորս կողմից լեռներով սղմված ձորին տալով մի կախարդական տեսք. և մարդ լուռ, ակամա ենթարկվում է երևակայության:

Իսկ ուղին, քանի գնում ենք, ավելի և ավելի դժվարանում է, սղանում և ավելի քարքարոտ դառնում: Ձիով գնալ անկարելի է, մենք գնում ենք ոտով, մեծ դժվարությամբ վախելով մեր քայլերը: Արդարև, իզուր չէ ժողովուրդը այդ ձորի գագաթին «ԷԼ-ի գլուխ» անունը տվել, որ փոխաբերական մտքով նշանակում է` դժվար ելանելի:

Դա է այն ուղին, որով տասնուչորսերորդ գարու մարդկային արյան ծարավի Լենկ-Թեմուրը, Աղթալայից արշավի Լով, իր անհուն զորքով կամեցել է մի անգամ ևս ավերել Հաղբատը և ոտնատակ անել նրա դարավոր սրբությունները:

Բայց բորբոքվել է հայի հայրենասիրական զգացմունքը: Փոքրաթիվ պահակները, գրավելով ձորի նեղ կիրճերը, դեմ են տվել իրենց կուրծքը թշնամուն և, ջարդելով աշխարհավեր հաշմի զորքերը, ետ են դարձրել նրանց:

Վկա են այդ անցքին քարագլխի ավերակ դղյակի առջևի գերեզմանները: Այստեղ թաղված են պարտված Լենկ-Թեմուրի զինվորները, նույնպես այլ և այլ ժամանակ հայերի ձեռքով կոտորված անթիվ լեզգիների մարմինները: Կան և ուրիշ շատ վկա ավերակներ. դրանք բոլորր ապացացանում են, միևնույն ժամանակ, թե երբեմն Խրամաձորը ունեցել է խիտ բնակչություն, որ ոչնչացել է թշնամու ձեռքով:

Գիշերը չի թողնում մեզ տեսնել այս բոլոր ավերակները, նկատում ենք այն, ինչ որ հանդիպում ենք ճանապարհի վրա:

Վերջապես, բարձրացանք վեր, «ԷԼ-ի գլուխը»: Խրամաձորը մնաց մեր հետևում իր արյունաներկ ավերակներով, իր ողբալի անցյալի անթիվ հիշատակներով:

Անվերծանելի խավարը պատեց ահռելի անդունդը, և նա մեր աչքում ընդունեց մի սև, տափարակ տարածության ձև: Լռությունը, որ տիրել էր մեզ ձորով բարձրանալիս, ընդհատվեց: Մենք սթափվեցինք մտախոհությունից: Մեր առջև այժմ տարածված են Հաղբատի փոքրիկ դաշտավայրը, հնձած դեղնագույն արտերը և հերկած մթագույն վարելահողերը:

Մեզանից մեկի ձիու գույնը զուտ սպիտակ է և լուսնի լուսով նա փայլում է մի տարօրինակ գույնով:

Սպասիր, — լսվում է մի երիտասարդական ձայն, — կանգնիր, որ ձիուդ գույնը տեսնեմ:

Դա խաղաղ լուսնին և անդորր ջրին սիրահար մեր ընկերակից Բաշինջաղյանն է: Ամեն մի քայլում լուռ դիտում է, ուսումնասիրում է նա պաշտելի բնության երևույթները, իր ապագա ստեղծագործության համար նյութեր հավաքելով:

Արդեն մոտեցել ենք Հաղբատին: Այդ զգում են նույնիյկ ձիերը. նրանք, գլուխներր բարձր պահած, շտապում են առաջ, որ ժամ առաջ հագեցնեն իրենց քաղցը:

Լսվում է գյուղի շների հաչալու ձայնը, բայց տակավին ո՛չ գյուղն է երևում, ո՛չ վանքը: Միայն հեռվում, շատ հեռվում, խավարի մեջ նշմարվում են փոքրիկ աստղերի նման աղոտ լուսո կետեր:

Սանահինը, — լեվում է մեր առաջնորդ գյուղացու ձայնը:

Իսկ այն մյո՞ւսը:

Նա Որնակն է:

Երկու հայկական գյուղեր` դարձյալ լի պատմական հիշատակներով:

Մենք շտապում ենք անցնել առաջ և որքան գնում ենք, այնքան երկնքի հորիզոնր փոքրանում է. մեր առջև բարձրանում են երկու հսկայական ուրվականներ: Դրանք Տերունականի և սուրբ Լուսո լեռներն են:

Հանկարծ ուղիղ մեր դեմուդեմ, կարծես, գետնից բարձ բանալով, մուգ հորիզոնի վրա նկարվում է մի մռայլ, բարձր, սրածայր գմբեթ: Հետո երևում է մի այլ, ավելի բարձր գմբեթ: Այնուհետև ավելի մոտիկ երևում է ինչ-որ քառակուսի բարձրավանդակ:

Ահա Հաղբատի վանքը:

