Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Բայց նա հայ է, մի հալածված ժողովրդի զավակ, չի կարող զսպել իր սրտի վիշտը: Եվ ահա Թիֆլիսի լրագրներում երևում են նրա մի շարք թղթակցությունները, ուր նկարագրված է մայրենի ժողովրդի քաղաքական ողբալի կացությունը:

Ասացին ինձ, թե հենց այդ թղթակցություններն են գրգռել թուրքերին Հովսեփ քահանա Տեր-Մինասյանցի դեմ, բայց չասացին, ով է նրանց համար թարգմանել հանգուցյալի գրածները

Ռուս զորքերի հաղթական արշավանքի լուրը Ալաշկերտ հասնելուն պես գազանության առաջին զոհը դառնում է ապաբախտ հայրենասերը: Կարծես մի խեղճ հայ քահանա է եղել այդ արշավանքի սկզբնապատճառը: Թուրքերը բռնում են նրան, ծեծում, անարգում, տանջանքների ենթարկում: Այնուհետև կտրում են նրա գլուխը. աչքերը հանելուց հետո, տնկում են մի ցցի վրա և երեք օր, երեք գիշեր շրջեցնում Ալաշկերտի փողոցներում:

Հայերը ահաբեկվում են:

Մինչև տեր-Նիկոլի «ի վերին Երուսաղեմը» արցունքներ էր կորզում հանդիսականների աչքերից, մի մարդկային մարմին սփռվեց երեսն ի վար գերեզմանի վրա և գրկեց նրան ինչպես կենդանի տապանաքար:

Ո՞վ է այդ ողորմելին:

Սպանվածի հորեղբայրը:

Հայր չունի՞:

Ունի, Ղարսում քահանա է:

Չի՞ տեսել իր որդու դիակը:

Ոչ:

Գերեզմա՞նը:

Ոչ:

Ինչո՞ւ:

Ճանապարհի ծախք չունի գալու:

Իսկ ընտանի՞քը սպանվածի:

Չորս Փոքրիկ զավակներ է թողել, առանց որևէ ապահովության:

Ի՞նչ են անում նրանք:

Թափառում են դռնեդուռ իրենց մոր ձեռքը բռնած

XVI

Ալաշկերտից տասնուհինգ վերստ հեռու կա Խասթիր անունով մի գյուղ, բաղկացած 160 տներից, որոնց կեսը լուսավորչական է, մյուս կեսը կաթոլիկ:

Երբ մոտենում էինք այդ գյուղին, երկու վերստ մնացած ճանապարհը կորցրինք և մի քանի րոպե թափառում էինք աջ ու ձախ: Իսկապես ճանապարհներ կային մի քանիսը, բայց չգիտեինք որն ընտրել:

Դիմացի բլուրի վրա երևացին մի խումբ մարդիկ, հետո հանկարծ չքացան և ձյունի վրա մնացին ինչոր սև կետեր: Կազակ օֆիցերը ձին քշեց առաջ, ասելով.

Պետք է իմանալ ովքեր են:

Մենք հետևեցինք նրան հանգիստ: Երբ հասանք բլուրին, օֆիցերը ծիծաղում էր:

Երևակայեցեք, քիչ էր մնացել, որ այդ հիմարները մեզ վրա կրակ բացեին, — ասաց նա, ցույց տալով մի խումբ զինվորների, որ, հրացանները կրծքներին սեղմած, դուրս էին գալիս խրամատի միջից:

Ինչո՞ւ:

Կարծում էինք քուրդեր եք, — պատասխանեց պահակի գլխավորը, հրացանի ոտը ցած բերելով:

Ունեն իրավունք, — ասաց օֆիցերը, — մենք պետք է սպիտակ դրոշակ բարձրացնեինք: Զգուշացնում եմ ձեզ, Դայարին մոտենալիս մի թաշկինակ կապեցեք ձեռնափայտի ծայրին և բարձրացրեք, այլապես ձեզ չեն ճանաչիլ և

Եթե պահակը խրամատից կրակեր, անշուշտ առաջինը Հովսեփ Խունունցը պիտի գլորվեր: Նա ամենից առաջ էր գնում` խոշոր նշանն էր իր վիթխարի փափախով: Նրանից հետո, իմ հաշվով, պիտի օդը ցնդվեր Հովհաննես Թումանյանի ականջավոր մաշկյա գդակը, որ նմանվում էր թևատարած ագռավի: Կկամենայի իմանալ այն ժամանակ ի՞նչ դեր պիտի խաղար նրա սոսկալի արկղը, որ այնպես դղրդում էր նրա կողքի վրա:

Գալով ինձ, ես ապահով էի, վասնզի իմ իմաստուն երիվարը ինչպես սկզբից ևեթ վճռել էր, այնպես էլ արավմինչև վերջը մնաց ամենից ետ, չնայելով գավազանիս ու ոտքերիս կատաղի հարվածներին և թևերիս հուսահատական թափահարումին:

Ինչ վերաբերում է տեր-Նիկոլին, որ Խունունցի մրցակիցն էր, կարծում եմ, որ նա կարող էր միանգամայն հանգիստ լինել: Գոնե ինձ թվում էր, որ գնդակը նրա որ կողմին էլ դիպչեր, պիտի սահեր և ընկներ ձյունի վրա: Գնդակն ի՞նչ է ռումբի դեմ:

Մտանք Խասթիր մեր ձիերին հանգստություն ու կեր տալու և Դայարի մասին տեղեկություններ հարցնելու:

Զարմանալի բան: Ոչ ոք չգիտե, թե մի քանի քայլ հեռու ինչ է կատարվում այս երկրում: Նույնիսկ նրանք, որ պարտավոր են իմանալ:

Մի զարմանաք, — ասաց կազակ գնդապետը, — ինձ համար ձեր հաղորդածներն էլ Դայարի մասին նորություն են:

Այցելեցինք կաթոլիկ և լուսավորչական եկեղեցիները ժողովուրդ տեսնելու համար: Առաջինն այնքան ողորմելի դրության մեջ չտեսա, որքան երկրորդը:

Առհասարակ կաթոլիկ եկեղեցիների և նրանց համայնքների վիճակն այնքան թշվառ չէ այդ երկրում, որքան լուսավորչականների: Պատերազմից առաջ նրանք գտնվել են եվրոպական հյուպատոսների հովանավորության տակ: Այժմ է միայն, որ թուրքերն ու քուրդերը խտրություն չեն անում կաթոլիկի ու լուսավորչականի մեջ և երկուսին էլ հալածում են հավասար:

Ահա ինչու հալածանքները համեմատաբար քեզ սովոր կաթոլիկի համար ներկա դրությունն ավելի է զգալի, քան լուսավորչականի համար: Եվ գուցե այդ է պատճառը, որ առաջինն ավելի լալկան է, քան երկրորդը, Ղարա-Քիլիսայում մի ինչ-որ կաթոլիկ քահանա ամուր բռնել էր Խորենի փեշերը և բաց չէր թողնում: Արտասուքը աչքերին ողբում էր, որ եկեղեցուց անհետացել է մի արծաթյա սկիհ և ընկել կազակների ձեռքը: Կազակները սկիհը ծախել են ութ ռուբլով մի հայի, և այժմ հայը չի ուզում սրբազան անոթը վերադարձնել եկեղեցուն առանց իր ութ ռուբլին ստանալու: Եվ կաթոլիկ հոգևորականը եպիսկոպոսի փեշերը բաց չթողեց, մինչև որ հայը գտնվեց, սկիհը մեր դրամով գնվեց և հանձնվեց լալկանին:

Մինչև մեր ձիերը կերակրվում էին, մեզ հրավիրեցին թեյի:

Տեղացիների խուռն բազմությունը լցվեց խրճիթն այնպես, որ օդի պակասությունից և անասելի կեղտի հոտից զգացի սրտխառնոց և գլխացավ:

Մարդիկ միմյանց հրում էին, բոթում արմունկներով, հայհոյում, բարձրանում իրարու ուսերի վրա, մեզ ավելի մոտիկից տեսնելու և մեզ ավելի պարզ լսելու համար: Իսկ մեր խոսքի տերն համարում էինք իրեն, Խորեն եպիսկոպոսին: Մի արտոնություն, որը նրանից խլելու ոչ մի ցանկություն չունեինք, մանավանդ ես:

Մի շարք շտապ հարց ու պատասխանից պարզվեց, որ Խասթիրի վիճակն այնքան թշվառ չէ, որքան մյուս հայ գյուղերի: Մուստաֆա աղա անունով քուրդ աշիլեի որդի Հասան աղան իր չորս եղբայրների հետ գյուղը պաշտպանել և ազատել է կոտորածից ու կողոպուտից:

Եկավ Հասան աղան իր եղբայրների հետ: Ողորմելի արարածներկատարյալ նման այն մուրացկան եզդիներին, որ թափառում են Կովկասում: Տպավորությունն այնքան խղճուկ է, որ ես ապշում եմ, թե ինչպես 160 տնից և յուրաքանչյուր տուն 2535 հոգուց բաղկացած մի բազմություն չի ամաչել իր ճակատագիրը հանձնել այդ որդերին: Մեզ շրշապատող բազմության մեջ կային հսկաներ, որոնք իրենց հուժկու բազկով կարող էին հինգ եղբայրներին միասին խեղդել: Եվ այդ մարդիկ չէին քաշվում նույնիսկ մեր ներկայությամբ վիզները ծռած և ձեռքներր ծոցը դրած շոյել ու շողոքորթել քուրդերին:

Հասան «աղան» և իր եղբայրները չունեցան բարերարողների տարրական վեհանձնությունը և պարծեցան ո՛չ ինչպես «աղաներ»: Երբ բարերարությունը բարերարվողի երեսին է տրվում, թքիր բարերարողի երեսին: Հասանն ու իր եղբայրներն ավելի առաջ գնացին: Նրանք չթաքցրին իրենց զղջումը: Պարզվեց, որ մարդիկ ինչ ինչ ակնկալություն են ունեցել և այժմ հուսախաբված են: Զինվորական իշխանությունը հաշվի չի առնում նրանց պաշտպանությունը:

Իսկ հայերը ի՞նչ կարող էին անել, ինչո՞վ վարձատրել քուրդ «ազնվականներին»: Նյութականով միայն, հարկավ: Այն ինչ նրանք իրենց ունեցածը տալիս էին ռուս զորքերին և տալիս էին ձրի. ու դեռ կողոպտվում էին:

Երբ ձի էի նստում, մոտեցան մի երիտասարդ և մի պատանի ձիուս ասպանդակը բռնելու:

Երիտասարդը լսելի ձայնով շշնջաց իմ անունը:

Գիտեմ, — պատասխանեց պատանին:

Ի՞նչ գիտես, սիրելիս, — հարցրի ես հետաքրքրված:

Ձեր երկերը, — պատասխանեցին միասին երիտասարդն ու պատանին: — Կարդացել ենք ամենքս:

Այդ ինձ համար անսպասելի էր:

Մի՞թե դուք գրագետ եք, — հարցրի ես:

Մեր գյուղում ամենքը գրագետ են:

Ամե՞նքը:

Այո:

Կանայք նո՞ւյնպես:

Կանայք, ծերերը, մեր մեջ չկան անգրագետներ:

Ուրեմն դպրո՞ց ունիք:

Հարկավ: Այժմ փակ է պատերազմի պատճառով,բայց եղել է միշտ

Ո՞վ է պահում:

Պոլսո Միացյալ Ընկերությունը:

Երբ մեր ընկերներից չգիտեմ որին հայտնեցի այս մասին, նա ասաց.