Քառակուսի բարձրավանդակի վրայից վեր են կենում մի քանի մարդիկ: Մի բարձր, խրոխտ ձայն հիշում է մի գյուղական անուն, և մեր առջև դուրս է գալիս վանքի ծառաներից մեկը:

Գիշերվա կեսին չորս անկոչ հյուրեր, հոգնած, քաղցած, առանց որևէ պաշարի կամ անկողնի` պիտի մտնեն այստեղ և հյարասիրություն պահանջեն: Ի՞նչ իրավունքով, ո՞վ է պարտավոր ընդունել մեզ:

Ծառայի առաջնորդությամբ ձիերը քշեցինք վանքի գավիթը: Առաջին անգամն էի արժանանում վանքի հյուրասիրության, ինքս ինձանից ամաչեցի: Ի՞նչ ենք տվել, որ այսպես համարձակ մտնում ենք նրա դռներից ներս:

2

Մեզ դիմավորեց մի միջահասակ, առողջ կազմվածքով, գեղեցիկ դեմքով և վառվռուն աչքերով մոտ երեսունուհինգ տարեկան մարդ հոգևորականի տարազով և գլխին ծուռ դրած մի նախաջրհեղեղյան գլխարկ: Դա Գեղամ վարդապետ Բաբաջանյանն էր, Հաղբատի ներկա վանահայրը: Հայր սուրբր «մարդանայ» մի ձեռը գոտիի մեջ խրած, մյուս ձեռը մեկնեք մեզ և, հարցնելով մեր անունները, անմիջապես ուրախությամբ հրավիրեց ներս:

Քանի մի վայրկյան անցած` վանքապատկան սենյակների նեղ պատշգամբի ծայրում, մթան մեջ գծավորվեց բարձրահասակ, երկար, ալեխառն մորուքով մի պատկառելի պատկեր: Պատկերը հանդարտ քայլերով առաջ շարժվեց, և մենք ճանաչեցինք Թիֆլիսի արժանավոր քահանաներից մեկին, հայր Գ..., որ մի ինչ-որ սխալի համար` սինոդի կարգադրությամբ` ուղարկված էր Հաղբատի վանքը` ապաշխարելու և արդեն ապաշխարել էր երկու ամիս:

Մի բարեպաշտ վանահայր, մի ապաշխարող քահանա և չորս աշխարհականներ, կարծես, հարկավոր էր մի միջնակապ օղակ, և այդ օղակը շուտով գտանք, եկավ կես-աշխարհական և կես-հոգևորական պ. Եղիշե Երզնկյանը, որ պատրաստվում է աբեղա ձեռնադրվել և յուր ծննդավայր Հաղբատի սրբազան հնությունների պահապան դառնալ:

Գեղամ վարդապետի սիրալիր ընդունելությունը, Երզնկյանի ծանր ու բարակ սրախոսությունները, վերջապես, շտապով մեջտեղ բերված հեշտաեռը, հետո առատ ընթրիքը մեզ մոռացնել տվին մեր հոգնածությունը: Վանքի սենյակներից մեկում հավաքված` մինչև ուշ գիշեր մենք խոսում էինք վանքի մասին, Գուգարքի հայ ժողովրդի բարոյական և նյութական կացության մասին և այլն:

Անձամբ ինձ ավելի հետաքրքրում էին Գեղամ վարդապետի ոգևորիչ պատմությունները Հաղբատի շրջակա գյուղերի հայ ժողովրդի քաջասիրության և անվեհերության մասին: Այս խոսակցությունը ծագեց բնականաբար, որովհետև այժմ ամբողջ Լոռուի գավառը սարսափի մեջ է մի քանի խումբ ավազակներից: Թիֆլիսից մինչև Շուլավեր և Շուլավերից մինչև Հաղբատ մեզ հանդիպող գյուղացիները և ճանապարհորդները անդադար պատմում էին ամեն օր կատարվող սպանությունների և կողոպտանքների մասին:

Ցանկալի էր իմանալ, արդյոք ավազակներից հարստահարվող հայերը գիտե՞ն պաշտպանվել, թե՞ ոչ: Միայն վարչական անձանց առջև իրանց վիզը ծռած գանգատվում են և բողոքում:

Հայր սուրբը իմ հարցը ընդհատեց մի հեգնական ժպիտով. — Չգիտեմ ո՞վ ինչպես, բայց Գուգարքի հայերը ավելի գիտեն, քան միայն պաշտպանվել: Հապա թող ձեր Քարամը յուր խմբով մի անգամ, միայն մի անգամ ոտք դնե մեր կողմերը...