Տեղական կոմենդանտն ինձ հավատացրեց, որ այս գյուղում գրեթե ամենքը գիտեն ֆրանսերեն

XVII

Զեթկանումն ենք:

Չեմ կարող առանց սարսուռի Հիշել այդ անունը: Այժմ նա գոյություն չունի:

Իննսուն ընտանիքներից էր բաղկացած թշվառ գյուղն ու յուրաքանչյուր ընտանիք քսանից մինչև երեսուն հոգի:

Մնում են նրա ավերակները և, ով գիտե, գուցե և՛ նրանց վրա ոռնող շները:

Եվ ե՞րբ կոտորեցին խեղճերին: Ընդամենը մի քանի օր անցած այն երջանիկ հույսերից, որ մենք ներշնչել էինք նրանց մեր ապաբախտ այցելությամբ:

Երեկոյան հինգ ժամն էր, երբ մտանք տրագիկական փոսի մեջ: Բնորոշ երևույթ: Մի ազգաբնակություն, որ շարունակ ենթարկված է նոմադների արշավանքներին, ինքն է իր ձեռքով ստեղծել հարմարությունը այդ արշավանքների համար: Չտեսա մի հայի գյուղ այդ երկրում, որ ունենար քրդական գյուղերի ընդհանուր դիրքըբարձր լեռների վրա կամ անմատչելի ժայռերի մեջ: Բոլոր հայի գյուղերը տեղավորված են կամ տափարակների վրա, կամ ձորերում: Եվ այդ կողմից Զեթկանը, բլուրներով շրջապատված, մի գեղեցիկ նշանակ էր թշնամական հարձակումների համար:

Կանգ առանք գյուղի ծայրում մի քարաշեն ամայի տան առջև: Ասացին, որ ուսումնարանի շինությունն է: Դռները խորտակված էին, լուսամուտների ապակիները քանդված:

Մի խումբ կանայք մերձակա աղբյուրից կժերով ջուր էին տանում իրենց ուսերի վրա: Խնդրեցինք նրանց կանչել գյուղական քահանային:

Մեր գյուղը քահանա չունե, — ասացին նրանք, — կուզեք, վարդապետ մը կա:

Կանչեցեք նրան:

Եկավ մի բարձրահասակ, նիհար մարդ, սև մորուքով, վաղաժամ մոխրագունված քունքերով, գիշերային խավարի պես մռայլ դեմքով:

Սեղմելով երկայն ոսկորոտ ձեռները կրծքին, նա գլուխ խոնարհեցրեց իր հոգևոր մեծավորի առջև, կանգ առավ և անիմաստ աչքերը հառեց նրա երեսին: Նրա հնամաշ ֆարաջայի տակից մեջքի լայն թիկունքները ցցվել էին ինչպես տաշեղներ:

Հայր սուրբ, ռուսահայ հյուրեր ենք, տեղ կտա՞ք մեզ գիշերելու:

Հայր սուրբն ինչ-որ մրթմրթաց քթի տակ և, երեսը դարձնելով դեպի գյուղ, քայլեց ջայլամի քայլերով: Մենք հետևեցինք նրան: Իրիկնադեմի մթության մեջ, ձյունի կաթնագույն սավանի վրա այդ մարդն իր լռությամբ թվում էր մի հսկայական սև խաչվառ, որ թափորն առաջնորդում է դեպի մեռելների օթևանը:

Նա կանգ առավ, գյուղի կենտրոնում մի օդայի առջև և նորից գլուխ խոնարհեցրեց, միշտ լուռ:

Այնտեղ խմբված էին մի քանի գյուղացիներ:

Բարի գալուստ, — դիմավորեց մեզ մի ծերունի, — շնորհ ըրեք իմ հյուրերն րլլալու: Հոգ չէ, որ ավերված եմ քրդերեն ու... հոգ չէ, Պողոս Մուրադյանին տանը ձեզի նման մեծարժեք հյուրերին համար բան չի պակսիրԳալո, տար ձիեր գոմ, լավ կերակրե...

Եվ առաջնորդեց մեզ օդայի ներսը: Անցանք մի մութ անցք, որի հատակը ծածկված էր կեղտոտ հարդով, ապա երկրորդը և մտանք ծերունու կացարանը: Մի մութ սենյակ հողյա հատակով և ծխից սևացած առաստաղով: Աջ ու ձախ գտնվող գոմերից նա բաժանված էր կավյա ցածր միջնորմներով: Խորքում օջախի մեջ մխում է չորացած աթարը, միակ վառելիքն այդ երկրում: Ձյունի փափուկ քուլաները թափվում էին ներս առաստաղի մի մեծ ծակից, որ սենյակի միակ լուսատուն էր: Մեկը վազեց, բարձրացավ կտուրը և աթարյա կափարիչը ձգեց լուսամուտի վրա: Մի ուրիշը ծուլորեն վառեց պատից քարշ արած թիթեղյա լամպարը, և սենյակը ավելի խավարեց:

Անմիջապես դռների առջև ժողովվեց գյուղացիների բազմությունը, որոնց թվում և մի երկու-երեք ծեր կանայք, բերանները ծածկած:

Սպասում էի, որ վարդապետը պատմե վերջին անցքերը: Բայց նա լուռ էր: Նստեց ծալապատիկ մի անկյունում և լռեց մինչև վերջը, անիմաստ աչքերը չհեռացնելով եպիսկոպոսի դեմքից:

Խոսում էր մեծ մասամբ Պողոս Մուրադյանը և խոսում էր ազատ, մաքուր արևմտյան գրական բարբառով: Հայտնվեց, որ այդ գյուղացին ոչ միայն գրագետ է, այլև ընթերցասեր: Ավելի քան քառասուն տարի է նա կարդում է Պոլսո լրագիրները:

Կցավիմ, որ «Բյուզանդիոն» չի գար: Փոստային հաղորդակցություն Պոլսո հետ խափանած է: Մասնավոր լուրեր ալ չունինք: Սակայն գիտեմ Վիլհելմին ըրածը: Ան եղավ հեղինակ աս սոսկալի պատերազմին: Աշխարհ հրդեհեց իր փառքին համար: Շատ պիտի զղջա: Ձեր կողմերեն եկած կամավորները կսեն Էնվեր խելքը կորսնցուց: Սուլթան ալ չկրցավ դիմադրել: Ապուշ մըն է: Համիդ դիպլոմասի գիտեր: Խորամանկ ալ էր: Իթթիհատ չկրցավ փրկել Թուրքիա: Պիտի կործանվե մեզի ըրած չարիքներուն մեղքով... ճշմարիտ կսեն:

Ապա ծերունին պատմեց վերջին անցքերը: Երրորդ ռուս-թուրքական պատերազմի աղետն էր տեսնում նա: Ներկայինն էր նա համարում ամենաաղետավորը: Առաջ էլ կողոպտում էին, կոտորում, բռնաբարում, բայց առաջվա թուրքի ախորժակը չափ ուներ և քուրդի դաժանությունը սահման: Թուրքը այլասերվել է: Նա ոչ առաջվա պես քաջ է և ոչ բարի: Իսկ քուրդը լրբացավ այն օրից, երբ Սուլթան Համիդը նրան դարձրեց քաղաքական զենք, կաշառելով ցեղապետներին: Սակայն հայը դարձյալ կկարողանար նրա հետ հաշտ ապրել, եթե չլինեին արյունռուշտ աշայիրները և մոլեռանդ շեյխերը:

Ճի՞շտ է, որ քուրդը քաջ է, — հարցրի ես ծերունու կարծիքն իմանալու համար:

Նա հեգնորեն ժպտաց:

Քա՛ջ, — գոչեց ծերունին, ընդունելով իմ առաջարկած ծխախոտը, — անոր քաջությունը անզեններուն, կանանցու ծծկեր մանուկներուն համար է: Թող ռուս տա ինձ քառասուն հրացանակիր կազակներ, քանի՛ մը օրեն ամբողջ Ալաշկերտի շրջան կմաքրեմ քրդերեն:

Ես չվիճեցի ծերունու հետ: Գուցե նրա ասածը սնոտի պարծենկոտություն չէր, գուցե նա քառասուն հրացաններով քրդերի հազարավոր խմբերը կվաներ, բայց մի բանում ես ճիշտ, խորապես համոզված էի, որ մյուս օրն ևեթ նա հրացանները կշպրտեր դեն արհամարհանքով: Որքան կարողացել եմ դիտել, հայն առհասարակ զենք չի սիրում: Նրա հոգեբանությունը հաշտվում է սրի հետ միայն բացառիկ դեպքերում, երբ հարկադրված է: Չկան այդ դեպքերը, չկա և զենք:

Ապացույց Կովկասյան հայ-թրքական ընդհարումների նախօրյակն և հաջորդ օրր

Խոսվեց Զեթկանի մասին: Հայտնվեց, որ այդ, արտաքուստ այնքան խղճուկ, գյուղն ամենահարուստն է Ալաշկերտի շրջանում: Հարուստ մանավանդ վարելահողով: Յուրաքանչյուր տուն ունի առնվազն 300 դեսյատին: Կան այնպիսի ընտանիքներ, որ ունեն 56 մինչև 78 հարյուր և ավելի: Ծեքունի Պողոսն իր հինգ որդիների հետ 1000 դեսյատին պիտանի հողի տեր է: Բացի երկրագործությունից, գյուղը պարապում է և՛ խաշնարածությամբ: Ներկայումս գյուղում ապրանք չի մնացել: Քուրդերը բոլորը քշել են լեռները. ռուսների գալուց մի քանի օր առաջ միայն Պողոս Մուրադյանից նրանք խլել են 100 գլուխ եզներ ու կովեր և 400 ոչխար:

Էհ, — ավելացրեց ծերուհին, — հոգ չէ: Թող պատերազմ դադարե, երկիր խաղաղվե, իմ զավակներ նորեն կվաստակեն: Անոնց կյանքի ապահովությունն է, որ զիս մտահոգություն կպատճաոե: Ըսեք, սրբազան, ռուս երկու անգամ մեր երկիր գրավեց ու ձգեց, գնաց. նորե՞ն պիտի ձգե...

Պատասխանն եղավ նույնը, ինչ որ ամենուրեք, անհամության հասած թութակի երգ:

Դարեր եք համբերել, համբերեցեք մի փոքր էլ ազատությունը հեռու չէ...

Ծերունու ձեռները դողացին ուրախ հուզմունքից: Նա գոչեց.

Ահ, կաղաչեմ աստծուն: Այն ատեն կմոռնանք բոլոր աղետներ...

Հարկավ, հարկավ, — ձայնակցեցին մյուս գյուղացիները ուրախությունից իրարու բոթելով:

Մի պառավ կին, որ կուչ էր եկել դռների մոտ, ծանր հառաչեց և ջլուտ ձեռքերը բարձրացրեց վեր:

Մի ութ տարեկան մանուկ, որ կպած էր նրա փեշերից, վազեց դուրս, երևի, ուրախ լուրը մյուս կանանց հայտնելու:

Նույնիսկ լուռ ու մռայլ վարդապետն իր ոսկրոտ կոկորդից արձակեց ուրախության հնչյունի պես մի բան և փոխեց իր երկայն ծնկների անշարժ դիրքը:

Մարդիկ ցրվեցին ապագա դրախտի հույսերով ներշնչված:

Իմ հուշատետրում այդ օրվա համար կարդում եմ.