Եվ վանահայրը ոգևորությամբ պատմեց մի քանի դեպքեր: — Անցյալ տարի չորս հայտնի բորչալուեցի ավազակներ, «Այնալու» հրացաններով զինվորված հարձակվում են Լուրութ անունով հայ գյուղի վրա այն ժամանակ, երբ գյուղի տղամարդկանց մեծ մասը դաշտումն է լինում: Ավազակները գյուղում գտնված անզեն տղամարդներին հավաքում են միատեղ, որ հետո գյուղը կողոպտեն: Ծերերը լռում են, երիտասարդների արյունը բորբոքվում է. մեկը հարձակվում է, ավազակների մեկից խլում է հրացանը, սպանում է տիրոջը: Մյուս ավազակները նախ պաշտպանվում են, հետո սկսում են մի հրացանի առջև երեք հրացանով փախչել: Բայց գյուղացիները հասնում են նրանց հետևից և բոլորին սպանում: Հայր սուրբը ավելի ոգևորությամբ պատմում է Դսեղ փոքրիկ գյուղի հայերի քաջության մասին: Այս գյուղիցն են Չոփուռի որդիներ անվանված հայտնի հինգ եղբայրներ, որ անցյալ տարի սարսափի մեջ էին դրել ամբողջ Գուգարքը:

Հետաքրքրական են սրանց կատարած սպանությունների շարժառիթները: Սկզբում ավազակ է լինում հինգ եղբայրներից ամենամեծը, Սողոմոնը միայն, — բայց ավազակ ոչ ստոր-մարդասպան, ոչ գող ու կողոպտիչ, այլ վրիժառու մի հերոս յուր այն թշնամիներին, որոնք երբևիցե վնասել են իրան կամ յուր եղբայրներին: Նա հանում է յուր վրեժը, մի քանի վնասներ հասցնելով յուր թշնամիներին, մատնության շնորհիվ ընկնում է վարչության ձեռքը:

Թիֆլիսի դատարանի քրեական բաժինը վճռում է Սողոմոնին յոթ տարով աքսորել Սիբիր, ենթարկելով տաժանակիր աշխատանքի: Սողոմոնը բանտից փախչում է և սկսում է դեգերել Լոռվա ձորերում, այրերում և անտառների խորշերում: Յուր գլուխը պահելու համար նա ստիպված է լինում ինքը մեն միայնակ խմբերով անցորդներին կոոոպաել, առանց մեկի արյունը թափելու: Վարչությունը ամենայն միջոցներ ձեռնարկում է փախստականին ձերբակալել: Չի հաջողվում: Օգնության է հասնում դիմակավոր բարեկամության ստոր դավաճանությունը ոմն Մամասախլիովի ձեքով. և Սողոմոնը կրկին ձերբակալվում է:

Նրան կրկին դատապարտում են աքսորանքի, և նա կրկին փախչում է, այս անգամ, կարծեմ, Սիբիրի ճանապարհից:

Եվ նրա փախուստի միակ շարժառիթն է լինում յուր ընտանիքը, մանավանդ յուր սիրեցյալ կինը: Դարձյալ սարսափը տիրում է Լոռվա գավառին: Սողոմոնը նորից սկսում է դեգերել անտառներում, բացարձակ հայտնելով, թե սպանելու է միմիայն յուր թշնամիներին:

Վարչությունը կատաղում է և չարաչար սպառնում այն մարդուն, որ կհանդգնի ուտելիք հասցնել Սողոմոնին:

Չոփուռի մյուս որդիները գաղտնի հաց են մատակարարում իրենց փախստական եղբորը:

Վարչությունը, հարկավ, իմանում է նրանց այս ապօրինի արարքը: Նա բանտարկել է տալիս Չոփուռի որդիներին: Ո՞վ է սիրում բանտը... Սողոմոնի երբայրները փախչում են և միանում իրանց փախստական եղբորը:

Այսպիսով, մի եղբոր պատճառով ակամա ավազակ են դառնում և մյուս չորս եղբայրները:

Վարչության գործը դժվարանում է` մեկն էր, այժմ հնգին պիտի որսա, նա բոլոր գյուղերը ոտքի է կանգնեցնում, ամբողջ Գուգարքը դարձնում է մի ահագին զինվորանոց... հինգ մարդու պատճառով: Հայտնի բան է, որ դարանամուտ եղած առյուծների հարաբերությունները ընդհատվում են մարդկանց հետ` իրանց կանանց, ընտանիքի, զավակների և ազգականների հետ:

Բայց լինում է մեկը, որ, չերկնչելով վարչության սպառնալիքից, հանդգնում է հալածական ավազակներին ամեն օր կերակուր տանել:

Մինչ վարչությունը այսպես ճգնում է ձերբակալել ավազակներին, սրանք չեն վհատում: Չէ՞ որ Սողոմոնը հայտնել է, թե պիտի պատժի յուր բոլոր թշնամիներին, նա սպանում է Մամասախլիովին, հետո մի այլ յուր մատնիչ թշնամուն, հետո մի երրորդին:

Այս դեպքից հետո Սողոմոնը խնդրում է յուր եղբայրներին` թողնել Ռուսաց սահմանը և անցնել Տաճկաստան կամ Պարսկաստան: Լինում են մարդիկ, որ խորհուրդ են տալիս հինգ եղբայրներին` տեղափոխվել ասիական Տաճկաստան այն նպատակով, որ այդտեղ նրանք իրանց քաջությունը գործ դնեն ավելի խորհրդավոր գործի համար: Չոփուռի որդիները հասկանում են այս մարդկանց առաջարկությունը և համակրում: Բայց չի համաձայնում միայն Ղուկասը. սա նշանած է լինում մի աղջկա հետ և վճռում է անպատճառ պսակվել օրինավոր կերպով և այնուհետև յուր երկրից հեռանալ: Եվ պատմում են, թե ամեն գիշեր նա ծպտյալ հագուստով այցելություն էր անում յուր հարսնացուին:

Այսպես` չորս կողմից պաշարված` նրանք թափառում են անտառներում, ամեն անգամ իրանց տեղը փոխելով:

Մի անգամ Չոփուռի որդիները մի ձորում հանդիպում են որոնող կազակների և գյուղացիների ահագին խմբին, իսկույն սկսվում է հրացանաձգությունը, կազակներից մեկը սպանվում է, մի քանիսը վիրավորվում են, իսկ մնացյալը փախչում են:

Վիրավորվում է և Չոփուռի մեծ որդին` Սողոմոնը:

Անցնում է մի քանի օր, վիրավորվածը չի առողջանում, թեև վերոհիշյալ մարդը ամեն օր նրա համար բերում է սպեղանիներ: Հանկարծ վարչությունը լսում է, թե ավազակները դարձյալ օգնություն են ստանում և իմանում է, թե ում ձեռքով: Նա բռնում է մեղավորին և պահանջում է` անհապաղ ցույց տալ Չոփուռի որդիների տեղը, մատնել նրանց: Գյուղացին չի խոստովանում, թե գիտե նրանց տեղը: Վարչությունը սկսում է սպառնալ, երկչոտ գյուղացին համաձայնում է մատնել և ահա ինչպես: Նա մի օր, սովորական ժամին, ուտելիք է վերցնում և գալիս է նշանակված տեղը, ավազակների մոտ: Նա հարցնում է և տեղեկանում, թե մյուս օրը նրանք ո՛ր ձորումն են պատսպարված լինելու այսինչ ժամին: Հետևյալ օրը նշանակված ժամինё գյուղացու առաջնորդությամբ` ոստիկանապետը մի քանի հարյուր կազակներ և մի քանի հարյուր սպառազինված գյուղացիներ հետը վերցրած հանկարծակի գալիս է այնտեղ, ուր պատսպարված են լինում ավազակները: Մոտ հազար մարդից բաղկացած բազմությունը շրջապատում է հինգ եղբայրներին:

Նախկին կռվում վիրավորված Սողոմոնը պառկած է լինում սաստիկ տաքության մեջ: Եղբայրներից մեկը շալակում է նրան, որ փախցնի, չնայելով, որ նա աղերսում է յուր եղբայրներին, որ ձգեն նրան կազակների ձեռքը և իրանք փախչեն:

Սկսվում է մի տարօրինակ պատերազմ, մի կողմից` հինգ եղբայրներ, մյուս կողմից... մի ահագին զորք: Միաժամանակ պարպվում են հարյուրավոր հրացաններ, գնդակի մեկը կպչում է վիրավորված Սողոմոնին և սպանում, հետո սպանվում է մյուս եղբայրը, հետո երրորդը: Բայց դեռ կենդանի են Ղուկասը և ամենակրտսեր եղբայրը: Սրանք թաքնվում են մի մեծ թփի հետևում և դեռ շարունակում են քաջությամբ հրացան արձակել. սպանում են մի կազակ, մի քանիսին էլ վիրավորում: Երբ նրանց փամփուշտները (պատրոն) վերջանում են, այն ժամանակ միայն փորձ են անում փախչելու:

Կռվին մասնակցող անձինք պատմում են, թե երբ Ղուկասը դատարկ հրացանը ձեռին հանկարծակի առյուծի պես դուրս վազեց թփի հետևից` հարյուրավոր լեզգիները և կազակները մի ակնթարթում ցիրուցան եղան:

Ղուկասին հաջողվում է փախչել, կենդանի բռնվում է միայն ամենակրտսեր եղբայրը, որ դեռ պատանի հասակումն է: Վերջինը ներկայումս բանտումն է. Թիֆլիսի քրեական դատարանը ենթարկել է նրան հավիտենական աքսորանքի: Իսկ Ղուկասը անհայտացած է: Այժմ պատմում են, որ նա կրկին երևան է եկել և մի խումբ թուրք ավազակների հետ երբեմն դեգերում է Խոժոռնիի և Ուչքիլիսի անտառներում, երբեմն անհայտանում է... Իսկ նրա կենդանի մնացած թշնամիները այժմ անասելի սարսափի մեջ են:

Ահա այսպիսի պատմություններ էր անում հայր Գեղամը, և մենք ուրախ էինք, մանավանդ ուրախ, որ ինքը ևս ոգևորվում էր...