«Ուշ գիշեր է: Ընկերներս քնած են: Երանի նրանց: Մի ծանր նախազգուշացում պաշարել է ինձ և քունս փախցրել: Լսվում է շների միապաղաղ ոռնոցը գիշերային լռության մեջ: Ի՞նչ են գուշակում նրանք: Զգում են ինչ-որ անբացատրելի սարսափ: Թվում է ինձ, որ մենք փակված ենք գերեզմանատան մեջ: Այդ թշվառները, որ ցրվեցին, թողին իբենց հետևում դիակների հոտ»…

XVIII

Առավոտյան տեղական կոմենդանտը մեզ հայտնեց, որ գեներալ Ա. — վից երկու նամակ է ստացել մեր վերաբերմամբ: Մեկով գեներալը խորհուրդ է տալիս մեզ գնալ Դայար կազակների հետ, մյուսով, հաղորդելով, որ Դայարն ընկել է քուրդերի ձեռքը, զգուշացնում է մեզ և առաջարկում սպասել տրանսպորտին կամ վերադառնալ Ղարա-Քիլիսա:

Եպիսկոպոսն ազդարարեց, թե նա չի կարող սպասել տրանսպորտին և իսկույն ևեթ պիտի արշավե «այդ Դայար կոչված անիծյալ վայրը, թեկուզ ամբողջ Քուրդստանը նրա դեմ դուրս գա»:

Խունունցը, որ ինքնագլուխ իրան շտաբի գլխավոր էր հռչակել, բաց արավ քարտեզը, մատը դրեց նրա վրա, փափախը սեղմեց գլխին և հանդիսավոր արտասանեց.

Պետք է գնալ:

Ես ասացի.

Ոչ, չպետք է գնալ:

Սմբատ Խաչատրյանցը, որ զբաղված էր իր ցուրտը տարած ոտին տաք մոխիր փաթաթելով, ասաց.

Իհարկե, չպիտի գնալ:

Հովհաննես Թումանյանը գերադասեց բազմախորհուրդ լռությունը (միակ ձեռնտվությունը այդպիսի վեճերում), բայց և այնպես սոսկալի արկղը նորից քարշ արավ կողին:

Տեր-Նիկոլը բացակա էր: Վարդապետը նրան տարել էր չգիտեմ ուր` գաթա ուտելու:

Եվ այսպես, ոչ մի կողմը ձայների մեծամասնություն չստացավ:

Այն ժամանակ Հովհաննես Թումանյանը, ըստ սովորության, քորեց իր երկայն վիզը և այնտեղից դուրս բերեց մի շատ սրամիտ անեկդոտ, որ դժբախտաբար, մոռացել եմ:

Կազակները գնացին Դայար առանց մեզ:

Պարոններ, — ասացի ես, — ես գուշակում եմ, որ նրրանք Դայարում կենթարկվեն քուրդերի հարձակմանը:

Տեսնե՛նք:

Օրն անցկացրինք ձանձրալի, տխուր, ետ ու առաջ պտտվելով աղբով ու շներով լի Զեթկանում և լսելով գյուղացիների գանգատները:

Եկավ մի աղքատ կին և պատմեց, որ դրացին իրեն խաբել է: Կամավորներից մեկը, գյուղով անցնելիս, նրան նվիրել էր մի ձի: Կինը ամեն օր ջրաղաց ցորեն էր տանում այդ ձիով և վաստակում իր յոթ զավակների պարենը: Դրացին առաջարկում է նրան ձին ծախել իրեն: Կինը համաձայնվում է և փոխարենը ստանում երեք ռուբլի, չհասկանալով ռուսական դրամի արժեքը:

Հիմա կսեն, որ երեք ռուբլին քառասուն ղռուշ ալ չըներ:

Գյուղացին գտնվեց, բայց չկամեցավ ձին վերադարձնել: Եպիսկոպոսը մեր դեմ պատրաստած թույնը թափեց նրա գլխին, գոռաց և, երեք ռուբլի շպրտելով, հրամայեց իսկույն ևեթ ձին վերադարձնել: Մեզ ուղեկցող կամավորներից մեկը բռնեց գյուղացու օձիքից, քաշեց դուրս եպիսկոպոսի հրամանը կատարելու:

Ճաշից հետո Հովհաննես Թումանյանն իր համար զբաղմունք գտավ: Կանչել տվեց երկու հեքիաթախոս գյուղացիների և պատվիրեց, որ պատմեն «Հազարան Բյուլբյուլը»:

Հիշեցի մանկությունս, պառավ տատիս և նիրհս եկավ:

Երկար, երկար ժամանակ կիսաքուն և կիսարթուն լսում էի:

«Անկե ետո, էֆենդիմ, ելավ, գացավ» և այլն...

Հետևյալ առավոտ հայտնվեց, որ երեկ կազակների րազիեզդը Դայար չի կարողացել մտնել: Հանդիպել է քուրդերի ահագին բազմության և կրակի ենթարկվելովնահանջել է:

Տեսա՞ք, պարոններ, — ասացի ես ոչ առանց չարախնդության, եթե գնացած լինեինք, մեր ձիերը մեզ չէին փրկիլ: Կամ պիտի ընկնեինք քուրդերի ձեռքը, կամ գիշերեինք բաց երկնքի տակ որևէ կիրճում, սառնամանիքի մեջ:

Դաա՛, — արտասանեց եպիսկոպոսը:

Դաա՛, — ավելի երկարացրեց Խունունցը և քարտեզը բաց արավ և խորասուզվեց նրա մեջ:

Քիչ անցած նա ասաց.

Պարոններ, այժմ միայն մի ճանապարհ է մնում` Դելի-Քեոյ:

Գնում ենք, — գոչեց քաջարի հոգևորականը:

Եթե միայն ճանապարհը բաց է, — ասացի ես, որ արդեն մտել էի հաղթողի դերի մեջ:

Էէէ՛, էլի սկսեց, — տրտնջաց Խունունցը: — Ես այս րոպեիս կգնամ կոմենդանտի մոտ և կխնդրեմ, որ մեզ կազակներ տա:

Անպատճառ, — պնդեց եպիսկոպոսը: Խունունցը գնաց: Շատ չանցած ետ եկավ քիթը քաշ: Դելի-Քեոյն էլ պաշարված էր քուրդերով:

Մնացինք փոսի մեջ, — ասաց եպիսկոպոսը, ընկղմվելով փափուկ բարձերի մեջ:

Մնացինք փոսի մեջ, — կրկնեց Խունունցը և քարտեզը ծալեց, դրեց ճամփարկղի մեջ և այդ օրից այլևս դուրս չբերեց այնտեղից:

Միակ ելքը վերադարձն էր: Այն, ինչ որ պետք է անեինք և կանեինք հինգ օր առաջ, եթե չլինեին Խունունցի քարտեզը և եպիսկոպոսի «գնում եմ»-ը:

Որոշվեց Մոսունի բարձունքներով վերադառնալ սահմանագլուխ և Սարիղամիշի վրայով գնալ աջ ֆրոնտը:

Երբ մենք դուրս էինք գալիս Զեթկանից, գյուղի ծայրում հանդիպեցինք մի խումբ անզեն քուրդերի: Եկել էին մեզ խնդրելու, որ թույլ տանք իրենց մեզ հետ մինչև Չիլկան գնալու: Նրանք ճանապարհին վախենում էին հայերից ու կազակներից:

Տեսնո՞ւմ եք այն կարմիր բաճկոնավորին, որ ահեն ու ցրտեն կդողա, — ասաց Պողոս Մուրադյանի որդիներից մեկը: — Պատերազմեն քանի մը օր առաջ եկավ իր զինված խմբին հետ և մեզ հրամայեց ոչխար մորթել ու փլավ պատրաստել: Ես էի, որ ծառայում էի անոր` ձեռներս կրծքիս դրած որպես ռայա:

Այժմ հերթը ձերն է, ասաց մեզնից մեկը, չեմ հիշում ով:

Ավա՛ղ, այդպես չեղավ: Քուրդը դեռ չէր վերջացրել իր դերը: Ճակատագիրը Զեթկանի և նրա հարևան Մոլլա-Սուլեյման նույնպես հայաբնակ գյուղի համար պատրաստել էր հարվածներից ամենասոսկալին:

Հազիվ մեր այցելությունից մի շաբաթ անցած էր, երբ ռուս զորքը հրաման ստացավ ձգել Ալաշկերտի հովիտը և նահանջել դեպի սահմանագլուխ:

Ահաբեկված հայ ազգաբնակությունը թողեց ամեն ինչ և շտապեց իր կյանքը միայն ազատելու, հետևելով ռուս զորքին: Սկսվեց մի գաղթականություն, որի նմանը Շահ-Աբասի օրերն էին միայն տեսել:

Զեթկանն ու Մոլլա-Սուլեյմանը, ընկած լինելով Ալաշկերտի խորքում, չկարողացան միանալ գաղթականների հոսանքին և կործանվեցին:

Ահա ինչպես է նկարագրում մի ականատես միայն Մոլլա-Սուլեյմանի պատկերը, երբ ռուս զորքերը նորից գրավում են հովիտը:

«Առաջին օրը մեր կազակները արյունաշաղախ փողոցներում ժողովեցին տասն և յոթ ծերերի, տասնուինը կանանց և քսանուհինգ երեխաների դիակներ: Եվ ի՛նչ դրության մեջ, աստված իմ: Անարգված, հոշոտված, պղծված: Այստեղ գլուխներ, այնտեղ ոտքեր ու ձեռներ: Այստեղ կանանց ծծեր, այնտեղ նրանց մարմինները: Ծերերի աչքերը դուրս բերված: Մանուկների բազուկները կտրտած, երևի, մայրերի փեշերից պոկելու համար:

Եվ պետք է տեսնենք, ինչպես էին լալիս մեր կազակները, արցունքները սրբելով իրենց թևերով: Մարդիկ, որոնց զգացումները բովվել էին արյան և կրակի մեջ, փափկել էին ինչպես երեխաներ:

Ինչ վերաբերում է ինձ, չկարողացա կրել տեսարանի կսկիծը և հեռացա:

Զեթկան չկարողացա մտնել: Արդեն տեսածս բավական էր, որպեսզի հավիտյան չմոռանամ: Բայց ընկերս պատմեց, որ նույնն է եղել և այնտեղ»...

Այժմ ես զգում եմ խղճի սուր խայթոց, երբ մտաբերում եմ այն սնոտի հույսերը, որ մենք ներշնչեցինք այդ թշվառներին մեր այցելությամբ և մեր քիչ մտածված խոսքերով.

«Դարեր եք համբերել, համբերեք մի փոքր էլ, ազատությունը հեռու չէ»...