3

Առավոտյան Գեղամ վարդապետին խնդրեցինք, որ մեզ ցույց տա Հաղբատի վանքը և նրա կից հնությունները, որոնց մասին այնքան լսել էինք և կարդացել:

Պետք է ասել, որ մեզանից ոչ մեկը հնություններ ուսումնասիրելու դիտավորությամբ չէր եկել Հաղբատ և ոչ էլ մեր փոքրիկ ճանապարհորդությունը մի որոշ նպատակ ուներ: Մենք դուրս էինք եկել մի թեթև զբոսանք կատարելու, — ուրիշ ոչինչ. ուստի ներելի է ինձ իմ տեսած հնությունների մասին խոսել որպես մի հասարակ զբոսաշրջիկ (տուրիստ), թողնելով մի կողմ այն մանրամասնությունները, որոնք մի մասնագետ հնախույզի միայն կարող են հետաքրքրել:

Իբրև հնություն` Հաղբատի վանքր ուսումնասիրել են շատերը և նրա մասին կան բավական թվով գրական աշխատություններ, որոնցից ավելի ուշադրության արժանի է Սարգիս վարդապետ Ջալալյանցի «ճանապարհորդություն ի մեծ Հայաստան» գրքի առաջին հատորը, իսկ նորագույններից` Ալ. Երիցյանի հոդվածները, վանքի գեղեցիկ լուսանկարներով և արձանագրություններով, տպված 197273 թվականին նրա խմբագրությամբ հրատարակված «Кавказская старина» հնագիտական ամսագրի 2 և 3 համարներում:

Ավելի ընդարձակ է Ռոստոմ-բեգ Երզնկյանցի «Հնախոսական տեղագրություն Հաьբատա աշխարհահռչակ Վանից սր. Նշանի» գրությունը, որ 1886 թ. լույս տեսավ գրաբար լեզվով Վաղարշապատում: Հեղինակը, ինքը հաղբատեցի լինելով, երկար ժամանակ բարեխղճությամբ ուսումնասիրել է իր հայրենիքի նվիրական հնությունները և պատմության համար լույս է ыնծայել մի գեղեցիկ նյութ:

Այս բոլոր աշխատություններից հետո ինձ մնում է հաղորդել ընթերցողներիս միայն ընդհանուր տեղեկություններ և իմ անձնական տպավորությունները:

Դրսից առաջին հայացք Հաղբատի վանքը մի առանձին տպավորություն չգործեց, գոնե ինձ վրա: Մի քանի կիսախարխուլ շինություններ` մամռապատ գմբեթներով և առանց գմբեթների, պատերը դրսից ճեղքված և քարերի միջից դուրս բուսած խոտերով ծածկված, մռայլ, ողորմելի, որպես շատերը մեր հին եկեղեցիներիցահա ընդհանուր տպավորությունը: Բայց այլ էր, երբ ավելի ուշադրությամբ սկսեցինք նայել և երբ մանավանդ մեջը մտանք և սկսեցինք զննել ներսից պատերը, սյուները, գմբեթները, խաչերը:

Ամեն անգամ նայելիս մեզ համար բացվում էին նոր և նոր գեղեցկություններ, քանդակագործության և ճարտարապետության հրաշալիքներ, և մենք հիանում էինք այն արվեստագիտությամբ, խելքով, իմաստով և, որ գլխավորն է, գեղարվեստական նուրբ ճաշակով, որոնցով օժտված են եղել մեր նախահայրերը տասնյակ դարեր մեզանից առաջ:

Առաջ մենք մտանք Ավագ ս. Նշան կաթողիկե եկեղեցին: Դա ինքն է հռչակավոր մենաստանը, որ իր հնությամբ ամենից առաջինն է համարվում բոլոր իրան կից շինություններից:

Մեր հին պատմագիրների մեջ տարաձայնություն կա այս մենաստանի շինության մասին: Ասողիկ, Վարդան Բարձրբերդցին, Մատթևոս և Մինաս Համթեցին նրա շինոլթյունը վերագրում են Աշոտ Ողորմածի ամուսին Խոսրովանուշ թագուհուն, իսկ Կիրակոս Գանձակեցին, լռելով Խոսրովանուշի մասին, վանքի շինությունը ընծայում է Աշոտի կրտսեր որգի Գուրգենին:

Նույն տարաձայնությունն երևում է և վանքի շինության վերաբերմամբ: Ոմանք ասում են, թե նա շինված է Քրիստոսի 961 թվականին, ոմանք թե` 967 թ., իսկ ոմանք` 991 թ. և այլն:

Բայց վանքի պատմությունը և նրա բոլոր արձանագրություններն ուսումնասիրած մեր ժամանակակիցներըհանձգուցյալ Սարգիս վարդ. Ջալալյանցy, Երիցյանը և Երզնկյանացըհամաձայն են, որ վանքի շինությունը սկսված է 967, թվականին, թագուհի Խոսրովանուշի ձեռքով «վասն փրկության և արևշատության որդվող իւրոց Սմբատայ և Գուրգենայ»: Իսկ ավարտվել է այդ շինությունը, Երիցյանի ենթադրությամբ, մոտ 1520 տարվա րնթացքում Աշոտ Ողորմածի որդիների` Սմբատի և Գուրգենի (Կյուրիկե) կամ Դերենիկի իշխանության ժամանակ:

Այս իսկ պատճառով վերջինների մարդաչափ արձանները փորագրված են տաճարի արևելյան որմի ճակատում դրսի կողմից: Այս երկու կանգուն արձանները իրենց ձեռքում բռնած ունեն տաճարի կաղապարը, որ նվիրում են աստուծուն: Արձանների տակ երևում է մի փորագրած ծածկագիր մակագրություն: Թեև Ս. Ջալալյանցը և Երզնկյանցը հիացած են այս արձանների գեղեցկությամբ և ոգևորված են խոսում նրանց մասին, բայց, խոստովանում եմ, իմ աչքում նրանք մի տեսակ հակասություն են ներկայացնում տաճարի ճարտարապետական գեղեցկությանը: Անձամբ ես ուրախ կլինեի, որ նրանք չլինեին տաճարի ճակատին, որովհետև չէի ցանկանա մեր թագավորազն իշխանների ոտները այնքան կարճ և գլուխներն այնքան տափակ երևակայել...

Այսպես թե այնպես, ս. Նշանի տաճարը ավելի քան ինը հարյուր տարի է, որ գոյություն ունե. — դարերի մի պատկառելի հյուսվածք, որր միայն բավական է մեր մեջ հարգանք հարուցանելու դեպի այդ շինությունը:

Տաճարի մուտքն երկու տեղիցն էմեկը հյուսիսային կողմից` կամարակապ սյունազարդ դռներմիաբանների համար, մյուսը արևմուտքից` նույնպես կամարակապ և սյունազարդ դռներժամավորների համար: Տաճարի երկայնությունը սեղանով հանդերձ ընդամենը 7 սաժեն է, նույնչափ և գուցե մի փոքր պակաս` լայնությունը, իսկ բարձրությունը 22 սաժեն: Այս բավական ընդարձակ, գրեթե քառակուսի որձատաշ քարից կառուցված, շինությունը ունի միայն չորս սյուներ, և այդ սյուները կպած են պատերին այնպես, որ առաջին հայացք աննկատելի են:

Մարդ ակամա զարմանում է, թե ինչպես այս ծանր շինությունը կարողացել է կանգուն մնալ առանց միջին սյուների, գրեթե միմիայն չորս պատերի վրա: Այնինչ` մեր այժմյան տասնյակ երկաթյա գոտիներով ամրացրած փոքրիկ եկեղեցիները մի հարյուր տարի անգամ չեն դիմանում:

Ինչո՞վ բացատրել, որ հազար տարի առաջ ճարտարապետությունն այնքան ինքնավստահ և աներկյուղ է եղել, իսկ այժմ նա այդքան երկչոտ է: Արդյոք այն ժամանակ այդ արվեստը ավելի՞ զարգացած է եղել, թե՞ մարդիկ արհամար հեչ են ժամանակի և բնության ավերմունքը և, ապավինելով լոկ իրենց բնական խելքին, կառուցել են այնպիսի շինություններ, որոնց մասին ներկա ճաբտարապետությունը մտածել անգամ չի վստահանալ: Ինչևէ, բնական խելքի՞, թե՞ ճշգրիտ գիտության արգասիք էչգիտեմ: Ս. Նշանի տաճարը նրա կառուցանող ճարտարապետի զորեղ հանճարն է վկայում: Ա. Երիցյանը, ենթադրությամբ, հիշում է այս հանճարի անունը: Նրա կարծիքով դա այն Տրդատ ճարտարապետն է, որ կառուցել է Անիի հռչակավոր մայր տաճարը:

Ս. Նշանի տաճարի միակ թերությունն է եղել լույսի պակասությունը, լուսամուտների սակավության պատճառով նորերումս ով որ է մեկը, այս թերությունը լրացնելու համար, հարավային կողմից մի մարդաչափ լուսամուտ է բաց անել տվել և այսպիսով նա, ավելացնելով տաճարի լույսը, աղավաղել է նրա գեղեցկությունը:

Տաճարն ունի մի գլխավոր սեղան և ութ փոքրիկ խորաններ պատարագի, որոնցից չորսը` գլխավոր սեղանի աջ և ձախ կողմերումն են և չորսը տաճարի դռան աջ ու ձախ կողմերում: Այս խորանները կառուցված են երկհարկանի, այսինքն` եկեղեցու ամեն անկյունում երկու-երկու խորան իրարու վրա:

Գլխավոր սեղանի հարավային կողմի խորաններից մեկում պահվում է սուրբ Նշանի մասունքը, որին շատ անգամ դիմում են գյուղացիները Գուգարքի ամեն կողմից` իրենց մարմնավոր և հոգևոր ցավերի համար օգնություն հայցելու: Իսկ այն օրը, երբ կատարվում է տաճարի տոնը, այն է ս. Խաչի տոնին` հավաքվում են բազմաթիվ գյուղացի ուխտավորներ իրենց ընտանիքներով:

Պատերի արձանագրություններից երևում է, որ այս տաճարը վերանորոգվել է երեք անգամ: Առաջին անգամ մի սաստիկ երկրաշարժից նրա կաթուղիկեն, փոքր-ինչ խախտվելով, 1016 թվականին վերանորոգվել է Մուկ իշխանաց իշխանի որդի Հոնվար իշխանի ջանքով, երկրորդ անգամ մի մասը նորոգել է` 1651 թվականին` թիֆլիսեցի Խոջա Բեհբութը, իսկ երրորդ անգամ` 1669 թվականին` դարձյալ մի նորոգություն արել է ոմն մղդսի Ազիզը:

Այս բոլոր վերանորոգությունները մի կողմից նսեմացրել են տաճարի նախկին գեղեցկությունը, մյուս կողմից մի տեսակ անդուրեկան կարկատան են գոյացրել նրա ճարտարապետական ամբողջության վրա...

4

Ավելի գեղեցիկ է մեծ տաճարի առջևի գավիթը: Դա մի բավական հոյակապ շինություն է, ուր թաղված են Աբաս և Կյուրիկե թագավորների և բազմաթիվ հայ իշխանների և նշանավոր հոգևորականների մարմիններ:

Ուշադրության արժանի է այս գավթի աղեղնաձև կամարը: Շինված է նա տեղային կարմիր և կապույտ քարերից, որոնց շղթայակապ միությունը սքանչելի հյուսվածքի տպավորություն է անում մարդու վրա:

Երկար ժամանակ մենք դիտում էինք այս կամարը, մերթ հատուկտոր հարցեր առաջարկելով վանահորը և մեր հարցերի ճիշտ պատասխանները ստանալով գյուղի քահայից, ընկճված կազմվածքով և խոնարհ դեմքով մի կարճահասակ, նիհար երիտասարդ մարդուց:

Աջ ու ձախ այս գավթից, որ միևնույն ժամանակ համարվում է և ժամատուն, գտնվում են երկու փոքրիկ եկեղեցիներ, դեպի ձախ` Լուսավորիչը, դեպի աջ` Աստվածամայրը, որ կառուցել է տվել Խաթուն անունով մի տիկին իր եղբայրների հիշատակին:

Մենք անցանք «Համազասպա գավիթը»: Այս շինության արտաքին տեսքը ներքինի հետ մի տեսակ հակապատկեր է ներկայացնում: Որքան տձև է նա դրսից, նույնքան գեղեցիկ և շքեղ է ներսից: Մի ահագին քառակուսի բլուր, կատարյալ բլուր` գագաթը, ստորոտը և կողքերը բույսերով ծածկվածահա նրա արտաքինը: Վեց հարյուր և երեսունումեկ տարի գոյություն ունեցող այս շինությունը ժամանակի ծանրությունից հաղթված` հետզհետե կիսով չափ թաղվել է գետի մեջ, և խոնավ հողը, կարծես, սպառնում է ամբողջովին կլանել նրան:

Դա դրսից:

Իսկ ներսը վնասվել է մարդկանց անհոգությունից: Կարմիր ու կապույտ քարերից շինված գեղեցիկ կամարը տեղ-տեղ խախտվել է, քարերը դուրս են ընկել և ոչ ոք չի հոգացել իր ժամանակին պաշտպանել նրան, նորոգել: Կարծես, բավական չէ, մի ձեռով շինող, մյուս ձեռով ավերող բնությունը, մարդիկ իրանք ևս քանդել են այդ շքեղ գավիթը տեղ-տեղ և ինչո՞ւ, — որ նրա քարերով նորոգեն մեծ տաճարը, Այնինչ Հաղբատի շրջակայքը լիքն է քարի հանքերով:

Այս կործանումից «Համազասպա գավթի» պատերը այժմ կիսով չափ խախտվել են, առաստաղը նույնպես, ուստի անձրևի ժամանակ ջուրը, թափանցելով ներս, լիճ է կազմում այնտեղ:

Թե իսկապես ինչ բանի է ծառայել այս գավիթը, հայտնի չէ: Ոմանք ասում են, թե նա հասարակ ժամատուն է եղել, իսկ շատերը պնդում են, թե նա եղել է մեր թագավորների և իշխանների ատյանը, խորհրդատեղին: Արդարև, չնայելով իր կրած ավերմունքներին, նա այնքան շքեղ, ընդարձակ, գեղեցիկ մի շինվածք է, որ կարող է պատիվ բերել և մեր ժամանակի որևէ փարթամ պալատին:

Մեզ վրա «Համազասպա գավիթը» Հաղբատի բոլոր հնություններից ավելի խոր տպավորություն գործեց իր ճարտարապետությամբ:

Այս հրաշալի շինությունը տեսնելուց հետո մի առանձին տպավորություն չի թողնում ո՛չ Հովհաննես արքեպիսկոպոսի շինած «Գրատունը», ո՛չ «Վարժարանը», որ այժմ կոչվում է Ձիթահանք, ո՛չ մյուս գավիթները և ո՛չ բարձր Զանգակատունը, թեև սրանցից յուրաքանչյուրը իր հնությամբ նույնքան պատկառելի է, որքան և մյուսները: Եվ ինչպե՞ս կարող է լավ տպավորություն թողնել այն անասելի կեղտոտությանը, որի մեջ պահվում են այդ պատկառելի հնությունները:

Գրատունը դարձել է մառան և նախկին ձեռագրերի փոխարեն` նա այժմ լցված է գինու կարասներով, ոչխարի մորթիներով, տավարի կաշիներով, հինգ մագաղաթների խոնավության հոտի փոխարեն` այստեղ տիրում է անախորժ գարշահոտություն: Զանգակատունը դարձել է աղավնիների բուն, որոնց աղբը դիզվել է երկու թզաչափ: Իսկ Վարժարանը այժմ ծառայում է իբր ախոռատուն և շտեմարան դարմանի, ցորենի, գարիի և այլն: Եվ դա կրթության այն տաճարն է, որ տասներորդ դարից մինչև տասնուչորսերորդ դարը ամենածաղկյալ դրության մեջ է եղել, ուր կրթվել են Գուգարքի ուսումնատենչ հայ մանուկները: Մեր մատենագրության փայլուն աստղերից մեկը, Հովհաննես վարդապետ «Սարկավագ» կոչվածը, այստեղ է մի ժամանակ շարադրել իր երկասիրությունները և այստեղ է նա հայ մանուկների սրտում զարգացրել հայրենասիրական զգացմունքները: Այդ հասարակ վարդապետը այնպիսի սեր և հարգանք է վայելել իր ժամանակակիցներից, որ թագավորները և իշխաններն անգամ մեծարել են նրան: Պատմությունն ասում է, թե վրաց Դավիթ թագավորն ամեն անգամ նրան տեսնելիս, իր արքունի թագազարդ գլուխը խոնարհեցրել է նրա առջև, օրհնություն խնդրել:

Հայր սուրբ, նայեցեք, վարժարանը ավերվել է, շուտով կավերվի և այդ սքանչելի «Համազասպա գավիթը»:

Ի՞նչ անեմ:

Մաքրել տվեք ներսն և դուրսը, քաղել տվեք պատերի մեջ բուսած խոտերը, նրանք, խոնավություն ընդունելով, քարերը իրարից բաժանում են և ավերում են:

Փող չկա, մարդ չունիմ:

Մեզ սպասավորում էին երկու առողջ գյուղացի վանքային ծառաները և մի առույգ պատանի:

Պ. Եղիշե Երզնկյանցը բացատրեց, թե վանքի ներկա վանահայրը ընդամենը մի տարի է, որ նշանակված է Հաղբատ և դեռ անծանոթ է նրա պահանջների հետ:

Նրանից առաջ, քսան տարի շարունակ վանահայրություն է արել ոմն Հովսեփ վարդապետ Խարազյանց, որ իրանից հետո Հաղբատում և Սանահնում թողել է մի տխուր հռչակ: Իր վերին աստիճանի անփութության շնորհիվ նա քայքայել է վանքի հնությունները. գյուղացիները, օգտվելով նրա թուլությունից, տարել են դարավոր շինությունների սրբատաշ քարերը և իրենց տների վրա գործ դրել: Մի քանի խրճիթների ճակատներում մենք տեսանք մինչև անգամ գեղեցիկ քանդակագործված խաչերի և զանազան պատկերների բեկորներ:

Սինոդը Հովսեփ վարդապետի այս անհոգությունը անպատիժ չի թողել. նա դատապարտել է նրան ս. Էջմիածնի անասունների պահապան դառնալու, և մինչև այժմ նա մնում է այդ պաշտոնում:

5

Սուրբ Լույս լեռան գագաթից վաղուց արդեն հեռացել էր արեգակը, երբ մենք դուրս եկանք վանքի շինությունների միջից: Մենք շտապում էինք ազատվել այն ճնշող տպավորությունից, որ գործում էին մեզ վրա աններելի անհոգության մատնված գեղեցիկ հնությունների քայքայումն և աղտոտությունը:

Մեծ տաճարի հարավային պատի ճակատին մեսրովբյան տառերով փորագրված արևային ժամացույցն արդեն կեսօրն էր ցույց տալիս: Մենք աշխատեցինք շուտով տեսնելու մնացյալ հնություններն և ուղևորվելու դեպի Սանահին: Բայց հայր Գեղամը մեզ ստիպեց մնալ ճաշի, հայտնելով, որ երեկոյան մեր բախտից վանքի կորած ոչխարները այժմ գտնվել են:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Next Last