Այո, նա հեռու չէ, — ազատությունը կյանքի անիրավություններից

XIX

Հազիվ Զեթկտնից մի քանի վերստ հեռացել էինք, երբ հանդիպեցինք մի խումբ ձիավորների:

Արմեն Գարոն էր, մեր կամավորների երկրորդ խմբի պետը իր մի քանի ընկերների հետ, որոնցից մեկը քահանա էր:

Թուրքահայ հեղափոխականների մեջ Արմեն Գարոն է, որ ինձ վրա թողել է լավագույն տպավորությունը և ինձ համար հաճելի էր այդ ամայի անապատում հանդիպել մի քաղաքակիրթ եվրոպացու ու մի-երկու ժամ վայելել նրա ընկերությունը:

Ի՞նչպես են տղերքը:

Շատ լավ, — պատասխանեց Գարոն ուրախ-զվարթ:

Կնշանակե գործերն հաջող են ընթանում:

Անպայման: Մի քանի օր առաջ ունեցանք մի նոր ընդհարում քուրդերի հետ: Մաքուր գործ էր: Ցավում եմ, որ չեկաք տեսնելու:

Ես նկատեցի, որ անսովոր պատերազմական կյանքը բավական քայքայել է մարդու երկաթյա կազմվածքը:

Չե՞ք հոգնել, Գարո, — հարցրի ես, նայելով նրա նիհարած և խորշերով ծածկված երեսին և արդեն մոխրագունած մազերին:

Պիտի գամ Թիֆէիս մի քանի օր հանգստանալու:

Հետո՞:

Հետո, իհարկե, դարձյալ դեպի գործ:

Լա՞վ են կռվում տղերքը:

Ոմանք լավ, ոմանք անփորձ, ընդհանրապես անձնվեր, — պատասխանեց Գարոն, ըստ սովորության, խույս տալով չափազանցություններից:

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, շոյեց իր նժույգի բաշն ու ավելացրեց.

Պայմանները շատ դաժան են:

Բայց կարողանո՞ւմ են ընտելանալ:

Ինչո՞ւ չէ, միայն ռուսահայերն ավելի դժվարությամբ, քան թուրքահայերը:

Ինչի՞ն եք վերադրում այդ:

Կենցաղների տարբերությանը: Թուրքահայի կյանքն ավելի դաժան է եղել, քան ռուսահայինը: Բացի դրանից, նա ավելի է ծանոթ երկրի պայմաններին:

Հա՞շտ են վարվում իրարու հետ:

Այո, թեև երբեմն իրարու խայթում են: Բայց դիսցիպլինա ճանաչում են և ենթարկվում:

Ի՞նչ կասեք քրդերի մասին:

Դաժան են, բայց ոչ քաջ:

Եվ դիմացկուն, — ավելացրի ես և ցույց տալով այն մի խումբ քրդերին, որ գնում էին մեր առջև և մեր հովանավորության տակ, շարունակեցի. — տեսնում եք ինչպես են քայլում այդ նոմադները: Մի արշին ձյուն, իսկ իրենք կիսամերկ, կիսաբոբիկ: Ահա դրա մեջ է քուրդի առավելությունը:

Այդ ճիշտ է, — պատասխանեց Գարոն: Արդարև, մի առավելություն, որ ռուս զորավարները չէին նախատեսել իրենց ասելով: Ասիական Թուրքիայում պատերազմի կեսը բնության դեմ է: Եվ ոչ ոք չի կարող նրա արհավիրքներին դիմանալ այնպես, որպես քուրդը: Դաշտերի ձյունը, լեռների բուգն ու բորանը, ժայռերի սուր բարձունքները, կիրճերի խորդուբորդերը, սրանք են քուրդի մայրենի տարերքը: Նրա համար ոչինչ է և՛ քաղցը, և՛ մերկությունը, և՛ խոնջությունը, երբ հարկավոր է կռվել բնության դեմ:

Իսկ ի՞նչ կասեք թուրք զինվորի մասին, — հարցրի ես:

Թուրքը, — պատասխանեց Գարոն, ըստ սովորության կանխապես խորհելով, — նա այլ բան է: Թուրքը զինվոր է և գիտե կվռել: Հրացանաձգության մեջ կան վիրտուոզներ, որոնք կարող են մարդու ականջը թռցնել առանց գլխին վնասելու: Մի բանից է թուրքը վախենումսրամարտից: Այստեղ արդեն առաջնության դափնին ռուս կազակին է պատկանում, ինչպես և սուսերամարտերի մեջ ռուս հետևակ զինվորին:

Ինչպես տեսնում եք, հայ խմբագետի կարծիքը թուրքերի և քուրդի մասին գրեթե ոչնչով չի տարբերվում ռուս զինվորականների կարծիքից:

Մի ժամ հանգստանալով Խասկեր և Չիլկան գյուղերում, անցանք Ղարա-Քիլիսա, ամբողջ հինգ օր զուր կորցնելուց հետո:

Այնտեղ հանդիպեցինք մի խումբ հայ ուսանողների, որ եկել էին կամավորների երկրորդ խմբին միանալու:

Փորձեցինք համոզել նրանց, որ կռվի դաշտը գնալու փոխարեն մի-մի հոգի մնան հայ գյուղերում և վարեն թարգմանի ու քաղաքացիական միջնորդի պաշտոն ռուս զորաբանակի և տեղական հայ ազգաբնակության հարաբերությունների մեջ:

Նրանք դրականապես մերժեցին:

Գիշերեցինք Ղարա-Քիլիսայում :

Առավոտյան, երբ պատրաստվում էինք ճանապարհ ընկնելու, Հովհաննես Թումանյանը վերջին անգամ ասպարեզ հանեց իր սոսկալի զենքը:

Օհո՛, — գոչեց Գարոն, ապշելով բանաստեղծի ռազմական կերպարանքից, — այդ ի՞նչ թաբաղա է:

Հովհաննես Թումանյանը ձեռը զարկեց թաբաղին և ասաց.

Եթե իմանայիր ինչ կա սրա մեջ, կճանաչեիր ով եմ ես:

Գիտեմ, — ժպտաց Գարոն մեղմիկ, — մաուզեր է: Տուր ինձ, նա քեզ համար ավելորդ բեռ է:

Խլիր ձեռքից, ի սեր աստծո, — ասացի ես, — հոգիներս հանեց ամբողջ ճանապարհը իր թախկաթխկով:

Բայց... — փորձեց պաշտպանվել բանաստեղծը:

Բայց-մայց չկա, բաց արա գոտիդ:

Թումանյանը դես նայեց, օգնություն չգտավ, դեն նայեցնույնպես թևերը թափահարեց օդի մեջ, մի անգամ էլ փորձեց մեզ խաբել Լոռվա անեկդոտներովչեղավ: Գարոն նրան փառավորապես զինաթափ արավ:

Վերջապես, — արտասանեց Սմբատ Խաչատրյանցը, ցուրտը տարած ոտին փաթաթելով թվով տասնմեկերորդ դեղը (կարծեմ այս անգամ սագի ճարպ):

Թաշլի Չայում նորից տեսանք փոքրահասակ Բադոյի Հուդա ուրբաթ կերպարանքը և գիշերեցինք մորթած և փետրած հավ բերող օֆիցերի սենյակում:

Այս անգամ Բադոն մեզ հայտնեց, որ քուրդերն իրեն պարտական են40000 ռուբլի և հարցրեց, արդյոք Ռուսիան, երկիրը տիրելուց հետո, հանձն կառնե՞ երաշխավորել նրա ստանալիքը: Խաչատրյանց և Խունունց իրավաբանները միջազգային օրենսդրության կողմից հանդիսավոր ապահովեցին Բադոյի ստանալիքը:

Տեսնո՞ւմ եք էդ լածիրակին, — գոչեց տեր-Նիկոլը, ձեռը ձեռին զարկելով, — հազարներ է ունեցել, ու ես չեմ իմացի...

Մյուս օրը նորից անցանք Դիադին և նորից հանդիպեցինք մեդալակիր ստարշինային, նախկին Մելքոն էֆենդուն: Մարդը եկավ իբր թե մեզ օգնելու, խանգարեց: Տեր-Նիկոլը մի ռուբլի տվեց նրան, որ հաց ու պանիր գնե մեզ համար, գնաց կորավ...

Մեր ձիերը հոգնել էին, իսկ իմ յաբուն միանգամայն ուժասպառ էր եղել և, կազակների ասելով, մոտ էր վերջին շունչը փչելուն: Միևնույն ժամանակ սաստիկ ցավ էի զգում ոտիս մեջ: Առաջարկեցի Խորեն եպիսկոպոսին գիշերել Դիադինում, որպեսզի հանգստանանք և ստիպված չլինենք գիշերով ճամփորդել:

Չեմ ուզում, — ասաց քրիստոսի խոնարհ պաշտոնյան, նայելով հեռավոր հորիզոնին, որ չգիտեմ ինչեր էր տեսնում նա...

Եվ անմիջապես նստեց իր առողջ, ամուր երիվարի վրա, որ կարծեմ թվով երրորդն էր, որ գնվել էր նորին սրբազանության համար:

Ես լռեցի և, սոսկալի ցավից ատամներս կրճտելով, նստեցի բեռնակիր ձիերից մեկը, իմ ձին տալով կամավորներից մեկին:

Ոչ մի բանում մարդկանց բնույթն այնպես շուտ և այնպես ճիշտ չի որոշվում, որպես թղթախաղի և ճամփորդության մեջ: Թե՛ այնտեղ և թե՛ այստեղ պահանջվում է փոխադարձ զիջողություն: Նա, որ թղթախաղի մեջ ռեմիզ չի դնում, կարող է, իհարկե, մի անգամ տանել, բայց երկրորդ անգամ նրա հետ չեն խաղում, իրենց բարեկամներին էլ զգուշացնում են չխաղալու...

XX

Ա. — րս գյուղում, որի բնակիչները Թուրքիայի հպատակություն ընդունած կովկասյան թուրք գաղթականներն էին, պատահեց մի անախորժ դեպք, որ մեզ վրա թողեց շատ ծանր տպավորություն: Մեզ ուղեկցող կամավորներից մեկը, այն ժամանակ, երբ մենք գյուղից անցել էինք, այնտեղ վեճի է բռնվում մի խումբ թուրքերի հետ և նրանցից երկուսին սպանում է ու մեկին ծանր վիրավորում:

Երկար ժամանակ մարդասպանը չէր համարձակվում երևալ մեզ: Երբ, վերջապես, մոտեցավ, նրա փոքրիկ խոր ընկած աչքերը տակավին լի էին արյունով և հաստ բեղերի տակ կապտած շրթունքները դողում էին:

Ի՞նչպես հանդգնեցիր այդ անել, — գոչեցի ես մինչև հոգուս խորքը վրդովված:

Եթե չանեի, իրենք պիտի սպանեին ինձ:

Դիադինի վերելքը բարձրանալով, իջանք մի ձոր, ուր մեզ առաջնորդող դազորը այլևս չերևաց: Մենք կորցրեցինք նրանց ձիերի հետքը ձյուների մեջ, որոնց բարձրությունը հասնում էր մինչև ասպանդակները մեր ձիերի:

Երկար ժամանակ գնում էինք մոլորության մեջ: Ձյունի միապաղաղ ճերմակությունը թաքցրել էր երկրի խորշերը: Թվում էր, որ մեր առջև տարածված է հարթ-հավասար մի անապատ, անվերջ, անեզր. որպես օվկիանոս: Այն ինչ` շարունակ իջնում ենք փոսերի մեջ և բարձրանում բլուրների վրա, որպես ալիքների հաճույքին ձգված նավակների քարավան:

Մեր խումբն այս անգամ բաղկացած էր ավելի քան հիսուն ձիավորներից: Երկու երրորդականը կազակներ էին: Գնում էինք իրարու հետևից, ինչպես կռունկների երամ, քայլ առ քայլ, աշխատելով չխոտորվել ձիերի ոտքերի հետքից, որ ամեն վայրկյան ծածկվում էր բուքից հալածվող ձյունի փոշիով: Թվում էր, որ ճերմակ տարածության վրա գալարվում է մի վիթխարի սև վիշապ, գլուխը ծռելով մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ և պոչը շարժելով բլուրների վրա:

Next page